Shushanik Kurghinyan

Կարմիր խաչ

Բ․ ԱՐԱՐ

Մեծ սենյակ, երեք փոքր լուսամուտներ դեպի փողոց։ Մի անկյունում վառարան, կողքին՝ մի դուռ ղեպի կողքի սենյակը։ Վառարանի դիմացի անկյունը մահհակալ՝ վարագույրով ծածկված։ Աղքատիկ կահկարասի։ Մի փոքրիկ կոմոդ լուսամուտների մեջտեղը, վրան գրքեր, թղթե ծաղիկներ, հայելի։ Քիչ հեռու պատից կախ մի հնամաշ, փոքրիկ ջութակ։

ՊԱՇԱ․ Ասում են խառնակիչները պատրաստվում եև տապալելու Ռուսաստանը․ հրեաները տակառներով, որպես աղած ձուկ, դրամ են ուղարկում ճապոնացոց։ Դրա համար Էլ միշտ հաղթությունը նրանց կողմն է։ Օ՜, ինչպես տանջվում եմ։ Ինչ պատուհաս է պատրաստվում իմ հսկա հայրենիքի գլխին։ Մի՞թե նա, մեծ Ռուսաստանը, պարտություն պիտի կրե ինչ-որ թզուկ Ճապոնիայից։ Մտածում եմ գիշեր ցերեկ։ Հնար չկա։ Ուժ ունենայի, տակն ու վրա կանեի ամբողջ աշխարհը՝ մի դիպչեք իմ հայրենիքին, իմ ժողովրդին։

ՄԱՐԹԱ․ Իզուր ես այդպես մտածում։ Ասում եմ քեզ, որ սուտ է այդ ամենը․ ո՛չ տակառով դրամ, ո՛չ խառնակիչներ, միայն ասացին, որ բանվորները պատրաստվում են բողոքելու ինչ-որ իրավունքներ ձեռք բերելու համար։ Ռուսաստանին սպառնացող վտանգ չկա և չի էլ կարող ինել։ Ո՞վ կհանդգնի, երեխա ես, ի՞նչ է։

ՊԱՇԱ․ (Կասկածանքով) Անտոն Ֆոմի՞չն էր այդպես ասում։

ՄԱՐԹԱ․ (Անտարբեր) Ոչ, լսել եմ կողմնակի խոսակցությունից։

ՊԱՇԱ․ Երևի նա քեզանից թաքցնում է։ Նա ամեն բան գիտե, զգույշ կաց նրանից։ Ինձ թվում է, թե նա հասարակ բանվոր չէ։ Ամուսինս պատահել է նրան հարուստ աղջիկների հետ․․․ Կիրակի երեկո թատրոնում է եղել․ հագված, սանրված, կարծես գործարանատեր լինի։ Տեսնո՞ւմ ես, իսկ մյուս բանվորները․ ինքդ դատիր։

ՄԱՐԹԱ․ (Ինքն իրեն) «Հարուստ աղջիկների հետ»․․․ (Մտորում է, Պաշային) Մյուս բանվորները տգետ են, հարբում են, իսկ Անտոնը միայն ծխում է, այն էլ տրտունջով։ Կարդացած մարդ է, առանց գրքի, թերթի օր չի անցնում․․․

ՊԱՇԱ․ Իսկ իմ կարծիքով հենց այդ կարդացողներն են ոճրագործներն ու հայրենիքի դավաճանները։ Հարբեցողից ինչ վախ․ հարբեց՝ էլ գաղտնիք չկա, գիտցածն ու մտածածը փողոց է հանում։

ՄԱՐԹԱ․ Սխալվում ես, ամեն մի չարիքի պատճառը օղին է։ Այդ ինձ ու քեզ լավ հայտնի պիտի լինի․ տեսնո՞ւմ ես, մենք ուր հասանք հարբեցող ծնողների պատճառով։ Իսկ Անտոնը, եթե ամուսնանա, նրա ո՛չ կինը փողոց կընկնի, ո՛չ էլ աղջիկը։

ՊԱՇԱ․ (Հուզված) Սակայն թույլ կտա, որ իր հայրենիքին վտանգ սպառնացողների շարքերը խտանան։ Ես գիտեմ դրանց․․․ Նա միայն քեզ կարող է համոզել։ Անցյալ օրվա թռուցիկը կարդացի՞ր։

ՄԱՐԹԱ․ (Քմծիծաղ) Այդ էլ նա՞ էր գրել։

ՊԱՇԱ․ (Զայրացած) Նա չէր, նրա ընկերն էր, միևնույն չէ՞։ Շշմեցրել են խեղճ բանվորներին իրենց խոստումներով։ Անիծվեն դրանք։ Դու դատիր, սա անիրավություն չէ՞ միթե տերն իր ծառայի հետ դուքով խոսի։ Սա էլ պահանջ է։ Ուրեմն հարուստ մի տերն իր խլնքոտ ու գռեհիկ ծառային տալով իր կոշիկները խոնարհաբար խնդրելու է․ «Օհան, խնդրեմ բարի լինեք և մաքրեք իմ կոշիկները․․․»։

ՄԱՐԹԱ․ (Ծիծաղում է

ՊԱՇԱ․ (Դժգոհ) Ծիծաղում ես․ կարծես մի շատ ուրախալի դեպք է պատմածս և կարծես քո երակներում չի հոսում ռուսի արյուն։

ՄԱՐԹԱ․ Այդ ամենը թող, ասա ինչպե՞ս որ երևացիր։

ՊԱՇԱ․ Իսկ դու հաճա՞խ ես գալիս։ Անցյալ օրը աղջիկները գանգատվում էին, որ դու սկսել ես խուսափել նրանցից։

ՄԱՐԹԱ․ (Դժգոհ ու տրտում) Մի քանի շաբաթ կլինի, որ տանից դուրս չեմ եկել․․․

ՊԱՇԱ․ (Հետաքրքիր) Ինչո՞ւ։

ՄԱՐԹԱ․ (Մտազբաղ) Չեմ իմանում։

ՊԱՇԱ․ (Նեղանալով) Առաջ մեր մեջ գաղտնիքներ չկային, Մարթա։

ՄԱՐԹԱ․ Հիմա էլ չկան, հավատա․․․ միայն ես դժգոհ եմ ինձանից։ Մայրս նույնպես․․․ զգալ է տալիս, որ վաստակս նվազում է։ կարիքս՝ աճում․․․ Օֆ, երնեկ այն խելառ օրերին, Պաշա, հիշո՞ւմ ես․․․ ոչ խելք ունեինք․․․

ՊԱՇԱ․ (Ժպտում է) Գտար ինչին երանի տալու։ Իսկ որ վաստակդ նվազում է ու տարիքդ անցնում, ինքդ ես մեղավորը։ Ոչ մի հանգամանքից չկարողացար օգտվել։ Քեզ ասում էի պսակվիր այն ծերուկի հետ։ Այժմ նա մեռած կլիներ, իսկ դու սիրուն ու հարուստ այրի․․․

ՄԱՐԹԱ․ Ես չեմ կարող կողակից ունենալ։

ՊԱՇԱ․ Սակայն մեկն ունենալու դեմ լինելով հանդերձ, չես խորշում տասնյակներից։

ՄԱՐԹԱ․ (Հազիվ լսելի) Դա իմ արհեստն է, Պաշա։ Դրա համար ես օրինական փաստաթուղթ ունեմ․․․ տանտիկին լինելը մեզ նմաններին չի սազում։

ՊԱՇԱ․ (Գոհ) Թվում է, թե ինձ սազում է։ Գրեթե մի տարի է, որ մենք ապրում ենք հաշտ ու սիրով։

ՄԱՐԹԱ․ (Հեգնորեն) Սիրո՜վ։ Թող, խնդրեմ։ Ի՜նչ սեր, որտեղի՞ց ճարեցիր։

ՊԱՇԱ․ (Անվստահ) Մի քիչ կար․․․ մնացել էր․․․

ՄԱՐԹԱ․ (Լուրջ) Ինքնախաբեություն է (Շրջվում է հուզված

ՊԱՇԱ․ (Հետևելով նրան) Սխալվում ես․․․ մի ջինջ ու հստակ, ավելի շուտ մի մոլի զգացմունք է։ Այդպես են սիրում ծեր կաղ ու տկար շները իրենց տերերին։ Սողում են նրա հետևից, լիզում ձեռքերի տեղ աչքերը՝ գիշեր ու ցերեկ դուրս շպրտվելու ահի մեջ, մի առողջ ու ջահելին տեղի տալու սարսափը դեմքերին․․․ (Նստում է գլխիկոր

ՄԱՐԹԱ․ (Կարեկցորեն) Տեսնո՞ւմ ես․․․ Իսկ ես այդ չեմ կարող անել։ Գինին ու ծախված գիշերը գերադասում եմ․․․ լլկանք, կեղծիք, կեղտ՝ մի գիշերով, կարճ ժամանակով, փախչելու, ազատվելու ու մոռացվելու ապրեցնող հուսով, իսկ դո՞ւ․․․

ՊԱՇԱ․ (Տրտում) Ինչ արած (Քիչ լռելուց հետո) Գիտե՞ս ինչու եմ եկել։

ՄԱՐԹԱ․ (Անաարբեր) Ասա, որ գիտենամ։

ՊԱՇԱ․ (Ամոթխած) Ինձ թվում է, թե․․․ հղի եմ․․․ մայր եմ լինելու․․․ (Մարթան ցնցվում է և դուրս նայում պատուհանից։ Պաշան շարունակում է սաստիկ հուզված) Մեկը չունեի, եկա քեզ մոտ։ Սիրտս լցված է սաստիկ, ուզում էի քեզ հետ խոսել։ (Նստում է Մարթայի դիմացը) Մեքենա գնեցի, կար եմ անում․․․ Ուզում եմ տնտեսել նրա համար․․․ ուսումի կտամ, (Հուզմունքից դողում է) Կպաշտպանեմ․․․ Չեմ թողնի, որ մեկը խեթ նայի նրան։ Ինչ որ ես չկերա, նա պիտի ուտե, ինչ որ ես չտեսա, նա պիտի տեսնի․․․ Ինձ մայրս ծախեց կես շիշ օղի ավել խմելու համար, ես կյանքս կզոհեմ իմ զավակի երջանկության համար (Լալիս է)։ ՄԱՐԹԱ․ (Սաստիկ գունատ) Հարբած չե՞ս։

ՊԱՇԱ․ (Աչքերը սրբելով) Ես այժմ չեմ խմում։

ՄԱՐԹԱ․ Գիշեր ցերեկ տանն ես, հավատարիմ․․․

ՊԱՇԱ․ (Խոսքը կտրելով) Հավատարիմ շան պես։

ՄԱՐԹԱ․ Իսկ նա (Հեգնանքով) ամուսինդ։

ՊԱՇԱ․ (Խույս տալով նրա հայացքից) Ես խոսում եմ միայն իմ մասին․․․

ՄԱՐԹԱ․ (Կատաղած) Այդպես եք դուք, ամենքդ։ Ատում եմ ձեզ․․․ Իմ մայրն էլ հարբած հորս ծեծից կապտած, ջարդված դուրս էր գալիս փողոց, ժպտում, հաճախ պարծենում, որ ծեծված չէ․․․ (Քիչ մտածելով) Իսկապես կարծում ես, որ երեխա՞ կունենաս։ Իսկ եթե․․․

ՊԱՇԱ․ Լռիր, թող ապրեմ հույսով։

ՄԱՐԹԱ․ Ապրիր, որ հիասթափումը է՛լ ավելի դառը լինի․․․

ՊԱՇԱ․ (Ծիծաղում է) Դուրս չես գալիս, խոսում, դատում ես լուրջ միանձնուհու նման (Ցուցամատը շարժելով)։ Կարծում ես չե՞մ հասկանում․․․ Մի զարմանար, տա աստված դու էլ բախտավոր լինես (Համբուրում է)։ Շնորհակալ եմ, խոսեցինք թեթևացա, աստված էլ քեզ մխիթարե (Գնում է

ՄԱՐԹԱ․ (Մեծ դժվարությամբ) Կա՛ց։ (Պաշան ետ է գալիս զարմացած։ Մարթան ինքն իրեն) Ի՞նչ էի ուզում ասել․․․ Հա (Պաշային) Ասա ի՞նչ կերպ (Շփոթվում է

ՊԱՇԱ․ (Ժպտալով) Ինչ կերպ իմ կյանքն այս ընթացքը ստացավ։

ՄԱՐԹԱ․ (Ուրախ) Այո՛, այո՛ ․․․ միայն ճիշտն ասա․․․ (Քաշվելով) Ես էլ ուզում եմ․․․ (Փոխում է խոսքը) Ես հոգնել եմ, Պաշա․․․

ՊԱՇԱ․ (Ժպտում է) Ես մի քիչ փող էի տնտեսել սև օրվա համար։ Դա ինձ օգնեց (Ժպտում է) օրինավոր կին դառնալու․․․ Մանրամասնությունը հետաքրքիր չէ․․․

ՄԱՐԹԱ․ (Հիասթափ) Մի՞թե գոհ ես դու․․․

ՊԱՇԱ․ (Խուսափում է նրա քննող հայացքից) Այժմ մի անկյուն ունեմ սթափվելու։ Ամբողջ օրը զբաղված եմ աշխատանքով․ դա էլ մի տեսակ մխիթարանք է, մոռացում․․․ Իսկ իմ կյանքը մանկութ սահել է մայթերի վրա, էժան հյուրանոցներում․․․ հոգնել էի, Մարթա՛․․․

ՄԱՐԹԱ․ (Կարեկցորեն շոյում է) Դեհ գնա, կուշանաս, լավ արիր, որ եկար (Պաշան գնում է, լսվում երեկոյան շչակի ձայնը մոտ գործարանից

ՄԱՐԹԱ․ (Մենակ) Ամենքն էլ դժգոհ են․․․ այժմ ո՞վ դժդոհ չէ․․․ սակայն շատ քչերի համար երջանկություն է սթափվել մի հարկի տակ։ Թշվառ աղջիկ, ես գիտեմ, թե ինչ գնով տնտեսում էիր կոպեկները ու մի բան ծամած լինելու համար․․․ Է՛հ, ինչո՞ւ հիշել, պետք է մոռանա՜լ, մոռանա՜լ (Շրջում է մտատանջ)։ Բայց լավ ասաց, թե կյանքը սահել է մայթերի վրա․․․ Կիսաքաղց, անառակ տարիների շարանը, կյանք է եղել, հա՛, հա՛, հա՛․ լկտի վայելումների, ծախված գիշերների սև կյանք է եղել․․․ ու սահել է անարգելք, սահել է առանց ետ նայելու․․․ Իսկ աղքատությունը նույնն է մնացել, տառապանքը, զրկանքը նույնը, բոլորը նույնը։ Միայն ես եմ փոխվել, որովհետև կյանքս սահել է ու սահել։ Որքա՜ն փոխվել եմ ես․․․ (Նստում է մի պահ լուռ, անորոշ կետի հայացքը հառած) Երազ է կարծես, թե՞ վաղուց լսած մի սիրուն հեքիաթ, որ ես էլ մի անմեղ ու խենթուլիկ աղջիկ էի, ինչպես լինում են առհասարակ աղջիկները․․․ Իմ տենչանքն էր լոկ կուշտ ուտելն ու վազվզելը բանվորական թաղամասի նեղ ու հոտած փողոցում, ուր այնքա՜ն շատ, այնքա՜ն կիսամերկ ու կիսաքաղց են աղջիկները․․․ ուր այնքա՜ն առատորեն, օդի հետ ծծում, ներս են քաշում կյանքի այլանդակ ու վարակված օդը, այն օդով մեծացող ու ժամով թառամող աղջիկները։

Հիշում եմ, դեռ 8-9 տարեկան «ամուսիններ» ունեի․․․ Մենք օղի էինք խմում ձորակում, անում էնք այն, ինչ-որ վիճակվել էր տեսնել ու լսել․․․ (Երկար լռություն) Իսկ երբ գործարանի կառավարիչը այդտեղից ինձ ու մորս արդյունավոր պաշտոն առաջարկեց, ես էլ տղաների հետ չխաղացի․․․ Կյանքը սահեց ու սահեց․ հեղեղի նման սահեցին կեղտ ու ոճիր։ Իսկ այժմ․․․ Ի՞նչ եմ ես, ո՞վ եմ ես․․․

ԱՆՏՈՆ․ (Ներս է մտնում մրոտ, յուղոտ) Բարի երեկո, Մարթա։

ՄԱՐԹԱ․ (Առանց նրան նայելու, հեգնանքով) Այժմ (Առանձին շեշտակի) տիրող աննորմալ կարգերի աննորմալ պտուղ․․․

ԱՆՏՈՆ․ (Սկսում է լվացվել, մաքրվել) ճիշտ է զավակս, ավելի քան ճիշտ։

ՄԱՐԹԱ․ (Դժկամ) Թող խնդրեմ։ Ես գարշում եմ քո այդ հատուկ հայրական հոգատարությունից, առհասարակ։ Իսկ ճառերդ ինձ վաղուց ձանձրացրել են։ Դու և քո ընկերներդ մոտենում եք ինձ առանձին ուշաղրությամբ և իմ կյանքն ու ապրումները քրքրում «տնտեսական հողի վրա»։ Հա՜, հա՜, հա՜, հա՜, հա՜, ողորմելիներ, ի՞նչ գիտեք դուք, ուր եք ձգտում դուք․․․

ԱՆՏՈՆ․ (Լվացված, մաքրված, սկսում է ծխել) Միշտ միևնույն դժգոհ, բայց խելոք Մարթան։ Մենք ձգտում ենք մարդավայել կյանքի մեր արդար կռվով, այլ կերպ, սիրելիս, ապրելն անկարելի է, դավն ու ոճիրը խեղդում է անզորներին, իսկ անզորների ու անմեղ մեղավորների թիվր խիստ մեծ է մեծ Ռուսաստանում։

ՄԱՐԹԱ․ Խառնակիչներդ հավաքվեցեք և․․․

ԱՆՏՈՆ․ (Ւսկույն) Բողոքողներս հավաքվում ենք (Խրոխտ) վերջ տալու այս անել կացությանը։ (Մեղմ ու գգկանքով մոտենում է Մարթային) Մի մխիթարանք էր քեզ էլ տեսնել մեր շարքերում։ Մի՞թե հոգնած ես, ուժ չունես մի նորն ստեղծելու պայքարին դիմանալու։ Եկ, լսիր ինձ․ ես քեզ հետ կլինեմ միշտ, կհսկեմ արթուն որպես մի Արգոս․․․

ՄԱՐԹԱ․ Ուժ չունեմ, հոգնած եմ։ Արդարև դիտողին այդպես է երևում։ Կարծում ես գուցե, որ ես կորցրե՞լ եմ ամենը, ինչ որ կար ինձանում արժանի մարդկային ու, ինչպես դուք ասում եք, «մի բարվոք կյանքի» չունիմ փափագ կամ կարոտ։ Թող լինի այդպես։ Ես ձեր «բարվոք կյանքին» չունեմ փափագ կամ կարոտ, այլ ձգտում եմ նրան, որ իմը, իմ անձնականն է լինելու, իմ եսը։ Բարօրության համար զոհ է հարկավոր, ողջակեզ, նահատակ, պատրաստ եմ, ուժ էլ ունեմ, կորով էլ, լսո՞ւմ ես, պրոլետար․․․ ասում են, որ մարդ աշխարհ է գալիս իր բաժին բեռով ու բախտով։ Առաջինը կրել եմ, իսկ երկրորդին դեռ չեմ հասած․․․ (Անտոնը լավ նայում է նրան) Իրավունք չունե՞մ հասնելու։

Լլկանքը, օղին, ծախված ժպիտն ու համբույրը այլևս նողկալի է ինձ համար։ Բավ է, զգում եմ, որ տանջվել եմ անմեղ, անարգվել իզուր։ Խոսի՛ր, պրոլետար, լսել եմ, որ շատ աղջիկների խորհրդատու ես, ինձ էլ սովորեցրու՝ ի՞նչ անել, ո՞ւր փախչել, ո՞ւր որոնել․․․

ԱՆՏՈՆ․ Այդ աղջիկները իմ ընկերներն են, Մարթա, դու իզուր ես խուսափում նրանցից։ Մոռացիր անցյալը, տուր կյանքիդ մի կանոնավոր ընթացք։ Այդ աղջիկները քեզ կօգնեն ինչով, ինչ կերպ որ կամենաս։ Իսկ քո փրկությունը լոկ մեզ հետ է․ այս մի մոռանար, երբե՛ք․․․

ՄԱՐԹԱ․ (Հեգնորեն) Մի՞թե․․․ Երևի ձեր անլեգալ թռուցկիները տարածելու համար գլխից ձեռք վերցրած մեկն է հարկավոր, կամ գուցե այսպիսի մի գլուխն ուսերից բաժանող գործ-հանձնարարողություն։ Ես գիտեմ, որ պատրաստվում եք․․․

ԱՆՏՈՆ․ (Խույս տալով շիտակ պատասխանից) Ինչեր ես մտածում։ Թե՛ ես, թե՛ նրանք ուզում ենք նպաստել քո անձնական բարելավությանը։

ՄԱՐԹԱ․ (Արհամարհանքով) Այսի՞նքն․․․

ԱՆՏՈՆ․ (Շփոթված նրա զննող հայացքից) Եթե․․․ եթե, դու, օրինակի համար, աշխատել ուզենաս, գործ գտնել․․․

ՄԱՐԹԱ․ (Կտրում է խոսքը) Իմ գործը ես եմ գտնում կամ հյուրանոցի սենեկապետը։

ԱՆՏՈՆ․ (Ավելի ևս շփոթ) Պաշտպանել քո իրավունքները․․․

ՄԱՐԹԱ․ (Նորից կտրում է խոսքը) Ես վաղուց է, որ ձեռք եմ բերել իմ իրավունքների օրինական փաստաթուղթը (Մնում է լուռ գլխիկոր, ապա կամաց, կարծես գերեզմանային ձայնով) Ինչպե՜ս աշխատում Էի չարժանանալ այդ պատվին․ ինչ հնարներ էի գործ դնում, չեղավ․․․ Ձմեռվա մի ցուրտ գիշեր էր․ մայրս հիվանդանոցում պառկած էր երկունքով, կենդանի մնացած վերջին քույրս խեղդվում էր բկացավից․․․ տանը ո՛չ վառելիք կար, ո՛չ հաց, ո՛չ լույս։ Մակարը հագուստ չուներ փողոց դուրս գալու․․․ Միտքը, թե քույրս կմեռնի քաղցից ու ցրտից ուժասպառ, կատաղի վագր էր դարձրել ինձ։ Նա մի սիրունիկ, կապուտաչյա, ոսկեհեր աղջիկ էր ու երբ փոքրիկ, փափլիկ մարմնով հպվում էր կրծքիս, մոռանալ էր տալիս ամեն վիշտ ու դառնություն, որոնցով լիքն է արատավորված կյանքը․․․ Ուշ գիշեր էր. ես տանից դուրս էի եկել բեռ խոստումներով․․․ Ամբողջ մարմնով սառած, փայտացած շրջում էի մայթերի վրա, հարձակվում անցորդների վրա՝ չեն վերցնում․․․ այդ գիշեր ես ընկա․․․ Հետևյալ օրը, երբ դեղին տոմսով քաղաքամասից տուն եկա, քույրս արդեն մեռած էր․․․ (Լալիս է) Լսո՞ւմ ես, պրոլետար, ահա թե ինչպես ձեռք բերի իմ իրավունքների օրինական փաստաթուղթը․․․ Ես քեզանից ավելի պատվավոր քաղաքացի եմ: Ինձ հսկում են, նայում խնամքով, բուժում․․․

ԱՆՏՈՆ. (Սաստիկ գունատված մոտենում է ու նստում մոտը, ձեռքը դնում ուսին) Մոռացիր, մի հիշիր, թող, ինչո՞ւ ես տանջում քեզ. թող այդ ամենը․․․

ՄԱՐԹԱ. (Կսկիծով) Ուշ է, Անտո՛ն։ (Մտածում է) Սկզբում ծանր էր ու դժվար․․․ Կարծում էի թե կցնորվեմ, չեմ դիմանա։ Իսկ երբ նայում էի շուրջս, ինձ նմաններին, ուժ էի ստանում: Թվում էր, թե այդպես էր կյանքի օրենքը։ Շատ եմ մտածել թողնել հեռանալ, սակայն ամենօրյա հացի ահը կաշկանդում էր ինձ։ Վճռել էի, ինչ գնով էլ որ լինի, նեցուկ լինեմ անբախտ մորս, որ կյանքում միայն ծեծ է կերել, ծնել ու թաղել․․․ Չեղավ։ Երեխաները կարկտահար ծաղիկների նման թոշնեցին, մեռան, քաղցն ու զրկանքը մնացին մեզ կենակից․․․ Իսկ այժմ ուշ է ու դժվար ետ դառնալը․․․

ԱՆՏՈՆ. Իսկ եթե սիրես մեկին․․․ ամուսնանաս․․․

ՄԱՐԹԱ. Ամենակեղտոտ տղամարդն անգամ սիրահոժար չի ամուսնանում մեզ վրա։ Մենք էլ մեր կողմից նրանց խիստ լավ գիտենք ու չենք ձգտում այդ բախտավորությանը։ Այս դեռ ոչինչ, բարիքը նրանում է, որ հասարակական կարծիքն է մեզ իշխողն ու մեր վիճակը որոշողը։ Մեզ ատում են, մեզանից խորշում։ Ո՞վ կսիրե պոռնիկ աղջկան․․․ Բացառություններ կան և կմնան․․․

ԱՆՏՈՆ. (Հուսահատ) Դու էլ հետևիր վերջիններին։

ՄԱՐԹԱ. Թո՛ղ․․․ կապրեմ այսպես։

(Ներս է մտնում Մակարը մի կեռ ձող ու կեղտոտ տոպրակ ձեռքին):

ՄԱՐԹԱ. Գուցե քաղցա՞ծ ես։ Քիչ սպասիր, հիմա մայրիկը կգա: Լվացվիր, մաքրվիր (Մակարը դժգոհ ինչ-որ փնթփնթում է, լվացվում, մաքրվում ու նստում է պատի տակ:)

ԱՆՏՈՆ. (Կարծես դառը մտորմունքից սթափվելով, Մարթային) Կերակրիր երեխային. տուն գալիս ինձ մի ընկեր ասաց, որ մայրդ ու մի քանի բանվորուհիներ մնացել են պայմանաժամից դուրս աշխատելու: Տեսնո՞ւմ ես, Մարթա, դեռ մենք ամենքս էլ գերի ենք մեր օրվա ապրուստին։ Սակայն այդ դեռ չի նշանակում, որ այդ հսկայական չարիքը լափելու է մեզ, որ մենք կուրորեն տանուլ ենք տալու մեր մարդկային իրավունքները․․․ Բանվորությունը այսօր կռիվ է մղում հարստահարման այդ ձևի դեմ, իր արյան գնով ձգտում է կրճատել աշխատանքի ժամերը։ (Զայրույթով) Իսկ մերոնք ձգտում են մի հոգով երկուսի չափ աշխատել, մի օրում երկու օրվա գործ անել, իրենց ուժն ու եռանդը անխնայորեն վատնել․․․

ՄԱՐԹԱ. (Հեգնում է) Ձգտո՜ւմ են․․․ ինչե՞ր ես ասում. ձգտում են շատ ու էժան աշխատելու։ Ի՜նչ զրպարտություն։ Ինչպե՞ս կարելի է ձգտել։ Է՛հ, Անտոն․․․ մի դատիր հեշտորեն, նրանք չեն ձգտում, նրանք կուլ են գնում ուժից վեր աշխատանքի, որովհետև կին են, մայր, քույր: Չքավորոլթյունը գամել է նրանց ուղեղը քաղցի ահով։ Ի՞նչ անեն, այլ կերպ չի կարելի ապրել․․․ իսկ ձեր անհամ ու խորթ պրոպագանդան էլ չի օգնում, իզուր այնպես պարծենում էր քո ընկերուհին․․․

ԱՆՏՈՆ. Պրոպագանդան անզոր էր, որովհետև մեր բանվորուհիները տգետ են, անգրագետ, ռուս կինը սիրում է զգալ իրեն միշտ անմեղ նահատակի դերում, օժտված է վտանգավոր ցավ դարձած գթով, ստրկական ներողամտությամբ։ Նա ավելի շատ կզիջե, քան թե կպահանջե, ավելի շուտ կլռե, քան թե կբողոքե․․․

ՄԱՐԹԱ. (Սաստիկ վշտացած) Այո, այո ռուս կինը ապրում է նահատակի դերում։ Այդպես է կինը, նրան անըմբռնելի քո անմիս ու անարյուն վարդապետությունը։ (Ծիծաղում է) Հա՜, հա՜, հա՜, հա՜։ Ի՜նչ սիրուն ու մխիթարական խոսքեր. «անգլիական շաբաթ, ութ ժամյա աշխատանք»։ Այդ ամենը մեզ համար չէ ասված։ Քո գրքերին նայելով՝ մեր կյանքը մի պարսավիր։ Նրանք իրար նման չեն, հավատա։ Դու գիտե՞ս, արդյոք, այդ տգետ բանվորուհիներին, որոնք այսօր, շաբաթ օրով ուշ են տուն գալու։ Գիտե՞ս, որ նրանցից շատերը ծնված են արգանդի ախտով, շատերը կիծքի տակ թաքցնում են կենդանի արարածներ, աշխատանքից չզրկվելու ահով շատերին սպասում է մի ամբողջ շաբաթ չհավաքած, չժողոված տուն, կեղտ ու ապականության մեջ կորած երեխաներ, բացակայության ժամանակ պատահած անուղղելի սխալ, աններելի մեղք․․․ արբած ամուսնու կամ սիրեկանի անպատկառ հանցանք, հաճախ ծեծ։ (Մնում է լուռ) Քո բրոշյուրները քիչ գիտեն, հոգիս, այն ծով տառապանքից, որ ես տեսել եմ մանկութ․․․ որքա՜ն անտանելի է կյանքը, որքա՜ն անպատիժ ոճիր ու տառապանք է ծնում ու սնում նա․․․ Ուրիշ բան է մխիթարել մեկին, սովորեցնել, թեթևացնել մեկի բեռը, նեցուկ լինել ճգնաժամին։ Բայց դատել պետք չէ, Անտոն, մեղադրելը, պախարակելը. ոչ ոք չի ուզում իր վատ լինելը, չի ձգտում դրան, բայց հակառակ իր ցանկության, նրան մատով են ցույց տալիս։ Ինչո՞ւ, Չէ՞ որ կյանքն է վատը, ինչո՞ւ է լափում, տրորում, մարդուն որդի նման սողալ տալիս, հողին հավասարեցնում․․․

ԱՆՏՈՆ. (Որ հիացած լսում էր նրան) Խոսիր, Մարթա, դատիր, թող քո սիրուն աչքերում փայլի բարկության հուրը։ Կեցիր միշտ այդպես, քո դեմքից հեռու վանիր լքման ամպերը, գլուխդ բարձր պահած գնա առաջ հաստատուն քայլերով (Շոյում է մազերը) առանց ետ նայելու․․․ Սիրում եմ տեսնել քեզ այսպես։ Դու շատ ես տեսել, շատ ես ապրել քո այդ զգայուն քնքուշ սրտով։ Հավատում եմ, ասա, պատմիր, սովորեցրու ինձ, եղիր իմ մխիթարանքի մատյանը․․․ երբ մոտդ եմ լինում, մի հմայիչ ջերմություն եռում է կրծքիս տակ, հրաբուխի նման, սրտիս վրա լույս է իջնում, հոգուս՝ անդորր․․․ Թվում է, թե բացվում է մի հսկայական գիրկ, վերցնում, գրկում է ինձ ու վայելքներ խոստացող մեղեդիով օրորում․․․ (Նկատելով Մարթայի ժպիտը) Ժպտում ես։ Տես։ Ինչ լավ է, որ չես վշտանում ու տրտնջում։ Կաց այդպես, հոգիս թող առյուծ դառնա, մտքերս՝ արծիվ, կաց այդպես՝ ես ծառացած եմ արհավիրքի ու մահվան դեմ, ես մահն անարգել ու կյանքը սիրել գիտեմ․․․

ՄԱՐԹԱ. (Հանդարտ ժպտում է) Ոգևորվեցիր․․․ Դու միշտ այդպես ես եղել։

ԱՆՏՈՆ. (Նույնպես) Միշտ, իսկ այժմ անչափ, անսահման, ուզում եմ պատահողին գրկեմ, սեղմեմ գրկիս, վարակեմ իմ բերկրալի ոգևորությամբ, ուզում եմ, որ ամենքն էլ ինձ նման հուսան ու խնդան։ Ուզում եմ, որ առաջին վարակվողը դու լինես․ դեպի լավը ունեցած հավատի անհատնում պաշարը դու կիսես ինձ հետ․․․ Դե՛հ, պատասխանիր, ասա մի բան․․․

ՄԱՐԹԱ․ (Մեղմ) Խոսիր, կլսեմ սիրով․․․

ԱՆՏՈՆ. Հա (Ժպտում է)․․․ Ինչպե՞ս չոգևորվել, երբ բարի ու գեղեցիկ կանգնել են իմ դեմ հպարտ ու անպարտ․ ե՛կ կանչում են արթուն․ Կաց, Անտոն, չընկճվես, բնավ․ ե՛կ դեպի մեր գիրկը հպարտ ու անպարտ․ ե՛կ․․․ թափ տուր թևերդ արծիվների պես, որ կատեն շղթան ու չունեն երկյուղ մրրիկների պես, որ արգելքների գոյության մասին չեն լսել երբեք, սլացիր բարձունքներից էլ հանդուգն, երազներից էլ արագ։ Ե՛կ, մենք քեզ լուր տվինք վարդավառ գարնան հետ, ծաղիկների մրմունջով, քամու թևերի վրա, թռչնիկների վզերից կախած, քո ուղին զուգեցինք աստղերի ցանցի տակ ցողապատ դաշտերի կրծքերին արևի ջերմ համբույրի տակ, կոթող լեռների լանջերին․ քեզ ենք կանչում կյանքի ու էության հիմնի արծաթահնչուն ղողանջներով՝ արթուն կաց և եկ, ու ես հույսը ճակատիս, սերը սրտիս դիմում եմ դեպի բարին ու գեղեցիկը, ես հավատում եմ նրա անխորտակելի, անհերքելի գոյության հաղթանակը՝ կարո՞ղ եմ չոգևորվել։

Ու գնում եմ ես այդ ղողանջների արձագանքով հոգիս աղմկած, օրըստօրե թափելով իմ վզից կախված և կուրծքս քերող շղթաների օղակներս, որ կյանքն իր հարակից պայմաններում, բռնությունն իր գոյության խրախճանքի կերոններով կռել են ու կոփել, հոգով թույլերի ու մտքով անզորի համար։ Ահա ես, Մարթա, որ քնած էի, արթնացա ու կարդացի բնության հրաշալիքների գերագույն գաղտնիքը, քրքրեցի մարդկային հոգու ապրումները ոսկեզօծ հյուսքին։ Ահա ես, որ սողում էի ցեխոտ գետնի երեսին, մտքով երկինքն եմ քրքրում։ Ես, որ աշխատում էի անդուլ վառ հնոցի առաջ, շեկ երկաթին տված ուժից ու քրտինքից, անմասն, անհաղորդ, այժմ հնոցն ու երկաթը ընկեր են ինձ, իսկ մուրճս իմ կամքին գերի․․․ Կարո՞ղ եմ չոգևորվել ես․․․ Թող լինի դուրսը աշուն ու անձրև, քո ասածի նման, ես արհամարհում եմ նրա լքումը, գարունն է գալիս․․․ (Ժպտալով նստում Է Մարթայի մոտ):

ՄԱՐԹԱ. Երանի՜ քեզ։

ԱՆՏՈՆ. (Անսահման սիրով) Ինչո՞ւ։

ՄԱՐԹԱ. Այնպես, եթե ես քեզ նման հոգեկան վայելքների այդքան պաշար ունենայի, մենակություն չէի զգա և կապրեի երջանիկ։

ԱՆՏՈՆ. Իսկ մարմի՞նը, մի բաժանիր նրանց, կխախտես գոյության իմաստուն ներդաշնակությունը, հոգով ապրելու դարն անցել է․․․

ՄԱՐԹԱ. (Համառ) Ես կապրեի, ինչի՞ս է պետք մարմնավորը, որ կեղտի ու ոճիրի օրրան է (Երազանքով) Իսկ հոգուն մեկի պղտոր հայացքը անգամ չի հասնի։

ԱՆՏՈՆ. Սխալվում ես. էությունը մի է, անբաժան, մարդն է նրան ջոկ-ջոկ անուն տալիս, լոկ տարբերելու նյութականը վերացականից։ Նրանք չեն բաժանվում, վասնզի անքակտելի են։ Սուտ է, եթե մեկն ասում է՝ ապրում եմ հոգով դա միայն ճգնավորական զառանցանք է, որ թողել են մեզ անցնող դարերն ու քրիստոնեական վարդապետությունը, ուստի նույնպես, որ հոխորտում են միայն մարմնով, չիք դարձնելով հոգեկանի դերը։ Եթե առաջինը աշխարհիս ունայնության համար է, երկրորդը նրա շինության, ուր մարմնին սնունդ տալու համար չի արհամարհվում ոչ մի պիղծ միջոց, ուր մարմնի բարեկեցության համար հարստահարվում են սերունդներ, կեղեքվում անզորներ․․․ տեսնո՞ւմ ես, սիրելիս․․․ գնանք մի քիչ թափառելու, խաղաղ ու տաք է իրիկունը ազատ դաշտում, ազատ երկնքի տակ կխոսենք, բնությունը արձակում է մարդու կապերը, նա կապանք չի սիրում։ Գնանք, Մարթա։

ՄԱՐԹԱ. Մայրս գա, հետո․․․ (Սկսում է Անտոնի թափթփված իրերը հավաքել, սեղանը պատրաստել, գնում է դուրս):

ՄԱԿԱՐ. (Անտոնին, որ մտազբաղ շրջում է սենյակում) Իսկ ես այսօր 9 կ․ վաստակեցի. 3-ը կպահեմ ջութակիս համար, 5-ը կտամ մայրիկին, 1-ը վաղը կծախսեմ ինձ համար։ (Ինքն իրեն) Հավաքում ես կեղտոտ հոտած լաթեր ու փող է դառնում։ (Ժպտում է) Երբ 5 մանեթը լրացավ, իսկույն Մարթայի հետ կգնամ ջութակ գնելու․ ահ, ինչպե՜ս նվագելու եմ, լավ սրտառուչ երգեր։ (Ցնորամիտ, անշարժ հայացքով)։ Ես այդ երգերն այժմ գիտեմ․․․ Զգում եմ, նվագեցի, աստված վկա, լաց կլինեք (Մնում է լուռ և ապա պատից վար է առնում մի հնամաշ ջութակ և նվագում ինչ-որ տրտում հառաչանքով, լայն բացված աչքերը հառած մի կետի:

ԱՆՏՈՆ. (Շոյում է) Լավ երեխա (Փող է տալիս ու նստում մոտը):

ՄԱԿԱՐ. (Սթափվում է) Շնորհակալ եմ, քեռի։ (Խաղում է փողի հետ) Այսօր երբ հավաքածս քուրջերը տարա, Շմարցի պառավ մայրը մենակ էր. «Նստիր, ասաց, կխոսենք, դու լավ տղա ես»։ Նստեցինք բակում։ Ես նրան պատմեցի, որ չեմ ծխում, օղի չեմ խմում մյուս քուրջ հավաքողների նման։ Հավաքում եմ փող, որ ջութակ գնեմ։ Նա ինձ ապուր տվեց ձկով եփած և ասաց, որ աղոթելիս հիշեմ իր որդի Ահարոնին, որ մեռցրել են չար մարդիկ։ Իսկ ես նվիրեցի նրան աղբանոցում գտած մի փոքրիկ մկրատ։ Այդ մկրատը ես վճռել էի տալ մեր դրացի աղջիկ Անուշին, բայց չտվի. անպիտան, երես առած աղջիկը չի ուզում հետս խաղալ, ասում է, որ իմ դեմքը նման է եկեղեցում կախված մի սրբի դեմքի․․․ Խիստ բարի կին է այդ պառավ հրեան և միշտ լաց է լինում: Երբ ջութակ գնեմ, նա ինձ սովորեցնելու է մի հրեական երգ, որ ինքը երգելիս է եղել Լեհաստնում իր օրիորդ ժամանակ։ Նա առաջ այնքան գեղեցիկ է եղել, որ թագավորի որդին նրան չի առել կնության լոկ հրեա լինելու պատճառով․․․

ԱՆՏՈՆ․ (Ցույց տալով ջութակը) Իսկ այս ո՞վ է գնել։

ՄԱԿԱՐ. Մարթան։

ԱՆՏՈՆ․ Վաղո՞ւց է։

ՄԱԿԱՐ. Երեք տարի կլինի, այն ժամանակ մենք լավ էինք ապրում. ձեր սենյակում կենում էր հիվանդ օրիորդը, նա էլ ջութակ ուներ ու մի օր բարկացած խփեց պատին, փշրեց։ Ես չէի սիրում նրան, իսկ նա Մարթային շատ էր սիրում․ կարդալ, գրել սովորեցրեց: Այն ժամանակ Մարթան վատ էր․ տուն չէր գալիս շաբաթներով, հորս նման հաշիվը չէր ճանաչում, օգնում էր ամենքին, իսկ օրիորդը կռվում էր նրա հետ և լալիս էին երկուսն էլ։ (Խորհրդավոր) Այժմ Մարթան խնամում է օրիորդի երեխային, որ ապրում է գյուղում մեր քավորի մոտ։ Մարդու բան չասեք, Մարթան ինձ կծեծի․․․ Այդ օրիորդի պատճառով Մարթան իր փողերը վատնեց, նա մեզ մոտ ապրում էր տիրուհու նման, նրա պատճառով բանտ նստեց․․․

ԱՆՏՈՆ․ Ինչո՞ւ։

ՄԱԿԱՐ. (Հպարտ) Գնացել էր օրիորդի ամուսնու մոտ, ապտակել էր նրան, վատ խոսքեր էր ասել։ Հետո խաբեցին, որ երեխան մեռել է։ Մարթան մի թուղթ տարավ ու փող ստացավ, որ օրիորդը բժշկվի, սակայն նա մեռավ, փողը մնաց երեխային։ Իսկ եթե նա էլ մեռնի, կմնա Մարթային, օրիորդն է գրել այդպես։

(Ներս են մտնում Մարթան և մի ներկված, դեղին մազերով, գունատ նիհար աղջիկ, որ հեկեկում է):

ՄԱՐԹԱ․ Հանգստացիր, կտեղափոխվես ինձ մոտ, կապրենք միասին։

ՄԱԿԱՐ. (Անտոնին, խորհրդավոր) Տեսնո՞ւմ եք․․․

(Աղջիկը սրբում է աչքերը և խաչակնքում: Անտոնը մտնում է իր սենյակը: Մարթան հետևում է աչքերով)

ԱՂՋԻԿԸ․ Այսպես, հագուստներս տանտիրուհին է գրավում վարձի փոխարեն ու ինձ փողոց նետում, գնում եմ Պաշայի մոտ։ (Ժպտում է) Դու տեսե՞լ ես նրա ամուսնուն, անբախտ Պաշա։ Հա, նրա ամուսինը հյուրանոցում է, ինձ հանգիստ չի տալիս։ Պաշան վիրավորվում է ու ինձ մեղադրում, որ գրավում եմ նրա ամուսնուն ու վռնդում է։ Մի քանի օր ցերեկները թափառում էի, իսկ գիշերները քնում պուրակում: Այսօր լսեցի, որ իմ (ուզում է հայհոյել, Մարթան արգելում է) սիրեկանը չէ թե Ռուսաստան է գնացել մեռած մորը թաղելու, այլ կապվել է մի պառավ պոռնիկի հետ։ (Լալիս է ու հազում սաստիկ):

ՄԱՐԹԱ. (Կարեկից) Հանդարտվիր։ Ես կգնամ նրա մոտ, կխոսեմ։ Գուցե սիրո՞ւմ էիր․․․

ԱՂՋԻԿԸ. (Անփույթ) Ի՜նչ սեր, ո՞վ է ինձ սիրել, որ ես էլ ուրիշին սիրեմ։ Դժվարն այն է, որ երկու հատ մատանիս ծախեցի ու նրան նոր կոշիկներ գնեցի։ Կոշիկները հին էին, իսկ ես չէի ուզում, որ աղջիկները ծաղրեն նրան։ Ես ամենքին էլ խաբել էի, որ 20 ման. ռոճիկ է ստանում, իսկ Ռուսաստանում էլ հող ու խրճիթ ունի։ Ահա թե ինչ։ (Լալով) Իսկ այժմ նա ապրում է ուրիշի հետ իմ սեփական կոշիկները հագին։ (Հազում է) Կուրացնելու եմ երկուսին էլ, պատմելու եմ ամենքին, որ նա ինձ տանում է․․․

ՄԱՐԹԱ. (Դարձյալ խանգարում է) Լռիր, կան բաներ, որոնց մասին չեն խոսում․․․

ԱՂՋԻԿԸ. (Ծիծաղում է) Տեր Աստված, կարծես оրինավոր կին լինեմ (Հազում է):

(Մտնում են անկարգ, աղմուկով մի խումբ աղջիկներ):

Ա. ԱՂՋԻԿ. Քո արածը խոզություն է. ինչո՞ւ չես երևում։

Բ. ԱՂՋԻԿ. Անցյալ կիրակի Դոնի ափին քեֆ արինք. եղեգնուտի միջից մի վերարկու գտա, ծախեցի 3 մանեթով․

(Պտույտ է գալիս կրունկի վրա: Անտոնն ուզում է դուրս գնալ: Լիզան մոտենում է ու բարևում: Նա ժպտում է ու փախչում): Գ. ԱՂՋԻԿ. (Լուռ, Անտոնին դիտելուց հետո) Այժմ ինձ չի զարմացնում քո նստակյաց կյանքը։

ԼԻԶԱ․ (Բարձրաձայն) Զուր ենթադրություն։

Գ. ԱՂՋԻԿ. Քե՞զ ինչ։

ՄԱՐԹԱ. Գիտե՞ք, աղջիկներ, դժվար թե կարողանամ այսօր տանից դուրս գալ․․․ գործ ունեմ․․․

Ա. ԱՂՋԻԿ. Ասա որ ամաչում ես մեզ հետ երևալու։

Գ. ԱՂՋԻԿ. Կամ թե ամուսնանում ես․․․

ՄԱՐԹԱ. Ո՛չ առաջինը և ո՛չ էլ երկրորդը (Մնում է շվար):

ԼԻԶԱ. (Մի պահ մտածում է. միայն Մարթային) Ես նրանց խոսք կհասկացնեմ։ Եթե լուրջ պատճառ ունես, կեցիր: Փող պե՞տք է, վաղը կբերեմ պարտքս, հիվանդ չե՞ս․․․

ՄԱԿԱՐ․ Ես ինչպե՜ս ատում եմ այս աղջիկներին, երբ մեծանամ, տուն թողնելու չեմ․․․

ՄԱՐԹԱ. (Ծիծաղում է):

ԼԻՋԱ. (Ներս է ընկնում) Ասա, ի՞նչ է պատահել, չկարողացա համբերել։

ՄԱՐԹԱ. (Բռնում է նրա կոճակից) Եկ թողնենք այս կյանքը։

ԼԻԶԱ․ (Ապշած) Մեռնե՞նք․․․

ՄԱՐԹԱ. (Շտապ) Ո՛չ, ապրենք այլ կերպ, մի բան անենք։

ԼԻԶԱ. Ի՞նչ գիտենք, որ ինչ անենք, հանա՞ք ես անում։

ՄԱՐԹԱ. (Խեղճ ու մոլոր) Ես լուրջ եմ ասում։

ԼԻԶԱ․ Իսկ ես չեմ հասկանում. ապրենք այլ կերպ, կարծես մեկին խանգարում ենք։

ՄԱՐԹԱ. Դեհ գնա։ (Դրսից հայհոյում են) աղմկում են դռան առաջ, լավ չէ։

ԼԻԶԱ. (Երկար զարմացած դիտում է Մարթային) Բարկացա՞ր։ (Պարում է կաֆե շանտանային պար երգելով):

«Ո՛չ աղջիկ ենք, ո՛չ էլ կին,
Պատկանում ենք ամենքին,
Ու այս կյանքում անօգուտ
Չենք վայելում սեր ու գութ։

Գարուն, ամառ ու ձմեռ
Օր կը քաշենք առանց բեռ,
Մինչ թառամի մեր կաշին
Հողը տիրե մեր լեշին․․․»։

Ահա քեզ մեր կյանքը, մեր գործը (Գնում է):

(Մարթան հավաքում է աղջիկների խառնած իրերը, մտնում է Աննան, լուռ, գունատ): ԱՆՆԱ. Մակար, եկե՞լ ես, սպասել տվի, (Շտապով նայում է) եկ սրտիս, եկ իմ միակ, իմ հարազատ։ (Գրկում է, համբուրում: Նստում են ուտելու: Մարթայից ծածուկ ծոցից հանում է օղու մի փոքրիկ շիշ):

ՄԱԿԱՐ. (Կամաց) Մի քիչ էլ ինձ թող։

(Աննան տալիս է թաքուն: Մարթան գլուխը Անտոնի սենյակի դռանը հենած կանգնում է լուռ ու մտատանջ):

ՄԱՐԹԱ. Սիրում եմ քեզ, սակայն չեմ համարձակվում հայտնել քեզ այդ: Վախենում եմ մոտենալ քեզ՝ ես մեղավոր եմ ու արատավոր, դու անմեղ ու արժանի․․․

ՄԱԿԱՐ. (Մորը) Պառավն ասում է, որ նա այնպես գեղեցիկ է եղել ու երգել է այնքան լավ, որ թագավորները նրան կնության չեն առել լոկ հրեա լինելու պատճառով։

Be the first who will comment on this

Other parts of "Կարմիր խաչ"

Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby