Ալեքսանդր Շիրվանզադե

Մելանիա

VII և VIII

Ի՞նչ է նշանակում այս, Մելանիան անկեղծ ուզում է ազատվել այդ մարդուց, և խոսք չի գտնում նրան հեռացնելու։ Նա կաշկանդվեց հյուրի մի երկարատև նայվածքից, և գլուխը թեքեց կրծքին, թեթևակի կարմրելով։

Նա զգում է, որ արյունը երակների մեջ սկսում է հոսել առանձին ուժով և մարմնին պատճառել անսովոր ու ախորժելի դողոց։ Եվ այս է, որ կատաղեցնում է նրան։ Ոչ, ոչ, պիտի այդ մարդուն ուղղակի, թեկուզ անքաղաքավարի կերպով, ճանապարհ դնել։ Մելանիան ատում է նրան հոգու բոլոր ուժերով, ինչպես կարող է ատել մի կին մի տղամարդու։ Այդ մարդու դեմքն արդեն արտահայտում է վատ բան, շա՛տ վատ բան։ Բայց ինչո՞ւ Մելանիան հենց այս րոպեին խղճում է Սամսոնին...

Ուզում եմ Ժորժիկին կառքով մի քիչ զբոսեցնել, եղանակը լավ է, փորձեց նա հասկացնել հյուրին, թե չպիտի երկար նստել։

Ժորժիկը, ձեր որդին, о՜օ, շատ լավ երեխա է, առողջ, գեղեցիկ, և զարմանալի նման է հորը, նկատեց Փիրուզյանը, անուշադիր թողնելով Մելանիայի բառերի բուն իմաստը։

Չէ՜, այդ մարդը միանգամայն հանդուգն է։ Սակայն նրա հանդգնության մեջ կա ինչ-որ քաշող ուժ։ Երբեք և ոչ ոք Մելանիայի վերաբերմամբ այդքան անքաղաքավարի չի եղել, ճիշտ է, բայց և երբեք և ոչ ոքի ներկայությունը այսքան չի կաշկանդել նրան։ Նա անկեղծ ուզում է փախչել այդ մարդուց և, միևնույն ժամանակ, մի անհաղթելի ուժից մղվում է դեպի նա։ Ի՞նչ ասել է այս։ Մի՞թե ատելի մարդը կարող է այսքան ձգողական ուժ ունենալ։

Այսօր ուզում էի Սամսոն Պետրովիչի հետ խոսել մի շատ լուրջ գործի մասին, ասաց Փիրուզյանը, շարունակելով իր խորհրդավոր հայացքի տակ այրել երիտասարդ կնոջը։

Բանն այն է, որ Սամսոնը անգործ տխրում է, պետք է, որ նա որևէ նոր գործի ձեռնարկի։ Մի այդպիսի գործ կա, հենց այս մասին էի ուզում Սամսոնի անունով նամակ գրել ու թողնել նրա սեղանի վրա։ Կառավարությունը տալիս է մի ահագին անտառ, շահագործելու համար։ Մեծ գումար է հարկավոր, ամբողջ քաղաքում գուցե միայն Սամսոնը կարող է այդ կապալը վերցնել։ Բայց մեծ էլ օգուտ կարելի է ունենալ:

Չգիտեմ, ես այդ տեսակ գործերից ոչինչ չեմ հասկանում, արտասանեց Մելանիան, մի անգամ ևս փորձելով զգալ տալ հյուրին, թե չի ուզում երկարացնել։ Բայց հյուրը շտապեց օգտվել հենց այդ խոսքերից։ Նա ասաց.

Օ՜օ, շա՜տ ուրախ եմ, որ չեք հասկանում։ Այդ պատիվ է բերում ձեր ճաշակին. կյանքը շատ տխուր կլիներ, եթե երիտասարդ ու գեղեցիկ կանայք էլ հետաքրքրվեին նյութականով։ Ապրել ու զվարճանալ ահա ինչ է վայելում ձեր հասակին դիրքին, գեղեցկությանը։

Այս խոսքերը ներգործեցին Մելանիայի վրա։ Նա մինչև անգամ փափագեց լսել նրանց շարունակությունը։ Փիրուզյանը այս հասկացավ և շտապեց օգտվել հարմար րոպեից։ Կինը կյանքի ժպիտն է, պոեզիան։ Կինը, մանավանդ երիտասարդ ու գեղեցիկ կինը, տղամարդի աստվածուհին է։ Միթե վայե՞լ է աստվածուհուն նյութականով հետաքրքրվել։ Կինը մինչև անգամ չպիտի մտածի լուրջ բաների մասին, որովհետև մտածմունքը խորշեր է առաջացնում դեմքի վրա և ծերացնում է կնոջը։ Կինը միայն պիտի զգա, միայն պիտի սիրի ու սիրվի և միշտ ձգտի լիացում տալ իր զգացումներին...

Զգալ, լիացում տալ զգացումներին։ Մելանիան վախեցավ։ Փիրուզյանը խոսում էր նրա սրտի խորքից, նրա այժմյան տրամադրությունից։ Այլևս նա հաղթահարվեց, գոնե այնչափ, որ դադարեց մտածել հյուրից ազատվելու մասին։ Այժմ նա լսում էր նույնիսկ հետաքրքրությամբ, թեև մերթ ցնցվելով, մերթ անտարբեր ձևանալով, մերթ բարկանալով միմյանց հակասող, միմյանց ջնջող զգացումներից։

Ես շատ ուրախ եմ, շարունակեց Փիրուզյանը եռանդով, որ դուք զբաղվում եք հասարակական գործերով։ Բայց, ներեցեք, ինձ թվում է, դուք այդ անում եք, ը՜ը՜ը՜, անում եք... ձեզ խաբելու համար...

Ուրեմն դուք չե՞ք հավատում իմ անկեղծությանը , գոչեց Մելանիան վիրավորված։

Ո՛չ, արտասանեց Փիրուզյանը համարձակ, մեղմիկ ժպտալով և նայեց խոսակցի բիբերին։

Ի՞նչ իրավունքով։

Իրավունքի բան չկա, ճաշակի խնդիր է։ Նախ և առաջ` պիտի ասել, որ ես չեմ հավատում առհասարակ կանանց, մանավանդ երիտասարդ կանանց հասարակական գործունեությանը: Ես այստեղ ճանաչում եմ մի քանիսին, որոնք իրենց երեխաներին հանձնում են ծառաների հսկողությանը, իսկ իրանք օրը մինչև երեկո վազվզում են դեսուդեն մի ինչ-որ ձանձրալի պարահանդես կամ ավելի ձանձրալի ներկայացում սարքելու համար։ Նրանք երևակայում են, թե իրենք կազմում են հասարակական կյանքի առանցքը։ Օ՜օ, անկարելի է նրանց հետ վիճաբանել: Խոսում են հեղինակավոր եղանակով, քննադատում են այնպիսի բաներ, որոնց մասին հավի հասկացողություն ունին։ Այդ կանայք երջանիկ են իրենց իլյուզիայով և դժբախտ` կյանքի տեսակետից նայողի աչքում։ Իմ կարծիքով, նրանք ավելի հաճելի կլինեին, եթե սովորեին ճաշակով հագնվել ու ճաշակով սանրել իրենց մազերը։ Գալով ձեզ, պետք է ասել, որ դուք, տիկի՛ն, գործել չեք ուզում, այլ ինչպե՛ս ասեմ... զգալ ու ապրել... Դուք աշխատում եք միայն գործով թմրեցնել ձեր սրտում նոր վառված շատ բնական ու շատ ներելի զգացումները։ Հասկանում եք, կարծեմ, էհ, չի կարելի չասել, որ մի քիչ էլ սնափառ եք, ինչպես առհասարակ բոլոր հարուստ կամ որևէ դիրք ունեցող կանայք։ Բայց ճշմարտությունն այս է, դուք գործել չեք ուզում, այլ ապրել, կրկնում եմ, ապրել։ Ինչո՞ւ նրա համար, որ դուք այժմ, ներկա հանգամանքներում... չեք ապրում...

Հանդո՜ւգն մարդ։ Իր դիտողական ձիրքով, իր արծվային հայացքով նա թափանցում էր երիտասարդ կնոջ սրտի խորքը և քրքրում զգուշությամբ թաքցրած զգացումները։

Դուք սխալվում եք, ես ապրում եմ և շատ լավ եմ ապրում, ասաց Մելանիան այնպես արագ, որ կարծես վախենում էր` միգուցե ուրիշ բան ասի։

Մի թեթև հեգնական ժպիտ սահեց Փիրուզյանի դեմքով։

Տիրեց վայրկենական լռություն, որովհետև նա պատրաստվում էր ավելի համարձակ քայլ անելու։

Ասացե՛ք, խնդրեմ, քանի՞ տարեկան էիք, երբ ձեզ ամուսնացրին, հարցրեց նա անփույթ եղանակով, սակայն որոշ շեշտելով «ձեզ ամուսնացրին» բառերը։

Հարցը, հարկավ, համարձակ էր, բայց չէ՞ որ Փիրուզյանը ազգական է, ունի իրավունք թույլ տալու իրան որոշ ազատություն։

Չգիտեմ, չեմ հիշում, պատասխանեց Մելանիան հուզմունքից դողացող ձայնով։

Երևի, տասնուվեց կամ շա՜տ-շա՜տ` տասնույոթ տարեկան, լրացրեց ինքը Փիրուզյանը, այսինքն` այն հասակում, երբ ձեր վերջին խաղատիկինը դեռ փշրված չէր։

Եվ, մի վայրկյան կանգ առնելով, ցածր ձայնով ու կարծես ինքն իր համար, ավելացրեց.

Այո, այո, տղամարդիկ եսամոլ են, ոճրագործության չափ եսամոլ։

Պարզ էր, թե ում էին վերաբերվում այս բառերը։

Էականը ասված էր. ավելի հեռու գնալն առայժմ և՛ անհարմար համարեց, և՛ վտանգավոր: Նա ոտքի ելավ ժամացույցին նայելով։ Ժամանակ է Ժորժիկին զբոսնելու տանել։

Հույսով եմ, որ ասածներս կատակի տեղ կընդունեք և կմոռանաք, ասաց հյուրը։

Երբեք նա այնքա՜ն երիտասարդ, այնքա՜ն ուժեղ, այնքան գրգռեցուցիչ չէր թվացել Մելանիային, որքան այսօր, հետևաբար՝ այնքան ատելի և երկյուղալի։

Երեկոյան, երբ Մելանիան Սամսոնին հայտնեց Փիրուզյանի այցելության մասին, ավելացրեց.

Վերցրո՛ւ այդ կապալը, դու անգործ տխրում ես։

Մելանիան չէր կարողանում մոռանալ Փիրուզյանի խոսքերը։ Մտածում էր, քննում, վերլուծում և ակամա եզրակացնում, թե որքան հանդուգն են այդ խոսքերը, նույնքան ճիշտ են, ճիշտ գոնե այն մասում` թե երիդասարդ կինը պիտի զգա ու ապրի, որ ինքը Մելանիան, պարապելով հասարակական գործերով, չի զգում այն, ինչ որ պահանջում է սիրտը, թե կյանքն անցողիկ է, իսկ մարդ երկրորդ անգամ չի ծնվում, թե վերջապես «որքա՞ն տղամարդիկ եսամոլ են»։

Գտնվել է մի անձ, որը հանդգնաբար կարդում է նրա մտքերը և շոշափում նվիրական զգացումները։ Նա ինքն երիտասարդ է, նրա ամբողջ կազմից մարմնավոր ուժն է բուրում, ա՛յն, ինչ որ վաղուց է թառամել Սամսոնի մեջ։ Լավ մարդ է, թե վատ, խելոք է, թե հիմար, բարոյական, թե անբարոյական, այդ չէ խնդիրը։ Երիտասարդ է ահա գլխավորը։ Եվ ունի իրավունք ասելու, թե Մելանիան չի ապրում ու չի կարող ապրել լի կյանքով մի ծերունու հետ։

Ամեն օր Փիրուզյանը գալիս էր իր ազգականի մոտ գործի վերաբերմամբ խոսելու։ Սամսոնը վաղուց էր դադարել մտածել դրամական շահերի մասին։ Եվ այս ոչ այն պատճառով, որ փողից կուշտ էր, այլ գլխավորապես այն պատճառով, որ այժմ այլևս կյանքի քաղցրությունը դրամի մեջ չէր տեսնում, որպես առաջ։ Նա անգործ տխրում էր, ահա ինչու համոզվեց կապալը վերցնել։ Իրավունք տվեց Փիրուզյանին մանրամասն տեղեկանալ պայմանների մասին և ժամանակին հիշեցնել աճուրդի օրը։

Որքան Մելանիան անկեղծ փափագում էր առաջվա պես փախչել Փիրուզյանից, այնքան ավելի այժմ ներքին ուժը մղում էր նրան դեպի երիտասարդ տղամարդը։ Նա զգում էր, որ վաղ թե ուշ այս ակամա հակումը կարող է Սամսոնի աչքին ընկնել։ Վախենո՞ւմ էր ամուսնուց։ Ոչ, վախենում էր իր խղճից, չէր ուզում նրա դեմ որևէ հանցանք գործել։ Զգում էր, որ իր դրությունը վտանգավոր է, որ կարող է կուրանալ, մոլորվել ու ընկնել առաջին պատահողի գիրկը, թեկուզ այդ առաջին պատահողը լինի անցորդի մեկը։ Ահա ինչու ատելով Փիրուզյանին, երկնչում էր նրա մերձավորությունից, ինչպես մի թունալի ու սոսկալի ախտից։ Ախտ, որ թեև հաճելի ու արբեցուցիչ, բայց կործանիչ է։

Եվ նա կռվում էր ինքն իր հետ։ Երբեմն զգում էր, որ մտքի ուժը ահա, ահա պիտի հաղթվի կրքերի զորությունից։ Այսպիսի րոպեներին նա կարոտում էր Սամսոնի օգնությանը։ Թող այդ մարդը նրա հետ վարվի խիստ, անողոք. այս և միայն այս կարող է Մելանիային փրկել, պահպանել նրան հնարավոր անկումից։ Երբեմն նա փափագում էր, որ Սամսոնը խանդե, թեկուզ անտեղի զայրանա, կատաղի և կշտամբե նրան ամենավիրավորական խոսքերով։

Մինչդեռ Սամսոնը ոչ միայն չէր խանդում, այլև վերին աստիճանի համբերող էր: Գոնե այսպես էր երևում արտաքուստ։

Այսօր միասին գնանք օպերա, ասում էր Մելանիան, որ սովորաբար մենակ էր գնում թատրոն։

Լա՛վ, գնանք, պատասխանում էր Սամսոնը, թեև ատելով ատում էր օպերան։

Այսօր սպասավորին հրամայել եմ այսուհետև ցիլինդրով ու սյուրթուկով նստել կառապանի մոտ։ Չերքեզկան ու դաշույնը զահլես տարել են։

Լավ ես արել, պատասխանում էր Սամսոնը, թեև ամեն մի ցիլինդրի թշնամի էր, մանավանդ սպասավորների ցիլինդրին։

Էգուց խոհարարին ուզում եմ արձակել, չեմ հավանում։

Արձակի՛ր, պատասխանում էր Սամսոնը, թեև խոհարարը շատ լավ էր պատրաստում նրա սիրած կովկասյան կերակուրները։

Այս անսահման հլությունը, վերջապես, սկսեց ձանձրացնել Մելանիային։ Ի՞նչ է նշանակում այս։ Ինչո՞ւ Սամսոնը այդպես խեղճացել է, կամքից զրկվել և ներկայացնում է իր դասակարգի մարդկանց կատարյալ հակապատկերը: Անկարելի է, որ այդ հեզությունը մի հետին միտք չունենա, մի ավելի խոշոր պատճառ, քան սերը դեպի Մելանիան։

Մի օր Մելանիան փորձի համար ասաց, թե վճռել է անգլերեն լեզվի դասեր վերցնել։ Կա մի պոլսեցի երիտասարդ ուսուցիչ, որին ուզում է վարձել։

Էհ, փորձի՛ր, եթե ուզում ես, համաձայնվեց Սամսոնը։

Ուրեմն, թո՞ւյլ ես տալիս։ Իսկ Խուդանովն իր կնոջը չի թույլ տալիս։

Խուդանովն ինձ համար օրինակ չէ։ Լեզուներ սովորելը լավ բան է։ Ասում են՝ մի լեզու իմացողը մեկ մարդ է, հինգ լեզու իմացողը հինգ մարդ։

Մելանիան մի անհամբեր շարժումն արավ և լռեց։

Գնալով Սամսոնի հլությունը սկսեց նրա համար դառնալ արդեն ոչ միայն ձանձրալի, այլև... զզվելի, այլևս այդ հլության մեջ նա տեսնում էր թուլություն, բարոյական ուժերի բացակայություն։ Մի բան, որ առհասարակ ատում էր ամեն մի տղամարդի մեջ։

Մի օր առավոտը, թեյից հետո, Մելանիան ասաց.

Սամսոն, այս երեկո ուզում եմ դիմակահանդես գնալ, թույլ կտա՞ս։

Գնա՛։

Մելանիան գիտեր, որ Սամսոնը ամբողջ հոգով հակառակ է դիմակահանդես գնալուն, և այս անգամ կատաղեց կեղծիքի դեմ։

Դու զարմանալի մարդ ես, գոչեց նա ջղային եղանակով։

Ինչո՞ւ։

Մելանիան մտածեց և հանկարծ արտասանեց.

Չեմ սիրում այդ տեսակ ազատություն։ Հասկանո՞ւմ ես, չեմ սիրում, զզվում եմ...

Սամսոնը նայեց նրա երեսին զարմացած։ Կար ժամանակ, երբ Մելանիան սաստիկ ձգտում էր հենց այդ տեսակ ազատություն ունենալ, իսկ այժմ ի՞նչ պատահեց։

Մեղա՜, թե միտքդ հասկանամ. արտասանեց նա, ուսերը վեր քաշելով։

Չե՞ս հասկանում, գոչեց Մելանիան նույն ջղային եղանակով, ավելի վատ քեզ համար։ Ուզո՞ւմ ես, որ պարզ խոսեմ։ Դու խեղճ մարդ ես, իսկ ես խեղճ մարդկանց չեմ սիրում։

Ե՞ս եմ խեղճ մարդ, կրկնեց Սամսոնը, դառն հեգնությամբ ժպտալով, երևի դու ինձ դեռ լավ չես ճանաչում։

Ո՛չ, այդ չէի ուզում ասել։ Դու խեղճ չես, այլ չափից դուրս շատ ես սիրում ինձ։

Տեր ամենակարող աստված, կարողացավ միայն մրմնջալ Սամսոնը։

Մի՛ սիրիր ինձ, այո՛, մի՛ սիրիր...

Ասա՛, ասա՛, տեսնենք է՛լ ինչ ես ասում։

Հանկարծ Մելանիայի կոկորդի երակները փքվեցին, կապտեցին, երեսի մկանունքները աղավաղվեցին, կուրծքը բարձրացավ ուժգին։ Սկսեց հեկեկալ։ Սամսոնն արդեն ապշեց: Քանի մի վայրկյան լուռ նայեց կնոջը, ապա մոտեցավ և ձեռը դրեց նրա ուսին։

Մելանիա, արդյոք հիվա՞նդ չես դու։

Մելանիան մի րոպե թույլ տվեց բուռն արտասուքին դուրս հոսելու, ապա մի քիչ զսպեց իրեն, ոտքի կանգնեց։

Ա՜խ, ասաց նա, արցունքերը արագ-արագ սրբելով, ես ինքս էլ չեմ հասկանում ինչ եմ ասում։ Դու սիրում ես ինձ, ո՛չ միայն ինձ, այլև ծնողներիս, քույրերիս ու եղբայրներիս։ Բայց ինձ թվում է, որ դու այդպես չպիտի լինես, ընդհակառակը պիտի իմ գլխին բռնակալ դառնաս։ Այո՛, այնպես, ինչպես հին ժամանակի ամուսինները։ Ուզում եմ, որ դու ինձ վրա գոռաս. չթույլ տաս ինձ տնից դուրս գալ, թողնես մենակ, ինքդ գնաս կլուբներում, հյուրանոցներում ու այգիներում քեֆ անես։ Ուզում եմ՝ հարբած տուն գաս, ինձ հայհոյես, ծեծես, հասկանո՞ւմ ես, ծեծես, ոտներիդ տակը գցելով։ Կարո՞ղ ես այդպես անեղ, ա՛սա, կարո՞ղ ես։

Սամսոնը արձանացել էր տեղն ու տեղը։ Նա չէր հավատում իր ականջներին։

Եթե չես կարող հարբել, հայհոյել, ծեծել, գոնե հետս վարվիր այնպես, ինչպես իրենց կանանց հետ վարվում են այժմյան ամուսինները։

Այսի՜նքն։

Խաբի՛ր ինձ, դավաճանի՛ր, աչքիս առջև սիրուհիներ պահիր. մի խոսքով՝ վատ ամուսին եղիր, շատ վատ, շատ կոպիտ, անպիտան, կեղտո՛տ, գազա՛ն։ Այնքան կեղտոտ, այնքան գազան, որ ամբողջ քաղաքը խոսի քո մասին, որ ամենը քեզ ատեն ու հայհոյեն։ Քեզ ատեն ու հայհոյեն, իսկ իմ մասին ցավեն, ասեն. «խե՜ղճ կին, անբա՜խտ կին, ինչպե՜ս տանջվում է մարդու ձեռքին»։

Մի ինչ-որ սուր միտք անցավ Սամսոնի ուղեղով։ Բայց աշխատեց իսկույն ևեթ ազատվել այդ մքից, որ ծանր էր, դաժան, գարշելի։ Նա ձեռով մի բացասական շարժումն արավ, մոտեցավ Մելանիային, երկու մատով բարձրացրեց ծնոտը, նայեց ուղիղ աչքերի միջին և արտասանեց.

Մելա՛նիա, հասկանո՞ւմ ես ինչ ես ուզում ինձանից։

Եվ, անցնելով սենյակի մյուս ծայրը, հետ եկավ ու ավելացրեց.

Զգո՜ւյշ, Մելա՛նիա, եթե ուզենամ վատ մարդ լինել, շա՛տ վատ կլինեմ, իմացի՛ր, շա՛տ վատ։

Այս ասվեց հասարակ եղանակով, բայց այնպիսի համոզիչ ուժով, որ Մելանիան մի վայրկյան սարսափեց։ Նայեց ամուսնու երեսին և զգաց, որ, արդարև, եթե Սամսոնը կամենա, կարող է շատ վատ ամուսին դառնալ։ Նրա խորշոմած մռայլ ճակատը այդ պահին սքողված էր տարօրինակ ստվերով։ Կիսաթառամ աչքերի մեջ երևում էր տանջող խանդի կուրությունը, որ կարող է անգամ հանցանք գործել։

Բայց այնուամենայնիվ Մելանիան չզղջաց։ Նա ասաց․

Ինչ ուզում ես, արա՛, միայն փոխվիր։ Կամ եթե մարդ եղիր, կամ նոր մարդ, կամ բռնակալ, կամ դավաճանող։

Ասաց, կարծես, հակառակ իր կամքի․ միայն ենթարկվեմ լով ինչ-որ տարերային ուժի ազդեցության...

"Մելանիա" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Առանց քեզ ինչ կոնիմ
Սայաթ Նովա

Առանց քեզ ինչ կոնիմ