Մուրացան

Չհաս է

4
ԺԱ
ԲԺԻՇԿ

Ինչ որ խոսեցին Կարինյանն ու Մատինյանը, բոլորն էլ ճշմարտություններ էին, սկսավ խոսել պ. Մեհերյանը։ Կարինյանի տեսակետից մեքենայագիտությունը ավելի շահավոր մասնագիտություն երևացավ, քան Եզովպոսի պաշտպանածները, իսկ Մատինյանի տեսակետից՝ գյուղատնտեսությունը։ Բայց իմ տեսակետից եթե նայելու լինենք գործի վերա, բժշկությունը գերազանց է այդ երկուսիցս էլ, հետևապես և առաջին երեքիցն էլ։ Դուք լավ գիտեք, որ մարդու էության սահմանը որոշելու համար ասում են. «Մարդս ընկերական կենդանի է»։ Այդ ճշմարիտ է. բայց ընկերական բառը զանազան շրջանների համար զանազան նշանակություն ունի։ Իհարկե մի անմարդաբնակ կղզում Ռոբինզոնի համար յուր վայրենի Ուրբաթն էլ մի լավ ընկեր էր. բայց եթե մի մարդաշատ քաղաքի, կամ գյուղի մեջ դրանք առաջին անգամ պատահեին միմյանց, շատ սիրով չէին իրար ընկերակցիլ։ Այսպես էլ օրինակ, մի դարբնի համար ավելի լավ է յուր դարբնոցի ընկերների հետ կենակցիլ և մի շինականի համար՝ յուր տգետ դրացիների հետ, քան երկուսին էլ լուսավորված և ազնվական մարդկանց շրջանում։ Եթե այս այսպես է, ապա ուրեմն, որքա՞ն ավելի ծանր է լուսավորված, մտքով և սրտով ազնվացած, նուրբ ճաշակի և զգացմանց տիրացած մարդու համար ապրել փոշոտած մարմին, ծխոտած երես, կոշտ բնավորություն և վարմունք ունեցող դարբինների ու մեքենայագործների հետ և կամ խավարամիտ, խելքով ու մտքով աղքատ, զդացմունքների նրբությունից զուրկ և կիսով չափ վայրենի շինականների շրջանում։ Որքան էլ դուք ճառեր խոսեք և այս տեսակ մարդկերանց բախտավորությունը դրվատեք, այսուամենայնիվ ես չեմ կարող համոզվել, թե մի զարգացած մարդ կարող է այդ հակակրական շրջանների մեջ բախտավոր ապրել։ Դեռ ոչինչ չեմ խոսում այն անհայտ և աննշան կյանքի մասին, որ ստիպված են վարելու թե՛ մեքենայագետը և թե՛ գյուղատնտեսը, հեռու, կորած անկյունում, ուր երկար տարիներ չարչարվելով ու տանջվելով, անհայտ ու անծանոթ էլ մեռնում, կորչում են։

Վերջապես մարդու մեջ կա մի որոշ չափով փառասիրություն, որ ցանկանում է ապրել և իբրև ընկերական, իբրև հասարակական մարդ, գործել հասկացող մարդկերանց շրջանում, հարգել ընկերներին և հարգվիլ նրանցից։ Մի՞թե կրթությունը և զարգացումը, հենց նույնիսկ գիմնազիոնական, նրա համար ենք ստանում, որ խավարի և տգիտության սահմաններում նրանց ավելորդ լինելը ողբանք։ Ոչ, ես ընդդեմ եմ ձեր պաշտպանած մասնագիտություններին։ Բժջկաթյուն. ահա՛ և՛ օգտավետ, և՛ պատվավոր մասնագիտություն։ Այդ գործով պարապող մարդը, եթե միայն խղճմտանքով է պարապում, և՛ հարստություն է ձեռք բերում, և՛ անուն, և՛ պատիվ։ Մեքենայագետի չափ նա անկախ և ինքնիշխան է. գյուղատնտեսի չափ՝ ապահովված առողջության կողմից, և երկուսի չափ էլ ազատ զրպարտություններից, անվանարկությունից և կաշառելու ու կաշառվելու երկյուղից։ Եկամուտի մասին էլ խոսել ավելորդ է։ Ո՛չ հարկավոր է նրան երկաթուղու վարչության, կամ գործարանատիրոջ բարեհաճությունը հայցել պաշտոն ստանալու համար և ո՛չ դրամագլուխ դնել՝ այգիներ ու ոչխարներ գնելու համար, որոնց շատ անգամ ոչնչացնում են կարկուտն ու ժանտախտը։

Բժշկին ամեն տեղ էլ կարիք ունին. հիվանդությունները նրանց գործակատարներն են, որոնք մարդկերանց հետ կատակ չեն անում, իսկ հիվանդ մարդը խնայելու վերա երբեք չէ մտածում, և ահա՛ բժիշկը հայտնվում է ընտանիքի մեջ իբրև բարերար, նա գործում է, նա բժշկում է հիվանդին, ստանում է յուր վարձատրությունը, և դեռ յուր ետևից էլ թողնում է յուր կյանքը օրհնող երախտագետների մի ամբողջ բանակ…

Երկու խո՛սք, պ․ սեղանապետ, ձայն տվավ Եզովպոսը, ների՛ր իմ մեղքերին, և ի սեր այս խելոք ճառախոսին, իրավունք տուր ինձ երկու խոսք ասելու։

Ուսանողները, որոնց զվարճացնում էր մինչև անգամ Եզովպոսի միմիկան, իրենց կողմից էլ խնդրեցին սեղանապետին, որ այդ իրավունքը չմերժե նրան։

Խոսիր, ա՛նպիտան, բայց զգույշ կաց, հիմար բաներ չխոսաս, հրամայեց սեղանապետը։

Ես առաջ մոռացա ասել ձեզ, պարոններ, որ ես բժշկությունն էլ եմ պաշտպանում, և հենց այս րոպեին, երր պ․ Մեհերյանը սկսեց խոսել, իմ գլխում մի քանի նոր մտքեր ծնվեցան։ Արդարև բժշկությունը ամենից շահավոր պարապմունքն է։ Դուք խո գիտեք, որ Եվրոպայում ամենալավ բժիշկները, յուրաքանչյուր այցելության համար 3 կամ 4 ֆրանկ են ստանում, նույնիսկ Ռուսիայում ամենալավ բժիշկը մեկ ռուբլուց ավելի չէ պահանջում յուր հիվանդից, բայց մեզ մոտ 3 կամ 5 ռուբլին ամենասովորական վարձատրությունն է։ Հաշվեցեք, որ պ․ բժիշկը օրվա մեջ ընդունում է յուր մոտ 10 աղքատ և 5 հարուստ հիվանդներ, որոնցից ստանում է տասը անգամ 1 ռուբլի և հինգ անգամ 3 ռուբլի, գումարը 25 ռուբլի։ Հետո միևնույն բժիշկը միևնույն օրը այցելում է 5 աղքատ և 6 հարուստ հիվանդների, որոնցից ստանում է հինգ 3-ական և վեց 5-ական ռուբլի, գումարը 45 ռուբլի ուրեմն մի օրվա մեջ պ․ բժիշկը վարձատրություն է ստանում 70 ռուբլի, իսկ մի տարվա մեջ 365 անգամ 70, որ լինում է… որքա՞ն, հապա հաշվեցեք։

25 550 ռուբլի, ձայն տվավ մի ուսանող, որ մաթեմատիկայի մեջ ամենաառաջադեմն էր։

Հա՛, 25 550 ռուբլի, շարունակեց Եզովպոսը բայց ընդունենք, թե 5550 ռուբլու չափով հիվանդներ պակաս են եղել, ուրեմն պ. բժիշկը, եթե կարողացել է հայտնի դառնալ, կարող է մի տարվա մեջ 20 000 ռուբլի եկամուտ ունենալ, որպիսի գումարը պ. մեքենայագետը յուր բոլոր կյանքում չի կարող խնայել և գյուղատնտեսը՛ մինչև անգամ մյուս կյանքում… (Ծիծաղ ուսանողների մեջ)։

Բայց դեռ մի ուրիշ հանգամանք էլ կա, որ պետք է ուշադրության առնել։ Ահա թե ինչ. ինչպես որ անշնորհք փաստաբանների շատանալով կռիվն ու ղալմաղալներն են մեզ մոտ շատացել և փաստաբանների առևտուրը կենդանացրել, այնպես էլ անշնորհք բժիշկների շատանալով հիվանդությունները հետզհետե բազմապատկվում են։ Կարելի է երևակայել, թե մի որոշ ժամանակից ետ որպիսի առատ հունձ կարող է ունենալ համալսարանից վերադարձող բժիշկը, որ փոխանակ տասնյակ տարիներով մի հմուտ և փորձառու բժշկապետի ձեռքի տակ յուր փորձերը շարունակելու և հիվանդությունների անխոնջ ուսումնասիրությամբ և բժշկական դրվածքների անընդհատ ընթերցանությամբ յուր գիտությունը կատարելագործելու, գալու օրի էգսը բժշկապետ բարձրահնչյուն բառն է փորագրում յուր դռան տախտակի վերա և երկու ոտքով ման գալն էլ ստորություն համարելով, չորս ոտքերի օգնությանն է դիմում։ Ո՞վ է հարցնում այստեղ, թե պ. բժիշկ, որքա՞ն գիտություն, որքա՞ն փորձառություն ունիք դուք, որ իմ գլխի վերա դալլաքություն եք անում. բավական է, որ պ. բժիշկը սեփական կառքով է շնորհ բերել մեզ մոտ։ Եվ ինչ, մի՞թե իրավունք էլ ունի հիվանդը բժշկին հարցաքննելու։ Բժշկությունը այնպիսի մի գործ է, որի դատավորը ինքը բժիշկն է և դատախազը յուր խիղճը․ մի՞թե թշվառ մահկանացուն կարող է լսել երբևիցե այդ դատախազի ձայնը և բողոքը…

Ահա այսպես, բժշկությունր ամեն կողմից էր արդյունավոր պարապմունք է. դուք, պ. Մարալյան (դարձավ Եզովպոսը Պետրոսին), կարող եք ամենայն վստահությամբ ընտրել ձեզ համար իբրև մասնագիտություն բժշկությունը և բնավ մի՛ վախենաք ապագայից։ Եթե կգա մի օր, երբ դուք արդեն հասակնիդ առած կլինեք, և երիտասարդ ու նորավարտ բժիշկները ձեզ դուրս կքշեն բժշկության ասպարեզից, դրանից հետո էլ դուք պետք կգաք հասարակությանը. Միջնորդ կարող եք լինել ամուսնացող երիտասարդների ու երիտասարդուհիների մեջ, ինչպես անում են ոմանք արդի հնացած բժիշկներից, սա էլ մի բարի գործ է…

Ընդհանուր ծիծաղ ուսանողների մեջ։

ԺԲ

ՔԱՀԱՆԱ

Պարոններ, դուք բոլորդ էլ բավական շատ խոսեցիք, ինձ էլ իրավունք տվեք մի երկու խոսք ասելու, շարժվեցավ վերջապես յուր տեղից պ․ Պահլավունին, որ մինչև այն կծկվել էր սեղանի անկյունում և ուշադրությամբ լսում էր յուր ընկերակից ճառախոսներին։

Հեթումյանը լսելով Պահլավունու ձայնը, որին բոլոր ուսանողները հարգում էին իբրև լավ հայ աշակերտի՝ պատասխանեց.

Ինչպես ինձ, այնպես էլ կարծում եմ իմ բոլոր ընկերակիցներին, սիրելի է ձեր խոսքը։ Խոսեցեք, մենք հոժարությամբ կլսենք ձեզ։

Պարոններ, սկսավ խոսել Պահլավունին. իրավաբաններ, երկրաչափներ, ճարտարապետներ մեզ շատ հարկավոր չեն. մեքենայագետների էլ շատ կարիք չունինք. գյուղատնտեսներ որքան շատ ունենանք, կարծեմ ավելի լավ է․ իսկ բժիշկներ, այսինքն մարմնի բժիշկներ, դրանց թիվն էլ եթե չափավոր լինի, վատ չի լինիր բայց իմ միտքը հայտնելուց առաջ ես մի հարց ունիմ ձեզ անելու։ Արդյոք դուք գնում եք համալսարան ձեր ուսումը կատարելագործելու միայն ա՛յն նպատակով, որ ձեր անձին և ձեր գոյությա՞նը ծառայեք, թե՞ հասարակությանն էլ կամենում եք պիտանի լինել մի բանով։

Իհարկե, հասարակությանն էլ ենք կամենում ծառայել, պատասխանեց Պետրոսը։ Մի՞թե իրավունք կունենանք մենք կրթված և լուսավոր մարդ անվանելու մեզ, եթե միայն մեր անձի համար ապրենք, միային մեր գոյությունը ապահովելու վերա մտածենք։ Շատ լավ։ Ես էլ չեմ ուզում ավելի խոսել այն բանի համար, թե ինչո՞ւ մեր ընկերները այսքան երկար ճառեր են խոսում այս և այն մասնագիտության շահավորությունը ապացուցանելու համար և ցարդ չգտնվեցավ մեկը, որ մատնացույց աներ նաև մեր բարոյական շահերի վերա։ Սակայն եթե ձեր խոսքը անկեղծ է, ինչպես անկեղծ է եղել մինչև այսօր, եթե դուք ցանկություն ունիք ծառայելու այն հասարակության, այն ազգին, որին սիրում և որին պատկանում եք դուք, ապա ուրեմն ընտրեցեք այն մասնագիտությունը, որը ես կառաջարկեմ։

Առաջարկեցեք։

Ո՛չ, առաջ խոստացեք, որ կընդունեք այդ առաջարկությունը։

Խոստանում եմ, եթե միայն կարող կլինեմ։

Շատ լավ, ուրեմն ընտրեցեք ձեզ համար իբրև մասնագիտություն բարոյական փիլիսոփայությունը, ուսումնասիրեցեք նրան հիմնավորապես և հայրենիք վերադառնալով քաճանա ձեռնադրվեցեք։

Պետրոսը մնաց լուռ, իսկ ուսանողներից շատերը սկսան ծիծաղել։

Պ. Պահլավունին հառեց յուր կրակոտ աչքերը նախ Պետրոսի վերա, որով կարծես կշտամբում էր նրան յուր լռության համար և ապա դառնալով ուսանողներին, բարկությունից դողացող, բայց ազդու ձայնով խոսեց.

Պարոններ, ես չեմ վիրավորվում, որ դուք ծիծաղում եք իմ առաջարկության վերա․ իհարկե մի ազգ, մի հասարակություն, որ նյութական ապահովության մեջ է տեսնում յուր փրկությունը, մի ժողովուրդ, որ հոգեկան հարստության վերա գաղափար չունի և չէ հավատում նրա զորության աստվածությանը, հարկավ կարտադրե այնպիսի սերունդ, կծնանի այնպիսի զավակներ, որպիսին դուք եք, որ ամբողջ ժամերով այստեղ նստած խոսում, ճառում եք նյութապես շահվելու՝ հարստանալու մասին, բայց հոգվո հարստության համար, հոգվո, որի զորության, կամ թուլությանն եք պարտական ձեր վերածնությունը կամ անկումը, չեք արտասանում մի բառ… Ոչ. ես ձեզ չեմ մեղադրում, բայց խղճում եմ… Հետևապես չեմ ուզում միայն իմ դժգոհության արտահայտությամբ բավականանալ։ Ուրեմն լսեցեք ինձ։

Ես ոչնչով ընդդեմ չեմ ձեր հարստանալու ցանկության, դա մի ձգտումն է կյանքի ապահովության համար, իհարկե լավ, է հարուստ լինել, քան աղքատ, մանավանդ մեր ժամանակում, երբ առանց փողի ճշմարիտ արժանիքը ծածկված է մնում, տաղանդը, որ պետք է ոգևորեր մեզ, անհայտության մեջ մեռնում է, հանճարը, որ պետք է տիրապետեր և առաջնորդեր, ոտնակոխ է լինում ամբոխից և փողոցի տղաները ցեխոտում են նրա մեծությունը… Բայց և այնպես ճշմարիտ է Քրիստոսի այն աստվածային խոսքը թե՛ «դյուրին է մալխոյ ընդ ծակ ասղան մտանել, քան հարստին՝ յարքայութիւն Աստուծոյ…»։

Գիտցեք, որ որքան բազմանան մեր մեջ հարուստները, այնքան ավելի պիտի դժվարանա մեր փրկութունը, որովհետև հարուստը արդեն գոհ է յուր կյանքից և հետևապես թշնամի այն ազդարար ձայնին, որ կանչում է նրան մասնակցելու փրկության մեծ գործին։ Մարդիկ առհասարակ զոհում են նրա համար, որ հասնեն ճշմարիտ երջանկության, արդ ի՛նչ հարկավոր է հարստին զոհաբերություն, երբ նա արդեն երջանիկ է զգում իրեն յուր հարստության մեջ։

Այս տեսակետից նայելով գործի վերա, ես կարծում եմ, որ մեզ հարկավոր չեն բազմաթիվ իրավաբաններ, երկրաչափներ, ճարտարապետներ և մեքենայագետներ, եղածները արդեն մեզ համար շատ են։ Մեզ հարկավոր չեն մինչև անգամ բազմաթիվ բժիշկներ, մեր մեջ բավական մեծ քանակությամբ առողջ մարմին և առողջ ստամոքս ունեցողներ կան և հավատացած եմ, որ այսօրվա ճաշից հետո մեզանից ոչ ոք չպետք է հիվանդանա։ Այո՛, մեր բոլորի մարմիններն էլ բավական առողջ և առույգ են. բայց հիվանդ են մեր հոգիները. Հիվանդ մեր սրտերը, հիվանդ մեր զգացմունքները. Ուրեմն տվե՛ք մեզ հոգեկան բժիշկներ, որոնք կարող լինին բուժել այն հոգեկան ախտերը, որոնցով վարակված է մեր ամբողջ գոյությունը… Այո՛, տվեք մեզ քահանաներ, իրենց կոչումը, իրենց պարտքը և իրավունքը ճանաչող քահանաներ որոնք կարողանային ներշնչել մեր մեջ այն հոգին, որ կտակեցին իրենց հաջորդներին սուրբ Սահակ և սուրբ Մեսրոպ, որ ներշնչեց Վարդանա զորքին սուրբ Ղևոնդ Երեց։

Այո, քահանա, և գիտեք, թե այս բառի մեջ որքա՜ն մեծություն, որքա՜ն սրբություն կա ամփոփված. «Քահանան աստուծո փոխանորդն է երկրի վերա». հաճախ լսել ենք այս խոսքը. բայց մի՞թե հասկացել ենք նաև այդ խոսքի մեծ և խորհրդավոր նշանակությունը։ Իհարկե ոչ. բայց ո՞վ է ա՛յն մարդը, որին հանձնված է մեր հոգեկան ծնունդը, մեր հոգվո դաստիարակությունը. ո՞վ է ա՛յն մարդը, որին քաղցրությամբ հպատակվում է մեր սիրտը, որի առաջ սիրով խոնարհվում են մեր զգացմունքները. ո՞վ է նա, որի մխիթարությունր իբրև բալասան իջնում է մեր հոգեկան վերքերի վերա, որի հայրական հորդորը ամոքում է մեր վշտերի սաստկությունը. ո՞վ է այն զորեղ մարդը, որի պաշտպանության է դիմում հարստահարված այրին, անօգնական որբը, անպատված անմեղությունը, սիրո նահատակը… և վերջապես ո՞վ է նա, որ անողոք և ահավոր է անիրավների դեմ, որ աներկյուղ պաշտպանում է զրկված հոտի իրավունքները և որ յուր անձը զոհում է նրա համար, եթե այդ պահանջում է անիրավ ճակատագիրը…

Այո, մեծ, այս սուրբ մարդը քահանան է։ Բայց ո՞ւր է նա. ոչ ոք չգիտե։ Պատմում են, որ մի օր նա կար, ապրում էր աշխարհում, բայց նա մեռավ։ Այսուամենայնիվ ես չեմ հուսահատվում, նա դարձյալ հարություն կառնե, եթե դուք, իմ սիրելի ընկերներ, չպաշտեք շահավոր մասնագիտությունները, և հենց այստեղ, մի ժամ, մի րոպե գոնե մտածեք, թե ի՞նչ է պակասում ձեզ և թե դուք ի՞նչ կարող էիք անել ձեր փրկությունը ձեռք բերելու համար։

Իհարկե, եթե դուք, բոլոր զարգացածներդ, քահանայությունից կփախչեք, եթե նրա սրբազան կոչումից խորշելով հարստության, անվան և փառքի ետևից կվազեք, հարկավ ասպարեզը կմնա ա՛յն մարդիկներին, որոնք գետնի վերա ընկածը իրենց սեփականությունը համարելով, կվարվեն նրա հետ ինչպես և կկամենան։ Եվ մի՛թե դուք իրավո՞ւնք ունիք պախարակելու այն անցորդին, որ փողոցի մեջ գտնելով ձեր մեռած մոր ձեզ հիշատակ թողած ոսկյա մատանին, տանում վաճառում է այն հրեային և նրանից ստացած փողերը վատնում է գինետան մեջ։

Չե, մի՝ խորշեք քահանայությունից, նրա կոչումը ավելի մեծ, նրա պաշտոնը ավելի ակնածելի է, քան մի որևէ իրավաբանի, մեքենայագետի և կամ բժշկի պաշտոնը։ Լսեցեք դուք քահանային այն ժամանակ, երբ նա բեմի վրա արձանացած սեր և խաղաղություն է քարոզում. դա միևնույն քահանան է, որ լռիկ֊մնջիկ, զրկված ընտանիքին հորդոր է խոսում… դա միևնույն քահանան է, որ պատերազմի դաշտում, խաչը ձեռին բռնած՝ զորքին էր առաջնորդում, և ի՞նչ, մի՛թե չէ՞ ոգևորում, չէ՞ հափշտակում ձեզ այդ մեծ պաշտոնը, որի իշխանությունը տարածվում է շինական խրճիթներից սկսած մինչև արքայական պալատները, և որի ձայնին լսում և հպատակում են ամեն տեղ։

Սիրեցեք ուրեմն քահանային, սիրեցեք նրա պաշտոնը և ով որ ձեզանից կոչումն է զգում յուր մեջ հասարակությանը ծառայելու, թող սիրով ստանձնե այդ պաշտոնը, առանց քաշվելու, թե նա պիտի գործե խելքով և մտքով իրենից ստոր մարդկանց շրջանում։ Զինվորը եթե ճշմարիտ քաջություն ունի, չէ վհատում յուր ընկերոջ թուլությունից, այլ ընդհակառակը, նրան էլ ոգևորում է յուր քաջությամբ։ Այս պետք է լինի զարգացած քահանայի կոչումը և այս հոգվով վառված քահանան հնարավոր կարող է դարձնել այն ամենը, ինչ որ անհնարին է թվում կենցաղասեր մարդուն։ Ահա՛, պարոններ, իմ հավանած մասնագիտությունը. նրա վերաբերությամբ ես հայտնեցի իմ կարծիքները և այժմ դուք ազատ եք ինձ հետ համաձայնվելու, կամ ծաղրելու. ես վերջացրի։

Այս խոսքերով Պահլավունին լռեց և այլևս նոր խնդիր հարուցանող չեղավ։ Միայն սեղանապետը ճառախոսին վարձատրելու համար հրամայեց կրկին անգամ խմել նրա կենացը, և ուսանողները սիրով ընդունեցին այդ առաջարկությունը։

Այնուհետ և սկսվեցավ կարծիքների մանրավաճառությունը, տիրող լռությանը հաջորդեց աղմուկը և ամեն ինչ յուր նախկին կերպարանքն առավ։ Մութն արդեն պատել էր, երբ ուսանողներն առանց մի որոշ եզրակացության գալու Պետրոսի ընտրելիք մասնագիտության վերաբերությամբ, ազատեցին տանտիրուհու պարտեզը իրենց շատախոսությունից և ցրվեցին իրենց տները:

ԺԳ

ԱՆԱԿՆԿԱԼ ՆՈՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Պետրոսը վերադառնալով յուր սենյակը՝ պատրաստվեցավ քնելու։ Թեպետ նա վաղ պառկելու սովորություն չուներ, բայց որովհետև այդ երեկո շատ խմելուց և խոսելուց նրա գլուխը ծանրացած էր և կարդալու էլ տրամադրություն չուներ, ուստի ավելի լավ համարեց այս անգամ մի բացառություն անել։ Բայց հենց սկսեց անկողինը բանալ թե չէ, և ահա՛ սենյակի դուռը բախեցին։

Ո՞վ եք, ներս մտեք, ձայն տվավ Պետրոսը։

Դուռը բացվեցավ և հեռագրատան ցրիչը ներս մտավ սենյակ։

Ա՜, ինձ հեռագիր եք բերել, տվեք տեսնեմ, ասաց Պետրոսը։

Այո՛, պարոն, ահա՛ այս ասելով ցրիչը հանեց թղթապանից հեռագիրը և տվավ Պետրոսին։

«Ես սրան չէի սպասում», շշնջաց ինքն իրեն Պետրոսը և շտապելով բացավ հեռագիրը։ Նա մի արագ հայացք ձգեց նրա համառոտ տողերի վերա և մնաց շվարած։

Սա պ. Թովմասի հեռագիրն էր, որով նա Պետրոսին հրավիրում է հայրենի քաղաք Ա., բայց թե ինչո՞ւ համար, Պետրոսը չկարողացավ գուշակել։

«Ես փողի եմ սպասում նրանից Պետերբուրգ ճանապարհվելու համար, խոսեց նա ինքն իրեն, բայց իմ պարոն հորեղբայրը դեռ նոր ինձ յուր մոտ է հրավիրում։ Ի՞նչ գաղտնիք է այս և ի՞նչ «կարևոր ու անհետաձգելի նորություն ունի նա ինձ հաղորդելու», որ գրում էլ է թե՝ «սպասում եմ»… Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում»… Պարոն, բարեհաճեցեք ստորագրել և վերադարձնել ինձ հեռագրի ստացականը, խնդրեց Պետրոսին ցրիչը, որ դեռ սենյակում կանգնած սպասում էր նրան։

0'հ, ներողություն, ես ձեզ մոռացել էի, ասաց Պետրոսը և ստացականը ստորագրելով տվեց ցրիչին։

Երբ վերջինս դուրս գնաց, նա կրկին վերցրեց հեռագիրը, կրկին կարդաց և գլուխը շարժեց։ «Ահա՛ մի գաղտնիք, որ չես կարող լուծել կամքի ուժով. խելքի բանալին արդեն կորցնում է այստեղ յուր նշանակությունը։ Ի՞նչ կարող է լինել այս կարևոր ու անհետաձգելի նորությունը։ Արդյոք մի դժբախտությո՞ւն պատահեց մեր ընտանիքին, արդյոք մայրս հիվանդացա՞վ, արդյոք նրան… բայց ոչ, նա առողջ էր, դեռ երեք օր չկա, որ նա ինձ նամակ է գրել տվել, ո՞վ գիտե,գուցե մի դժբախտություն հասել է իմ հորեղբոր գործերին, նա միայն նրանց վերաբերյալ նորություններն է կարևոր և անհրաժեշտ անվանում. և գուցե նա սնանկացել է… բայց ոչ, այդ անկարելի է, նա հաշվով մարդ է, նա հեշտությամբ վնասների չի ենթարկվիլ, ո՞ւր մնաց թե սնանկության…»։

Այս մտածմունքները երկար ժամանակ տանջեցին Պետրոսին, բայց վերջ ի վերջո նա տեսնելով, որ մտածելով ոչ մի ուղիղ եզրակացության չէ գալիս, հանվեցավ և պառկեց քնելու։

Առավոտը շատ վաղ զարթնեց Պետրոսը և հագնվելով դուրս գնաց փոքրիկ պարտեզը՝ զբոսնելու։ Այդ միջոցին նրա մտածմունքների առարկան դարձյալ հեռագիրն էր, բայց յուր կարծիքով նա այժմ ավելի հավանական բացատրություն էր տալիս հեռագրին։ «Իմ հորեղբայրը ժլատ մարդ է, մտածում էր նա, ես լավ հիշում եմ, որ իմ և նրա մեջ մինչև այժմ ոչ մի խոսք չէ եղել համալսարան գնալուս համար, չնայելով, որ ես մի քանի ամառ արդեն նրա հետ եմ ապրել։ Հավանական է, ուրեմն, որ իմ համալսարան գնալու համար արածս հայտնությունը նրան անախորժ երևեցած լինիր և նա «կարևոր ու անհրաժեշտ նորություն» հաղորդելու պատրվակով կանչում լինի ինձ հայրենիք, ընդմիշտ ինձ այնտեղ պահելու համար… Այո՛, ճիշտ այսպես է և անկարելի է, որ մի ուրիշ պատճառ ունենար նա այս բանի համար։ Եվ ես հիմարս պարծենում եմ իմ ընկերների մոտ թե' «իմ հորեղբոր կողմից ոչ մի արգելք չէ կարող հետաձգել իմ ուղևորությունը»։ Հիմա՛ր, հիմա՛ր, դեռ «ջրին հասի՛ր, հետո բոբիկացիր», դեռ ուղևորության հրաման չառած՝ ես մասնադգիտություն ընտրելու վերա եմ մտածում և իզուր տեղը խեղճ ընկերներիս ժամերով խոսեցնում․․. Ահա՛ թե որտեղ է արդարանում ֆրանսիական ասածը «L’homme propose et Dieu dispose»։

Այս միջոցին բակի մեջ երևեցավ հեռագրատան մի ցրիչ, որ տանտիրուհու ծառայից Պետրոս Մարալյանին էր հարցնում, Պետրոսը շտապով դուրս գնաց պարտեզից և դիմավորեց նրան։

Դուք հեռագիր ունիք, ասաց ցրիչը և ծրարը հանձնեց Պետրոսին։

Վերջինս ստացականը մատիտով ստորագրելով վերադարձրեց իսկույն ցրիչին և հեռագիրը վերցնելով գնաց յուր սենյակը։

«Շնորհավորում եմ ոսկյա մրցանակդ։ Հուսալիր սպասում եմ արժանավոր վերադարձիդ։

«Քո Աստղիկ»։

Այս էր հեռագրի բովանդակությունը։ Բայց այս երկտողի ընթերցանությամբ Պետրոսի բոլոր տխրությունը անցավ, որովհետև նրա հետ խոսում էր յուր սիրած անձը և նա կարծեց, թե հենց այդ րոպեին յուր ականջին նրա ձայնը հնչեց։

Պետրոսը մի քանի րոպե ուրախ և անթարթ աչքերով սկսեց դիտել հեռագիրը․ հետո նա նրան կրկին կարդաց, բայց կարծես ոչինչ չհասկացավ, նա նրան երրորդ անգամ կարդաց, և կրկին մի փոքր առաջ իրեն տանջող մտածմունքների մեջ ընկավ։

«Ինձ շնորհավորում է․ հասկանում եմ․ բայց ինչո՞ւ համար է սպասում իմ վերադարձին, այդ չեմ հասկանում․ նա արդեն գիտե, որ ես այս ամառ հայրենիք չպիտի վերադառնամ… ուրեմն ո՞ր վերադարձի մասին է այստեղ խոսքը… Երևի Պետերբուրգի. բայց ինչու համար այսպես վաղ, չէ՞ որ ես դեռ Թիֆլիսումն եմ, կնշանակե նա Թիֆլիսից վերադառնալու մասին է խոսում. ո՞վ հայտնեց նրան այդ նորությունը այդքան վաղ, չեմ հասկանում. ոչինչ չեմ հասկանում։

Շատ լավ. ես կարող եմ դեռ մի քանի օր ուշանալ այստեղ. շտապելու հարկ չկա. վերջապես վճռեց Պետրոսը, արի հենց հեռագրով ես խնդրեմ Աստղիկից, որ նա մանրամասն նամակով բացատրություն տա ինձ, թե ի՞նչ պատճառով է նա իմ վերադարձին սպասում և թե ինչո՞ւ է ինձ հորեղբայրս կանչում. անշուշտ այս վերջին պատճառն էլ հայտնի կլինի նրան։

Եվ նա նրան հեռագրեց իսկույն այս հարցերը, ավելացնելով նույնպես, որ սպասում է շուտափույթ պատասխանին։ Անցան երեք օրեր, երեք երկար, դժվարատար օրեր։

Մի երեկո, երբ Պետրոսը դեռ նոր էր թեյ առնում, պոստատան ցրիչը բերավ նրան մի նամակ։ Սա օր. Աստղիկիցն էր․ հասցեից արդեն ճանաչեց նրա ձեռքը, ուստի թեյը մի կողմ թողնելով սրտատրոփ ծրարը բացավ։ Օրիորդը նրան գրում էր.

«Սիրեցյալ Պետրե՛

Այս րոպեին ստացա հեռագիրդ և շտապում եմ պատասխանել։ Քn հարցմունքին՝ թե ի՞նչ պատճառով եմ ես քո վերադարձին սպասում և թե ինչու է քեզ հորեղբայրդ կանչում, այնքան միայն կարող եմ պատասխանել, որքան գիտեմ։ Բայց իմ գիտցածն էլ կարծեմ չպիտի գոհացնե քեզ։ Այն օրը, որ քո ավետաբեր նամակը ստացա և քեզ իմ հեռագիրը ուղղեցի, եկել էր մեզ մոտ քո և իմ մայրը, այդ օրը նա անսովոր տրամադրության մեջ էր երևում, նրա աչքերը ծիծաղում էին, դեմքը տխուր չէր և ոչ ժպիտը ճնշված, ինչպես միշտ սովոր էի նրան տեսնելու, նա ուրախ էր և զվարթ։ Եվ ո՛րքան ժամանակ է, որ ես նրան այդպես տեսած չէի. դու հաշվիր այն օրից, երբ վերջին անգամ բաժանվեցիր մեզանից… Ես, ինչպես միշտ, գրկեցի նրան և համբուրեցի. հետո հարցրի յուր ուրախ տրամադրության պատճառը. ես սպասում էի, որ նա կասեր, թե քո ավարտման լուրը առնելուն համար է ուրախ. բայց նա այդ չգիտեր անգամ։ «Իմ Պետրեն գալիս է, հոգյակս, այսօր Թովմասը հեռագրել է նրան դրա համար», պատասխանեց ինձ մայրդ լի հրճվանքով։ Այդ նորությունը անակնկալ էր ինձ համար։ Ես պատճառը հարցրի, և նա միամտությամբ պատասխանեց, թե Թովմասը առևտրական մեծ հաջողության է հանդիպել և Պետրեին բերել է տալիս այստեղ յուր ուրախությանը մասնակից անելու։ Այս պատճառը, իհարկե, ես հավանական չգտա. սակայն մորդ սրտի մեջ էլ ավելորդ համարեցի կասկած հարուցանել, մանավանդ որ մենք երկուսս դեռ մի ուրիշ մեծ ուրախություն ունեինք վայելելու, այդ քո ոսկյա մրցանակ ստանալդ էր, որ մեզ համար և մանավանդ ինձ համար հավասար էր մի փառավոր հաղթանակի։

«Ես նրա մասին՛ հայտնեցի մորդ և այս լուրը կրկնապատիկ ուրախացրեց նրան։ Բայց եթե գիտենայիր, թե ո՜րպիսի հրճվանք, ո՜րպիսի ուրախություն պատճառեց ինձ քո ավետաբեր նամակը… Ես այդ րոպեին քեզ երևակայեցի իբրև մի քաջ զորական, որ հաղթանակով վերադարձել է պատերազմի դաշտից դափնյա պսակով…

«Օ՜, մի՛ ծիծաղիր իմ խոսքերի վերա. կնոջ երջանկությունը շատ անգամ ամփոփվում է այն պարծանքի մեջ, որը ստեղծում է նրա համար յուր սիրելին։ Հենց այս պատճառով էլ ես չեմ կամենում, որ դու վերադառնայիր այստեղ։ Որքան էլ ինձ համար քաղցր է քեզ հետ տեսնվիլ, խոսել և քեզ լսել, այսուամենայնիվ ես չեմ կամենում, որ դու համալսարան գնալու համար որոշած ժամանակդ զոհես քո հորեղբոր հաճույքին։ Այդ պատճառով ես իմ հեռագրում ավելացրի թե՝ «հուսալիր սպասում եմ արժանավոր վերադարձիդ», որ կնշանակեր թե՝ հուսով եմ, որ դու անհապաղ բարձրագույն ուսմանդ կդիմես, որովհետև ինձ համար միայն համալսարանից վերադառնալդ է արժանավոր վերադարձ. բայց որովհետև հորեղբայրդ, ինչպես քո հեռագրից է երևում, բացատրած չէ քեզ յուր այդ անակնկալ հրավերի պատճառը, այսուհետև քեզ մնում է ինչ անելդ որոշել, ես միայն արտահայտեցի իմ ցանկությունը, որ իհարկե չի արգելիլ քեզ հանգամանքներին հնազանղելու։

Ջերմաջերմ համբուրում է քեզ քո Աստղիկը»։

ԺԳ

ԴՊՐԱՆՈՑԻ ՎԱՐժՈԻՀԻՆ

Դուք անշուշտ հետաքրքրվեցաք օր. Աստղիկի հեռագրով ու նամակով և երևի շտապում եք իմանալ, թե ով է այս աղջիկը, որ այսքան մտերմական հարաբերություն ունի Պետրոսի հետ, բայց որի մասին իմ բոլոր պատմության ընթացքում ես ոչ մի հիշատակություն չարի։

Ահա՛ հենց նրա մասին էլ ես ուզում եմ խոսել։ Բայց դրա համար մենք մի քանի տարով պիտի ետ գնանք դեպի անցյալը։

Անշուշտ ձեզանից ամեն մեկը, մանավանդ գավառացի երիտասարդները, նկատած կլինեն, թե երկարամյա պանդխտությունից վերադառնալուց ետ, որքան շուտ աչքի են ընկնում այն փոփոխությունները, որոնք մարդու բացակայության միջոցին տեղի են ունեցած լինում յուր հայրենիքում։ Ընդհակառակը, միշտ միևնույն քաղաքում և գյուղում ապրող մարդու համար նշանավոր փոփոխություններն էլ կատարվում են առանց նրա վերա մի զգալի ազդեցություն անելու, ինչպես որ որդիների մեծանալը անզգալի կերպով է կատարվում մի ընթերակա մոր համար։

Պետրոսը յուր հայրենի քաղաքից հեռացավ տասներեք տարեկան հասակում։ Այդ ժամանակ Թիֆլիսը նրա վերա մեծ ազդեցություն արավ։ Առաջին անգամ տեսնելով այդ քաղաքի հոյակապ տները, գեղեցիկ փողոցները, հարյուրավոր կառքերը, յուր համար անսովոր անցուդարձը, կենդանությունը և համեմատելով նրան յուր հայրենի քաղաքի հետ, որը Թիֆլիսի համեմատությամբ արդարև մի աննշան ավան էր, նա մի գաղափարական նշանակություն տվավ Թիֆլիսին։ Բայց, իհարկե, այդ ազդեցությունը երկար չտևեց, մի տարին արդեն բավական եղավ ամեն ինչ նրա աչքում սովորական դարձնելու։ Բայց ա՛յն, ինչ որ հետզհետե գրավում էր Պետրոսի ուշադրւթյունը, դա Թիֆլիսի մտավոր շարժումն էր, որ գնալով ընդարձակվում և մեծ ծավալ էր ստանում։ Նա այնքան մեծ սեր ուներ դեպի յուր հայրենի քաղաքը, որ յուր այդ մանկության տարիներում անգամ ինչ լավ բան որ տեսնում էր Թիֆլիսում, բացառապես մտավոր կյանքին վերաբերյալ, նա փափագում էր, որ յուր հայրենի քաղաքն էլ ունենար։ Հետզհետե մեծանալով՝ նախանձախնդիր երիտասարդի մեջ այդ զգացմունքը ավելի զարգացավ։ Մի անգամ Գայանյան օրիորդական դպրոցական մի տոնական հանդեսին ներկա գտնվելը այնքան մեծ ազդեցություն արավ նրա վերա, որ նա մինչև անգամ արտասվեց, հիշելով յուր ծննդավայրը, որ զուրկ Էր մինչև անգամ օրիորդական դպրոցից։ Վերջին տարիները նա կարդում էր մեր լրագիրներում, որ Ա. քաղաքը նույնպես բացել է յուր օրիորդական դպրոցը, որ մտավոր շարժումը այդտեղ էլ օրըստօրե առաջ է գնում, որ այդտեղ էլ արդեն երևան են գալիս մտավոր շարժման հառաջավար ուժեր և այլն։ Այս բոլորը, իհարկե, նրան ուրախացնում էին. բայց նա չէր կարողանում հավատալ, թե արդարև այդ հրատարակությունները մի հիմնական արժեք ունեին։ Նա գոհ էր միայն նրանով, որ գործը արդեն սկսվել է, թե չէ ցանկանալ յուր հայրենակիցներին էլ նույնպիսի բարեկարգ դպրոց, նույնպիսի վարժուհիներ ունենային, ինչպես Գայանյան դպրոցը, իհարկե վաղաժամ էր։

Շարունակ վեց տարի Թիֆլիս մնալուց հետո Պետրոսը հորեղբորից թույլտվություն ստանալով վերադարձավ յուր հայրենի քաղաքը ամառվան արձակուրդին։ Այն ժամանակ դեռ շարունակվում էին այդտեղի օրիորդական դպրոցի քննությունները։ Պետրոսը, որ այնքան փափագում էր այդ դպրոցի առաջադիմությանը և այնքան հետաքրքրվում նրա բախտով, իմանալով այդ՝ գալու օրի էգսը այցելեց դպրոցին։

Այդ օրը նրա Վերջին դասատան աշակերտուհիների քննությունն էր հայոց լեզվից և պատմությունից։ Վարժուհին նորատի, գեղեցիկ դեմքով, համեստ նայվածքով և հրապուրիչ ձայնով մի օրիորդ էր, որ առաջին վայրկենից իսկ գրավեց Պետրոսի ուշադրությունը։ Նրա վարմունքր այնքան քաղցր է աշակերտուհիների հետ, հարցնելու եղանակը այնքան պարզ և դյուրըմբոնելի, բացատրությունները՝ այնպես խելացի և հիմնավոր, որ Պետրոսը էլ չէր զարմանում, թե ինչո՞ւ համար քննություն տվող աշակերտուհիները կարճ ժամանակի ընթացքում այնքան մեծ առաջադիմություն էին արել և այնքան հաջողակ քննություն էին տալիս։ Բայց նա արդար և զարմանում էր, որ յուր հայրենի քաղաքում գոյություն ունի այդքան լավ կազմակերպված մի դպրոց, և հիանում էր մանավանդ, որ այդտեղ գտնվում է այնպիսի հայ վարժուհի, որի նմանը նա տեսած չուներ նույնիսկ Թիֆլիսում։ Պետրոսը, ինչպես հիշեցի, առաջ շատ սահմանափակ գաղափար ուներ յուր հայրենակցուհիների մտավոր շարժման մասին և միևնույն սահմանափակ գաղափարով էլ նա վերադարձել էր հայրենիք։ Սակայն ա՛յն զգալի փոփոխությունը, որ նա այժմ նշմարեց այդտեղ, հոգեկան անսահման հաճույք պատճառեց նրան։ Այդ փոփոխությունը մանավանդ ավելի մեծ և ավելի հսկայական երևաց նրա աչքում, որովհետև յուր ներկայությամբ չէր կատարվել նա։

Վերջապես Պետրոսը մինչև քննության վերջը մնաց դպրոցում։ Երբ վարժուհին վերջացրեց յուր գործը և հանդիսականները սկսան ցրվիլ, նա ցանկացավ մոտենալ վարժուհուն, շնորհակալություն անել նրան յուր արդյունավոր աշխատության համար և այդ առթիվ էլ ծանոթանալ նրա հետ, սակայն նա չվստահացավ, մի ինչ որ գաղտնի զգացմունք կաշկանդեց նրա արիությունը։ Արդյոք հանդիսականների ներկայությունի՞ց էր նա քաշվում, թե՞ օրիորդի հետ անծանոթ լինելուց, ինքը ճիշտը չգիտեր։ Բայց երբ նա դուրս գնաց դպրոցի պատշգամբը, պատահեց այնտեղ յուր ծանոթ Սերոբյանին։ Սա մի տարի առաջ Թիֆլիսի գիմնազիոնը ավարտող աշակերտներից մինն էր, որ յուր նյութական անկարողության պատճառով համալսարան գնալ չկարողանալով, վերադարձել էր հայրենիք և այդտեղ ծառայում էր քննիչի օգնականի պաշտոնով։

Երկու ծանոթները շատ սիրով միմյանց ողջունելուց և իրար առողջություն հարցնելուց ետ, սկսան խոսիլ դպրոցի հարցաքննության և աշակերտուհիների առաջադիմության վերա։

Երբ խոսքը հասավ վարժուհիներին, Պետրոսը հարցրեց.

Ո՞վ է այս օրիորդը, ո՞րտեղից է, ես բոլորովին հիացած եմ նրանով, ծանոթացրեք ինձ, կաղաչեմ, նրա անձնավորության հետ և ես շնորհակալ կլինեմ ձեզանից:

Ի՞նչ, միթե դուք չե՞ք ճանաչում նրան, զարմացմամբ հարցրեց Սերոբյանը։

Ոչ, նա այստեղացի՞ է։

Կատա՞կ եք անում։

Բոլորովին։

Ուրեմն դուք չե՞ք ճանաչում ձեր դրացուհուն։

Իմ դրացուհո՞ւն… չգիտեմ… չեմ հիշում… Ո՞րն է այդ։

Այս միջոցին օր. վարժուհին դուրս եկավ պատշգամբը մի ինչ-որ կնոջ հետ և նրան ճանապարհ դնելով մինչև սանդուղքները, շրջվեցավ դեպի այն կողմը, որտեղ կանգնած խոսում էին երկու ընկերները։

Արի, ես քեզ կծանոթացնեմ նրա հետ, ասաց Սերոբյանը և առաջ անցավ դեպի վարժուհին. Պետրոսը հետևեց նրան։

Դուք ճանաչո՞ւմ եք այս պարոնին, օրիորդ, ծիծաղելավ հարցրեց Սերոբյանը նորատի վարժուհուն։

Ա՞, ինչպես չէ, իմ դրացուն, պ. Մարալյանին։

Պետրոսը մնաց շվարած, նա աշխատում էր ժողովել յուր բոլոր հիշողությունը ճանաչելու համար այդ տարօրինակ ծանոթին, բայց իզուր, այդ հիշողությունը էլ չէր հնազանդում նրան և խեղճ երիտասարդը կարմրում էր ամոթից։

Օրիորդը նկատեց այդ և մի քաղցր ժպիտով, որ կրկնապատկում էր նրա գեղեցկությունը, հարցրեց Պետրոսին։

Ուրեմն դուք ինձ չե՞ք ճանաչում։

Ձեր հայացքը, արդարև, ինձ ծանոթ է երևում... Գրեթե վախենալով պատասխանեց Պետրոսը, բայց ձեր անձնավորությունը…

Որ բոլորովին նման է ձեր դրացի Սարգսի աղջկան Աստղիկին, ծիծաղելով ավելացրեց օրիորդը։ Աստղիկի՞ն… զարմացմամբ բացականչեց Պետրոսը։

Այո՛, ձեր խաղերի ընկերուհուն։

Այդ անկարելի է…

Ի՞նչպես թե անկարելի է. ուրեմն անկարելի՞ է, որ ես՝ ես եմ. ծիծաղելով նկատեց օրիորդը։

Տեր աստված, ուրեմն դուք այդքան փոխվե՞լ եք, ես բոլորովին չճանաչեցի ձեզ, ինչպե՛ս դուք մեծացել եք…

Այո՛, հինգ տարին քիչ ժամանակ չէ։ Մեր օրերում նա երկարակյացների կյանքի քառորդն է կազմում, նկատեց օրիորդը ժպտալով։

Երբեք, երբեք ես չէի կարող ձեզ ճանաչել, եթե դուք ինձ հիշեցրած չլինեիք Աստղիկ անունը։ Օ՛հ, որքան ուրախ եմ, որ իմ անսահման հարգանքը և համակրությունը գրավող վարժուհու մեջ եմ գտնում իմ ընկերուհի Աստղիկին…

Ուրեմն գոհ եք ինձանից, որ ես ձեր ընկերուհուն ծանոթացրի ձեզ հետ, նկատեց Սերոբյանը։

Օ՜հ, շատ, շատ, դուք ինձ շնորհապարտ կացուցիք ձեզ։

Նույնպես ինձ… ծիծաղելով ավելացրեց օրիորդը, որովհետև ես արդեն վիրավորվել էի, որ Պետրոսը առաջին անգամից իսկ չէր ողջունել ինձ. բայց այժմ, ահա, ձեր շնորհիվ ճշմարտության հասու եղա և ես ներում եմ նրան յուր չգործած հանցանքը…

Շնորհակալ եմ, օրիորդ, սակայն ինձ մոլորեցնողը իմ հիշողությունը չէր, այլ ձեր արժանյաց բացարձակ առավելությունը, որին ես այսօր ծանոթացա, նկատեց Պետրոսը։

Եթե այդ խոսքերը հաճոյախոսություն չլինեին, Պետրե, ես կցանկանայի արժանանալ նրանց։

Դուք արժանի եք ավելիին, որի համար ես բառեր չունիմ։

Մի՛ վիճեք, երկուսդ էլ ճշմարտություն եք խոսում մեջ մտավ Սերոբյանը, տարակուսանքը միայն նրա մեջ է, որ միմյանց չեք հավատում։

Երեք խոսակիցներն էլ ուրախ-ուրախ ծիծաղեցին։ Հետո Պետրոսը սկսավ դպրոցական գործերի մասին տեղեկություններ հարցնել օրիորդից, որ յուր գիտցածները հետզհետե հաղորդելով մեծ ուրախություն պատճառեց նրան։

Վերջապես Պետրոսը հոգու ուրախ տրամադրությամբ բաժանվեցավ գեղեցիկ վարժուհուց՝ խոստանալով անպատճառ այցելել նրան վաղը իրենց տանը։

ԺԵ

ԱՆԾԱՆՈԹ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ

Ո՞ւմն եմ տեսել այսօր, մայրիկ, կարո՞ղ ես գուշակել, վերադառնալով տուն, ուրախ-ուրախ հարցրեց մորից Պետրոսը։

Չգիտեմ, հոգիս, բարեկամներ շա՜տ, երևի նրանցից մինին։

Ոչ. հապա՛ իմացիր։

Ի՞նչպես իմանամ, որդի. գոնե ասա, թե ո՞րտեղ, ո՞ւմ մոտ։

Աղջկերանց ուսումնարանում։

Իմացա, Աստղիկի՞ն։

Այո՛, մայրիկ, և ի՞նչպես մեծացել, ինչպես գեղեցկացել է նա. իսկ նրա ուսո՞ւմը, նրա զարգացո՞ւմը… երևակայիր, ամբողջ ժամերով ես նրա առաջ նստած, նա խոսում է, հարցաքննում է, ես նրան լսում եմ և չեմ ճանաչում։ Հարյուր անգամ ինքս ինձ հարցրել եմ, տե՜ր աստուած, ո՞վ է այս աղջիկը, այսքան երիտասարդ և այսքան զարգացած…

Հետո ի՞նչպես ճանաչեցիր։

Մի բարեկամ տղա մեզ ծանոթացրեց միմյանց հետ:

Ի՞նչպես, Աստղիկն Էլ քե՞զ չէր ճանաչում։

Ոչ, ընդհակառակը, նա ինձ տեսնելու. րոպեին էր ճանաչել։

Այո', նա կճանաչեր և ի՞նչպես կարող էր քեզ մոռանալ, Աստղիկը, այո՛, պատվական աղջիկ. նա մի հատ է մեր ամբողջ քաղաքում. երանի այն մորը, որին նա հարս կերթա։ ճշմարիտ է, պատվական աղջիկ է. բայց երբեք ես չէի կարող երևակայել, թե այն խեղճ, այն ամաչկոտ Աստղիկր այն աստիճան կառաջադիմեր ուսման մեջ, որ օրիորդական դպրոցի մեջ վարժուհի կարգվեր, և այն էլ այնքան արժանավոր պաշտոնում… Հիշո՞ւմ ես դու, մայրիկ, որ ես նրան զոռով էի մեր տուն բերում ինձ հետ խաղալու, և երբ դու նրան միրգ էիր տալիս, նա ամաչում էր վերցնելու… Տեր աստված, տեր աստված, ի՞նչպես շուտ է անցնում մեր մանկությունը, ես կարծում եմ, թե այն երեկ էր, որ ես նրա հետ վազվզում էի մեր պատշգամբի վերա և կամ խաղում իրենց ծառերի տակ…

Այո՛, որդի, ամեն բան աշխարհում շուտ է անցնում, բայց աստված պահե ձեզ, դուք դեռ կյանքը վայելելու համար ժամանակ ունիք։

Աստղիկից խոսի՛ր, մայրիկ, ի՞նչպես պատահեց, որ նա այդպես առաջ գնաց, ախար չէ՞ որ նրա մայրը կարողություն չուներ նրան ուսում տալու։

ճշմարիտ է, որդի, կարողություն չուներ, բայց յուր մարդու մահվանից հետո մի այգի էր մնացել, տանն էլ ոսկեղեն, արծաթեղեն ունեին, մայրը բոլորը ծախեց և նրանցով յուր աղջկանը ուսում տվեց։

Մի՞թե, այդ նշանակում է, որ նա խելոք կին է, տեսնո՞ւմ ես, ավելորդ բաները վաճառելով աղջկանը կրթություն է տալիս, նա էլ այսօր փոխարենը վերադարձնում է յուր մորը։

Եղիսաբե՞թը, իհարկե խելոք կին է. մի ժամանակ ընկեր հարևան շատ խոսեցին նրա վերա, թե ի՞նչ ունի նա, որ աղջիկ է կարդացնում, ի՞նչ լայեղ է նրա ուսում առած աղջիկը և էլ ուրիշ հազար մի բաներ, բայց նա ոչ ոքին չլսեց և այսօր նրան երանի են տալիս հենց նրանք, որոնք մի որ բամբասում էին նրան։

Օ՜, մեր կանանց բամբասանքի մասին էլ մի՛ խոսիր, դժոխքն էլ մտնելու լինին նրանք, սատանաներին կգժվացնեն… Ես դեռ զարմանում եմ, թե ինչու Եղիսաբեթը յուր խելքը չէ կորցրել և աղջկանը դպրոցից հանել։

Չէ, նա խելքը կորցնող կին չէ, բայց դու նրան այցելության չե՞ս գնալ, Պետրե, հանկարծ փոխեց խոսքը տիկին Հռիփսիմեն, նա իմ միակ բարեկամուհին է։

Ի՞նչպես չէ. ես Աստղիկին խոստացա վաղը անպատճառ այցելելու նրանց տուն։

Լավ կանես, որդի. Եղիսաբեթը կուրախանա, նա էլ ոչ ոք չունի աշխարհում, ինչպես և քո մայրը…

Օ՜, ես նրան այսուհետև շատ պիտի պատվեմ. մի կին, որ Աստղիկի նման աղջիկ է մեծացրել, արժանի է ամեն հարգանքի։

Հետևյալ առավոտ մի առանձին փութով պատրաստվեցավ Պետրոսը Աստղիկին և նրա մորը այցելելու համար։ Ժամը դեռ ութն էր, նա պետք է այցելեր նրան գոնե տասին։ Եվ այդ երկու ժամերը նրա համար երկու օրի չափ երկարացան։ Այդ միջոցը անզգալի կերպով անցկացնելու համար Պետրոսը ոչինչ չգտավ, որով զբաղվել կարողանար, նա աննդհատ անցուդարձ էր անում իրենց պատշգամբի վերա և ամբողջ ժամանակ զբաղված էր Աստղիկի վերա մտածելով, որի պատճառը ինքն էլ չէր հասկանում։ Երեկվա նրա դիրքը, նրա դեմքը, նրա հայացքը, այդ րոպեին յուր աչքերի առջևն էին, իսկ նրա այնքան քաղցր և դյութական ձայնը կարծես դեռ այժմ էլ հնչում էր յուր ականջին։ Բայց ինչո՞ւ համար նա միայն գեղեցիկ վարժուհու վերա էր մտածում, չէ՞ որ մինչև այն նա հետաքրքրվում էր դպրոցի բախտով, նրա առաջադիմությամբ, նրա զարգացման գործով… Պետրոսը ձեզ կասեր, որ հենց այն րոպեին էլ նա դպրոցի մասին էր մտածում, բայց ի՞նչպես, այդ է հետաքրքիրը։ Նա հիշում էր, թե ինչպե՞ս քաղցր և անուշ ձայնով բացատրում էր վարժուհին յուր աշակերտուհիներին գողթնեցիների գեղեցիկ երգը, «Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի և մարգարիտ տեղայր ի հարսնութեան Սաթինկան…»: Բայց մի՞թե դպրոցում ուշադրության արժանի էլ ուրիշ ոչինչ չկար, ի՛նչպես չէ, հապա վարժապետները, աշակերտուհիները, հանդիսատեսները… այսուամենայնիվ նա նրանց մասին ոչինչ չէր հիշում։

Վերջապես ժամը տասը լրացավ, Պետրոսը ուրախությամբ դիմեց յուր մանկական խաղերի ընկերուհու մոտ: Երբ առաջին անգամ նա ներս մտավ նրանց դռնով, բակի ընդհանուր պատկերը մի քաղցր և սիրախորժ ազդեցություն արավ նրա վերա։ Այդտեղ գրեթե ոչինչ չէր փոխվել։ Նա տեսավ մեծ տանձենին, որի հովանու տակ շատ անգամ նստել խաղացել էր նա փոքրիկ Աստղիկի հետ, որի ճյուղերից երբեմն չվան կապելով ճլորթի էին արել նրանք. տեսավ թավուտ խնձորենին, որ յուր ծուռ բունով թեքված էր ջրհորի վերա և որից արգիլում էին իրենց խնձոր քաղելու. տեսավ վանդակապատ փոքրիկ պարտեզը, որ նույնպես գեղեցիկ, նույնպես կանաչազարդ էր ինչպես առաջ, տեսավ և սիրուն ծաղկածուն, որ դեռ ձգված էր կանաչ վանդակապատի երկարությամբ։ Հասնելով բակի մեջտեղը, Պետրոսը կանգ առավ այստեղ մի քանի րոպե և սկսավ դիտել յուր շուրջը գտնվող ծանոթ առարկաները, որոնք հիշեցնում էին նրան յուր անցած, գնացած մանկությունը, յուր անհոգ խաղերը, յուր անմեղ զվարճությունները… և նրա կրծքից ակամա դուրս թռավ մի հառաչանք։

Այդ րոպեին սանդուղքների փոքրիկ պատշգամբի վերա երևեցավ Աստղիկը, որ տեսնելով Պետրոսին բակի մեջ կանգնած, ձայն տվավ ծիծաղելով։

Օ՛, բարև ձեզ, բարև ձեզ. այդ ի՞նչ է, դուք արդեն մոռացել եք մեր տան ճանապարհը։

Ո՛չ, օրիորդ, ես հոգով ու մտքով վերափոխվել եմ դեպի մեր մանկության քաղցր անցյալը և դժվարանում եմ վերադառնալ… պատասխանեց Պետրոսը և ժպտադեմ բարձրացավ դեպի պատշգամբը։ Բարեկամ և բարեկամուհի սիրով ողջունեցին իրար։

Աստղիկը ներս հրամցրեց Պետրոսին և ներկայացրեց նրան յուր մորը։

Օ՜, ինչպե՜ս դու մեծացել ես, Պետրոս, սիրուն տղամարդ ես դարձել, բացականչեց տիկին Եղիսաբեթը և գրկելով նրան՝ համբուրեց ճակատը։

Պետրոսը սաստիկ զգացվեցավ, տիկնոջ համբույրը լցրեց նրան մի անբացատրելի ուրախությամբ և նա որդիական անսահման սիրով համբուրեց նրա ձեռքը ջերմագին։

Էհ, ի՞նչպես ես, որդի, առո՞ղջ ես, հաջո՞ղ են գործերդ. Հռիփսիմեն ուրախ է, այնպես չէ՞. իհարկե շատ ուրախ կլինի… խոսեց տիկին Եղիսաբեթը։

Շնորհակալ եմ և՛ առողջ եմ, և՛ հաջողակ. իսկ մորս ուրախության, հարկավ, դեռ չափ ու սահման չկա։

Իհարկե, էլ ուրիշ ինչո՞վ կարող է նա ուրախանալ, աշխարհի մեջ միայն քեզ ունի, ինչպես ես՝ իմ մինուճար Աստղիկին. աստված երկուսիդ էլ պինդ ձեռքով պահե, որդի… դուք եք մեր կյանքի միակ հույսը և ուրախությունը… Սկզբից արդեն դուք քույր ու եղբայր էիք, կուզեմ, որ մինչև վերջն էլ նույն սիրով ապրիք։

Երկու երիտասարդները նայեցին հանկարծ միմյանց՝ կամենալով կարծես հարցնել, թե ի՞նչ կնշանակեն այդ խոսքերը. բայց իսկույն էլ կարծես միմյանց հասկանալով դարձրին՝ աչքերը միմյանցից և խոնարհեցին գետին։

Բայց գիտես, մայրիկ, երեկ պ. Պետրոսը չկարողացավ ինձ ճանաչել. յուր ներքին հուզմունքը ծածկելու համար խոսեց Աստղիկը. նա ստիպված է եղել պ. Սերոբյանին դիմելու ինձ հետ ծանոթանալու համար։

Մի՞թե, այդքան էլ մոռացկոտություն. հապա ի՞նչպես ես դու քո դասերդ սովորում։

Է՜, մայրիկ, ընդհակառակը, դասերով շատ է զբաղվել, որ մեզ մոռացել է, ծիծաղելով նկատեց Աստղիկը։

Այո՛, օրիորդ, այսօր ես ավելի եմ ճանաչում ձեզ, քան երեկ, պատասխանեց Պետրոսը, դրա պատճառը այն է, որ դուք ձեր տան մեջ գրեթե նույնն եք, ինչ որ առաջ, իսկ ուսումնարանում բոլորովին փոխված էիք. այնտեղ ձեզ այնքա՜ն լուրջ, այնքա՜ն ակնածելի գտա ես, որ չկարողացա մտքովս անգամ անցնել, թե երբևիցե բախտ եմ ունեցել ես այսպիսի մի անձնավորության հետ ծանոթ լինելու։

Բոլորովին ճիշտ է. տեսնո՞ւմ եք, մեր բոլոր արժանիքը հենց նրա մեջ է կայանում, որ կարողանում ենք ցույց տալ մարդկանց ա՛յն՝ ինչ որ չենք իսկապես…

Օ՜, դուք վիրավորվեցա՞ք իմ խոսքերից, հազար ներողություն. ես ուրեմն չկարողացա ասել ձեզ ա՛յն, ինչ որ ցանկանում էի…

Ընդհակառակը, դուք մի ճշմարտություն ասեցիք։ Ո՛չ, ես կամենում էի ասել, որ դուք այնտեղ ավելի պաշտոնական դիրք, դաստիարակչի լրջություն և կարգապահության նախանձախնդիր նայվածք ունեիք, իսկ այստեղ ես ձեր մեջ գտնում եմ իմ հին բարեկամուհուն յուր ազատ դիրքով, յուր ուրախ բնավորությամբ, յուր սիրելի պարզությամբ…

Լավ, ուրեմն ներողություն, ես ձեզ չհասկացա, բայց մի՞թե դուք կսխալվեիք, եթե հենց միևնույն կարծիքը հայտնեիք իմ մասին։

Ա՛յնպիսի մի ժամանակ, երբ ես ձեզանով հիացա՞ծ էի…

Ինչպես մի խեցիով, որ արեգակի առաջ փայլում է հեռվի՞ց, ծիծաղելով նկատեց օրիորդը։

Օրիորդ, համեստությունը յուր ծայրահեղության մեջ ավելի տգեղ է, քան նույն ինքը հանդգնությունը. մի՛ աշխատեք, ուրեմն, ծածկել այն արժանիքը, որով դուք իրավունք ունիք պարծենալու, լրջությամբ խոսեց Պետրոսը, նրանք, որոնք շնորհունակ հոգիներից անպայման համեստություն են պահանջում, դրանով կամենում են միայն իրենց անշնորհքությունը ծածկել։ Չե՞ք պատահել արդյոք մի մարդու, որ բախտի քմահաճությամբ դառն աղքատությունից հանկարծ ընկել է մեծ հարստության մեջ. տեսեք, թե նա այսօր ինչպես է դրվատում հարստությունը, որին դեռ երեկ ծաղրում էր անպայման։ Այո՛, համեստության սիրահարը միայն նախանձն է. քիչ է այն մարդկանց թիվը, որոնք սիրում են մանիշակը, երբ նա դժնիկի տակ ծածկված հեռվից է բուրում յուր հոտը, բայց մայիսյան վարդի ճշմարիտ սիրահարները չեն ախորժում տեսնել նրան ծածկված տերևների տակ. նրանք հիանում են, երբ քնքշության թագուհին յուր հրապուրիչ աչքերով տիրում է ազատ և անկախ ծաղիկների աշխարհին… ինչո՞ւ, ուրեմն, արժանիքը չթագավորե այնտեղ, ուր անշնորհքությունը անամոթաբար այլանդակում է ստեղծագործության գեղեցկությունը։

Օրիորդը քնքշությամբ նայեց Պետրոսի վերա, նրա աչքերը այդ րոպեին վառվում էին և մի մոլար կրակով. նա կամեցավ խոսել, բայց լեզուն չէր հնազանդվում, նա կարծես վախենում էր ինքն իրենից, թե չլինի մի այնպիսի խոսք թռցրնե բերանից, որ յուր սրտից լիներ բխած և ոչ թե ուղեղից։ Այդ միջոցին տիկին Եղիսաբեթը դուրս գնաց յուր նորեկ հյուրի համար սուրճ բերելու։

Դուք համաձա՞յն եք իմ կարծիքների հետ, հարցրեց Պետրոսը օրիորդին։

Չգիտեմ։

Ի՞նչպես, դուք չգիտեք, ուրեմն, թե որքան եք ինձ հետ համամիտ։

Ես համամիտ եմ այն մարդկանց հետ, որոնք սիրում են մանիշակը, երբ նա դժնիկի տակ ծածկված հեռվից է բուրում յուր հոտը… Այդ ապացուցանում է ձեր զգացմունքների ազնվությունը, բայց դուք պիտի համոգվիք, որ համեստության ծայրահեղությունը մեռցնում է ճշմարիտ արժանիքը. ծաղիկները շվաքի մեջ չեն աճում, այլ կենարար արեգակի առաջ, այս ճշմարտությունը այնքան հին է, որքան և նոր։

Այո, բայց կան ճշմարտություններ, որոնց մենք իրավունք չունինք քարոզելու. մեր այդ իրավունքը բռնաբարված է թե՛ բնության և թե՛ մարդկանց ձեռքով։

Իսկ ես կարծում եմ, որ ճշմարտությունը ամեն բերանով էլ կքարոզվի։

Բացի կանանց։

Որ, այսուամենայնիվ, ավելի է ազդում սրտերի վերա։

Եվ հենց այդ ազդեցությունն է մեր զրկանքի պատճառը… ծիծաղելով նկատեց օրիորդը։

Պետրոսը լռեց, և անթարթ աչքերով սկսավ նայել օրիորդի վերա։ Նա այդ րոպեին այնքան վեհ, այնքան գեղեցիկ էր երևում նրա աչքում, որ Պետրոսը ավելի լավ էր համարում անընդհատ նայել նրա վերա և նրա գեղեցկությամբ զմայլվել, քան շարունակել յուր փիլիսոփայությունները։ Բայց հանկարծ օրիորդր ծիծաղեց և Պետրոսը սթափվեցավ յուր հափշտակությունից։

Ինչո՞ւ համար եք ծիծաղում, հարցրեց նա ժպտալով: Ոչինչ։

Ոչինչ բանի համար չեն ծիծաղում։

Ընդհակառակը, մինչև անգամ լաց են լինում։

Բայց դուք անկարելի է, որ մի պատճառ չունենայիք:

Այո՛, ես հանկարծ մտաբերեցի ձեր և իմ մանկությունը. հիշեցի ձեր չարությունները և թե ինչպես մի անգամ դուք իմ ընկույզները հափշտակելով փախաք ձեր տուն: Լսելով ձեր այժմյան փիլիսոփայությունները, ես հիշեցի այդ փոքրիկ դեպքը և ծիծաղեցի։

Ես էլ հենց այդ անցյալի վերա էի մտածում և համեմատում էի իմ ընկերուհի Աստղիկին, այն փոքրիկ ամաչկոտ աղջկան այժմյան հրաշալի օրիորդի և վարժուհու հետ, և ո՜րքան տարբերություն, տեր աստված, դուք միացրել եք ձեր մեջ ձեր անվանակցի և Աթենասա ուժերը միասին. այդ հազիվ է հաջողում կանանց…

Օրիորդը շառագունեց և աչքերը խոնարհեց գետին։

Պետրոսը այդ նկատելով զղջաց յուր անտեղի հաճոյախոսության վերա և խոսք դարձրեց ուրիշ առարկաների։

Այդ միջոցին արդեն ներս եկավ տիկին Եղիսաբեթը, որին հետևում էր ծառան սուրճի սկուտեղը ձեռքին։ Խոսակցությունը ընդհանրանալով զգացմունքների լարումը տեղի տվավ զվարճախոսության և կատակների։

Մի կես ժամ ևս խոսելուց ետ, դուրս գնաց Պետրոսը դրացուհու տնից, թողնելով այնտեղ յուր սիրտը, անծանոթ զգացմունքներով լցված։

"Չհաս է" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Էնզելի
Ալեքսանդր Սպենդիարյան

Էնզելի

Նատյուրմորտ շշերով
Նատյուրմորտ շշերով
Խաղա առցանց