Ատրպետ
Քոռ-Եղիկ
ԺԹ, Ի
Եղիկը, գիշերը սաստիկ հոգնած լինելով, ընկավ և խորդալով քնեց։ Կեսօրից մի երկու ժամ անցնելուց հետո նա դարձյալ խռկում էր։ Միրզան ջրաղացի ներքնատանը որդու հետ երկար աշխատանքով հազիվ կարողացան մի կերպ թաքցնել ու ծածկել Եղիկի բերած զենքերն ու զարդերը, իսկ ախոռի երդիկը լավ կապել էին, որ եթե հանկարծ մարդ ներս մտներ, ոչինչ չնկատեր։ Ողջ օրը հսկում էր Միրզան ճանապարհները և ամեն անցորդ նրա սիրտը խռովեցնում էր, հազար ու մի կասկածներ բարձրացնելով։ Նախկին վաճառական չարչին մտքովը հաշվում էր ձիերի գինը, զենքերի արժեքը և նրանց վրա գտնված ոսկու և արծաթի կշիռը, նրանց վաճառելու եղանակը, ձեռք բերելիք դրամը և դրանով ձեռնարկելիք նոր-նոր գործերը, որոնք խոստանում Էին մի քիչ բարվոքված ապագա։ Միրզան անհամբեր սպասում էր գիշերվա գալուն, բայց արեգակը համառվել, ծանր Էր հեռանում, Մելոն՝ վաճառականի որդին, զենքերով Էր զբաղված, նա արդեն նրանց միջից ամենաընտիրները իրեն բաժին Էր դուրս բերում և երևակայում Էր դրանցով զարդարված, գլուխը գույնզգույն աղլուխներով կապված քոլոլ դրած, ձեռքին երկար նիզակ, քյոհլանը տակին, սարերի և ձորերի մեջ ազատ, ինքնիշխան և քուրդն ու զաբիթը (ոստիկան) առաջը խոնարհած։ Սա երևակայությամբ գնում Էր Բիթլիզ և պատրաստվում Էր հոր տունը քանդող բեգերից և էֆենդիներից վրեժ լուծելու։
Այդ միջոցին հեռվից երևցան երեք ձիավոր հայեր, որոնք ուղղակի դիմեցին գյուղ՝ քեհյի տունը։ Միրզան դողում Էր, նրա կյանքը մազից Էր կախված, բավական Էր, որ նրա տունը մեկը քններ այդ ժամին, բավական Էր, որ ջրաղացում աղացողները լսեին մի որևէ ձիու ոտնաձայն կամ խրխնշոց։ Բարեբախտաբար ջրաղաց եկողներից ոչ ոք չէր հեռանում յուր ցորենի կամ ալյուրի պարկի մոտից, իսկ աղորիքների բարձրացրած աղմուկը խլացնում էր նրանց, ուրիշ ձայն լսելու անկարող էին։
Տո՛, տղա՛ Մելո, գնա քեհյենց տուն, տես այս ձիավորներն ինչ կխոսին,― ասաց Միրզան որդուն և ուղարկեց լրտեսելու. Մելոն սլացավ։ Հինգ վայրկյան չանցած նա մտավ քեհյի օդեն, երբ դեռ նոր էին ձիուց ցած գալիս ճանապարհորդները։
Բարի հաջողում, խե՛ր է, բարի հրամեցեք, ասելով քեհյեն վեր հրամցուց ձիավորների առաջնորդին։
Խերն ու չարը աստված գիտե, քեհյա ջան, ո՞վ գիտե։ իրիկունը մի մեծ փորձանք է պատահել. մեր մի քանի տղերքն ընկել են, մեկ-երկուսը գլուխները հազիվ են ազատել։
− Ձիավորները առավոտ մեզ էլ իմացուցին, բայց տեղով չհասկացանք, թե ի՞նչ բան է։
− Մի ինչ որ ավազակ, մեր Մատո քեհյենց անցած տարվա մշակը, մի նիհար, կարճ, քոռ, սատկած լակոտ փախել է ուռուսի հողից, ընկել է սարեսար, գյուղեգյուղ, չարած փչությունը չմնաց։
− Ախր մեկ ասա՛, ի՞նչ է արել։
− Երեկ մեր տղերքը տեսել են նրա տակը խնամուս՝ Մատո քեհյի, քյոհլանը, որը սրանից ութ-տասն օր առաջ իլխից փախցրած է եղել. ընկել են ետևը, բերել նեղն են գցել Ղաթար-ղալայի մոտ։ Անիծածը մի աչք ունի, բայց որ մթնումն էլ է տեսնում, մեկ-մեկ վեց-յոթ մարդ կոտորել թողել է, քեհյի տղեն՝ Վարդգեսը, ընկել է։ Ողջ գեղը սուգ ու շիվան է ընկել, անիծում են ամենքը մեր քեհյին, որ իրենց տղերանց մեռնելու պատճառ է դարձել։
− Ո՞վ է այդ ղոչաղը, թե հոգիդ սիրես։
− Մի լպուզ լակոտ. տեսնե՛ս, երեսը չես թքի, ձեռքդ վրան բարձրացնես՝ հոգին կտա։ Մի քաղցած խոզարածի մեկը։ Տո՜, մարդս էլ մարդ լինի, տղամարդու շնորհք ունենա, ցավ չի գալ։ Եղիկ է անունը, բայց Քոռ-Եղիկ են կանչում։
− Հերիք չէր մինչև օրս եղած ղաչաղները, թարաքյամաները, քրդերն ու բեգզադաները, այդ էլ ավելացավ։
− Այդպես սատկած մի ղաչաղ, այն էլ հա՛յ… Տո՛, թե դա մի կատարյալ տղամարդ լիներ, աշխարհ պիտի քանդեր։
− Սխալ ես, խնամի Ասատուր, դու միշտ վախեցի՛ր կույրերից, կաղերից, չոլախներից, կուզերից, քաչալներից… այդպիսի մարդիկ հազար անգամ ավելի ճարպիկ են, քան քու սովորական տեսքով մարդիկը։
− Այս կողմերը, խնամի, այսօր եկող կամ այդպիսի ձիավորի տեսնող, կամ ձիաներ բերող չե՞ք իմացել։
− Ոչի՛նչ, ո՛չ մի բան։ Դու խո գիտես, Քերսում մի ճնճղուկ էլ որ թռչի, խաբարը իմ ականջին իսկույն կհասնի։ Ուղիղ է, ես մեր տան կտուրին եմ միշտ նստած լինում, բայց յոթ սարից այն կողմը քրդերի չադրաներում ի՛նչ էլ որ պաաահի, իսկույն իմանում եմ։
Ոսկի ճնճղուկ ունիմ, ինձ խաբար է բերում։ Ձեր գեղը այս խաբարը չիմացած, ես արդեն ամեն բանից տեղյակ էի։ Էգուց կամ մեկել օր ինձ տեղեկություն կբերեն, թե որտեղ են ձեր նժույգները, եթե ռուսի մեջ չանցնին։ Տղե՛րք, Հաց բերեք խնամիներուն։
Մինչ տղերքը պատրաստվում էին սեղանը սարքելու, Մելոն լուրը տեղ հասցրեց։ Միրզան որ լսեց, երկյուղից շրթունքները ճաքեցան. նա գժվում էր մտածելով։ Մելոն ուրախ էր և նախանձում էր իրենց բարերար փոքրահասակ, կույր ու վտիտ Եղիկի վրա։ Ողջ գյուղը նրա արկածներն էր խոսում. ամեն բերան նրան էր գովում, ամեն տեղ հետաքրքրվում էին այդ հարցով, որ հանդգնել էր քրդերին գնգակահար անել, կթան ոչխարները հափշտակել, հայերին բաժանել, կապված ախոռներից բխոված քյոհլաններ փախցնել, յուր անունով սարսափ գցել։ Մելոն խո դեռ շատ բան էլ էր լսել, նա գիտեր եղիկի հովիվ ժամանակ պատահած արկածները, կրած զրկանքները։
― Եղի՛կ տխպեր, ինձ էլ հետդ տանես, ես զզվել եմ, էլ չեմ ուզում տանը նստել,― ասաց Մելոն իրիկվա հացից հետո, երբ առանձնացած նստած էին։ Եղիկն էլ նույն պահուն մտածում էր յուր մենակության մասին և չէր իմանում ինչպես ճար գտնել։ Մելոյի խոսքերը նրա մեջ նոր մտքեր ծնեցին, բայց նա կասկածում էր պատանու վրա, որը դեռ տասնութ տարեկան էր։ Նա շվարած մնաց, չէր իմանում ինչ պատասխանել։
― Մի՛ վախենալ, Մելոն վախկոտ չէ, երեխա չէ, այսպես ապրելը չապրելուց ավելի վատ է ինձ համար։
Եղիկը՝ խորասուզված, կարծես բոլորովին չլսեց այս վերջին խոսքերը, Մելոն՝ աչքերը հառած նրա երեսին, պատասխանի էին սպասում։ Այս սրտիս վրա այնքան վերքեր կան, այնքան խոցեր կան, որ երեք հարյուր տարի էլ դեղ անեն՝ չի բուժվիլ․ միա՛յն սարն ու թվանքը կհովացնեն, կհանգստացնեն։ Տա՛ր ինձ քեզ հետ, հետո լավ կճանաչես Մելոյին։ Այնքան լացով ու հառաչանքով ողջ գիշերներ քաղցած եմ անցկացրել, պատառոտած շորերով գիշերները բաց օդում սրա - նրա մարագում կամ հավանոցում այնքան զնգզնգացել եմ, այնքան ծխաններից եմ իջել մի փոր հացի համար, որ ամեն նեղությունների դիմանալու սովորել եմ. մարդու բեռ չեմ դառնալ, ո՛չ հարստանալու աչք ունիմ, ո՛չ էլ փաշա դառնալու եմ. մեկ այս բորբոքված սրտիս կրակը մարեմ, նրանից հետո մեռնելը մեծ դարդ չէ։
Եղիկը ապուշ - ապուշ նայում էր Մելոյի երեսին և չէր կարողանում պատասխանել։ Նա լսածները և յուր ծրագիրը կազմելու հետ էր։ Մելոն էլ լռեց և մտքովը զայրանում էր անգամ, որ Եղիկը իրեն արհամարհում էր, իրեն խակ տղի տեղ էր դնում։ Բայց բարկությունից երկար չկարողացավ զսպել ինքն - իրեն, ասաց վրդովված.
Ինչի՞ չես պատասխանում, Եղիկ ախպեր, կասկածու՞մ ես ինձ վրա։
Ո՛չ կասկածում եմ, ո՛չ էլ մերժում քո խնդիրքը, ուզում ես՝ կարող ես գալ. դու ինձ բեռ չես դառնալ։ Բայց թո՛ղ ինձ, ես դեռ քիչ էլ մտածեմ։
Մելոն ուրախությունից գրկեց նրան, այնպես սեղմեց կրծքին, որ կարծես յուր պաշտած սիրականը լիներ, որի կարոտը յոթ տարի քաշելիս լիներ։ Եղիկին թեև Միրզան յուր վշտերը պատմել էր, բայց նա նկարագրել էր յուր տեսակետով՝ փողերի, մյուլքերի և այգեստանների կորուստն էր ողբացել, որոնցից իրենց զրկել էր մի անգութ ղադի, բայց Մելոյի խոսքերից երևում էր, որ դեռ շատ նեղ օրեր էլ տեսած էին եղել, որոնք այնքան չէին վրդովել ոսկեպաշտ չարչուն։
Ի՞նչ է դիտավորությունդ, ինչի՞ ես այդքան ուզում ինձ հետ գալ, ասաց Եղիկը քիչ հետո։
Ես մի ժամ առաջ լսեցի քեհյի օդայում, թե ինչպես էին խոսում քո քաջությունների մասին, ինչպես էին ծաղրում այն սուտ բեգերին, որոնք ոչխարը թողել փախել էին քու առաջից: Իմացա, թե դու ինչպես վրեժդ լուծում ես թշնամիներից։ Ինձ էլ այդ է հարկավոր, ե՛ս էլ, մե՛նք էլ ունենք թշնամիներ, մի օր, մի ժամ ֆրսանդ ընկներ ձեռքս, Ջավո բեգին, Աբդուլլահ էֆենդուն և Բեքիր աղայի արյունները խմեի, նրանց տղերքն էլ մեր օրը՝ քաղցած, մերկ, ուրիշների դռները գցեի, հետո մեռնեի։
Այդ մարդիկը ձեզ ի՞նչ են արել։
Հորս, պապիս, հավիս օջախները քանդել են, մեզ բոլոր կարողությունից զրկել… թողել ենք մեր պապերու գերեզմանները, մեր տներն ու մեր այգիք, եկել ընկել ենք Ղարս ողորմություն մուրալու։ Դեռ հելե…
Ուրիշ էլ ի՞նչ։
Չասվելու, չխոսվելու շատ ու շատ բան, որոնք քեզ ճանապարհին կասեմ։ Ողջ հայ, թուրք նախանձում էին մեր ունեցածին, հորս ապրանքների քարավանների մեկ ծայրը Տրապիզոն էր, մեկը՝ Թավրիզ, մեր սուրիները Հալեբ ու Շամ էին, նախիրները՝ Ղայսարի ու Անդյուրի… այդ բոլորը տարան, այդ բոլորի մ՛ասին երբեք էլ չեմ մտածում, բայց երբ միտքս է գալիս մորս գխուն խաղացած խաղերը, ինձ տված տանջանքները…
Եղիկը դառն մտածությունների մեջ ընկավ, նա զգաց, որ Մելոն էլ եթե ոչ իրեն չափ, գոնե իրեն նման տանջված էր և անհաշտ թշնամի էր էֆենդիների, աղաների, բեգերի, որոնք թունավորել էին չարչու ընտանիքի կյանքը։
Ա՜խ, մեկ Բիթլիզ ընկնեինք, մեկ ես այդ անօրեններին ձեռքովս կտրատեի, նրանից հետո…
Լա՛վ, Մելո, մի վախենալ, քանի որ հաստատապես միտքդ դրել ես վրեժդ լուծել, կհասնես նպատակիդ, այդ մասին խոսելդ գործը կխանգարե։ Գործողը գործը կկատարե, անելիքը չի խոսի։ Ձիերը պատրաստ են, թամբքերը զարկ, զենքերից լավերը ջոկե քեզ համար, կեսգիշերին ճանապարհ ընկնենք։
Երեք օր հետո Եղիկն ու Մելոն Էրզրումում ձիերը ծախելուց հետո ճանապարհ ընկան Հասան-ղալայի վրայով դեպի Ալաշկերտ։ Ուրախ գնում էր Մելոն, նա ըղձալի ասպարեզի վրա էր կանգնած. զարդարվել էր Էրզրումում ձեռք բերած զենքերով ու շորերով և ազատ դաշտերում, ձորերում ու սարերի վրա մտրակում էր ձին։
Եղիկը մտախոհ նրան էր հետևում։ Ոչ մի բան նրա աչքից չէր հեռացնում Ասլիին. գիշեր-ցերեկ Ասլիի մոտ էր։ Ո՞ւր տաներ Ասլիին. Քերսում նրան արդեն կարող էին մատնել, Շյորագյալում նրան բոլորը ճանաչում էին. ո՞ւր գնար, որ կարողանար երևակայած խաղաղ կյանքը գտնել։ Այս մտածմունքները ժամերով նրան տանջում էին և ապահով կյանքի մի ապահով անկյուն նա չէր գտնում աշխարհում, ամեն տեղ երևակայում էր հարստահարողներ, կեղեքիչներ և թշվառի վարձը կուլ տվողներ։
Նա չէր կարող գողանալով ապրել, նա չէր ցանկանում ուրիշի վաստակածը հափշտակել, նա գիտեր, թե որքան ցավալի է աշխատողի համար յուր ամեն մի կոպեկից զրկվելը, նա գիտեր, թե ինչ անտանելի վիշտ է դատողի համար տեսնել յուր դառն աշխատության ձեռք բերած բարիքներով իրեն կողոպտողի արած շռայլությունները, զեխությունները։ Այդ կասկածները յուր կաշու վրա էր փորձել և այդ վերքերի սպիները սրտի վրա թարախոտվում, մաղձոտվում էին։ Քսանևհինգ տարեկան էր, քսանհինգ տարին էլ տանջանքով ու զրկանքով էր անցկացրել, յոթ տարեկան հասակում վարձով ծառայության էր մտել, տասնևութ տարի ուրիշի դռանն էր ծառայել, տիրոջ՝ իրեն վարձողի դարդ էր քաշել ու միշտ զրկվել, անարգվել, հառաչել և ցանկացած վայելքների կարոտը քաշել։ Եղիկը մտածում էր՝ ինչպե՞ս ապրել այնպիսի դրացիների հետ, որոնք գիշեր-ցերեկ աչք ունեին մեկը մյուսի ստացվածքի վրա, իրար շողոքորթում էին, ոտքերը լիզում, օրական հազար անգամ երդվում իրենց անկեղծ բարեկամության մասին մեկը մյուսի համար կյանքերը զոհելու պատրաստակամություն էին ցույց տալիս, բայց ամեն րոպե պատրաստվում էին իրար գլուխ փշրելու, փորը թափելու և արյունը ծծելու, պատեհ առիթ ձեռք ձգելուն պես։
Նա, որ ո՛չ ՛կարող էր շողոքորթել, ո՛չ խաբել, ո՛չ էլ զրկել, ինչպե՛՞ս յոլա երթար այդպիսի դրացիների հետ։ Այս մտածություններից երբեմն-երբեմն նրան սթափեցնում էին Մելոյի գնդակները, որոնք որոտալով գլորում էին այս ու այն կողմը զանազան որսեր։
Ո՞ւր էր գնում Եղիկը, ինքն էլ չգիտեր, միայն նրա բոլոր մտածմունքները կենտրոնացած էին Ասլիով, որը մագնիսի նման իրեն էր քաշում։ Էրզրումից նրա համար դարձյալ նոր– նոր զարդեր ու շորեր էր առել, դրանք մտածում էր մի կերպ տեղ հասցնել։ Բայց չէր կարողանում վճռել հեռացնելու Ասլիին հոր բնակարանից, որտեղ խղճալին ալեկոծված նավի նման տատանվում, ծփում էր ամեն ժամ ապառաժների բախվելու զարհուրելի երկյուղից։
Երբ Ալաշկերտի գյուղն անցան, մտան Գելի ձոր, նրանք պատահեցան մի հիսուն ձիուց բաղկացած քարավանի, որը Տրապիզոնից ապրանք էր տեղափոխում Պարսկաստան։ Ամենանեղ կիրճում նրանք իրար դիմավորեցին։
Բարի հաջողում, ասաց Եղիկը, ձին առաջ քշելով ղաթրջի բաշուն (քարավանապետին)։
Աստծու բարին, պատասխանեց ղաթրջի բաշին, ձեզ էլ բարի հաջողում։
Երբ քսան քայլի չափ հեռացան, Մելոն ասաց Եղիկին. Նա՛ է։
Ո՞վ է։
Այն փուչ Օսման-Ղավազը, որ միանալով Ջավո բեդի, Բեքիր աղայի հետ, մեր հարյուր բեռ ապրանքը կուլ տվեց և սուտ վկաներով հաստատեց, որ իրեն կողոպտել են։
Ի՞նչ անենք։
Զոհի փոխարեն զո՛հ, կողոպտենք ապրանքը։
Գուցե ապրանքը թշվառ և բարի մարդկանց է պատկանում որոնք հավիտյան կտանջվեն, եթե կորցնեն այս կարողությունը: Բայց գուցե սխալվում ես, լավ տեսա՞ր:
- Մի՞թե քեզ չեմ ճանաչիլ, եթե սրանից տասը տարի էլ անցնի: Կուզե՞ս խոսեցնեմ:
Մելոն ետ դարձավ, մոտեցավ ղաթրջուն։
- Օսման-Ղավազ,- ասաց,- այս ապրանքը մերը խո չէ՞։
- Ես քեզ չեմ ճանաչում․ ապրանքը Հյուսեին Ալի խանինն է, Իրանի ենք գնում։ Որտեղի՞ց եք, ո՞վ եք դուք, աղա՛։
- Որ չես ճանաչում, էլ ինչի՞ ասեմ, մի՞թե մեր ապրանքը ավելի քիչ անգամ եք կրել, քան թե Հյուսեին Ալի խանինը,- ասաց ձին մտրակելով։
Ծանոթս գալիս եք, բայց չեմ հիշում,- պատասխանեց ղաթրջին, որի բառերը հազիվ թե լսեց Մելոն։
- Եղիկ,- ասաց մոտենալով Մելոն,- ապրանքը Թավրիզեցի Հյուսեին Ալի խանինն է եղել։ Ճանաչու՞մ ես այդ մարդուն։
- Լսել եմ։ Մի ժամանակ ղաչաղ-ավազակ է եղել Գյանջայում, Ղարաբաղում։ Հարստացել, փախել է Թավրիզ, թյուջեր (վաճառական) ու խան է դարձել։ Ձիդ քշե, գնանք Յուչքիլիսեի (ս․ Հովհաննես) վանքը անցնենք, բարձրանանք Դիադինու ետևը՝ ձորի մեջ, ճանապարհները կտրենք։
Օսման- Ղավազը, զինված ձիավորները տեսնելիս, սկզբում քիչ-քիչ կասկածեցավ, բայց երբ նկատեց և իմացավ նրանց հայ և մանավանդ վաճառական լինելը՝ աներկյուղ առաջ գնաց։ Հետինքը անցել էր, երբ քարավանը սկսեց մտնել ձորը։ Ղաթրջի բաշին՝ Օսման-Ղավազը, պաշարով բեռնավորված ձիու վրա նստած, հրացանը ուսին, չիբուխը ծխելով առաջ էր վարում քարավանը, երբ Մելոյի գնդակը նրա գլուխը ցրվելով ձիուց վար գլորեց։
Գոռում-գոչյուն ընկավ տասնի չափ սեիսներու (ձիադարման) և ծառաներու մե․ քարավանը ակամա կանգնեց։ Ծառաներից ո՛րը լավ էր համարում ճանապարհը շարունակելը, ո՛րը փախչելը և լուռ տանելը Դիադին, ո՛րը միացած կռիվ մղելը․ վերջապես ծառաներից մեկը քաջություն ունեցավ տիրոջ ձին նստել և ետ քշել Դիադին, օգնության կանչելու հույսով։ Մելոն ժայռի ետևից մի երկրորդ գնդակով գլորեց՝ այդ արիասիրտ ծառային էլ։ Ծառաները բոլորովին թուլացան, երբ իրենց ընկերն էլ գլորվեց։
Որքան զենք որ ունիք, բերեք թափեցեք ջուրը, գոռաց Եղիկը, եթե չեք ցանկանում բոլորդ էլ կոտորվել։
Իսկույն զենքերը թափեցին վտակը։
Քարավանի գլուխը դարձրեք դեպի Սարիբեգ, հրամայեց Եղիկը երկու ծառաների, իսկ մնացյալներին մտցրեց վտակը և ջուրը լցրած զենքերը դուրս հանելով դրեց բեռների վրա։ Հետո մտցրեց նրանց ապառաժի մեջ մի այր, բոսորի ձեռքերը կապկպեցին, թողին և այրի բերանը մեծ քարով ծածկելուց հետո գնացին, մեջգիշերին մտան Սարիբեգ։
Այդտեղ Եղիկի մի ծանոթ ընկերը, որ ղաչաղլի էր (կոնտրաբանտիստ), մեծ ուրախությամբ ընդունեց նրանց, ձիերը և ապրանքը ապահով տեղ տեղավորելուց հետո խոստացավ նրանց օգնել՝ գյուղի մի քանի ուրիշ երիտասարդների միջոցով ապրանքը անցկացնել ռուսի հողը։