Nar-Dos

Զազունյան

4
15

Հետևյալ շաբաթ Զազունյանը գնաց Շ... իր գործի քննությանը ներկա լինելու համար։ Երկաթուղու կայարանում նրան ճանապարհ դրին Զաքարն ու Էմման և նրա մորաքրոջ փեսան ու աղջիկը։ Բաժանվելիս Զաքարն ասաց.

Մեզ չմոռանաս, Արսեն ջան, նամակ գրես։

Չէ, այդ տանջանքից ինձ ազատ պահիր. ես շատ ծույլ եմ նամակներ գրելում, պատասխանեց Զազունյանը։

Կամ թե հեռագրիր, երբ գործը տանես. նկատի ունեցիր, որ մենք միշտ անհամբերությամբ կսպասենք։ Հաջողություն։ Բարի ճանապարհ։

Եվ նա պինդ համբուրեց Զազունյանի շրթունքը։

Այնինչ էմման բաժանվեց առանց մի խոսք անգամ արտասանելու։ Նա միայն սովորակաից ավելի ամուր սեղմեց Զազունյանի ձեռքը, հոնքերը փոքր֊ինչ ցած թողեց և քթի պնչերը լայնացրեց, այդ սովորությունն ուներ նա, երբ տխուր էր լինում և այդպիսի դեպքերում նրա դեմքը մի տեսակ ուրույն, զգաստ գեղեցկություն էր ստանում։ Զազունյանն երկրորդ անգամն էր տեսնում նրան այդպես մեկ թատրոնում եղած գիշերը, մեկ էլ այժմ, և երկու անգամն էլ նա առանձին ուշադրություն էր դարձնում այդ բանի վրա։ Թեև նա չէր սիրում, որ այդ մանկահասակ, գեղեցիկ կնոջ ժպտուն դեմքն այդպես մռայլվում էր, բայց և այնպես այդ ուրույն, զգաստ գեղեցկությունը հենց առաջին հայացքից ուղղակի թափանցում էր նրա սրտի խորքը և այնտեղ ինչ֊որ նոր, անծանոթ լարեր էր շարժում։ Դեռ ոչ մի ժամանակ նա այնպես քնքուշ և ուշադիր չէր եղել դեպի էմման, ինչպես այդ բաժանման միջոցին։ Ամեն անգամ, քանի նայում էր այդ գեղեցիկ կնոջ տխուր, թախծալից դեմքին, հանկարծ ինչ-որ անհայտ զորություն կարծես բռնում էր նրան և ասում կաց, մի հեռանար այստեղից...

Մորաքրոջ աղջկա և փեսայի հետ նա բաժանվեց ինչպես սերտ բարեկամներից։ Երևում էր, որ այդ մի քանի օրվա մեջ նա կատարելապես գրավել էր նրանց համակրությունը։ Նրանք խնդրեցին, որ նա, երբ Շ․․․-ից վերադառնա, ուղղակի իրենց տանն իջնի։

Զազունյանի մեկնելուց հետո էմմայի համար աշխարհը կարծես դատարկվեց։ Այն զգացմունքը, որ Զազունյանի հետ ծանոթանալու օրից աննկատելի կերպով սողոսկել էր նրա սիրտը և այնուհետև հետզհետե արմատներ էր արձակում, կարծես Զազունյանի մեկնելուն էր սպասում, որպեսզի հանկարծ զգալի անի նրան իր բոլոր ուժը։ Այն ամենը, ինչ որ առաջ սիրելի և հարազատ էին իր սրտին և առանց որոնց նա կարծում էր, թե իր կյանքը կյանք չի լինի, այժմ նրա աչքում այլևս մի կոպեկի գին չունեին։ Ամեն ինչ հեռացավ, ամեն ինչ ծածկվեց թանձր քողով, և այդ բոլորի տեղը բռնեց մի բան, որը ամեն ժամանակ, թե երևակայության մեջ և թե երազում կանգնած էր նրա առջև և ավելի ու ավելի հափշտակում էր նրա սիրտն ու բոլոր մտածմունքները։ Դա Զազունյանի պատկերն էր։ Ոտից գլուխ, կարծես իրականապես, այդ պատկերն ամեն ժամանակ կանգնած էր նրա աչքերի առջև, ուրվականի նման ամենուրեք հետևում էր և երբեք հանգիստ չէր տալիս նրան։ «Ի՞նչ ես ուզում ինձնից, ի՞նչ», շատ անգամ մրմնջում էր նա, երբ գիշերը քունը մոտ չէր գալիս աչքերին կամ ցերեկը, ոչինչ չկարողանալով անել, ապուշի նման մի սենյակից մյուս սենյակն էր թափառում։ Սաստիկ թախիծը պաշարել էր նրան։ Ոչինչ չէր գրավում նրան, ընդհակառակն, ամեն ինչ անտանելի էր թվում, ամենից ավելի ամուսինն իր անհամ կատակներով ու հիմարական ծիծաղներով, իսկ նրա գուրգուրանքն ու համբույրները խո մի-մի տանջանք էին, որ նա մի կերպ կարողանում էր տանել։ Շատ անգամ այնպիսի թշնամական աչքով էր նայում ամուսնուն, որ կարծես աշխարհիս բոլոր թշվառությանը թափել էր իր գլխին։ Մինչև անգամ Արամիկը, սիրուն, խելոք Արամիկը, որին նա միշտ երեխաների կատարելատիպն էր համարում, նա էլ երբեմն շատ չար և փչացած էր թվում նրան։

«Այս ի՜նչ եմ անում, այս ի՜նչ եմ անում», շատ անգամ սարսափած ասում էր ինքն իրեն, երբ իր դրության մասին սկսում էր լավ մտածել։ «Մի՞թե ես նրան... սիրում եմ. մի՞թե այս սեր է. մի՞թե ես սիրահարված եմ նրա վրա։ Ո՛չ, ո՛չ, այդ անկարելի է, այս սեր չէ, ես սիրահարված չեմ նրա վրա։ Մի՞թե սրտիս տերն ինքս չեմ։ Կամ ինչո՞ւ պետք է սիրեմ, ի՞նչ իրավունքով. ո՞վ է նա մի օտար մարդ, որ ինձ հետ ոչ մի կապ չունի, որ այսօր այստեղ է, վաղն ով գիտե որտեղ կլինի, ինչպես այժմ արդեն հեռացել է այստեղից։ (Ինչո՞ւ է հեռացել, տրտնջում էր նրա սիրտը)։ Իմ սերն ամուսինս է, իմ սերը միակ զավակս է ահա ո՛ւմ եմ սիրում և ո՛ւմ պետք է սիրեմ, քանի կենդանի եմ․ օտարի հետ ի՞նչ գործ ունեմ։ Ոչ, այս սեր չէ, այս ուրիշ բան է. այս սատանա է, այս մի չար ոգի է, որ մտել է սիրտս և ինձ հանգիստ չի տալիս, ինձ այսպես տանջում է, չարչարում։ Ես կհալածեմ նրան սրտիցս, կհալածեմ․․․»։

Եվ նրա հալածելն այն էր լինում, որ դարձյալ սկսում էր մտածել Զազունյանի մասին, պատկերացնել նրան իր առջև, մտքումը խոսել, վիճել նրա հետ։ Ինքնախաբեությունն, իհարկե, չէր օգնում, և «սատանան», «չար ոգին» շարունակում էր հանգիստ չտալ նրան։ Իզուր էր նա աշխատում հալածել Զազունյանին այդ «օտար մարդու» պատկերն իր մտքից և անձնատուր լինել ընթերցանությանը կամ տնային պարապմունքներին, ինչպես առաջ․ իզուր էր աշխատում մայրական առաջվա վառ խանդով սեղմել Արամիկին իր կրծքին, ամեն օր առաջվա սիրով պարապել նրա հետ, ամեն ինչ իզուր, «չար ոգին» ամեն բանից ետ էր մղում նրան և ավելի վառ կերպով ստեղծելով նրա առջև Զազունյանի պատկերն, ասում էր, ահա թե ո՞ւմ մասին դու պետք է մտածես շարունակ։

«Տեր աստված, դու օգնիր ինձ», շատ անգամ մրմնջում էր նա անզորացած, բայց աստված չէր լսում նրան։

Նա հուսահատվել էր։

Նրան ծանոթ չէր սիրո զգացումը, որովհետև դեռ ոչ ոքի չէր սիրել և այդ պատճառով չէր հասկանում, գլխավորը՝ չէր ուզում հավատալ, թե այն զգացումը, որ նա «չար ոգի» էր անվանում, հենց ինքը սերն էր, որ բախտը, թեև ուշ, բայց նրան էլ էր վիճակել։ Լինելով միջակ կարողության տեր ծնողների զավակ, նա իր մանկությունն ու օրիորդական տարիներն անց էր կացրել բացառապես ընտանեկան շրջանում, թեև խորթ, բայց բարի և սիրող մոր հսկողության տակ։ Նրա ընկերը գիրքն էր, բայց ուներ և մի սրտակից բարեկամ, դա դպրոցական ընկերուհիներից մեկն էր, որ հոգով չափ սիրում էր նրան։ Նա իրեն կատարելապես երջանիկ էր զգում, երբ ձեռքին նոր գիրք ուներ կարդալու կամ երբ ընկերուհու հետ գնում էր զբոսանքի, կամ փակվելով սենյակում, անվերջ զրույցներ էր անում նրա հետ։ Դրանից դուրս նա ուրիշ ոչինչ չէր կամենում։ Նա ծիծաղում էր նրանց վրա, որոնք կյանքի իմաստն ուրիշ կերպ հասկացած և կյանքի համար ուրիշ կերպ պատրաստված, անդադար ընկնում են զանազան արկածների և զանազան հոգսերի ետևից։ Նա ամուսնացավ այնպես, ինչպես ամուսնանում են նրա նման հազարավոր աղջիկներ առանց սիրահարվելու և առանց իրեն հաշիվ տալու, թե ինչ բանի համար։ Ամուսնացավ, որովհետև պետք է, վերջապես, ամուսնանար։ Զաքար Մարկոսյանը, որ նրա խորթ մոր ինչ֊որ հեռու ազգականն էր, ուսումը նոր էր ավարտել և եկել։ Ծանոթանալով իրենց տանը, էմման շատ էր հավանել նրա ուրախ բնավորությունը միայն, ուրիշ ոչինչ, և երբ մի քանի ժամանակից հետո, նրանից ամուսնանալու առաջարկություն ստացավ, առանց երկար ու բարակ մտածելու՝ ընդունեց։ Նա ամուսնացավ և ապրում էր խաղաղ ու երջանիկ։ Ամուսնացած ժամանակն էլ, ընտանեկան շրջանից դուրս, նա ուրիշ ոչ մի կյանքի հետ մոտ հարաբերություն չուներ և չէր էլ ուզում ունենալ։ Օրերն ու տարիներն անցնում էին իրենց կարգով, դրանց հետ անցնում էր և նրա հանդարտ կյանքը, ինչպես մի խաղաղ գետ, առանց ալեկոծվելու։ Հորիզոնը միշտ պարզ էր, արևը միշտ պայծառ էր փայլում։ Ուրիշ ի՞նչ էր հարկավոր։ Նրա խաղաղ կյանքը այն ժամանակ դուրս եկավ իր սովորական ընթացքից, երբ աշխարհ եկավ Արամիկը և իր հետ բերեց մոր համար սովորական հոգսերը։ Բայց ի՜նչ էին այդ հոգսերն այն ահագին երջանկության հանդեպ, որով մանուկն իր ծնվելու օրից պսակեց էմմայի ընտանեկան խաղաղ կյանքը և մի նոր, հրապուրիչ հոսանք տվեց այդ կյանքին։ Էմման իր բոլոր սերն ու խանդը նվիրեց իր այդ միակ զավակին։ Շատ անգամ, երբ սեղմում էր նրան իր կրծքին, մայրական անհուն երջանկությունից կարծում էր, թե ահա, որտեղ որ է, պիտի մարի։ Նա սիրում էր և ամուսնուն, սիրում էր նրա համար, որ իր ամուսինն էր, որի ձեռքն ընդունել էր ինքն իր հոժար կամքով։ Եվ, փառք աստծո, ուրիշ ի՞նչ էր հարկավոր։ Շատ անգամ իրեն այն աստիճան երջանիկ էր զգում, որ մինչև անգամ սկսում էր վախենալ, թե միգուցե այդ իրեն էժան չնստի, կարծես այդ երջանկությունը ոչ թե ինքը՝ բախտն էր շնորհել նրան, այլ նա մի տեղից գողացել էր և ապօրինի կերպով սեփականացրել իրեն։

Ամբողջ վեց տարի ամուսնական այդպիսի կյանք վարելուց հետո հանկարծ «չար ոգին» ներս է սողոսկում նրա անարատ սիրտը և ամեն ինչ տակնուվրա է անում։ Նրա կյանքի պարզ հորիզոնը կամաց֊կամաց սկսում է ծածկվել մռայլ ամպերով, նրա կյանքի խաղաղ հոսանքն սկսում է ալեկոծվել։ Ի՞նչպես կատարվեց այդ բոլորը, ի՞նչ հրաշքով, որի դեմը նա վաղօրոք չկարողացավ առնել։ Այս ի՞նչ տանջանքներ են, որ նա կրում է, այս ի՞նչ անքուն գիշերներ են, որ նա քաշում է, այս ի՞նչ ծանր, սպանիչ դառնություն է, որով ամբողջապես պատած է նրա սիրտը։ Ո՞ւր է նրա կյանքի այն շարունակ քաղցր թմրությունը, որի մեջ նա իրեն այնքան անհոգ և երջանիկ էր զգում, ո՞ր անգութը նրան հանկարծ սթափեցրեց այդ թմրությունից և ձգեց այդ անտանելի տանջանքների մեջ։

Օրերն անցնում էին սպանիչ դանդաղությամբ։ «Չար ոգին» շարունակում էր իր գործը։ Էմման քիչ էր ուտում, քիչ էր քնում, համարյա ոչ մի գործ չէր կատարում, ամեն բանից զզվում, ձանձրանում էր, ամեն մի չնչին բանի համար բարկանում էր աղախնի և ծառաների վրա, ամուսնու հետ միշտ քիթ ու մռութով էր խոսում, նրանից խորշում էր և միշտ մենակ էր ուզում մնալ։ Իհարկե, շարունակ այդպես չէր կարող տևել, մի հետևանք, վերջապես, պետք է ունենար այդ լարված դրությունը, և ունեցավ երկու շաբաթից հետո նա անկողին ընկավ։

Զաքարի գլխին, կարծես, միանգամից կրակ էր թափվել։ Ուրախություն, ծիծաղ, կատակ, ամեն ինչ մոռացել էր։ Նա ման էր գալիս խենթի նման։ Գլուխ էր կոտրում, թե ինչ է պատահում կնոջը, ոչինչ չէր կարողանում իմանալ։ Հարցնում էր իրեն կնոջը, թե ինչ ցավ, ինչ վիշտ, ինչ հոգս ունի նա, որ նրան այդ դրության մեջ է ձգել, բայց միշտ պատասխան էր ստանում՝ «ոչինչ» կամ «ինքս էլ չգիտեմ»։ Նա հուսահատվել էր, չգիտեր ինչ աներ։ Կնոջ անկողին ընկնելը նրա համար կատարյալ մահ էր, մահից էլ ավելի։ Նա դիմեց ընկեր բժիշկներին։ Բայց ի՞նչ պետք է անեին նրանք այնտեղ, որտեղ ինքնագլուխ իշխում էր «չար ոգին»։ Էմմայի միակ խնդիրն այն էր, որ իրեն բժիշկ հարկավոր չէ, որ իրեն հանգիստ թողնեն։

16

Երեկո էր, Զաքարը տխուր ու տրտում մենակ նստած էր իր առանձնասենյակում և մտածում էր կնոջ դրության մասին։ Երևում էր, որ շատ էր տանջվում։ Որքան տանջում էր նրան էմմայի դրությունը, նույնքան, գուցե և ավելի, տանջում էր այն հանելուկը, թե ինչ էր նրա այդ դրության պատճառը։ Ենթադրությունները մեկը մյուսի ետևից ծնվում էին նրա գլխում, բայց ոչ մի բավարար հետևանքի չէին հասցնում. հանելուկը մնում էր հանելուկ։

«Ասում է մրսել եմ», մտածում էր նա. «ի՛նչ մրսել․ մրսածին ես եփած էլ կճանաչեմ, չե՞մ տեսնում, որ այստեղ ուրիշ բան կա... ահա երկու շաբաթ է, որ ոտի վրա հալվում է․ ինչո՞ւ ահա հանելուկ․․․»։

Եղավ մի րոպե, որ այդ հանելուկի բացատրությունը գտնելու համար իր զանազան ենթադրությունների մեջ նրա միտքը կանգ առավ Զազունյանի և նրա մեկնելու վրա, բայց իսկույն էլ սարսափով ետ վանեց այդ ենթադրությունը, այնքան ահռելի և անհավատալի թվաց նրան այդ բանը։

Նա տարակուսանքով վեր քաշեց ուսերը, վեր կացավ և սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում։

Այդ րոպեին դուռը արագ բացվեց, և շտապով ներս մտավ մանկահասակ մի կին։

Պարո՛ն Զաքար... էմմաս հիվա՞նդ է, անհանգստությամբ կանչեց նա։

Զաքարը կանգ առավ և զարմանքով նայեց նրա դեմքին։

Տիկի՛ն Աննա, բացականչեց նա ուրախացած։ Այդ ե՞րբ․․․ այդ ի՞նչպես... ի՛նչ լավ ժամանակին եկաք։

Նրանք ամուր սեղմեցին իրար ձեռքը։

Աննան էմմայի ընկերուհին էր։

Էմմաս, իմ Էմման ո՞րտեղ է, պ. Զաքար, նույն անհանգստությամբ ասաց նա։ Ծառային հարցնում եմ, ասում է՝ հիվանդ պառկած է։ Ինչո՞ւ է հիվանդ։ Գնանք, տարեք ինձ նրա մոտ. ո՞րտեղ է նա։

Այո՛, այս մի քանի օր է, ինչ պառկած է, տխրությամբ հառաչեց Զաքարը։

Ի՞նչն է ցավում, ինչո՞վ է հիվանդ։ Գնանք, տարեք շուտ ինձ նրա մոտ։

Նա բռնեց Զաքարի ձեռքից, համարյա քարշ տվեց իր ետևից։

Զաքարը տարավ նրան կնոջ սենյակը։

Նիհար և գունատ՝ էմման պառկած էր մահճակալի վրա։ Նա հանել էր իր ձեռքերը վերմակի տակից և, աչքերը ձգած առաստաղին՝ ըստ երևույթին, ընկղմված էր խոր մտածման մեջ։ Նրա մոտ դրված էր մի փոքրիկ սեղան՝ դեղերի սրվակներով։ Դուռը բացվելուն պես սթափվեց և նայեց ներս մտնողներին։

Էմմա ջան, բացականչեց Աննան, առաջ վազելով դեպի նա։ Դու անկողնում պառկա՜ծ...

Նա չոքեց մահճակալի առջև, գրկեց էմմային և սկսեց համբուրել նրա գունատ շրթունքներն ու այտերը։

Էմման դարձավ կողքի վրա և զարմացած նայեց նրան։

Աննա՛․.. Մի՞թե այդ դու ես, ուրախ, բայց թույլ ձայնով կանչեց նա և մի ձեռքով գրկեց նրա գլուխը։

Այս ես եմ, բայց այդ դու չես, ասաց Աննան, նայելով նրա խոշոր, բայց հիվանդությունից ավելի խոշորացած աչքերին։ Այդ ի՛նչ է դրությունդ, ի՛նչ ես դարձել, ի՞նչ հիվանդանալու ժամանակ է, որ հիվանդացել ես։

Էմման նստեց։

Վեր կաց, ինչ ես չոքել, ասաց նա։

Աննան վեր կացավ և նստեց մահճակալի մոտ դրած աթոռի վրա։

Հղի խո չե՞ս, հարցրեց նա, թեքվելով դեպի նրա դեմքը և առնելով նրա ձեռքերը։

Էմման բացասական կերպով շարժեց դւուխը։

Հապա՞։

Մրսել եմ։

Աննան ձեռքը դրեց նրա ճակատին։

Տաքություն չունես, ասաց նա կասկածելով։

էմման նայեց նրան և ժպտաց։

Լավացա, որ դու եկար, ասաց նա։

Փառք աստծո, կարծես մի ծանր բեռից ազատվելով, կանչեց Զաքարը։ Ինչո՞ւ վաղ չէիք գալիս, դիմեց նա Աննային, որ այդպիսի հրաշք գործել գիտեք։

Եթե գիտենայի, որ Էմմաս հիվանդ է, գլուխս կոտրելով կգայի, պատասխանեց Աննան, սիրով և քնքշությամբ նայելով ընկերուհուն։

Ե՞րբ ես եկել, գալուդ մասին ինչո՞ւ առաջուց իմացում չտվիր, հարցրեց էմման։

Ինքս էլ չգիտեի, թե այսպես շուտ եմ գալու։ Ամուսինս գնաց Վիեննա առևտրական գործերով, իսկ ես մտադրվեցի գալ Քութայիս մորաքրոջս մոտ՝ մի կամ երկու շաբաթ այնտեղ մնալու համար, իսկ այնտեղից ուղղակի պետք է գայի այստեղ մորս մոտ և պետք է մնայի այստեղ մինչև ամուսնուս վերադառնալը, այսինքն մինչև հունիս կամ հուլիս ամիսը։ Բաթումից գնացի Քութայիս, բայց մորաքրոջս այնտեղ չգտա, գյուղ էր գնացել։ Էլ չուզեցի սպասել. մի օր Քութայիսում մնալով, մյուս օրն, այսինքն երեկ, վեր կացա և, ահա այսօր այստեղ եմ։ Ուզում էի անմիջապես գալ քեզ մոտ. թանկագին բարեկամներ, ազգականներ, ծանոթներ գիտես, էլի այնքան հավաքվել էին, որ հիմա էլ հազիվ եմ պրծել նրանց ձեռքից։ Բայց որ գիտենաս որքա՜ն կարոտել էի քեզ, սիրելիս։ Երևակայի՛ր՝ նստում եմ կառք, գալիս եմ, ուրախությունից գլուխս կորցրած բարձրանում եմ վերև, ծառային հարցնում եմ տիկինը տա՞նն է, հիվանդ է, ասում է, պառկած է։ Կարծեցի, թե տունը գլխիս փլվեց։ Ներս եմ ընկնում Զաքարի մոտ՝ Էմմաս, ասում եմ, իմ էմման ո՞ւր է, պարոն Զաքար, տարեք շուտ ինձ նրա մոտ, և բռնում եմ ձեռքիցը, քարշ եմ տալիս։ Նա բերում է ինձ քեզ մոտ և ահա քեզ ինչ դրության մեջ եմ գտնում։

Նա ծիծաղեց, և նրա աչքերում երևացին արտասուքի փայլուն կաթիլներ։ Էմման ժպտաց, իսկ Զաքարը, որ շարունակ ժպտում էր, նայելով նրանց, նույնպես ծիծաղեց, ինչպես ծիծաղում են երեխաները։ Նա պարզ կերպով տեսնում էր, որ Էմման ընկերուհուն տեսնելու րոպեից ուժ և կենդանություն ստացավ, և առաջվա տխրությունն ու թախիծը համարյա բոլորովին հեռացավ նրա դեմքից։ Այդ պատճառով նա անհուն շնորհակալություն էր զգում դեպի Աննան, որ իր այցելությունով ազատեց նրան հուսահատությունից և անտանելի մտատանջությունից։

Դուք էլ աչքումս փոխվել եք, պ․ Զաքար, ասաց Աննան, նայելով նրա դեմքին։

Ճիշտ է, պատասխանեց Զաքարը։ Դե ես ի՛նչ․ լավ ուտում էի, լավ խմում, ճաշից հետո լավ քնում, նայելով կնոջը, ավելացրեց նա և ծիծաղեց (էմման նայելով իր ձեռքերին, հոնքերը ցած թողեց և քթի պնչերը լայնացրեց), բայց դրա դրությունն այս կարճ ժամանակում ինծ սպանեց, էլ ոչ կենդանի էի, ոչ մեռած․․․

Ախ, է՛մմա, է՛մմա, հանդիմանորեն շարժեց գլուխը Աննան։ Եթե վաղն ևեթ չես վեր կենալ, չգիտեմ, ճշմարիտ, ինչ կանեմ։ Ուրախ-ուրախ գալիս էի, ասում էի վերջապես երկու տարվա կարոտս կառնեմ, կվերադարձնենք մեր օրիորդական քաղցր ժամանակները հիշո՞ւմ ես ընթերցանությունը, զբոսանքը, խոսակցությունները, վիճաբանությունները իսկ դու այստեղ ծանր ու բարակ պառկել ես անկողնում... անգութ չասեմ, ապա ի՞նչ ասեմ քեզ։ Բժիշկ գալի՞ս է... Ախ, ներողություն, պ․ Զաքար, կանչեց նա ծիծաղելով, բժիշկդ այստեղ կանգնած եք, ես ուրիշ բժիշկ եմ հարցնում։

Չէ, ի՛նչ ներողություն, ասաց Զաքարը, ուրիշ բժիշկ է գալիս։ Ապա ի՞նչ իմ բանն է... տանու տերերին «օրհնյա ի տեր» կլինի՞։

Այդ խոսքերի հետ նա բարձրաձայն ծիծաղեց։

Կասես, որ այսուհետև էլ չգա, ասաց էմման առանց նրան նայելու։

Ո՞վ, բժի՞շկը։

Այո, ինձ այլևս բժիշկ հարկավոր չէ։

Բայց դու դեռ թույլ ես, քեզ էլի...

Ասում եմ, որ հարկավոր չէ, պնդեց էմման։ Ես ինձ հիմա լավ եմ զգում։

Ինչպես ուզում ես, ինչպես ուզում ես, միայն թե դու լավ լինես։ Կուզես, այս դեղերն էլ տանեմ դուրս շպրտեմ։

Եվ լավ կանես։

Զաքարը մոտեցավ դռանը։

Կա՛րապետ, Կա՛րապետ, կանչեց նա դեպի դուրս։

Ծառան ներս մտավ։

Այս բոլոր դեղերը հավաքիր և դուրս տար իսկույն..․ ուզում ես ինքդ խմիր, ուզում ես թափիր։ Շուտ։

Կարապետն ատամները ցույց տվեց և սկսեց հավաքել սեղանի վրայից դեղերի սրվակները։

Արամիկն ո՞ւր է, Արամիկը, հանկարծ մտաբերելով հարցրեց Աննան, կանչեցեք տեսնեմ։ Ինչպես մոռացել էի։ Իմ սիրելի Արամիկը․․․

Լսիր, դարձավ Զաքարը ծառային, որ սրվակները դուրս էր տանում։ Մաշային կասես, որ Արամիկին իսկույն այստեղ բերի։

Ծառան դուրս գնաց։

Արամիկն այնպիսի քաջ և խելոք տղա է դարձել, որ էլ ասել հարկավոր չէ, դարձավ Զաքարն Աննային։

Մի՞թե... այն նիհարիկն ու չարաճճի՞ն։

Նիհարիկն ու չարաճճի՞ն։ Այժմ ինձնից էլ չաղ ու ինձնից էլ խելոք է։

Մի՞թե։ Դու էլ խո այնքան գովում էիր նրան նամակներիդ մեջ, էմմա։ Նամակներդ կարդալիս շատ անգամ այնպես կարոտում էի նրան, այնպես կարոտում, որ որտեղ էլ պատահում էի նրա անունը նամակիդ մեջ, սկսում էի համբուրել, չե՞ս հավատում։ Դժբախտաբար նրա պատկերը կորցրել եմ, մի օր ամբողջ տունը տակնուվրա արի, չկարողացա գտնել։ Բայց այս անգամ ես ինքս պետք է հանել տամ նրա պատկերն ինձ հետ միասին, թո՞ւյլ կտաք։

Ձեզ փեշքեշ, ասաց Զաքարը ծիծաղելով։

17

Ահա՛ նա, ահա՛ իմ սիրելիս, բացականչեց Աննան և, վեր թռչելով տեղից, վազեց դեպի Արամիկը, որ աղախնի առջևից մտնելով անհամարձակ կերպով կանգնեց դռան մոտ։ Մի ակնթարթում նա առավ երեխային իր գրկի մեջ, բարձրացրեց և, համբուրելով նրա դեմքի յուրաքանչյուր պատահած տեղը, ձեռքի վրա տարավ, նստեց դարձյալ իր աթոռի վրա։ Երբ համբուրելուց կշտացավ, նստեցրեց նրան իր ծնկների վրա և սկսեց նայել նրան այն սիրով ու հրճվանքով, ինչպես միայն կանայք են նայում։ Իրավ, ի՜նչ մեծացել է, ի՜նչ գեղեցկացել, ասում էր նա, սեղմելով նրան կրծքին։

Աչքով չտաս, նկատեց նրան էմման, որի սրտի մեջ զարթնել էր մայրական հպարտությունը, տեսնելով ընկերուհու իր զավակին ցույց տված սերն ու խանդը։

Հա՛, հա՜, աչքով չտաք, իր կողմից վրա բերեց Զաքարը և իր սովորության համեմատ բարձրաձայն ծիծաղեց:

Մի վախենաք, աչքս թեթև է, պատասխանեց Աննան և շարունակեց սիրով և հրճվանքով նայել Արամիկին։

Արամիկը նստեց Աննայի ծնկան վրա, զարմացած և հետաքրքրությամբ նայում էր նրան. շրթունքները սեղմել էր իրար և այտերը փքել․ դրանից նրա մանկական գեղեցիկ դեմքը ստացել էր մի տեսակ լուրջ, բայց շատ գրավիչ և սիրելի արտահայտություն, որպիսին ունենում են միայն երեխաները։

Ի՞նչ ես ինձ այդպես նայում, ինձ չե՞ս ճանաչում հարցրեց, Աննան։

Ոչ, գլուխը բացասական կերպով շարժելով, հապաղելով պատասխանեց Արամիկը և շարունակեց նայել նրան։

Ես քո մամայի քույրիկն եմ։

Իմ մամայի քույրի՞կը, կարծես խոր մտածելով, ասաց Արամիկը և նայեց մորը, հետո դարձյալ Աննային, դարձյալ մորը․ կարծես ուզում էր որևէ նմանություն գտնել նրանց միջև։

Այո, իմ քույրիկն է, Արամիկ, իմ քույրիկն է, ժպտալով հաստատեց մայրը։

Արամիկը դարձյալ նայեց Աննային։

Հապա ինչո՞ւ առաջ դուք չէիք գալիս մեր տուն, հարցրեց նա։

Որովհետև մայրիկդ ինձ միշտ ծեծում էր, պատասխանեց Աննան կատակով։

Երեխան չհասկացավ կատակը, նա կիտեց հոնքերը և այտերը փքեց։

Ճիշտ չէ, կարծես վիրավորված ասաց նա։ Մամաս ոչ ոքի չի ծեծում. գուցե բարկացել է ձեզ վրա, ինչպես անցյալ օրը...

Նա լռեց և այտերը բոլորովին փքեց։

Ի՞նչ, ի՞նչ անցյալ օրը, ծիծաղը զսպելով, հարցուփորձ արավ Աննան։

Բարկացավ ինձ վրա, կամաց ասաց Արամիկը և գլուխը կախեց։

Բարկացա՞վ... ինչո՞ւ... երևի չարություն էիր արել։

Ոչ, ես ոչ մի չարություն չէի արել, այլ ուրախ-ուրախ ներս վազեցի նրա մոտ... նա տխուր նստած էր... հանկարծ բարկացավ ինձ վրա... հրամայեց, որ իսկույն դուրս գնամ և... ետևիցս ինձ... չար... փչացած տղա անվանեց...

Նրա ձայնը դողաց և նա, հանկարծ դեմքն ամուր սեղմելով Աննայի կրծքին, սկսեց հեկեկալ։

Հայրը, մայրը և Աննան սկսեցին ծիծաղել։

Իսկապես որ չար և փչացած տղա, կանչեց Զաքարը։ Ինչպես միտն է պահել։ Մեծասիրտ, վիրավորանք չի ուզում տանել։

Ներողություն խնդրելով, նա դուրս գնաց հյուրին պատվելու պատրաստություններ տեսնելու։

Աննան հանգստացրեց Արամիկին, հաշտեցրեց մոր հետ, համբուրել տալով նրա ձեռքը, և մի քանի քաղցրեղեններ տվեց նրան, որ բերել էր իր հետ։ Մի ամբողջ քառորդ ժամի չափ նստած մնալով Աննայի ծնկան վրա, Արամիկը հոգնեց, նա ուզում էր դուրս գնալ և վազվզել։

Ձեր հագուստը բոլորովին փչացրի, թողեք ինձ իջնեմ, ասաց նա։

Աննան ծիծաղեց։

Ա՛յ խորամանկ, կանչեց նա, ուզում ես փախչել և ա՞յդ ես հնարում։

Նա պինդ համբուրեց նրա երկու այտն էլ և ցած դրեց։

Դեհ, գնա խաղա։ Բայց լսիր. ինձ այսուհետև միշտ մորաքույր կանչիր, իմացա՞ր։

Իմացա։

Եվ կսիրե՞ս ինձ ինչպես մամայիդ:

Ինչո՞ւ չեմ սիրի։

Ես քեզ համար միշտ քաղցրեղեն կբերեմ։

Ի՞նչ եմ անում քաղցրեղենը։

Ա՛յ հպարտ... ինչո՞ւ։

Որովհետև մամաս ասում է, որ քաղցրեղենը վնաս է ատամներին։

Տեսնո՞ւմ ես սրան... Բաս ետ տուր իմ տվածը։

Ահա։

Արամիկը մեկնեց նրան նրա տված քաղցրեղենը։

Աննան դիտմամբ դեմքը խոժոռեց։

Դու ինձ վիրավորում ես, ասաց նա ծանր։

Ի՞նչ անեմ, դուք ինքներդ եք ետ ուզում, ես էլ տալիս եմ։

Աննան չկարողացավ չծիծաղել։

Լավ, այդ մեկը տար կեր, այդ վնաս չէ, ասաց մայրը։

Արամիկը դարձավ և դիմեց դեպի դուսը։

Սպասիր, կանչեց նրա ետևից Աննան։

Արամիկը կանգ առավ։

Ուրեմն դու ինձ առանց քաղցրեղենի է՞լ կսիրես, հարցրեց Աննան։

Եթե դուք ինձ սիրեք, ես էլ ձեզ կսիրեմ։

Աննան վեր թռավ տեղից, վազեց, գրկեց նրան և դարձյալ սկսեց համբուրել նրա դեմքի յուրաքանչյուր պատահած տեղը։

Ա՜յ, ես քեզ ի՛նչպես եմ սիրում, ա՜յ, ինչպես եմ սիրում, ասում էր և շարունակում իր համբույրները։ Հիմա դու ինձ համբուրիր, որ իմանամ, թե դու էլ ինձ ես սիրում, ասաց նա, այտը մոտեցնելով նրա շրթունքներին։

Ա՛յ, ես էլ ձեզ ի՛նչպես եմ սիրում, կանչեց Արամիկն, ամուր համբուրեց նրա այտն և դուրս փախավ։

Աննան մտահոգությամբ նայեց նրա ետևից, կամաց հառաչեց և գնաց նստեց իր տեղը։

Երանի քեզ, էմմա, ասաց նա. ինչքա՜ն երջանիկ ես դու... ե՞ս եմ, որ չգիտեմ ո՛ր մեղքիս համար զրկված եմ մի այդպիսի բախտավորությունից։

«Ինչքան երջանիկ եմ ես», դառնությամբ մտածեց էմման, և Զազունյանի պատկերը ցցվեց նրա առջև։ Հանկարծ նա ժպտաց և նայեց Աննային։

Ուզո՞ւմ ես քեզ տամ, ասաց նա։

Է՛հ, տվողն աստված է, դու ինձ ի՞նչ պետք է տաս, տխուր պատասխանեց Աննան։ Մինչև տանդ, եթե ոչ մի քանի, գոնե մի հատիկ երեխա չունենաս, էլ ինչացո՞ւ ես դու, էլ ինչի՞ ես պետք։ Ի՞նչ կյանք է ամուսնացած կնոջ կյանքն առանց երեխայի։ Ի՞նչ զգացմունք, ի՞նչ երջանկություն կարող է հասնել մայրական զգացմունքին, մայրական երջանկությանը։ Ամեն ինչ, ամեն տեսակ զգացմունք խախուտ և անցողական է, բացի մայրական զգացմունքից։ Ի՞նչ բան է սերը, հանրածանոթ սերը մայրական զգացմունքի առաջ մի թշվառ, շո՛ւտ բռնկող և շուտ էլ մարող թղթերի բոց գարնանային արևի հարատև պայծառ ճառագայթների հանդեպ։ Հանրածանոթ սերը թեև լայնատարած, բայց շրջափակված մի ծով է, որ անդադար ալեկոծվում է և ահագին վնասներ, աղետներ է բերում շատ անգամ, իսկ մայրական սերը պարզ, վճիտ աղբյուր է, որ հոսում է հանդարտ և չես իմանում որտեղից է սկսվում և որտեղ վերջանում։ Մարդկանց մեջ ամենաերջանիկը մայրն է։ Չնայելով, որ ինքս մայր չեմ, դժբախտաբար, բայց ես այդ հասկանում եմ, զգում եմ և գուցե քեզնից էլ ավելի։ Գիտե՞ս, թե ես քեզ որքան նախանձում եմ, էմմա։

Իզո՛ւր, կարծես երազում արտասանեց էմման, որ այդ բոլոր ժամանակ հոնքերը կիտած և քթի պնչերը լայնացրած շարունակ նայում էր դեպի պատուհանը։

Աննան ցնցվեց։ Նա կարծես նոր տեսավ էմմայի դեմքի տխուր, մտախոհ արտահայտությունը։ Նա կամաց թեքվեց դեպի նրա դեմքը։

Ի՞նչ... իզո՞ւր, հարցրեց նա ծանրությամբ։

էմման թեթև հառաչեց և չպատասխանեց։

Աննան արագ վեր կացավ աթոռի վրայից և նստեց նրա անկողնի վրա։ Նա առավ ընկերուհու ձեռքը և աչքերը հառեց նրա աչքերին:

էմմա, դու շատ ուրիշ տեսակ ես երևում, ասաց նա առաջվանից ավելի ծանր։ Դու խորհրդավոր ես... ես քեզ չեմ հասկանում... բացատրիր... Ի՞նչ է պատահում քեզ։

Էմման հանկարծ իր կողմից նայեց նրան դեռ լուրջ, հետո ժպտաց։

Ի՞նչ պետք է պատահի, ասաց նա պարզ, ես այստեղ անկողնում հիվանդ պառկած եմ, իսկ դու ինձ նախանձում ես։

Աննան դրանով չխաբվեց։ Նա թերահավատությամբ և լրջորեն նայեց նրա աչքերին և ուզում էր ինչ-որ ասել, բայց Զաքարը մտավ, և նա այլևս ոչինչ չասաց։ Այնուհետև նա շարունակ դիտում էր Էմմային, բայց էմման տեսնելով, որ անզգուշությամբ ինքն իրեն մատնել էր, աշխատում էր իրեն ուրախ ցույց տալ։ Սակայն առանց այն էլ ընկերուհու անսպասելի գալուստը նրան մեծ ուրախություն էր պատճառել, մանավանդ իր ներկա ծանր դրության մեջ։ Նա իրեն մինչև անգամ առողջացած էր զգում։ Աննան տեսնելով, որ իր կասկածանքն, ըստ երևույթին, հիմք չունի, դադարեց նրան դիտելուց։ Սկսվեց մի քաղցր և անվերջ զրույց։ Զաքարը, տեսնելով, որ կնոջ դրությունը շատ լավ է, ուրախությունից ոտի վրա չէր կանգնում։ Բայց նա աշխատում էր իրեն զսպած պահել, որպեսզի մի այնպիսի հիմար բան չանի, որով գրգռի կնոջ տհաճությունը, ինչպես վերջին օրերում մի քանի անգամ պատահել էր։

Բավական ուշ էր, որ Աննան պատրաստվեց տուն գնալու: Էմման խնդրեց նրան, որ հետևյալ օրն առավոտյան այցելի իրեն։

Լույսը չծագած, ես այստեղ եմ, ասաց Աննան։

Մինչև փողոցի դուռը Զաքարն իջավ նրա հետ։ Այնտեղ նա ամուր սեղմեց Աննայի ձեռքը։

Անչափ շնորհակալ եմ ձեզնից, տ. Աննա, ասաց նա զգացված։ Ձեզ աստված է ուղարկել, որ էմմային առողջացնեք, իսկ ինձ ազատեք հուսահատությունից։

18

Հետևյալ օրն առավոտյան, երբ Աննան եկավ, Էմման դեռ քնած էր, իսկ Զաքարն իր առանձնասենյակում շտապով թեյ էր խմում, որ գնա իր պաշտոնին։ Աննան մտավ նրա մոտ և մանրամասն հարցուփորձ արեց էմմայի հիվանդության մասին։ Զաքարը պատմեց նրան, ինչ որ գիտեր և ինչի մասին որ գիշեր-ցերեկ մտատանջվում էր, բացի Զազունյանի վերաբերմամբ ունեցած կասկածից, որը շարունակում էր մտատանջել նրան, ինչքան էլ որ նա աշխատում էր վանել իր մտքից այդ ենթադրությունը։

Աննան մտածման մեջ ընկավ։ Թեյը խմելուց հետո Զաքարը գնաց, խնդրելով նրան, որ Էմմային մենակ չթողնի։

Աննան մտավ էմմայի ննջարանը։ Էմման դարձյալ քնած էր։ Հուշիկ քայլերով մոտեցավ նրա մահճակալին և նստեց աթոռի վրա։ Սենյակում տիրում էր կիսախավար, և օդը փոքր֊ինչ ծանր էր։ Նա վեր կացավ, լուսամուտներից մեկի վարագույրն ետ քաշեց, բաց արեց օդանցքը և դարձյալ գնաց նստեց իր տեղը։ Էմման պառկած էր կողքի վրա՝ դեմքը նրա կողմն արած։ Գիշերային սպիտակ գլխակապի տակից դուրս էին թափվել նրա փայլուն մազերը, որոնց մի փունջ ընկել էր նրա դեմքի վրա և թեթև դողդողում էին նրա հավասար շնչառությունից։ Երկար թերթերունքներն ստվեր էին ձգել նրա փակ աչքերի տակ, այտերի վրա խաղում էր թեթև շառագույնը, շրթունքները փոքր-ինչ բաց՝ կարծես ժպտում էին։ Քնած ժամանակ նա գեղեցիկ և անմեղ էր երևում, ինչպես լինում են երեխաները։ Աննան սիրով և քնքշությամբ նայում էր նրան, ինչպես նայում է մայրն իր քնած երեխային։ Զգում էր, որ անչափ սիրում է նրան, ինչպես իր հարազատ քրոջը, և նրա համար ամեն բան պատրաստ է անել։ Շարունակ նայում էր նրա դեմքին, մտառությամբ դիտում նրա յուրաքանչյուր դիմագիծը և տեսնում էր, որ նա մնացել էր համարյա նույնը, ինչ որ օրիորդական հասակում, ժամանակը, կարծես, խնայել էր այդ գեղեցիկ դեմքը, որը սեր, համեստություն և քնքշություն էր շնչում, միայն այժմ փոքր-ինչ նիհար և գունատ էր: բայց այդ ավելի նպաստում էր նրա քնքուշ գեղեցկությանը։

Աննան կամաց թեքվեց և զգուշորեն համբուրեց նրա այտը։

Էմման հանկարծ ինչ֊որ մի խուլ ճիչ արձակեց և ամբողջ մարմնով ցնցվեց։ Աչքերը բաց արավ և իսկույն նստեց. հայացքն անմիտ էր, դեմքը սարսափ էր արտահայտում. շնչում էր արագ։

Ի՞նչ պատահեց, սիրելիս, հարցրեց Աննան վախեցած։

Էմման չպատասխանեց, անմիտ հայացքը շրջեց այս ու այն կողմը, հետո քիչ֊քիչ ուշքի գալով նայեց Աննային ե ձեռքով շփեց դեմքը։

Այդ դու՞ ես, ասաց նա կամաց։

Չլինի՞ վախեցար, որ համբուրեցի։

Էմման ձեռքը դրեց իր արագ բաբախող կրծքին։

Հենց նոր երազումս քեզ էի տեսնում, ասաց նա և աշխատեց ժպտալ։

Ի՞նչպես, պատմիր տեսնենք։

Իբրև թե... Դու երազի հավատո՞ւմ ես։

Ի՞նչ հավատալու է։

Իհարկե։

Էմման վերցրեց գլխակապը և մազերը ետ տարավ ճակատից։

Վաղո՞ւց ես եկել, հարցրեց նա։

Մեկ ժամ կլինի, պատասխանեց Աննան։

Մի՞թե... ինչո՞ւ չէիր արթնացնում։

Միևնույն է. ինձ խո երազումդ էլ տեսնում էիր:

էմման ժպտաց։

Եվ բոլոր ժամանակ նստա՞ծ էիր մոտս, հարցրեց նա։

Ոչ, դեռ ամուսնուդ մոտ էի, հետո մտա քեզ մոտ։

Նա տա՞նն է։

Ոչ, գնաց։

Ուրեմն բավական ուշ է, ասաց էմման, լուսամուաից դուրս նայեյով։

Ժամը տասն է։

Հաա՞... Այսպես շատ ես ոչ մի օր չեմ քնել:

Այդ առողջանալուդ նշանն է։

Այո, ես այսօր ինձ բավական լավ եմ զգում և դրա համար պարտական եմ քեզ։

Օդանցքն ես եմ բաց արել, օդը ծանր էր. կուզե՞ս փակեմ, հարցրեց Աննան։

Չէ, մնա։

Ոչ, փակեմ, փակեմ․ կմրսես, ցուրտ է։

Աննան վեր կացավ և փակեց օդանցքը։

Ուրի՞շ... հա, երազդ մոռացար պատմել։

Չէ, չեմ մոռացել, հիմա կպատմեմ։

Այս շալն էլ որ ծածկես, Էմմա ջան, այն ժամանակ ավելի լավ կլինի։

Արա, ինչ ուզում ես, ես քեզ անձնատուր եմ լինում, ասաց ժպտալով Էմման։

Աննան շալը ձգեց նրա ուսերին և ծածկեց նրա մեջքն ու կուրծքը։

Ահա այսպես։ Հիմա պատմիր՝ տեսնենք ի՞նչ երազ ես տեսել։

Բայց այնպե՜ս սարսափելի երազ էր, Աննա, մտահոգությամբ ասաց Էմման։

Հաա՞... երևի շատ ես վախեցել։

Շատ։

Պատմի՛ր, պատմի՛ր։

Իբրև թե անցնում եմ մի ընդարձակ դաշտով, սկսեց Էմման։ Դաշտը կանաչ էր, ինչպես գարնանն է լինում։ Տեսնեմ հեռու մի ծեր, ալևոր մարդու շուրջը բազմաթիվ ջահել կանայք և աղջիկներ են հավաքված։ Ծեր մարդու ձեռքին բազմաթիվ վառ ճրագներ կան։ Շուրջը հավաքված կանանցից և աղջիկներից ոմանք հափշտակում են նրա ձեռքից մի-մի ճրագ, ոմանց ծերունին ինքն էր տալիս, և բոլորն էլ՝ ճրագները ձեռքներին սկսում էին փախչել, կարծես վախենում էին, որ ծերունին ետ կխլի ճրագներն իրենց ձեռքից։ Ճրագները վազելուց սաստիկ վառվում էին։ Փախչողներից ոմանք, առանց իրենց վնաս տալու ճրագի վառ բոցերից, ազատ վազում էին և ուրախ-ուրախ ծիծաղում, կրկչում, իսկ ոմանք այրում էին իրենց դեմքը, հագուստը, երբեմն լաց էին լինում, երբեմն ծիծաղում, դարձյալ լաց լինում, դարձյալ ծիծաղում և առաջինների հետ հավասար վազում էին, իսկ երբեմն էլ վայր էին ընկնում, քիթ ու բերանը արնոտում, բայց ճրագները ձեռքներից բաց չէին թողնում... Մի ինչ֊որ անդիմադրելի զորություն ձգում էր ինձ դեպի ծերունին։ Ես վազեցի դեպի նա և հասա նրան այն ժամանակ, երբ արդեն ամենքը հեռացել էին նրանից և ճրագները ձեռքներին՝ վազում էին ընդարձակ դաշտի վրայով։ Ծերունու ձեռքին մնացել էր մի հատիկ ճրագ միայն։ Այդ ճրագը մերթ շատ պայծառ էր վառվում, մերթ շատ աղոտ։ Այդ ճրագն էլ ինձ տուր, բացականչեցի ես, ձեռքս մեկնելով։ Ծերունին գլուխը բացասական կերպով շարժեց։ Նա մի զարհուրելի մարդ էր։ «Ուշ եկար, ասում է, քեզ չի հասնի։ Տո՛ւր, տո՛ւր, աղաչում էի ես։ Ճրագն ինձ սաստիկ գրավում էր։ «Եթե տամ, ասում է, հագուստդ կայրես»։ Տո՛ւր, տո՛ւր, թախանձում էի ես։ Նա մեկնեց ինձ ճրագը և նույն րոպեին դարձյալ ետ էր ուզում տանել, բայց ես հանկարծ հափշտակեցի նրա ձեռքից և ծիծաղելով մյուսների պես սկսեցի փախչել...

էմման հանկարծ ցնցվեց և լռեց։

Հետո՞, հարցրեց Աննան, որին ակամա հետաքրքրում էր նրա երազը։ Ես դեռ չեմ երևում այդտեղ։

Սպասիր, կերևաս, ասաց էմման։

Հետո, շարունակեց նա, ճրագը ձեռքիս՝ փախչում էի․․․ չէ, չէի փախչում, թռչում էի, սլանում էի... ոտներս գետնի վրա չէին։ Ճրագը սաստիկ վառվում էր, նրա բոցը դիպչում էր դեմքիս և այրում։ Հանկարծ տեսնեմ, կպավ հագուստիս, հագուստս սկսեց այրվել։ Սարսափեցի։ Ուզում էի ճրագը վայր ձգեմ ձեռքիցս, չէր լինում. կպած էր ձեռքիս, պոկ չէր գալիս... այնինչ հակառակ իմ կամքին՝ ես շարունակում էի սլանալ... Հանկարծ տեսնեմ դիմացս անթիվ գամփռ շներ հաչոցով հալածում են երկու հոգու, մեկն իբրև թե Զաքարն է, իսկ մյուսն Արամիկս։ Զաքարը բռնած ունի Արամիկի ձեռքից։ Նրանք վազում են շների առաջից։ Արամիկը սաստիկ ճչում է, լաց է լինում․․․ Ճրագը ձեռքիս սլացա նրանց դեմ, նրանց շներից ազատելու մտքով։ «Ճրագը հանգցրու, գոռում է Զաքարը, շները կփախչեն»։ Ես փչում եմ ճրագին, փչում եմ, չի հանգչում... «Հանգցրու», աղաչում է Զաքարը։ «Հանգցրու, մամա», ճչում է Արամիկը։ Ես ավելի ուժով եմ փչում, դարձյալ չի հանգչում ճրագը։ Շները դժոխային հաչոց են բարձրացնում... Հանկարծ որտեղից չգիտեմ հայտնվում ես դու, մի անգամ փչում ես, և ճրագը հանգչում է։

Էմման լռեց։

Հետո՞, հարցրեց Աննան։

Հետո, շուրջս սարսափելի խավար տիրեց...

Եվ...

Հանկարծ դեմքիս մի սաստիկ, խիստ սաստիկ, կարծես երկաթե ձեռքի ապտակ զգացի... Այնքան սաստիկ էր այդ ապտակը, որ ընկա և սկսեցի գլորվել մի մութ անհատակ անդունդ...

Հա՜, հա՜, հա՜, բարձրաձայն ծիծաղեց Աննան։ Երևի այդ ապտակն իմ համբույրն էր։

Երևի։

Հետո՞, հետո՞ ինչ։

Հետո արթնացա։

Ափսոս, երանի ապտակ չէի տվել, ով գիտե էլ ինչ հիմարություններ էիր տեսնելու։

Չէ, Աննա, լավ եղավ, որ արթնացրիր... ինչպես զարհուրելի՜ էր, ասաց էմման մտախոհ։

Հիմա՞, կարճ լռությունից հետո հարցրեց Աննան։

Էմման սթափվեց, նայեց նրան և տխուր կերպով ժպտաց։

Մեկնիր երազս, ասաց նա։

Մեկնե՞մ.․․ շատ լավ։ Շները խո շներ են, Զաքարը Զաքար, Արամիկն Արամիկ, դու դու, ես էլ ես։ Ճրագը, որով այրում էիր դեմքդ և հագուստդ, հիվանդությունդ էր։ Փչելով և հանգցնելով ճրագը՝ նշանակում է առողջացրի քեզ և... հիմա պետք է վեր կենաս, սիրելիս, և անկողինդ թողնես։ Ահա մեկնությունս։ Հավանո՞ւմ ես։

Էմման դարձյալ ժպտաց։

Հավանում եմ, ասաց նա։ Եվ հիմա ուղիղ որ վեր կկենամ։ Դու մեկ նեղություն կրիր զանգը տուր։

Ինչո՞ւ։

Աղախինը գա հագցնի ինձ։

Ախ, չէ, սիրելիս, մնա դեռ անկողնում․ ես կատակով ասացի․ դու դեռ թույլ ես։

Չէ, Աննա, հավատա, չէ․ ես ինձ հիմա բավական լավ եմ զգում․ միշտ պառկած լինելն էլ ավելի է թուլացնում մարդու. տուր զանգը։

Ի՞նչ հարկավոր է․ երբ որ այդպես է, ես ինքս կհագցնեմ քեզ, ասաց Աննան և սկսեց հագցնել նրան։

Մի ժամից հետո Էմման արդեն հագնված, լվացված և սանրված՝ նստած էր մի ուրիշ տաք սենյակում բազկաթոռի վրա։ Նրա դիմաց նստած էր Աննան, իսկ Աննայի մոտ Արամիկը։ Փոքրիկ սեղանի վրա դրած էր սուրճը ոսկեզօծ բաժակների մեջ։ Երկու վաղեմի և սիրելի ընկերուհիների միջև բացված էր այն քաղցր զրույցներից մեկը, որ երբեք չի վերջանում։ Էմման իրեն մի տեսակ թեթև և հանգիստ էր զգում։ Ինչ֊որ տխուր, բայց անդորր զգացմունք լցրել էր նրա սիրտը։

Զաքարն այդ օրը սովորականից ավելի վաղ տուն եկավ։ Ավելորդ է ասել և նկարագրել, թե ինչքան և ինչպես ուրախացավ նա, երբ կնոջն անկողնից արդեն վեր կացած տեսավ։ Այդ օրը կնոջից ծածուկ նա մի քանի անգամ համբուրեց Աննայի ձեռքը, իբրև անհուն երախտագիտության և շնորհակալության արտահայտություն։

19

էմման, հետզհետե ուժի գալով, բոլորովին կազդուրվեց։ Զազունյանի վրա սիրահարվելով (թեև նա այդ բանին ոչ մի կերպ չէր ուզում հավատալ), նա իրեն կատարելապես մենակ էր զգում․ ամուսինն առավել քան ուրիշը, բնականաբար, նրան անտանելի էր թվում․ Արամիկն ընկել էր երկրորդ կարգը, հասարակական զբոսատեղերը հենց սկզբից էլ նրան այնքան չէին գրավում․ ուրիշ ո՞վ կար և ի՞նչ կար։ Հարկավոր էր նրան մեկը, որ փոքր-ինչ թեթևացներ նրա մենակությունը, և այդ մեկը Աննան էր, որ իր կանացի բնական ընդունակությամբ ու սիրով, իր գալու հենց առաջին օրից ունեցավ նրա վրա իր բարերար ազդեցությունը։ Եվ, իրավ, Աննայի ներկայության ժամանակ Զազունյանն այլևս այնպես չէր զբաղեցնում Էմմայի միտքն ու սիրտը, ինչպես առաջ․ այդ «օտար մարդու» պատկերը հետզհետե աղոտանում էր նրա հիշողության մեջ։ Աննան գիտեր նրան զբաղեցնել, նա գալիս էր առավոտյան վաղ, գնում էր գիշերն ուշ։ Զաքարն ամենայն անկեղծությամբ սիրեց նրան. նա իրեն երախտապարտ էր համարում դեպի այդ կինը և չգիտեր, թե ինչով և երբ կարող է հատուցանել նրան իրեն արած «երկնային ծառայության» համար, ինչպես ասում էր նա։

Օրերն անցնում էին։ Էմման շարունակում էր ավելի ու ավելի քիչ մտածել Զազունյանի մասին, իսկ երբեմն կատարելապես մոռանում էր նրան։ Դեպի Զազունյանը տածած զգացմունքը սառչում էր նրա սրտի մեջ և այլևս այնպես չէր անհանգստացնում նրան։ «Փառք աստծո», մտածում էր նա ազատ և ուրախ շնչելով, «հազիվհազ ազատվեցի»։ Եվ նա սիրով ու երախտագիտությամբ նայում էր Աննային իր «ազատչին»։ Սիրելիս, ի՞նչ պետք է անեի ես առանց քեզ, ասում էր նրա այդ հայացքը։

Ինչո՞ւ ես ինձ այդպես նայում, Էմմա, հարցնում էր Աննան այդպիսի դեպքերում։

Որովհետև դու հրեշտակ ես։

Որ աստված է ուղարկել, ինչպես ասում է ամուսինդ։

Այո։

Բայց տարաբախտաբար, ինձ պոզեր են պակաս, ասում էր Աննան ծիծաղելով։

Այո, եթե պոզերը միայն սատանաներին չեն պատկանում, նկատում էր Էմման։ Իրավ, Աննա, ասում էր նա կարճ լռությունից հետո, ինչո՞ւ դու այդքան լավն ես։

Ճոթ կամ միրգ խո չեմ, որ լավ լինեմ, կանչում էր Աննան ծիծաղելով։

Չէ, Աննա, ասա, ինչո՞ւ դու այդքան լավն ես։

Ես չգիտեմ «լավն» եմ թե վատը, միայն գիտեմ, որ քեզ շատ եմ սիրում։

Ուրեմն պատճառն ա՞յդ է։

Չգիտեմ։

Այ, ես էլ քեզ եմ շատ սիրում, հապա ինչո՞ւ ես քեզ պես լավը չեմ։

Դարձյալ «լավ».․. Լավը ո՞րն է, է՜։ Բարեսի՞րտ, առո՞ղջ, կենսուրա՞խ։

Չէ, չէ, լավը... լավն ուրիշ է... Այ, լա՜վն այն է, որ... երբ ես քեզ տեսնում եմ, և դու նստած ես մոտս, ինչպես հիմա, քեզ շատ եմ սիրում։

Ինքդ էլ չես հասկանում, ինչ ես ասում, ծիծաղում էր Աննան։

Ի՞նչ անեմ, դու խո հասկանո՞ւմ ես։

Լավ, հետո՞։

Հետո այն, որ դու ասում ես, թե լավն ես նրա համար․․․

Ես այդ չեմ ասում, ասում եմ․․․

Ասում ես, ասում․․․ Դու ասում ես, թե լավն ես նրա համար, որ ինձ շատ ես սիրում։ Ես էլ քեզ եմ շատ սիրում, հապա ինչո՞ւ, ասում եմ, ես էլ քեզ պես լավը չեմ։

Դու ի՞նչ գիտես, թե «լավը» չես։

Հաա՞, ե՞ս էլ լավն եմ։

Չգիտեմ «լավն» ես թե չէ, ասում էր Աննան ժպտալով, միայն երբ ես քեզ տեսնում եմ, և դու նստած ես մոտս, ինչպես հիմա, քեզ շատ եմ սիրում։

Էմման այդ խոսքերի վրա ծիծաղելով երեխայի նման ընկնում էր նրա վզովը և համբուրում էր նրան։

Այսպես անցավ մոտ մի ամիս։ Էմմայի սիրտը բոլորովին խաղաղեց։ Ժամանակավոր ալեկոծությունից հետո նրա կյանքը շարունակեց անցնել նույն կարգով, ինչպես առաջ. Զաքարը նրա աչքում նորից դարձավ նույն բարի, իրեն պաշտող ամուսինը, նույն զվարճախոսը և նույն «ծիծաղելին», ինչ որ առաջ. Արամիկը նույնպես այլևս այն «չար» և «փչացած» տղան չէր, ինչ որ իր «հիվանդության» ժամանակ, դա էլ նրա աչքում նորից երեխաների նույն կատարելատիպն էր, ինչպես առաջ։ Ծառաների վրա տեղի-անտեղի այլևս չէր բարկանում։ Կերակուրն ուտում էր նույն ախորժակով, ինչպես առաջ, քնում էր նույնպես հանգիստ, ինչպես առաջ մի խոսքով, ամեն ինչ առաջվա ընթացքն ստացավ։ Ընդհակառակն՝ այժմ նրա կյանքն առաջվանից է՛լ ավելի լավ և աննկատելի սկսեց անցնել, որովհետև վաղեմի սիրելի ընկերուհին իր «ազատիչ հրեշտակը» մոտն էր։

Սակայն, չնայելով, որ նրա սիրտը սառել էր դեպի Զազունյանը և նա այլևս առաջվա նման շատ չէր մտածում այդ մարդու մասին, այնուամենայնիվ, ի ներքուստ անհամբեր սպասում էր նրա վերադարձին։ Ամեն անգամ, երբ ամուսինը տուն էր գալիս, նա ակամա մի տեսակ հարցական և անհամբեր-հետաքրքիր հայացքով նայում էր նրան, թե արդյոք լուր կամ հեռագիր չունի Զազունյանից, ե՞րբ է գալու նա։ Զազունյանի հեռանալուց հետո ոչ մի անգամ նրա անունը չէր հիշել ամուսնու մոտ։ Զաքարն էլ նրա հիվանդության պատճառով համարյա բոլորովին մոռացել էր իր վաղեմի բարեկամին. բայց երբ հիվանդությունն անցավ, և նրանց կյանքն սկսեց ընթանալ սովորական կերպով, նա նորից հիշեց Զազունյանին և սկսեց խոսել նրա մասին։ Սովորաբար, երբ խոսք էր բացվում Զազունյանի մասին, պատմում էր զանազան արկածներ նրա կյանքից, որոնց մեջ նա այս թե այն կերպ միշտ հերոս էր ներկայացնում։ Զաքարը պատմում էր հիացմունքով, մեկը տասն էր շինում, ոչ մի գովասանք չէր թողնում, որ չշռայլեր իր բարեկամի հասցեին, բոլորովին չկասկածելով թե դրանով ինչ էր շարժում կնոջ սրտում... էմմայի` Զազունյանի վրա սիրահարվելու մասին ունեցած կասկածը նա բոլորովին վանել էր մտքից։

Ո՞վ է այդ Զազունյանը, պ. Զաքար, մի անգամ հարցրեց նրան Աննան, որ ներկա էր նրա այդպիսի պատմություններից մեկին։

Զազունյանը... Զազունյանն իմ ամենալավ և ամենասիրելի ընկերն է, պատասխանեց նրան Զաքարը։ Մի զարմանալի ազնիվ և առաքինի մարդ։

Չե՞ք չափազանցում, ժպտալով նկատեց նրան Աննան։ Այդ ածականները մի տեսակ խորթ են թվում ինձ։

Չեք հավատում ինձ, հարցրեք Էմմային, ասաց Զաքարը։ Էմմա, դարձավ նա կնոջը, ինքդ ասա, ի՞նչպիսի մարդ է Զազունյանը։

Այո, Զազունյանը լավ մարդ է, պարզ կերպով պատասխանեց Էմման։

«Լավ», նկատեց նրան Աննան և ծիծաղեց։

Էմման նայեց նրան և նույնպես ծիծաղեց:

Էմման ինքն էլ չէր հավատում, երբ ես նրան գովում էի, բայց հիմա՝ տեսնո՞ւմ եք, ասաց Զաքարը:

Բայց ո՞վ է այդ մարդը, որ ես չեմ ճանաչում, հարցրեց Աննան: Ձեր տուն գնում-գալի՞ս էր:

Ի՛նչպես չէ, պատասխանեց Զաքարը: Եթե մի երկու, երեք շաբաթ առաջ գայիք, կտեսնեիք նրան այստեղ. նա համարյա ամեն օր մեր տանն էր լինում: Երբ դուք եկաք, նա նոր էր հեռացել այստեղից: Ահա գուցե շուտով կվերադառնա, և դուք կտեսնեք, կծանոթանանք նրա հետ:

Ո՞ւր է գնացել:

Զաքարը պատմեց նրան, թե ուր և ինչ բանի համար է գնացել Զազունյանը:

Շուտով մեկ գա տեսնեմ, թե ով է ձեր այդ «ազնիվ» և «առաքինի» մարդը, ասաց Աննան: Դուք այնքան գովում եք նրան, որ ակամա շարժում եք հետաքրքրությունս:

Կգա, կտեսեք, կծանոթանաք և անձամբ կհամոզվեք, որ ես ճշմարիտ եմ ասում, պատասխանեց Զաքարը: Զագորսկուն մի քանի անգամ տեսա, Էմմա, դարձավ նա կնոջը: Հարցրի , թե ի՞նչ տարաձայնություն է պատահել նրա և Զազունյանի միջև, բայց նա, չնայելով, որ կոնցերտի գիշերն ասաց, թե երևի այդ մի անգամ կիմանամ, բայց հիմա ասում է, որ այդ մի գաղտնիք է, որ ինքը չի ասի: Ինչքան խնդրեցի, չասաց: Ես զարմանում եմ, ճշմարիտ, թե ինչ գաղտնիք պետք է լինի: Զազունյանին էլ մի քանի անգամ խնդրեցի, որ ասի, բայց նա էլ ոչինչ չէր ասում, միշտ հետաձգում էր: Հավատացիր, ես շատ հետաքրքրվում եմ դրանով:

Էմման ոչինչ չասաց. նա միայն հոնքերը կիտեց և քթի պնչերը լայնացրեց։

Իսկ այն Զաբո՞րսկին ով է, հարցրեց Աննան:

Զաբորսկի չէ, Զագորսկի...

Երևի դա էլ մի ուրիշ «ազնիվ» և «առաքինի» մարդ է:

Զաքարը ծիծաղեց:

Չէ, Զագորսկին մի շատ ճարպիկ և ազատամիտ մարդ է, ասաց նա։ Դա էլ իմ վաղեմի ընկերն է, ինչպես Զազունյանը։ Փոխգնդապետ է։

Նոր մարդիկ են։ Զագորսկի... անպատճառ լեհ է։

Այո, լեհացու արյուն էլ է խառը։

Էմման ծանո՞թ է նրա հետ։

Ուզում էի ծանոթացնել, չուզեց։

Ինչո՞ւ։

Չգիտեմ, ամեն մեկի հետ, ասում է, չեմ ուզում ծանոթանալ։

Ա, երևի ձեր այդ «շատ ճարպիկ» և «ազատամիտ» մարդը հեռու է «զարմանալի ազնվությունից» և «առաքինությունից», նկատեց Աննան ծիծաղելով։

Ինչո՞ւ դուք այդպես եք կարծում, հարցրեց Զաքարը։

Որովհետև տեսնո՞ւմ եք, էմման այն առաջինի հետ... ի՞նչպես է նրա ազգը։

Զագոր... Զազունյան։

... Զազունյանի հետ ուզեցել է ծանոթանալ, ծանոթացել է և գովում է նրան, իսկ այդ Զաբոր.․. Զագորսկու հետ չի կամեցել ծանոթանալ, չի ծանոթացել և, ինչպես երևում է, չի հավանում նրան։ Այնպես չէ՞, էմմա։

Դու էլ զարմանալի ես, Աննա, առանց նրան նայելու, թեթև անբավականությամբ նկատեց նրան էմման։ Ես նրա հետ ի՞նչ գործ ունեմ, որ հավանեմ կամ չհավանեմ նրան։ Ուրիշ բան չկա՞ խոսելու, որ նրանց մասին եք խոսում։

Աննան ձեռքերը դրեց նրա ծնկների վրա, առաջ թեքվեց դեպի նրա դեմքը, խորամանկությամբ նայեց նրա աչքերի մեջ և հանկարծ ծիծաղեց։

Ինչո՞ւ «ազնիվ» և «լավ» մարդու մասին խոսելիս էլ չասացիր, որ ուրիշ բաների մասին խոսենք, նկատեց նա։

Էմման սաստիկ կարմրեց։

Ի՛նչ չար ես, Աննա, ոտները հատակին խփելով, բացականչեց նա բարկացած և վեր կացավ տեղից։ Այնպիսի բաներ ես ասում, որ ակամա շփոթեցնում ես մարդու։

Եվ նա դժգոհ հեռացավ դեպի լուսամուտը։

Աննան դեռ կարճ ժամանակ մնաց նստած, հետո լուռ, ժպտալով վեր կացավ, մոտեցավ նրան և գրկեց նրա իրանը։

Ինչ նեղսիրտ ես, Էմմա, ասաց նա կամաց, ես կատակ էի անում, իսկ դու... մեկ նայիր քթիդ, ինչքան է կախվել, իսկ հոնքերդ, իսկ շրթունքներդ...

Նա բարձրաձայն ծիծաղեց և ամուր համբուրեց նրա քունքը։

Դեհ, հաշտվենք, հաշտվենք, սիրելիս, ասաց նա։ Ներիր ինձ, էլ չեմ ասի... Դեհ, շուտ, թե չէ... լաց կլինեմ։

Էմման աչքի տակով նայեց նրան ու սկսեց անձայն ծիծաղել։

Ա, հաշտվեցի՜նք, հաշտվեցի՜նք, երեխայի նման բացականչեց Աննան և, թողնելով նրան, սկսեց ծափահարել։ Հաշտվեցի՜նք, հաշտվեցի՜նք, կրկնեց նա, դարձյալ գրկեց նրան և համբուրեց։

Զաքարը, նստած իր տեղը, լուռ նայում էր նրանց և երջանիկ բարեսրտությամբ շարունակ ժպտում էր:

20

Անցավ դարձյալ երկու շաբաթ։ Օրը շաբաթ էր։ Էմման սպասում էր ամուսնուն ճաշի։ Այդ օրն Աննան ինչ֊որ պատճառով չէր եկել։ Էմման նստած էր մենակ և նույն օրվա լրագիրը ձեռքին՝ կարդում էր։ Վերջապես Զաքարն եկավ։ Նա այնպես ներս վազեց կնոջ մոտ, որ էմման մինչև անգամ վախեցավ։

Հեռագի՜ր, էմմա, հեռագի՜ր, բացականչեց նա, ձեռքին մի թուղթ շարժելով։ Զազունյանը գործը տարել է և գալիս է։ Վաղն առավոտյան այստեղ կլինի։ Ահա կարդա։

Նա ձեռքի թուղթը ձգեց կնոջ ծնկների վրա։

Հեռագրի անունը լսելով, Էմմայի սրտում հանկարծ ինչ-որ շարժվեց․ երկյուղ էր արդյոք այդ, թե ուրախություն, ինքն էլ չգիտեր, միայն զգաց, որ սիրտն սկսեց թրթռալ։ Նա մեքենայաբար վերցրեց ծնկներից հեռագիրը և լուռ կարդաց հետևյալը, որ միևնույն էր, թե չկարդար, որովհետև դրանից ոչինչ չհասկացավ սաստիկ շփոթված լինելու պատճառով․ «Գործս տարա։ Վաղն առավոտյան գնացքով այդտեղ եմ։ Զազունյան»։ Նա մեկ էլ կարդաց, դարձյալ ոչինչ չհասկացավ և հեռագիրը լուռ մեկնեց Զաքարին։ Նրա ձեռքը թեթև դողում էր։

Ի՞նչպես է, վերջապես գալի՞ս է, թե ոչ, կանչեց Զաքարը, հեռագիրն առնելով։

Ի՞նչպես ես ներս ընկնում, վախեցրիր, հանգիստ, մինչև անգամ սառնությամբ նկատեց նրան էմման։

Ուրախությունից, ուրախությունից, սիրելիս։ Ներիր, եթե վախեցրի։ Աննան չի՞ եկել այսօր․ մեկ նրան էլ ավետեմ։ Դիմավորելու դո՞ւ էլ կգաս երկաթուղու կայարան։

Ե՞ս ինչու պիտի գամ, այս անգամ արդեն ուղղակի սառնությամբ պատասխանեց էմման, առանց նրան նայելու։

Հա, քո կամքն է, շտապով վրա բերեց Զաքարը։ Առավոտյան այնպես վաղ, ես ինքս էլ չեմ տանի քեզ․ ո՞վ գիտե, դարձյալ չմրսես, ավելի լավ է, ես մենակ կգնամ, կդիմավորեմ և հենց այնտեղից ուղղակի կբերեմ այստեղ թեյի։ Ի՞նչ կասես։

Ինչպես կամենում ես, պատասխանեց էմման և վեր կացավ տեղից։ Ասե՞մ սեղան պատրաստեն, հարցրեց նա։

Իհարկե, իհարկե։ Ուրեմն այդպես․ վաղն առավոտյան․․․

էմման է՛լ չլսեց նրան և դուրս գնաց։

Սեղան նստած ժամանակ նա համարյա բոլորովին չէր խոսում և եթե խոսում էր, այն էլ սաոնությամբ, սակայն, երեկոյան, երբ Աննան եկավ նրա մոտ, նա հանկարծ սաստիկ ուրախություն զգաց, ինքն չիմացավ, ինչ բանի համար։

Ավետիք տամ ձեզ, տ․ Աննա, բացականչեց Զաքարը։ Զազունյանը գալիս է։

Ա, վերջապե՜ս, ասաց Աննան։

Դուք ցանկանում էիք նրան տեսնել և ահա վաղն առավոտյան անպատճառ կտեսնեք։

Այո, ես շատ եմ հետաքրքրվում տեսնել ձեր այդ զարմանալի՝ «ազնիվ» և «առաքինի» մարդուն։

Վաղը, վաղն առավոտյան։ Այսօր ես հեռագիր ստացա նրանից, վաղն առավոտյան գնացքով այստեղ կլինի, այնտեղից նրան ուղղակի պետք է բերեմ մեր տուն թեյի։ Դուք էլ, իհարկե, այստեղ կլինեք և կծանոթանաք նրա հետ։

Սքանչելի՜, սքանչելի՜, կանչեց Աննան շինծու ուրախությամբ։ Բայց ի՞նչ ես կարծում, Էմմա, դարձավ նա ընկերուհուն. կհավանե՞մ ձեր․․․ ըը․․․ ի՞նչպես է նրա ազգը... Զազունյանին։ Կհավանե՞մ։

Զարմանալի հարց ես տալիս, ես ի՞նչ գիտեմ, պատասխանեց էմման ծիծաղելով։

Չէ, այնուամենայնիվ։

Կարծում եմ, որ կհավանես։

Հա֊ա՜... Ախ, ի՜նչ լավ կլինի։ Բայց գիտե՞ք ինչպիսի մարդ եմ երևակայում նրան։ Ես նրան երևակայում եմ հիսունյոթ տարեկան․․․

Ո՜ւֆ, կոմիկական սարսափով հառաչեց Զաքարը։ Ի՞նչ եք ասում. նա հազիվ քառասուն տարեկան լինի։

Էմման սկսեց ծիծաղել։

Ի՞նչ անեմ, ուզում է քսան տարեկան լինի, բայց ես նրան հիսունևյոթ եմ երևակայում, ասաց Աննան։

Դեհ, որ այդպես է, ասեք վաթսուն տարեկան, էլի։

Չէ, հիսունևյոթ։ Ես նրան երևակայում եմ հիսունևյոթ տարեկան, երկար, մինչև կուրծքը ալեխառն մորուքով, ծիծեռնակի թևերի նման բեղերով...

Ո՜ւֆ, ո՜ւֆ, շարունակեց հառաչել Զաքարը, իսկ էմման ծիծաղեց։

...Հագուստը փոքր֊ինչ հնացած, ճխլտված և անճոռնի, շարունակեց Աննան։ Աչքերը շարունակ ժպտում են, դեմքից միշտ մեղր է կաթում, ձայնը բարակ է։ Կանանց հետ ծանոթանալիս՝ մինչև գետին գլուխ է տալիս և ամենաընտիր կոմպլիմենտաններ ասում։ Բարևելիս ամուր և երկար սեղմում է ձեռքը։ Ամենքի հետ, առանց բացառության, սիրով է խոսում և ամեն մի դեպքից օգուտ է քաղում, որ ձեզ որևէ ծառայություն մատուցի։ Շատախոս է, փոքր֊ինչ ներեցեք թեթևամիտ, պարծենկոտ և, վերջապես, բռնոթի է քաշում։

Ո՜ւֆ, այս անգամ իսկապես սարսափած գոռաց Զաքարը և ծիծաղից թուլացավ։

Ի՜նչ ես ասում, Աննա, ի՞նչ ես ասում, միևնույն ժամանակ կանչեց Էմման և նույնպես ծիծաղից թուլացավ։

Ի՞նչ է, ոչ մի նմանություն չկա՞ իմ և ձեր Զազունյանի միջև, հարցրեց Աննան։

Մի գիծ անգամ, մի գի՜ծ, ասաց Զաքարը փոքր-ինչ հանգստանալով ծիծաղից։ Բռնոթի է քաշում, մտաբերեց նա և դարձյալ ծիծաղից թուլացավ։

Բռնոթի քաշելը ո՞րտեղից գտար, ասաց Էմման, շարունակելով ծիծաղել։

Դե ի՞նչ անեմ, որ իմ երևակայած Զազունյանը բռնոթի է քաշում, պատասխանեց Աննան նույնպես ծիծաղելով։

Գիշերը Էմման չկարողացավ քնել։ Զազունյանի մոտալուտ գալուստը արդեն սկսել էր բորբոքել նրա սրտի մեջ դեպի նա ունեցած զգացմունքը, որը, ըստ երևույթին, բոլորովին սառել և հանգիստ էր տվել նրան։ Մտքերը նորից թռչում էին դեպի այդ «օտար մարդը», երևակայությունը նորից ստեղծում էր նրա պատկերը. ամեն ոք և ամեն ինչ նորից սկսում էր ծածկվել թանձր քողով, և նրա առջև սկսում էր փայլել միայն այդ պատկերը։ Իսկ այն գիտակցությունը, որ վաղն առավոտյան պետք է տեսնի Զազունյանին, խոսի նրա հետ, նրա սիրտը լցնում էր անհուն բերկրությամբ։ Վա՜ղը, վա՜ղը... Ինչո՞ւ գիշերն այդքան դանդաղ է անցնում... ե՞րբ պետք է լուսանա...

Վերջապես լուսացավ։ Զաքարը շտապեց դեպի երկաթուղու կայարան, իսկ Էմման մնաց տանը, հագնվեց և մինչև Զազունյանի գալը շուտ-շուտ մոտենում էր հայելուն, նա երկար ժամանակ կանգնած էր մնում հայելու առջև։ Այլևս այնպես անհամբեր չէր, ինչպես գիշերը, մինչև անգամ ուզում էր, որ Զազունյանը ուշ գա, որովհետև իրեն մի տեսակ հուզված և շփոթված էր զգում և ուզում էր ժամանակ վաստակել, որպեսզի փոքր-ինչ անցնի այդ արտասովոր հուզմունքն ու շփոթությունը, և ինքը կարողանա Զազունյանին հանգիստ ընդունել։ Նա այնքան էլ ուրախ չէր, ինչպես գիշերը, ինչ-որ թեթև տխրություն պաշարել էր նրան, և մի տեսակ անհասկանալի երկյուղ ճմլում էր նրա սիրտը։

«Ախ, գոնե Աննան գա շուտով», ասում էր ինքնիրեն, երբ տեսնում էր, որ հուզմունքն ու շփոթությունը ոչ թե անցնում, այլ, ընդհակառակն՝ հետզհետե սաստկանում է․ «Մենակ... վախենում եմ․․․»։

Զաքարն ու Զազունյանն ուշանում էին, գնացքը վաղուց արդեն ժամանած պետք է լիներ։ Անհամբերությունը նորից պաշարեց նրան։ Նա նստեց լուսամուտի առջև և սկսեց դուրս նայել։ Օրը կիրակի լինելով, փողոցը սովորականից ավելի կենդանություն էր ստացել։ Մարդիկ անցուդարձ էին անում։ Ծառաներն ու աղախինները՝ կողովները ձեռքներին՝ կամ գնում էին շուկա, կամ վերադառնում էին շուկայից։ Եղանակը տաք էր։ Գարնանային առողջարար օդն ախորժելի թարմությամբ շոյում էր մարդու դեմքը։ Փողոցում տնկած հակակի ծառերն արդեն բավական ծաղկել էին։ Նրանց նորածիլ կանաչ տերևները լուսավորված առավոտյան արևի ոսկեշող ճառագայթներով՝ պսպղում և կարծես կայծեր էին արձակում։ Ամբողջ քաղաքը ժպտում էր։ Հեռվից լսվում էր եկեղեցիների մեծ և փոքր զանգակների ուրախ ղողանջյունը։ Հրաշալի էր եղանակը։ Էմման հանկարծ նորից անհուն բերկրություն զգաց․ ինչ-որ քաղցր ու թեթև մի զգացմունք ախորժելի կերպով ճմլեց նրա սիրտը։ Նա ժպտաց, ձեռքերը ջղաձգորեն տարածեց օդի մեջ, որպես թե մեկին գրկելով, բռնեց իր ուսերից և արմունկներն ամուր սեղմեց կրծքին։ Նույն րոպեին նրա սիրտն այն աստիճան թրթռաց, որ մինչև անգամ ցավ տվեց։

«Ա՛խ, ա՜խ, շշնջաց նա․ խոնարհվեց ծնկների վրա և ցնցողաբար կուչ եկավ։

Կարճ ժամանակ մնաց այդ դրության մեջ։ Փողոցից կառքի դղրդոց լսվեց։ Նա վեր թռավ տեղից և լուսամուտից ցած նայեց։ Կառքով եկողները Զաքարն ու Զազունյանն էին։ Զազունյանին տեսնելուն պես՝ մի դող անցավ նրա ամբողջ մարմնով։ Շտապով մոտեցավ հայելուն, մազերը, հագուստն ուղղեց ե մեքենայաբար, կարծես սաստիկ հոգնած, նստեց։

Մի քանի րոպեից հետո Զաքարը մտավ շտապով։

Էմմա, ի՞նչ ես շինում, ասաց նա, եկ, Զազունյանը եկավ։

Էմման վեր կացավ և դուրս գնաց նրա ետևից։

Be the first who will comment on this

Other parts of "Զազունյան"

Yatuk Music
Symphonic Images
Ghazaros Saryan

Symphonic Images

Portrait of Rubik
Portrait of Rubik
Play Online