Vahan Totovents

Հրկիզված թղթեր

6
ԻԶ

Մի առավոտ նա որոշեց այլևս չգնալ պրոֆ. Ֆրանսուա դը Մոնեի մոտ: Նրանք վերջին անգամ բաժանվել էին իրարից ձևական քաղաքավարությամբ, թերևս հարկավոր էր գեթ մի անգամ ևս այցելել նրան և ասել, որ այլևս չի գալու, բայց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը որոշեց չկրել քաղաքավարության տանջանքը և վերջ տալ իր այցելություններին։ Նրան այլևս անհանդուրժելի էր դառնում ֆրանսիացի պրոֆեսորի գոռոզությունը, որ բխում էր այն խոր համոզմունքից, թե ֆրանսիացին ընտրված ժողովուրդ է։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանի ինտերնացիոնալ զգացումներին նա պատասխանել էր հեգնանքով և լպիրշ թերահավատությամբ, իսկ Խորհուրդների երկրի նոր աշխարհ կառուցելու խնդրին, որը պրոֆ. Մելիք-Անդրեասյանը դրել էր պրոֆ. դը Մոնեի աոաջ, թունավոր ծաղրով էր վերաբերվել։

Պրոֆ. Ֆրանսուա դը Մոնեն Արևմտյան Եվրոպայի պատմության հայտնի մասնագետ էր։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը նրա հետ կապված էր 19-րդ դարու պատմական մի շարք անցքերի դոկումենտալ պարզաբանման համար։

Դուք երբևիցե չե՞ք մտածել աղքատության մասին, մարդկային ֆիզիկական թշվառության մասին, որ ծնունդ է առնում կապիտալիստական սիստեմից, հարցրել էր նրան պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, որին պրոֆ. դը Մոնեն պատասխանել էր կտրուկ և վերջնական. ո՛չ։

Ինչո՞ւ։

Կարևոր չէ։

Չե՞ք կարծում, որ պատմությունը դասակարգային պայքարի պատմություն է։

Ո՛չ, պատմությունն ազգերի արժանապատվության պայքարի պատմություն է։

Այն մարդը, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, որ Խորհուրդների երկրում համառ, ներքին և լուռ պայքար էր մղել պատմության մարքսիստական ըմբռնման դեմ, Եվրոպայում, շփման մեջ մտնելով բուրժուազիայի իդեոլոգների հետ՝ իրեն գտավ մի նոր մարդ, զգաց, որ իր մեջ ներծծվել էր շատ ավելին, քան ինքը կարծում էր։ Եվ հուսախաբված բուրժուական դեմոկրատիայից, որն իր լավագույն երազն էր հանդիսացել երկար տարիներ, ավելի և ավելի խորացավ հասարակական այն հաբաբերությունների հատակը, որ գոյություն ուներ բուրժուազիայի բացարձակ տիրապետության շրջանում։ Այն պահին, երբ նա պրոֆ. դը Մոնեին հարց էր տալիս աղքատության պրոբլեմի մասին, ինքը ևս այդ մասին լայնորեն և խորապես չէր մտածել: Մարդկային աղքատության, մարդկային ստեղծագործական մեծ զանզվածների աղքատության մտածումը շատ անգամ էր խուժել նրա իմացականության մեջ, անողորմ պայքարով, բայց այժմ ինքը ևս սկսեց մտածել այդ մասին, և նրա առաջ պատկերացավ, հեռավորության մեջ, Խորհուրդների պրոլետարիատի հերոսական ճիգը՝ լուծելու վերջնականապես աղքատության հարցը։

Չդիմադրելով այդ մտածումներին՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն սկսեց տեսնել աշխարհն իր բացարձակ մերկությամբ։

Նա տեսավ, որ Եվրոպան, որի սիրտն էր համարվում Փարիզը, բռնված է շահագործման ահավոր տենդով, խաբում են բոլորը, բոլորը, ամեն ինչ չափվում է շահագործման աստիճաններով, որքան շատ է շահագործում մեկը, այնքան բարձր է նրա պատիվը:

Հալչում էր մարդկային ստեղծագործող տարրի կյանքը, հալչում էր՝ ինչպես մոմը հնոցում:

Նա տեսավ գործազուրկների մասսան, որ սոված, ատելությամբ լցված, բայց անզոր և թշվառական՝ թափառում էր մեծ քաղաքի փողոցներում, գետի ափին, պարսպի տակ, նա հանդիպեց, բացի ժողովրդական մեծ զանգվածներից, բանվորներից ու արհեստավորներից, նաև մտավորականների և արվեստագետների, որոնք, առանց հույսի որևէ նշույլի, թափառում էին անհանգրվան՝ ապրելով մի մեծ և դարավոր կուլտուրայի մայրամուտի մորմոքը:

Որքան նա տեսավ այս բոլորը, ավելի ու ավելի մանրամասնորեն սկսեց տեսնել Խորհրդային երկրի աշխատանքր, նա սկսեց հիշել ամեն մի փոքրիկ իրողություն և նրա խոշորագույն արժեքը: Առաջին օրից, երբ նա ոտքը դրեց Եվրոպա, ինքնաբերաբար արտասանեց. «Պրոլետարիատը կառուցում է… չէ՞ որ բուրժուազիան ևս կառուցել է և շարունակում է կառուցել»: Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն այժմ սկսեց ըմբռնել այդ երկու կառուցումների տարբերությունը, սկսեց ըմբռնել երկու դասակարգերի ձգտումի խորագույն տարբերությունը:

Մի երեկո, Փարիզի ցնծուն մի երեկո, նա հանդիպեց բանվորական մի մասսայի, որ փողոցում որոտի նման պայթեցնում էր «Ինտերնացիոնալը»: Ոչ մի երգ նրան այնքան ընտանի և այնքան հարազատ չէր թվացել, որքան այդ երգը: Կանգնած մայթի վրա, ակացիայի մի ծառի տակ, երբ բանվորական մասսան անցավ նրա առաջից «Ւնտերնացիոնալի» հաղթական հնչյուններով, պրոֆ. Մելիք-Անդրեասյանի աչքերը լցվեցին արցունքով: Նա զգաց, որ մի քանի կաթիլ տաք արցունքը, բխած տխուր սրտի թաքուն խորքերից, թեթևացնում էր իրեն ծանր մի կոշմարից:

Երկար ժամանակ էր, ինչ նա իրեն հանցավոր էր զգում, իբրև Խորհուրդների երկրի քաղաքացի, մի մարդ, որին հավատացել էին Խորհուրդները, որին տրված էր բարձրագույն պատիվ, գործուղվել էր Եվրոպա, որի ազնվության մասին չէր կասկածել ոչ մի րոպե, ահա ինքը դավաճանում էր այդ երկրի դեմ, այդ երկրի հեղափոխական, հերոսական պրոլետարիատի դեմ:

. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .
ԻԷ

Հարկավ, հարկավ, ամենահարգելի պրոֆեսոր, ես ձեր առաջ դնում եմ ամբողջ ճշմարտությունը:

Բայց չէ՞ որ ճշմարտությունն ասելու համար…

Այո, ընդմիջում է դիմացինը, ճշմարտությունն ասելու համար հարկավոր է արիություն, բայց դուք կարծո՞ւմ եք, որ ես արիություն չունեմ, ճիշտ է, այն ժամանակ լռեցի, իմ լռությունն ուրիշ նպատակ ուներ, վերջապես, չի կարելի ամեն ինչ, ամեն մարդու ներկայությամբ ասել, ամեն բան հարկավոր է նկատի ունենալ, հանգամանքները, նրբություններ կան… Վերջապես կա և անձնական շահի խնդիր, իհարկե, ես անձնական շահի համար չէ, որ, այսպես ասած, չասացի այն, ինչ հարկավոր էր ասել, բայց վերջապես…

Հասկանում եմ, հասկանում եմ ձեզ:

Ուրախ եմ, վերջապես հանգամանքները…

Բուրժուական հարաբերությունների բարդ, խճճված այս հանգույցներում նրա հոգին սկսեց ձգտել դեպի հարաբերությունների պարզությունը, դեպի խորհրդային կենցաղը:

Ահա խոսում է մեկը քաղաքավարի, կուլտուրական բոլոր ձևականություններով, հաճելի է մինչև անգամ նրա լեզուն, զգացնել է տալիս նա, որ խորապես հարգում է դիմացինի մարդկային արժանապատվությունը, բայց կեղծ է, սուտ է, չի կարելի հավատալ նրա խոսքի ոչ մի շեշտին:

Եվ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ծանրություն էր զգում իր ուղեղում, թաց, ամպամած և մռայլ երկնքի կապարն էր կախվում նրա իմացականության վրա։ Կարոտը, կարոտը Խորհրդային հայրենիքի, այրում էր նրա ողջ էությունը, որոնում էր նա ծանոթ դեմքերը, որոնում էր ծանոթ կենցաղը, ծանոթ միջավայրը, ցանկանում էր լսել քարտաշի մուրճի հնչյունը, որ մի քանի տարի էր, ինչ նրա ականջին երգում էր բոլոր փողոցներում, մինչև անգամ իր դասարանի լուսամուտի տակ։

Ես պետք է վերադառնամ, պետք է անպայման վերադառնամ, ես չեմ կարող բաժանել ինձ մարդկության լավագույն մասից, չեմ կարող բաժանվել այն կուլտուրայից, որ ամբողջովին հագեցած է բարձր գաղափարականությամբ։

Այս որոշումը տալուց հետո՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ազատվեց ծանր մի կոշմարից։ Այդ կոշմարը երկվությունն էր, երկվությունը դեղին աչքերով։ Այլևս ոչ մի տատանում չէր տանջում նրա հոգին։ Այդ որոշումից հետո՝ բարձրացավ նրա տրամադրությունը, մինչև անգամ սկսեց հաճույք զգալ Եվրոպայի ցնծուն քաղաքից, սկսեց ստանալ այդ քաղաքի գիշերից խոր բավականություն։ Փարիզի գիշերը զվարթ էր և լուսավոր։ Այդ որոշումից հետո՝ նա օրորվում էր մի դուրեկան հեռանկարով. ահա ծովը, ահա նավը, որ մոտենում է հեռավոր հարազատ ափերին, որտեղ ծաղկում են լիմոնն ու նարինջը և փայլում ոսկյա անդորրությամբ։

ԻԸ

Եղբոր այն երկտողին, թե՝ մի անգամ ևս արի ինձ մոտ, խոստանում եմ քաղաքական ոչ մի խնդրի մասին չխոսել, միայն եղբայրական տեսակցություն, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պատասխանեց հետևյալը.

Հ ա ր ու թ յ ու ն,

Քեզանից բաժանվելուց հետո՝ ես ենթարկվեցի ավելի և ավելի փոփոխությունների։ Այժմ ինձ բոլորովին չես ճանաչի։ Ես շուտով վերադառնում եմ իմ երկիրը։ Ի՛մ երկիրը։ Արյան կապն ինձ չի ոգևորում, մենք բարեկամներ չենք, ոչ միայն բարեկամներ չենք, այլև երկու թշնամի բանակների զինվորներ։ Ես վերադառնում եմ իմ ռազմաճակատը։ Եթե մի օր երկու բանակները գործնական ճակատամարտի մղվեն, ինձ կգտնես քո դեմ զենքը ձեռիս: Փախչում եմ Եվրոպայից, փախչում եմ ստից, կեղծավորությունից, շահագործման պատերազմից, փախչում եմ իմ տարիների երազած դեմոկրատիայից, փախչում եմ գոռոզությունից, ոսկեզօծ կեղտից։

Իմ առաջին պարտականությունը պիտի լինի ավելի և ավելի քաջալերել Բաբկենին իր հասարակական կյանքում, մղել նրան նոր աշխարհի կառուցման աշխատանքին՝ առավել ոգևորությամբ և առավել անկեղծությամբ:

Այս աշխարհը նրանն է։

Կվերադառնա՞մ արդյոք Եվրոպա: Այո, կվերադառնամ Խորհրդային Եվրոպա։ Արդյոք շո՞ւտ կվերադառնամ: Այո: Ես ապրեցի Եվրոպայի ահեղ մայրամուտը, ես լսեցի մարմարյա սյուների ճարճատյունը։ Բուրժուազիան թողնում է փառահեղ ավերակներ…

Ես վերադառնում եմ, լուսաբացի թմբուկն ինձ կանչում է։

Հոգիս ուրախ է, թեթևացած բոլոր ծանրություններից: Միայն մի կասկած երբեմն ինձ տանջում է՝ արդյոք կլինե՞մ նոր աշխարհի արժանի և պիտանի քաղաքացի։

Առաջին մեր տեսակցությունը տխուր եղավ, երկրորդ տեսակցությունը կարող է լինել եղերական: Թույլ տուր այս մի քանի տողով վերջացնել մեր կապը։

Միքայել
ԻԹ

Երևանը բոլորում էր ոսկյա աշունը, խաղողի հատիկները շողում էին իբրև հողի աստղերը, երբ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը վերադարձավ։

Առաջին օրն էր, որ Ելենա Բեգլարովնան վառել էր պատի վառարանը։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը բաց արավ պահարանը, վերցրեց իր օրագիրը և, գցելով վառարանի մեջ, նստեց դիմացն ու սկսեց դիտել իր հին կյանքի ամենանվիրական հիշատակի բոցավառումը։ Ելենա Բեգլարովնան նստած էր կողքին՝ ապշահար և անորոշ զգացումներով։ Հրկիզված թղթերի բոցը նրանց դեմքերը ներկել էր կարմրադեղին գույնով։

Պրոֆեսոր Միքայել Մելիք-Անդրեասյանը, անձկությամբ դիտելով հրկիզված թղթերի բոցը, շշնջում էր.

Հնից ոչ մի հիշատակ չպետք է մնա…

Երբ թղթերը մոխրացան, պրոֆեսորը դարձավ կնոջը և ասաց.

Լենոչկա, ես փորձեցի քեզ մենակ թողնել, ներիր ինձ:

Ելենա Բեգլարովնան գլուխը հանգչեցրեց ամուսնու կրծքի վրա և սպիտակ թևերով գրկեց նրան։

1934 թ.

Be the first who will comment on this

Other parts of "Հրկիզված թղթեր"

Yatuk Music
Yerevan etudes
Alexander Spendiaryan

Yerevan etudes

Fresno Tuesday October 3 1972 11 PM #1
Fresno Tuesday October 3 1972 11 PM #1
Play Online