Մուրացան

Չհաս է

7

ԻԵ

ԳՈՅՈԻԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈԻԹՅՈԻՆ

Թեպետ Աստղիկը շատ էր աշխատում Պետրոսին և նրա մորը շարունակ զբաղեցնելու, որպեսզի տխուր անցքի ազդեցությունը կարելույն չափ թեթև անցներ նրանց համար, բայց Պետրոսը չկարողացավ երկար ժամանակ արհեստական ճանապարհով ուրախանալ։ Երկրորդ օրվանից արդեն նա զգաց յուր վիճակի ծանրությունը և մտածում էր ինքն իրեն, «Արտաքսված մեր հարազատ տնից, մայր ու որդի ապավինել ենք մի օտար աղջկան։ Որքան էլ անուշադիր թողնենք մենք բամբասասեր հասարակության խոսքն ու զրույցը, դարձյալ կա մի հարգելի պատճառ, որ պիտի ստիպե մեզ ազատել այս մարդկանց մեր անկոչ ներկայությունից։ Աստղիկը մի խեղճ վարժուհի է, և նրա ստացած համեստ ռոճիկը հազիվ կարող է բավականանալ իրենց անպաճույճ սեղանին։ Մեր այս տան մեջ ապրելը կրկնակի վնաս կարող է հասցնել մեր բարեկամուհիներին․ առաջին՛ որ նրանք ստիպված կլինեն սովորականից ավել ծախսելու և երկրորդ՝ որ իմ ներկայությունը, իբրև մի օտար երիտասարդի, արատ կարող է բերել այս առաքինի աղջկա անվանը։ Բամբասասեր մարդիկ, որոնք իրենց հոգու հանգստությունը զրպարտելու և անվանարկելու մեջ են գտնում, բավական համոզիչ փաստ կարող են ունենալ իրենց ձեռքում խեղճ Աստղիկիս արատավորելու համար։ Եվ մեր դպրոցական վարչությունը, որ երևի յուր պաշտոնակից մյուս վարչությունների նման խիստ նախանձախնդիր է յուր իրավասության տակ գործող անձանց բարոյական համարման, հեշտությամբ հավատ կընծայե տարածված լուրերին և կարձակե դպրոցից յուր աննման աշխատավորին… Այս երկուսն էլ ուշադրության արժանի խնդիրներ են։ Մյուս կարևորագույն խնդիրն այն է, որ ինձ հարկավոր է այսօրվանից արդեն մտածել իմ ապագայի վերա։ Ի՞նչ իրավունք ունիմ ես մի րոպե անգամ այս հրեշտակին սիրելու և նրան իմ ապագայի ընկեր անվանելու, քանի որ ես մի կատարյալ ոչնչություն եմ այժմ և մի սև փող անգամ չունիմ իմ գրպանում մի կտոր հաց գնելու համար… Սա մի չափազանց ստոր դրություն է. լինել երիտասարդ, ունենալ առողջ ու առույգ կազմվածք, խելք ու բանականություն և անգործ նստել մի տան մեջ, որի հացը մի տկար աղջիկ է հայթայթում… o՜, սա անտանելի է, բոլորվին անտանելի… Թող կորչի՜ համալսարանը, թող կորչի՜ն գիտությունները․ հեռո՜ւ ինձանից գաղափարական ցնորքներ, ես այսուհետև դրական գործունեություն եմ ուզում. ցնորքներով թող հարուստ մարդիկ զբաղվին…»։

Այս մտածմունքներով դուրս գնաց Պետրոսը սիրուհու տնից, յուր մտքում հաստատապես որոշելով՝ չվերադառնալ այդտեղ, մինչև որ յուր համար մի արդյունավոր պարապմունք չգտնե։

Ով որ ամբողջ ամիսներով անգործ թափառել է փողոցներում, նա միայն կարող է հասկանալ, թե ո՛ր աստիճան հանդուգն որոշում էր անում Պետրոսը յուր համար, մանավանդ այնպիսի մի քաղաքում, ուր ո՛չ առևտրական մեծ տներ կային, ո՛չ հաշվարարական գրասենյակներ, ո՛չ արտադրող գործարաններ և ոչ գործավորի կարոտ մասնավոր մարդիկ։ Գոնե դպրոցական արձակուրդների ժամանակը չլիներ, դարձյալ կարելի էր վարժապետական պաշտոն ձեռք բերել մի տեղ. բայց հուսո այդ ճանապարհն էլ փակված էր նրա առաջ։

Այսուամենայնիվ բախտը երբեմն կյանքին անծանոթ միամիտներին օգնում է իրենց ցանկության չափով։

Պետրոսը դեռ նոր էր մտել շուկայի հրապարակը, երբ նրան պատահեց յուր հին ծանոթ Սերոբյանը, որի անունը մենք առիթ ունեցանք նախընթաց գլուխներում հիշատակելու։ Նա այժմ բավական փոխվել էր նույնիսկ արտաքին կերպարանքով. երկու տարի առաջ տեսած այն նիհար և նվազ Սերոբյանը, այժմ մեծացել, գիրացել և գեղեցկացել էր, որովհետև նա արդեն քննիչի պաշտոն ուներ և յուր արդյունավոր եկամուտը ներքին ուրախությունից զատ արտաքին առույգություն և զվարճություն էլ էր տվել նրան։ Սովորական հարց ու բարովից ետ, Սերոբյանը հետաքրքրվեցավ իմանալու, թե ինչո՞ւ Պետրոսը Թիֆլիսից ուղղակի համալսարան չէր գնացել և ի՞նչ հարկ կար ժամանակ վատնել հայրենիք վերադառնալու համար։

Ես իմ ցանկությամբ չեկա այստեղ, ինձ բերել տվին, պատասխանեց Պետրոսը։

Ի՞նչպես, ո՞վ։

Իմ հորեղբայրը։

Եվ ի՞նչ պատճառով։

Շատ կարևոր պատճառով։

Այսի՞նքն։

Պետրոսը համառոտ պատմեց ընկերին յուր հորեղբոր կապալի և Խալաթյանի աղջկա պատմությունը։

Սերոբյանը մնաց զարմացած, այդպիսի նորություն առաջին անգամ էր նա լսում յուր կյանքում։ Բայց ավելի զարմացավ և մանավանդ սրտմտեց, երբ իմացավ, թե հորեղբայրը արտաքսել է Պետրոսին յուր տնից, նրա ընդդիմության պատճառով։

Տեր աստված, ի՜նչ չարություններ չեն ծածկվում այդ սուտ ճգնավորների սրտերում, զայրացած բացականչեց Սերոբյանը, հեռվից նայողը այնպես կկարծեր, թե քո հորեղբոր բերանում լեզու չկա. թե նա մի մարմնացյալ բարություն, մի մարմնացյալ առաքինություն է։ Եվ ո՞վ կհավատա քո պատմածների ճշմարտության։

Եվ ես ոչ ոքին էլ չեմ պատմիլ. եթե քո սիրտն էլ վաղուց չճանաչեի, գուցե քեզանից էլ ծածկեի այս բանը, որովհետև իմ հորեղբոր վարմունքը ա՜յնքան ամոթալի է, որ ես ինքս նրա մասին խոսել ամաչում եմ, և կցանկանայի է որ ոչ ոք քաղաքում չիմանար այդ բանը։

Եղբա՛յր, երբ տեսար, թե գործը այդպիսի խայտառակությամբ է վերջանում, ինչո՞ւ չհամաձայնվեցար ամուսնանալու։ Մելքոն-աղան քաղաքիս առաջին հարուստն է, նրա աղջիկն էլ այնքան շատ տգեղ չէ։ Շատ երիտասարդներ կան, որոնք տենչանոք կփափագեին այդ բախտին հանդիպել. բայց դու անպայման մերժել ես նրան։ Մի՞թե կարծում ես, թե ապագայում չե՞ս զղջալ այդ մերժման համար։

Երբեք, էլ չեմ զղջալ, պատասխանեց Պետրոսը և ապա հայտնեց ընկերին յուր մերժման բուն պատճառը, որ էր օրիորդ Աստղիկի հետ ունեզած սերը։ նա պատմեց նրան նույնպես այդ սիրո մանրամասն պատմությունը, կցելով ընդնմին և յուր արդի դրության տխուր նկարագիրը։

Սերոբյանը, որ ի բնե ազնիվ և դյուրազգաց սիրտ ուներ, շատ գորովվեցավ Պետրոսի պատմությամբ։

Քո այսպիսի դրության մեջ, Պետրե, դու կարոտում ես անշուշտ մի անձնվեր բարեկամի օգնության, կարեկցաբար ասաց նա ընկերոջը, ի՞նչ բանում կարող եմ ես ծառայել քեզ, ասա անկեղծությամբ, ես կաշխատեմ օգնել քեզ։

Որովհետև իմ համալսարան գնալու հույսը կորավ ուրեմն ինձ հարկավոր է մի պարապմունք, որով իմ և մորս գոյությունը պահպանել կարողանամ. եթե կարող ես, մի գործ գտիր ինձ համար, ահա՛ այս է իմ խնդիրը։

Մի գո՞րծ, շատ լավ, բայց ի՞նչ գործ ես կամենում։

Այժմ գործի տեսակը ինձ համար նշանակություն չունի. անցա՜ն գաղափարական կյանքի ցնորքները։ Այժմ ես կանգնած եմ տխուր իրականության հողի վերա, տո՛ւր ինձ մի գործ, ի՞նչ տեսակից էլ որ ուզում է լինի, միայն թե ապրելու փող տա նա ինձ։

Uերոբյանը մի փոքր ժամանակ սկսավ մտածել և հետո կարծես մի գյուտ անելով ուրախությամբ հարցրեց.

Պետրե, կկամենա՞ դու դատարան մտնել։

Թեկուզ մի դարբնոց երկաթ ծեծելու համար…

Շատ լավ, ուրեմն պաշտոնը արդեն պատրաստ է։

Ի՞նչ պաշտոն, սրտատրոփ հարցրեց Պետրոսը։ Բավական արդյունավոր։

Բայց ո՞րտեղ։

Դատարանում։

Կատակ չե՞ս անում։

Իհարկե ոչ։ Դու անշուշտ հիշում ես, որ այստեղ հաշտարար դատարանում մի հին գայլ կար, որ ատենադպրի պաշտոն էր վարում։

Այո՛, հիշում եմ, Միկիթ-բեկը, որ իմ հորեղբոր բարեկամն էր։

Քո հորեղրոր բարեկա՞մը։

Այո՛, նա նրա իդեալն էր։

Հասկանալի է, ագռավի խնամին կաչաղակն է լինում․ բայց ինչ որ է, այդ պարոնը յուր մի քանի բարեկամների համար մի ինչ որ կապալի առաջարկության թղթեր պատրաստելում խարդախություն է արել, որի մասին այդ բարեկամները գանգատ են տվել դատարանին, ներկայացնելով ընդնմին նրա ձեռքով պատրաստած թղթերը. գործը հանձնված է այժմ իմ քննության, իսկ պ. ատենադպիրը արդեն հրաժարեցրած է յուր պաշտոնից։ Հետևապես այդ պաշտոնը պարապ լինելով, նրան առայժմ վարում է սեղանապետը։ Հաշտարար դատավորը, որ մի երիտասարդ, ազնիվ սրտով և զգացմունքներով համալսարանական է, շատ սրտակից բարեկամ է ինձ հետ։ Ես կխնդրեմ նրանից այդ պաշտոնը քեզ համար, և հույս ունիմ, որ նա չի մերժիլ իմ խնդիրը։

Պետրոսի դեմքի վերա փայլեց մի ուրախության ժպիտ. նա բռնեց Սերոբյանի ձեռքը և ջերմությամբ սեղմելով նրան ասաց․

Սիրելի բարեկամ, այդ շնորհը, որ անում ես դու, ամենաթանկագինն է ինձ համար աշխարհում. բայց աղաչում եմ, եթե հնար է, այսօր ևեթ վերջացրու գործը, որովհետև ես երդվել եմ չվերադառնալ իմ Աստղիկի մոտ, մինչև որ հաստատուն պարապմունք չգտնեմ ինձ համար։

Եթե այդպես է, շատ լավ․ այս րոպեին իսկ կարելի է դիմել իմ բարեկամին, պատասխանեց Սերոբյանր, նա այնքան բարի է, որ ժամանակի խտրություն չէ ճանաչում․ գնանք միասին, ես նրան կծանոթացնեմ քեզ հետ և մինչև անգամ քո համառոտ կենսագրության և արդի գրության հետ. և քաջահույս եմ, որ այսօր ևեթ այս գործը կվերջանա։

Եվ երկու բարեկամները դիմեցին ուղղակի դեպի դատարան, որովհետև օրվա այդ ժամին դատավորը միշտ այնտեղ էր գտնվում։

Ատյանը բացված չէր․ Սերոբյանը տեղեկացավ, որ դատավորը դեռ յուր առանձնարանումն է և Պետրոսի հետ միասին դիմեց նրա մոտ։

Դատավորը արդարև մի երիտասարդ, ազնվական կերպարանքով և քաղցր բնավորությամբ պարոն էր, որ շատ մտերմաբար ողջունեց Սերոբյանին և սիրով ընդունեց Պետրոսի ծանոթությունը, աթոռ առաջարկելով նրանց, որ նստեն։

Ֆերդինանդ Անտո՛նովիչ, ես ձեզանից մի շնորհ խնդրելու եկա, սկսավ խոսել Սերոբյանը, և հուսով եմ, որ դուք չպիտի մերժեք ինձ։

Եթե մի բանով կարող եմ ծառայել ձեզ, հրամայեցեք, ես ձեր խոնարհ ծառան եմ, քաղաքավարությամբ պատասխանեց դատավորը։

Որքան ինձ հայտնի է, այստեղ ատենադպրության պաշտոնը պարապ է և աչքի առաջ կարծեմ դեռ ոչ ոք չկա. ես եկա ձեզ խնդրելու, որ այդ պաշտոնը բարեհաճեք իմ այս բարեկամին հանձնելու, որը թե՛ ամեն հարմարություն ունի այդ գործի մեջ ազնվաբար ծառայելու և թե՛ մանավանդ կարոտություն՝ շուտափույտ օգնության։ Դուք զարգացած երիտասարդ եք և ընդունակ կարեկցելու. ես կբացատրեմ ձեզ այն հարգելի պատճառը, որ ստիպել է այս պարոնին իմ միջնորդությամբ ձեր օգնությանը դիմելու և հուսով եմ, որ դուք ձեր կողմից կփութացնեք այդ օգնությունը։ Եվ Սերոբյանը համառոտ, բայց ամփոփ կերպով պատմեց դատավորին Պետրոսի ո՞վ լինելը, ո՞րտեղ և ի՞նչպես ուսում ավարտելը, հորեղբոր ձեռքով նրան հասած դժբախտությունը, այդ դժբախտության գլխավոր պատճառները, նրա սիրահարությունը օրիորդ վարժուհու հետ և վերջապես նրա անել դրությունը վերջին անցքերից ետ։

Այս բոլորը նա պատմեց այնքան շնորհալի պերճախախոսությամբ, որ դատավորի կարեկցությունը շարժեց Պետրոսի վերա։

Եթե մեր ծերուկները այդքան անողորմ են վարվում նորածիլ երիտասարդության հետ, նկատեց դատավորը, մեր երիտասարդներիս պարտավորությունն է թև և թիկունք լինել նրան, որպեսզի երիտասարդության ձգտումները չվտանգվին և ապագան մեծ մարդիկներից չզրկվի: Շնորհակալ եմ, որ այդ բանի համար դիմել եք ինձ։ Թեպետ ձեր հիշած պաշտոնի համար աչքի առաջ մի երկու ուրիշ պարոններ էլ կային, բայց ինձ համար ուրախություն է օգնել նրան, ով որ ավելի է կարոտում. այդ պատճառով ինչ որ կարող եմ անել պ. Մարալյանի համար, ես կանեմ։ Վաղվանից արդեն պարոնը մեր դատարանի ատենադպիրը կարող է լինել: Ես կպատվիրեմ սեղանապետին, որ կարևոր ծանոթությունները տա նրան, իսկ մյուս օրվանից պարոնի վկայականները և հաստատության թուղթը կառաջարկեմ ուր որ անկ է։

Դուք այնքան մեծ շնորհ եք անում ինձ, մեծապատիվ պարոն, զգացված խոսեց Պետրոսը, որ ես բառեր չեմ գտնում իմ ամենաանկեղծ շնորհակալիքը ձեզ հայտնելու. միայն խոստանում եմ, իբրև ազնիվ մարդ, ծառայել ձեզ այնքան անձնվիրվածությամբ, որքան վայել է մի ամբողջ կյանքով շնորհապարտ մարդուն…

Ես ավելի չեմ անում, քան ինչ որ իմ պարտքն է, նկատեց դատավորը. թող մեզանից յուրաքանչյուրը բարիք գործե այնքա՛ն, որքան կարող է, և մենք թշվառներով շրջապատված չենք լինի ամեն օր։

Պետրոսը և Սերոբյանը կրկին և կրկին անգամ շնորհակալություն արին ազնիվ դատավորին և ուրախությամբ դուրս գնացին դատարանից։

Երբ նրանք արդեն փողոցումն էին, Պետրոսը դարձավ բարեկամին.

Սիրելիս, դու ինձ կատարելապես պարտավորեցրիր։ Հուսահատությունը, որի մոտենալը առավոտվանից արդեն ես զգում էի (թեպետ ինքս ինձ աշխատում էի արիացնել), կարող էր ինձ ընկճել, եթե ես այսօր չպատահեի քեզ։ Ի՞նչ են անում արդյոք ա՜յն ողորմելիները, որոնց ինձ նման հալածում է բախտը, բայց որոնք ինձ նման հառաջավար բարեկամ չեն գտնում աշխարհում․․․ Ասա՛ ինձ, սիրելիս, ինչո՞վ կարող եմ ես երբևիցե վարձահատույց լինել քեզ։

Երբ կգա ա՛յն երջանիկ օրը, որ դու կպսակվես օրիորդ Աստղիկի հետ, այն ժամանակ դու ինձ քեզ խաչեղբայր կկարգես, ահա՛ այս կլինի քո ինձ անելիք հատուցումը, ծիծաղելով պատասխանեց Սերոբյանը։

Օ՜, դու կամենում ես քո մշտական բարեկամությա՞մբ ինձ բախտավորեցնել, բացա կանչեց Պետրոսը․ շնորհակալ եմ, թող այդպես լինի, տուր քո ձեռը քո ստորագրության փոխարեն։

Սերոբյանր պարզեց յուր աջը Պետրոսին և երկու բարեկամները ջերմագին միմյանց ձեռք սեղմեցին ի նշան հաստատուն բարեկամության։

Վերադառնալով տուն, Պետրոսը անհանգիստ գրության մեջ գտավ թե՛ սիրուհուն և թե՛ մայրերին, որովհետև տնից դուրս գալու ժամանակ նա ոչ ոքին ոչինչ չէր՝ հայտնել։

Այս ի՞նչ արիր դու մեզ հետ, Պետրե, առաջինը բացականչեց օրիորդը, դու գաղտնի դուրս եկար տնից մեղ երկյուղով և անձկությամբ տանջելո՞ւ համար․․․

Ընդհակառակը, ձեզ հաստատուն ուրախություն բերելու համար, ծիծաղելով պատասխանեց Պետրոսը և մանրամասնաբար պատմեց նրանց յուր անսպաս հաջողության պատմությունը։

Մի րոպեի մեջ բոլոր տունը ուրախությամբ լցվեցավ. Աստղիկը սեղմեց Պետրոսի ձեռքը ի նշան անհուն շնորհակալության, տ․ Եղիսաբեթը համբուրեց նրա ճակատը, իսկ մայր Հռիփսիմեն միայն կարողացավ ուրախությունից արտասվել։

Երկու սիրահարների համար այս բախտավոր օրը տոնական նշանակություն ստացավ և նրանք ուխտեցին երբեք չմոռանալ նրան։

ԻԶ

ԺԱՄԱՆԱԿ է ՊՍԱԿՎԵԼՈՒ

Հետևյալ առավոտվանից Պետրոսը յուր պարապմունքը սկսավ հաշտարար դատարանում և մի քանի օրվա մեջ արդեն յուր բնածին ընդունակությամբ ծանոթացավ բոլոր դատարանական գործերին և սկսավ ուշի ուշով օրինաց գրքերր ուսումնասիրել, որպեսզի յուր պաշտոնին ըստ ամենայնի բարեխղճությամբ ծառայել կարողանա։ Շատ ժամանակ չանցավ նույնպես, որ դատարանի բոլոր ծառայողները պաշտելու չափ սկսան սիրել երիտասարդ ատենադպրին։ Նա բոլորի հետ էլ այնքան քաղցր և քաղաքավարի էր, որ ծառայողներից յուրաքանչյուրը մի առանձին հաճույք էր զգում յուր մեջ նրա պատվերները և հանձնած գործերը ժամանակին և ճշտությամբ կատարելու։ Դատարանի շատ գործեր, որոնք հին ատենադպրի ժամանակից արդեն խառնափնթոր դրության մեջ էին գտնվում (ըստ որում Միկիթ-բեկը վերջին ժամանակներում ավելի հարստանալու ետևից ընկնելով, յուր պաշտոնը գրեթե աչքից թողել էր), Պետրոսի աչալուրջ հսկողությամբ շուտով կարգի բերվեցան և դատարանի վարչական մասը, որ յուր անմիջական հսկողության էր հանձնված, սկսավ լարած ժամացույցի պես գործել կանոնավոր և ճշտությամբ։ Այս բոլորը Ֆերդինանդ Անտոնովիչը նկատելով ուրախանում էր և հաճախակի յուր անկեղծ շնորհակալությունը հայտնում երիտասարդ ատենադպրին։

Պետրոսի գործերը հետզհետե լավանում էին, ժողովուրդը ծանոթանում էր նրան, և ամեն կողմից նա սկսում էր վայելել անկեղծ սեր և հարգանք, մանավանդ յուր ուղղամիտ և անաչառ բնավորության համար, որը, իհարկե, նա ուրիշների նման չէր համեմում անհամբույր կոպտությամբ։

Հորեղբայր Թովմասի տխրության չափ չկար, երբ հանկարծ լսեց նա, թե Միկիթ-բեկը արձակված է պաշտոնից, ա՜յն մարդը, որ յուր աչքում ա՛յնքան հանճարեղ, ա՛յնքան զորեղ և այնքան ամենակարող էր երևում… Եվ ո՞վ կարող էր արձակել նրան պաշտոնից։ Բայց և այնպես իրողությունը անհերքելի էր, նա այլևս ատենադպիր չէր... Բայց որքա՜ն մեծ եղավ Թովմասի զարմանքը, երբ նա իմացավ, թե Միկիթ֊բեկի այն մեծ և փառավոր պաշտոնը, որով հին գայլը այնչափ պարծենում էր և այնչափ սարսափեցնում էր ժողովուրդին, հանձնված է յուր եղբորորդուն, այն խեղճ, անօգնական Պետրոսին, որին ինքը յուր տանից այնքա՜ն անպատվությամբ արտաքսեց... Պետրոսը, որին այժմ ժողովուրդը բեկ տիտղոսով էր պատվում, այնպիսի մի խորհրդավոր անձնավորություն դարձավ հորեղբայր Թովմասի համար և այնքան մեծ համարում ստացավ նրա աչքում, որ նա մոռացավ Միկիթ-բեկին, և այժմ տանջվում էր ա՛յն անբուժելի ցավով, թե ինչո՞ւ համար այդպիսի մեծ մարդը, որ յուր եղբորորդին էր և յուր անվանը մեծ փառք կարող էր լինել, արտաքսված է այսօր յուր տանից։ Թովմասը այժմ պատրաստ էր Պետրոսի հետ հաշտվելու. նա կզոհեր մինչև անգամ յուր սիրելի ռուբլիներից մի քանի հարյուրը, եթե գտնվեր մի մարդ, որ հաշտեցներ նրանց միմյանց հետ։

Այս հաշտության պետքը զգալի էր լինում նրան մանավանդ այն ժամանակ, երբ յուր ծանոթները շնորհավորում էին նրան յուր եղբորորդու հաջողությունները, անտեղյակ յուր դատապարտելի վարմունքին։

Բայց Պետրոսը բնավ չէր մտածում այդպիսի հաշտության վերա։ Նրա դրությունը այժմ այնքան ապահոված, և ինքը այնքան գոհ էր յուր վիճակից, որ երկրորդական խնդիրներով զբաղվելու կարիք չէր զգում յուր մեջ։ Ամեն անգամ էլ առավոտը վաղ զարթնելով, նա պատրաստվում և դիմում էր ընդհանուր սեղանատունը, որտեղ նրան ուրախությամբ սպասում էին յուր սիրուհին և երկու մայրերը։ Նա նրանց հետ միասին թեյ էր առնում, նախաճաշ էր անում և մի քանի վայրկյան էլ սիրախոսությամբ, կամ կատակներով զվարճանալով, դիմում էր դատարան։

Ճաշին նա վերադառնում էր տուն ուրախ յուր դրությամբ և գոհ յուր պարապմունքից։ Աստղիկը, որ յուր պատուհանից դիտում էր միշտ նրա գալուստը, դիմավորում էր նրան անպատճառ բակի դռան մոտ, ժպտադեմ ողջունում Էր նրան և ջերմությամբ սեղմում նրա ձեռքը. հետո նրանք միասին բարձրանում էին դեպի վեր և դիմում ուղղակի սեղանատուն, ուր արդեն պատրաստ էր լինում ճաշի սեղանը։ Երկու սիրահարներ և երկու սիրող մայրեր բոլորում էին համեստ սեղանը։ Նրանց ճաշը թեպետ ոչ փարթամ, բայց համեմված էր լինում սննդարար սիրով և կազդուրիչ ուրախությամբ։ Ոչ մի տխուր մտածություն չէր խանգարում նրանց ախորժակը, և ոչ մի մաշող հոգս չէր զբաղեցնում զվարճանալու տրամադիր ընտանիքին։ Երկու սիրահարները նստում էին միշտ միասին և երկու մայրերը նրանց դեմուդեմ։ Սեղանի վերա մատռվակը միշտ Պետրոսն էր։ Ամենից առաջ նա խմում էր երկու մայրերի կենացը, ամեն անգամ էլ գեղեցիկ բարեմաղթություններ անելով նրանց համար․ Պետրոսին ընկերանում էր Աստղիկը յուր համառոտ, բայց իմաստալից ճառերով։ Հետո մայրերը իրենց անզուգական սիրելիների կենացն էին խմում, օրհնելով նրանց կյանքը սրտաբուխ և սրտաշարժ օրհնություններով։ Ճաշից հետո Պետրոսն ու Աստղիկը զբաղվում էին երբեմն օգտավետ խոսակցությամբ, երբեմն զվարճախոսությամբ և շատ անգամ կատակներով։ Երկու մայրերը ուշադրությամբ լսում էին նրանց, երբ որդիները լրջությամբ տրամաբանում էին, բայց երբ վերջիններս զվարճախոսում կամ կատակներ էին անում, իրենք էլ նրանց հետ ուրախանում և զվարճանում էին։

Միով բանիվ այս միասիրտ և սիրաշունչ ընտանիքի համար կյանքը անցնում էր կատարյալ երջանկությամբ. ո՛չ անցյալի դառնություններն էին հիշվում, և ո՛չ ապագայի ցավերը գուշակվում։

Տեսնո՞ւմ ես, Պետրե, դժբախտությունից դեպի բախտավորություն անցնելը նույնչափ հեշտ է, որքան լացից դեպի ծիծաղը, ասում էր Աստղիկը սիրելուն. հարկավոր է միայն, որ մարդ կորով ունենա յուր սրտում, կյանքի բնական դժվարությունների առաջ կանգնած չմնա, որպեսզի հուսահատությունը չտիրե նրա հոգուն։ «Որ հայցէ՛ գտանէ, որ բաղխէ' բացցի նմա»․ այս խոսքերը այնպիսի մեծ խորհուրդ և ա՛յնքան շատ ճշմարտություններ են պարունակում իրենց մեջ, որ մեզանից յուրաքանչյուրը, կյանքի ամեն փորձությանց ժամանակ, պարտավոր է անպատճառ նրանցով առաջնորդվել։ Արդարև օրինակ չէ պատահել, որ հայցողը չգտներ և բախողին չբանային․ հարկավոր է, միայն, որ հայցելու, կամ բախելու ժամանակ բավական երկայնամիտ լինի մարդ և առաջին անհաջողությունները չվախեցնեն նրան․

Այդ բոլորը ճշմարիտ է, սիրելիս, բայց պատահում է ժամանակ, երբ հայցողը չէ գտնում և բախողին չեն բանում: Եթե կյանքը առանց բացառությունների անցներ, այն ժամանակ զգալու համար էլ հարկավոր կլիներ օրենքներ սահմանել․ բայց բացառությունները նույնքան հին են, որքան և մարդու գոյությունը։ Մի՛թե կարծում ես, թե պակա՞ս երկայնամիտ և պակա՞ս հաստատակամ մարդ են գտնվում նրանց մեջ, որոնք կարևոր են համարում կախվել, կամ ատրճանակի օգնությամբ կյանքի դառնություններից ազատվել։

Ես չեմ կամենում ոչ կախվողների պատմությունը լսել և ոչ նրանց իրավունքները քննել, բոլոր անձնասպաններին էլ ես միօրինակ փոքրոգի եմ ճանաչում, նկատեց Աստղիկը իմ խոսքը միայն քո հաջողության մասին էր։ Եվ ի՞նչ, չգտա՞ր, երբ հայցեցիր և չբացեցի՞ն քեզ, երբ բախեցի՚ր։

Ես այդ չեմ ուրանում։

ինչպես և չես ուրանալ այն, որ մեզ մոտ եկած առաջին օրն արդեն դու սկսում էիր հուսահատվիր։

Որովհետև ես համոզված էի, որ ամեն մարդու բախտը չէ ծիծաղում։

Ավելի լավ էր համոզվել, թե գործելու շնորհք ունեցող մարդիկ չպետք է բախտի զորությանը հավատան։

Ես փորձում եմ արդեն այդ հանգանակը ընդունել, տեսնենք, թե ապագան ո՞րքան պիտի մեր կարծիքը արդարացնե։

Այսպիսի մի փիլիսոփայական վիճաբանության ժամանակ էր, երբ մի երեկո տիկին Հռիփսիմեն և յուր խնամին ներկայացան միասին փիլիսոփա սիրահարներին։ Դուք ամեն օր վիճաբանում եք միմյանց հետ, սիրելիներս, խոսել սկսավ տ. Հոիփսիմեն. բայց երբեք չեք խոսում մեր ամենաանհրաժեշտ մի գործի մասին։ Մենք եկանք հիշեցնելու ձեզ ձեր պարտավորությունը։

Ի՞նչ բան է, մայրիկ, խոսիր տեսնենք, պատասխանեց Պետրեն։

Որդի, քո գործն ու դրությունը արդեն որոշվեցավ, ասաց տ. Հոիփսիմեն, այժմ փառք աստուծո, դու կարող ես ապրել իբրև ազատ մարդ. այսուհետև ոչ Թովմասը կարող է խանգարել քեզ և ոչ էլ մի ուրիշ արգելք ունիս դու քո առջև։ Երկու տարին անցավ, ինչ դուք նշանված եք և հիմա ժամանակն է, որ դուք պսակվեք։ Որովհետև մենք էլ միայն ձեզնով ենք ուրախ և այսքան ժամանակ չարաչար ձեր ուրախության էինք սպասում, ուստի այժմ եկանք ձեզ հրամայելու, որ վաղվանից արդեն հարկավոր պատրաստությունները տեսնեք և երկու օրից ետ անպատճառ պսակվեք։

Այս հայտարարությունը շատ ախորժալի ազդեցություն արավ երկու սիրահարների վերա էլ, միայն ա՛յն զանազանությամբ, որ Աստղիկը շառագունելով լսեց Հռիփսիմեի առաջարկությունը, իսկ Պետրոսը` ազատ ծիծաղով։

Իմ կողմից ես պատրաստ եմ, պատասխանեց իսկույն վերջինս, Աստղիկի կամքը պետք է հարցնել։

Աստղիկի կամքը իմ կամքն է, լրջորեն նկատեց տիկին Եղիսաբեթը. նրա փոխարեն ես տալիս եմ իմ համաձայնությունը։

Օ՜, դուք քաղցած մարդուն հաց եք առաջարկում. իսկ կույրին` երկու աչք, ի՞նչ հարկավոր է երկար ձևապաշտություն. մենք հենց այս երեկո կարող ենք գնալ եկեղեցի։

Ոչ․ ես կամենում եմ արժանավայել հարսանիք տեսնել. նկատեց տ․ Հռիփսիմեն, աշխարհում միայն մի ուրախություն ունիմ, այն էլ չպետք է թերի ու կիսատ կատարեմ։

Ես նույնպես համաձայն եմ քեզ հետ, հարեց տ. Եղիսաբեթը։ Ուրախությունն էլ շնորհքով պետք է կատարել, որ բարեկամները լավ ուրախանան, իսկ թշնամիները լավ ու խիստ տխրեն։

Եվ այդ երեկո միաձայն հավանությամբ որոշվեցավ, որ Վաղվանից արդեն կարևոր պատրաստությունները տեսնվին և մի քանի օրից ետ պսակը կատարվի։

ԻԷ

ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ ԼԱՐՎՈԻՄ ԵՆ

Պ. Թովմասը յուր ժամանակին հայտնել էր Մելքոն- աղային, որ յուր եղբորորդին չէ հոժարում օր. Նատալիայի հետ ամուսնանալու, պատճառ բերելով իբր թե նրա տգեղությունը։ Հայտնել էր նրան նույնպես, որ անհնազանդ տղային պատմելու համար նա արտաքսել էր նրան յուր տնից մոր հետ ի միասին։ Մելքոն-աղան, իհարկե, սիրով չլսեց այդ պատմությունը և հանդիմանեց Թովմասին յուր ստախոսության համար, ըստ որում նա խոստացել և պատվավոր խոսք էր տվել անպատճառ հաջողացնել այդ գործը և սակայն չէր կարողացել։

Բայց ի՞նչ շահ կար Թովմասին հանդիմանելուց. քաղաքի մեջ արդեն աննպաստ լուրեր էին տարածվել խեղճ Նատալիայի համար։ Պատմում էին, թե Մելքոն-աղան խնդրանքով տարել է յուր մոտ Թովմասի եղբորորդուն, ցույց է տվել նրան յուր աղջիկը, խնդրել է ամուսնանալ նրա հետ, բայց երիտասարդը չհավանելով աղջկանը, բացեիբաց մերժել է Խալաթյանի առաջարկությունը։

Սա այնպիսի հարված էր Մելքոն-աղայի պատվին, և այնպիսի անվանարկություն նրա աղջկա համար, որ կամ պետք էր մի կերպով կրկին գործը գլուխ բերել և վերջ տալ բամբասասեր ժողովրդի խոսք ու զրույցին և կամ արժանավոր վրեժխնդրությամբ պատմել հանցավոր երիտասարդին։ Եթե առաջին փորձը չհաջողվեր, երկրորդի համար Մելքոն-աղան բավական ուժ և կարողություն ուներ։ Այդ պատճառով նա չդանդաղեց իսկույն ևեթ գործին ձեռք զարնելու։ Մելքոն-աղայի տանու քահանան տեր Սարգիս Ալքոյանն էր: Սա շատ երիտասարդ չէր, բայց ծերության կնճիռներ էլ չուներ դեմքի վերա։ Մյուս բոլոր քահանաներից նա տարբերվում էր նրանով, որ արտաքուստ շատ համեստ էր երևում թե՛ գործելու, թե՛ խոսելու և թե՛ մինչև անգամ քայլելու մեջ։ Թեպետ շատ մարդիկ նրա ծուխին չէին պատկանում, բայց շատերը ցանկանում էին նրան իրենց տանու քահանա ունենալ, որովհետև նրա կերպարանքի, հայացքի, ձայնի և նույնիսկ նրա երկար սպիտակախառն մորուքի մեջ ամեն ոք գտնում էր յուր համար մի գրավիշ և դյութիչ բան։ Տեր Սարգիսը բոլորի սիրելին էր, այդ պատճառով տեղական դպրոցների վարչությունն անգամ նրան մշտական կրոնուսույց կարգեց երկսեռ դպրոցների մեջ, իսկ հոգևոր վարչությունը՝ Կոնսիստորիայի անդամ։ Թեպետ տեր հայրը ամեն տեսակ փառքերից փախչող էր, այնուամենայնիվ ս. Սինոդը արժան համարեց նրան, կամիլաֆկայով վարձատրելու յուր հավատարիմ ծառայության համար։ Բայց նա այդ պարգևն էլ ազատ-համարձակ յուր վերա ձգել չէր կարողանում, որովհետև տիրացու Հակոբը զրպարտել էր նրան մի քանի տեղ՝ թե այդ կամիլաֆկան ստանալու համար տեր Սարգիսը ինքը ավելի էր աշխատել, քան թե Կոնսիստորը… Բայց ինչ որ է, մենք իրավունք չունինք մարդկանց գաղտնիքների մեջ թափանցելու. մենք կխոսենք այն բոլորի մասին, ինչ որ հաստատապես գիտենք։

Մի առավոտ Մելքոն-աղան կանչեց տեր Սարգսին յուր մոտ և հայտնելով նրան յուր աղջկա մասին տարածված լուրերի առթիվ մի քանի ճշմարտություններ, պատվիրեց նրան գնալ Պետրոսի մոտ, գործ դնել յուր բոլոր խելքը և ազդեցությունը և համոզել նրան, որ զիջանե յուր հորեղբոր խոստումը կատարելու և Մելքոնի անհուն հարստության պարգևները վայելելու։ Հակառակ դեպքի համար նա պատվիրեց տեր հորը սպառնալ նրան անողոքելի վրեժխնդրությամբ։

Տեր Սարգիսը մտավ Պետրոսի մոտ հենց այն ժամանակ, երբ վերջինս պատրաստվում էր յուր ծխատեր քահանային դիմելու՝ պսակի հրամանագիրը ստանալու համար։ Տեր հայրը հայտնեց նրան յուր պատգամավորության պատճառը. հետո քաղցր խոսքերով և հայրական իշխանությամբ սկսավ հանդիմանել նրա վարմունքը, ասելով, որ ինքը շատ անարդար և դատապարտելի է գտնում նրան, ըստ որում դրանով Պետրոսը անբախտացնում էր մի պատվավոր ընտանիքի աղջկան, իսկ վերջում նա սկսավ համոզկեր խոսքերով խորհուրդ տալ նրան թողնել յուր համառությունը և ամուսնանալ յուր օրինավոր նշանածի հետ և վայելել Մելքոն Խալաթյանի թե՛ հարուստ նվերները, և թե՛ նրա աղջկա փարթամ օժիտը։ «Հակառակ դեպքում, ավելացրեց տեր հայրը, դուք ոչ միայն այդ մեծ բախտից կզրկվեք, այլև կհրավիրեք ձեր դեմ Խալաթյանի անողոք վրեժխնդրությունը, որի նյութած չարիքները կարող են ձեզ կատարելապես թշվառացնել»։

Կատարյալ համբերությամբ տեր Սարգսի բոլոր հայտնությունները ու խորհուրդները լսելուց ետ, Պետրոսը պատասխանեց.

Տեր հայր, դուք խոսում եք ա՛յն՝ ինչ որ լսել եք, կամ այն՝ ինչ պատվիրել են ձեզ. բայց բուն ճշմարտության մասին դեռ ոչինչ չգիտեք, ուրեմն լսեցեք ինձ։ Այդ գործի մեջ ես հանցավոր չեմ. իմ հորեղբայրը յուր հիմար հաշիվների համար այդպիսի մի խոստում է արել Խալաթյանին, առանց իմ գիտության, առանց իմ համաձայնության։ Մելքոն Խալաթյանը, հորեղբորս խոստումը հալած յուղի տեղ ընդունելով, զանազան զիջումներ է արել նրան, որոնց մասին անշուշտ նա հարկ եղածը պատմած կինի ձեզ։ Այդ փոխադարձ առևտրի զոհը եղել եմ ես։ Ինձ բերել տվին Թիֆլիսից, զրկեցին բարձրագույն ուսում ստանալու միջոցներից. և ստիպում էին ամուսնանալ այդ աղջկա հետ։ Ես իմ կամաց հակառակ գնացի Խալաթյանի աղջկանը տեսնելու և այդ այն նպատակով միայն, որ կարողանայի հորեղբորս սիրտը ամոքել կրկին իմ ուսմանս վերադառնալու համար։ Իմ փորձը անհաջող անցավ, հորեղբայրս պնդեց յուր առաջարկության վրա և ես բացեիբաց մերժեցի նրան, որի համար մորս հետ միասին արտաքսվեցա յուր տնից։ Ամենակարող աստվածը գթաց ինձ վերա և միջոց տվավ ինձ իմ գոյությունը շարունակելու իմ ազատ կամքով ու ցանկությամբ։ Այսուհետև ես ո՛չ Խալաթյանի հարստությանն եմ կարոտ և ո՛չ նրա վրեժխնդրությունից եմ վախենում։ Թող այդ պարոնը նվիրե յուր հարստությունը ում որ կամենում է և լարե իմ դեմ ինչ որոգայթներ էլ կարողանում է. ես արհամարհում եմ երկուսն էլ։

Բայց ինչո՞ւ համար է այդ կոպիտ ընդդիմությունը, միթե մի օր չպիտի՞ ամուսնանաս դու. ահա քեզ աղջիկ և հարստություն. ինչո՞ւ չես ժառանգում նրանց։

Այո՛, ես մոռացա իմ ընդդիմության բուն պատճառը ձեզ ասել, խոսեց կրկին Պետրոսը. եթե Խալաթյանի աղջիկը մինչև անգամ մի հրեշտակ լիներ, իսկ նրա օժիտը կազմված լինեն մի քանի միլիոններից, ես դարձյալ չէի հոժարիլ նրա հետ ամուսնանալու…

Ինչո՞ւ համար, զարմացմամբ բացականչեց տեր Սարգիսը ընդհատելով Պետրոսին։

Որովհետև ես սիրում եմ մի ուրիշին։

Դուք մի ուրիշի՞ն եք սիրում, խորհրդավոր ձայնով հարցրեց տեր հայրը։

Այո՛։

Եվ ո՞վ է նա։

Դուք քահանա եք, ձեզ կարելի է ամեն բան խոստովանել, նա ձեր դպրոցի վարժուհին է, օրիորդ Աստղիկը։

Օ՜, մի՜թե… այդ շատ մեծ նորություն է… բոլորովին զարմացած բացականչեց տեր Սարգիսը։ Մի՞թե օրիորդ Աստղիկը որոշել է ամուսնանալ, այդ շատ մեծ նորություն է… Այո, որոշել է, և մենք այսօրվանից արդեն մեր պսակի պատրաստությունը տեսնում ենք։

Շնորհավորում եմ, բարեկամ. դուք ընտրել եք արժանավորագույն ամուսին և նա կբախտավորեցնե ձեղ։ Այժմ էլ իրավունք չունիմ ես հարցնելու, թե ինչո՞ւ Խալաթյանի աղջիկն ու հարստությունը մերժում եք դուք։

Այս ասելով տեր Սարգիսը վեր կացավ տեղից, ողջունեց Պետրոսին և տխրադեմ դուրս գնաց սենյակից, իսկ Պետրոսը դիմեց յուր ծխատեր քահանայի մոտ։

Տեր Սարգիսը Մելքոն-աղայի մոտ վերադառնալով պատմեց նրան մի առ մի Պետրոսից լսածները, ավելացնելով վերջում, որ իզուր է այլևս հետամուտ լինել նրան, ըստ որում երիտասարդը արդեն պատրաստվում է պսակվել յուր ընտրած աղջկա հետ։

Տեր հոր բերած նորությունները չափազանց գրգռեցին Մելքոն-աղայի զայրույթը. նա պատրաստ էր այդ րոպեին զոհել ամեն ինչ, միայն թե կարողանար պատմել յուր անունը անպատվող երիտասարդի հանդգնությունը։ Բայց ավա՜ղ. անցել էին այն տարիները, երբ հարուստ մարդիկ փողով իրավունք էին գնում և անարգել ծեծել էին տալիս անհնազանդ աղքատներին։ Ի՞նչ կարող էր այժմ անել Խալաթյանը Պետրոսին, մի երիտասարդի, որ իրենից ավելի զարգացած էր և որ գտնվում էր այնպիսի պատվավոր պաշտոնում, որի դեմ հասարակ մարդիկ չեն համարձակվում կռվել։ Նրան մնում էր մտնել ճարպիկ դավադրության մութ ճանապարհները...

Ի՞նչ, մի՞թե այդ տղան կարող է առնել օրիորդ Աստղիկին, կարծեմ նրանք մոտիկ ազգականներ են, խորհրդավոր ակնարկությամբ հարցրեց Մելքոն-աղան, չնայելով որ ինքը այդ զույգի ազգակցական կապերից ոչ մի տեղեկություն չուներ։

Տեր Սարգիսը իսկույն հասկացավ աղայի միտքը և շտապեց հաճելի լինել նրան։

Այո՛, նրանք ազգականներ են և եկեղեցական օրենքով անկարող միմյանց հետ ամուսնանալու։

Ճշմարի՞տ, այդ հաստա՞տ գիտեք դուք, անհանգիստ ուրախությամբ հարցրեց Մելքոն-աղան։

Այո՛, գիտեմ, որ նրանց մեջ ազգակցություն կա, բայց թե մինչև քանի՞ երրորդ սերունդը, այդ հաստատ չգիտեմ ։

Ես խոստանում եմ ամենալավ վարձատրությունը նրան, ով այդ մասին մի ուրախ լուր կբերե ինձ։ Նրանց մեջ ազգակցություն կա, միամիտ եղեք, մանրամասն ճյուղագրությունը ես ինքս կբերեմ ձեզ։

Բայց եթե այնքան եղավ ազգակցությունը, որ օրենքը չարգելե՞ց նրանց ամուսնանալու...

Այդ անկարելի է. նրանք պետք է իրարից հեռու լինին մինչև յոթ սերունդ, որ կարողանան իրար հետ ամուսնանալ. այդպես է հրամայում մեզ մեր եկեղեցական կանոնադրությունը. իսկ այդքան հեռավորություն նրանց մեջ չկա, այդ մեկը ես հաստատ գիտեմ։

Իսկ եթե վե՞ց սերունդ լինի։

Դարձյալ անկարելի է, որ նրանք ամուսնանան, եկեղեցական կանոնադրության մեջ ուղղակի ասված է յոթ սերունդ, և այս հրամանից իրավունք չունի շեղվելու ոչ մի հոգևորական։

Օ՜հ, ի՞նչպես արդար և խելացի է այդ օրենքը, ահա թե ինչով կարելի է պահպանել մի ազգի մեջ ճշմարիտ բարոյականությունը... հիացում կեղծելով բացականչեց Մելքոն-աղան։

Այո՛, հենց այդ տեսակետից էլ նայել են գործի վերա մեր սուրբ նախահայրերը, նկատեց լրջությամբ տեր Սարգիսը։

Իսկ դուք շո՞ւտ կտեղեկանաք այդ բանի մասին, հարցրեց Մելքոն-աղան։

Այսօր ևեթ։

Բայց գուցե նրանք արդեն պսակի հրամանագիր ստացե՞լ են։

Առանց Կոնսիստորի անդամի գիտության անկարելի է։

Մելքոն-աղայի աչքերը կենդանացան վրեժխնդրության կրակով. այն հույսը, թե նա կարող է խանգարել յուր աղջկանը անպատվող երիտասարդի ամուսնությունը, լցնում էր նրա սիրտը դժոխային ուրախությամբ։

Նա խնդրեց տեր Սարգսին՝ ժամանակ չկորցնելու համար դիմեք շուտով ուր որ հարկավոր է, երիտասարդ Մարաքյանի և օրիորդ Աստղիկի ազգակցական կապերի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու։

Տեր հայրը ուրախությամբ հնազանդվեցավ և ողջունելով աղա Խալաթյանին, շտապեց դեպի գործ։

ԻԸ

ՀԱ՞Ս է, ԹԵ՞ ՉՀԱՍ

Քաղաքի Վարի թաղ կոչված մասում, ուր ապրում էր Պետրոսը յուրայիններով, գտնվում էր մի հինավուրց պառավ Մարիջան անունով։ Սա երևելի էր այն բոլոր գիտություններով, որոնցով կարելի է լինում մարդկային ամեն տեսակ ցավերը դարմանել։ Օրինակ՝ նա դեղեր ուներ հիվանդությանց դեմ. հնարքներ՝ վախի և խելագարության դեմ. մարգարեության ձիրք՝ ապագայի չարն ու բարին գուշակելու և վերջապես ամենաճիշտ ծանոթություն՝ բոլոր թաղի բնակիչների ազգակցական կապերի վերաբերմամբ։

Մարիջանի տունը ամեն օր գրեթե այցելուներով լցված էր լինում։ Ոմանք գալիս էին նրանից դեղեր ստանալու իրենց հիվանդությունների համար, ոմանք վախ չափել տալու, գարի գցելու, կամ թե սրտերին մոմ հալել տալու, այլք խելագար հիվանդի դևերը հանելու, իսկ շատերը իրենց հայտնի և անհայտ տենչանքների համար նրանից գուշակություններ լսելու։ Բոլոր գավառի մեջ չկար մի ուխտատեղի, որ այնքան բազմաթիվ այցելուներ ունենար, որքան Մարիջանի տունը, որ, իհարկե, այցելուների համեմատ էլ եկամուտ էր տալիս յուր պառավ տիրուհուն։

Տեր Սարգիսը թեպետ Մելքոն-աղային հաճոյանալու համար հաստատապես ասաց նրան, թե Պետրոսի և նրա հարսնացուի մեջ ազգակցական մերձավորություն կա, բայց իսկապես չգիտեր, թե այդպիսի մերձավորություն գույություն ունի՞ նրանց մեջ, թե՞ ոչ։ Հետևապես Խալաթյանի առաջ չխայտառակվելու համար հարկավոր էր այդ մասին ճիշտ տեղեկություններ հավաքել: Եվ ահա այդ առթիվ նա դիմեց ամենագետ Մարիջանին։ Պետք է ասել, որ շատ անգամ արգելված պսակները և նրանցից առաջացած անթիվ և անհամար թշվառությունները, մեծ մասամբ և գրեթե ամեն քաղաքում տեղի են ունենում մի քանի չար պառավների շնորհիվ։

Քահանաները, որոնք ամենից ավելի պետք է զբաղվեին իրենց ժողովրդի ազգակցական կապերի ուսումնասիրությամբ, որպեսզի մերձավոր խնամությանց պատճառով տեղի ունեցող բազմաթիվ գժտությունների առաջը կանխավ առնեին, շատ քիչ են ուշադրություն դարձնում այդ կարևոր կետի վերա։ Ահա հենց այդ պատճառով շատ անգամ հրապարակական նշանագրությունները քահանաների համաձայնությամբ կատարվելուց ետ, երբ մի դժգոհ պառավ լույս աշխարհ է հանում վաղուց մոռացված ազգակցական մերձավորության գոյությունը, իսկույն խափանվում է պսակի գործը, և երկու կողմի բարեկամները, որոնք միմյանց հետ կապված են լինում արդեն անբաժանելի սրտակցությամբ և ամենաքնքուշ սիրով, ստիպված բաժանվում են միմյանցից։ Ավելի զգայուն սրտերի մեջ, իհարկե, այդ բաժանումը տեղի է ունենում շատ անգամ ողբերգական վախճանով, որ ձգում, բերում է յուր ետևից թշվառությունների մի ամբողջ շարք:

Դու ամեն բանի տեղյակ ես, Մարի, ասաց տեր հայրը պառավին, երբ վերջինս հրավիրեց քահանային յուր առանձնարանը, հարկավ տեղյակ էլ կլինես օրիորդ Աստղիկի և Պետրոս Մարալյանի ազգակցական մերձավորությանը։ Հապա ասա ինձ, ի՞նչ ազգակցություն ունին նրանք իրար հետ։ Սրբազանը այդ տեղեկությունը պահանջել է ինձանից, բայց ես այդ մասին հաստատ բան չգիտեմ. այդ պատճառով դիմել եմ քեզ։

Օր. Աստղիկի մասին ես մի բառ անգամ չեմ խոսիլ. իմ լեզուն նրա համար չպետք է խոսե...

Ինչո՞ւ, զարմացմամբ հարցրեց տեր Սարգիսը։

Օ՜, ես ատում եմ այն աղջկանը, ատում եմ ինչպես իմ սատանային...

Տեր Սարգիսը մի նոր բարեկամ վաստակեց։ Բայց ինչո՞ւ համար, Մարի, ուրախ ժպիտով հարցրեց նա պառավին։

Օ՜, չեմ ասիլ, չեմ ասիլ...

Բայց չէ՞ որ ես քահանա եմ և քահանային ամեն բան կարելի է խոստովանել։

Այո՛, այդ ճշմարիտ է, ներեցեք ինձ, ես սխալվեցա, ուրեմն ես ձեզ կասեմ իմ ատելության պատճառը։ Այդ աղջիկը ամեն տեղ և ամեն շրջաններում ծաղրում է իմ գիտությունը, ծիծաղում է իմ տունը հաճախող կանանց վերա, և քարոզում է բոլորին՝ չհավատալ իմ դեղերին, իմ օրհնություններին. նա ինձ խաբեբա և սատանաների թագուհի է անվանում... օ, ես ատում եմ նրան, ատում եմ իմ բոլոր սրտով...

Եվ նա այդ աստիճան համարձակվո՞ւմ է լրբանալ։

Այո՛, տեր Սարգիս, նա լիրբ է, անառակ է, անզգամ է... օ՜հ, ես ատում եմ նրան, և ինչպե՜ս կկամենայի պատժել...

Լավ ուրեմն, ահա՛ նրան պատժելու միջոցը։ Նա կամենում է ամուսնանալ Պետրոս Մարալյանի հետ, եթե կարողանաս մի ազգակցություն գտնել նրանց մեջ, դրանով էլ կպատժես քո թշնամուն. չհասության պատճառով պսակը կլուծվի և առանց քո կամենալուն չարը ինքն իրեն կպատժվի:

Ազգակցությո՞ւն, ի՞նչ եք ասում.նրանք մոտիկ ազգականներ են, ուրախությամբ բացականչեց Մարիջանը։

Հապա ասա՛, ի՞նչպես, ո՞ր կողմից, սրտատրոփ հարցրեց տեր Սարգիսը։

Մարալ-Օսեփի քույրը Հացիկենց Ջավին է. Օսեփի տղան՝ զարգար Անտոնը. Անտոնի տղան՝ ձեր այդ Պետրոսը։ Մյուս կողմից, Հացիկենց հարսի աղջիկը Եղիսաբեթն է, ու նրա աղջիկը՝ էդ սև սատանան։

Օ՜, այդ հազիվ վեց պորտ է դառնում. սպասի'ր, սպասի'ր հաշվեմ։ Մարալ-Օսեփը մեկ, Հացիկենց Ջավին՝ երկու, զարգար Անտոնը՝ երեք, տիկին Եղիսաբեթը՝ չորս, Պետրոսը՝ հինգ, Աստղիկը՝ վեց։ Չէ՛, չի՜ հասնիլ. սաղ աշխարհն էլ որ ոտի կանգնի, էլի չի հասնիլ. ուղիղ վեց պորտ է։ Ուրեմ չհա՞ս կանեք, ուրախությամբ հարցրեց պառավը։

Անպատճառ, անպատճառ, ոչ ոք չէ կարող նրանց պսակել։

Շատ ուրախ եմ. ահա՛ թե աստված ի՞նչպես է պատժում անզգամներին։

Բայց դու հաստա՞տ գիտես, որ ճիշտ այդ է երիտասարդի և աղջկա ծագումը։

Հաստատ, հաստատ, ինչպես որ սուրբ Գևորգի ինձ բժշկության շնորհք տալը հաստատ է։

Տեր Սարգիսը գրի վերա առավ Մարիջանից ստացած տեղեկությունները և շնորհակալություն անելով նրան՝ ուրախությամբ դուրս գնաց պառավի տնակից։

Տեր Գարեգինը, որ Պետրոսի տան քահանան էր և որին դիմել էր նա պսակի հրամանագիրը ստանալու, երիտասարդ, զարգացած, սրտով և զգացմունքներով ազնիվ, յուր կոչմանը հավատարիմ և կատարելապես նրան նվիրված մի անձնավորություն էր։ Նա այն հազվագյուտ քահանաներից էր, որոնք իրենց կոչմանը հավատալով՝ ապրում են միայն իրենց հոտի բարոյական կարիքը լցուցանելու և նրա ճշմարիտ բարեկեցությանը ծառայելու համար: Թեպետ հասարակ ժողովրդի մեջ դեռ շատերը չէին ճանաչում նրան, բայց զգոն և խոհական մարդիկ, որոնք արժանիք ճանաչելու ընդունակություն և ընտրողականի կիրթ ճաշակ ունեին, հարգում և մեծարում էին նրան։ Տեր Գարեգինը յուր անաչառ և անկեղծ բնավորությամբ ակնածելի և մինչև անգամ ահավոր էր նույնիսկ յուր պաշտոնակիցների աչքում։ Նրա ներկայությունը ամեն տգեղ երևույթ չքացնում և ամեն շփոթություն կարգի էր բերում. թեպետ, օրինակ, չէր պատահել, որ այդ բոլորի համար նա գործ դներ երբևիցե անհամեստ լեզու, կամ անքաղաքավարի միջոց։ Նա միակ անձն էր յուր ընկերակիցների մեջ, որ հոգվով չափ տխրում էր, տեսնելով քահանային այն աստիճանի վերա կանգնած, որը միանգամ փոքրոգի և շողոքորթ ստրուկների միակ հենարանն էր։ Նրա մեջ վիրքավորվում էր քահանայական մեծությունը, երբ տեսնում էր ժողովրդի անհամեստ մտերմությամբ քահանաներին մոտենալը և կամ առանց ակնածության նրա գլխին դատավոր և իշխան կանգնելը։

Բայց նա խոստովանում էր և այն, որ այդ անախորժ դրությունների ստեղծողները նույնիսկ իրենք քահանաներն են, որոնք երբեք էլ չեն ձգտում իրենց հին փառքը և բարձրությունը վերականգնելու։ Այդ պատճառով նա ինքը մինակ աշխատում էր այդ ծանր գործի վերա, հավատալով, թե մի օր պիտի կարողանա մեղմել ադամանդի կարծրությունը…

Ահա այս մարդն էր տեր Գարեգինը, որին յուր մոտ հրավիրել չհամարձակվեցավ Պետրոսը, այլ ինքը գնաց նրան յուր խնդիրը հայտնելու։

Երիտասարդ քահանան շատ ուրախացավ, երբ Պետրոսի խնդիրը լսեց։ Նա բռնեց նրա ձեռը և ջերմությամբ սեղմելով նրան, շնորհավորեց յուր արժանավոր ընտրությունը։

Օրիորդ Աստղիկը միակ աղջիկն է մեր քաղաքի մեջ, ասաց տեր Գարեգինը, եթե ամուսնության երջանկությունը կայանում է նրանում, որ կինը լինի կատարյալ ամուսին, մայր և տանտիկին, ապա ուրեմն երջանիկ է այն անձը, որ ամուսնանում է օրիորդ Աստղիկի հետ. նա այդ երեք կատարելություններն էլ ամփոփում է յուր մեջ, պսակելով նրանց յուր անարատ գեղեցկությամբ։

Պետրոսը համեստությամբ շնորհակալություն արավ քահանային յուր հայտնած կարծիքների համար։

Հետո տեր Գարեգինը խոստացավ նրան նույն օրը ևեթ ներկայանալ հոգևոր ատենին և անհրաժեշտ կարգադրությունները անել պսակի հրամանագիրը ստանալու համար։

Պետրոսը շնորհակալություն անելով դուրս գնաց տեր հոր սենյակից։

Տեր Սարգիսը արդեն հոգևոր ատյանումն էր, երբ տեր Գարեգինը ներս մտնելով՝ առաջարկեց ատենին երիտասարդ Պետրոս Մարալյանի առաջարկությունը, և հրամանագիր խնդրեց նրա պսակի համար։

Ատենից բացակա էին նախագահը և նախանդամը, բայց տեր Սարգսից զատ այդտեղ գտնվում էին և մյուս երկու անդամները: Սրանք հայտնեցին իրենց հոժարությունը տեր Գարեգինի հայտարարության վերաբերմամբ և ընտանեբար առաջարկեցին ատենադպրին հրամանագիրը պատրաստել է:

Տեր Սարգիսը ընդդիմացավ։

Այդպես թեթևությամբ չէ կարելի գործ վճռել, նկատեց նա լրջությամբ. ամենից առաջ պսակվողների ծագման ճյուղագրությունը պահանջեցեք ծխատեր քահանայից և ապա ըստ այնմ տվեք ձեր հոժարությունը։

Տեր Գարեգինի վերաբերմամբ իզուր է ձեր խստությունը, նկատեց անդամներից մինը, եթե պսակվողների մեջ մի մերձավորություն լինի, նա չէր էլ առաջարկիլ մեր ատենին երիտասարդի խնդիրը։

Ի՞նչ խոսք ունիմ դրա դեմ. բայց օրենքը պետք է կետ առ կետ գործադրել։

Տեր Գարեգինը, որ այդ բանի մասին չէր մտածել, մի րոպե շփոթվեցավ, բայց որովհետև սովորություն չուներ սոփեստությամբ իրեն արդարացնելու, ուստի առանց քաշվելու պատասխանեց.

Ներեցեք ինձ, արժանապատիվ հարք, ես պսակվողների ազգակցական մերձավորության մասին չեմ մտածել. և այդ առթիվ էլ ոչ մի հաշիվ չեմ արել։ Բայց այդ գործը շատ էլ ծանր չէ. այս րոպեին իսկ կարելի է վերջացնել նրան, որովհետև իմ ծուխի ամեն մի ընտանիքի ազգակցական կապերի մասին ես լի ու լի տեղեկություններ ունիմ։

Եվ նա վերցնելով մի կտոր թուղթ, սկսավ հաշվել.

Մարալ Հովսեփ Խոսրովյան.
քույր ունի Ջավի Հացիկյանց.
Անտոն որդի Հովսեփի.
Եղիսաբեթ դուստր Ջավիի.
Պետրոս որդի Անտոնի՝ խնդրե
զԱստղիկ դուստր Եղիսաբեթի…

Բայց ո՛չ կարէ առնուլ, զի ո՛չ հասանէ նմա… կարծես մի մեծ հաղթություն անելով բացականչեց տեր Սարգիսը։ Վեցերորդ ճյուղն է և ծանր չհասություն չէ այս, մեղմով խոսեց տեր Գարեգինը. եթե օրենքը մեզ խստություն է հրամայում, այդ հրամայում է ամեն դեպքի առթիվ և ամեն անձնավորության համար, բայց դուք չեք կարող ուրանալ, որ ոչ թե վեց, այլ երրորդ և չորրորդ ճյուղի մեջ անգամ պսակներ ունիք կատարած…

Ահա՛ ձեզ նորություն, տեր Գարեգինը մեզ օրինազանցություն է քարոզում հոգևոր ամեն ի մեջ. գրեթե գոռալով խոսեց տեր Սարգիսը, և սա այն քահանան չէ՞, որ մեր գործերի քննիչ և դատավոր է կանգնում ամեն տեղ, եկեղեցում, թե եկեղեցուց դուրս…

Հենց այստեղ էլ ես ձեր դատավորն եմ. իզուր եք դուք օրենքի անվան տակ ձեր ներքին զգացմունքները թաքցնում, որոնք ոչինչ կապ չունին արդարասիրության հետ։

Դուք ինձ կամենում եք զրպարտել նրա՞ համար, որ ես քո կամքով չեմ կուրանում հա՞։

Երանի՜ թե այնքան լուսավոր լինեիք, որ ձեզանից դուրս ցայտող լուսո ճառագայթները իմ աչքերը խտտղեին. մի՞թե ես այդ չէի՞ կամենալ։

Հապա ինչո՞ւ համար եք ատենի մեջ ինձ անպատվում նրա համար, որ ես պաշտպանում եմ օրենքը:

Այդ մի զրպարտություն է։

Բոլորովին։ Ես պնդում եմ, որ ձեր առաջարկած զույգի միությունը անկարելի է, իսկ դուք փոխանակ նրա կարելությունը ապացուցանելու, ասում եք, որ ես հանցավոր զգացմունքներից դրդված եմ օրենքը պաշտպանում:

Ես այդ չեմ ուրանում։

Եվ չեք կարող ուրանալ, որովհետև այստեղ վկաներ կան նստած։

Խնդրեմ, խնդրեմ, ինձ չխառնեք ձեր կռվի մեջ, ինքն իրենից վախենալով խոսեց անգամ տեր Օհանեսը և առանց ուշանալու դուրս գնաց ատենից դեպի գրագիրների սենյակը։

Իսկ ես խորհուրդ եմ տալիս ձեզ հաշտվել միմյանց հետ, ծանրությամբ նկատեց տեր Հովսեփը, կռվելուց շահ չեք ունենալ և իզուր տեղ գործը կփչացնեք, մի քիչ դու զիջում արա նրան մի քիչ էլ թող նա զիջանե քեզ, այսպիսով երկուսիդ պահանջն էլ գոհացում կստանա։

Ես ոչինչ պահանջ չունիմ. բացի այն, որ հայտնեմ աշխարհին, թե ինչպես արժանապատիվ տեր Գարեգինը, որ միշտ մեզ կարգապահություն և օրինաց հնազանդություն է քարոզում, ինքը այսօր պաշտպան է կանգնել ապօրինության և ցանկանում է յուր ծուխի մի չճաս պսակը հաս անել տար:

Օրենքի անունով նրանք են որոտում, որոնք իրենց մեջ օրենքը հարգոդ զգացմունքներ չունին, դառնությամբ նկատեց տեր Գարեգինը, չարախոսեցեք իմ մասին որտեզ և որչափ կամենում եք. գաճաճները ուրախության տոն են կատարում, երբ հաջողվում է նրանց հսկային գետնի վերա պառկած տեսնել… Եթե իմ այս առաջարկությունը դուք իբրե մի զենք եք ուզում գործածել ինձ վնասել կարողանալու համար, պինդ պահեցեք դրան, ես ամեն տեղ էլ պիտի պաշտպանեմ իմ ծուխի դատը, ուրեմն դուք ամեն տեղ էլ առիթ կունենաք ինձ հարվածելու։ Այո', ես կրկնում եմ, Պետրոս Մարալյանը պիտի ամուսնանա վարժուհի Աստղիկի հետ, ն այդ միության մեջ ես չհասություն չեմ գտնում։

Դուք այդ ճշմարտությունը կպաշտպանեք անշուշտ և քահանայական ժողովի առաջ, որը ես այդ առթիվ գումարել պիտի տամ, սպաոնացող ձայնով հարցրեց տեր Սար-գիսը:

Մինչև անգամ աստուծո առաջ, հակիրճ պատասխանեց տեր Գարեգինը և վշտացած դուրս գնաց ատենից։

"Չհաս է" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Հին Օրերի Երգը
Տիգրան Մանսուրյան

Հին Օրերի Երգը

Նատյուրմորտ շշերով
Նատյուրմորտ շշերով
Խաղա առցանց