Մուրացան

Չհաս է

2

Դ

ՄԻԿԻԹ-ԲԵԿԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է

Բավական ճաշակով բացված սեղանի չորս կողմը անցուդարձ էր անում պ. Թովմասը, խորասուզված մտածմունքների մեջ։ Սիգոյի հաղորդած նորությունը նրան հանգստություն չէր տալիս։ Մանավանդ մինչև այդ օրը կապալների գոյության մասին չմտածելը՝ Թովմասին շատ էր նեղացնում. նա հավատացած էր, որ եթե երկու տարի առաջ գոնե այդ մասին հոգացած լիներ, այսօր յուր հարստությամբ կգերազանցեր Մելքոն աղային։ Բայց յուր կույր բախտից, այդ ոսկեծին գործի համար, ոչ ոք չէր հիշեցրել նրան։ Հենց այդ զրկանքի մեծությունն էր պատճառը, որ Միկիթ-բեկի ուշանալը տխրության ամպեր էր հավաքել Թովմասի ճակատին և րոպեները ժամերի պես էին անցնում նրա համար։ Սպասելուց ավելի վատթար բան չկա. բայց վատթարագույն է, երբ մարդ սպասում է բախտի հետ կապ ունեցող գործերի համար։ Թովմասը այդ վատթարագույն դրության մեջ էր և յուր ամբողջ տան մեջ նա մի անկյուն չէր գտնում, ուր կարողանար հանգիստ շունչ քաշել։

Վերջապես դռան հնչակը քաշեցին՝ Թովմասը սրտատրոփ դուրս վազեց պատշգամբը և որքան մեծ եղավ նրա ուրախությունը, երբ տեսավ Միկիթ֊բեկին, որ յուր կարճահասակ և գեր ու կլորիկ մարմնով ծանրաշունչ բարձրանում էր սանդուղքների վերա։

Ձեզ մոտ ամեն բան լավ է, բացի այս սանդուղքները, որոնք ինձ չափազանց հոգնեցնում են, տանուտիրական վստահությամբ նկատեց Միկիթ-բեկը, երբ հասավ փոքրիկ պատշգամբին, ուր ժպտադեմ սպասում էր նրան պ. Թովմասը։

Այո՛, այո՛, նա խիստ զառիվեր է. անիծյալ լինի ուստա Սարգիսը, ես դեռ շինելու ժամանակ նրան ստիպեցի քանդել և ուղղել, բայց նա չլսեց, պատասխանեց իսկույն Թովմասը և ապա սիրալիր բարեկամությամբ ողջունելով Միկիթ-բեկին, առաջնորդեց դեպի սեղանատունը։

Ես ձեզ ուղղակի այստեղ եմ բերում նրա համար, որ արդեն ճաշի ժամանակն է, բացատրեց Թովմասը և ամենալավ բազկաթոռը հրամեցրեց յուր հյուրին, որ շնորհքով բացված սեղանը ու փայլուն շշերով գինիները տեսնելուց ետ, արդեն հոգեկան հափշտակության մեջ էր մտել։

Այո՛, պ. Թովմաս, այո՛, ժամը երկուսից ետ էլ ոչ մի սենյակ ինձ չէ գրավում. սեղանատունը այդ ժամանակ ամենասիրելին է ինձ համար, ծիծաղելով նկատեց Միկիթ-բեկը և նստելով առաջարկած բազկաթոռի վերա՝ սկսավ ոլորել յուր փոքրիկ ընչանցքի ծայրերը, որոնց հովանավորում էր հայկական մի փառավոր քիթ։ Նրա կարմիր ու կայտառ երեսի վերա արտափայլում էր այդ րոպեին մի այնպիսի զվարթություն, որ ունենում են միայն երեխաները, երբ հայրը նրանց համար խաղալիքներ է բերում և կամ անուշ մրգեղեններ։ Յուր խորամանկ և երբեմն ծիծաղկոտ աչքերը, որոնց մեջ պ. Թովմասը մեծ խելք էր նշմարում, նա անդադար հածում էր սեղանի մակերևույթի վերա, ուր կարգով շարված էին նախաճաշի համեղ և բազմատեսակ բաժինները.

Թովմասը նստավ սեղանի վերա և առաջարկեց հյուրին վայելելու աստուծո տվածը։

Այսուամենայնիվ դուք բավական զարգացացած ճաշակ ունիք, նկատեց Թովմասին Միկիթ-բեկը՝ առաջ քաշելով յուր բազկաթոռը. այս քանիերորդ անգամն է, որ ես ձեր տանը միշտ փառավոր եմ տեսնում սեղանը։ Եվ պետք Է խոստովան ել, որ ես միայն ձեր տանն եմ ախորժակով ճաշում, որովհետև դուք գիտեք ուտելու համար ծախսել։ Լավ ուտելն էլ մի աստվածատուր շնորհք է, ավելացրեց Միկիթ-բեկը դարդակելով ռոմի բաժակը և յուր պատառաքաղը ոգևորությամբ դեպի զուրգելի պնակը ուղղելով։

Իհարկե լավ ուտելն էլ մի շնորհք է, հաստատեց Թովմասը Միկիթ-բեկի կարծիքը. ով որ լավ ուտել չգիտի, նա անշուշտ լավ գործելն էլ չգիտե։

Օ՜, ես չեմ կարող տանել այդ տեսակ մարդկերանց. նստել սեղանի վերա և գոնե մի ամբողջ ժամ չուտե՞լ,... այդ անհասկանալի է ինձ համար. և վերջապես ինչո՞ւ համար ենք ապրում մենք. չէ՞ որ աստված այն բոլոր բարիքները մեզ համար է ստեղծել։

Իհարկե, իհարկե։

Այո', ես սիրում եմ մանավանդ երբ կերակուրները բազմատեսակ են, իսկ բաժինները առողջ ու առատ…

Կարծեմ այդպես բոլորն են սիրում։

Սխալվում եք, ես հարուստ մարդիկ գիտեմ, որոնք պարապում են միմիայն փող դիզելով, իսկ ստամոքսի համար այնքան են մտածում, որքան իրենց թշնամու համար։ Իմ կարծիքով դա անօրենություն է. չէ որ մարդու միակ բարերարը յուր ստամոքսն է, և մի՞թե կարելի է անուշադիր թողնել մարմնի այն հրաշակերտ մասը, որ մեզ սնունդ և կյանք է տալիս։

Իհարկե ոչ։

Բայց կան մարդիկ, որոնք ձեզ նման չեն մտածում. նրանք ստամոքսի վերա նայում են ինչպես մի վնասակար արարածի վերա, որ անդադար սպառնում է իրենց նյութական կարողությանը, և եթե հնար լիներ, նրանք ուրախությամբ կհեռացնեին նրան իրենց մարմնից։

Իսկ ես էլ կարծում եմ, որ ստամոքսի վերա այնքան մեծ ուշադրություն չպետք է դարձնել, վերջապես հայտնեց յուր կարծիքը պ. Թովմասը, օրական մի, կամ շա՛տ շա՛տ երկու անգամ կարելի է կերակրել նրան, և այն էլ մինչև անգամ ցամաք հացով։ Ստամոքսն այդ համեստ կերակրով էլ կարծեմ մեզ բավական սնունդ կտա։ Օ՜, մի՛ ասեք, մի՛ ասեք, բացականչեց Միկիթ-բեկը. բավական հիմար պետք է լինի մարդ, որ փլավ ուտելու կարողություն և ախորժակ ունենա ու ինքը ցամաք հացով կշտանա։ Ես բոլորովին ընդդեմ եմ ձեր կարծիքին և եթե գիտենայի, թե դուք ներքին կերպով համաձայն չեք ինձ հետ, ես կհրաժարվեի երկրորդ անդամ ձեր տանը ճաշելուց:

Խնդրեմ, խնդրեմ, իմ հայտնած միտքը լոկ մի կարծիք էր, վախեցած խոսեց պ. Թովմասը, իհարկե ես համաձայն եմ ձեզ հետ…

Այո՛, և եթե դուք ինձ չափ զարգացած լինեիք և կարողանայիք գրքեր ու լրագրեր կարդալ, այն ժամանակ կիմանայինք, թե լուսավորյալ երկրներում որքա՜ն շատ և որքա՜ն բազմատեսակ են ուտում։ Որովհետև նրանք հասկանում են, որ ստամոքսը մեր բոլոր մյուս գործարանների թագավորն է, եթե այդ գործարանները եռանդով չաշխատեն, և բավականաչափ հարկ չտան իրենց թագավորին, նա կթուլանա. և էլ ուժ չունենալով յուր երկիրը կառավարելու, կթողնե նրան. իսկ ստամոքսի թշնամին, որ մահն է, անտեր գտնելով յուր հակառակորդի երկիրը, կտիրե նրան, այսինքն մեր մարմնին։

Միկիթ-բեկի այս նորագույն վարդապետությունը, որ մինչև ճաշի վերջը շարունակեցավ, պ. Թովմասը լսում էր ակամա ուշադրությամբ, առանց հայտնել կարողանալու յուր դժգոհությունը։ Բայց երբ հազիվ վերջին բաժինն էլ վայելեցին և ծառան ներս բերավ մրգեղենի սկուտեղը, Թովմասը էլ ավելորդ համարեց ավելի սպասել։ Ամբողջ երկու ժամ էր, ինչ հաշվի կամ գործի մասին բան չէր խոսվում յուր սեղանի վերա և այդ բանը ավելի քան ընդդեմ էր յուր սրբազան սկզբունքներին։

Միկիթ-բեկ, թողնենք առայժմ ստամոքսի խնդիրը, վերջապես նկատեց պ. Թովմասը, ես մի կարևոր գործ ունիմ և կամենում եմ նրա մասին մի խորհուրդ հարցնել ձեղանից։

Հրամայեցեք, խնդրեմ։

Ասում են, որ զորքի մեծավորի տանը այս առաջիկա շաբաթ մեծ աճուրդ պիտի լինի, զորքի հացը, միսը ու խմելիքը կապալով տալու համար, ճշմարի՞տ է արդյոք, այս տեսակ բաները դուք կիմանաք։

Ճշմարիտ է, աճուրդ պիտի լինի։ Բայց դուք ինչու՞ համար եք հետաքրքրվում նրանով։

Ես կամենում եմ այդ կապալը վերցնել։

Ի՞նչ, մի՞թե կամենում եք միանգամից Մելքոն-աղայի հացը կտրացնել, ծիծաղելով նկատեց Միկիթ-բեկը։


-Այդքան ուժ չունիմ, բայց կարծում եմ, որ այդ գործում մի մասնավոր օգուտ կմնա մեզ։ Դուք էլ գիտեք, որ այժմյան առևտուրներում շահ չէ մնացել և իզուր մշակություն ենք անում:

Լավ եք մտածել. և եթե ինձանից խորհուրդ եք հարցնում, ես էլ խորհուրդ կտամ, որ այդ կապալը վերցնեք։

Բայց այդ ձեզանով պիտի լինի, Միկիթ-բեկ, առանց ձեր օգնության ես ոչինչ անել չեմ կարող։

Ինչպե՞ս։

Այնպես, որ այդ կապալը վերցնելու համար ես ճանապարհներ չգիտեմ, այդ ճանապարհները դուք պետք է ցույց տաք ինձ։

Միկիթ-բեկը կամաց-կամաց ետ քաշվեցավ սեղանից, ձգվեցավ բազկաթոռի մեջ և լուրջ ու խորախորհուրդ կերպարանք առնելով՝ ձեռքը դրավ ճակատի վերա և սկսավ մտածել

Պ. Թովմասը անթարթ աչքերով դիտում էր յուր իդեալի իմաստուն կերպարանքը և նրա դեմքի մկանունքների ամեն մի շարժմունքից ցանկանում էր գուշակություններ անել։

Բայց ավա՜ղ, բախտը նրան զրկել էր այդ մեծ շնորհքից, նա զգում էր, թե այդ րոպեին ո'րքան երևելի մտքեր ու խորհուրդներ էին զբաղեցնում յուր Միկիթ-բեկի հանճարեղ գլուխըւ և սակայն ինքը չէր կարողանում գուշակել նրանց ինչ լինելը։ Իրեն մնում էր միայն հիանալ նրա ճակատի խորախորհուրդ կնճիռներով և սպասել նրա պատգամին։

Վերջապես Միկիթ-բեկը խոսեց.

Այդ կապալը վերցնել հեշտ է. բոլոր աձանց հետ ես կարող եմ խոսել, իսկ կարևոր թղթերը ես ինքս կպատրաստեմ: Բայց մեծ դժվարությունը նրանումն է, որ կարողանայինք ուրիշ ցանկացողներին ետ կանգնեցնել իրենց դիտավորությունից, այսինքն աճուրդի օրը այդպիսիները կամ ձեռնպահ մնային և կամ այնպիսի գներ առաջարկեին, որ կապալը իրենց վերա չմնար։

Ամեն բան դո՛ւք պետք է անեք, Միկի՛թ-բեկ, ես ոչինչ անել չեմ կարող։

Միկիթ-բեկը կրկին մտածմունքների մեջ խորասուզվեցավ և Թովմասը կրկին սկսավ հիանալ նրա ճակատի կնճիռներով։

Իմ կարծիքով միայն չորս հոգիներ կան, որոնք անպատճառ կմասնակցեն այդ աճուրդին. սթափվելով յուր մտածմունքներից, կրկին խոսեց Միկիթ-բեկը, առաջինը Մելքոն-աղան է, երկրորդը՝ բազազ Սարգիսը, երրորդը՝ Ամիրի տղան, չորրորդը՝ ձուկ Ավետիսը։ Դրանցից այս վերջին երեքը իմ մարդիկներս են. և երեքն էլ առանձին-առանձին ինձ պետք է դիմեն իրենց առաջարկության թղթերը գրել տալու համար, որովհետև նրանցից ոչ մեկը չգիտե, թե մյուսն էլ իմ բարեկամն է։ Ուրեմն նրանց թղթերի հետ ինչ խաղ խաղալը ես կիմանամ։ Մնում է Մելքոն-աղան, որին ես մոտենալ չեմ կարող, որովհետև նա ունի յուր սեփական փաստաբանը, որին դիմում է կարևոր միջոցին։ Նրան այս գործից հեռի պահել կարելի է միայն խնդրելով։ Նա յուր կյանքում շատ կապալներ է վերցրել և շատ էլ մեծ փողեր է աշխատել, եթե դուք հանձն առնեք գնալ և նրան խնդրել, որ այս անգամ ձեռնպահ մնա այս կապալից, նա կարող է հարգել ձեր խնդիրը։ Հակառակ դեպքում կարող եք նրան խոստանալ և առանձին գոհացում։ Եթե կարողանաք ետ կանգնեցնել նրան այս կապալից, ես խոստանում եմ կապալը անատճառ վերցնել ձեզ համար։

Կերթամ, կխնդրեմ, կաղաչեմ, ոգևորությամբ բացականչեց Թովմասը, կերթամ հենց այս րոպեին, եթե կհրամայեք։

Գնացեք մի երկու ժամից ետ, երբ նա արդեն քնից վերկացած կլինի։ Վաղը դատարանը արձակվելուց ետ՝ ես կրկին կգամ ձեզ մոտ։ Եթե մի ուրախ լուր բերած կլինիք ես կմնամ ձեզ մոտ ճաշելու և միասին կխորհրդակցենք գործի մնացյալ կետերի համար, ասաց Միկիթ-բեկը, և ապա շնորհակալություն անելով Թովմասին նրա հյուրասիրության համար՝ դուրս գնաց:

Պ. Թովմասր ճանապարհ դրավ նրան մինչև սանդուղքների վերջը:

Ե

ՄԵԼՔՈՆ-ԱՂԱՅԻ ՄԻԱԿ ՑԱՎԸ

Մինչև նշանակված երկու ժամը լրանալը, պ. Թովմասր կարևոր համարեց շտապել շուկան յուր խանութն ու գործերը աչքե անցնելու, որովհետև վախենում էր, որ յուր բացակայության ժամանակ գործակատարները մի որևէ սխալմունք գործած լինեին։ «Գուցե այս գործը չէ հաջողում, ինչո՞ւ համար իսկականը հավանականին զոհենք», մտածում էր պ. Թովմասը։ Բայց փառք աստուծո, ոչինչ դժբախտություն չէր պատահել, ամեն բան յուր տեղն էր։

Նշանակած ժամերը յուր սիրելի խանութի մեջ անցնելուց ետ վերջապես նա բռնեց Մելքոն-աղայի տան ճանապարհը։ Բայց որպեսզի գործակատարները չիմանային, թե նա կրկին բացակայում է խանութից, պ. Թովմասր դիտմամբ կամ այս խանութի առաջն էր կանգնում ու խոսակցում, կամ այն խանութի, կամ երրորդի, կամ չորրորդի, մինչև որ անզգալի կերպով դուրս գնաց շուկայից, իսկ գործակատարները կարծում էին, թե նա դեռ շուկայումն է գտնվում և ամեն րոպե կարող էր ներս մտնել խանութ։

Այսպես անելը, իհարկե, հարկավոր էր նրանց զգաստ պահելու համար։

Թեպետ կեսօրից չորս ժամ արդեն անցել էր, բայց արեգակը դեռ այրում էր քաղաքի փողոցներում։ Ամեն տեղ անցուդարձը նվազել էր։ Շուկայում խանութպաններից ոմանք քաշվել էին խանութների անկյունը և գլուխները դախլի կամ հաշվետետրերի վերա դրած՝ խոր քնով խռմփում էին, ուրիշներն անգործությունից դադրած՝ հավաքվել էին այս ու այն դրացու մոտ և անհոգությամբ զրույց ու կատակներ էին անում, աշխատելով քեսադ առևտրի օրը շուտով մթնացնելու։ Սակավ էին այն բախտավորները, որոնց օրվա այդ ժամին հաջողվել էր ձեռք գցել ընկերներից ետ մնացած մի գյուղացի, կամ հեռու թաղերից եկած մի անփորձ տղա, և մի փոքր առևտուր անել, վաճառելով նրան ապրանքի հետ միասին և երդումների մի ամբողջ շարական։ Մեծ հրապարակն անգամ, որ քաղաքի միակ բաբախող սիրտն էր, վաղուց անշնչացել էր։ Նպարավաճառները էլ չէին լսեցնում իրենց գովասանական անախորժ բացականչությունները և հաղթահարված տիրապետող տոթից, հազիվ մեկ-մեկ ջուր էին սրսկում թառամող վարունգներին, կամ կանաչեղենի թաբախներին: Հարևան մսագործները ահագին փափախով գլուխները եղոտ կշռասեղանի վրա դրած՝ անուշ-անուշ քնում էին, թողնելով ճանճերին շահատակելու մսի կիսանների վերա, որոնք արևի տաքությունից արդեն դեղնել և չորացել էին. քաղաքի կշիռը նույնպես անգործ ընկած էր։ Պարոն կշռապահը յուր անկեղծությունը ա՛յնտեղ էր հասցրել, որ ծալապատիկ նստել էր կշեռքի լայն թաթերից մեկի վրա և մեծ գավաթով մածնեբրթուշը առջևը դրած՝ ջերմեռանդությամբ ուտում էր, գրգռելով իրեն շրջապատող սակավաթիվ գյուղացիների թե՛ ախորժակը և թե՛ նախանձը։

Ամբողջ քաղաքի մեջ միայն աղա-Մելքոնի պարտեզն էր, որ օրվա այդ տոթագին ժամին զովասուն էր և հովաշունչ էր։ Գեղահասակ բարդիները, որոնք բոլորում էին ամբողջ պարտեղը և հողմի յուրաքանչյուր հոսանքից քաղցր շրշյունով ծածանվում էին աջ ու ձախ, բազմամյա ակաթենիները, որոնք երկուստեք հովանավորում էին աղյուսախճի ճեմելիները և իրենց ձյունաթույր ու ողկուզաձև ծաղկեփնջերով նրանց կանաչազարդ կամարակապը զարդարում, սաղարթախիտ ուռենիները, որոնք շրջաբոլոր եզերում էին ընդարձակ ավազանը և սփռում նրա շատրվանի վերա մի սիրախորժ ստվեր, և վերջապես բազմաթիվ պտղատու ծառերը, որոնք գրավել էին պարտեզի մի ընդարձակ մասը և գունավորել նրան իրենց բազմերանգ պտուղներով, ստեղծում էին այդ արվեստական դարաստանի մեջ մի հովաշունչ և կենսաբեր եղանակ` անծանոթ քաղաքի հասարակաստեղծ մարդիկներին։

Պարտեզի թե' ծառերը և թե' ծաղկածուները արդեն ջրված պատրաստ էին և ավազանի սյունաձև շատրվանը կարկաչաձայն դուրս էր թափում յուր զովարար աղբերակը, երբ աղա-Մելքոն Խալաթյանը սիրեցյալ Անիկային թևն առած` ներս մտավ պարտեզ։ Կես ավուր քնից և լվացվելուց ետ նա սովորություն ուներ իջնել պարտեզ յուր Անիչկայի հետ թարմ օդ ծծելու և միրգ վայելելու համար։

Չնայելով, որ աղա-Մելքոնի տարիքը վաթսունի մոտ էր, և տիկին Անիչկան միայն տասնևհինգ տարով էր նրանից փոքր, այսուամենայնիվ երկու ամուսինները դեռ երիտասարդական քնքշությամբ ողջագուրում էին իրար, մանավանդ երբ նրանք դրսումն էին գտնվում, կամ մի երրորդ անձնավորություն ներկա էր լինում նրանց սիրակցություններին։ Աղա-Մելքոնի համար մեծ զվարճություն էր՝ ցույց տալ օտարներին (թեպետ նրանք այդ չէին պահանջում), որ ինքը անսահման սիրով կապված է Անիչկայի հետ, և որ առանց նրան աշխարհի բոլոր մեծությունները յուր աչքում արժեք չունեին։

Ինչ տիկին Խալաթյանին է վերաբերում, նա պակաս խանդակաթ չէր դեպի յուր ամուսինը. ամենքը գիտեին, որ նա անձնվեր է Մելքոն Կարլիչին. և ազնիվ տիկինը ոչ միայն այդ բանը չէր ծածկում ոչ ոքից, այլև հայտնում էր ամենքին։

Բամբասասեր մարդիկ, որոնք առհասարակ չեն սիրում իրենց գործերով զբաղվել, կամենում էին հավատացնել, որ երկու ամուսինների մեջ իսկապես սեր ասած բանը չկա, բայց նրանք հաշտ են ապրում, որովհետև ինչ որ գաղտնի հարաբերությունների պատճառով, որոնց մեջ յուրաքանչյուրը յուր սեփական հաճույքն էր որոնում, նրանք պարտավորվել էին փոխադարձ զիջումներ անել իրար։

Ի՞նչ գաղտնի հարաբերություններ էին դրանք, կամ ի՞նչ փոխադարձ զիջումներ, մենք, իհարկե, դրանցով չենք հետաքրքրվիլ, ավելի լավ է հավատալ, որ մարդիկ բարի են և առաքինի, քան հետամուտ լինել նրանց չարությունները ճանաչելու։ Մենք, ահա, գոհունակությամբ տեսնում ենք, թե որքա՜ն քաղցր և սիրաժպիտ խոսակցում են իրար հետ երկու ամուսինները, հանդարտ ճեմելով ստվերաշատ ծառերի տակ։

Նայի՛ր, Անիչկա, նայիր մեր ամբողջ պարտեզին, այս ծաղկածուներին, այս վարդե թփերին, այս սիրուն ճեմելիքներին, ինձ թվում է, թե նրանք այսօր մյուս օրերից ավելի գեղեցիկ և հրապուրիչ են, այնպես չէ՞, քաղցրությամբ խոսում էր Մելքոն-աղան յուր Անիչկայի հետ` շրջեցնելով նրան մերթ ակաթենիների ճեմելիքում, մերթ ծաղկանոցի շուրջը և երբեմն զովազարդ ուռենիների տակ։

Իհարկե, նրանք օր-օրի վերա գեղեցկանում են, չէ՞ որ երեկվա կոկոնը այսօր պետք է բացվեր և այսօրվա կանաչ պտուղները մի քանի օրից պիտի կարմրին կամ դեղնին, փիլիսոփայորեն տրամաբանեց Անիչկան։

Ճիշտ այդպես է։ Բայց գիտե՞ս, սիրելիս, ամեն բան մեզ մոտ կատարյալ է. պալատի նման տուն, Շահզադի վայել պարտեզ, փառավոր ապրելու համար մի՞թե էլ մի ուրիշ բան պակասում է մեզ։

Իհարկե ոչինչ։

Ճիշտ այդպես։ Եվ այս բոլորը ես քեզ համար պատրաստեցի, իմ անգին թագուհիս, միայն քեզ համար… Եվ այս ասելով Մելքոն Կարլիչը ամուսնուն թևն առած դուրս եկավ ակաթենիների ճեմելիքից պարտեզի փոքրիկ հրապարակը։

Երկու ամուսինները նստեցին իրենց համար պատրաստած աթոռների վերա, իրենց դեմքերը դարձնելով դեպի պալատանման տունը։

Շուտով երևեցավ փոքրիկ աղախինը, որ սկուտեղի վերա մրգեղեն էր բերում նրանց։

Մելքոն Կարլիչը շտապեց մի շնորհալի ասպետի նման ծառայել տիկին Անիչկային, մաքրելով նրա համար բերած մրգերից ամենաընտիրները։

Բայց հազիվ էին նրանք մի քանի փոխադարձ «համեցեք»֊ներ արել իրար, երբ տան պատշգամբում երևեցավ մի բարձրահասակ, շիկահեր և ծաղկատար երեսով աղջիկ, ձեռքում բռնած ջրով լի աման, որը նա առանց աջ ու ձախ նայելու շտապելուց շուռ տվավ և մեջը եղած ջուրը շռ՜ռ՜… թափեց գեղեցիկ ածուների վերա։

Մելքոն Կարլիչը վեր թռավ տեղից, իսկ տ. Անիչկան քիչ մնաց, որ վախենար։ Շիկահեր աղջիկը տեսնելով նրանց վրդովմունքը, սկսեց քրքիջ բառնալ և ծիծաղել։

Հիմար, լավ բա՞ն ես արել և դեռ ծիծաղո՞ւմ ես, ճչաց ներքևից տիկինը, այստեղ ի՞նչ ջուր թափելու տեղ է։

Բայց շիկահեր աղջիկը փոխանակ նրա նկատողությանը պատասխանելու, թողեց ջրի ամանը վանդակակապի վերա և առաջ անցնելով բացականչեց.

Ա՞յդ ինչ է, դուք արդեն միրգ եք ուտում, և առանց ինձ հայտնելո՞ւ… այս ասելով նա վազեց սանդուղքներով և մի րոպեում իջավ պարտեզ։ Առանց սպասելու, որ իրեն բաժին տային, նա վերցրեց սեղանից մի աման, դարսեց նրա վերա բավականաչափ միրգ և կրկին վազեվազ բարձրացավ պատշգամբը։

Մելքոն Կարլիչի ուրախ տրամադրությունը փոխվեցավ. նա հոնքերը կիտեց և հեռացրեց իրենից մրգի սեղանը։ Տիկինը, իհարկե, ավելորդ համարեց հետևել նրա օրինակին։

Զարմանալի ջղազգաց ես դու, Մելքոն, արժե՞ միթե տխրել այդ չնչին պատճառի համար, նոր հո չե՞ս ճանաչում քո Նատաշին։

Եվ դու այս չնչին պատճառ ե՞ս համարում, հա՞, հարցրեց Մելքոն-աղան գլուխը շարժելով։

Իհարկե, նա այդպես ծնվել, այդպես էլ մեծացել է, նորից հո չե՞ս կարող փոխել նրան։

Նա այդպես չէր ծնվել, Անիչկա, բայց դու նրան այդպես մեծացրիր, վշտալի ձայնով նկատեց Մելքոն-աղան։

Ե՞ս, ե՞ս նրան այդպես մեծացրի, ե՞ս ուրեմն նրան փչացրի, վրդովելով հարցրեց Անիչկան։

էլ հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ, Անիչկա. ինչ որ եղել է, եղել է… Չէ, ես կամենում եմ, որ դու ինձ կրկնես քո մեղադրանքը. մի՞թե, ուրեմն, ես եմ փչացրել Նատաշին։

Չէ, սիրելիս, դու ի՞նչ մեղավոր ես. ես եմ մեղավոր, որ նրան քո հույսով թողեցի։

Դու էլի նույնն ես կրկնում, անգութ, ճչաց տիկինը լացի ձայնով, ուրեմն էլ ավելորդ է, որ ես ապրեմ քեզ մոտ, որովհետև ես փչացնում եմ քո աղջկանը… Այս ասելով Անիչկան հեռացրեց իրենից մրգի ամանը և սկսեց հեկեկալ։

Օ՜, այդ չափազանց է, այդ երեխայություն է, հանդարտվի՛ր. ես կատակ արի. իհարկե, դու ի՞նչ մեղավոր ես, որ Նատաշան այդպես հիմար աղջիկ է. դու հո՛ քո որդու թշնամին չես. քաղցրությամբ սկսեց ամոքել կնոջ սիրտը Մելքոն-աղան։

Չէ, այդ առաջին անգամը չէ, վրդովված խոսեց Անիչկան. դու մի քանի անգամ էլ միևնույն տեսակ նկատողություններով վիրավորել ես իմ սիրտը. ես եմ հիմարը, որ քո պակասությունների, քո անվայել վարմունքների մասին ոչինչ չեմ խոսում, լռում, պապանձվում եմ. ի՞նչ կանեիր, եթե քո արածներից հենց միայն մեկը լույս աշխարհ հանեի…

Մելքոն-աղան տեսավ, որ մեծ սխալմունք է գործել միջընտանեկան պայմանի դեմ մեղանչելով. ախր չէ՞ որ երկու ամուսիններն էլ իրենց սեփական պակասություններն ունեին և հենց դրա համար նրանք պարտավորվել էին փոխադարձաբար չտեսնել միմյանց թերությունները։ Ի՞նչ իրավունքով, ուրեմն, ինքը այդ նկատողությունը արավ Անիչկային։ Այժմ էլ եթե նա սկսեր իրեն հայտնի գործերի մասին նկատողություններ անել, դա խո՞ կատարյալ խայտառակություն կլիներ։ Հարկավոր էր, ուրեմն, փակել խնդիրը, ինչ միջոցով էլ որ լիներ։

Ա՛նիչկա, հո՛գյակս դու մի նեղանար, որ ես երբեմն-երբեմն ակամա սխալմունքներ եմ գործում, ես երբեք էլ քեզ վիրավորելու ցանկություն չեմ ունեցել։ Ի՞նչ անեմ, անիծվի Նատաշան. նա այնպես հիմարություն արավ, որ ինձ սաստիկ վրդովեց։ Ախար ի՞նչպես կարելի է կեղտոտ ջուրը ծաղիկների ածուի վերա թափել։ Այդ բանում, իհարկե, ոչ դու ես մեղավոր և ոչ ես. երբ աստված կամենում է մեկին պատժել՝ նրան այս տեսակ ժառանգ է տալիս։ Ուրեմն ներիր ինձ, հոգիս. ներիր, ես ակամա վիրավորեցի քեզ։

Տիկինը լուռ էր և ոչինչ չէր խոսում. բայց նրա ինքնասիրությունը ըստ երևույթին գոհություն էր ստացել ամուսնու զղջումը տեսնելով. երկու մեղմ խոսքեր էլ՝և Անիչկան կներեր յուր ամուսնուն։

Դու չե՞ս խոսում ինձ հետ, Անիչկա, քաղցրությամբ կրկնեց Մելքոն-աղան. բայց չէ՞ որ ես ներողություն խնդրեցի։

Տիկինը ծանրությամբ բարձրացրեց աչքերը, մի ներող հայացք ձգեց յուր ամուսնու վերա և ժպտաց։ Այդ նշան էր, որ, ուրեմն, հաշտությունը տեղի ունեցավ։ Մելքոն-աղան սեղմեց կնոջ ձեռքը ի նշան շնորհակալության։

Բայց ի՞նչ պիտի անենք վերջապես այս աղջկան, կամացուկ ձայնով շշնջաց Անիչկան ամուսնու ականջին, երբ նրանք թև ի թև մտան կրկին ծառուղիների մեջ։

Այդ աղջկա՞ն… այո՛, այդ հարցը ուշադրության արժանի է։ Քանի որ Նատաշան մեր տանն է, նա մեզ միշտ կվրդովե. պետք է հնար մտածել մի կերպով նրան ամուսնացնելու։

Բայց ո՞ւմ հետ ամուսնացնել. ո՞վ կհոժարի նրա հետ ամուսնանալու. գեղեցկությունից՝ գեղեցկություն չունի. շնորհքից՝ շնորհք չունի. խելքն էլ հո՝ աստված տա։ Ինչ ասես, որ ես դրա համար չեմ արել. ինչ նեղություն ասես, որ ես չեմ կրել, ռուսերեն սովորեցրել եմ, ֆրանսերեն սովորեցրել եմ, մուզիկ սովորեցրել եմ. լավ հագցրել եմ, լավ ապրեցրել եմ, էլ ի՞նչ պետք է անեի. երբ որ աստված խելք չէ տվել, ես հո չէի կարող նրա գլխի մեջ զոռով խելք էլ թափել։

«Երբ դու ինքդ չունիս այդ խելքը, որտեղի՞ց կարող էիր նրա գլխի մեջ թափել», խոսեց ինքը յուր սրտում Մելքոն-աղան և ընկավ մտատանջության մեջ։ Նա մտքով թռավ դեպի հեռու անցյալը, դեպի այն բախտավոր օրը, երբ վեց արու զավակներից հետո աշխարհ եկավ Նատալիան, և լցրեց յուր ծնողների ցանկությունը. որ էր՝ աղջիկ ունենալ յոթերորդ զավակը։ Եվ այդ օրը ի՜նչ հույսեր, ի՜նչ ոսկի երազներ չուներ Մելքոնը, իբրև բախտավոր հայր։ Նա հավատում էր, որ մի օր այդ աղջիկը կռվածաղիկ կդառնա քաղաքի երիտասարդների համար։ Հարուստ և գիտնական փեսացուները կվխտան յուր դռներում, և ինքը, իբրև միակ տեր չքնաղագեղ աղջկան, յուր անբռնաբարելի իրավունքով փեսացու կընտրեր նրան, որին ինքը կկամենար, որին յուր սիրտը կսիրեր… Նատալիան հետզհետե մեծանում էր. մի օր նա գեղեցիկ էր ինչպես հրեշտակ. բոլոր տեսնողները հիանում էին նրանով, երանում էին նրա ծնողներին, ամենափառավոր ապագա էին գուշակում նրա համար։ Բայց ավա՜ղ, ամեն բան կորավ նրա անփույթ, պճնասեր և միայն ինքը յուրմով զբաղվող մոր շնորհիվ։ Երեխան մեծանում էր. հայրը յուր գործերով էր զբաղված, մայրը յուր հագուստներով ու այցելություններով։ Չկար մեկը, որ մտածեր ազատելու խեղճ աղջկան նախասահմանյալ հիվանդությունից։ Նրա ծաղիկը չհոգացին պատվաստելու և այդ հիվանդությամբ վարակվեցավ նա, երբ ծաղիկը դրացիների տներում կոտորածներ էր անում։ Շատ ուշ ճանաչեց տիկինը յուր սխալը. բայց էլ նրան ուղղելու հնար չկար։ Մելքոն-աղայի բոլոր ջանքը միայն այն եղավ, որ յուր աղջկանը վերահաս մահից ազատել կարողացավ. բայց խեղճի դեմքը այնքան ծաղկատար, այնքան այլանդակված էր, որ նրա վերա նայել չէր լինում։ Այս հանգամանքը բավական էր, որ տիկին Անիչկան բարձիթողի աներ յուր աղջկան։

Կան մի տեսակ մայրեր, որոնց կրծքի տակ' ծնողական գթո և գորովի փոխարեն՝ միայն ինքնասիրություն և փառամոլություն է սնանում։ Այդպիսիները իրենց զավակների վերա նայում են ինչպես իրենց զարդարանքների վերա, որոնք քանի նոր են և պսպղուն՝ ծաոայում են իրենց պարծանքին, բայց հենց որ հնացան, կոտրվեցան, էլ կորցնում են իրենց արժեքը. և նրանք շպրտում են նրանց սնդուկի այն անկյունը, ուր փոշին կամ ցեցը պիտի մաշե նրանց մնացորդը։

Տիկին Անիչկան այդ մայրերից մինն էր։ Հենց որ նա յուր Նատաշի դեմքը ծաղկատար տեսավ, էլ սառեցավ նրա մեջ յուր աղջկա համար հոգալու բոլոր եռանդը։ Ի՞նչ բան էր այդ այլանդակված աղջիկը, եթե ոչ նախատինք և ամոթ յուր մոր համար։ Նա նրա հետ չէր կարողանում երևալ ո՛չ փողոցում, ո՛չ եկեղեցում, ո՛չ յուր բարեկամների տանը։ Տեսնողները պիտի կարծեին, թե Նատաշան յուր աղախինն է և ոչ յուր աղջիկը։ Եվ իրա՛վ, ի՞նչպես կարելի էր, որ տիկին Խալաթյանը, այն գեղեցիկ և պճնվող Անիչկան, այդպիսի մի այլանդակ աղջիկ ունենար… Այդ պատճառով նա ընդմիշտ թողեց նրան տան մեջ յուր աղախինների հոգատարության ներքո, որոնք նրանից շինեցին այն, ինչ որ կարող էին. այսինքն մի համառ, ստահակ, բարոյապես և մտավորապես փչացած աղջիկ։ Ճշմարիտ է, վերջերում, երբ Մելքոն-աղան. սահմանափակեց յուր լայնածավալ գործերի շրջանը, նա առանձին ուշադրություն դարձրեց յուր աղջկա վերա, և համաձայն ընդունած սովորութ յան՝ վարձեց նրա համար ռուսերենի, ֆրանսերենի և մուզիկի վարժուհիներ, և ամեն միջոց գործ գրավ նրան ըստ պատշաճին կրթելու և դաստիարակելու, բայց բոլոր այդ հոգսերը ուշացել էին արդեն։ Նատալիան թութակի նման սովորեց մի քանի բան, բայց և այնպես նա մնաց միշտ միևնույն փչացած և կորած աղջիկը…

Այս բոլոր անցյալը մի քանի վայրկյանի մեջ մտաբերեց Մելքոն-աղան և ծանր հառաչեց։

Ինչո՞ւ համար ես հառաչում, քնքշաբար հարցրեց տանտիկինը, որ դեռ կախված էր նրա թևից և կարծես տեսնում էր յուր ամուսնու մտատանջության առարկան։

Նրա համար, որ մի քանի վայրկյան առաջ ես ինձ ամենաբախտավոր մարդն էի կարծում աշխարհի մեջ, և չէի մտաբերում իմ այս թշվառ և ողորմելի աղջկան, որի դժբախտության պատճառը մենք ինքներս ենք։

Էհ, ի՞նչ բանի վերա ես մտածում, արժե՞ միթե այդքան չնչին պատճառի համար տխրել։ Մի աղջիկ է. ինչպես որ լինի կամուսնացնենք։ Ասենք թե ես ասում եմ տգեղ է, բայց այնքան էլ հո տգեղ չէ, որ տանը մնա։ Արհեստավորներն անգամ իրենց կաղ ու կույր աղջկերանց մարդու են տալիս, հիմա ինչ պատահեցավ, որ Մելքոն-աղայի աղջիկը տանը մնա։ Եվ վերջապես ի՞նչ է պակսում մեր Նատաշին. գեղեցիկ հասակ, առողջ կազմվածք, սիրուն աչքեր. մի փոքր երեսն է ծաղկատար էլի'. դա Հո մի մեծ պակասություն չէ։ Իսկ դրա փոխարեն, որ նա լեզուներ է սովորել, մուզիկ գիտե և էլ ուրիշ չգիտեմ ինչ բաներ, մի՞թե դրանք ոչինչ։ Ուսում առած տղաները այնքան էլ աղջկա գեղեցկության չեն նայում, այլ նրա գիտությանը։

Բայց ո՞րտեղ են այդ ուսում առած տղաները, որ համաձայնվեն քո աղջկա հետ ամուսնանալու։

Ամեն տեղ. ա՛յ մեկը հենց իմ հորանց դրացի Մարալյանի եղբոր տղան չէ՞…

Ո՞րը։ Թովմասի եղբոր տղա՞ն։

Այո՛։ Թովմասի եղբոր տղան. անցյալները մայրը ասում էր, թե այս տարի ավարտում է յուր ուսումը. ասում էր, թե պետք է բերեմ և ամուսնացնեմ։

Մելքոն-աղան ծիծաղեց։

Ինչո՞ւ համար ես ծիծաղում։

Նրա համար, որ դու կարծում ես, թե Թովմասի եղբոր տղան, այն էլ Թիֆլիսից վերադարձող տղան, պիտի գա և մեր աղջկան ուզե։ Ուրիշ մարդ ունիս՝ նրա համար խոսի՛ր։

Թովմասի եղբոր տղան ի՛նչ մի մեծ մարդու որդի է, որ մեր աղջիկը չուզե. նրանից շատ լավերը ոտքդ կհամբուրեն։

Այդ լավերը դեռ չգիտեմ ինչ կանեն, միայն նրա համար ասում եմ, որ նա չի ուզիլ։

Վերջապես ինչ մեծ ցավ է դառել քեզ համար Նատաշան, մի՞թե նա այդքան էլ դեն գցած աղջիկ է։

Այո՛, Անիչկա. նա է իմ միակ ցավը. նրանից ի զատ ես ուրիշ ցավ չունիմ։

Լավ, ի՛նձ թող նրան ամուսնացնելու հոգսը։ Այս խոսքի վերա դռան հնչակը քաշեցին, և մի վայրկյանից ետ երևեցավ ծառան, որ հայտնեց թե` պ. Թովմաս Մարալյանր կամենում է Մելքոն֊աղային տեսնել։

Երկու ամուսինները զարմացած սկսան նայել իրար վերա։ -«Անունը տո՛ւր, տեղը գցի», ասաց Մելքոն-աղան. այս ո՞ր խաչից է։

-«Մատաղը յուր ոտքով է եկել, այ մարդ», շշնջաց տիկինը.-կանչել տու՛ր նրան և ձեռքից բաց մի՛ թողնիլ, կարելի է իմ Նատաշի բախտից աստված է ղրկել նրան այստեղ։ -Այս ասելով տիկինը հեռացավ և Մելքոն֊աղան հրամայեց ծաոային հրավիրել պ. Մարալյանին պարտեզ։

Զ

ԵՐԿՈԻ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՇԱՀԱՎՈՐ

-Բարով, բարով, հազար բարով եկաք դուք մեզ մոտ. այս ո՞ր խաչից է, ո՞ւմնից պետք է շնորհակալ լինինք,- ուրախ դեմքով ու ձայնով դիմավորեց Մելքոն֊աղան պ. Թովմասին, երբ վերջինս ներս մտավ պարտեզի դռնով։

Թովմասը, որ այսպիսի ընդունելություն չէր սպասում Մելքոն-աղայից, մի քանի րոպե ուրախությունից ինքն իրեն կորցրեց։ Բայց շուտով խելաբերելով, որ ինքը նույնպես Մելքոն֊աղայից պակաս մարդ չէ և որ այդ ընդունելությունը հենց իրեն նման պատվավոր մարդու էլ կվայելեր, լուրջ կերպարանք առավ։

-Վաղուց ցանկանում էի այցելություն անել ձեզ, ասաց նա Մելքոն-աղային. դուք ամեն բանի մեջ փորձված եք, և մանավանդ իբրև վաճառական, դուք աննման եք։ Ով որ մոտիկ բարեկամ է ձեզ և կարող է օգուտ քաղել ձեր իմաստուն խորհուրդներից, իմ կարծիքով նա ամենաբախտավոր մարդն է մեր աշխարհում։ Տեսնելով որ ես միայնակ եմ և շատ գործերի մեջ կարոտ եմ մի իմաստուն խորհրդականի, որոշեցի, ինչպես որ լինի, վաստակել ձեր բարեկամությունը։ Ահա այս նպատակով էլ ես այսօր այցելում եմ ձեզ։ Հույս ունիմ, որ դուք չեք մերժիլ այդ բարեկամությունը, որ ես խոնարհաբար առաջարկում եմ ձեզ։

-Շատ ուրախ եմ, շատ ուրախ,- պատասխանեց Մելքոն-աղան: Սկզբից էլ ես այնքան հավանել եմ ձեզ, թե՛ իբրև մասնավոր մարդու և թե՛ իբրև վաճառականի, որ ես ամենամեծ ուրախությամբ կընդունեմ ձեր բարեկամությունը։ Ինչով կարող եմ օգնել ձեզ, ասացեք, ես պատրաստ եմ ձեզ ծառայեյու։

Շնորհակալ եմ, դուք չափազանց բարեսիրտ եք, այո՛, ես ձեզանից մի շնորհ խնդրելու եկա, բայց այդ շնորհը այնքան մեծ է, որ ես արդարև ամաչում եմ ձեզ հայտնելու: Իմ խնդրածս իսկապես շնորհ էլ չէ, այլ մի զոհաբերություն… Եվ այս է պատճառը, որ ես չեմ կարողանում վստահությամբ հայտնել ձեզ իմ խնդիրը։

Խնդրեմ, խնդրեմ, դուք իրավունք ունիք ամենայն վստահությամբ ինձ հետ խոսելու։ Ինչ էլ որ լինի ձեր խնդիրը, ես հոժարությամբ կկատարեմ, միայն թե կարողանամ։

Կարողանալը` կարող եք, բայց չգիտեմ, իրավունք ունիմ արդյոք այս տեսակ խնդիր ձեզ առաջարկելու։

Դեռ հայտնեցեք ձեր խնդրի տեսակը, այն ժամանակ կտեսնենք` կարո՞ղ ենք, թե ոչ, ծիծաղելով նկատեց Մելքոն-աղան։

Շատ լավ. ահա թե բանը ինչումն է։ Առաջիկա շաբաթ, զորքի մեծավորի տանը…

Այո, գնդապես Սոլատկովսկու մոտ, ընդհատեց Մելքոն-աղան։

…Աճուրդ պետք է լինի։

Զորքի հացը, միսը և խմիչքը կապալով տալու համար, գիտեմ, շարունակեցեք։

Պ. Թովմասը լռեց։ Մելքոն-աղայի այդ աստիճան գործին տեղյակ լինելը նրա վերա վատ ազդեցություն արավ։ «Այս մարդը, որ այս աստիճան է զբաղվում այս գործով և դեռ բերանս չբացած ամեն բան գիտե, հազիվ թե զիջանե իմ խնդրին. ավելի լավ է լռեմ և իմ պատվով հեռանամ այստեղից…», զգուշաբար մտածեց Թովմասր և մի տարակուսական հայացք ձգեց Մելքոն-աղայի վրա։

Հա։ Ինչո՞ւ չեք շարունակում, հարցրեց վերջինս։

Թովմասր լուռ էր և դարձյալ նայում էր նրա վերա։ Դուք ինձ զարմացնում եք ձեր լռությամբ, մի թե մի բան պատահեց ձեզ, խոսեցեք. ի՞նչ եղան աճուրդը, կապալը, դուք դրանց մասին էիք ուզում խոսել։

Ես այլևս չեմ ուզում դրանց մասին խոսել։

Ինչո՞ւ:

Որովհետև կարծում եմ, որ իմ խնդիրը դուք պիտի մերժեք։

Զարմանում եմ. ո՞րտեղից կարող եք իմանալ, թե ես կմերժեմ ձեր խնդիրը, քանի որ նրա մասին ես դեռ մի խոսք էլ չեմ արտասանել։ Ընդհակառակն, ինչ դժվար խնդիր էլ որ լինի ձեր խնդիրը, դարձյալ ես պիտի աշխատեմ նրան կատարելու, եթե միայն ուժերս կներեն։

Թովմասը մի փոքր սիրտ առավ և շարունակեց.

Իմ խնդիրը, Մելքոն-աղա, կայանում է հետևյալում: Ինչպես ահա գիտեք, առաջիկա շաբաթ աճուրդ պիտի լինի գնդապետի տանը։ Մեր քաղաքում, որքան ինձ հայտնի է, միայն չորս հոգի կան, որոնք կցանկանան այդ աճուրդին մասնակցելու։ Բայց այդ չորս հոգիների մեջ միայն դուք եք զորեղը, և եթե ցանկացաք, անպատճառ դուք էլ կվերցնեք կապալը։ Բայց որովհետև ես էլ եմ ցանկանում այս անգամ այդ աճուրդին մասնակցել և իմ բախտը մի անգամ կապալի մեջ էլ փորձել, ուստի եկա ձեզ խնդրելու, աղաչելու, որ եթե հնար է, այս անգամ դուք ձեռնպահ մնաք այդ կապալից, գուցե աստված հաջողում է և ինձ վերա է մնում նա։ Մյուս երեք անձինքները ինձ համար երկյուղալի չեն. ես կարող եմ նրանց հեռացնել այդ գործից, բայց դուք կարող եք ինձ արգելք լինել, այդ պատճառով էլ եկել եմ ձեզ աղաչելու, որ այդ զիջումը անեք ինձ, եթե հնար է։

Մելքոն-աղան ընկավ մտածության մեջ։ Թովմասը ակնապիշ նայում էր նրա վերա և սրտատրոփ սպասում նրա այն պատասխանին, որ միանգամով պիտի բախտավորեցներ և կամ դժբախտացներ իրեն։

Որքան էլ որ ցանկանում եմ ձեր խնդիրը չմերժելու, վերջապես խոսեց Մելքոն-աղան, այսուամենայնիվ հնար չեմ գտնում իմ ցանկությունը կատարելու։ Դեռ մի քանի օր առաջ ես գնդապետի տանն էի (պետք է ասած, որ մենք նրա հետ շատ մտերիմ և բարեկամ ենք)․ ես նրան խոստացա։ թե այդ կապալը անպատճառ ես կվերցնեմ, որքան էլ նրա պայմանները ձեռնտու չլինեն։ Պ․ գնդապետը միևնույնը խնդրեց ինձ, որովհետև մինչև այժմ իմ վերցրած կապալներով միշտ գոհ են մնացել ինձանից թե՛ զորքը և թե՛ նրա մեծավորները։ Այժմ ես չգիտեմ, թե ի՞նչպես կարող եմ իմ խոստման հակառակը գործել։ Դա ինձ համար մեծ անպատվություն կլինի։

Այսուամենայնիվ դուք կարող եք այդ անել, եթե կամենաք։

Գիտե՞ք ինչ կա, պ. Թովմաս. այդպիսի մի զիջողություն եթե ես անեմ ձեզ, ինձ վերա բոլորը կծիծաղեն, սկսած գնդապետից մինչև վերջին սպան, որովհետև այդ տեսակ մի զիջողություն ես իրավունք ունիմ անելու միայն իմ ազգականներից մինին։ Ի՞նչ կասեն ինձ այդ մարդիկը, եթե իմանան, որ ես իմ իրենց տված պատվավոր խոսքը ետ եմ առնում լոկ մի օտար մարդու խնդրանաց զիջանելու համար։ Գոնե եթե դուք իմ ազգականներից մինը լինեիք, իմ վարմունքը մի փոքր բնական կլիներ։

Ի՞նչ կա, մի՞թե չեք կարող ինձ էլ իբր ազգական ներկայացնել նրանց։

Օ՜, այդ անկարելի է. այդ կնշանակե նրանց խաբել, այդ կնշանակե այսքան տարվա իմ նրանց մոտ ունեցած վարկն ու համարումը արատավորել. չէ, այդ անկարելի բան է։

Ուրեմն դուք մերժո՞ւմ եք իմ խնդիրը, հուսահատ ձայնով հարցրեց Թովմասը։

Մելքոն-աղան չպատասխանեց. նա մտածում էր։

Այս լռությունը գրավեց Թովմասի ուշադրությունը, նրա սրտի մեջ սկսեց մարմնանալ մի նվազ հույս՝ «Գուցե դեռ կփոխե յուր միտքը, գուցե դեռ կբախտավորացնե ինձ», մտածում էր նա, և Թովմասի հույսը պարապ չելավ։ Մ՛ի քանի րոպեաչափ մտածելուց հետո, Մելքոն-աղան դարձավ Թովմասին հետևյալ հայտարարությամբ.

Սիրելի Թովմաս, դուք պետք է իմանաք, որ ես, ինչպես առաջ էլ ասացի, ձեզ սիրում ու հարգում եմ: Ձեր խնդիրը բացե ի բաց մերժելը ինձ համար այնքան դժվար է» որքան և դժվար է գնդապետին տված պատվավոր խոստմանս դրժելը։ Բայց որպեսզի ոչ ձեր խնդիրը մերժեմ և ոչ գնդապետի մոտ խայտառակվիմ, ահա թե ես ինչ նոր բան մտածեցի այս րոպեին։ Դուք կարծեմ մի լավ եղբոր որդի ունիք, որ այժմ սովորում է Թիֆլիսում։

Այո՛, մեր Պետրոսը մի շատ լավ տղա է։

Լսել եմ, շատ լավ տղա է. աստված պահե։ Ես էլ ինչպես գիտեք, մի շատ խելոք աղջիկ ունիմ. մի պատվական աղջիկ։ Ես կարծում եմ, որ լավ կանենք, եթե միմյանց պատվավոր խոսք տանք ձեր Պետրոսն ու իմ Նատալիան իրար հետ ամուսնացնելու և այսպիսով խնամիներ դառնալու։ Այնուհետև շատ հեշտ կլինի ինձ համար զիջանել ձեզ կապալը. և գնդապետն էլ ներողամտությամբ կնայի այս գործի վերա, որովհետև այդպիսով ես կապալը իմ ազգականներից մինին կլինեմ հանձնած։

Թովմասը ուրախությունից քիչ էր մնում, որ խելագարվի։

Դուք ինձ կրկնակի եք բախտավորացնում, Մելքոն-աղա, հրճվանքով բացականչեց Թովմասը, տվեք ինձ ձեր ձեռը, ես համաձայն եմ. ձեր Նատալիան իմ սիրելի հարսն է այսօրվանից, և այս ասելով նա ջերմությամբ սեղմեց Մելքոն-աղայի ձեռքը։

Դուք համաձայն եք. շատ բարի, բայց եթե Պետրոսը գա և չկամենա լսել ձեզ, այն ժամանակ ի՞նչ կանեք։

Պետրո՞սը, ինձ չլսե՞. հա՜, հա՜, հա՜. մի՞թե կարծում եք, թե նա կհամարձակվի ինձ չլսել. նա, որին ես դեռ մանուկ հասակից իմ հացով պահել, մեծացրել, ուսում եմ տվել և քանի՜-քանի՜ հազարներ նրա համար վատնել եմ։ Ոչ, դրա համար մի՛ երկբայեք։ Պետրոսը իմ որդին է. նա միշտ ինձ հնազանդ է եղել և այս անգամ էլ նա չի համարձակվիլ իմ խոսքից դուրս գալու։ Եվ մի՛թե բոլոր իմ այս չարչարանքները նրա համար չեն. Պետրոսից զատ էլ ո՜վ ունիմ։

Եթե գուք ինձ պատվավոր և վճռական խոսք եք տալիս, որ իմ Նատաշին անպատճառ կառնեք Պետրոսի համար, ես էլ ձեզ խոսք եմ տալիս անպատճառ զիջանել ձեզ կապալը, որ, իհարկե, մի շատ մեծ զիջողություն է. ըստ որում դա կնշանակե հրաժարվել տարեկան երեսուն հազար ռուբլի օգուտից… Եվ ես այդ զիջողությունը անում եմ այն մտքով, թե ձեր օգուտն էլ այսուհետև իմն է, որովհետև իմ աղջիկը ձեր տան հարսն է լինելու։

Իհարկե, իհարկե, և ես դրա համար ձեզ պատվավոր և վճռական խոսք եմ տալիս, իսկ իմ խոսքի գրավականը ահա՛, և նա հանելով իր ճկույթից յուր փոքրիկ ադամանդյա մատանին, որ նա մի անգամ նվեր էր ստացեք յուր մի բարեկամ հաճախորդից, տվավ Մելքոն-աղային։

Վերջինս ընդունեց այդ գրավականը հոգվո ներքին ուրախությամբ. բայց որպեսզի ճրագը գրվանի տակ չմնար, նա թույլատվություն խնդրեց Թովմասից՝ կանչել և յուր կնոջն ու աղջկանը և նրանց էլ հայտնել այս բախտավոր նորությունը։

Որովհետև գործը միայն ինձ ու ձեզ չէ վերաբերում, ասաց Մելքոն-աղան գործնական մարդու նախատեսությամբ, լավ է որ մեր այս բարեկամական պայմանադրությունը հաստատվի նաև իմ կնոջ ու աղջկա ներկայությամբ։ Աշխարհ է. ո՞վ գիտե, թե վաղը ինչ նորություններ կստեղծվին և գուցե կստիպեն էլ մեզանից մինին դրժել յուր պատվավոր խոստմանը։ Բայց որովհետև այդ տեսակ վարմունքը ամոթապարտ պիտի կացուցանե հանցավոր կողմը, գոնե թող մեզ համար վկաներ ունենանք, որ հարկավոր դեպքում մատնացույց անեն նրանք հանցավոր կողմի վերա։ Բացի այդ, այս տեսակ ծանրակշիռ բարեկամության խոստում անելուց առաջ դուք կատարյալ իրավունք ունիք ձեր հարսնացուն տեսնելու և ձեր ազատ կարծիքը նրա մասին մեզ հայտնելու։ Ո՞վ գիտե. գուցե իմ աղջիկը ձեզ անգամ հավանելի չէ. ինչո՞ւ համար ապագայում ծնվելիք գժտությունները այսօրվանից ևեթ չխափանենք։

Շատ խելոք խոսք եք ասում, Մելքոն-աղա. դրան ես հակառակվել չեմ կարող. կանչեք այստեղ իմ խնամուն ու հարսնացուին. և թող նրանք էլ իմանան մեր որոշումը։ Բայց կապալի գործի մասին, խնդրում եմ, դուք ոչինչ չհիշեք նրանց մոտ. մանավանդ իմ հարսնացուն չպետք է իմանա, թե այսպիսի մի գործի շնորհիվ է կայանում մեր մեջ այս բարեկամությունը։ Այդ բանը կարող է նրան վշտացնել։

Իհարկե, իհարկե, ինչ հարկավոր է կնոջ հետ առևտօլըւգրական գործերի մասին խոսել. այդ կողմից ևս ավելի խիստ եմ։ Այս ասելով Մելքոն-աղան ներողություն խնդրեց Թովմասից և գնաց կնոջն ու աղջկանը կանչելու։

Պ. Թովմասը սկսավ ճեմել պարտեզի սիրուն ճեմելիթներից մինում և զմայլմամբ դիտում էր մերթ այդտեղի գեղեցկությունները, և մերթ Մելքոն-աղայի հոյակապ ապարանքը, որ մի շքեղ պալատի նման ձգվում էր պարտեզի ամբողջ լայնությամբ։

Տեր աստված, այսքան խելքի ու իմաստության հետ այսքա՞ն էլ միամտություն, մտածում էր ինքն իրեն պ. Թովմասը. մի մարդ, որ այնքան խելք, շնորհք, ընդունակություն է ունեցել այսքան մեծ հարստություն և փառք ձեռք բերելու, ինչպես չէ հասկանում, որ ինձ նման մարդու համար մեծ պատիվ և մեծ փառք է իրեն հետ բարեկամանալ։ Դեռ չեմ հիշում այն ահագին շնորհը, որ նա անում է ինձ, հեռանալով հարյուր հազարանոց կապալից։ Ուրեմն ինչո՞ւ կասկածել՛ թե ես կարող եմ իմ խոստմանը դրժել։ Մելքոնի աղջիկս, ճշմարիտ է, ասում են որ գեղեցիկ չէ, բայց ի՞նչ հարկավոր է իմ եղբոր որդուն գեղեցկությունը, քանի որ նրա հարսնացուն քաղաքի ամենաառաջավոր մարդու աղջիկն է և ի դեպ, եթե ես չլինեմ էլ, դարձյալ նա յուր հարուստ աներոջ շնորհիվ փողի կամ ապրուստի կարոտություն տեսնելու չէ երբեք։ Իմ եղբորորդին այնքան հիմար չէ, ես կարծում եմ, որ չգնահատե այս առավելությունները։ Գեղեցկությունը մի փայլ է, որին ոչնչացնում են առաջին պատահած վիշտն ու նեղությունները. բայց հարստության առաջ ոչ միայն չքանում են ամեն տեսակ վշտեր, նեղություններ և ցավեր, այլև ուրախություն չեղած տեղը ուրախություն է բսնում, զվարճություն չեղած տեղը զվարճություն է ստեղծվում… Չէ, սա մի բախտ է, որին իմ պատճառով արժանանում է Պետրոսը և նա պետք է երախտապարտ լինի յուր հորեղբորը։ Մինչդեռ Թովմասը այս խորհրդածություններն էր անում, այգին մտան Մելքոն-աղայի հետ միասին տիկին Անիչկան և օրիորդ Նատալիան, երկուսն էլ վայելուչ կերպով կոկված ու հագնված։

Պ. Թովմասը թեպետ երբեք առիթ չէր ունեցել ասպետական օրենքները ուսումնասիրելու, այսուամենայնիվ նա զգաց, որ հարկավոր էր հանել յուր գլխարկը և ժպտերես դիմավորել յուր խնամուն ու հարսնացուին։

Վերջիններս շատ սիրալիր ընդունեցին պ․ Թովմասին ողջույնը և ծանոթանալով նրա հետ, ջերմագին սեղմեցին նրա ձեռը։

Տիկինը առաջարկեց բոլորին էլ նստել ծաղկանոցի առաջ շարված աթոռների վերա։

Սովորական հարց ու բարևից ետ, Մելքոն-աղան հանդիսավոր կերպով կանգնեց նրանց մեջ և բառերի հստակ ու որոշ արտասանությամբ հայտարարեց, որ պ. Թովմաս Մարալյանը շնորհ է բերել յուր մոտ՝ իրենց սիրելի Նատալիայի ձեռքը յուր եղբոր որդի Պետրոսի համար խնդրելու և որ ինքը այդ բանին սրտով համաձայն է, սակայն հարցնում է և տիկին Անիչկայի կամքը։

Վերջինս կարելվույն չափ քրքրվելով և կարելվույն չափ գեղեցիկ ժպիտով պատասխանեց. «Ես այնքան շատ լավ բաներ եմ լսել պ. Թովմասի եղբոր որդու համար, և այնքան գովություններ՝ նույնիսկ պ. Թովմասի և յուր ընտանիքի վերաբերությամբ, որ ես ոչ միայն պատճառ չունիմ մերժելու նրա առաջարկությունը, այլև շատ ուրախ կլինեմ նրան ընդունելով։ Իմ Նատաշան այնքան քնքուշ, այնքան ուրախ և այնքան սիրելի պահված աղջիկ է, որ բացի պ․ Թովմասի ընտանիքը, ուրիշ որևէ ընտանիք ես արժանի չեմ գտնիլ նրա հարսնության, հետևապես ես տալիս եմ իմ համաձայնությունը»։

Պ. Թովմասը, որին ըստ երևույթին շատ դուր եկավ յուր խնամու փոքրիկ, բայց ազդու ճառը, խորը կերպով գլուխ տվավ տիկին Անիչկային ի նշան ամենաանկեղծ շնորհակալության։

Իսկ Մելքոն-աղան, որ փորձված վաճառականի նման աշխատում էր պայմանագրի բոլոր կետերի համար բանավոր ստորագրություն առնել Թովմասից, մոտեցավ նրան և թուրքերեն լեզվով հարցրեց. «Հավանո՞ւմ ես իմ աղջկան, թե ոչ․ նա քո առաջ կանգնած է. կարող ես լավ նայել, քննել և ապա քո ազատ կարծիքը հայտնել»։

- Քո աղջիկը հրաշալի է, իմ եղբոր որդին հազիվ թե արժանի է նրան,- պատասխանեց նույն լեզվով Թովմասը: Եվ այս խոստովանությունը բոլորովին անկեղծ էր։

Այդ ժամանակ Մելքոն-աղան ետ դարձրեց Թովմասին նրանից ստացած մատանին, որպեսզի սա ինքր յուր ձեռքով հագցնե այն յուր հարսնացուին։ Թովմասը ուրախությամբ կատարեց և այդ վերջին պարտականությունը, հայտնելով միևնույն ժամանակ, որ այդ մատանին իսկապես նշանադրության ընծա համարելու չէ, այլ լոկ մի առհավատչյա՝ իրենց մեջ տեղի ունեցած խնամական համաձայնության։

Օրիորդ Նատալիան բոլոր այդ խոսակցությանց ժամանակ նստած էր լուռ և համեստ, որովհետև այնպես էին պատվիրել նրան յուր ծնողները, իսկ նրա համաձայնությունը ստանալու համար խոսք ու զրույց չեղավ։ Սա մի անհրաժեշտ նախազգուշություն էր, որով Մելքոն-աղան կամեցել էր ծածկել Թովմասից յուր դստեր արժանիքը, բայց իհարկե, դա միևնույն ժամանակ և ավելորդ նախազգուշություն էր, որովհետև այդ րոպեին Թովմասին հետաքրքրողը ոչ թե հարսնացուն էր, այլ յուր կապալի շահավոր գործը։

Նոր բարեկամները այդ երեկոյան հյուրասիրեցին Թովմասին փառավոր ընթրիքով, որի ժամանակ նա երախտագիտությամբ հիշեց լավ ընթրիքների սիրահար Միկիթ-բեկի անունը և ծածուկ յուր խնամիներից՝ խմեց նրա թանկագին կենացը։

Վերջապես հոգվո ամենալավ տրամադրության տակ հեռացավ պ. Թովմասը Մելքոն-աղայի տնից և ուխտեց, ինչպես ազնիվ մարդ, կատարել յուր տված խոստումը, եթե միայն շահավոր կապալը կմնար յուր վերա։

"Չհաս է" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Oրորոցային
Ալեքսանդր Սպենդիարյան

Oրորոցային

Նատյուրմորտ շշերով
Նատյուրմորտ շշերով
Խաղա առցանց