Nar-Dos
Զազունյան
7
Հետևյալ օրը, երբ նա աչքերը բաց արեց, տեսավ Զաքարին սեղանի մոտ նստած։
Զաքա՞ր... ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, կանչեց նա սաստիկ վախեցած, տեղից իսկույն վեր թռչելով։
Ի՞նչ պետք է պատահի, ի՞նչպես ես վեր թռչում, զարմացավ Զաքարը, վեր կենալով և մոտենալով նրան։ Ե՛ս պետք է քեզ հարցնեմ, թե ինչ է պատահել, որ այդպես առանց հանվելու ես քնել։ Երևի արբած ես եղել։
Զազունյանը ազատ շունչ քաշեց. կարծես մի ծանր, անտանելի ծանր բեռ ընկավ նրա սրտից։ Նա նայեց իրեն, և տեսավ, որ, իրավ, առանց հանվելու է քնել։ Գիշերվա անցքը նորից սկսեց մտատանջել նրան, թե արդյոք այն իսկապես երազ էր, թե իրողություն։
Համարյա, պատասխանեց նա ոչ իսկույն։ Բшյց այս ի՞նչ է. այս ժամանակ դու իմ սենյակո՞ւմ։
Իհարկե կզարմանաս, քանի որ մոռացել ես, թե մեզ ի՞նչ ես ասել և ինչ ես խոստացել, ասաց Զաքարը։ Անցյալ օրը մեզ ասում ես, թե մեկ կամ երկու օրից պետք է հեռանաս և խոստանում ես հեռանալուց առաջ այցելել մեզ, այնինչ երեկ բոլորովին ոտք չես դնում մեր տուն։ Երեկ երեք անգամ եկա այստեղ, բայց ոչ մի անգամ էլ քեզ այստեղ չգտա։ Այսօր էլ վախենալով, թե միգուցե մեզ մոռացած լինես և առանց մեզ տեսնելու հեռանաս (դու այնպիսի մարդ ես, որ զարմանալի էլ չէ, եթե այդպիսի բան անես), ահա այսպես վազ-վազ գալիս եմ քեզ մոտ։ Ասենք, էլ ինչ վաղ է, քանի ժամանակ է նստած եմ այստեղ։
Ի՞նչ ես ասում, զարմացավ Զազունյանը։
Այո՛։ Խո անհանգիստ չէի անի քունդ, մանավանդ որ տեսնում էի՝ ուշ ես պառկել քնելու, որովհետև եթե վաղ պառկած լինեիր, ինչքան էլ արբած լինեիր, դարձյալ ժամանակ կգտնեիր հանվելու և դուռը փակելու։ Բայց այդ չէ, Արսեն․ ահա ինձ ինչ է հետաքրքրում։ Այս ի՞նչ է։
Նա վերցրեց սեղանի վրայից մի թուղթ և ցույց տվեց Զազունյանին։
Զազունյանը նայեց և ցնցվեց․ կնոջ նամակն էր, որ թողել էր սեղանի վրա և որի գոյությունը բոլորովին մոռացել էր։
Ի՞նչ է, հարցրեց նա իր կողմից, ինքն էլ չիմանալով, թե ինչ է ասում։
Այս նամակը։ Ներիր, որ հետաքրքրությունս չկարողացա զսպել և կարդացի։ Ո՞ւմն է գրած։
Ինձ։
Ո՞վ է գրել։
Կինս։
Դու կի՞ն ունես։
Ունեի։
Զաքարը զարմանքից ապուշ կտրած՝ նայեց Զազունյանի աչքերին։
Հետո, այստեղ մի անուն կա, ասաց նա, նայելով նամակին։ Անուշ... ո՞վ է։
Աղջիկս։
Ուրեմն դու համ կին ես ունեցել, համ աղջիկ։
Այո։
Զաքարը նամակը դրեց սեղանի վրա և ձեռքերը զարկեց իրար։
Ահա թե ում համար է ասված՝ մարդը գիշերից էլ մութ է, ասաց նա։ Երբեք մտքովս էլ չեմ անցկացրել, թե դու կարող ես ամուսնացած լինել և զավակ ունենալ։ Իսկ դու ինչո՞ւ էիր այդ բանն ինձնից ծածկում։ Դու մի ամբողջ ռոման, մի ամբողջ պատմություն ես ունեցել և ինձ ոչ մի խոսք չես ասել։ Այդ ներելի՞ է քեզ, մեր բարեկամությանը, մեր եղբայրությանը։ Ապա ի՞նչպես չնեղանամ քեզնից, ի՞նչպես չնեղանամ։ Է՜հ․․․
Նա ձեռքը թափահարեց և նստեց սեղանի մոտ։
Զազունյանը կանգնած էր անշարժ։
Կարճ ժամանակ լռություն տիրեց։
Ե՞րբ ես ստացել այս նամակը, հանկարծ հարցրեց Զաքարը։
Երեկ գիշեր, պատասխանեց Զազունյանը։
Գիշե՞րը․․․ Ո՞ւմից...
Զագորսկուց։
Զագորսկո՞ւց, խիստ զարմացավ Զաքարը։
Այո։
Հետո՞։
Հետո ի՞նչ, ասաց Զազունյանը, նստելով մահճակալի վրա։
Զագորսկուց ինչո՞ւ պետք է ստանայիր այս նամակը, ի՞նչ է շինում նրա ձեռքին։
Կինս նրան էր սիրում։
Զագորսկո՞ւն, բացականչեց Զաքարը։
Այո։
Զաքարը բոլորովին ապուշ կտրեց։
Աստված է վկա, Արսեն, ես ոչինչ չեմ հասկանում, ասաց նա վեր կենալով և մոտենալով նրան։ Հետո՞, հետո ի՞նչ, անհամբերությամբ հարցրեց նա։ Պատմիր, թե աստվածդ կսիրես։
Ի՞նչ պատմեմ, արդեն պարզ է, ասաց Զազունյանը։ Կինս սիրում էր Զագորսկուն. թողեց ինձ և փոքրիկ աղջկան և հեռացավ նրա հետ։ Մի տարուց հետո աղջիկս մեռավ, իսկ ես անձնատուր եղա ճանապարհորդության, վիշտս մոռանալու համար։ Այսքան ժամանակ ոչ մի տեղեկություն չունեի կնոջս մասին և չէի էլ ուզում ունենալ, բայց երեկ գիշեր ճաշարանում Զագորսկին պատահմամբ հանդիպեց ինձ և տվեց այդ նամակը։ Այս է բոլորը։
Զաքարը բերանը բաց նայում էր նրան։ Նրա դեմքի վրա այս անգամ երևում էր սաստիկ կարեկցություն։
Ի՜նչ թշվառ մարդ ես, վերջապես ասաց նա հառաչելով և նամակը նորից վերցնելով սկսեց մտքումը կարդալ։ Ի՜նչ թշվառ է և այս կինը, ասաց նա, նամակը կարդալուց հետո, աչքերը չհեռացնելով նրանից։ Ուրեմն այդպես, հը՞, կարճ լռությունից հետո ասաց նա։ Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ դու այնպես խույս էիր տալիս Զագորսկուց. դու մի՛ ասի ձեր մեջ մի այդպիսի բան է եղել... Բայց Զագորսկին, Զագորսկին... ի՞նչ կկարծեի, թե նա այդ աստիճան ստոր կերպով կվարվի քեզ հետ... Իսկ քո կինն էլ, բարեկամ, ինչպես երևում է, ներիր ինձ, լավ պտուղ չի եղել։ Ես Զագորսկուն այնքան չեմ մեղադրում, որքան նրան։ Եթե նա լավ...
Ի սեր աստծո, Զաքար, թողնենք այս խոսակցությունը և մոռանանք ամեն բան, ասաց Զազունյանը, վեր կենալով տեղից։ Նրա համար չափից դուրս անտանելի էր խոսել այդ մասին, մանավանդ Զաքարի հետ, որին բախտը, թեև իրենից այժմս ծածուկ, վիճակել էր նույն դերը կատարելու, ինչ դեր որ կատարում էր այդ բանում ինքը Զազունյանը։
Բայց մի բան, ասաց Զաքարը։ Այս ե՞րբ է պատահել։
Ի՞նչը, մահը... Անցյալ տարի...
Անցյա՞լ տարի... Չէ, ես այդ չեմ ա...
Ասացի թողնենք այս, թողնենք։
Կարճ ժամանակ լռություն տիրեց։
Բայց դու ներո՞ւմ ես նրան, հանկարծ հարցրեց Զաքարը։
Ներում եմ։
Անկե՞ղծ սրտով։
Բոլորովին անկեղծ սրտով։
Զաքարը դարձյալ կարեկցությամբ նայեց նրան։
Խե՜ղճ Արսեն, ասաց նա։
Զազունյանը հոնքերը կիտեց։
Ինձ մի՛ խղճա, խուլ ձայնով ասաց նա և հանեց սյուրտուկը, որպեսզի լվացվի։ Ժամը քանի՞սն է։
Զաքարը հանեց ժամացույցը և նայեց։
Պահ, շուտով տասնևմեկը կլինի, կանչեց նա անհանգստությամբ։ Ես պետք է գնամ ախր հիվանդանոց. քնելդ ինձ էժան չնստեց։ Շտապեմ։ Բայց, լսիր։ Արսեն, ինչ եմ ասում։ Ի սեր աստծո, գնա մեր տուն, ճաշին մեզ մոտ կլինես։ Այսօր, ինչպես տեսնում եմ, դու բոլորովին միտք էլ չունես մեկնելու։ Չէ՞:
Այսօ՞ր. չէ, այսօր չեմ կարող, պատասխանեց Զազունյանը։
Ուրեմն ինչ ուզում է լինի, էլի մի քանի օր կմնաս այստեղ։
Չգիտեմ... գուցե...
Հա, հա, մնա, թե աստվածդ կսիրես, մնա, ասաց Զաքարը գլխարկը ծածկելով։ Իսկ այսօր, հենց հիմա, հագնվելուց հետո, գնա մեր տուն։ Ժամը մեկին կամ երկուսին էլ ես կվերադառնամ։ Առայժմ ցտեսություն։ Անպատճառ գնա:
Եվ նա շտապով դուրս գնաց։
Զազունյանը տխուր հայացքով նայեց նրա ետևից։
Թշվառական, ի՞նչ ես ինձ այդպես ստիպում, ասաց նա։ Եթե գիտենաս, թե ով եմ ես..․ Բայց չէ՛, չէ՛, քո անկեղծ հավատը կփրկե քեզ...
Լվացվելուց հետո նա հագուստը փոխեց, որովհետև անկողնում բավական ճմռվել էր։ Հագնվելուց հետո նա դեռ չէր վճռել` գնա՞ էմմայի մոտ, թե ոչ։ Բայց որովհետև գիշերվա հանելուկը նրան քանի գնում, ավելի էր մտատանջում, այդ պատճառով նա այլևս երկար չսպասեց և վճռեց գնալ։ Հանելուկն ուզում էր շուտով լուծել։
Նա ծածկեց ցիլինդրը և դուրս գնաց։
35
Նա նոր էր մտել հյուրասենյակը, երբ հանկարծ երեխայի նման ներս վազեց Էմման և ուղղակի փարվեց նրա վզովը, կանչելով`
Արսեն... դու չե՞ս փախել, դու չե՞ս փախել։
Եվ նախքան Զազունյանը ուշքի կգար, նա ամուր համբուրեց նրա ականջի մոտ և բաց թողեց նրան։
Է՛մմա, է՛մմա, շշնջաց Զազունյանը սարսափած։ Դու մոռանում ես, որ ես ձեր հյուրն եմ, որ ես իմ բարեկամիս տանն եմ գտնվում...
Իմ ի՞նչ գործն է, մի տեսակ չարաճճի, միամիտ ժպիտով ասաց Էմման։ Կարծես թե այդ ինձ համար որևէ նշանակություն ունի... Ես քեզ եմ սիրում, դու ինձ ես սիրում, պրծավ գնաց... մի՞թե դրանից դուրս աշխարհիս երեսին ուրիշ բան գոյություն ունի մեզ համար։ Երեկ գիշեր ինձ դրախտից դուրս արիր, ուղարկեցիր այս դժոխքը, հիմա դրախտն այստեղ ես բերել և դարձյալ ինչ֊որ հիմար բաներ ես հիշեցնում։
Զազունյանը բոլորովին սարսափած նայում էր նրան։
Ուրեմն այդ ճշմարիտ է, շշնջաց նա։
Ի՞նչը։
Որ երեկ գիշեր դու ինձ մոտ էիր։
Ախ։ քեզ է՞լ այդ երազ է թվում, կանչեց Էմման ուրախ կչկչալով։ Երևակայիր, ես էլ ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ, թե երեկ գիշեր քեզ մոտ էի, այնինչ, ախր, իսկապես քեզ մոտ էի։ Ի՞նչ էիր անում դու, երբ ես մտա քեզ մոտ... Ես ոչինչ, ոչինչ չեմ հիշում, միայն այն եմ հիշում, որ դու... վռնդեցիր ինձ։
Նա երեխայի նման խնդաց։
Զազունյանի լեզուն կարծես կապվել էր, նա միայն անթարթ նայում էր Էմմայի գեղեցիկ, չարաճճի դեմքին։
Ի՞նչ ես ինձ այդպես նայում, կանչեց Էմման, ավելի խնդալով։ Վա՜, մի՛ նայիր ինձ այդպես, ծիծաղս գալիս է...
Բայց այն կեսգիշերին ինչո՞ւ եկար, Էմմա, հարցրեց Զազունյանը, որ ինքն էլ չէր իմանում, թե ինչ է ասում։
Ինչո՞ւ եկա, դժգոհությամբ կանչեց էմման։ Ի՞նչ է նշանակում` ինչո՞ւ եկա։
Այսինքն` ուզում եմ ասել՝ ինչպե՞ս եկար, ինչպե՞ս չվախեցար։
Ախ, այդ էլ հարցնելու բան չէ։ Ի՞նչ է նշանակում` ի՞նչպես եկար, ի՞նչպես չվախեցար։ Մի՞թե դու ինձ այն դրության մեջ էիր ձգել, որ ես որևէ բանից վախենայի։ Եթե մինչև անգամ գիտենայի, որ ճանապարհին միլիոնավոր գազաններ կպատահեն, դարձյալ կգայի։ Երևակայիր, անցյալ օրը հանկարծ, անսպասելի կերպով հայտնում ես, թե մի կամ երկու օրից հետո, այսինքն` երեկ կամ այսօր անպատճառ պետք է հեռանաս այստեղից, ես խնդրում եմ, որ հեռանալուց առաջ այցելես մեզ, իսկ դու... Երեկ ամբողջ օրը սպասում էի, սպասում ո՞ւր է... Այլևս համբերություն կմնա՞ր, ինքդ ասա, այլևս կարո՞ղ էի համբերել: Չեմ կարող ասել, թե ինչպես տանջվում էի ես, որ մտածում էի, թե դու կարող ես, առանց ինձ տեսնելու, հեռանալ այստեղից կամ արդեն հեռացած կլինես։ Ես պարզապես խելագարված էի։ Կեսգիշերին ի՛նչպես եկա քեզ մոտ ինքս էլ չգիտեմ, միայն երբ սենյակիդ դուռը բաց գտա և ներս մտնելով քեզ տեսա այնտեղ... Ա՜խ, եթե իսկույն մեռնեի էլ, միևնույնը կլիներ ինձ համար... Բայց ո՜րքան անխիղճ վարվեցիր դու ինձ հետ, Արսեն, հենց նոր մտել էի, իսկ դու իսկույն վռնդեցիր ինձ։
Բայց ի՞նչպես հասար տուն, հարցրեց Զազունյանը։
Ի՞նչպես հասա... Թռա, ա՛յ, այնպես, ինչպես թռչում են ծտերը թը՜ռռռ... Հավատա, ես թևեր ունեի... ինչպե՜ս թեթև թռչում էի։ Հիմա էլ կարող եմ թռչել, գիտե՞ս։ Կուզես, թռչեմ։
Իրավ, նա թռավ և փարվեց Զազունյանի վզովը։
Է՛մմա, Է՛մմա, դարձյալ սարսափած շշնջաց Զազունյանը և ազատվեց նրա գրկից։ Ի՞նչ ես անում։
Թռչում եմ, կանչեց Էմման կչկչալով։
Բայց այդ թռիչքները շատ վտանգավոր են։
Ի՜նչ անեմ... ես թևեր ունեմ և թռչում եմ․․․
Է՜մմա...
Ախ, անունս այդպես մի արտասանիր, չեմ սիրում... այ, այնպես խոսիր ինձ հետ, ինչպես ես եմ քեզ հետ խոսում։
Այստեղ մարդ կարող է մտնել, Էմմա, քիչ հանգիստ։
Ո՞վ կմտնի, ո՞վ կարող է մտնել... Թող թեկուզ հենց մտնեն, ի՞նչ է որ։
Զազունյանը բոլորովին շփոթվել էր, նա չգիտեր ինչպես հանգստացներ Էմմային, որը մի կատարյալ չարաճճի երեխա էր դարձել։
Թե սիրում ես ինձ, Էմմա, հանգիստ, կամաց արտասանեց նա։ Քո տեղ ես եմ վախենում։
Վախենո՜ւմ... Տե՛ր աստված, սա միշտ տարօրինակ բաներ է ասում... Ի՞նչ է նշանակում՝ վախենում... մի՞թե մենք որևէ բանից կարող ենք վախենալ, երբ միմյանց մոտ ենք։ Ո՞ւմից կամ ի՞նչից պետք է վախենանք։
Մեր խղճից։ Էմմա, մեր խղ...
Էմման ձեռքով իսկույն փակեց նրա բերանը։
Մի՛, մի՛, կանչեց նա շնչասպառ, այդ խոսքը չեմ ուզում․․․ Զազունյանը տեսավ, թե ինչպես նրա զվարթ, պայծառ, կենդանությամբ շնչող դեմքը մի ակնթարթում գունատվեց։
Ուրեմն տեսնո՞ւ...
Էմման ավելի պինդ սեղմեց ձեռքը նրա բերանին։
Լռի՛ր, շշնջաց նա։ Ի՞նչ եմ անում դժոխքը, երբ դրախտի մեջ եմ... Լռի՛ր։ Նա ձեռքը հեռացրեց Զազունյանի բերանից և, դնելով իր շրթունքներին, շշնջաց. սո՜ւ, սո՜ւ... Ի՞նչպես անցրիր գիշերը, հանկարծ հարցրեց նա առաջվա ուրախ և զվարթ ձայնով։
Զազունյանը շատ տխուր նայեց նրան և նստեց։
Շատ վատ, ասաց նա ոչ իսկույն։
Ախ, ինչո՞ւ այսօր շարունակ այդպիսի վատ բաներ ես ասում, խիստ դժգոհությամբ կանչեց էմման։ Բայց ապա մեկ ասա տեսնեմ, թե ինչու գիշերը վատ պետք է անցկացնեիր. հանկարծ ասաց նա, նստելով նրա կողքին, մոտիկ մի ուրիշի աթոռի վրա։
Զազունյանը դարձյալ նայեց նրան։
Իսկ դու ի՞նչպես անցկացրիր, պատասխանելու տեղ հարցրեց նա։
Չէ, դեռ դու ինձ պատասխանիր, թե ինչո՞ւ գիշերը վատ պետք է անցկացնեիր։
Որովհետև այն կեսգիշերին քեզ մենակ ճանապարհ դրի և չգիտեի, անվտա՞նգ տուն հասար, թե ոչ։
Հա՜, հա՜, հա՜, բարձրաձայն սկսեց ծիծաղել Էմման։ Ինչո՞ւ ինձ մենակ ճանապարհ դրիր։
Խելքս գլխի՞ս էր։ Հետո, երբ հանկարծ հիշեցի, թե ի՛նչ աններելի սխալ եմ գործել, իսկույն խենթի նման դուրս վազեցի և եկա մինչև այստեղ, ձեր տուն։ Բայց էլ ինչ կօգներ. ոչ իմացա, թե դու անվտանգ տուն ես հասել, ոչ էլ իմացա, թե ճանապարհին քեզ որևէ վտանգ է պատահել, և այնպես էլ վերադարձա։ Ամբողջ գիշերն աչքս չեմ խփել։ Առավոտյան հազիվհազ քունս եկել էր և հենց այնպես առանց հանվելու էլ քնել եմ։
Հետո՞, հարցրեց Էմման, որ, հազիվ զսպելով ծիծաղը, շարունակ նայում էր նրան։
Հետո ի՞նչ։ Մեկ էլ աչքերս բաց եմ անում` տեսնեմ Զաքարը նստած է սենյակումս։ Սկզբում խիստ վախեցա. կարծեցի, թե գիշերն անպատճառ քեզ մի բան է պատահել ճանապարհին, որ եկել է ինձ մոտ, բայց որ իմացա, թե նա միայն ինձ հրավիրելու է եկել, ազատ շունչ քաշեցի։
Հա՜, հա՜, հա՜, ազատություն տվեց Էմման իր ծիծաղին։ Բայց ո՞րտեղ է երազը. էլ ո՞րտեղից էր իմ այցելությունը քեզ երազ թվում։
Իհարկե, երազ էր ու երազ, քանի որ ոչ մի ակներև փաստ չկար, որ հաստատեր, թե դու գիշերն իսկապես այցելել ես ինձ։ Ահա հիմա միայն իմացա, որ այդ երազ չի եղել։
Հա՜, հա՜, հա՜, դարձյալ ծիծաղեց Էմման։ Բայց եթե իսկապես երազ լիներ միայն, այն ժամանակ ի՞նչ կանեիր, հանկարծ հարցրեց նա և հետաքրքրությամբ նայեց Զազունյանի դեմքին։
Ի՞նչ պետք է անեի, չիմանալով ինչ պատասխաներ, ասաց Զազունյանը։ Կհեռանայի, հանկարծ դուրս թռավ նրա բերանից։
Առանց ինձ տեսնելո՞ւ, շտապով հարցրեց Էմման, ավելի հետաքրքրությամբ նայելով նրա դեմքին։
Ոչ, քեզ պետք է տեսնեի։
Ինչո՞ւ, կրկնապատիկ հետաքրքրությամբ հարցրեց Էմման։
Զազունյանն ուզում էր հայտնել իր նախօրեն կազմած ծրագիրը, որի համեմատ նա վերջին անգամ պետք է տեսներ Էմմային, բացատրեր նրան իրենց դրությունը, բայց... չկարողացավ։
Հրաժեշտ տալու, պատասխանեց նա միայն։
Ի՞նչ, զարմացած երկարացրեց էմման, գլուխն առաջ և անելով դեպի նրա դեմքը։ Հրաժեշտ տալո՞ւ...
Զազունյանը շփոթվեց նրա համառ հայացքից։
Այո, պատասխանեց նա, որպեսզի մի պատասխան տված լինի։
Եվ միայն։
Այո, կրկնեց Զազունյանը բոլորովին շփոթվելով։
Էմման գունատվեց։
Ուրեմն ինձ չե՞ս սիրում, կամաց պատասխանեց նա։
Էմմա, զարմացավ Զազունյանը։
Ուրեմն հիմա էլ չես սիրում, քանի որ այսօր պետք է հեռանայիր, այսօր պետք է հրաժեշտ տայիր ինձ, շարունակեց Էմման, ավելի ու ավելի գունատվելով։
Սուտ եմ ասում, Էմմա, սուտ եմ ասում, ասաց Զազունյանը, նոր հասկանալով, թե ինչպիսի անմիտ պատասխաններ էր տվել նրան։ Ներիր ինձ, աղաչում եմ... Ես բոլորովին չմտածեցի, թե ինչ եմ ասում։ Կարո՞ղ էի միթե տեսնել քեզ վերջին անգամ և այն էլ հրաժեշտ տալու համար միայն։ Կարո՞ղ էի միթե այսպես շուտ հեռանալ քեզնից, քեզնից, որ ինձ համար ամեն ինչ ես։ Ո՞ւր կարող եմ գնալ ես այստեղից... կարո՞ղ եմ քեզնից հեռանալ... կարո՞ղ եմ ուրիշ տեղ ապրել առանց քեզ... Ախ, Է՛մմա, Է՛մմա, ինչո՛ւ ես ինձ այսպես տանջում, վերջապես բացականչեց նա համարյա արտասվախառն ձայնով։
Էմման հանկարծ ամուր փաթաթվեց նրա վզովը և շրթունքները սեղմեց նրա շրթունքներին...
36
Ժամը երկուսին, երբ Զաքարը տուն եկավ, Զազունյանն արդեն գնացել էր։ Կինն իր սենյակումն էր։ Զաքարը գնաց նրա մոտ։ Երբ նա` իր սովորության համեմատ` արագ քայլերով մտավ կնոջ սենյակը, կինը նստած էր փոքրիկ թախտի վրա և երկու ձեռքով ամուր գրկած ասեղնագործ բարձը` մի տեսակ երջանիկ ինքնամոռացության մեջ այտը սեղմել էր նրա վրա։ Ամուսնու մտնելուն պես` նա սթափվեց և, առանց շտապելու բարձր դնելով իր տեղը, զարմացած, մինչև անգամ խստությամբ կամաց նայեց նրան։
Ի՞նչ ես անում, Է՛մմա, փոքր-ինչ զարմացած հարցրեց Զաքարը։
Ի՞նչ է, սառնությամբ հարցրեց Էմման։
Ինչո՞ւ էիր բարձը գրկել․ երեխա՞ էիր կարծում, ի՛նչ է։
Էմման վեր կացավ և գնաց դեպի լուսամուտը։
Ատամս ցավում է, հնարեց նա։
Այդ էր պակաս, ասաց Զաքարը։ Առավոտյան չէր ցավում։
Ի՛նչպես չէր ցավում․․․ առավոտյան էլ էր ցավում, երեկ էլ, բայց այսքան չէ, որքան հիմա։
Հապա ինչո՞ւ չէիր ասում։
Դու ի՞նչ պետք է օգնեիր։
Այնուամենայնիվ․․․ դեղ դրե՞լ ես։
Դեղը չի օգնում։
Էմմայի համար անտանելի էր երկար սուտ խոսել, այդ պատճառով խոսակցությունը փոխելով՝ ասաց․
Մոռացա ասեմ, որ Արամիկի համար կոշիկ պետք է գնվի։
Այդ կգնենք, ասաց Զաքարը։ Բայց դու ինձ այս ասա, Զազունյանը չի՞ եկել։
Եկավ, պատասխանեց Էմման։
Հետո, ո՞ւր է։
Գնաց։
Ո՞ւր գնաց։
Ասում է՝ գործ ունեմ։
Բայց ճաշին չի՞ գալ։
Ասաց, որ չէ։
Է-Է՛հ, ինչ անշնորհքն ես, Էմմա, թեթև դմգոհությամբ ասաց Զաքարը։ Ինչո՞ւ թողիր, որ գնա։
Զարմանալի է, խո չէի կարող թոկերով կապել, պատասխանեց Էմման, որին այդ խոսակցությունն ավելի անտանելի էր, քան սուտ խոսելը։
Գոնե չասացի՞ր, որ երեկոյան կամ վաղը գա, հարցրեց Զաքարը։
Էմման հանկարծ օտարոտի համարձակ հայացքով նայեց ուղղակի նրա աչքերին։
Ասացի, որ վաղը դարձյալ գա, պատասխանեց նա, նույնպես օտարոտի ձայնով։
Եվ խոստացա՞վ։
Այո, խոստացավ։
Այդ օրից, հենց այդ րոպեից Էմման զգում էր, որ Զաքարի հետ ունեցած իր հարաբերությունն ակամա թշնամական արտահայտություն է ստանում։ Մի անհասկանալի, բայց ուժեղ զգացմունք հետզհետե բաժանում էր նրան Զաքարից։ Զաքարին նա այլևս իր սրտակիցը, իր հարազատը չէր զգում, այլ մի տեսակ օտար, մինչև անգամ ծանր բեռ, որ քանի գնում, այնքան ավելի ծանրանում էր, այնքան ճնշում էր նրան իր ծանրության տակ։ Այն տեղը, որ Զաքարը բռնում էր նրա սրտի մեջ, դատարկվեց, և նրա սիրտը, կարծես ընդմիշտ, ամուր փակվեց ամուսնու համար։ Նրան ամենից ավելի անտանելի էին թվում Զաքարի երկար ու բարակ հարցուփորձերը։ Դրա համար, ատամնացավը պատճառ բերելով, ուզում էր ճաշին դուրս չգալ իր սենյակից և բոլորովին չճաշել, բայց մեկ էլ մտածելով, որ այդ արդեն չափից դուրս կլինի, գլխավորը Զաքարն ավելի ևս հանգիստ չի տա իրեն, այդ պատճառով դուրս գնաց և նստեց ճաշի։ Ճաշը վերջանալուց հետո նա գնաց և նորից փակվեց իր սենյակում։ Նա ուզում էր անձնատուր լինել իր քաղցր ցնորքներին։
Զաքարը նրա օտարոտի դրությունը վերագրում էր ատամնացավին։ Ճաշից հետո նա նույնպես փակվեց իր սենյակում և պառկեց, որպեսզի իր սովորության համաձայն՝ մի կուշտ քնի։ Բայց այս անգամ քունը չէր գալիս, նա մտածում էր Զազունյանին վերաբերող այն գաղտնիքի մասին, որ այդ օրն առավոտյան նամակի շնորհիվ իմացավ իրեն Զազունյանից։ Այդ բանը շատ էր ազդել նրան, այդ պատճառով նրա միտքը շարունակ զբաղված էր դրանով։ Նա գիտեր, որ Զազունյանն այդ մասին ոչինչ ասած չէր լինիլ Էմմային, այդ պատճառով մեկ ուզում էր ինքը հայտնել, մեկ էլ չէր ուզում։ Բայց վերջապես չկարողացավ դիմանալ և վճռեց հայտնել։ Նա վեր կացավ և գնաց կնոջ սենյակը։
Էմման այս անգամ երեսն ի վեր պառկած էր թախտի վրա և մատները իրար մեջ հյուսած՝ ձեռքերը դրել էր գլխի տակ: Ինչպես երևում էր, քաղցր ցնորքները նրան շատ հեռու էին տարել, որովհետև չիմացավ, թե ինչպես մտավ Զաքարը։ Բայց հանկարծ տեսնելով նրան, վեր կացավ և նստեց։
Ախր այսօր մի անսպասելի գաղտնիք իմացա, Էմմա, ասաց նա խորհրդավոր ձայնով, նստելով նրա կողքին։
Էմման զարմացած և հետաքրքրությամբ, լուռ նայեց նրա դեմքին։
Դու մի՛ ասի, Զազունյանը կին և զավակ է ունեցել, ասաց Զաքարը։
Ի՞նչ, դուրս թռավ Էմմայի բերանից, և նա իսկույն գունատվեց ինչպես մեռել։
Այո, կին և զավակ է ունեցել, կրկնեց Զաքարը, կնոջ այդ բացականչությունն ու փոփոխությունը գաղտնիքի անսպասելիությանը վերագրելով։ Ահա թե ինչպես էր։
Եվ նա մի առ մի պատմեց, թե ինչպես այդ օրն առավոտյան Զազունյանի սենյակում սեղանի վրա գտավ հայտնի նամակը, պատմեց նրա բովանդակությունը և այն, ինչ որ լսել էր Զազունյանից։
Էմման լսում էր նրան ըստ երևույթին բոլորովին հանգիստ, մինչև անգամ սառնասրտությամբ։ Նրա գունատ, կարծես մեռած դեմքից բոլորովին ոչինչ չէր կարելի իմանալ, թե ինչ է կատարվում նրա մեջ։ Հոնքերը ցած թողած և քթածակերը լայնացրած՝ նա միայն շարունակ նայում էր հատակի մի կետի։
Տեսնո՞ւմ ես, Զագորսկու և Զազունյանի մեջ ինչ բան է եղել, որի մասին մենք այնքան գլուխ էինք կոտրում և ոչինչ չէինք կարողանում իմանալ, վերջացնելով պատմությունը, ասաց Զաքարը։ Ես բոլորովին չէի կարծի, թե Զազունյանը մի այդպիսի գաղտնիք կարող է ունենալ։ Խեղճն էլ ինչպես ծածուկ էր պահում մեզնից։ Խե՜ղճ Արսեն... շատ, շատ կոտրված է սիրտը։ Ուզում է բոլորովին մոռացության տալ, ինչ որ պատահել է, բայց ի՞նչպես կարելի է․ այդ այնպիսի բան է՞, որ կարելի լինի մոռանալ։ Ես շատ խղճում եմ նրան, շատ անբախտ մարդ է։ Դու մի ասիլ գլուխը ճանապարհորդության է տվել վիշտը մոռանալու համար։
Էմման ձայն-ծպտուն չհանեց։ Նստած էր նույն դրության մեջ, ինչպես առաջ։
Զաքարը նայեց նրան և այս անգամ կնոջ դրությանը բավական օտարոտի թվաց նրան։
Ինչո՞ւ ես այդպես, Էմմա, հարցրեց նա վախեցած։
Ի՞նչպես եմ, հանգիստ ձայնով ասաց Էմման, հայացքը կամաց դեպի նա դարձնելով։
Դու, սաստիկ գունատ ես։
Էմման կամաց թիկն տվեց մութաքային։
Ատամս շատ է նեղացնում, ասաց նա նույն հանգիստ ձայնով։
Դեղ դիր, սիրելիս, այդպես չի կարելի, զգացված ասաց Զաքարը։ Գոնե ցավը փոքր֊ինչ կմեղմանա, եթե չի դադարի։
Լավ, լավ, կդնեմ, ասաց Էմման և փակեց աչքերը, ցույց տալու համար, որ իրեն հանգիստ թողնի։
Ես իսկույն կբերեմ...
Չէ, հարկավոր չէ, ես էլ ունիմ այստեղ.․․ միայն խնդրում եմ, ինձ հիմա հանգիստ թող։
Հանգիստ թողնելով, հանգիստ կթողնեմ, միայն խնդրում եմ դեղն անպատճառ դիր, թե չէ՝ ցավն, ինչպես տեսնում եմ, չատ է ազդում քեզ։ Լսո՞ւմ ես, Էմմա, անպատճառ դիր․ ցավն իսկույն կմեղմանա։
Եվ Զաքարը դուրս գնաց կնոջ սենյակից։
Զազունյանը ոչ թե գործ ուներ և չսպասեց Զաքարի գալուն, այլ հեռացավ այն պատճառով, որ նրա համար այդ օրվանից չափից դուրս անտանելի էր տեսնել Զաքարին, խոսել նրա հետ, վայելել նրա ընկերական հյուրասիրությունը։ Ամեն անգամ, մանավանդ այդ օրը Էմմայից հեռանալուց հետո, Զաքարի մասին մտածելիս մի բան սաստիկ կրծում էր նրա սիրտը։ «Մի՞թե այս է խիղճը», մտածում էր նա։ «Եթե այս է, ապա անտանելի է... Ա՜խ, ինչպես կուզեի Զագորսկի լինել այս տանջանքը չզգալու համար... երջանիկ մարդ...»։ Զագորսկի լինելու միտքն ակամա հղանում էր նրա գլխում, և նա հանկարծ ցնցվում էր։ «Մի՞թե», հարցնում էր նա ինքն իրեն։ Նա ամբողջ ժամերով ակամա խորասուզվում էր այդ մտքի մեջ, տեսնում էր, որ Զագորսկի լինելու ցանկությունը իր ներկա դրության մեջ հետևողական է, բայց իսկույն էլ ամբողջ հոգով վրդովվում էր, որովհետև այդ ցանկությունը հակասում էր նրա բարոյական հասկացողութուններին։ Իր դրության մասին նրա գլխում ծնվող թեր և դեմ մտածմունքները մի կատարյալ քաոս էին ներկայացնում։ Ո՞րն էր այդ քաոսից դուրս գալու ուղիղ ճանապարհը։ «Խիղճ» հանկարծ կանչում էր նա, գյուտ արած մարդու նման։ «Հիրավի մտածում էր նա եթե մարդս իր արարքների վերաբերմամբ պետք է միայն չոր ու ցամաք, թեկուզ հենց շատ խելոք ուղեղով ղեկավարվի, հապա ինչո՞ւ բնությունը նրան խիղճ է տվել, որի ձայնը կասկածելի արարքների վերաբերությամբ միշտ հաղթող է հանդիսանում։ Ահա, ես այս րոպեիս զգում եմ այդ. մի՞թե այդ ճշմարիտ չէ: Ճշմարիտ է, և ես կհետևեմ խղճիս։ Կամ դեպի անկում, կամ դեպի հաղթանակ. երկուսից մեկը»։
Եվ ինչպես մի խեղդվող մարդ, որ գետի ալիքների մեջ մի փայտի կտոր է գտնում և ամուր կպչում նրանից, որպեսզի չխեղդվի, նույնպես և նա ամուր բռնեց այդ մտքից, մի հաստատ և որոշ ճանապարհ գտնելու համար։
Հետևյալ օրն առավոտյան նա գնաց Էմմայի մոտ այն մտքով, որ այդ օրն անպատճառ խոսի նրա հետ իրենց դրության մասին։ Նա դիտմամբ այնպիսի ժամանակ ընտրեց, երբ Զաքարը տանը չպետք է լիներ։ Եվ իրավ, Զաքարն արդեն մի ժամ առաջ դուրս էր գնացել տնից, պատվիրելով կնոջը, որ եթե Զազունյանը գա, ճաշին պահի, չթողնի գնալու։
Զազունյանը կարծում էր, որ Էմման այս անգամ էլ կընդունի իրեն նույնպես, ինչպես նախորդ օրը. այդ պատճառով վճռել էր, որ հենց առաջին րոպեից դիմադրի նրա փաղաքշանքներին, բայց՝ հակառակ նրա սպասածին, Էմման այս անգամ դիմավորեց նրան տխուր և գունատ։ Նրա դեմքի վրա, շարժումների և քայլվածքի մեջ երևում էր մի տեսակ սառն հանգստություն կամ ավելի ճիշտ է ասել՝ սառն գիտակցական վճռականություն։ Վերջին օրերը համարյա յուրաքանչյուր անգամ նա ներկայանում էր Զազունյանին հոգեկան զանազան դրությունների մեջ, կարծես այսօր ուրիշ կին էր, վաղն ուրիշ, մյուս օրը դարձյալ ուրիշ, բայց ամեն անգամ առաջվանից ավելի գեղեցիկ, ավելի սիրելի, ավելի կախարդիչ, այնպես որ Զազունյանը զարմանում և ապշում էր, թե ո՞րտեղից է արտահայտում նա հոգեկան այդքան ուժ և հարստություն, և ինչքան կախարդիչ գաղտնիքներ կան թաքնված նրա սրտի խորքում։ Ըստ երևույթին, նա պետք է ուրախանար, որ այս անգամ առանց Էմմայի կողմից փաղաքշական դիմադրության հանդիպելու կարող էր ուղղակի դիմել գործին, որի համար եկել էր․ բայց, ընդհակառակն՝ Էմմայի սառն ընդունելությունը հենց առաջին վայրկյանից նրան մեծ երկյուղ պատճառեց. այդ երկյուղը նմանում էր սիրահարի երկյուղի, որ զգում է, երբ իր սիրելիից սառն ընդունելություն ստանալով, հանկարծ կասկած է տանում, թե չլինի՝ չի սիրում իրեն։ Եվ այդ երկյուղը այնպես ցնցեց Զազունյանի էությունը, որ նա մինչև անգամ գունատվեց։
Լուռ բարևելով Զազունյանին, էմման լուռ նստեց գահավորակի վրա։ Զազունյանը նույնպես լուռ նստեց նրա մոտ աթոռի վրա։
Կարճ ժամանակ երկուսն էլ լուռ էին։ Այդ լռությունն ավելի ևս կրկնապատկում էր Զազունյանի երկյուղը։ Նա բոլորովին մոռացավ, թե ինչի համար էր եկել և անհամբերությամբ սպասում էր, թե ինչ պետք է ասի Էմման, կարծես թե այն, ինչ որ պետք է ասեր Էմման, նրա մահու և կյանքի խնդիրը պետք է լուծեր։
Հոնքերը կիտած և աչքերը վայր թողած՝ Էմման նստած էր անշարժ․ նա ոտից ցգլուխ սառնություն էր արտահայտում։ Զազունյանն անթարթ նայում էր նրա դեմքին և կարծում էր, թե մինչև անգամ չի շնչում։
Ինչո՞ւ ինձնից ծածկում էիք այն, ինչ որ ամենից առաջ ինձ էիք պարտական հայտնելու, հանգիստ ձայնով և առանց շտապելու ասաց վերջապես Էմման, շարունակ Նայելով իր ծնկներին։
Զազունյանի երկյուղը զարմանքի փոխվեց։
Ին՞չը, Էմմա, հարցրեց նա։
Այն, ինչ որ Զաքարին երեկ առավոտյան հայտնել էիք։
Զազունյանը ցնցվեց. նա հասկացավ, թե ինչ է ուզում ասել Էմման։
Մի՞թե Զաքարը ձեզ այդ մասին հայտնել է, հարցրեց նա։
Այո, բայց այդ դո՛ւք պետք է հայտնեիք։
Եվ կհայտնեի։
Ոչ, վա՛ղ պետք է հայտնեիք... այն գիշերն ևեթ, երբ ես եկա ձեզ մոտ... հենց թեկուզ երեկ, երբ դուք ինձ մոտ էիք, որովհետև... դուք հասկանո՞ւմ եք ինձ, ես ձեզ սիրում եմ և չեմ ուզում, որ դուք ինձ համար մութ և անհասկանալի լինեք, որ ինձնից գաղտնիքներ ունենաք... Այդ ինձ շատ է բարկացնում։
Ներեցեք ինձ, Էմմա, ասաց Զազունյանն, անհամարձակությամբ առնելով նրա ձեռքերը։ Հավատացեք, իմ նպատակս բոլորովին այն չի եղել, որ ձեզնից որևէ գաղտնիք ունենամ, այլ այն, որ այդ անցքն ես ինքս ուզում էի մոռանալ, ջնջել առմիշտ հիշողությունիցս և առավել ևս ուզում էի չհայտնել ձեզ այդ, որովհետև գիտեի... գիտեի որ․․․ մի խոսքով՝ չէի ուզում, որ այդ տգեղ անցքը դուք գիտենայիք։
Տգե՜ղ անցքը, դառն մտախոհությամբ ասաց Էմման։ Դուք սիրո՞ւմ էիք ձեր կնոջը, հանկարծ հարցրեց նա, գլուխը բարձրացնելով և նայելով նրան։
Ես իմ ողջ կյանքիս մեջ մի անգամ եմ սիրել, և այն էլ ձեզ, պատասխանեց Զազունյանը։
Ոչ, ես ձեր կնոջն եմ ասում։
Ես նրան սիրում էի իբրև կնոջս և զավակիս մորը։
Իբրև կնոջը և զավակի մորը, դարձյալ մտախոհությամբ արտասանեց Էմման և կարճ ժամանակ լռեց։ Եվ մեղադրո՞ւմ եք նրան, որ նա թողեց ձեզ և սիրեց Զագորսկուն, նորից հարցրեց նա։
Ոչ, պատասխանեց Զազունյանը։
Էմման աչքերը չռեց։
Հապա՞, հարցրեց նա։
Ես մեղադրում եմ Զագորսկուն, թեև, իհարկե... կնոջս վրա էլ ընկնում է հանցանքը։ Զագորսկին իմ ընկերս էր՝ ինչ նշանակությամբ որ ուզում եք վերցրեք այդ, և նա չպետք է դավաճաներ ինձ...
Բայց ձեր կինն առավել ևս չպետք է դավաճաներ ձեզ, քանի որ ձեր օրինավոր կինն էր, ընկերից էլ ավելի էր ձեզ համար, զարմանալով ասաց Էմման։
Ոչ, կնոջը դարձյալ ներելի է, որովհետև կինը թույլ արարած է։ Շատ անգամ հասարակ տպավորությունը նա սիրո տեղ է ընդունում և այդ պատճառով սխալանքի մեջ է ընկնում. բայց տղամարդին այդ երբեք ներելի չէ, որովհետև նա ավելի հեռատես և փորձված է։ Փոխանակ օգուտ քաղելու կնոջ թուլությունից, նրա պարտականությունն է վեհանձնորեն հեռանալ նրանից, հիշեցնելով նրան նրա ամուսնական պարտականությունները։
Եվ Զազունյանը այդ նյութի մասին երկար խոսելով, կամաց֊կամաց իրեն մեջ ձգեց, և ասաց, որ ինքը չկամենալով իր գաղափարին հակառակ գնացած լինել, պարտավոր է թողնել Էմմային և հեռանալ, որ ինքը պարտավոր է հիշեցնել Էմմային ամուսնական պարտականությունները։
Էմման նստած էր բոլորովին անշարժ. նա լսում էր Զազունյանին առանց ձայն-ծպտուն հանելու։ Նրա ամբողջ էությանը մի տեսակ մեռելային հանգստություն էր տիրել. միայն գունատ դեմքի վրա մի տեսակ մեղմ, դառն ժպիտ էր խաղում, որ լավ բան չէր գուշակում, և Զազունյանն զգում էր այդ, զգում էր և, զարմանալի է, տեսնում էր, որ իր խոսքերը մի տեսակ կեղծ են, սրտից չեն բխում, գուցե և սխալ են և չունեն այն ուժը, որ համոզեն Էմմային, և այդ բանը Զազունյանին ամոթ էր պատճառում։ Նա այլևս չկարողացավ շարունակել, հանկարծ լռեց և երկյուղով սպասում էր, թե Էմման ինչ պետք է պատասխանի իրեն։
Էմման լուռ էր։ Օտարոտի մեղմ ժպիտը չէր հեռանում, նրա դեմքից։
Էմմա, մի՞թե ինձ հետ համաձայն չես, իրեն ուժ տալով, կամաց հարցրեց Զազունյանը և կամաց թեքվեց դեպի նրա դեմքը։
«Ահա, զարկում եմ այս ապառաժին, ուզում եմ ջուր, ջուր, այրող ծարավս կոտրելու համար նա ինձ տալիս է բորբոքված ոսկի», վերջապես մտախոհությամբ հազիվ լսելի ձայնով արտասանեց Էմման Շիլլերի Փիլիպոս թագավորի խոսքերը և գլուխը դառնությամբ շարժեց։ Չոր է, չոր է, պարսն Զազունյան, ասաց նա, դեմքը կամաց դեպի նա դարձնելով։ Գուցե շատ ճշմարիտ, շատ խելոք են ձեր ասածները, բայց... այստեղ, այստեղ (նա ձեռքը դրեց իր կրծքին)... այստեղ մի բան կա, որ համաձայն չէ։ Ունի՞ք արդյոք դուք այդ «մի բանը»... աստված գիտե։
Զազունյանը բոլորովին ստորացած՝ նայեց նրան։
Էմմա, ինչո՞ւ ես ինձ այդպես վիրավորում, մեղմ հանդիմանությամբ ասաց նա։
Օ՛հ, եթե գիտենաք, թե ո՜վ ո՛ւմն է վիրավորում...
Ուզում ես ասել՝ ե՞ս եմ քեզ վիրավորում։
Բավական է, հանկարծ, կարծես շնչասպառ լինելով, արտասանեց Էմման և վեր կացավ տեղից։ Օ՜հ, այդպես շո՜ւտ հիասթափվել, սաստիկ հուսահատությամբ բացականչեց նա, և նրա ձայնը դողաց։ Նա գնաց նստեց գահավորակի վրա և դեմքը ծածկեց ձեռքերով։
Զազունյանը կատարելապես մեռելի գույն ստացավ։
Էմմա՛, մի՛ սպանիր ինձ, կանչեց նա խենթի նման վեր թռավ տեղից: Է՛մմա։
Էմման լուռ էր:
Է՛մմա, հուսահատական աղերսանքով կրկնեց Զազունյանը։ Դու ինձ բոլորովին չես խղճում։
Էմմայի ուսերը ցնցվեցին։
Դու ինձ ստորացնում ես, շարունակեց Զազունյանը, դու ինձ հողի հետ ես հավասարեցնում նրա համար միայն, որ ես խղճիս ձայնը լսելով, չեմ ուզում մոռացած լինել ընկերական պարտականությունս և իմ միակ, իմ անգին երջանկությունս ուզում եմ զոհ բերել դրան։
Միևնույն ժամանպկ զոհ բերելով և ուրիշի միակ երջանկոթյունը, իմ երջանկությունը, ցնցողաբար հեկեկալով հազիվ կարողացավ արտասանել Էմման։
Զազունյանը տանջանքով նայեց նրան։ Նրա սիրտը պատռվում էր։
Ուրեմն ի՞նչ անեմ, ինքդ ասա, հուսահատությամբ կանչեց նա։ Ցույց տուր ինձ մի ճանապարհ, ուղիղ ճանապարհ այս սարսափելի քաոսից դուրս գալու համար։
Ես ոչ մի ճանապարհ չգիտեմ... ես միայն այն գիտեմ, որ դու ինձ տանջում ես, սոսկալի կերպով տանջում ես...
Եվ Էմման դեմքը ձեռքերով ծածկած՝ խոնարհվեց ծնկների վրա․ հեկեկանքից նրա ամբողջ մարմինը վեր ու վեր էր թռչում։
Զազունյանը զգաց, որ մի բան իր սրտից հանկարծ վեր նետվեց և սկսեց խեղդել կոկորդը։ Նա ամուր սեղմեց շրթունքները և մի րոպե ոչինչ չկարողացավ արտասանել։
Էմմա, մի՞թե չես կարող մեր դրության վրա փոքր֊ինչ զգաստ հայացքով նայել, ըստ երևույթին, շատ հանգիստ ձայնով վերջապես ասաց նա։ Մի՞թե դու չես հավատում, որ մեզպեսների համար երկնային պատուհաս կա։
Էմման հանկարծ նստեց ուղիղ և արտասվալից աչքերն ու դողդոջուն ձեռքերը վերև տարածեց։
Օ՜, երկինք, տո՛ւր ինձ այդ պատուհասը, եթե ես մեղավոր եմ, բացականչեց նա։ Ես ամենայն հպատակությամբ կտանեմ այդ պատուհասը, եթե միայն դրանով մեղքս քաված կլինեմ։ Բայց աստված, դու գիտես, որ ես մեղավոր չեմ։
Զազունյանն անշարժ կանգնած՝ հոնքերի տակից նախ մռայլ հայացքով նայեց նրա տանջված, արտասվալից աչքերին և, կարծես սաստիկ հոգնած, նստեց աթոռի վրա․ նա այլևս ոչ մի խոսք չգտավ ասելու։
Հանկարծ Էմման վեր թռավ տեղից, վազեց դեպի նա և չոքեց նրա առջև։
Արսեն, կանչեց նա անհուն, հուսահատ սիրով գրկելով նրա մեջքը։ Եթե դու ինձ ու քեզ իսկապես մեղավոր ես համարում և հավատում ես, որ դրա համար երկինքը մեզ պատուհաս կուղարկե, մի վախենար այդ պատուհասից։ Ես ամենայն պատրաստակամությամբ քեզ համար իմ գլուխս կխոնարհեմ այդ պատուհասի առջև, արա նույնը և դու ինձ համար։ Մի՞թե այդ պատուհասի փոխարեն ես չեմ կարող քեզ գեթ մի չնչին երջանկություն տալ, որ ամեն բանից թանկ չլինի քեզ համար։ Ես կին եմ, Արսեն, մի թույլ, մի փխրուն արարած, որ եթե մի ուժ, մի միջոց ունի ապրելու և երջանիկ լինելու այդ նրա սիրտն է. մի՛ փշրիր այդ սիրտը։ Ես քեզանից ոչինչ եմ ուզում, Արսեն, միայն մի՛ հեռանար ինձնից։ Աստված է վկա, ես չեմ կարող ապրել, եթե դու հեռանաս, ի՞նչպես կարող եմ, ինքդ ասա, ի՞նչպես կարող եմ, քանի որ սիրտս, հոգիս, ամբողջ էությունս անդառնալի կերպով քեզ եմ նվիրել։ Ա՜խ, Արսեն, տեսնո՞ւմ ես՝ ինչպես եմ աղերսում, քեզնից է միայն կախված ինձ երջանիկ անել, մի՛ զրկիր ինձ այդ ողորմությունից։ Ինչո՞ւ ես լռում, մի բան ասա, մխիթարիր ինձ, տեսնո՞ւմ ես, ինչպես եմ տանջվում։
Զազունյանը քնքշությամբ գրկեց նրան և վեր կացրեց։
Էմմա, արտասանեց նա միայն։
Այդ մի բառն այնպիսի քնքշությամբ, սիրով, անձնվիրությամբ էր արտասանված, որ Էմման շատ բան զգաց, հասկացավ դրանից և գոհ մնաց։ Նա իր սիրուն գլուխը կամաց դրեց նրա կրծքի վրա և արտասվալից աչքերն անհուն երջանկությամբ ձգեց նրա աչքերին։
Կամ երկնային պատուհաս, կամ երջանկությո՞ւն, հազիվ լսելի ձայնով հարցրեց նա։
Կամ երկնային պատուհաս, կամ երջանկություն, կարծես երազի մեջ արտասանեց Զազունյանը և աչքերը փակելով, շրթունքը կամաց սեղմեց նրա սպիտակ ճակատին։
Էմմայի վռնդելուց հետո Աննան ստիպված էր այլևս չգնալ նրանց տուն։ Նույն անկեղծ և նույն ջերմ զգացմունքով սիրելով իր վաղեմի ընկերուհուն, նա բոլորովին չէր նեղանում Էմմայի մինչև այդ աստիճան հասցրած կոպիտ վարմունքից, որովհետև այդ բանում մեղավորը ոչ թե նրան էր համարում, այլ իրեն։ Ինչո՞ւ։ Որովհետև նա շատ անտակտ, շատ անմիտ կերպով էր վարվել Էմմայի հետ․ շատ լավ հասկանալով, թե ինչպիսի համարյա ինքնամոռացության հասցրած զգացմունքով սիրում է Էմման Զազունյանին և կամենալով հեռացնել նրան այդ սխալ ճանապարհից, նա բոլորովին չէր մտածել, թե ինչպես վարվի նրա հետ, որպեսզի հասնի իր նպատակին։ Փոխանակ գուրգուրելու նրան, ինչպես երեխայի, փոխանակ սիրով և քաղցրությամբ հասկացնելու նրան գործի դրությունը, որպեսզի այդպիսով հարկավոր թելերը բռնած ունենա իր ձեռքում, նա չկարողանալով զսպել իր տաքարյուն բնավորությունը, ուղղակի հենց առաջին քայլից հարձակվեց նրա վրա համարյա բռնի միջոցներով։ Այդ դեռ բավական չէր, նա գործը փչացրեց գլխավորապես այն բանով, որ չափից դուրս կատաղելով Զազունյանի դեմ, հենց ուղղակի իրեն Էմմայի մոտ նրա հասցեին շատ վատ ածականներ սկսեց շռայլել։ Այդ արդեն չափից դուրս էր։ Էմման ի՛նչ ներեր, չներեր նրան, այդ բանն արդեն ոչ մի կերպ չէր կարող ներել։ Նա այնպիսի գաղափար չէր կազմել Զազունյանի վրա և այնպես չէր սիրում նրան, որպեսզի սառնասրտությամբ կարողանար լսել նրա մասին որևէ, թեկուզ հենց ամենաաննշան վատ խոսք։ Աննան այդ հետո հասկացավ, բայց արդեն ուշ էր, էլ ոչ մի կերպ չէր կարելի ձեռք բերել Էմմայի առաջվան սերն ու վստահությունը, մանավանդ որ նա կասկածում էր, թե Աննան նախանձում է իրեն Զազունյանի վերաբերությամբ և միայն այդ նախանձից դրդված է գործում։ Էմման այժմ ուղղակի ատում էր նրան, սակայն ատում էր չհասկանալով նրան։ Այդ ավելի դառն էր Աննայի համար, որ մի րոպե անգամ չէր դադարել նրան առաջվա նման սիրելուց։ Նա այժմ առավել ևս տանջվում էր այն գիտակցությունից, որ Էմման իր կույր սիրով իրեն անդունդ կգլորի: Ինչպե՜ս նա ցանկանում էր ուղղել իր սխալը... բայց մի՞թե այլևս ոչ մի հույս չկա, մի՞թե իսկապես Էմման անդառնալի կերպով կորած է նրա համար, մի՞թե այլևս չի կարելի նրան մոտենալ... Ի՞նչ անենք թե նա վռնդել է նրան իր տնից, այդ անելիս նա այնպիսի դրության մեջ էր, որ իր արածն ինքն էլ չէր հասկանում, ուրեմն մի՞թե դրանից պետք է հուսահատվել, գուցե նա այժմ զղջում էլ է, որ իր վաղեմի ընկերուհու հետ այդպես է վարվել։ Ինչո՞ւ չփորձի, չգնա նրա մոտ։ Գուցե այժմ ամեն ինչ կարելի է ուղղել․․․ Ավելի լավ չէ՞, որ փորձի:
Ի ներքուստ մի բան հանգիստ չէր տալիս Աննային։ Նա չէր կարողանում հաստատապես և միանգամից վճռել՝ գնա՞ Էմմայի մոտ, թե ոչ։ Վերջապես վճռեց, որ գնա։ Ինչ կլինի, թող լինի։ Ամբողջ երկու շաբաթ էր, ինչ նա ոտք չէր դրել Մարկոսյանների տուն։ Մի օր, կեսօրից առաջ, նա գնաց։
Հենց ուզում էր քաշել Մարկոսյանների տան դռան զանգակը, երբ հանկարծ դուռը բացվեց, և այնտեղից դուրս եկավ Զազունյանը։
Աննան բոլորովին չէր սպասում նրան։ Նրա լուրջ դեմքը և ցիլինդրը տեսնելուն պես՝ բոլոր մաղձը շարժվեց նրա սրտում շ։
Ա՜, պ. Զազունյան, երկարացրեց նա մի կասկածավոր հայացք ձգելով նրա վրա և սեղմելով նրա ձեռքը։ Դուք դեռ այստեղ եք... դեռ անցյալ շաբաթ, կարծեմ, ուզում էիք հեռանալ այստեղից։
Զազունյանը բոլորովին շփոթվեց, ինչպես սպասում էր Աննան. ընդհակառակն՝ նա համարձակ, մինչև անգամ խիստ հայացքով նայեց նրան։
Այո, տիկին, պատասխանեց նա սառնությամբ, պետք է հեռանայի, բայց... մի քանի հանգամանքներ արգելք եղան։
Հա՜, ակամա խորհրդավոր եղանակով երկարացրեց Աննան, ավելի խոր նայելով նրա աչքերին։ Բայց դարձյալ երկա՞ր եք մնալու այստեղ, հարցրեց նա։
Չգիտեմ... հայտնի չէ, առավել ևս սառնությամբ և այս անգամ առանց նրան նայելու պատասխանեց Զազունյանը։ Նա չսեղմեց Աննայի ձեռքը, միայն ցիլինդրը վերցրեց, գլուխ տվեց նրան և հեռացավ։
Աննան ակամա նայեց նրա ետևից։
«Ի՜նչ սիրուն է անիծածը», մտածեց նա և ներս մտավ։ Սանդուղքի գլխին տեսավ Էմմային, որը, ինչպես երևում էր, վերևից նայում և լսում էր նրանց։ Նա բարձրացավ Էմմայի մոտ այն ժամանակ, երբ Էմման, կարծես նոր ուշքի գալով, հանկարծ դարձավ և, առանց նրան նայելու և ձայն հանելու, ուզում էր հեռանալ։ Աննան անհամարձակությամբ կտրեց նրա առաջը։
Բարև, Էմմա, ասաց նա, չհամարձակվելով ձեռք տալ նրան։
Բարև, սառնությամբ պատասխանեց Էմման, նայելով հատակին։
Աննան շատ զղջաց, որ եկավ, բայց էլ ոչինչ չէր լինի։
Ներիր, որ ես դարձյալ անհանգստացնում եմ քեզ, չնայելով որ դու ինձ արգելել ես ձեր տուն գալ, ասաց նա։
Ես եկել եմ... Արամիկի համար... նրան շատ կարոտել եմ։ Թո՞ւյլ կտաս, որ տեսնեմ նրան։
Արամիկն այժմ այստեղ չէ, նրան ուղարկել եմ զբոսանքի, նույն սառնությամբ պատասխանեց Էմման։
«Ա՜, նրան հեռացնում է տնից, որ արգելք չլինի իր սիրահարական տեսակցություններին», մտածեց Աննան և շատ վատ հայացքով նայեց նրան։
Կարո՞ղ եմ նրան սպասել, հարցրեց նա։
Ինչպես կամենում ես, ասաց Էմման և առանց շտապելու հեռացավ դեպի իր սենյակը։
Աննան երկար ժամանակ նայեց նրա ետևից։
Վա՜յ, Էմմա, վա՜յ, Էմմա, այդ ի՛նչ ես անում, սարսափած և սաստիկ խղճահարված շշնջաց նա։
Քառորդ ժամից հետո եկավ Արամիկն աղախնի հետ։
Ո՞րտեղ էիր, սիրելիս, հարցրեց Աննան։
Պարտիզում, պատասխանեց Արամիկը։
Պարտիզում ի՞նչ էիր շինում։
Խաղում էի։
Ո՞ւմ հետ։
Երեխաների հետ։ Այնտեղ շատ երեխաներ են գալիս, համ ինձնից մեծ, համ ինձնից փոքր, իմ չափ էլ կան։
Ամե՞ն օր ես գնում խաղալու։
Այո, մաման ամեն օր ուղարկում է խաղալու։
Հետո՞, այսքան ժամանակ խաղա՞լ կլինի։ Շատ ժամանակ է, չէ՞, որ գնացել էիք պարտեզ։
Այո, շատ ժամանակ է։
Հետո ինչո՞ւ այսպես ուշ եք տուն դալիս։
Ի՞նչ անեմ, մաման ասում է, որ կեսօրից առաջ տուն չգանք։
«Խե՜ղճ երեխա, խե՜ղճ երեխա», մտածեց Աննան, անհուն խղճահարությամբ նայելով նրա անմեղ աչքերին, որոնք հիշեցնում էին մոր գեղեցիկ աչքերը։
Արամիկ, կգա՞ս, քեզ տանեմ մեր տուն, հարցրեց նա։
Եթե մաման կթողնի, ինչո՞ւ չեմ գա, պատասխանեց երեխան։
Ես իսկույն մամային կասեմ, ասաց Աննան և գնաց դեպի Էմմայի սենյակը։ Նա ներս չմտավ և դռան ճեղքից կանչեց. է՛մմա։
Ի՞նչ է, լսվեց ներսից Էմմայի ձայնը։
Չե՞ս թույլ տա Արամիկին մի-երկու օրով տանեմ ինձ մոտ, հարցրեց Աննան։
Խնդրիր Զաքարին. եթե թույլ կտա, տար։
«Ո՛չ, չեմ տանի», ինքնիրեն ասաց Աննան կատաղած։ «Թող այդ երեխան միշտ աչքի առջևը լինի և գոնե դրա անմեղությունը զարթեցնի նրա խիղճը, տանջի, չարչարի նրան»... Նա գնաց Արամիկի մոտ։
Սիրելիս, այսօր կաց, ես քեզ ուրիշ անգամ կտանեմ, հա՞, ասաց նա։
Երբ որ կտանեք, ես այն ժամանակ կգամ, պատասխանեց երեխան։
Աննան այլևս երկար չմնաց և գնաց։
«Գնա՛, թշվառական, գնա՛, գլորվիր կորստյան անդունդը, խրվիր ցեխի մեջ դու արժանի ես դրան, երբ ինքդ հեռացնում ես քեզնից քո անկեղծ բարեկամներին։ Այն սրիկան քեզ լավ է գտել, այլևս քեզ խղճացող չկա, սաստիկ վիրավորված սրտով ասաց նա և այդ օրից արդեն իսկապես ոտը կտրեց Մարկոսյանների տնից։