Ալեքսանդր Շիրվանզադե

Մելանիա

XI և XII

Նա ձեռքով տրորեց ճակատն ու աչքերը, կարծես, ուշը ժողովելու համար։ Աա՜, ուրեմն Սամսոնը նրան բարերարությո՞ւն է արել, ամուսնանալով նրա հետ։

Եթե երեսովս պիտի տայիր աղքատությունս, ինչո՞ւ ամուսնացար, գոչեց նա, ինչո՞ւ ամուսնացար։

Երևի նրա համար, որ դու էլ երեսովս տաս ծերությունս, հեգնեց Սամսոնը։

Ես ունիմ իրավունք, դու չունիս։ Դու քո կամքով ամուսնացար, իսկ ինձ ամուսնացրին։ Հասկացի՛ր զանազանությունը։ Դու ինձ փողով գնեցիր իմ ծնողներից...

Թող չծախեին... Բայց լռիր, բավական է։

Լռե՞լ։ Ոչ, առանց այդ էլ երկար ժամանակ է լռել։ Հիմա առիթ են տալիս խոսելու և պիտի խոսի։ Նա միշտ տանջվել է, միշտ, թեև ուրիշները նախանձել են նրան՝ այսինքն՝ նրա ադամանդներին ու տուալետներին, կառքերին ու ձիերին, ճաշերին ու ընթրիքներին։ Նա ծիծաղել է, երգել, նվագել, թռչկոտել, բայց տանջվել է։

Ինչո՞ւ, ինչո՞ւ ես տանջվել, հարցրեց Սամսոնը:

Որովհետև չեմ կարողացել քեզ սիրել, ուզեցել եմ սիրել, չեմ կարողացել։

Շնորհակալ եմ, որ գոնե ուզեցել ես սիրել։ Ես կատակ չեմ անում, շարունակեց Մելանիան, սրտիս ցավն եմ հայտնում։ Մա՛րդ. դու ապրել ես ու վերջացրել կյանքդ, իսկ ես նոր եմ սկսում ապրել, հասկանո՞ւմ ես, նոր-նոր միայն: Չէ որ քսանուչորս տարեկան եմ, ա՛նաստված, ինչպես ապրեմ քեզ հետ։ Ինչո՞վ ես ուզում ինձ բախտավորեցնել։ Բազմաթիվ ծառաներո՞վ, այս շքեղ տնո՞վ, թանկագին հագուստներո՞վ, ոսկով ու քարեղենո՞վ։ Լսի՛ր, ես այն կանանցից չեմ, հասկանո՞ւմ ես, չեմ էլ ուզում լինել: Չեմ ուզում ուտել ամուսնուս հարստությունը, սիրել ուրիշներին։ Ի՞նչ ես աչքերդ պսպղացնում։ Ի՞նչ ես կատաղում, մի՞թե չգիտես, որ կան այս տեսակ կանայք։ Ես ինքս ճանաչում եմ օրիորդներ, որ երազում են գտնել հարուստ ու ծեր ամուսիններ, որպեսզի նրանց փողերը ծախսեն, իսկ սիրեն ուրիշներին։ Այո՛, կան, շատ կան այդպիսիները, քեզ էլ է հայտնի, որ կան։ Բայց ես չեմ ուզում նրանց օրինակին հետևել, հասկանո՞ւմ ես, չեմ ուզում։

Նա միայն աշխատել է ինքն իրեն խաբել։ Սկզբում, երբ սկսեց ճանաչել իրեն, հասկանալ իր անբախտությունը, ուզում էր իր նման շատ-շատերի պես լուռ խոնարհվել ճակատագրի առջև: Բայց չկարողացավ։ Հետո փափագեց աշխարհ տեսնել, իմանալ ինչպես են ապրում ժամանակակից հարուստ կամ արիստոկրատ համարված կանայք: Մի տարվա մեջ նա շատ բան տեսավ, շատ բան ուսումնասիրեց և այն, ինչ որ տեսավ ու ուսումնասիրեց, շուտով զզվեցրեց նրան։ Այնուհետև աշխատեց գլուխը խաբել հասարակական գործերով։ Եվ ահա կես տարի, միայն կես տարի անցած՝ այսօր այս էլ է նրան զզվեցնում։ Մարդիկ երեսին կեղծավորում են, հետևից ծաղրում, երեսին խելոք, լուսավորված կին համարում, հետևից փառամոլ, parvenue, выскочка։ Նրան չարախոսում են, թե «սիրեկան է փնտրում»։ Այժմ նա ուզում է բոլորից ամեն բանից երես դարձնել ու ապրել ինքն իր սրտի համար, ապրել սիրող կնոջ կյանքով, Եվ հանկարծ... սեր չկա... պահանջ կա, բայց սեր չկա։ Իսկ քանի որ սեր չկա, ինչի՞ է նման կյանքը և ի՞նչ օգուտ հարստությունից։

Ասա՛, ի՞նչ օգուտ, որ այն էլ երեսովս ես տալիս։ Չեմ ուզում քո հարստությունը, չեմ ուզում, երդվում եմ Ժորժիկիս անունով։ Խլիր բոլորն ինձանից և փոխարենը տուր ինձ կյանք, ո՛չ թե հարուստ, այլ բախտավոր կյանք: Ես զգալ եմ ուզում ու ապրել: Ես ուզում եմ իմանալ, ինչ ասել է երիտասարդական սեր, ինչ ասել է առհասարակ սեր...

Ասա, որ ուրիշ տղամարդ ես ուզում, ընդհատեց Սամսոնը կոպտաբար։

Եվ հոգու խորքում զգաց, որ զրպարտում է։

Մի՞թե եթե Մելանիան ուրիշ տղամարդ ուզենա, չի՞ կարող գտնել գաղտնի, և մի՞թե եթե այդպիսի հանցավոր միտք ունենա, այդքան պարզ կխոսի։ Ո՛չ, Սամսոնն ավելի ճիշտ կասեր, եթե գոնե նույն խոսքերն արտասաներ առանց «ուրիշ» բառի։

Եթե նույնիսկ այդպես լիներ, գոչեց Մելանիան անսովոր համարձակությամբ, ինչ կա զարմանալու. միթե չե՞ս զգում, որ ունիմ իրավունք։

Մելանիա, գոչեց Սամսոնը, բոլորովին բորբոքվելով խելակորույս կնոջ հանդուգն խոսքերից, խայտառա՜կ կին, բավակա՜ն է...

Ինչո՞ւ խայտառակ։ Որ ուրիշների պես չեմ թաքցնում զգացածս ու մտածածս։ Որ երեսիդ չե՞մ շողոքորթում ու հետևիցդ խաբում ու անպատվում քեզ։ Ասա՛, դու ինքդ երիտասարդ հասակումդ չե՞ս սիրել։ Եթե չես սիրել դու մարդ չես, եթե սիրել ես ապրել ես։ Բայց ի՞նչ եմ ասում։ Դու սիրել էլ ես, սիրահարվել էլ ու ուրիշ բաներ էլ արել։ Միտդ բեր ասածներդ, հիշիր ինչեր էիր պատմում երբեմն, անկեղծության րոպեներին։ Աա՛, ամաչո՞ւմ ես։ Ինչո՞ւ չթողեցիր, որ ես էլ սիրեմ, ես էլ ապրեմ։ Ինչո՞ւ նոր ծլող ծաղիկը կտրեցիր ոսկի մկրատովդ։ Ինչո՞ւ ինձ խլեցիր ծնողների գրկից այն ժամանակ, երբ ես երեխա էի։ Ինչո՞ւ, ասա՛, ինչո՞ւ։

Նա թուլացած ընկղմվեց գահավորակի վրա և սկսեց հեկեկալ։

Սամսոնը մի ձեռը բազկաթոռի կռնակին հենած՝ մյուսը սեղմել էր ճակատին և նայում էր հատակի մի կետին։

Հեկեկանքը դադարեց։ Մելանիան, աչքերը սրբելով, ոտքի կանգնեց, մի վայրկյան մտածեց՝ անշարժ կանգնած։ Հետո ձեռով մի դրական շարժումն անելով անցավ արագ քայլերով յուր ննջարանը, որ կից սենյակն էր։ Բաց արավ պահարանը, վերցրեց այնտեղից բոլոր յուր ակնեղենները, վերադարձավ և շպրտեց հատակի վրա, գոչելով.

Սրանցո՞վ ես պարծենում, սրանցո՞վ։ Վերցրո՛ւ, քեզ լինի, չեմ ուզում...

Այժմ Սամսոնը նստած էր գահավորակի վրա լուռ, անշարժ։ Չգիտեր ինչ ասի, լեզուն կաշկանդվել էր։ Կնոջ խոսքերի մեջ նա զգում էր որոշ չափի ճշմարտություն, մանավանդ իր անցյալի վերաբերմամբ, որի դառն հետևանքը կրում էր այժմ: Գունատ էր, որպես աշնան ծառից պոկված տերև։ Աչքերը անգիտակցաբար հառեց ցիրուցան սփռված օղերի, ապարանջանների, վզնոցների, մատանիների ու քորոցների վրա, որոնց խոշոր ու մանր ադամանդները գորգի վրա պսպղում էին նուրբ մանուշակագույն փայլով։ Եվ, կարծես, այս շինծու աստղերի մեջ էր որոնում իր թշվառության հիմքը։ Միթե այսպես չէ՞։ Միթե իր կյանքի լավագույն շրջանը այս ադամանդներին տիրանալու համար չէ՞ր գործադրել։ Նա կամեցավ առաջ հարստանալ, հետո բախտավորվել։ Ինչպե՞ս չհասկացավ, որ տիրելով մեկին, զրկվում է մյուսից, օրեցօր քայքայվում և, գլուխը քաշ ոսկիներ հավաքելով, անգիտակցաբար մերձենում է գերեզմանին:

Ինչպե՞ս չգուշակեց, թե փողով կյանք չի կարելի գնել, թե ժամանակը գետ է, որի ջուրը երբեք հետ չի դառնում։ Ինչո՞ւ յուր գոյության վառվռուն շրջանը անցկացրեց սիրուհիների ու անառակ կանանց գրկերում, իսկ կնոջ համար պահեց նրա ողորմելի մնացորդը: Եվ ահա այսօր նրա երեսին են շպրտում այս ադամանդներն ու փոխարենը պահանջում երիտասարդություն... առնական ուժ։ Պահանջում է այն, որ նա միայն ունի իրավունք պահանջելու, որովհետև նա սիրուհի չէ, այլ կյանքի հավիտենկան ընկերուհի...

Շնորհակալ եմ, հնչեց նրա ականջին Մելանիայի արդեն փոքր-ինչ հանդարտված ձայնը, շնորհակալ եմ արած լավություններիդ համար: Բայց այսուհետև չշարունակես, խնդրում եմ, պահանջում։ Այժմ քո բարերարությունը ինձ տանջում է, հասկանո՞ւմ ես, ուղղակի տանջում...

Եվ մի վայրկյան կանգ առնելով, ավելացրեց.

Վաղը կգրեմ ծնողներիս, որ այսուհետև էլ իրավունք չունեն քեզանից օգնություն ստանալու։ Ես չեմ ուզում հարստահարվել, դու էլ մի՛ հարստահարվիր...

XII

Մելանիան կատարեց իր խոսքը։ Հետևյալ օրն իսկ գրեց մանրամասն նամակ մորը: Նկարագրեց իր ընդհարումը Սամսոնի հետ. պարզեց մինչև այժմ գաղտնի պահած վիշտը, վերջապես, հայտնեց պարզապես, թե այժմ անբախտ է, այնքա՜ն անբախտ, որ հազիվ թե կարողանա այսուհետև ապրել այդ մարդու հետ:

Երեք օր անցած՝ պատասխանի փոխարեն անձամբ եկան նրա ծնողները: Երևի, արդեն շատ ազդու էր գրված Մելանիայի նամակը: Դա մի ոչ այնքան ծեր զույգ էր մարդը գեր-գեր, մոտ հիսուն տարեկան, կինը մարդուց հազիվ չորս-հինգ տարով փոքր, տակավին թարմ, նույնիսկ գեղեցիկ։

Նրանք անմիջապես բացատրություն պահանջեցին իրենց աղջկանից։ Մելանիան ասաց, թե բոլորը գրել է նամակում և ուրիշ ասելիք չունի:

Սամսոնը ընդունեց իր զոքանչին ու աներոջը սառը, չկամեցավ նրանց հետ խոսել իր ընտանեկան ընդհարման մասին։ Զույգը վշտացավ։ Հետևյալ օրը նա որոշեց խնդիրը, ինչպես էլ լինի, բոլորովին պարզել։ Այս անգամ Մելանիան համառոտ ու դրական եղանակով կրկնեց բոլորը, ինչ որ գրել էր նամակում։ Նա այլևս չի կարող Սամսոնի հետ ապրել, նրա հացն ուտել. խիղճը տանջում է, զգում է իրեն ստորացած մարդու առջև, որին չի սիրում և երբեք չի սիրել և չի կարող սիրել։

Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ, գոչեց տիկին Նազանին՝ Մելանիայի մայրը։

Որովհետև ծեր է, պատասխանեց Մելանիան այնքան լուրջ ու կտրուկ եղանակով, որ թույլ չէր տալիս ոչ մի հակաճառություն։

Հը՜մ, փնթփնթաց Սերգեյ Արտեմիչը՝ Մելանիայի հայրը, լա՛վ պատճառ է, օրհնյա՜լ լինիս։

Մելանիան մի սուր հանդիմանական հայացք ձգեց հոր երեսին և հարցրեց.

Քանի՞ տարեկան ես, պապա։

Քառասունուիննս լրացավ անցյալ ամիս։

Իսկ դո՞ւ, մամա։

Քառասունչորս։

Քառասունինը քառասունչորս, զանազանությունը հինգ տարի. հիսունչորս - քսանչորս, զանազանությունը երեսուն տարի։ Պապա, աղջկադ ամուսինը քեզանից ծեր է։ Ասա, ինչո՞ւ ինձ տվեցիք այդ մարդուն։

Սամսոն Ֆրանգուլյանը քաղաքի ամենալավ փեսացուներից մեկն էր. խելոք, օրինավոր մարդ ու միլիոնների տեր...

Եվ ծեր, ավեացրեց Մելանիան անսովոր համառությամբ։

Չեմ հասկանում, ինչ ես մի գլուխ կրկնում ծե՛ր, ծե՛ր, ու ծե՛ր, գոչեց տիկին Նազանին, լա՞վ կլիներ՝ եթե քեզ տված լինեինք մի քաղցած երիտասարդի։

Այո, մամա, ավելի լավ կլիներ։

Այժմյան փչացած երիտասարդներից մեկի՞ն, հարցրեց Սերգեյ Արտեմիչը։

Թեկուզ մի շառլատանի, պնդեց Մելանիան նույն համառությամբ:

Սերգեյ, դարձավ տիկին Նազանին իր կողակցին, դու հեռացիր, թող մեզ մենակ։

Սերգեյ Արտեմիչը հասկացավ ամուսնու միտքը և շտապեց կատարել նրա հրամանը։

Նազանին նստեցրեց աղջկան իր մոտ, գահավորակի վրա և մի ձեռով գրկեց նրա մեջքը, մյուսով շոյելով մազերը, ասաց.

Հիմա կարող ես սիրտդ բաց անել։ Ես կնիկ եմ, ամեն բան կհասկանամ, մի՛ ամաչիր:

Մա՛մա, թո՛ղ ինձ, արտասանեց Մելանիան, երեսն ամոթով մի կողմ դարձնելով, առանց այդ էլ ես շատ բան ասացի։

Տիկին Նազանին բարվոք համարեց ուղղակի դիմել բուն խնդրին:

Մելա՛նիա, ասաց նա, հառաչելով, մի բան հարցնեմ, չնեղանաս։ Ասա՛, քեզ խելքից հանող չկա՞։ Էհ, ո՛վ գիտե, Թիֆլիսն է։

Ի՞նչ ես ուզում ասել։

Էհ, մեջտեղը մի ուրիշ տղամարդ չկա՞։

Հր՜մ, արտասանեց Մելանիան, դառնությամբ գլուխը երերելով, գիտեի, որ ա՛յդ պիտի հարցնես։ Ո՛չ, մամա, ես ոչ ոքի չեմ սիրում և չեմ էլ ուզում սիրել, քանի որ այս տանն եմ ապրում։

Երդվի՛ր։

Երդվում եմ Ժորժիկիս անունով։

Ոչ ոքի չես սիրում ու էլի մարդուդ հետ չես ուզում ապրել։ Չեմ հասկանում։ Ծեծո՞ւմ է քեզ Սամսոնը։

Երանի թե ծեծեր...

Հետդ վա՞տ է վարվում:

Ո՛չ։

Ատո՞ւմ է քեզ։

Ընդհակառակը. հիմա ավելի է սիրում։

Ազատություն չի՞ տալիս։

Այնքան է տալիս, որ ես ինքս զզվել եմ։

Սրտիդ ուզածը չի կատարում։

Կատարում է:

Կարելի է սիրուհինե՞ր է պահում։

Ո՛չ, ո՛չ, մամա, այդ բոլորից և ո՛չ մեկը։

Ուրեմն կամ ես ծերացել եմ ու ոչինչ չեմ հասկանում, կամ դու խելագարվել ես։

Մամա՛, միամիտ մի ձևանար, դու էլ կին ես, հասկացի՛ր դրությունս։ Մի րոպե միտդ բեր այն ժամանակը, երբ դու իմ հասակի էիր։ Միտդ բեր ու երևակայիր քեզ մի հիսունչորս տարեկան մարդու գրկում։

Հիսունչորս տարին տղամարդի համար ծերություն չէ։

Բայց... Սամսոնը ծեր է, հասկացի՛ր, ծեր...

Այդ ոչ ոք չի կարող ասել, նրան տեսնելով։

Բայց ե՛ս եմ ասում, հասկանո՞ւմ ես, ե՛ս... Ա՜խ, մամա, ի սեր աստծու, խնայի՛ր ինձ, մի՛ ստիպիր...

Մայրը նայեց աղջկա աչքերին և այնտեղ կարդաց նրա խոսքի վերջը. նա գլուխն անզոր թեքեց կրծքին։

Ուրեմն, արտասանեց նա կակազելով, ուրեմն... Մելանիա...

Երեխանե՜րը... առաջ, մամա, բայց հիմա... Ահ, բավակա՛ն է, վերջապես...

Այն, ինչ որ արտահայտում էին երիտասարդ կնոջ հուսահատական շարժումները, այնքան համոզիչ էին և այնքան միևնույն ժամանակ վշտալի, որ Նազանին բոլորովին զինաթափ եղավ և ուժասպառ թիկն տվեց գահավորակին։ Ավելի՛ «նա զգաց խղճի խայթ, զգաց և կարեկցեց աղջկան:

Նույն օրն երեկոյան նա առանձնացավ իր կողակցի հետ, երկար ու երկար խորհրդակցեց։ Բայց խնդիրն անլուծելի էր: Տիկին Նազանին փորձեց մարդուն համոզել՝ Սամսոնից բացատրություն պահանջելու։ Սերգեյ Արտեմիչը դրականապես մերժեց։

Ամոթ է, ասաց նա, որ հարցնեմ էլ, միևնույն է, ոչինչ չի ասիլ...

Հապա ի՞նչ անենք։

Չգիտեմ։

Երկուսն էլ անզեն ու անզոր նայեցին միմյանց երեսին: Երկուսն էլ զգացին, որ գործված սխալն անուղղելի է և որ իրանք իրանց ձեռքով դժբախտացրել են իրանց հարազատ զավակին...

"Մելանիա" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Գիշերային տեսարան
Առնո Բաբաջանյան

Գիշերային տեսարան