Ատրպետ
Քոռ-Եղիկ
Զ, Է
Արևը բարձրանալուն պես Աղբաբա լեռան փեշերի վրա երևցան անհամար հովվական չադրներ ու քրդերը և նրանց մոտերքը՝ անթիվ խաշների հոտեր, որոնք կամաց-կամաց բարձրանում էին արոտները։ Հազարավոր տեղերից ծուխ էր բարձրանում, բարձունքում մնացած հատուկտոր ամպերի հետ միապաղաղվում և ծածկում Ոսկե-Գլուխ Ղզլ–Թեփե դիցուհու հանգստավայրը մահկանացուների աչքերից։ Արեգակի անդրանիկ ճառագայթների մի մասը այդ ամպերի վրա կոտրվելով ետ էին դառնում ցոլալով, մյուս մասը կողքերից շահելով ընկնում էր լեռան գագաթին ու լանջքերին, որի վրայի մանուշակագույն, դալար խոտերը իրենց վճիտ ցողիկներով պսպղում էին թավիշի նման։ Եղիկը հանդարտ քայլերով քշում էր նժույգը և նախիրից ջոկած տասը կովերը։ Ինչպես նժույգը, նույնպես և ինքը պարտավորվել էին կովերի քայլով գնալու և այդ դանդաղկոտ ընթացքը զանազան տխուր մտքեր էր առաջացնում կլապիտոնով զարդարված հովվին։
Որքան հիմարություն արի,– ասում էր Եղիկը մտքումը, շորերս ինչի՞ թողի դնդրոշի սնդուկում, այս հալավը կարող է կասկածներ ծնեցնել թարաքյամաների մեջ, քանի որ լեն ու երկար է ինձ համար։
Քանի առաջ էր գնում, այնքան սաստկանում էին կասկածներն ու երկյուղը, որոնք ստիպում էին նրան լեռնային ճանապարհներով, բնակություններից հեռու շարունակել յուր ընթացքը։ Որքան աշխատում էր խույս տալ այդ մտքերից, ուրիշ բանի մասին մտածել, հնար չէր լինում։
Հիմար մեծսրտություն,– ասում էր ինքն իրեն,– Մուքեին և մղդսի Կյուրեղին տրաքացնելու համար շորերս թողի նրա սնդուկում, այն շորերը, որոնք ամեն ժամանակ ինձ հարկավոր են։
Երբեմն մտածում էր թողնել կովերին սարի գլուխը, քշել էին, դիմել դեպի Արդահան, Օլթի, բայց ափսոսում էր, նա մանավանդ, որ փողի կարիք էր զգում, Ասլիի համար զարդարանք էր գնելու, տուն էր վարձելու և տեղ էր պատրաստելու յուր ապագա ամուսնու համար։ Մտատանջության մեջ խորասուզված, առաջ էր գնում մեքենաբար և չէր էլ զգում ինչ էր կատարվում շուրջը։ Այդ միջոցին հեռվից երևցավ ցնոտիների մեջ փաթաթված մի չարչի, որը վազելով դիմում էր Եղիկին՝ թևի տակ մի փոքրիկ կապոցով։ Նրան հալածող երկու թարաքյամա լակոտները, նկատելով զինվորված ձիավորին փափախը գլխին, թողին և ետ փախան։ Չարչին մոտենալով, ընկավ Եղիկի ոտքերն ու ասաց․
Աղա, դու գիտես, քո ոտքն եմ ընկել, ազատե՛ ինձ, քեզ մատաղ ունեցած-չունեցածս։
Ա՜յ տղա՛, ասաց Եղիկը զայրացած, դու որտեղի՞ց ես։
Աղա, ես Ղարսա եմ…
Ձայնդ կտրե, ստախո՛ս, լեզուդ ցույց է տալիս, որ դու ղարսեցի չես։
Աղա՛, մենք Բիթլիզու ենք (Բաղեշ), եկել ենք Ղարս կու մնանք։
Հա՛, լա՛վ, այդ եղավ։ Հաց ունի՞ս ուտելու։
Խրամանքա, աղա՛, ասաց ու գոտին բացեց չարչին։
Եղիկը վար իջավ և չարչու հետ նստավ հացի։ Տխուր մտքերը ճաշելիս էլ չհեռացան Եղիկից, և նա կցկտուր հարցեր էր տալիս չարչուն, որ նույնպես մտածությունների մեջ ընկավ տարօրինակ մարդու հանդիպումից։
Ինչի՞ էիր փախչում, չէի՞ր կարող այդ լակոտների հախից գալ։
Ի՞նչ արած, աղա, թուրք են, հյուքմաթը (պետությունը) իրենցն է։
Ահագին մարդ ես, ի՞նչ պիտի անեն նրանք քեզ։
Բոխչես կթալնեին։
Դեմ դնեիր կամ թե թող տանեին։ Ի՜նչ մեծ կորուստ կունենայիր։
Աղա՛, եղածս-չեղածս էս է, էս էլ որ տանեին՝ մանր ու խոշորս քաղցած կմնային։
Քանի՞ տղա ունիս։
Խինգ, քեզ ծառա․․․
Արի քեզ հետ ընկերություն անենք, բայց մի պայմանով, որ վախկոտությունդ թողնես։
Դու որ ինձ խետ ըլնիս, աղա՛, էլ չեմ վախենա։
Էդ շորերդ հանի՛, իմ շորերս հագի՛ր, ձիս էլ նստի՛ր, ես քու շորերդ հագնեմ դառնամ քեզ նոքար։ Ինչի՞;
Տանենք մալերը ծախենք, քեզ էլ բաժին կտամ։
Լա՛վ, լա՛վ, խրամանը քոնն է։
Եղիկը չարչու պատռած շորերը հագավ, թվանքը, ղարաբինեքն ու ֆիշանգլըղը ինքը վեր առավ, մնացյալով չարչուն զարդարեց. ձին հեծցրուց, ինքն էլ մահակը ձեռքին՝ հո՛ , հո՛ անելով դիմեցին դեպի թուրքի գյուղերը։
Գողը, ավազակը կարծում է, որ աշխարհի բոլոր մարդիկ գողեր են։ Չլդրի թարաքյամաները, որոնց միակ պարծանքն է ճարպիկ գողությունը, ամեն անցքի, արկածի մեջ գողության հետքեր են որոնում և գողածունն անհետացնելը իրենց սրբազան պարտականությունն են համարում, հայտնի բան է, հուսալով, որ իրենք էլ իրենց բաժինը, աշխատության վարձը կունենան։ Երեկոյան դեմ Կամարվան գյուղի հայտնի մի թուրք հանդից տուն էր դիմում ծանր քայլերով։ Նա ափսոսում էր առանց մի ճարպիկ գողության կորցրած օրը։ Թեև Հիսուն տարիքն անցկացրած մարդ էր, բայց ուժն ու ճարպկությունը դեռ չէր կորցրել։ Նա պատրաստ էր ձիավորվելու գիշերները հարձակումներ անելու համար, բայց արդեն այնքան կարողության տեր էր, գավառում այնպես գիրք էր բռնում, որ հայտնի աղաների շարքն էր անցել և ամեն մարդ նրան ճանաչում էր, ծպտիլ չէր կարող։ Հեմեդ աղա էին անվանում և որովհետև կույր էր, Քոռ-Հեմեդ էին կանչում նրա ետևից։ Այս տիտղոսից ազատվելու և ավելի մեծ հավատարմության արժանանալու դիտմամբ, նա մոտ հարյուր հիսուն ոսկի էր ծախսել, Մեքքե էր գնացել և հաջի էր դարձել, բայց շատերը դարձյալ երեսին Հաջի աղա և ետևից Քոռ-Հեմեդ էին կանչում։ Ինչպես որ սարդը, այնպես էլ Քոռ-Հեմեդը ման գալիս միշտ ձախ աչքը պտտեցնում էր հորիզոնի շուրջը մի որս ձեռք ձգելու հույսով։ Նա շատ վաղ տեսել էր չարչի ձիավորին յուր արաբական ընտիր նժույգով և Եղիկին՝ եզները արածացնելիս, որոնք իրեն կասկածանքների մեջ էին գցել։ Մի քանի ժամ շարունակ նա անտեսանելի պտույտներ էր արել և վերջապես, երբ նրանք յուր գյուղը ուղղվելու դիրք էին բռնել, ինքը ճանապարհները կտրել էր և այնպես ընթացք էր բռնել, որ իբր թե անմեղ գնում է յուր տունը։ Մինչև անգամ նա ետևը չնայեց, մինչև որ չարչին և Եղիկը չբարևեցին նրան։
Բարով եկաք, հազար բարով, ասաց Քոռ-Հեմեդը նահապետական հյուրասեր մեծատան ձևերով, կարծես առանց հյուրի գիշերելը իրեն մեծ տխրություն էր համարում։ Ու՞ր առաջ բարի, գիշերս չե՞ք հաճիլ հյուր մնալ մեր տանը և մեզ ուրախացնել։
Ճշմարիտը, ասաց չարչին, Ուրթա ենք գնալու, բայց արդեն ուշ է, ձեզանից խնդրում եմ, որ գիշերս մեր ապրանքներին տեղ տաք, առավոտը կշարունակենք մեր ճանսպարհը։
Ուրախությամբ, ուրախությամբ, ասաց Քոռ-Հեմեդր և աչքի ծայրով ագահաբար զննեց ֆարաշին: Ո՞ր կողմից է ձեր բարի գալուստը, ավելացրեց, հետաքրքրությունը չկարողանալով զսսլել։
Մենք ուռուսի սահմանից ենք գալիս. իմացանք, որ Ուրթա մեկ-երկու չստար մատղաշ մալը մեծ մալի հետ փոխում են, եկանք առուտուր անելու։ Մենք որ տանենք քաղաք ծախելու, մեր ապրանքին գին չեն տալ, բայց չստարը ամեն ապրանք յուր գնովն է առնում-ծախում։
Այդ միշտ այդպես է՝ «Խմորը հացթուխին տուր, մի հաց էլ վրեն տուր»։
Զանանազան խոսակցություններով եկան հասան Քոռ-Հեմեդի տունը և մալը, նժույգը ներս քաշեցին։ Ճանապարհին ֆարաչը Քոռ-Հեմեդի մուխը մարեց, նա շատ նշանավոր քյահլաններ էր տեսել, բայց սրանցից ոչ մեկը սրա մի սմբակի հետ չէր փոխիլ։ Երբ ձին շեմից ներս էին քաշում, Հեմեդը ասաց չարչիին.
Մաշալլա (տերը պահե), աննման ձի ունիս, դեռ մեր ախոռը այդպիսի ձի մտած չէ։ Ես պիտի պարծենամ սրանից հետո, որ մի գիշեր մի աղա հյուր ունեցա իմ տանը, այսպիսի ընտիր նժույգով։
Քեզ փեշքեշ, Հաջի աղա, ասաց վեհանձնությամբ չարչին, տուն մտնելով Լեմեդի հետ։
Տիրոջը փեշքեշ ինձանից էլ, բարով վայելես։
Երեկոյան երկար խոսակցությունից և ընթրիքից հետո փորձի համար ասաց Քոռ-Լեմեդը․
Միրզա աղա (այսպես Էր կոչվում չարչին), արի մեզ ծախիր կովերը, ինչի՞ ես գնում Ուրթա, կուզես փող կտանք, կուզես ջահիլ մալ կտանք։
Հաջի աղա, դու մեզ այնպես սիրով ընդունեցիր ու պարտավորեցրիր, որ բոլորը քեզ փեշքեշ որ անենք, կորուստ չենք ունենալ, բայց ինչպես ասի, մեզ ջահիլ մալ է պետք, թե ունիք, փոխենք։
Ինչի՞ չէ, առավոտ բարի լուսուն ես խաբար կանեմ տղերքին, որ մեր մալը բերեն գյուղ. ջոկենք, նրանց էլ գին գնենք, սրանց էլ, և ապա առուտուրներս գլուխ բերենք։ Եթե համաձայնիք, էլի գնացեք Ուրթա։
Լա՛վ, լա՛վ, ասաց կիսաբերան չարչի Միրզան և խոսքը կտրեց այնպես, որ լռություն տիրեց։ Եղիկը չէր սխալվել չարչիին ընկեր վեր առնելով, ինքը ոչ առևտուր արած ուներ, և ո՛չ էլ մարդու շարք նսաած ելած։ Միրզան Բիթլիսի սնանկացած բազիրգյաններից էր. նա գիտեր ամեն մարդու դամարը գտնել և նրա համաձայն շարժվել։ Ապրանքը թանկ ծախելու համար այնպիսի դիրք բռնեց և այնքա՜ն ճարպիկ շարժվեց, որ Քոռ-Հեմեդը շվարեցավ. և նա, որ մինչև այդ ժամանակ գողածուն ապրանք էր համարում կովերը, սկսեց տարակուսել։ Այնինչ Հեմեդը բոլորովին միտք չուներ դրանք գնել, նա փորձեր էր անում ձիու մասին հարց առաջարկելու և եթե ձին էլ գողացված ապրանք չլիներ, դժվար կլիներ գնել։ Հյուրասիրական օրենքների դեմ չէր կարող մեղանչել, նամանավանդ որ կարող էր բոլորովին պատվից ընկնել։ Երկար լուռումունջ ծխելուց և գյուղական հյուրերը ճանապարհ գնելուց հետո Հեմեդը կրկին խզեց լռությունը և ասաց.
Միրզա աղա, չի՞ կարելի, որ մեր արաբական մադյանի վրա քաշենք առավոտ ձեր ֆարաշը, ձեզ մի լավ խալի ձիու ղուլ փեշքեշ կտամ։
Հաջի աղա, ֆարաշը քեզ փեշքեշ, բայց եթե էգուց ճանապարհ չգնայի, իմ կողմից արգելք չէր լինիր։
Ողջ կարողությունս կզոհեի այդպիսի մի ընտիր ձի ունենալու համար, կառաջարկեի ծախել բայց դա, որ կա, մուրազ է, դուք բարով վայելեք։
Ես առևտրական մարդ եմ, կծախեի այդ ձին քեզ, բայց տանը մի փոքր նշանած եղբայր ունիմ, որ ջիրիդ խաղացող է, հետո նրա ձեռքից չեմ ազատվիլ։
Նա ձեր առաջ բան չի կարող խոսել,- մեջ մտավ Եղիկը եթե դուք կամենաք…
Բայց այնպես պիտի գործ բռնե մեծ եղբայրը, որ յուր փոքրերի սիրտը չցավեցնե։ Այս ձիու մայրն էլ, հայրն էլ մեր ախոռումն են, ամեն տարի մի-մի թայ տալիս են. տանը մի կա սրանից մի տարի փոքր, բայց սա նրա անունովն է։
Որ այդպես է, աղա, ծախիր ինձ այդ քյահլանը, քո շնորհիվ մեր տանն էլ մի այդպիսի զարդ ունենանք։
Ախր ծախեմ, բայց էգուց ես ինչպե՞ս ետ երթամ…
Քեզ փեշքյաշ, մեր ախոռում տասներկու ձի կա, ընտրի՛ր, որը կամենաս։
Եղիկը կատաղում էր սրանց երկար ու ձիգ խոսակցություններից և յուր միսն էր ուտում, նկատելով, որ Հեմեդը ամեն ջանք գործ էր դնում մի կերպ իրենց ձին խլելու։
Առավոտյան վաղ վեր կացան և երկար բանակցություններից հետո նժույգի և տասը կովի տեղ վեց մոզիկ, չորս աչառ, երկու ձի և մեկ էլ մի մեջիդիե ոսկի ստացան, լավ նախաճաշ արին, մի կարպետ և երկու խալի ձիու չուլ փեշքյաշ թարքները կապեցին ու դիմեցին դեպի Ղարս։
Շան որդին լավ կապերս քաշեց,- ասաց Եղիկը ճանապարհ ընկնելով։
Հյուքյումաթը իրենցն է, պատասխանեց Միրզան։ Քոռ-Հեմեդի տանից բերած ապրանքը Միրզան աներկյուղ բազարում ծախելուց հետո քսան մեջիդիե ոսկու չափ փող հանձնեց Եղիկին, որը առատությամբ տասը ոսկի բաժին տվեց չարչի Միրզային: Եղիկը Ասլիի ճակատի համար քառասուն ղազի գնեց, թանկագին շորեր առավ և Միրզայի ընտանիքով վեր առնելով Ղարսից, դիմեցին դեպի Ծբնի, տանելով իրենց հետ զանազան բազազի ու էթարի ապրանքները: Գյուղում մի հարմարավոր տուն վարձելուց հետո չարչին սկսեց յուր առուտուրը: Եղիկին տիրել էին մտածմունքները, երկու օր հետո նա անպատճառ լինելու էր յուր Ասլիի մոտ, իսկ նա դեռ պատրաստություն չէր տեսել:
Գիտե՞ս ինչ կա, ասաց Եղիկը Միրզային, ես կիրակի կամ երկուշաբթի գիշեր կմտնեմ գյուղ, այնպես պիտի անեք, որ իսկույն գիշերը դուռը բանաք, և գյուղացիք բան չհասկանան: Դեռ ավելի լավ է ես գիշերը կբերեմ նրան մինչև յառի տակը, դու Գյուլնազի հետ արի, այնտեղից Գյուլնազը (Միրզայի կինը) թող նրան տուն տանե, մենք կերթանք մեկ-երկու օր ուրիշ գյուղեր կպտտինք առուտուրի ու հետո օրը ցերեկով կմտնենք գյուղ, այնպես որ մարդ բան չհասկանա:
Լա՛վ, աղբեր, ինչպես որ կուզես, մենք քո ծառան ենք:
Ւնձ ծառա պետք չէ, ես ընկերի կարոտ եմ, Եղիկը, միայն խանջարով ու թվանքով զինված, ճանապարհ ընկավ, անցավ Շիրակը և ուղղվեց դեպի Աղբաբա: Իրիկվան մթանը նա մի քարափի տակ իջավ, թվանքը և խանջարը զգուշությամբ պահեց, ուղղեց քայլերը դարձյալ Կամարվան ու գնաց իջավ Քոռ-Հեմէդի տանը։ Տանտերը թեև տանը չէր, բայց որդիքը նրան սիրով ընդունեցին, որպես իրենց բարեկամի ծառային։
Աղայիս արծաթե մուշտուկը այստեղ խո չէ՞ մնացել, – հարցրեց Եղիկը միամիտ դեմք ընդունելով։
Ոչ, մենք չենք տեսել – ասացին։
Երբ իրիկվա հացը կերան պրծան, ելավ պատրաստություն տեսավ Եղիկը ճանապարհ ընկնելու: - Ու՞ր, ու՞ր ես գնում, ձայն տվին ամեն կողմից, գիշերս կաց, առավոտ կգնաս։
«Շուտով ետ դարձիր», հրամայեց ինձ աղաս, գնամ, թե չէ խոսք կգա վրաս։ Հախով ծառայող մարդու վիճակը հո գիտե՞ք։
Մենք քեզ չենք թողնիլ, ամեն կողմից մեջ մտան, այս գիշեր ժամանակ հազար ու մի շուն ու գել կա, կարող է փորձանք պատահել, հետո մենք չենք ազատվիլ մեր հոր ձեռքից։ Մեր հյուրն ես մինչև առավոտ, լուսուն բարի ճանապարհ, ուր կուզես գնա՛։
Այս միջոցով բոլորովին ապահովեցրեց Քոռ-Հեմեդի տանեցվոց, որոնք տեղ շինեցին և հանգիստ քնեցան։ Բայց Եղիկը, թեև սաստիկ հոգնած էր՝ վաթսուն վերստ ճանապարհ ոտքով էր եկել այդ օրը, անկողնում չկարողացավ հանգստանալ։ Նա մտածում Էր Ասլիի մասին, մտածում իրեն կողոպտողներից վրեժը լուծելու մասին։
Մեջ գիշերին նա վեր կացավ, ներսեներս ախոռից զգուշությամբ դուրս քաշեց ֆարաշը առանց թամքի, միայն մի համետով և առանց ուշադրություն դարձնելու սլացավ դեպի այն քարափը, որտեղ պահել էր զենքերը։ Նժույգը դեռ չհասած ապառաժի տակը, համառեց, կանգնեց և չէր ուզում առաջ գնալ։ Եղիկը իջավ ձիուց, քաշեց յուր ետևից, մի կերպով առաջ գնաց, մոտեցավ այն քարքարուտին, որտեղ թաքցված էր հրացանն ու խանջարը։ Գիշերը սոսկալի կերպով մութն էր, և Եղիկը անդադար զարկվում էր այս ու այն ժայռի կտորներին։ Հանկարծ նրան շրջապատեցին երկու կողմից երեք հոգի և փտովները կրակեցին։ Նժույգը կատաղած քաշեց յուր համետը թուլացած ձեռքից, ետ փախավ։ Հարձակվողները պինդ կապեցին Եղիկին ու ընկան նժույգի ետևից, որն ուղղակի ճանապարհ ընկավ դեպի Ղարաքիլիսա, յուր տանտիրոջ մոտ։ Մթնումը նրա հետքը կորցրին թուրքերը, վերադարձան, քիչ թուլացրին Եղիկի կապերը և առաջները խառնած ճանապարհ ընկան դեպի Հաջի Վելի Մեդեդ բեգի բնակարանը։ Մեդեդ բեգի մարդիկը Շյորագյալում հեռվից տեսած լինելով օտարական հրացաններով Եղիկին, կասկածել էին և նրա հետքից գնալով ու քարափում զենքերը պահելը նկատելով, դարան էին մտել, համոզված լինելով, որ կրկին գիշերը այնտեղ վերադառնալու էր։