Vahan Totovents
Հրկիզված թղթեր
4
Խաղաղ էր ծովը, կապույտ, բայց նարնջագույն արևով ողողված։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, կանգնած նավի առաջամասում, գլխիկոր և մտախոհ, դիտում էր մարմարի նման անշարժ և անդորր ջրի տարածությունը, ափսոսալով, որ նավը խանգարում էր նրա կապույտ քունը։ Դելֆիններ էին մրցում նավի հետ, զարնվում քթին, կրքոտ և համառ մի արշավ, որ երկար ժամանակ զբաղեցրեց նրան՝ Մելիք-Անդրեասյանին։ Հանկարծ հիշեց նա Ելենա Բեգլարովնային։ Նրա վերջին համբույրը դեռ այրվում էր իր շրթունքների վրա, հիշեց նրա արցունքը, որ դանդաղորեն բարձրացավ նրա աչքերի մեջ, կախվեց, ծանրացավ և գլորվեց այտերից վար՝ ինչպես անձրևի կաթիլը լուսամուտի ապակու վրայից, աչքերի առաջ պատկերացավ երկիրը, որտեղ ծնվել, մեծացել էր և որտեղ տիրում էր այժմ պրոլետարիատը, պրոլետարիատի երկաթյա դիկտատուրան։ Լուսավոր, արևահորդ այդ երկիրը հանկարծ մռայլվեց և հետզհետե բոլորովին մթնեց նրա աչքերի առաջ։ Մութ երկնքում միայն մի աստղ էր քթթում դա իր կինն էր։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը գնում էր դեպի բուրժուազիան, ուրեմն, դեպի հոգու և գիտության «բացարձակ ազատության» ծոցը։ Ազատության մասին մտածելով՝ մոռացավ նա ամեն ինչ, հանգավ ետև թողած մութ երկնակամարի միակ աստղն էլ՝ Ելենա Բեգլարովնան, և նրա հոգին սկսեց հրճվել մի նոր խրախճանքով, որ երևում էր հեռուն, ծովի վերջացած կետում, բուրժուական կուլտուրայի խրախճանքը՝ հորդառատ լույսերով, դեմոկրատիայի ծաղկափթիթ պսակով, տեխնիկայի անհասելի բարձունքներում։ Հրճվեց պրոֆեսորի հոգին՝ հակառակ ծովի հանկարծակի մռայլումին։ Երկնքի կապույտը կապարացավ և գոլորշիացավ, ծովը հուզվեց, սկսեց տարուբերվել մեծ և օրորուն ալիքներով, որոնք հետզհետե բարձրացան, սրվեցին, ինչպես ուղտերի մեջքերը, սպիտակ փրփուրներ բխեցին ծովի կրծքից, ծովուրուրները ճչացին և կտրեցին վեր բարձրացող ալիքները, սպիտակ արծիվը հանկարծ կախեց թևերը փոթորկում, սավառնեց ծովի հեռավոր բացերում, անողոք պայքարի մտնելով փոթորկի հետ, խելահեղ և հրճվագին ճախրելով մռայլ երկնքի և մռայլ ծովի միջև, նավը վառեց իր լույսերը՝ արևային սպիտակությամբ, մեծ լուսարձակը ճեղքեց թանձր մռայլությունը վիթխարի դանակի նման։ Նավի դռները փակվեցին, ներքևի լուսամատներից հետո ամրացվեցին նաև վերևի լուսամուտները, մթության հեռավոր խորշերից մի մռնչյուն բարձրացավ, աճեց ու պայթեց, կարծես՝ հենց նավի վրա։ Ոչ մի աստղ, ոչ մի փարոս, նավը մարտնչում էր կույր տարերքի դեմ՝ հաղթական և լուսաժպիտ։
Բոլորը քաշվեցին նավի ներքնակողմը, փախչելով տարերքի բարկությունից և անակնկալից, ժպտադեմ և փոթորկասեր նավաստիների հետ մնաց նավի տախտակամածի վրա միայն պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, աչքերը մխրճված մռայլ ծովին։ Ինչ-որ թեթևություն կար նրա հոգում, գոյություն էր ունեցել մի ծանրություն, որ ահա անէացել էր՝ ինչպես հղի կինը երկունքից հետո։ Ո՞րն էր այդ ծանրությունը։ Պրոֆեսորն առաջին հերթին չկարողացավ գտնել, բայց հետզհետե ամեն ինչ պարզ եղավ՝ ազատվել էր ահավոր երկվությունից։ Այժմ, դեպի Եվրոպա սուրացող նավի վրա, Մելիք-Անդրեասյանը ոչ մի երկվությամբ չէր տառապում, ոչ մի հնի ու նորի պայքար նրա մեջ, հաղթական հինն ահա նորից բարձրագլուխ և հանդիսավոր, հինն այլևս չի որոնում հոգու թաքուն մի խորշ, որտեղ պահվտի դարանակալ, մտքի և հոգու ոչ մի ընդհատակյա կյանք, ամեն ինչ պարզ է՝ պայծառ բուրժուազիան և իր դարավոր չափված ու ձևված կուլտուրան և վերջապես դեմոկրատիան, օ՜հ, դեմոկրատիան, կապույտ թևերով թռչունը, որ թռչկոտում է անվախ և մեծ կոհակների բարձունքների վրա։
Ոչ ոք չէր կարող գուշակել, թե ինչու այս մարդը՝ թրջված ծովի աղի ջրից, կանգնած մութ ծովի դիմաց, ժպտում է մանկական թեթևությամբ։
Նա նորից մի անգամ հիշեց Ելենա Բեգլարովնային, և ոչ մի ապաշավ։
Թող ապրի նա այնտեղ, կուղարկեմ նրան արտասահմանյան վալյուտա…
Նա երկար չմտածեց այդ մասին և կեսգիշերի մոտ իջավ նավի ներքնակողմը ու անմիջապես ուղղվեց դեպի սալոնը։
Սալոնում դեռևս երաժշտությունը նվվում էր, և ոտները կայթում էին։ Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը մտավ ներս, նստեց մի անկյուն, գարեջուր պահանջեց և սկսեց դիտել պարը։ Պարողները մի քանի զույգեր էին, որոնք նավ էին մտել հենց այդ օրը, երբ նավը մի քանի ժամ կանգ էր առել մեծ նավահանգստի առաջ։ Երբ գարեջրի մեծ, փրփրահեղց բաժակը լակեյը դրեց պրոֆեսորի առաջը, չափազանց զարմացավ նա՝ տեսնելով լակեյի ավելորդ հաճոյակատարությունները։
«Գարեջուրը բերեց և ամեն ինչ վերջացավ, մտածեց պրոֆեսորը, էլ ինչո՞ւ է կոտրատվում»։
Լակեյը, մեխանիկորեն ժպտալով, երկու զգույշ մատներով վերցրեց պրոֆեսորի ուսի վրայից ինչ-որ փոքրիկ սպիտակ թել։
Շնորհակալ եմ, ասաց պրոֆեսորը, սպասելով, որ հեռանա և թողնի, որ ինքը հանգիստ գարեջուրը խմի և դիտի պարող զույգերը։
Լակեյը չհեռացավ, նորից ժպտալով դարձավ նրա շուրջը և էլի խոնարհաբար կանգնեց առաջը։
Ի՞նչ եք ուզում, հարցրեց պրոֆեսորը մի քիչ սրտնեղած։
Իսկ դուք ոչինչ չե՞ք կամենում։
Ոչ։
Լակեյը հեռացավ։
Պարող զույգերն իրենց շարժումներն ավելի արագացրին, երբ նվագողներն արագացրին նվագի ռիթմը։ Նրանք տարօրինակ մի պար էին դառնում։ Պրոֆ․Մելիք-Անդրեասյանն այդպիսի պար երբեք չէր տեսել։ Տղամարդիկ իրենց աջ սրունքները կոխել էին կանանց երկու սրունքների միջև, մի քիչ կռացած, բայց ուժգնորեն սեղմած կանանց մեջքերը, նրանք գրեթե թռցնում էին կանանց իրենց աջ սրունքների վրա։ Ինչքան նվագն արագանում էր, տաղամարդկանց հպումը կանանց դառնում էր ավելի և ավելի կատաղի, կարծես նրանք ճգնում էին կորսվել կանանց մարմնի մեջ։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի համար տարօրինակ էր այս պարը, բայց խոր հաճույք զգաց այդ տարօրինակությունից։
Լակեյը նորից կանգնեց նրա առաջ, մեխանիկորեն ժպտաց և հարցրեց․
Ուրիշ ոչինչ չէի՞ք կամենում։
Ո՜չ, կարճ կտրեց պրոֆեսորը։
Լակեյը պարզապես ջղայնացնում էր նրան։
Հանկարծ նավն ուժեղ կերպով բարձրացավ և ընկավ։ Ծովի մռայլ կոհակները նավը խաղացնում էին տաշեղի բեկորի նման, մի վիթխարի կոհակ, որ ծնունդ էր առնում ծովի խորքերից, բարձրացնում էր նավը վեր, օրորում մի վայրկյան իր սուր մեջքի վրա և, քմահաճորեն խուսափելով տակից, թողնում էր նավը գլխապտույտ անկման մեջ։
Երկու պարող զույգ, չդիմանալով նավի օրորին, դուրս եկան պարից և գրեթե ուշագնաց ընկան գահավորակի վրա։ Սեղանների վրա դրված ծաղկամանները վայր ընկան և կոտրտվեցին, մի բարձր, հպարտ շուշան ընկավ պարողների ոտների տակ և տրորվեց։
Ծովը մռնչում էր դուրսը, գիշերն ինքը ոռնում էր ահաբեկված, կորցրած իր շողշողուն աչքերը, կոհակները օրորում էին նավը, կուտակվում իրար վրա, բախվում իրար և քշվում, կործանվում ահարկու գոռոցով։
Պարը դադարեց, որովհետև անկարելի էր պարել ջրի մակերեսի նման ջարժվող հատակի վրա։ Փոքրիկ օրկեստրը դադարեցրեց պարի մոտիվը և սկսեց նվագել մի տխուր մելոդիա, որ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանին այնպես թվաց, թե շատ նման էր հայկական եկեղեցական երաժշտության։ Գահավորակների վրա ընկնող զույգերից մեկի սրունքը երևում էր գուլպաներից վեր, մի փոքրիկ ձեռքի չափ, սպիտակ էր, ոտների տակ տրորված ջրաշուշանի նման։ Պրոֆեսորն աչքերը հառեց մարմնի այդ բացատին, ականջները տխուր մելոդիային, զգաց իրեն երազային երջանկության մեջ, հիշեց պրոլետարիատի իշխանության երկիրը, հիշեց այն խելահեղ և խոլական ձգտումը դեպի պայքարը թշվառության դեմ, բոլոր երկրների թշվառության դեմ և, թեև նրա հոգին սարսռաց այդ պայքարի գեղեցկությամբ, բայց չուզեց արձագանք տալ, նորից գարեջուր պահանջեց, խմեց և բոլորանվեր հափշտակությամբ ունկնդրեց տխուր մելոդիային՝ ջախջախելու համար այն ուրվականը, որ, մթին թևերով, կանաչ և փայլուն աչքերով, լպրծուն մարմնով, երկար մատներով և երկար եղունգներով, գալիս էր հեռվից, կամ բարձրանում էր իր իսկ խորքից։
Այդ ուրվականը նրա երևակայությունն էր։
«Ահա թողեց ամեն ինչ, թողեց մինչև անգամ իր սիրելի կնոջը, թողեց դիրքը, իր սիրած և փայփայած պատմության ամբիոնը, գնում է Եվրոպա, ով է իմանում, թերևս սպասում է իրեն անշուք մի կյանք, թերևս անշուքից էլ վատը, օրվա հացի կարոտ, բայց ինչո՞ւ է խռովում իրեն այդ մթին երկրի գեղեցկությունը»։
Մելոդիայի տրտում հեծեծանքն այլևս չհասավ իր ականջին, սրունքի բացատը փոքրացավ, դարձավ մի կետ և ապա կորսվեց։
Պրոֆեսորը վեր կացավ, օրորվելով գնաց իր կաբինը և քնեց մի տանջալի երազով։
Առավոտյան ուշ զարթնեց։ Նախաճաշի ժամանակն արդեն անցել էր, արագ հագնվեց և բարձրացավ վեր։
Անհուն մի ծով փռվեց նրա առաջ, կապույտ և անդորր, ողողված նորից նարնջագույն լույսով։ Կուրծքը լցվեց ծովի թարմաշունչ օդով, աչքերը փայլեցին և թռան հեռու։
Ծովն այնքան խաղաղ էր, որ ծովի վրա թռչող մեծ թռչունների թևերի շվաքը ընկնում էր ծովի փիրուզյա կրծքի վրա և թեթևորեն բեկբեկվում։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը նայեց, աչքերով անհագորեն գրկեց ամբողջ շրջապատը, հեգնաբար ժպտաց և մրմնջաց՝ «պրոլետարիատի դիկտատուրա…»։
Պրոլետարական դիկտատուրայի վերհիշումը նրան բնականորեն հիշեցրեց նաև բուրժուական դեմոկրատիան, որին նա գնում էր նավի սուրացող թևերով։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը երբեք չէր եղել Եվրոպայում, առաջին անգամն էր, որ ահա ճանապարհորդում էր ծովի վրա և այն էլ պատերազմի, քաղաքացիական կռիվների և պրոլետարական դիկտատուրայի պայմաններից հետո, և այդ դեմոկրատիան, որքան որ այդ բոլորից առաջ էլ թվում էր նրան արտակարգ գույներով մի դրություն, բայց այժմ արդեն ամբողջովին պարուրված էր երազային բազմապիսի թեթև քողերով, նա կարծում էր, որ դեմոկրատական Եվրոպայում նա կնստի մի նոր ծաղկած պարտեզում և պարտեզի ստվերներն իրեն կօրորեն անվերջ ու անվերջ, և խնդությամբ նայում էր նարնջագույն արևով ողողված ծովին։
Ֆրանսիական նավահանգստի պաշտոնյաներն առաջին իսկ առիթով կասկածանքով նայեցին պրոֆ. Մելիք-Անդրեասյանին, երբ նրա անցագրից իմացան, որ նա գալիս էր Խորհուրդների երկրից։ Նրանց առաջին գործը եղավ անմիջապես առանձնացնել նրան իր իրեղեններով, որ բաղկացած էր երկու խոշոր՝ ծանր և մի ձեռքի՝ փոքր պայուսակներից։
Երբ պայուսակները վերցրին, պրոֆեսորն սպասում էր, որ իրեն քաղաքավարությամբ կհրավիրեն հետևել իրենց, բայց պաշտոնյաներից մեկը կոպիտ ձայնով գոռաց. «Allons»: Պրոֆեսորը մեքենայորեն հետևեց, բայց նրա դեմքի գույնն անմիջապես փոխվեց, տաք արյունը խուժեց մինչև ականջների ծայրերը։
Երբ նրանք մտան գրասենյակը, պաշտոնյաներից մեկը, առանց որևէ խոսք փոխանակելու նրա հետ, սկսեց խուզարկել նրա գրպանները՝ մինչև մյուս պաշտոնյաները բաց արին պայուսակները և սկսեցին քրքրել բովանդակությունը։ Երբ հերթը հասավ իր ծոցի գրպանները նայելուն, պրոֆեսորն ասաց.
Թույլ տվեք ես ինքս հանեմ ինչ որ կա։
Այո, մենք գիտենք, թե դուք ինչպես կհանեք, պատասխանեց պաշտոնյան և ձեռքերը կոխեց պրոֆեսորի ծոցի գրպանները։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մտքում ասում էր.
«Ահա պայուսակից դուրս կբերեն մի քանի գրքեր ֆրանսիական պատմության վերաբերյալ և վերաբերմունքները կփոխեն»։
Եվ շատ չուշացած՝ պայուսակները խուզարկողները դուրս բերին այդ գրքերը ու զննելով մեջը, միգուցե այդ շապիկներով ուրիշ գրքեր լինեն, և համոզվելով, որ միևնույն գրքերն են, նետեցին մի կողմ, առանց որևէ ուշադրություն դարձնելու և վերաբերմունքները փոխելու։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանի լեզվի ծայրը մի քանի անգամ եկավ դեմոկրատիա բառը, բայց չարտասանեց։
Անգիտակից պաշտոնյաներ են, որոնք չկարողացան թափանցել իմ հոգու խորքը, և դժվար է, իհարկե, միանգամից, ասաց նա իր մտքում և սպասեց վախճանին։
Երկար և համբերությամբ սպասել նա չկարողացավ, որովհետև պայուսակները խուզարկողները տակնուվրա արին նրա սպիտակեղենները, մինչև անգամ մի քանիսը անհոգորեն նետեցին գետին և տրորեցին կեղտոտ ոտներով։
Բավակա՛ն է, սպասեցե՛ք, մի քիչ բարձր տոնով ասաց Մելիք-Անդրեասյանը, մի քիչ քաղաքավարի, չէ՞ որ ես մտել եմ Եվրոպայի ամենադեմոկրատիկ երկրի սահմանները։
Պաշտոնյանեըը, լսելով դեմոկրատիկ բառը, սկսեցին բարձր հռհռալ։
Տաք արյունը նորից խուժեց պրոֆեսորի ականջները։ Խուզարկողները շարունակեցին պայուսակները քրքրել անտարբերությամբ և սառնությամբ։ Չգտնելով որևէ բան՝ նրանք հանկարծ քաշեցին և բաց արին պայուսակների կողքերի և հատակների աստառները, որից պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պարզապես կատաղեց։
Պատճառ մի՛ լինեք, որ ես զղջամ այս երկիրը գալուս համար, ասաց պրոֆեսորը և եթե նա չհայհոյեց բոլոր պաշտոնյաներին, նրա համար էր, որ վարժված չէր հայհոյանքի և ապա ֆրանսերեն ոչ մի հայհոյանք չէր իմանում. նա ֆրանսերեն սովորել էր համալսարանում և ապա տիրապետել էր լեզվին անընդհատ կարդալով:
Նորից բարձրացավ անսիրտ հռհռոցը:
Ապա պայուսակներից դուրս բերված իրերը ետ լցրին խառնիխուռն, անցագրի վրա ինչ-որ մակագրություն արին և պայուսակները տալով ձեռքը՝ նշան արին որ վերցնի և գնա:
Մեծ դժվարությամբ վերցրեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ծանր պայուսակները և դուրս եկավ գրասենյակից:
Նա շրջվեց առաջին խաչաձևող փողոցը, պայուսակները դրեց մայթի վրա, սրբեց ճակատի քրտինքը և սկսեց նայել տարտամ ու անորոշ:
Վերջապես չկարողացավ դիմադրել ներքին հզոր մղումին ու արտասանեց՝ «դեմոկրատիա»: Առանց ուզենալու՝ բառն արտասանվեց հեգնությամբ, և նա զգաց, որ հեգնությունն առաջին անգամն էր շաղախվում այդ բառին: Հոգեկան մի խռովության, խառնված ջղայնությունից առաջացած սառը քրտինքին, պատեց նրա ողջ էությունը․․․
Երբ տեղավորվեց գնացքում, և նիկոտինը ներծծվեց մարմնի ամենահեռավոր խորշերը, պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը, կարծես, վերադարձավ իր հոգեկան նախկին հանգստությանը։ Նա երկար ժամանակ խորունկ հափշտակությամբ լսեց ֆրանսերենը, որ խոսում էին ֆրանսիացիներն իր շուրջը՝ թռչկոտող և թռչող, երբեմն ոստոստող մի լեզու, կարծես, ինչ-որ փշրվում էր, պայթում և հնչում:
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մոռացավ ամեն անախորժություն, որին հանդիպել էր նա առավոտյան՝ կոպիտ պաշտոնյաների կողմից, սկսվեց նրա համար դարձյալ երազային կապույտը, թեթև և օրորուն․․․
Առաջին առավոտը, երբ զարթնեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, պանդոկի նրա փոքրիկ սենյակը ողողված էր արևով։ Վեր կացավ, դիտեց Փարիզը լուսամուտից։ Նոտր֊Դամի վրա, կարծես, արևը թափվում էր կաթիլ առ կաթիլ, միջնադարյան խոժոռ քիմերաները լողանում էին ժամանակակից արևի վարար ջրվեժի տակ։ Տաք, դուրեկան մի զգացում պատեց նրան, մի պահ չկարողացավ հավատալ թե Փարիզումն է, մի՞թե քիչ հետո չպիտի դասախոսի իր ամբիոնից, մի՞թե պատմության բոլոր հին հասկացողությունները նորից վերականգնվեցին արդեն, մի՞թե այլևս ոչ մի կեղծիք, ոչ մի հայհոյանք իր պաշտած պատմական հերոսների հանդեպ։ Օ՜հ, այլևս ոչ մի ժողով՝ մեթոդի, մոտեցման, աշխարհայեցողության և աշխարհազգացումի հարցերի շուրջը, ոչ մի սրտմաշուք վեճ։ Փարի՜զ… համաշխարհային դեմոկրատիայի լուսապայծառ կենտրոնը, բոլոր երկրների, բոլոր ազգությունների դժգոհ տարրերը հավաքվել են այստեղ և գտել են իրենց ազատ ոգու հանգրվանը, Փարի՜զ, Փարի՜զ…
Մելիք-Անդրեասյանր դիտեց Փարիզի հին շենքերը, որոնց գագաթները երևում էին իր լուսամուտից՝ արևի վարդագույն փրփուրի մեջ օրորուն, շենքեր, որոնց մանրամասն պատմությունը գիտեր ինքը՝ Արևմտյան Եվրոպայի պատմության մասնագետ պրոֆեսորը. դիտեց և նոր շենքերը, որոնց մասին ևս տեղեկություններ ուներ և ասաց մտքում. «Ֆեոդալները, բուրժուազիան և բոլոր դասակարգերն էլ կառուցել են, կառուցել են ոգևորությամբ, ճաշակով և գեղեցկագիտական խորագույն զգացումներով, ինչո՞ւ պրոլետարիատը, մեր երկրի պրոլետարիատը, այդքան հոխորտում է իր կառուցումների համար»։
Պրոֆեսորի հոգու դռան թխկացրեց մի հարց՝ թեթևագույն մատների քնքուշ բախումով. «Բայց պրոլետարիատն ինչո՞ւ և ինչպե՞ս է կառուցում»։ Ընդոստ վեր ցատկեց նա սրտնեղած։ Այդ թխկոցը, այդ թեթևագույն մատների քնքուշ բախումը հետզհետե պիտի դառնար մի հարց, որ որոտի նման պիտի պայթեր։ Արագ կերպով, կարծես հրդեհից փախչող մի մարդ լիներ, հագնվեց և իջավ փողոց։
Փողոցի առաջին անկյունում պրոֆեսորը գնեց մի «Պտի Պարիզիեն» և երբ բաց արավ, ժպտաց թեթև։
«Մաճկալ» էի գնում, այժմ «Պտի Պարիզիեն», մտածեց նա և առաջ անցավ։
Մի փոքրիկ խանութից նրան գրկեց բոցագույն հացի բուրումը, կանգ առավ հափշտակությամբ, գլուխը կոխեց խանութի դռնից ներս։
Բոնժո՜ւռ, մոսիո,– բացականչեց արմունկները բաց, կլոր և սպիտակ մի կին ժպտուն՝ Փարիզի արևի նման։
Պրոֆեսորը ներս մտավ և վերցրեց ձողի նման մի փոքրիկ հաց՝ վրան պարուրաձև մի գծով և երբ փողը վճարեց, կինը, ուրախ և ժպտուն, նորից բացականչեց.
Մերսի, մոսիո…
Քայլեց նա մայթով, նորից կանգ առավ, դիտեց փեղկերը, հանկարծ, առանց մտածելու, փոխեց մայթը, անցավ դիմացը և շարունակեց քայլել առանց հոգնություն զգալու, ագահորեն դիտելով շուրջը՝ երբեմն սրբելով փոքրիկ կաթիլներով գոյացած քրտինքը ճակատի վրա։ Հանկարծ նա իրեն գտավ Օպերայի առաջ։ Մոտեցավ, ոտը դրեց մարմարյա սանդղամատի վրա և հիշեց, որ այդ վսեմ կոթողը կառուցված էր 60-ական թվականներին, հիշեց մինչև անգամ կառուցող ճարտարապետին՝ Շառլ Գառնիեին։ Հետզհետե նրա քայլերն առաջ գնացին։ Ահա Վանդոմի հրապարակումն է։ Նա տեսավ Նապոլեոնի արձանն այնտեղ, Մեծ Բանակի բարձր սյունի վրա, որը ձուլված էր 1805 թվականին՝ թշնամուց գրավված 1 200 թնդանոթներով։ Պրոֆեսորը ոչ թե քայլեց դեպի Նապոլեոնի արձանը, այլ երկյուղածությամբ և հափշտակությամբ գալարվեց դեպի նա, ինչպես հավատացյալը մոտենում է իր հավատքի տաճարին։ Նա մի անգամ ևս, ավելի խորը և ավելի սարսուռով, քան երբևիցե, զգաց Նապոլեոնի ուժը, նրա պատմական վսեմությունը։ Մի քանի անգամ նա դարձավ բարձր սյունի բոլորտիքը, ձեռքը քսեց պատվանդանի սառը պղնձին, բայց դուրեկան ջերմություն զգաց այդ սառնությունից։ Հանկարծ նրա աչքերը լցվեցին արցունքով։ Եթե մարդիկ չլինեին չորս կողմը, Մելիք-Անդրեասյանը կփաթաթվեր պղնձին, կհեկեկար մանկան նման՝ քավելու համար իր դավաճանությունը Նապոլեոնի հանդեպ։
Աչքերն արցունքով լցված՝ նա մտավ Ռյու դը լա Պե, անցավ Ռյու դը Պտի Շան և իրեն գտավ Մատըլենի առաջ։ Փակ էր եկեղեցին, բայց նրա տարածուն շվաքը զով էր և հանգստացուցիչ։ Մատըլենի սյուներից կախված էին, այնպես թվաց պրոֆ. Մելիք-Անդրեասյանին, «Ավե Մարիա» երգի թևերը, հոգու անսահման խաղաղությամբ ունկնդրեց նա այդ երգը, որ երգում էին եկեղեցու լուռ ներքնակողմում փարիզեցի հրեշտակները։
Երեկոյան պրոֆ. Մելիք-Անդրեասյանն իր ավագ պարտականությունը համարեց այցելել իր բարերարին, նախկին նավթահորատեր Միրզա-Նուբարյանին, որի հասցեն նա սրբությամբ պահել էր իր մոտ տարիների ընթացքում։
Դեռևս ճանապարհին նրան անախորժ զգացումներ պաշարեցին։ Նախնական կրթությունից հետո, երբ տնտեսական կարիքը Մելիք-Անդրեասյանին քշում էր դեպի գավառական ետ ընկած միջավայր՝ ուսուցչությամբ զբաղվելու, մեծահարուստ և գոռոզ Միրզա-Նուբարյանն իրեն բռնել էր ուժեղ ձեռքերով, բարձրացրել վեր և ուղարկել մայրաքաղաք՝ բարձրագույն կրթություն ստանալու։ Այժմյան իր պրոֆեսորական դիրքը, հենց պրոլետարական իշխանության կողմից Փարիզ գործուղումը պարտական էր Միրզա-Նուբարյանի բարերարության, եթե ոչ Նոյեմբերյան հեղափոխությունն իրեն կգտներ մի հասարակ ուսուցիչ, և մի կյանք էր հարկավոր, որպեսզի կարողանար բարձրանալ այժմյան դիրքին։
Եվ ահա ինքը բարեկամ է այն իշխանության և դասակարգին, որ իր բարերարին քշեց երկրից դուրս և հափշտակեց նրա հարստությունը:
«Կլինեմ անկեղծ, կպարզեմ այն դաժան կացությունը, որի մեջ ոչ միայն ես, այլև ամբողջ ինտիլիգենցիան էր գտնվում, որոշեց նա մտքում և բարձրացավ ապարտմանի վեցերորդ հարկը ու հնչեցրեց զանգը:
Դուռը բաց արավ Աննա Ջումշուդովնան և, ճանաչելով Մելիք-Անդրեասյանին, սաստիկ վատ զգաց։
Մելիք-Անդրեասյանը սովոր էր Բաքվում Աննա Ջումշուդովնայի և Միրզա-Նուբարյանի մոտ գնալիս՝ տեսակցել նախ և աոաջ տան գլխավոր ծառայի հետ, խնդրել տեսակցություն և ապա ընդունվել ներս, բայց ներկա պայմաններում Աննա Ջումշուդովնան ինքն էր դուռը բաց անում։
Աննա Ջումշուդովնա, բացականչեց Մելիք- Անդրեասյանը և համբուրեց նրա ձեռքը։
Աննա Ջումշուդովնայի աչքերը հեշտությամբ խոնավացան, և ոչինչ չպատասխանեց, բայց բաց չթողեց Մելիք-Անդրեասյանի ձեռքը և քաշելով նրան տարավ ներս։ Միրզա-Նուբարյանն զբաղված էր լրագիր կարդալով և գլուխը վեր չբարձրացրեց, կարծելով, որ Աննան է միայն ներս մտնողը:
Ալեքսանդր Իվանիչ… բացականչեց Մելիք-Անդրեասյանը և մոտեցավ նրան:
Ալեքսանդր Իվանիչը ևս անմիջապես ճանաչեց իր նախկին սանին և, ոտի կանգնելով, համբուրեց նրան։
Երբ Մելիք-Անդրեասյանը նստեց աթոռին՝ Միրզա-Նուբարյանի դեմ-դիմաց, ոտը ոտի վրա նետելով, Միրզա-Նուբարյանը հեգնությամբ նայեց նրան։ Մելիք-Անդրեասյանը հասկացավ այդ հեգնանքը, վիրավորվեց նրա ինքնասիրությունը։
Ես չէի ուզենա, ասաց Միրզա-Նուբարյանը գոռոզությամբ, որ դուք մեզ, ինձ և Աննա Ջումշուդովնային, տեսնեիք այս վիճակում։
– Ոչինչ, Ալեքսանդր Իվանիչ, տեսնում եմ ձեզ նորից առողջ և հանգիստ, ճիշտ է, մի քիչ… ը՜մ… ո՛չ նախկին շքեղության մեջ, բայց կարևորը կյանքում՝ առողջությունն է իմ կարծիքով։
Միրզա-Նուբարյանը նորից նրան նայեց հեգնությամբ, և Մելիք-Անդրեասյանը տեսավ, որ այր և կին նայվածքներ փոխանակեցին իրար հետ։
Այդ հեգնությունը բխում էր այն վերաբերմունքից, որ ցույց տվեց Մելիք-Անդրեասյանն առաջին իսկ րոպեից։ Թե՛ Միրզա-Նուբարյանը և թե՛ Աննա Ջումշուդովնան սովոր էին, որ Մելիք-Անդրեասյանն իրենց մոտ գար երկյուղածությամբ և չափազանց խորին հարգանքով մոտենար իրենց, մեջքը կռացրած, նախ Աննա Ջումշուդովնային, համբուրեր նրա ձեռքը, ապա ավելի կռացած մոտենար Միրզա-Նուբարյանին և պատկառանքի ու երախտագիտության խոր զգացումներով սեղմեր նրա ձեռքը։ Բայց Մելիք-Անդրեասյանը տվյալ դեպքում մոտեցավ նրանց գեթ իբրև հավասարների։ Ճիշտն ասած՝ նա այդ մասին երբեք էլ չէր մտածել, ճիշտ է՝ ճանապարհին նա մտածեց, թե ի՞նչ պետք է ասի, ի՞նչ պետք է պատմի, ո՞ւմ բարևները պիտի հաղորդի, բայց թե ի՞նչ ձևերով պիտի ներկայանար նրանց՝ այդ մասին նա երբեք չմտածեց։
Հիշում եմ առաջին անգամ, որ դու ինձ մոտ եկար,– ասաց Միրզա-Նուբարյանը, փոխելով «դուքը» «դուի»։
Մելիք-Անդրեասյանը ցնցվեց, նրա ամբողջ մարմինը պատեց սառը քրտինք, որովհետև ինքը ևս հիշեց այդ առաջին անգամը. երիտասարդ էր, ուսման ծարավով տոչորված, հափշտակված մայրաքաղաք գնալու և բարձրագույն ուսում ստանալու հեռանկարով, հիշեց, թե ինչպե՛ս մտավ մեծահարուստ նավթահորատեր Միրզա-Նուբարովի տան դահլիճը… Պրոֆ. Մելիք-Անդրեասյանի աչքերը մթնեցին, այլևս ոչինչ չհիշեց, հին աշխարհում թողված այդ ամոթը, ստրկամտության այդ հզոր փաստը նրա աչքերի առաջ քաշեցին մի մթին քող, և այլևս չտեսավ Միրզա-Նուբարյանին, որ նստած էր դեմը, և Աննա Ջումշուդովնային, որ կուչ էր եկել նրա կողքին ու հեգնությամբ նայում էր իրեն։
Հին աշխարհը… այն աշխարհը, որի բոլոր տրադիցիաները, այսպես կարծված բոլոր սրբությունները կոխոտեցին իր ետև թողած երկրի բանվորները, ազատագրելով բոլոր տեսակի ստրուկներին, այն աշխարհը, որի տերն էր ահա այս Միրզա-Նուբարյանը… Հիշելով նոր աշխարհը՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանի աչքերը նորից պայծառացան, փարատվեց նրա հոգու մռայլը, պատռվեց խավարը, և լույսի ոսկյա շիթեր կախվեցին այդ պատռվածքներից։ Լույսի ոսկյա այդ շիթերը կախվել էին իր ետև թողած երկրի երկնակամարից։
Հը, ինչպե՞ս են քո վայրենիները, հանկարծ հարցրեց Միրզա-Նուբարյանը։
Վայրենինե՞ր, որո՞նց մասին է խոսքը, հարցրեց Մելիք-Անդրեասյանը, անկեղծորեն գլխի չընկնելով, թե իսկապես որոնց էր ակնարկում Միրզա-Նուբարյանը։
Վայրենիներ, նո՛ւ, աշխարհում վայրենի գազանները ովքե՞ր են։
Ձեզ չեմ հասկանում, Ալեքսանդր Իվանիչ։
Աննա՛, դու ասա։
Բոլշևիկները, ծիծաղելով արտասանեց Աննա Ջումշուդովնան։
Դուք բոլորովին սխալ կարծիք ունեք բոլշևիկների մասին, Ալեքսանդր Իվանիչ, զսպված զայրույթով պատասխանեց Մելիք-Անդրեասյանը, ես կարծում եմ…
Ոչ մի կարծել, ընդմիջեց Ալեքսանդր Իվանիչը գոռոզ, ամբարտավան և գազազած տոնով։ Միևնույն է, ես չեմ համոզվելու, ինչ որ ասեք, երևի դու էլ այն տիպերից ես, որ թեքվում ես քեզ կերակրողների կողմը, իմ մասին էլ տարբեր կարծիք ունեիր, երբ ե՛ս էի կերակրում քեզ։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը վիրավորվեց մինչև հոգու խորքը, մանավանդ չկարողացավ տանել Աննա Ջումշուդովնայի՝ փողոցային կնոջը վայել կողմնակի ծիծաղը, որ թափում էր նա իր արդեն չորացած շրթունքներից և այտերից։
Դուք ինձ երբեք չեք կերակրել, Ալեքսանդր Իվանիչ, չեն կերակրում ինձ և բոլշևիկները, մենք կոչում ենք այդ աշխատանքի արդար վարձատրություն։
Մենք, որ ասում ես, այդ «մենք»-ը ո՞վ է, հարցրեց Միրզա-Նուբարյանը չափազանց սարկաստիկ շեշտով։
Լսվեց նորից Աննա Ջումշուդովնայի ծիծաղը։
Մենք՝ պրոլետարական երկրի քաղաքացիներս, հպարտությամբ արտասանեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը։ Թե՛ Աննա Ջումշուդովնան և թե՛ Ալեքսանդր Իվանիչն այս անգամ ծիծաղեցին բարձր և շնչական ոճով։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը լռեց։
Լռության ընթացքում նա եկավ այն եզրակացության, որ սխալ էր իր ընկճվածությունը, պետք էր անցնել հարձակողականի։
Նո՛ւ, Ալեքսանդր Իվանիչ, մոռանանք այս բոլորը, երևի իրար չենք համոզի, ինչպե՞ս եք ապրում այժմ։
Նախկին նավթահորատերը շտկվեց։ Այդ հարցը նրան, ըստ երևույթին, շատ դուր եկավ։
Այժմ, ինչպե՞ս ասեմ, վատ ենք ապրում։
Նա խեթ նայեց Աննա Ջումշուդովնային։ Վերջինիս դեմքը բոլորովին փոխվեց, պարզ եղավ, որ նա այլևս չէր կարող ծիծաղել, եթե մինչև անգամ ուժեղ առիթ էլ ներկայանար։
Ես հետս մի փոքրիկ գումար կարողացել էի բերել, մի փոքրիկ գումար էլ կար արտասահմանյան բանկում, բայց բոլորը գնաց, այս իմ սիրելի կինը, որի հայրն արդեն սնանկացած մարդ էր, երբ կին վերցրի ինձ համար, միացած իր փուճ որդու և երկու լկտի աղջիկների հետ, մսխեցին և կերան ինչ որ կար…
Մի՛ հուզվեք, Ալեքսանդր Իվանիչ, ասաց Մելիք-Անդրեասյանը։
Իհարկե, խոսքը վերաբերում էր ավելի շուտ Աննա Ջումշուդովնային և ոչ թե Ալեքսանդր Իվանիչին։
Չեմ կարող չհուզվել, սա և սրա փուճ որդին ու լկտի աղջիկները չկարողացան հարգել ռուբլին։ Ռուբլին, Միքայել, աշխարհի հիմքն է…
Հին աշխարհի, Ալեքսանդր Իվանիչ։
Հին-մին չեմ իմանում, ես գիտեմ մի աշխարհ, այդ աշխարհի հիմքը ռուբլին է, ռուբլին ինքը աստված է կամ աստծու պատկերը, իսկ սրա՞նք… սրա՞նք…
– Բավական է, նորից սկսեցիր, ճչաց Աննա Ջումշուդովնան, ռուբլի, ռուբլի, հասկացանք վերջապես։
Չհասկացար, էլի չհասկացար։ Վերջապես, Միքայել, ինձ թողեցին աստծո պատկերին կարոտ։
Մի անգամ հնարավոր լիներ, պարոն Մելիք-Անդրեասյան, խուզարկեիք նրա գրպանը և տեսնեիք թե ինչեր կան, ասաց Աննա Ջումշուդովնան:
Մելիք-Անդրեասյանը կարծեց, թե Միրզա-Նուբարյանի գրպանում կլինեին ռուբլիներ:
Այո, կան, խուզարկելու կարիք չկա, բղավեց նախկին նավթահորատերը և գրպանից դուրս բերելով բանալիների մի փունջ, սկսեց շնգշնգացնել օդում:
Կողպում է մինչև անգամ հացը, ասաց Աննա Ջումշուդովնան և սկսեց հեկեկալ:
Բավական է, բավական, կեղծավոր լաց մի տա… սրտնեղեց Միրզա-Նուբարյանը:
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը քարացած մնաց նստած տեղում:
Ոչ միայն բոլշևիկները կողոպտեցին ինձ, կողոպտեցին ինձ նաև իմ զավակները և կինս, իսկական կողոպուտը սա է: Նո՛ւ, հիմա գրեթե առանց ռուբլու նստած եմ, ի՞նչ արժեք ունեմ, մարդ ինչքան ռուբլի ունենա, այնքան արժեք ունի:
Այդ ճիշտ չէ, ասաց Մելիք-Անդրեասյանը, օրինակ՝ մենք, խորհրդային քաղաքացիներս, ռուբլի չենք դիզում, բայց յուրաքանչյուրը գնահատվում է ըստ իր արժանիքների, անձնական ընդունակությունների և այլն:
Միրզա-Նուբարյանը ամենացինիկ կերպով սկսեց հռհռալ.
Խորհրդային քաղաքացի… ես խոսում եմ կարգին մարդկանց մասին:
Կարծես նրանք մարդ չեն, չէ՞, հանկարծ, գլուխը վեր բարձրացնելով, բղավեց Աննա Ջումշուդովնան:
Ամուսնուն հակառակ խոսելու համար՝ Աննա Ջումշուդովնան այս անգամ հանդես եկավ խորհրդային քաղաքացիների պաշտպան:
Դու ձայնդ կտրի, անամո՛թ,- զայրացած բղավեց Ալեքսանդր Իվանիչը:
Սկսեց ածականների մի մրցում ամուսինների միջև:
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն այդ փողոցային տեսարանի առջև մտածում էր, թե ինչպես նախկինում այդ պատկառելի մարդը և նախկինում այդ ավելի պատկառելի կինը, որոնց հիշատակը պահել էր նա երկար տարիներ` երախտագիտական սրբագույն զգացումներով, առանց ռուբլու` չնչին մարդիկ էին, ահա նրանք վերադարձել էին իրենց բնական սոցիալական կատեգորիային, ինչ որ երևացել էր բարոյական, վեհ, պատկառելի, եղել էր ռուբլու փայլը, ռուբլու զիլ հնչյունը և ուրիշ ոչինչ:
Ալեքսանդր Իվանիչ, ռուբլին աստված է, ես հավատում եմ ձեր ասածին:
Տիրեց խոր լռություն: Միրզա-Նուբարյանը և Աննա Ջումշուդովնան զգացին, որ Միքայելը, իրենց նախկին սանը, պարզապես հեգնում է իրենց:
Միքայել, դու…
Ալեքսանդր Իվանիչ, ասաց Մելիք-Անդրեասյանը` ոտի կանգնելով, ես մի մեծ սխալ գործեցի…
Նա կանգ առավ: Նախկին նավթահորատերն ուշադրությամբ դիտեց նրան և սպասեց նրա խոսքի վերջին:
Ես մեծ սխալ արի, որ եկա ձեզ տեսնելու…
Աննա Ջումշուդովնան նորից սկսեց դառնագին հեկեկալ:
Ինչո՞ւ, հազիվ կարողացավ հարցնել նախկին նավթահորատերը գրեթե շշնջալով:
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չպատասխանեց և դուրս եկավ տնից։
Աննա Ջումշուդովնան երկար շարունակեց հեկեկանքը, իսկ Միրզա-Նուբարյանը նորից վերցրեց լրագիրը և սկսեց կարդալ անտարբեր և անզգա։