Александр Ширванзаде

Արսեն Դիմաքսյան

Երկրորդ մաս, VIII - XII

VIII


Նա մնաց միայնակ ուսուցչական սենյակում, միայնակ յուր բոլոր սկզբունքների և համոզմունքների հետ։ Կրկին զգաց, որքան դժվար է մարդկանց հավատ ընծայելը։ Ուրեմն ոչ ոք ձայն չբարձրացրեց անարդար ոտնձգության դեմ, ոչ ոք չպաշտպանեց և չպիտի պաշտպանի նրան։ Կնշանակե՝ նրա կողմնակիցները հասկացել են հակառակ կուսակցության ուժը։

«Վախ, վա՜խ, միշտ մի կտոր հացի համար վախ, ահա այն հրեշը, որ ջլատում է մարդկանց բարոյական ուժը»:

Նա ձեռը ուժգին զարկեց սեղանին, ոտքի կանգնեց։ Երբ հետ նայեց, տեսավ մենակ չէ։ Սենյակի ծայրում կանգնած էր Ինյաթյանը և, ձեռները մեջքին դրած, անհոգ կերպով նայում էր պատին։

Մեծ մարդ է եղել հանգուցյալը, ասաց նա, ցույց տալով Ներսես Աշտարակցու պատկերը։

Այո՛, մեծ մարդ է եղել, պարոն Ինյաթյան։

Ասում են, երբեք չէր հուսահատվում խոչընդոտների հանդիպելիս։ Հենց այդ բանն է մարդկանց մեծացնում։ Հուսահատությունը թուլասիրտներին է միայն հատուկ։ Հա, ի՞նչ էի ուզում ասել, այս երեկո երևի, ուսուցչական ժողովը չի կայանալ։

Ինչո՞ւ։

Որովհեաև բոլոր ավագ ուսուցիչները հրավիրված են հոգաբարձու պարոն Վեքիլյանի մոտ։

Հրավիրվա՞ծ։

Միթե դուք չգիտեի՞ք, ձեզ չի՞ հրավիրել։ Զարմանալի է։ Խնջույքի նման մի բան է սարքել։ Ասում են նպատակ ունե պարոն Վեքիլյանը, այսինքն ուզում է ուսուցիչների հետ բարոյական կապ հաստատել: Ուրեմն ժողովը կհետաձգեք, չէ՞։

Եթե Վեքիլյանի խնջույքը ավելի հետաքրքրական է ձեզ համար, ժողովը պետք է հետաձգել։

Ինյաթյանը, քթի տակ երգելով, դուրս գնաց։ Այդ օրը Դիմաքսյանր ախորժակ անգամ չունեցավ ճաշելու, այնքան վրդովված էր։ Սիրականն այնպես սովորել էր նրա բնավորությանը, որ իսկույն հասկացավ, թե նա վատ է տրամադրված։ Նա հոգում էր Դիմաքսյանի մասին ինչպես սիրող, զգայուն եղբայր։ Նա պատրաստ էր ամեն րոպե մահու և կյանքի կռվի մեջ մտնել նրա համար, եթե միայն այդ հարկավոր լիներ։ Եվ Դիմաքսյանը լիովին հավատում էր նրա անկեղծ հավատարմությանը։ Ուրախալի էր նրա համար անկիրթ ժողովրդի այդ հարազատ զավակի մեջ տեսնել այդքան սեր։

Իրիկնադեմին նա գնաց Մսերյանի մոտ, ուր միշտ գնում էր, երբ հուզված էր լինում։

Իդեալիստը այս անգամ՝ անսովոր աշխույժ ստացած՝ անցուդարձ էր անում սենյակում, ինքն յուր հետ ձեռներով խոսելով։ Բանն այն է, որ նա այդ օրը պաշտոն է ստացել մի արքունական հիմնարկության մեջ և վաղվանից պետք է սկսեր ծառայել։ Նույն րոպեին նա մտքում հաշվում էր արդյոք պաշտոնը նրա ամբո՞ղջ ժամանակը պետք է խլե, թե՞ կարդալու համար ազատ ժամեր կթողնի։

Դիմաքսյանը շնորհավորեց նրան։

Բայց դու ինչո՞ւ տխուր ես, գոչեց Մսերյանը, էլի ո՞վ է էշիդ կաղ ասել։

Դիմաքսյանը պատմեց օրվա եղելությունը։ Մսերյանը, ինչ ասել կուզե, վրդովվեց։ Ի՞նչպես, Բարաթյանը կրոնի և եկեղեցու պաշտպան է դարձել։ Ուրեմն նա ուզում է ծախել այն, ինչ որ չունե։ Դա բարոյական գողություն է։

Եվ նա խոսում էր համոզվա՞ծ, ինչպես ճշմարիտ քրիստոնյա՞։

Դիմաքսյանը հեգնաբար ժպտաց։ Մի՞թե կարող է համոզմունք լինել մի բան, որ մարդու հոգուց չի բխում: Դա մի վտանգավոր զենք է նրա դեմ, ուրիշ ոչինչ: Օ՜օ, Բարաթյանը խելոք է, շատ լավ է ճանաչում հասարակության թույլ երակը: Նա ուզում է Դիմաքսյանի վարկը կոտրել, նրա հեղինակությունը ոտնատակ անել, ահա նրա նպատակը:

Ներողությո՜ւն, ընդհատեց Մսերյանը ընկերոջ խոսքը, նա ի՛նչպես կարող է քո հեղինակությունը ոտնատակ անել։

Հրատարակելով ինձ անկրոն։ Դա, իհարկե, նրան կհաջողվի, մարդկանց փոփոխամտության շնորհիվ։ Երևակայիր, ամբողջ մեր ուսուցչական խմբի մեջ այսօր մեկը չգտնվեց, որ ինձ հետ բողոքեր։ Ես մնացի մենակ, հասկանո՞ւմ ես, մենակ:

Եվ նա ավելացրեց, որ այսուհետև ամենքը իրանից պիտի երես դարձնեն։ Նա հաղորդեց Վեքիլյանի հացկերույթի մասին։ Նա հասկանում է, ինչ ասել է բարոյական կապ. Վեքիլյանր կամենում է նրա դեմ զինել ուսուցիչներին։

Մսերյանը գլուխը շարժեց։

Ինչո՞ւ ես ժպտում, միթե դու իմ տեղը լինեիր, չէի՞ր հուսահատվիլ։

Ե՞ս, ո՛չ։

Ո՞չ։

Չէի հուսահատվիլ: Նախ և առաջ ես քո տեղը երբեք չեմ կարող լինել։ Ով ինձ նման քամի կուլ տվողին սեմինարիայի ինսպեկտորի պաշտոն կտար։ Երկրորդ, եթե ես քո տեղը լինեի, իսկույն գդակս կվերցնեի, կասեի՝ մնաք բարով, հորս ցավը ձեզ էլ ու ձեր դպրոցին էլ։

Այդ կնշանակե չհուսահատվե՞լ։ Բայց ես գոնե այդպես չեմ անում, ես միայն վրդովվում եմ։

Դու այդ էլ չպիտի անես։

Դիմաքսյանը զարմացած նայեց ընկերոջ երեսին։ Նա բոլորովին ոչինչ չէր հասկանում նրա հակասական խոսքերից։ Մի րոպեաչափ նրանք լուռ էին։

Մսերյանը, նայելով յուր ծխախոտի ծայրին, ինքն յուր հետ խորհրդածության մեջ էր։ Պարզ էր, որ նա մի բան ուզում էր ասել, բայց չգիտեր, ո՛ր կողմից սկսել։

Վերջապես, նա ձեռքը խփելով Դիմաքսյանի ծնկին, ասաց.

Գիտե՞ս ինչ, Արսեն, ես քանի անգամ ասել եմ, որ դու ինձ երբեք օրինակ չվերցնես քեզ համար։ Դու ուրիշ մարդ ես, իսկ ես ուրիշ։ Մենք հակատիպարներ ենք։

Ճիշտ է, նա գդակ կվերցներ ու դպրոցից դուրս կգար, բայց երբեք չէր կամենալ, որ յուր ընկերն էլ այդպես անի: Չէր կամենալ, մինչև անգամ, որ նա հուսահատվի մազաչափ։ Վաղուց, շատ վաղուց նրա գլխում կազմվել էր հասարակական գործիչի լիակատար իդեալը։ Ո՛վ գիտե, որքան նա բախտավոր մարդ կհամարեր իրան, եթե կարողանար տասներորդի չափ լինել այն, ինչ որ նրա կարծիքով պետք է լինի հասարակական գործիչը։ Բայց նա զգում էր, որ չի կարող և հենց ավելի ցավալին էր այդ, որ զգում էր։

Իսկ դո՛ւ կարող ես լինել, շարունակեց նա ոգևորված, եթե միայն աշխատես։ Բայց դու, Արսեն, դեռ, ներիր, որ պարզն եմ ասում, դեռ շատ անեփ ես, անեփ, թե՛ ինչպես ընկերական մարդ և թե՛ ինչպես գործի մարդ։ Քանի-քանի անգամ ես տեսել եմ, որ ամեն մի չնչին բան քեզ հուսահատեցնում է կամ խրախուսում, ոգևորում։ Երբեք ես չեմ մոռանալ այն օրը, երբ մի ինչ-որ լրագրի հոդվածից, մի վայրիվերո գրվածքից քիչ էր մնում խելագարվեիր։ Կարծես, չգիտեիր, որ այդ թուղթ մրոտողների հարյուրից իննսունինը չարժեն ընկույզի կճեպին։ Չեմ մոռանալ և՛ այն օրը, երբ դու ոգևորված և հիացած պատմում էիր, թե ինչպես քեզ ընդունել են քո հայրենի քաղաքում։

Եվ մի քանի վայրկյան լռելուց հետո, իդեալիստը շարունակեց, ձայնի տոնը փոխելով և ավելի սառն կերպով։ Նա ասաց, թե բուն հասարակական գործիչը այդպես չի լինում. նա հեռու է սնափառության վտանգավոր ախտից։ Նրա համար նշանակություն չունեն ո՛չ ծափահարությունները և ո՛չ հալածանքները։ Նա ոչ ոքից չի սպասում ո՛չ վարձատրություն, ո՛չ երկրպագություն։ Նա յուր վարձը և խրախույսը պտրում է յուր անձնավորության մեջ և այնտեղ է գտնում։ Նրա բարոյական սնունդը, նրա հոգեկան քաջության միակ աղբյուրը յուր սիրտն է, յուր ներքին աշխարհը։ Այնտեղ է նա որոնում գովասանքն էլ, պարսավանքն էլ։ Այնտեղ է նա զգում և՛ ծափահարության ձայնը, և՛ անաչառ, խիստ քննության հարվածները։ Դրսի աշխարհը այս դեպքում նրա համար գոյութուն չունե։

Նա դարձյալ լռեց, նայեց ընկերոջ երեսին և ապա ավելացրեց. Ասա, այսպե՞ս է, թե՞ չէ, հերքի՛ր, եթե սխալվում եմ։

Բայց Դիմաքսյանը լուռ էր և ուշադիր լսում էր ընկերոջը։ Նա համաձայն էր նրա ասածների հետ. նա ինքը վաղուց այդ բանը գիտեր։ Բայց լսել մի ուրիշից այդպես բացարձակ, անկեղծ և խիստ կերպով ծանր էր նրա համար, այդ ուրիշը լիներ նրա ամենամտերիմ ընկերը։

Նա վախենում էր նայել Մսերյանի երեսին, որ այդ րոպեին այնքան խիստ, երկյուղալի, բայց և հարգելի էր նրա համար։ Նա զգում էր յուր դեմ նստած մի անողոք բուժիչ։ Սուր դանակը ձեռին, սառնությամբ այդ բժիշկը օպերացիայի էր ենթարկում նրա հոգու ամենաթույլ, ամենահիվանդոտ մասերը։ Բայց նա գիտեր, որ այդ խստությունը առաջանում է միմիայն հիվանդին բուժելու անկեղծ և ջերմ ցանկությունից։ Նա դողում էր, հուզվում, բարկանում, բայց և չէր ընդդիմանում այդ անողոք վերլուծությանը։

Գունատ դեմքով, աչքերը խոնարհեցրած, շնչասպառ և դժվարությամբ արտասանեց.

Շարունակի՛ր։

Մսերյանը ասաց, թե յուր ասելիքը վերջացել է։ Նա ավելացրեց միայն, թե յուր շրջանին, հասարակությանը, վերջապես մարդկությանը ծառայող ամեն մի փոքր թե մեծ մարդ ունե մի որոշ իդեալ։ Նա մաղթեց, որ Արսենի բարձրագույն իդեալը լինի Նա, որին ոչ մի իդեալ չէ կարող հասնել։ Նրան չծափահարեցին, այլ հալածեցին, որովհետև օտարոտի գաղափարներ էր քարոզում։ Բայց Նա չէր հուսահատվում, այլ գործում էր մարդկային տգիտության դեմ։ Նա ցավ չէր զգում մինչև անգամ այն ժամանակ, երբ բևեռված էր։

Որովհետև Նա յուր սրտի խորքում, գիտե՞ս, այստե՛ղ, ուներ անսահման սփոփանքի և բերկրության աղբյուր։ Դա աստվածային լույսն էր։ Այո՛, նա է բուն մարդը, ով այդ լուսո գոնե մի նշույլն ունե յուր մեջ։ Առանց նրան չկա ճշմարիտ մարդ, չկա մանավանդ ուրիշներին օգտավետ լինել կամեցող մի անհատ։

Նա վերջացրեց խոսքը և սկսեց անցուդարձ անել սենյակում: Արդեն օրը բավական մթնել էր։ Նա պարզ չէր տեսնում Դիմաքսյանի դեմքը, և եթե տեսներ, պետք է այնտեղ կարդար յուր խոսքերի խոր ազդեցությունը։

Իհարկե, դու ինձ կարող ես ֆրազյոր համարել։ Բայց այդ ինձ համար միևնույնն է, միայն թող իմ կարծիքը քեզ չվիրավորի։ Դու շատ լավ գիտես, որ մի ուրիշի հետ այսպես պարզ չէի խոսիլ: Բայց քեզ սիրում եմ և հարգում։

Շնորհակալ եմ, մրմնջաց Դիմաքսյանը խուլ ձայնով, շնորհակալ եմ։

Եվ մի քանի վայրկյան լռելուց հետո, հառաչելով ավելացրեց.

Այո՛, ես անեփ եմ, ես շատ թերություններ ունեմ։

IX

Գայանեի թախիծը քանի գնում, այնքան սաստկանում էր։ Դեռ առաջին մի քանի ամիսները նորածինը գրավել էր նրա միտքը։ Չար կասկածը տեղի էր տվել մայրական անդրանիկ սիրո զգացմանը։ Բայց անցան այդ ամիսները, և նա դարձյալ ենթարկվեց մի անգամ արդեն յուր սրտի մեջ արմատ ձգած տանջանքին։

Շատ անգամ ամուսինների մեջ տեղի էին ունենում ընտանեկան անախորժ տեսարաններ։ Մարդը, հարկավ, աշխատում էր փարատել կնոջ կասկածը, բայց իզուր։ Եթե ամենքը հավատացնեին, դարձյալ Գայանեն չէր համոզվիլ, թե միմիայն ինքն է սիրելի յուր ամուսնու համար և թե Իսակը ուրիշ ոչ ոքի վրա աչք չունե։ Գալով փաղաքշանքներին, այստեղ էլ Գայանեն զգում էր մի կեղծիք, մի նուրբ փարիսեցիություն։ Մի բան, որ տեսնում էր յուր ամուսնու հասարակական կյանքի մեջ էլ: Ո՞ւր է այն հոգեկան զորությունը, որ սպասում էր նա, թե մի օր պետք է երևան գա։ Ո՞ւր են այն բարոյական անխախտ սկզբունքները, որ տղամարդին աստվածացնում են կինարմատի աչքում, իսկ կնոջ սիրտը լցնում հպարտ պարծանքով յուր մարդու վերաբերմամբ։ Ինչո՞ւ նրա և Դիմաքսյանի մեջ ծագեցին այդ երկպառակությունները։ Չէ՞ որ նրանք գաղափարակից ընկերներ էին, կնշանակե երկուսից մեկը փոխեց յուր հայացքները։ «Ո՞րը փոխեց», հարցնում էր ինքն իրան Գայանեն, և մի ներքին ձայն նրան պատասխանում էր, թե ոչ Դիմաքսյանը։

Եվ որքան Բարաթյանը արհամարհանք ցույց տար դեպի այդ մարդը, սակայն նուրբ բնազդումով Գայանեն զգում էր, թե Դիմաքսյանն է գաղափարի մարդ, նա՛ է որոշ և անխախտ համոզմունքների տեր։ Նրան թվում էր, որ հաճախ յուր ամուսինը այդ մարդու դեմ խոսում է նախանձից դրդված։

Մի անգամ Գայանեն, չկարողանալով իրան զսպել, մի այդպիսի ակնարկություն արեց։

Բարաթյանը բարձրաձայն ծիծաղեց և երեսը հետ դարձրեց։ Բայց արդեն նկատելի էր, որ նրա ծիծաղը և արհամարհանքը դեպի Դիմաքսյանը արվեստական են դառնում և կնոջ պաշտպանությունը վրդովվեցնում է նրան։ Իսկ Գայանեն նայեց հետևից նրա առողջ պարանոցին և մի տեսակ ատելություն զգաց։ Մի տարօրինակ, անբացատրելի ատելություն, որ առաջին անգամն էր զգում։

Մի ուրիշ անգամ Գայանեն բացարձակ հայտնեց յուր ամուսնուն բոլոր այն հույսերը, որ դրել էր նրա վրա։ Նա ուրիշ բան էր սպասում Բարաթյանից։ Նա կարծում էր, թե ահա գտել է, վերջապես այն մարդուն, որ կարող է իրագործել նրա իդեալը տղամարդի մասին։

Ես շատ բան էի պահանջում տղամարդից, ով գիտե, գուցե անիրագործելի բաներ։ Բայց չէ՞ որ դու էլ այն ժամանակ գոնե բերանացի համաձայնվում էիր իմ պահանջների հետ։ Կարելի է ես երեխա էի, անփորձ, միամիտ, աշխարհի վրա վարդագույն աչքերով էի նայում։ Բայց այժմ ես չափավորել եմ իմ պահանջները և տեսնում եմ, որ էլի խաբված եմ, որ ամենաչնչին հույսս անգամ չի իրագործվում։ Իսակ, այժմ ես քեզանից ոչինչ չեմ ուզում, ոչինչ, բացի մի բանից, այն է, որ դու այս չար կասկածը հանես իմ սրտից...

Նրա աչքերի մեջ փայլեց ներքին հոգեկան դառնություն։ Նա մի եռանդուն ճիգ արեց և զսպեց յուր արտասուքը։

Բարաթյանը մի վայրկյան նայեց նրա երեսին և մի ինչ-որ միտք անմիջապես թելադրեց նրան փոխվել։ Նրա դեմքից չքացավ կծու հեգնության ժպիտը, տեղի տալով մեղմ և փաղաքշական արտահայտությանը։ Նա հանդարտ մոտեցավ Գայանեին, բռնեց նրա ձեռը և նայելով նրա աչքերին, հարցրեց.

Ո՞ւմ դեմ է քո կասկածը։

Օ՛օ, մի՛ հարցնիլ ինձանից, մի՛ հարցնիլ, չեմ կարող ասել...

Գայանե, դու իրավունք չունես, գիտե՞ս իրավունք չունես ինձ սրբապիղծ մարդ համարելու։

Այս խոսքերը նա մի այնպիսի եղանակով արտասանեց, որ մի վայրկյան Գայանեի սիրտը, կարծես, թեթևություն զգաց։ Նա թույլ տվեց ամուսնուն իրան համբուրել։ Բայց անցավ այդ վայրկյանը, երբ նա նայեց մարդու աչքերին։ Այնտեղ, այն քնքուշ և մեղմ արտահայտության տակ, Գայանեն տեսավ մի ավելի կեղծ բան, որ միայն նրա համար էր նշմարելի։

Նա կամացուկ յուր ձեռը ազատեց մարդու ձեռներից և մի քայլ հետ կանգնեց։

Բարաթյանը հասկացավ այդ շարժման իմաստը և երեսը հետ դարձրեց։ Նա գիտեր, որ դժվար, մինչև անգամ անհնարին է փարատել երիտասարդ կնոջ զգայուն սրտի մեջ բույն դրած կասկածը։ Ուստի բարվոք համարեց խոսակցությունը չերկարացնել։

Բայց արդեն ժամանակ է ճաշելու, սիրելիս, ասաց նա զվարթ եղանակով, որքան էլ բանաստեղծական լինենք, ստամոքսը յուր ուզածն է պահանջում։

Եվ շվացնելով անցավ սեղանատուն։

Նույն օրերը կանանց ընկերության օգտին ժողովարանի դահլիճում երեկույթ էր նշանակված։ Գայանեն վճռել էր չգնալ, թայց ամուսինը սաստիկ թախանձեց նրան, որ համառություն չանի։ Անկարելի է, վերջապես, բոլորովին երես դարձնել հասարակությունից։ Ի՞նչ կմտածեն մարդիկ, միշտ նրան առանց կնոջ տեսնելով հանդեսներում: Ընտանեկան խռովություններ կարելի է ունենալ, բայց միշա ուրիշների աչքից պետք է քողարկած պահել։ Թող ամենքը համոզված լինեն, որ նրանց մեջ տիրում է փոխադարձ սեր։ Երեկույթը բաղկացած էր նվագահանդեսից և պարերից։ Մի հնամաշ դերասանուհի երգում էր մի ինչ-որ դրամատիկական երգ։ Գայանեն նստած էր յուր ամուսնու մոտ տխուր, լուռ և անտարբեր։ Նրա դեմքի վրա չկար նախկին գրավիչ ժպիտների նշույլն անգամ։ Այդ դեմքը բարկացնում էր ամուսնուն, և սա ստեպ-ստեպ շշնջում էր նրա ականջին, խնդրելով, որ գոնե ուրիշների առաջ ուրախ ձևանա։

«Ես ոչ կարող եմ կեղծել, և ոչ կամենում եմ», պատասխանում էր Գայանեն։

Նվագահանդեսը վերջացավ։ Բարաթյանները դուրս եկան դահլիճից մի փոքր անցուդարձ անելու։ Հասարակության խուռն բազմության մեջ Գայանեն նկատեց Դիմաքսյանին։ Մի անկյունում կանգնած՝ նա խոսակցում էր մի ինչ-որ պարոնի հետ։ Տեսնելով Գայանեին, սառն քաղաքավարությունով գլուխ տվեց և կամենում էր երեսը կրկին դարձնել յուր խոսակցին, երբ տիկինը ձեռը մեկնեց նրան։

Դիմաքսյանը շփոթված սեղմեց այդ ձեռը, հարցնելով տիկնոջ առողջությունը։

Շնորհակալ եմ, պատասխանեց Գայանեն, բայց ինչո՞ւ դուք մեզանից բոլորովին երես դարձրիք. այդ լավ բան չէ...

Այս անկեղծ հանդիմանությունը կատաղի հակառակորդի կնոջ կողմից անսպասելի էր Դիմաքսյանի համար։ Մինչ նա մտածում էր ինչ պատասխանել, չկարողանալով ակնարկել փոխադարձ սառնության բուն պատճառը, Գայանեն պարզությամբ ասաց, թե ինքը ամեն ինչ գիտե։

Ձեր կռիվը իմ ամուսնու հետ է, իսկ ես չեզոք մարդ եմ։

Նրա ձայնը այնքան մեղմ և անկեղծ էր, նրա հայացքը այնքան պարզ և բարեհամբույր էր, որ Դիմաքսյանը ակամա մոռացավ յուր ատելությունը։ Այդ կապուտակ աչքերը զարթեցրին նրա մեջ անցյալի հիշատակները, և դարձյալ նրա սիրտը սկսեց բաբախել։ Բայց ինչ՞ու հուզվել։ Չէ՞ որ Գայանեն այժմ ուրիշին է պատկանում և այն էլ նրա հակառակորդին։ Պետք է հաստատամիտ լինել, սառնություն ցույց տալ այդ կնոջ, որ այնպես արհամարհեց նրան։

Այսպես դատում էր Դիմաքսյանի խելքը։ Այնինչ՝ նա չէր զգում, թե ինչպես անցավ կես ժամ, մի ժամ, և դեռ խոսում էր նրա հետ։

Գայանեն էր խոսակցությունը երկարացնողը։ Եվ խոսում էր նա այնպիսի նյութերի մասին, որ ակամա շարժում էին Դիմաքսյանի հետաքրքրությունը։ Միայն մի բանից էր խույս տալիս Դիմաքսյանը տիկնոջ ամուսնու հետ ունեցած ընդհարումներից։ Անցյալի վերաբերյալ նա նույնն էր, ինչ որ առաջ շուտ ոգևորվող, պարզ, անշեղ և երբեմն խստադատ։

Նա մազու չափ չի փոխվել, նրա հայացքները նույնն են, կյանքը նրան չէ աղավաղել. այդ պարզ է Գայանեի համար։

Նրանք կանգնած էին դահլիճի դռներից ոչ հեռու, պատի տակ։ Գայանեն երբեմն նայում էր պարողների կողմը։ Նրա աչքերը ակամա որոնում էին ամուսնուն և չէին գտնում։ Նա մի քայլ առաջ գնաց և մոտեցավ պարողներին։ Դիմաքսյանը հետևեց նրան։ Վերջապես, ահա նա... Տիկին Բախտամյանի հետ թև թևի տված՝ դուրս է դալիս դահլիճից։ Երևի շատ պարելուց հոգնել են, և տիկինը կամենում է սեղանատանը մի սառը բանով զովացնել յուր ծարավը։

Այստեղ սաստիկ տոթ է, անցնենք մյուս դահլիճը, ասաց Գայանեն, ներքին խռովությունից շրթունքները ատամների տակ սեղմելով։

Դիմաքսյանը հետևեց նրան ծանր քայլերով։ Նա չտեսավ Բարաթյանին։ Նա այլևս ոչինչ չէր տեսնում, չէր նկատում, չէր լսում, բացի Գայանեից և նրա մեղմ, հոգնած ձայնից։ Ո՛րքան փոխվել էր երիտասարդ տիկինը նրա աչքում, ո՜րքան գունատ էր, նիհար, այո՛, մինչև անգամ տգեղացած։ Միթե ընտանեկան հոգսե՞րն են այդպես ազդել նրա վրա...

Կար ժամանակ, երբ Գայանեն այդ մարդուց քաշվում էր, մինչև անգամ վախենում էր դեմառդեմ խոսել, և ինքն էլ չգիտեր ինչու։ Այժմ չքացել էր այդ երկյուղը։ Այժմ նա խոսում էր ազատ, համարձակ։ Հաճելի էր նրա համար մտածել, թե մի ժամանակ այդ մարդը սիրել էր նրան և գուցե տանջվել։ Այդ միտքը նրան չէր շփոթեցնում։ Չէ՞ որ ամեն ինչ անցել է, այլևս չկա այդ սերը, ուրեմն նրանք կարող են լինել բարեկամներ։ Իրավ, Գայանեի համար ցանկալի է բարեկամ ունենալ Դիմաքսյանին, այդ խելացի, ազնիվ, զարգացած, գաղափարական մարդուն։

Նայում էր դեպի սենյակի հեռավոր անկյունը։ Հանկարծ նա գունատվեց։ Նա արագությամբ վեր թռավ տեղից, ասելով.

Կարծեմ, ժամանակն է տուն գնալու։

Նրանք մտան պարերի դահլիճը։ Դիմաքսյանի ոտները դողում էին ներքին հուզմունքից։ Նա ուրախ էր, երջանիկ էր։ Նա ամբողջ ժամ ու կես խոսել էր այն էակի հետ, որից նա իրան ատված և ծաղրված էր համարում։

Գայանեի հետևից նույն սենյակից դուրս եկավ նրա ամուսինը տիկին Բախտամյանի հետ։ Նա տիկնոջ թևը բաց թողեց ճիշտ այն վայրկյանին միայն, երբ Գայանեն Դիմաքսյանին «ցտեսություն» ասաց։

Առանց միմյանց մի խոսք ասելու, մի ակնարկով մարդ ու կին հասկացան իրարու սրտինը։ Նրանք դուրս եկան ժողովարանից թև թևի տված այսպես կամեցավ Բարաթյանը։

Կառքը նրանց սլացնում էր Թիֆլիսի փողոցներով, երկուսն էլ լուռ էին։ Գայանեն անընդհատ հառաչում էր, իսկ Իսակը անընդհատ շվացնում էր և ցածր երգում։

Երբ տուն հասան, Գայանեն խելագարի պես վազեց երեխայի սենյակը, հարձակվեց նրա վրա և սկսեց արագ-արագ ու ամուր համբուրել։ Երեխան զարթնեց և լաց եղավ: Դայակը առավ նրան յուր գիրկը։

Սեղանատան ընթրիքը պատրաստ էր։ Գայանեն հրաժարվեց ուտելուց, մնաց երեխայի սենյակում և այնտեղ էլ գիշերեց։ Իսկ ամուսինը ընթրեց հանգիստ ու զվարթ, ինչպես միշտ, ծառայի հետ կատակներ անելով։

Մյուս առավոտ թեյ խմելիս նա ժպտալով դարձավ Գայանեին.

Հըմ, ինչպե՞ս ես երեկվանից դես։ Շատ լավ։

Սրտիդ փափագը առի՞ր «նրանից»։

Իսկ դուք նույնպես ձեր սրտի փափագը առի՞ք «նրանից»։

«Մենք» «ձեր» ազգականուհու հետ էինք։

Ես էլ ձեր ընկերոջ հետ էի։

Նախկին ընկերոջ, այս մեկը երբե՛ք մի մոռանար։

Բավակա՛ն է, գոչեց Գայանեն վրդովված, երեկ, վերջապես, պարզվեց ձեր բարոյական պատկերը։

Ի՞նչ ես ուզում ասել։

Այն, որ... այն որ... ես դժբախտ եմ։

Եվ բուռն արցունքը, անզսպելի ուժով դուրս բխելով, ողողեց նրա այտերը։

Ինչո՞ւ ես լալիս, ասաց մարդը սառն կերպով, դու ինձ էիր փորձում, ես էլ քեզ փորձեցի։

Ե՞ս, փորձո՞ւմ էի ձեզ, արտասանեց Գայանեն խեղդված ձայնով, ո՛չ, ես այդ տեսակ խաղեր չգիտեմ, դա ստորություն է։

Նա վեր կացավ տեղից և դուրս գնաց։

Մարդը հետևեց կնոջը և տեսավ, որ նա, երեսը բարձի մեջ թաղած, ուժգին հեկեկում է...

X

Սկզբում Գայանեի անսպասելի բարեկամական վարմունքը Դիմաքսյանին պատճառեց անսովոր բերկրություն։ Տուն վերադառնալով, նա անընդհատ շվացնում էր և քթի տակ երգում. մի բան, որ երբեք չէր արել և որ հետևյալ օրը կրկնելով, շատ ուրախացրեց և շատ զարմացրեց Սիրականին։ Գայանեն նրան չի ատում, չի արհամարհում։ Նա մինչև անգամ հանդիմանում է նրան, թե ինչո՛ւ այնպես երես է դարձրել նրանից։

Բայց անցավ առաջին տպավորությունը, և Դիմաքսյանի լուրջ միտքը շուտով մոռացավ տարօրինակ բերկրությունը։ Դարձյալ մտատանջությունը տիրեց նրան, և այս անգամ ավելի ծանր մտատանջություն։ «Ի՞նչ օգուտ. ի՞նչ օգուտ, գոչեց նա հանկարծ, բևեռվածի պես կանգ առնելով սենյակի մեջտեղում, չէ՞ որ այսուհետև ուշ է և շատ ուշ»։

Մի՞թե բախտը կարող է այլևս ժպտալ նրան, և ինչպե՞ս։ Ո՛չ, նա չպիտի մոտենար Գայանեին, չպիտի խոսեր նրա հետ։ Ի՞նչ ապացույց կա, որ այդ սիրուն տիկինը չի ուզում նրան ծաղրել յուր մտքում։

Նա մի բարկացկոտ շարժում գործեց, շտապով հագնվեց և գնաց դպրոց։ Այստեղ երկպառակությունները օրեցօր սաստկանում էին։ Արդեն բացարձակ խոսվում էր, թե առաջիկա տարի Ինյաթյանը տեսուչ պետք է նշանակվի։

Դիմաքսյանի դրությունը քանի գնում վատանում էր։ Այժմ ամենքն էին նրա դեմ։ Ամբողջ մեծ պասի ընթացքում Ինյաթյանը աշակերտներին, առանց տեսչի հրամանի, տանում էր եկեղեցի։ Չարչարման շաբաթը նա ինքն էլ նրանց հետ հաղորդվեց, յուր դեմքի վրա պահելով խորին ջերմեռանդության արտահայտություն։

Նկատելի էր, որ հետզհետե աշխատում էին դպրոցից վանել այն բոլոր վերանորոգությունները, որ Դիմաքսյանը մտցրել էր այնտեղ։ Եվ այդ բոլորը կատարվում էր հոգաբարձուների գիտությամբ։ Դիմաքսյանը բարկանում էր, կատաղում, բողոքում։ Նրա առջև դնում էին դպրոցի կանոնադրությունը և հոգաբարձության իրավունքները։ Ցավալի և վշտալի էր նրա համար տեսնել, թե ինչպես նորից աշակերտները սկսում են թառամել, նորից անհետանում է նրանց դեմքերից զվարթությունը և տեղի տալիս ճնշող մելամաղձության։ Եվ նա գիտեր, որ այդ բոլորի իսկական հեղինակները երկու մարդ են Բարաթյանը և Վեքիլյանը։

Չէր կարելի ասել, թե այդ մարդիկ բոլորը բացառապես Դիմաքսյանի ջգրու էին անում: Ո՛չ, մեծ մասամբ այդ բխում էր նրանց համոզմունքից։ Աշակերտների մեջ հղացած հլությունը նրանք համարում էին համեստություն, երկյուղը հեզություն։ Դա էր նրանց աչքում բարոյական դիսցիպլինան։

Այժմ դպրոցը դպրոցի է նման և ոչ թե նիհիլիստների ժողովարանի, կրկնում էր Վեքիլյանը, ձեռները հաճույքով շփելով միմյանց։

Այո՛, իհարկե, պատասխանում էր Բարաթյանը, եթե ոչ, առաջ ամեն մի գլուխ առանձին գաղափար ուներ: Ամեն մի աշակերտ արդեն խոսքը այսպես էր սկսում. «իմ կարծիքովս»... Աշակերտ և կարծի՞ք...

Հոգաբարձության ծայրահեղ կամայականության դեմ Դիմաքսյանը գրավոր բողոք ուղարկեց Սինոդին։ Բայց անցել էր հինգ շաբաթ և դեռ պատասխան չէր ստանում։

Եվ երբեք չես ստանա, ասաց մի օր բժիշկ Սալամբեկյանը։

Բժիշկը ասաց, թե բողոքը այժմ առաջնորդի գրասեղանի մեջ է։ Դիմաքսյանը սխալվել էր, անմիջապես դիմելով Սինոդին, նա պետք է առաջնորդի միջոցով բողոքեր։ Այժմ թող նա սպասի սրբազանի «վերաքննության»։

Քեզ ո՞վ ասաց այդ, հարցրեց Դիմաքսյանը։

Վեքիլյանը։

Բժիշկը պատմեց, թե նախընթաց օրը սաստիկ ընդհարում է ունեցել իրավաբանի հետ Դիմաքսյանի պատճառով: Վեքիլյանը աշխատելիս է եղել ապացուցել, որ տեսուչը յուր գաղափարներով դպրոցը տակնուվրա է արել։ Սալամբեկյանը հաստատել է, թե Վեքիլյանը և Բարաթյանը իրանց գաղափարներով դպրոցը ուզում են բարոյական անկելանոց դարձնել։ Վեճը հասել է ծայրահեղության, երկու ընկերներ միմյանց վիրավորական խոսքեր են ասել։

Ես սառնարյուն մարդ եմ, բայց այդ անխիղճը մի այնպիսի սատանայական ակնարկություն արեց, մի այնպիսի ածական տվեց քեզ, որ արյունս գլխիս խփեց, ես ուզում էի մինչև անգամ ապտակել նրան։

Խոսակցությունը տեղի ուներ Մսերյանի սենյակում։ Իդեալիստը վրդովված ականջ էր դնում, սակայն խոսակցությանը չէր մասնակցում։

Այժմ ի՞նչ կհրամայես անել, դարձավ Դիմաքսյանը նրան։

Կհրամայեմ, որ մրցումդ շարունակես։

Առանց զենքի՞, միայնա՞կ։ Քո զենքը թող լինի ճշմարտությունը, եթե համոզված ես, որ քո կողմն է։

Այդ կնշանակե երկաթե պատը եղունգներով փորել։

Փորի՛ր, բայց մի հրաժարվիլ գործից։

Ես չեմ հրաժարվիլ, բայց իրանք կհրաժարեցնեն։

Խելոք մարդիկ նրանց վարմունքը կհամարեն բռնություն։

Իսկ ես կասեմ, մեջ մտավ բժիշկ Սալամբեկյանը որ խելոք մարդիկ կծիծաղեն Արսենի վրա։ Ասա՛ խնդրեմ, քո կարծիքով, ովքե՞ր են այդ խելոք ասածներդ։ Չլինի՞ թե քեզ և ինձ ես համարում. երեսիդ խաչակնքիր ու մեղա ե՛կ: Այո՛, մեծապատիվ պարոն օպտիմիստ-իդեալիստ, խելոքը նա է, ով որ յուր բարեկամի ոտների տակ ձմերուկի կճեպ է դնում, որ նա մի լավ սարտոմորտալ անի։ Այսպես է անում ընկերը ընկերոջը, իսկ թշնամիները, Ինյաթյանները և նրանց նմանները, գիտե՞ս ինչ են անում։ Նրանք հասարակության մեջ տարածում են, թե Դիմաքսյանը կաշառված դավաճան է, հասկանո՞ւմ ես ինչի մասին է խոսքս...

Ինյաթյա՞նը, իմ մասի՞ն, գոչեց Դիմաքսյանը խեղդված ձայնով։

Բուռն կատաղությունը դուրս խլեց նրա կրծքից մի երկարատև դառն ծիծաղ։ Ձեռը խփելով ճակատին, նա ուժասպառ նստեց աթոռի վրա, կրկնելով.

Ե՞ս դավաճան, ազգավաճա՞ռ...

Անցել էին մի քանի օրեր այդ խոսակցությունից։ Դիմաքսյանը տանը նստած խորհում էր յուր անելիքի մասին։ Տոն օր էր։ Հանկարծ նա լուսամուտի առջև, պատշգամբի վրա, տեսավ մի խումբ աշակերտներ, որ, միմյանց ուսերի վրայով գլուխները բարձրացրած, նայում էին դեպի ներս։ Նա դուրս եկավ և հարցրեց, ինչ են կամենում։

Բողոք ունենք, պարոն տեսուչ։

Մտե՛ք։

Միմյանց հետևից, ամաչելով ու քաշվելով, ներս մտան վեց պատանիներ տասնույոթից մինչև քսանուերկու տարեկան։ Բոլորին էլ Դիմաքսյանը առանձին-առանձին ճանաչում Ինչ որ խոսում ենք՝ ասում են Ինյաթյանին, նա էլ հայտնում է հոգաբարձուներին։ Մենք ի՞նչ ենք անում, մենք ոչինչ չենք անում։

Հետո աշակերտները միմյանց հետևից պատմեցին մի քանի վրդովեցուցիչ դեպքեր։ Անցյալ օրը Սարաֆյանը գիշերօթիկների համար թութ էր գնել յուր փողով։ Վերակացու Դիլբիլյանը տեսել էր թե չէ, առել էր թութը նրա ձեռից և ամանով թափել Սարաֆյանի գլխին։ Այսօր էլ Ինյաթյանը աշակերտներին ասել է. «Լսել եմ, խոսք եք կապել վերակացուներին ծեծելու, խառնակիչների ազգանունները ծոցատետրումս նշանակել եմ, պետք է հոգաբարձությանը հայտնեմ, որ բոլորին վռնդի դպրոցից»։

Բայց ճշմարի՞տ է, կամեցե՞լ եք ծեծել:

Մտքներովս էլ չի անցել, պատասխանեց Մարաքյանը։

Այո՛, մտքներովս էլ չի անցել, կրկնեցին մյուսները։

Մենք միայն Ջալբամյանի մասին ենք խոսել մեր մեջ։ Պարոն տեսուչ, նա մաքուր մարդ չէ, անպիտան մարդ է, բայց ծեծելու մասին խոսք չի եղել։

Այո՛, Ջալբամյանը անպիտան մարդ է։

Կեղտոտ է։

Անբարոյական է։

Լավ, բավական է, ընդհատեց Դիմաքսյանը մեղմ ձայնով, շատ ուրախ եմ, որ ծեծելու մասին չեք մտածել: Դա վայրենություն կլիներ, այդ տեսակ բաներ երբեք չանեք։

Բայց պատգամավորները գրգռված էին։ Նրանք միաբերան պահանջեցին, որ Ջալբամյանը հեռացվի դպրոցից. հակառակ դեպքում, ասացին, թե ստիպված կլինեն դիմել այդ վայրենի միջոցին։

Այո, կծեծենք նրան։

Անպատճառ կծեծենք։

Կջարդենք։

Եթե դուք թույլ կտաք։ Այո՛, եթե դուք թույլ կտաք, պարո՛ն տեսուչ։

Մենք ձեզանից ենք միայն վախենում։ Մենք միայն ձեզ ենք հարգում...

Մեկը, մի շիկահեր պատանի, մինչև անգամ բռունցքը սեղմելով, մի քանի քայլ առաջ դրեց այնպես, որ, կարծես, նույն վայրկյանին պատրաստ էր հարձակվել նույնիսկ Դիմաքսյանի վրա։

Այն էլ ասա, այն էլ ասա, շշնջացին մի քանիսը Մարաքյանի հետևից։

Առաջնորդ-պատգամավորը դարձյալ նայեց գդակին, շապիկի փեշերը ուղղեց և արտասանեց.

Պարոն տեսուչ, մի բան էլ կա։

Ի՞նչ է։

Ձեզ վրա էլ լրտես է նշանակված։

Ի՞նձ վրա, ո՞վ է նշանակել։

Չենք իմանում, միայն դուք ինչ որ աշակերտների մոտ խոսում եք, պատմում են պարոն Ինյաթյանին։

Դիմաքսյանը չկարողացավ յուր զայրույթը թաքցնել, բայց, միևնույն ժամանակ, չհարցրեց, թե ով է յուր վրա լրտես նշանակված։ Առհասարակ նա չթողեց այդ մասին երկար խոսել։

Այժմ ինձանից ի՞նչ եք պահանջում, հարցրեց նա։

Խնդրում ենք, որ դուք մեզ պաշտպանեք։ Մենք եթե մինչև օրս անկարգություն չենք արել, ձեզ հարգելուց չենք արել։ Մենք գիտենք, որ դուք մեզ սիրում եք, թույլ տվեք, պարոն տեսուչ, մենք նրանց կխրատենք։

Այո՛, կխրատենք։

Ջարդ ու...

Սո՛ւս, լռեցե՛ք։ Ի՞նչ ասացի ձեզ. երբեք թույլ չեմ տալ ձեզ այդ տեսակ վայրենություն։ Եթե ինձ մոտ խորհրդի եք եկել, շատ շնորհակալ եմ։ Այո՛, ես ձեզ սիրում եմ, ուրեմն դուք էլ լսեցեք իմ խորհուրդը և կատարեցեք։ Ահա ինչ. գնացեք, հանգիստ շարունակեցեք ձեր դասերը, քննությունները վերջացրեք։ Արձակուրդներից հետո, ես հուսով եմ, ձեր դրությունը կփոխվի։

Նա կամենում էր առժամանակ խաղաղացնել բորբոքված սրտերը, բայց այդ շատ էլ դյուրին բան չէր։ Պատանի պատգամավորները այնչափ գրգռված էին, որ տեսչի հանդարտ հորդորները նրանց ավելի վրդովեցնում էին։ Վերջապես Դիմաքսյանը խոստացավ անպատճառ և շուտով միջամտել հոգաբարձության առաջ նրանց մասին, և պատանիները հրաժեշտ տվեցին, կրկնելով։

«Ձեր խաթրու կհամբերենք»։

XI

Մի քանի օր անցած դպրոցում լուր տարածվեց, թե տեսուչը աշակերտներին հորդորում է ապստամբվել։ Պատմում էին, թե այս նպատակով նա յուր մոտ է կանչել մի խումբ չարամիտ առաջավորներ և ապստամբության հրահանգը տվել։

Ինյաթյանը պնդում էր, թե առաջին հարձակումը յուր վրա պետք է լինի, «վասն զի» Դիմաքսյանի գլխավոր հակառակորդն ինքն է։ Նա ամեն ճիգ գործ է դրել այդ «խելացնորի անմիտ, վնասակար գաղափարների» առաջն առնելու։ Նա կամեցել է դպրոցը «փրկել անկումից»։ Շատ հասկանալի է, որ Դիմաքսյանը չպիտի մարսեր նրան։ Բայց նա երկչոտ մարդ չէ, պատրաստ է «նահատակվել յուր համոզմունքների և նորագույն սերնդի փրկության» համար։

Վերակացու Ջալբամյանը բակի մի անկյունում գտել էր մի կույտ քարեր։ Նա երդվում էր, թե խառնակիչներն են վաղօրոք այդ քարերը պատրաստել ապստամբության համար։ Հինգերորդ դասատան լրտես Մարբազյանը երաշխավոր էր Ջալբամյանի ասածի ճշմարտությանը։ Յուր կողմից նա հավատացնում էր, թե մի քանիսի մոտ մինչև անգամ ատրճանակ է նկատել։ Իսկապես նա վեցերորդ դասատան աշակերտ Աֆրիկյանի գրպանում մի բան նկատել էր, բայց հաստատ չգիտեր ատրճանա՞կ էր, թե՞ վարունգ, որ Աֆրիկյանը շատ էր սիրում և միշտ գաղտնի ուտում էր։

Հոգաբարձությունը անմիջապես խառն նիստ հրավիրեց ուսուցիչների հետ։ Երեկո էր, ամենքը սպասում էին նախագահի գալստյանը։ Դիմաքսյանին ներկայացած վեց պատգամավորներին փակել էին առանձին-առանձին սենյակներում։ Նրանց պետք է հարցուփորձի ենթարկեին ջոկ-ջոկ, ուստի անջատել էին միմյանցից, որպեսզի խոսք մեկ անելու միջոց չունենան։

Գիշերօթիկներին վաղօրոք քշել էին ննջարանները, դռները փակել էին և պահապան դրել մի հաստաբազուկ մշեցու, որ չգիտեր, թե այդ ինչ իրարանցում է սկսվել։ Հայրենիքի տխուր վիճակից վշտացած հայաստանցին այնքան ծարավ էր թշնամու արյունին, որ երևակայում էր, թե ամեն մի գիշերօթիկ մի եզիդ է։ Եվ, կարծես, պատրաստ էր մահակը «զարնել» այն գլխին, որ կհանդգներ դռներից դուրս ցցվել:

Նիստին հրավիրվածները շփոթման մեջ էին։ Շտապով անցնում էին մի սենյակից մյուս սենյակ, խորհրդավոր կերպով միմյանց ականջին շշնջալով ապստամբության մանրամասն պարագաներ։

Վեքիլյանը չափից դուրս վախեցած էր։ Ինյաթյանը նրան հավատացրել էր, թե ապստամբության հրահանգի մեջ նրա անունը երկրորդ տեղն է բռնում։ Նա հերթակալ էր։ Իբրև թե «չարամիտները» պետք է սպասեին նրա գալստյանը և Ինյաթյանից հետո նրան հարվածեին։

Ի՜նչ հանդգնություն, ի՜նչ հանդգնություն, կրկնում էր նա անդադար, բայց ինչպե՞ս բաց արեցիք դավադրությունը, պատմեցե՛ք, պատմեցե՛ք։

Սակայն ոչ ոք հաստատ չգիտեր, թե «դավադրություն» եղե՞լ է, թե՞ չէ։ Բանն այն էր իսկապես, որ նախընթաց օրը վերակացու Ջալբամյանը Մարաքյանից հարցրել էր, արդյոք ինչո՞ւ երկու օր առաջ նա յուր ընկերների հետ ներկայացել էր տեսչին։ Մարաքյանին այդ հարցը շփոթեցրել էր, որովհետև նա երևակայել չէր կարող, թե յուր պատգամավորությունը, բացի հինգ աշակերտներից, ուրիշ մեկին հայտնի է։ Ջալբամյանը ստիպել էր նրան խոստովանվել, սպառնացել էր և վերջը, տեսնելով, որ ոչինչ չի ազդում, մի կեղտոտ հիշոց էր տվել Մարաքյանին։ Տաքարյուն պատանին, չկարողանալով իրան զսպել, ապտակել էր կոպիտ վերակացվին, ավելացնելով.

«Ձեզ բոլորիդ էլ պետք է այսպես պատժենք»։

Ջալբամյանը աղմուկ էր բարձրացրել և ամենքին համոզել, որ ահագին դավադրություն կա աշակերտների մեջ ուսուցիչների և հոգաբարձության դեմ։

Բարաթյանը շատ սառն էր պահում իրան։ Նա ընդդեմ էր ամեն մի ծայրահեղ միջոցի։ Նա ասում էր, թե «մտքերի խառնակության ժամանակ սառնասրտությունը ամենազորեղ զենքն է մարդու համար»։ Նա պնդում էր, որ ամեն ինչ պետք է գաղտնի կերպով անել, գործը չպիտի հռչակել, եթե ոչ «դպրոցի ճակատագիրը կարող է վտանգի ենթարկվել»: Սակայն Վեքիլյանը, Ամբակում Աֆանասևիչը և ուրիշները համոզել էին նախագահին, որ տեսչին հրավիրե ժողովի նիստին, ամենքի առաջ հարցուփորձ անե ու հետո հադիմանե։

«Ի՛նչ երևելի տեսարան, ի՜նչ էֆեկտ մտածում էր Վեքիլյանը տեսնել Դիմաքսյանին մեղադրյալի նստարանի վրա, ամոթահար և ճնշված յուր հանցանքի ծանրության տակ»։

Սկզբում Դիմաքսյանը զարմացած և շփոթված էր։ Նա լսել էր անհեթեթ լուրը, բայց խառն ժողովի մասին տեղեկություն չուներ։

Նրան վերին աստիճանի քաղաքավարի կերպով հրավիրեցին նստել ընդհանուր սեղանի շուրջը, որ ծածկված էր կանաչ մահուդով։ Բայց նա հասկացել էր բանի էությունը, գիտեր, որ ամենքը իրան մեղադրյալ են համարում։ Նա մի կես-արհամարհական և կես-բարկացկոտ հայացք ձգեց հանդիսավոր ժողովի վրա, և մի աթոռ վերցնելով, նստեց ժողովից հեռու, պատի տակ։

Նախագահը յուր դեմքին տալով լուրջ, բայց ներողամիտ արտահայտություն, մի համառոտ ճառով բացատրեց ժողովի նպատակը։

Ոչ վասն պատժելո զմեղավորս, այլ վասն ամբառնալո զմեղս, ավարտեց նա յուր ատենաբանությունը։

Դիմաքսյանը լուռ լսում էր։ Այժմ նա բոլորովին հանգիստ էր, այնպես, որպես երբեք չէր եղել այդ մարդկանց ներկայությամբ։ Նրան չէր վրդովեցնում մեղադրյալի վիճակը, որի մեջ դրել էին նրան։ Նա այդ բանի վրա մտքում ծիծաղում էր։ Նրան զայրացնում էր այդ հասարակական ներկայացուցիչների վարմունքը, առհասարակ, որպես վարմունք։

Երբ նրան հարցրին արդյոք ճի՞շտ է, որ նա դրդել է աշակերտներին ապստամբվել գլուխը ցավակցաբար շարժելով, արտասանեց.

Եթե իմ պատասխանը ձեզ գոհացներ, անկասկած այս ժողովը տեղի չպիտի ունենար։

Մեկիկ-մեկիկ առաջ բերեք հանցավորներին, հրամայեց նախագահը։

Ջալբամյանը աներեույթացավ և մի րոպե չանցած ներս բերեց մի տասնութ տարեկան պատանի։ Դա վեց պատգամավորներից մեկն էր։

Այդ դո՞ւ ես, Դարբինյան. ճանաչում եմ, որդյակ, պատմի՛ր հանցանքդ։

Տիրեց ընդհանուր լռություն։ Երեսուն ու երեք հայացքներ միաժամանակ բևեռվեցին պատանիի վրա։ Հանդիսավոր ժողովը նրան շփոթեցրեց։ Նա գունատ էր, կարմրեց, դողաց և միայն կարողացավ արտասանել.

Ներեցե՛ք...

Կներենք, որդի, ասա մեղքդ, մի վախենար։ Մենք քեզի չենք մեղադրիլ, դու տհաս ես, «զի ոչ գիտես զոր ինչ գործես»։ Անշուշտ քեզի այլ հորդորողներ եղել են, հիշատակիր անունները, տեսնենք։

Ես չգիտեմ, ես չեմ խոսել, Մարաքյանը և Աբիկյանը գիտեն...

Երեք օր առաջ, այսինքն ամսույս վեցին, օրն հինգշաբթի, առավոտյան տասն ու մեկ ժամեն տասներկու ու կես ժամը ումի մոտ եղել եք։

Պարոն տեսչի մոտ։

Այսպես։ Պարոն քարտուղար. «եղել ենք պարոն տեսուչի մոտ»։

Ինչո՞ւ համար եկել եք այնտեղ։

Բողոքելու։

Ումի՞ դեմ։

Վերակացուների։ Այսպես։ Պարոն քարտուղար. «բողոքելու վերակացուների դեմ»։

Վեքիլյանը ինչպես իրավաբան-փաստաբան հարկ համարեց նախագահի խոսքը ընդհատել։ Նա մի քանի շեշտակի հարցեր տվեց մեղադրյալին։ Պատանին այնքան շփոթվեց, որ ամեն քայլում ինքը իրան հակասում էր։ Վերջապես, նա արտասվեց։ Թևից բռնելով՝ նրան դուրս տարեցին։

Երկրորդ պատգամավորը եղելությունը պատմեց ավելի անխռով։ Որքան նրան զանազան հարցերով նեղն էին գցում, միշտ կրկնում էր.

Պարոն տեսուչը մեզ խրատում էր հանգիստ մնալ։

Այդ միջոցին տեսուչը այնպես էր նստել, որ քննվողները չգիտեին անգամ, թե նա ներկա է։

Նույնը կրկնեցին երրորդ, չորրորդ և հինգերորդ աշակերտները։

Վերջապես, հերթը հասավ գլխավոր պատգամավորին։ Մարաքյանը անվեհեր ներս եկավ, գլուխը բարձր պահած, հպարտ, ինչպես վայել էր օրվա հերոսին։ Երևում էր, որ նա արդեն ամեն պատիժ աչքի առաջ էր առել։ Ուստի իրան տված քննական հարցերին նա պատասխանում էր համարձակ, աներկյուղ և մինչև անգամ կոպիտ եղանակով։ Երբ հարցրին տեսչի մասին, նա դրականապես պատասխանեց.

Եթե պարոն տեսուչը չլիներ, մենք անպատճառ պետք է ապստամբվեինք։

Ժողովը շշնջեց։ Վեքիլյանը փսփսաց Բարաթյանի ականջին. «Ամենքը կաշառված են»։

Այնինչ Մարաքյանը, դառնալով իրան ներս բերող վերակացվին, ավելացրեց։

Շնորհակալ եղեք պարոն Դիմաքսյանից, որ մի ապտակով միայն ազատվեցիք, թե չէ ձեր ոսկորները ջարդուփշուր պետք է անեինք...

Դո՛ւրս տարեք Բեհեդզբուղի զավակին, գոչեց նախագահը համբերությունը հատած։ Վերակացուն հանդուգն աշակերտին դուրս մղեց։ Ժողովականները շփոթված նայում էին միմյանց։

Վեքիլյանը մինչև դռները աչքերով ուղեկցեց աշակերտին։ Նա վախենում էր, մի գուցե Մարաքյանը գրպանում մի բան ունի և իսկույն կարձակի նրա գլխին։ Հետո նա լուսամուտին նայեց և տեղը փոխեց. չէ՞ որ ապստամբը կարող էր դրսից քարեր արձակել։

Պարոն քարտուղար, «ձեր ոսկորները ջարդուփշուր կանեինք» բառերը չմոռանաք։ Այժմ, գերամեծար տյարք, կարծեմ այսօրվա արտաքո կարգի նիստը պետք է ավարտված համարել։

Դիմաքսյանը նստած էր դեռ լուռ, ոչինչ չէր ասում։ Նա գլուխը հպարտ պահած՝ հեգնորեն ժպտում էր և արհամարհական հայացք ձգում յուր նախկին ընկերակիցների վրա։

Բարաթյանը, որ ամոթահար էր եղել, մտածում էր ինչպես մի կերպ դուրս գա անհարմար դրությունից։

Սրբազա՛ն հայր, արտասանեց նա, որքան կարող էր յուր դեմքին տխուր լրջություն տալով, նախքան ժողովը արձակելը, պետք է հարգելի տեսչին խնդրել, որ ներկա թյուրիմացությունը բացատրե։ Այո՛, ես կարծում եմ, որ այս բոլորը թյուրիմացություն է, ուրիշ ոչինչ։ Մեր հոգեկան տրամադրությանը և մեր բարի նպատակին անտեղյակ մարդը կարող է կարծել, որ այստեղ մենք մի տեսակ դատավորներ ենք, իսկ մեծապատիվ պարոն Դիմաքսյանը մեղադրյալ։ Այնինչ՝ ոչ դատաստան կա և ոչ քննություն։ Մեր բոլորի ցանկությունը մի բան է. վերացնել մեր ազգային թանկագին հիմնարկությունից մի անգամ ընդմիշտ բոլոր անհաճո երկպառակությունները։ Ես համոզված եմ, որ մեր մեծապատիվ պարոն տեսուչը մեզանից ավելի է փափագում, որ այս հիմնսրկությունը ազատ լինի տխուր անցքերից։ Ուրեմն, խնդրենք հարգելի պարոն Դիմաքսյանին, որ նա մեզ մի ելք ցույց տա։

Այդ միջոցին Դիմաքսյանը ոտքի էր կանգնել։ Նրա աչքերի մեջ փայլում էր կատաղությունը կծու հեգնության հետ։ Նրա երեսի բոլոր մկանունքները դողում էին։

Ամենքը նայեցին նրա կողմը։ Վեքիլյանը ինչ-որ շշնջաց նախագահի ականջին։ Նախագահը նայեց Բարաթյանի երեսին, և նրանք հայացքներով խոսեցին միմյանց հետ։

Խնդիրն այն էր, որ ամենքը անախորժ դրության մեջ էին, ամենքը զգում էին մի տեսակ ամոթ Դիմաքսյանից և չգիտեին, ինչպես վերջ տալ տեսարանին։

Այնինչ Դիմաքսյանը, խորին արհամարհանքով լսելով Բարաթյանի ասածները, քանի մի վայրկյան լուռ նայեց ամբողջ ժողովին և ապա զորեղ և խրոխտ ձայնով արտասանեց.

Ողորմելինե՛ր։

Այս մի հատիկ բառը, արձակված վրդովված և աներկյուղ կրծքից, ցնցեց ամենքին, կաշկանդեց բոլորի ուշքը։ Մեղադրվածը վայրկենաբար նրանց աչքում փոխվեց մի զորավոր տիտանի, որ ինչպես մարմնացած վրիժառություն կանգնել էր նրանց գլխին, աչքերից կայծեր ցայտեցնելով։

Ողորմելիներ, կրկնեց նա, ի՞նչ էիք կամենում. պատժե՞լ ինձ, թե՞ պաշտպանել դպրոցը։ Արդյոք, ի՞նչ մի չար վտանգից կամ ո՞ւմ դեմ էիք ուզում պաշտպանել մի խումբ տկար պատանիների՞։ Ի՞նչ է նրանց մեղքը, միթե այն, որ չե՞ն դիմանում դպրոցում տիրող բռնություններին, վրդովվո՞ւմ են ընկերական զրպարտությունների, քսության և լրտեսության դեմ։ Եթե դա է նրանց մեղքը, այսօրվա նիստը մի անջնջելի արատ կմնա թե՛ հոգաբարձության և թե՛ ուսուցչական այս խմբի վրա։ Ինձանից պահանջում են, որ ես խոսեմ։ Ես գիտեմ այդ առաջարկությունը ինչ զգացմունքներից է թելադրվում։ Քողը շատ թափանցիկ է, և նրա տակից երևում է սուտ քաղաքագիտության պատկերը։ Կամենում եք, որ ես, ինչպես մեղադրված, պաշտպանե՞մ ինքս ինձ։ Երբեք իմ հակառակորդները այդ պատվին չեն արժանանալ։ Կարծում եք, ես ինձ վիրավորվա՞ծ եմ համարում։ Քավ լիցի։ Իմ հակառակորդները պարզ տեսնում են, որ իրանց նետը նպատակին չհասավ։ Մի քանի անչափահաս, անփորձ, անպաշտպան պատանիներ նրանց ստիպեցին ամաչել, կարմրել: Օօ՜, որքան նրանք այս րոպեիս խղճալի են նույնիսկ իրանց աչքում...

Նախագահը զանգահարելով, ճառախոսին «կարգի» հրավիրեց։ Դիմաքսյանը թաշկինակով սրբեց ճակատի քրտինքը և, հպարտությամբ նայելով ժողովին, շարունակեց.

Այսպես, ուրեմն, իմ հակառակորդները իրանք իրանց պատասխանը ստացան։ Նրանք տեսան, որ ոչ մի մեքենայություն ինձ չի կարող արատավորել, միայն կարող է կորստի ենթարկել մի ամբողջ հիմնարկություն։ Բայց ի՜նչ փույթ նրանց դպրոցի վիճակը, նրանց միակ նպատակն է ինձ հաղթված և ստորացած տեսնել... ես չեմ կամենում ավելի խոսել։ Սակայն ներեցե՛ք, այսօրվա եղելությունը ես վարագույրի հետևում չեմ թողնիլ: Ասպարեզ կհանեմ այն յուր բոլոր մանրամասնություններով։ Կարծում եք, վրեժխնդիր լինելո՞ւ համար։ Ոչ։ Ես այդ կանեմ, որպեսզի մեր միամիտ հասարակությունը ճանաչի այն մարդկանց, որոնց յուր գործերի ղեկավար է ընտրում, որոնց ձայնին ականջ է դնում և որոնց մտքերին շատ անգամ ծափահարում է։ Գալով իմ պաշտոնին, ինձ շատ լավ հայտնի է իմ հակառակորդների նպատակը։ Նրանք փափագում են, որ ես կամավոր կերպով հեռանամ կռվի ասպարեզից, որպեսզի հետևիցս զվարճանան, ծիծաղեն։ Բայց հայտնում եմ այդ պարոններին. ես իմ ազատ կամքով երբեք չեմ հեռանալ իմ պաշտոնից, մինչև հոգաբարձությունը ինքը ինձ չասի, «հեռացիր, որովհետև դու վնասակար ես մեզ համար»։

Արտասանելով այս խոսքերը, նա մի անգամ էլ արհամարհանքով և զզվանքով նայեց յուր նախկին ընկերների երեսին։ Հետո ծանր, հպարտ և հանդարտ քայլերով, միայն սաստիկ գունատված, նա դուրս եկավ դահլիճից։

Նույն վայրկյանին գերմանական մանկավարժ Ինյաթյանի դեմքի վրա փայլեց մի ուրախ ժպիտ։

XII

Չնայելով Դիմաքսյանի սպառնալիքին, հետևյալ օրը հոգաբարձությունը առանձին նիստում վճռեց նրան թողնել յուր պաշտոնում մինչև պայմանավորված ժամանակի լրանալը, այսինքն մի տարի։ Այսպիսով նա կամեցավ մեղմացնել տեսչի սիրտը, որ սա եղելությունը հրապարակ չհանի։ Բայց մի շաբաթ անցած դուրս եկավ Դիմաքսյանի մերկացնող գրությունը վեց աշակերտների դպրոցից արձակելու մասին։

Հոգաբարձությունը պատասխանեց նրան սառն պաշտոնական ձևով։ Երևում էր, նա աշխատում էր իրողությունը քողարկել։ Փաստեր չէր բերում, հակառակորդի ասածը հերքում էր խոսքերով։

Բայց ասպարեզ եկավ Վեքիլյանը և կռիվը այլ կերպարանք ստացավ։ Դիմաքսյանն այժմ բոլորովին ընտելացել էր անձնական հարվածներին։ Հակառակորդների հարձակումները նրան չէին վշտացնում, այլ գրգռում էին, նրա բորբոքված սրտի մեջ ավելացնելով կիզանուտ հեղուկը։ Ամեն կերպ աշխատում էին նրան ցույց տալ իբրև մի վնասակար, անաստված, կործանիչ մարդ, որից մեծ վտանգ է սպառնում հասարակությանը։

Խնդիրը միայն դպրոցի մասին չէր։ Մասնավորից սկսելով, Դիմաքսյանն այժմ հարվածում էր հասարակական ընդհանուր ախտերը։ Առանձին ախորժակով և կատաղությամբ նա մերկացնում էր կրթված դասի սխալ և վնասակար ուղղությունը, միշտ իբրև օրինակ աչքի առաջ ունենալով Բարաթյանին և Վեքիլյանին։ Այժմ նրա կռիվը հասարակության դեմ էր։

Այսպես անցան ամիսներ, անցան ամբողջ աշունն ու ձմեռը։ Վերջապես, հասավ գարունը և հարցաքննություններից հետո Դիմաքսյանն արձակվեց պաշտոնից։ Նրա տեղը նշանակվեց Ինյաթյանը։

Նույն միջոցին Դիմաքսյանր դարձյալ հեռագիր ստացավ, թե հայրը մահամերձ հիվանդ է։

Նա շտապվեց հայրենիք և այս անգամ ծերունուն մեռած գտավ։ Քույրերը հանգուցյալի թաղումը մի քանի օրով հետաձգել էին, սպասելով իրանց եղբոր գալստյանը։

Երեք օր տևեց սգավոր հանդեսը։ Առավոտ երեկո քաղաքացիները խումբ-խումբ գալիս էին՝ իրանց ցավակցությունն Արսենին հայտնելու։ Վերջապես, ընդհատվեցին ձանձրալի այցելությունները, և որբացած որդին ժամանակ ունեցավ հետաքրքրվելու հոր գործերով:

Հանգուցյալը կտակ չէր թողել։

Նա մինչև հետին շունչը չէր հավատացել մահվանը և մինչև անգամ կռվել էր նրա մասին խոսողների հետ:

Աղջկերանց հետ նա տեսակցության էր ունեցել մեռնելու նախընթաց օրը։ Ոչ մի խոսք չէր ասել նրանց յուր կարողության մասին։ Մեռնելուց մի ժամ առաջ հիշել էր Արսենին, մեղադրելով նրան, թե մոռացել է ծերունի հորը։ Նույն ժամին նա վռնդել էր բժշկին, բարկանալով, որ նրա դեղերը չեն ազդում։ Հոգևարքի ժամանակ կռվել էր մահվան դեմ, հայհոյել էր նրան ամեն տեսակ խոսքերով։ Քահանան կանչվել էր վերջին րոպեին, սուրբ հաղորդությունը գդալով էին ածել հանգուցյալի կոկորդը։

Այս բոլորը արտասուքն աչքերին պատմեց նրա ավագ քույրը, կրկնելով...

«Համառ մարդ էր, համառ էլ մեռավ»։

Երկու շաբաթվա ընթացքում Դիմաքսյանի համար պարզվեց գործերի դրությունը։ Երկաթյա սնդուկի մեջ, բացի հին մուրհակներից և մի քանի կապ պայմանագրերից, նա ոչինչ չգտավ։ Պարզ էր, որ հավատարիմ Սարիբեկի խոնավ ձեռը այնտեղ էլ մտել էր։ Իսկ թե հանգուցյալը զուտ փող ունեցել էր, այդ երևաց նրա մի փոքրիկ ձեռատետրից, որ կառավարիչը մոռացել էր թաքցնել։ Այնտեղ նշանակված էին ոճրացած եկամուտները և ծախսերը։

Անհետացել էին և այն բոլոր ոսկեղեններն ու ակնեղենները, որ մի ժամանակ Արսենի մոր զարդերն էին կազմում և որոնց ծերունին խնամքով պահում էր ինչպես մի սրբություն։

Կողոպուտը հաստատելու և հանցավորին պատմելու համար պետք էր դիմել դատաստանին։ Տեղական փաստաբաններից մեկն առաջարկեց յուր ծառայությունը։ Դիմաքսյանը մերժեց։ Նա զզվում էր դատաստանական գործերից և չէր ուզում ժամանակը զոհել անվերջ վեճերի։ Բացի դրանից, նա խնայում էր Սարիբեկի ութ հոգուց բաղկացած ընտանիքին։ Նա անմիջապես վռնդեց կողոպտչին, փորձեց ինքն անձամբ կառավարել գործերը։ Սակայն քիչ ժամանակ անցած տեսավ յուր տնտեսական ապիկարությունը՝ նա՛, որ թեորիայով միայն գիտեր ինչ ասել է տնտեսություն։

Նա վճռեց սահմանափակել գործերը։ Ժռանգությունը օրինական կերպով հաստատելուց հետո, կալվածների մի մասը, նվիրեց քույրերին։ Այդպիսով նա ազատեց նրանց մի մշտական նախատինքից, որ խեղճ կանայք կրում էին ամուսիններից իրանց ժլատ հոր պատճառով։

Նրա եռանդուն միտքն անգործ չմնաց հայրենի քաղաքում։ Նա ուսումնասիրում էր գավառական կյանքը, հավաքում էր տեղեկություններ ժողովրդի բարոյական վիճակի մասին։ Ամեն օր նա շրջապատված էր տեղական երիտասարդներով, որոնք արդեն իրագործել էին նրա առաջին գալստյան ժամանակ առաջարկած ընկերությունը։ Նրա նոր կռիվը մեծ հետաքրքրություն էր շարժել։ Նրա կողմնակիցներն այժմ որոշ և ավելի րնդարձակ շրջան էին կազմում։ Բայց շատացել էր և հակառակորդների թիվը:

Պատահել էին մի քանի խոշոր ընդհարումներ երկու հակառակորդ խմբերի մեջ։ Նկատել էր, որ ինչ որ կատարվում է Թիֆլիսում, նույնն անդրադառնում է և փոքրիկ քաղաքների կյանքի վրա։ Այստեղ ևս տիրում էին նույն երկպառակությունները բոլոր հասարակական խնդիրների մասին։ Տարբերությունը միայն մեկ էր. կյանքը ավելի սահմանափակ լինելով, փոխադարձ խռովություններին է՛լ ավելի նեղ հոգի էր ներշնչում։ Մարդիկ ավելի աններողամիտ էին, ավելի կրքոտ և ավելի հիշաչար։ Շատ անգամ վեճերը հասնում էին սարսափելի ծայրահեղության։ Հակառակորդները պատրաստ էին մտքի պատերազմը փոխել բռունցքի կռվի և միմյանց գանգը ջարդել և դուրս թափել այնտեղից այն ուղեղը, որ հանդգնում էր ուրիշ կերպ դատել քան թե իրանցը։

Այս հանգամանքը Դիմաքսյանի համար հետաքրքրական էր յուր բնորոշ կողմերով: Նա տեսնում էր, որ մարդը որքան քիչ է կրթված, այնքան քիչ է համբերող, այնքան ավելի կատաղի է, սակայն, միևնույն ժամանակ, այնքան ավելի պարզ և անկեղծ է յուր համակրության և հակակրության մեջ։ Բայց ամենահետաքրքրականը նրա համար ուրիշ բան էր։ Նա նկատում էր հասարակության մեջ մի նոր երևույթ, այն է՝ կռիվ երկու սերունդների մեջ հնի և նորի։ Դա հայրերի և զավակների կռիվ էր։ Մի կռիվ, որ հայ կյանքի մեջ առաջին անգամն էր երևան գալիս այնպիսի որոշ կերպով։

Եվ երբեմն յուր առանձնության մեջ նա մտածում էր, արդյոք ի՞նչ հետևանք կունենա այդ բոլորը։ Նրա առջև պատկերանում էր կյանքի մի բարոյական քաոս, ուր առաջին հայացքով անհնարին էր մի բան որոշել։ Որդին դիմադրում է հորը, աշակերտն ապստամբվում է ուսուցչի դեմ, ամեն տեղ թարմը, նորաբույսը և կենդանին բողոքում են և դիմադրում են հնին ու թմրածին։

Արդյոք այդպիսի ճյուղերը չե՞ն բաժանվիլ արմատից, և դարավոր բունը հանկարծ չի՞ չորանալ։

Այս միտքը վայրկենաբար սարսափեցնում էր նրան։ Նա սկսում էր վախենալ ծագած պատերազմից։

Բայց անցողիկ երկյուղը տեղի էր տալիս վարդագույն հույսերին։ Երևակայությունն առաջնորդում էր նրան դեպի մի բարվոք ապագա։ Այստեղ նրա մեջ երևան էր գալիս մի տեսակ օպտիմիստ և իդեալիստ Մսերյան, սակայն այլ գույներով։ Նա լիովին իրագործված չէր նախագուշակում մարդկության լավագույն մասի իդեալը։ Նրա խելքը դատում էր համեմատական մեթոդով։ Նա տեսնում էր մի անընդհատ, հարատև պատերազմ դարերի ընթացքում, սերնդից սերունդ և սերունդների մեջ։ Երբեք չի դադարել հնի և նորի այդ պատերազմը, կփոխվեն միայն մարդիկ, կփոխվեն նրանց զենքերը, փոխադարձ դիմադրության եղանակը և միջոցները։ Բայց միշտ հաջորդ սերունդը յուր կյանքի քաղաքակիրթ կողմերով կգերազանցի նախընթաց սերնդից... և այսպես անվերջ...

Կրկին նա ոգևորվում էր, կրկին սիրտը լցվում էր քարոզելու, գործելու և անընդհատ մաքառելու անհուն եռանդով և ձգտումներով։

Ձմեռվա վերջին նա կամեցավ հեռանալ հայրենի քաղաքից։ Նրան զուտ փող էր հարկավոր ապրելու և գործելու համար։ Նա ծախեց հայրական կալվածներից մի փոքրիկը: մյուսների կառավարությունը հանձնեց Հաբիգյան ազգանունով մի երիտասարդի։ Դա նրա նախկին ընկերներից մեկն էր, որ մասնագիտաբար ուսումնասիրել էր գյուղատնտեսությունը։ Նա լիազոր իրավունք տվեց Հաբիգյանին կառավարել յուր կալվածներն ինչպես կամենում է, եկամտից մի որոշ տոկոսիք հատկացնելով նրան։

Նա վերադարձավ Թիֆլիս։ Այստեղ նրա բացակայության ժամանակ կողմնակիցները շարունակել էին ընդդիմադրել հակառակորդներին կյանքի զանազան խնդիրներում։ Բայց կռիվն առաջվա եռանդով չէր կատարվել։

Մսերյանը բարկացած պատմեց, թե երևան են եկել անկոչ պաշտպաններ, որոնք իրանց տգիտության շնորհիվ գործին ավելի վնասում են, քան օգնում։

Ոչինչ, ասում էր նա, ինձ համար այնքան ատելի և ոչինչ այնքան վտանգավոր չէ, որքան տխմարությունն իմաստունի դիմակով։ Ամենաբարձր գաղափարը տգետի շրթունքներից կարող է ծաղրելի հնչել։ Զորեղ գործի համար զորավոր զենք է հարկավոր։ Զգուշացիր անմիտներից, մի՛ հավատալ անկիրթների խելքին և ոչ էլ անկեղծությանը։ Բարոյական անխախտ սկզբունքները ձեռք են բերվում միայն մտքի հարատև գործունեությամբ։ Տգետի օրենքը նախապաշարմունքներն են և արտաքին ուժը։ Լուսամիտ մարդու դեկավարը միմիայն յուր խելքն է և սիրտը։ Մի հաստատամիտ, կրթված, զարգացած, մտածող բարեկամիդ գերադասիր հարյուրավոր թերհաս անկիրթ պաշտպաններից։

Այդ կարճ միջոցում իդեալիստը բավական ծերացել էր։ Նրա մազերը ավելի ճերմակել էին, երեսի խորշերը շատացել։ Նա հաղորդեց, թե առաջիկա քաղաքային ընտրություններին կողմնակիցները մտադիր են Դիմաքսյանին առաջարկել, որ յուր քվետուփը գնի։ Ցուցակ է կազմված և նրա անունն էլ մտցրած է ընտրելի իրավասուների շարքը։ Դիմաքսյանը պատասխանեց, թե ցանկություն չունե քաղաքային գործերի մեջ խառնվել, թեև առաջ ձգտում էր։

Ես էլ խորհուրդ չէի տալ, ասաց Մսերյանը, լավ է մի գործի ծառայել, և լավ ծառայել, քան թե ուժերը ցրել մի խառնիճաղանջ հասարակության մեջ։ Իդեալիստը, ի միջի այլոց, հայտնեց, թե օրիորդ Կարինյանը արտասահմանից վերադարձել է։

Այո՞։ Ինչպե՞ս է, փոխվե՞լ է, հարցրեց Դիմաքսյանը։

Շա՛տ։

Մի՞թե:

Ուզում եմ ասել ավելի լավացել է, թե՛ արտաքուստ և թե՛ հոգով ու սրտով։ Այո՛, նա այժմ ինձ ավելի է դուր գալիս։

Վերջին դարձվածը Մսերյանը արտասանեց ձայնը ցածրացնելով, կարծես, ինքն յուր համար։ Հանկարծ նա ընդհատեց խոսքը օրիորդի մասին և դարձավ ուրիշ բաների։

Դիմաքսյանը նայեց նրա երեսին և նրա աչքերի մեջ նկատեց մի անսովոր բան...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Արսեն Դիմաքսյան"

Ятук Музыка
Ноктюрн
Арно Бабаджанян

Ноктюрн

До рассвета. 1971 год
До рассвета. 1971 год
Играть онлайн