Nar-Dos

Զազունյան

8
39

Անցավ մոտ մի ամիս։

Աննան մի քանի մանր-մունր բաներ գնած՝ փողոցից վերադառնում էր տուն։ Ճանապարհին պատահեց նրան Զաքարը, որ կառքով ուր-որ գնում էր։ Նա տեսավ Աննային, կառքն իսկույն կանգնեցնել տվեց, շտապով իջավ և վազեց դեպի նա։

Տիկին Աննա, բացականչեց նա։ Ինչքա՜ն ուրախ եմ, որ պատահեցի ձեզ։ Այս րոպեին մտածում էի, որ տուն հասնելուս պես ծառային ուղարկեմ ձեզ կանչելու: Այս ի՞նչ է պատահել, ինչո՞ւ դուք մեզ մոռացել եք։ Զարմացել, ապշել եմ, թե այդ ի՛նչ տարաձայնություն է եղել ձեր և Էմմայի միջև, որ դուք այլևս չեք ուզում մեր տուն գալ։ Ես խո գիտեմ, որ դուք կռվել եք միմյանց հետ։

Ի՞նչ եք ասում, ո՞վ է կռվել, զարմացած և վախեցած ասաց Աննան։

Գիտեմ, գիտեմ, ինձնից իզուր մի՛ ծածկեք, ասաց Զաքարը հառաչելով։ Կռված որ չլինեք, այդպես հեռու չեք փախչի մեզանից։ Բայց թե աստված կսիրեք, տ․ Աննա, ասացեք, ի՛նչ է պատահել։ Այն օրից, ինչ դուք հեռացել եք մեր տնից, Էմման էլ իր հալին չէ․․․

Ի՞նչ է, ի՞նչ է պատահել, վախեցած հարցրեց Աննան։

Ոչ, մի վախենաք, հիվանդ չէ, այլ․․․ մի շատ տարօրինակ դրության մեջ, որ ինձ բոլորովին զարմացրել է։ Երևակայեցեք ամբողջ օրը փակված է իր սենյակում․ ոչ ինքն է այնտեղից դուրս գալիս, ոչ ինձ է ուզում ընդունել։ Հարցերիս մի այնպիսի չոր ու ցամաք պատասխաններ է տալիս, որ կարծես աշխարհիս բոլոր թշվառությունն ես նրա գլխին եմ թափել։ Էլ ոչ տանն է նայում, ոչ այն խեղճ երեխային։ Ինչո՞ւ, ի՞նչ է պատճառը, ի՞նչ է պատահում նրան, էմման այդպե՞ս․․․ ախր անհավատալի է, ես ճանաչում եմ Էմմային, նա չի կարող այդպես լինել... բայց ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ.․․ Չգիտեմ, ճշմարիտ, ինչ անեմ․ ես բոլորովին հուսահատվել եմ։

Աննան խղճահարությամբ նայում էր նրան։ Նրան թվում էր, թե այդ ուրախ և անհոգ մարդն այդ մի ամսվա մեջ մի քանի տարով ծերացել է։

«Խե՜ղճ մարդ, եթե գիտենաս, թե ինչ է պատճառը», մտածեց նա։

Հենց հիմա տուն հասնելուն պես ուզում էի ուղարկել ձեր ետևից, որպեսզի խոսեմ ձեզ հետ այդ մասին, շարունակեց Զաքարը։ Ես գիտեմ, որ ձեզ անպատճառ հայտնի պետք է լինի, թե ինչ է պատահում Էմմային, որովհետև, կրկնում եմ, այն օրից, ինչ դուք հեռացել եք մեր տնից, նա այդպես դառավ. ուրեմն ես կարծում եմ, որ այդ բանը մեծ կապ պետք է ունենա ձեր տարաձայնության հետ։ Խնդրում եմ, աղաչում եմ, տ. Աննա, ասացեք ինձ ճմարիտը, ինչո՞ւ է Էմման այդպես փոխվել։ Գիտե՞ք ինչ եմ կարծում, կամաց, կարծես մեծ ջանք անելով, արտասանեց նա, կարճ լռությունից հետո։ Ես կարծում եմ... որ նա... անտարբեր չէ դեպի... Զազունյանը... Նա ցնցվեց և համարյա սարսափած հանկարծ նայեց Աննայի դեմքին։

Աննան սաստիկ վախեցավ և շփոթվեց։

Ի՞նչ եք ասում, ի՞նչ, կանչեց նա։

Հապա՞, հապա՞, ճշմարիտ չէ, անհամբերությամբ հարցրեց Զաքարը։

Աննան այս անգամ իրեն սաստիկ զարմացած ձևացրեց։

Պարոն Զաքար, այդ դո՞ւք եք, ասաց նա։ Մի՞թե Էմմայի վերաբերմամբ կարելի է այդպիսի կասկածներ տանել։ Ամոթ է։ Հավատացեք, ես այդ բոլորովին չէի սպասում ձեզնից, ոչ, չէի սպասում։ Էմմայի տեղ դուք ի՛նձ վիրավորեցիք, ի՞նչպես կարելի է։

Ի՜նչ անեմ, տ. Աննա, որ կան բաներ, որոնք հաստատում են իմ այդ կասկածը, հուսահատությամբ ասաց Զաքարը։

Լռեցեք, թե աստված կսիրեք, ես ձեզ չեմ կարող լսել։ Ես զարմանում եմ, թե ինչպես դուք ձեզ համար ստորություն չեք համարում այդպիսի կասկած տանել Էմմայի վրա. մարդ ու կին այսքան տարի հաշտ ու սիրով ապրել եք միմյանց հետ, իսկ հիմա հանկարծ անտարբեր չէ դեպի Զազունյանը.․․ ի՜նչ լավ գնահատում եք կանանց։

Տե՛ր աստված... Հապա ի՞նչ անեմ, ի՞նչ։

Հապա ի՞նչ անեմ, ի՞նչ, ծաղրեց Աննան։ Այն արեք, որ տղամարդ եղեք և ոչ թե երեխա։ Դուք ինքներդ երեխայություններ եք անում և դեռ նեղանում եք, որ ձեզ երեխայի տեղ են դնում։ Ապա այդ ի՞նչ կասկածելու բան է, որ կասկածում եք։ Չե՞ք ճանաչում Էմմային, չե՞ք ճանաչում հենց իրեն Զազունյանին, որ նրա վրա էլ մի այդպիսի ստվեր եք ձգում։ Դուք ինքներդ ձեր բերանով գովում եք նրան, երկինք եք բարձրացնում և հանկարծ մի այդպիսի կասկած... հետևողական եղեք, պ. Զաքար։

Ճշմարիտ է, ես հիմա էլ չեմ ուզում հավատալ, թե նրանց մեջ մի այդպիսի բան կարող է լինել. Էմման հիմա էլ նույնն է իմ աչքում, ինչ որ առաջ, Զազունյանի մասին հիմա էլ նույն գաղափարն ունեմ, ինչ որ առաջ, բայց... ախր բանե՜ր կան, տիկին Աննա, բանե՜ր կան...

Աննան նեղն ընկավ։ Իհարկե, նա չէր կարող հայտնել նրան իսկական պատճառը և ակամա պետք է սուտ ասեր։

Չգիտեմ ճշմարիտ... ես ի՞նչ կարող եմ գիտենալ, ասաց նա։

Չէ, չէ, դուք գիտեք, դուք անպատճառ գիտեք, մի՛ ծածկեք ինձնից։

Հավատացեք, պ. Զաքար, ես ոչինչ չգիտեմ, թե չէ ինչո՞ւ պետք է ծածկեմ։

Չէ, չէ, դուք կարող եք ծածկել. այնպիսի բան կարող է լինել, որ ակամա ստիպված կլինեք ինձնից ծածկելու։ Բայց հավատացեք, տ. Աննա, որ դուք, հայտնելով, ինձ ավելի մեծ լավություն արած կլինեք, քան թե ծածկելով։ Ախր դուք չգիտեք, նա ձայնը ցածրացրեց, թե ինչ է նշանակում անդադար տարուբերվել կարծիքների և կասկածների մեջ... դրանից ուղղակի կարելի է խելագարվել, հավատացեք, կարելի է խելագարվել... մի՛ ծածկեք, ասացե՛ք, թե աստված կսիրեք, ասացեք։

Ինչո՞ւ չեք ուզում հավատալ, որ ես ոչինչ չգիտեմ, պ. Զաքար։

Զաքարը մեղմ հանդիմանությամբ նայեց նրան։

Ուրեմն Էմմայի փոփոխությունը ձեր տարաձայնության հետ ոչ մի կա՞պ չունի, հարցրեց նա։

Ոչ մի։

Չունի՞։

Չունի։

Խաբում եք։

Դուք ինձ վիրավորում եք, պ. Զաքար։

Հապա ի՞նչ է ձեր տարաձայնության պատճառը։

Մի հին վեճ, որ անսպասելի կերպով նորոգվեց։

Ի՞նչ վեճ։

Ներեցեք, այդ չեմ կարող ասել։

Զաքարը հառաչեց։

Է՛հ, տ․ Աննա, ինչպես ամենքդ ինձ երեխայի տեղ եք դնում, ասաց նա։ Ես հարգում եմ ձեր բարեսրտությունը դեպի ինձ... Բայց ախր ես տանջվում եմ, նա դարձյալ ցածրացրեց ձայնը, սաստիկ տանջվում եմ... դուք չգիտեք... կասկածներն ինձ հանգիստ չեն տալիս...

Նա այլևս ոչինչ չկարողացավ արտասանել և վշտահար հայացքով սկսեց նայել մի ուրիշ կողմ

Դարձյա՞լ, անհամբերությամբ ու խստությամբ կանչեց Աննան։ Պ. Զաքար, եթե այդ հիմար կասկածը ձեր գլխից իսկույն չհանիք, աստված է վկա, գիտեմ ձեզ ինչ կանեմ։

Հապա ի՞նչ անեմ, է՜, ի՞նչ, կրկնեց Զաքարը տանջանքով։ Ախր էմման ուղղակի ատում է ինձ, զզվում է ինձնից... ես այդ տեսնում եմ... իսկ դուք գիտեք, թե ինչպես ես սիրում եմ նրան։

Գիտե՞ք ինչ կա, պ. Զաքար, ասաց Աննան։ Դուք ձեզ համար հանգիստ կացեք և հանգիստ եղեք էմմային։ Եթե նա չի ուզում ձեր ներկայությունը, մի՛ մտնեք նրա մոտ և, եթե կարելի է, մինչև անգամ բոլորովին մի երեվաք նրա աչքին։ Առժամանակ այդպես արեք, մինչև որ ես կտեսնեմ նրան և ամեն բան կուղղեմ։ Հասկանո՞ւմ եք։

Ես ստրուկի նման լսում եմ ձեզ։

Այդպեր դուք ամեն բան ինձ թողեք և ձեզ համար հանգիստ կացեք. գլխավորը՝ հանգիստ թողեք Էմմային։ Ես շուտով կտեսնեմ նրան։

Ե՞րբ։

Շուտով, շատ շուտով։

Ավելի լավ չի՞ լինի, այսօր, հենց հիմա։

Չէ, պ. Զաքար, չէ, մի՛ շտապեք. շտապելով ոչինչ չի դառնա։ Դուք ամեն բան ինձ թողեք, ես գիտեմ, թե երբ կտեսնեմ նրան։ Առայժմ ցտեսություն։

Ցտեսություն, ասաց Զաքարը, ամուր սեղմելով նրա ձեռքը։ Իմացած կացեք, տ. Աննա, որ կյանքովս պարտական կլինեմ ձեզ։

Ինձ ձեր կյանքը հարկավոր չէ, հանգիստ գնացեք տուն։

Եվ Աննան շտապով հեռացավ, բայց հինգ քայլ չարած, նա հանկարծ դարձավ և կանչեց Զաքարի ետևից, որ գնում էր կառքը նստելու։

Պ. Զաքար, վաղո՞ւց է, ինչ Զազունյանը հեռացել է։

Ո՞րտեղից է հեռացել, նա դեռ այստեղ է, տխուր կերպով ասաց Զաքարը։

Դեռ այստե՞ղ է, սաստիկ զարմացավ Աննան։

Զաքարը նայեց նրան և հառաչեց։

Տեսնո՞ւմ եք, ասաց նա, դուք էլ եք զարմանում... ուրեմն...

Պ. Զաքար, ասաց նրան Աննան։ Դուք դարձյալ ձերն եք ասում... այդ հիմար կասկածը, ասում եմ, հանեցեք ձեր գլխից: Ես զարմանում եմ նրա համար, որ նա ասում էր, թե շուտով հեռանալու է այստեղից և դեռ մինչև օրս այստեղ է։

Հա, ինչո՞ւ է այստեղ, ինչո՞ւ է այստեղ, շտապով վրա բերեց Զաքարը, և նրա բարի դեմքը շատ չար արտահայտություն ստացավ։

Ձեր կամքն է, երբ դուք ինձ չեք ուզում լսել։ Ես այլևս ձեզ համար ոչինչ չեմ կարող անել։ Մնացեք բարև, ասաց դժգոհությամբ Աննան և ուզում էր հեռանալ։

Զաքարը շտապեց դեպի նա և պահեց նրան։

Էլ չեմ անի, տ. Աննա, էլ չեմ անի, մեղավոր երեխայի նման ասաց նա։ Ես, ահա, ամեն ինչ հանում եմ գլխիցս և ոչինչ չեմ ուզում գիտենալ, միայն թե դուք արեք այն, ինչ որ այս րոպեին խոստացաք։

Ուրեմն գնացեք ձեզ համար հանգիստ, հանգիստ ճաշեցեք և հանգիստ էլ քնեցեք։ Գնացեք։

Ուրեմն... հույս ունենա՞մ։

Կատարելապես։ Գնացեք։

Զաքարն անհուն շնորհակալությամբ կրկին անգամ սեղմեց նրա ձեռքը, և նրանք բաժանվեցին միմյանցից։

40

«Ա՜, ուրեմն դեռ այստեղ է այն սրիկան, դեռ այստեղ է այն անբարոյականը», մտածում էր Աննան հեռանալով Զաքարից: «Դեռ շարունակում է ալեկոծել այս խեղճ մարդու տունն ու ընտանիքը... Ա՜խ, ոչինչ չեմ ուզում, միայն թե դրա դատաստանն ինձ տային։ Եվ ի՛նչպես նրա լեզուն կրակ չէր դառնում և չէր այրում նրա բերանը, երբ ասում էր և ասում էր ի՞նչպես որ մարդկությունը դեպի բարոյական վերածնություն է գնում... այն մարդկությունը, որ քեզպեսներից է բաղկացած, այ դու թափառական սատանա... Ահա անմեղ և միամիտ մարդկանց ինչպես են խաբում, ինչպես են խելքից հանում այդ կեղծավորները, այդ եզվիտները, այդ, այդ... գայլերը գառան մորթով... Ը՛հ, թե այս երկու օրն ես քո ոտն այստեղից չեմ կտրի կտեսնես, պ. Զա․․․ Զահրումարյան... Էմման ինձ մեղադրում էր, որ իբրև թե ես եկել, քեզ խայտառակել եմ, որ կորչես այստեղից, բայց հիմա կտեսնես, թե ինչպես կխայտառակեմ և ինչպես կվռնդեմ քեզ այստեղից... կտեսնես, կտեսնես...»։

Եվ նա մտքումը դրեց հետևյալ օրն ևեթ գնալ Զազունյանի մոտ։ Նա գիտեր ո՛ր հյուրանոցումն է նա իջած։

Եվ գնաց։

Հյուրանոցի մուտքի մեջ կախած գրատախտակի վրա կարդալով Զազունյանի ազգանունը և նրա բռնած սենյակի համարը, նա բարձրացավ վերև։ Երեկո էր։ Զազունյանն այդ ժամանակ, նրա կարծիքով, տանը պետք է լիներ։ Եվ իրավ, սենյակի դուռը բաց էր։ Նա համարձակ ներս մտավ։

Զազունյանը նստած էր գրասեղանի առջև և ինչ-որ գրում էր. նա այնպես անձնատուր էր եղել դրությանը, որ փոքր-ինչ ուշ իմացավ, թե մեկը մտել է։ Ըստ երևույթին, միանգամից չկարողանալով իրեն պաշարած մտքերից սթափվել, նա նախ անմիտ հայացքով կամաց նայեց Աննային, հետո գրիչը վայր դրեց և մեքենայաբար վեր կացավ։

Աննան նրա մոտ գալիս էր բոլորովին կատաղած, բայց այժմ իր առջև տեսնելով նրան, ինքն էլ չիմացավ, թե ինչու փոքր-ինչ կակղեց։ Սակայն, այնուամենայնիվ, նա դարձյալ սիրտ առավ։

Ես ինձ իրավունք եմ համարում, պարոն, ասաց նա, ուղղակի ներս մտնել ձեզ մոտ և անհանգստացնել ձեզ, որքան էլ ձեզ այդ կոպիտ և վայրենի վարմունք թվա։ Ես ուրիշ կերպ չէի կարող անել, ես ստիպված եմ այսպես անել։ Ես ուզում եմ խոսել ձեզ հետ մի բանի մասին։

Զազունյանն այս անգամ զարմացած նայեց նրան․ կարծես նա նոր ուշքի եկավ։

Արդյոք չէի՞ք ցանկանալ նստել, տիկին, ասաց նա, ցույց տալով բազկաթոռը։

Ոչ, շնորհակալ եմ, այս անգամ արդեն խստաբար պատասխանեց Աննան։ Զազունյանի ինքնավստահ սառնասրտությունը դարձյալ շարժեց նրա բոլոր մաղձը։ Ես շատ կցանկանայի իմանալ, պարոն, թե ինչո՞ւ դուք մինչև այսօր այստեղ եք, երբ վաղուց արդեն հեռացած պետք է լինեիք այստեղից, ասաց նա, ամենայն համառությամբ նայելով նրա աչքերին։

Զազունյանը դարձյալ զարմացած նայեց նրան։

Իսկ ես շատ կցանկանայի իմանալ, տիկին, ասաց նա, թե ի՞նչ իրավունքով դուք իմ գլխին դատավոր եք կանգնում։

Աննան կատաղեց։

Այն իրավունքով, պարո՛ն, որով յուրաքանչյուր սրտացավ բարեկամի վրա սրբազան պարտականություն է դրվում պաշտպանել անմեղ ընտանիքների պատիվն ու անունը ձեզ պես անարժան ընկերներից, կանչեց նա։

Զազունյանը մի րոպե ծայրահեղ ապշությունից սառած մնաց կանգնած տեղը այն աստիճան վայրենի թվացին այն բառերը, որ այդ կինն այնքան համարձակորեն շպրտեց իր երեսին։ Հետո հոնքերը սաստիկ կիտեց և մի մռայլ հայացք ձգելով նրա վրա, նկատեց մի տեսակ խուլ ձայնով.

Տիկին, երևի դուք չեք հասկանում ձեր արտասանած բառերի իմաստը։

Ո՛չ, ես շատ լավ հասկանում եմ, պարոն, իմ արտասանած բառերի իմաստը և ուրիշ բառեր ես չունեմ ձեզ համար, որովհետև եթե դուք մարդկային հպարտություն և վեհանձնություն ունենայիք, չէիք անի այն, ինչ որ արդեն արել եք և շարունակում եք անել... Ձեզ պես մարդիկ չեն կարող և իրավունք չունին վիրավորվելու այսպիսի խոսքերից, իսկ ես ուրիշ կերպ չեմ կարող ձեզ հետ խոսել։

Զազունյանն ավելի սաստիկ կիտեց հոնքերը, բայց հետո մի արհամարհական ժպիտ անցավ նրա շրթունքների վրայից։

Տիկին, իզուր դուք մոռանում եք, որ իմ տանս եք գտնվում և կին եք, այս անգամ սառն հանդարտությամբ ասաց նա։

Սխալվում եք, պարոն, ես ձեր տանը չեմ գտնվում, այլ այն մարդու տանը, որ իրեն անկեղծաբար սիրողների և հավատ ընծայողների շրջանում «ազնիվ» և «առաքինի» մարդու հռչակ է հանել և որը քարոզում էր, թե մարդկությունը դեպի բարոյական վերածնություն է գնում։ Հիշո՞ւմ եք այդ մարդուն։ Ահա, ես այդ մարդու տանն եմ գտնվում այժմ, և դա իրավունք չունի ինձ այստեղից վռնդելու։

Զազունյանի դեմքին մի չարագուշակ ժպիտ երևաց, այդ ժպիտը սրտի խորին վրդովմունքն էր արտահայտում։ Բայց նա լուռ մնաց։

Դուք մի ամբողջ ընտանիք թշվառացրիք, մի ընտանիք, որ այսքան ժամանակ ապրում էր հաշտ և սիրով, խոսքն առաջ տարավ Աննան։ Ի՞նչ կա ավելի սրբազան, ավելի նվիրական աշխարհիս երեսին, քան ընտանիքը, և դուք, որ ամեն սրբության և նվիրականության պաշտպան և պաշտող էիք ցույց տալիս ձեզ, այդ ընտանիքի հիմքն ինքներդ քանդեցիք։ Դուք ձեր բարեկամին, ձեր ընկերոջը դավաճանեցիք, նրա հյուրասիրությունը ոտնակոխ արիք։ նա ամենայն անկեղծությամբ սիրում և հավատում էր ձեզ, իսկ դուք ինչո՞վ վարձատրեցիք նրան։ Գիտեք, թե մի այնպիսի մարդու համար այդպիսի հիասթափությունն ինչ արժե... Դուք ինքներդ էիք ասում, որ յուրաքանչյուր մարդ խիղճ ունի, բայց ո՞ւր է ձեր խիղճը։

Նա լռեց, բայց Զազունյանն սպասում էր նրա խոսքի շարունակությանը։ Աննան զգաց, որ նրա լռության և հայացքի մեջ մի զորավոր բան կա, որ հաղթում է իրեն, այնուամենայնիվ նա շարունակեց.

Այժմ ես եկել եմ, պարոն, ձեզ հիշեցնելու, որ դուք, եթե իսկապես ազնիվ մարդ եք, կատարեք ձեր խոսքը և հեռանաք այստեղից։ Ես այդ չեմ խնդրում ձեզնից, այլ ուղղակի պահանջում եմ, որովհետև դուք հասուն, խելոք մարդ եք և ոչ թե անմիտ երիտասարդ, և սերը չի կարող ձեզ արդարացնել։ Մինչև հիմա ես ավելորդ էի համարում իմ միջամտությունը, բայց տեսա, որ սխալվել եմ։ Ուրեմն՝ եթե ձեր մեջ մնացել է ազնվության գեթ մի նշույլ, խղճի գեթ մի կայծ, եթե դուք իսպառ չեք կորցրել մարդկային և ընկերական արժանապատվության զգացումը, ապա կլսեք ինձ և չարախնդությամբ հակառակ չեք գնա խոսքերիս։ Ես կատարեցի իմ պարտքը, մնում է, որ դուք էլ կատարեք ձեր պարտքը։

Անշարժ կանգնած՝ Զազունյանը սաստիկ վրդովված լուռ նայում էր հատակին։ Այդ միջոցին նրա դեմքն այնքան դաժան արտահայտություն էր ստացել, որ Աննան, լավ նայելով նրան, սարսափեց։ Ասելիքը վերջացնելով, նա ուզում էր դուրս գնալ բայց երկյուղից չկարողացավ տեղից շարժվել։ Նա բնազդմամբ զգաց, որ Զազունյանը պատրաստվում էր խիստ հարձակում գործելու, և երկյուղից սրտատրոփ սպասում էր, թե ինչ է պատասխանելու իրեն։

Տիկին, կարճ, ծանր լռությունից հետո ասաց Զազունյանը նույն խուլ, չարագուշակ ձայնով և շարունակ նայելով հատակին, շատ ցավում եմ, որ դուք լավ չեք մտածել, թե ինչ բանի համար եք գալիս ինձ մոտ և այնպես չեք եկել, որովհետև դուք այնպիսի ծանր և անշնորհակալ պաշտոն եք հանձն առել, որ ես չգիտեմ, թե ինչ անուն տամ դրան... Բացի դրանից, ես երբեք չէի կարծի, որ դուք ձեր անձնական պատիվն ու հարգն այդ աստիճան քիչ կգնահատեիք, որ թույլ տայիք ձեզ մի այդպիսի անպատվաբեր միջնորդի դեր կատարելու... Սակայն պետք չէ որ զարմանամ․ դուք մեր ծանոթանալու հենց սկզբից իմ դեմ թշնամական դիրք բռնեցիք և մինչև այսօր անդադար մութ անկյուններից հետամուտ էիք լինում ինձ վնասելու նպատակով, իսկ այսօր դուք արդեն սահմանն անցաք։ Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է ձեզ իմ դեմ այդպիսի դիրք բռնելու պատճառը... Սակայն ես ձեզ այդ չեմ հայտնի ձեր հպարտությունը չվիրավորելու համար, բայց և այնպես դուք այդ հասկանում եք... Դուք աշխատում եք ձեր վարմունքը քողարկել այն բանով, որ իբր թե ձեզ առաջնորդում է դեպի ձեր ընկերուհին ունեցած հոգացողությունը. բայց իզուր չէր լինի, եթե մտածեիք, որ ես կարող եմ այնքան հիմար լինել, որ խաբվեմ դրանից։ Հեշտ և լավ բան չէ, տիկին, երբ ուրիշի զգացմունքների հետ խաղում եք, մանավանդ այնպիսի զգացմունքների հետ, որոնք նրա համար շատ թանկ են․ այդ կարող է ձեզ վնասել։ Ընդունեցեք, որ նա, որի զգացմունքներին այդպես անմտածած կերպով եք վերաբերվում, կարող է հպարտություն ունենալ. իսկ հեշտ բան չէ, երբ այդ հպարտությունը վիրավորած կլինեք։ Դուք ասում եք (Զազունյանը ձայնը բարձրացրեց և առաջին անգամ իր դաժան հայացքով նայեց Աննային), թե ես դավաճանել եմ ընկերոջս, ոտնակոխ եմ արել նրա հյուրասիրությունը, թշվառացրել եմ նրա ընտանիքը... ուստի ես իրավունք չունեմ վիրավորվելու ձեզնից, երբ դուք ուղղակի դիպչում եք իմ մարդկային արժանապատվությանը, շոշափում եք իմ պատիվը։ Բայց ասացեք խնդրեմ (նա առջևը դրած աթոռը զսպած կատաղությամբ վերցրեց և աղմուկով մի կողմը քաշեց), ո՞ր մարդկային, ո՞ր բարոյական, ո՞ր իրավական, մի խոսքով, ո՞ր օրենքով դուք թույլ եք տալիս ձեզ ինքնակամ դատավոր կանգնելու մի այնպիսի գործի, որի վրա մի մազաչափ անգամ իրավունք չունիք։ Դուք կարող եք ձեր ծանոթին, ձեր բարեկամին նրա, ձեր կարծիքով պախարակելի, վարմունքի առթիվ բարեկամական խորհուրդ տալ և այն՝ շատ զգույշ կերպով, բայց այդ վարմունքի վրա ինքնակամ անվերապահ դատավճիռ դնել դա ավելի է, քան ապօրինի գործ, ավելի է, քան բռնություն, ադ անուն չունի։ Դուք մտե՞լ եք իմ սիրտս, հոգիս, ուղեղս, և գիտե՞ք, թե ես ինչ եմ զգում և ինչ մտատանջությունների եմ ենթարկված այն գործի մասին, որի վրա դուք այդպես հեշտ կերպով դնում եք ձեր veto-ն։ Լավ մտածեցեք և կտեսնեք, թե դուք այս մի քանի րոպեում ինչքան խոր կերպով վիրավորեցիք իմ ամենանուրբ, ամենանվիրական զգացմունքները և շնորհակալ կացեք իմ սառն բնավորությունից, որ ես կարողացա ինձ զսպել և համբերել, և այն հանգամանքից, որ դուք կին եք, ապա թե ոչ... ես պատասխանատու չէի կարող լինել իմ վարմունքի համար... մանավանդ այդ ճգնաժամին... Դժբախտաբար, ես ինձ ոչ մի կերպ պարտավոր չեմ զգում հայտնի իրողության համար ձեզ հաշիվ տալու, ապա թե ոչ, եթե բանայի ձեր առջև իմ սիրտը, կզարհուրեիք, գիտե՞ք դուք այս... Հարգել, հարգել պետք է, տիկին, ուրիշի զգացմունքները և եթե ուզում եք ուրիշի անձնական գործերին դատավոր կանգնել՝ պետք է հասկանաք նրան, ուղիղ, անսխալ կերպով հասկանաք, այլապես դուք վատ և վտանգավոր գործ կատարած կլինեք։ Ես սոփեստություն չեմ անում, տիկին, և ոչ էլ միտք ունեմ ինձ արդարացնելու ձեր առջև, այլ ուզում եմ ձեզ հասկացնել, որ այսուհետև շատ և խիստ շատ զգուշությամբ վերաբերվեք ուրիշի անհատական զգացմունքներին, մինչև անգամ, եթե այդ ուրիշը ձեր ամենամոտ, ամենասրտակից բարեկամը լինի։

Նա լռեց և ջղային քայլերով սկսեց անցուդարձ անել սենյակում. բայց հանկարծ կանգ առավ և ավելացրեց.

Սակայն, այս լավ իմացեք, տիկին, որ ես երբեք չեմ ցանկացել, չեմ ցանկանում և հույս ունեմ, որ երբեք էլ չեմ ցանկանա ուրիշին այս կամ այն կերպ վնասել, լինի դա ընկերս, բարեկամս, թե մի օտար այդ միևնույն է ինձ համար։ Իսկ եթե, հակառակ իմ կամքիս, չարագուշակ բախտը կստիպի ինձ չարիք գործել, ես այդ չարիքի դեմ առնելու հարմար ամենայն ինքնամոռացությամբ պատրաստ եմ կռվել այդ բախտի դեմ և, եթե հարկավոր է, նույնիսկ զոհ գնալ դրան... Կարող եք բոլորովին հավատացած լինել, որ իմ բռնած կամ բռնելիք ընթացքիս համար ձեր խորհուրդների պետքը չեմ զգում, տիկին։

Եվ Զազունյանը նորից սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում։

Աննան կանգնած էր ինչպես մի մարդ, որի գլխին հանկարծ սառը ջուր են ածել։ Զազունյանի բոլոր խոսակցության ժամանակ նա շարունակ սարսափած նայում էր նրա աչքերին, որոնցից կարծես կայծեր էին դուրս ցայտում. նա կպել էր պատին և նրան թվում էր, թե ինքը մի մրջյուն է Զազունյանի դիմացը, այնքան իրեն ճնշված, հոգով ճնշված էր զգում և այնքան մեծ էր Զազունյանը։ Վերին աստիճանի անտանելի էր նրա դրությունը, երբ Զազունյանը լռեց։ Նա ուզում էր դուրս փախչել այդ զարհուրելի սենյակից, բայց մի բան ամո՞թ էր այդ թե այն գիտակցությունը, որ ինքը մեղավոր է Զազունյանի առջև ստիպում էր նրան կաշկանդված մնալ իր տեղում։ Սակայն հանկարծ նա մի շարժում գործեց, մի քայլ առաջ գնաց, ուզեց բան ասել, բայց ոչինչ չկարողացավ արտասանել և դուրս փախավ։

Զազունյանը ատամները սեղմած՝ հրացայտ աչքերով նայեց նրա ետևից, ատամների միջից ինչ-որ արտասանեց և ոտը այնպիսի անզուսպ ուժգնությամբ խփեց հանդիպած աթոռին, որ աթոռը մի քանի քայլ հեռու գլորվեց հատակի վրա։

Նա մի կարճ միջոց անսովոր արագ քայլերով շարունակեց ետ ու առաջ անցնել սենյակում, հետո մոտեցավ գրասեղանին, նստեց, առավ գրիչը և ուզեց շարունակել գրությունը, բայց այն աստիճան վրդովված էր, որ չկարողացավ շարունակել. նա գրիչը վայր ձգեց, նորից վեր կացավ, ցիլինդրը ծածկեց և դուրս գնաց։

41

Աննան Զազունյանի սենյակից և հյուրանոցից դուրս եկավ բարոյապես վերին աստիճանի հուզված։ Վճռելով գնալ Զազունյանի մոտ, նա երբեք մտքովն անգամ չէր անցկացրել, թե այդ մարդը պաշտպանվելու այնպիսի զորեղ զենք կարող է ունենալ, որպիսին է ուրիշի գործին խառնվելու իրավունք չունենալը. նա զգում էր, որ դրանով Զազունյանը կատարելապես զինաթափ էր արել իրեն. ինչքան էլ ինքը համոզված լիներ, որ իր նրա վրա արած հարձակումը կատարելապես արդարացի էր։ Բայց մանավանդ նրան խիստ շփոթել և օտարոտի դրության մեջ էր ձգել Զազունյանի այն ակնարկը, թե նա Զազունյանը հասկանում է պատճառը, որից դրդված ինքը Աննան հենց սկզբից շարունակ հետամուտ է լինում նրան... «Ի՞նչ էր ուզում դրանով հասկացնել», մտածում էր նա․ միաժամանակ ակամա երևակայելով Զազունյանի այն խորհրդավոր տոնը, որով նա արավ այդ թափանցիկ ակնարկը։ «Որ ես նախանձո՞ւմ եմ Էմմային և նույնպես անտարբեր չե՞մ դեպի ինքը, իսկ իրեն հետամուտ լինելու պատճառը անուշադրության մատնված սե՞րս է... Բայց ճի՞շտ է այդ...»։ Նա չէր ուզում ինքն իրեն պատասխանած լինել ճիշտ է այդ, թե ոչ, միայն այդ մասին մտածելիս չարագուշակ կերպով ժպտում էր, և զգում էր, որ Զազունյանին երբեք այնպես չի ատել, ինչպես նրա այդ ակնարկը լսելուց հետո։ Նա ակամա ամբողջ օր ու գիշեր շարունակ մտածում էր այդ ակնարկի մասին և շատ անգամ այնպես կատաղում էր Զազունյանի դեմ, որ պատրաստ էր լինում նրան մի կերպ վնասելու համար մինչև անգամ աններելի միջոցների դիմել։ Այն գիտակցությունը, որ ինքը բոլորովին անզոր է այդ մարդու առջև, նրան վերին աստիճանի ջղային էր դարձրել։ Դրա հետևանքն այն եղավ միայն, որ նա Զազունյանին ատելով, սկսեց ատել նաև Էմմային և Զաքարին, առավելապես վերջինիս, որի պատճառով (պատճառը նա Զաքարին էր համարում) ինքը մի այնպիսի անհամ և հիմար դրության մեջ էր ընկել։ Նա զգաց, որ անտանելի կերպով վարկաբեկվել է ինքը, որովհետև պարզ կերպով տեսավ, որ մինչև այդ օրը օտարոտի և հիմար միջնորդի դեր է կատարում և այդ բանը, բացի վնասից, ոչ ոքի օգուտ չբերեց։ Վերջին անգամ նա զզվանքով հիշեց իր կատարած դերը, վճռեց ամեն ինչ մոռացության տալ և անմիջապես հեռանալ Թիֆլիսից։ Նա մինչև անգամ չուզեց իբրև կողմնակի հանդիսատես դիտել, թե ինչով կվերջանար Էմմայի, Զազունյանի և Զաքարի գործը, մինչդեռ զգում և համոզված էր, որ պետք է վերջանար անխուսափելի աղետով։

Հյուրանոցի դեպքից երկու օր հետո նա արդեն ուղևորվում էր իր բնակավայրը Բաթում։

42

Աննայի հետ ունեցած անակնկալ խոսակցությունից հետո, դուրս գալով հյուրանոցից, Զազունյանն ուզում էր փոքր ինչ շրջել՝ հուզմունքն ու վրդովմունքը հանգստացնելու։ Ցիլինդրը աչքերի վրա վայր թողած և անուշադիր հայացքով նայելով անցուդարձ անողներին, նա անցավ Միքայելյան կամուրջը և մտավ համանուն երկար փողոցը։ Նա բոլորովին չէր մտածում, թե ուր է գնում։ Թեև Էմմայի ընկերուհու անկոչ միջամտությունը նրան չափից դուրս վրդովել էր, և նա իրեն վերին աստիճանի վիրավորված էր համարում, բայց իր ծանր դրությունն ի նկատի ունենալով, նա աշխատում էր զսպել բարկությունն ու որքան կարելի է՝ լուրջ և սառն կերպով դատել Աննայի վարմունքը, քննել նրա իրեն ասած խոսքերը։

Մեղավո՞ր է արդյոք Աննան։

Ինչքան էլ Զազունյանը համոզված լիներ, որ Աննայի իր դեմ թշնամական դիրք բռնելու պատճառը նրա անուշադրության մատնված վիրավորված սերն էր, այնուամենայնիվ, նա չէր կարող չհասկանալ, որ դրանով չէին կարող ջրվել Աննայի իր երեսին շպրտած խոսքերը։ Բայց նախ, Աննան չէ, առհասարակ ամեն մի կողմնակի մարդ իսկապե՞ս արդյոք իրավունք չունի խառնվելու ուրիշի գործերին, եթե դա իրավական օրենքով անթույլատրելի է, բարոյական վարդապետության օրենքով է՞լ, արդյոք, անթույլատրելի է, իսկ բարոյական վարդապետությունը մի՞թե ընկերասիրության վրա չի հիմնված, որին միշտ հետևել և ուզում է հետևել հենց ինքը Զազունյանը. ուրեմն իրավո՞ւնք ուներ վիրավորվելու Աննայից, երբ նա, իբրև զուտ մարդ և ընկեր միջամտում և ուզում էր դատավոր կանգնել նրա գործին։ «Ոչ, պատասխանեց Զազունյանը, մեքենայաբար կանգ առնելու նեղ մայթի վրա, որպեսզի ճանապարհ տա անցնելու մի կնոջ, որը դիմացից գալիս էր, ըստ երևույթին իր ամուսնու հետ թևանցուկ։ Բայց վիրավորվեցի։ Ինչո՞ւ, հարցրեց նա, ճանապարհը շարունակելով։ Որովհետև նա ինձ հետ շատ անվայել լեզվով խոսեց, մինչև անգամ, եթե ես իսկապես այնպիսի մարդ էլ լինեի, ինչպիսին որ նա համարում է ինձ, դարձյալ իրավունք չուներ այնպիսի լեզվով խոսելու... Սակայն նա, ինչպես ինքն ասաց, ուրիշ կերպ չէր կարող խոսել ինձ հետ... և եթե ես որևէ բանի համար մեղավոր եմ, ապա մեղավոր եմ նրանով, որ վիրավորվելու և հարձակվելու տեղ, պետք է խղճայի նրան»։

Այդ րոպեին նրա ուշադրությունը ակամա գրավեց մի փոքրիկ չարաճճի շուն, որ փողոցով սրընթաց անցնող մի կառքի առաջ կողքե կողք վազելով սաստիկ հաչում էր ձիերի վրա։ Զազունյանը մինչև անգամ կանգ առավ և սկսեց նայել այդ տեսարանին։ Շունն այն աստիճան մոտիկ էր վազում ձիերից, որ հանկարծ ձիերից մինի ոտը կպավ նրան, նա սաստիկ ճղավեց և թավալգլոր ընկավ, ձին երկու ոտով և կառքն երկու անիվով անցան նրա վրայով, և նա նույն րոպեին սատկեց։ «Հիմա՛ր», ասաց Զազունյանը շան հասցեին և նորից առաջ անցավ։

Քաղաքային հիվանդանոցի առաջ նա հանկարծ կանգ առավ. հիվանդանոցի բակից մեկը շտապ քայլերով դուրս եկավ, նայեց նրան, ըստ երևույթին, ուզեց կանգնել և բան ասել նրան, բայց հանկարծ խելագարի նման առաջ վազեց և նստեց մայթի մոտ կանգնած կառքը։

Пошол! գոռաց նա կառապանի վրա։

Կառապանը մտրակեց ձիերին, և կառքն առաջ սլացավ։

Զազունյանը դառն կերպով ժպտաց և սաստիկ գունատվեց. նա ճանաչեց կառք նստողին. Զաքարն էր։

«Գիտե՞ք, թե մի այնպիսի մարդու համար հիասթափությունն ի՛նչ արժե», հիշեց նա Աննայի խոսքերը և դարձյալ դառն կերպով ժպտաց. այդ ժպիտը հոգեկան սաստիկ ծանր, անտանելի վիճակ էր արտահայտում։ Նա հիշեց Զաքարի առաջվա իրեն ցույց տված մինչև հիմարության հասցրած ընկերական սերն ու հոգացողությունը, համեմատեց այդ նրա այժմյան վարմունքի հետ և կարծեց, թե մի բան, մի տեսակ թանկագին բան հանկարծ կտրվեց իր սրտից և դրա հետ նրա հոգին, նրա ամբողջ էությունը ծածկվեց մի տեսակ մռայլ, զարհուրելի խավարով։ Նրա ամբողջ մարմնով ջղային մի ուժգին ցնցում անցավ. նա ատամները սեղմեց միմյանց, սեղմեց մատներն ափերի մեջ, կարծես պատրաստվելով մի անհաղթ ուժի դեմ կռվելու, և այս անգամ արդեն բոլորովին անզգա կերպով շարունակեց իր ճանապարհը։ «Այո, թանկ, խիստ թանկ արժե մի այդպիսի մարդու համար այդպիսի հիասթափությունը», դաժանաբար ասաց նա ինքն իրեն և մի չարագուշակ զգացմունք պաշարեց նրան։

Էմմայից հաղթվելու օրից, որից հետո ակամա նրա ստրուկն էր դարձել, Զազունյանը միշտ խույս էր տալիս Զաքարից, և մինչև այդ օրը համարյա ոչ մի դեպք չէր պատահել, որ նա հանդիպեր նրան, այդպիսի դեպք չէր պատահել գուցե նրա համար, որ Զաքարն ինքը միշտ խույս էր տալիս Զազունյանից։ Զազունյանը շատ լավ գիտեր այդ և հասկանում էր, որ դրա պատճառը նրա անակնկալ հիասթափությունն էր, որ անշուշտ վերին աստիճանի ցնցած պետք է լիներ նրա ամբողջ էությունը։ «Ինչո՞ւ», մտածեց Զազունյանը և չկամեցավ այդ հարցին պատասխանել։ «Օ՜ֆ», կարծես տենդի մեջ հառաչեց նա, ձեռքով խփեց ցիլինդրի շրջապատին և ցիլինդրն աչքերի վրայից ճակատի վրա ձգեց։ «Անտանելի՜ է, անտանելի՜», շարժեց նա գլուխը և այլևս ոչինչ չուզեց մտածել։ Մտքերն ու զգացմունքները սաստիկ հուզում էին նրան, և նա կարծում էր, թե ինքն ընկած է մի փոթորկահույզ ծովի մեջ, որի ալիքները զարհուրելի արագությամբ պտտեցնում են իրեն և նույն արագությամբ անդունդն են տանում։

Նա բոլորովին չիմացավ, թե ուր գնաց, ինչ արեց, միայն կեսգիշեր էր արդեն, որ վերադառնում էր իր սենյակը։ Արագ քայլերով Միքայելյան փողոցի մի կողմից մյուսն անցնելիս, փոքրիկ կամուրջի վրա, որ գցած էր փողոցի և մայթի միջև անցնող ջրանցքի վրայից, մեկը հանկարծ կտրեց նրա առաջը։ Զազունյանը բարձրացրեց գլուխը և լապտերի լուսով ճանաչեց Զագորսկուն։

Bon soir, monsieur Zasounian, ըստ երևույթին, արբածությունից հազիվ ոտի վրա կանգնելով, ասաց Զագորսկին և ըստ զինվորականի՝ ձեռքը ճակատի մոտ բռնելով, բարևեց նրան։

Զազունյանը հանկարծ ջղային ցնցումով բարձրացրեց ձեռքն և այնպիսի ուժով ապտակ տվեց նրան, որ նա օրորվեց և նեղ կամուրջից ընկավ ցածլիկ ջրանցքը, որի միջով խոխոջալով անցնում էր ջուրը։ Զազունյանը կամուրջից անցավ մայթը և շարունակեց իր ճանապարհը... Այնուհետև ոչինչ չիմացավ, թե ինչ պատահեց Զագորսկուն։

Տասը րոպեից հասավ հյուրանոց։ Ռուս դռնապանը բաց անելով դուռը, քաղաքավարությամբ հայտնեց նրան, որ նրա մոտ հաճախ եկող նորատի կինն այդ երեկոյան, նրա դուրս գնալուց հետո եկել էր և հարցրել էր նրան. նա նույնպես հայտնեց, որ այդ կինն երեք օր է, որ շարունակ գալիս է նրա մոտ, բայց նրան տանը չի գտնում։

Զազունյանը հասկացավ, որ խոսքը Էմմայի մասին էր։ Նա հրացայտ աչքերով մի րոպե նայեց դռնապանի նիհարությունից չորացած դեմքին, կարծես պատրաստվելով նրան էլ մի պինդ ապտակ հասցնելու, հանկարծ դարձավ և բարձրացավ վերև։ Մտավ իր սենյակը և դուռը փակեց բանալիով։

43

Հիրավի, վերջին երեք օրը Էմմային ոչ մի անգամ չէր հաջողվել տեսնել Զազունյանին․ այդ նրան ոչ թե զարմացնում կամ երկյուղ էր պատճառում, այլ սաստիկ վրդովում էր, առհասարակ վերջին ժամանակները նա նկատում էր, որ Զազունյանը մի տեսակ խույս է տալիս իրենից և այդ վերին աստիճանի գրգռում էր նրա ջղերը։ Այդպիսի դեպքերում նա զգում էր, որ դեպի Զազունյանը տածած իր սերը ոչ թե սեր է, այլ օտարոտի, հուսահատ ատելության նման մի զգացմունք, որ այնուամենայնիվ սիրուց էլ ավելի ուժով է քաշում նրան դեպի այդ մարդը։ Առհասարակ նրա հարաբերությունը լարված լինելով դեպի Զաքարը, վերջին օրերն առավել ևս լարվել էր։ Սակայն պետք է ասած, որ չնայած մարդ ու կնոջ հարաբերությունները լարված էին, բայց նրանք դեռ երբեք ոչ մի խոսակցություն չէին ունեցել միմյանց հետ իրենց դրության վերաբերմամբ. նրանք երկուսն էլ խույս էին տալիս թե միմյանցից և թե այդպիսի խոսակցությունից, մանավանդ Զաքարը, որ արդեն Էմմայի գաղտնիքը հասկանալով, այդ բանի համար փոխանակ կատաղելու նրա դեմ, մի տեսակ օտարոտի երկյուղ էր զգում նրանից, կարծես մեղավորն ինքը լիներ և ոչ թե Էմման։ Այդ էր պատճառը, որ նա, իր անտանելի դրությունից դուրս գալու համար, Աննայի օգնությանն էր դիմել։ Ըստ երևույթին, ամուսնու այդ թուլությունը պետք է համարձակություն տար Էմմային, բայց ընդհակառակն, կաշկանդում էր նրան։ Շատ անգամ նա սաստիկ ցանկանում էր, որ Զաքարը խոսք բանար իր դրության մասին (նա գիտեր, որ ամուսնուց ծածուկ չէր այդ բանը), կռվել էր հետ, նույնիսկ ծեծեր իրեն և այդ դեպքում նա զգում էր, որ ինքը համարձակ կդիմադրեր նրան և իրեն բոլորովին մեղավոր չէր զգա, բայց այդպիսի բան չէր պատահում, և այդ հանգամանքը կատաղեցնում էր նրան։ Շարունակ այդպես տևելով, ի վերջո այդ դրությունն այն աստիճան անտանելի դարձավ նրա համար, որ այժմ ինքն սկսեց առիթ փնտրել, որ ամուսնուն դուրս քաշի կռվի։ Սակայն այդ առիթն ինքն իրեն ներկայացավ։

Վերջին օրը երեկոյան, Զազունյանի մոտ գնալով և նրան այնտեղ չգտնելով, Էմման վերադառնում էր վերին աստիճանի գրգռված դրությամբ։ Զաքարը հիվանդանոցից հենց նոր էր տուն եկել։ Հիվանդանոցի բակի դռան մոտ անակնկալ կերպով հանդիպելով Զազունյանին, նա այս անգամ արդեն խիստ կատաղել էր թե նրա և թե էմմայի դեմ։ Կնոջ դեմ մանավանդ ավելի կատաղեց, երբ տուն գալով աղախնուց իմացավ, որ նա ուր-որ գնացել է։ Խելագարի նման նա համարյա վազվզում էր հյուրասենյակում և վայրկյան առ վայրկյան սպասում էր Էմմայի վերադարձին։ Այս անգամ զգում էր, որ համարձակորեն հաշիվ կարող է պահանջել նրանից և վճռել էր, որ այդպես անի. վերջապես պե՞տք է վերջ տալ այդ անտանելի դրությանը, թե ոչ։ Դռան զանգակի ձայնը լսելով, նա դուրս վազեց միջանցք և կանգնեց այնտեղ, մինչև որ աղախինը դուռը կբանար։ Նա գիտեր, որ եկողն Էմման էր, և չսխալվեց։

Ներս մտնելուն պես էմման կատաղած կանչեց աղախնու վրա.

Մինչև ե՞րբ սպասեմ, որ դուռը բանաս։

Աղախինը ձայն չհանեց և գլուխը խոնարհած դուռը փակեց։

Էմման արագ քայլերով բարձրացավ վերև։ Այնտեղ միայն նա տեսավ Զաքարին և, հանկարծ կանգ առնելով, մի հպարտ և կռվի դուրս կոչող հայացք ձգեց նրա վրա։

Զաքարը կպել էր պատին, նա սաստիկ գունատ էր և ամբողջ մարմնով դողում էր։

Երկուսն էլ մի կարճ միջոց լուռ նայեցին միմյանց և հասկացան միմյանց դրությունը։

Հանկարծ Էմման նույն լռությամբ շարժվեց տեղից և շտապեց դեպի իր սենյակը:

Կա՛ց, լսեց նա Զաքարի ձայնը։

Նա արագ ամբողջ մարմնով դարձավ, առաջվա հայացքով նայեց ամուսնուն և գլուխը հպարտությամբ ետ ձգեց։ Այս անգամ Զաքարը ոչ թե դողում, այլ ոտից ցգլուխ ցնցվում էր։

Որտե՞ղ էիր, հազիվ արտասանեց նա և փորձեց մի քայլ առաջ գնալու։

Զազունյանի մոտ, պատասխանեց Էմման:

Լի՛րբ, գոչեց Զաքարը և ուզեց հարձակվել նրա վրա։

Էմման գլուխն ավելի ևս ետ ձգեց, ավելի հպարտ հայացքով նայեց նրան և տեղից չշարժվեց։

Կսպանեմ նրան․․․ քեզ էլ, իրեն բոլորովին կորցրած՝ ատամների միջից արտասանեց Զաքարը։

Էմման ձեռքը կրծքի վրա դրեց։

Ես չեմ վախենում, ասաց նա։

Զաքարն անզուսպ կատաղությամբ ձեռքով ցնցողաբար ինչ-որ շարժումներ գործեց, ուզեց խոսել, մի բան ասել, բայց ձայնը չհպատակեց նրան։ Նա հանկարծ դարձավ և խենթի նման ներս վազեց։

Էմման ձեռքը կրծքին դրած նույն դրությամբ անշարժ մնաց տեղում․ մի քանի վայրկյանից նա տղամարդի ուժգին հեկեկանքի ձայն լսեց։ Այդ ձայնը լսելով, նա հանկարծ ամբողջ մարմնով ցնցվեց, և նրա ձեռքը թուլացած ընկավ կրծքի վրայից։ Նա գլուխը ակամա առաջ տարավ, կարծես խորին ուշադրությամբ ականջ դրեց այդ ձայնին, հետո կամաց դարձավ և մտավ իր սենյակը։ Առանց գլխարկը վերցնելու, առանց ձեռնոցները հանելու, նստեց աթոռի վրա և անշարժ մնաց։ Նրան նայողը կկարծեր, թե խորը մտածության մեջ է, բայց նա ոչինչ չէր մտածում։

44

Հետևյալ առավոտը Զաքարը կառք նստած՝ գնում էր հիվանդանոց։ Քաղաքային այգու կողմից դեպի Միքայելյան կամուրջը ծռվելով, նա հանկարծ տեսավ, որ «Գրանտ-օտել» հյուրանոցի առջև բազմաթիվ մարդիկ են խմբված։ Հյուրանոցի դռան շեմքին ոստիկաններ էին կանգնած և ոչ ոքի ներս չէին թողնում։

Մի զարհուրելի բնազդում ցնցեց Զաքարի ամբողջ էությունը։

Նա կառքը կանգնեցնել տվեց հյուրանոցի առջև և ցած թռավ։

Ի՞նչ է պատահել, ի՞նչ, հարցրեց։

Հյուրանոցում մեկն անձնասպանություն է գործել, պատասխանեցին նրան:

«Զազունյանը» կայծակի արագությամբ անցավ Զաքարի մտքով։ Նա ճղեց ամբոխը, առաջ անցավ և ուզեց ներս մտնել հյուրանոց, բայց ոստիկանները կտրեցին նրա ճանապարհը։

Բժիշկ եմ, բժիշկ, գոռաց նա ոստիկանների վրա:

Նրան ներս թողեցին:

Նա չիմացավ, թե ինչպես վերև վազեց սանդուղքով։

Հյուրանոցի բոլոր կեցողները` մարդիկ, կանայք, երեխաները և բոլոր ծառաները խռնվում էին միջանցքում։ Անցնելու ճանապարհ չկար, բայց Զաքարը կարողացավ անցնել և կանգ առավ Զազունյանի սենյակի դռան առջև: Այստեղ էլ ոստիկաններ էին կանգնած, որոնք չուզեցին նրան ներս թողնել, բայց նա դարձյալ գոռաց` «բժիշկ եմ, բժիշկ», և նրան ներս թողին։ Սենյակում ոստիկանատան մի քանի ստորին և բարձր պաշտոնյաներ կային, որոնք արձանագրություն էին կազմում։ Կային նաև մի քանի կողմնակի մարդիկ, որոնց հաջողվել էր ներս մտնել։ Զաքարն առաջ չկարողացավ գնալ. շանթահար կանգ առավ դռների մոտ։

Սենյակի մեջտեղում, հատակի վրա, երեսն ի վեր ընկած էր Զազունյանի դիակը. ուղիղ ճակատին ատրճանակի գնդակից մի զարհուրելի վերք էր բացված, որ կարմրի և սևի էր խփում: Նրա աչքերն ու բերանը բաց էին: Թվում էր, թե ջանք է անում ամբողջ կրծքով շունչ քաշելու, բայց շունչը քարացած էր նրա թոքերում։ Նրա դեմքը և սպիտակ օսլայած շապիկը (սյուրտուկն ու ժիլետը հանած էր) ամբողջապես թաթախված էին արյան մեջ։ Առատ արյունը գուբ էր կապել նրա տակ։

Զարհուրելի էր նրան նայել։

Եվ Զաքարը զարհուրում էր։ Այո, զարհուրում էր միայն...

Էմման հետևյալ օրը միայն իմացավ Զազունյանի անձնասպանության լուրը և իմացավ ոչ թե Զաքարից, այլ տեղական լրագրերից, որոնց մեջ տպված էին այդ անձնասպանության բոլոր մանրամասնությունները, բացի պատճառից, որ ոչ ոքի հայտնի չէր։

Ի՞նչ զգաց արդյոք էմման այդ լուրը կարդալով։

Կան դրություններ, որոնք գրի չեն առնվում։

Նույն օրը Էմման քաղաքային պոստով հետևյալ նամակը ստացավ.

«էմմա.

Հիշո՞ւմ ես, երբ ես քեզ զգուշացնում էի երկնային պատուհասից։ Գուցե անմիտ բան էր դա, բայց երբեմն լինում են այնպիսի անմիտ բաներ, որոնք խոր իմաստ են ունենում և որոնց ամեն ոք չի կարող հասկանալ... Ճակատագիրն էր, թե մի ուրիշ բան, ստիպեց ինձ անել այն, ինչ որ դեմ էր իմ հոգուս և հասկացողություններիս... Ընկա՞ արդյոք ես, թե ոչ ո՜վ գիտե, բայց ես այլևս չէի կարող այս դրությունը շարունակել... Ի՞նչ երջանկություն պետք է լիներ իմ երջանկությունն, երբ ամեն մի րոպե համոզված պետք է լինեի, որ քեզ միշտ վրդովմունք, հուզմունք եմ պատճառում, որ այդ երջանկությունը ձեռք է բերված ուրիշի թշվառությամբ, մանավանդ, որ այդ ուրիշը իմ ընկերն է... Լավ մտածիր, էմմա, այդ մասին, և հույս ունիմ, ինձ չես դատապարտի.․. Ես ավելի լավ համարեցի ինձ զոհել ուրիշի համար, քան թե ուրիշին՝ ինձ համար։ Մի քանի վայրկյանից ես կձգեմ այս աշխարհը և կմտնեմ անհայտության անվերջ աշխարհը... Լույսը նվազում է, խավարը շրջապատում է ինձ. մի վայրկյան էլ և ես իմ մարմնի ծանրությունը այլևս չեմ զգալ։ Թողնում եմ ես այս աշխարհիս վրա այն, ինչ որ ինձ է պատկանում... էմմա, իմացիր, ես սերս չեմ զոհում, այլ ինձ։

Ա. Զ.»

Այդ օրը չէ, բայց հետևյալ օրը Էմման ամբողջ ժամերով գլուխը դնում էր այդ նամակի վրա և ծանր, դառն անմխիթար արտասուքներով ողողում էր նրան։

1890

Be the first who will comment on this

Other parts of "Զազունյան"

Yatuk Music
Kars
Tigran Hamasyan

Kars

Portrait of Rubik
Portrait of Rubik
Play Online