Րաֆֆի
Դավիթ Բեկ
3 - Ե
Առավոտ էր, վաղորդյան այն ժամը, երբ մութը դեռ չէր բաժանվել լույսից։ Տաթևի վանքի առաջնորդարանի դուռը կամաց բացվեցավ. մի բարձրահասակ աբեղա հայտնվեցավ շեմքի վրա։ Նա աչք ածեց իր շուրջը, ոչ ոք չէր երևում։ Ամբողջ միաբանությունը դեռ քնած էր։ Վեղարը ավելի ցածր թողնելով աչքերի վրա, նա սկսեց դիմել դեպի վանքի շրջապարիսպի մեծ դուռը։ Դռնապանը փաթաթված իր վերարկուի մեջ, նույնպես քնած էր։ Չզարթեցնելով նրան, աբեղան հանեց իր գրպանից մի բանալի, բաց արեց ահագին երկաթե կողպեքը, որ քարշ էր ընկած նույնպես երկաթե սողնակից։ Երկփեղկյա դուռը նրա ոտքի մի հարվածով հետ-հետ գնաց։ Նա դուրս եկավ և իր ետևից կրկին կողպեց դուռը։
Վաղորդյան լռությունը սքանչելի է. ամեն ինչ չորս կողմում դեռ նիրհում էր քաղցր, խաղաղ անդորրության մեջ։ Նա աչքերը դարձրեց դեպի արևելք, տեսնելու, արդյոք շա՞տ էր մնացել, մինչև արևի ծագելը։ Արշալույսը դեռ նոր էր սկսել պարզվել։ Հետո դիմեց նա դեպի վանքի մերձակա բլուրներից մեկը, բարձրացավ նրա գագաթի վրա։ Այստեղից սկսեց նայել դեպի նեղ ճանապարհը, որ ոլոր-մոլոր պտույտներով բարձրանում էր դեպի վանքի զառիվերը։ Ոչ ոք չէր երևում։ Իսկ նա արձանի պես կանգնած, երկար նայում էր։ Վաղորդյան մռայլը թույլ չէր տալիս խիստ հեռուն նշմարել. նա այժմ լարեց իր լսողության բոլոր ուժը։ Արդյոք չէ՞ր լսվում մի որևիցե ոտնաձայն, արդյոք ճանապարհի վրա ոչ ոք չէ՞ր գալիս։
Դա մի բարձրահասակ աբեղա էր, որի փառավոր սև մորուքի մեջ դեռ նոր երևում էին հատ-հատ սպիտակ մազեր։ Նրա նույնպես սև և խոշոր աչքերը դեռ պահպանել էին երիտասարդական փայլը։ Փոքր-ինչ թուխ դեմքը արտահայտում էր տաք, եռանդոտ, անվեհեր բնավորություն։ Իսկ այժմ նրա կրակոտ աչքերում կարելի էր նկատել սաստիկ անհանգստություն, որ ավելի բարկության նշան էր, քան թե հուսահատության։ «Ի՞նչ եղան... հիմա պետք է եկած լինեին... ինչո՞ւ ուշացան...» կրկնում էր իր մտքում անհամբերությամբ։
Երկար սպասելուց հետո, երբ նկատեց, ոչ ոք չէ երևում, ցած իջավ բլուրից և վերադարձավ վանքը։ Այժմ միայն նա զարթեցրեց դռնապանին, պատվիրելով.
Արթուն եղիր, երբ դռան ձայնը կլսես, շուտ բաց արա ու ինձ իսկույն իմացում տուր։
Ե՞րբ եք տեսել, սրբազան, որ Օհանը քնի,― ասաց նա աչքերը տրորելով,― Օհանը միշտ էլ մի աչքը խուփ, մյուսը բաց է քնում. ճանճն էլ անցնելիս իսկույն զարթնում է։
Սրբազանը միայն ժպտաց ծերունի դռնապանի ինքնագովության վրա և հեռացավ, կրկին պատվիրելով, որ արթուն կենա։
Մտնելով իր խուցը, նա մոտեցավ ճրագին, շարունակեց գրել նամակը, որ դեռ չէր վերջացրել։ Նրա ուրախ դեմքի վրա կարելի էր կարդալ բոլորը, թե ինչ է գրում։ Մերթ-մերթ մի ինքնաբավական ժպիտ ցնցում էր նրա փոքր-ինչ ուռած շրթունքը և աչքերի մեջ փայլում էր խիստ վսեմ, խորհրդավոր բերկրություն։ Կարծես նրա հոգին թափում էր իր բոլոր սրբազան զգացմունքները այն թղթի մեջ, որի վրա վազում էր նրա գրիչը։
Մեկ ժամից հետո լսելի եղան վանքի զանգակների մեղմ հնչյունները։ Հրավիրում էին մենակյացներին կատարելու առավոտյան ժամերգությունը։ Նա չշարժվեցավ իր տեղից. դեռ գրում էր։ Ամբողջ միաբանությունը զարթնեցավ։ Նրանք մինը մյուսի ետևից դուրս եկան իրանց նեղ խցերից, և լուռ, դանդաղ քայլերով սկսեցին դիմել դեպի աստուծո տաճարը աղոթելու։
Այդ միջոցին Օհանը բաց արեց սրբազանի խցի դուռը, հայտնեց, թե վանքի ջորիները վերադարձան, ո’րտեղ է հրամայում դարսել բեռները։
Սրբազանի սպասածն էլ հենց այդ էր. նա իսկույն նամակը թողեց և դուրս եկավ։ Արշալույսը արդեն սկսել էր շառագունիլ, բայց դեռ բավական մութն էր։ Մի խումբ բեռնած ջորիներ վանքի մեծ դռնից մտան բակը։ Ջորեպանները տեսնելով սրբազանին, գտակները վեր առին, մոտեցան, համբուրեցին նրա աջը։
Նա դարձավ դեպի նրանցից մեկը, որի ծպտյալ հագուստը ամենևին չէր ցույց տալիս, թե աբեղա է, հարցրեց.
Խորեն հայր սուրբ, ինչո՞ւ այդչափ ուշացաք։
Ուշացանք, իրավ է,― պատասխանեց Խորեն հայր սուրբը ուրախ ծիծաղով. բայց լավ բեռնով ու բարձով հետ դարձանք... Ոչ մի տարի այսքան առատ «պտուղ» հավաքած չունեինք... Ինչ ասես բերել եմ,― յուղ, պանիր, չորթան, բուրդ, բամբակ,― ինչ որ ուզեք...
Օրհնյա՛լ լինի ժողովուրդը, նա իր տուրքը երբեք չի խնայել մեր վանքից, երբ ունեցել է, տվել է,― ասաց սրբազանը ժպտելով և հրամայեց բեռները ցած իջեցնել։
Ջորեպանները կատարեցին նրա հրամանը և սկսեցին բեռները կրել ոչ թե վանքի ամբարը, ուր սովորաբար պահվում էին վիճակներից հավաքված յուղը, պանիրը և այլ «պտուղները» այլ տարան դարսեցին մի ստորերկրյա մառանում, որի դուռը սրբազանը իր ձեռքով բաց արեց։
Ես կարծում եմ, այժմ մի ամբողջ տարվա համար պաշար կունենանք... ասաց Խորեն հայր սուրբը, մի առանձին հրճվանքով նայելով այնտեղ դիզված մթերքների վրա։
Ով գիտե, թե սպառողները շատ կլինեն, գուցե այդ չի բավականանա...-պատասխանեց սրբազանը և խորհրդավոր ժպիտը դարձյալ երևաց նրա համակրական դեմքի վրա։
Երբ բոլոր բեռները ներս բերեցին, սրբազանը հրամայեց ջորեպաններին, որ տանեն անասունները հանգստացնեն։ Նրանք հեռացան։ Իսկ ինքը մոտեցավ, սկսեց նոր բերված հակերից մեկը բաց անել, ասելով.
Տեսնենք, Խորեն հայր սորբ, ձեր այս անգամ բերած յուղն ու պանիրը ի՞նչ համ ունի։
Շա՛տ համեղ է, սրբազան,― պատասխանեց Խորեն հայր սուրբը և սկսեց օգնել սրբազանին հակը բաց անելու։
Հակի մեջ հայտնվեցավ ոչ յուղ, ոչ պանիր և ոչ ուրիշ ուտեստներ, այլ դրանց փոխարեն առատ վառոդ և գնդակ, որ լցրած էին կաշյա պարկերի մեջ։ Սրբազանը մեծ բավականությամբ ձեռքերով շոշափում էր այդ մահաբեր մթերքը, որից ամեն մի եկեղեցական սարսափում է։ Օրհնյա՛լ լինիս, Խորեն հայր սուրբ,― ասաց նա դառնալով դեպի երիտասարդ աբեղան։― Շա՛տ համեղ է, անչափ շա՛տ համեղ...
Հետո նա կողպեց ստորերկրյա մառանի դուռը, բանալին դրեց գրպանը և դիմեց իր խուցը, Խորեն հայր սուրբին ևս իր մոտ հրավիրելով։
Ես այդ րոպեիս կգամ ձեզ մոտ, սրբազան,― ասաց նա գնալով դեպի իր խուցը. ինձ պետք է առաջ հագուստս փոխել։
Խորեն հայր սուրբը բոլորովին նորընծա, երիտասարդ աբեղա էր, միջակ հասակով և բավական նուրբ կազմվածքով։ Նրա գեղեցիկ դեմքը կնոջ դեմքի քնքուշ արտահայտությունն ուներ, թեև այժմ բավական այրվել էր արևից, որովհետև մի քանի ամբողջ շաբաթներ ճանապարհորդում էր։ Մտնելով իր խուցը, նա արձակեց զենքերը, մի կողմ դրեց, հետո սկսեց մերկանալ հագուստը, որի մեջ շիրվանաձորցի բեռնակիր գյուղացու էր նմանում։ Վանքի ծառաներից մեկը ջուր բերեց լվացվելու համար։ Երբ նա շապկի թեքերը վեր ծալած լվացվում էր, այդ ժամանակ կարելի է նկատել նրա սպիտակ պարանոցի վրա, ետևի կողմից, մի վարդագույն սպի, որ առաջ էր եկած սրի հարվածից։ Այդ սպին կրում էր նա այն ժամանակից, երբ դեռ իրան չէր նվիրել կուսակրոնության։ Այդ սպիի հետ կապված էր նրա կյանքի ամենատխուր պատմություններից մեկը...
Նա հագավ իր վանականի հագուստը և դիմեց սրբազանի խուցը։ Անցնելով վանքի մոտից, նկատեց, որ առավոտյան ժամերգությունը դեռ ավարտված չէր։ Ներս չմտավ, միայն համբուրեց վանքի դուռը, երեսը խաչակնքեց և անցավ։
Նստիր, Խորեն հայր սուրբ,― ասաց սրբազանը, նրան տեղ ցույց տալով փոքրիկ թախտի վրա, որ դրած էր նրա խցում և ծածկած պարսկական գորգով։ Իսկ ինքը տեղավորվեցավ գրասեղանի հանդեպ, որի վրա դիզած էր թղթերի մի կույտ։ Ամբողջ գիշերը նա անքուն էր մնացել և գրել էր այդ թղթերը; Այժմ մեկ-մեկ վեր էր առնում, խնամքով ծալում էր և նրանց նամակի ձև տալով, կնքում էր, գրում էր հասցեները։ Նա դարձավ դեպի վարդապետը` ասելով.
Խորեն հայր սուրբ, այս նամակները հենց այս առավոտ պետք է ուղարկվեն, աշխատեցեք մեր ծառաներից այնպիսիներին ընտրել տանելու համար, որ համ սրտումը քաջություն ունենա, համ գլխումը խելք։
Վարդապետը նայեց հասցեներին, նամակները գրված էին Սյունյաց աշխարհի նշանավոր իշխանների և մելիքների անուններով։
Դուք արդեն հրավիրո՞ւմ եք նրանց,― հարցրեց վարդապետը հետաքրքրությամբ։
Հրավիրում եմ... «Բեկը» արդեն հայտնվել է... պատասխանեց սրբազանը։
Այս խոսքը այն աստիճան ուրախություն ազդեց երիտասարդ աբեղայի մեջ, որքան չէր ուրախանա մի բարեպաշտ իսրայելացի, եթե նրան ասեն. «Մեսիան հայտնվել է, որ պիտի վերանորոգե քանդված Երուսաղեմը և պիտի վերականգնե Դավթի թագավորությունը»։
Այս գիշեր լավ տեղեկություններ ստացա, Խորեն հայր սուրբ, Բեկը հասել է արդեն Սիսիան. այնտեղ Ուչ-Թեփեի դաշտավայրի վրա զարկել է Կարա-չոռլուների ցեղը. մեծ հաղթություն է գործել. ամբողջ Սիսիանը սարսափի մեջ է. թյուրքերը թողնելով իրանց գյուղերը, փախչում են դեպի լեռները։ Տեղացի հայերը տեսնելով Բեկի փառավոր հաղթությունը, հավաքվում են նրա դրոշի տակ։ Այժմ մոտ 500 ձևավոր ունի, բոլորը ամենաընտիր տղամարդիկ։ Բայց գիտե՞ք քանի հոգով կատարեց նա իր առաջին հաղթությունը,― իր հետ Վրաստանից բերած քառասուն հոգով։
Այդ հրա՛շք է, կատարյալ հրաշք,― բացականչեց երիտասարդ աբեղան և ուրախությունից չգիտեր ինչ անել։
Այո՜, հրաշք է, և մի այդպիսի հրաշք պետք էր։ Կույր ժողովուրդը միշտ հրաշք է պահանջում. նա սեփական հավատ չունի։ Հիսուն Քրիստոսը քանի որ խոսքերով էր քարոզում, ոչ ոք չէր լսում, բայց երբ սկսեց հրաշքներ գործել, ժողովուրդը հետևեց նրան։ Այսպես էլ Բեկը իր հետևողներն ունեցավ. հաղթության հենց մյուս օրը հավաքվեցան նրա մոտ ավելի քան չորս հարյուր ձիավորներ։
Այդ տեղեկությունները ումի՞ց ստացաք։
Իշխան Ստեփաննոս Շահումյանից։ Կարող եք կարդալ նրա նամակը, որ ստացա բանակից։― Սրբազանը տվեց նրան մի նամակ, որ գրված էր շտապ ձեռքով։
Նամակի մեջ նկարագրված էր Ուչ-թեփեի արշավանքի մանրամասները, թե ի՜նչպես Բեկը գիշերով հանկարծ հարձակում գործեց Կարա-չոռլուների վրա, և ո’րպես նրանք խռվության մեջ ընկան, կարծելով, թե զորքերի ահագին բազմության հետ գործ ունեն, այդ պատճառով մեծ մասը իրանց չադրները ու անասունները թողնելով փախան, իսկ նրանք, որ ընդդիմադրություն գործեցին, սաստիկ ջարդվեցան։ Իշխանը իր նամակը վերջացնում էր, հրավիրելով սրբազանին Բեկի մոտ մի քանի կարևոր կարգադրությունների մասին խորհրդակցելու համար։
Ուրեմն դուք պետք է գնա՞ք,― հարցրեց Խորեն հայր սուրբը` նամակը կարդալուց հետո։
Ես պատրաստվում եմ իսկույն ճանապարհ ընկնել,― պատասխանեց սրբազանը։― Նոր և ավելի ուրախալի համբավ ևս կհաղորդեմ ձեզ` Շընհերը‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡ գրավված է Բեկի կամավորներով։
Շընհե՞րը... մի՞թե, ե՞րբ... հարցրեց հայր սուրբը, դժվարանալով հավատալ իր ականջներին։
Ուչ-թեփեի արշավանքից հետո, երբ Բեկի հաղթության լուրը տարածվում է Սիսիանի մեջ, ինչպես ասեցի ձեզ, հավաքվում են նրա մոտ ավելի քան չորս հարյուր կամավորներ։ Դրանցից շատերը զենք և ձիաներ չեն ունենում։ Բեկը զինավորում է նրանց Կարա-չոռլուներից խլած ավարով, և առանց ժամանակ կորցնելու, սկսում է դիմել դեպի Շընհեր։ Շընհերը առանց կռիվի անձնատուր է լինում, և տեղային հայերը միանում են Բեկի հետ։ Նրա ուժերը այժմ ավելի զորություն են ստանում, մանավանդ, երբ Բեկը զարկում է շրջակա այլազգիներին և նրանցից խլած զենքերը բաժանում է իր նոր կամավորներին։
Այդ լա՛վ է,― հայր սուրբը ծիծաղելով ընդհատեց սրբազանի պատմությունը. թշնամիներից խլել և իր կամավորներին զինավորել։ Ասպիսով Բեկը մեծ ծախսեր չի ունենա։
Այսպես էլ պետք է,― պատասխանեց սրբազանը. մի՞թե պարսիկները մեզ հետ միևնույն կերպով չէին վարվում։ Մեր փողը, մեր կայքը, մեր զենքերը խլում էին, իրանց համար ասպատակներ էին պատրաստում ու հետ դառնում կրկին մեզ կողոպտում, կրկին մեր զենքերով մեր արյունն էին թափում։ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» այդ օրենք է, և Բեկը խիստ խելացի կերպով է վարվում, որ հետևում է այդ օրենքին։
Բայց նոր առակ լվարուք, Խորեն հայր սուրբ,― շարունակեց սրբազանը։― Շընհերը գրավելուց հետո և շրջակա այլազգիներին ջարդելուց հետո, պարսիկների Ջվանշիր կոչված ցեղը, որ շատ հեռու չէ այնտեղից, լսում է Բեկի հաղթությունները և կատաղում է։ Տասնևվեց հազար հոգով դրանք գալիս են Բեկի վրա։ Կռիվը տևում է երկու ամբողջ օր և երկու ամբողջ գիշեր, վերջը Ջվանշիրները հաղթվում են, և թողնելով պատերազմի դաշտում ահագին ավար, սկսում են փախչել։ Ջվանշիներին օգնության են հասնում Կուրթլար ավանի պարսիկները։ Բեկը ուղարկում է նրանց դեմ Մխիթար սպարապետին և հրամայում է բոլորովին ոչնչացնել այդ ավանը։ Այժմ Կուրթլարը ներկայացնում է մոխիրի ահագին կույտ միայն, իսկ բնակիչներին սրից անց է կացրած։
Այդ, եթե չասեմ անգթություն է, բայց փոքր-ինչ խիստ է,― նկատեց հայր սուրբը։
Դուք սխալվում եք, Խորեն հայր սուրբ,― պատասխանեց սրբազանը։― Բեկի սկսած գործի հաջողության ամենագլխավոր պայմանը ոչ թե նրա հաղթությունները կարող են լինել, այլ այն սարսափը, որ նա կտարածե թշնամիների վրա։ Իսկ թշնամուն սարսափի մեջ ձգելու համար, գոնե սկզբում այս տեսակ անգթությունները պետք են։ Եվ Բեկը այդ անհրաժեշտությունը շատ լավ է հասկանում։ Գազանների հետ բարեսրտությամբ ոչինչ չես կարող շինել։
Մի բան էլ կա,― առաջ տարավ սրբազանը. Բեկի այս տեսակ գործողությունները ոչ միայն մեծ սարսափ կտարածեն մահմեդականների վրա, այլ սաստիկ ազդեցություն կունենան նույնիսկ հայերի վրա, որոնք առանց առաջնորդի, առանց ուղեցույցի միշտ դժվարանում են գտնել ուղիղ և անմոլոր ճանապարհը։ Նա իր հաղթություններով նպաստեց և մեր նպատակներին։ Ես մեծ վստահություն չէի ունենալ, թե իմ նամակներով, թե իմ հրավերքով հայոց իշխանները կհավաքվեին այստեղ և կմիանային Բեկի հետ, եթե նա այդ հրաշքները գործած չլիներ։ Համարյա մեկ շաբաթվա մեջ նա կատարեց չորս փառավոր հաղթություններ, ինչպես են` Ուչ-թեփեի, Շընհերի, Ջիվանշիրների և Կուրթլարի ճակատամարտը, և այդ բոլորը սկսեց նա քառասուն հոգով։
Վերջին տեղեկությունները նույնպես Ստեփաննոս իշխա՞նն է հաղորդել ձեզ, սրբազան,― հարցրեց Խորն հայր սուրբը։
Նա է հաղորդել։ Բայց մենք ուշանում ենք, Խորն հայր սուրբ,― խոսքը փոխեց սրբազանը, նամակների ծրարները գրասեղանի վրայից առնելով և նրան տալով։― Այս նամակները հենց այս առավոտ պետք է ուղրկվեն։ Շուտով կկատարվի սուրբ Վարդանանց նահատակների հոգեհանգիստը։ Ես իմ նամակների մեջ նշանակել եմ, որ այդ հանդիսավոր տոնին բոլորը այստեղ գտնվեն, որպեսզի այդ խորհրդավոր օրում կնքվի և խորհրդավոր գործի ուխտը։
Նամակները ես ինքս կտանեմ,― ասաց Խորն հայր սուրբը;
Դուք նոր եկաք ճանապարհից, բավական հոգնած կլինեք,― պատասխանեց սրբազանը։
Ձեր հաղորդած ուրախալի տեղեկությունները բոլորովին կազդուրեցին իմ հոգնածությունը։ Այդ նամակների հետ նշանակություն ունի և կենդանի խոսքը։ Թույլ տվեցեք, սրբազան, որ այդ ցանկալի դեսպանախոսությունը ես կատարեմ։
Օրհնյալ լինիք, որդի, ասաց սրբազանը։ Իսկ Խորեն հայր սուրբը, առնելով նամակների ծրարները, համբուրեց իր մեծավորի աջը և հեռացավ։
Արեգակը արդեն ծագել էր։ Վանքի ծառազարդ շրջակայքը վառվում էին առաջին ճառագայթների ջերմ լույսով։ Առավոտյան ժամերգությունը ավարտված էր։ Վանքի բազմաթիվ միաբանները դուրս գալով աստուծո տնից, այլևս իրանց սովորության համեմատ չէին նստած բակի ծառերի հովանիների տակ և ժամանակը սպանում դատարկ շատախոսություններով կամ բամբասանքով։ Նրանք առանձնացել էին իրանց մթին խցերում, ինչ-որ գործով լուռ ու մունջ զբաղված էին։ Եթե մեկը աներևույթ հոգու նման մտներ նրանց փակված խցերի դռնից, կտեսներ, որ այս Սաղմոս և Նարեկ կարդացող ծույլ մարդիկը, նստած իրանց մենարանների խուլ գաղտնարանում, վառոդից և գնդակներից փամփուշտներ են շինում։
Այդ միջոցին վանքի ախոռապետ հայր սուրբը ներս մտավ սրբազանի սենյակը, հայտնեց, թե ձիաները պատրաստ են։
Իսկ թվանքչիները (հրացանավորները) նույնպես պատրա՞ստ են,― հարցրեց սրբազանը։
Պատրաստ են, որպես հրամայեցիք, տասնևերկու ձիավորներ։
Լավ, ես այս րոպեից դուրս կգամ, կանչեցեք ինձ մոտ Մեսրոպ սրբազանին։
Ախոռապետ հայր սուրբը հեռացավ։ Քանի րոպեից հետո ներս մտավ մի ծերունի եպիսկոպոս, սպիտակ, փառավոր մորուքով։ Դա սրբազանի տեղապահը և վանքի կառավարիչն էր նրա բացակայության ժամանակ։
Հայր Մեսրոպ,― ասաց նրան սրբազանը` կանգնելով և պատրաստվելով ճանաարհի համար,― ես այս րոպեիս գնում եմ Շընհեր` Բեկի հետ տեսնվելու, դուք, իհարկե, գիտեք, թե ինչ կարգադրություններ պիտի անեք իմ գնալուց հետո։ Մենք երեկ բավական խոսեցինք այդ մասին։
Գիտեմ... պատասխանեց Մեսրոպ եպիսկոպոսը. իմ ծերացած հիշողությունը դեռ այնքան չէ բթացել, որ մոռանամ, ընդհակառակն, այդ վերջին օրերում բավական սրվել է...
Գոհություն աստուծո,― ասաց սրբազանը ժպտելով, և տալով իր տեղապահին մի քանի նոր պատվերներ, միասին դուրս եկան սենյակից։
Վանքի դռանը սպասում էին տեսնևերկու զինված ձիավորներ. այնտեղ պահած էր և սրբազանի երիվարը։ Նա դուրս եկավ, երեսը խաչակնքելով, նստեց իր ձին և գնաց դեպի Շընհեր, Բեկի բանակը։
Դա Տաթևի վանահայր, միևնույն ժամանակ Սյունյաց աշխարհի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոսն էր։