Александр Ширванзаде
Արսեն Դիմաքսյան
Երրորդ մաս, XVI - XVII
XVI
Նրանք նստած էին Մարգար աղայի սենյակում առանձին։ Դիմաքսյանը փափագում էր ուսումնասիրել յուր ընկերոջ ներքին աշխարհը, թափանցել նրա սիրտը և տեսնել կա՞ արդյոք այնտեղ մի բարձր գաղափար։ Ահա ինչու նա խորին հետաքրքրությամբ, աչքերը Հաբիգյանի երեսին, սպասում էր նրա բացատրությանը։
Գիտե՛ս ինչ, սկսեց Հաբիգյանը հանդարտ ձայնով, ես առհասարակ այն մտքի դեմ եմ, թե իբր հասարակական գործիչը պետք է լինի անսահման անձնվեր, անշահասեր։ Լավ է, որ այդպես լինի, բայց դա մի գեղեցիկ և անիրագործելի երազ է։ Աշխարհիս երեսին, իմ կարծիքով, չկա ոչ անպայման անձնվիրություն, ոչ առասպելական անշահասիրություն։ Եվ եթե կա, դա միայն հազվագյուտ ընտրյալների հատկություններն են, ընտրյալներ, որոնք երկար դարերի ծնունդ են։ Մարդիկ սովորաբար ուրիշների օգտի համար գործում են երկու շարժառիթներից դրդված բարոյական և նյութական։ Բարոյականը փառասիրությունն է, եթե չասենք փառամոլությունը, նյութականը շահասիրությունն է, եթե չասենք շահամոլությունը։ Երկու դեպքում էլ չկա և չի կարող լինել անպայման ինքնամոռացություն։
Փառասիրությունից դրդված ուրիշների համար գործելը, նկատեց Դիմաքսյանը, ինձ համար դեռ հասկանալի է, բայց ի՛նչ ասել է շահասիրությունից գործել, այդ ինձ համար անհասկանալի է։ Կպարզեմ որքան կարող եմ։ Ես աշխատում եմ քեզ հարստացնել, որովհետև ինքս էլ օգուտ ունիմ քո հարստանալուց։ Գուցե, եթե դու ինձ մի հայտնի տոկոս չտայիր քո եկամուտներից, եթե ծառայեի մի որոշ ռոճիկով ավելի պակաս եռանդով վերաբերվեի քո գործերին կամ ուղղակի անտարբեր լինեի։ Բայց այժմ ես քո գործը իմն եմ համարում։ Ահա այստեղ իմ նյութական շահը իմ եռանդի առաջին ստիմուլն է։
Ընդունենք, որ այդպես է. օրինակը պարզ է, բայց ոչ այնքան հաջող։ Դու կապեցիր միմյանց հետ քո և իմ շահերը, բայց մենք երկու անհատներ ենք, և դու ծառայելով իմ գործերին, չես կարող ասել, թե ծառայում ես հասարակությանը։
Թող աստված հեռու պահի ինձ այն մտքից, որ երբևիցե ինձ հասարակական գործիչ համարեմ։ Ոչ, ես այդ չէի ուզում ասել։ Բայց կարծում եմ, որ աշխատելով խելացի կերպով շահագործել քո կալվածները, դրանով այսպես թե այնպես հարստացնում եմ երկրի ընդհանուր արդյունաբերությունը։
Օրինա՞կ։
Օրինակ, իմ և քո շահերը պահանջում են մի գյուղից մյուս գյուղ ճանապարհ շինել, մենք շինել ենք տալիս, և նրանով հեշտացնում ենք բոլոր գյուղացիների համար հաղորդակցության միջոցները։ Մեր անձնական շահերը պահանջում են մի շոգեշարժ աղորիք ունենալ մենք շինում ենք, և դրանով միջոց ենք տալիս գյուղացիներին կարճ ժամանակում և էժան գնով իրանց ցորենը աղալ։ Մենք ժամանակակից եղանակով մշակում ենք մեր հողերը, մեզանից օրինակ են առնում մեր դրացիները։ Այս դեպքում մենք դառնում ենք մի տեսակ ուսուցիչ, քաղաքակրթություն տարածող գործոններ։
Մի վայրկյան նա լռեց, մի ծխախոտ վառեց և ապա շարունակեց նույն սառնասրտությամբ և դրական ոճով։
Ես քեզ ցույց տվեցի հողեր, որոնք ջրի պակասությունից չեն մշակվում կամ մշակվում են շատ անհաջող։ Եթե մեր ծախսով այդ հողերով մի առու անցկացնենք, նախ, մենք ինքներս կունենանք մեծ շահ, երկրորդ, գյուղացիները մեզ կհամարեն հազվագյուտ բարերարներ, մեզ երկրպագություն կտան, կպաշտեն։ Ես կարող եմ հարյուրավոր օրինակներ առաջ բերել, բայց կարծեմ այսքանն էլ բավական է։ Այս է գործնական մարդու բերած օգուտը, այսինքն ինձ նման մի մարդու, որ, եթե ուզում ես, միայն իմ անձնական շահերը ունիմ աչքի առջև։ Բայց ինչե՜ր կարող է անել մի ուրիշը, դիցուք հենց քեզ նման մի գաղափարական մարդ։ Դու ունիս բավական մեծ հարստություն, և նա օրեցօր պետք է ավելանա։ Եթե չես ուզում խոշոր դրամատեր կամ, ինչպես ասում ես, մեծ կալվածատեր լինել, շատ գեղեցիկ, մի՛ լինիլ: Բայց մի՛ թողնիր, որ քո հարստությունը իզուր տեղը անօգուտ մնա։ Ե՛կ այստեղ, բաց արա քո հաշվով ուսումնարաններ, աղքատ գյուղերում, թո՛ղ հարյուրավոր գյուղական խեղճ մանուկներ ձրի կրթություն ստանան։ Հիմնի՛ր մի գյուղատնտեսական դպրոց կամ մի օրինակելի ագարակ և թող այնտեղ գյուղացիները դասեր առնեն գյուղատնտեսության զանազան ճյուղերի վերաբերմամբ։ Եվ միթե ա՞յս միայն կարող ես անել դու։ Քո առջև գործելու մի այնպիսի ասպարեզ կա, որ, ճշմարիտ, զարմանում եմ ինչո՞ւ դու արհամարհում ես այդ ասպարեզը և հուսահատ կռիվ մղում մի ամբողջ հասարակության դեմ։
Նա ոտքի կանգնեց, մի անգամ անցավ սենյակի մյուս ծայրը, հետ դարձավ, նորից նստեց և շարունակեց։
Ես ինքս մեծ հետաքրքրությամբ հետևում եմ քո գործունեությանը և, անկեղծ եմ ասում, զարմանում եմ քո եռանդի, հոգեկան ուժի և մտավոր կարողության վրա։ Տեսնում եմ, որ դու մեր թմրած հասարակության մեջ մտցրել ես նոր մտքերի մի թարմ հոսանք։ Այո՛, այդ ամենը հարկավոր է, հիանալի է և ծափահարության արժանի, բայց ասա խնդրեմ, ի՞նչ վերջ պետք է ունենա քո կռիվը։ Չեմ ասում քեզ համար, քեզ այնքան պետք է հալածեն, որ վերջը ոչնչացնեն ինչպես մի մարդու, որ աշխատում է քանդել խավար ամբոխի համար սրբություն համարված վնասակար նախապաշարմունքները։ Այո՛, ի՞նչ օգուտ, անմիջական օգուտ, պետք է ունենա քո գործունեությունը այն թշվառ ժողովրդի համար, որին քո աչքով տեսար։ Մինչդեռ հենց այդ ժողովուրդն է կարոտ վերակենդանության և հենց նրա անմիջական շահերի համար և նույնիսկ նրա շրջանում պետք է գործել:
Վերջին խոսքերը արտասանելիս, Հաբիգյանի կոշտ ձայնի մեջ զգացվեց բավական մեղմ հնչյուն։ Կարծես, նա փոքր-ինչ զգացվել էր, երկար տարիներից հետո առաջին անգամ այդպես մտերմաբար խոսելով յուր նախկին ընկերոջ հետ։ Դիմաքսյանը լուռ լսում էր, առանց հերքելու նրա ասածները կամ համաձայնության որևէ նշան ցույց տալու։ Նա, կարծես, մտքում կշռում էր Հաբիգյանի յուրաքանչյուր խոսքը։
Կարելի է ես սխալվում եմ, շարունակեց Հաբիգյանը, բայց խորին համոզմունքը այս է. դու այստեղ, քո ծննդավայր հողի վրա, կարող ես ավելի օգտակար լինել, քան թե այնտեղ, ուր այժմ գործում ես։ Այս պատճառով ես շատ ուրախ կլինեի, որ դու թողնեիր ամեն ինչ և գայիր այստեղ գործելու։ Այն ժամանակ քեզ հետ կարելի է ես էլ մի քիչ գաղափարական մարդ դառնայի և միայն իմ անձնական շահերից դրդված չաշխատեի։ Դու կտայիր ինձ ծրագիր ես կկատարեի, դու կլինեիր կարգագրող հրամանակատար, այդ ինձ համար թե՛ հաճելի կլիներ և թե՛ բարոյապես օգտակար։
Մի ժամանակ գրեթե միևնույնը առաջարկում էր և՛ Մսերյանը։ Բայց այնտեղ չէր զգացվում այնչափ հավատ, համոզմունք, որչափ Հաբիգյանի խոսքերի մեջ։ Գուցե այդ նրանից էր, որ իդեալիստի բերանով խոսում էր մի ժամանակավորապես վհատված հոգի, մի վշտացած սիրտ, կյանքի անհաջող դեպքերի տպավորության տակ։ Դիմաքսյանը զգաց, որ Հաբիգյանը համեստությունից է ասում, թե յուր գործունեության շարժառիթը անձնական շահերն են։ Նա կարծում էր, եթե այդ մարդը լիներ նրա հարստության լիազոր տերը, նույնը պետք է աներ, ինչ որ առաջարկում էր նրան։
Այս խոսակցությունից մի քանի օր անցած Դիմաքսյանը մի անգամ ևս Հաբիգյանի հետ ճանապարհորդեց գյուղերը և այս անգամ ավելի մոտիկ ծանոթացավ ժողովրդի կարիքների հետ։ Այնուհետև հաճախ նա մտածում էր Հաբիգյանի առաջարկության մասին։ Հետևե՞լ արդյոք նրա խորհրդին, թողնե՞լ գործունեության այժմյան եղանակը, կտրե՞լ բոլոր կապերը մոտիկ անցյալի հետ և ընտրել նոր ասպարեզ։
Նա տատանվում էր, կասկածում, թե կարող է ավելի օգտավետ լինել այդ ասպարեզում։ Կար մի կետ, որ նրա առջև ներկայանում էր ինչպես մի մեծ խոչընդոտ. յուր սրտի մեջ նա չէր գտնում բավականաչափ սեր դեպի գավառական կյանքը։ Նա զգում էր, որ ոչ մի նպատակ չի կարող իրան երկար ժամանակ պահել մի շրջանում, ուր չէր տեսնում մտքի պատերազմի համար քիչ թե շատ ընդարձակ ասպարեզ։ Ոչ, ոչ, նա յուր մեջ չի գտնում խաղաղ, անխռով գործունեության ձգտում, նա ծարավ էր հասարակական կռվի: Նա չէ կարող շնչել և ապրել առանց հավասար թշնամիների։
«Ավելի լավ է միշտ հալածվեմ, միայն թե կռվեմ այդ անշարժ հասարակության նախապաշարմունքների դեմ, քան թե թմրած կյանք վարեմ մի խուլ անկյունում։ Ի՞նչ կարող եմ անել գյուղական ժողովրդի համար. ճանապարհնե՞ր շինել, ջրե՞ր անցկացնել նրա հողերով, ուսումնարաննե՞ր բաց անել։ Այդ բոլորը լավ գործեր են, մեծ գործեր են, բայց ինձ համար չեն։ Հաբիգյանը ավելի հաջող կարող է կատարել այդ գործերը, քան թե ես, որովհետև նա ավելի սերտ կապերով է կապված գյուղական ամբոխի հետ…»։
Եվ միթե նա ա՞յդ գաղափարն էր փայփայել տարիների ընթացքում։ Մի՞թե երբևէ երևակայել էր, թե յուր կյանքը պետք է դնի մի նեղ շրջանակի մեջ։
«Ներքևից սկսել, ինչպես ասում էր Մսերյանը և ինչպես կրկնում է այսօր Հաբիգյանը։ Իսկ եթե ես այդպիսի ձգտում չունե՞մ, միթե կեղծե՞մ, ստե՞մ, և սկսեմ գործել հակառակ իմ զգացումների։ Ոչ, չեմ ուզում, չեմ կարող։ Թող դա լինի անհամեստություն, բայց ես իմ մեջ զգում եմ «վերևից» ազդելու ուժ։ Այո՛, ես չեմ կարող հասարակ գործիք լինել, բայց կարող եմ գործիքներ պատրաստել։ Ես այդ կապացուցանեմ և ընդունակ եմ ապացուցանելու։ Չէ՞ որ եթե մի կողմից ինձ հալածում են, մյուս կողմից կան մարդիկ, որ ինձ հավատում են, որոնց վրա ես ազդեցություն եմ արել…»:
Դարձյալ նրա միտքը պարզվեց, սիրտը գրգռվեց։ Դարձյալ նրա աչքի առջև պատկերացավ մի լուսավոր ապագա, դեպի ուր վճռել է և պետք է դիմե յուր ամբողջ կյանքի ընթացքում։ Անցան րոպեական տատանումները, կասկածները և նորից նա հետաքրքրվեց տեղական հասարակական կյանքով։ Նա հանդիպեց նույն սիրալիր ընդունելության, նույն հարգանքին, ինչ որ առաջ։ Կրկին նրան շրջապատեցին այն մարդիկ, որոնց մտքի և սրտի վրա նա ազդեցություն էր ունեցել։ Ոչ ոք կասկածանքով չէր վերաբերվում դեպի նա։ Երևի, կամ նրա մասին տարածված լուրը չէր հասել յուր հայրենի քաղաքը կամ հասել էր, և ոչ ոք նշանակություն չէր տալիս նրան։
Օրերը անցնում էին օրերի հետևից, և նա դեռ չէր մտածում Թիֆլիս վերադառնալու մասին։ Այն զգացումները, որ այնքան տանջում էին նրան, այժմ մեղմացել էին և ճնշող ներգործություն չէին անում նրա վրա։ Առավոտները նա զարթնում էր վաղ, զբոսնում էր պարտեզում, խաղում էր յուր քրոջ զավակների հետ, ապա փակվում էր յուր սենյակում և երկար ժամանակ պարապվում։
Երբեմն միայն առանձնության մեջ նրա սրտում բարձրանում էր մի թեթև փոթորիկ։ Նա հիշում էր յուր անցյալի ամենածանր րոպեները և ամենից պարզ ու որոշ պատկերանում էր այն վերջին երեկոն, երբ նա խորհել էր ինքնասպանության մասին։ Ոչ, ոչ, այլևս նա այդչափ չի հուսահատվիլ, այդ րոպեները անցան, գնացին անդառնալի։ Այժմ նա բժշկվել է և եթե ոչ բոլորովին, շուտով, շուտով կբժշկվի։
«Ես զգում եմ, որ իմ մեջ մի ինչ-որ փոփոխություն է կատարվում, գրում էր նա Մսերյանին յուր վերջին նամակում, թե ինչ կլինի վերջը չգիտեմ։ Բայց հույս ունիմ, որ դու ինձ այլևս այնպես չես տեսնիլ, ինչպես էի մի ժամանակ… Անցյալ նամակումս ես գրել էի քեզ Հաբիգյանի մասին, այո՛, նա հազվագյուտ մարդ է։ Իմ մեջ հղացել է մի միտք ձեզ երկուսիդ մոտեցնել միմյանց մի ընդհանուր գործով։ Այսպիսի մի գործ կա, և ես հույս ունիմ դու հանձն կառնես նրան ծառայելու։ Բայց առայժմ քեզ ոչինչ չեմ գրիլ այս մասին, շուտով անձամբ կտեսնվենք և կխոսենք… Մի՛ կարծիր, որ այստեղ անգործ նստած եմ, երբեք ես այնպես զբաղված չեմ եղել, ինչպես այժմ… Ցտեսություն, նամակ մի՛ գրիր, սպասիր ինձ…»։
Երբեմն նա կանչում էր յուր մոտ Հաբիգյանին, կրկին և կրկին անգամ հարցուփորձ էր անում յուր այցելած գյուղերի մասին։ Առանձնապես նա հետաքրքրված էր գյուղական մանուկների թվով։ Նա զանազան հաշիվներ էր անում, գրում էր, մտածում, ստեպ֊ստեպ այցելություն անում տեղական թեմական առաջնորդին։
Հաբիգյանը հետաքրքրված հարցնում էր, թե նա ինչու համար է այդ տեղեկությունները հավաքում։ Բայց Դիմաքսյանը ոչինչ չէր պատասխանում։ Մի անգամ նա միայն ասաց անորոշ.
Ուզում եմ քո աչքին անօգուտ մարդ չերևալ…
XVII
Մոտ երկու շաբաթ անկողնում պառկելուց հետո Բարաթյանը կարողացավ, վերջապես, ոտքի կանգնել։ Բայց նա բոլորովին չէր առողջացել։ Բժիշկներից ոմանք խորհուրդ էին տալիս նրան գնալ արտասահման և այնտեղ ենթարկվել մի դժվարին օպերացիայի, եթե կամենում է մի անգամ ևեթ արմատապես բժշկվել ժառանգական ցավից։ Եվ նա մտադիր էր հետևել նրանց խորհրդին։
Առայժմ նա կարգադրում էր յուր հայրական գործերը: Նա վճարեց յուր բոլոր պարտքերը և, ժառանգությունը հաստատելով յուր անունով՝ ապահովեց իրան բոլորովին։ Այժմ նա իրան զգում էր ավելի բախտավոր, քան երբևէ զգացել էր։ Թվում էր նրան, որ դրամական վարկի հետ նորից ամրանում է և յուր բարոյական վարկը։ Հասարակությունը այլևս առաջվա պես չէր զբաղվում նրա ընտանեկան կյանքով, և կարծես ամենքը սկսել էին մոռանալ նրա մասին տարածված աննպաստ լուրերը։
Երբեմն նա հիշում էր այրի Բախտամյանից ստացած վիրավորանքը, բայց հիշում էր վայրկենաբար, առանց երկար մտածելու այդ մասին։
«Բարոյական վիրավորանքը, ասում էր նա ինքն իրան, այն ժամանակ է ազդու, երբ կատարվում է հրապարակորեն։ Այդ կինը երբեք չի համարձակվիլ ուրիշին հաղորդելու ապտակի մասին, ուրեմն ինչո՞ւ արյունս պղտորեմ մի չնչին բանի համար։ Այո՛, մարդիկ շատ անգամ ոչինչ բանից իրանց համար տանջանք են ստեղծում։ Ճշմարիտ էր ասում հայրս, թե ինչքան քիչ մտածես վերքիդ մասին, այնքան նա քեզ քիչ ցավ կպատճառի…»։ Այո՛, այո, չմտածել, այլ ապրել է հարկավոր և միայն ապրել…»։
Հաճախ նա տեսնվում էր Վեքիլյանի հետ։ Նրանց հարաբերությունները շարունակվում էին առաջվա ուղղությունով, թեև զգալի էր, որ իրավաբանը յուր սրտում ամեն կերպ աշխատում էր թաքցնել մի տեսակ ատելություն դեպի յուր ընկերը։
Առավոտ էր։ Թեյի բաժակը առջևը դրած, Բարաթյանը կարդում էր օրվա լրագիրները, երբ ներս մտավ Վեքիլյանը բոլորովին անսպասելի։ Երբեք նա այդպես վաղ չէր այցելել յուր ընկերոջը։
Ես եկել եմ մի անհետաձգելի և կարևոր գործի համար, ասաց նա լուրջ ձայնով, և այսպես վաղ եկա, որ քեզ տանը տեսնեմ։ Լսի՛ր, այրին ուզում է Պյոտր Սոլոմոնիչի կտակի դեմ դատ բաց անել։
Մի՞թե, արտասանեց Բարաթյանը անտարբեր։
Ես այդ իմացա եթեկ գիշեր կլուբում։ Այնտեղ քեզ շատ պտրեցի, բայց չտեսա…
Երեկ թատրոնից գնացի Կրուժոկ ընթրելու։ Ո՞ւմ միջոցով է ուզում դատ բաց անել։
Փաստաբանի։
Միթե կա՞ այնպիսի փաստաբան, որ այդ գործը հանձն առնի։
Կան փաստաբաններ, որոնք ոչ մի գործից չեն հրաժարվում։ Այրին մի այդ տեսակ մարդու է դիմել։
Աա՜, արտասանեց Բարաթյանը անորոշ, ուրեմն նա քո և Ամբակում Աֆանասևիչի դեմ վատ խա՞ղ է սկսում…
Ինչո՞ւ միայն իմ և Ամբակում Աֆանասևիչի, գուցե և մի ուրիշի դեմ, նկատեց Վեքիլյանր խորամանկությամբ։
Լուրը Բարաթյանի վրա վատ տպավորություն էր գործել, իսկ իրավաբանի վերջին նկատողությունը ավելի վախեցրեց նրան։ Նորից նրա աչքի առջև պատկերացավ դատաստանի խայտառակ պերսպեկտիվը, նորից նա յուր անունը, պատիվը և վարկը տեսավ հասարակության բամբասանքին ենթարկված։
Միթե տիկինը այդ բանը կանե՞, հարցրեց նա, դեռևս կարողանալով զսպել յուր վրդովմունքը։
Եթե չկամենա էլ, փաստաբանը անպատճառ կհամոզի նրան անել։
Բայց կհաջողվի՞ նրան դատը։
Դժվար է նախագուշակել. օրենսդրության մեջ կան այնպիսի բաց տեղեր, որոնք շատ անգամ ճարպիկ փաստաբանի ձեռքում հաջող գործիք են դառնում: Ես այդ դատից վախենում եմ։
Վախենալով բան չի լինիլ, պետք է գործել։ Ինչ ե՞ս մտադիր անելու։
Վեքիլյանը մի քանի վայրկյան մտածեց, ապա դրական եղանակով պատասխանեց.
Իմ խորին համոզմունքով, քանի որ գործը սկսված չէ, պետք է նրան խափանել։ Եթե այրին մինչև անգամ բոլորովին էլ դատը տանուլ տա, դարձյալ դատաստանական պրոցեսը վտանգավոր է։ Չեմ կարող ասել, թե նա ում նյութականին կվնասի, բայց թե բարոյական վնաս կունենա դա անհերքելի է։
Չեմ հասկանում ասածդ։
Պետք է ասած, շարունակեց Վեքիլյանը նույն եղանակով, որ այդ տեսակ գործերում շատ անգամ մի երրորդ, չորրորդ, մի չեզոք համարված մարդ ավելի է պատժվում, բարոյապես եմ ասում, քան թե դատին անմիջապես խառը մարդիկ…
Այս անգամ ակնարկը կարոտ չէր բացատրության, սակայն Բարաթյանը դարձյալ փորձեց չգիտցող ձևացնել և ասաց.
Այո՛, քո ասածը ճիշտ է, այդ պատահում է, ուրեմն աշխատիր դատի առաջն առնելու…
Ես կկամենայի, որ դու էլ մեզ օգնես այս գործում։ Ես ի՞նչ կարող եմ անել։
Պետք է փաստաբանին կաշառել։
Կաշառե՞լ։
Այո՛, դա միակ միջոցն է խայտառակ դատից ազատվելու համար։
Էէ՜, շատ լավ, ինչո՞ւ չես կաշառում։
Երեկ գիշեր Ամբակում Աֆանասևիչը և ես վճռեցինք այս գործը քեզ հանձնել։
Ի՞նձ։
Այո՛։
Ինչո՞ւ։
Որովհետև թե՛ ինձ և թե նրա համար անհարմար է։
Բայց ես ինչո՞ւ պիտի խառնվեմ այդ գործին։
Այդ կարծեմ, քեզ ավելի հայտնի պետք է լինի, քան թե ինձ…
Բարաթյանը նայեց ընկերոջ երեսին և, աշխատելով անփույթ ժպտալ, արտասանեց.
Դու, երևի, ինձ հետ կատակ ես անում։
Երբե՛ք։
Ուրեմն ավելի պարզ խոսիր։
Իրավաբանը մի առժամանակ լռեց, սեղմեց շրթունքները ատամներով և, վերջապես, ուղիղ նայելով Բաբաթյանի երեսին, ասաց.
Լսի՛ր, դու միշտ եղել ես զգույշ, խոհեմ և խելոք։ Հենց այդ հատկություններիդ համար ես քեզ միշտ հարգել և այժմ էլ հարգում եմ։ Այս անգամ էլ եղիր զգույշ, խոհեմ և խելոք, մի՛ ստիպիր ինձ ամեն բան բացատրել, հասկացիր, որ քո անունին վտանգ է սպառնում։
Բարաթյանը լռեց և ընկավ մտատանջության մեջ։ Նա չէր կամենում իսկույն, առանց ընդդիմադրության, ենթարկվել յուր ընկերոջ կամքին։
Գիտե՞ս, ասաց նա, դու ինձ շատ վատ առաջարկություն ես անում. կաշառել և կաշառք վերցնել միևնույն հանցանքն է։
Հանցա՞նք, կրկնեց Վեքիլյանը, հեգնորեն ժպտալով, երանի քո և իմ հանցանքը միայն այդ լիներ… համառություն մի՛ անիր, դու ստիպված ես երկու շարքից փոքրագույնը ընտրել։
Ինչո՞ւ եմ ստիպված, գոչեց Բարաթյանը վերջապես, չկարողանալով զսպել յուր վրդովմունքը։
Ինչո՞ւ… Լա՛վ, քանի որ ուզում ես իմանալ, լսի՛ր, ուրեմն։ Ստիպված ես դու, ինչպես և՛ ես, որովհետև այրիի դատը կարող է մեր երկուսի անունին կպցնել մի կարճ ածական գող։
Վեքիլյա՛ն:
Իզուր ես վրդովվում։ Այո՛, ես ու դու գող ենք։ Զանազանությունը միայն այն է, որ ես հասարակ գող եմ, իսկ դու պատվի գող։ Թողնում եմ քեզ դատելու, թե որն է այս երկուսից ավելի վատը։ Բարաթյան, մենք միմյանց շատ լավ ենք ճանաչում, այնպես չէ՞, տեսնո՞ւմ ես, որ ես ճշմարտությունը քեզանից չեմ թաքցնում։ Ուրեմն դու էլ ինձ հետ անկեղծ եղիր գոնե մի օր, մի ժամ։ Ամբակում Աֆանասևիչը և ես օգտվել ենք հանգուցյալի հարստությունից, թե ինչու դա կպարզվի դատաստանում։ Իսկ դու հափշտակել ես նրա պատիվը. թե ինչպե՛ս դա էլ կպարզվի դատաստանում։ Այո՛, ես համոզված եմ, որ ինչքան էլ դատը զգույշ տարվի, պետք է այս գաղտնիքները պարզվեն։ Այրին խելոք կին չէ. նա չի մտածում յուր անվան մասին, կամ շատ կարելի է մտածում է, բայց չէ՞ որ հուսահատված մարդը կորցնում է յուր առողջ դատողությունը։ Իսկ դու խելոք ես, գոնե դո՛ւ մտածիր քեզ համար…
Բարաթյանը չհակառակեց։ Նա լուռ և հուզված լսում էր, միևնույն ժամանակ ատելությամբ նայելով իրավաբանի երեսին։
Վճռի՛ր և իսկույն հանձն առ, շարունակեց Վեքիլյանը, որովհետև անկարելի է գործը հետաձգել։ Վաղը կամ մյուս օրը փաստաբանը կարող է դատաստանին խնդիր ներկայացնել։ Այդ մարդուն կաշառելը դժվար բան չէ, բայց դա բավական չէ։ Դրանով մենք կարող ենք միայն ստիպել նրան գործից հրաժարվել։ Բայց ուրիշ փաստաբաններ շատ կան։ Անհրաժեշտ է այրիին էլ կաշառել։ Վերջապես, ես ինքս այժմ տեսնում եմ, որ անգթություն է խեղճ կնոջը թողնել այժմյան դրության մեջ։ Բայց այդ արդեն իմ և Ամբակում Աֆանասևիչի գործն է. մենք վճռել ենք նրան մի կերպ գոհացնել։
Երկար խորհրդակցելուց հետո, վճռեցին այսպես անել. Վեքիլյանը հենց այսօր ևեթ Բարաթյանին կլուբում հասարակ կերպով կծանոթացնի այրիի փաստաբանի հետ։ Բարաթյանը խոսք բաց կանի ապագա դատի մասին, իհարկե, զգուշությամբ, որ փաստաբանին չխրտնեցնի։ Իբրև հոգաբարձու նա իրավունք ունի պաշտպանել Ներսեսյան դպրոցի շահերը, որովհետև եթե կտակը քանդվի, դպրոցն էլ կզրկվի յուր մասից։ Այսպիսով, նա փաստաբանին կներկայանա ինչպես մի հիմնարկության շահերի պաշտպան, և ինքնըստինքյան ոչ մի կասկած չի կարող տեղի ունենալ։
Այդ օրից սկսած Բարաթյանը հանգստություն չուներ: Նա մոռացավ ամեն ինչ և սկսեց հետամուտ լինել, որ մի կերպ խայտառակ դատի առաջն առնի։ Չնայելով, որ արդեն լրացել էր յուր որոշած ժամանակամիջոցը, նա դեռ չէր մտածում երեխաներին բերել տալ Գայանեի մոտից։ Այնինչ ամառվա շոգերը վրա էին հասել, հարկավոր էր երեխաներին ամառանոց ուղարկել։
Տիկին Սալամբեկյանը յուր սանիկներին արձակուրդ էր տվել։ Մնում էին նրա մոտ միայն մի քանի գիշերօթիկներ, որոնց ծնողներն օտար քաղաքներումն էին։ Նա խնդրում էր Գայանեին վերցնել երեխաներին և նրա հետ միասին տեղափոխվել մոտակա գյուղերից մեկը, ուր նա ամառանոց էր վարձել։ Բայց Գայանեն դեռ չէր վստահանում այդ անելու։ Օր-օրի վրա նա սպասում էր, թե ահա ներս կմտնի Բարաթյանի ծառան և կպահանջի երեխաներին։ Սարսափով, այո, կատարյալ սարսափով նա երևակայում էր այն րոպեն, երբ նա ստիպված պետք է լիներ բաժանվել նրանցից։ Մի ամսվա ընթացքում նա այնպես ընտելացել էր յուր զավակների ներկայությանը, որ դժվարանում էր հավատալ, թե կարող է մի օր անգամ առանց նրանց ապրել։
Երկդիմի վիճակը օրեցօր ազդելով, դարձրել էր նրան նյարդային, անհամբեր. ամեն անգամ երբ նայում էր երեխաների անմեղ աչքերին, հիշում էր նրանց դրությունը, նրա սիրտն էր մորմոքվում: Պետք է վերջ տալ այդ վիճակին, դժվար է, անհնարին է երկար ապրել այդ անորոշության մեջ։
Եվ ոչ մեկը չէր կարողանում նրան մի որոշ ելք ցույց տալ։ Տիկին Սալամբեկյանը ճգնում էր ամեն կերպ մխիթարել նրան։ Աշխատում էր համոզել, թե չպիտի շատ փափկասիրտ լինել, թե երեխաներն իրանց հարազատ հոր մոտ պետք է գնան և ոչ թե օտարի, թե Գայանեն նրանց դարձյալ կտեսնի և այլն, և այլն…
Երբեմն նա փորձում էր մինչև անգամ ամաչացնել Գայանեին, կպչելով նրա ինքնասիրությանը։
Չգիտեմ, ինչպե՛ս ես համարձակվում ուսումնարան բաց անել՝ ուրիշների երեխաներին կրթելու, երբ քո սիրտը միայն քո զավակներին ես նվիրել։ Ոչ, դու եսասեր ես, թույլ ես, դու չես կարող դաստիարակ լինել…
Այս խոսքերը զուր չէին անցնում, ազդում էին Գայանեի վրա։ Նա սկսեց մտածել, որ իրավ ինքը չափազանցության է հասցնում յուր մայրական սերը։ Այո՛, պետք է վերջապես զսպի յուր զգացումները հենց նույնիսկ յուր զավակների ապագայի մասին պարզ մտքով խորհելու համար։ Եվ ահա նա ինքն յուր մտքում աշխատում էր հաշտվել նույնիսկ ծայրահեղ թշվառության հետ։ Նա երևակայում էր ամենամեծ դժբախտությունը, այն է, որ ինքն իբրև թե բնավ զրկված է երեխաներից։ Ի՞նչ պետք է անել, չէ՞ որ կան մայրեր, որոնք թաղել են իրանց բոլոր զավակներին. հապա ինչպե՞ս են նրանք կրում իրանց վշտերը։ Վերջապես, ինչո՞ւ հուսահատվել, խոմ այդ երեխաները պետք է մեծանան, պետք է հասկանան իրանց դրությունը։ Այն ժամանակ նրանք իրանց կամքով կգան իրանց մոր մոտ… Այո', պետք է ապրել նրանց մի օր բախտավոր տեսնելու համար…
Այս խորհրդածությունները հետզհետե ամրացնում Էին նրա հոգին։ Նա վճռեց արիությամբ սպասել ամեն տեսակ հարվածների։ Ահա ինչու երբ, վերջապես, Բարաթյանը ծառային ուղարկեց երեխաների հետևից, նա շատ էլ չհուսահատվեց։ Նա խնդրեց բժիշկ Սալամբեկյանին մի անգամ ևս միջամտել։ Թող Բարաթյանը թույլ տա Թամարին հանձնել տիկին Սալամբեկյանի պարտեզը, իսկ Լևոնիկին պահել յուր մոտ մինչև աշուն։
Բժիշկն անմիջապես գնաց Բարաթյանի մոտ։ Հակառակ սպասածին, Բարաթյանը նրան այս անգամ ընդունեց սիրով։ Նա հոգեկան լավ տրամադրության մեջ էր։ Բանն այն էր, որ մի քանի օր առաջ հաջող կերպով գործն ավարտել էր այրի Բախտամյանի փաստաբանի հետ։ Վերջապես, Վեքիլյանը և Ամբակում Աֆանասևիչն էլ գոհացրել էին այրիին, նշանակելով նրա համար առանձին թոշակ։ Այսպիսով, դատի առաջն առնվել էր և թե՛ Բարաթյանի, թե՛ Վեքիլյանի ու Ամբակում Աֆանասևիչի անունները ազատվել էին սպառնացող վտանգից։
Այժմ Բարաթյանը զբաղված էր քանի մի մանր գործերով, որոնց վերջացնելուց հետո պետք է ուղևորվեր արտասահման։ Նա սաստիկ ցանկանում էր ճանապարհորդել, «մի փոքրիկ ազատ օդ շնչել»։ Նա ինքն ուրախ էր այժմ առանց երեխաների ապրել՝ բոլորովին համոզված, որ իրանց մոր մոտ նրանք ավելի լավ են խնամվում։ Ծառային նրանց հետևից ուղարկվելը արտաքին պատճառ ուներ. նա ուզում էր ցույց տալ, որ յուր զավակներին չի մոռացել։ Իսկ վճռել էր ստիպողական դիրք չընդունել, եթե Գայանեն մի փոքրիկ անգամ ընդդիմություն ցույց տա։
Յուր իսկական միտումները բժիշկ Սալամբեկյանից թաքցնելով, նա արտաքուստ դարձյալ համառվեց երեխաներին իրանց մոր մոտ թողնելու։ Սակայն երբ բժիշկը սկսեց թախանձել, նա, իբր թե ակամա արտասանեց.
Թող քո ասածը լինի, ես խղճում եմ այդ կնոջը…
Բժիշկը զգացված հայտնեց յուր շնորհակալիքը և շտապեց ուրախալի լուրը Գայանեին հաղորդել։
Նրա դուրս գալուց հետո Բարաթյանի դեմքը սկսեց փայլել։ Նա ինքն իրան ասաց.
«Այժմ դու կրկին անգամ ամուրի ես և ազատ… ապրի՛ր, ինչպես ուզում ես…»։
Նրա աչքերի մեջ ցոլաց անսովոր երիտասարդական զվարթություն, նա սկսեց ուրախ-ուրախ շվացնել… Մի քանի օր անցած Գայանեն Սալամբեկյանների հետ ուղևորվեց ամառանոց։ Այժմ նա այլևս չէր մտածում ապագայի մասին։ Նա երջանիկ էր, որ երեխաներին անորոշ ժամանակով իրան էին հանձնել։ Իսկ հետո՞… հույս աներ այլևս հավիտյան չբաժանվել նրանցից…