Մուրացան

Չհաս է

8

ԻԹ

ՍՐԲԱԶԱՆԻ ՄՈՏ

Տեր Գարեգինը հոգևոր ատյանից դուրս գալուց ետ, ուղղակի դիմեց Պետրոսի տունը։ ճանապարհին նա զբաղված էր տեր Սարգսի վերաբերությամբ խորհրդածություններ անելով։ «Աոաջին, անգամն եմ տեսնում այդ քահանային այդ աստիճանի անհամեստ, խոսում էր ինքն իրեն տեր հայրը. նրա ծանոթներից ոչ ոք չի հավատալ, եթե ասեմ նրան, թե այսօր տեր Սարգիսը հոգևոր ատենում գոռում-գոչում էր իմ դեմ և այդ՝ մի ամենաչնչին խնդրի համար։ Երևում է, որ այդ քահանան մի առանձին հաշիվ ունի Պետրոսի հետ և կամ գուցե նա ծառայում է ուրիշների հաշվին, տեսնենք, երևի Պետրոսը կպարզե այս հանելուկը…»։

Երբ տեր Գարեգինը մտավ Պետրոսի մոտ, նա յուր հարսնացուի և զույգ մայրերի հետ նստած ուրախ. զրուցատրություն էր անում։ Տեր հոր գալուստը տեսնելով, բոլորն էլ հետաքրքրությամբ հարցրին, «Տեր հայր, բարի լինի գալուստդ, պսակի հրամանագիրը բերի՞ր»։ Տեր Գարեգինը տատանվեցավ և բարի ընտանիքի ուրախ տրամադրությունը չխանգարելու համար չգիտեր, թե ինչ պատասխանե։

Տեր հայրը որչափ անկեղծ և ճշմարտախոս, այնչափ խորագետ և լրջահայաց էր, նա երբեք չէր շտապում հայտնել ճշմարտությունը այնտեղ, ուր կարիք չկար և ուր այդ ճշմարտության վաղաժամ հայտնությունը միայն ցավ և տխրություն պիտի բերեր։

Պսակի հրամանագիրը այդպես վաղ չեն տալիս, պատասխանեց նա հետաքրքիր ընտանիքին։ - Ես եկա դեռ Պետրոսից մի քանի տեղեկություններ ստանալու, որովհետև նրանք անհրաժեշտ են այդ հրամանագրի համար, և բացի այդ՝ Պետրոսին՝ ինձ հետ Կոնսիստոր տանելու, որովհետև նրանից բերանացի հարցմունքներ պիտի անեն այնտեղ։

Եթե ես ձեզ հարկավոր եմ այնտեղ, գնանք ուրեմն առանց ժամանակ կորցնելու, նկատեց Պետրոսը, ես կամենում եմ, որ այդ հրամանագրի գործը ամենից շուտ վերջանա։

Շատ բարի, գնանք, ասաց տեր հայրը և երկուսը միասին դուրս եկան իսկույն։

Տխուր նորություն պիտի հայտնեմ քեզ, Պետրե, ասաց երիտասարդին տեր Գարեգինը, երբ նրանք արդեն ճանապարհին էին։ Ի՞նչ տխուր նորություն,- անհանգստությամբ հարցրեց Պետրոսը։

Քո պսակի համար հրամանագիր չեն ուզում տալ։

Պատճա՞ռ։

Չհասություն կա ձեր մեջ:

Ի՞նչ չհասություն, ես դրա մասին մինչև անգամ ոչինչ չգիտեմ։

Տեր Գարեգինը բացատրեց Պետրոսին նրա ազգակցական մերձավորությունը օր. Աստղիկի հետ, որ վեց ճյուղից չէր անցնում։

Եվ այդ չնչին մերաձավորության համա՞ր են ուզում չհաս անել մեզ։

Այո:

Եթե ձեր բոլոր քահանաները ի մի շունչ և ի մի հոգի հաստատեն, որ այդ մերձավորությունը չհասություն է, դարձյալ ես նրանց հետ չեմ կարող համաձայնիլ։

Ես նույնպես չեմ համաձայնում, բայց քահանաները եթե կամենան, կարող են այդ պատրվակով բաժանել ձեզ միմյանցից։

Բաժանե՞լ, մե՞զ, միմյանցի՞ց… հա՛, հա՛, հա՛, հա՛…

Այո՛, կարող են. մի՛ ծիծաղիլ դու, Պետրե. ամեն բան կարող են անել նրանք, եթե միայն կամենան:

Դժոխքն անգամ եթե փոխագրվի նրանց մեջ, դարձյալ նրանք մեզ միմյանցից բաժանել չեն կարող, ջերմությամբ բացականչեց երիտասարդը։

Տեր Գարեգինը ժպտաց, բայց այդ ժպիտը տխուր զգացմանց արտահայտություն էր. նա, երիտասարդի անփորձությունը տեսնելով, խղճում էր նրան, բայց յուր խոսքերի բուն միտքը բացատրել նա առայժմ ավելորդ համարեց։

Դու մի որևէ հակառակություն ունի՞ս տեր Սարգսի հետ, հարցրեց տեր հայրը Պետրոսին։

Ո՛չ մի հակառակություն, բայց ինչո՞ւ համար եք հարցնում մի գուցե նա՞ է չհասության մասին խոսողը։

Այո՛։

Հասկանում եմ այժմ, նա Մելքոն-աղայի տան քահանան է, երևի նրա հրամանով է մեր մեջ չհասություն ստեղծում։

Բայց ի՞նչ թշնամություն ունի քեզ հետ Մելքոն-աղան։

Պետրոսը պատմեց նրան բոլոր պատմությունը։

Տեր Գարեգինը զարմանքից մնաց ապշած։

Այո՛, այդպես արավ ինձ հետ իմ հորեղբայրը, բայց այդ անգթության պատմությունը ես միայն իմ երկու բարեկամներին հայտնեցի և այժմ դուք երրորդն եք, այս խոսքերով վերջացրեց Պետրոսը յուր պատմությունը։

Եթե այդպես է, ուրեմն տեր Սարգիսը պինդ պետք է բռնե յուր կռվանից, մեզ մնում է դիմել ավելի բարձր իշխանության, ասաց Պետրոսին տեր Գարեգինը։

Այսինքն ո՞ւմ։

Առաջնորդին։

Գնանք ուրեմն. ես հենց ա՛յս րոպեին կներկայանամ նորին սրբազանության։ Ես հույս ունիմ, որ նա ավելի բարի կգտնվի և չի մերժիլ իմ խնդիրը։

Փորձենք, ասաց տեր Գարեգինը անվստահ ձայնով և երկուսը միասին դիմեցին դեպի առաջնորդարան։

Երբ նրանք ներս մտան Սրբազանի մոտ, տեր Սարգիսը բարեկարգչի հետ միասին արդեն կանգնած էր նրա առաջ: Սրբազանը շատ սիրով ընդունեց Պետրոսին, հայտնելով յուր պատրաստակամությունը նրա խնդիրը լսելու համար, և առաջարկեց նրան նստել։ Բայց Պետրոսը մնաց կանգնած որովհետև քահանաները նույնպես ոտքի վերա էին:

Ինչո՞ւ չեք նստում, որդի. քաղցրությամբ հարցրեց Սրբազանը։

Պետրոսը, որ մեր հոգևոր իշխանների մոտ ընդունված խոհեմ քաղաքականության անծանոթ էր, իբրև պարզ ուսանող, պատասխանեց.

Ինչպե՞ս համարձակվեմ ես նստել, քանի որ ինձանից ավելի արժանավոր անձինք կանգնած են ձեր սրրազանության առաջ։

Սրբազանը գրեթե շառագունեց: Մեզ մոտ այսպես է ընդունված, որդի, բայց նրանք էլ կարող են նստել. Նստեցեք արժանապատիվ հայրեր, դարձավ նա քահանաներին և վերջիններս անմիջապես շարվեցան աթոռների վերա։

«Ահա՛ թե որտեղից են սովորում աշխարհականները իրենց հոգևոր տերերի վերա արհամարհանքով նայելը, մտածեց ինքն իրեն Պետրոսը, երբ մի եպիսկոպոս այսքան գգալի կերպով ստորացնում է յուր քահանային մի սինլքոր աշխարհականի առաջ, ի՞նչ պիտի անեն նրան նույնիսկ իրենք աշխարհականները, որոնք մեծ մասամբ տգետ և անկիրթ մարդիկ են լինում և անսովոր արժանավորությունը հարգելու։ Ինչո՞ւ համար ես պիտի համարձակվիմ քահանայից առաջ նստելու, կամ նրան ինձ հավասար ընկեր ընդունելու։ Բայց ես չեմ քաշվում այդպես վարվելու, որովհետև այդպես պահանջում են մեզանից նույնիսկ իրենք հոգևոր իշխանները և մեզ մնում է միայն ցավել քահանայի թշվառ դրության վերա»…

Է՜հ, ինչի՞ վերա եք մտածում Պետրոս-բեկ, հարցրեց Սրբազանը ժպտալով. հայտնեցեք ձեր խնդիրը, տեսնենք թե ինչո՞վ կարող ենք ծառայել ձեզ։

Ես եկա խնդրելու ձեզանից, Սրբազան հայր, որ հրաման տայիք ինձ պսակվելու մեր դպրանոցի վարժուհի օր. Աստղիկի հետ։

Ա՜, երևի այս պսակի մասին էր ձեր խոսքը, տեր հայր, հարցրեց Սրբազանը տեր Սարգսից, դառնալով դեպի նրան։

Այո՛, Սրբազան հայր, հենց այդ միևնույն պսակի համար, պատասխանեց տեր հայրը այնպիսի համեստությամբ, որ կարծես նորահարսն էր խոսում յուր սկեսրի հետ:

Դուք շատ արժանավոր ընտրություն եք արել. Պետրոս-բեկ, դարձավ Սրբազանը երիտասարդին, բայց շատ ցավում եմ, որ ձեր ընտրությունը ձեր ազգականուհու վերա է ընկել։ Ձեր մեջ չհասություն կա. հենց այս րոպեին էլ տեր Սարգիսն ու բարեկարգիչը այդ բանի վերա էին խոսում, երբ դուք եկաք։ Նրանք խնդրում էին ինձ քահանայական ժողով գումարել այդ խնդիրը քննելու համար, որովհետև, ինչպես տեր Սարգիսը ասաց, մեր ամենից հարգված տեր Գարեգին քահանան հակառակում է օրենքին։

Ես երբեք չեմ հակառակել օրենքին և չեմ կարող հակառակել մինչև անգամ եթե իմ իշխանավորը ինձ հրամայե այդ, նկատեց տեր Գարեգինը։ Բայց ես գերադասել եմ չվիրավորել իմ խիղճը, քանի, որ ակնհայտնի տեսնում եմ, թե օրենքը դրանով ոչ մի զրկանք չէ կրում։

Այդ դեռ հետո կապացուցվի, խորհրդավոր ակնարկությամբ նկատեց Սրբազանը, չկամենալով վեճի բռնվել յուր ստորադրյալի հետ, ես արդեն հրամայեցի բարեկարգչին, որ այս երեկո անպատճառ կազմե այդ ժողովը, քննել տա վեճի առարկա դարձված խնդիրը և վաղ առավոտյան բերե ինձ ժողովի վճիռը։

Ուրեմն մի վերջնական պատասխան ստանալու համար ես պիտի ներկայանամ ձեզ մի օրից ետ, հարցրեց Պետրոսը Սրբազանին։

Այո՛, որդի, ձեր գործը այնպիսի մի գործ է, որ մի ժամվա մեջ ավարտել չենք կարող. մի փոքր շտապելը մեծ պատասխանատվության կարող է ենթարկել թե ձեզ, թե՝ ձեր քահանային և թե՝ մեր հոգևոր ատյանը։ Հետևապես որքան զգուշությամբ ավարտենք նրան, այնքան ավելի ազատ կլինենք պատասխանատվությունից, մանավանդ այժմ, երբ էջմիածնից խիստ հրամաններ են ստացված։

Թող ձեր սրբազանության հրամանը կատարվի, մենք դրա դեմ ոչինչ չունինք, համեստությամբ պատասխանեց Պետրոսը և տեր Գարեգինի հետ միասին դուրս գնաց առաջնորդական ընդունարանից։

Լ

ԺՈՂՈՎԻ ՎՃԻՌԸ

Տեր Սարգիսն ու բարեկարգիչը Սրբազանի մոտից դուրս գալով, մի փոքրիկ խորհուրդ արին, որ ըստ երևույթին հետևանք էր մի ավելի մեծ խորհուրդի, որ տեղի էր ունեցեք նախընթաց ավուր երեկոյան։

Այս լավ է. Սրբազանը այնպես խոսեց, ինչպես որ մեզ ձեռնտու էր. կամացուկ ասում էր տեր Սարգիսը բարեկարգչին։ Գործի հաջողությունը այժմ քեզանից է կախված։ Դու պետք է մեր եկեղեցու չորս քահանաներից յուրաքանչյուրին կանչել տաս քեզ մոտ և առանձին-առանձին խոսես նրանց հետ, ինչ որ հարկն է։

Բայց ես մի բան լսեցի, տեր Սարգիս, ասում են, որ Պետրոսը բաժանվել է հորեղբորից և ոչինչ կարողություն չունի։

Սուտ բան է. հապա ինչո՞վ է այնպես լավ ապրում։

Յուր ռոճիկով։

Սուտ է, չհավատաս։ Տես ինչ անիծածն է. երիտասարդ տղա, ինքն էլ հորեղբոր պես ժլատություն է անում։ Սուտ է. այդ լուրը դիտմամբ է նա տարածել, որ մենք ծանր պահանջ չանենք իրենից։ Հապա պարոն Թովմասի հարյուր հազարները ո՞ւմն են, եթե նա միայն յուր ռոճիկովն է ապրում։

Ուրեմն մի բան ասեմ. ես պետք է Պետրոսին մոտենամ, թող նա ինձ ավելի յուր բարեկամ ճանաչե, քան թե հակառակորդ, կարևոր դեպքում այս բանը մեզ օգուտ կարող է բերել։

Շատ լավ կլինի, ես այդ մտքին ընդդեմ չեմ։

Բայց տես, տեր Սարգիս. եթե ճիշտ դուրս գա, որ Պետրոսը հեռացած է հորեղբորից, մենք պետք է անգթություն չանենք, ես, ճշմարիտ է, Պետրոսին չեմ ճանաչում, բայց վարժուհի Աստղիկին շատ հարգում եմ, ես չեմ կամենալ, որ այդ օրիորդը մեր ձեռքով անբախտանա։

Իհարկե, դու ավելի երիտասարդ ես և հանցանք չէ, որ հարգես օրիորդին, բայց Պետրոսի հորեղբորից հեռու լինելը սուտ է, այդ ես կարող եմ հաստատել։

Ուրեմն ես կխոսեմ մեր քահանաների հետ, և ինչ որ խոսեմ, Սրբազանի անունով պիտի խոսեմ, դու զգույշ կաց, որ չհակասես ինձ։ Մի՞թե ես երեխա եմ. անհոգ եղի՛ր:

Այս խոսքերով արժանապատիվ հայրերը բաժանվեցան միմյանցից։

Օրը սկսում էր տարաժամել։ Վարի-թաղի եկեղեցու քահանաները արդեն երեկոյան ժամերգությունը ավարտած երկերկու դիմում էին դեպի հոգևոր ատյանը, ծանր ու բարակ միմյանց հետ խոսելով։

Տեր Խաչատուր, այս տեսակ հանդգնություն ես ոչ մի քահանայի մեջ չեմ տեսել, խոսում էր անգամ տեր Հովհաննեսը յուր ընկերի հետ. տեր Գարեգինը զոռով ուզում է օրենքը քանդել, ո՞վ է տեսել, որ վեցերորդ ճյուղի մեջ պսակ կատարվի։

Եղբայր, ես հո բոլորովին շվարած եմ մնացել: Էս օր էլ բարեկարգիչը ինձ հրամայում է թե՝ «Տես հա՛, տեր Խաչատուր, չհամարձակվես տեր Գարեգինի խոսքերին համաձայնություն տալու, թե չէ Սրբազանը փիլոնդ կվերցնե»: Մի հարցնես, թե ա՛յ տնաքանդ, ես գի՞ժ եմ, ի՞նչ է, մի՞թե չեմ իմանում, որ վեց պորտի մեջ պսակ չի հասնիլ:

Ասենք հասցնողը հասցնում է. էն օրը տեր Գարեգինը խեղճն էլ ճիշտ էր ասում, թե մի՞թե, օրինակ, չէ՞ պատահեր, որ երրորդ և չորրորդ ճյուղի մեջ էլ պսակ եք կատարել, բայց մեր ինչի՞ն է պետք այդպես բաներ գիտենալը։ Հրամայողը՝ Սրբազանը, կատարողը՝ բարեկարգիչը։ Թե թուղթը կբերեն ու կասեն՝ ստորագրեցեք, կստորագրենք, չե՞ն ասիլ՝ չենք ստորագրիլ:

Իհարկե, տեր Օհանես, խոնարհ քահանայի պարտավորությունն էլ այդ է։ Այ, հիմի կերթանք ժողով մտիկ կտանք մեզանից մեծերին ու խելոքներին, թե՝ նրանք «այո՛» կասենք, մենք Էլ «այո՛» կասենք, թե «ո՛չ» կասենք մենք էլ «ո՛չ» կասենք։ Այսպես լավ է, չէ՞:

Իհարկե, իհարկե։

Բայց անգամ տեր Հոսեփը բոլորովին ուրիշ բան էր խոսում տեր Ստեփանի հետ։

Զգույշ կաց, հա՞, տեր Ստեփան, այս գործի մեջ մեծ գումարներ են խաղալու. չլինի թե տեր Սարգսին, կամ բարեկարգչին միայնակ թողնենք։ Հենց որ նրանք պ. Թովմասի հետ տեսնվեցան, էլ մեր բանը շլոր է. պետք է առաջուց պայման դնենք նրանց հետ, հետո մեր ստորագրությունր տանք։

Օհո՛, դուն էլ խելք ես սովորեցնում տեր Ստեփանին, մազերս այդ տեսակի խաղերի մեջ է սպիտակել ու դու ասում ես առաջուց պայման դնենք ու հետո մեր ստորագրությունը տանք։

Բայց գիտե՞ս, տեր Գարեգինին լա՛վ վարձատրություն կլինին խոստացած, որ նա այդքան ջերմեռանդությամբ է աշխատում։

Իհարկե, դու չգիտես, թե նա ի՞նչ ճիզվիտն է. արտաքուստ այնպես է պահում իրեն, որ կարծես թե մարմնացյալ առաքինությունը ինքն է, և մենք շատ անգամ հիմարաբար քաշվում ենք նրանից։ Տես թե այս գործի մեջ դիմակը ի՞նչպես պիտի մերկանա։

Չէ, ասենք տեր Գարեգինը այդքան էլ խորամանկ չէ, բայց ա՛յն քահանան էլ չէ, ինչ որ երևում է։

Այս երեկո ամեն բան կպարզվի։

Մի կես ժամից հետո քահանայական ժողովը գումարված էր հոգևոր ատենի սենյակներից մինում։ Նախագահում էր բարեկարգիչը. նրա աջ կողքին նստած էր անդամ տեր Սարգիսը, հետո տեր Հոսեփ և տեր Օհաննես անդամները։ Չախ կողքին նստել էր տեր Ստեփանը, հետո տեր Խաչատուրը և նրանցից վերջը տեր Գարեգինը։

Նախագահը մի փոքրիկ ճառով ժողովը բանալով՝ առաջարկեց ժողովին տեր Գարեգինի ձեռքով կազմած ճյուղագրությունը և հարցրեց նրանից. Կարելի՞ եք համարում արդյոք այս ճյուղագրությամբ ազգակցություն ունեցող զույգերի մեջ ամուսնություն. հայտնեցեք յուրաքանչյուրդ ձեր կարծիքը։

Ես անկարելի և անհնարին եմ համարում, առաջինը խոսեց տեր Սարգիսը. որովհետև մենք ունինք եկեղեցական կանոնադրություն, որ սրբագործված է Ներսես Շնորհալու ձեռքով և որի մեջ սրբազնասուրբ հայրապետը ասում Է. «Մի՛ ոք ի համազգեաց, որոնց արեան մերձավորութիւն իցէ, պսակ օրհնության տիցէ. այլ մինչև ի յերկուց կողմանց զչորրորդ ազգին գլխավորութիւն կատարեալ ունիցին…», որ կնշանակե, թե երկու կողմից չորս սերնդի հեռավորություն ունենալով՝ ութերորդ ճյուղի մեջ պիտի ամուսնանան թե՛ աղջիկը և թե՛ երիտասարդը։

Այդ օրենքը գրել է Ներսես Շնորհալին, ճշմարիտ է, պատասխանեց տեր Գարեգինը, բայց նրան կատարել են դարձյալ Շնորհալիներ։ Այդ կարո՞ղ եք դուք թվել, թե քանի՞ այդպիսի Շնորհալիներ ենք ունեցել։

Մենք ձեզ չենք հասկանում, նկատեց նախագահը։

Թեպետ ես մեղավոր չեմ, որ դուք ինձ չեք հասկանում, այսուամենայնիվ ես կբացատրեմ իմ միտքը։ Այդ օրենքը այն հոգևորականներն են կատարել, որոնք Շնորհալու չափ օրինասեր, անաչառ, եկեղեցու պատվին նախանձախնդիր և անձնական շահը ոտնահարող են եղել։ Մեր արդի հոգևորականությունը մանավանդ չէ կարող պարծենալ յուր պարտաճանաչ անդամներով։ Դուք չեք կարող ուրանալ, որ ձեր ձեռնադրության օրից սկսած մինչև այժմ հարյուրավոր չհասներ հաս եք արել և այդ ոչ թե նրա համար, որ օրենքն է ձեզ թույլատրել, այլ որովհետև դուք այդպես եք կամեցեք։

Այդ խոսքերը մենք երեկ էլ լսեցինք ձեզանից, նկատեց տեր Սարգիսը. ուրեմն եթե այդպիսի վարմունքը դուք մի հանցանք եք համարում, ինչո՞ւ դուք ինքներդ կրկին մեզ նույնպիսի հանցանք գործելու եք դրդում։

Ընդհակառակը, ես ձեզ հորդորում եմ փախչեք հանցանքից։

Ի՞նչպես, հարցրեց նախագահը։

Ամեն ծայրահեղություն ինքնըստինքյան մի մոլություն է, պատասխանեց տեր Գարեգինը. ամուսնական խնդրի մեջ ոչ արյան սահմանները պետք է պղտորել, ոչ էլ ցամաքած երակների մեջ զոռով արյուն ստեղծել։ Այդ անում են նրանք, որոնք իրենց անձնական շահը զոռով ուրիշների բարեկեցության հետ են կամենում կապել, սակայն քահանայի համար դա մի դատապարտելի հանցանք է։ Եթե դուք կուրանաք, որ այսպիսի օրինազանցություններ չեք գործել, այն ժամանակ ես կթվեմ կենդանի ապացույցները։

Նախագահը, չկամենալով առիթ տալ տեր Գարեգինին զանազան մերկացումներ անելու, նկատեց.

Մինչև այժմ ինչ որ կատարվել է, կատարվել է, անցյալի մասին էլ ավելորդ է խոսել։ Բայց այժմ նոր և խիստ հրաման կա Սինոդից չօրհնել ոչ մի պսակ, մինչև որ ամուսնացող զույգերը յոթ պորտ հեռավորություն չունենան իրարից։ Եվ որովհետև ես այս քաղաքի եկեղեցիների բարեկարգիչն եմ և Սրբազանի հրամանով հսկող եկեղեցական օրինաց արդար գործադրության, հետևապես ես իմ կողմից արգիլում եմ Պետրոս Մարալյանի և օր. Աստղիկի ամուսնության պսակադրությունը, իբրև արյունառու ազգականների։ Այժմ դուք, արժանապատիվ հայրեր, կարող եք ձեր ազատ կարծիքները հայտնել։

Տեր Սարգիս, Ես համաձայն եմ օրինաց հետ ապա ուրեմն և ձեզ հետ։

Տեր Հոսեփ. Ես նույնպես համամիտ եմ արժանապատիվ բարեկարգչի հետ։

Տեր Օհանես. Ես նույնպես համաձայն եմ բարեկարգիչ հոր հետ։

Տեր Խաչատուր. Ինչ որ արժանապատիվ բարեկարգիչն ասաց, նույնը և իմ համոզմունքն է։

Տեր Ստեփան. Ես էլ ձեզ հետ համամիտ և համակարծիք եմ։

Տեր Գարեգին. Իսկ ես ոչ համաձայն եմ ձեզ հետ և ոչ էլ համակարծիք։ Այո՛, հավատում եմ, որ եկեղեցական օրենք ունինք, հավատում եմ, որ սուրբ Սինոդից նոր և խիստ հրամաններ կան, բայց երբեք չեմ կարող հավատալ, թե արդարություն է բաժանել միմյանցից երկու սիրող սրտեր, որոնք արյան մերձավորություն ունին վեցերորդ սերունդի մեջ։ Հրաման արձակողները ապրում են ժողովրդից հեռու և մեծ մասամբ անծանոթ են նրա ներքին դրության, շատ անգամ էլ այդ հրամանները արձակում են նրա համար, որ ծայրահեղ դիպվածներում առատության եղջյուրը անհայտ անկյուններուն չթափե յուր բարիքը… Բայց մենք, որ ապրում ենք ժողովրդի մեջ, մենք, որ ամեն օր մասնակից ենք նրանց տրտմությանն ու ուրախությանը, և այդ պատճառով ավելի լավ ենք ճանաչում ժողովրդի ցավերը և դրանց դարմանները, մենք պարտավոր ենք ավելի մեղմ և ավելի զիջանող լիներ: Օրենքը մի սուր է, որի մի կողմը բութ և մյուսը հատու է. եթե մենք ժողովրդի չարը չենք կամենում, ուրեմն պետք է սրի ա՛յն կողմովը հարվածենք նրան, որ ցավը զգալի է անում մարմնին, բայց կենդանությունը նվազեցնող արյուն չէ հանում նրանից։

Տեսնո՞ւմ եք, թե ինչպես հետզհետե նվազում է ամուսնացող երիտասարդների թիվը. աղջիկները բազմանում են օրեցօր, անբարոյականությունը վարակում է ժողովրդի կազմը… Ամեն երկրներում հնարներ են մտածում ընտանեկան կյանքի մեջ կենդանություն և ուժ ներշնչելու համար՝ ամուսնությունը դյուրին պայմանների մեջ դնելու, մինչև անգամ կաթոլիկ եկեղեցին, որ հայտնի է յուր ավանդական խստությամբ, ամուսնությունը սկսեց թույլատրել երկրորդ և ամենահեռուն՝ երրորդ սերունդից։ Բայց մեզ մոտ դեռ նոր են յոթերորդ սերնդի համար հրամաններ խմբագրում։ Ես ինքս ձեզանից ավելի նախանձախնդիր եմ հայ եկեղեցու ավանդական սովորությունների պահպանության, և այդ դուք ինքներդ կարող եք վկայել, սակայն ինչ ամուսնական խնդրին է վերաբերում, այդտեղ ես մի փոքր տարբեր կարծիք ունիմ. պետք է դյուրացնել երիտասարդների ամուսնական գործը. որովհետև նա արդեն խանգարման և քայքայման է մոտենում…

Այդ բոլորը լավ. այսուամենայնիվ դուք օրինաց հակառակ եք խոսում, նկատեց նախագահը. մենք օրենք խմբագրողներ չենք, այլ գործադրողներ։

Ճշմարիտ է խոսում բարեկարգիչ հայրը. մենք ձեզ հետ համաձայնել չենք կարող, հարեց տեր Սարգիսը։

Այո՛, այո՛, մենք չենք կարող համաձայնիլ ձեզ հետ, ձայն տվին մյուս քահանաները և բոլորը միասին վեր կացան աթոռներից։ Ուրեմն ժողովը մերժում է տեր Գարեգինի հոգևոր ատենին ներկայացրած խնդիրը և Պետրոս Մարալյանին հրամանագիր չէ տրվում օր. Աստղիկի հետ պսակվելու, ամփոփեց նախագահը ժողովի վճիռը և վեր կացավ տեղից:

«Դժվարին է ընձու փոխել զխայտուց և Եթովպացւոյ՝ զսևութիւն», դառնությամբ նկատեց տեր Գարեգինը և զայրացած դուրս գնաց ժողովից:

ԼԱ

ՕՐ. ԱՍՏՂԻԿԻ ՀԱՄՈԶՄՈԻՆՔԸ

Հետևյալ առավոտ տեր Գարեգինը գնաց Պետրոսի մոտ: Վերջինս, որ պատշգամբի վերա մտախոհ անցուդարձ էր անում, հեռվից նկատելով յուր քահանային, անհանգստությամբ ձայն տվեց. «Հա՛, ի՞նչ լուր ես բերում, տեր հայր, ընդունե՞ց ժողովը մեր խնդիրը…»։

Տեր Գարեգինը հեռվից չխոսեց. երբ բարձրացավ պատշգամբ. ողջունեց Պետրոսին և տխրությամբ պատասխանեց.

Դու հետաքրքրվում ես, երևի մի ուրախ լուր առնելու հույսով, բայց ես ուրախ լուր չպիտի հաղորդեմ ձեզ։

Ի՞նչ, մերժե՞ց ժողովը իմ խնդիրը, սրտատրոփ հարցրեց Պետրոսը։

Այո՛, մերժեց. բոլորովին մերժեց։

Երիտասարդի գույնը թռավ և գլուխը սկսավ պտտիլ։

Ներս գնանք, տեր հայր, ես ինձ վատ եմ զգում, ասաց նա քահանային և երկուսը միասին մտան տուն։

Այդ ի՞նչ պատահեց քեզ, Պետրե… ճչաց իսկույն Աստղիկը տեսնելով սիրելուն գունաթափ։

Պետրոսը ոչինչ չպատասխանեց և լուռ ու անձայն նստեց բազկաթոռի վերա:

Պետրե, երիտասարդ մարդուն վայել չէ այդ թուլությունը, մի՞թե առաջին խոսքից արդեն դու հուսահատվեցիր: Բայց ի՞նչ կա վերջապես, ի՞նչ պատահեց սրան, ասացեք տեսնեմ, վրդովված հարցրեց Աստղիկը։

Մի դատարկ լուր, որ այս պարոնը քաջություն չունեցավ լսելու։

Բայց ի՞նչ լուր է այդ։

Մեզ պսակելու հրաման չեն տալիս, Աստղի՛կ, մեզ չհաս են անում, նվաղած ձայնով պատասխանեց Պետրոսը։

Չհա՞ս… և ի՞նչ կողմից, զարմացմամբ հարցրեց օրիորդը։ Այս խոսքի վերա ներս եկան Եղիսաբեթը և Հռիփսիմեն, ողջունեցին տեր հորը և նկատելով հանկարծ Պետրոսի ու Աստղիկի շփոթությունը, վախեցած հարցրին. «Ի՞նչ է պատահել սրանց…»։

Մեզ պսակվելու հրաման չեն տալիս, ահա՛ թե ինչ, պատասխանեց Աստղիկը։

Ինչո՞ւ համար, ի՞նչ պատճառով, գրեթե միաբերան հարցրին երկու տիկինները։

Ասում են, որ ազգականություն կա սրանց մեջ. ահա՛ թե ինչ պատճառով, պատասխանեց տեր Գարեգինը։

Երկու մայրերը խորհրդավոր հայացքով նայեցին միմյանց վերա և մնացին լուռ։

Մայրիկ, դուք երևի գիտեք, թե ի՞նչ ազգականություն ունինք մենք իրար հետ, նկատեց Աստղիկը. հապա ասացեք, ես անհանգստությունից տանջվում եմ։

Ես էլ նրանց չափ տեղեկություն ունիմ ձեր ազգակցության վերա. ասաց տեր Գարեգինը. դու և Պետրոսը եղբոր և քրոջ թոռներ եք:

Բայց մի՞թե դա այնպիսի մերձավորություն է, որ կարողանա արգիլել սրանց միությունը, հարցրեց տ. Եղիսաբեթը։

Այո՛, եկեղեցական օրենքով կարող է արգիլել։

Բայց որքա՛ն այդ տեսակ պսակներ են կատարել մինչև այսօր, ինչո՞ւ եկեղեցական օրենքը չէ արգելել նրանց, հարցրեց տ. Հռիփսիմեն։

Նրանց էլ օրենքը արգիլել է, բայց պսակողները քանդել են այդ օրենքը։ Մերոնց էլ պսակողը դուք չե՞ք, դուք էլ քանդեցեք արգելքը։

Օ՜, եթե իրավունքը միայն իմ ձեռքում լիներ, այն ժամանակ ես կիմանայի, թե ո՞ր օրենքով գործը կավարտեի. բայց դժբախտաբար այստեղ թշնամիները ավելի զենք ունին, քան թե ես, որ ձեր միակ բարեկամն եմ։

Ուրեմն պետք է անմռունչ հնազանդի՞նք ձեր ժողովի վճռին, հարցրեց վերջապես Պետրոսը տեր Գարեգինից։

Գոնե առայժմ ուրիշ ելք չկա։ Բոլոր քահանաները միաբերան վճռեցին չհաս անել ձեզ։

Բոլոր քահանանե՞րը… Բայց ովքե՞ր են դրանք, միթե իմ սիրտը նրանց կամքո՞վ է սիրել այս հրեշտակին և նրանց հրամանով պիտի ատե՞ սրան…

Ի՞նչ ժողով, ի՞նչ քահանաներ, այդ ի՞նչ բաներ են անցել, և դուք մեզ ոչինչ չեք հայտնել, զարմացմամբ և երկյուղով հարցրեց Աստղիկը։

Այո՛, Սրբազանի հրամանով երեկ երեկոյան քահանաների ժողով կար հոգևոր ատյանում, որ պիտի քններ ձեր պսակի խնդիրը, նրա հաս կամ չհաս լինելու մասին, ասաց տեր Գարեգինը. և ահա այդ ժողովն էլ մերժեց երեկ` ինձ հրամանագիր տալու համար իմ առաջարկած խնդիրը։

Մերժե՞ց… և հրամայում է ուրեմն, որ մենք բաժանվի՞նք…- դառը ժպիտով հարցրեց օրիորդը։

Մերժումը այդ է նշանակում։

Բաժանվի՜լ… և ո՞ւմնից, իմ Պետրոսի՞ց, օ՜, օ՞… և ինչպե՜ս շուտ, ինչպե՜ս հեշտ վճռում են այդ հոգևոր հայրերը… դողացող ձայնով բացականչեց օրիորդը և ապա մոտենալով երիտասարդին, քնքշաբար պատեց նրա վզով յուր բազուկները և յուր սիրալիր հայացքը նրա աչքերին ուղղելով, գրեթե ինքն իրեն մոռացած սկսավ խոսել.

Տեսնո՞ւմ ես, սիրելիս, թե ի՞նչ են հրամայում մեզ… բաժանվել, և ի՞նչ կարող ենք անել, իհարկե պիտի բաժանվինք, այնպես չէ՞… պիտի մոռանանք միմյանց, պիտի էլ չտեսնենք իրար… Այո, էլ չպիտի սիրես դու ինձ և ես չպիտի պաշտեմ քեզ… օ՜, ինչպես անագորույն վճիռներ են կարդում մեր գլխին, և ինչպե՞ս բախտավոր են նրանք, որոնք սիրտ չունին, որոնք զգալ չգիտեն, որոնք երբեք չեն սիրել… Իսկ դուք, տեր Գարեգին, դուք ի՞նչ եք ասում, դարձավ օրիորդը քահանային, դուք, որ զարգացած երիտասարդ եք, դուք, որ գիտեք անշուշտ, թե ինչ ասել է սիրո բաժանում, մի՞թե դուք էլ համաձայն եք ձեր ժողովի վճռին, մի՞թե դուք է՞լ եք հրամայում մեզ բաժանվել միմյանցից…

Ես գազան չեմ, օրիորդ, ոչ էլ մարդկային դժբախտություններին սառնությամբ նայելու ընդունակ. ես էլ իմ սրտում կրում եմ մի զգայուն սիրտ, որ մորմոքվում է ձեր այդ խոսքերով, որ դողում է ձեր ապագայի վերա… ես խոսեցի ձեզ ուրիշների համոզմունքի մասին և ոչ իմ. այն ժողովը, որ գումարվել էր ձեր բախտը որոշելու համար, ես նրան դատապարտեցի դեռևս չգումարված։

Ուրեմն դուք համաձայն չեք մյուս քահանաների հետ, կարծես ուրախանալով հարցրեց տ. Հռիփսիմեն:

Իհարկե ոչ։

էհ, ուրեմն դուք կարող եք պսակել մեր որդիներին, միամտաբար նկատեց տիկինը։

Բայց ինձ պետք է հրաման տան դրա համար… հակառակ դեպքում ինձ կարգալուծ կանեն, իսկ ձեր որդիների պսակը կլուծեն։

Տեր հայր, որ ես սիրում եմ այս աղջկանը, այս հաստատ է, լրջորեն խոսեց Պետրոսը, որ ես չեմ բաժանվիլ սրանից, թեկուզ ամբողջ դժոխքը զինվի իմ դեմ, այս ավելի հաստատ է. ուրեմն ձեզ մնում է հասկացնել ձեր պաշտոնակիցներին, որ նրանք պետք է ինձ հրաման տան պսակվելու առանց հապաղման, ես այդ չեմ խնդրում նրանցից իբրև շնորհ, այլ պահանջում եմ իբրև իրավունք, որովհետև երբ ես սիրում եմ մի աղջկա, որ իմ հարազատ արենառուն չէ ոչ մոր, ոչ հոր, ոչ եղբոր և ոչ քրոջ կողմից, և երբ այդ աղջիկն էլ ինձ է սիրում, երբ մենք երկուսս միասին մեր կյանքը, մեր բախտը և երջանկությունը մեր միության մեջ ենք գտնում, մենք պետք է ամուսնանանք. սա մի արդար և բնական օրենք է։ Հետևապես ոչ մի դեպքում և ոչ մի պայմանով ես չպիտի հնազանդեմ այդ քահանաների քմահաճ վճռին։ Թող նրանք իրենք որոշեն, թե ո՞րն են գերադասում. հրաման տալ ինձ պսակվելու, թե՞ ստիպել ինձ օտար եկեղեցու գիրկը դիմելու, որովհետև ես իմ հարսնացուից բաժանվելու միտք չունիմ։

-Պետրե, Պետրե, այդ ի՞նչ ասացիր դու, միթե հավատամ ես իմ ականջներին… կարծես քնից սթափվելով բացականչեց օրիորդը. այդ դո՞ւ ասացիր, թե օտար եկեղեցու գիրկ կդիմես… ետ առ խոսքդ, ետ առ, ապա թե ոչ ես այս րոպեից արդեն կարհամարհեմ քեզ…

Էլ ուրիշ ի՞նչ ելք է մնում ինձ, Աստղիկ, մի՞թե կարող եմ ես բաժանվել քեզանից…

Դու ինքդ մոռացել ես քեզ, Պետրե, այդքան թուլություն ես քեզ չեմ ներում, կրկնեց օրիորդը, եթե դու չես կարող բաժանվել մի աղջկանից, որին սիրում ես, ի՞նչպես կարող ես ուրեմն բաժանվել այն եկեղեցուց, որ քեզ ծնել և սնուցել է, ի՞նչպես կհամարձակվես անարգել այն եկեղեցին, որ քո ազգի միակ հույսը և ապավենն է, միակ հարստությունը և պարծանքն է, որին պահպանելու համար քո նախահայրերը արյուն են թափել, ընտանիքներ են զոհել, իսկ դու, օ՜հ, ամաչում եմ ասել, դու մի աղջկա սերն անգամ դժվարանում ես զոհել… Եվ ի՞նչ, դու կարծում ես, թե ես այնքան ստոր կլինեմ, որ դարձյալ կշարունակեմ սիրել քեզ, երբ կտեսնեմ քեզ հայ եկեղեցուց օտարացած։ Մի՛ սխալվիլ, Պետրե. կանայք դյուցազներին են սիրում, գաճաճների համար նրանք սիրտ չունին…

Բայց ի՞նչ ես հրամայում ինձ որ անեմ, Աստղիկ, այն օրը, որ կվճռվի իմ և քո բաժանումը, այն օրը էլ ես չպիտի շնչեմ այս աշխարհի օդը…

Ես դեռ իմ հույսը չեմ կտրում, իսկ դու որ տղամարդ ես, ինձանից ավելի քաջություն պիտի ունենաս։ Մենք դեռ կաշխատենք անիրավ ճակատագրի դեմ մաքառելու. եթե մեզ բախտը չի հաջողիլ, այն ժամանակ կմտածենք, թե ինչ պիտի անենք, եկեղեցուց վրեժ առնելու իրավունք չունինք։ Ի՞նչ կլինի մեր դրությունը, եթե ամեն մի դժգոհը օտար եկեղեցու գիրկը վազե։ Մի՞թե հայ եկեղեցին պատասխանատու է յուր պաշտոնյայի անիրավություններին։ Եթե մենք զարգացածներս քաջություն չունինք փորձությունների ժամանակ մեր եկեղեցուն հավատարիմ մնալու, ի՞նչ իրավունքով ենք մենք սինլքոր խուժանը դատապարտում… Եթե քո եկեղեցու օրենքը հրամայում է քեզ մեռնել, մեռի՛ր, և ամոթ՛ մի բերիլ նրան, այս է դյուցազնական ազնվությունը և այս բարեմասնության տիրապետը միայն իրավունք ունի սիրելու… Պետրոսը գլխիկոր լսում էր սիրուհուն, և երբ նա ավարտեց, բարձրացրեց աչքերը, նայեց նրա դեմքին, որ այդ րոպեին վառվում էր վարդագույն կրակով և մեղմ ձայնով ասաց.

Քո հանդիմանությունները իրավացի են, Աստղիկ, իմ խոսածները արդարև հիմարություններ էին. ես ներողություն եմ խնդրում։ Երբ մարդ անձնատուր է լինում բարկության, շատ հազիվ է պատահում, որ նա իմաստուն վճիռներ դնե։ Իհարկե, ես այդ խոսքերը ասացի միայն ասելու համար, ապա թե ոչ խոսքից մինչև գործը անցնելը բավական ճանապարհ կա և քիչ է պատահում, որ զայրույթի սաստկությունից անզգայացած խոհականությունը չզարթնի այդ ճանապարհի վերա։ Մի՞թե հավատում ես, թե ես կստորանայի՞ այդ աստիճան, քանի որ ստորանալուց առաջ կարելի է պատվով հրաժեշտ տալ աշխարհին… Ուրեմն թող բուժվին քո զգացմունքները, եթե ես անխոհեմաբար վիրավորել եմ նրանց։

Դու միշտ նույն սիրտն ունիս, Պետրե, մի վայրկյան անգամ ես իրավունք չունեի նրա ազնվության վերա կասկածելու. ուրեմն դու էլ ինձ նեիիր, որ ես սառնությամբ հանդիմանեցի քեզ։

Աստված ձեզ երկուսին միմյանց համար է ստեղծել, խոսեց վերջապես և տեր Գարեգինը, որ մինչև այն լուռ նստած լսում էր երկու սիրահարների խոսակցությունը. մարդիկ իզուր են աշխատում բաժանել ձեզ միմյանցից։ Ես հոժարությամբ կզոհեի ձեր բախտավորության համար իմ քահանայական կոչումը, եթե գիտենայի, թե չարասիրտ մարդիկ դարձյալ չեն խանգարիլ ձեր երջանկությունը։

Ո՛չ, ով որ նշանակված է զոհվելու, նա ինքն էլ կզոհվի, նկատեց Աստղիկը. դուք պարտավոր եք անկորուստ պահել այն հարստությունը, ինչ որ ձեր սեփականությունը չէ, այլ ձեր ընտանիքի. մենք ձեր բարյացակամությամբն էլ գոհ ենք արդեն։

Այսուամենայնիվ ես իմ բոլոր ուժս գործ կդնեմ, որ այս արժանավոր միությունը չխափանվի, ասաց տեր Գարեգինը տեղից վեր կենալով, իսկ եթե իմ ուժս չի բավականանալ, այն ժամանակ արդեն…

Ա՛յն ժամանակ մենք կհանձնենք մեզ ճակատագրի կամքին… վճռական ձայնով ավելացրեց Պետրոսը և տեր Գարեգինի հետ միասին դուրս եկավ տնից։

ԼԲ

ԲԱՐԵԿԱՐԳՉԻ ՏՎԱԾ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Պետրոսը տեր Գարեգինի հետ միասին տնից դուրս գալով մտադիր էր ուղղակի առաջնորդին դիմելու՝ նրանից վերջնական պատասխան առնելու համար, որովհետև Սրբազան հայրը խոստացել էր նրան այդ առավոտը ևեթ յուր վճիռը տալու:

Իմ կարծիքով քո՝ Սրբազանի մոտ գնալը զուր աշխատանք է. ինչ որ բարեկարգիչն է ցանկանում, նույնն էլ Սրբազանը պիտի որոշե, ասաց տեր Գարեգինը Պետրոսին, երբ նրանք մի քանի քայլ տանից հեռացան. ավելի լավ է բարեկարգչի հետ տեսնվել և նրա հետ համաձայնություն կայացնել:

Չեմ հասկանում ձեզ, ի՞նչ կնշանակե, թե Սրբազանը բարեկարգչի ցանկության համաձայն պիտի իմ գործը որոշե, մի թե առաջնորդն ու բարեկարգիչը փոխե՞լ են իրենց դերերը, թե իշխանավորի կամքը յուր ստորադրյալ ծառան է կառավարում։

Այդ հարցին ես բացորոշ պատասխան տալ չեմ կարող. այսքանը միայն կասեմ, որ քո պսակի հրամանագիրը ուշանում է և ոչ թե մերժվում, և ուշանում է փողի պատճառով. իսկ փողը որչափ բարեկարգչի մոտ է հարգի, նույնքան էլ առաջնորդի մոտ… Փողի պատճառո՞ վ. մի՞թե. դրա վերա ես մինչև անգամ չեմ մտածել։

Իսկ ես մտածել եմ. պսակի գործերը միշտ կապ ունին դրամական հաշիվների հետ:

Հասկանում եմ ձեզ. բայց մի՞թե ես այդ աստիճան կստորացնեմ ինձ… մի՞թե այդ ճանապարհով պսակի հրամանագիրը կստանամ ես. երբեք, եթե մեր միությունը փողով կարող է հաս լինել, ուրեմն առանց փողի էլ նա հաս պիտի լինի, ի՞նչ կնշանակե օրը ցերեկով հարստահարել այն մարդուն, որ տգետ ամբոխի անդամը չէ և կամավ կուրանալ չէ կարող. տեր աստված, «եթե ընդ դալար փայտ զա՞յս առնեն չորն զի՞նչ լինիցի…»։

Դու առաջինը չես, որ այդպես ես խոսում, Պետրե, քեզ նման շատերն են խոսացել, բայց ի վերջո՝ բոլորն էլ «կակղել կերել են»։ Ես ինքս, որ ամեն գաղտնիքների հետ ծանոթ եմ, շատ եմ աշխատել արմատախիլ անելու այդ ախտը մեր քահանաների միջից, երբեմն քաղցրությամբ քարոզելով, երբեմն խստությամբ հանդիմանելով, բայց իմ բոլոր աշխատանքը, իմ քարոզներն ու հանդիմանությունները եղել են «ձայն բարբառոյ յանապատի…»։ Հոգևորականությունը այս հիվանդությունից ազատելու համար շատ քիչ են մասնավոր մարդկանց բարի ցանկությունները, խրատներն ու քարոզները, որովհետև գետակը ակունքների մոտ է պղտորված…

Բայց ես չեմ կամենում շատերի ընկերը լինել, ես կամ պիտի ստանամ իմ պսակի հրամանագիրը առանց կողմնակի վարձատրությունների, և կամ պիտի դատվիմ հրապարակի վերա իմ բոլոր հակառակորդների հետ միասին։

Անփորձ ես, Պետրե, անփորձ ես, արա ա՛յն, ինչ որ ես քեզ խորհուրդ եմ տալիս. ապա թե ոչ, ամեն տեղ էլ դու քո դատը կկորցնես։

Թո՛ղ ուրեմն այս խնդրում փորձվիմ, պատասխանեց Պետրոսը և ողջունելով տեր հորը ուղղեց քայլերը դեպի առաջնորդարան։

Դեռ նոր էր նա առաջնորդարանի բակը մտնում, երբ նրան պատահեց հայր բարեկարգիչը: Ողջույն ձեզ, Պետրոս-բեկ, ո՞ւր եք շնորհ տանում,-հարցրեց նա Պետրոսին, գրեթե նրա առաջը առնելով։

Սրբազանի մոտ։

Ինչո՞ւ համար, երևի համաձայն Սրբազանի խոստման, գնում եք ձեր պսակի հրամանագրի մասին նրա վճիռը լսելու։

Այո՛, հենց դրա համար եմ գնում։

Սրբազանը տկար է և ոչ ոքին չէ ընդունում յուր մոտ, բայց ձեր գործի մասին նա արդեն յուր գրավոր հրամանը ուղարկել է ինձ. ահա՛ այդ հրամանը, կարող եք կարդալ, այս ասելով նա հանեց ծոցից Սրբազանի հրամանագիրը և տվեց Պետրոսին։

Երիտասարդը արագությամբ աչքի անցրեց բոլոր գրվածքը և զայրույթից գույնը նետեց։ Սրբազանը, ի միջի այլոց, գրում էր բարեկարգչին, «Խստագոյնս հրամայեմք ոչ թոյլատրել ումէք ի քահանայից պսակել զՊետրոս Մարալեան ընդ Աստղկան Սարգսեան, վասն մերձաւորագոյն ազգականութեանն՝ որ ի նոսա…»։

Եվ սրանով ամեն բան վերջանո՞ւմ է, զայրացած հարցրեց Պետրոսը բարեկարգչին, երբ հրամանագրի ընթերցումը ավարտեց։

Գրեթե ամեն բան։

Եվ ես չպե՞տք է պսակվիմ իմ հարսնացուի հետ։

Իհարկե ոչ։

Եվ այդ դուք հնարավո՞ր եք համարում։

Եթե այդպես չլիներ, Սրբազանը այդ հրամանը չէր գրիլ:

Պետրոսը լռեց, նա բարկությունից դողում էր ամբողջ մարմնով, բայց ի՞նչ կարող էր անել, ո՞ւմ կարող էր բողոքել։ Եվ մի՞թե նա ուժ և ժամանակ ուներ դրա համար. կամ կարո՞ղ էր արդյոք հուսալ, թե յուր այդ բողոքով դատը կվաստակի։ Նա հիշեց տեր Գարեգինի խոսքը. «Քո պսակի հրամանագիրը ուշանում է և ոչ թե մերժվում…» և համոզվեցավ, որ պետք է բարեկարգչի հետ համաձայնություն կայացնել. «Անտեղի ճշմարտությունն էլ շատ անգամ գործի խանգարման պատճառ է դառնում, մտածեց նա ինքն իրեն. բայց ո՞րտեղից էր նրան նույնիսկ նյութական կարողություն, որ նրա շնորհիվ յուր հակառակորդների սիրտը ամոքել կարողանար նա։ Այս էլ ուշադրության արժանի խնդիր էր։ Այսուամենայնիվ երիտասարդը որոշեց տեր Գարեգինի խորհրդին հետևել, գոնե հակառակորդների բուն դիտավորությունը հասկանալու համար։

Տե՜ր հայր, դուք երևի չեք ուրանալ, որ մեր քահանաները մինչև այժմ հարյուրավոր չհաս պսակներ են կատարել և այսուհետև էլ կկատարեն, եթե հարկը պահանջե, դարձավ Պետրոսը բարեկարգչին. դուք չեք ուրանալ նույնպես, որ իմ պսակի առթիվ քահանաների ցույց տված ընդդիմությունը ջերմեռանդ օրինասիրությունից չէ բխում, ուրեմն հայտնեցեք ինձ անկեղծությամբ, ինչո՞ւ համար են նրանք մեր միությանը ընդդիմանում, և ինչո՞վ կարող եմ ես այդ ընդդիմությունը վանել։

Բարեկարգիչը զգուշությամբ նայեց չորս կողմը, բռնեց Պետրոսի ձեռքից և տանելով նրան դեպի բակի անկյունը, խորհրդավոր եղանակով ասաց.

Ես ձեզ հետ մոտիկ ծանոթ չեմ, Պետրոս-բեկ, որովհետև դուք միշտ այստեղ չեք եղել, բայց շատ լավ ծանոթ եմ օրիորդ Աստղիկի հետ և բոլոր սրտով հարգում ու պաշտում եմ նրան, իբրև մեր դպրանոցի մի աննման աշխատավորին, իբրև մի ընտիր վարժուհու և իբրև ընտրելագույն դաստիարակչի։ Նրան բախտավորացնելու համար, ես ոչ իբրև մասնավոր անձն, այլ իբրև քահանա և հասարակաց գործիչ, հանձն կառնեի ամեն զոհաբերություն, որպեսզի մեր մանուկների այդ պահպանման հրեշտակը' կարելվույն չափ ուրախ ապրելով` ավելի սիրտ և ժամանակ ունենար յուր սիրած գործին անձնվիրաբար ծառայելու։ Եվ ահա՛ հենց այդ պատճառով ես չէի ցանկանալ, որ ձեր ամուսնությունը խախտվեր, որովհետև դրանով խեղճ օրիորդի սիրտը կխոցոտվեր և այդպիսով նա յուր արդյունաշատ գործունեության ասպարեզը կլքաներ…

Եթե դուք այդ բոլորր գիտեք, արժանապատիվ հայր, ինչո՞ւ ուրեմն չեք օգնում այդ օրիորդին յուր սիրելի նպատակին հասնելու, ջերմությամբ ընդհատեց քահանային Պետրոսը։

Չեմ օգնու՞մ, և մի՞թե այդպես բան ասել են ձեզ:

Ձեր մասին ես վատ բան լսած չեմ բայց և այնպես հետաքրքիր է ինձ համար իմանալ, թե արդյոք աշխատել եք դուք երբևիցե հօգուտ մեր այս գործին:

Այո՛, բարեկամ, աշխատել եմ, և այժմ էլ աշխատում եմ անդադար, բայց իմ աշխատանքը վատնվում է իզուր, որովհետև Սրբազանը խիստ անողոք է օրինասիրության մեջ. նա մի անգամ լսել է քահանաների զեկուցումը և պահանջում է համաձայն այդ զեկուցման օրենքը պահպանվի։

Ուրեմն պետք է կորցնել ամեն հույս. ուրեմն էլ չպիտի՞ կարողանանք մենք պսակվել։

Ոչ, դեռ հույս կա, հարկավոր է միայն այս անսիրտ քահանաների ձեռքը յուղոտել…

Կաշառե՞լ, մի՞թե դուք ինձ այդ բանին ընդունակ եք համարում։

Այդ բառը շատ կոշտ է հնչում, բայց նրա գործադրությունը ինքնըստինքյան դժվարություններ չէ ներկայացնում. մի՛ խորշեք դուք այդ բառից, ամեն երկրում, ամեն շրջաններում կաշառքը ապրել է. պետք է ցավել, իհարկե, որ նա մուտ է գործում և այն դասակարգի մեջ, որը իսկապես արդարության պաշտպանը պիտի լիներ, բայց ի՞նչ կարող ենք անել, քանի որ այդ սրբազան կոչումը ստանձնողները երբեք պարտուպատշաճ պատրաստությամբ չեն մոտենում նրան։ Կամա-ակամա մենք պիտի հնազանդինք ճակատագրին, քանի որ նրան մեզ հնազանդեցնել չենք կարող։ Մյուս կողմից էլ մեր քահանաների նյութական վիճակը շատ աննախանձելի է. նրան բարվոքելու համար մտածող ու հոգացող չկա. այդ պատճառով իրենք քահանաները աշխատում են հարմար առիթից օգուտ քաղել։ Մի դատապարտեք նրանց, գոյության խնդիրը ուշադրության արժանի խնդիր է. ինչո՞վ կարող ես գոհացնել հաց խնդրող մանուկին, և ինչո՞վ ցրտի առաջ դողացող մերկանդամ որբուկին…

Ուրեմն ի՞նչ պիտի անեմ ես ձեր կարծիքով։ Առնվազն մի հազար ռուբլու նվեր պիտի անես այդ անօգնական թշվառներին։

Հազա՞ր ռուբլու, բայց ո՞րտեղից է ինձ այդքան գումար։

Բարեկարգիչը ծիծաղեց։

Դուք երևի չէք հավատում ինձ։

Ներեցեք, իհարկե ոչ։

Բայց ես նույն չափ աղքատ եմ, որչափ ձեր քահանաներից յուրաքանչյուրը. ես էլ իմ ողորմելի ռոճիկով եմ ապրում։

Բայց չէ՞ որ դուք հարուստ հորեղբայր ունիք։

Այո՛, ես հո այդ չեմ կարող թաքցնել, բայց նա արտաքսեց ինձ յուր տնից, որովհետև ես չընդունեցի նրա առաջարկությունը՝ Խալաթյանի աղջկա հետ ամուսնանալու։

Ճշմարի՞տ։

Միթե կարո՞ղ եմ ես այդքան անամոթաբար ստել։

Բայց քահանաները այդ չգիտեն։

Դուք կարող եք նրանց հայտնել։

Անկարելի է, չեն հավատալ։

Բայց մի բան, որ ճշմարիտ իրողությո՞ւն Է:

Չես կարող հավատացնել. նրանք կկարծեն, թե դիտմամբ ենք այդ բանը հնարել։

Բայց չե՞ն տեսնիլ, որ ես իմ հորեղբոր տանը չեմ ապրում։

Այդ դեռ չէ կարող ապացուցանել, որ հորեղբայրդ արտաքսել է ձեզ յուր տնից։

Ի՞նչ պետք է անեմ ես ուրեմն։

Եթե օր. Աստղիկի ընկերությունը թանկ է ձեզ համար, դուք պետք է իմ խորհրդին հետևեք։

Բայց ես հնար չունիմ, ասացի։

Անկարելի է, սիրելի բարեկամ. դուք գոնե ի սեր ձեր ապագա երջանկության՝ պիտի աշխատեք այդ գործը գլուխ բերելու։ Գնացեք ձեր հորեղբոր մոտ, ներողություն խնդրեցեք նրանից, հաշտվեցեք նրա հետ և նա անշուշտ կօգնե ձեզ։

Իմ հորեղբոր մո՞տ… ավելի շուտով ես դժոխք կերթամ, զայրացած պատասխանեց Պետրոսը և առանց յուր խոսակցին ողջունելու հեռացավ նրանից։

Չմոռանաք իմ խորհուրդը, Պետրոս֊բեկ, չմոռանաք իմ խորհուրդը ձայն տվեց երիտասարդի հետևից բարեկարգիչը և վերադարձավ առաջնորդարան։

"Չհաս է" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Յասաման
Տիգրան Համասյան

Յասաման

Նատյուրմորտ շշերով
Նատյուրմորտ շշերով
Խաղա առցանց