Александр Ширванзаде
Արսեն Դիմաքսյան
Երկրորդ մաս, XIII - XVI
XIII
Մի անգամ Մսերյանը Դիմաքսյանին խնդրեց միասին այցելել Կարինյանին։
Օրիորդը բնակվում էր նույն տանը և նույն պառավ տատի և այրի հորաքրոջ հետ։
Աա՛, շատ ուրախ եմ, գոչեց նա, դուրս գալով պատշգամբ հյուրերին դիմավորելու։ Արդարև, նա փոխվել էր արտաքուստ։ Նրա առաջվա նիհար այտերը լցվել էին, դեմքի գույնը ավելի պարզվել էր։ Սովորական մռայլությունը տեղի էր տվել աշխուժության և կենդանության։ Նա դարձել էր ավելի արագաշարժ, ավելի համարձակ, միևնույն ժամանակ, նրա ձևերն ավելի տաշվել և կրթվել էին։ Այս փոփոխությունը Դիմաքսյանը վերագրեց եվրոպական ազատ կյանքի ազդեցությանը։ Հիշեց, թե ինչպես ինքն էլ աշխույժ և կենդանի էր այնտեղից վերադառնալիս և որքան այժմ ասիական կյանքի ճնշող պայմաններն ազդել են յուր վրա։
Պառավը մյուս սենյակում հիվանդ պառկած տնքտնքում էր։ Այրի Բոլումբաշյանը դարձյալ տանը չէր։ Բայց օրիորդը մենակ չէր։ Նրա մոտ հյուր կար, և այդ հյուրն էր տիկին Բախտամյանը, որ և շատ զարմացրեց Դիմաքսյանին։ Նրանց բարևեցին ինչպես հին ծանոթներ։ Հետո տիկինը, թույլ տալով, որ օրիորդը վերջացնի յուր հյուրերի հետ սովորական հարցուփորձը, դարձավ Դիմաքսյանին.
Ես եկել եմ Աշխենին մի առաջարկություն անելու, հույս ունեմ, պարոններ, դուք էլ ինձ կօգնեք։
Այստեղ Դիմաքսյանն առաջին անգամ իմացավ, որ Կարինյանը տիկին Բախտամյանի մորաքրոջ աղջիկն է: Կարմրախայտ այտերին լուրջ արտահայտություն տալով, տիկինն ասաց, թե կանանց ընկերությունն ուզում է աղքատ աղջկանց համար ուսումնարան բաց անել։ Եկել է օրիորդին առաջարկելու, որ նա հանձն առնի տեսչուհու պաշտոնը։ Բայց օրիորդը մերժում է։
Յուր քրոջ խոսքը չի հարգում, ձեր խոսքն անպատճառ կհարգի, օգնեցեք ինձ, պարոն Դիմաքսյան։ Բայց ես շատ նեղացած եմ ձեզ վրա։ Առաջինը, ինչո՞ւ մեր տունը չեք գալիս, երկրորդ, ինչո՞ւ մեր ընկերությունը չեք պաշտպանում մի քանի անկիրթ գրչակների դեմ։ Ախ, ի՞նչ գռեհիկ են այդ լրագիր մրոտողներն, օգնելու փոխարեն մեզ ծաղրում են ու հալածում։ Ի՜նչ լավ կլիներ, պարոն Դիմաքսյան, եթե մի փոքր տրորեիք այդ մարդկանց քիթը: Խեղճ կանայք, խեղճ կանայք, այսպես է ձեր բախտը... Օ՜օ, եթե իմանաք ի՛նչքան ենք չարչարվում։ Հիմա էլ ուսումնարանի հոգսը գցեցին ինձ վրա։ Աշխեն, հոգիս, ե՛կ հանձն առ, աստված սիրես։ Պարոն Դիմաքսյան, խոսեցեք, համոզեցեք...
Վնրջապես, նա մի քանի վայրկյան կանգ առավ։ Այն ժամանակ օրիորդը բացատրեց, թե ինչու հանձն չէ առնում տեսչուհու պաշտոնը։ Միթե չգիտե՞ն, թե ինչ նպատակով է նա գնացել արտասահման։ Այժմ հասել է այդ նպատակն իրագործելու ժամանակը, և նա պետք է թողնի՞ յուր վաղուց երևակայած և փայփայած գործը։ Բացի դրանից, նա ուզում է բոլորովին անկախ գործել, ինքն յուր պարապմունքի համար պատասխանատու լինել խղճի և հասարակության առջև։
Դիմաքսյանը հավանեց օրիորդի վերջին պատճառաբանությունը։ Ինչպես ամեն բանում, այստեղ էլ նրան գրավեց անհատի ազատ գործունեության սկզբունքը։ Նա դարձավ տիկնոջը և ասաց, թե համակրելով օրիորդի նպատակին, դժբախտաբար, չէ կարող տիկնոջ առաջարկությունը պաշտպանել։ Ամեն մարդ պետք է ծառայի այն գործին, որին ավելի է համակրում և այնպես ծառայի, ինչպես ինքն է ուզում։
Տիկնոջ դեմքի վրա երևաց դժգոհության նշան։ Նա մտքում չարացավ Դիմաքսյանի դեմ։ Բանն այն էր, որ նա յուր ընկերուհիների մոտ պարծեցել էր, թե մեծ ազդեցություն ունե օրիորդ Կարինյանի վրա և թե կարող է ինչ որ կամենա նրան անել տալ, որովհետև շատ երախտիք ունե նրա վրա։ Իսկ ճշմարտությունը այն էր, որ մինչև օրիորդի արտասահման գնալը տիկինը գրեթե ոչինչ հարաբերություն չէր ունեցել նրա հետ։ Այն ժամանակ նա չէր էլ ուզում ազգականուհի համարել մի օրիորդի, որ յուր աշխատանքով էր ապրում։
Իհարկե, դարձավ տիկինը օրիորդին, չկարողանալով զսպել ներքին մաղձը, իմ խնդիրը ձեզ համար ոչինչ, քանի որ պարոն Դիմաքսյանը չի բարեհաճում քեզ խորհուրդ տալ...
Այս խոսքերի մեջ կար մի հետին իմաստ։ Դիմաքսյանը հասկացավ և մի անզուսպ ատելություն զգաց դեպի այդ կինը, որի յուրաքանչյուր խոսքից բուրում էր կեղծություն և սնափառություն։ Մանավանդ ատելի երևաց նրան տիկինը յուր հարուստ մետաքսյա հագուստով, որ բնավ չէր համապատասխանում նրա արվեստական լրջությանը։
Խնդրեմ ծառային հրամայես մի կառք կանչել, ասաց տիկինը օրիորդին, ոտքի կանգնելով, ես ժամանակ չունեմ երկար խոսելու, մինչև կոկորդս գործերի մեջ թաղված եմ։ Ուրեմն մերժո՞ւմ ես. շատ լավ, մնաս բարով, չեմ մոռանալ:
Եվ արհամարհանքով ու գոռոզությամբ ողջունելով Դիմաքսյանին և Մսերյանին, շտապով դուրս գնաց։
Շատ լավ արեցիք հանձն չառիք, ասաց Դիմաքսյանը օրիորդին։
Բայց իմ մերժելը ինձ էժան չի նստիլ:
Ի՞նչպես։ Ընկերության կառավարչուհիները կաշխատեն իմ գործին վնասել։
Իսկ մենք կպաշտպանենք ձեր գեղեցիկ գործը, ասաց Մսերյանը, որ ինքն էլ չգիտեր, թե ինչպես պետք է պաշտպանի։ Նրա համար այժմ Կարինյանը մի անգնահատելի գյուտ էր հայ կանանց շրջանում։ Նա հիացած էր օրիորդի եռանդով և այն ոգևորությամբ, որ նա աշխատում էր իրագործել յուր փայփայած ձեռնարկությունը։
Նրա միտքը մանկական պարտեզի վիճակով զբաղված էր ոչ պակաս, քան օրիորդինը։ Սրտի հաճույքով նա երևակայում էր Կարինյանին շրջապատված հարյուրավոր փոքրիկ էակներով, որոնց մատաղ հոգու մեջ պետք է ցաներ կրթության առաջին սերմերը։ Որքա՛ն ազնիվ և նախանձելի էր այդ գործը նրա աչքում և ինչքան նա կցանկանար մի որևէ փոքրիկ դեր կատարել այդտեղ։ Նա կկատարի նույնիսկ հասարակ վերակացվի պաշտոն, եթե միայն օրիորդը թույլ կտա:
Արդեն Նարինյանը թույլտվություն ստացել էր պարտեզը բանալու։ Սակայն սկզբնական ծախքերի համար փող էր հարկավոր, և նա չուներ։ Նա վճռել էր յուր հայրական տան առջև գտնվող այգին գրավ դնել, բայց այդ բավական չէր. նա մասնավոր պարտքեր ուներ։ Այս պատճառով օրիորդը հուսահատության մեջ էր։ Դիմաքսյանը պատրաստ Էր անմիջապես առաջարկել յուր օգնությունը, բայց չէր վստահանում։ Մի գուցե դիպչեր նրա ինքնասիրությանը։
Մի անգամ նա յուր ցանկությունը հայտնեց Մսերյանին և խորհուրդ հարցրեց, արդյոք ինչ կերպ օրիորդին օգնի, որ վիրավորական չլինի։
Ես շատ համակրում եմ նրա ձեռնարկությանը և շատ կցավեի, եթե միայն փողի պակասության պատճառով նա գլուխ չգար։
Խե՛ղճ իդեալիստ։ Նույն րոպեին նա զգաց փողի քաղցրությունը և ուժը այնպես, որ երբեք չէր զգացել։ Ինչո՞ւ նրա գրպանը լիքը չէ, որ նա ինքը յուր կողմից օգնե օրիորդին։ Առաջին անգամ նա յուր սրտում զգաց նախանձ դեպի Դիմաքսյանի հարստությունը։ Նա մինչև անգամ վրդովվեց։ Չեմ կարծում, որ օրիորդ Կարինյանը ումից և է պարտք վերցնի։ Նա հպարտ է, նա կվիրավորվի, վերջապես, նա ուրիշների օգնությանը բնավ կարոտ էլ չէ։
Եվ այս խոսքերը արտասանվելիս իդեալիստի ձայնը դողաց արտահայտելով նրա հուզմունքը։
Դիմաքսյանի համար այդ տարօրինակ խռովությունը դեռ անհասկանալի էր։ Ուստի նա միամտաբար նկատեց.
Դու այնպես ես պաշտպանում օրիորդին, որ, կարծես, ես վիրավորեցի նրան։
Ես նրան հարգում եմ, հասկանո՞ւմ ես, հարգում եմ...
Միթե ես չե՞մ հարգում։
Բայց դու... դու ուրիշ կերպ...
Հանկարծ նա սթափվեց, ուշքի եկավ, խոսքը ընդհատեց։
Խոսակցությունը տեղի ուներ Մսերյանի տանը։ Նրանք ճաշից հետո նստած էին լուսամուտի առջև։ Իդեալիստը անորոշ հայացքով նայում էր հեռավոր հորիզոնի վրա կուտակվող սև ամպերին։ Նրա խորշոմած ճակատի վրա ընկերը նշմարեց մի տեսակ մռայլություն։ Դա այն մշտական թախծությունը չէր, որ դրոշմված էր նրա դեմքին շատ վաղուց և որ երբեմն միայն սքողվում էր զվարթության րոպեներին։
Երբ Դիմաքսյանը տուն վերադարձավ, միտքը շարունակ զբաղված էր Կարինյանի ձեռնարկությունով: Օրիորդի մտազբաղ կերպարանքը չէր հեռանում նրա աչքի առջևից։ Իրավ, ճիշտ էր ասում Մսերյանը, նա փոխվել է, շատ է փոխվել։ Նա այժմ տգեղ չէ երևում, մինչև անգամ սիրուն է դարձել։ Նա խելոք է, եռանդուն է, աշխատասեր, ահա հատկություններ, որ կարող են գրավել մտածող տղամարդին։
Է՛հ, տերը նրա հետ, թող ինչ ուզում է լինի, ի՞նչ գործ ունե նրա հետ։ Նա կամենում էր օգնել, Մսերյանը ասաց անկարելի է, «հպարտ է, օգնություն չի ընդունիլ»։ Բայց ինչո՞ւ էր Մսերյանը վրդովված։ Անշուշտ այդ մարդուն մի բան պատահել է և Դիմաքսյանը չգիտե։
Փոքր-ինչ անցած նա մոռացավ օրիորդին էլ, Մսերյանին էլ և նրան տիրեց պարբերապես կրկնվող տխրությունը: Սարսափով, այո՛, կատարյալ սարսափով նա հիշեց, որ գարունը մոտենում է։ Դարձյա՛լ նա պետք է ենթարկվի թախծալի հոգեկան մենության տառապանքներին, դարձյա՞լ պետք է զգա սիրվելու բուռն պահանջ, դարձյա՞լ կյանքը պետք է ապարդյուն և ամայի թվա նրան... Այս մտատանջության միջոցին նրա առջև կենդանի պատկերացավ Գայանեն։ Նրա կրծքից դուրս թռավ մի ծանր հառաչանք: Ահա նա յուր հրապուրիչ կապուտակ աչքերով։ Ինչո՞ւ նա փոխվել է, ո՞ւր է նրա նախկին կենսական զվարթությունը, ինչո՞ւ նա այնքան նիհարել է, դալկացել և այնպես մելամաղձոտ է երևում «նրա» հետ թև թևի տված զբոսնելիս։
Միթե նա դժբա՞խտ է։
XIV
Պյոտր Սոլոմոնիչը մի զարմանալի հոգեկան այլափոխության էր ենթարկվել։ Այդ զվարթ, բարեսիրտ, առույգ մարդու ամբողջ բնավորությունը կոտրվել էր և երկու մասի բաժանվել։ Այժմ նրա մեջ բնակվում էին երկու միմյանց բոլորովին հակառակ մարդիկ ներքին և արտաքին, ընտանեկան և հասարակական։ Տնային Պյոտր Սոլոմոնիչը վերին աստիճանի դյուրագրգիռ էր, անհամբեր, ամենաչնչին բաների համար գոռացող, կռվարար, մինչև անգամ հայհոյող։ Հասարակական Պյոտր Սոլոմոնիչը համբերող էր, ամենքի հետ համաձայնվող, ոչ ոքի չհակառակող, շփոթվող և այնքան հեզ, որ ամենահեռավոր ծանոթներին անգամ զարմացնում էր։ Նա ոչ միայն առաջվա պես տաք-տաք չէր վիճում քաղաքային գործերի մասին, այլև չէր պաշտպանում ոչ քաղաքագլխին, ոչ Ամբակում Աֆանասևիչին և ոչ էլ ինքն իրան, եթե մինչև անգամ երեսին հայհոյեին էլ։ Բայց որ ամենազարմանալին էր, շատ անգամ նա քաղաքային խորհրդի նիստերն էլ բաց էր թողնում։ Օրվա մեծ մասը նա տանն էր լինում, ծխում էր, մտածում, ման գալիս և ինքն յուր հետ խոսում։ Շարունակում էր լրագիրներ կարդալ, բայց այժմ ուրիշ կերպով։ Առաջ նա պարտավորապես սկսում էր Խորհրդին վերաբերվող գրվածներից և առհասարակ քաղաքային լուրերից։ Այժմ նա նախ և առաջ ուշադրություն էր դարձնում չորրորդ երեսի վրա, ուր պատմում էին զանազան տարօրինակ դեպքեր, խորհրդավոր եղելություններ, ռոմանտիկական ինտրիգներ, գաղտնի սպանություններ և այլն, և այլն։
Երեկոները, հակառակ նախկին սովորության, նա կլուբ չէր գնում և ոչ էլ դուրս էր գալիս փողոց մշտական զբոսանքը կատարելու։ Մի քանի անգամ կինը փորձեց իմանալ, արդյոք ինչո՞ւ նա հասարակությունից երես է դարձրել։ Բայց ծերունին այնպես կատաղեց, այնպիսի վայրենի գոռոցներ արձակեց, որ ապշած տիկինը պապանձվեց։
Առհասարակ տարօրինակ բաներ էր անում այդ մարդը։ Դիցուք նստած է յուր սենյակում մենակ, մտածում է կամ ինչ-որ հաշիվներ անում։ Հանկարծ նրա ականջին մի ձայն է հասնում, նա արագությամբ վեր է թռչում և անցնում մյուս սենյակ, ուր գտնվում են նրա կինը, զավակները և Օվսաննան։
Այստեղ ո՞վ էր խոսում։
Մենք։
Ուրիշ մարդ չկա՞ր։
Ուրիշ ոչ ոք չկար։
Ես կարծեցի հյուր եկավ։
Եվ ծերունին շփոթված, ծանր քայլերով անցնում էր դարձյալ յուր սենյակը։ Մի անգամ դարձավ կնոջը։
Աննա, Օվսաննան այժմ մեծացել է, չէ՞:
Առաջիկա հունիսին տասնութ տարին կլրանա։
Ուսումն էլ կվերջացնի, չէ՞։
Իհարկե։
ԷԷ, չե՞ս մտածում նրա մասին։
Ի՞նչ պետք է մտածել։
Մարդու տալու համար։
Նա ինքն յուր համար մարդ կգտնի։
Հաա՞, ինքը։
Այո, ի՛նչ կա, ինչո՞ւ ես այդպես զարմացած մտիկ անում աչքերիս։ Ես կարծում էի, որ նրա համար էլ դու պետք է փեսացու ճարես, հասկանո՞ւմ ես, երիտասարդ, գեղեցիկ, կրթված փեսացու։
Եվ «երիտասարդ, գեղեցիկ, կրթված» բառերը առանձին շեշտելով, մի սուր հայացք ձգեց կնոջ վրա ոտից մինչև գլուխ և գնաց։
Մի ուրիշ անգամ.
Աննա՛։
Ի՞նչ կա։
Լիզոչկան և Էլեչկան էլ մեծանում են։
Տեսնում եմ։
Էէ՛, ուրեմն շուտով դու էլ հարսնացու աղջիկների մայր կլինես։
Այդ մասին դեռ ժամանակ չէ մտածելու, վաղ է։
Ժամանակ չէ՞, պոռաց Պյոտր Սոլոմոնիչը, ոտը ուժգին զարկելով հատակին, ժամանակ է, տես, նրանց հայրը ինչպես պառավել է։
Կինը սիրալիր ժպտաց, նրա ասածը կատակի տեղ ընդունելով։
Ծիծաղում ես, հաա՞, իհարկե, կծիծաղես։ Ես պառավ եմ, ուզում եմ իմ աղջիկներիս շուտով մարդու տալ, թոռներ եմ ուզում տեսնել և հետո մեռնել։
Ի՞նչ մեռնելու ժամանակ ես գտել, Պետյա, դու դեռ այնքան...
Ես դեռ այնքան ի՛նչ, ասա, ի՛նչ...
Առողջ ես։
Բայց պառավ եմ չէ՞, պառավ, քավթառ, կուչ եկած, սպիտակ մազերով, կեղծ ատամներով...
Եվ նա դարձյալ մի տարօրինակ հայացք ձգելով կնոջ վրա, քթի տակ ինչ-որ մրթմրթաց և հեռացավ։
Կինը ապշած շարժում էր ուսերը, նայելով նրա հետևից։ Իսկապես նա գիտեր ամուսնու տրամադրության բուն պատճառը։ Բայց չէր հասկանում, ինչո՞ւ ծերունին առաջ այդպես չէր, հանկարծ փոխվեց այժմ, երբ տիկինն իրան համարում էր ավելի պակաս մեղավոր։ Նրան սարսափեցնում էին այդ կիսավայրենի հայացքները, այդ սոսկալի լռությունը, այդ հիվանդոտ կասկածամտությունը, վերջապես, այդ անտեղի գոռոցները։
Այժմ տիկինը ապրում էր գրեթե հեռու հասարակությունից։ Պյոտր Սոլոմոնիչը հյուրեր չէր ընդունում, խույս տալով նույնիսկ ազգականներից։ Նա սաստիկ կատաղում էր, երր կինը զուգվում էր մի տեղ գնալու, ուր որ լիներ, թեկուզ մի հիվանդ ազգականուհու մոտ, թեկուզ խանութից մի բան գնելու։ Իսկ երբ դուրս գալը անհրաժեշտ էր, նա Օվսաննային խնդրում էր ուղեկցել տիկնոջը, որ «մենակ տխուր չլինի»։ Իսկ ինքը երբեք նրա հետ դուրս չէր գալիս։
Այդ անտանելի կացությունը, հարկավ, չէր կարող չազդել երիտասարդ տիկնոջ վրա։ Եվ նա տեսնում էր, որ օրեցօր կորցնում է յուր զվարթությունը։ Ի՞նչ սարսափ զգաց նա, երբ առաջին անգամ հայելու մեջ նկատեց յուր գլխի մազերի մեջ սպիտակներ։ Միթե նա արդեն երեսուն ու չորս տարեկա՞ն է։ Բայց մա՞րդը, մա՞րդը, օօ՛, նա վաղուց վաթսունից անցել է։ Դժբա՜խտ կյանք, անիծյա՜լ կյանք։ Նա կատաղությունից բռունցքները սեղմեց, շրթունքները այնպես կծեց, որ արյուն դուրս եկավ։
Մոտեցավ ամառը։ Տիկինը կարծում էր, որ գոնե ամառանոցում նրա կյանքի պայմանները ավելի կթեթևանան։ Բայց որքա՞ն հուսախաբ եղավ, երբ Պյոտր Սոլոմոնիչը դրականապես հայտնեց, թե վճռել է ամառը ապրել... Մարդկոպում...
Մարդկոպ, Խութեբա, տիկին Բախտամյանը գնա Խութեբա՞։ Ո՛չ, այդ անկարելի է, անհավատալի է, այդ չափազանցություն է, խայտառակություն է։ Ոչ մի հարուստ, ոչ մի քիչ թե շատ հայտնի ընտանիք չի գնում այդ հետ ընկած ամառանոցը։
Նա հակառակեց, նա լաց եղավ։ Բայց ոչինչ չօգնեց։ Պյոտր Սոլոմոնիչը վճռել էր և պետք է յուր վճիռը կատարեր։
Այն ժամանակ տիկինը փորձեց մի անգամ էլ գործ դնել սպառնալիք։ Նա ասաց, թե այդ տեսակ կյանք կրել չի կարող, թե կթողնի մարդուն էլ, երեխաներին էլ և կբաժանվի։
Մի դառն հեգնական ժպիտ մարդու կողմից եղավ կնոջ պատասխանը։ Պյոտր Սոլոմոնիչը դռները լայն բաց արեց, կանգնեց և, ձեռը մեկնելով դեպի դուրս, ասաց.
«Համեցե՛ք»։
Ոչ մի տեղ նա չի կարող գնալ։ Նա Պյոտր Սոլոմոնիչ Բախտամովի օրինավոր կինն է, պետք է հնազանդվի նրա կամքին։ Իսկ եթե հանդգնի տնից ոտը դուրս դնել, ոստիկանության միջոցով, օրենքի և եկեղեցու անունով հետ բերել կտա։ Ո՞վ պետք է նրան պաշտպանի։ Պառավ մա՞յրը։ Նա քաղցից մեռնում է։ Եղբա՞յրը։ Չունի եղբայր։ Ազգականնե՞րը։ Չեն համարձակվիլ:
Վերջապես, տիկինը խնդրեց խնայել գոնե Օվսաննային։ Հարսնացու աղջիկ է, ի՞նչ մեղք ունի, որ նրան դատապարտում են երեք ամիս ապրել մի խուլ անկյունում, ուր, բացի կոպիտ գյուղացիներից, ոչ ոք չկա։
Սակայն Պյոտր Սոլոմոնիչը պատասխանեց, թե Օվսաննան, եթե ուզում է, կարող է քրոջ հետ ամառանոց գնալ։ Բարաթյանները կամ Բորժոմ կգնան կամ Աբասթուման կամ մի ուրիշ ավելի լավ տեղ։
Նրանք ջահել են, նրանց ուրախ կյանք, ուրախ տեղ է հարկավոր։ Մենք պառավ մարդիկ ենք, որտեղ էլ որ լինի միևնույն է մեզ համար, միայն թե օդը մաքուր լինի։
Ոչինչ չէր կարելի անել։ Տիկինը ակամա հնազանդվեց։ Բայց Օվսաննային չթողեց Գայանեի հետ ամառանոց գնալ։ Ինչո՞ւ, թող այդ աղջիկն էլ տխրի նրա հետ մի աննշան գյուղում։ «Գոնե նա կարող է մխիթարել ինձ», ասում էր տիկինը։
Պյոտր Սոլոմոնիչը չարախնդությամբ ժպտում էր, տեսնելով կնոջ հուսահատությունը։ Պարզ էր, որ նրան սատանայական հաճույք էր պատճառում այդ բոլորը։
Անվերջ ձանձրալի և տխուր էին տիկնոջ համար այդ երեք ամիսները։ Նրան թվում էր, թե աքսորականի կյանք է վարում։ Ուրախությամբ կհամաձայնվեր մնալ քաղաքում, խաշվել թեկուզ աֆրիկյան անտանելի շոգերի մեջ, միայն թե «մարդկանց» երես տեսներ, մարդկանց և ոչ մի քանի «հավլաբարցիների, ոչ հավ ու ձու ծախող շինականների»։
Հետզհետե նա էլ Պյոտր Սոլոմոնիչի պես դառնում էր դյուրագրգիռ, կռվարար։ Յուր սրտի թույնը թափում էր շրջապատողների գլխին։ Երբեմն մինչև անգամ ձեռք էր բարձրացնում անմեղ զավակների վրա չնչին զանցառության համար։
Աշնան սկզբին քաղաք վերադառնալով, նրան թվաց, թե դժոխքից արքայություն տեղափոխվեց։ Նա ագահությամբ վազեց փողոց, պտտեց խանութները, այցելեց բոլոր ընկերուհիներին։ Պյոտր Սոլոմոնիչը մտքում վճռել էր նրան մի շաբաթ ազատ թողնել. միայն մի շաբաթ, իսկ հետո դարձյալ պետք է նրան յուր ճանկերի մեջ առներ։
Երբ Աննային հարցնում էին, ի՞նչ զարմանալի միտք ստիպեց նրան Մարդկոպը գերադասել գեղեցիկ ամառանոցներից, նա պատասխանում էր.
Ձանձրացել էի հասարակությունից։
Օ՛հ, էլ մի՛ ասեք, մենք Վիսբադենում զզվեցինք...
Սիրտս էր տրաքում Վիեննայում...
Այս ամառ Փարիզում շատ շոգ էր...
Այս բոլորը դիտմամբ արձակված փշեր էին խեղճ տիկնոջ սիրտը խոցոտելու համար։ Որքան Պյոտր Սոլոմոնիչը սառած լիներ դեպի հասարակական գործերը, չկարողացավ անտարբեր մնալ քաղաքային նոր ընտրությունների ժամանակ։ Հայտնվեց, թե այս անգամ ընտրողական պայքարը ավելի սաստիկ պետք է լինի, կուսակցությունները ավելի թշնամաբար են տրամադրված։
Ամբակում Աֆանասևիչը անչափ վրդովված էր։
Այդ կռոները, բացականչում էր նա, ամեն տեղ ասում են, թե մենք քաղքցիներս ոչ մի բանի ընդունակ չենք, բացի Կախեթի գինի խմելուց ու շարմանկա լսելուց։ Ջհուդներ, հաց խլողնե՛ր։
Այստեղ Պյոտր Սոլոմոնիչի թմրած աչքերը մի վայրկյան վառվեցին։ Նա սրտմտությամբ գոչեց։
Մերոնք կռո-ջհուդներից վատ են։ Եթե նրանք մեր հացն են խլում, մերոնք էլ մեր տան պատիվն են ոտքի տակ տալիս...
Ասաց նա այս խոսքերը, որովհետև չկարողացավ զսպել սրտի մաղձը։ Սակայն նույն պահին զգաց յուր անզգուշությանը, լռեց իսկույն և, երեսը շուռ տալով, հեռացավ, առանց մինչև անգամ ցտեսություն ասելու։ Ամբակում Աֆանասևիչը չափից դուրս զարմացած նայեց նրա հետևից և աչքերը լայն բաց անելով, արտասանեց,
«Էհե՛, խեղճ մարդ, բանդ բուրդ է...»։
XV
Օրիորդ Կարինյանը արտասահմանից վերադառնալուց հետո ընդհանուր ուշադրություն էր գրավել։ Նրա անխառն, անշեղ բնավորությունը, անկեղծ և հասարակ վարմունքը հավաքել էին շուրջը մի խումբ օրիորդներ և երիտասարդներ։ Շաբաթը երկու անգամ նրա բնակարանը լիքն էր լինում հյուրերով։
Այցելում էին հաճախ և՛ Մսերյանը, բժիշկ Սալամբեկյանը և Դիմաքսյանը։ Տանտիրուհու պարզ վարմունքը ամենքին տրամադրում էր լինել ազատ, զվարթ։
Հյուրերը սովորաբար հավաքվում էին հինգշաբթի և շաբաթ երեկոները, երբ օրիորդը ազատ էր յուր զբաղմունքներից։ Մսերյանի ոգևորիչ զրույցները և Դիմաքսյանի սուր, առողջ դատողությունները ընկերական շրջանին տալիս էին լրջություն։
Սակայն երևույթների կենտրոնը բժիշկ Սալամբեկյանն էր։ Նրա սառն, դանդաղ եղանակով արտասանած կատակներր, կիսահիասթափ և հեռատես սրախոսությունները կամա ակամա շարժում էին ամենքի ծիծաղը։ Նա ինքը երբեք չէր ծիծաղում, նույնիսկ ամենազվարճալի մի բան պատմելիս նրա մելամաղձոտ դեմքի վրա ժպիտ չէր երևում։ Դա ավելի համեմում էր նրա հումորը, որ անիմաստ և դատարկ բաների մասին չէր, այլ հարվածում էր կյանքի որևէ վատ երևույթ։
Այնուամենայնիվ, վերջին ժամանակ նրա մեջ նկատելի էր մի տեսակ փոփոխություն։ Նա դարձել էր համեմատաբար ավելի գործունյա և եռանդուն։ Նա առաջվա չափ հաճախ չէր կրկնում «աշխարհը դատարկ բան է»։ Բացի հիվանդանոցում ունեցած պաշտոնից, նա ձեռք էր բերել և ուրիշ մի թեթև բժշկական պաշտոն, ուներ նաև «պրակտիկա»։ Առհասարակ մելամաղձության հետ այժմ նրա աչքերի մեջ երևում էր և մի տեսակ զվարթություն։ Կարծես, կյանքը նրա համար ավելի հրապուրիչ էր դարձել։
Ժողովների ժամանակ Մսերյանը դիտում էր բժշկին, մանավանդ այն րոպեներին, երբ սա Կարինյանի հետ էր խոսում։ Այդ միջոցին իդեալիստը նկատում էր, որ բժիշկը ավելի զվարթանում է և ավելի աշխույժ ստանում։ Եվ նա զգում էր մի ակամա նախանձ։ Թախիծը սրտում նա հետևում էր օրիորդի յուրաքանչյուր քայլին, աշխատում էր գտնել հարմար ժամանակ նրա հետ առանձին խոսակցելու։ Բայց երբ հարմար ժամանակը գալիս էր, նա շփոթվում էր, հուզվում և չէր կարողանում ինչի մասին խոսել և ինչպես սկսել։
Ամբողջ կյանքի ընթացքում նա այդ տեսակ շփոթություն առաջին անգամն էր զգում, և երեսունութ տարեկան տղամարդը այս դեպքում նմանվում էր մի անփորձ պատանու։
Բայց ի՛նչքան ձանձրացնում էր Մսերյանին այրի Բոլումբաշյանը։ Այդ հասակավոր կինը երիտասարդների շրջանում իրան պահում էր ավելի քան երիտասարդ։ Նա, կարծես, երդվել էր ամուրի Մսերյանին հալածել մինչև վերջին շունչ, այնքան, մինչև որ գուցե նա հաղթվի։
Ամառվա սկզբին ընկերական շրջանը ցրվեց: Ամենքը գնացին այս ու այն կողմը։ Օրիորդ Կարինյանը հրավիրվեց ամառանոց յուր մի ազգական ընտանիքի հետ ամառը անցկացնելու։
Դիմաքսյանի ջղերը բոլորովին հոգնել էին, նա զգում էր հանգստանալու կարիք։ Նա վշտացած էր մի անհաջողությամբ։ Նա ավարտել էր յուր գրվածքը «Անհատի և հասարակության մասին», բայց մի անհաղթելի խոչընդոտի պատճառով ստիպված էր նրան լույս չընծայել:
Նա առաջարկեց Մսերյանին միասին գնալ մի տեղ օդափոխության։ Եվ նրանք ուղևորվեցին այն ամառանոցը, ուր հրավիրված էր Կարինյանը։
Այդտեղ էր նաև Գայանեն յուր զավակների հետ։
Երկու ընկերները վարձեցին մի հյուրանոցում երկու սենյակ, վճռելով մնալ մի ամբողջ ամիս, որից հետո Դիմաքսյանը մտադիր էր գնալ յուր ծննդավայրը։ Ամեն օր նրանք առավոտյան դուրս էին գալիս լեռնային մաքուր օդ շնչելու և բնության հրաշալի տեսարաններով զվարճանալու։
Մի անգամ Դիմաքսյանը հանդիպեց Գայանեին։ Տիկինը յուր երկու փոքրիկ զավակների և դայակի հետ հասարակական ծառաստանումն էր։ Դիմաքսյանի հետ էին Մսերյանը և օրիորդ Կարինյանը։ Նա կամեցավ բարևել տիկնոջը և անցնել։ Բայց օրիորդը մոտեցավ Գայանեին, համբուրեց նրա երեխաներին։ Ուղեկիցները ստիպված եղան կանգ առնել:
Գայանեն հագած էր հասարակ չթյա ամառային զգեստ, որի մուգ կապույտ գույնը ավելի ակնհայտ էր կացուցանում նրա դեմքի գունատությունը։
Խումբը նստեց մի փայտյա նստարանի վրա։ Դայակը երեխաների հետ խաղում էր մի քանի քայլ հեռու, կանաչ խոտի մեջ։ Մեծ երեխան արդեն վազվզում էր, փոքրը հազիվ կարողանում էր յուր թույլ ոտիկների վրա կանգ առնել։ Գայանեն պատմեց օրիորդին, թե նրա ամուսինը բնակվում է քաղաքում և միայն շաբաթը կամ երկու շաբաթը մի անգամ գալիս է ամառանոց մի քանի օրով: Օրիորդի և տիկնոջ հարաբերությունը բավական բարեկամական էր։ Բացի հեռավոր ազգականուհիներ լինելուց, նրանք գիմնազիական ընկերուհիներ էին եղել։
Դիմաքսյանը Գայանեի խոսքերից բնազդումով զգաց, որ տիկինը աշխատում է ցույց տալ, թե յուր կյանքը անցնում է շատ ուրախ, երջանիկ։ Բայց նա կեղծիքը հասկանում էր և չէր կարող չհասկանալ։ Նա ծանոթ էր յուր նախկին ընկերոջ բնավորությանը, գիտեր, թե այժմ ինչ տեսակ կյանք է վարում տնից դուրս։ Ուստի երևակայում էր, թե որքան կարող էր երջանիկ լինել մի կնոջ կյանք, որ այդպիսի ամուսին ունե, եթե միայն այդ կինը կամ չափազանց հիմար կամ չափազանց դյուրահավան չէ։ Իսկ թե Գայանեն ոչ այս էր, ոչ այն, որ նա խելոք էր, զգայուն, որ նրան գոնե այժմ խաբելը դժվար էր այդ շատ լավ գիտեր Դիմաքսյանը։
Նա սկսեց խղճալ տիկնոջը, բայց միևնույն ժամանակ, վրդովվել։ Թող նա կրե յուր անզգուշության և կուրության պատիժը։ Թող տեսնի, թե ում հետ կապեց յուր կյանքը հավիտյան, գերադասելով արտաքին փայլը և շուքը ներքին, հոգեկան արժանավորություններից։ Այնուհետև Դիմաքսյանը հաճախ պատահում էր Գայանեին, որ միշտ յուր փոքրիկների և նրանց դայակի հետ էր լինում և միշտ միևնույն նստարանի վրա նստած։ Երբ Դիմաքսյանը մենակ էր լինում, ամաչում էր մոտենալ նրան, թեև տիկինը ընդունում էր նրա բարևները այնքան սիրալիր, այնքան բարեկամական կերպով, որ կարող էր վստահ մոտենալ, առանց կասկածելու, թե այդ դուր չի գալ նրան։
Հետզհետե նրա սրտում պակասում էր նախկին ատելությունը, տեղի տալով ցավակցության։ Նա ցավում էր Գայանեի մասին, որովհետև համոզվում էր, որ նա դժբախտ է։ Երբեմն նա Մսերյանի հետ հյուրանոցի պատշգամբի վրա նստած մինչև ուշ գիշեր խոսակցում էր։ Եվ նրանց խոսակցության առարկան մեծ մասամբ Գայանեն և օրիորդ Կարինյանն էին։ Իդեալիստի համար այժմ չկար ուրիշ ավելի հետաքրքրական թեմա, քան օրիորդը։ Այժմ նա անչափ ուրախ էր, որ Կարինյանը, առանց ուրիշի օգնության, յուր գործը նյութականի կողմից հաջողեցրել էր և սեպտեմբերի սկզբին արդեն պետք է բաց աներ մանկական պարտեզը։
Մի օր հանկարծ ամառանոցում երևաց բժիշկ Սալամբեկյանը։ Նա ասաց, թե եկել է մի շաբաթով յուր ազգական մի ընտանիքի մոտ, որ Ախալցխայից էր տեղափոխվել ամառանոց։ Նրա գալը, ինչպես երևում էր, Մսերյանին դուր չեկավ: Դիմաքսյանը նկատում էր, որ այդ օրերը իդեալիստը շատ տխուր է, թեև ոչինչ չի ասում և առհասարակ շատ գաղտնապահ է դարձել։ Որքան այս հանգամանքը հետաքրքրական լիներ Դիմաքսյանի համար, բայց սեփական մտատանջությունը ամեն բան մոռացնել էր տալիս նրան։ Նրա մտքից և աչքից չէր հեռանում Գայանեն։ Ահա նա, միշտ մելամաղձոտ, միշտ գունատ, միշտ նստած միևնույն նստարանի վրա, մայրական զգույշ աչքերով հսկում է յուր փոքրիկներին։ Երբ նա տեսնում է Դիմաքսյանին, բռնի զվարթության ժպիտը երևան է գալիս նրա դեմքի վրա։ Նրա կապուտակ աչքերը դարձյալ փայլում են։ Կեղծի՛ր, կեղծի՛ր, բայց քո դժբախտությունը նկարված է այդ մռայլուն աչքերիդ մեջ։
Մի անգամ Դիմաքսյանը տիկնոջը հանդիպեց ամուսնու հետ։ Նրանք զբոսնում էին հասարակական պարտեզում, ուր նվագում էր երաժշտությունը և անցուդարձ էին անում ամառանոցի անհոգ բնակիչները։
Վերջին ժամանակ Բարաթյանը գրեթե անճանաչելի էր դարձել արտաքուստ։ Մի ժամանակվա նրբակազմ գեղեցիկ երիտասարդը գերացել էր, փոր գցել։ Նրա այտերը ուռել էին, կարմրել, պարանոցը հաստացել էր։ Դեմքի նախկին նրբությունը և խելացի արտահայտությունը տեղի էր տվել բուրժուական կուշտ, անհոգ արտահայտությանը։
Գայանեի համար այդ փոփոխությունն էլ անախո՛րժ էր։ Երբեմն, դիտելով ամուսնուն, նա հիշում էր, որ մի ժամանակ այդ մարդու գրավիչ հատկություններից մեկը նրա համար եղել է և՛ գեղեցկությունը։ Մե՞կը, գուցե հենց այդ մեկն էր գլխավորը։ Այժմ այդ էլ դավաճանում է նրան։ Ուրեմն ի՞նչն է նրա մեջ հարատև, մշտական...
Այժմ նրանց մեջ այլևս տեղի չէին ունենում ընտանեկան բուռն տեսարաններ։ Գայանեն տանջվում էր լուռ, անբողոք։ Բայց ո՛րքան թանկ էր նստում նրա սրտին այդ լռությունը։ Շատ անգամ կարելի էր տեսնել նրան յուր սենյակում առանձնացած արտասվելիս։ Չէ՞ որ այժմ նա միայնակ է, գրեթե բոլորովին միայնակ, որբ, անպաշտպան։ Ինչո՞ւ տիկին Բախտամյանը չթողեց Օվսաննային, նրա հարազատ քրոջը գալ նրա մոտ։
Ա՜խ, այդ կինը, ամեն տեղ նա է Գայանեի բախտի խոչընդոտը։ Այո՛, նա առաջինը ստվեր գցեց նրա ընտանեկան երջանկության վրա, առաջինը կորզեց նրա բախտը։
«Այսպե՞ս է արդյոք, իզուր չի՞ իմ մեղադրանքը»։
Ոչ, ոչ, հազար անգամ ոչ։ Փաստե՛ր։ Մի՞թե Իսակը անփորձ պատանի է, որ չհասկանա, թե որքան ծանր է հանցանքը, այնքան պետք է զգույշ լինել «փաստեր» ջնջելում։ «Չէ՞ որ հարյուր անգամ բռնել եմ նրա սուտը ...»։ Եվ այդ բոլորից հետո, մի օր, մի դժբախտ օր... ահա և փաստը...
Երեկո էր։ Նրանք նստած էին ամառային կացարանի ընդարձակ պատշգամբի վրա։ Դայակը երեխաներին քնեցրել էր և ինքը տնից հեռացել։ Բացակա էին և մյուս ծառաները։ Մարդ ու կին առանձին էին։
Հասարակական պարտեզից լսվում էր երաժշտության ձայնը։ Զով եղանակ էր, թեթև անտառային զեփյուռը մեղմիկ սոսափում էր ծառերի ճյուղերը։ Գայանեն, արմունկը հենած պատշգամբի վանդակապատին, դիտում էր օգոստոսի պարզ երկնակամարը, պսպղում էին պայծառ աստղերը։ Վաղուց նրա թեյը սառել էր, բայց նա ձեռ չէր տալիս բաժակին։
Վերջապես, պետք է խոսես, թե՞ չէ, արտասանեց Բարաթյանր, դու կարող ես մարդ խելագարեցնել։
Ուզո՞ւմ եք, որ խոսեմ։
Ոչ միայն ուզում եմ, այլ դա մի բնական պահանջ է։ Ամբողջ շաբաթը անտանելի շոգերում շան նման չարչարվում եմ, գալիս եմ այստեղ մի քիչ հանգստանալու և ի՞նչ եմ տեսնում, մի տխուր, թթված կերպարանք։ Մինչև ե՞րբ, ասա՛, մինչև ե՞րբ պետք է այդպես շարունակվի։
Այո՛, մինչև ե՞րբ, կրկնեց Գայանեն հանդարտ, կարծես, ինքն յուր հետ խոսելով։
Ուրեմն դու դեռ մտադիր ես երկա՞ր շարունակել։ Ո՛չ, ի սեր աստծու, բավական է, մի՛ տանջիլ ոչ քեզ, ոչ էլ ինձ։
Եթե իմ ձեռքիս լիներ այդ տանջանքից ձեզ ազատելը, աստծուն է հայտնի, կազատեի։ Բայց... չեմ կարող, ո՛չ, չեմ կարող, այն անմեղները...
Ձայնը դողալով, մատնեց նրան։ Սակայն նա կարողացավ զսպել իրան։ Մի քանի վայրկյան լռելուց հետո, ուղիղ նայեց ամուսնու երեսին և, թեթև հառաչելով, ասաց.
Ես ձեզ համար մի սյուրպրիզ ունեմ։
Բարաթյանը աչքերը լայն բաց արեց։
Ի՞նչ բան է այդ, հարցրեց նա վախեցած։
Գայանեն հանդարտ վեր կացավ տեղից, անցավ յուր սենյակը։ Մի րոպե չանցած նա դուրս եկավ' մի փոքրիկ ծրար ձեռին։
Ճակատագիրը ինքն է երբեմն մարդկանց մեծ զգուշությունով թաքցրած կեղտը պարզում, ասաց նա, բայց եթե այդ կինը այնքան խելոք լիներ, որքան դուք, այս բանը այստեղ չէր ուղարկիլ: Գիտեմ, վատ բան է արածս, հասցեն ձերն էր, իրավունք չունեի բաց անելու, բայց ի՞նչ արած, փաստ էիք պահանջում, ահա՛... Բարաթյանը նստած էր ներսից լուսավորված պատուհանի առջև, ուստի նկատելի էր, թե ինչպես մի ակնթարթում փոխվեց նրա դեմքը։
Խե՛ղճ կին, նա տանջվում է։ Միթե դուք չե՞ք կարող ոչնչով օգնել նրան, ազատել մի խելագար ծերունու ձեռքից, ինչպես նա անվանում է այն ազնիվ մարդուն։
Երբեք Գայանեն այնչափ հանգիստ և, միևնույն ժամանակ, այնչափ սարսափելի չէր եղել յուր մարդու համար, որչափ այդ րոպեին։ Ինչպես բարոյականության անողոք դատավոր, կանգնած էր մեղապարտ ամուսնու առջև և տալիս էր յուր դատավճիռը։
Բարաթյանը միայն նայեց ծրարին, ամեն բան հասկացավ, դրեց գրպանը։ Հերքել անկարելի էր։ Հարկավոր էր միայն պաշտպանվել։ Նա հազիվ կարողացավ ուշքի գալ, հնարել արդարանալու մի միջոց, մի խոսք։ Սակայն Գայանեն չթողեց նրան բերան բաց անել։ Դրական և անդիմադրելի եղանակով նա ասաց.
Ո՛չ մի խոսք...
Հետո, մի ծանր հառաչանք արձակելով տառապող սրտի խորքից, ավելացրեց.
Մեր մեջ այսուհետև ամեն կապ պետք է կտրված համարել։
Նա գլուխը բարձր պահած, գունատ, ինչպես դիակ, զզվանքով և ատելությամբ լի մի հայացք ձգեց ամուսնու վրա և ծանր քայլերով անցավ յուր սենյակը։
Բարաթյանը ժամանակ չունեցավ մի բառ անգամ արտասանելու։ Բայց երբ Գայանեն անհետացավ, նա ձեռները հենեց ծնկներին, նայեց հատակին և, գլուխը շարժելով, արտասանեց.
«Կոմեդիան դրամա է դառնում...»։
XVI
Ամառանոցը գտնվում էր Կովկասյան երկրի մի գեղեցիկ վայրում։ Դա սքանչելի Բորժոմն էր, շրջապատված բարձր, անտառազարդ լեռներով և ուղղահայաց, անմատչելի ժայռերով։ Այստեղ մի կողմից հանդարտ հոսում է Քուռը։ Մյուս կողմից սրընթաց վազում է մի փոքրիկ լեռնային գետակ, որ կրում է ամառանոցի անունը։ Գետը կլանում է գետակին հովտի կենտրոնում և գոյացնում երեք թերակղզիներ, որոնց վրա սփռված են հարուստ ու շքեղ ամառային կացարանները։
Արեգակը միայն միջօրեին մի քիչ ժամանակ նայում է հովիտի խորքը, այնուհետև ահռելի ժայռերը ամեն ինչ քողավորում են իրանց մութ ստվերներով։ Գետակը լեռների ծոցից քշում բերում է մի անընդհատ զով։ Եվ այդ զովն է, որ հալածում է ձորի մեջ տիրող բնական տոթը։ Շարժվում են հսկայական եղևնիների և մայր ծառերի գագաթները, խաղում են բազմատեսակ թփերի տերևները և օդը լեցնում բնության մշտական համերգով։
Գետակը հուսահատ կռվում է ժայռերից թավալված վիթխարի բեկորների հետ, և նրա հատակից լսվում են տարօրինակ մռնչյուններ, նման մարդկային հուսահատ գոռոցների։
Տեղ-տեղ այդ բեկորները գոյացնում են փոքրիկ ջրվեժներ, որոնք իրանց փրփուրներով հեռվից նմանվում են գետակի վրա սփռած սպիտակ սավանների։ Իսկ տեղ-տեղ նրանք գոյացնում են մանր կղզիներ, ուր առավոտից մինչև երեկո թռչկոտում են տեսակ-տեսակ թռչուններ։ Թանձր մացառներով ծածկված քարքարոտ ափերից տարածվում են աջ ու ձախ բազմաթիվ ուղիներ, որոնք տանում են դեպի անտառապատ լեռների բարձրությունը։ Տեսարանը ավելի ամփոփ և ավելի գեղեցիկ է երևում այդ լեռներից մեկի գագաթից դիտելիս։ Այստեղից բացվում է անթիվ ձորերի, կիրճերի և այրերի մի շարք։ Երևում են ուրիշ գետակներ և առվակներ, որոնց մակերևույթները մերթ ժպտում են արևի ճառագայթներից, մերթ մթնանում ծառերի և ժայռերի ստվերներից։ Նուրբ լսողությունը այստեղ կարող է զվարճանալ մի տարօրինակ և վերին աստիճանի դուրեկան երաժշտությունով, որ բաղկանում է ստորոտում հոսող ջրերի ձայներից, թռչունների կչկչոցներից և մեղմիկ հողմի շշնջյուններից։ Եվ այդ երաժշտությունը ավելի գերբնական է հնչում, ավելե ֆանտաստիկական թվում, երբ լսողի հայացքը թափառում է հեռավոր լեռների գագաթներով, ուր դարավոր ծառերը, կարծես, պարզ և կապույտ երկնքի հորիզոնում դյութական սիլուետների պես պար են բռնում։ Միջօրեին մոտ արևի ջերմությունը անտառի ծառերի, թփերի ու ծաղիկների միջից դուրս է մղում պես-պես բուրմունքներ և նրանց անուշ խառնուրդով տոգորում լեռնային հստակ օդը։ Այդ միջոցին օդը փոքր-ինչ փոխում է յուր գույնը։ Երևում է նրա մեջ մի նուրբ արծաթագույն փոշի, որ թեթև գոլորշիի պես բարձրանում է դեպի վեր և երկնքի մուգ կապտությունը սքողում բարակ, թափանցիկ շղարշով։
Ինքը, ամառանոցը երևում է լեռների մեջ ամփոփված և ծառերի խտության մեջ թաղված։ Բանաստեղծական անկարգությամբ տեղավորված տների և տնակների կանաչ, կարմիր, մոխրագույն և սպիտակ կտուրները հազիվհազ նշմարվում են, ինչպես դալար խոտի մեջ հանգչող կրիաներ գույնզգույն կեղևներով։
Դիմաքսյանը երբեմն մենակ նստում էր մի մամռապատ ապառաժի վրա ու ժամերով դիտում շրջակայքը։ Այդ միջոցին նրա թախիծը չէր նմանվում սովորականին։ Նրա սիրտը լցվում էր զորավոր զգացումներով ու տարօրինակ ձգտումներով։ Նա նախանձում էր բնությանը, այո՛, նախանձում էր նրա գեղեցկությանը, նրա հարատև, գոյությանը, նրա անսահման ուժին և օրենքներին։ Հեռավոր լեռների վսեմ տեսքը, սրածայր ժայռերի սոսկալի կերպարանքը, ընթացող ջրի մշտականությունը, այդ բոլորը նրա սիրտը ճնշում էին և, միևնույն ժամանակ, բորբոքում։ Արյունը եռում էր երակների մեջ, և նա վրդովվում էր, թե ինչու բնության ստեղծագործության մեջ բանական արարածը, մարդը, չպիտի հարատև վայելի այդ բոլոր սքանչելիքները։ Ինչո՞ւ այդ գետակը, այդ անտառը, վերջապես, այդ անօգուտ ժայռի բեկորը ավելի պետք է շարունակի յուր գոյությունը, քան թե ինքը։ Ինչո՞ւ մարդ այնքան փոքրիկ է, այնքան աննշան, որ մատաղ ծառ, մի որևէ թուփ կարող է ծածկել նրան բնության այդ վիթխարի ուժի առջև։
Երեսուն ու մեկ տարեկան է, դարձյալ մի տասը տարի, և ահա ոտք կդնի ծերության առաջին շրջանը։ Այնուհետև արագ-արագ կսպառվեն նրա ուժերը, կսառչեն նրա զգացումները, և հետո, մի օր, մի սարսափելի օր, նա այչևս չկա։ Բայց ի՞նչ է արել մինչև այժմ, և մի՞թե նա պետք է չքանա առանց մի խոշոր հետք թողնելու յուր հետևից...
Կեսօր էր։ Նա արմունկը հենած կանաչ գետնին, գլուխը ձեոի ափի մեջ պահած, դիտում էր թփերի մեջ թռչկոտող ինչ-որ խայտաբղետ թռչնիկների խաղը։ Հանկարծ նրա առջև նկարվեց մի մարդկային մարմնի շվաք։
Նա հետ նայեց։ Մսերյանը կանգնած էր նրա գլխի մոտ գունաթափ դեմքով, վհատված աչքերով, տրտում և միանգամայն անճանաչելի։
Անպատճառ մի դժբախտություն է պատահել, գոչեց Դիմաքսյանը, գլուխը բարձրացնելով։
Մսերյանը ձեռքով մի հուսահատ շարժում գործեց և, ուժասպառ ընկղմվելով կանաչ խոտի մեջ, թույլ և ընկճված ձայնով պատասխանեց.
Երկու ժամ է քեզ փնտրում եմ։
Նստիր և հանգստացիր, երեսիդ գույն չկա, դողում ես։
Դողո՛ւմ եմ. լա՛վ, դողում եմ, ի՞նչ ես ուզում ինձանից, գոչեց Մսերյանը բարկանալով, տեսնում ես, որ չորացած, կուչ եկած տերևի եմ նմանվում։ Բայց ե՞րբ եմ ասել, թե ուզում եմ մրցել ուրիշների հետ, այն էլ իմ սիրած ընկերոջ հետ։ Ախ, Արսեն, եթե իմանայիր որքան ինքս իմ դեմ վրդովված եմ, որքան ինքս իմ աչքում խղճալի։ Այո՛, այո՛, խղճալի եմ, և ի՞նչ կսազեր ինձ այս հասակումս խելքից զրկվել...
Արդեն Դիմաքսյանը մասամբ գուշակում էր, թե ինչ է պատահել։ Անցան մի քանի րոպեներ, Մսերյանը փոքր-ինչ հանդարտվեց և սկսեց եղելությունը պատմել։ Միթե Դիմաքսյանը չգիտե՞ր նրա ամառանոց գնալու շարժառիթը։
Ուրեմն մի՛ ստիպիլ ինձ կարմրել, մանրամասնությունները պատմելով։ Ես կասեմ այն, ինչ որ միայն այսօր անցավ իմ գլխով։
Բժիշկ Սալամբեկյանի երևալը զարթեցրեց նրա մեջ մի անտանելի նախանձ։ Նա այլևս չկարողացավ դիմանալ սրտի բուռն զգացմանը։ Նա գուշակում էր, որ մի բան կա օրիորդ Կարինյանի և բժշկի միջև և, եթե լիներ դրական մարդ, կարող էր հետ կանգնել յուր սնոտի հույսերից։ Բայց մի անհաղթելի ուժ մղեց նրան դեպի առաջ և բաց արեց նրա ոտների տակ մի վիհ։ Երանի գոնե մի օր նա լիներ Վեքիլյան կամ ունենար նրա քարոզած զգուշությունը և խոհեմությունը։ Այն ժամանակ նա այսօրվա «հիմարությունը» չէր անիլ։ Կտանջվեր, բայց առանց ամոթի, առանց խղճի խայթոցի։
Եվ գիտե՞ս ինչն է ինձ տանջողը։ Կարծում ես նրա մերժե՞լը։ Ո՛չ. այդ բանին ես արդեն մի քիչ նախապատրաստված էի, երբ սկսեցի բացարձակ խոսել։ Ինձ վշտացնում է այն, որ նա խելոք վարվեց, իսկ ես հիմար։ Եթե տեսնեիր, ինչպես նա աշխատում էր ինձ չվշտացնել։ Ես պարզում էի նրան իմ սիրտը, նա լսում էր հրեշտակի համբերությունով։ Բայց խոսքս չվերջացրած, նրա աչքերի մեջ կարդացի իմ պատասխանը։ Նա մերժեց, բայց ինչպե՞ս, կարծես, նա մեղավոր էր իմ առջև և ուզում էր արդարանալ։ Է՛հ, ինչ երկարացնեմ։ Նա բժշկին սկսել է համակրել դեռ ինձ հետ ծանոթանալուց առաջ։ Նրանք նամակագրություն են ունեցել միմյանց հետ, երբ օրիորդը արտասահմանումն էր։
Նա ոտքի կանգնեց։ Այդ րոպեին նա այնքան ճնշված, այնքան վշտալի էր, որ Դիմաքսյանը պատրաստ էր ամեն բան անել, միայն թե այդպես չտեսներ նրան։ Նա մոռացել էր սեփական վիշտը և մտքում որոնում էր խոսքեր, որոնցով հնար լիներ մխիթարել ընկերոջը։ Բայց այդ դյուրին չէր։ Ի՞նչ խոսքեր կարող էին սփոփել մի սիրտ, որ երեսունութ տարի կույս էր մնացել, առաջին անգամ համակվել էր սիրո զգացումով, և այդպես անհաջող։
Մի ժամանակ նույն հուսահատությամբ Դիմաքսյանը պարզում էր յուր սիրտը Մսերյանի մոտ, և սա կարողանում էր նրան մխիթարել։ Իսկ այժմ իդեալիստի աչքերի մեջ երևացող թացությունն անգամ չթելադրեց նրան մի մխիթարական դարձված, մի խոսք։ Ճիշտ որ այդ չափահաս մարդը, որի աչքերը գուցե կյանքի ամենադժվար րոպեներում արցունք չէին տեսել, այժմ, կարծես, ուզում էր արտասվել։ Բայց ո՛չ, նա երեսը հետ դարձրեց, զսպեց իրան և երբ կրկին նայեց ընկերոջը, արդեն բավական հանգիստ էր նրա դեմքը։
Սմբատ, խոսեց, վերջապես, Դիմաքսյանը մի՞թե դու ինձանից թույլ ես, որ այդպես հուսահատվում ես։ Ճշմարիտ է, քոնը ավելի ցավալի է, որովհետև դու բացարձակ հայտնեցիր քո սերը և բացարձակ էլ մերժում ստացար: Բայց մտածիր, որ Կարինյանը քո ընկերոջը, այն էլ լավ ընկերոջը, ընտրեց, իսկ Գայանեն իմ թշնամու, այն էլ վատ թշնամու կինը դարձավ։ Գոնե այսքանը թող քեզ մխիթարի։
Ընկե՛ր, կրկնեց Մսերյանը հեգնորեն, ո՞րն է զորեղ, ընկերական սերը, թե՞ սերը դեպի կինը։ Համոզվա՞ծ ես արդյոք, որ քո և Բարաթյանի թշնամության գլխավոր հիմքը Գայանեն չէ...
Այս խոսքերի մեջ կար մի փոքր ճշմարտության։ Դիմաքսյանը զգաց, որ լոկ համոզմունքների տարբերությունը գուցե այնքան սուր կերպարանք չտար նրանց թշնամությանը, եթե մեջտեղ չլիներ Գայանեն։
Ուրեմն, շարունակեց Մսերյանը, մի՛ զարմանալ, եթե ասեմ, որ ես այլևս այստեղ չեմ կարող մնալ և նրա երեսը տեսնել։
Եվ նա, անմիջապես ձեռը թույլ կերպով մեկնելով Դիմաքսյանին, ավելացրեց.
Երևի՛, դու դեռ կմնաս այստեղ։
Իսկ դու։
Գնում եմ։
Ո՞ւր։
Չգիտեմ, միայն այստեղից պետք է հեռանամ հենց այսօր, հենց այս ժամին։
Նա ձեռքով մի տխուր, հուսահատ շարժում գործեց և քայլերը արագացրեց։ Երկու ժամ անցած նա ուղևորվեց ամառանոցից, չնայելով ընկերոջ թախանձանքին՝ գեթ մի քանի օր էլ սպասել։
Մնալով միայնակ, Դիմաքսյանը սկսեց ավելի տխրել։ Նա ցավակցում էր Մսերյանին անչափ, բայց, միևնույն ժամանակ, ընկերոջ դժբախտության մեջ զգում էր մի տեսակ մխիթարություն։ Այժմ նա տեսնում էր, որ միայն ինքը չէ անհաջող բախտի տեր, մերժված և մոռացված։
Նա շարունակում էր յուր մենակի զբոսանքները։ Եվ միշտ նրա քայլերը ակամա դիմում էին այն կողմ, ուր սովորաբար լինում էր Գայանեն։ Բայց երեխաները և դայակը միշտ միևնույն տեղն էին լինում սովորական ժամին, իսկ Գայանեն մի քանի օր էր չէր երևում։ Նա սկսեց անհանգստանալ. չլինի՞ թե հիվանդ է տիկինը։ Մի անգամ, չկարողանալով զսպել բուռն հետաքրքրությունը, զգուշաբար հարցրեց դայակին։ Ռուս կինը աչքունքը թթվացնելով պատասխանեց, թե «տիրուհին» թեև պառկած չէ, բայց «տկար է»։
Դիմաքսյանը անտակտություն համարեց ավելի հարցնել։ Նա համբուրեց երեխաներին, նայեց մեծ աղջկա աչքերին, որ մոր աչքերին էին նմանում, թեթև հառաչեց և հեռացավ, յուր սրտում տանելով մի ցավակցություն դեպի այդ անմեղ արարածները։ Ցավակցություն, բայց խառն մի անբացատրելի ատելության հետ։
Նա անցնում էր մի նեղ ծառուղիով, ոչ հեռու գետակից, գլուխը կրծքին թեքած, անուշադիր դեպի յուր շուրջը։ Հանկարծ մեկը արտասանեց նրա անունը հետևից։ Նա հետ նայեց և տեսավ բժիշկ Սալամբեկյանին օրիորդ Կարինյանի հետ.
Ես կամենում էի հարցնել, ե՞րբ եք մտադիր վերադառնալ քաղաք, հարցրեց օրիորդը Դիմաքսյանին։
Նա ինքը չգիտեր, թե երբ կվերադառնա, գուցե վաղը, մյուս օրը, գուցե դեռ երկար ժամանակ կմնա։
Ինչո՞ւ համար էիք հարցնում, ասաց նա։
Ոչի՛նչ, այնպես։
Օրիորդը խոսում էր տատանվելով և կմկմալով։ Նրանք առաջ գնացին մի քանի րոպե լուռ։ Բժիշկը մտախոհության մեջ էր, չէր խոսում։ Օրիորդը նայեց նրա երեսին, մտածեց մի վայրկյան և ապա կրկին դարձավ Դիմաքսյանին.
Արդյոք պարոն Մսերյանի մասին տեղեկություն ունե՞ք։
Ո՛չ:
Քանի՞ ժամանակ է անցել նրա գնալուց։ Արդեն տասն օր է։
Եվ դուք նամակ չունե՞ք։
Դեռ ոչ. ի՞նչ կա...
Նա վախեցավ, կարծելով ընկերոջը մի բան է պատահել, որ օրիորդը այնքան անհանգիստ կերպով հարցուփորձ է անում։
Ոչինչ չի պատահել, ես միայն ուզում էի նրա մասին տեղեկություն ունենալ, ես նրան անչափ հարգում եմ...
Բժիշկը տակավին լուռ էր։ Մոտենալով ճեմելիքի ծայրին, նա նստեց նստարանի վրա, ասելով, թե սաստիկ հոգնած է։ Մի քանի րոպե անցած, օրիորդը հեռացավ, մտնելով դիմացի ամառանոցը, ուր նա բնակվում էր։ Երկու ընկերները մնացին աոանձին։
Ես զգում եմ, որ նա քեզ բոլորը պատմել է, խոսեց վերջապես բժիշկը, ուրեմն հարկ չկա թաքցնելու։ Բայց միթե ես մեղավո՞ր եմ, որ գործը այս ընթացքը ստացավ։ Դու գիտես, թե ես որքան սիրում եմ և հարգում Մսերյանին...
Մի՞թե ես այդ մասին մի խոսք ասացի՞ քեզ, մեղադրեցի՞։
Ո՛չ, բայց ի՞նչ և լինի, այժմ դու ինձ վրա ուրիշ աչքով ես նայում...
Ես քեզ վրա այժմ էլ այն աչքով եմ նայում, ինչ աչքով նայում էի առաջ։
Շնորհակալ եմ, պատասխանեց բժիշկը զվարթանալով, ինձ համար այդ մեծ նշանակություն ունե։
Ես միայն զարմանում եմ բնության խաղի վրա։ Երբեք չէի կարող երևակայել, որ Մսերյանը մի օր կհափշտակվի այդպես։ Իսկ դու, որ այնքան ծաղրաբար էիր վերաբերվում կյանքին, դու, որ դատարկ բան էիր համարում նրան, ինչպե՞ս եղավ, որ այսօր հանկարծ երկու ձեռքով ես գրկում այդ դատարկ բանը։
Ես ինքս չգիտեմ, ինչպես բացատրել։ Միայն այսքանը կասեմ, որ այն օրից, երբ ես մոտիկ ճանաչեցի այդ աղջկան, իմ մեջ սկսվեց մի հոգեկան հեղափոխություն։ Թող հոգեբանը բացատրի այս, իսկ ես այժմ այնքան ուզում եմ ապրել, այքան երբեք, երբեք չեմ կամեցել...
Եվ բժիշկը սկսեց ոգևորված գովել օրիորդ Կարինյանին, հարկավ, ինչպես սիրահար, կրկնապատկելով նրա արժանավորությունները։ Դիմաքսյանը զգում էր, որ յուր մեջ դարձյալ շարժվում է նախանձը։ Նա մտքում պարսավեց իրան և, աշխատելով զսպել վատ զգացումը, անկեղծաբար արտահայտեց յուր բերկրությունը ընկերոջ երջանկության մասին։
Օրեցօր նրա անհանգստությունը սաստկանում էր։ Տասնյակ միմյանցից վատ մտքեր նրան հալածում էին։ Արդյոք Գայանեն նրանից է խույս տալիս, որ տնից չէ դուրս գալիս։ Գուցե նա վախենում է յուր ամուսնուց կամ հասարակական բամբասանքից։ Բամբասա՞նք, բայց ինչո՞ւ համար. որ նա երբեմն դրսում պատահում է և խոսո՞ւմ մի օտար տղամարդի հետ։
Նա աշխատում էր մի անգամ, անպատճառ, ինչպես և է, տեսնել Գայանեին, ցույց տալ նրան յուր սառն հարգանքը, մի հարգանք, որ կարող է տիկնոջը համոզել, թե երբեք նրա վրա Դիմաքսյանը չի նայում սիրահարված մարդու աչքով։
«Այո՛, այսպես պետք է անեմ, ասում էր նա ինքն իրան, որ չկարծի, թե ես կամենում եմ ծաղրել նրա դժբախտությունը»: