Vahan Totovents

Հրկիզված թղթեր

3
Թ

Վանքի բակում, սև քարերից կառուցված երկհարկանի վարդապետական խուցերում այժմ ապրում են աշխարհականներ: Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը թխկթխկացնում է մի լուսամուտ, որ ներկված է կերոսինի լամպի դեղին լույսով։

Բացվում է դուռը:

Համեցե՜ք, սիրալիր ձայնում է մի բարձրահասակ, երկար մազերով, քառասունը նոր թևակոխած կին:

Ճարտարապետը տա՞նն է:

Այո՜, այո՜, տանն է, համեցե՜ք։

Պրոֆեսորը ներս է մտնում։ Սենյակի դռան վրա արդեն ճարտարապետը դիմավորում է նրան։ Միջանցքում կիսամութ է: Ճարտարապետը չի ճանաչում ներս մտնողին, բայց պատրաստակամ ասում է.

Համեցե՜ք, համեցե՜ք:

Ճարտարապետի ձայնը ժամանակակից չէ, կարծես ինչ–որ հին, լքված և մութ մատուռներում մի ծանր իր է ընկնում, և պատերն արձագանքում են, կարծես ծանր մուրճով կարծր բազալտն են հղկում, և քարի փշրանքներն աղմկելով թափվում են վար: Մտնում են սենյակ։ Ճաշի մեծ սեղանի վրա ճարտարապետը գծագրում է ինչ-որ հին մի եկեղեցի: Բարձրահասակ կինը խնամքով և գուրգուրանքով հավաքում է գծագրական պիտույքները: Ճարտարապետն աթոռ է տալիս Մելիք-Անդրեասյանին:

Ինչ լավ արիք, որ եկաք:

Բայց գիշերն այստեղ եմ մնալու:

Հենց դրա համար էլ ասում եմ:

Ճարտարապետն արևից այրված դեմք ունի։ Թխացած և աննուրբ նրա դեմքի ամեն մի անկյունը պատմում է արևի հետ ունեցած նրա կատաղի պայքարի պատմությունը։ Խիտ, սև և կամարաձև հոնքերը կառնիզի նման կախվում են նրա սև և հին, պատմության խորությունից նայող աչքերի վրա՝ ինչպես ուռենու ճյուղքը՝ մութ, բայց ջինջ ավազանի վրա: Լայնաթիկունք է նա, ոսկրոտ, դիմացկուն, ինչպես վիթխարի շենքի տակ հպարտությամբ կանգնած սյունը, և առաջին հայացքից ներշնչում է նա ֆիզիկական, սև աշխատանքի հերոսը, եթե իմացականությամբ շողշողուն աչքերը չճառագայթեին նրա ողջ կերպարանքի վրա:

Երկար չի տևում, և ահա խոսակցությունը դառնում է Էջմիածնի նյութական կուլտուրայի մնացորդների մասին։

Դեոևս ուսումնասիրված չեն,– ասում է ճարտարապետը՝ հակառակ իր սեփական թանկագին ուսումնասիրությունների գոյության։

Այդ բոլորի ոճը մեզ այժմ կարող է աջակցել ստեղծելու…

Ճարտարապետը չի թողնում, որ պրոֆ. Մելիք–Անդրեասյանը շարունակի։

Այդ ոճը մեզ ոչ մի աջակցություն չի կարող ընձեռել, այդ ոճը թաղվել է նրան ստեղծող հասարակության հետ, մինչև անգամ մենք այժմ չենք կարող այդ ոճով եկեղեցի կառուցել, եկեղեցական ոճն անգամ ամեն մի դարաշրջանում փոխվել է:

Էլի փոփոխման օրենքը,- ասաց պրոֆեսորն իր մտքում և շարունակեց լսել ճարտարապետին, որի ձայնը, կարծես, ճարճատում էր գիշերվա ծոցում:

Բայց չէ՞ որ դուք մեծ ոգևորությամբ ուսումնասիրում եք, ասաց պրոֆեսորը։

Այո, ուսումնասիրում եմ իբրև պատմություն։

Իսկ նրանց ուսումնասիրությունը ոչնչո՞վ պիտանի չէ մեզ` ժամանակակիցներիս համար:

Դա ուրիշ հարց է: Այո, շատ պիտանի է տեխնիկայի տեսակետից, եթե այժմյան կառուցող ճարտարապետն իմանա, թե ինչպես գմբեթները կանգնած են, թե ինչ շաղախով են դիմանում պատերը երկար դարեր, եթե իմանա, թե նյութերի ինչ հարակցութուն գոյություն ունի, նրա արվեստն ավելի կազնվանա, բայց ո՞ճ, ոճն անդարձ թաղված է, պրոֆեսոր։

Չե՞ք ցավում, ճարտարապետ:

Ի՞նչ բանի համար:

Անդարձ թաղված լինելու համար։

Ո՜չ, երկարացրեց ճարտարապետը քմծիծաղով, մահը և ծնունդը հավիտենական օրենքներ են, պիտի մեռնեն և պիտի ծնվեն:

Երբ լռություն տիրեց, ճարտարապետը շարունակեց.

Իմ ուսումնասիրություններն ունեն մի այլ նպատակ ևս` ճշտել մեր կուլտուրայի վերելքի և անկման շրջանները, մեր պատմագիրները, ավելի շուտ` տոհմագիրները սխալ պատկերացում են տալիս այդ մասին, մեր նյութական կուլտուրան այլ բան է ասում մեզ, քարը չի ստում, ինչպես իշխաններից, նախարարներից և մեծ եկեղեցականներից տոհմագրությունն արձանագրելու պատվեր ստացող պատմագիրները։

Նյութական կուլտուրայի վերելքն ավելի վաղ չէ կատարված, քան գրական կուլտուրայինը,- հակաճառեց պրոֆեսորը։

Ներեցեք, պրոֆեսոր, մենք ճարտարապետություն ունեինք, նախքան գրերի գյուտը։

Այդպես չէ Արևմտյան Եվրոպայում։

Նայած երկրի պայմաններին։

Ի՞նչ պայմաններ:

Առաջին հերթին տնտեսական պայմանները:

Դուք մարքսի՞ստ եք, ճարտարապետ, հանկարծ հարց տվեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը։

Ոչ, չեմ ուսումնասիրել դժբախտաբար, հայոց հին կուլտուրան ինձ ամբողջովին կլանել է։

Բայց դուք… կարծես…

Ասում են, որ ամեն մի բարեխիղճ գիտնական հասնում է մարքսիզմին, ընդմիջեց ճարտարապետը:

Ах, так! երկարաձգեց Մելիք-Անդրեասյանը։

Բարձրահասակ կինը սեղան բերեց սպիտակ լավաշ, պանիր, կարագ և սամովարը։

Ի՞նչ նեղություն, տիկին, ասաց պրոֆեսորը:

Տանը կով ունենք, պրոֆեսոր, պատասխանեց ճարտարապետը:

Մինչ նրանք ընթրում էին և խոսում, բարձրահասակ կինը պրոֆեսորի համար անկողին սարքեց՝ հաստ բրդե դոշակով, սպիտակ սավանով, մեծ բարձով և բրդե վերմակով:

Երբ բարձրահասակ կինը սեղանը հավաքեց և հեռացավ, պրոֆեսորը և ճարտարապետը հանվեցին քնելու: Ճարտարապետը, առանց բրդե գուլպան հանելու, պառկեց և բրդե վերմակը քաշեց վրան:

Տոթ է, ճարտարապետ, ինչպե՞ս կարողանում եք այդպես քնել:

Տարիներից ի վեր վարժվել եմ, պատասխանեց ճարտարապետը խուլ ձայնով, որովհետև գլուխը գրեթե կորած էր վերմակի տակ:

Պրոֆեսորը խնամքով ծալեց վերմակը, դրեց մի կողմ և սավանը քաշելով վրան՝ քնեց:

. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .

Լուսաստղն էր կախվել ջինջ երկնքում, երբ պրոֆեսորը շոգից և քաղաք գնալու մտահոգությունից՝ զարթնեց և այլևս չկարողացավ քնել։

Լուսաստղի մարգարտյա փայլը, ջինջ երկինքը, օդի թարմությունը և լուսամուտների վրա կախված ծառի տերևների շշնջոցը գրավական էին հորդառատ, վարար արևի, որ քաղցրացնելու էր արարատյան խաղողը։

Երբ ճարտարապետը զարթնեց, պրոֆեսորը հագնված էր և կարդում էր ճարտարապետի գրքույկներից մեկը։ Պրոֆեսորը վեր կացավ գնալու, ճարտարապետը բռնեց նրան.

Մինչև նախաճաշ չանեք, չեմ թողնի։

Պրոֆեսորը թախանձագին խնդրեց թույլ տալ, որովհետև ցանկանում էր բռնել առաջին ավտոբուսը։

Ժ

Աճապարեց նա վանքի բակից դուրս, ինչպես ծանր և ցավագար մղձավանջից խուսափող մարդը, դեպի ավտոբուսների կայանը։ Նա շտապում էր դեպի տուն, դեպի իր աշխատանոցի առանձնությունը, մարդկանց աչքերից հեռու։ Սպասելով ավտոբուսին՝ նրա քթին կպավ մեռոնեփեքի հյուրերի թողած կեղտոտության սուր հոտը, ամբողջ մթնոլորտը փոխվեց նրա աչքերի առաջ, ծառերի արանքներից երևացող մայր եկեղեցու գմբեթը մռայլվեց, վանքի բակից դուրս եկող վարդապետի սիլուետը օրորվելով անցավ իբրև մի կոշմար, բայց վանքի բակի պատերի դրսի կողմում ընկած բազարի մի կրպակում շողշողում էին խաղողի ողկույզները։ Պրոֆեսորը մոտեցավ այդ կրպակին, վերցրեց մի ողկույզ, իր ձեռքով դրեց կշեռքի մեջ և՝

Կշռի՛ր, ասաց:

Վերցրեց ողկույզը: Պրոֆեսորին թվաց, որ աստղերի մի փոքրիկ փունջ է բռնել ձեռքում, այնպես քթթում էին հատիկները։

Պրոֆեսորը, ակամա, անզգալիորեն, ասաց մտքում.

Հողն է սա, հողի լույսը, ոչ մի մտածում չի կարող ստեղծել այս ողկույզը, եթե ոչ հողը, մատերիան:

Փրցրեց մի հատիկ և նետեց բերանը։ Հատիկը դեղին էր, բայց դեռ չափազանց թթու, պոկված էր դա իր թփից աշունից առաջ, սոսկ իբրև ձև և գույն։ Այդ թթվությունից անգամ պրոֆեսորն ստացավ հողի ուրախ սարսուռը։

Ավտոբուսը սլացավ բիբլիական դաշտի կրծքով։ Ճանապարհի երկու կողմերում՝ հեռուն փռվում էին ոսկյա արտերը, որոնց վրա կանգնած էր հրավառ դեղին արևը։

Քաղաք մտնելիս՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը լսեց պիոներների զիլ ճիչը, ոսկյա ճիչ, որ դուրս էր բխում կարմիր վզկապներով պարուրված կոկորդներից։ Պրոֆեսորն ուրախ զգաց՝ հեռուն թողնելով տխուր միջնադարը, Արարատի ստորոտում կուչ եկած և հավիտենապես ծնկաչոք մատուռների տրտում աղերսանքը։

Երբ տուն հասավ նա, առանց սպասելու որևէ հարցումի Ելենա Բեգլարովնայի կողմից, կարծես ոչ թե արտասանեց, այլ տնքաց ինչ-որ։

Փլվում է ամեն ինչ, կործանվում է առանց ձայնի, լռության մեջ։

Ելենա Բեգլարովնան ոչինչ չհասկացավ և հարցրեց.

Ի՞նչ կար, լա՞վ էր։

Այո, լավ էր, լիմոն, պահարան, բանալիներ, կլիզմա…

Ելենա Բեգլարովնան ապշեց և եկավ այն եզրակացության, որ Էջմիածնում պրոֆեսորի ստամոքսը, որ երբեմն խանգարվում էր, նորից է խանգարվել, և հարկ է եղել լիմոնով թեյ խմել և կլիզմա անել։

Ի՞նչ կերար, որ ստամոքսդ փչացավ, հարցրեց Ելենա Բեգլարովնան միամտորեն, բայց մտահոգ։

Շատ բան կերա, ամեն ինչ խառնեցի իրար, զանազան բաներ։

Ախր դու շատ զգույշ էիր, ի՞նչ պատահեց քեզ այս անգամ։

Է՛հ, երբեմն լինում է, որ մարդ անարխիստ է դառնում, երբեմն մինչև անգամ հարկավոր է այդ։

Վեհափառին տեսա՞ր։

Տեսա։

Ի՞նչ էր անում։

Կլիզմա…

Ելենա Բեգլարովնան սրտնեղեց.

Լուրջ բան եմ հարցնում։ Լուրջ եմ պատասխանում, Լենոչկա։

Ելենա Բեգլարովնան դուրս գնաց՝ հաստատ համոզված լինելով, որ պրոֆեսորը ջղայնացել էր ստամոքսի փչանալուց, ավելի լավ էր մյուս օրը հարցեր տար. միևնույն է, նա պիտի շարունակեր այդ հեգնական պատասխանները։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, ազատվելով կնոջ հարցապնդումից, քաշվեց իր աշխատանոցը և, առաջը դնելով պատմության մեծահատոր մի գիրք, սկսեց կարդալ և վերլուծության ենթարկել Մետերնիխի քաղաքական գործունեությունը։

Այդ գիշեր նա երկար կռացավ գրքերի վրա։ Ելենա Բեգլարովնան չիմացավ, թե պրոֆեսորը երբ եկավ ննջարան և քնեց, բայց երբ առավոտյան զարթնեց, նա տեսավ մի երկտող՝ սեղանի վրա դրված բաժակի բերանին, որպեսզի անպայման աչքի զարնի։ Ելենա Բեգլարովնան կարդաց երկտողը. «Առավոտյան դասախոսություն չունեմ, մի զարթնեցնի, ուշ եմ քնել»։

Ելենա Բեգլարովնան դուրս եկավ տնից և գնաց շուկա։

ԺԱ

Իսկապես չգիտեմ, թե ինչպես փոխվեց մեր կենցաղը, առաջ միշտ հանդիպում էինք իրար, խոսում, զրուցում, իսկ հիմա՞. ժողովներ, նոր խնդիրներ, հների վերագնահատում և այլն… ասաց պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ափսոսանքի շեշտով, հանդիպելով հին ընկերներից մեկին, որ դասախոսում էր միևնույն բարձրագույն ուսումնական հիմնարկում՝ իբրև հայ հնագույն գրականության պրոֆեսոր։

Երկու պրոֆեսորները, անցյալում լինելով մոտիկ մարդիկ, երկար ժամանակ էր, ինչ չէին տեսակցել, ոչ մի երեկո չէին հանդիպել իրար ընտանեկան հարկի տակ, թեև շատ անգամ էին պատահել իրար փողոցում, բայց միշտ երկուսն էլ աճապարանքի մեջ։ Յուրաքանչյուրը գիտեր մյուսի մասին, թե ինչ փոփոխությունների էր ենթարկվել, ինչպես էր ընդունել նոր կարգերը։

Բայց այդ բոլորը դուք լավ եք տանում, ոչի՞նչ, հեգնաբար նետեց պրոֆ. Տեր-Մինասյանը։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը անմիջապես զգաց հեգնանքի սուր խայթոցը, բայց կարողացավ պահել իր սառնասրտությունը։

Իզուր եք կարծում, պրոֆեսոր, պատասխանեց Մելիք-Անդրեասյանը ցավագին շեշտով։

Ներեցեք, էլի հեգնեց Տեր-Մինասյանը։

Ծառի վրա իջած կացնի հարվածից ծառը ճիչ չի արձակում, լուռ արտասվում է, պրոֆեսոր, ասաց Մելիք-Անդրեասյանը։

Պրոֆ. Տեր-Մինասյանը նոր զգաց, որ Մելիք-Անդրեասյանի հոգում պտտվում է ինչ-որ մորմոք, ուստի անմիջապես փոխեց իր հեգնական տոնը.

Ծառի անալոգիան սխալ է, պրոֆեսոր, մենք մարդիկ ենք։

Մենք մարդիկ ենք… մրմնջաց Մելիք-Անդրեասյանը և լռեց։

Նրանք բարձրացան դեպի բլուրը։ Աշնանավերջի երեկոներից մեկն էր, բլուրի վրա տարածված պարտեզների ծառերի մեջ արդեն դեղնած և կարմրած տերևներ կային, կային և տերևներ, որոնց քամին քշել-բերել էր և ձգել ճանապարհի վրա, մարգերը փայլում էին իրիկնային վարդագույն շողերի տակ, ծառերի նվագը բարձրանում էր և փշրվում քաղաքի վրա՝ վերևից թափվող արևի ճաճանչների նման։

Ոչ մի փոփոխություն առանց ցավի չի կատարվում, վերսկսեց խոսակցությունը Մելիք-Անդրեասյանը, բայց փոփոխություն հարկավոր է։

Վերջին նախադասությունը նա արտասանեց ընդգծված տոնով։

Նայած ինչ չափի, ավելացրեց Տեր-Մինասյանը։

Շորերը հնանում են, կեղտոտվում, հարկավոր է փոխել, նորերը հագնել, ասաց Մելիք-Անդրեասյանը։

Նորից, ես կարծում եմ, դուք սխալ անալոգիա եք անում, շորերը տարբեր են, մտածողությունը՝ տարբեր։

Մատերիան ինքը փոխվում է, հազար ու մի արտահայտություններ ստանում առանց ձեր կամքը հարցնելու, մաշվում են շորերը, վերածվում այլ ձևի, դա մատերիան է։

Շորերը մատերիա է, այո, իսկ մի՞տքը, մտածողությո՞ւնը, պրոֆեսոր։

Ուղե՞ղը ուզում եք ասել, պրոֆեսոր, հարց տվեց Մելիք-Անդրեասյանը։

Այո՛, ուղեղը։

Չէ՞ որ ուղեղն էլ մատերիա է, նյութերի որոշ քանակությունների բախտավոր միացումը, և մտածողությունն այդ նյութերի, որոշ պայմաններում և որոշ ձևերում, միացման արտահայտությունն է։

Հասկացա, ձեր ասածը տանձն է, պրոֆեսոր, դա վուլգար մատերիալիզմն է, մենք ևս կարդում ենք, պրոֆեսոր, պատասխանեց Տեր-Մինասյանը, վերստանալով իր սուր հեգնանքի շեշտը։

Մելիք-Անդրեասյանը զայրացավ։

Առհասարակ փոփոխությունն ընդունո՞ւմ եք թե ոչ, հարցրեց նա։

Այո՛։ Իսկ ես արդեն ասացի՝ գոյություն ունի չափ։

Մելիք-Անդրեասյանն ուզեց խոսել, բայց Տեր-Մինասյանը շարունակեց.

Բացատրեմ միտքս։ Ես ձեզ չեմ մեղադրում, որ դուք ենթարկված եք մեծ, ես կասեի, հսկայական փոփոխությունների. ձեր մասնագիտությունը, Արևմտյան Եվրոպայի պատմությունը, այնքան էլ մեծ ցավեր ձեզ թերևս չի պատճառի, և չի պատճառել, չափազանց հեռու է այդ առարկան ձեր հոգուց։ Ներեցեք, ավելացրեց Տեր-Մինասյանը, երբ տեսավ, որ Մելիք-Անդրեասյանն ուզում է խոսել, ես այն կարծիքը չունեմ, որ գիտական մտքի համար կան օտար առարկաներ, բայց, այնուամենայնիվ, Արևմտյան Եվրոպայի պատմությունը նման չէ հայոց հնագույն գրականության պատմության, այստեղ խնդիրն այլ է, այստեղ ամեն մի բառ կապված է մարդու, հայ մարդու, ուզում եմ ասել, արյան գնդիկների հետ, և ամեն մի փոփոխություն բուռն ռեակցիա է աոաջացնում. այլ է, պրոֆեսոր, վստահեցնում եմ ձեզ, բոլորովին այլ է Անգլիայի՝ Հնդկաստանը գրավելու պատճառների որոնումը, տնտեսական շարժիչ ուժերի մատնանշումն այդ գրավման մեջ, այլ է Խորենացու, Բուզանդի թողած ժառանգության, սրբազան ժառանգության ինչ-որ մատերիալիստական վերլուծությունը։ Նախ և առաջ այս բոլորը թաղված է պատմության ամենահեռավոր խորության մեջ, և չի կարելի բռնազբոսիկ կերպով որոնել ու գտնել ինչ-որ տնտեսական պատճառներ։

Պրոֆ. Տեր-Մինասյանի ձայնը դողում էր, երկյուղածությամբ և խորագույն հարգանքով արտասանելով հին պատմության անունները։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, չնայած Տեր-Մինասյանի խոսքերի իր վրա արած որոշ ազդեցության, չնայած իր զգացած ջերմացնող և հոգին խաղաղեցնող թախծին՝ բուռն կերպով բողոքեց, որ Արևմտյան Եվրոպայի պատմությունը մասնագետի համար այնքան նվիրական չէ, որքան հայոց հին գրականության պատմությունը։ Նա հիշեց և անկեղծորեն ու տխրությամբ վերապրեց այն մորմոքը, որ կրեց նա Նապոլեոն Բոնապարտի մասին իր կազմած տարիների հաստատ տեսակետը փոխելու կապակցությամբ։

Պրոֆ. Տեր-Մինասյանը չհավատաց նրան։

Այս բոլորի մեջ կա դիրքը չկորցնելու մտահոգություն, պրոֆեսոր, եկեք բոլորս էլ խոստովանենք, ասաց Տեր-Մինասյանը և անմիջապես ավելացրեց, ես ոչ ոքին չեմ մեղադրում, այնուամենայնիվ։

Իսկ դուք ինչո՞ւ չկորցրիք ձեր դիրքը, հարցրեց Մելիք-Անդրեասյանը, ինքն էլ իր կարգին դիմելով հեգնանքի։

Սպասեցեք և կտեսնեք, մի՛ շտապեք։

Ահա անցել է այսքան տարի։

Արևմտյան Եվրոպայի պատմությունն ավելի զգայուն կետ է, քան թե հայոց հնագույն գրականության պատմությունը, բայց կհասնեն և դրան, մի՛ շտապեք։

Ուրեմն, եթե հասնեն դրան, դուք ևս կհավատաք փոփոխման անփոփոխ օրենքին, պրոֆեսոր, արդյոք դուք կմեղադրե՞ք ձեզ այն ժամանակ։

Չգիտեմ ինչ կանեմ, բայց առայժմ շարունակում եմ երկրպագել հին աստվածներին, պատասխանեց Տեր-Մինասյանը, խոր հոգոց հանելով և բլուրից դիտելով անհուն դաշտը և դաշտը եզերող արդեն մռայլած լեռնաշղթան ու միևնույն դաշտում ծովացած կապույտ մշուշը, որին սրաթև ճեղքում էին էլեկտրական լամպերը։ Բլուրի վրա սուր կերպով զգալի էր փշենու և աշնան բանջարեղենի թարմ բուրումը։

Նրանք ետ դարձան բլուրից։ Երբ մի քիչ առիթ եղավ Մելիք-Անդրեասյանի համար ինքն իր մեջ ամփոփվելու, եկավ այն եզրակացության, որ պրոֆ. Տեր-Մինասյանի կարճ ակնարկության մեջ կար շատ ճշմարտություն՝ դիրքը չկորցնելու վերաբերմամբ։ Նա ջանաց ճգնել ազատվել այդ եզրակացությունից, չկարողացավ, որովհետև երբ մարդ մենակ է, անխուսափելիորեն և դաժանորեն անկեղծ է։

Ինչպե՞ս է Ելենա Բեգլարովնան, հարցրեց հանկարծ պրոֆ. Տեր-Մինասյանը, երբ բլուրը բարձրացող մի քանի անցորդների բարձր խոսակցությունը խանգարեց նրան լսել թռչունների իրիկնային երգը, որ կախված էր ծառերի յուրաքանչյուր տերևից։

Լավ է, շնորհակալ եմ, պատասխանեց Մելիք-Անդրեասյանը և ավելացրեց. կանայք հեշտությամբ են հաշտվում նորի հետ։

Տեր-Մինասյանը ծիծաղեց։

Թե՛ քրիստոնեությունը և թե՛ մահմեդականությունը առաջին անգամ կանայք ընդունեցին, ավելացրեց նա։

Ինչպե՞ս է Սոֆիա Սերգեևնան, հարցրեր Մելիք-Անդրեասյանը։

Լավ է, այստեղ չէ, գնացել է Թիֆլիս։

Արձակուրդո՞վ։

Ոչ, գնացել է այնպես, իսկ ես մնացել եմ այստեղ արձակուրդով։

Նրանք սիրալիր բաժանվեցին։

Այսօր ուշացար, ասաց Ելենա Բեգլարովնան։

Պրոֆ. Տեր-Մինասյանի հետ մի պտույտ արինք։

Ի՞նչ էր ասում։

Խոսում էր այնպես, դեսից դենից, Սոֆիա Սերգեևնան գնացել է Թիֆլիս։

Լավ է. անցյալ տարի էլ գնաց, ամեն տարի գնում է։

Նախանձեցի՞ր։

Բա՜ն ասացիր…

Ելենա Բեգլարովնան չկարողացավ ասելիքն ասել, ներս մտավ Վահրամ Անանյանը։ Ելենա Բեգլարովնան, տեսնելով նրան, բացականչեց.

Վահրամ Տիգրանիչ, միշտ լավ ժամանակին եք գալիս, միշտ մի բան փրկում եք։

Վահրամ Անանյանը սիրալիր ժպտաց և ուղղվեց դեպի պրոֆեսորի գրքերի պահարանը։

Վահրամ Անանյանը պրոֆ. Մելիք-Անդրեասյանի ամենաուշիմ աշակերտներից մեկն էր և մասնավոր ընդունակություն էր հայտնաբերում դեպի պատմությունը։ Պրոֆեսորը վերջերս նրան ընդունում էր իր տանը գրեթե ամեն օր, բաց անում պատմական գրքերի հարուստ գրադարանը նրա առաջ և թույլ տալիս նրան, որ օգտվի այդ գրադարանից լայնորեն։ Անանյանը ժամերով մնում էր պրոֆեսորի տանը, կարդում, գրում, նոթեր վերցնում, թեյում այնտեղ և այլևս համարվում էր այդ տան անդամներից մեկը։ Թե՛ պրոֆեսորը և թե՛ Ելենա Բեգլարովնան այնքան էին վարժվել նրան, որ պատահեր՝ չգար, զգում էին նրա բացակայությունը։

Վահրամ Տիգրանիչ, երեկ որտե՞ղ էիք, հարցնում էր Ելենա Բեգլարովնան։

Ներեցեք, Ելենա Բեգլարովնա, հոգնած էի, ուզեցի պարզապես թրև գալ, պատասխանում էր Անանյանը։

Անանյանի համար էլ Մելիք-Անդրեասյանի տունը անխուսափելի մի երևույթ էր, այնտեղ չեղած օրը ինչ-որ մի դատարկություն էր զգում։

ԺԲ

Բարձրագույն ուսումնական հիմնարկության վարչությունը որոշեց պրոֆեսորներից մեկին գործուղել արտասահման, վեց ամսով, հատկապես Փարիզ, և վարչության նիստում գրեթե ոչ մի առարկություն չեղավ, երբ հիմնարկության դիրեկտորն առաջարկեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանի թեկնածությունը։ Ամբողջ հիմնարկության մեջ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն այն անձնավորություններից մեկն էր, որ երկրի խորհրդայնացման գրեթե առաջին իսկ օրերից անվերապահ կերպով կանգնած էր խորհրդային պլատֆորմի վրա, և վարչության ոչ մի անդամը չէր կարող որևէ լուրջ առարկություն հարուցել նրա թեկնածության դեմ։ Բայց պրոֆ. Մելիք-Անդրեասյանի համար այս որոշումը գրեթե անակնկալ էր, որովհետև արտասահմանյան գործուղման մասին ոչ մի խոսակցություն չէր եղել նախապես։

Հիմնարկության դիրեկտորը, երբ պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանին հաղորդեց այս որոշումը, վերջինիս գլխում ծագեց անմիջական կերպով մի լուսավոր միտք. գնալ արտասահման և չվերադառնալ, վերջ տալ այն դաժան, մաշեցնող երկվության, որ գոյություն ուներ իր ներաշխարհում, մանավանդ որ վերջերս պայքարն ավելի էր անողոք դառնում իր մեջ, որովհետև նորն իր մեջ բավականին աճել էր՝ վճռական ճակատամարտ սկսելու հնի դեմ։ Նորը նրա մեջ աճում էր դանդաղ, բայց հաստատուն արմատներով, աճում էր ինքնիրեն, իսկ հնին օգնում էր ինքը, որ տեղի չտա։ Ինչքան հինը տեղի էր տալիս, այնքան թախիծ և մորմոք էր կուտակվում նրա մեջ. ուզենալով հաղթահարել արտաքին մռայլությունը՝ պրոֆեսորը բազմապատիկ ուժ էր սպառում, մի ուժ, որ եթե գործադրեր նորի արագ որդեգրման համար, կհասներ հաղթական վախճանների։ Եվ հանկարծ, երբ նրա առաջ բացվեց արտասահմանի ճանապարհը, նա գտավ, որ դա ճակատագրական էր և եկել էր փրկելու իրեն, փրկելու իր հոգու թշվառությունը։

Անշուշտ Ելենա Բեգլարովնայի հետ կարող եմ մեկնել, ասաց նա հիմնարկության դիրեկտորին։

Գործուղումը միայն մի անձնավորության համար է, պրոֆեսոր, այնուամենայնիվ կարելի է դիմել, սկզբունքորեն ես դեմ չեմ Ելենա Բեգլարովնայի հետ գնալու գաղափարին, ասաց դիրեկտորը։

Ումի՞ց է կախված այդ, հարցրեր պրոֆեսորը։

Կառավարությունից։

Խոսակցությունը երկար չտևեց։ Մելիք-Անդրեասյանը դուրս եկավ դիրեկտորի կաբինետից և ճգնեց ամփոփել մտքերը։

«Եթե Ելենա Բեգլարովնայի հետ գնամ, մտածեց նա, չեմ վերադառնա, իսկ եթե մենա՞կ մեկնեմ»։

Պրոֆեսորը չկարողացավ պատասխանել։ Ինչպե՞ս կլիներ կնոջ դրությունը, եթե ինքը դավաճաներ Խորհուրդների իշխանությանը։ Ինչպե՞ս կնայեին մարդիկ իր վրա կնոջը լքելու համար, արդյոք կկարողանա՞ր հաղթահարել խղճի խայթը, Ելենա Բեգլարովնան չէ՞ր թքի իր վրա, չէ՞ր խայտառակվի ինքը ողջ պատմության մեջ։

Չկարողանալով ոչ մի եզրակացության հասնել, ուղիղ տուն չգնաց, քայլեց մի փողոցով դեպի քաղաքի կենտրոնը։ Մտավ մի խանութ՝ պապիրոս վերցնելու։ Չկար։

Ինչո՞ւ չկա, սրտնեղած հարցրեց նա։

Եսի՞մ, չկա, ինտելիգենտ մարդ ես, հասկացիր, կոպիտ պատասխանեց կոոպերատիվի ծառայողը։

Պրոֆեսորը դուրս եկավ՝ սաստիկ ջղայնացած։ Մտավ մի մասնավոր խանութ։ Պապիրոս կար, բայց երեք անգամ թանկացած, վերցրեց և մտքում հայհոյեց։

Սա ի՞նչ բան էր, գոնե արտասահմանում ուզածդ կլինի։ Դասախոսիր չորս ժամ, հոգնիր, չարչարվիր, տարիների սովորածդ վերագնահատիր, փոխիր, զոռով հավատա և պապիրոս էլ չկա ծխելու, ջղերը հանգստացնելու, ասաց նա մտքում և կրկնեց միևնույն բառերը մի քանի անգամ։

Մինչև տուն վերադարձը պրոֆեսորն արտասահմանից չվերադառնալու գրեթե վճռական որոշում տվեց, բայց վախենում էր պարզ կերպով այդ ասել մտքում։ Երբ նա հայտնեց կնոջը հիմնարկության որոշումը, կինը բացականչեց.

Միասին։

Ախորժակդ մի սրի, միայն ինձ են ուղարկում, բայց ես խնդրեցի քեզ ևս թույլ տան։

Եթե միասին գնանք, էլ չենք վերադառնա, պարզապես հայտարարեց Ելենա Բեգլարովնան։

Ես զղջացի, որ քեզ հաղորդեցի այս որոշումը, ասաց պրոֆեսորը։

Ինչո՞ւ։

Այդ միտքը կարող ես դուրսն էլ հայտնել, և ահա ոչ միայն քո գործը կփչանա, այլև իմը։

Գի՞ժ եմ, որ դուրսն էլ ասեմ, ոչ ոք չկա այստեղ, երկուսս ենք։

Վահրամին էլ ոչ մի խոսք այդ մասին, խելոք և լավ տղա է, բայց խորամանկ է։

Ելենա Բեգլարովնան չդադարեց խոսելուց.

Ուղղակի բախտ է սա, անակնկալ բախտ։ Դու կարծում ես չե՞նք կարող լավ ապրել արտասահմանում, փառավո՛ր կապրենք, ես էլ կաշխատեմ, երկու հոգի ենք։

Մտածում եմ Արուսյակի և Բաբկենի մասին։

Արտասահմանից կօգնենք, պատասխանեց Ելենա Բեգլարովնան մի տեսակ դժգոհ, որ արտասահման գնալու ուրախությունը պրոֆեսորի էմիգրանտ դարձած եղբոր կինը և որդին պղտորում էին։

Չէ՛։ Արտասահմանից չենք կարող օգնել նրանց, տեսնո՞ւմ ես, Հարությունը չի կարող, մի մոռանա, որ եթե չվերադառնանք, մենք ևս կդառնանք էմիգրանտ, և վատ տեսակի էմիգրանտ. Հարությունն իբրև թշնամի փախավ, մենք մեկնում ենք իբրև բարեկամներ, և ահա դավաճաններ։

Կատարյալ Արևմտյան Եվրոպայի պատմություն դարձրիր։ Կգնանք, ուրիշ ոչինչ։ Բաբկենը կոմսոմոլիստ է, ինքն էլ կապրի, մորն էլ կապրեցնի, ճիշտն ասած՝ դու շատ ես երես տալիս նրանց։

Պրոֆեսորը խեթ նայեց կնոջը, բայց կինը չազդվեց, արտասահման գնալու շատ մոտիկ պատկերը նրան հասցրել էր բուռն խայտանքի։

Հավանական չէ, որ միասին մեկնենք, ասաց պրոֆեսորը, տեսնելով Ելենա Բեգլարովնայի գլխապտույտն ուրախությունից։

Իսկ դու մենակ կգնա՞ս, հարցրեց կինը լրջացած և հրճվանքը կորցրած։

Վեց ամսով, ինչո՞ւ չգնամ։

Բայց…

Վերջապես, հրաժարվելն էլ կարող է վարկաբեկիչ լինել։

Ես չեմ ուզում, որ հրաժարվես, բայց մեր ամուսնության առաջին օրից մինչև հիմա մենք երբեք իրարից չենք բաժանվել, շշնջաց Ելենա Բեգլարովնան, և պրոֆեսորը տեսավ նրա աչքերում արցունքի կաթիլներ։

Ոչինչ, կպատահի, ասաց պրոֆեսորը և գրկեց նրան։

Ելենա Բեգլարովնան ամուսնու միրուքն իր փափուկ երեսներին դիպչելուց անսահման հեշտանք զգաց։ Նրա հավանական մեկնումը և իր հավանական մնալը թախիծով և քնքշությամբ լցրեց քառասունը նոր թևակոխած կնոջը։ Ելենա Բեգլարովնան երբեք չէր կասկածում, որ եթե պրոֆեսորը մենակ գնար, չէր վերադառնա, բայց նրա մտքից ուրիշ չար բաներ էին անցնում. մահ, պատերազմ, հանկարծ իրարից կտրվել ակամա։ Նա տեսել էր պատերազմը և գիտեր հարյուրավոր դեպքեր, որ իրար չափազանց սիրող ամուսիններ բաժանվել էին իրարից, երկար ժամանակի բացակայությունը աճեցրել էր յուրաքանչյուրի մեջ տարբեր զգացումներ, սկզբնական շրջանում՝ օտարոտի, բայց հետզհետե դարձել էին ընտանի և անխուսափելի։ Այս մտքերով տարված և սեղմված ամուսնու գորովալից թևերի մեջ, Ելենա Բեգլարովնան հետադարձ մի հայացք գցեց իր երիտասարդական կյանքի վրա և հիշեց մանրամասն այն ժամերը, որոնք անց էր կացրել առանց հաճույքի, հաճույքից խուսափելու անիմաստ քմահաճույքով, տեսավ կյանքի դատարկ տարածությունները, որոնք նա կարող էր ժամանակին լցրած լինել բույրով և ծաղիկներով, կարող էր լցրած լինել իր մարմնի հեշտագրգիռ ալիքներով, և, ավա՜ղ, չէր լցրել, տարածությունները հեռացել էին ժամանակի արագաթռիչ թևերի վրա, և բոցավառ ոչ մի սեր, բարձրատոն ոչ մի կանչ չէր կարող ետ բերել նրանց՝ ինչպես արմատից չորացած մի տունկ, որին չի կարող զարթեցնել ոչ մի գարուն։

Նա կրքոտ սեղմվեց ամուսնու կրծքին, փարվեց նրա շրթունքներին։

Պրոֆեսորն զգաց, որ քառասունը նոր թևակոխած կինը, որի գլխի վրա լուսնի ջրերի մեջ թաթախված մի քանի սպիտակ թելեր էին սողոսկել, ավելի քաղցր է, քան քսան տարեկան աղջիկը, որ չիմանալով կյանքի ցուրտը՝ չի իմանում նաև, թե ինչ է կյանքի հրաբորբոք ջերմությունը, որ կուտակված է նույն կյանքի ոչ թե մակերեսի վրա, այլ խորության մեջ։ Իր ամուսնու թևերի մեջ՝ Ելենա Բեգլարովնայի մարմինը բոցավառվեց, կարծես այրվում էին նրա ամենափոքրիկ, միայն լույսի դեմ տեսանելի աղվամազերը, արյունը վետվետում էր նրա մարմնի սպիտակության մեջ՝ ինչպես կարմիր վարդը ձյան մեջ։ Նա հանկարծակի դարձավ այնպես կրքոտ և հրավառ՝ ինչպես ուշացած սերը, ինչպես գարնան մեջ ապրող, բայց նրա գոյության անտեղյակ մեկը, որ թռչում չէ գարնան ետևից միայն այն ժամանակ, երբ տեսնում է, որ փախչում է նա արագ և անվերադարձ։

Ելենա Բեգլարովնան ամբողջ գիշերը չբաժանվեց իր ամուսնուց, նա դրել էր գլուխը նրա կրծքի վրա, որ ջղային բաբախում էր, և չիմացավ, թե ինչպես աչքերը փակվեցին ու կրկին բացվեցին մի կապույտ և թռչող երազում։

Be the first who will comment on this

Other parts of "Հրկիզված թղթեր"

Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

Fresno Tuesday October 3 1972 11 PM #1
Fresno Tuesday October 3 1972 11 PM #1
Play Online