Nar-Dos
Զազունյան
6
«Եվ այդպես, վճռված է. պետք է հեռանալ», մի անգամ, շատ երկար մտածելուց հետո, ասաց ինքն իրեն Զազունյանը և սկսեց հագնվել։ Նա ուզում էր վերջին կամ նախավերջին անգամ այցելել Մարկոսյաններին և մի կամ երկու օրից հետո... բարի ճանապարհ։ Ինչպես ուղեցույցի սլաքը, որ ինչպես էլ բռնում ես, միշտ դեպի հյուսիս է դառնում, նույնպես և նա ինչ կերպ և ինչ կողմից էլ որ քննության էր ենթարկում իր դրությունը, խիղճը և առողջ դատողությունը միշտ կանգ էին առնում այն բանի վրա, որ պետք է հեռանա։
Մի կերպ, կարծես տենդի մեջ, հագնվելով, նա դուրս եկավ և դիմեց դեպի Մարկոսյանների տուն։
Երեկո էր, արևն արդեն մայր էր մտել։ Չնայելով, որ նա ուղղակի գնում էր Մարկոսյանների տուն, բայց տակավին երկմիտ էր՝ գնա՞, թե ոչ, որովհետև կարծում էր, որ նրանք այդ ժամանակ, գուցե, դուրս եկած կլինեն զբոսանքի, մանավանդ, որ եղանակը շատ գեղեցիկ էր․ բացի դրանից, նա հենց սկզբից վախենում էր, զգում էր, որ ինքը անկարող կլինի իր բերանով հայտնելու Էմմային, որ ինքը մի կամ երկու օրից հետո պետք է հեռանա. այդ նրան միևնույնն էր թվում, թե ինքն իր բերանով պետք է կարդար իր դատավճիռը։ Նա գնում էր և հետզհետե քայլերը դանդաղեցնում։ Որքան առաջ էր գնում, այնքան նրա մտքերն անկանոն ընթացք էին ստանում, այնքան նրանք հեռանում էին վերջնական վճռից։ Արդյոք գնա, թե չգնա, արդյոք նրանք տանը կլինե՞ն, թե ոչ, և եթե տանը լինեն, արդյոք Էմմայի ներկայությամբ հայտնի՞ Զաքարին իր հեռանալու մասին, թե սպասի մի ուրիշ անգամի, արդյոք լավ չի՞ լինի, եթե մի քանի օրով հետաձգի իր հեռանալը։ Չնայելով, որ վերջին խնդիրը նա արդեն վճռել վերջացրել էր, բայց այժմ մի անհասկանալի զորությամբ այդ վճիռը հետզհետե թուլանում էր և խնդիրը նորից քննություն էր պահանջում։
Այդպիսի տատանումների մեջ էր նա, երբ հանկարծ տեսավ Զաքարին կառքով անցնելիս։ Զաքարը նույնպես տեսավ նրան և կառքն իսկույն կանգնեցնել տվեց։ Զազունյանն իջավ մայթից և մոտեցավ նրան։
Ո՞ւր ես գնում, հարցրեց Զաքարը, ձեռք տալով նրան։ Եկ նստիր, գնանք մեր տուն։
Զազունյանը նստեց։ Կառքն առաջ անցավ։
Գալիս էի ձեր տուն, պատասխանեց Զազունյանը։
Հա-ա՞... փառք աստծո։ Երևի այս երկու օրը ոտներիդ հինա էիր դրել, որ չէիր գալիս։ Տխուր նստում ենք, տխուր վեր կենում։ Չէ, եղբայր, դեռ սկզբից չպետք է գայիր մեր տուն, բայց որ մի անգամ եկար, այլևս իրավունք չունես մի օր անգամ բացակայելու. ես այդպես եմ հասկանում բարեկամությունը։ Դու հո գիտես, որ քո ներկայությունն առանձին բավականություն է պատճառում մեզ, էլ ի՞նչ ես նազ ու տուզ ծախում։ Հավատացիր, Արսեն, որ առանց քեզ մենք շատ տխուր ենք լինում, մանավանդ որ Աննան էլ այս երկու-երեք օրը, չգիտեմ ինչ պատճառով, այլևս չի գալիս մեր տուն։ Երևի դու և նա միասին խոսք եք կապել, որ մեզ բոլորովին մենակ թողնեք։
Զազունյանին խիղճն սկսեց տանջել. ինչպիսի՞ միամիտ բարեսրտություն և ի՜նչքան խոր, անկեղծ հավատ դեպի ընկերը։ Կարելի՞ է միթե այդպիսի մի կատարյալ հավատ ի չարը գործ դնել։ Ահա մի զենք, ինքնըստինքյան մի աննշան, բայց և միևնույն ժամանակ իր անգիտակցությամբը մի զորավոր զենք, որի առաջ պետք է բթանա չարամտությունը, որին հանդիպելով ամոթահար պետք է փախուստ տա վատությունը... Ոչ, Զաքարն իր այն համարյա երեխայական անկեղծ սիրով և հավատով բնավ խղճալի չէ թվում Զազունյանին. ընդհակառակն՝ Զազունյանն այդ րոպեին նայում էր նրա վրա որպես մարդու և ընկերի կատարելատիպի, իդեալի վրա, որի առջև հոգեզմայլությամբ պատրաստ էր ծունկ խոնարհել։ Ի՞նչ են հազարավոր թշվառ օթելլոներ այդ մարմնացյալ սիրո և հավատի առաջ։ Մի՞թե այդպիսի մարդը չարժե այն անձնազոհությանը, որ ինքը Զազունյանը, կամենում էր բերել նրա համար, որ իսկապես ասած անձնազոհություն էլ չէր լինի, այլ մի տեսակ մարդկային, ընկերական պարտականություն։
Նա հարմար և ի դեպ համարեց հայտնել Զաքարին իր հեռանալը և գիտեր, որ նա իր կողմից տուն գնալուն պես կհայտնի այդ մասին իր կնոջն, ուրեմն այդպիսով ինքը կազատվեր Էմմային անձամբ հայտնելու դժվարությունից։
Այս գուցե վերջին անգամն է, որ գալիս եմ ձեր տուն, ասաց նա տխուր ժպիտով։
Զաքարն արագ, մինչև անգամ վախեցած, նայեց նրան։
Ի՞նչպես, հարցրեց նա։
Շուտով պետք է հեռանամ այստեղից, պատասխանեց Զարունյանը։
Ո՞ւր, ի՞նչպես, ե՞րբ, ի՞նչ ես ասում, գժվե՞լ ես, վրա տվեց Զաքարը, չհավատալով։ Կատա՞կ ես անում։
Հավատացիր, չէ. խո առաջ էլ ասում էի, որ պետք է հեռանամ։
Ուրեմն վճռե՞լ ես, հաստա՞տ վճռել ես։
Վաղուց եմ վճռել:
Բայց ո՞ւր, եղբայր, ո՞ւր պետք է գնաս, ես չեմ հասկանում:
Ո՞վ գիտե...
Է, եղբայր, թե աստվածդ կսիրես, ձեռք վերցրու այդ հիմար մտադրությունից: Ուզում ես նեղացիր, բայց ես հիմարություն եմ համարում աննպատակ ճանապարհորդությունը: Հա, էլի մի ամիս, երեք ամիս,մի տարի ես հասկանում եմ, բայց ամբողջ կյանքը նվիրել ճանապարհորդությանը այդ, կրկնում եմ՝ մեծ հիմարություն է, հավատացիր, մեծ հիմարություն: Գոնե որևէ աշխարհագրական ընկերության անդամ լինես, էլի մի բան է. կասեմ ճանապարհորդում ես ուսումնասիրական նպատակով, գիտությանն ուզում ես օգուտ տալ, բայց, ախր ճանապարհորդել լոկ ճանապարհորդելու համար, անօգուտ, ապարդյուն... Չէ, եղբայր, չէ, ինչ ուզում ես ասա, ես էլի կասեմ, որ այդ մեծ հիմարություն է, մեծ:
Զազունյանը չպատասխանեց. ինչ-որ նոր, տակավին անծանոթ մի տխրություն պաշարեց նրան:
Նստիր քեզ համար. կարճ լռությունից հետո շարունակեց Զաքարը, տուն-տեղ դիր, ամուսնացիր, սիրիր, սիրվիր, որդիք ունեցիր, ապրիր քեզ համար հանգիստ, խաղաղ ահա քեզ երջանկություն, ահա քեզ օգտակար կյանք, թե չէ, մի օր այստեղ ապրել, մյուս օրն այնտեղ, ամբողջ կյանքը թափառականությամբ անցկացնել... Ի՞նչ միտք ունի: Չէ, եղբայր, գուցե ես եմ հիմար և քեզ լավ չեմ հասկանում, հը՞... Բայց ապա մեկ ինձ բացատրիր, թե մշտական ճանապարհորդությունն ինչով է լավ նստակյաց կյանքից:
Քեզ համար՝ ոչնչով, բայց ինձ համար՝ շատ բանով, պատասխանեց Զազունյանը:
Օրինա՞կ:
Դու ինձ չես հասկանա, որովհետև չգիտես, թե ինչ բան է ճանապարհորդությունը:
Էլի:
Օրինակ հենց նրանով միայն, որ իմ երջանկությունն, եթե միայն այդ երջանկություն կարելի է անվանել, ճանապարհորդության մեջ է գտնվում, ինչպես քոնը նստակյաց կյանքի մեջ:
Ախր, օրինակ:
Էլի դու քոնն ես պնդում. այստեղ ոչ մի օրինակ հարկավոր չէ։ Որպեսզի ինձ հասկանաս, պետք է անձամբ ճանապարհորդած լինես և ձգտումն ունենաս դեպի ճանապարհորդությունը։
Ես զարմանում եմ, ճշմարիտ... Ախր, եղբայր, եթե ճանապարհորդությունը որևէ առավելություն ունի նստակյաց կյանքից, էլ ինչո՞ւ չես կարող բացատրել ինձ, թե ինչումն է այդ առավելությունը։
Դու ինձ ասա, թե ինչո՞ւ անպատճառ նստակյաց կյանք ես սիրում և ոչ ճանապարհորդություն։
Որովհետև նստակյաց կյանքը ամեն բանով լավ և օգտակար է ճանապարհորդությունից։
Իսկ ես էլ կասեմ, որ ճանապարհորդությունն ամեն բանով լավ և օգտակար է նստակյաց կյանքից։
Ի՞նչով օրինակ։
Զազունյանը ժպտաց։
Տեսնո՞ւմ ես, մենք դարձյալ ետ գնացինք, ասաց նա։ Ոչ մի օրինակ հարկավոր չէ, ասում եմ։ Այդ կախված է անհատի բնավորությունից, հակումից։ Ինչո՞ւ մեկը խորոված է սիրում, մյուսը փլավ, ինչո՞ւ մեկը գինի է սիրում, մյուսը գարեջուր, ինչո՞ւ մեկը շուն է սիրում, մյուսը ձի․ կարո՞ղ ես բացատրել դրանց պատճառները։ Չէ։ Այնպես էլ ես։
Էհ, մախլաս, ասաց Զաքարը մի տեսակ տխուր և հուսահատ դժդոհությամբ և թեթև հառաչեց։
Երկուսն էլ կարճ ժամանակ լռեցին։
Արսեն, արի իմ խաթրու մնա, ձեռք վերցրու ճանապարհորդությունից, հանկարծ ասաց Զաքարը, նայելով Զազունյանին։
Անկարող եմ, Զաքար, մեղմությամբ պատասխանեց Զազունյանը։ Ինձ համար մահու չափ անտանելի է մի տեղում երկար մնալը․ սաստիկ ձանձրանում եմ... Ահա քանի ժամանակ է՝ ես այստեղ եմ, և դու չես կարող երևակայել, թե այժմ ինչքան ձանձրացել եմ այստեղից, խաբեց նա։
Մե՞զ մոտ, մենք քեզ ձանձրացնո՞ւմ ենք, զարմացած հարցրեց Զաքարը։
Էհ, Զաքար․․․ երեխայի նման խո միշտ ձեր ետևից չեմ ընկնի, ասաց Զազունյանը տխրությամբ։
Դե որ այդպիսի համառն ես, աստված բարի ճանապարհ տա, բարկացած կանչեց Զաքարը։ Գնա ուր ուզում ես, գնա թափառի ինչքան ուզում ես, ես իսկի չեմ էլ ուզում քեզ արգելք լինել։
Երկար ժամանակ երկուսն էլ լռեցին։
Ե՞րբ ես գնում, հարցրեց քթով Զաքարը։
Կամ վաղը, կամ մյուս օրը, պատասխանեց Զազունյանը։
Կառքը կանգ առավ Զաքարի բնակարանի դռանը։ Նրանք իջան և բարձրացան վերև, հյուրասենյակ։ Զաքարն ուզում էր գնալ տեսնելու, թե ինչ է անում կինը, ինչու չի մտնում, գլխավորապես հայտնելու նրան Զազունյանի հեռանալը, որ իրեն սաստիկ ազդել էր, երբ հանկարծ մտավ Աննան։ Երևում էր, որ նա նոր չէր եկել և փոքր֊ինչ առաջ սաստիկ հուզվել էր։
Ա՜, փա՛ռք, աստծու, նրան տեսնելով, կանչեց Զաքարը։ Հազիվ միտներդ եք բերել մեզ։
Ներեցեք ինձ, այս երկու-երեք օրը ես հիվանդ էի, դրա համար էլ չէի գալիս, ասաց Աննան, սեղմելով նրա ձեռքը, իսկ Զազունյանին միայն թեթևակի և համարյա առանց նրան նայելու, կարծես ակամա, գլուխ տալով։
Զազունյանն այդ առաջին անգամը չէր տեսնում, որ Աննան լավ աչքով չէր նայում իրեն։
Ի՞նչպես, ի՞նչ էր պատահել, հարցրեց Զաքարը։
Չգիտե՞ք ինչ կպատահեր. շուտ հիվանդացողինը և շուտ առողջացողինը կամ գլուխը պետք է ցավելիս լիներ, կամ պետք է մրսած լիներ, պատասխանեց Աննան բռնի ժպիտով, որպեսզի ցույց չտա իր հուզմունքը, որից, ինչպես երևում էր, նա դեռ չէր հանգստացել և չէր կարողանում հանգստանալ։
Հա, այդ մեկը ճիշտ է, այդ մեկը ճիշտ է, շտապով պատասխանեց Զաքարը։ Բայց ո՞ւր է էմման. դուք նրա մո՞տ էիք. ինչո՞ւ ներս չեք գալիս, ասաց նա, ուզելով դուրս գնալ։
Նա հիմա կգա, նա հիմա կգա, պ. Զաքար, շտապեց պատասխանել Աննան։
Ախր դուք չգիտեք, տ. Աննա, Զազունյանը վաղը կամ մյուս օրը վճռել է արդեն հեռանալ այստեղից, ասաց Զաքարը տխրությամբ։
Աննան արագ նայեց Զազունյանին։ Նրա դեմքի վրա երևաց զարմանք և ուրախություն, որ նա չկարողացավ ծածկել։
Զազունյանը նկատեց այդ և հոնքերը փոքր-ինչ կիտեց։ Նա նստած էր, ըստ երևույթին, բոլորովին հանգիստ։
Այո՞, պ. Զազունյան, հարցրեց Աննան։
Այո, պատասխանեց Զազունյանը։
Վաղը կամ մյուս օ՞րը։
Այո։
Զարմանալի է, ինչո՞ւ այդպես հանկարծ․․․
Զազունյանը հոնքերը ավելի կիտեց. նա արդեն ամեն բան հասկանում էր։
Հանկարծ ասացիք ու թողի՛ք, վրա բերեց Զաքարը։
Գոնե երկու շաբաթ, գոնե մի շաբաթ, գոնե հինգ օր առաջ հայտներ, թե այսինչ օրը հեռանում եմ, այնինչ՝ այսօր...
Ներս մտավ Էմման մետաքսյա մոխրագույն շրջազգեստով, որ կոկ և մեծ ճաշակով կանգնած էր նրա փոքր-ինչ առաջ թեքված, բայց կանոնավոր ճկուն կազմվածքի վրա։ Ներս մտավ համարձակ, մինչև անգամ հպարտ քայլերով, ինչպես ոչ մի ժամանակ ներս չէր մտել։ Երևում էր, որ նա նույնպես հուզված էր եղել, ինչպես Աննան, և հուզված էր եղել Աննայից է՛լ ավելի․ նրա սպիտակ ճակատի վրա տակավին երևում էին կարմիր բծեր, իսկ վզի և ծնոտների վրա՝ կապույտ երակներ, որոնք սաստիկ հուզմունքից գրգռվել-ձգվել էին։ Մինչև Զազունյանը նրան տեսնելուն պես վեր կկենար և կշտապեր դեպի նա բարևելու համար, Էմման իր կողմից արագ քայլերով մոտեցավ նրան և ամուր սեղմեց նրա ձեռքը, ինչպես ոչ մի ժամանակ չէր սեղմել։
Դուք գիտեք, թե ինչ բանի համար ես պետք է մեղադրեմ ձեզ, իսկ ես գիտեմ, թե ինչ պետք է պատասխանեք դուք ինձ, ասաց նա ժպտալով, համարձակ և անսովոր արագախոսությամբ, կարծես մեկին ջգրացնելով, և այդ պատճառով ոչ ես կասեմ ձեզ իմ մեղադրանքը, ոչ էլ դուք՝ ձեր պաշտպանությունը կամ... ներողությունը այդ ավելորդ է... Բայց այժմ կարծում եմ, որ ձեր այցելության համար ես պարտական եմ ամուսնուս։
Սխալվում ես, Էմմա, ինքն էր գալիս այստեղ։
Հա֊ա՞... ավելի լավ, բացականչեց Էմման։ Սակայն, այս էլ եմ կարծում, որ այս երկու օրն, առանց մեզ, պետք է որ ձանձրանալիս լինեիք, ինչքան էլ զբաղված լինեիք որևէ գործով։ Ներեցեք ինձ, որ ես համարձակվում եմ այդպես կարծել և այդ ուղղակի ասում եմ ձեզ, որովհետև ես ճշմարիտը կասեմ հենց սկզբից կարծել եմ, որ ձեզ համար մեծ նշանակություն ունի մեզ այցելելը, ինչպես և մեզ համար մեծ նշանակություն ունի ձեր ներկայությունն այստեղ։
Դուք կատարյալ իրավունք ունիք այդպես կարծելու, պատասխանեց Զազունյանը։ Ինձ համար միշտ մեծ պատիվ է ձեզ այցելել։
Նա շփոթված և զարմացած նայում էր Էմմային։ Ի՞նչ է նշանակում այս, Էմման այդպես համարձա՞կ, այդպես աշխո՞ւյժ, այդպես արագախոս և պարզախո՞ս.․. Նա նախ նայեց Զաքարին, հետո Աննային, կարծես նրանցից սպասելով այդ հանելուկի բացատրությունը. Զաքարի դեմքին նա տեսավ զարմանքի նման մի բան, իսկ Աննայի դեմքին հազիվ նկատելի մի հեգնական ժպիտ, որ կարծես ասում էր գիտեմ, գիտեմ ինչ է նշանակում այդ...
Իսկ դո՞ւ ինչ կասես, Էմմա, որ այս պարոնը հեռանում է վաղը, ասաց Զաքարը։
Ի՞նչ, կասես սաստիկ վախից հանկարծ ցնցվելով, արտասանեց Էմման և արագ նայեց Զազունյանին։ Մի ակնթարթում նրա գույնը թռավ։
Վա՞ղը, հարցրեց երկարացնելով և կարծես ինքն իր ձայնից վախենալով։
Այսինքն վաղը կամ մյուս օրը, ուղղեց Զաքարն իր սխալը։
Այո՞, նույն կերպ հարցրեց Էմման, գլուխը անզգայաբար փոքր-ինչ առաջ տանելով և շարունակ նայելով ուղղակի Զազունյանի աչքերին։
Այո, պատասխանեց Զազունյանը շփոթված։
Էմման այլևս ոչինչ չկարողացավ ասել։ Նրա շուրջն օդը կարծես հանկարծ սպառվեց։ Նա մեքենայաբար հեռացավ դեպի լուսամուտը և նույնպես մեքենայաբար նստեց աթոռի վրա մեջքն Աննայի կողմն անելով։
Այսօր ի՛նչ շոգ է, արտասանեց նա շնչասպառ, նորից վեր կացավ, ուժով բաց արեց լուսամուտի փեղկերը, որ իսկույն չհաջողվեց, և նորից նստեց աթոռի վրա։
Զազունյանն և Աննան, իհարկե, հասկացան, թե բանն ինչումն է, բայց Զաքարը տեսավ և ոչինչ չհասկացավ։ Նա միայն զարմացած նայեց կնոջը։
Սենյակում երկար ժամանակ լռություն տիրեց։
Թեյը պատրա՞ստ է, դիմեց կնոջը Զաքարը։
Ի՞նչ, հարցրեց էմման մեքենայաբար նայելով նրան։
Զաքարը բոլորովին զարմացած նայեց ուղղակի նրա աչքերին։
Թե՛յ, կրկնեց նա։
Թե՞յ..․ Հա, իսկույն... ասաց Էմման, շտապով վեր կացավ և շտապով դուրս գնաց՝ անցնելիս մի սաստիկ և կատաղի ատելությամբ լի հայացք ձգելով Աննայի վրա։
Այնուհետև մինչև Զազունյանի գնալը նրա խելքը կարծես գլխին չէր։ Նա նմանում էր մի կասկածավոր մարդու, որին անսպասելի կերպով վրա են հասել մարդիկ, և նա շփոթությունից, շտապելուց չգիտե, թե ինչպես անի, որ նրանց ձեռքը չընկնի։
Թեյից հետո, երբ արդեն մթնել էր, Զազունյանը վեր կացավ, որ գնա, որովհետև պարզ տեսնելով Էմմայի դրությունը, նրա համար անասելի ծանր էր մնալ այնտեղ։ Զաքարը փորձեց չթողնել նրան, բայց նա չմնաց, պատճառ բերելով, որ պետք է ճանապարհի պատրաստություններ տեսնի։
Ի՞նչ, դու վա՞ղն ես գնում, կանչեց Զաքարը։
Չէ, գուցե վաղը չկարողանամ գնալ, պատասխանեց Զազունյանը հապաղելով։
Հա, այդ էր պակաս որ վաղը գնայիր, մրթմրթաց Զաքարը։ Սպասիր, ես էլ եմ քեզ հետ դուրս գալիս։
Ձեռք տալու ժամանակ Էմման կարծես հանկարծ ուշքի եկավ։
Գնալուց առաջ, իհարկե, մեզ չեք մոռանալ, անսպասելի հաստատ ձայնով և առանց նրան նայելու, ասաց նա։ Նրա ձայնը այնպես էր հնչում, որ, կարծես, նա սաստիկ վիրավորված էր Զազունյանից։
Զազունյանը չպատասխանեց, միայն ամուր սեղմեց նրա ձեռքը։
Զաքարի և Զազունյանի դուրս գնալուց հետո Աննան ու Էմման մնացին մենակ միևնույն սենյակում։ Աննան շարունակ նսաած էր միևնույն տեղը, միևնույն բազկաթոռի վրա։ Էմման, առանց նրան գեթ մի անգամ նայելու, կարծես նա բոլորովին այնտեղ էլ չէր, գնաց նստեց լուսամուտի մոտ, առաջվա նման մեջքը նրա կողմը անելով։
Սենյակում երկար ժամանակ լռություն էր տիրում. կարծես այնտեղ ոչ ոք չկար։ Դուրսն արդեն բավական մութն էր։ Սեղանի վրա պայծառ վառվում էր հսկա լամպը։ Էմման շարունակ նայում էր դեպի դուրս, իսկ Աննան՝ նրա ծոծրակին։
Ինչքա՜ն վատ բան է հիասթափությունը, վերջապես, կարծես ինքն իրեն, կամաց խոսեց էմման։ Ես կարծում էի, թե աշխարհիս երեսին մի ընկերուհի, մի քույր ունիմ, որ հարկավոր դեպքում պատրաստ կլինի ինձ համար մինչև անգամ կյանքը զոհելու, այնինչ անմիտս չէի իմանում, որ մարդկային սրտում երբեմն բույն է դնում այնպիսի զզվելի, գարշելի մի զգացմունք, որ ամեն ինչ տակնուվրա է անում․ այդ զգացմունքը նախանձն է, չար, սև նախանձը, որ մարդուս ամեն ժամանակ փոխում է և ընդունակ է դարձնում ամեն տեսակ ստոր արարքների...
Աննան, իհարկե, հասկացավ, թե նա դրանով ում և ինչ է ուզում ակնարկել, բայց ավելի լավ համարեց լռել, քան թե պաշտպանել իրեն, չնայելով, որ Էմմայի խոսքերը բավական դիպան նրա սրտին, թեև նա շատ լավ իմանում էր, որ Էմման այդ ժամանակ ինչ էլ ասեր, բոլորը ներելի էր նրան։
Ինչո՞ւ ես այսպես պետք է տանջվեմ, ինչո՞ւ, կարճ լռությորնից հետո շարունակեց Էմման դողդոջուն ձայնով։ Բացի սիրելուց և դարձյալ սիրելուց, ես ի՞նչ էի արել նրան, ի՞նչ վնաս էի տվել նրան, որ նա ինձ այս սոսկալի դրության մեջ ձգեց... Սրտիս մեջ կրակ, դժոխք ձգեց, իսկ ինքն այժմ նայում է ինձ և զվարճանում...
Նրա ձայնը բոլորովին դողաց։ Նա ձեռքերը դրեց լուսամուտի տախտակի վրա, դեմքը թաղեց կռների մեջ և ցնցողաբար սկսեց հեկեկալ։
Աննան այս անգամ զարմացավ. ի՞նչ է ասում, «նա» ո՞ւմն է վերաբերում, իրե՞ն, թե Զազունյանին... վերջին խոսքերից երևում է, որ իրեն է վերաբերում։ Բայց ինքն ի՞նչ մեղք ունի նրա տանջանքների մեջ։ Նա չկարողացավ համբերել, վեր կացավ և շտապով մոտեցավ Էմմային։
Էմմա, ասաց նա, առաջ թեքվելով դեպի նա, ի՞նձ ես մեղադրում, ի՞նձ ես ասում։
Այո, քե՛զ եմ մեղադրում, քեզ եմ ասում, առանց գլուխը բարձրացնելու արտասանեց Էմման հեկեկանքի միջից:
Աննան բոլորովին զարմացավ։
Ես քեզ ի՞նչ եմ արել, հարցրեց նա։
Դու ինձ ի՞նչ ես արել, հանկարծ բացականչեց Էմման կատաղությամբ վեր թռչելով տեղից։ Ահա՛ ինչ ես արել։ Նա երկու ձեռքով բռնեց կրծքից և ուզեց պատռել շրջազգեստը։ Պատռիր կուրծքս և տես, թե ինչ ես արել... պատռի՛ր...
Հիսուսին ու Քրիստոսին, Էմմա, Հիսուսին ու Քրիստոսին, դու խելագարվել ես, շշնջաց Աննան, վախեցած ակամա ետ ու ետ գնալով։
Դու կարծում ես, թե ես հիմա՞ր եմ և ոչինչ չեմ հասկանա, կանչեց Էմման հետզհետե ավելի ու ավելի կատաղելով։ Դու կարծում ես, թե ինձ հետ կարող ես խաղալ, ինչպես անմիտ երեխայի հետ։ Ինչո՞ւ ես գնացել ասել Զազունյանին, որ հեռանա այստեղից... Ինչո՞ւ, ասա, ինչո՞ւ:
Է՛մմա, Է՛մմա, ի՞նչ ես ասում, ո՞վ է գնացել, ո՞վ է ասել, կանչեց Աննան զարմացած։
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ... Դու չէի՞ր ասում, թե կխայտառակես և կվռնդես նրան այստեղից, դու չէի՞ր ասում... ասա, դու չէի՞ր ասում։
Այո, ես էի ասում, բայց հետո ո՞վ է նրան խայտառակել, ո՞վ է նրան ասել, որ հեռանա այստեղից, Է՛մմա։
Դո՛ւ, ասում եմ, դո՛ւ․․ քաջություն ունեցիր և մի ծածկիր։
Ես այդպիսի բան չեմ արել, էմմա. ինձ իզուր ես մեղադրում։
Քաջություն ունեցիր և մի՛ ծածկիր, մի՛ ծածկիր։
Աստված է վկա, Էմմա, ես այդպիսի բան չեմ արել։
Ա՜, վախենում ես խոստովանել, որովհետև զգում ես, որ շատ անարժան, շատ ստոր բան ես արել, հա՞... վախենում ես խոստովանել, որովհետև ինքդ ամաչում ես քո արարքից, հա՞... Օ՜խ, Աննա, ինչքա՜ն ատում եմ քեզ, ինչքա՜ն զզվում եմ քեզնից... եթե հնար ունենամ, արյունդ կխմեմ... Գնա, հեռացիր այստեղից, իսկո՛ւյն հեռացիր այստեղից... Այլևս չեմ ուզում քո բարեկամությունը, հարկավոր չէ...Գնա, գնա այստեղից... այլևս ոտք չդնես այստեղ, գնա...
Աննան գունատ և անշարժ նայում էր նրա անզուսպ կատաղությունից շառագունած և արյունով լցված աչքերին։
Ի՛նչ ասեմ, Էմմա, ասաց նա տխուր հառաչելով, դու այնպիսի դրության մեջ ես, որ ես ակամա պետք է լռեմ և հնազանդվեմ քեզ։
Իզուր, իզուր, պատասխանեց Էմման հպարտ արհամարհանքով։ Ես դեռ չեմ խելագարվել, իսկ երբ կխելագարվեմ, այն ժամանակ ուրախացիր... Իսկ այժմ խնդրեմ։
Եվ նա հպարտությամբ ցույց տվեց դուռը։
Աննան մի կարճ միջոց խղճալի հայացքով նայեց նրան․ նա ուզում էր բան ասել, բայց ձայնը չհպատակեց նրան. նա շտապեց դեպի դուռը, բայց հանկարծ նստեց այնտեղ դրված աթոռներից մեկի վրա և ձեռքով դեմքը ծածկելով, սկսեց լաց լինել։
Էմման, որ բոլորովին չէր սպասում այդ, հանկարծ ցնցվեց և առաջին նվագ մնաց արձանացած. նա մինչև անգամ գունատվեց։ Հետո կամաց-կամաց սթափվելով, նա ներքին շրթունքը սեղմեց ատամների մեջ, հոնքերը վայր թողեց և կամաց, կարծես զգուշությամբ, դուրս գնաց, առանց մի ձայն հանելու։
Զաքարը երկար տեղ ճանապարհ ձգեց Զազունյանին և խնդրելով, որ գնալուց առաջ անպատճառ այցելի իրենց, վերադարձավ տուն։
Զազունյանը Էմմային թողեց շատ ծանր սրտով։ Ոչ մի ժամանակ նրա սերն այնպես չէր բորբոքվել դեպի Էմման, ինչպես այդ կարճ միջոցում, միևնույն ժամանակ նրա սրտում ծագել էր անհուն խղճահարություն դեպի այդ անբախտ կինը։ Թեև շատ անգամ նա Էմմայի մեջ տեսնում էր սիրահարության նշաններ, բայց և այնպես դարձյալ կասկածում էր այդ մասին, սակայն իր վերջին այցելությունից հետո նրան այլևս կասկածելու տեղիք չէր մնում Էմմայի օտարոտի դրությունը պարզ ապացույց էր, որ այդ կինն իսկապես սիրում է նրան և սիրում է խենթի նման։ Այդ գիտակցությունը, կարծես, հանկարծ կաշկանդեց նրա ոտները։ Հեռանալու մտադրությունը հետզհետե թուլանում էր․ նա զգում էր, որ այդ այցելությունից հետո ինքն էլ այլևս չի կարող հեռանալ գնալ ընդմիշտ և այն էլ այդպես շուտ մի կամ երկու օրից հետո։ Էմման այժմ նրա համար ամեն ինչ էր և՛ կյանք, և՛ երջանկություն, կարելի՞ էր միթե թողնել այդ կյանքը և երջանկությունը և հեռանալ ո՞ւր...
«Ինչքա՜ն դժվար է», շշնջաց նա անհուն տանջանքով։ Նա զգում էր, որ կամքն ընկճվում էր սիրո ուժի առջև։ Ի՞նչ պետք է աներ, արդյոք հեռանա՞ր առանց Էմմային տեսնելու, թե, նախքան հեռանալը, դարձյալ այցելեր նրան. բայց նա գիտեր, որ այդ այցելությունից հետո արդեն ինքն այլևս բոլորովին անկարող կլինի հեռանալ, բոլորովին կընկճվի սիրո առջև, իսկ դրանից որքա՜ն թշվառություններ պետք է ծագեն։
«Ոչ, ոչ, առանց տեսնելու պետք է հեռանալ, առանց տեսնելու», մտածում էր նա։ «Ահա վաղն ևեթ, վաղն ևեթ... Թող ինչ ուզում են կարծեն, բայց ես առանց տեսնելու կհեռանամ...։ Վաղն ևեթ, վա...»։
Հանկարծ նա սարսափեց իր գլխում ծագած մի նոր մտքից ի՞նչ կլինի արդյոք Էմմայի դրությունն իր հեռանալուց հետո։ Եթե առանց նրան տեսնելու հեռանա ընդմիշտ, արդյոք դրանով գործն ուղղա՞ծ կլինի, արդյոք դրանով ամեն բան կվերջանա՞, թե դրանից մի ուրիշ, ոչ պակաս սարսափելի թշվառություն կծագի... Չէ՞ որ Էմման սիրում է նրան և սիրում է գուցե նրանից էլ վառ՝ բորբոքված սիրով, և այդ պատճառով անկասկած չէ՞, արդյոք, որ Զազունյանն իր հեռանալովն ահագին հարված կպատճառի նրա սրտին․․․ Եվ արդյոք Էմման կարո՞ղ է տանել այդ հարվածը... արդյոք հուսահատությունից նա որևէ դժբախտություն չի՞ բերի իր գլխին...
Զազունյանը ցնցվեց։
Ահա թե վեպը որտեղից է սկսվում, ասաց նա լսելի կերպով, անցնելով մի մութ փողոցով:
«Ոչ, անմտություն, մեծ անմտություն կլինի առանց նրան տեսնելու հեռանալ, շարունակեց նա մտածել։ Պետք է, անպատճառ պետք է տեսնել նրան, առանձնապես տեսնել նրան, պետք է բացատրել նրան գործի դրությունը, պետք է բանալ նրա աչքերը, պետք է համոզել նրան, պետք է զգուշացնել նրան և այնուհետև... այո, այնուհետև համարձակ և հանգիստ խղճով կարելի է հեռանալ»:
Վճռված է, ասաց նա համարյա բարձրաձայն, շարունակելով առաջ անցնել։
«Բայց ի՞նչպես տեսնել նրան առանձին, ո՞րտեղ, ե՞րբ»․ մտածեց նա և շուտով հուսահատվեց, որովհետև այդ հարցերին ոչ մի բավարար պատասխան չգտավ։
Տե՛ր աստված, ի՞նչ անեմ, արտասանեց նա խորին տանջանքով և նրա մտքերն սկսեցին խճճվել։ Այժմ արդեն նա ամեն կողմից իրեն կաշկանդված էր զգում, ինչպես մի մարդ, որ ընկած է ձեռքն ու ոտքը կապկպված և ոչ մի հնար չի գտնում այդ կապանքից ազատվելու։
Սաստիկ հուսահատված՝ կեսգիշերին նա վերադարձավ հյուրանոց։
Գիշերը շատ անհանգիստ անցկացրեց։ Հետևյալ օրը՝ նույնպես։ Թե՛ մտավորապես և թե՛ ֆիզիկապես իրեն սաստիկ տանջված էր զգում։ Շատ մտածելուց նրա ուղեղը կատարելապես հոգնել և անընդունակ էր դարձել մի նոր բան մտածելու։ Ման էր գալիս շշմածի նման։ Դուրս էր գալիս հյուրանոցից, թափառում էր ինքն էլ չիմանալով որտեղ և ինչու, նորից վերադառնում էր հյուրանոց և կարճ ժամանակից հետո նորից դուրս էր գնում, թափառում։ Մի քանի անգամ ուզեց գնալ Մարկոսյանների տուն, բայց ոչ մի անգամ էլ չգնաց, ինքն էլ չիմանալով ինչու։
Այդպես անցկացրեց նա ամբողջ օրը։ Գիշերը դարձյալ դուրս եկավ թափառելու։ Արդեն բավական ուշ էր, երբ նա կամեցավ վերադառնալ իր սենյակը։ Բայց հանկարծ զգաց, որ սաստիկ քաղցած է. այդ օրը նա ոչ թեյ էր խմել, ոչ ճաշել։ Մտավ եվրոպական պայծառ լուսավորված ճաշարաններից մեկը և սպասավորի բերած խորտկացուցակի վրա ցույց տվեց առաջին պատահած կերակուրը։ Պահանջեց և մի շիշ գինի։ Այն սենյակում, որտեղ ինքն էր նստած, բացի իրենից, ուրիշ ոչ ոք չկար։ Հեռավոր սենյակից մի քանի մարդկանց ձայներ էին լսվում, որոնք, ինչպես երևում էր, մի բան էին խաղում։ Երկար ժամանակ անցավ, մինչև որ սպասավորը, վերջապես, բերեց պահանջած կերակուրը և գինին։ Զազունյանը սկսեց ուտել և խմել։ Սպասավորն երկրորդ կերակուրն էր բերել նրա համար, երբ հարևան սենյակներից մեկից դուրս եկավ մի բարձրահասակ սպա։ Զազունյանը նայեց նրան և ճանաչեց։
Զագորսկին էր։
Իսկույն երևում էր, որ Զագորսկին բավական արբած էր։ Նրա դեմքը կարմրել էր, աչքերը պղտորվել էին։ Նա բավական գեղեցիկ տղամարդ էր, դեղեցիկ կազմվածքով և առավել ևս գեղեցիկ կապույտ աչքերով, որոնք նրա ձվաձև, սափրած դեմքին` մինչև անգամ արբած ժամանակ անձնավստահ-համարձակ և միևնույն ժամանակ քաղցր և գրավիչ արտահայտություն էին տալիս։ Գլխարկն աչքերի վրա փոքր-ինչ վայր թողած, նա ուզում էր անցնել Զազունյանի նստած սենյակով և դուրս գնալ, երբ հանկարծ նկատեց Զազունյանին, որը գլուխը դիտմամբ կախել էր կերակրի վրա, ցույց տալով, թե չի տեսնում նրան։ Զագորսկին քայլը ծռեց և առանց շտապելու մոտեցավ նրան։
Փառք աստծո, որ այս անգամ դեպքը հանդիպեցնում է մեզ միմյանց շատ հաջող պայմաններում, ասաց նա ֆրանսերեն, թեև սուր, բայց փոքր-ինչ խանձված ձայնով և կանգնեց նրա սեղանի առջև։
Զազունյանը գլուխը բարձրացրեց և մռայլ հայացքով լուռ նայեց նրան։
Զագորսկին ձեռքը տարավ դեպի գլխարկը և զինվորականի պատիվ տվեց նրան։
Զազունյանը գլուխն ամենևին չշարժեց։
Զագորսկին, ըստ երևույթին, բոլորովին ուշադրություն չդարձրեց դրա վրա։
Թեև մենք մի քանի անգամ հանդիպել ենք միմյանց, շարունակեց նա ռուսերեն, բայց ամեն անգամ էլ դուք ինձ չտեսնելուն եք տվել։ Մի անգամ էլ, երևի սխալմամբ, դուք նայեցիք ինձ, ես ձեզ բարևեցի, բայց պատասխան չստացա, ինչպես այս րոպեիս, բայց ի սեր աստուծո, մի կարծեք, թե այդ բոլորը հիշեցնելով, իմ նպատակս է, թեկուզ անուղղակի, հանդիմանել ձեզ: Քավ լիցի։ Ամեն մեկն իր անհատական իրավունքները և անբռնաբարելի կամքն ունի, այլապես մենք չենք ապրում մեր ժամանակներում։ Բացի դրանից, ամեն մեկն իր հասկացողությունն, իր համոզմունքն ունի իրերի, երևույթների վերաբերմամբ, սխալ, թե ուղիղ այդ ոչ ոքի գործը չէ. այդ միայն իր գործն է. ամեն մեկն ինքն է իր արարքի պատասխանատուն։ Սկզբունքը շատ գեղեցիկ է, և ես մանավանդ հետևում եմ այդ սկզբունքին։ Դուք գիտեք, որ ես ազատամիտ մարդ եմ և ամեն բանի վրա նայում եմ անհատական իրավունքների տեսակետից, այդ պատճառով ես բոլորովին չեմ նեղանում, որ բարևիս չեք պատասխանում. այդ ձեր անհատական իրավունքն է, ձեր անբռնաբարելի կամքն է։ Բայց հարգելով ձեր այդ իրավունքը, ես առավել ևս պետք է հարգեմ իմ իրավունքը պաշտպանելու ինձ ձեզ համար ուղիղ, բայց ինձ համար սխալ այն կարծիքի, գուցե և համոզման վերաբերությամբ, որ դուք հայտնի անցքի պատճառով կազմել եք իմ մասին։ Իմ նպատակս չէ փոխել իմ մասին ձեր ունեցած կարծիքը կամ համոզմունքը, որ, ինչպես ասացի, ձեզ համար ուղիղ է, բայց ինձ համար սխալ, այլ այն, որ ինքս ինձ արդարացնեմ ձեր առջև և պաշտպանեմ իմ անհատական իրավունքները։ Հուսով եմ, որ դուք բարեհաճ կգտնվեք դեպի ինձ և շնորհ կանեք լսելու։ Թույլ կտա՞ք ինձ արդյոք նստել ձեր սեղանի մոտ։
Զազունյանը ձայն չհանեց։ Նույն մռայլ հայացքով նա նայում էր ուրիշ կողմ։
Զագորսկին մնաց կանգնած։
Այդ էլ ձեր անբռնաբարելի իրավունքն է, որ ես նույնպես հարգում եմ, ասաց նա բոլորովին չվրդովվելով։ Ես մի մազի չափ անգամ չէի նեղանալ և այն ժամանակ, երբ տեսնեի, որ ձեր այդ վարմունքը լոկ անքաղաքավարություն է։ Ճշմարիտ ջենտլմենն ամեն դեպքում մեծահոգի պետք է լինի և ամեն բանի մեջ պետք է գիտենա տակտով վարվել։ Ես կատարելապես հպարտանում եմ դրանով։ Այս ինքնագովություն չէ, այլ ճշմարտություն։ Ազնվությունը հենց նրա մեջն է, որ մարդ չի ծածկում այն, ինչ որ զգում և մտածում է։ Խավար մարդիկ միայն փախչում են լույսից։ Համարձակությունն ազնիվների բաժինն է։ Փոքրիկ, թշվառ մարդիկ միայն վախենում են։ Ես արբած եմ, բայց ի՞նչ ունիմ ծածկելու. առանց իմ ասելու էլ այդ երևում է։ Բայց խելքս կատարելապես գլխիս է։ Դուք ինձ ատում եք, արհամարհում եք և գուցե զզվում եք ինձնից, բայց այդ չեք ծածկում։ Ահա՛ ազնվություն։ Եվ ես, իբրև ճշմարիտ ջենտլմեն, հարգում եմ ձեզ դրա համար նույնչափ, որչափ որ կհարգեի, երբ տեսնեի, որ դուք ինձ սիրում և պատվում եք։
Նա վերցրեց գլխարկը, դրեց սեղանի շուրջը դրած աթոռներից մեկի վրա և, ծանր շունչ քաշելով, մի ձեռքով դիմհար տվեց աթոռի մեջքին, իսկ ոտներին Х-ի ձև տվեց։
И так! շարունակեց նա և լռեց, գուցե դուք ինձ այժմ շատ անքաղաքավարի և կոպիտ եք համարում, ասաց նա, ես խանգարում եմ ձեզ հանգիստ ճաշելու, այսինքն ընթրելու, և ոչ մի բերան ներողություն չեմ խնդրում ձեզնից։ Ես իրավունք ունիմ ներողություն չխնդրելու, որովհետև դուք պարտավոր եք ինձ լսել։ Կրկնում եմ, ես ուզում եմ պաշտպանել իմ անհատական իրավունքներս ձեր դեմ։ Այնուամենայնիվ, դուք բոլորովին հանգիստ կարող եք անուշ անել ձեր ընթրիքը, միայն խնդրում եմ, որ բարեհաճեք ինձ լսել։
Զազունյանն այլևս չկարողացավ համբերել, նա վերկացավ և ուզում էր հեռանալ։
Դուք գնո՞ւմ եք, կանչեց Զագորսկին և կանգնեց նրա առջև։ Ես ձեզ չեմ թողնի, մինչև որ չլսեք ինձ։
Ի՞նչ եք ուզում ինձնից, բավական կոպիտ կերպով հարցրեց Զազունյանը։
Ես ձեզնից ոչինչ չեմ ուզում, պատասխանեց Զագորսկին, միայն խնդրում եմ, որ բարեհաճեք նստել և լսել ինձ, որովհետև, կրկնում եմ, դուք պարտավոր եք ինձ լսել։
Ես պարտավոր չեմ և չեմ կարող լսել զանազան դատարկաբանություններ, որոնք գինու շոգիի արդյունք կարող են լինել։
Սխալվում եք, ազնի՛վ պարոն, խստությամբ նկատեց Զագորսկին. ես կարծում եմ, որ դուք անմիտ, երեխայական ատելությունից ավելի արբած եք, քան թե ես գինուց։ Խնդրեմ նստեցեք և լսեցեք ինձ։
Ես չեմ ուզում ձեզ լսել։
Դուք պարտավո՛ր եք ինձ լսել։
Ես ոչ ոքի ոչինչ պարտավոր չեմ։
Ինձ պարտավոր եք․․․ Խնդրեմ նստեցեք։ Ես պետք է պաշտպանեմ իմ իրավունքները։
Դուք ինձ ծաղրո՞ւմ եք, կանչեց կատաղած Զազունյան։
Ձեզ զարմանալի՞ է թվում, որ ես ձեզանից իրավունքներ եմ պահանջում, ասաց Զագորսկին։ Դարձյալ ասում եմ. դուք իմ անհատական իրավունքներս ոտնակոխ եք արել, դուք իմ պատիվս ձգել եք նրանով, որ ինձ վրա վատ և սխալ գաղափար եք կազմել։ Ես ուզում եմ պաշտպանել ինձ։
Զազունյանը բոլորովին զարմացավ։
Չգիտեմ, ճշմարիտ, թե ես այժմ ում հետ գործ ունեմ, ասաց նա ուսերը վեր քաշելով։
Մի վախենաք, դուք խելագարի հետ չունիք գործ, դարձյալ խստությամբ նկատեց Զագորսկին․ այլ գործ ունեք թեև արբած, բայց կատարելապես խելքը գլխին և ազնիվ մարդու հետ, իր պատվին նախանձախնդիր զինվորականի հետ։ Խնդրեմ նստեցեք։
Խնդրեմ, ճանապարհ տվեք:
Խնդրեմ նստեցեք:
Խնդրեմ ճանապարհ տվեք։
Դուք թույլ չե՞ք տալիս, որ ես պաշտպանեմ իմ իրավունքներս և զինվորականի պատիվս, մռայլ կերպով հարցրեց Զագորսկին։
Եթե բանն այդտեղ ընկնի, ինձ ավելի է պատկանում պաշտպանել իմ իրավունքներս և պատիվս, առավել ևս մռայլ կերպով պատասխանեց Զազունյանը։
Զագորսկին ժպտաց;
Տեսնո՞ւմ եք, մենք չենք հասկանում միմյանց մեղմությամբ ասաց նա։ Գոնե դուք չեք հասկանում ինձ... Եվ այդ պատճառով ես դարձյալ խնդրում եմ ձեզ, որ շնորհ անեք նստել և լսել ինձ։ Համեցեք։ Ես կարճ կկտրեմ։
Ճար չկար. Զազունյանը նստեց և դեմքը շրջեց նրանից։ Նա վճռեց, որ ինչ էլ ասի Զագորսկին, բոլորն անտարբերությամբ լսի։
Դարձյա՞լ թույլ չեք տա ինձ նստել ձեր սեղանի մոտ, հարցրեց ժպտալով Զագորսկին։
Ինչպես կամենում եք, սառնությամբ պատասխանեց Զազունյանը։
Զագորսկին մոտ քաշեց մի աթոռ, նստեց և, ձեռքը մի քանի անգամ անցկացնելով կարճ մազերի վրայով, ծանր շունչ քաշեց։
Որպեսզի ինձ հասկանաք, ասաց նա առաջվանից ավելի խանձված ձայնով, դուք առժամանակ իրերի և երևույթների վրա պետք է նայեք այնպես, ինչպես ես եմ նայում, այսինքն՝ անհատական իրավունքների և համոզմունքների տեսակետից։ Չգիտեմ, դուք հասկանո՞ւմ եք ինձ թե ոչ...
Նրա ձայնը բոլորովին խանձվեց։ Նա ծափահարեց և մի շիշ զելտերյան ջուր պահանջեց։
Ես մի վատ սովորություն ունիմ, ասաց նա, երբ խմում եմ, ձայնս այսպես խանձվում է։ Հա, չգիտեմ, դուք հասկանո՞ւմ եք ինձ, շարունակեց նա, բայց ես ձեզ կբացատրեմ, թե անհատական իրավունք և անհատական համոզմունք ասելով ինչ եմ հասկանում։ Ասացի, որ յուրաքանչյուր մարդ ունի իր անբռնաբարելի իրավունքները, որոնք միայն իրեն են վերապահված և որոնք ուրիշի նույն տեսակ իրավունքներից, եթե կարելի է այսպես ասել, մի տեսակ անջատ տարր են կազմում։ Այդ իրավունքները։ Այժմ համոզմունքները։ Ասացի նույնպես, որ յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական հասկացողությունը, իր սեփական համոզմունքն իրերի և երևույթների վերաբերմամբ, սխալ թե ուղիղ, ասացի, այդ ոչ ոքի գործը չէ։ Ուրեմն՝ այդ հասկացողությունն, այդ համոզմունքը նույնպես, եթե կարելի է այսպես ասել, կրկնում եմ, մի տեսակ անջատ տարր են կազմում ուրիշի նույն առարկայի, նույն երևույթի վրա ունեցած հասկացողությունից, համոզմունքից։ Օրինակներով խոսենք։
Նա լցրեց բաժակները զելտերյան ջրով մեկն իր, մյուսը Զազունյանի համար, Զազունյանինը նրա առաջը քաշեց, իսկ իր բաժակը վերցրեց, առանց շտապելու խմեց և առանց շտապելու վայր դրեց։
Խնդրեմ անուշ արեք, եթե կամենում եք, ասաց նա, բավական սառն է․․․ A propos իզուր դուք չեք շարունակում ընթրել. ես ձեզ, կարծեմ, չեմ խանգարում։
Զազունյանը ոչ զելտերյան ջուրն անուշ արավ և ոչ շարունակեց ընթրել, և ոչ ձայն հանեց։ Նա վճռել էր մարտիրոսաբար համբերել։
Ասացի՝ օրինակներով խոսենք, շարունակեց Զագորսկին, ետ ընկնելով աթոռի մեջքին։ Վերցնենք... այս սեղանը, որի առջև նստած ենք ես և դուք։ Դուք իրավունք ունիք ասելու, որ այս սեղանը ձերն է, ես ևս իրավունք ունիմ ասելու, որ այս սեղանն իմն է, որովհետև սա ոչ ձերն է և ոչ իմը, այլ ամենքինը, որոնք այս ճաշարանը կմտնեն, բայց որովհետև այս սեղանն առաջուց դուք եք բռնել, այդ պատճառով, քանի դուք նստած եք սրա առջև, սա ձերն է։ Տեսնում եք, որ մեր իրավունքներն իսկապես հավասարազոր են միմյանց, բայց որովհետև պայմանները, որոնք ի դեպ ասած մեծ դեր են խաղում այսպիսի դեպքերում, ձեր օգտին են, այդ պատճառով իրավունքը ձերն է, ուրիշ խոսքով այդ ձեր անհատական անբռնաբարելի իրավունքն է։ Այժմ համոզմունքը։ Վերցնենք օրինակի համար, դարձյալ այս միևնույն սեղանը։ Դուք կարող եք ասել, որ այն փայտի նշանակությունը, որից շինված է այս սեղանը, է ծառ լինել՝ երկրի առողջապահությանը նպաստելու համար կամ այրելու փայտ լինել՝ մարմինը տաքացնելու համար։ Այդ ձեր հայացքն է, ուրեմն և ձեր համոզմունքն այս սեղանի վրա։ Իսկ ես կարող եմ ասել, որ այն փայտի նշանակությունը, որից շինված է այս սեղանը, եղել է և պետք է լիներ սեղան, վրան ճաշելու կամ զելտերյան ջուր խմելու համար։ Այս էլ իմ հայացքս է, ուրեմն և իմ համոզմունքը։ Ուրեմն տեսնո՞ւմ եք, որ տարբեր հայացքներ ունենալով, տարբեր համոզմունքներ ունինք մենք այս միևնույն առարկայի վերաբերությամբ։ Ոչ ես գործ ունիմ ձեր համոզմունքների հետ, ոչ դուք իմ համոզմունքների հետ, ուրիշ խոսքով յուրաքանչյուրն ունի իր անհատական ազատ համոզմունքը։ Դրանք իմ հիմնական գաղափարներն են, որոնցով ես ղեկավարվում եմ կյանքի մեջ։ Դրանք, իմ համոզմունքներով, ավելի գործնական են, իսկ ես գործնական մարդ եմ։
Նա ափի վրա փոքր֊ինչ զելտերյան ջուր թափեց, մյուս ձեռքի ափով տրորեց և քսեց ճակատին։
Չգիտեմ հայերդ ի՞նչպես, բայց կան ազգեր, որոնք չեն սիրում ֆրանսիացիներին, դարձյալ շարունակեց նա։ Օրինակ՝ գերմանացիները։ Խոսքս այդ երկու ազգերի միջև գոյություն ունեցող, այսպես ասած, արենական թշնամությանը չի վերաբերում, որ հայտնի պատմական-քաղաքական անցքերի արդյունք է, այլ նրանց մտավոր և բարոյական կյանքին և հասկացողություններին։ Ի՞նչ է գերմանացին, և ի՞նչ է ֆրանսիացին։ Գերմանացին գաղափարի մարդ է, ֆրանսիացին՝ իրականության մարդ, ուրիշ խոսքով՝ գերմանացին իդեալիստ է, ֆրանսիացին ռեալիստ, գերմանացին մետաֆիզիկ է, ֆրանսիացին... ի՞նչպես ասեմ․․․ նու, կյանքի մարդ է, եթե կարելի է այդպես ասել։ Ինքնըստինքյան հասկանալի է, թե ինչքան տարբերություն կա վերացականության և իրականության միջև, իդեալիզմի Ա ռեալիզմի միջև, մետաֆիզիկայի և կյանքի միջև։ Ուրեմն հասկանալի է, թե ինչու, ոչ մի առնչություն չունենալով միմյանց հետ, գերմանացին պետք է ատի ֆրանսիացուն, և փոխադարձ։ Շիլլերը այդ երերուն օդի մեջ շրջող բանաստեղծը, գերմանացի միայն կարող էր լինել, իսկ ֆրանսիացիներից միայն կարող էր դուրս գալ Զոլան, որ հաստատ, մայր հողի վրա է ման գալիս։ Բայց ո՞րն է ուղիղ և ո՞րը սխալ գերմանացի՞ն, թե ֆրանսիացին։ Հարցը լուծելու համար՝ մարդու վրա պետք է նայել այն տեսակետից, ինչ տեսակետից որ տեսնում և ճանաչում ենք նրան առօրյա կյանքում, այսինքն՝ որ նա այսօր կա, վաղը չէ։ Ուրեմն՝ եթե մարդու վրա նայենք իբրև ժամանակավոր հողանյութ արարածի վրա, որին մի, և, այն էլ կարճ կյանք է տրված, որից հետո նա դարձյալ պետք է հող դառնա, ապա պարզ է, որ ֆրանսիացին ամենաճիշտ կերպով ըմբռնել է այդ գաղափարը և դրա համեմատ էլ գործում է կյանքում կամ, ավելի ճիշտ ասած, օգուտ է քաղում կյանքից՝ բոլորովին հակառակ գերմանացուն։
Նա լցրեց դարձյալ մի բաժակ զելտերյան ջուր և խմեց։ Զազունյանը կարծես չէր լսում նրան։ Առանց ձայն-ծպտուն հանելու նա շարունակ նայում էր ուրիշ կողմ։
Գուցե դուք այժմ մտածում եք, շարունակեց Զագորսկին, թե ինչո՞ւ ես, խոսակցությանս նյութը թողնելով, սկսեցի խոսել ֆրանսիացու և գերմանացու մասին, և ի՞նչ կապ կա խոսակցությանս նյութի և այդ երկու ազգերի համեմատության միջև։ Եթե իսկապես այդպես եք մտածում, ապա ես պետք է ասեմ, որ սխալվում եք, թե ոչ մի կապ չկա։ Խոսակցությանս նյութի և ֆրանսիացու ու գերմանացու համեմատությանս միջև մեծ կապ կա, որ ես իսկույն կպարզեմ։ Ի՞նչ է իմ խոսակցությանս նյութը։ Այն, որ ես ուզում եմ հիմնավորապես ծանոթացնել ձեզ ինձ հետ իմ բոլոր գաղափարներովս և հայացքներովս, իմ բոլոր մտավոր և բարոյական աշխարհովս, որովհետև, վաղեմի ընկերներ լինելով, տեսնում եմ, որ դուք ինձ բոլորովին չեք ճանաչում։ Պարզելով ֆրանսիացու և գերմանացու միջև եղած տարբերությունը, իհարկե, այնպես, ինչպես ես եմ հասկանում, և ցույց տալով ֆրանսիացու համեմատական առավելությունը գերմանացու հանդեպ, իհարկե, դարձյալ իմ տեսակետից իմ նպատակս էր բացառապես շեշտել ֆրանսիացու բնավորության վրա և դրանով թեև անուղղակի, բայց ճիշտ, հիմնավոր գաղափար տալ ձեզ իմ մասին։ Առանց հակասելու իմ հիմնական գաղափարներիս, այսինքն՝ հարգելով գերմանացու անհատական անբռնաբարելի իրավունքներն և համոզմունքներն, ես, ինչպես դուք արդեն հասկացաք ինձ, բռնում եմ ֆրանսիացու կողմը, այսինքն՝ իմ բոլոր գաղափարներս և հայացքներս՝ շրջապատող իրերի և երևույթների, մի խոսքով կյանքի վրա՝ նույնն են, ինչ որ ֆրանսիացունը։ Ես կատարելապես հպարտանում եմ, որ ռուս եմ և անդամ մի հզոր ազգի. ես սիրում եմ իմ հայրենիքը և ազգն, ինչպես իմ հարազատներին, և նրանց փառքի համար, իբրև քաջարի զինվոր, շատ անգամ գնդակին և սրին դեմ եմ տվել կուրծքս և միշտ դեմ կտամ, չխնայելով արյունս և կյանքս արհամարհելով, բայց և այնպես ես մոլեռանդ չեմ։ Հարգելով և սիրելով ազգային ինքնուրույնությունս, ես հարգում և սիրում եմ այն ճիշտ, անսխալ հայացքը կյանքի վրա, այն bo sens-ը, որ ունի ֆրանսիացին և որին, կրկնում եմ, ես հետևում եմ։
Նա դարձյալ ծանր շունչ քաշեց և սկսեց ոլորել էր գեղեցիկ, փոքրիկ ընչացքը։
Այժմ, կարծում եմ, ես ձեզ բավական մանրամասն տեղեկություն տվի ինձ իսկապես ճանաչելու համար, շարունակեց նա, և չեմ կարծում, թե այլևս որևէ բան մնաց պարզելու։ Ահա ես նստած եմ ձեր առջև առանց դիմակի, և դուք պարզ, թափանցիկ տեսնում եք իմ հոգին։ Արդյոք փոխեցի՞ իմ մասին ձեր կազմած գաղափարը՝ թե ոչ, այդ ինձ համար միևնույն է. բայց բացատրելով ձեզ, թե ինչ և ով եմ ես, վերականգնեցի իմ իրավունքները, վերականգնեցի իմ պատիվը։ Իմ նպատակս այդ էր միայն։ Ինչքան էլ ձեզ այդ օտարոտի թվա, բայց ճշմարիտ ջենտլմենին իսկապես այդ է հարկավոր միայն, ուրիշ ոչինչ։ Սակայն այս էլ վատ չէր լինիլ, եթե դուք իմ այս բոլոր ասածներից դուրս բերեիք մի այսպիսի եզրակացություն. որ ես կատարյալ իրավունք ունեի... «խլելու» ձեզնից ձեր կինն, ինչպես...
Անպիտա՛ն, ձեռքն ամուր խփելով սեղանին, բացականչեց Զազունյանը հայերեն և, բարկությունից դողալով, վեր կացավ տեղից։
Իզուր դուք այդ բառը չինարեն չասացիք, ասաց Զագորսկին ֆրանսերեն և նույն հանդարտ ձայնով, ինչպես խոսում էր առաջ, որովհետև դուք գիտեք, որ ես հայերեն փոքր ի շատե հասկանում եմ։ Այնուամենայնիվ, այդ բառն ես իսկույն հանում եմ իմ գլխից և քամու եմ տալիս։ Սակայն ես կարծում եմ, որ կարելի է և չտաքանալ, որովհետև հաստատ համոզված եմ, որ ես գործ ունիմ լուսավորված և քաղաքակիրթ մարդու հետ։
Զազունյանի համբերությունն անցավ սահմանը։ Նա մի կատաղի և զզվանքով լի հայացք ձգեց Զագորսկու վրա և վճռականապես դիմեց դեպի դուռը։
Սպասավորը, որ սեղանի հանած աղմուկից ներս էր շտապել, շտապով մոտեցավ նրան, նախքան նա դուրս կգնար, և շատ քաղաքավարությամբ հայտնեց նրան, որ նա շնորհ է արել ընթրիքի փողը չվճարել։
Զազունյանը հանեց գրպանից պատահած թղթադրամը, շպրտեց նրա վրա և ուզեց դուրս գնալ։
Նա ախր մեռավ, դուք չգիտեք, ես նրանից նամակ ունիմ ձեզ հանձնելու, կանչեց նրա ետևից Զագորսկին։
Զազունյանի ոտները կարծես հանկարծ գամեցին հատակի վրա։ Նա կանգ առավ զարմացած, մինչև անգամ վախեցած նայեց նրան արագ։ Բայց տեսնելով Զագորսկու մի տեսակ լրբությամբ ծածկաբար ժպտող դեմքը, չհավատաց նրան և դարձյալ ուզեց դուրս գնալ։
Je vons jure, ես ճշմարիտ եմ ասում, դարձյալ կանչեց նրա ետևից Զագորսկին։
Զազունյանը դարձյալ կանգ առավ. նա երկմիտ էր՝ հավատա՞, թե չհավատա։
Զագորսկին, առանց շտապելու, հանեց երկար թղթապանակը, թղթապանակի միջից սև շրջանակավոր մի ծրար և լուռ ցույց տվեց Զագունյանին։
Զազունյանը մոտեցավ նրան։
Բայց նախքան այս նամակը ձեզ հանձնելը, ասաց Զագորսկին նամակը ձեռքին պահելով, ես ինձ ստիպված եմ համարում, իբրև ճշմարիտ ջենտլմեն, ապացուցել ձեզ իմ իրավունքները հայտնի անցքի վերաբերությամբ, որովհետև...
Զազունյանն անհանգստության մի շարժում գործեց։
Խնդրեմ, խնդրեմ, ասաց Զագորսկին։ Ես շատ մեղմ լեզվով կխոսեմ, որովհետև տեսա, որ դուք իմ գործածած «խլել» բառից շատ վրդովվեցիք, թեև այդ բառն իմս չէր, այլ... ձերը։ Այո, պարոն, իբրև ճշմարիտ ջենտլմեն, ես ինձ ստիպված եմ համարում ապացուցել ձեզ իմ իրավունքները հայտնի անցքի վերաբերմամբ, որովհետև տեսնում եմ, որ դուք, չնայելով իմ փոքր-ինչ առաջ տված հիմնավոր, մանրամասն բացատրություններին, դարձյալ ինձ բոլորովին չեք հասկացել և հայտնի անցքի, ուրեմն և ինձ վրա դեռ շարունակում եք նայել առաջվա հայացքով։ Շատ ցավում եմ, որ ինքներդ եք պատճառ դառնում ինձ ակամա երկար խոսելու, չնայելով, որ սկզբից ես ձեզ ասել էի, թե կարճ կկտրեմ։ Կրկնում եմ, իմ նպատակս չէ արդարացնել ինձ ձեր առջև, այլ այն, որ արդարացնեմ իմ իրավունքներս, և ձեր պարտականությունն է լսել ինձ։
Որքան էլ ծանր, որքան էլ անտանելի լիներ Զազունյանի համար այդպիսի մի ակամա խաղալիք լինել Զագորսկու ձեռքին, նա ստիպված էր եթե ոչ լսել, գոնե այնքան սպասել, մինչև որ կստանար նամակը։
Խնդրեմ շնորհ արեք նստել, ասաց Զագորսկին։
Զազունյանը շնորհ չարեց նստել, այլ մնաց կանգնած։ Լուռ ու մունջ նա նայում էր ուրիշ կողմը։
Ձեր ազատ կամքն է, ասաց Զագորսկին։ Այժմ արդեն ես շատ կարճ կկտրեմ։ Կխոսեմ միայն ընդհանուր գծերով։ Խոսքս բացառապես կնոջ մասին լինելով, պետք է ասեմ, որ ես կնոջ վրա առհասարակ նայում եմ օբյեկտիվ տեսակետից։ Կանանց էմանսիպացիայից հետո, այժմ, մեր Ժամանակներում, ծիծաղելի է, իհարկե, պաշտպանել նրանց իրավունքները։ Այդ այդպես։ Հետո յուրաքանչյուր անհատի վրա ես նայում եմ իբրև մի ինդիվիդիումի վրա, այդ մեկ, և երկրորդ՝ ես ոչ մի քաղաքացիական կամ բարոյական օրենք չեմ ընդունում, բացի այսպես ասած, բնական օրենքից, որ գտնվում է իրեն՝ մարդու մեջ։ Խոսքս, կրկնում եմ, բացառապես վերաբերոում է կնոջն, երբ նա ամուսին է։ Կինը մինչև այն ժամանակ է մի տղամարդի ամուսինը, երբ սիրում է նրան, բայց երբ դադարեց նրան սիրելուց և սիրեց մի ուրիշ տղամարդի, այլևս առաջինի ամուսինը չէ, այդ հաստատ է։ Այդպես է պահանջում բնական, այսինքն սիրո օրենքը, որ ամենաճիշտը և ամենապարզն է։ Ես այլևս չեմ երկարացնում։ Այդ բոլորից դուք կարող եք հետևցնել այն, ինչ որ հարկավոր է։ Dixi, ես վերջացրի։ Այժմ համեցեք այս նամակը։
Նա մեկնեց Զազունյանին նամակը։
Զազունյանն առավ և շտապեց դուրս գնալ։
Զագորսկին ժպտաց նրա ետևից, վերցրեց Զազունյանի համար լցրած զելտերյան ջուրը, խմեց, հանեց շշի գինը դրեց սեղանի վրա, վեր կացավ, գլխարկը ծածկեց և դուրս գնաց Զազունյանի ետևից։
Կեսգիշեր էր։ Փողոցում անցուդարձը կտրվել էր։ Զագորսկին շտապեցրեց քայլերը և հասավ Զազունյանին։
― Ինչու՞ դուք չեք ուզում լսել այն,― ասաց նա, նրա հետ առաջ գնալով,― ինչ որ, իմ կարծիքով, չեք գտնի այդ նամակում։ Դուք իզուր եք ինձնից փախուստ տալիս, մանավանդ այժմ, երբ չկա այլևս մեր մեջ երկպառակություն ձգողը։ Մենք կարող ենք առաջվա նման բարի բարեկամներ լինել, եթե դուք այդ ցանկանաք։
Զազունյանի կատաղությունը բորբոքվեց, բայց նա կարողացավ զսպել իրեն և լուռ առաջ անցավ։
― Նա մեռավ անցյալ տարի,― ասաց Զագորսկին, նրա հետ հավասար առաջ գնալով։― Մեռավ թոքախտից․․․ խնդրեց ինձ, որ այդ նամակը ձեզ ուղարկեմ, և ևս, իբրև ճշմարիտ ջենտլմեն, այդ իմ սրբազան պարտականությունը համարեցի։ Բայց որովհետև ինձ հայտնի չէր ձեր ուր լինելն, այդ պատճառով ես սրբությամբ պահեցի այդ նամակը, մինչև որ բախտը կամ հաջող դեպքն այս գիշեր հանդիպեցրեց մեզ միմյանց․ և ես շնորհ ունեցա այդ սրբազան ավանդն իմ ձեռքովս ձեզ հանձնելու, թեև առաջ էի ուզում հանձնել, այն ժամանակ, երբ ես ձեզ բարևում էի, բայց դուք ինձ... չէիք տեսնում։ Ես կատարեցի իմ պարտականությունս։ Իսկ այժմ adieu. Je vous souhaite le bon soier.
Նա զինվորական պատիվ տվավ, երկարաճիտ կոշիկների կրունկները խփելով իրար զրնգացրեց խթանները, դարձավ, կանչեց դատարկ անցնող մի կառք, առանց շտապելու գնաց նստեց և հեռացավ։
33
Զազունյանը չիմացավ ինչպես հասավ հյուրանոց և բարձրացավ վերև։ Բաց արեց իր սենյակի դուռը, մտավ, մթության մեջ խարխափելով, մոտեցավ սեղանին և վառեց մոմը։ Մինչև մոմը պայծառ լույս կտար, նա վերցրեց ցիլինդրը, համարյա շպրտեց սեղանի վրա, հանեց վերարկուն, ձգեց աթոռի վրա և Զագորսկուց ստացած ծրարը մոտեցրեց լույսին։ Ծրարը պահված էր շատ մաքուր. կարծես հենց նոր էին փակել։ Նրա վրա ոչինչ չկար գրած։ Սև շրջանակը հանկարծ մի տեսակ ազդեց Զազունյանին։ Դողդոջուն ձեռքով պատռեց ծրարը, հանեց պոստի նույնպես սև շրջանակավոր ազնիվ թուղթը և կարդաց կնոջ, ըստ երևույթին, հմուտ, բայց թույլ ձեռքով գրած հետևյալ տողերը.
«Աղաչում եմ, նախքան կարդալը, մի պատռեք և դեն մի շպրտեք այս նամակը։ Այս տողերն ես գրում եմ մահվան անկողնում։ Ի՞նչ նպատակով։ Դուք կհասկանաք ինձ, եթե ձեզ ասեմ, որ ձեզ և Անուշիս թողնելով՝ ես ինձ կենդանի գերեզման դրի։ Ես սիրում էի նրան, բայց արդեն շատ ուշ էր, երբ իմացա, որ խաբվել եմ... Աստված նրա հետ։ Լսեցի Անուշիս մահը։ Ո՛չ, ո՛չ, երբեք մի կարծեք, թե անվանս և պատվիս հետ՝ ես ծախեցի և մայրական զգացմունքներս։ Այդ անկարելի է։ Աստծուն է միայն հայտնի, թե որքան ես տանջվել եմ... Կներե՞ արդյոք նա ինձ։ Հույս ունեմ, եթե միայն... դուք կներեք ինձ։ Վերջին և ամենաջերմ փափագս այդ է։ Այնուհետև ես հանգիստ կմեռնեմ օրհնելով ձեր անունը․․․»։
Նամակը ոչ ստորագրություն ուներ, ոչ թիվ և ոչ գրված էր, թե ում է ուղղված։
Զազունյանը նամակը կարդալիս չզգաց, թե ինչպես Զագորսկու պատճառած կատաղությունն իսպառ չքացավ։ Մի տեսակ պայծառ զգացմունք կամաց֊կամաց սկսեց լուսավորել նրա մռայլ հոգին։ Ամեն, կատարելապես ամեն ինչ մոռանալով, նրան թվում էր, թե ինքը սավառնում է բարձր, բարձր, և զգում էր, թե ինչպես իր սիրտն՝ ազատ ամեն տեսակ զգացմունքներից՝ բաբախում է մեղմ, տխուր, բայց սրբազան երջանկությամբ։ Եվ իրավ, ի՞նչը կհասներ ներման այն վեհ զգացմունքին, որ, որպես փրկության կաթիլներ, ցողում է մարդկային քարացած սրտի և հոգու վրա․․․ Մոլորված կինը խղճի տանջանքների տակ՝ վերջին անգամ դարձյալ դեպի նա է դառնում դեպի իր ամուսինը և, մահվան անկողնում պարզելով նրան իր դողդոջուն ձեռքերը, ներումն է հայցում...
Զազունյանի աչքերը լցվեցին արտասուքով։
Երկար ժամանակ, կարծես արձանացած, նա կանգնած էր սեղանի առջև։ Նամակը դողում էր նրա ձեռքում, և նրա աչքերը չէին հեռանում նամակից։
Շուրջը և դուրսը կատարյալ լռություն էր տիրում։
Հանկարծ դռան մոտ մի թեթև շրշյուն նրա ուշադրությունն իր կողմը դարձրեց։ Նա արագ դարձավ դռան կողմը և ակամա ետ ու ետ գնաց։ Այն, ինչ որ այդ րոպեին ներկայացավ նրա աչքերին, տեսիլ միայն կարող էր լինել, ուրիշ ոչինչ...
Նա աչքերը փակեց և ձեռքը թափահարեց դեմքի առջև, կարծես դեմքից մի բան քշելով։ Աչքերը նորից բաց անելով, նույն տեսիլը ներկայացավ նրան դռան մոտ կանգնած։ Հանկարծ նա մի քանի քայլ առաջ վազեց, կարծես մեկն ետևից հրեց նրան, հանկարծ կանգ առավ և ձեռքերը տարածեց դեպի տեսիլը։
Է՛մմա, բացականչեց նա։
Տեսիլը շարժվեց և ընկավ նրա գիրկը։
Է՛մմա, շշնջաց Զազունյանը։
Նրանց շրթունքները հանգան իրար վրա։
Է՛մմա․․․ ի՞նչպես այս կեսգիշերին․․․ ինձ մոտ․․․
Չգիտեմ․․․ չգիտեմ, շշնջաց Էմման, ամուր սեղմվելով նրա կրծքին։
Է՛մմա... կրկնեց Զազունյանը, մի՞թե այս երազ չէ։
Երազ... о՜հ երազ... Եվ Էմման իր սիրուն գլուխը, որից ընկել էր շալը, ավելի սեղմեց նրա կրծքին։
Զազունյանի ձեռքերն անզգայաբար գրկեցին նրա ճկուն իրանը, շրթունքները կպան նրա փայլուն մազերին։
Մի կարճ միջոց երկուսն էլ ոչ մի խոսք այլևս չկարողացան արտասանել։ Զազունյանն իր կրծքի վրա զգում էր Էմմայի դեմքի ջերմությունը, Էմման լսում էր Զազունյանի սրտի արագ զարկը։
Վերջապես կամաց-կամաց Զազունյանն սթափվեց, նա մի տեսակ անմիտ հայացքով նայեց շուրջը․ զգուշությամբ թողեց Էմմային և կամաց հեռացավ նրանից։
Գնա՜ այստեղից, Էմմա, ասաց նա խուլ ձայնով, աշխատելով չնայել նրան։
Էմման միայն անմեղ, անհուն երջանկությամբ ժպտաց և լուռ տարածեց դեպի նա իր դողդոջուն ձեռքերը, կարծես նրան դարձյալ իր գիրկն էր կանչում։
Էմմա, գնա այստեղից, կրկնեց Զազունյանը։
Ո՞ւր։
Ձեր տուն։
Ինչո՞ւ։
Ես վախենում եմ։
Ո՞ւմից...
Քեզնից... քեզնից... գնա։
Արսե՜ն.․.
Գնա, գնա, աղաչում եմ։
Դու կփախչես։
Ես քո ստրուկն եմ, է՛մմա։
Կփախչես, կփախչես, Արսեն․․․ հազիվհազ գտել եմ քեզ...
Է՛մմա, հավատո՞ւմ ես, որ ես սիրում եմ քեզ։
Էմման ձեռքերը տարածած մի քայլ առաջ վազեց։
Ի՞նչ ասացիր... դու... ինձ... սիրում ես. ախ, աստված իմ, այս ինչ լսեցի... Իսկ էս քեզ ո՜րքան եմ սիրում...
Ուրեմն գնա... այս անգամ գնա։
Թող մի փոքր էլ մնամ, Արսեն։
Չէ, չէ, Էմմա, աղաչում եմ, գնա, գնա, իսկույն։
Էմման մի հուսահատական շարժում գործեց։
Ո՞ւր գնամ, ասաց նա։ Չէ՞ որ ես այստեղ դրախտումն եմ։ Ահա այստեղ ինձ համար խելոք կնստեմ, ոչ կխոսեմ, ոչ ձայն կհանեմ, ոչինչ չեմ անի... միայն թող որ նայեմ քեզ։
Իմ սիրույս համար, Էմմա...
Այն աստիճան տանջանքով և աղերսանքով էին արտասանված այդ բառերը, որ Էմման այլևս չկարողացավ հակառակել։ Նա միայն նախ լուռ ու անթարթ նայեց Զազունյանի աչքերին, հետո կամաց շուռ եկավ և կամաց գնաց դեպի դուռը։ Դռան մոտ նա հանկարծ կանգ առավ և ճակատը սեղմեց դռանը։
Ախ, չե՜մ կարող, չե՜մ կարող, սաստիկ հուսահատությամբ կանչեց նա։
Իմ սիրույս համար, Է՛մմա, կրկնեց Զազունյանը։
Գոնե երդվիր, որ չես գնա։
Մի՞թե ինձ չես հավատում, Էմմա։
Էմման դուրս վազեց։
Մոտ քառորդ ժամ Զազունյանի կանգնած էր արձանացած՝ աչքերը դռանը հառած։ Ի՞նչ էր զգում և ի՞նչ էր մտածում նա... Հանկարծ նա մտածեց, որ կեսգիշերից անց է, որ Էմման ամենայն հավանականությամբ մենակ էր եկել, որ փողոցներում հազար ու մի կասկածավոր մարդիկ են շրջում, որ...
Խենթի նման վեր թռավ տեղից, հենց այնպես գլխաբաց դուրս վազեց փողոց և նայեց այս ու այն կողմը։ Ո՞վ կար կամ այն մթության մեջ ո՞վ պետք է երևար։ Նա վազեց Մարկոսյանների տան կողմը։ Ճանապարհին ոչ մի մարդ չպատահեց։ Նա հասավ Մարկոսյանների տանը, նայեց դռանը, փակ էր, նայեց բարձր լուսամուտներին ճրագի լույս չկար։ Երկար ժամանակ չէր իմանում՝ հեռանա՞, թե մնա. արդյոք Էմման հասե՞լ է տուն և նե՞րս է մտել, թե դեռ ճանապարհին է... արդյոք ճանապարհին մարդի՞կ պատահեցին, արդյոք... սաստիկ երկյուղն ու հուսահատությունը պաշարեցին նրան, միևնույն ժամանակ նա սաստիկ կատաղեց իր դեմ, որ այդ կեսգիշերին Էմմային մեն-մենակ ճանապարհ ձգեց։
Երկու ժամից հետո, ոչ մեռած և ոչ կենդանի, վերադարձավ հյուրանոց, մտավ իր սենյակը և ընկավ մահճակալի վրա։ Երկար ժամանակ պառկած էր անշարժ, հետո հանկարծ վեր ցատկեց տեղից և չռած աչքերով նայեց այս ու այն կողմը։
Չլինի՞ թե այս բոլորն երազ էր միայն, ասաց նա ինքնիրեն։