Shushanik Kurghinyan
Կարմիր խաչ
Դ․ ԱՐԱՐ
Բ․ Արարվածի սենյակը քիչ բարեփոխված, աթոռների վրա, դես ու դեն թափթփված կար ու կտոր, երեք ջահել աղջիկներ կար են անում։ Աննան խիստ փոխված, ավելի ևս տժգույն, կասես ծերացած աշխատում է վառարանի մոտ։ Մարթան մի անկյունում առանձնացած ձեռքով ինչ-որ կարում է։ Առաջին գործողությունից մինչև այժմ անցել է 9 ամիս։ Վարագույրը բացվելուն պես շարունակվում է երգը․ երգում են առաջին և երկրորդ դերձակուհին, ժողովրդական երգի եղանակով։
ԴԵՐՁԱԿՈՒՀԻՆԵՐ․
Մենք դեռ ջահել, բախտ չտեսած՝
Երկարում ենք օրը կարով,
Որ վաստակենք մի կտոր հաց,
Չթառամենք քաղցի ահով։
Սիրո խինդը մեզ համար չէ,
Մեզ համար չէ երգն ու ծիծաղ․
Պտտիր, անիվ, մի հառաչի,
Հաց չի տալիս կարը դանդաղ․․․
ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․ Անպիտաններ, գոնե մի ուրախ երգ երգեցեք, առանց դրան էլ մոլորվել եմ վշտից․․․ ախ․․․ (Մտորում է տրտում ու երգում)․
Դու իմ սեր շուտ արի,
Ես այսօր չեմ կարի․
Հացի տեղ՝ տաք համբույր,
Ջրի տեղ գիրկդ տուր․․․ (Լռում է իսկույն)։
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ․ Այ քեզ հիմար, այդպիսի պաշարով երկու օրից կսատկես քաղցած շան պես․․․
ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․ Ես էլ «հավերժ հանգիստ» երգելով, ոտքերիցդ քաշելով կտանեմ աղբանոց թաղելու, վրադ մի խաչ կտնկեմ ու կերգեմ, որ աստ հանգչի մի հիմար ու ծույլ դերձակուհի, որ ապրում էր սիրով ու համբույրով (Ծիծաղում է)։
ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ․ (Հեգնանքով) Կգրե՜ս, անգրագետները չեն գրում, սիրունիկս։
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․ Մինչ այդ նա կզարգանա, կարդալ գրել կսովորի (Աչքով է անում Մարթայի կողմը և ծիծաղում է հեգնորեն)։
ՄԱՐԹԱ․ (Տխուր, ինքն իրեն) Խեղճ աղջիկներ, ապրելու ահը շշմեցրել է ձեզ, իսկ սերն ու համբույրն էլ սնունդ չեն տալիս մարմնին․․․ գրկում է լոկ հոգին, տանում հեռու, այս գարշելի իրականությունից, բաց թողնում երազանքի հովտում ազատ ճախրելու, որ հետ դառնալիս է՛լ ավելի մեծ կսկիծով զգա կյանքի արճիճյա լծի ճնշումը, (Դառն) անիծված կյանքի․․․
ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․ Աղջիկներ, ձեզանից ո՞վ շաբաթ օրը ինձ մի մանեթ փող կտա։
ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ․ Դարձյալ, մի ամիս է 6 կոպեկս չես կարողանում տալ։
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ․ (Հեգնանքով) Երբ ունենա, կտա․․․
ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․ (Անճար) Աստված վկա կտամ, իսկ մի մանեթ ինձ խիստ հարկավոր է։ Մարթայից շաբաթ օրը շատ քիչ ստանալիք ունեմ։ Իսկ եթե դատարկաձեռն տուն գնամ, մայրս կսպանե ինձ, ինչ անեմ (Նայում է շվարած)։ Ա՜խ, մի հրաշք, մի փորձանք պատահեր, ազատվեի այս տանջանքից, մինչ այժմ հայրս անգործ է․ տանը ծախելու բան չէ մնացել։ Հինգ ամիս է տան վարձը տված չենք, միակ հույսը իմ աշխատավարձն է, այն էլ անիծվի․․․ (Մկրատը խփում է աթոռին ու կարում է կատաղաբար, լսվում է շչակի մի անսովոր տագնապալից ու երկար սուլոց)։ ՄԱՐԹԱ. (Նույնպես) Վատ էր կյանքը, իսկ ես լավ չէի նրանից։ Ես փոխվեցի, իսկ կյանքը մնաց նույնը, չփոխվեց․․․ Ինչ-որ կար այստեղ (ցույց է տալիս կուրծքը) մեկ-մեկ փուլ եկավ, կորավ, ինչո՞վ լցնել այդ բացը, ո՞ւր որոնել նոր բաղձանքներ, ո՞ւր բարձրանալ կամ իջնել, ի՞նչը քանդել կամ շինել (Խուլ) այլ կերպ ապրել չեմ կարող․․․
ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ. (Երգում է).
Սերդ խնդրեցի մուրացկանի պես,
Խոստացա լինել ցմահ քո գերին,
Դու աշխատում ես, որ ինձ չհանդիպես,
Քաշվում ես նայել իմ կոշտ ձեռքերին։
ՄԱՐԹԱ. (Կամաց) Խեղճ աղջիկ, սիրում ես ու գանգատվում, իսկ ես իրավունք չունեմ ո՛չ մեկը և ո՛ր էլ մյուսն անելու․․․
ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ. (Լալահառաչ)
Կուզեի լինել շատերի նման
Ես էլ կուշտ ու գոհ ու կերպաս հագիս,
Սակայն չոր հաց էլ լի տա մեքենան
Իսկ ես՝ դեռ մանկութ քաղցած եմ հոգի՜ս․․․
(Աչքերն է սրբում):
ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ. (Զգացված) Որտեղի՞ց էլ գտնում ես հարմար երգեր․․․ о՜ֆ․․․
ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ. Երգը կյանքին միշտ պիտի հարմար լինի, որ երգվի։
ԱՆՆԱ. (Անհանգիստ) Մարթա՛ կեսօրվան շչակն արդեն վաղուց սուլել է, Անտոնն ինչո՞ւ ուշացավ։ (Մտատանջ շրջում է վառարանի շուրջը, նկատելի կերպով կորցնում է ինքն իրան ու ցնորամիտ հայացքը հառած դռանը մնում է քարացած):
ՄԱՐԹԱ. Չեմ իմանում․․․
ԱՆՆԱ. (Սարսափահար մոտենում է Մարթային) Փորձանք պատահած չլինե՞․․․ Կաթսան․․․ անիվը․․․ Մարթա, աղջիկս, դարձյալ սկսեցի վախենալ։ (Դողում է, խղճալի կերպով նայելով Մարթային):
ՄԱՐԹԱ. (Բարկացած) Կրկին գուշակումներ. նստիր, հանգստացիր, ոչինչ չկա։ (Աննան Մարթայից վախեցած մոտենում է դռանը):
ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ. (Դժգոհ ու կամաց) Սաստիկ քաղցած եմ, ի՞նչ կարիք կա սպասել Անտոնին։
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ. Առանց նրան ախորժակով չի ուտվում։ ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ. Մեր ախորժակը բաց է դեռ երեկվանից. աշխատեցնելիս րոպե չեն կորցնում, իսկ կերակրելու ժամանակ ժամերն են երկարացնում։
ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ. Չես հավանում, մի կարի:
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ. Ինչո՞վ ապրեմ:
ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ. Սիրով ու համբույրով (Ծիծաղում են):
(Ներս է մտնում ցրտից կապտած մի աղջիկ իրենից շատ մեծ կոշիկներով ու վերարկուով, խաչակնքում է երեսը, թևով սրբում սառած քիթը և ագահ հայացք ձգելով վառարանին, ասում սերտած դասի նման) Աղջիկներ, մեր ավագ դերձակուհին ասաց, որ կարերդ թողնեք․․․ (Շուրջն է դիտում) կարերդ թողնեք ու դուրս գաք փողոց։ Ընդհանուր, (Նկատելով աղջիկների ծիծաղը, ինքն էլ է ծիծաղում) ընդհանուր գործադուլ է. ոչ ոք չպիտի աշխատի։ (Աննան ծածուկ մի խաշած գետնախնձոր է տալիս նրան, դերձակուհիները մերթ Մարթային են նայում, մերթ աղջկան: Դրսից ուժգին թակում են դուռը, լուսամուտը: Մի դեմք օդանցքից ներս նայելով գոռում է հուզված) Ընկեր դերձակուհիներ, միացեք մեզ հետ. թող ոչ մի անիվ, ոչ մի ասեղ չպտտվի, չշարժվի, մինչև որ մեր արդար պահանջներին բավարարություն չտան մեզ հարստահարողները․․․ (Մի քանի դեմքեր մոտենում են լուսամուտին, ծիծաղում են, կանչում. օդանցքից ներս են ճոճում բռունցքներ: Մարթան որ այլայլված դիտում էր այդ ամենը, կարը ձեռին բարձրանում է տեղից և մոտենում աղջիկներին):
ՄԱՐԹԱ. (Թույլ ձայնով) Ի՞նչ եք շվարել, (Ժպտում է) պատասխան տվեք աղջկան։
ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ. Մենք ձեր դեմ ոչինչ չունենք․․․
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ. Մենք կարը չենք թողնի, մի ժամից կգնանք (Դրսից գոռում են) Ապակիները կփշրենք։
ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ. (Խելացնոր ընկնում է դես ու դեն հագուստները որոնում և կիսահագնված խաչակնքում է երեսը ջերմեռանդորեն մի քանի անգամ ու դուրս վազում):
ԵՐԿՐՈՐԴ և ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻՆԵՐ. (Գլխիկոր հագնվում են, ամաչկոտ նայում են Մարթայի կողմը և նույնպես խաչակնքելով գլխիկոր հեռանում են: Փողոցում ուրախ քրքիջ, ծիծաղ, աղմուկ է: Աննան սարքում է սեղանը և քաշվելով մի անկյուն սկսում է ջվալ կարել: Մարթան անհանգիստ մոտենում է լուսամուտին):
ԱՆՆԱ. (Ինքն իրեն, ցնորամիտ) Խիստ կանուխ էր․․․ հայրդ քնած էր. նա չտեսավ, ես մի փոքրիկ փոս փորեցի գետափին և թաղեցի նրան։ Սաստիկ շտապելուս պատճառով փոսը նեղ եղավ և սիրուն տղան մեջը կուչ եկած մնաց. այ, այսպես (Չոքեչոք մոտենում է Մարթային և ցույց տալիս) տես այսպես. խի՛-խի՛-խի՛․․․
ՄԱՐԹԱ. (Կատաղած) Լռի՛ր, լսո՞ւմ ես․․․ (Աննան նստում է տեղն ու կարում):
ԱՆՆԱ. Իսկ ձմեռները ցուրտ է ու․․․ մրսում է թոռնիկս (Լալիս է) Ես մոռացա գեթ մի լաթով փաթաթել նրան, մրսում է, սիրունիկս, ձմեռները ցուրտ․․․ բուք-բորան․․․
ՄԱՐԹԱ. (Կսկծից շվարած) Լսի՛ր, խղճա ինձ․․․ կթողնեմ քեզ մենակ, կկորչեմ։
ԱՆՆԱ. (Բոլորովին ցնորված) Կորի՛ր, հեռացիր․․․ Ես առանց քեզ էլ կապրեմ. այն ժամանակ ոչ ոք ինձ չի արգելի սրտիս ուզածը պատմելու, կորիր․․․ դու ինձ միշտ ճնշել ես ու սաստել (Լալիս է): Իսկ իմ լավ աղջիկը մեռավ, նա քեզանից սիրուն էր ու համեստ․․․ նա չուզեց գործարանի կառավարչին սիրուհի դառնալ ու նրա գրկից փախչելիս ընկավ անիվի մոտ. յուղած անիվը խլեց նրա ոսկեհեր մազերից, վեր ու վար արավ ու (Լալիս է դառնապես) իմ սիրուն Կլարայից բան չմնաց, գրկեի, կրծքիս սեղմեի․․․
ՄԱՐԹԱ. (Մոտենում է նրան գգվանքով) Մի՛ հիշիր, մոռացիր, մայր, նորից կհիվանդանաս։
ԱՆՆԱ. (Չլսելով) Իսկ դու լկտի սիրեկաններիդ հետ քեֆի էիր գնացել. նույնիսկ նրա տրորված լեշերին վերջին հրաժեշտը չտվիր, անպատկառ․․․ (Մարթան գլուխը ափերում պահած դուրս է նայում լուսամուտից): (Աննան առանց Մարթայի կողմը նայելու) Հեռացի՛ր, ես վաստակել չգիտեմ, ես քեզանից գեղեցիկ եմ։ (Ժպտում է, խորհրդավոր ձայնով) Նորից կսկսվի գործադուլը․․․ Բանվորները քաղցած գայլերի նման կհավաքվեն, կխոսեն․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․ քաղցից կխոսեն, կվիճեն, առանց օղու, առանց ծխախոտի, թքերը կուլ տալով․ խի՛, խի՛, խի՛, խի՛, մենք էլ սիրուն տեսքով բանվորուհիներս լավ կլվացվենք հոտավետ օճառով, կկոկվենք և դուրս կգանք սիրեկանների դեմ․․․ Ե՞րբ կվերադառնանք, միևնույն չէ, փող կբերենք։ Գիտե՞ս, անգետ աղջիկ, ինչ կնշանակի փողը խռովարարի համար։ Մենք այդպես էինք անում իմ հայրենի քաղաքում․․․ լրտեսում էինք բանվորուհիներին ու վաստակում․․․ (Երկար լռություն):
ՄԱՐԹԱ. (Սաստիկ անհանգիստ) Ինչո՞ւ ուշացավ․․․
ԱՆՆԱ. Այժմ խինդ, ծիծաղ չկա. գլուխս ազատվեց կոպիտ կոշիկի պայտած կրունկից․․․ այդ քո հայրն էր ինձ տանջողը, հիշո՞ւմ ես, ես կերակրում էի նրան, իսկ նա երախտամոռ խոզը ծեծում էր ինձ․․․
ՄԱՐԹԱ. (Մոտենում է կրկին գուրգուրանքով) Մոռացի՛ր անցածը, մայր․․․ այնպես լավ է մոռանալը, լսիր ինձ․․․
ԱՆՆԱ. (Կարծես նրան չնկատելով) Աստված պատժեց նրան, նա պայթեց․․․ Դու կարծում ես կաթսա՞ն պայթեց, չէ աղջիկս, սուտ է, բանվորները խաբեցին, դու նրանց երբեք մի հավատա․․․ նա բարկությունից պայթեց, նախանձեց, որ ինձ ներում էին ուրիշները, ինձ գործ էին տալիս, ինձ հետ լավ էին վարվում. ահա թե ինչու պայթեց նա․․․ Երբ նրա մարմնի կտորները հավաքեցին, աջ ձեռքը չկար․․․ այդ այն ձեռքն էր, որով նա անվերջ հարվածել էր իմ գլխին․․․ Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես մի սիրունիկ հրեշտակ այդ ջլոտ ու մրոտ ձեռքը երկինք տարավ աստծուն ցույց տալու և պատմելու իմ և իմ կրած զրկանքների մասին․․․ Ահա թե ինչու իմ գլուխը միշտ ցավում էր․․․ (Լալիս է)։ Իսկ երբ Մակարս մեռավ, ցավս էլ հետը տարավ․․․ Ես տեսա, իմ ձեռքովը դրի նրան խորունկ փոսի մեջ, Մակարիս կողքին, մի ահագին ծանր ցավ էր․․․ (Բարձրանում է ու հարձակվում Մարթայի վրա) Ես քեզ կխեղդեմ, իմ որդին գող չէր․․․ Նա ոչ մի գդալ չէր գողացել․․․ ընկած, պոռնիկ․․․ քեզ ի՞նչ, թե ես ուշ տուն կգամ, չե՞ս տեսնում, գործադուլ է․․․ Անտոնն էլ չեկավ․․․ (Մնում է ակնապիշ) Այս անգամ գործադուլը երկար կտևի․․․ Այժմ բանվորները անվախ են ու համառ․․․ Կարդալ գրել գիտեն․․․ Մարթա, աղջիկս, տուր քո լավ հագուստներից. գնամ շրջեմ, վախենում եմ մենակ մնալուց․․․ Ինձ կծեծեն բանվորները․․․ դու կարծում ես թե ես ցավ չե՞մ զգում․․․ տուր մի բաժակ օղի լցնեմ վերքերիս վրա, որ Մակարը հասցրեց․․․ տուր սիրուն, բայց անբախտ աղջիկս․․․ տուր․․․ (Հետզհետե հանդարտվում է). Ահա նստում եմ կարելու․․․ տուր մոռացվեմ. թեթևանամ․․․ (Մարթան խղճահարված մի բաժակ օղի է տալիս նրան, Աննան ագահ խմում է) Օ՜ֆ, ապրես. ես Մակարիս էլ քեզանից թաքուն օղի էի տալիս, ծխախոտ գնում, որ ամրանար, ժրանար՝ չեղավ․․․ Նա թույլ էր․․․ Նա էլ գնաց. տասնմեկ հատ թաղեցի․․․ մնացինք ես ու դու․․․ (Կարում է) Երբ 10 ջվալը վերջացնեմ, 13 կ. քեզ կտամ, միևնույն է (Մարթան լալիս է) մի լար, մի լար աղջիկս, միևնույն է, միևնույն է․․․ (Գրկում է ծնկները և մնում անշարժ):
(Անտոնը հանկարծակի ներս է վազում, իր սենյակից ինչ-որ վերցնելով նույնպես դուրս է գնում: Մարթան իսկույն լցնում է նրա համար կերակուր, նստում է գլխիկոր՝ հազիվ զսպելով արցունքների հորդ տարափը):
ԱՆՏՈՆ. (Մոտենում է անսովոր կերպով ուրախ, հպարտ և ձեռքը Մարթայի ուսին ասում) Ի՞նչ ես մտածում, Մարթա, ինչո՞ւ տխուր ես։ (Քննելով նրա դեմքը) Դու լալի՞ս ես (Նստում է դիմացը): Ի՞նչ է պատահել, քեզ վիրավորե՞լ է մեկը, չէ՞ (Մարթան բացասական շարժում է գլուխը, հետզհետե հանդարտված): Դեհ հանգստացիր ու մի էլ մտածի, միևնույն է, առանց կռվի ոչ մի բարօրություն չի այցելի քեզ. իսկ ես այսօր մի պատառ բերանս դրած չեմ, ինչ կասես դրան։
ՄԱՐԹԱ. (Ողջագուրանքով դիտում է նրան, աչքերում անպատմելի կարոտ ու զուսպ արտասուք) Ես այդ գիտեմ, քեզնից սովորեցի ու կռվում եմ ահա․․․
ԱՆՏՈՆ. (Սիրով) Ո՞ւմ, որի՞ դեմ:
ՄԱՐԹԱ. Նախ ինքս ինձ հետ, և ապա դրա (Ցույց է տալիս մորը) դեհ, նստիր, կեր։ Ինչո՞ւ ուշացար։ (Աննկատելի հանդիմանանքով) Մի շաբաթ է անկանոն կյանք ես վարում, գիշերն էլ տանը չէիր․․․
ԱՆՏՈՆ. (Ուտում է անուշադիր) Առաջինի հետ լավ ես անում. կռվիր, ջախջախիր նրա համառությունը, իսկ նրան (Ցույց է տալիս Աննային) թող հանգիստ, մեղք է․․․ տեսա՞ր անցյալ երեկո ինչեր էր ասում. մի ցնորված բանվորուհի, որ ապտակում ու թքում էր այն այլանդակությունների երեսին, որին մենք առայժմ ստիպված ենք կյանք անվանելու․․․ (Գդալը վար է դնում և ցավակցորեն դիտում է Աննային):
ՄԱՐԹԱ. (Դժկամ) Ի՞նչ օգուտ․․․
ԱՆՏՈՆ. (Զայրացած) Ամեն անգամ, երբ ինձ հուզում, զբաղեցնում է մի երևույթ, դեպք, դու քո հարցերով կարծես սառը ջուր ես ածում ինձ վրա։ (Մտածկոտ) Իսկ ինչե՜ր կարող էիր դու տալ ինձ․․․ (Հանկարծ նկատելով դերձակուհիների բացակայությունը) Ո՞ւր են աղջիկները․․․
ՄԱՐԹԱ. (Հեգնանքով) Գնացին քո ճանապարհով։
ԱՆՏՈՆ. (Վեր է ցատկում): Մի՞թե, գործադո՞ւլ հայտարարեցին (Նրա ուրախ բարձր ծիծաղը աղմկում է սենյակը) Կեցցեն, բրավո․․․ հա՛, հա՛, հա՛ (Մարթային նմանվելով նստում է սեղանի մոտ և ձեռքը հենելով երեսին, նուրբ ձայնով) Իսկ ինչպե՞ս է զգում իրեն մեր «գործարանատիրուհին» (Ծիծաղում է):
ՄԱՐԹԱ. (Սառը) Առանձին ոչինչ. կգան ուրիշները, ասա ի՞նչ է պատահել, քիչ մնաց ապակիները փշրեին։ Մի խլնքոտ աղջիկ էլ ասաց, որ «ընդհանուր գործադուլը սկսվել է»․․․ ճի՞շտ է․․․
ԱՆՏՈՆ. (Քրքրում է կիսատ թողած կարերը, նայում է մեքենաներին, ժպտում է ու հրճվում) Միասի՞ն գնացին։
ՄԱՐԹԱ. (Անտարբեր) Միասին։
ԱՆՏՈՆ. (Չի կարողանում զսպել իրեն, ծիծաղում է) Դեհ, մի պատմիր մանրամասնորեն։
ՄԱՐԹԱ. (Բարկացած) Սկզբից ինչ-որ ավագ դերձակուհու կողմից մի փոքրիկ աղջիկ էր ուղարկված. նա դեռ չէր վերջացրել, երբ եկան մի խումբ աղջիկներ դռան առաջ աղմկեցին, սպառնացին բռունցքներով, մեկն էլ գլուխը օդանցքից ներս մտցրեց ասաց իր ասելիքը և վերջացավ․․․ դու ոչինչ չկերար, նստիր, կեր․․․
ԱՆՏՈՆ. (Զգացված նրա հոգատարությունից, նորից նստում է ուտելու և դարձյալ ծիծաղում է) Անգութ աղջիկներ․․․ երեքն էլ միասին գոնե մեկը գթար․․․ ՄԱՐԹԱ. Թող, հակառակ դեպքում կվերջացնեմ ու կհեռանամ: Ես ոչ մեկի գթությանը կարոտ չեմ․․․
ԱՆՏՈՆ. (Տխրում է հանկարծ) Իսկ ես կարոտ եմ մանկութ։ Հավատա, ավելի քան կարոտ, հայր, մայր չեմ տեսել, երևի չեմ ունեցել, չեմ ունեցել քույր, եղբայր, ազգական․․․ ամբողջ կյանքս անցել է կռիվների, հալածանքի մեջ․․․ չգիտեմ ինչ է երջանկությունը, սիրված ու փայփայված լինելը մեկից․․․ (Դառնացած) Ինձ համար դեռ չեմ ապրած․․․ (Կշտամբանքով) Ուզեցի, խանգարեցիր․․․ քո մի ժպիտը, խրախուսական մի խոսքը բավական էր ինձ երջանկացնելու՝ զլացար․․․ թող քո կամքը լինի․․․ այս ձեռքը, որ այնքան վարպետորեն խաղում է ծանր մուրճի հետ, ձև տալիս շիկացած երկաթին, այս կոշտերով ծածկված ձեռքը մի մաքուր ու նուրբ սրտի հետ քեզ են հսկել տարի ու կես, գիշեր ցերեկ։ Այս ձեռքն ու սիրտս չեն խոնարհվել մեկի առաջ, չեն մուրացել երբեք, (Մեղմ) սակայն խոնարհվեցին քո առաջ (Շրջում է հուզված և ապա կանգնում Մարթայի դեմ): Ահ, երկաթ չես որ հետդ խաղամ իմ ուժով, սար չես, որ հիմնատակ տապալեմ, գնդակ չես, որ բաց կրծքով դիմեմ հարվածներիդ (Մեղմ ու սիրալիր) սակայն որքան անհաղթ ես դու, անընկճելի։ Ինձ կատաղեցնում է քո համառությունը։ Ես թույլ եմ քո դեմ հոգով ու հոգեկանով, կարոտ քո այդ գթոտ, խնամատար սիրույն, ռուս աղջկա այդ թանկագին սիրույն․․․ (Նստում է գլխիկոր և ծխում):
ՄԱՐԹԱ. (Գունատված) Միշտ միևնույնը․․․ բանից դուրս է գալիս, որ ես բնածին մի գթության քույր եմ եղել, աշխարհ եկած կարմիր խաչը կրծքիս․․․ Իսկապես կարմիր խաչը կրծքիս․․․
Դեռ փոքր հասակից իմ խնամքին ու գթությանն են ապավինած եղել խլախտավոր, նիհար ու անվերջ լացող քույր ու եղբայրներ, իմ խնամքին ու գթությանն է հանձնված եղել ծանր ու անվաստակ աշխատանքից բրտացած, օղուց բթացած հայր։ Սա էլ (Ցույց է տալիս մորը) նույնպես։ Ավելի շատ ես եմ եղել նրան մայր, քան թե նա ինձ, անվերջ անարգել ծնել է և դեռ երեխա, ես եմ թեթևացրել նրա երկունքի ցավերը․․․ (Ցավատանջ) Դեռ 10 տարեկան չկայի և կյանքը ինձանից ոչ մի գաղտնիք չուներ․․․ մանկական խաղերի դեռ չմոտեցած, ինձ հրում էին կեղտի, ապականության, տառապանքի ու ոճրագործության ավերումներին ականատես լինելու և հաճախ անձամբ մասնակցելու, և այսպես 25 տարի, գթության քրոջ կարմիր խաչը կրծքիս ես շրջել եմ միշտ արթուն՝ կյանքի հիվանդանոցի անվերջ, անծայր սենյակներում, հիվանդ մարդկանց վշտի թերթիկները կարդալով, վերքերն ու քոսերը լվանալով, հառաչանքի անվերջ երաժշտությունը լսելով․․․ Վատնել եմ սեր, գութ, խնամք, վատնել եմ արբածի նման, անխնա, առանց հաշվի, բավ է, գեթ դու այլ կերպ վարվիր։ (Մնում է շվար ու ապա վճռական) Իսկ դու թող ինձ․․․ հեռացիր՝ չարատավորեմ միտքդ ու հոգիդ, ես էլ ուզում եմ լինել անկախ, ազատ։ Տե՛ս, մի ժամ առաջ կարում էին՝ մտքով ու հոգով գերի չոր հացին, տրտնջում էին, երգում ու բողոքում։ Դեռ ճաշած էլ չէին, բայց ինչ-որ պատահեց հանկարծ, թևավորվեցին ու թռան աչքիս առաջից։ (Լալիս է) Ո՞ւր թռան, չգիտեմ․․․ Այժմ նրանք, ես գիտեմ, արհամարհում են քաղցը, սառնամանիքը, հպարտ ու երջանիկ են, գոհ են։ Իսկ ես․․․ ինձ դեռ չէ վիճակվել մի այդպիսի թռիչք․․․
ԱՆՏՈՆ. (Բուռն սիրով չոքում է նրա առաջ, համբուրում ձեռքերը, փայփայում) Թող․․․ ես քեզ մոռանալ կտամ քո ցավատանջ անցյալը, կթեթևացնեմ բեռը, քո վրեժը ես կհանեմ կյանքից (Ցասկոտ) Իսկ մի նորոգ կյանք ստեղծելու համար եկ մեզ մոտ։ (Բաց է անում թևերը) Եկ. իմ սիրած կինը ինձ հետ պիտի լինի, իմ ճամփին կանգնած, իմ ուսին հենված․․․ (Սպասում է թևերը տարածած):
ԱՆՆԱ. (Ծիծաղում է և խոսում կարծես իրեն երևացող մեկի հետ) Տեսնո՞ւմ ես, խի՛, խի՛, խի՛, հիմա գործադուլը կսկսվի․․․ բանվորները պիտի խոսեն երկար, կատաղի, նրանք այժմ համառ են, հանդուգն ու անվախ, գրել կարդալ գիտեն․․․
ԱՆՏՈՆ. (Սաստիկ հուզմունքից խռպոտած ձայնով) Եկ գնանք, մտիր մեր հաղթական շարքերը, միայն մի ուղի կա դեպի բարվոք կյանք՝ մե՛ր ուղին է դա։ Միայն մի կռիվ կա հաղթող ու արդար մե՛ր կռիվն է դա։ Ե՛կ, գնանք, սիրելի Մարթա։ (Անժամանակ շչակների ուժգին սուլոցով աղմկվում է փողոցը. Անտոնը վեր է թռչում տեղից) Կատարվե՜ց․․․ (Բարձրացնում է Մարթային, տանում դեպի լուսամուտը) լսո՞ւմ ես, (Հազիվ կարողանում է խոսել) ես անդուլ պայքարի, հեղեղուկ ապրումների ենթակա մի զինվոր եմ, կուզեի մի հանգրվան ունենալ ու քեզ այնտեղ՝ դշխուհի։ Կարծում էի, թե կուսակցական գործը լիովին կլանել էր սիրտս ու հոգիս, բաց տեղ չէր մնացել։ Սխալվեցի. մեծ բացը ազատ էր մինչ այժմ, քաջի նման գրավիր այդ բացը, ապրենք, կռվենք միասին, ինչ կերպ, որտեղ որ կամենաս․․․
ՄԱՐԹԱ. (Կարծես քնից արթնանալով) Քո կի՞նը լինել․․․
ԱՆՏՈՆ. (Աղերսանքով) Այո՛, այո՛․․․
ՄԱՐԹԱ. (Հուզված) Ես ատել եմ բոլոր նրանց, որոնց կինը լինել ինձ վիճակվել է օրով, թե ժամով․․․
ԱՆՏՈՆ. (Գոռում է) Մարթա՛․․․
ՄԱՐԹԱ. …Եվ արհամարհել բոլոր նրանց, որոնք երբևիցե ապավինել են իմ գթությանն ու խնամքին․․․
ԱՆՏՈՆ. (Ցավից ինքնիրեն կորցրած) Մարթա՛․․․ Խնայիր (Մնում է քարացած):
ՄԱՐԹԱ. (Մեծ դժվարությամբ) Իսկ քեզ (Դիտում է նրան զմայլանքով) Դու ինչպես գունատվում ես։ (Երեք անգամ թակում են լուսամուտը) Քեզ ի՞նչ պատահեց․․․ Ինչո՞ւ թակեցին լուսամուտը․․․
ԱՆՏՈՆ. (Խեղդված) Իսկ ինձ․․․ ասա, շուտ․․․ լսո՞ւմ ես․․․ (խրոխտ) շուտով կատարվելու է մի ահեղ դեպք։ (Ցնցում է Մարթային) Երազներս իրականանում են, ցնորքներս կենդանանում. պատասխան տուր ինձ, Մարթա՛, ուխտս ու ընկերներս ինձ են սպասում, կարո՞ղ եմ գնալ և էլ ետ չգալ․․․ Իսկ եթե եկա․․․
ՄԱՐԹԱ. (Հազիվ լսելի ձայնով) Գնա․․․ ես կսպասեմ քեզ․․․
ԱՆՏՈՆ. (Ցավակցորեն) Ասում ես՝ գնա. գիտե՞ս արդյոք, թե ո՞ւր եմ գնում, միամիտ երեխա․․․
ՄԱՐԹԱ. (Հպարտ) Գիտեմ, գնա շուտ․․․ ես ամեն բան գիտեմ․․․ կուշանաս, Անտոն․․․
ԱՆՏՈՆ. (Հիացմունքով մի պահ նայում է Մարթային և ապա գրկում ու երկար համբուրում է ճակատը):
ԲՈՍԻԱԿ. (Հևալով ներս է մտնում) Ընկեր Գաբրիել, ձեզ են սպասում․․․ տվեք կապոցը։ (Նայում է Մարթային կարեկցաբար): Դժվար է սիրած կնոջից բաժանվելը, ինչ արած (Շփում է ցրտից սառած ձեռքերը):
ԱՆՏՈՆ. (Իր սենյակից մի կապոց դուրս բերելով) Հասի՛ր, մենա՞կ ես։
ԲՈՍԻԱԿ. Ինձ սպասում են․․․
ԱՆՏՈՆ. Բանվորները հավաքվե՞լ են․․․
ԲՈՍԻԱԿ. Չտեսնված բան, ծով բազմություն, առաջինը դո՞ւք եք խոսելու։
ԱՆՏՈՆ. Այո, գնա (Բոսիակը գնում է, ինքն էլ մտնում է իր սենյակը և քիչ հետո դուրս է գալիս բոլորովին կերպարանափոխված, լայնեզր գլխարկը ձեռքին, մորուքավոր: Մարթան սկզբից շվարած նայում է ու ծիծաղում):
ԱՆՏՈՆ. (Նույնպես ծիծաղով) Դեհ բաժանվենք։ (Բռնում է Մարթայի ձեռքը) Եթե իմ մասին հարցրին, կասես այն, ինչ որ գիտես, աղջիկների մասին լռիր։ Եթե թաղամասին վտանգ սպառնա, մարդ կուղարկեմ կգաս ինձ մոտ, (Ժպտում է) քեզ մի գործ կգտնվի այնտեղ․․․ Թույլ տուր համբուրեմ․․․ (Գրկում է ու համբուրում) Սպասիր ինձ: (Գնում է, նորից վերադառնում) Խուսափիր հաճախ փողոց դուրս գալուց․․․ (Աղերսանքով) Տանից դուրս մի գար․․․ Մարթա՛, խոսք տուր, որ ասածներս կատարելու ես ճշտությամբ։
ՄԱՐԹԱ. (Ուրախ) Ոչ մի տեղ չեմ գնա մինչև քո վերադարձը․․․
ԱՆՏՈՆ. (Նորից համբուրում է ու դուրս վազում):
ՄԱՐԹԱ. (Մենակ) Գնաց․․․ (Վազում և բարձրանալով լուսամուտից նայում է փողոց) Գնա, փրկիր կեղեքվածներին, իմ կեղեքված սերը քեզ պահապան․․․ (Վար է իջնում հանկարծ դիպչելով ջութակին, լարերը կարծես հառաչում են)։
ԱՆՆԱ․― (Աղերսանքով) Մարթա՛, մի կպչիր, Մակարս կբարկանա․․․
ՄԱՐԹԱ․― (Ուղղում է ջութակը) Ես փոշին սրբեցի։
ԱՆՆԱ․ (Ծիծաղում է)։
ՄԱՐԹԱ․ Երգդ մնաց, իմ թշվառ եղբայր․․․ (Լալիս է)։
ԱՆՆԱ․― (Առանց ետ նայելու) Մի լար աղջիկս, մի լար սիրուն ու թշվառ աղջիկս․․․ կարծում ես ես քեզ չե՞մ սիրում, չե՞մ խղճում․․․ քիչ առաջ ուզում էի հարձակվել Անտոնի վրա, խեղդել՝ մի դիպչիր իմ զավակին, մի խաբիր․․. (Համոզիչ) Դու նրան մի հավատա, նա քեզ չի սիրում, նա քեզ կծեծի կոշիկի պայտած կրունկով, իր կոշտ բռունցքներով։ (Մոտենում է) Ես չեմ թողնի։ (Գրկում է ու սեղմում կրծքին) Տասնմեկ հատը մեռան, միայն սա մնաց․․․ (Լալիս է) Մի դիպչեք սրան․․․ (Ընկնում է վար)։
ՄԱՐԹԱ․― (Տանում, տախտի վրա պառկեցնում) Պառկիր, հանգստացիր։
Աղմուկով ներս են մտնում Մարթայի ընկերունիները՝ Լիզան, դեղնագույն մազերով աղջիկ և մի ուրիշը, ձեռքին մի կապոց։
ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ․ Ձեզ չասացի՞, թե նա տանը նստած կլինի, առանց գիտենալու, թե դուրսը ինչ է կատարվում։ Մի դրան նայեցեք, կարծես գանձ է գտել ու ժպտում է ինքնագոհ, ինչպես էլ գիրացել է։
ԴԵՂԻՆ ՄԱԶԵՐՈՎ ԱՂՋԻԿ․ Հրամանքներդ միտինգներին ներկա չէ՞ր։
ՄԱՐԹԱ․ Ոչ օրիորդ, ինչի՞ս է պետք միտինգը, երբ քիչ առաջ իմ արհեստանոցում (Ցույց է տալիս) և՛ միտինգ էր, և՛ գործադուլ, և ապստամբություն․․․ (Ծիծաղում են)։
ԼԻԶԱ․― Կեցցեն․․․ Ինչ-որ հարստահարեցիր բավական է, սկսել էիր յուղ կապել, ինքդ կարիր ու ինքդ էլ կեր․․․ (Երեք մատները, թաթը մոտեցնում է Մարթայի քթին) չես ուզո՞ւմ․․․ (Ծիծաղում է)։
ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ․ Կարծես հանքերի համար ենք եկել․․․
ԼԻԶԱ․ (Լուրջ) Դեհ, ուշադրություն, երկար խոսելու կարիք չեմ զգում։ Այս դերձակուհին էլ մեզ օրինակ։ Հա, Մարթա, մենք էլ չենք ուզում այս ճգնաժամին ձեռքներս ծալած նստել։ Ամենքը կազմակերպվում են, գործադուլ հայտարարում, պահանջներ առաջ բերում, իսկ որովհետև մենք, էհ աղջիկներ, արժե խոսել մեզ վրա, ո՛չ աշխատել ենք, ո՛չ էլ գործադուլ կհայտարարենք, պահանջելու էլ բան չունենք, վասնզի մենք ինքներս ենք մեզ վաճառում, ինչևիցե․ անենք, ինչ-որ կարող ենք, գնանք ապստամբների մոտ, մաքրենք, լվանք, խնամենք՝ դա էլ օգնություն է։ ԴԵՂԻՆ ՄԱԶԵՐՈՎԸ. Գնանք, փրկենք Ռուսաստանը (Հուզվում է):
ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ․ Չգիտես, չես հասկացել, գոնե լռիր. ի՞նչ Ռուսաստան։ Նրան միամիտ կաց, ձեռք տվող չկա. մենք գնում ենք բանվորներին օգնելու։
ԴԵՂԻՆ ՄԱԶԵՐՈՎԸ. Դե՛հ, մի զայրանա, թող քո ասածը լինի․․․
ԼԻԶԱ․ (Մարթային) Հիշո՞ւմ ես, դու ինձ մի օր ասացիր, որ դժգոհ ես, ուզում ես այլ կերպ ապրել։ Ես այն ժամանակ չհասկացա քեզ, ավելի լավ է, առ կապիր․․․
ՄԱՐԹԱ․ (Զարմացած) Ի՞նչը։
ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ. (Բաց է անում կապոցը և հանելով մի սպիտակ կապ կարմիր խաչով տալիս է Մարթային) Այս. որպես կամավոր գթության քույրեր անարգելք կմտնենք հեղափոխականների մոտ. հասկանալի՞ է։
ՄԱՐԹԱ․ (Շշմած) Դարձյա՞լ կարմիր խաչ․․․
ԼԻԶԱ․ Մի վախենա, գնանք, ինչ ուզում է թող լինի. մի անգամ մեռնելու ենք, միևնույն չէ՞․․․
ՄԱՐԹԱ. (Տնտղում է) Իմ խաչը․․․ կարմիր գթության․․․ ա՛խ․․․
ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ. (Բարկացած) Դե՛հ շուտ, ի՞նչ ես հիմարացնում մարդու։
ԼԻԶԱ. (Աչքով է անում) Դու էլ նախօրոք մի տաքանա։
ԴԵՂԻՆ ՄԱԶԵՐՈՎ ԱՂՋԻԿ․ Միևնույնը չէ՞, մի օր մեռնելու ենք Ռուսաստանի․․․ (Հանդիպելով աղջկա հայացքին լռում է):
ՄԱՐԹԱ. (Մի պահ նայում է մորը, ապա ջութակին և հանկարծ գունատվում, խեղդված ձայնով ասում է) Լավ, գալիս եմ․․․ սպասեցեք ինձ բակում, մորս ասելիք ունիմ․․․
(Աղջիկները գնում են՝ նախօրոք թևերին կապելով կարմիր խաչեր):
ՄԱՐԹԱ. Մա՛յր, լսիր ինչ եմ ասում։ (Մայրը հրում է նրան) Մա՛յր, գնամ Մակարին բերեմ․․․ Մակարին։ (Ցնորվածը չի նայում նրան): Մա՛յր, Մակարին քաղաքամաս տարան, գնամ, բերեմ․․․
ԱՆՆԱ. (Նստում է ու լալիս) Արդեն տարան, խեղճ երեխա։
ՄԱՐԹԱ․ (Անհամբեր) Գնամ բերեմ նրան․․․
ԱՆՆԱ. (Անտարբեր) Գնա, աղջիկս, գնա։
ՄԱՐԹԱ. (Ազատ շունչ քաշելով) Դե՛հ, լսիր, ահա գնում եմ, դու տանից դուրս չգաս․․․ Եթե քեզ հարցնեն իմ մասին, կասես, որ գնացել եմ Մակարին տուն բերելու։ Պահարանում ուտելիք կա, օղի էլ․․․ (Աննան օղու անունը լսելուն պես վեր է ցատկում):
ԱՆՆԱ. (Շտապեցնելով) Գնա՛, գնա՛, կուշանաս (Անհամբեր նայում է պահարանին): ՄԱՐԹԱ. Գնում եմ․․․ Կարո՞ղ եմ չգնալ․․․ Ծնվեցի կարմիր խաչով. ինչո՞ւ չմեռնել նրան թևիս կապած․․․ (Մարում է) Երևի երջանկության համար չեմ ծնված եղել․․․ Ա՜խ, Անտոն․․․
ԱՆՆԱ․ Գնա՛, գնա՛․․․ կուշանաս․․․
ՄԱՐԹԱ. Թշվառ կին (Կոմոդից ինչ-որ հանում է ու պահում կրծքում): Բոլոր երեխաներիդ մահը գողացավ քեզանից, իսկ ինձ դու քո ձեռքով ես ուղարկում․․․
ԱՆՆԱ. (Սարսափած) Գնա, աղջիկս, կուշանաս․․․ չես հասնի․․․ (Աղջիկները թակում են դուռը):
ՄԱՐԹԱ. (Հուզված) Լավ, թող լինի այսպես․․․ դեհ մնաս բարով (Գրկում է):
ԱՆՆԱ (Ճչում է սարսափահար) Կուշանաս․․․
(Մարթան դուրս է վազում):