Shushanik Kurghinyan
Կարմիր խաչ
Գ. ԱՐԱՐ
Շքեղ տուն, պարտեզ, շատրվան, լայն տերրասում բացած շեն սեղան, դիմացը հեռուն տանող լայն ծառուղին մաքրում ու ջրում է ծերուկ «խոխոլը», պճնված մալոռուս ծծմայրը մանկական մի սիրուն կառք բռնած շրջում է:
ԾԵՐՈՒԿ. (Հեռվից ապշած դիտում է նրան) Բո՛ւհ, սատանի ճուտ, փքվել է հնդկահավի նման։ (Ավելում է կասես բարկացած):
ԾԾՄԱՅՐ. Պապ, սպասիր անցնեմ, փոշի մի հանիր։
ԾԵՐՈՒԿ. (Հայացքով չափում է նրան) Վաղո՞ւց է, որ այդպես քնքշացել ես։
ԾԾՄԱՅՐ. (Ծիծաղում է) Վաղո՜ւց․․․
ԾԵՐՈՒԿ. Բայց քայլում ես կոշիկ հագած արջի նման:
ԾԾՄԱՅՐ. (Կառքը շրջում է դեպի ծերուկը) Իսկ դու լավ ես կծում նույնիսկ ատամներիդ վատ ժամանակը։
ԾԵՐՈՒԿ. (Ինչ-որ փնթփնթում է) Դեհ անցիր, գնա՛։
ԾԾՄԱՅՐ. (Նստում է նստարանի վրա ձեռքերը փորին խաչելով) Օֆ, տեսա, որ գյուղից նոր եկած ես, ասի գնամ քիչ խոսեմ, մխիթարվեմ, իսկ դու վռնդում ես։
ԾԵՐՈՒԿ. (Նայում է աչքի տակով ու ժպտում) Որտեղացի՞ ես:
ԾԾՄԱՅՐ. (Անգիր արած դասի նման) Խարկովյան նահանգից, Ստարաբիլյան գավառից, Շուշկինյան վիճակից, Ստալակև գյուղից։
ԾԵՐՈՒԿ. (Ավելի մտերմորեն) Ինչպե՞ս է, գո՞հ ես դրանցից (Ցախավելով ցույց է տալիս տունը):
ԾԾՄԱՅՐ. Է՜հ, ոչինչ, լավ են կերակրում, հագցնում։ ԾԵՐՈԻԿ. (Քմծիծաղ) Առաջինը երևում է, համաձայն եմ, իսկ երկրորդը ինձ դուր չի գալիս։
ԾԾՄԱՅՐ. Ի՜նչ արած, ձևը այդ է։ Դժբախտությունը նրանումն է, որ ոչ մի կերպ չեմ հաշտվում իմ վիճակի հետ։ Տխուր է, գյուղի կարոտը մաշում է ինձ։ Գիշերները չեմ քնում, այս գիշեր էլ այնպես տխուր էր, նստեցի պատուհանի վրա ու մտքով սլացա գյուղ։ Թվաց, թե լսում եմ քնած անապատի մշշոց. մեր դրացու գամփռը հաչեց մեկի վրա, աքլորները ձայն տվին իրար, վազեց մեկը փողոցով․․․ հասավ ինձ քաղած խոտի անուշ բուրմունքը, արբեցրեց ու ես կարծելով թե տանն եմ, սկսեցի բարձր ձայնով երգել։ (Աչքերն է սրբում) Երեխան քնից սարսափահար զարթնեց, լաց եղավ․․․ ինձ անարգեցին, որ մյուս անգամ չհամարձակվեմ հիմարանալու․․․
ԾԵՐՈՒԿ. (Կարեկցորեն) Տանը ի՞նչ ունես։
ԾԾՄԱՅՐ. Սկեսրայր, սկեսուր, մի տագր, երկու հարսնացու տալ և մի 8-9 ամսական տղա, ամուսինս էլ զինվոր է գնացել հեռու երկիր։ Գրում է, որ գարուն, ամառ ձյունը չի հալվում սարերի գագաթից:
ԾԵՐՈՒԿ. (Ծիծաղում է սրտանց) Թու, սատանի ճուտ, չի՞ հալվում։
ԾԾՄԱՅՐ. Հա, ապրում են զարմանալի մարդիկ. խաչակնքում են, մեծ-մեծ եկեղեցիներ ունեն, բայց ռուս չեն։
ԾԵՐՈՒԿ. (Հրճվում է) Թու, սատանի ճուտ, խաչակնքում են ու ռուս չե՞ն։
ԾԾՄԱՅՐ. Կանայք ճակատներին շատ ոսկի դրամներ են հագնում․․․ սև մազերով են, սև աչքերով․․․
ԾԵՐՈՒԿ. (Հրճվանքին չափ չկա) Թու, սատանի ճուտ, ոսկի են հագնում․․․ (Հանդարտվելուց հետո) Հող ունե՞ք։
ԾԾՄԱՅՐ. Շատ քիչ․․․ Ինձ տագրս օր չէր տալիս, ասում էր ապրիր հետս։ Հազիվ կերակրվում ենք, ասում էր, հնարավորություն չկա, ասում էր, կարգվել մինչև եղբորս գալը, ասում էր, կապրենք միասին, ես քեզ մի դեյրացու, ասում էր ու տիրացուի կնոջ պես մի գլխի շալ կգնեմ, ասում էր․․․
ԾԵՐՈՒԿ. (Զարմացած) Ինչո՞ւ չհամաձայնվեցիր։
ԾԾՄԱՅՐ. Ես վախենում էի նրանից, նա վատ գրքեր էր կարդում, ասում էր․․․ (Սաստիկ ծիծաղում է) աշխարհը կլոր է ձմերուկի նման, օղի չէր խմում. չէր խաչակնքում․․․
ԾԵՐՈՒԿ. (Սաստիկ զայրացած) Թու, սատանի ճուտ։
ԾԾՄԱՅՐ. (Ծիծաղով) Ասում էր, որ ինքն էլ, ես էլ, նույնիսկ գյուղի քահանան՝ պոչ ունենք, առաջ կապիկներ ենք եղել ասում է (Թուլանամ է ծիծաղից):
ԾԵՐՈՒԿ. Թու, սատանի ճուտ, անպատկառ: ԾԾՄԱՅՐ. (Աչքերն է սրբում) Ասում էր, որ հասարակական հողը պետք է բաժանել հավասար, տերերն էլ, ռամիկներն էլ պիտի հավասար ցանեն, քաղեն, ասում էր։
ԾԵՐՈՒԿ. Թու․․․ (Մտազբաղ ծոծրակն է քորում):
ԾԾՄԱՅՐ. Մարդիկ հավասար են, ասում էր: Աստված տեր ու ծառա չի ստեղծել: Ասում էր։
ԾԵՐՈՒԿ. (Մոլոր նայում է ձեռքերին) Թու․․․ (Զսպում է իրեն):
ԾԾՄԱՅՐ. Զինվոր գնալ պետք չէ, ասում էր, պատերազմը մեղք է․․․ բոլոր մարդիկ եղբայրներ են, ասում էր․․․
ԾԵՐՈՒԿ. Հա՞ (Մնում է շշմած):
ԾԾՄԱՅՐ. (Երկյուղով նայում է տան կողմը և իսկույն բարձրանում ու հեռանում է):
ԾԵՐՈՒԿ. Թու, սատանի ճուտ․․․ Ինչեր ասաց․․․ «մարդիկ եղբայրներ են, ասում է»․․․ (Մնում է զարմացած):
ՄԱԿԱՐ. (Գալիս է մի փոքրիկ շուն ու թերթ ձեռին) Բարև պապ:
ԾԵՐՈՒԿ. Աստծու բարին թոռ, ի՞նչ կամենաս։
ՄԱԿԱՐ. Սրանից երկու օր առաջ այս շնիկը գտա փողոցում։ Քույրս այսօր թերթում կարդաց, որ խնդրում են գտնողին վերադարձնել: (Ցույց է տալիս թերթը) Տե՛ս, այստեղ գրված է, որ խոստանում են վարձատրություն։
ԾԵՐՈՒԿ. (Խեթ խեթ նայում է թերթին) Գրածին խելքս չի հասնում, անգրագետների բանակից եմ, բայց որ վարձատրելու են, այդ լավ է, տար, տղա, մի բան կտան (Մակարն ուզում է գնալ) բայց կեցիր, ինչո՞ւ բերիր, կխաղայիր հետը, նրանք շատ ունեն։
ՄԱԿԱՐ. Ես ուզում էի թողնել, քույրս ասաց տար, նա հասարակ շուն չէ, դժվար է կերակրել:
ԾԵՐՈՒԿ. (Ժպտուն) Տեսնո՞ւմ ես, խելոք քույր ես ունեցել, թեև աշխարհում այնքան խելոք կնիկ կա, որքան սև կոպեկ իմ ու քո գրպանում, դե՛հ տար։
(Մակարը մոտենում է տերրասի սանդուխներին, աղախինը ինչ-որ բան է դուրս բերում տան հետևից ու դնում սեղանի վրա, Մակարին նկատելով):
ԱՂԱԽԻՆ. Ի՞նչ ես ուզում։
ՄԱԿԱՐ. (Վախկոտ վար է առնում գլխարկը) Ձեր շնիկն եմ բերել, օրիորդ, այստեղ գրված է․․․
ԱՂԱԽԻՆ. Ա՜, դա մեր շնիկն է, ինչպես պիտի ուրախանա օրիորդը։
(Վերցնում է շունը և ներս վազում: Մակարը զարմացած շուրջն է դիտում):
ՕՐԻՈՐԴ. (Դուրս գալով տերրաս) Այդ դո՞ւ ես բերել իմ շնիկին, բարի տղա, որտեղից գտար, երբ, քեզ ո՞վ տվեց մեր հասցեն (Նկատելով թերթը) հա, կարդալ գիտե՞ս։
ՄԱԿԱՐ. (Հպարտ) Քույրս, Մարթան կարդաց. այստեղ գրված է, որ․․․
ՕՐԻՈՐԴ. (Ժպտալով) Որ գտնողին խոստանում է վարձատրություն։ (Մակարը գլխով է անում) Այս րոպեիս, հոգիս, սպասիր մի քիչ: (Ներս է վազում, լսվում է ծիծաղ, աղմուկ, խնդրում են մեկին նվագել, ծափահարում են):
ՄԱԿԱՐ. (Մտազբաղ) Եթե մի մանեթ տա․․․ Ինչ սիրուն աղջիկ էր, ասաց «շնորհակալություն, բարի տղա»։ (Վճռական) Երևի կտա․․․ (Համոզված), Իհարկե կտա, իսկ եթե չբերեի՝ լավ կլիներ։ (Նայում է շուրջը) Մարթան ապրեր այստեղ․․․ Նա սաստիկ սիրում է ծաղիկներ, պարտեզ․․․ Մարթան էլ, մայրիկն էլ ասացին, որ ինչ-որ տան, իմն է, ջութակիս բախտին։ Ես համոզված եմ, որ մի մանեթ կտա։ (Կամաց ու խիստ հուզված) Իսկ երբ ջութակ գնեցի, մի օր կգամ այստեղ, առավոտ կանուխ, երբ դեռ թռչունները քնած են լինում, ամենքը, կթաքնվեմ այս ծաղիկների տակ, կնվագեմ մի նուրբ երգ սիրուն օրիորդի համար։ Նա կզարթնի իմ նվագի ձայնից, կհրամայի երգչին իր մոտ բերել. ծառաները կընկնեն քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, որ գտնեն ջութակահարին և ով էլ որ լինի, ուր էլ որ լինի տանեն օրիորդի մոտ՝ ճիշտ հեքիաթի նման։ (Պարծենկոտ) Կգտնեն։ Ես իսկույն կփախչեմ պառավ Շմարցի մոտ։ Նա ինձ կթաքցնի քուրջերի մեջ՝ փնտրիր որ գտնես․․․
(Տանից լսվող աղմուկը դադարում է լսվում է նվագածություն, հեծկլտում, լալիս է ջութակը հուզիչ ելևէջներով և բաց լուսամուտներից դուրս լողում: Մակարը մի պահ մնում է շանթահար, գլխարկը վար է ընկնում ձեռքից: Նրա վտիտ մարմինը մերթ դողում է, մերթ ցնցվում, կցկտուր ելևէջները հիպնոսացրած նրան, քաշում են մագնիսի նման դեպի իրենց: Մակարը վերացած, լայն բացված աչքերը հառած անորոշ բարձրության, թեթև ու անձայն լուսնոտի նման տերրասի սանդուխի պատերին հենված սողում է դեպի վեր, վիզն երկարացրած ձգվում է դեպի նվագը և անմտորեն կպչում է սեղանին ու վար ձգում ամաններ, գդալներ և այլն):
ԼԱԿԵՅ. (Տերրասի ձախ կողմից ինչ-որ բերելով) Ախ, դու սրիկա. (Խփում է տղին ու դեն հրում) Դեռ կաթնատամներդ չեն թափվել գողությո՞ւն ես անում։
ՆԵՐՍԻՑ ՁԱՅՆԵՐ. Ի՞նչ պատահեց։
ԼԱԿԵՅ. (Հավաքելով թափթփված իրերը. Մակարը ցնորամիտ ժպիտը երեսին կանգնել է պատի տակ) Օր ցերեկով գողություն։ (Մակարը նորից դիմում է դեպի նվագը) Ես ցույց կտամ, անպիտան գող (հարձակվում է որ խփի): ՕՐԻՈՐԴ. (Մոտենալով լուսամուտին) Սխալվում ես, դա իմ շնիկը բերող տղան է, երևում է որ աղքատ, բայց ազնիվ տղա է։ (Մակարին) Այս րոպեիս (Ուզում է հեռանալ):
ԼԱԿԵՅ. Ես նրան բռնեցի գողության մեջ, օրիորդ։
ՕՐԻՈՐԴ. (Բարկացած) Զրպարտել անմեղին գովելի չէ, իսկ ծեծելը մի թույլ տղայի, ավելի քան անգթություն (Հեռանում է զայրացած):
ԼԱԿԵՅ. (Վշտացած ու բարձր, որ ամենքը իմանան) Ես չզրպարտեցի, այլ ձեր ոսկի գդալները հանեցի գրպանից (Մինչ այն դադարում է նվագը, հյուրերը դուրս են գալիս):
ՄԱԿԱՐ. (Որ դեռ չէ սթափվել, զմայլանքի ժպիտը երեսին դիմում է հյուրերին) Ի՜նչ երգ․․․ Ինչպիսի՜ ելևէջներ․․․ Ես հենց այդ տեսակ երգն եմ սիրում, որ կասես կպչում է ինձ, հոգուս, մարմնիս, գրկում է ինձ, օրորում, համբուրում ու լալիս․․․ (Աղերսանքով) Ո՞վ էր նվագում նոր ջութակի վրա։ (Լսողների դեմքին ահ ու կասկած) Թողեք գեթ մոտից նայեմ, չէ՞ որ ես էլ ջութակ եմ գնելու․․․ (Տխուր ու հանդարտ ձայնով): Ես դեռ շատ փոքր էի, երբ տեսա երազում, որ մի ծերուկ ինձ ոսկելար ջութակ տվեց։ Երբ ես աղեղը քսեցի լարերին, ջութակը ճչաց ու ես արթնացա։ Մարթան, Կլարան լալիս էին, մայրս ճչում էր ցնորվածի պես, բանվորները այլալյած վազում էին դես ու դեն, կաթսան պայթել ու սպանել էր հորս։ Մենք հեռացանք գործարանի հանրակացարանից, իսկ ջութակի ճիչը մնաց այստեղ (Ցույց է տալիս կուրծքը) կրծում է ու ճնշում։ Երբ ասում եմ մորս, նա չի հասկանում։ Մարթան ասում է, որ ամենքս էլ ծնված ենք մեր բաժին բեռով, որ պիտի ճնշե մեզ գիշեր-ցերեկ․․․ (Մնում է մի պահ լուռ) Երբ ջութակ ունեցա, պիտի նվագեմ, որ հալվի վերանա այդ ճնշումը իմ կրծքի վրայից, պիտ նվագեմ, որ մարդիկ իմանան իմ ցավը, իսկ երբ նվագեցի, չեն արգելի, ուզեն չուզեն կլսեն․․․ (Ընդհանուր աննպաստ տրամադրությունը նկատելով) Ես գող չեմ։ (Լալիս է աղեկտուր) Ես շնիկը բերի, բարի օրիորդը ինձ խոստացավ վարձատրել։
ՕՐԻՈՐԴ. Թողեք նրան, նա ճիշտ է ասում։
Մի ջանել շքեղ հագնված երիտասարդ. Չեմ հասկանում, պարոնայք, ակներև է, որ մենք գործ ունենք (գլուխն է ցույց տալիս) հետ։ Նման դեպքում ամեն մի կարգասեր քաղաքացու պարտականությունն է դիմել ուր որ հարկն է։
ՕՐԻՈՐԴ. (Զարմացած) Ինչե՞ր եք ասում, հայր, տո՛ւր․․․
ՏԱՆՏԵՐ. (Հաստափոր ծերուկ) Վարձատրության մասին ոչ մի խոսք․․․
ՋԱՀԵԼ ՊԱՐՈՆ. (Մակարին) Դուք ի՞նչ գործով եք պարապում․․․ կամ այսպես ասած, ը՜, ի՞նչ մարդ եք։ ՄԱԿԱՐ. (Մտերմորեն ժպտում է) Ես հրեա Շմարցի համար քուրջ եմ հավաքում։
ՄԻ ՀԱՍՏ ԿԻՆ. Քաղցած էիր, հաց ուզեիր. քո ինչ գործն է սեղանից գդալները հավաքել այն ժամանակ, երբ դեռ մենք նախաճաշած չենք։ (Ընդհանուր ծիծաղ):
ՄԱԿԱՐ. (Որ ծիծաղում էր ամենքի հետ) Հավատացեք, ես ոչինչ չեմ վերցրել։ (Դիմում է օրիորդին) Որոնեցեք (Դուրս է քաշում գրպանները) Տեսեք, օրիորդ, չկա ոչինչ:
ՀԵՏԵՎԻՏ ՄԵԿԸ ԻՐ ՀՂԻ ԿՆՈՋԸ. Մաշա, քեզ այդ դրության մեջ չի կարելի դիտել զանազան այլանդակություններ, գնանք (Թևանցուկ գնում են):
ՏԱՆՏԵՐ. (Ինչ-որ հրահանգներ է տալիս մեկին, նա վազում է իսկույն դեպի փողոց):
ՕՐԻՈՐԴ. Հայրիկ, ինձ թվում է, թե տղան անմեղ է։
ՏԱՆՏԵՐ. Ավելի վատ։
ՕՐԻՈՐԴ. (Զարմացած) Ինչո՞ւ։
ՏԱՆՏԵՐ. Ուրեմն (Ցույց է տալիս գլուխը) Այս մասը վնասված է։
ՕՐԻՈՐԴ. (Վախեցած հորն է փաթաթվում) Չես սխալվում, խեղճ տղա։
ՏԱՆՏԵՐ. (Բռնելով աղջկա դունչը, համբուրում է նրան) Ես միայն քնածս ժամանակ եմ սխալվում։
(Մտնում է մի քաղաքապահ, քաջ իր դերի մեջ և մոտենալով Մակարին, բռնում է թևից ու գնում):
ՄԱԿԱՐ. (Լալով) Ես ոչինչ չեմ վերցրել, որոնեցեք, հավատացնում եմ։
ՔԱՂԱՔԱՊԱՀ. Ձա՛յնդ, լակոտ, տերերը սուտ չեն խոսում, դեմքիցդ երևում է՝ ինչ պտուղ լինելդ։
ԾԵՐՈՒԿ. (Որ այդ ամենը դիտում էր ծառի ետևից, գաղտագողի մոտենում է քաղաքապահին) Փողոց դուրս գալուն պես թող ազատ այդ թշվառին, աստված սիրես, նա անմեղ է։
ՔԱՂԱՔԱՊԱՀ. (Ցասկոտ սպառնում է նրան ու հեռանում):
ՀԱՍՏ ԿԻՆ. Իսկ մատները, նկատեցիք, ես կարդացել եմ մի տեղ, որ գրպանահատները այդպիսի տղաներին վերցնում են սովորեցնելու իրենց արհեստը. բարակ, երկար մատներով խիստ դյուրին է մուտք գործել ուրիշի գրպանը, ժամացույցին կամ քսակին տեր դառնալու։
ՀՅՈՒՐԵՐԻՑ ՄԵԿԸ. Ինչ աստիճանի ճարպկություն. մտել է գողության, կենսագրականն է պատմում։ Բանից դուրս է գալիս (Օրիորդին) որ ձեր հրաշալի նվագածության ունկնդիրներից մեկը և․․․ (Ծիծաղում են) ուզում էր ձեր գդալների վրա մրցել ձեզ հետ (Ընդհանուր ծիծաղ):
ՋԱՀԵԼ. Զարմանալի կերպով այլասերվում է մարդկությունը: Երևակայեք մի 10-12 տարեկան տղա և այդ աստիճան բարոյական անկում։ Սոսկայի է պարոնայք, միանգամայն սոսկալի․․․
ՀԱՍՏ ԿԻՆ. Սպասեցեք, մի նման դեպք պատմեմ։ Թաթախման երեկոյին աղջիկս տոնածառ էր սարքել: Հրավիրված էին շատ երեխաներ։ Երբ մեծերը սեղան նստեցին, փեսաս, այդ միլիոնատեր դեմոկրատը (ծիծաղում են) դեհ, գիտեք․․․ Հա, նա հրամայեց սպասավորող լակեյին, որ դուրս գա փողոց և պատահած աղքատ կնոջ, տղամարդու, նամանավանդ երեխայի գլխավոր մուտքից պատշաճավոր ներս ընդունե և բերի հյուրերի մոտ։ Շատերը այդ քմահաճույքը խիստ սրամիտ գտան, շատերը բողոքեցին, որ երեխաները կարող են վարակվել։ Վերջապես, վճռեցինք բակում, դռնապանի հսկողության տակ մի լավ սեղան սարքել, որ մտնողը ուտե, նվերն ստանա և հեռանա։ Այսպես էլ արին։ Իհարկե, փեսայիս առաջարկը իզուր չանցավ. տոն իրիկունով փողոցում ինչն է շատ, եթե ոչ աներես աղքատները, այդպես հերթով մտնում են, ուտում ու հեռանում։ Ի միջի այլոց լինում է մի փոքրիկ, 8-9 տարեկան, ցրտից կապտած, ցնցոտիներ ծածկած, կերակրում են։ Այդ ժամանակ լակեյն ու դռնապանը զբաղված են լինում ակումբից վերադարձող հյուրերին ընդունելով ու մոռանում են աղջկան տուն ուղարկելու: Քիչ չանցած աղմուկ է բարձրանում և ինչ, աղջիկը մտել է մուշտակների տակ և գրպաններն է խառնում։ Երբ դռնապանը նկատում է այդ, վրա է վազում, աղջիկը երանելի ժպիտը երեսին ասում է. «Քեռի, տես, ես մի սիրունիկ փիսիկ ունեի, ցրտից փայտացել էր երեկ գիշեր ու մեռավ այդպես, տես, սրանք իսկ և իսկ իմ փիսիկի նման են, փափլիկ», աղջիկը ցույց է տվել հյուրերից մեկի մուշտակի մորթյա աստառը։ Տեսնո՞ւմ եք, դռնապանը ասում էր, որ նույնիսկ լաց էր լինում, երեսը քսում մուշտակին․․․
ՕՐԻՈՐԴ. Խեղճ աղջիկ, բան չէ՞ր վերցրել:
ՀԱՍՏ ԿԻՆ. Ո՛չ, գրպանին երևի չէր հասել. կամ թե շուտ էր բռնվել՝ թողել էր։
ՕՐԻՈՐԴ. Ի՞նչ արիք նրան։
ՀԱՍՏ ԿԻՆ. Է՛հ, ոչինչ, անհարմար ժամանակ էր, նվերները ետ առանք ու ճանապարհ դրինք։
ՋԱՀԵԼ. Իսկ կերա՞ծը․․․ (Ընդհանուր ծիծաղ, նորից ներս են գնում, լսվում է ծիծաղ, աղմկալից խոսակցություն):
ՕՐԻՈՐԴ. (Մենակ, մտատանջ) Գուցե իրավ, սիրում էր այդ տղան նվագածությունը․․․ ով է իմանում, գուցե մի Գորկի, Շալյապին․․․ ՄԱՐԹԱ․ (Գալիս է սաստիկ հուզված, գունատ, ծառային) Ասացեք, խնդրեմ․․․
ՕՐԻՈՐԴ․ (Սանդուխներով վար է վազում) Ի՞նչ եք կամենում։
ՄԱՐԹԱ․ (Արագ վազելուց շունչը կտրած, հազիվ գսպում է իրեն) Մի քանի ժամ առաջ մի տղա․․․ շուն բերե՞լ է այստեղ․․․
ՕՐԻՈՐԴ․ (Այլայլվում է) Այո։ (Շփոթվում է Մարթայի սուր հայացքից)։
ՄԱՐԹԱ․ Ինձ ասացին տեսնողները, որ նրան քաղաքապահը տանում էր քաղաքամաս։ Ի՞նչ է նշանակում այս։
ՕՐԻՈՐԴ․ (Ավելի ևս շփոթված) Կարծեմ նա ինչ-որ սխալմամբ վերցրել է սեղանից։
ՄԱՐԹԱ․ (Սարսափած) Վերցրե՞լ է․․․ (ձայնը նվազում է) Ի՞նչ է վերցրել․ թշվառ երեխա (Տանջանքով)։ Գուցե սխալվում եք, օրիորդ․․․ Նա գող չէ։
ՏԱՆՏԵՐ․ (Մոտենում է նրան, քթի տակ երգելով, աղջկան) Հյուրերը քեզ են սպասում աղջիկս, գնա նորից նվագիր (Աղջիկը տուն է վազում։
ՏԱՆՏԵՐ․ (Լկտի կերպով դիտում է Մարթային և գոհ նրա թողած տպավորությունից, հարցնում է սիրալիր) Ինչո՞վ կարող եմ ծառայել ձեզ, տիրուհի։
ՄԱՐԹԱ․ (Սարսափանար ետ ետ է գնում ու հարցնում հազիվ լսելի խեղդված ձայնով) Այդ դո՞ւք եք․․․
ՏԱՆՏԵՐ․ (Ցնցվում է) Ինչո՞ւ ես եկել։
ՄԱՐԹԱ․ (Նույնպես) Այդ դո՞ւք եք․․․
ՏԱՆՏԵՐ․ Լսո՞ւմ ես, առանց աղմուկի, կարի՞ք ունես․․․
ՄԱՐԹԱ․ (Ուժասպառ) Ինչ հանդիպում։ (Մի պահ մնում է գլխիկոր, ապա տանջված ճայնով) Տուր եղբորս․․․
ՏԱՆՏԵՐ․ (Ուրախ և զարմացած) Այդ երեխան քո եղբա՞յրն է եղել։
ՄԱՐԹԱ․ (Խելացնոր) Շտապիր, ազատիր, տուր եղբորս․․․ Նա չի դիմանա անարգանքի, ծեծի, թույլ է, տուր, հիվանդ մայրս ցնցվում է կսկծից․․․
ՏԱՆՏԵՐ․ Քիչ կամաց, առանձին բան չկա այդքան սրտնեղելու, նրան այնտեղ հարց ու փորձ կանեն և եթե այլ, այսպես ասած, առիթ չգտնեն, կարձակեն տուն։ Նա մի քանի ոսկի գդալներ է գողացել իմ սեղանից (Տռփանքով) Բայց ինչպես մեծացել, հասունացել ես․․․
ՄԱՐԹԱ․ Ո՞վ տեսավ գդալները նրա մոտ։
ՏԱՆՏԵՐ․ (Պագշոտ ժպիտով դիմում է Մարթային) Կարծեմ մեր լակեյը, դեհ, հանգստացիր, նա ծառային տեսնելով թափել է գետնին ու ասել, որ մոտեցել է լուսամուտին նվագը լսելու, նա ինձ մի քիչ տարօրինակ երևաց։ Ասում էր, որ սիրում է երգը, ջութակը։ (Ծիծաղում է) Խորամանկ լակոտ էր․․․
ՄԱՐԹԱ․ (Կարծես խոր քնից արթնացած) Հա․․․ մի՛ ծաղրիր, հրեշ (Մոտենում է հարվածելու)։ Ճիշտ է, նա սիրում է երգը, նվագածությունը․․․ նա թույլ ու քնքույշ է, երազկոտ, բայց գող չէ։
ՏԱՆՏԵՐ. (Չորս կողմը դիտելով) Զգույշ, թե չէ կհրամայեմ մազերիցդ քարշ տալով փողոց նետել․․․
ՄԱՐԹԱ. (Դառնացած) Չես համարձակվի, լսո՞ւմ ես, դու այդ չես անի, հա՛, հա՛, հա՛, հա՛․․․ գարշելի, ճարպոտ (Ցույց է տալիս տունը) տուն-տեղ, ընտանիք, ոսկի գդալներ, ամեն ինչ ունես, ամեն հարմարություն, բացի մարդկային արժանիքներից․․․ ամեն ինչ ձեռք ես բերել, բացի մարդու կոչումից։ (Մի ինչ-որ կատաղություն իջնում է Մարթայի վրա, լացն ու ծիծաղը մրցում են նրա հուզված դեմքին. հանդուգն, վստահ ու իր միջավայրին հատուկ միմիկայով մոտենում է նա շվարած տանտիրոջը գոռալով) Հիշո՞ւմ ես այն ցոփ ու շվայտ գիշերները․․․ դու գնում էիր խեղճ աղջիկներիս մարդկային ամենանվիրական զգացմունքներն ու տրորում անպատկառորեն։ Մոռացած չես լինի․․․ Հիշո՞ւմ ես, թե ինչպես մեր անմեղ աչքերի առաջ բաց էիր անում լլկանքի անասելի արարքներ, մեզ գինով արբեցած սողալ տալիս ճարպոտ մարմնիդ շուրջը. դու քո անասնական քմահաճույքով ապականում էիր մեր սրտի անբիծ խորքերը, խաղում մեզ հետ, և հագեցած դեն շպրտում․․․
Մենք մեր եսը մոռացանք քո գրկի մեջ, քո լիքը քսակի առաջ և ինչ-որ մաքուր էր և սուրբ, կորցրինք առհավետ․․․ Մեր հոգին զրկվեց իր սրբազան բովանդակությունից, մեր միտքը հաշտվեց անբարոյական ապրումների մրի հետ ու դարձած մի անպարունակ պարկ՝ ընկանք փողոց, արթուն զինվորների պես, մեր դեմքի ու մարմնի արժանիքներին հարմար, դիրքեր բռնեցինք մայթերի վրա ու շեն քաղաքը լափեց մեզ վերջնականորեն։ Տե՛ս, այն սիրուն աղջկա տեղ կին է կանգնած քո դիմաց և քանի անմեղ աղջիկների դու փողոց նետեցիր, կին դարձրած․․․ (Մի պահ լռում է) Դու տուն-տեղ ունես, ընտանիք, ոսկի գդալներ․․․ (Հուզմունքից դողում է) Իսկ ես ոչինչ չունեմ։ Մի խեղճ եղբայր ունեի՝ նրան էլ հասավ քո ոճրագործ ձեռքը․․․ (Վրա է վազում և ուժգին ապտակում) Տո՛ւր եղբորս․․․
ՏԱՆՏԵՐ․ Լկտի․․․ անզգամ․․․ (Հարձակվում է) Ես քեզ․․․
ՄԱՐԹԱ․ (Ինքն իրեն կորցրած) Տուր, ասում եմ, մայրս ցնորվում է (Հարձակվում է նորից)։
ՏԱՆՏԵՐ․ (Եվս հարձակվում է Մարթայի վրա, ծերուկը վազում, կանգնում է նրանց մեջտեղ)։
ԾԵՐՈՒԿ. (Անվախ) Մի դիպչեք աղջկան, ամոթ է․․․ ՏԱՆՏԵՐ․ (Ինքն իրեն զսպելով ինչ-որ գրում է այցետոմսի վրա․ ծերուկին) Գնա՛ քաղաքամաս, այս տար․․․ (Թաշկինակով սրբում է քրտինքը, անհայտանում պարտեզում)։
ԾԵՐՈՒԿ․ (Բռնում է Մարթայի թևից) Գնանք աղջիկս․․․ քո եղբայրն անմեղ է, նա կպավ սեղանին, գդալները վար թափվեցին։ Գնանք, մի հուսահատվի (Նայում է Մարթային և թևով աչքերն է սրբում, հետո քիթը)։
ՄԱՐԹԱ․ (Չհասկանալով) Ո՞ւր գնանք։
ԾԵՐՈՒԿ․ (Կարեկից) Գնանք եղբորդ մոտ, միամիտ կաց, կարձակեն․․․
ՄԱՐԹԱ․ (Ցասկոտ) Դեռ երկար պիտ շրջեմ ես մենակ ու լքված, անպարունակ մի պարկ․․․ հոգիս մորմոքում է կսկծից․ ինչո՞ւ ինձ վիճակվեց միշտ կորցնելը, մինչդեռ կյանքը այսպես հաջող (Ցույց է տալիս տունը) դասավորվում է միշտ խլողի, ոճրագործի համար․ է՛հ, գնանք, պապիկ, գնանք․․․
ԾԵՐՈՒԿ․ (Զայրացած) Թքիր նրանց վրա, աղջիկս, մարդիկ եղբայրներ են։ (Ինքն իրեն) Թու, սատանի ճուտ, այդպես չէր։ (Բարձր) Աստված մարդկանց հավասար է ստեղծել, ծառա ու տեր չպիտի լինի․․․ (Գնում են)։