Րաֆֆի

Դավիթ Բեկ

1 - Է

Կանանոցի չադրներից փոքր-ինչ հեռու կազմված էին երկու վրաններ, նրանցից մեկը փառավոր, ընդարձակ և գեղեցիկ էր, իսկ մյուսը փոքր և հասարակ։ Առաջինի բարձր, նիզականման սյուները զարդարված էին ոսկեզօծ և գույնզգույն նկարներով. ներսը ուներ մի քանի բաժանմունքներ, որ ձևացնում էին մի փոքրիկ պալատ իր բոլոր հարմարություններով։ Այնտեղ կար հյուրանոց, առանձնարան, քնարան, դիվանատուն, գանձարան և այլն։ Բաժանմունքների վայելչության համեմատ, վրանի աստառը պատած էր Քիշմիրի թանկագին շալերով, Սպահանի ոսկեհուռ ղարբաֆներով կամ Հնդկաստանի մետաքսյա նուրբ գորվածքներով։ Հատակը պատած էր Ֆերահանի նախշուն գորգերով։ Թագավորական փառքի վայելչություն ունեցող այդ վրանը դրսից ֆերուզայի միակերպ գույն ուներ և կարված էր Քաշանի ամուր, անթափանցիկ ղադաքից։ Նրա միջնասյունի գլխին ծածանվում էր մի կարմիր դրոշակ, որի վրա նկարված էր մի աջ. դա Աբութալեբի որդի Ալիի զորավոր ձեռքն էր, որ առաջնորդում էր խանին նրա բոլոր հաղթությունների մեջ։ Վրանի առջև ցցված էին մի քանի երկաթյա թառիկներ, որոնց վրա հանդարտ, խոհական կերպարանքով նստած էին որսորդական բազեների ամենաընտիր տեսակները։

Գեղեցիկ թառլանը հպարտ վեհանձնությամբ նայում էր իր շուրջը, կարծես, կամենալով ցույց տալ իր պարանոցի թանկագին մանյակը, որ զարդարած էր խոշոր ալմաստներով։ Բոլոր բազեները ունեին այսպիսի մանյակներ և յուրաքանչյուրի արժանավորության համեմատ, զարդարած էին գույնզույն գոհարներով։ Նրանց ոտներին կապած էին ոսկյա փոքրիկ բոժոժներ, որոնք ամեն մի շարժման ժամանակ ճընկճընկում էին, մելոդիական մեղմ ձայներ էին արձակում։ Մի ծիտ, մի աղավնի օդի միջով անցնելու ժամանակ, նրանք իսկույն բաց էին անում իրանց լայն թեքերը և նետի նման սլանում էին դեպի վեր, որ բռնեն, որ գիշատեն նրան։ Բայց մետաքսյա ոտնակապը կրկին ցած էր քաշում նրանց և նստեցնում էր երկաթյա թառիկների վրա։ Այս շատակեր թռչուններին շատ չէին կերակրում, և միշտ անհագ էին պահում, որ որսորդության ժամանակ ավելի սաստիկ ախորժակ ունենան բռնելու և գիշատելու։ Այսպես պահում էր խանը և իր ծառաներին, այսպես պահում էր և իր որսորդական շներին։ Այս վերջինները` թե՜ շները և թե՜ ծառանեքը, թիվ չունեին։ Այնտեղ կարելի էր տեսնել արագավազ բարակներ, թանկագին վզնոցներով, որոնց նուրբ կազմվածք բաղկացած էր միայն ամուր ոսկրներից, զորեղ մկնակներից և կարճ մեզերով պատած կաշուց. կարծես, մսի մի փոքրիկ քանակությունն անգամ դրանց մարմնի մեջ կարող էր արգելել այդ թեթևաշարժ անասունների սրընթացությունը։ Այնտեղ կարելի էր տեսնել փոքրիկ, կատվի չափ, խորամանկ, չարաճճի թուլաներ, որոնք սատանայի նման ամեն ծակ կարող էին մտնել, որոնք հոտոտալով, կարող էին գտնել թաքնված երեի հետքը։ Այնտեղ կարելի էր տեսնել լայնականջյաի եվրոպացի շներ, որոնք թե՜ ցեղով և թե՜ սովորությամբ ասիականացել էին և ավելի գազանային բնավորություն էին ստացել։ Այնտեղ կային թանձր մազերով, ահագին, գայլանման գամփռներ, որ մի հարվածքով կարող էին ջարդել ամենազորեղ եղջերվի մեջքը, և իրանց ճանկերի մեջ կարող էին խեղդել ամեհի վարազին։ Ծառաները, թե՜ իրանց հոգեկան և թե՜ բարոյական հատկություններով ամենևին չէին զանազանվում շներից։ Զանազանությունը միայն նրա մեջ էր, որ շները որսում էին իրանց նման անասուններ, իսկ ծառաները որսում էին իրանց նման մարդիկ։ Ամենի մեջ տիրում էր միևնույն անգթությունը, միևնույն գազանային անհագությունը արյուն լափելու...

Բոլոր ծառաները հագած ունեին սև ղադաքից արխալուղ, իսկ նրա վրա տեղային կոշտ մահուղից կարված, մուղ-մոխրագույն գեյմա. մեջքները պնդած էին կաշյա գոտիով զարդարած արծաթյա կապանքներով, որից քարշ էր ընկած լեզգու դաշույնը։ Գլխներին դրած ունեին գառան մորթից կարած ահագին փափախներ, իսկ ոտներին հագած ունեին տրեխներ կաշյա զանկապաններով։ Կեղտոտությունը, անմաքրությունը տիրում էր նրանց վրա։ Ինչպես վայրենի խափշիկները որևիցե յուղալի բան ուտելու ժամանակ իրանց յուղոտ ձեռքերը քսում էին մերկ մարմնի վրա, որ օծեն նրան, այնպես էլ այդ կիսավայրենիները իրանց յուղոտ ձեռքերը այնքան քսել էին արխալուղների վրա, որ նրանց նյութը կոկվել, փայլում էր մուշամբայի նման։

Խանի վրանի առջև տարածված էր ընդարձակ, կանաչազարդ հրապարակ, որի վրա ամբոխված էր, վըժվըժում էր բազմությունը։ Ամենքը անհամբերությամբ սպասում էին խանի դուրս գալուն։ Ոմանք գործով էին եկած, ոմանք վեճ ունեին, նրանից դատավճիռ էին սպասում, ոմանք հետաքրքիր նայողներ էին, իսկ մի մասը նրա ծառաներն էին, որ սպասում էին խանը նրանց մի ծառայություն հանձնե, որից կարողանան շահվել։

Ջաբբար,― ասաց ծառաներից մեկը խանի բազեակրներից մեկին,― այսօր խանը շատ ուշացավ, չէ դուրս գալիս։

Իրա քեֆը չէ՞, երբ կուզե, այն ժամանակ կդուրս գա, ո՞վ է նրան ստիպողը,― պատասխանեց Ջարբարը, և սկսեց փայփայել բազեի փետուրները, որ նստած էր նրա, մինչև արմունկը կաշյա ձեռնոցով պատած, բազուկի վրա։

Ծառան նկատելով, որ իր հարցմունքը վատ տպավորություն գործեց բազեակրի վրա, խոսքը փոխեց, հարցնելով.

Ե՞րբ պիտի բաց անեք այդ բազեի աչքերը։

Եվ իրավ, բազեի աչքերը կապած էին մի տեսակ կաշյա անթափանցիկ ակնոցներով, որոնց նմանը կրում են մարդիկ քամու ժամանակ, աչքերը փոշուց պահպանելու համար։ Բազեն դեռ անվարժ էր, այդ դրության մեջ նրան պահում են մի քանի ամիս լույս և աշխարհ չէ տեսնում, մոռանում է իր վայրենի անցյալը, հետո աչքերը բաց են անում, փոքր առ փոքր ընտելացնում են նոր կյանքի, վարժեցնում են որսորդության։

Խանի ամբողջ դիվանը հրապարակի վրա սպասում էր նրան։ Մի տեղ գետնի խոտերի վրա նստած էր ֆարրաշբաշին (ֆարբաշների կամ ժանդարմների գլխավորը), աչքերը արյունով և անգթությամբ լցված մի մարդ։ Նրա շուրջը խմբող կանգնած էին անողորմ ֆարրաշները, ձեռները իրանց դաշույնի վրա դրած։ Գանգատավորները, հավաքված այնտեղ, աղաղակում էին, խնդրում էին ֆարրաշբաշուն, որ իրանց դատը հայտնե խանին։ Շատերը մոտենում էին, չոքում էին նրա առջև և ականջին փսփսալով, կաշառք էին խոստանում։ Մի տեղ նստած էր խանի գլխավոր մունշի-բաշին, այսինքն` միրզաների կամ գրագիրների մեծավորը։ Նա մի մաշված, ցամաք մարդ էր, և հաճախ աֆիոն ընդունելուց դեմքը դեղնել, դալկացել, մեռելի գույն էր ստացել։ Նրա հաստ գոտիի մեջ, առջևից խրած թղթերի փաթոթները բովանդակում էին իրանց մեջ խանի ամբողջ արխիվը, որ նա իր գոտիումն էր ման ածում։ Այնտեղ էին տուրքերի, հարկերի հաշիվները. այնտեղ էին պաշտոնական թղթերի օրինակները. այնտեղ էին դատերի, վճիռների արձանագրությունները,― բոլորը թղթերի կտորտանքի վրա գրած, և խառն, անկարգ կերպով, խողովակի ձևով, միմյանց վրա փաթաթած։ Նուն գոտիի մեջ խրած էր նրա երկայն, նախշուն թանաքամանը իր բազմաթիվ եղեգնյա գրիչներով։ Նույն գոտիից քարշ էր ընկած բազմաթիվ կնիքների մի փունջ, հագիկ կոչված քարի վրա փորված, և արծաթի կոթերով բռնված։ Մունշի-բաշիի շուրջը հավաքված էին իր ստորադրյալ միրզաները (գրագիրները). նրանք էլ ունեին իրանց գոտիի մեջ թղթերի փաթոթներ և թանաքամաններ։ Այստեղ նույնպես բազմությունը զանազան խնդիրքներով դիմում էր մունշի-բաշիին` խանի գլխավոր քարտուղարին, այս և այն թղթերն էր պահանջում։ Այստեղ նույնպես շատերը մոտենում էին, չոքում էին նրա առջև և ականջին բաներ էին փսփսում...

Այս մարդու թուղթը պատրաստ չէ՞,― դառնում էր նա գրագրներից մեկին։

Պատրաստ է։

Ինչու՞ չեք տալիս։

Դեռ րուսումը չեմ ստացել։

Րուսումը այն ընծան էր, որ պիտի տար թղթի ստացողը գրագրին։ Հետո սկսվում էր երկար սակարկություն այդ ընծայի քանակության մասին։ Կաշառակերությունը կատարվում էր հրապարակավ, որովհետև դա ընդունված մի սովորություն էր։

Բազմության մեջ մի դղրդոց ընկավ և դեպի ամեն կողմ տարածվեցավ խուլ շշունջ` «խանը գալիս է»։ Բոլորը ոտքի վրա կանգնեցան։

Կանանոցի կողմից հայտնվեցավ խանը։ Նրա առջևից ընկած էին մի խումբ շաթրներ, իսկ ետևից գալիս էին մի խումբ ֆարրաշներ։ Ինքը միայնակ, մեջտեղում, վառվում էր ոսկու, արծաթի և գոհառների մեջ։

Մինչև դիվանխանեն հասնիլը բավական տարածություն կար։ Մի քանի տեղ կանգնեցրին նրան։

Խան, քո ոտներին մատաղ լինենք,― խնդիր ունենք... ձայն տվեցին մի քանի հոգի, որ ճանապարհի եզրում չոքած անդադար համբուրում էին գետինը։

Դրանք գյուղացիներ էին, որ կռիվ էին ունեցել ուրիշ գյուղացիների հետ, մի քանիսը վիրավորված էին, և վերքերի արյունը տեսնվում էր նրանց հագուստի և երեսների վրա։

Ֆարրաշբաշի,― հրամայեց խանը իր ժանդարմների գլխավորին,― մարդիկ կուղարկես, բռնել կտաս այն չարագործներին, և քանի հոգի որ լինեն, յուրաքանչյուրից քսան թուման ջարիմա (տուգանք) առնել կտաս, լավ պատժելուց հետո։

Գանգատավորները գետինը համբուրելով, սկսեցին գոհություն հայտնել և օրհնել խանի կյանքը։ Խանը անցավ։

Ձեր ոտներին մատաղ լինեմ,― ասաց ֆարրաշբաշին հազիվ լսելի ձայնով. մյուս գյուղացիների մեջ նույնպես վիրավորներ կան և երկու հոգի սպանված են...

Այդ միևնույն է,― պատասխանեց խանը,― որովհետև դրանք առաջ գանգատվեցան, պետք է դրանց դատը վճռել. հետո կլսեք, թե մյուսները ինչ են ասում...

Պարսկական դատաստանի կետից շատ ճիշտ էր խանի վճիռը։ Երկու գյուղի մարդիկ միմյանց հետ կռվել էին. մի կողմը շտապեց, գանգատվեցավ և բավականություն ստացավ։ Երբ կհայտնվեր մյուս կողմը, նրան էլ «կլսեին», այն ժամանակ առաջինների պատիժը գուցե ավելի սաստիկ լիներ. և այսպիսով երկու կողմն էլ «ջարիմա» վճարած կլինեին, և այդ ավելի օգտավետ էր խանի գանձարանին։

Խան, քո ոտներին մատաղ, խնդիր ունենք... ձայն տվեցին մի քանի հոգի, որոնք նույնպես ճանապարհի եզրի վրա չոքած համբուրում էին գետինը։

Դրանք նույնպես գյուղացիներ էին, որոնց ոչխարները գողացել էին, բայց գողը հայտնի չէր. ոչխարների տերերը «կասկած» էին հայտնում գող Քերիմի վրա, ասում էին նրա գործն է։ Խանը հրամայեց Քերիմին կալանավորել, ոչխարները առնել, իրանց տերերին հանձնել, և հիսուն թուման էլ «ջարիմա» առնել Քերիմից հօգուտ գանձարանի։ Արդյոք Քերիմը հանցավոր էր այդ գողության մեջ, թե ոչ,― քննություն չեղավ։ Քննությունը միշտ մնում էր վճռից հետո։ Այսինքն, երբ Քերիմից ոչխարները կառնեին գյուղացիներին կհանձնեին, և հիսուն թուման էլ «ջարիմա» կառնեին հօգուտ գանձարանի,― այնուհետև երբ կհայտնվեր, որ Քերիմը մեղավոր չէ, այն ժամանակ կրկին ոչխարները գյուղացիներից կառնեին և կտային Քերիմին, և հիսուն թուման էլ նրանցից «ջարիմա» կառնեին, որովհետև սուտ ասեցին։ Այսպիսով երկու կողմից էլ գանձարանը կշահվեր, բացի դրանից, ոչխարները անդադար մեկից առնելով և մյուսին տալով, ամեն անգամ «դահեք» (տասանորդ) կվերառնեին նույնպես հօգուտ գանձարանի։

Այսպես, խանը մինչև իր դիվանխանեն կամ դատարանը հասնելը, ճանապարհին, ոտքի վրա, մի քանի գանգատներ լսեց, մի քանի վճիռներ տվեց, բոլորը մի խոսքով, բոլորին րոպեական ուշադրություն դարձնելեն հետո։ Դրսում, բաց օդի մեջ, ավելի հեշտ էր դատախազներին իրանց բողոքները նրա ականջին հասցնել. բայց երբ նա մտնում էր իր դիվանխանեն, այն ժամանակ բոլորովին անմատչելի էր դառնում։ Գանգատավորը պետք էր ֆարրաշբաշուն դիմեր, մունշի-բաշուն դիմեր, և ով է իմանում, հարյուրավոր շունուգայլի պետք է դիմեր, մինչև նրան թույլ կտային մերձենալ խանին և իր գանգատը հայտնել։ Բայց մինչև այդ թույլտվությունը ստանալը, նա ստիպված էր ամենին «փեշքեշներ» տալ...

Խանը արդեն մոտեցել էր դիվանխանեին։ Ամբոխը ամեն կողմից հետ էր քաշվում և մինչև գետին գլուխ էր տալիս։ Ֆարրաշները իրանց ձեռքի վարոցներով գանակոծում էին հանդիպողին, ով որ փոքր-ինչ ուշ էր շարժվում և ճանապարհ չէր բաց անում։ Բրո՛... բրո՛... (հեռացի՜ր, հեռացի՜ր) գոչում էին շաթրները։ Երկյուղը և սարսափը, տենգային ցնցումների նման, անցնում էին ամբողջ ամբոխի մեջ։ Մի մեռելայն լռություն տիրել էր այդ ահագին բազմության վրա, միայն լսելի էին լինում ֆարրաշների ու շաթրների զգուշացուցիչ ձայները։ Հանկարծ հեռվից մի աղաղակ բարձրացավ և ամբոխի ուշադրությունը դարձավ դեպի այն կողմը։

Այրվեցա՛ն..., այրվեցա՛ն... հայերը այրվեցա՛ն... լսելի եղան խուլ ձայներ։

Կարծես, մի ահագին հրդեհ բոցավառվում էր խանի դիվանխանից փոքր-ինչ հեռու։ Թանձր ծուխը, խառն հրեղեն ալիքների հետ, բարձրանում էին դեպի երկինքը։― Այդ ի՞նչ է այրվում,― հարցրեց խանը, կանգնելով դիվանխանեի առջև։

Հայեր են... պատասխանեց Ֆարրաշբաշին, այնպիսի մի սովորական եղանակով, կարծես թե այրվող նյութը փայտ, խոտ կամ հարդ լիներ։

Ֆարրաշները հրամայեցին ամբոխին ետ քաշվել, որ խանը տեսնե այդ տարօրինակ տեսարանը։

Բոցերի և թանձր ծխի միջից երևում էին մի քանի մարդիկ. մայրը գրկել էր իր երեխան, ծերունի հայրը ընկած էր որդու բազուկների վրա. մի քանիսը, անշարժ կանգնած, ձեռքները դեպի երկինք բարձրացրած, գոչում էին` «գթությու՛ն... գթությու՛ն»... մի քանիսը ընկած էին գետնի վրա, ձայն չէին հանում... Տեսարանը սոսկալի էր։ Այրվում էին կենդանի մարդիկ։ Այրվում էին ամբողջ մարմնով, յուղի մեջ թաթախված պատրույգների նման։ Ոչ ոք չէր մոտենում այդ տարօրինակ հրդեհը շիջուցանելու համար։ Նա պիղծ էր, նա կարող է ուղղափառ մահմեդականին պղծել։ Բոցերը փոքր առ փոքր լափում էին նրանց և կանգնածները գլորվում էին ցած։ Մի մարմին ընկնում էր ուրիշ մարմնի վրա և ձևացնում էր դիակների մի կույտ մի մարդկային խարույկ, որ ավելի հեշտ կարող էր վառվել։ Բոցերի միջից դեռ լսելի էին լինում խուլ հառաչանքներ, շարժվում էին ձեռքեր, որ բարձրանում էին դեպի սառնասիրտ երկինքը... Մեղմ քամին տարածում էր ճենճերային խանձահոտությունը դեպի ամեն կողմ։ Դա մի կատարյալ մարդազոհ էր, որ նվիրվում է աստվածներից ամենաանգութին։

Այրվում էին կանայք, երեխաներ, այրվում էին ալևորներ և առույգ տղամարդիկ։ Այդ սարսափելի ողջակեզը կարող էր ամեն մարդու վրա սոսկալի տպավորություն գործել, բայց խանի մեջ նա բարձրացրեց ծիծաղ և մի տեսակ գազանային զվարճություն։ Նա առանց ժպտելու չէր կարողանում նայել այդ սիրտ կտրատող տեսարանի վրա, որպես Ներոնը նայում էր Հռոմի հրդեհին։ Նա զարմանում էր այդ թշվառների սատանայական հնարագիտության վրա, թե ինչ խորամանկ միջոց էին ընտրել դարձնելու իրենց վրա խանի բարձր ուշադրությունը։ Նրանք գանգատավորներ էին։ Մի քանի ամբողջ ամիսներ դեգերվում էին խանի չադրների մերձակայքում, բայց ոչ ոք թույլ չէր տալիս նրանց մոտենալ և իրանց գանգատը հայտնել խանին։ Հուսահատությունը ստիպեց դիմել այսպիսի սոսկալի ձեռնարկության։ Նրանք օծեցին իրանց մարմինը և հագուստը նավթով, նրանք անցկացրին իրանց պարանոցը նույնպես նավթի մեջ թաթախված հասիրներ, և կրակ տվեցին... Այդ բոլորը խիստ ծաղրաշարժ էր թվում խանին։

Մարմինները դեռ ծխում էին։ Թանձր մուխը պատել, պաշարել էր նրանց։ Երբեմն միայն բարակ լեզուների նման հայտնվում էին բոցերի գունատ շառավիղներ, դողդողում էին, պտույտվում էին և իսկույն մարում էին ծխի թանձրության մեջ։ Դրանք թշվառ զոհերի վերջին բողոքը, վերջին մրմունջն էին արտահայտում...

Հասարակության ուշադրությունը այդ միջոցին դարձրած էր դեպի մի մանկահասակ պատանի, որ չկարողանալով դիմանալ կրակի զարհուրանքին, դուրս էր պրծել իր մոր գրկից և ընկած էր խարույկից հեռու։ Հանկարծ մի մարդ շուտ վրա հասավ, ջրով թրջած իր վերարկուն շտապով ծածկեց նրա վրա, և այսպիսով հանգցրեց նավթի բոցերով բռնկված նրա հագուստից կրակը։ Հետ քաշելով վերարկուն, նա սկսեց խնամքով մերկացնել մանուկին, որովհետև կիսավառ հագուստը դարձյալ այրում էր նրա մարմինը։ Մազերը և մինչև անգամ աչքերի թերթերունքը բոլորովին խանձված էին։ Պատանին ուշաթափության մեջ էր գտնվում, բայց կյանքի նշույլները իսպառ անհետացած չէին։ Երեսի կաշին այրված էր, իսկ մարմնի վրա երևում էին մի քանի մրկած տեղեր։

Ի՞նչ պիտի անես այդ լակոտին, Ահմեդ,― հարցնում էին նրա շրջապատողները։

Ես նրան կառողջացնեմ և ինձ որդի կշինեմ,― պատասխանեց ծերունի ներքինապետը ծանրությամբ։

Գավուրի՞ն,― գոչեցին ամեն կողմից զզվանքով։

Ես նրան մահմեդական կդարձնեմ։

Թեև ծերունի Ահմեդը հավատքով ծածուկ քրիստոնյա էր, բայց այդ խոսքը ասաց նա իր շրջապատողների մոլեռանդությունը չգրգռելու համար։ Լսելով թշվառ գյուղացիների արկածքը, նա շտապեց, եթե կարելի կլիներ, բոլորին օգնություն հասցնել. բայց մինչև իր գալը ամեն ինչ վերջացած էր... Նա կարողացավ ազատել այդ մանուկը միայն։

Բայց նրանից առաջ, երբ բոցերը ճարակում էին իրանց բոլոր դժոխային արհավիրքով, երբ զոհերը մրմնջում էին, երբ թանձր ծխի միջից լսելի էր լինում «գթությու՛ն... գթությու՛ն»... հառաչանքը,― նրանց մոտից անցան հայոց ժողովրդի երկու ներկայացուցիչները` մելիք Ֆրանգյուլը և մելիք Դավիթը։ Երկուսն էլ իսկույն հասկացան եղելությունը և այդ թշվառների հուսահատ անձնասպանության դրդիչ պատճառները։ Մելիք Դավիթի դեմքի վրա անցավ տխրության մի ամպ, նա ամբողջ մարմնով սոսկաց, սիրտը սկսեց դողդողալ և ոտքերը սկսեցին կարկամիլ։ Այդ խղճի և ցավակցության զգացմունքը չէր, որ այսպես շանթահարեց նրան. դա եղեռնագործի, դա չարագործի այն սոսկումն էր, որի գազանային խռովությունը անցնելուց հետո, հանկարծ տեսնում է իր աչքի առջև անմեղ զոհերը... և նոր է հասկանում հանցանքի մեծությունը։ Իրանց անձը այրողները տաթևացիներ էին, մելիք Դավիթի կառավարությանը հանձնված հարստահարյալներ էին։ «Ուրացողը» այն աստիճան կողոպտել էր նրանց, այն աստիճան ծանրաբեռնել էր զանազան տուրքերով, որ վերջին ժամանակներում անկարող էին վճարել։ Չարագործը նախ սկսեց ծախել տալ նրանց տնային կարասիքը, անասունները, իսկ երբ դրանք էլ սպառվեցան, սկսեց այնուհետև վաճառել նրանց զավակները մահմեդականներին։ Մի այսպիսի բարբարոսության անկարող էր համբերել աղքատ և ապրուստի ամեն միջոցներից զրկված գյուղացին։ Նա սովորած էր ինչքի և կայքի հարստահարության, բայց իր սիրելի զավակների մահմեդական դառնալուն չէր կարող համբերել։ Նա ավելի բարվոք կհամարեր, որ նրանք մեռնեին, ոչնչանային, քան թե կրոնափոխ լինեին։ Մելիք Դավիթի անգթությունները կատարյալ գազանության էին հասնում։ Նա տանջում էր հայերին ավելի, քան մի թյուրք, մի պարսիկ, կամ մի այլ մահմեդական։ Անճարացած ժողովուրդը կամենում էր դիմել խանին, հայտնել իր ցավերը և արդարություն պահանջել։

Ժողովուրդը հույս ուներ, որ բռնակալ խանի մեջ կգտնե ավելի գութ, ավելի մարդասիրություն, քան թե մի հայ դավաճանի մեջ, որ փառքի և պաշտոնի համար վաճառել էր մինչև անգամ իր կրոնքը։ Բայց խորամանկ մելիքը այնպես փակել էր բոլոր մուտքերը նրանց առջև, որ ոչինչ հնար չէին գտնում իրանց բողոքը հասցնելու խանի ականջին։ Սկսյալ ֆարրաշբաշիից մինչև վերջին ծառայողը կաշառված էին մելիքից, որ այդ գյուղացիներին թույլ չտան խանին մոտենալ։ Մի երկրում, ուր ամեն դատ կատարվում էր բերանացի, կամայական կերպով, ուր դատավորը մատչելի չէր ամենին, ուր ամեն գործ քննվում էր լոկ խոսքերով միայն,― այսպիսի հանգամանքներում դրանիկների բարեխոսությունը կամ նրանց չարախոսությունը, իհարկե, մեծ նշանակություն կարող էր ունենալ գանգատավորների վերաբերությամբ։ Դրանիկները կարող էին դեպի ամեն կողմ ծռել դատավորի կամքը, որը միևնույն ժամանակ ժողովրդի տերն էր։ Դրանիկները կարող էին գործը այնպես սարքել, որ իշխանը ամենևին տեղեկություն չստանար, թե ինչ է կատարվում ժողովրդի մեջ։ Չափազանց անկարգությունները կառավարության մեջ միշտ ծնեցնում են ծայրահեղ միջոցներ նրանց բառնալու համար, այն է` ոչնչացնել անիրավ իշխանությունը արդարությունը վերականգնելու համար։ Բայց դրա համար ժողովրդի մեջ բավական կյանք և բարոյական ուժ է հարկավոր։ Այդ ժամանակներում (և մինչև այսօր Պարսկաստանի մեջ), ժողովուրդը այն աստիճան մեռած էր, որ սովորական իրերի կարգն էր անցել այն զրույցը, թե «հասիր կգցեմ բողազս, կգնամ խանի դռանը ինձը կայրեմ...»։ Դա հարստահարված գյուղացու վերջին հուսահատական խոսքն էր, երբ կամենում էր, որ իր ցավերի վրա ուշադրություն դարձնեին։ Լուկրեցիան խենջարը ցցելով իր կուրծքի մեջ, անձնասպան եղավ և իր մահվամբ բողոքեց անբարոյական Հռոմի դեմ։ Իսկ հայ գյուղացին մահմեդական իշխանի դռանը իրան այրելով, բողոքում էր տիրող բռնության դեմ։

Այդ բանից վատ հոտ է գալիս... ասաց մելիք Ֆրանգույլը, դառնալով մելիք Դավիթին, երբ նրանց աչքին ընկավ սոսկալի տեսարանը։

Մելիք Դավիթը ոչինչ չպատասխանեց։ Նա մտածում էր այն բանի վրա, թե ի՞նչ տպավորություն կունենա այդ անցքը խանի վրա։ Նա պատրաստում էր պատասխան նրա համար։ Իր մտքում հարյուրավոր պատճառներ էր հնարում, հարյուրավոր փաստեր էր ստեղծում իրան արդարացնելու համար, երբ խանը բացատրություն կպահանջեր նրանից սարսափելի անցքի մասին։ Իսկ մելիք Ֆրանգյուլին տանջում էր մի այլ միտք։ Նա երկյուղ ուներ, որ գյուղացիների ինքնասպանությունը գուցե կշարժեր խանի մարդասիրական զգացմունքը և դրանով կդժվարանար իրանց դիտավորությունը` հայ գերիների վաճառումը կամ իսպառ խափանելու կամ հետաձգելու մասին։ Այդ նպատակով նրանք դիմում էին խանին, որ արգելեն հայ գերիների վաճառումը, և Թորոս իշխանին ձեռնաթափ հետ դարձնեն, որը այսօր գալու էր գերիներին գնելու։ Իսկ այդ անիծված գյուղացիները վատ ժամանակ ընտրեցին իրանց այրելու։ Այսօր պետք էր խանի անգթությունը իր գանազանային բորբոքման մեջ պահել։ Իսկ այդ անիծված գյուղացիները փոքր-ինչ մեղմացրին նրա բարբարոսությունը։ Ո՞ւմ սիրտը չի ցավի, տեսնելով երեխաներին և կնիկներին կրակի բոցերի մեջ... Այսպես էր մտածում մելիք Ֆրանգյուլը, երբ նրանք հասան խանի վրանի մոտ։

Խանը դեռը կանգնած էր իր վրանի առջև և նայում էր, թե որպես մի քանի հրեաներ երկաթե կարթերով, շան գեշերի նման, քարշ էին տալիս կիսախորով դիակները, տանում էին հեռու, ձգում էին մի փոսի մեջ և ծածկում էին հողով։ Մահմեդականները չէին մոտենում նրանց, պիղծ էին համարում, այս պատճառով պիղծ ծառայությունը հանձնել էին նույնպես պիղծ հրեաներին, որոնք գործով եկել էին խանի բանակը։

Տեսնելով երկու մելիքներին, որոնք հանդիսավոր կերպով իր մոտ էին գալիս, խանը մի առանձին հեգնական ժպիտով դարձավ նրանց, ասելով.

Տեսա՞ք, ինչ արեցին այդ հիմար հայերը...

Երկու մելիքները մինչև գետին խոնարհվելով, գլուխ տվեցին։ Խանի ժպիտը քաջալերեց նրանց, և մելիք Դավիթը, օգուտ քաղելով նրա ուրախ տրամադրությունից, պատասխանեց.

Հային ո՞վ է տվել խելք, եթե հայերը խելք ունենային, էլ ինչու՞ էին հայ լինում...

«Ուրացողի» շողոքորթությունը բավական դուր եկավ խանին, որը ձեռքը դնելով նրա ուսի վրա, ասաց.

Այդ իրավ է, Բաղր բեկ (պարսիկները այսպես էին կոչում նրան),― եթե հայերը խելք ունենային, կհետևեին քո օրինակին, կընդունեին մեր սուրբ կրոնքը, և համ այս աշխարհում, համ այն աշխարհում վայելչություն կունենային։― Այսպես չէ՞ մելիք Ֆրանգյուլ. հարցրեց նա վերջինից։

Մելիք Ֆրանգյուլը դարձյալ գլուխ տվեց, ասելով.

Այո՜, խան, այդպես է, քո ոտքին մատաղ։

Խանը մտավ վրանի այն մասը, որ հատկացրած էր դիվանի համար։ Նա նստավ իր համար առանձին պատրաստած թանկագին օթոցի վրա և հրավիրեց երկու մելիքներին նույնպես նստել։ Նրանք տեղավորվեցան խանից ցած։ Խանի դրանիկներից նրա մոտ նստեց միայն մունշի-բաշին, իսկ մյուսները ոտքի վրա կանգնած մնացին վրանի առջև։ Այդ միջոցին անցավ այնտեղից ծերունի Ահմեդը, և հեռվից լուռ աչքով ակնարկելով խանի մանկահասակ սպասավորներից մեկին, կանչեց իր մոտ։

Սալամ,― ասաց նրան,― ահա քեզ տասն ոսկի. այդ մարդիկը ինչ որ խոսելու լինեն խանի հետ, շուտով խաբարը կբերես ինձ։ Նա ցույց տվեց երկու մելիքների վրա։

Փողը ի՞նչ անեմ,― պատասխանեց կանացի դեմքով գեղեցիկ սպասավորը,― քեզ մի ծառայություն անելու համար ես ամեն բանի պատրաստ եմ։

Ոչ, ընդունիր, ինչ որ քեզ ասում են` այն լսիր. ոչ մի խոսք չես փախցնի ականջիցդ, բոլորը կպատմես ինձ։

Սալամը խանի համար ղեյլան մատուցանող սպասավորն էր, որ միշտ կանգնած էր լինում նրա սպասին։ Նա առանց կաշառք ևս ընդունելու ծերունի ներքինապետից, միշտ պատրաստ էր կատարելու հարեմի այն հզոր իշխանի կամքը, որից բոլոր ծառայողները դողում էին։

Խառնիճաղանջ բազմությունը վրանի առջևից քաշվեցավ դեպի նրա ետևի կողմերը, նստեցին խոտերի վրա, որ խանի աչքին չընկնեն։ Իսկ վրանի մուտքի աջ և ձախ կողմերը կանգնած մնացին ֆարրաշները, շաթրները և մյուս ծառայողները։

Խոսակցությունը կրկին դարձավ հայերի վրա։

Ֆարրաշբաշի,― ձայն տվեց խանը,― դուք չգիտե՞ք պատճառը, թե ինչու՞ համար այդ հայերը իրանց այրեցին։

Ֆարրաշբաշին մոտեցավ, գլուխ տվեց, և շփոթված տատանվում էր, չգիտեր, թե ինչ պետք էր պատասխանել։ Վերջապես ասաց նա, թե ինձ ոչինչ հայտնի չէ։

Ես գիտեմ... մեջ մտավ մունշի-բաշին, խանի առաջին քարտուղարը։

Այդ մարդը, որ ամբողջ մարմնով թունավորված էր անդադար ափիոն ուտելով, որի ձեռքերը դողում էին շատ արագ խմելուց, բայց որպես գրագետ, որպես շատ կարդացած մարդ, համեմատաբար ավելի բարոյական էր, քան թե մյուս բոլոր ծառայողները։ Նա պատկանում էր պարսից մի ծածուկ աղանդի, որ հերքում էր ամեն կրոնքները, իբրև վնասակար, իբրև ազգերի եղբայրությունը խափանող և նրանց մեջ թշնամություն սերմանող մի վարդապետություն։ Նա բացատրեց խանին, թե հայերի հուսահատական ինքնասպանությունը առաջ է եկել հարկերի չափազանց ծանրությունից, թե նրանք վճարում էին երեքպատիկ, չորեքպատիկ ավելի, քան թե պարտավոր էին. թե նրանց ինչքը, ստացվածքը և մինչև անգամ զավակները վաճառվում էին տուրքերի փոխարեն։― Իհարկե, այդ բոլորից հետո,― ավելացրեց նա,― նրանց ոչինչ չէր մնում, բայց միայն մեռնել...

Այդ միջոցին մելիք Դավիթի դեմքը գունաթափվել, դալկացել, մեռելի գույն էր ստացել։ Նրա աչքերում վառվում էր մի տեսակ գազանային կատաղություն, նկատելով, թե դեռևս կան աշխարհում անմիտ մարդիկ, որոնք բողոքում են չարության դեմ։ Նա զսպեց իրան, ոչինչ չպատասխանեց, սպասելով, թե խանը ինչը կասե։

Հաշիվները կա՞ն ձեզ մոտ,― հարցրեց խանը։

Ինչպես չէ,― պատասխանեց քարտուղարը և դուրս բերեց իր գոտիի միջից թղթերի ահագիին փաթոթը, սկսեց նրանց միջից ջոկել տաթևացիների հաշիվները։

Այդ միջոցին խանի վրանը մտավ ցեղի ընդհանուր հոգևոր գլուխը իմամը։ Բոլորը ոտքի վրա կանգնեցին, նրան գլուխ տվեցին։ Խանը հրավիրեց նրան իրանից բարձր նստել, նույն թանկագին օթոցի վրա, ուր առաջ ինքն էր նստած։ Քննությունը հայերի հարստահարության մասին ընդհատվեցավ։

Սովորական հարցուբարևներից հետո, խանը ծիծաղելով դարձավ դեպի իմամը, ասաց.

Ի՞նչ է շինում ձեր դերվիշը, պատրաստե՞ց խոստացած մաջունը։

Դեռ բոլոր նյութերը ձեռք չեն բերված,― պատասխանեց իմամը լուրջ կերպով. հարկավոր է դեռևս հարյուր մսխալ մարգարիտ, հարյուր մսխալ խոշոր մարջան, տասն մսխալ ալմաստ, տասն մսխալ յաղութ, տասն մսխալ լալ, հինգ մսխալ մուշք, հարյուր մսխալ չուբի-չին, երկու հարյուր մսխալ յալդուղի ոսկի, և մի քանի ուրիշ նյութեր։ Այստեղ անկարելի է բոլորը գտնել, միտք ունեմ գրել Թավրիզ, որ այնտեղից ուղարկեն։

Ամենևին հարկավոր չէ գրել Թավրիզ,― ասաց խանը իր ծառայությունը ցույց տալու համար իմամին,― բոլորը կգտնվեն ինձ մոտ, դուք կարող եք ստանալ ինձանից այդ բոլոր գոհարները, որքան պետք է ձեզ, միայն այն պայմանով, որ փողի փոխարեն շնորհեք ինձ ձեր սուրբ օրհնությունը։

Ես առանց այդ ևս ամեն օր իմ նամազների մեջ հիշում եմ ձեզ,― ասաց իմամը իր հատուկ բարեսրտությամբ։

Խանը լուռ գլուխ տվեց ի նշան իր շնորհակալության։

Իմամը վաթսուն տարին անցրած մի չոր ու ցամաք ծերունի էր, ոտքից մինչև գլուխը սպիտակ հագնված, որպես վայել էր այդ նրա բարեպաշտությանը։ Նրա գլխի ճերմակ չալման մի ահագին կաղամբի էր նմանում, իսկ մեջքի հաստ գոտին, փրփուրի պես սպիտակ և նուրբ գործվածքից, դիզվել էր փորի վրա։ նա տասնևերկու կնիկներ ուներ, իսկ այդ հասակում կամենում էր պսակվել մի դեռահաս, տասնևչորս տարեկան աղջկա հետ, հույս դնելով իր դերվիշի հրաշալի մաջունի վրա, որը պետք է վերադարձներ նրա մանկությունը, և նրան մի առույգ երիտասարդի սիրտ և ուժ պիտի տար։ Նա բոլորովին հավատում էր իր վերածնելությանը, թեև հրաշալի մաջունը նրան շատ թանկ պիտի նստեր, թեև բոլոր գոհարեղենները պիտի մտնեին խորամանկ դերվիշի գրպանը, որը բժշկության մեջ իրան մի նոր Լոկման էր ներկայացնում։

Այդ դերվիշը,― խոսեց իմամը, -սքանչելի բաներ գիտե, նա խոստանում է ինձ համար մի դարման շինել, որը մի անգամ ընդունելուց հետո բոլոր սպիտակ մազերը սև գույն կստանան։ Գիտե և մի ուրիշ դարման, որ կյանքը հարյուրավոր տարիներով երկարացնում է։

Ինչու՞ չեք շինել տալիս,― հարցրեց խանը։

Նյութերը հազվագյուտ են և ըստ մեծի մասին թանկագին։

Այսպիդի դարմանները պատրաստվում են գլխավորապես գոհարեղեններից։

Այո՜, գոհարեղեններից։

Խանը դարձյալ կրկնեց, թե բոլորը իմամը կարող է ստանալ իրանից, և խնդրեց դերվիշին իր մոտ ուղարկել, հայտնելով, թե ինքն էլ նպատակ ունի նույն մաջունները պատրաստել տալ իր համար, և այսպիսով մի օգուտ հասցրած կլինի դերվիշին, որը իմամի թե՜ բժիշկը և թե՜ հյուրն է։ Մի խոսքով, խանը աշխատում էր ամեն տեսակ հաճություն ցույց տալ այդ սպիտակեղենների մեջ փաթաթված, չորուցամաք ծերուկին, որ բովանդակում էր իր մեջ ամբողջ ցեղի հավատը և համակրությունը։ Խանը այնքան վարպետ էր, որ գիտեր, թե այդ մարդուն գրավելով, ամբողջ ժողովուրդը իր ձեռքում սանձահարված կարող էր պահել։

Մի մարդ միայն այդ վրանում իր մտքում ծիծաղում էր այդ բոլոր խոսակցությունների վրա,― դա մունշի-բաշին էր։ Նա խիստ դժգոհ էր, որ իմամի այցելությունը խանգարեց իր բացատրությունները հայերի հարստահարության մասին, և բարկությունից, հանեց իր ծոցից մի փոքրիկ, ոսկյա տուփ, և նրա միջից վեր առնելով ափիոնի երեք հատ խոշոր գնդակներ, դրեց բերանը, կուլ տվեց։

Միրզա-Ջաֆարը այսպես էր մունշի-բաշիի անունը արդեն կուլ տվեց իր մաջունը,― նկատեց իմամը հեգնական եղանակով։

Այո՜,― պատասխանեց նույնպես հեգնական ոճով քարտուղարը,― այդ է իմ մաջունը, թեև չէ մանկացնում, բայց գոնե մոռանալ է տալիս ինձ աշխարհի վշտերը...

Մի՞թե դուք էլ վշտեր ունեք,― հարցրեց իմամը ծիծաղելով։

Ես վշտեր չունեմ, բայց ուրիշի վշտերը նեղացնում են ինձ... ասաց նա փիլիսոփայական զվաճախոսությամբ,― աշխարհի մեջ շատ չար ու բարի եմ տեսնում... կան մարդիկ, որ ամեն հնարներ գործ են դնում իրանց կյանքը երկարացնելու համար, որ ավելի շատ վայելեն աշխարհի հեշտությունները... կան և այնպիսի մարդի, որոնք կամավ կարճացնում են իրանց կյանքը և մահվան մեջ են որոնում հանգստությունը...

Թե՜ խանը և թե՜ իմամը առաջուց սովոր էին քարտուղարի տարապայման խոսակցությանը, այս պատճառով չբարկացան նրա բացարձակ ակնարկությունների վրա։ Դերվիշները առհասարակ հարգանք ունեն պարսիկների մոտ, չնայելով որ, նրանց հայացքները և սովորությունները շատ անգամ հակառակ են լինում ընդունված նախապաշարմունքներին։ Միրզա-Ջաֆարը նույնպես դերվիշ էր։ Իր վերջին խոսքերով նա ակնարկում էր խեղճ հայերին, որ մի քանի րոպե առաջ այրվեցան հրապարակի վրա։ Իմամը հասկանալով այդ, պատասխանեց նրան.

Նրանք առանց այդ էլ պիտի այրվեին դժոխքի կրակների մեջ. լավ է, որ այս աշխարհում փորձեցին նախապատրաստվել գեհենի կրակների համար։

Քարտուղար կամենում էր պատասխանել իմամին, բայց խանը նրան աչքով արեց, որ լռե։ Մելիք Դավիթը, որ բոլոր ժամանակը լուռ լսում էր, մտածեց օգուտ քաղել իմամի ներկայությունից և իր հաշիվը վերջացնել քարտուղարի հետ։ Բայց առիթ չէր գտնում։ Առիթը տվեց ինքը իմամը, որը գոհ մնալով իր սուր պատասխանով հայերի վերաբերությամբ, դարձավ դեպի մելիք Դավիթը, հարցնելով.

Այսպես չէ՞, Բաղր բեկ։

Իրավ, այդպես է, տեր,― ասաց «ուրացողը» բոլոր հայերը դժոխքի կրակի մեջ պիտի այրվին։ Աստուծո դրախտը միայն Մուհամմեդի ուղղափառների համար է։ Մի քանի րոպե առաջ պարոն քարտուղարը ինձ մեղադրում էր, իբր թե ես եմ եղել գլխավոր պատճառը, որ այդ հիմար հայերը իրանց անձերը կրակին մատնեցին։ Իբր թե ես նրանցից ծանր հարկեր եմ առել և նրանց զավակները վաճառել եմ։ Խոստովանում եմ, որ այդ երկուսն էլ արել եմ ես ավելի հարգանք ընդունելու համար, քան թե նախատինք։ Հարկերը ծանրացնելով, ես ծառայություն եմ արել խանի գանձարանին, իսկ «գավուրների» զավակները մահմեդականներին վաճառելով, ես աշխատել եմ բազմացնել մեծ մարգարեի հավատացյալների թիվը։― Դրանք են իմ արածները, եթե մի որևիցե հանցանք եք գտնում դրանց մեջ, ահա իմ պարանոցը, կտրել տվեցեք։

Այդ գործերի մեջ ոչ ոք ձեզ մեղադրելու իրավունք չունի, ընդհակառակն, դուք պատվի և շնորհակալության եք արժանի,― պատասխանեց իմամը ծանրությամբ։ Դրանով դուք ցույց եք տալիս, որ անկեղծությամբ և հավատքով եք ընդունել մեր կրոնը։ Ես կխնդրեմ խանից, որ ձեզ ըստ արժանվույն վարձատրե։

Ես այսօր իմ սեփական հանդերձատնից մի խալաթ կընծայեմ Բաղր բեկին, -ասաց խանը իմամին գոհացնելու համար։

Մելիք Դավիթը գլուխ տվեց և օրհնություններով հայտնեց իր շնորհակալությունը։ Այժմ չարագործի մռայլված դեմքը կրկին սկսեց փայլել ուրախությունից։ Իմամը մելիք Ֆրանգյուլի վրա ամենևին ուշադրություն չդարձրեց, թեև նա աստիճանով ավելի բարձր էր մելիք Դավիթից։ Մուսուլմանների բարձր հոգևորականը կարծես, զզվում էր այդ «գավուրի» ներկայությունից, մանավանդ, որ նա համարձակվել էր նստել նույն վրանի տակ, ուր ինքն էր նստած։ Այդ արհամարհանքը սաստիկ ազդեց փառասեր մելիք Ֆրանգյուլի սրտին և նրա գլխում կրկին ծագեց այն միտքը, որ երկար ժամանակ տանջում էր նրան...

Իմամը վեր կացավ, հայտնելով, թե երկար նստել չէ կարող, թե իր նամազի ժամանակը անցնում է, թե նա մի քանի րոպեով միայն կամեցավ անցնել խանի մոտ, նրա առողջությունից տեղեկություն ստանալու համար, թեև նա եկած էր գլխավորապես գոհարեղենների համար, որ պահանջում էր նրանից դերվիշը։ Թե՜ խանը և թե՜ բոլոր ներկա գտնվողները կանգնեցին և բավական տեղ, վրանից հեռու, ճանապարհ դրին իմամին։

Իմամի գնալուց հետո խանը երկու մելիքների հետ մնաց միայնակ։ Քարտուղարը խռոված մարդու նման առանձնացավ վրանի մյուս մասում, ուր նստած էին նրա ստորադրյալ գրագրները և սկսեց զբաղվել իր գործերով։ Այդ միջոցին խանը կանչել տվեց իր մոտ ձիավորների գլխավորին, որին կոչում էին ղուլլար-աղասի և հրամայեց նրան պատրաստել երկու հարյուր զինված ձիավորներ Թորոս իշխանին ընդունելու համար։

Թորո՞սը,― հարցրեց մելիք Ֆրանդյուլը զարմացած կերպով, իբր թե ոչինչ բանից տեղեկություն չունի,― ինչու՞ համար է գալիս Թորոսը։

Իշխանը պիտի գա մեզ մոտ գտնված հայ գերիներին գնելու համար,― պատասխանեց խանը։― Այսօր, ճաշից երկու ժամ առաջ, ժամանակ ենք նշանակել նրան ընդունելու։

Ներեցեք համարձակությանս հարցնել ո՞րքան փրկանք եք նշանակել։

Ես դեռ ոչինչ չեմ նշանակել, տեսնենք իշխանը որքան կտա. իհարկե, փողի մասին սակարկություն կլինի։

Ես հենց այդ էի ուզում գիտենալ,― ասաց մելիք Ֆրանգյուլը խոհեմ կերպով. Թորոսը յոթն սատանայից ավելի խորամանկ է, վախենում էի, որ այդ անիրավը ձեզ կխաբե։ Լավ է, որ դեռ գործը վերջացած չէ, ես այժմ կարող եմ ձեզ մի քանի օգտավետ խրատներ տալ։

Սալամ մանկլավիկը, որ ներքինապետից պատվեր էր ստացել լրտեսել խանի և երկու մելիքների խոսակցությունը, ավելի սրեց իր ականջները մելիք Ֆրանգյուլի «խրատները» լսելու համար։ Ընդունելով իր մատուցած ղեյլանը խանի ձեռքից, նա մի կողմ քաշվեցավ, կանգնեց վրա մուտքի մոտ, և լարված ուշադրությամբ լսում էր նրանց։

Մելիք Ֆրանգյուլը խանի ուշադրությունը դարձրեց նախ այն կետի վրա, թե ովքեր են գերիները, ի՞նչ տոհմից են, ո՞րքան կարողություն ունեն, և նրանց ազգականները ինչ գումար կարող էին վճարել նրանց գնելու համար։ Բոլոր անունները մի առ մի հայտնելուց հետո, նա ավելացրեց, թե ինքը, կռվի ժամանակ որովհետև խանի զորքերի մեջն էր գտնվում, և խանին ավելի շահ հասցնելու մտքով, աշխատեց ընտրել գերիներին ամենահարուստ ընտանիքներից, որպեսզի, նրանց ազատելու համար, կարելի լինի պահանջել նշանավոր գումարներ։ Գերիները թվով հարյուր քսան և հինգ հոգի են. մի մասը մեռել են բանտի մեջ, բայց հարյուրի չափ դեռ մնում են։ Դրանց մեջն է գտնվում Ստեփաննոս պատանին, որ Շահուման իշխանների տոհմիցն է, մելիք Վարթանեսի որդին, ամբողջ Գենվազ գավառի ժառանգը, այն գավառի, որ դուք տիրեցիք, որ այժմ ձեր իշխանության ներքո է գտնվում։ Այդ պատանուն ամենևին պետք չէ ձեռքից թողնել, եթե կամենում եք, որ Գենվազը մնա ձեզ որպես մշտական սեփականություն։ «Վիշապի ձագը երբ որ մեծանա, դարձյալ օձերի թագավորը կդառնա»,― այդ պարսկական առածի միտքը դուք լավ եք հասկանում։ Ուրեմն, պետք է Շահումյանների տան այդ վերջին շառավիղը արմատից կտրել, այդ տոհմի հետքը աշխարհի երեսից ջնջել, եթե ցանկանում եք, որ Գենվազը ձեզ մնա։ Իսկ եթե պատանու կյանքին դիպչել չենք ցանկանա, խոհեմությունը պահանջում է, որ նրան պահեք ձեզ մոտ որպես պատանդ։

Մելիք Ֆրանգյուլը այնպես հասարակ և սովորական կերպով առաջարկում էր խանին իր «խրատները», որպես բժիշկը տալիս է իր հիվանդին զանազան առողջապահական խորհուրդներ, որոնց մեջ նա խղճի, պատվի և ազնվության դեմ ոչ մի հանցանք չէ գտնում։

Այդ բոլորը, ինչ որ ասեցիք, շատ խելացի են,― պատասխանեց խանը ուշադրությամբ լսելուց հետո. բայց ես այդ պատանուն ոչ կարող եմ պահել ինձ մոտ որպես պատանդ և ոչ ոչնչացնել նրան, որովհետև Թորոս իշխանին խոսք եմ տվել բոլոր գերիները դարձնել նրան, և ես իմ խոսքը հարգում եմ։

Կարծես մելիք Ֆրանգյուլի գլխին սառը ջուր ածեցին։ Նա չէր սպասում խանից մի այսպիսի պատասխան։ Բայց դարձյալ իր վստահությունը չկորցնելով, դավաճանը շարունակեց.

Ես երբեք չէի ցանկանա, որ դուք ձեր խոսքը կոտրեիք, խան, բայց այդ չէ արգելում ձեզ պահանջել որպես պատանու, նույնպես և մյուս գերիների համար արժանավոր փրկանք։

Մելիքի նպատակը այն էր, որ խանը պահանջե այնպիսի ահագին գումար, որ Թորոս իշխանը չկարողանա վճարել, դրանով դարձյալ գերիները կմնային խանի բանտի մեջ, այնտեղ կմաշվեին, կտրորվեին և վերջապես կոչնչանային,― այն ժամանակ մելիքը դարձյալ հասած կլիներ իր նպատակին։ Բայց ի՞նչ սատանայական նպատակ էր այդ,― պետք է պարզել։

Մելիք Ֆրանդյուլը վաղուց դիտավորություն ուներ Գենվազ գավառի մելիքությունը իր ձեռքը ձգել։ Այս նպատակով, նա իրան աջակից ընտրելով տաթևացի Դավիթ ուրացողին, երկուսը միասին կարողացան խանին գրգռել Գենվազի վաղեմի իշխան մելիք Վարթանեսի դեմ։ Դավադրությունը այնպես սարքեցին, որ մելիք Վարթանեսը բոլորովին անպատրաստ, խանի հրոսակները հանկարծ մտան նրա երկիրը։ Շահումյանների տունը բոլորովին բնաջինջ եղավ։ ինքը մելիք Վարթանեսը, ընկավ կռվի մեջ։ Այդ ահագին իշխանական տոհմից ազատվեցավ մի պատանի միայն, Ստեփանոսը, որը գերի ընկավ խանի զորքերի ձեռքը։ Նրա հետ գերի առնվեցան Գենվազի գյուղերի բոլոր նշանավոր տանուտերների որդիները։ Այնուհետև խանը իր կողմից նշանակեց այդ գավառում պարսիկ կառավարիչներ։ Գերիները այնքան ժամանակ պահվում էին խանի բանտերում, մինչև Գենվազը բոլորովին հպատակեր և ժողովուրդը ապստամբական փորձեր չաներ։ Բայց որովհետև ժողովրդի գլխավորները ոչնչացրած էին, և նրանց զավակները որպես գրավական պահվում էին տիրող բռնակալի ձեռքում, այս պատճառով անտեր, անառաջնորդ Գենվազը շուտով խոնարհվեցավ պարսիկ խանի իշխանության ներքո։ Այնուհետև ավելորդ էր պահել գերիներին, երբ կարելի էր ստանալ նրանց փոխարեն բավական մեծ գումար։ Բայց մելիք Ֆրանգյուլին այդ ձեռնտու չէր։ Նա ժառանգական թշնամություն ուներ Շահումյանների տոհմի հետ։ Նա ցանկանում էր ոչնչացնել այդ հոյակապ ընտանիքից մնացած միակ ներկայացուցիչը, Ստեփաննոսին, որ ինքը լինի Գենվազի տերը։ Թեև այդ մասին նա դեռ ոչինչ խոսեցած չէր խանի հետ, բայց մեծ հույս ուներ, որ կարող է հասնել իր նպատակին, որովհետև խանը նրա օգնությամբ, նրա առաջնորդությամբ միայն կարողացավ տիրել Գենվազին և հաղթել մելիք Վարթանեսի նման մարդուն, որը մեծ զորության տեր էր։ Պարսից խաները սովորություն չունեին իրանք կառավարելու հայոց գավառները. նրանք հանձնում էին հայ մելիքներին և տարեկան մի նշանակյալ հարկ էին ստանում։ Ո՞վ ավելի արժան էր այդ պաշտոնին, քան մելիք Ֆրանգյուլը, որ այնքան հավատարիմ էր խանին, որ այնքան օգնել էր նրան Գենվազի տիրապետության մեջ։

Մելիք Ֆրանգյուլը երկար ժամանակ աշխատում էր պատանի Ստեփաննոսին խեղդել տալ բանտի մեջ, բայց այդ փորձը, ինչպես տեսանք, չհաջողվեցավ։ Նա այնքան երկյուղ չէր կրի այդ պատանուց, եթե նա չունենար մի այնպիսի հզոր քեռի, որպիսին էր Թորոս իշխանը, Չավնդուրի ամբողջ գավառի տերը։ Ստեփաննոսի մայրը այդ իշխանի հարազատ քույրն էր։― տարակույս չկա, մտածում էր մելիք Ֆրանդյուլը, որ Թորոս իշխանը, ազատելով իր քրոջ որդուն, կպահեր իր մոտ, կմեծացներ, և վերջը կաշխատեր նրան կրկին իր հայրենական ժառանգության տեր դարձնել։

Արծաթի սերը խանի մեջ մեծ էր ամեն բանից։ Մելիք Ֆրանգյուլի բոլոր խորհուրդները, բոլոր փաստերը, թե գերիներին իր մոտ պահելով կամ ոչնչացնելով, կարող էր նա ապահովացնել Գենվազի տիրապետությունը,― այդ «խրատներին» խանը մեծ նշանակություն չտվեց։ Նրան միայն գրավեց փողի խնդիրը և այս պատճառով հարցրեց, թե ինչքան կարելի է պահանջել Թորոս իշխանից։

Մելիք Վարթանեսի ամբողջ գանձը,― պատասխանեց մատնիչը։

Խանը զարմացավ, ասելով, թե մելիք Վարթանեսը ինչ որ ուներ, ինչ որ չուներ, բոլորը կողոպտեցավ կռվի ժամանակ. մի՞թե դեռևս նրանից մի բան մնացած

Ինչպես չէ,― պատասխանեց մելիքը ժպտելով, որպես մի մարդ, որ ժպտում էր երեխայի միամտության վրա։― Մելիք Վարթաննեսը դեռ կռվից շատ առաջ հոտը առել էր, որ ձեր զորքերը պիտի մտնեն նրա երկիրը. այս պատճառով իր գանձը նախապես տեղափոխել էր իր աներոջ` Թորոս իշխանի ամրոցը։ Ձեր զորքերը գտան մելիք Վարթանեսի ամրոցում նրա հարստության փշրանքները միայն։

Հետո նա սկսեց պատմել այդ առասպելական գանձի մասին շատ բան. թե մելիքը իր ամրոցում մի ներքնատուն ուներ երկաթե դռներով, թե այնտեղ հատակի վրա, ցորենի շեղջերի նման, դիզված էին` մի կողմում ոսկի, մյուս կողմում արծաթ, մի տեղ պղնձե դրամներ, մյուս տեղ թանկագին քարեր։ Թե այդ կույտերը այնքան բարձր էին, որ եթե մի մարդ մյուս կողմում կանգնած լիներ, անկարելի էր նրան տեսնել։ Եվ փողը այնտեղ չէին համարում, կամ կշռում էին կշիռքով, կամ չափում էին սոմարով։ Այդ բոլորը նա ուղտի բեռներով առաջուց ուղարկած էր Թորոս իշխանի տունը։

Այդ պատմությունը խանի վրա նույն ազդեցությունն էր գործում, ինչպես քաղցած մարդու մոտ համեղ կերակուրների պատմությունը։ Նրա ախորժակը ավելի բացվեցավ, և ինչպես ասում են` «բերնի ջուրը գնաց», երբ մելիք Դավիթը, որ բոլոր ժամանակը լուռ էր, վկայություն տվեց, թե բոլորը ճշմարիտ է, թե ինքը իր աչքովն է տեսել այդ ահագին գանձը, թե այնտեղ կային սկսյալ Սկանդար Զուլկարնեյնից (Ալեքսանդր Մակեդոնացուց) ամեն ժամանակների դրամներ, թե այնտեղ կային մինչև անգամ քաջքերի դրամներ։

Այդ միջոցին հեռվից լսելի եղավ փողի ձայն, որի դողդոջուն հնչյունները կոտրատվելով տարածվեցան լեռների մեջ։ Մի քանի անգամ կրկնվեցավ ձայնը, հետո լռեց։

Իշխանը գալիս է,-ասաց խանը և հրամայեց Ֆարրաշբաշուն իր դրանիկներից գլխավորների հետ ընդառաջ գնալ։

Երկու մելիքները կանգնեցան, հայտնելով, թե իրանց անհարմար է նրա գալուց հետո ներկա գտնվել։

Շնորհակալ եմ, «իմ» մելիքներ,― ասաց խանը բարեկամաբար,― շատ շնորհակալ եմ, որ դուք այդ բոլորը նախապես հայտնեցինք ինձ։ Ես պատանի Ստեփանին չեմ տա, մինչև չստանամ նրա հոր ամբողջ գանձը, և մյուս գերիներին նույնպես չեմ ազատի, մինչև չստանամ արժանավոր փրկանք։ Ես չեմ մոռանա, որ դուք իմ աչքերս բաց արեցիք...

"Դավիթ Բեկ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Էլեգիա
Առնո Բաբաջանյան

Էլեգիա

Դավիթ Բեկ
Դավիթ Բեկ
Խաղա առցանց