Ալեքսանդր Շիրվանզադե

Մելանիա

V և VI

Անգո՜ւթ կին. նա չկամեցավ գեթ սակավ ինչ մեղմացնել յուր անողոք խոսքերի ուժը:

Մեղմացնե՞լ, բայց ինչո՞ւ. միթե նա սո՞ւտ ասաց կամ զրպարտեց: Նա ասաց ա՛յն, ինչ որ ծանրացել էր իր սրտի վրա, այն, ինչ որ ճնշում էր հոգին, թունավորում կյանքը. ասաց զուտ ճշմարտությունը։ Սակայն ի՞նչ. թեթևացա՞վ նրա հոգին։ Օ՜, ոչ, ընդհակառակը, այժմ նա ավելի է մտածում յուր ճակատագրի մասին, քան մտածել էր մինչև այդ պահ։

Տե՜ր աստված, ինչո՞ւ խաբվեց։ Մի՜թե նրա ծնողները կատարյալ բռնակալներ էին։ Բնա՛վ։ Նրան տրված էր որոշ չափով ազատություն, գոնե պայմանական ազատություն, որպիսին «ժամանակակից» ծնողները տալիս են օրիորդներին։ Նախ նրան ծանոթացրին Սամսոն Ֆրանգուլյանի հետ, թույլ տվեցին մի քանի անգամ հետը խոսել կլուբում, թատրոնում, հետո միայն սկսեցին «համոզել», այո, համոզել և ոչ թե հարկադրել: Եվ որպիսի՜ մեղմ եղանակով համոզեցին։ Նա կարող էր մերժել, եթե կամենար։ Ոչ ոք նրան զոռով չէր ամուսնացնիլ: Շա՜տ-շա՜տ, ծնողները մի փոքր կվշտանային, մի փոքր կնախատեին նրան, հետո... կլռեին։ Բայց նա չմերժեց. թո՛ղ ուրեմն այժմ կրի յուր սխալի հետևանքները։ Թող նա կենակցի մի մարդու հետ, որը երեսուն տարով մեծ է իրենից և որին չի սիրում։ Չի՞ սիրում։ Ոչ, այդ սխալ է, ուզում է սիրել և չի կարողանում։ Նա հարգում է այդ մարդուն, համարում է նրան արժանավոր ամուսին։ Ամուսին, որ սիրում է նրան ինչպես աստվածուհու, կատարում է նրա բոլոր ցանկությունները, բոլոր քմահաճույքները, ինչպես ստրուկ։

Բայց միթե այսքանը բավակա՞ն է։ Իսկ ո՞ւր թաքցնի Մելանիան նոր հղացած կյանքը, նրա բնական պահանջները, երիտասարդ սրտի ավյունը, որ այրում է նրան ամառային արեգակի ջերմության չափ, տարածվելով ամբողջ մարմնի մեջ, որպես հալած մետաղ։ Ինչպե՞ս զսպի սիրելու ջերմ փափագը։ Սիրելու ոչ թե մի ուժասպառ տղամարդի, այլ մի տաքարյուն երիտասարդի, որ կարողանար հագուրդ տալ նրա բոլոր զգացումներին, որ նրա չափ օժտված լիներ կենսասիրական հրով։ Բռնությո՜ւն, կատարյա՛լ բռնություն։ Նա ինքը դեռ քսանուչորս տարեկան չկա, դեռ նոր-նոր է հասկանում, թե կինը նախ և առաջ ինչու համար է ստեղծված։ Եվ ստիպված է գրկել ու համբուրել, կամ գրկվել և համբուրվել մի հնոտիի հետ։ Եվ դեռ Մելանիային նախանձող կանայք կան։

Օգոստոսի վերջին Մելանիան վերադարձավ քաղաք։

Սեփական տունն արդեն պատրաստ էր. Սամսոնն ընտանիքն ուղղակի այնտեղ տեղափոխեց։

Խե՜ղճ մարդ. որքա՜ն էր աշխատել նոր կացարանին կարելույն չափ ճոխություն ու շուք տալու։ Շատ կահ-կարասի նոր էին բերել տրվել արտասահմանից, որովհետև հները չէին համապատասխանել սենյակների շքեղությանը։ Պատերը յուղաներկ ներկված, դռները թանկագին կարմիր փայտից, լուսամուտները շրջափակված ոսկեզօծ սյուների մեջ ահա գլխավոր դահլիճը։ Հարկավ, մնացյալ սենյակներն էլ համապատասխան շուք ունեին։ Ախոռատանը խրխնջում էին մի զույգ նոր ձիեր, այս անգամ մոխրագույն, պոչերը կտրած։ Գլխավոր մուտքի մոտ կանգնած էր պարթևահասակ շվեյցարը, իսկ մարմարիոնյա սանդուղքը գարգարված էր գեղեցիկ արձաններով ու թանկագին տրոպիկական բույսերով։

Եվ այս բոլորը Մելանիայի, միա՛յն Մելանիայի հաճույքի համար, այնքան էր սիրում նրան Սամսոնը։ Այնինչ ինքը՝ Սամսոնը, որքա՜ն փոխվել էր այս վերջիս։ Երկու շաբաթվա ընթացքում։ Ոչ միայն նիհարել էր, այլև ավելի ծերացել, այլև մեջքից բավական կորացել։ Այժմ նա լուռ էր, որպես անշարժ ջուր։ Մի միտք արճիճի պես ծանրացել էր նրա հոգու վրա։ Այդ նույն միտքն էր, որ վերջին տարիները հալածում էր նրան և որից այժմ ազատվելու հնար չէր գտնում...

Քաղաք բերելով Մելանիային, նա հարցրեց՝ արդյոք առաջիկա սեզոնին ինչպե՞ս է կամենում կարգադրել կյանքը։ Պիտի անցյալ ձմեռվա պես դռներր բա՞ց անի բազմաթիվ ու բազմատեսակ ծանոթների առջև, թե՞ ուզում է ուրիշ կերպ ապրել։

Մելանիան հիացած էր նոր բնակարանով ու նոր կահ-կարասիով, բայց ոչ այնպես, ինչպես մի տարի առաջ էր հիանում ամեն մի շքեղությամբ։

Նա պատասխանեց վճռել եմ այսուհետև ուրիշ կերպ ապրել։

Ի՞նչպես։

Ուզում եմ հասարակական գործերով զբաղվել։ Իրավունք կտա՞ս:

Արա՛, ինչ որ սիրտդ ուզում է, միայն թե չտխրես։ Ես չեմ սիրում քեզ տխուր տեսնել։

Այս բոլորովին անկեղծ էր. Սամսոնը չէր կամենալ Մելանիային տխուր տեսնել կամ, ավելի ճիշտ, վախենում էր նրա տխրությունից։ Բարվոք կհամարեր նրան տեսնել գործերով զբաղված, քան ինքն յուր մեջ ամփոփված։ Պարապությունը, նրա կարծիքով, կարող էր երիտասարդ կնոջը տանել դեպի ո՛վ գիտե ինչ վտանգավոր մտքեր...

Մելանիան սկսեց զբաղվել հասարակական գործերով: Ոսկի բանալիով բաց արավ յուր առջև բոլոր այն հիմնարկությունների դռները, ուր միայն կարող է մուտք ունենալ կինը։ Սամսոնը զոհեց մի խոշոր գումար, Մելանիան ընդունվեց օրիորդական գիմնազիոնի պատվավոր հոգաբարձու։ Քանի մի ուրիշ նվերներ երիտասարդ կնոջը իրավունք տվեցին այս կամ այն բարեգործական ընկերության խորհրդի անդամ ընտրվել: Այս բոլորը շոյում էր Մելանիայի սնափառությունը և շարժում շատերի նախանձը: Սկսեցին նրան բամբասել, անվանել Parvenue, չարախոսել նրա ո՛չ միայն գործունեությունը, այլև անձը, վերագրելով նրան հազար ու մի վատ ձգտումներ: Իսկ նա ոչ ոքի վրա ուշ չէր դարձնում։ Նա խելոք էր և ոչ զուրկ տաքտից, գիտեր և՛ արհամարհել մարդկանց, և՛ փակել նրանց բերանը յուր սիրալիր վարմունքով։ Մեկին հաղթում էր յուր ճաշակով ու ընթրիքներով, մյուսին զբոսանքի համար առաջարկելով յուր շքեղ կառքը, երրորդին ուղղակի այցելություն անելով և այլն:

Օրը մինչև երեկո զրաղված էր։ Գրում էր նամակներ, ցրում էր այս կամ այն բարեգործական երեկույթի տոմսակները, պատվերներ էր տալիս, պատվերներ կատարում և հոգնում: Մոռանո՞ւմ էր յուր վիճակը. այսինքն ա՛յն, ինչի պատճառով իսկապես զբաղվում էր հասարակական գործերով։ Ո՛չ. նա խաբում էր ինքն իրան։ Բայց ջանք էր անում մոռանալ։ Ավելի, նա անկեղծ ցանկանում էր սիրել Սամսոնին: Այս նպատակով բռնաբարում էր ինքն իրան, խեղդում յուր մեջ շատ ապօրինի, վտանգավոր, բայց հաճելի զգացումներ։ Նա հեռու էր պահում իրան տղամարդկանց շրջանից, որպեսզի չվրդովի ոչ յուր և ոչ Սամսոնի արյունը: Իսկ կանայք առաջվա պես վայելում էին նրա ընդարձակ հյուրասիրությունը:

Սամսոնրը ոչ մի նկատողություն չէր անում նրան այս կամ այն քայլի մասին և միշտ կրկնում էր.

Արա՛, ինչ որ քեֆդ է։

Բայց այս խոնարհության մեջ Մելանիան ակամա զգում էր ինչ-որ վատ բան. ինչո՞ւ ինքն էլ չգիտեր։ Մի օր նա հարցրեց ամուսնուն։

Դու բարկանո՞ւմ ես ինձ վրա։

Ո՞վ ասաց։

Ինձ այնպես է թվում։

Իզուր։ Ես քեզ ոչինչ, ոչինչ չեմ արգելում, արա՛, ինչ որ քեֆդ է։

Դու ունիս իրավունք արգելելու։

Ունի՛մ, բայց չեմ արգելում։

Իսկ ես ուզում եմ, որ դու ինձ շատ էլ ազատություն չտաս։

Հա՛, հա՛, հա՛, ծիծաղեց Սամսոնը, դու մի՛ կարծիր, թե ես քո ազատությունից վախենում եմ։ Ոչ, ես վախկոտ չեմ։

Նա խոր նայեց կնոջ աչքերին։ Մելանիան գլուխը թեքեց կրծքին, մի քիչ կարմրելով։ Խոսակցությունը սրանով էլ վերջացավ։

VI

Փիրուզյանը հաճախ այցելում էր Սամսոն Ֆրանգուլյանին։ Նկատելով, որ ազգականը անգործ տխրում էր, հանդիմանում էր նրան, որ ահագին դրամագլուխը դրել է բանկ և ձեռները անշարժ նստել։ Ինչո՞ւ չի սկսում մի նոր ձեռնարկություն և իր կյանքի պակասը լրացնում։

Ծերացել եմ, պատասխանեց մի օր Սամսոնը կատակով, բայց ակամա հառաչելով, եռանդ չունիմ նորից գործեր սկսելու։

Ծերացե՞լ, կրկնեց Փիրուզյանը, դուք ձեզ ծե՞ր եք համարում։ Դուք ինձանից երիտասարդ եք։

Քսաներկու տարով ձեզանից մեծ եմ, գիտե՞ք՝ ինչ ասել է քսան երկու տարին մարդու կյանքում։

Տարիքը դատարկ բան է, գլխավորը մարդու ուժերն են ու սիրտը։

Նա շատ լավ գիտեր, թե որքան կործանիչ է ժամանակի ուժը, թե որքան մարդիկ խաբում են իրենց, երբ ասում են. «թե ես տարիքով ծեր եմ, բայց սրտովդ հոգով ու ուժով երիտասարդ եմ»։ Սակայն խորամանկ էր, ճանաչել էր ազգականի թույլ երակը և աշխատրում էր շոյել նրան։ Ահա ինչու Սամսոնը իսկապես սիրում էր նրան։ Այդ երիտասարդի մոտ նա էլ չէր զգում յուր ծերությունը։

Ամեն կիրակի, երբեմն նաև շաբաթամիջին, Փիրուզյանը ճաշում էր Ֆրանգուլյանի տանը։ Գալիս էր ճաշից շատ առաջ և հեռանում ճաշից շատ հետո։ Երբեմն Մելանիային հանդիպում էր տանը մենակ, և միշտ ազգականի պարզ հարգանքով էր վերաբերվում դեպի նա։ Այնինչ, Մելանիան շարունակ ցույց էր տալիս անտարբերություն, երբեմն նույնիսկ սառնություն։ Միևնույն ժամանակ, այլևս Սամսոնի հետ չէր խոսում Փիրուզյանի մասին։ Կարծես, նրա համար միևնույն է. կա՞ այդ մարդը, թե՛ չէ։ Բայց և այնպես, այժմ էլ նա երբեմն մտքում համեմատում էր Սամսոնի հետ և միշտ մտածում. ինչո՞ւ Սամսոնը նրա հասակի չէ։ Ա՜խ, այն ժամանակ Մելանիան երջանիկ կլիներ։ Իսկ այժմ նրա արյունը չի հուզվում Սամսոնի մերձավորությունից և այս կատաղեցնում է նրան: Մինդեռ հուզվում է, երբ մի վայրկյան ազատություն է տալիս իրեն և դիտում Փիրուզյանի առնական ուժով տոգորված դեմքը, նրա աչքերի երիտասարդական փայլը։

Մի օր Փիրուզյանը եկավ ա՛յն միջոցին, երբ Սամսոնը տանը չէր և շուտ էլ չպիտի վերադառնար։ Մելանիան ընդունեց նրան ամուսնու կաբինետում և ընդունեց ավելի սառը, քան ամուսնու ներկայությամբ։

Սամսոնը տանը չէ, շտապեց ասել նա:

Ափսո՜ս, արտասանեց Փիրուզյանը և խոր հայացքով նայեց Մելանիայի աչքերին։

Այդ հայացքը թե՛ բարկացրեց և թե շփոթեցրեց Մելանիային:

Գո՞րծ ունեիք հետը, հարցրեց նա։

Այո՛։

Այսօր շատ ուշ կգա տուն։ Ճաշի է հրավիրված։

Նա կամենում էր հյուրին ճանապարհ դնել, բայց հյուրը նրա ձեռքի թեթև շարժումից օգտվելով, նստեց Սամսոնի գրասեղանի քով։ Նա միանգամայն կատաղեցնում էր Մելանիային իր երեսի թարմ գույնով, իր աշխույժ ձևերով, այն մարմնավոր ուժով, որ արտահայտվում է երեսունչորս տարեկան տղամարդի յուրաքանչյուր շարժմամբ։

Դուք ինձ ներեցե՛ք, ես ձեզ կթողնեմ մենակ, հյուրասենյակում ինձ սպասում է որբախնամ ընկերության վարչության նախագահը։

Խնդրե՛մ, խնդրե՛մ, չշփոթվեց Փիրուզյանը, գնացեք, զբաղվեցե՜ք բարի գործերով, իսկ ինձ թույլ տվեք մի փոքրիկ նամակ գրել Սամսոն Պետրովիչին։ Գործը շատ կարևոր է, հետաձգել չի կարելի։

Մելանիան հեռացավ։ Հյուրը մնաց մենակ։ Վերցրեց մի թերթ փոստի թուղթ և գրիչ: Գրեց մի քանի տող, հետո գրիչը ցած դրեց և, թիկն տալով բազկաթոռին, ընկավ մտածմունքի մեջ։

Արդեն մի քանի ամիս էր, նրա միտքը զբաղված էր Մելանիայով։ Նա չափազանց հավանում էր երիտասարդ ազգականուհուն և հավանել էր հենց առաջին տեսնելով։ Նրա հաճախակի այցերի գաղտնի շարժառիթը տիկինն էր։ Նա չէր շփոթվում Մելանիայի սառն վարվողությունից, և չէր շփոթվիլ, եթե Մելանիան մինչև անգամ բոլորովին չխոսեր նրա հետ։ Տասը տարի պտտելով մայրաքաղաքի շրջաններում, բավական ուսումնասիրել էր գեղեցիկ կանանց հոգեբանությունը։ Իսկ այս հոգեբանությունը, նրա համոզմունքով, ամեն տեղ և բոլոր ազգերի կանանց մեջ միևնույնն էր։ Նա գիտեր, որ Մելանիայի անտարբերությունն արտաքին է, ստիպողական, որ մի երիտասարդ ու գեղեցիկ կին չի կարող մի այդպիսի թառամած ամուսնու մոտ ոչինչ չզգալ դեպի մի երիտասարդ տղամարդ, որքան ևս բարոյական ու առաքինի լինի։ Նա այս շատ լավ գիտեր, ուստի Մելանիայի սառնությունը չէր նրա մտատանջության պատճառը և ոչ էլ այն, որ Մելանիան նրա ազգականուհին էր։ Փիրուզյանը պատկանում էր ժամանակակից այն երիտասարդների շարքին, որոնց աշխարհայացքը զերծ է ազգակցական կամ բարեկամական կապերի «նախապաշարումներից»։ Սակայն Սամսոն Ֆրանգուլյանը լավ մարդ է ահա գլխավորը։ Նա շատ է հավատում Փիրուզյանի ազնվությանը ահա անտանելին:

Ի՞նչ անել, արհամարհե՞լ այդ մարդու հավատը, ոտնատա՞կ տա՞կ անել նրա պատիվը։ Օ, ո՛չ, այս արդեն ծայրահեղ ապականություն կլինի, անասնություն: Ուրեմն ի՜նչ անել, մոռանա՞լ Մելանիային։ Ո՛չ, արդեն այդ կինը շատ հրապուրիչ է, արդեն նա բավական խոր տեղ է բռնել Փիրուզյանի սրտում։ Մոռանալ անհնարին է։ Եվ ինչո՞ւ մոռանալ. միթե նա հիմա՞ր է, միթե չգիտե՞, որ ի՛նչ որ հաճելի է իրեն, հաճելի է և՛ Մելանիային, որ սիրուն տիկինը ուզում է զգալ ու ապրել, որ նա, իսկապես, ատում է իր կողակցին, թեև գուցե հարգում, որ նա շատ էլ նախապաշարված կին չէ, որ դարավերջի ապականությունը նրա հոգեկան աշխարհի վրա ունեցել է որոշ ներգործություն, որ վերջապես, ոչ մի կին, նույնիսկ հայ կինը, չի կարող տղամարդի մեջ չսիրել հանդգնություն աստված բանը, մանավանդ եթե տղամարդը երիտասարդ է և ոչ այնքան էլ տգեղ...

Վճռված է։ Աշխարհի երեսին ամեն ոք ունի իրավունք ապրելու, իսկ մի երիտասարդ կին ու մի երիտասարդ տղամարդ՝ նամանավանդ։ Եվ չկա օրենք, որ կարողանա խանգարել նրանց ապրելու։ Կյանքը բարձր է բարոյականությունից։ Ինքը, բարոյականություն ասված միտքը առաձգական է, նրա կանոնները փոխվում են ժամանակի ընթացքում։ Այժմ իսկ այդ կանոնները տարբեր են զանազան կլիմաների տակ, զանազան մարդկային համայնքների ու կրոնական համախմբերի մեջ։ Մի բան է միայն անփոփոխ մարդկային սիրտը։ Անփոփոխ մի ձգտման մեջ զգալ ու վառվել սեռային կրքով, քանի որ ընդունակ է վառվելու։ Լավ է առաքինի մարդ մնալը, բայց բնության ուժը անհաղթելի է կենդանի մարդու համար, նաև գերադասելի բարոյականությունից։ Հիմա՜ր մարդիկ, տեսե՛ք. դուք խոսում եք թռչունների մաքրության մասին, մի՞թե աղավնիներն այնչափ միամիտ են, ինչպես կարծում էր քրիստոսը։ Ո՞վ է ստեղծել ընկերական կյանքի կանոնները, այդ բարոյականություն կոչված անտեսանելի, անշոշափելի շինության հիմքը։ Մարդի՞կ, Էէ՜, ուրեմն մարդիկ չունի՞ն իրավունք քանդելու այն, ինչ որ ինքնըստինքյան խորտակվում է ժամանակի ավերիչ ուժից:

Մի ուիիշ խնդիր, որ Փիրուզյանին զբաղեցրեց, Սամսոն Ֆրանգուլյանի լավ մարդ լինելն էր։ Արդյոք, այս ճշմարի՞տ է, արդյոք, կարելի՞ է այդ մարդուն լավ համարել։ Ի՞նչ իրավունքով է նա տիրացել մի երիտասարդ կնոջ, եթե, իրավ, լավ մարդ է։ Նա՛, այդ քայքայված, հնամաշ միլիոները: Մի՞թե լավ մարդը փողով կգներ մի անփորձ էակի, մի դեռահաս աղջկա, գրեթե մի երեխայի բախտը, ճակատագիրը, կյանքը։ Օ՜о ոչ, հազար անգամ ոչ։ Բայց որ գնել է թող կարողանա և պահպանել, ինչպես գիտե պահպանել իր միլիոնները։ Որ չի կարող պահպանել, թող տուժի, Մելանիան խաբված էակ է, այն ժամանակ, երբ որոշվել է նրա ճակատագիրը, կյանքի մասին ոչինչ և ոչինչ գաղափար չի ունեցել։ Այժմ է նրա մեջ զարթնել կյանքը, այժմ է սկսում եռալ նրա արյունը։ Եվ մի՞թե գարնան այս նոր-նոր բացվող ծաղիկը պիտի թողնել աշնան պաղ ձեռներում։ Ինչո՞ւ. ո՞վ է այն բռնակալը որ ժամանակի վրա անգամ տարածում է իր իշխանությունը։ Մի եսամոլ ծերունի իր միլիոններով հանդգնում է ոտնատակ անել բնության օրենքները։ Այդ զզվելի է...

Վճռված է Մելանիան բնական օրենքով այն մարդուն է պատկանում, ով գրգռել կարող է նրա կիրքը: Ով ուզում է, թող լինի այդ մարդը, ինքը Փիրուզյանը, թե մի ուրիշը։ Պետք է այս բանը հասկացնել երիտասարդ էակին և զգալ տալ նրան, թե կա մի մարդ որ գիտե ըմբռնել նրա գաղտնի վիշտը։

Դուք վերջացրի՞ք ձեր նամակը, լսվեց հանկարծ Մելանիայի ձայնը։

Ես չգրեցի։

Մելանիան նստեց։ Նստեց նաև Փիրուզյանն անմիջապես:

"Մելանիա" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար
Ղազարոս Սարյան

Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար