Ալեքսանդր Շիրվանզադե

Մելանիա

III և IV

Մի օր, սովորական զբոսանքից տուն վերադառնալով, Մելանիան աղախնից լսեց, թե մի անծանոթ հյուր կա ամուսնու առանձնասենյակում։ Մի քանի րոպե անցած, երբ նա, հագուստը փոխելով, անցավ սեղանատուն նախաճաշ անելու, այնտեղ Սամսոնը շտապեց ներկայացնել հյուրին։ Դա Սամսոնի քրոջ մարդու եղբայրն էր, ազգանունը Փիրուզյան, մոտ երեսուն տարեկան մի երիտասարդ։ Նա ոչ տգեղ էր, ոչ գեղեցիկ, ոչ գեր, ոչ նիհար, բայց առողջ դեմքով, ուրախ աչքերով։ Հագած էր սևագույն, երկայն «վիզիտկա», կլորակ փեշերով մոխրագույն վարտիք, ասեղնագործ շապիկ՝ բարձր օձիքով, որի ձյունային սպիտակությունը խիստ ներդաշնակում էր նրա դեմքի տակավին թարմ գույնին և փոքր-ինչ կարմրագույն ականջներին։

Սամսոնի բացատրությունից երևաց, որ Փիրուզյանը տասը տարի բացակա է եղել հայրենիքից, մեծ մասամբ ժամանակն անց է կացրել Պետերբուրգում։ Այնտեղ նա, «մի քանի հանգամանքների պատճառով» (Փիրուզյանը գլուխը թեքեց կրծքին, արտասանելով. «երեխայություն»), ստիպված թողել է համալսարանը և մտել ծառայության ինչ-որ երկաթուղու վարչության մեջ։ Սամսոնը նրան շատ անգամ է հանդիպել մայրաքաղաքում և հավանել է ու սիրել նրան։ Հույսով է, որ Մելանիան էլ կհավանի, երբ կճանաչի։

Հայտնվեց, որ Փիրուզյանը պաշտոնը թողել է և մտադիր է հաստատվել Կովկասում։

Ուզում է Բաքու գնալ, ես խորհուրդ չեմ տալիս, ասաց Սամսոնը, տասը տարի Պետերբուրգում ապրելուց հետո, մարդ չի կարող այդ քամու ու փոշու մեջ ապրել։

Փիրուզյանն ասաց, թե մայրաքաղաքի կյանքը ձանձրացրել է իրան, թե ժամանակ է հիմա լուրջ գործով զբաղվելու, թե վճռել է հարստանալ և ուզում է նավթային արդյունաբերությունը «ուսումնասիրել»։ Մելանիան հետաքրքրվեց նրա անցյալով իբրև ազգականուհի, և Փիրուզյանը սկսեց հաճույքով պատմել մայրաքաղաքի թատրոնների, ցիրկերի, էլեկտրական կառքերի, ձիարշավների մասին։ Նա առանձին աշխույժով խոսում էր վելոսիպեդիստների մասին, ինքը ճարպիկ վելոսիպեդիստ լինելով։

Երբեմն նրա հայացքը կանգ էր առնում Մելանիայի գեղեցիկ դեմքի վրա։ Դիտող մարդը կարող էր նրա աչքերի մեջ կարդալ ինչ-որ ներքին գոհունակություն։ Թվում էր, որ նա հիացած էր իր ազգականի կնոջ սիրունությամբ և, միևնույն ժամանակ ուրախ է, տեսնելով մարդու ու կնոջ հասակների մեջ ահագին տարբերություն։ Իսկ Մելանիան սեղանի քով ուշադիր էր դեպի հյուրը իբրև բարեբարո տանտիկին. այսքանը միայն։ Բայց այսօր առաջին անգամ լուրջ համեմատում էր Սամսոնին մի nւրիշ տղամարդի հետ և... հազիվ կարողանում զսպել հառաչանքը։ Որքա՜ն Փիրուզյանը նսեմացնում էր իր ներկայությամբ Սամսոնին։ Մեկից բուրում է առնական ուժը իր բոլոր եռանդով, մյուսի մեջ կյանքն արդեն անցել էր իր վառվռուն շրջանը, և անցել վաղո՜ւց։ Գուցե Փիրուզյանը, Սամսոնի տարիքին հասնելով, կրկնակի ծերանա, բայց այժմ նա ունի մի հրապույր, որից առմիշտ զրկվել է Սամսոնը։

«Քսանութ տարի՜, տեր աստված», մտածեց Մելանիան, շրթունքները սեղմելով ատամների տակ։ Այս արդեն չափից դուրս է, այս արդեն դեմ է բնության բոլոր օրենքներին, և միայն Մելանիան է զգում, թե ո՛րքան դեմ է... Գարնան մոտենալով՝ Մելանիան օրեցօր դառնում Էր մտախոհ ու լուրջ։ Այժմ նա այլևս չէր հետաքրքրվում սալոնային կյանքով։ Նա նույնիսկ ձանձրացել էր այդ արիստոկրատիկ համարված շրջաձևի կեղծ ու պատիր կանոններից ու հիասթափվել է ինչպես մի երեխա արդեն ծանոթ խաղալիքի վերաբերմամբ։

Նա նկատելու չափ գունատվել էր, բայց աչքերի հուրը քանի գնում սաստկանում էր։ Նա խոսում էր սակավ, աշխատում էր Սամսոնի հետ երես առ երես չմնալ, փախչում էր, որքան կարող էր, նրա գգվանքներից, մանավանդ հանբույրներից։ Նա ավելի ու ավելի ամփոփվում էր ինքն իր մեջ։

Շաբաթը երկու անգամ նա Փիրուզյանին հյուր է ընդունում և ճաշին՝ պահում Սամսոնի ցանկությամբ։ Վարվում էր նրա հետ իբրև ազգական, պարզ, համարձակ, բայց առանց որևէ մտերմության, միշտ պահելով իր և նրա մեջ որոշ չափի տարածություն։ Նրա մեջ կատարվում էին զարմանալի փոփոխություններ։ Դեռ մի տարի առաջ մի հասարակ կին էր, գրեթե մեկն իր նախկին՝ շրջանի կիսաթմրած է ակներից։ Տեղափոխվելով ուրիշ քաղաք, հանկարծ փոխվեց նոր կյանքի ասպարիզում, դարձավ սալոնային կին։ Այժմ նա լրջամիտ էր և մտախոհ, որպես թե նրա գլուխը լեցուն էր համամարդկային հոգսերով։

Եվ այսքան փոփոխություններ ընդամենը մի տարվա ընթացքում:

Սամսոնը ուրախ էր նրա այս վերջին տրամադրությանը, ավելի, քան արիստոկրատիկ ձգտումներին։ Բայց նա չգիտեր, որ հանգստությունն արտաքին է, որ Մելանիայի մեջ տեղի ունի ինչ-որ փոթորիկ և նրա արյունը ավելի ու ավելի է բորբոքվում, չնայելով ճակատի մռայլին, երեսի գունատությանը։

Մի անգամ Սամսոնը տուն վերադառնալով, անմիջապես անցավ ննջարանը երբ աղախնից իմացավ, որ Մելանիան այնտեղ է։ Բաց անելով դռները, նա բևեռվեց շեմքի վրա։ Նա հանդիպեց մի անսովոր, չտեսնված տեսարանի։ Քանի մի քայլ հեռու, շքեղ տրյումոյի առջև, կանգնած էր Մելանիան՝ կիսամերկ, ոտաբոբիկ։ Նա դիտում էր իրան ոտից մինչև գլուխ։ Նրա բաց կուրծքը, սպիտակ ուսերը նկարվել էին արեգակի ջերմ շողերով ողողված սենյակի մեջտեղում որպես մի կլասիկական արձան, որպես մեկը Քանովայի ախտաբորբոք ձեռակերտներից։ Միայն կենդանի, շարժական արձան, որ շուրջը տարածում էր հեշտանքի կիզիչ շողեր։ Եվ այս շողերի մեջ նա լողում էր ինչպես մարմնացած կիրք։ Բայց որպիսի քնքուշ, արբեցուցիչ ու կորուսիչ կիրք իր կանացի ամոթխածության մեջ իսկ։

Արյունը խփեց Սամսոնի գլխին, աչքերը մթնեցին։ Նա կամացուկ, ոտների ծայրերի վրա, մոտեցավ հետևից։ Նա ուզում էր զրկել այդ կիսամերկ մարմինը, որ իրան և միմիայն իրան էր պատկանում, և խեղդել իր գրկի մեջ կրքերի բուռն թափով։ Մելանիան երեսը հետ դարձրեց մի քայլ հեռու կանգնեց՝ առանց մազի չափ շփոթվելու։

Ի՞նչ ես անում այդ, գոչեց Սամսոնը, բարկացած ձևանալով։

Հանում եմ ինձանով, պատասխանեց Մելանիան, կարծես մարդուն ավելի գրգռելու համար։

Մելա՛նիտ, ի՞նչ է պատահել քեզ։ Դու շատ ես փոխվել, դու այդպիսի կին չէիր։

Մելանիան սկսեց լուռ հագնվել։ Հագուստը սփռվել էր հատակի վրա անկարգ, որպես անփույթ դերասանուհու զգեստները թատրոնական հանդերձարանում:

Մելա՛նիա, այդ քեզ իսկի չի սազում։

Ինչո՞ւ։

Դու հայ կին ես։

Հայ կինը արյուն չունի՞ պատասխանեց Մելանիան, հեգնարար ժպտալով։

Արյո՞ւն, կրկնեց Սամսոնը, այս մի հատիկ բառի մեջ զգալով ինչ-որ չար և սոսկալի իմաստ։

Արյո՛ւն, այո՛, արյո՜ւն։

Բայց գիտե՞ս ովքեր ունին այդպիսի արյուն։

Կոկետուհիները, լրացրեց Մելանիան անփույթ եղանակով, ժողովելով ուսերին սփռված խիտ մազերը։

Սամսոնը կաշկանդվեց նրա համարձակությունից։

Մելանիան, թեքվելով, որ անկողնակալի տակից դուրս բերի հողաթափերը, ավելացրեց․

Ուրիշներն անում են տղամարդի համար, ես անում եմ ինձ համար: Կարծեմ, մի մեծ մեղք չէ։

Մելա՛նիա, այդ... անամոթություն է...

Մի բարձր արծաթահնչյուն կծու ծիծաղ տարածվեց փափուկ գարնանային մթնոլորտի մեջ, որպես ծիծեռնակի ծլվլոցը։

Անամոթությո՜ւն... որ այդպես է, ինչո՞ւ էիր ուզում գրկել ու համբուրել։ Գրավիչ էի, աո՞։ Հասկանում եմ. չէ՞ որ երիտասարդ եմ, գեղեցիկ, թարմ, և դու... ուզում էիր տիրանալ... Ցտեսություն...

Նա հանդարտ քայլերով դուրս գնաց, թեթևակի բարձրացնելով հագուստի փեշը հետևից։

Սամսոնը, ապշած նայեց նրա հետեից։ Այդ կնոջ հողաթափերն անգամ տարածում էին ախտաշարժ ոգի փափուկ գորգի վրա...

«Նա ինձ ատում է», ասաց Սամսոնը ինքն իրան վճռաբար։

Նայեց անգիտակցաբար հայելուն և սարսափեց։ Ողորմա՛ծ աստված, այդ կնոջ համեմատ նա ոչ միայն ծեր է, այլև զառամյալ: Նրա ճաղատ գլուխը, արագ-արագ ճերմակող ընթացքը, թուլացած ուսերը, խոր ընկած այտերը, բոլո՜րը, բոլորը արդեն սկսել են արտահայտել կենդանի մահացում։ Զգո՞ւմ է արդյոք յուր երակների մեջ երիտասարդական արյուն, ինչպես կարծում էր։ Ո՛չ, այս սուտ է, ինքնախաբեություն։ Նա չի՛ կարող անողոք ժամանակի առաջն առնել: Ի՞նչ օգուտ կրքից, երբ...

Ա՜խ, խլեցե՛ք նրանից հարստության կեսը, միայն թե պակասեցրեք նրա տարիքն ևս կիսով չափ։ Տվե՛ք նրան կյանք. որովհետև նա սիրում է Մելանիային և ուզում է նրանից սիրված լինել, որովհետև ուզում է ապրել բառի ընդարձակ մտքով։

«Միթե հայ կինը արյուն չուն՞», հնչում էին չարագուշակ բառերը Սամսոնի ականջներում։

Ամառվա սկզբին Մելանիան տեղափոխվեց ամառանոց։ Նա չկարողացավ այդ տարի արտասահման գնալ, որովհետև Սամսոնը զբաղված էր։ Քաղաքի մի լավ փողոցում կառուցանել էր տալիս սեփական տուն և ուզում էր մինչև վերջը անձամբ հետևել շինությանը։

Շաբաթը մի անգամ Սամսոնը գնում էր ամառանոց և կիրակի օրերն անցկացնում ընտանիքի մոտ։ Երբեմն իր հետ տանում էր Փիրուզյանին։ Մելանիան այժմ այլևս մի առանձին ուշադրություն չէր ցույց տալիս հյուրին, միայն նուրբ աչքը կարող էր նկատել, որ երբ տեսնում էր նրան, առաջին վայրկյան աչքերը շողշողում էին տարօրինակ։ Բայց միայն մի վայրկյան, այնուհետև դեմքը սքողվում էր այն նուրբ քողով, որ քանի գնում, անթափանցելի էր դառնում։

Սամսոնը չէր նկատում այդ վայրկենական փոփոխությունը, և չէր էլ կարող նկատել։ Ազգակցական կապի մասին նրա գաղափարն այնքան մաքուր էր, որ մտքովն անգամ չէր անցնում, թե Փիրուզյանը կարող է իր կնոջ վրա վատ աչքով նայել։ Վերջապես Մելանիան այնքան քիչ էր հետաքրրքրվում Փիրուզյանով, որ Սամսոնը երբեմն մտքում բարկանում էր նրա վրա։ Ի՛նչպես կարելի է սառն վերաբերվել դեպի մի ազգական, որ ներս է մտնում թե չէ, իսկույն գրկում է Ժորժիկին, ուսերի վբա բարձրացնում և ամբողջ ժամանակ նրան բաց չի թողնում ձեռներից։

Մելա՛նիա, դարձավ նա մի օր կնոջը, դու քանի գնում, վատ ես վարվում Արտյուրի հետ։ Չե՞ս հավանում։

Ի՛նչ հավանելու կամ չհավանելու բան կա. հարյուր ազգական ունիս, նա էլ նրանցից մեկը։

Բայց դու իմ ո՛չ մի ազգականի հետ այդպես սառը չես վարվել։

Չարժե այդ մասին խոսել, լա՜վ։

Մելանիան գրկեց Ժորժիկին և դրեց ծնկների վրա։ Բաց արավ գունազարդ պատկերների մի ժոդովածու (Փիրուզյանն էր նվիրել Ժորժիկին) բռնեց փոքրիկ մատիկը և շրջեցնելով պատկերների տակ, կարդում էր զանազան կենդանիների անուններ:

Սամսոնը զգացվեց ընտանեկան տեսարանից:

Հանաքը մի կողմ, ասաց նա, շուտով Ժորժիկը կարող է այբուբեն սովորել։

Շուտո՜վ, կրկնեց Մելանիան, դառը քմծիծաղ տալով, ո՛չ, դու դեռ շա՜տ պիտի սպասես։

Սամսոնը չըմբռնեց այս խոսքի մեջ թաքնված հեգնանքը։

Կսպասեմ, ասաց նա ժպտալով։

Մի օր, երբ նա ամառանոց եկավ մենակ, Մելանիան հարցրեց.

Ինչո՞ւ ազգականիդ չբերեցիր։

Չուզեց գալ։

Ինչո՞ւ։

Է՜, երևի, հասկացել է, որ դու չես սիրում իրեն։

Մելանիան շրթունքները թեթևակի կծեց։

Եթե հասկացել է, շատ լավ է արել։

Մելանիա՜, արտասանեց Սամսոնը հանդիմանաբար։

Նա ինձ բոլորովին դուր չի գալիս։ Այո՛, դուր չի գալիս, եթե ուզում ես ճշմարիտն իմանալ։

Բայց լա՛վ չես անում։ Պետք է նրա հետ քիչ թե շատ քաղաքավարի վարվել, թե չէ քույրս կլսի, կվիրավորվի։

Մի՞թե, արտասանեց Մելանիան մտախոհ և անորոշ։

Ես մյուս անգամ անպատճառ հետս կբերեմ նրան։

Մելանիան իսկույն չպատասխանեց, լռեց մի քանի վայրկյան և հետո ասաց.

Դո՛ւ գիտես, ազգականը քոնն է...

Այդ օրը նա Սամսոնին թվաց սովորականից ավելի տխուր, գունատ, նույնիսկ նիհար։ Կարելի էր կարծել, թե ամառանոցի օդը լավ չի ներգործում նրա վրա։ Սամսոնը հարցրեց.

Մելա՛նիա, դու առո՞ղջ ես...

Ե՞ս, կրկնեց Մելանիան, ես բոլորովին առողջ եմ...

Եվ, կարծես, հանկարծակի մի բան հիշելով, նկատելու չափ գրգռված, ավելացրեց.

Լա՛վ կանես, որ քո մասին մտածես։

Ինչո՞ւ, ես է՞լ բոլորովին առողջ չեմ:

Դո՞ւ... այո... առողջ չես...

Սամսոնը զարմացած նայեց կնոջ երեսին։

Մելա՛նիա, ի՛նչ ես ուզում ասել։ Ես առողջ եմ և միշտ էլ առողջ եմ եղել։

Է՜հ ավելի լավ, շատ ուրախ եմ։

Այդ ի՞նչ տեսակ ես խոսում, Մելա՛նիա։ Ասա՛։

Ասե՞մ, կրկնեց Մելանիան՝ հանկարծ մի համարձակ հայացք ձգելով ամուսնու աչքերի մեջ։

Ասա՛։

Դու պահանջո՞ւմ ես։

Մելանիան, գլուխը թեքելով կրծքին, սկսեց մատներով նյարդային արագությամբ պտտեցնել սեղանի վրա դրած ծխախոտատուփը։

Բայց ավելի լավ է չխոսել այդ մասին, ասաց նա վերջապես, տուփը սեղանին զարկելով և ոտքի կանգնեց։

Սամսոնը քանի գնում, ավելի ու ավելի էր հետաքրքրվում։

Կնոջ խոսքերի մեջ զգում էր մի հետին թունալի միտք, մի միտք, որ անշուշտ վաղուց է Մելանիային զբաղեցնում։ Նա ինքն այդ միտքը բացատրեց այլ կերպ։

Մելա՛նփա, եթե չես ասիլ, կնեղանամ։

Էհ, շա՛տ լավ, որ ստիպում ես կասեմ։ Դու հիվանդ ես։

Մի վայրկյան Սամսոնը կարծեց, թե կինը կատակ է անում, թեև սպասում էր լսել նրանից հենց այդ պատասխանը։

Ես հիվա՞նդ եմ, ե՞ս, գոչեց նա ծիծաղելով։

Եվ նրա ծիծաղը հնչեց այնքան թառամ, այնքան ծերունական, որ Մելանիան ակամա ցնցվեց։

Ես հիվա՞նդ եմ. ե՞ս, կրկնեց Սամսոնը այս անգամ լուրջ, ասա՛, ինչո՞վ։

Թո՛ղ, ի սեր աստծու...

Հիմա չեմ թողնիլ, մինչև որ բոլորը չասես։ Տեսնում եմ, դու իմ մասին վատ կասկած ունիս։ Դու ինձ զրպարտում ես. գիտե՞ս, զրպարտում ես... ես կյանքումս հիվանդ չեմ եղել...

Այո... կարելի է... բայց ես այդ չէի ուզում ասել...

Ուրեմն ի՞նչ, ասա՛ ի՞նչ է իմ հիվանդությունը...

Մելանիան գլուխը հանդարտ բարձրացրեց, ուղիղ նայեց ամուսնու երեսին և արտասանեց.

Ծերությունը...

Որրա՜ն վիշտ, որքան կծու հեգնանք կար այս մի հատ բառի մեջ։ Վիշտ՝ Մելանիայի, հեգնանք՝ Սամսոնի համար։ Եվ մի վայրկյանում հիսունչորս տարեկան մարդը ծերացավ ամբողջ տասը տարով։

Ահա՜ այն վայրկյանը, որին վերջին ժամանակ սպասում էր ամեն օր, ամեն ժամ, և սպասում ներքին սարսափով։

Ես ծե՞ր եմ, կրկնեց նա անեռանդ ձայնով և մի տեսակ հուսահատությամբ։

Այո՛, դու ծեր ես, միթե չգիտեի՞ր։

Սամսոնը թուլացած ընկղմվեց բազկաթոռի վրա։

Մելանիան կամացուկ դուրս գնաց սենյակից...

"Մելանիա" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Արի
Դավիթ Բալասանյան

Արի