Ատրպետ

Քոռ-Եղիկ

Գ, Դ, Ե
Գ

Կեսգիշերին մոտ դուռը բացվեցավ, Եղիկը ներս մտավ, պառավը ոչինչ չլսեց, նա մահակը և խլիկը վայր դնելուց հետո ասաց.

Ազի՛, ազի՛:

Ջա՛ն, Եղիկ, ա՜յ տղա, ո՞ւր թողիր նախիրն ու եկար…

Նախիրն էլ սատկի, նախրի տիրվտանքն էլ: Բողարն ու Բասարն (գամփռ շներ) այնտեղ են, իմ անունս էլ վրաներն է, մի՛ վախենալ, մարդ չի անցնիլ Եղիկի նախրի մոտովը։

Ա՜յ տղա, ինչի՞ ես եկել, ի՞նչ ունիս մեջ գիշերին։

Ուզում եմ թողնել ու գնալ օսմանցու հողը, ինձ ի՞նչ օգուտ նախրից. ահա տասնևհինգ տարի է սրա-նրա դուռը նոքրություն արի, սրա-նրա մալի համար կռիվ տվի, կյանքս չխնայեցի, տարի չեղավ, որ հախիս կեսն էլ ձեռքս անցներ. վա՜յ էն անցածին էլ. ո՛րը ցորնով, ո՛րը շորով կտոր, փսոր… Հային ծառայեցի՝ չեղավ, թուրքին ծառայեցի՝ չեղավ, քաղաքում ծառայեցի՝ չեղավ, վերջապես, ինչպես տեսնում եմ, ծառայելով մարդ դառնալու չեմ։ Տղա՛, խելռա՞ր, ի՞նչ է, էդ ամենը էսօ՞ր միտքդ ընկավ։

Չէ՛, Է՛լ կեցողը չեմ, թե գեղը մնամ, իմ գլխիս մի փորձանք կբերեմ։ էսօր մղդսի Կյուրեղը ետևիցս գոռում էր. կեցի՛ր հալբաթ հաց ուզելու կգաս, թե գրոշ հախ ստացար, պարծեցիր։ էս անձրևին, քամուն ես հոգիս բերանս առած նրանց նախիրը ամենալավ տեղերը տանեմ արածեցնեմ, օգուտս ի՞նչ… Օսմանցուի մարդիկն էլ հողից չե՞ն, այնտեղ նոքար, այստեղ նոքար, քեզ փաշայություն խո չե՞ն տալ։

Ես նոքար էլ չեմ դառնալ…

էդ էն օսմանլին չէ՞, որ հորդ կախեց։

Թե ձեռքներն ընկնեմ՝ թո՛ղ կախեն, կախվելը չոբանությունից գեշ խո չէ՞, մի անգամ մեռնել պրծնել…

Լա՛վ, լա՛վ, էլի իծանդ եկել են։ Այդտեղ թարաքը գաթա եմ դրել, ինձ փայ տվին Մղդսենք, չկերա, վեր առ կեր ու գնա գործիդ։

էդ ի՞նչ գաթա է։

Ես գիտե՞մ, խնամախոս պիտ էրթան, ի՜նչ է։

Խնամախո՞ս… էդ ի՞նչ խնամախոս է…

Ես գիտե՞մ, ասաց Սոնան և հազիվ տաքացրած տեղից գլուխը բարձրացրեց նստավ։ Տղա՛, դուռը վրա դիր, օ՜ֆ, ինչ ցուրտ է, դողոցս բռնեց։

Հալբաթ ի՞նչ խնամախոս է։

― Գիտե՞մ, ինձ կասե՞ն… Գիտես թե՝ էգուց միտք ունեն Գալո քեհյի տուն երթալ…

Գալո քեհյի՜ …

Հա՛, օղուլ, Գալո քեհյի, կրկնեց պառավը խորհրրդավոր ձև տալով խոսակցությանը և սրտի խորքից հառաչեց։ Բավական լռություն տիրեց, և երկուսն էլ խոր մտածության մեջ ընկան։ Վերջապես հարցրեց Եղիկը.

Ղոնաղ խո չունե՞ր գիշերս մղդսին։

Չէ՛։

Ախպրտանքը, տղերքը, ամենը տո՞ւնն էին։ Քուլլի։ Մի քիչ լռությունից հետո ասաց կրկին Եղիկը։

Ազի՛, ես գիշերս կերթամ, էգուց թե քեզ բան հարցնելու կլինին, ասա՝ խաբար չեմ։

Տղա, ո՞ւր… ինձ ո՞ւր ես թողնում…

Մի ամիս էլ կեցիր, քեզ այնպես տեղ տանիմ, որ էլ սրա-նրա դուռը չծառայես, ուրիշները քեզ ծառայեն…

Որդի՛, ես բան չեմ ուզեր, դու լավ եղիր, դու ազատվիր էդ անօրենների ձեռքից, ինձ բան հարկավոր չէ… մղդսի Կյուրեղի տունը ավիրվի, ինչպես նա ավերել տվեց քո հոր տունը, Ահմեդ փաշային կաշառելով, սուտումուտ, զուրումուր քսելով քո հոր վրա։ Տուն էլ ունեի, ծառա էլ ունեի, տունս բարի էլ, կարողություն էլ կար։ Է՜յ, որդի՛, մոռացիր էդ դատարկ բաները, գլուխդ քաշ գցի, հախըդ կստանաս, քեհչեն խոստացել է, որ քեզ վարուցանքի հող տա, բալքի հորդ տներն էլ ազատես պարտատիրոջ ձեռքից…

Թո՛ղ էդ քարոզներդ, ես քեզ ինչ որ ասացի՝ լավ միտքդ պահիր։

Տղա՛, ես կխելռիմ, ես կմեռնիմ առանց քեզ…

Ես էլ կխելռիմ, եթե էլի գլուխս կախած մղդսի Կյուրեղի մալերը արածելու տանիմ տարին տասներկու ամիս, առանց հախի սարերում, ձորերում մի չոր հացով փորս կշտացնեմ և թողնեմ, որ մղդսու դնդըշած տղեն երթա նշանածս ձեռքիցս խլե՞…

Երազներ մի՛ տեսնի, Գալո քեհյեն քեզ աղջիկ չի տալ, զուր տեղը դուշմաններդ մի՛ շատացնիլ։ Տուն չունիս, տեղ չունիս, երկնքի տակ չոր գլխիցդ ջոկ բան չունիս, կուզես Գալո քեհյի աղջիկը հա՞րս բերես։

Հա՛, եթե իմ տասնևութ տարվան հախը չուտեին, ինձ հասանելիքը եթե այսօր բերեին, համրեին, ես էլ կդառնայի մեկ համփա, մղդսի, ես էլ կունենայի նախիր, իլխի, լավ մատակներ.․․ Հորս փաշայի ձեռքից ազատելու համար Ավագ ամին հիսուն մանեթ է տվել (հազար ղուրուշ), տներիս տիրացել է… Քանի՜ -քանի՜ հիսուն ռուբլի պիտի խարջես, որ այնպես տներ շինես։ է՛հ, ի՞նչ անենք, մեր բախտն է, որդի՛…

Էդ քու խելքի բանը չէ, աշխարհքում թե գլուխդ կախես, մինչի մահ վզիդ նստողներն անպակաս կլինին, ասաց ու դուրս եկավ Եղիկը։

Դ

Դռան առաջ մի քիչ կանգ առավ, ուշքը հավաքած անշարժ և անշշուկ ականջ դրեց։ Միայն մեղմ անձրևի ձայնն էլ լսվում. ամեն մարդ, ամեն կենդանի խոր քնի և հանգստության մեջն էր։ Տների պահապան շներն անգամ մտել էին իրենց բները, կուչ արել մնացել։ Այդ անշարժության մեջ Եղիկի մտքից չէր հեռանում յուր անցյալի զարհուրելի, տխուր պատկերը, և ներկա սոսկալի կացության մեջ բարեհաջող ապագայի մասին հույսը կորցրել էր։

Երեսուն մանեթի ամբողջ տարին ծառայիր, կռվիր եսիրի պես գիշեր-ցերեկ, արևի այրող ճառագայթների տակ, քամու զարհուրելի մռնչյունի դեմ, անձրևի, կարկտի, ձյունի, բքի հետ, ամեն րոպե պատրաստ կեցիր գայլի, արջի փելենգի հետ կռվելու, հոգիդ բերանդ ա՛ռ, գլխիդ հետ խաղա՛, ինչ է տարեկան երեսուն մանեթ ձեռք գցելու հույսով, և այդ աշխատությանդ վարձը, որ ողջ գյուղից հավաքում են արյունդ ծծող համփաները, առանց իրենց քիսային դիպչելու, իրենք կուլ տան ու դուն էլ տկլոր, էլի պատառոտած, էլի դատարկ տրորե փորդ ու ա՜խ քաշե։ Ծնածս գյուղումն էլ ինձ ղրկեն, քովի գյուղումն էլ, հայն էլ, թուրքն էլ, ազգականս էլ, դուշմանս էլ… Հայրենական տներդ ուրիշը նստի, պապենական արտերդ ուրիշը վարի, մարգերդ դուշմանդ քաղե, ինչ է, ինչ է… հորդ կախել են, դու որբ ու խեղճ ես մնացել և մինչև մահդ էլ դու գնա՛ աշխատիր, որ մղդսի Կյուրեղի, Ավագ ամու, Ղալո քեհյի, Կուրդին աղբոր տղերքը հանգիստ ուտեն… Օխտը տարվա սիրականդ էլ, Ասլիիդ էլ դնդրոշ Մուքեն ձեռքիցդ խլե… Չէ՛, չէ՛, դրկիցներ, չէ. Եղիկը էլ չէ կարող, թող ինձ էլ կախեն, գլուխս կտրեն, գյուլլի բռնեն… Եղիկը կամաց-կամաց առաջ գնաց, կարծես կատվի նման ճանկերը մոտ էր քաղել, գնում էր առանց քայլերի ձայնը բարձրացնելու։ Մի քանի օձապտույտ թաղեր անցնելուց հետո հասավ Գալո քեհյի դռան առաջ, քարե սանդուխներից բարձրացավ և երդիքի տախտակը վերցնելով կամաց քիլարն իջավ։ Այնքան վարժ էր կատարում բոլոր շարժումները, որ կարելի էր կարծել, թե տան տերն ինքը լիներ և ոչ ոքից երկյուղ չունենար։ Երկու քայլ առաջ նրա քայլերը դիպան խեղճ Ասլիին, որը սպասել, սպասել ու քնել էր։ Ո՜վ է իմանում, թշվառ աղջիկը ի՞նչ էր երազում։ Եղիկը մի քանի անգամ քաշեց նրա թևերից, բարձրացրեց, բայց նա անզգա կրկին գլորվեց գետին։

Ասլի՛, Ասլի՛, խեղդված ձայնով կանչում էր բորբոքված երիտասարդը, բայց անմեղ կույսը չէր սթափվում։ Ժամանակը սահում էր։ Եղիկը դեռ շատ գործ ուներ կատարելու. նա պարտավորված էր բուռն միջոցներ գործ դնելու։ Կռացավ չոբանը, երկու ձեռքերով գրկեց սիրեկանին, երկու կողերից ու այնպես բարձրացրեց, որ կարծես նորածին գառ գրկած լիներ հոտի հետ տուն հասցնելու համար։ Սարսափելի էր Եղիկի կացությունը, դողում էր ամբողջ մարմնով, կարծես ծնկները անճարացել, անկարող էին դիմանալու և թևերում ուժ չէր մնացել կանգնած բռնելու յուր սրտի հատորին։ Սրտատրոփ նա թոթովում էր. Ասլի՛, Ասլի՛, և ցնցում հոգյակին։ Հանկարծ աչքերը բացեց Գալո քեհյի աղջիկը, զարթնեց և թևերը Եղիկի վզով տարածելուց և գանգուր մազերը շոյելուց հետո. Եղի՛կ, դո՞ւ ես, հարցրեց և դեռ պատասխանը չլսած՝ կրկին ուժը սպառվեց, գլուխը կախեց նրա կրծքին, ուշքը անցավ, մարեցավ… Եղիկը ձախ թևով գրկած Ասլիին, մոտեցավ բղուղներին և աջ ձեռքով զոխի ու ժախի աղի, բայց դառը ջրով այնքան տրորեց թշվառ աղջկա կուրծքն ու ճակատը, մինչև նրան բոլորովին սթափեցրեց։

Բավական երկար վշտակցելուց, երկար տատանվելուց և զանազան առաջաբաններ անելուց հետո ասաց Եղիկը.

Ասլի, ես այս գիշեր անցնելու եմ օսմանցու սահմանը։ Ինչի՞:

Պատճառները շատ են, ասաց հառաչելով Եղիկը։ Չոբանություն անելով այս դարին մարդ դառնալ անկարելի է, ուրիշ գործի պետք է ձեռք զարկել։

Էդ քո գործն է, ամա…

«Ամա» չի ուզիլ, ութ օր, ութ օր ինչ կուզես արա և մի՛ թողնիր, որ մարդ քու փեշին դիպչի, ես ութ օրից այստեղ կլինեմ և քեզ՝ թե հայրդ չտա, կփախցնեմ…

Ութ օր… թե ուշացա՞ր

Թե սաղ եմ, էսօր ի՞նչ է, լուս կիրակի, մեկել կիրակի գիշեր էլի այստեղ ինձ սպասե:

Աստված քեզ հետ։

Երկու սիրահարները գրկվեցին, և Եղիկը մի կերպ Ասլիի գրկից պոկ եկավ, ճանկռտելով պատից վեր ելավ և եկած ճանապարհով ետ դարձավ դեպի մղդսի Կյուրեղի տունը, որ իրենց քոխից շատ հեռու չէր:

Ո՛չ, քեզ առանց ոսկու, առանց խաս ու ատլաս կտորների չեմ թողնիլ: Դու, որ ինձի՝ որբ և անտերիս, սիրտ տալով գյուղի ամեն տղերքից բարձրացրիր, ես էլ քեզ զուգսով ու զարդարանքով Շյորագյալի քուլլի աղջիկներից բարձրացնելու եմ, ասում էր Եղիկը մտքումը մղդսի Կյուրեղի տանը մոտենալիս։ Գալո քեհյի տունը մտնելիս էլի զգուշանում էր, վախենում էր բամբասանքից և պատրաստ էր զոհվելու Ասլիի պատիվը չարատավորելու համար, իսկ մղդսի Կյուրեղի տունը մտնելու համար նախազգուշությունների չդիմեց, նա այդ տանն էր մեծացել, ամեն մի մանրամասնություն գիտեր և եթե դեմը մեկը դուրս գար, կարող էր մի առիթ գտնել և առանց կասկածանքի պատճառ տալու հեռանալ։

Ե

Եղիկը ձախ ձեռքը գցեց դռան ճակատի լուսամուտին, ողջ մարմնով կախվեցավ, աջ թևը լուսամուտից ներս կոխեց և փայտե հաստ մանտալը ետ հրեց ու վար իջավ: Խլիկը և միակ զենքը՝ մահակը, բակը թողեց և հյուրանոցի սենյակի դռնից ներս մտնելով, շտկվեցավ գոմի կողմը։ Գոմից այնքան հանդարտ անցավ, որ ոչ մի անասուն տեղից չշարժվեց։ Այդտեղից մտավ ախոռը, մոտեցավ մղդսի Կյուրեղի որդու՝ դնդրոշ Մուքեի միակ պարծանք ֆարաշին (նժույգ-ձի՝ արաբական ընտիր տեսակից)։ Քյահլանը ճանաչում էր Եղիկին, ոչ մի անսովոր նշան չարեց, բայց Մուքեն ֆարաշի ոտքը բխովել էր և նրա չվանի կապը ղոչաղ տղի նման պատը ծակել, անցկացրել Էր յուր ննջարանը և գիշերները քնելիս մեջքովն էր կապում, որպեսզի ձիուն փորձանք պատահելիս իսկույն լսի, դուշմանների հախից գա ու ծաղրի չմատնվի ընկերների մեջ։ Մուքեի ննջարանի դուռը տան խոհանոցի կողմից էր, որտեղից անցնելը կարող էր տան մեծ ու պստկին ոտքի հանել։ Կամ պետք էր մի կերպ բխովը կոտրել ձին դուրս հանելու համար, կամ պատի ծակը մի քիչ լայնացնել, մտնել Մուքեի բարձի տակից բանալին դուրս բերել։ Եղիկը պառկեցավ ու փորձեց յուր փոքր մարմնով մի կերպ ներս սողալ այդ ծակից, բայց հնար չեղավ. գլուխը չէր մտնում, ճանկերին ու մատներին դիմեց, մի քար հանեց ծակի մի կողմից և ներս սողաց։

Մուքեն խորդալով հանգիստ քնած էր սենյակի մեջտեղը, հատակի վրա։ Եղիկը չորս կողմը պտույտ արավ՝ թաթերի ծայրին ման գալով, բանալին բարձի տակը չէր, սխալվել էր յուր ենթադրության մեջ։ Եղիկը զգուշությամբ ձեռքերը շուռ տվեց անկողնի չորս բոլորը, այնտեղ էլ չկար։ Մուքեի արխալուղի, շալվարի գրպաններում փնտրեց՝ չկար, չգտավ։ Մտածմունքի հետ քրտինքը պատեց Եղիկին, և նա հոգնածություն զգալով, հարբածի նման նստեց բղուղների տակի կոնգին։ Մի քիչ զովանալու հույսով ձեռքերը ետևը տարավ բղուղները շփելու, և հանկարծ մի թել դիպավ ձեռքին, որ քաշելուն պես բխովի բանալին մի դատարկ կարասի դիպավ և բավական բարձր ձայն բարձրացրեց։ Այդ ձայնը սոսկացրեց և սթափեցրեց Եղիկին, որը գանձ գողացողի նման պատրաստվեց գանձի տիրոջ հետ ցմահ կռվելու։ Բայց անտեղի էր նրա երկյուղը։ Մուքեն խաղաղ խորդում էր։ Քիչ սպասելուց հետո, երբ ապահովեցավ Եղիկը, զգուշությամբ բացեց Մուքեի սնդուկը, նրա նոր շորերը հագավ, զանգյալները կապեց, չստերը ոտքը քաշեց և յուր հները նրա մեջ տեղավորելուց հետո՝ դուռը ծածկեց։ Պատից վար առավ շեշխանա թվանքը, ղարաբինեն, լագզու փշտովը, խանջալը և ֆիշանգլղները ու ետ սողաց ախոռը։ Ֆարաշի բխովը բանալուց հետո զգուշությամբ մադյանի ոտքերին կապեց, որպեսզի եթե Մուքեն զարթնի և քաշե շղթան, բխովի ձայնը լսե։ Հետո թամքեց քյահլանը և խանջալովը չլի քեչաներից մի քանի կտոր կտրեց կապեց նրա ոտքերին, որպեսզի աղմուկ չբարձրացնե: Նժույգը սանձելուց հետո նախ գնաց և գոմի միջի ճանապարհը կրկին քննեց, ետ եկավ «Հայր, Որդի և Հոգի Սուրբ» ասաց ու քաշեց։ Անձրևը դարձյալ բարակ մաղում էր. երկինքը մութ, գետինը թաց, տեղ-տեղ լճացած։ Եղիկը ձին քշեց նախիրի կողմը, Բողարն ու Բասարը սարսափելի հաչոցով վրա տվին և երբ իրենց հովվի ձայնն առան՝ ձայները իջեցրին, բայց դարձյալ չրմխտում էին, կարծես ուզում էին ասե՝լ «մեզ ինչի՞ թողնում-հեռանում ես»։ Եղիկը մտավ անձրևի տակ թրջված մալի մեջ և մղդսի Կյուրեղի, Ավագ ամու, Կուրղին աղբոր ապրանքից տասը գլուխ լավ կով ջոկեց և առաջը խառնելով՝ դիմեց դեպի Արփաչայ, սահմանը անցավ թուրքի Ղարաքիլիսի մոտով, դիմեց դեպի Մոլլա-Մուսա։ Սահմանապահ կազակներն ու օսմանլուի սուվարիները անձրևից ու ցրտից կուչ եկած քնել մնացել էին, ո՛չ մի կողմից չնկատեցին նրան։ Մոլլա-Մուսայի ձորով անցավ սարը, կարճ ճանապարհով դիմեց դեպի Աղբաբա։ Արշալույսին նա արդեն անցել Էր Շիրակի սահմանը:

"Քոռ-Եղիկ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Վերհիշելով
Դավիթ Բալասանյան

Վերհիշելով

Եկատերինա Դավիդովնա Ռոտինովա-Գուրգենբեկովայի դիմանկարը
Եկատերինա Դավիդովնա Ռոտինովա-Գուրգենբեկովայի դիմանկարը
Խաղա առցանց