Ատրպետ

Քոռ-Եղիկ

ԻԲ, ԻԳ, ԻԴ
ԻԲ

Ի՞նչ ասել կուզի, որ Եղիկը իշխանավայել առատությամբ վարձատրեց ոչ միայն իրեն օգնող, ապրանքը ռուսաց սահմանն անցկացնող երիտասարդներին, այլ գյուղի բոլոր աղքատ, թշվառ և կարոտ դասակարգը անխնա լիացավ ավարի առատությունով։ Իգդիրում հայտնի մի ծանոթի տանը ապրանքները տեղավորելուց հետո մի մասը երկու ձիաբեռ ընտիր կտորները բարձած՝ Եղիկը երեք ընկերներով դիմեց դեպի Գյոկչա։ Եղիկը սովորած էր մեծամեծների դռներում ծառայելիս կաշառելու ձևերը։ Նա մի համեստ հարկի տակ իջևանելուց հետո ապրանքից մի-մի խալաթացու ընտիր կերպասներ Հին-Բայազետի աղաներին փեշքյաշ տարավ և միջոցներ ձեռք առավ ոչ միայն նրանց հայացքին հաճոյանալու, այլ մինչև անգամ նրանց շրթունքները քաղցրացնելով, իրեն գործիք և զենք շինեց։

Ա՜յ աղա, դու որտեղի՞ց ես, հարցրեց այդ հին հաջի աղաներից մինը, որն իրեն ամիրաների, մելիքների ժառանգն էր համարում և արդեն ազնվականների մատյաններում էր արձանագրել տվել յուր տոհմանունը, Հին Հայաստանի իշխանական անուններից մինը Հայոց պատմությունից գողանալով։

Քեզ ծառա՛, ասաց Եղիկը, Հին-Բայազետից, Մրտոյենց Սգոյի տղան եմ։

Հա՛ն, գիտեմ որ այս թայ մարդ չես, շենք, շնորհք, մարդավարություն հասկացող էլ որտեղ՞ց, եթե ոչ Բայազետից։ Է՛հ, ի՞նչ կա, ի՞նչ չկա մեր Բայազետում, հաջո՞ղ եք, լա՞վ եք։

Լա՛վ, փա՛ռք աստծու, ամմա անօրեններից ազատվելիք չունենք։ Տունս էլ լավ էր, տեղս էլ, գործս էլ, բայց ի՞նչ օգուտ, Շեյխ Սլոյի հետ թշնամացա, քանդեց, ավերեց, թե չփախչեի՝ տնով-տեղով ինձ կործանելու էր։

Աստված անիծե այդ անօրեններին, լավ ես արել։ Ես քեզ այստեղ կամերալ գրել կտամ, եղիր մեզի ժողովուրդ, պրծիր, հետո, թե կուզե՛ս, էլի գնա Բայազետ, առուտուրդ արա՛, բայց երբ պասպորտ ունենաս, քու շվաքիդ չեն կարող մոտենալ։

Իմ էլ խնդիրքս այդ է, հաջի աղա՛։

Լա՛վ, լա՛վ, այդ հեշտ է, անունդ ի՞նչ է։

Ղազա՛ր, քեզ ծառա։

Ղազար ջան, այսօր ես պիտի մովրովի քով երթամ, դու միամիտ եղի՛ր, քեզ կազատեմ։

Սեպե թե, հաջի աղա՛, ինձ եսիրութունից ես գնում ազատում։

Դու մի՛ վախենալ, ինչ որ պետք է, աղան խո մեռած չէ, իրեն ժողովրդին ինչի՞ պիտի թողնի տանջվի։ Հա՛, ասիր ապրանք ես բերել ծախելու:

Հրամմեր ես, աղա՛, քիչ բան, մի չորս հակ ֆրանկի ապրանք։ − Դու միտք ունիս այստեղ խանո՞ւթ բանալ, թե…

− Ո՛չ, իմ ի՞նչ բանս է, աղա ջան, այստեղ ձեզ պես աղաների առաջ ոտք ձգել… այնպես բոլորը միասին միտք ունիմ թողնել մի տեղ ծախելու։

− Լա՛վ է, ես մեր Բաղդոյին կասեմ թող գին դնեն, վերցնեն։

− Աման, աղա ջան, մարդ չիմանա, մաքսից փախցրած եմ, գլխիս փորձանք չբերեն,− ասաց Եղիկը ավելի հրապուրելու համար աղային։

− Ձայնդ կտրի՛ր, չարն ու բարին ես նո՞ր եմ սովորելու։ Դու քու բանիդ գնա, դու էլ իմս ես, ապրանքդ էլ… Ես խո քու երկու ղուռուշ-հարյուր փարայիդ վնաս կթողնե՞մ հասցնեն։ Ամբողջ կայքս կկորցնեմ, չեմ թողնի, որ իմ շվաքումս թառիդ թռչնի մի փետուրը թափվի։ Գնա, գնա բանիդ և հանգիստ կաց։

Քիչ հետո Եղիկը Բաղդասար աղայի հետ գնաց Հաջի աղայի խանութը, որտեղ կամաց-կամաց ցուցակ կազմեցին, և երկու հազար մանեթից ավելի արժեք ունեցող ապրանքը հինգ հարյուր մանեթով տվեց։ Հաջի աղան այնքան բարի եղավ, որ երկու հարյուր մանեթը կանխիկ վճարեց, իսկ երեք հարյուր մանեթին էլ վեց ամիս ժամանակ որոշեցին։ Բայց սրա փոխարեն Եղիկը գյոկչեցի գրվեց և դրանից հետո ամեն տեղ սկսան նրան գյոկչեցի Ղազար կանչել։

Երբ այդ բոլորը կարգի դրեց Եղիկը, մնացյալ ապրանքներից մի մասն էլ Իգդիրից Երևան փոխադրեց, ծախեց և մի հազար ռուբլի կանխիկ փող ձեռք ձգելով, Մելոյի հետ Երևանից քշեցին ձիերը, Ապարաններով երկու օրում հասան Ղարաքիլիսա։

Մինչ այդ՝ Եղոն քարավանից վեր առած ավարի մի քառորդն անգամ չէր բաժանել, այնինչ դրանով հարյուր մարդու բախտավորել էր, մի քանի վաճառականների մեծ-մեծ պատառներ էր նվիրել, համարյա գիտությամբ և գրպանում բացի հազար ռուբլուց մի երկու երեք հարյուր ռուբլու ոսկի-գոհար, մարգարիտ ուներ, որը նշանածին՝ Ասլիին, էր տանում, բացի հագուստի համար վեր առած ատլասն ու խասը, ընտիր ոսկեթել դիպակները։ Երկու նժույգ էին նստած Եղիկն ու Մելոն, երկուսն էլ լավ զինված թարաքյամի կարգ ու սարքով, զենքով ու զրահով։

Գիշեր էր, երբ նրանք հասան Ղարաքիլիսա. ձիերից իջան խրամատում, և Մելոն ձիերի հետ այստեղ մնաց, իսկ Եղոն վազեց դեպի Գալո քեհյենց տան կողմը։ Մութ գիշեր էր, աշնանային ցուրտը թեև զգալի էր, բայց Եղոն ներսից այրվում էր, ցուրտը նրան երբ կազդեր։ Մոտեցավ սովորական կտուրին, վերցրեց տախտակը և սողալով վար իջավ: Բայց սիրեկանին՝ Ասլիին, չգտավ այնտեղ, ոչ էլ անկողին կար այնտեղ տարածված։ Եղիկը մնաց շվարած, նա լսել էր, որ նշանել էին Ասլիին դնդրշկած Մուքեի հետ, բայց հարսանիքը պիտի բարեկենդանին անեին, յոթ շաբաթները չմտած աղջիկը խո չէի՞ն տանիլ։ Մոտեցավ դռանը, որ մտնի տուն (խոհանոց), բայց դուռը դրսից կողպած էր։

Նախորդ դեպքից հետո Թոմասը՝ Ասլիի եղբայրը, այլևս չէր թողնում, որ Ասլին քիլարում քնի և քիլարի դռանը պինդ ախ էր զարկել տվել ապահովության համար։ Եղիկը գիտեր, որ չէր կարելի որևէ աղմուկ բարձրացնել, հակառակ դեպքում տնեցիք կզարթնեին, և նա ոչ միայն չէր կարող Ասլիին փախցնել, այլ նրան տեսնելու էլ չէր արժանանալ։ Նա տան ամեն ծակը-ճյուղը ճանաչում էր իրենց տան նման. իսկույն դուրս եկավ և իջավ մեծ ախոռը, որտեղից ուղղվեցավ Գալո քեհյի ննջարանը, համոզված լինելով, որ ծնողները իրենց աղջկան իրենց սենյակից դուրս չէին թողնիլ։ Նրա ենթադրությունը սխալ չէր։ Ասլին այն սենյակումն էր։ Դուռը սովորաբար բաց էր, բայց ծերուկն ու պառավը արդեն վաղուց իրենց հանգիստ քունը կորցրած էին։ Եղիկի պատից իջնելը և բարձրացրած աղմուկը լսեցին, բայց կարծելով, որ մատակ գոմեշները իրենց եղջյուրները խփեցին պատերին, տեղերից անգամ չշարժվեցան։ Եղիկը թաթերի վրա առաջ գնաց, սողալով ներս մտավ, մթնումը միակ աչքը չռեց և ոտքով շփելով Ասլիի անկողինը, գտավ։ Եղիկը գիտեր, որ ծերուկն ու պառավը իրենց սովորական տեղը ցմահ չէին փոխիլ, ուրեմն շնչառության հետևելով յուր շունչը խեղդելով, հասավ Ասլիի մոտ։ Խեղճ կույսը քնած էր, գուցե երազում էր։ Հույսը կտրած, արդեն իրեն գերեզմանի ճանապարհին մոտեցած էր զգում կույր-կտրիճի սիրուհին։ Մոլորվել էր Եղիկը. մի սովորականից բարձր աղմուկ, պառավները կարող էին իսկույն սթափվել, իսկ այդպիսի տարտամ դրություն անտանելի էր։ Ալևորի հանգստությունը կարծես կտրված էր. նա անդադար հազում էր, իսկ յուրաքանչյուր հազի ձայնը շնչասպառ էր անում Եղիկին։ Պառավը խռկում էր, խռմփում, նրանից շատ երկյուղ չկար։ Քիչ խաղաղելուց հետո Եղիկը կամաց շրթունքները մոտեցրեց և մի համբույր դրոշմեց Ասլիի ճակատին։ Անմեղ հրեշտակ, բոլորովին չիմացավ էլ։ Գուցե երազեց, և երազում երջանկությունը գոնե վայելելու տենչով չէր ցանկանում սթափվել։ Խորասուզված սիրահարը աներկյուղ երկրորդ համբույրը դրոշմեց։ Բայց խեղճ աղջիկն ամբողջ օրը այնքան էր հոգս քաշել, այնքան էր չարչարվել և այնքան սգացել յուր վիճակը, որ բոլորովին չզգաց։

Դողդողալով կամաց կողքը հրեց և ձեռքը կրծքին դրեց. բայց զուր, տարբերություն չարավ. նա անվրդով շարունակում էր յուր քունը, յուր հանգստությունը։ Քիչ մտածելուց հետո Եղիկը յուր դաշույնի արծաթյա սառը պատյանը դրեց Ասլիի կրծքի վրա, որը սրսփալով վեր թռավ և «վա՜յ, օ՛ձ, վա՜յ, օ՛ձ կա» գոռգոռաց։ Եղիկը մինչև նրա ականջում «մի՛ վախենալ, ես եմ» փսրտալը, ծերուկ Գալո քեհյեն անկողնից վեր կենալով ասաց.

Ա՜յ կնիկ, քուքուրդն ո՞ւր ես դրել, ա՛յ կնիկ։

Մարդու չես թողնի դադարի, ասաց պառավը տրտնջալով, էլի չիբուխիդ համար քունս կտրեցիր։

Կնի՛կ, քուքուրդը, ձայնդ կտրիր, աղջիկը գոռում է, օձ կա, ինչ կա, դու քուքուրդի տեղն ասա՛։

Օջախի թարեքի վրա է, ձեռքդ երկարացրու, վե՛ր առ։

Մինչ այդ, Եղիկը դուրս թռավ ախոռը և անմիջապես, երբ Գալո քեհյեն լուցկին խփեց ու վառեց, նա բարձրացավ կտուրը մրմնջալով: Որտեղի՞ց այդ գյուտը հնարեցին ֆրանգները, որ իսկույն լուսավորում է և չի թույլ տալիս մարդկանց մթնումը իրենց գործերը տեսնելու։ Ասլին շատ ցավեց, բայց արդեն ուշ էր. հայրը ճրագը վառելուց հետո ասաց.

Ի՞նչ կա, աղջիկս, ի՞նչ կա, Ասլի ջան։

Բան չկա, տա՛ցու, բան չկա, կակազեց դողղողալով Ասլին, բայց դեմքն արդեն ցույց էր տալիս, որ տարօրինակ դեպք էր պատահել։

Ի՞նչ օձ էիր գոռում, ի՞նչ էիր ասում։

Բան չկա, երազումս էր, տացու, վախեցա և զարթնեցի։

Բայց ծերուկը չհանգստացավ, նա ճրագը ձեռքը դուրս եկավ ախոռը, բակը, հյուրանոցը, ամեն կողմը քննեց, երբ ոչինչ չնկատեց, սկսեց ավելի ուշադրությամբ կտուրի լուսամուտները քննել։ Եղիկը շտապել էր և ախոռի կտուրի լուսամուտի տախտակը ծուռն էր դրել։ Գալո քեհյեն իսկույն հասկացավ բանն ինչումն է ու գոռաց.

Ասլի, այն շան կաթ ծծածը խո չէ՞ր:

Ի՞նչ ես ասում, տացու։

Եղիկը խո չէ՞ր քեզ զարթեցնողը, ասաց Ասլիին մոտենալով և երբ նկատեց Եղիկի թողած կապոցով գոհարն ու ապրանքը, կանչեց. Աղա Թոմաս, Բարսեղ, տո՛ ելե՛ք տո բարձրացե՛ք, տո՛ աբուռներս տարավ էս նյուսյուբաթը, տո հասեք, է՜, աղմուկը գցեց ծերուկը, և մի քանի վայրկյան հետո ողջ գյուղը զարթնեց։ Ընկան Եղիկի ետև, որը ձիով, ո՛րը հետի, շներն սկսեցին հալածել, բայց Եղիկը Մելոյի հետ նստան ձիերն ու դիմեցին դեպի Մոլլա-Մուսա, լույսը չբացված անցան Զռչին և կեսօրին մտան Քերս՝ Միրզի ջրաղացը, հանգստացան։

ԻԳ

Հետևյալ առավոտ վաղ ձիեր նստան Եղիկն ու Մելոն և ճանապարհ ընկան։ Մութնուլույսը դեռ չէր զանազանվում։ Մելոն հետևում էր Եղիկին, բայց թե առաջնորդի միտքը ո՞ր կողմն էր, նրան հայտնի չէր։

Գիտե՞ս, Եղհկ աղբեր, ի՛նչ կա, ասաց Մելոն։ Ի՞նչ,– ասաց մտախոհ Եղիկը։

Իմ ձիս չի քայլում, քուկդ էլ մի բանի նման չէ. մեզ լավ խաբեցին անօրենները։ Բեռկիրը քյոհլանի տեղ տվին մեզ։ Ես այն ժամանակ զգացի, բայց միջամտելն ինձ չէր վերաբերում։

Դու գիտես ես չճանաչեցի՞. խոսելու ժամանակ չկար։ Ի՞նչ ես վախենում, կարծես այսօր լավ ձիաներ ձեռք չբերենք։ Դու առաջ գնա։

Մի ժամանակ երկու ձիավորներն էլ լուռ առաջ էին գնում, երկուսն էլ մտախոհ, ծրագիրներ էին պատրաստում։ Արշալույսին նրանք անցան Յաղլուճան, բարձրացան Լաջի-վելի սարահարթը, երբ նոր արեգակը ճառագայթները հորիզոնից սկսեց արձակել։

Երկուսն էլ մտախոհ, յորղա ձիերը տակները, քշում էին արագ-արագ։ Եղիկը երկար-բարակ դիտելուց հետո հեոուն, սարի ստորոտում արածող ջոկը, ասաց.

Մելո, քանի՞ մարդ ես նկատում իլխիի քով։

Ո՞ր իլխիի, ասաց Մելոն, աչքերը չորս կողմ հածելով։

Ա՛յ, այն սարի տակը, ասաց մատով նշան տալով Եղիկը։

Էյ այն Մեդեդ բեգի իլխին է, կաշի կքերթե, հետո Շյորագյալի տերը։ Զգույշ պետք է լինել, այդպիսի կծանների պոչը կոխելու չէ։

Երեխա ես, դեռ չգիտե՞ս թե իմ նպատակս ինչ է, ես ինչ մտքի եմ ծառայում։ Քշե՜, քշե՜ գնանք։

Ջոկին չմոտեցած, Եղիկը հրացանը լցրեց և ուղղեց ջոկի պահապաններից մեկի վրա, որն իսկույն ընկավ։ Երկրորդ պահապանը ընկերոջ վրեժը լուծելու և կյանքը փրկելու հույսով անցավ մի քարի ետև և գնդակն ուղղեց Եղիկի վրա, բայց գնդակը նրա կողքով անցավ։ Մելոն, նկատած լինելով ջոկի պահապանի քարի ետև պահվելը, հրացանը պատրաստեց և երբ վերջինս լցնում էր կրկին անգամ դատարկելու, արձակեց, որի գնդակը ցրվեց պահապանի ուղեղը։ Մնացած երկու պահապանները այդ նկատելով խույս տվին և պահվեցին։ Իսկ Եղիկը հարձակվեց նրանց վրա և մեկի ականջները կտրելով՝ ասաց.

Գնա՜, Մեդեդ բեգիդ ասա, որ Քոռ-Եղիկը նրա իլխից երկու քյոհլանի պետք ունենալով, եկավ ջոկեց և տարավ, փոխարենը երկու ձի թողնելով։ Իսկույն երկու ընտիր նժույգներ ջոկեցին և իրենց ձիերի սարքը նրանց վրա դնելով, հեծան, ճանապարհ ընկան դեպի Չրփլի, որտեղից ջուրը զարկելով անցան ռուսաց սահմանը՝ արևը մայր մտնելուց քիչ հետո։ Ձիերն ընտիր էին և օրվա մեծագույն մասը Ղոշավանքի ձորում արածել էին, այնպես որ Եղիկը որոշեց այդ իրիկուն ևս հարձակվել Գալո քեհյի վրա և Ասլիին փախցնել:

Անխոհեմ է մտադրությունդ, ասաց Մելոն, երկու գիշեր առաջ դուրս եկանք մենք Ղարաքիլիսայից անպատվությամբ, ուզում ես կրկին անպատվվելու գնա՞նք։

Առավոտյան էլ եթե քու խոսքով գնայի, Մեդեդ բեգի իլխիից ձի չէինք դուրս բերելու, բայց տեսա՞ր ինչ քյոհլաններ ձեռք բերինք։

Բերելը բերինք և ես վստահ էի բերելու մասին, միայն հետևանքը վատ է. այժմ Մեդեդ բեգը կատաղեց քեզ վրա։ Եթե մի օր ճանկն ընկնես՝ խեղդել կտա։

Եթե կընկնեմ, թող խեղդել տա, ասաց Եղիկը ձին մտրակելով, գնանք։

Նրանք ուղղվեցին Ղարաքիլիսա և մեջգիշերին հասան գյուղի սահմանը։ Մելոյի սրտովը չէր, բայց Եղիկի կամքից դուրս գալ երբեք չէր էլ ցանկանում։ Հասան ավելի մոտ և երբ ուզում էին դեպի խրամատը ծռվել, մի քանի տեղից շներն սկսեցին հաչել։

Հավա՜ր, հասա՜ն, օգնեցեք, Եղիկը վրա տվեց, հասեք, յաման հասեք, տղա՜ք, հասե՜ք, քառասուն տեղից ձայն դուրս եկավ։ Գյուղացիք գիշերվա պահապաններ էին դրել Եղիկի ահից, և նրանք իսկույն ողջ գյուղը ոտքի հանեցին։

Երկու հոգով գյուղի վրա տալ և հարյուրից ավելի զինված, պատրաստված մարդկանց դեմ դնելը խելքի բան չէր. նրանց ճանկից փախչել ազատվելն էլ մեծ շնորհք էր։ Մութ գիշերը նպաստեց, և Եղիկը այնպես վարժվել էր խրամատի անցքերի հետ, որտեղ ինչ քար լինելը գիտեր և դրա համաձայն առաջ էր վարում ձին, իսկ նժույգները իրենց հատուկ ընդունակությամբ այնպես սահեցան, թռան, անցան, որ ոչ մի ձիավոր նրանց առաջը կտրել չկարողացավ: Մթնումը մի քանի գնդակներ արձակեցին ղարաքիլիսեցիք, բայց ապարդյուն, միայն աղաղակը սաստկացրին այն գնդակները և ստիպեցին Եղիկին շուտով հեռանալ։ Երբ արդեն հանդը դուրս եկան, Եղիկը շուռ եկավ և մի գնդակ ուղղեց գյուղացիներին, հուսալով, որ դրանով հրավիրե գյուղացոց իրեն հետևելու, բայց նրա ցանկացածը չեղավ, գյուղացիք շեմքից դուրս չեկան։ Արդեն նրա գնդակի գիշերը գործած հրաշքների մասին առասպելներ էին պատմում Շիրակի բոլոր գյուղերում։

Զուր քիչ դեսուդեն տատանվելուց հետո Եղիկը դեպի Ապարաններն ուղղեց յուր ձիու գլուխը։ Արևածագին նրանք հասան Բաշ-Ապարան և ուղղվեցին դեպի Աշտարակ ու Իգդիր։ Արդեն ունեցած-չունեցածը ցրվել էր Եղիկը, որը Միրզային էր տվել առևտուրը կարգի բերելու համար, որն էլ մահուդ և ընտիր ապրանքների ծախսից ստացած գումարները քիչ-քիչ հավաքելով, պատրաստում էր մի ուժեղ հարձակումով առնել ու փախցնել Ասլիին։

Բայց կրակն առել ու բորբոքում էր Գալո քեհյին և մղդսի Կյուրեղին։ Նրանք շվարել մնացել էին այս անզուսպ ղաչաղի ձեռքին։ Գիտեին, համոզված էին, որ Ասլիի պատճառով իրենց հանգիստ չէր թողնելու Եղիկը, և անպատճառ մեծ-մեծ վտանգների էին ենթարկվելու։ Գալոն զղջացել էր, որ աղջկա կամքին հակառակ, կնոջ խոսքը կոտրելով, որդուն՝ Թոմասին, հետևելով մեծ փորձանքի մեջ էր գցել իր օջախը, բայց արդեն ուշ էր… տերտերը նշանն աշխարհի առաջ օրհնելուց հետո ինչպե՞ս կարելի էր գեղի մեջ, դաշտի մեջ խաղք ու խայտառակ լինել, տված էր ու պրծած… Թող այս աղջիկն էլ զոհ գնար հոր անունի ու նամուսի համար։ Բայց այնքան աղջկա համար չէր մտածում, որքան խորհում էր տան գլխին գալիք որևէ փորձանքի համար, Եղիկն ու նրա կույր գնդակը հանկարծ կարող էին Գալո քեհյի տան սյուներից մեկն ու մեկի գլորել, սարի նման կտրիճ որդիներից մեկը կարող էր նրա անգութ վրեժին զոհ դառնալ և հավիտյան իրեն սգի, հարսներին, թոռներին ողբի և թշվառության մատնել։ Մղդսի Կյուրեղն էլ պակաս չէր տանջվում, նա համոզվեց, որ Ասլին իրեն տան հարս չի դառնալ, դեռ ո՞վ գիտե, գուլպայի քանդուցքի նման յուր այնքան տարվա աշխատած կարողությունը ետ պիտի քանդե։ Նա էլ մտածում էր, որ սխալ էր այդ իրեն արած քայլը, օձի պոչը կոխելու չէր, բայց բանը բանից անց էր կացել, արդեն Եղիկին սրտից էր խոցել, այժմ պետք էր պաշտպանության մասին մտածել։ Գյուղի ջահիլները շատ ուրախ էին Եղիկի արարքի մասին, ոչ ոքի սրտովը չէր, որ Ասլիի նման մարալ աղջիկը դնդրշկած Մուքեի բաժին դառնա և ամենքի աչքը նրա վրա էր, իսկ Եղիկի նման ղոչաղին շատ չէին տեսնում։

Բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե Ասլիի սրտում ի՞նչ էր կատարվում։ Խեղճ աղջիկը վայ էր կարդում յուր գլխին, որ երկու անգամ իրեն քնածության պատճառով խանգարել էր Եղիկի ձեռնարկությունը։ Դրանից հետո էլ զգաստ էր, ցավը, մտածությունը նրան ստիպել էին, որ ուշքը հավաքե. վիշտը կորցրել էր նրա քունը, նա գիշերները արտասվալի աչքերով լուսացնում էր, հալվելով, մաշվելով, բայց ուշ էր՝ տունը, տեղը, ամեն կողմը ամրացրել էին, պահապան շներով դուռ ու երդիկ ապահովել, իրենք էլ տնով-տեղով աչք ու ականջ էին դարձել, որ սևերես չմնան դուռ-դրկցի առաջ։ Եվ այս բոլորի մասին տեղեկություն էին հասցրել Եղիկին, այնպես որ այլևս այդպիսի հարձակումից օգուտ չլինելը նա հասկացել էր։

Ասլիի սերը օրեցօր բորբոքվել էր, օրեցօր նրա առաջ ավելի հզորացել էր յուր սիրեկանը և բարձրացել։ Եղիկի արարքների պատմությունը գյուղից գյուղ, գավառից գավառ, ամեն տեղ տարածվել էր, ամեն ախոռի օդայում, ամեն եկեղեցու բակում ու ամեն կալի մեջ, որտեղ որ գյուղացիք հավաքվեին, քաղաքացիք բոլորվեին, Եղիկի արարքները մեջտեղ կգար։ Սրախոսները, շաղակրատները ամեն մինը մի-մի հավելվածով և զարդարանքներով կսկսեր պատմել։

Աղա՛ ջան, անցած օրը անիրավը մտել էր Մեդեդ բեգի իլխիի մեջ, ասում էր Գյումրի ղայֆախանում աղաներից մեկը, սրան կհավանե՞ս, թե նրան, մեկ ժամ ջոկել–ջոկջկել, հինգ-տասը քյոհլան է դուրս բերել, որ ամեն մեկի գինը երկու-երեք հարյուր մանեթ, ախպերն ախպորը չի տալ։ Ութ֊տասը մարդ զարկել, կոտորել, անցել է։

Տո՛, մարդն էլ մարդ լինի՛, մի աչք ունի, էն էլ թքնես կքոռանա, վրան հալ չկա, փչես գետին կընկնի, բռնած գործերը… արմանք ու զարմանք է աշխարհի բաները:

ԻԴ

Գնում էին երկու ձիավորներ՝ Եղիկն ու Մելոն, Աշտարակից դեպի Օշական։ Հանկարծ ձորում նրանց առաջը կտրեցին երկու ձիավորներ, որոնցից մինը կանչեց։

Զենքերդ թափեցե՜ք, թե չեք ուզում գյուլլուլա պաղեցնել։

Արի՛ տար, գոռաց Եղիկը, անվրդով ճանապարհը շարունակելով, թե քաջ ես՝ առաջ անցիր, մի՛ մեկ կողմը քաշված կանգնիլ տմարդու նման։

Առաջ մի՛ գաք, թե չէ Եղիկի գյուլլեն զուր չի անցնիր:

Ախպե՜ր, թե դու Եղիկն ես, հանձնվում ենք, խղճալի կերպով պատասխանեց Եղիկը և կանգնեց, ծիծաղը չկարողանալով զսպել։

Եղի՛կ ախպե՛ր, լավ է, քու անունով քեզ ուզում են վախեցնել, ասաց Մելոն։

Լավ է, թող շարունակեն, հիմի որտեղ ինչ ավազակություն, մարդասպանություն կատարվի՝ Եղիկի անունը կխոսվի:

Դեռ շա՞տ եք մեզ սպասեցնելու, ասաց կեղծ Եղիկը, զենքերդ, զարդերդ թափեցեք։

Ա՜յ ղոչաղ, դու շատ ես լեզվիդ տալիս, առաջ արի, ահա այս գնդակը քու գդակիդ, գլուխդ մեղք է, ջահել ես, կարելի է մեծանաս, պետքական մարդ դառնաս։ Եվ իրավի, Եղիկի գնդակը կեղծ Եղիկի փափախը իսկույն ծակեց ու անցավ։ Մինչ նա ծխի մեջ կոլորված, հանկարծակիի եկած ուզում էր հրացանը ուղղել, Մելոն գոռաց շտապ-շտապ:

Տղա՜, մեղք ես, տղա՜, զենքերդ թափե, արի անձնատուր եղիր Եղիկին։

Սրա վրա ձիավորը վար իջեցրեց թվանքը, թևերը թուլացան և մյուս ընկերը պատասխանեց.

Լոռիից Եղիկին գտնելու ենք եկել, նրա գերին ենք, հանձնվում ենք։ Եղիկը թող մեզ առաջնորդե, կուզե յուր ձեռքովն սպանե։

Մոտ արե՛ք, մի՛ վախենաք, գոռաց Եղիկը և գրկեց, համբուրեց նրանց։

Լոռեցիք մոտեցան, Եղիկի խումբը ուժեղացավ, չորս հոգի դարձան։ Չորսն էլ գլխներից անցած, չորսն էլ վրեժի ծարավ, չորսն էլ հաստահարված, հալածված, զրկված և անարգված: Բոլորի սիրտը միևնույն կրակով էր բորբոքվել։

Լոռեցիների մեծի անունը Գրիգոր էր, փոքրինը Մոսո, երկուսն էլ դսեղցի էին։ Երբ ծանոթացան և ընկերական դաշն ուխտեցին, Եղիկն ասաց.

Տղերք, ձիերդ քշեցեք, մինչև Իգդիր դեռ շատ ճանապարհ ունենք, գնանք, դեռ գործեր շատ ունենք։ Այնպես էին գնում, կարծես անցած սարերն այդ խմբերն ստեղծած լինեին, իսկ դաշտերը իրենց սեփականությունը, իրենց հարկատուները լինեին։ Սլանում էին սրաթև թռչունի նման և ամեհի երիվարները որքան գնում էին, կարծես էլ ավելի բորբոքված առաջ անցնել էին փափագում։ Եղիկն անչափ ուրախ էր, արդեն խումբը պատրաստ էր, նպատակը իրագործելու սկզբնավորությունն էր, կատարելագործության ծրագիր էր պատրաստում։ Իրիկվան դեմ Իգդիրի մոտերքին պատահեցին մի քանի հայ գյուղացիների վիրավորված, արյունաշաղախ. գնում էին մովրովի մոտ։

Ա՜յ տղերք, էդ ի՞նչ է պատահել, ասաց Եղիկը գյուղացիներին։

Վա՛յ, ես քեզ մատաղ, Ղազար ախպեր (այդ սահմանում Եղիկին գյոկչեցի անունով էին ճանաչում), ոչխարս քրդերը տարան, անցկացրին օսմանլիի կողմը, ինչքան դեմ ընկանք՝ հնար չեղավ, երկու էլ ղազախի սպանեցին։ ափիցերն էլ չթողեց անցնենք օսմանլիի կողմը, թուղթ գրեց, տվեց, ահա տանում ենք մովրովին, ինքն էլ գիր գրեց իրեն մեծավորին։

Ամոթ չէ՜, գետին չմտա՜ք, որ թողիք քրդերին ձեր կթանը տանելու, անաբուռ մարդիկ եք, գլխներիդ կարծես կնկա լաչակ գցած լինիք։

Ղազար ախպեր, արդար է խոսքդ, բայց ի՞նչ օգուտ, ուշ իմացանք, ուշ հասանք… մեկ էլ որ անօրենները առանց արգելքի անցան իրենց սահմանը, բայց մեր ղազախի մեծն չթողեց անցնելու, թե չէ կբերեինք։

Լա՛վ, լա՜վ, հասեք, ուշ է, շտապեցեք։ Եղիկը ձին քշեց, նրան հետևեցին ընկերները, անցան։ Նույն գիշերը Եղիկը չկարողացավ քնել։ Ամբողջ գիշերը բորբոքված մտածում էր և ծրագրում։ Մեջգիշերին ասաց. Մելո՜, Մոսո՜, ելեք ձիաների գարին կախեցեք։ Դեռ երկու ժամ լուսանալուն մնացած՝ ճանապարհ ընկան և արշալույսին անցան Պալակցիս լճի մոտով։ Այն հրաշալիքներով զարդարված լեռներն ու լեռնագագաթները իրենց ձագարով արևագալի ժամանակները սքանչացնում էին անցորդին իրենց գույնզգույն տեսարաններով, բայց Եղիկը բոլորովին ուրիշ բանով էր հրապուրված։ Սահմանը շրջվելուց հետո արդեն քրդական սև վրանները և քարուքանդ խարաբաները նկատվեցան։ Աշուն էր, բայց մեղմ եղանակներին դեռ ոչխարն ու կթանը սարի միջին լանջերում, տեղ-տեղ ձորակներում ու արևի կողերում հանդարտ արածում էին։ Հովիվները հարյուրներով առաջները խառնած՝ իրենց հոտերին մագլցեցնում էին քարափներից, ապառաժներից և հասցնում ճարակ եղած տեղերը։

Արդեն խաշները դուրս հանած էին, երբ որ Եղիկի խումբը դարիվար էր իջնում։ Նախկին փորձառու հովիվը, աչքերը շուրջն ածելուց հետո, ձիու գլուխը դարձրեց, որին անմռունչ հետևեցին ընկերները։ Կես ժամ հետո արդեն երկու հազար քայլ հեռավորության վրա կանգնած էին մի ընտիր հոտի մոտ, որը հինգ-վեց հարյուր գլուխ կթանից էր կազմված։ Եղիկը գիտեր, որ քուրդը մինչև ուժ չտեսնի, չի զիջանիլ. այդ պատճառով ռով մի գնդակ ուղղեց հովիվի մահակին, որը ձեռքից ընկավ:

Հովիվը փոխանակ անձնատուր լինելու, հրացանը ձեռքն առավ և ընկերներին օգնության կանչեց։ Գրիգորը, որպեսզի յուր ճարտարությունը ցույց տա, ասաց.

Իմ թվանքս պատրաստ է. մինչև քու լցնելդ, քրդին գլորեմ, միջոց չունենա շարժվելու, առանց պատասխանի սպասելու արձակեց։ Քուրդը գլորվեց, ընկերը սկսեց գոռալ.

Աղա , մի սպանեք, ես ձեր ստրուկն եմ, ու անձնատուր լինելու նշան ցույց տվեց։ Եղիկը մոտեցավ, անշնչացածի շվին առավ և սկսեց նվագել ու ոչխարը հավաքել. քուրդը մնաց շվարած, կարծեց, որ Եղիկը քուրդ է ու ասաց քրդերեն.

Տունդ շինվի, կասկանցի Փրդո բեգի եղբորն սպանեցիր, շուտ արա հեռացիր, թե չէ հիմի կասկանցիները կթափվին, ու դու գլուխդ չես ազատիլ նրանց ձեռքից։

Հա քու կասկանցիներդ էլ կոտորվին, հայդարանցիներդ էլ։ Զենքերդ տուր։

Այնպես մաքուր քրդերեն էր խոսում Եղիկը, որ քուրդը մնաց շվարած. չէր կարողանում բացատրել, թե ինչպես մի քուրդ՝ մի քուրդ էլլիքի բեգի եղբորն սպանելուց հետո, լույս ցերեկով նրա ապրանքն էլ ուզում էր քշել տանել։

Ահա զենքերս, բայց կուռո, լավ բան չես անում,- ասաց տատանվելով հովիվի օգնականը։ Զենքերն առնելուց հետո ասաց.

Դե՜հ, ոչխարը բարձրացրու դեպի սարը։

Քուրդը հնազանդվեց։ Մոսոն նրա հետ սկսավ բարձրանալ, իսկ Եղիկը ընկերներով գառների հոտի ետևից գնաց։ Առանց ընդդիմադրության դառներն էլ հանձնեցին, և Եղիկը շվին առած, ձիու վրայից ածելով հավաքեց բոլորին և կամաց-կամաց հասավ ոչխարին։ Երբ արդեն բավական հեռացան, ասաց քրդի հովիվին.

Մոտ արի։ Քուրդը հնազանդվեցավ։

Դե՛հ, այժմ գնա, քու կասկանցիներիդ, քու հայդարանցիներիդ բեգերին ու ադաներին, օջախներին ու շեյխերին պատմիր, թե մի հայ՝ Քոռ-Եղիկը, նրանց կթանն ու գառները տարավ։ Այս նրանց խրատ, ուրիշ անգամ մեր սահմանը չգան ու մեր ժողովրդին վնաս չհասցնեն։

Աղա ջան, բեգը մեղք չունի, այդ անօրեն Սլոն էր ձեր ոչխարները բերողը։

Դու խաբարը տար, թող Սլոյին ու Մլոյին խելքի բերեն, մեր ապրանքին չմոտենան։ Դե՜հ, բարի ճանապարհ։

Երբ նրանք ուրախ-ուրախ մոտենում էին սահմանին, հանկարծ նկատեցին ձիավորների մի մեծ խումբ, որոնք շտապում էին իրենց հասնելու։ Եղիկը անտարբեր սկսեց ավելի դանդաղ շարժվել, ոչխարն արածեցնելով բարձրացնել։ Քրդերը մոտեցան, այնպես որ գնդակ կարելի էր հասցնել։

Ժամանակն է, ասաց Գրիգորը, դառնանք։

Սպասիր, թող էլ մոտենան։

Քրդերը պատրաստության մեջ էին և զարմացած էին մնացել, որ չորս հոգին քառասուն ձիավորին մարդատեղ չէին դնում։ Վերջապես ավելի երկյուղից, քան թե մի ուրիշ բանի դրդված, նրանք գոռացին.

Այդ ո՞ւր եք տանում Փրդո բեգի կթանը, տմարդինե՜ր, անզեն հովիվին ինչի՞ սպանեցիք։

Սուտ եք ասում, գոռաց Եղիկը,– ահա Փրդո բեգի եղբոր թվանքը, որն ավար առա։

Մինչ այս՝ մի գնդակ հասցրին քրդերը, Եղիկը ձին մեղա առաջ քշելով՝ ինքը ետ դարձավ ձիու վրա և մի գնդակ ուղղեր քրդի ձիավորների առաջնորդին, որը իսկույն գլորվեց։ Գրիգորը չուզեց ետ մնալ և մի գնդակ էլ նա հասցրեց, որ տապալեց մի երկրորդին։ Քրդերը քսան-երեսուն գնդակ իրար ետևի արձակեցին, բայց բոլորը զուր անցան։ Մինչ այս՝ Եղիկը ոչխարը շվիով առաջ էր քշում, ինքն էլ թիկունքը ձիու կողմը, երեսը քրդերին դարձրած, կամաց-կամաց առաջ էր գնում։ Մինչ քրդերի երկրորդ անգամ շեշխանաները լցնելը, չորս ընկերները նորից կրակեցին, և երեք մարդ նորից գլորվեցինք Քրդերը պատասխանեցին, բայց միայն Մոսոյի ձիու գլուխը կերան, իսկ մնացյալները ազատ ձեռքները տարան լագզու փշտովներին։ Թվանքները նորից լցնել չէր կարելի, պետք էր մի քանի րոպե սպասել։ Քրդերի մեջ վլվլոցն ընկավ, յոթ հո այն էլ առաջավորները, ընկել էին։ Նրանք կանգնեցին։ Եղիկը առաջ էր գնում անընդհատ ընկերների և հոտի հետ։

Քրդերը երկար չհամբերեցին, մի քանիսը դիակների մոտ մնացին, մյուսները կատաղած առաջ ընկան։ Մոսոն ոտով էր գնում, դեռ զենքերն էլ շալակը։ Նա մի քարի ետև անցավ և հրացանը ուղղեց եկողներից մեկի վրա, որի անակնկալ ընկնելու վրա քրդերը թուլացան։ Մինչ այդ Եղիկն ընկերների հետ մի-մի գնդակ էլ արձակեց, որը քրդերին հուսահատեցրեց։ Երեք քրդեր նորից ընկան, այնինչ նրանց և ոչ մի գնդակը նպատակին չհասավ։ Տղերքն այնպես արագ էին շարժվում, այնպես այս ու այն կողմն էին ձգձգում, որ քրդերը շվարեցան։

Հրացաններդ լցրեք, ասաց Եղիկը, նրանց միտքը մոտենալ և սրի կռիվ սկսելն է։ Պատրա՛ստ կացեք, սրի կըռվում մենք նրանց չենք կարող հաղթել, նրանք շատվոր են։

Մինչ այդ քարի ետևից Մոսոն մի ուրիշի էլ գլորեց, որը սարսափ ազդեց քրդերի մեջ։ Նրանք կարծեցին, թե շատվոր են ապաստանած՝ քարերի մեջ։ Քրդերը կանգնեցին, ո՛չ առաջ էին կարողանում գնալ, ո՛չ ետև, երկյուղն ու ամոթը կռվում էր նրանց մեջ, բոլորը կփախչեին, եթե մեկը մյուսից չամաչեր, և ոչ ոք առաջին փախչողը չէր ուզում լինել։ Մի գնդակ էլ արձակեին քրդերի բազմությանը՝ մեկն ու մեկին դիպչում էր, այնինչ հայերը, երեք հոգի և ցրված, խույս էին տալիս նրանց նշաններից։ Իսկ վերջին գնդակների վրա քրդերը սկսեցին փախչելու պատրաստություն տեսնել։ Արդեն քրդերը ընկնողներին իրենց ձիերի վրա էին դնում կապում։ Հրացանները մի-մի անգամ ևս լցրին, պատրաստ ձեռքերին հեռանում էին։

Գրիգո՛ր, Մոսոն առանց ձիի ինչպե՞ս պիտի գա, նրան ձի է պետք, ասաց Եղիկը։

Հավատացե՛ք, ես ձեզ հետ չեմ դառնալ, ասաց Գրիգորը, պետք է Մոսոյի համար մի ձի վեր առնել քրդերից։ Այսքան վառոդն ու գնդակը մուֆթա խո չէ՞ր։

Մելո՛, դու կամաց-կամաց ոչխարը առաջ տար, շ ասաց Եղիկը։

Հավատա, ես ոչխարի հետ գլուխ չեմ կարող դնել, ասաց Մելոն, այդ իմ բանը չէ։ Մոսո՛, արի ոչխարը դու քշե, ասաց Գրիգորը, ոչխար շատ ես արածացրել, այդ քու փեշակն է։

Ճարահատյալ Մոսոն ոչխարն սկսեց քշել, իսկ երեք ընկերները ետ դարձան։ Քրդերի ձիավորների մի մասը փախել, առաջ էր անցել, մյուս մասը սպանվածներին էր տանում: Սարսափելի էր կացությունը. նրանք, որոնց հետ կարելի էր ազատ կռվել, փախել էին, իսկ դիակներով բեռնավորվածներին ձեռք տալը տմարդություն էր։ Եղիկը, քիչ մտածելուց հետո, քրդերեն գոռաց.

Մի ձի փոխ տվե՛ք, մեր ընկերներից մեկն առանց ձիու մնաց։ Պարտքս լինի մի ուրիշ անգամ նրա փոխարեն ձեզ երեք ձի վերադարձնեմ։

Քրդերը մնացին շվարած, չէին իմանում ի՞նչ պատասխան տալ։

Ես ձեզ վրա գնդակ արձակողը չեմ. դուք առաջին անգամ եթե գնդակ չարձակեիք, այդ զոհերը չէիք տալ։ Մարդկությունով մեզ մի ձի տվեք մեր ձիու փոխարեն։

Արի տար, գոռաց քրդերից մեկը։

Փախչողները դուք եք, հետևաբար, մեր ծառայությունն էլ պիտի կատարեք, բերեք մեզ մոտ։

Քրդերը բավական վիճելուց հետո մի ձի ետ դարձրին, որին Գրիգորը մոտեցավ, բռնեց և ետևից քաշելով բերեց։

Մարդավարի, քաջի վայել, թե որ մարդ տեսնեք, գնացե՛ք և այնպես խաբարը տարեք Փրդո բեգին։ Ասեք մի կույր հայ էր ձեզ հալածողը։

Իրիկնադեմին, երբ ոչխարը մոտեցրին սահմանին, ղազախները հակառակեցան, չէին ուզում ընդունել սահմանից ներս։ Եղիկը ձին առաջ քշեց, գնաց ղազախների զորականի մոտ, ասաց.

Երեկվա քրդերի տարած, փախցրած ապրանքն է, գնացինք բերինք, խնդրում եմ թույլ տաք ներս անցկացնելու։

Որ այդպես է, ապրի՛ք, անցկացրե՛ք։ Բայց երբ զորականը նկատեց հինգ-վեց հարյուր կթանը իրենց գառներով, ասաց.

Երկրացի, լավ տոկոսով եք վերադարձրել, վաթսուն ոչխարի փոխարեն վեց հարյուր, ապրիք, լավ է, թող այդ անօրենները խելքի գան և մեր սահմանին չմոտենան։ Դեռ ես նրանց փաշային կախել պիտի տամ, նրանք իմ երկու կազակիս երեկ սպանեցին։

"Քոռ-Եղիկ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Սիմֆոնիկ պատկերներ
Ղազարոս Սարյան

Սիմֆոնիկ պատկերներ

Եկատերինա Դավիդովնա Ռոտինովա-Գուրգենբեկովայի դիմանկարը
Եկատերինա Դավիդովնա Ռոտինովա-Գուրգենբեկովայի դիմանկարը
Խաղա առցանց