Vahan Totovents

Հրկիզված թղթեր

5
ԺԹ

Ելենա Բեգլարովնան պրոֆեսորից ստացավ առաջին նամակը, որին ջերմագին կարոտով սպասում էր նա։

Նամակը գրված էր Փարիզից, այնտեղ հասնելուց մի քանի օր հետո, և բացի անհրաժեշտ անձնական տեղեկություններից` ֆիզիկական առողջության, տեղավորվելու, եղանակի և այլնի մասին, ուրիշ ոչինչ չկար այդ նամակում, գուրգուրանքի, կարոտի ոչ մի խոսք, կարծես այդ նամակը գրված էր մի կնոջ, որ երբեք մտերիմ կապեր չէր ունեցել նամակագրի հետ: Ելենա Բեգլարովնան կրկին և կրկին կարդաց նամակը՝ ճգնելով գտնել թաքնված մի ջերմագին շեշտ, բայց չկարողանալով՝ իրեն նետեց թախտի վրա և սկսեց դառնորեն հեկեկալ։

Երբ դեռևս ոչ մի նամակ չէր ստացել, նա ապրում էր սպասումի անձկությամբ, և այդ սպասումի անձկությունը նրան օրորում էր երազային լուռ և խոր մի մելոդիայով, այժմ այդ անձկությունն էլ չկար, չկար ոչինչ, որին սպասեր. պրոֆեսորը եսասերորեն մենակ մեկնեց Եվրոպա, կարող էր մերժել գործուղումը, երբ չհաջողվեց իրեն ևս տանել հետը։ «Եթե ուզենար՝ կհաջողացներ, մտածեց Ելենա Բեգլարովնան, հոգու խորքում նա չէր ցանկանում իր ընկերակցությունը, ուզում էր լինել ազատ»։

Որքան մտածեց, այնքան լցվեց թախծով և արցունքով։

«Այլևս ի՞նչ կա, որին ես ձգտեմ», շշնջաց Ելենա Բեգլարովնան և սարսափեց հոգու դատարկությունից։ Այժմ նա խորապես գիտակցեց կյանքի իր սխալները։ Խոշորագույն սխալն այն էր, որ նա մի բան չսովորեց, շուկա գնալը, տնային կարգ ու սարքով զբաղվելը չէր լցնի մարդու ներքին դատարկությունը։ Ելենա Բեգլարովնան, արդարությամբ մտածելով, հիշեց, որ պրոֆեսորն առաջինն էր, որ իրեն քաջալերել էր այդ ուղղությամբ, բայց ինքը կարևորություն չէր ընծայել։

Երբ Վահրամ Անանյանը սովորական, ամենօրյա իր այցելությունն անելու համար ներս մտավ, Ելենա Բեգլարովնան փոքրիկ բաց կապույտ մի թաշկինակով աչքերն էր սրբում։

Անանյանը զարմացավ։

Ի՞նչ է պատահել, տիկին, հարցրեց նա։

Ոչինչ։

Նրա ձայնի մեջ անսահման թախիծ կար, դեմքը գունատ էր, և մազերը՝ մի քիչ անխնամ։

Ելենա Բեգլարովնա, պրոֆեսորը, գնալուց առաջ, ձեր ներկայությամբ ասաց, որ որևէ մի նեղության ժամանակ ինձ դիմեք, այժմ ես պատրաստ եմ ձեզ մխիթարելու, աջակցելու։

Վագրամ Տիգրանիչ, մեղմագին ձայնով ասաց Ելենա Բեգլարովնան, եկ, այստեղ նստիր։

Անանյանը տեղ գրավեց թախտի վրա, Ելենա Բեգլարովնայի կողքին, մոտավորապես ծունկը հպեցնելով նրա ծնկներին։ Կնոջ կուրծքը ելևէջում էր։

Ի՞նչ է պատահել, ասացե՛ք, Ելենա Բեգլարովնա։

Պրոֆեսորից նամակ ստացա։

Հիվա՞նդ է, անհանգստությամբ հարցրեց Անանյանը և բռնեց Ելենա Բեգլարովնայի ձեռքը։

Կնոջ շնչառությունն ավելի դժվարացավ, բայց նրա աչքերում պլպլաց ժպտի մի լույս։

Կարդացեք, ասաց Ելենա Բեգլարովնան և տվեց ստացած նամակը Վահրամ Անանյանին։

Այստեղ ոչինչ չկա, որ արցունքներ կորզի ձեր աչքերից, տիկին, ասաց Անանյանը նամակը կարդալուց հետո։

Դուք երբևիցե սիրե՞լ եք, հանկարծ հարցրեց Ելենա Բեգլարովնան՝ ազատորեն ձեռքերը դնելով Վահրամի ձեռքի վրա։

?

Կամ գիտե՞ք, ինչ է սիրելը։

Ոչ, երևի չգիտեմ,– միամտորեն, պարզունակությամբ պատասխանեց Վահրամը։

Ուրեմն դուք չեք հասկանա, թե ինչու այդ նամակը պարունակում է իր մեջ թախիծ և արցունք։

Լռության մեջ լսվում էր միայն երկուսի շնչառությունը, արտասովոր, իրենց իսկ համար տարօրինակ։

Վագրամ Տիգրանիչ, ես սիրել եմ Միքայելին, ես սիրել եմ նրան դեռ այն ժամանակ, երբ նա թոշակառու ուսանող էր, իմ ծնողները հակառակ էին այդ ամուսնության, ճիշտ է, ես վայելել եմ փոխադարձ սեր, ու ահա, ըստ երևույթին, ամեն ինչ կործանվում է։

Անանյանը ոչինչ չկարողացավ հասկանալ, ապշահար նայեց Ելենա Բեգլարովնալին։ Վերջինս գերագույն ճիգով զսպեց արցունքների մի նոր ուղխ, որ բարձրացավ սրտից և խուժեց աչքերը։ Անկարելի եղավ զսպումը շարունակել, պղտորվեց նրա աչքերի պայծառությունը, կոպերից կախվեցին կաթիլներ և ընկան Վահրամի ձեռքերի վրա:

Նա չի վերադառնալու, ես ձեզ վստահեցնում եմ, նա այլևս չի վերադառնալու այս երկիրը, շշնջաց Ելենա Բեգլարովնան և ընկնելով Վահրամի կրծքի վրա՝ սկսեց հեկեկալ, ավելի դառնորեն, քան մենակ եղած ժամանակ։

Վահրամը ցնցվեց ամբողջ մարմնով, նրան պատեց մի այնպիսի զգացում, որին մինչ այդ բոլորովին անծանոթ էր եղել։ Քսան և վեց տարեկան երիտասարդը հանկարծ գրկեց Ելենա Բեգլարովնային, թեթևորեն բարձրացրեց, նստեցրեց իր ծնկների վրա և նրանց շրթունքները փարվեցին իրար։

. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .

Վահրամ Անանյանը եկել էր իր առօրյա պատմական ընթերցումն անելու պրոֆ. Մելիք-Անդրեասյանի գրադարանում, և ահա նրա առաջ բացվեց կյանքի գիրքը, որի թերթերը շրջելիս՝ նրան թվաց, որ քայլում է կեռասենու պարտեզից լուսնի շողերի տակ, գիշերային նվագի թևերի վրա օրորուն։ Կյանքի գիրքը բուրում էր այնպես, ինչպես նոր քաղված և թոշնած խոտը, որից անդրադառնում էր թարմություն և զովություն։ Երիտասարդ գիտնականը նայեց գրադարանին, և գրքերը, պրոֆ. Մելիք-Անդրեասյանի գրքերը, թվացին նրան մռայլած և տրտում։

Ի

Ելենա Բեգլարովնան առավոտյան անկողնից վեր կացավ խնդությամբ գինով, իրիկվա դառնաղի արցունքներին փոխարինեցին լուսաբացի ցողերի թարմ կաթիլները, նրա հոգում կաթեց, շիթ առ շիթ, նոր մի գարնան լույսը, տան իրերը երգեցին, մեծ հայելին անդրադարձրեց Ելենա Բեգլարովնային թարմացած, շրթունքները և այտերը ներկված վարդի թեթև կարմիրով, նա լսեց պարտեզի տերևների հծծյունը, լուսամուտի թաղարի մեջ բացված ալպյան մանիշակը շշնջաց ինչ-որ բան, ջրով լիքը բաժակը ժպտաց, իսկ պրոֆ. Մելի-Անդրեասյանի պատմության գրքերը տխուր նայեցին նրան։

Երբ Ելենա Բեգլարովնայի նայվածքը հանդիպեց ամուսնու գրքերին, նա ցնցվեց, թեթև մի սարսուռ փշաքաղեց նրա մարմինը, բայց երբ աչքերը հեռացրեց գրքերից, նա խոր ուրախությամբ ապրեց դավաճանության հրճվանքը։ Ելենա Բեգլարովնան զգում էր, որ հանցավոր է, բայց ագահությամբ և բոցավառությամբ ձգտեց դեպի այդ հանցանքը։

Թռավ անկողնից, սառը ջրով ողողեց նա երեսը, վիզը և կուրծքը, բայց այտերն այրվում էին։

Անանյանը խոստացել էր առավոտյան գալ։

Ւնչո°ւ ուշացավ։

Նայեց ժամացույցը:

Անանյանը չէր ուշացել։ Ելենա Բեգլարովնային միայն թվաց, որ նա ուշացել է։

Մտավ խոհանոց, թեյ դրեց։ Նրա երակներում արյունը վետվետում էր։ Կյանքը վերադարձել էր ծաղկումներով։ Սխալ է, որ ասում են, թե գարունները, որ գնում են, այլևս չեն վերադառնա։ Գնացած գարունները նորից են վերադառնում՝ ավելի հարուստ, ավելի շողշողուն և ավելի կանաչահեղձ, վերադառնում են և գարունների հետ հոսող առուները, քչքչում են, հծծում, երգում և նորից հոսում, անվերջ է կյանքի ուրախությունը, միայն պետք է գիտենալ, թե որտե՜ղ է թաքնված այդ ուրախությունը։

Ելենա Բեգլարովնայի համար այդ ուրախությունը թաքնված էր երիտասարդ գիտնականի գանգուր մազերում, նրա շրթունքների խոնավության և ջերմության մեջ, նրա հզոր թևերում։

Բարի լույս, Ելենա…

Կարծես արևը ճչաց Անանյանի ձայնի մեջ։

Վագրամ․․․

Ելենա Բեգլարովնան իջեցրեց լուսամուտի վարագույրները, քիչ անց՝ մթնշաղում լսվեց թեթև մի շրշյուն, կոճակները զարնվեցին աթոռին, և Վահրամին մոտեցավ մի լուսավոր հասակ…

Երիտասարդ գիտնականի առաջ նորից բացվեց կյանքի գիրքն իր անսահման գաղտնիքներով և նորանոր, անթիվ էջերով։

Եկ, անպայմա՜ն եկ երեկոյան, Վագրամ, սիրելիս…

Վահրամ Անանյանը սահեց դուրս։

Ի՜նչ լուսապայծառ է օդը։

Արևի նարինջը ներկել էր բոլոր պատերը, հողը, կտուրները և ծառերը, բոլորը, բոլորը լողում էին արբեցողությամբ արևի վարար ալիքներում, առուները հոսում էին երգելով։

Ելենա Բեգլարովնան, Վահրամի գնալուց հետո, բաց արավ լուսամուտի վարագույրները, լույսը ողողեց սենյակը, կրկին նայեց իրեն մեծ հայելու մեջ, անչափ դուր եկավ իրեն իր մարմինը։

Հագնվեց Ելենա Բեգլարովնան, վերցրեց սեղանի վրա երեկվանից մնացած պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի նամակը, նորից կարդաց և գոհ մնաց իր դավաճանությունից։

Կյանքն ամփոփված չէ միայն քո մեջ, քո գրքերում, շշնջաց նա և ծիծաղեց։

Ակամա դարձավ նա պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի գրքերին, նրանք ևս ժպտում էին, այլևս տխուր չէին՝ ինչպես իրիկունը և առավոտյան։

Ելենա Բեգլարովնան մտածեց դուրս գնալ, մինչև անգամ անհրաժեշտ է դուրս գնալ տան կարիքները հոգալու համար, բայց չուզեց բաժանվել տան մթնոլորտից, իր ննջասենյակից, որտեղ տարածվել էր բուրումնավետ մի ալիք։ Իրերից արտացոլված բուրումը խորապես հարբեցնող էր, իրերի ներքին աշխարհն էլ պար էր գալիս Ելենա Բեգլարովնայի ուրախության հետ, հրճվում էին բոլորը, բոլորը։

ԻԱ

Մի երեկո պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը Մետրոյի Կառ դը Լ՛Էստ կայարանից դուրս գալուն՝ գնեց մի «Պարի-Սուար»․ առավոտյան գնած «Պտի Պարիզիեն»-ը ևս չէր կարդացել։ Մտածեց նա գնալ պանդոկ և կարդալ թերթերը։ Ականջին խփեց մի ուրիշ թերթի անուն՝ «Լ՛Յումանիտե», կանգնեց, ուզեց մի համար էլ նրանից վերցնել, բայց անցավ, ձեռքը թափ տալով և մտքում ասելով․ «Կոմունիստական մամուլը զահլաս տարել է, բավական է»։

Պանդոկում նա չկարողացավ դիմադրել լուսամուտից նորից դիտելու քաղաքը։ Անվերջ է Փարիզի թովչանքը, կախարդական քաղաք, որտեղ ամեն մի իր ունի իր առանձնահատուկ հրապույրը։ Եթե մի որևէ առարկա ուրիշ քաղաքներում աննշան և անիմաստ է, Փարիզում կարող է ստանալ առանձին գրավչություն և խորագույն իմաստ, կան անտեսանելի ձեռքեր, որոնք գեղեցկացնում են ամեն ինչ։

Երեկոյան Փարիզն ավելի գեղեցիկ էր։ Ամբողջ քաղաքը ողողված էր վերջալույսի վարդագույն լույսով, անսահման դաշտն օրորվում էր, քաղաքում տիրում էր մի լուռ խնդություն, որ գալիս էր ամեն մի վերջալույսին՝ իբրև մի հանգիստ պահ աղմկալից, լուսավոր և ցնծուն գիշերից առաջ։ Գիշերը Փարիզը ոչ թե քնում է, այլ նոր է զարթնում, նա սիրում է ուրախանալ երկնքի և երկրի աստղերի տակ։ Փարիզը գիշերը պարում է, իրիկնային փոքրիկ հնչյունները մեծանում են գիշերը և դառնում բարձրաձայն նվագ, պատռվում է քաղաքի սիրտը, և հոսում է վարդագույն ու արնագույն գինին։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը քաշվեց լուսամուտից, երկարեց բազկաթոռի վրա և բաց արավ լրագրերից մեկը։ Մի քիչ կարդալոլց հետո՝ մեքենայորեն նա փնտրեց արտասահմանյան բաժինը և ահա URSS։ Այդ բաժինը, բնականորեն, նրա համար նորություններ չէր պարունակելու, բայց, զարմանալի էր, նորություններ շատ կային, կարծես ինքը չէր եղել այդ երկրի քաղաքացին, հասարակական հազար ու մի թելերով կապված չէր եղել այդ երկրի ամեն մի երևույթի հետ, ֆրանսիական թերթի տեղեկությունները, կարծես, այն երկրի մասին չէին, որտեղից ինքը դեռ նոր էր եկել։

Պրոֆեսորը կարդաց․

Վերսկսվել են հրեական կոտորածները․․․

Հեռավոր Սիբիրում պայթել է մեծ ապստամբություն․․․

Փոքրիկ հանրապետությունների կոնֆերանսը որոշել է անջատվել Խորհրդային Միությունից, բայց ռուսական Կարմիր Բանակի երևալը Անդրկովկասում և Միջին Ասիայում քայքայել է հանրապետությունների ցանկությունը․․․

Գնդակահարումը շարունակվում է ժողովրդական այն տարրերի դեմ, որոնք ոչ թե մասնակցում են դժգոհության ալիքին, այլ պարզապես չեզոք են մնում․․․

Խորհրդային Միությունը տենդագին պատրաստություն է տեսնում արտաքին պատերազմի համար․․․

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը դեն շպրտեց թերթերը և սկսեց մտածել․ «Մի՞թե ինքը, լինելով այդ երկրի մասնիկը, լինելով մտավորական, կուլտուրական ֆրոնտի բարձր տիպի աշխատավոր, բոլորովին տեղյակ չի եղել երկրում տեղի ունեցած պրոցեսներին, մի՞թե ինքը քնած է եղել ուղտի ականջում, մի՞թե նա չի կարողացել տեսնել քթից գոնե մի քիչ հեռու»։

Մի պահ, կարծես, համոզվեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը իր սեփական հիմարությանը և մտքում ասաց. «Երբ մի մարդ այնքան տարված լինի պատմության չոր փաստերով, մգլած դոկումենտներով, ահա այս կլինի հետևանքը»։

Ուրեմն այն մի քանի հոգիները, որոնք երկրում իրեն ասում էին զանազան բաներ, որոնց չէր հավատում, ճշմարիտ էին։ Մի անգամ, հիշեց պրոֆեսորը, լուր տարածվեց Երևանում, որ գիշերը կոմունիստական մի ջոկատ, հարձակվելով Էջմիածնի վրա, գերի էր վերցրել կաթողիկոսին և մի քանի եպիսկոպոսների, աքսորել Սևան, խստորեն մեկուսացրել նրանց կղզում: Ճշմարիտ է, և այն ժամանակ նա չէր հավատացել, չէ՞ որ մի քանի օր հետո մարդիկ անձամբ տեսել էին հայոց հայրապետին իր վեհարանում՝ հանգիստ և անձեռնմխելի, ուրեմն այդ անձամբ տեսնողները «ստել են ականատեսի նման»։

Բայց պրոֆեսորը քիչ հետո սթափվեց, կարծես մի ծանր երազից։ Նա լսել էր, դեռ մինչև Փարիզ ճանապարհին, որ գաղութահայ թերթերը գրում են մասսայական գաղթի մասին Հայաստանից դեպի Ռուսաստան, թե Հայաստանի մայրաքաղաքը օրեցօր դատարկվում է, մարդիկ փախչում են մինչն անգամ Միության ավելի անբարեբեր շրջանները, ազատվելու համար քաղաքական անասելի հալածանքից, իբր թե Հայաստանից դուրս բոլշևիզմն ավելի մեղմ է, քան Հայաստանում։

Պրոֆեսորը հանկարծ գոչեց. «Սուտ է, ամեն ինչ սուտ է, մեր կառավարությունը մինչև անգամ չի կարող դիմանալ ներգաղթի ուժգին հոսանքին, կառուցելով ամբողջ թաղամասեր, դեռ բնակարանային սուր ճգնաժամը շարունակվում է, այնինչ արտաքին լուրերի համաձայն դատարկվում է մայրաքաղաքը։ Սուտ է, սուտ է, սուտ է։ Մարդիկ անխղճորեն ստում են»։

Առաջին անգամն էր, որ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն զգաց խղճահարություն դեպի Խորհուրդների երկիրը, առաջին անգամն էր, որ նրա մեջ զարթնեց Խորհուրդների երկրի քաղաքացու արժանապատվությունը և արդարության զգացումը։ Նրան, այդ կույր մարդուն, որ տարիներ ապրել էր հանուն սոցիալիզմի կառուցման մղվող պայքարի անասելի, հերոսական և մինչև անգամ հեքիաթային պայմաններում և գրեթե ոչինչ չէր տեսել, կամ մարտնչել էր չտեսնելու, սուտը, բացարձակ սուտը զարթեցրեց: Հանկարծ նա զգաց, որ ո՛չ միայն ինքը, իբրև հարազատ քաղաքացի, չէր կարողացել ոգևորվել երկրի վերելքով, չէր կարողացել տեսնել ժամանակավոր անհաջողությունների մեջ իսկ ապագա մեծագույն և բացարձակ հաղթանակի բոլոր տվյալները, այլ մինչև անգամ չէր կարողացել լինել օբյեկտիվ։

Այս մտածումների հոսանքում արիություն չունեցավ նա երկար տարուբերվելու, որպեսզի կարողանար գտնել ճշմարիտ հանգրվանը՝ ինչպես փոթորկից հետո անխուսափելի խաղաղությունը, իրեն նետեց պանդոկից դուրս՝ ազատվելու համար իրեն ճնշող մտքերից։

Լույսի և ստվերի այն հաջորդականությունը, որից տանջվում էր նա, հրեց նրան դեպի ցնծացող, լուսազվարթ և երգող քաղաքը։

ԻԲ

Առաջին անկյունում նա տեսավ մի զույգ, որ պինդ փաթաթված համբուրվում էին, տարված այնպիսի գերագրգրռությամբ, կարծես չորս պատերի մեջ մենակ լինեին։

Նա մտավ բուլվարներից մեկը։

Խնդությունը հոսում էր ծառերի տակով, մաքուր և ուրախ մայթերով կարկաչում էր գիշերվա երգը, ծառերի ճյուղերի միջից երևացող լույսը չէր կարելի որոշել՝ աստղե՞ր էին, թե էլեկտրական լամպեր, հարյուրավոր մեծ լուսամփոփներ, կլոր և սպիտակ լիալուսնի նման, օրորվում էին բուլվարի մեջտեղում:

Նա կանգ առավ մի քանի խանութների փեղկերի աոաջ, դիտեց, հափշտակվեց մի կամ երկու իրով և շարունակեց ճանապարհը։ Նրա մտքովն անգամ չէր անցնում, որ այդ բարձրորեն ցնծացող քաղաքում, որտեղ փողոցի յուրաքանչյուր քարն անգամ հյուրասեր էր, գոյություն ուներ մարդկային տանջանքը, որի ճիչը խեղդվում էր բարձրաղաղակ ուրախության տակ։ Հանկարծ նա տեսավ երիտասարդների մի խումբ, որոնց մեջ կային դեռ բոլորովին պատանիներ, վերին շրթունքների վրա մազերի թեթև ստվերներով, և նրանց ետևում մի քանի ոստիկաններ: Խումբը, քրտնած և ահաբեկված, կողմնակի փողոցից մտավ բուլվար, ճեղքեց ուրախ ամբոխը և մտավ դիմացի կողմնակի փողոցը, բայց այնտեղ հանդիպեց ոստիկանական ուրիշ խմբի և կանգ առավ։ Երկու կողմից ոստիկանները պաշարեցին երիտասարդներին ու պատանիներին և քշեցին առաջ: Ձերբակալվածներն սկսեցին երգել մի երգ, որ պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը երբեք լսած չէր, բայց այդ երգի յուրաքանչյուր հնչյունը ցնցեց նրա ամբողջ մարմինը, նրանց ձայնը հիշեցրեց նրան Խորհուրդների երկրի երիտասարդ սերնդի ձայնը, առողջ, զիլ, թարմ ու վճիտ՝ ինչպես լուսաբացի համանվագը: Հիշողության մեջ պատկերացրեց նա և մի ուրիշ պատկեր՝ ցարական դարաշրջանի ոստիկանությունը, և նրան ճնշող հին այդ կոշմարը, մռայլ և ցավատանջ կոշմարը, որի վերադարձի հեռապատկերը փշաքաղեց նրա մարմինը և մտքում, պարզ և որոշակի՝ ինչպես բարձրաձայն մեկի հետ խոսեր, նա ասաց.

Եվ ես ցանկանում եմ, որ վերադառնա այդ բոլոր հինը։

Մարդիկ տեսան, որ մեկը, ըստ արտաքին երևույթին և քայլվածքի ոճին՝ մի օտարական, քայլում է բուլվարի ցնծացող ծառերի և լիալուսնի նման կախված լամպերի լույսերի տակով, ահաբեկված աչքերով, նյարդայնացած և հոգեկան ակնբախ խռովքով։

Աշխատելով փախչել հետզհետե աճող ցնծությունից և լույսից, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մտավ կողմնակի փողոցներ, բայց իրեն գտավ ավելի կոշմարային մթնոլորտում։

Մի կանացի երգեցիկ ձայն նրան բարևեց սիրալիր և՝

Մենակ չե՞ք ձանձրանա, հարցրեց նրան։

Պրոֆեսորը չպատասխանեց։ Գնալով լույսին ավելի մոտիկ, նա նայեց կնոջը։ Վերջինս ժպտաց։ Այդ ժպտում չկար ուրախության ոչ մի ցոլք, ընդհակառակն, թախծի մի քող նրան դարձնում էր զարմանալիորեն գրավիչ։

Ես սիրում եմ մենակություն, ասաց պրոֆեսորը:

Երևի դուք պրոբլեմով եք զբաղված, ասաց կինը:

Այո։

Կինը ծիծաղեց. կարծես, մթան մեջ հանկարծ բխեց մի ջուր, կարկաչեց և հոսեց։

Դուք երբևիցե չե՞ք ուզում լինել մենակ, հարցրեց պրոֆեսորը։ Կինը լրջացավ։

Ես միշտ ուզում եմ մենակ լինել, բայց մարդիկ ձանձրանում են մենակ լինելուց, ստիպված եմ փողոց դուրս գալ և փարատել նրանց տխրությունը, ասաց նա:

Բայց չէ՞ որ դուք…

Օ՜հ, բավական է, զայրացավ կինը և հեռացավ:

Փողոցային կինը չի սիրում, երբ մարդիկ գաղափար չունեն, թե ժամանակն անցնում է արագ, հանկարծ գիշերը կհասնի իր վախճանին, և նա կարող է դիմավորել լուսաբացը մի քանի անավարտ սակարկություններով։

Պրոֆեսորը նայեց նրա ետևից՝ մինչև կորսվեց նա մթնում, ապա առաջ քայլեց։

Բարև, պարոն, հնչեց ուրախ և անզուսպ մի կանացի ձայն:

Ներեցեք, ես պրոբլեմով եմ զբաղված, ասաց պրոֆեսորը։

Ուրախ եմ, որ ժամանակս չխլեցիք, նորից հնչեց այն ուրախ և անզուսպ կանացի ձայնը, և պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մնաց մենակ։

. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .

Առավոտյան պրոֆ. Մելիք-Անդրեասյանը զարթնեց անորոշ և տարտամ զգացումներով։

Իժ

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ինքը Փարիզից մեկնեց շվեյցարական մի փոքրիկ քաղաք՝ տեսակցելու էմիգրանտ եղբոր հետ, որովհետև եղբայրը գրել էր, որ ոչ մի հնարավորություն չունի Փարիզ գալու։

Նա ճանապարհին մտածեց, թե ի՞նչ հարցեր կարող էր տալ իրեն եղբայրը և ինքն ինչպե՞ս պիտի պատասխաներ։

Այդ պատասխանները գոհացուցիչ էին թվում սկզբում, բայց հետզհետե սկսեցին հոգեկան տանջանք պատճառել, նորից մի դիվային ինչ-որ բան բարձրացավ իր հոգում դա երկվությունն էր, երկվությունը դեղին և կանաչ աչքերով, որ ոչ թե դրսից սողոսկեց իր ներքին աշխարհը, այլ հարություն առավ, ընդհակառակն, իր ներքին աշխարհից։

Պրոֆեսորը եղբորը նախապես չէր գրել, թե երբ է գալու, ուստի կայարանում ոչ ոք չդիմավորեց նրան։ Կայարանից մինչև եղբոր բնակաբանը նա մտածում էր, թե ի՞նչ պատասխանի եղբոր առաջին հարցումին։ Այդ հարցումը, բնականորեն, անխուսափելիորեն պիտի լիներ կնոջ և զավակի մասին։

Երբ երկու եղբայրները շվեյցարական փոքրիկ, լուսավոր ու մաքուր սենյակում իրար փաթաթվեցին, համբուրվեցին և նստեցին դեմ-դիմաց, եղբայրը հարցրեր պրոֆեսորին.

Ինչպե՞ս ազատվեցիր այդ դժոխքից։

Ի՞նչ դժոխք, հարցրեց պրոֆեսորը, հաստատ համոզված լինելով այժմ, որ դժոխք էմիգրանտի լեզվով նշանակում է Խորհրդային երկիր։

Ինչո՞ւ չես ասում, այստեղ լրտեսներ չկան, հեգնեց եղբայրը։

Վերջապես, մենք ամեն բան գիտենք։

Ի՞նչ գիտեք, հանկարծ հարցրեց պրոֆեսորը զայրացած, բայց զուսպ։

Մենք գիտենք, թե ինչ չարչարանքներ են տվել քեզ։

Ի՞նչ չարչարանքներ։

Բանտ և այլն։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ապշեց։ Բա՞նտ։ Ե՞րբ։ Հանկարծ նա սկսեց բարձրաձայն հռհռալ։

Ի՞նչ ես հռհռում։

Բանտ և այլն… իսկ ի՞նչ է այդ և այլնը։

Հարցաքննություն գրեթե երեք օրը մի անգամ։

Մելիք-Անդրեասյանի հռհռոցը դարձավ գրոտեսկ։

Էմիգրանտն այդ հռհռոցից զգաց թունավոր խոցեր իր մարմնի վրա։ Որքան խոր, որքան այրող կարոտով սպասել էր իր եղբորը, ինչքան նա ուրախացել էր նրա ազատության առթիվ, լցվել էր մանկական խնդությամբ, բայց ահա նա հռհռում է, հռհռում է ինչպես դևը, հռհռում էր իր վրա, իր գաղափարների, իր մարտիրոսության վրա։

Նա այդպես էլ արտահայտվեց:

Դու ծաղրում ես իմ մարտիրոսությունը, Միքայել։

Հռհռոցն իսկապես դարձավ դիվային։

Ի՞նչ մարտիրոսություն…

Վե՛րջ տուր, բավակա՛ն է…

Պրոֆեսորը չէր կարողանում դադարեցնել ծիծաղը, բայց ի վերջո լրջացավ, լայն մի տխրություն, ինչպես թանձրացյալ շաղախ, պատեց նրան։

Ինչպե՞ս ես ապրում դու այստեղ, հարցրեց Միքայելը վերջապես, եղբայրական կարեկցությամբ։

Վա՛տ եմ ապրում, շա՛տ վատ։

Ի՞նչ տեսակետից։

Տնտեսական:

Չե՞ն օգնում քեզ ընկերները, քո կուսակցությունը։

Է՛հ, ավելի մեծ գազաններ կան, ինձ բան չեն թողնում, պատասխանեց էմիգրանտը գրեթե լացակումած, նկատի չառնելով այն հեգնությունը, որով արտասանեց պրոֆեսորը «ընկերներ» և «կուսակցություն» բառերը։

Տիրեց լռություն։

Էմիգրանտը բաճկոնի կոճակի հետ էր խաղում, իսկ պրոֆեսորը նայում էր լուսամուտից դուրս և դիտում էր փողոցի երթևեկը՝ մտածելով ինչ–որ։

Իսկ դու չե՞ս հետաքրքրվում քո ընտանիքով, հարցրեց պրոֆեսորը։

Ոչ։

Ինչո՞ւ։

Քո պատճաոով։

Պրոֆեսորն ապշեց։

Ես քեզ չեմ հասկանում:

Իմ ընտանիքը, քաղաքական դժբախտ պայմանների պատճառով, թողի քո խնամքին, իսկ դու ի՞նչ արիր։

Կերակրեցի նրան։

Շնորհակալ եմ, հեգնեց էմիգրանտը, այս մասին չէ իմ խոսքը։

?

Տղաս կոմսոմոլիստ է այժմ, ճի՞շտ է:

Այո, ճիշտ է։

Ապա դու չամաչեցի՞ր, որ նրան թույլ տվիր, նրան՝ իմ որդուն, դառնալու կոմսոմոլիստ։

Ոչ:

Ոչ միայն թույլ եմ տվել, այլև քաջալերել եմ:

Քաջալերե՞լ ես։

Այո, քաջալերել եմ, որպեսզի քեզանից ավելի բարձր մարդ դառնա հասարակության համար, դառնա ավելի պետքական, ավելի բարոյական, ավելի պատվավոր։

Ինչ լավ կլիներ, մենք իրար չտեսնեինք։

Ո՛չ, ավելի լավ չէր լինի, ես չեմ սիրում պատրանքը, եթե մենք իրար չտեսնեինք, ես պիտի շարունակեի կարծել, որ իմ եղբայրը մի պատվավոր մարդ է:

Միքայե՛լ:

Որտեղի՞ց իմացար, որ ես բանտարկված եմ, հարցաքննված ամեն երեք օրը մի անգամ։

Մենք ստույգ տեղեկություններ ունենք այդ մասին: Քեզ բանտարկել են իմ կնոջ և որդու համար:

Ստում ես դու, այդպիսի տեղեկություն չի կարող լինել, դու ինքդ ես սարքել, որպեսզի երևաս մարտիրոս։

Միքայել, դու ինձ անպատվում ես։

Դու ես քեզ անպատվում, խեղճ մարդ։

Էմիգրանտը լռեց։ Նրա հոգու դռանը բախվեց մի ուժգին ձայն. «Ճիշտ է եղբայրդ, այդ սուտը դու ես հնարել»։

Նու՛, մոռանանք այս բոլորը։ Ես կարծում եմ, որ այստեղ ապրելն ավելի լավ է, քան Փարիզում, խորհուրդ կտայի այստեղ ապրել, ասաց էմիգրանտը։

Ոչ։

Փարիզում դժվար կլինի տնտեսապես։

Տնտեսապես և ամեն բանով, մանավանդ բարոյապես, ավելի լավ կլինի ապրել Երևանում:

Պիտի վերադառնա՞ս, ապշահար հարցրեց եղբայրը։

Այո՛:

Նու՛, ասենք իմ սխալը դու չես գործի, թողնել կնոջ…

Ոչ մի կնոջ հարց չկա:

Ապա՞:

Ես քո սխալը չեմ գործի, քո քաղաքական սխալը։

Ի՞նչ, բոլշևի՞կ դառնայի։

Ուրախությամբ կընդունեին քեզ կուսակցության մեջ, հեգնեց պրոֆեսորը:

Մեր ընկերներից բոլշևիկ դարձողներ եղան։

Այո, եղան, բալց բոլշևիզմը կարիերիստներին շատ չի սնուցանում։

Միքայել, կրկնում եմ, լավ կլիներ մենք իրար չտեսնեինք։

Ալո, լավ կլիներ, երևի էլ չենք տեսնի իրար։

Ինչո՞ւ։

Մեր ճանապարհներն այլ են։

Այլ են…

Ես պատկանում եմ մարդկության առողջ մասին։

Ո՞րն է առողջությունը։

Մարդուն չշահագործելը։

Ծիծաղելի է։

Ի՞նչը։

Ամեն բան։

Ծիծաղելի է, կրկնեց պրոֆեսորը։

Ի՞նչը:

Դու։

Միքայել, մեր ճանապարհներն այլ են։

Այո՜, այո՜, այլ են։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը դուրս եկավ էմիգրանտ եղբոր սենյակից։ Արտասահմանում լինելու ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի ժամանակ իրեն այնքան օտարոտի չէր զգացել, որքան եղբոր սենյակում և դրանից դուրս, շվեյցարական փոքրիկ քաղաքի խաղաղ փողոցներում։

Կանգնած փոքրիկ քաղաքի միակ հրապարակում, կեսգիշերային պայծառ աստղերի տակ, նա տխրություն զգաց մինչև հոգու խորքը։ Ւ՞նչն էր, որ նրան այդպես տխրեցնում էր։ Վերջնական բաժանո՞ւմը եղբորից։ Ոչ: Նրան տխրեցնում էր Խորհուրդների երկրի հիշողությունը։ Ահա այդ երկիրը պատկերացավ իր առաջ ամբողջ մերկությամբ։

Քայլեց նա առաջ, մտավ մի փողոցից մյուսը և երբ հանկարծ նրան թվաց, որ նավը ճեղքում է նորից կապույտ ծովը դեպի Խորհուրդների երկիրը` փարատվեց նրա տխրությունը, աստղերը թափվեցին նրա սրտի վրա, և շվեյցարական անսահման խաղաղ և կապույտ գիշերը երգեց նրա հոգում:

ԻԴ

Աոավոտյան նա մեկնեց Փարիզ:

ԻԵ

Անցավ մի ամիս։

Անցավ լուռ, տանջալից երազներով և մտորումներով:

Be the first who will comment on this

Other parts of "Հրկիզված թղթեր"

Yatuk Music
New flower
Elen Yolchyan

New flower

Fresno Tuesday October 3 1972 11 PM #1
Fresno Tuesday October 3 1972 11 PM #1
Play Online