Muratsan
Լուսավորության կենտրոնը
7
ԺԵ
ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՈԳԻՆ
Խմբագրական ժողովի անգամները գոհ էին իրենց այդօրվա արած որոշումով։ Միայն Սարյանը և Մոմճյանը մեծ մտատանջության մեջ էին և րոպե և րոպե սպասում էին ժողովի ցրվելուն։ Աոաջինը, նրա համար, որ Մոմճյանից բացատրություններ պահանջն այն բոլոր հարցերի մասին, որոնք Ձորաբաշի եկեղեցու ընտրության օրից սկսած մինչև այս ժողովի վերջին րոպեն մտավոր տանջանք և հոգեկան վրդովմունք էին պատճառում իրեն, իսկ երկրորդը նրա համար, որ ժամ առաջ բացատրություններ տա Սարյանին հենց այն խնդիրների մասին, որոնք, ինչպես ինքը նկատում էր, անհանգստացնում էին երիտասարդին:
Երբ Ժողովականները սկսան ցրվել, Մոմճյանը խնդրեց խմբագիր Շաշյանին ընկերանալ օրիորդ Բարյանին մինչև յուր տունը, առարկելով, որ նա հեռու է բնակվում: Այս առարկությունը կարևոր էր երկու պատճառով, առաջին որ մյուս օրիորդները չգրգռվեն օրիորդ Լուսիկի դեմ և երկրորդ որ Շաշյանը ազատե յուր ներկայությունից Մոմճյանին, որ կարիք ուներ Սարյանի հետ առանց վկայի խոսելու։
Երբ վերջին երկուսը միայնական մնացին, Մոմճյանը առաջինը ընդհատեց լռությունը.
Մենք այժմ բուն «խմբագրական խորհուրդն» ենք կազմում և կարող ենք ազատորեն խոսել, ասաց Մոմճյանը ժպտալով, դուք հարցրեր ունեիք աոաջարկելու, խնդրեմ այժմ առաջարկեցեք, որպեսզի հարկ եղած բացատրությունները տամ:
Հարցեր, այո՛, շատ հարցեր ունիմ աոաջարկելու. բայց այժմ դուք ժամանակ ունի՞ք նրանց պատասխանելու, Հարցրեց Սարյանը:
Այժմ ավելի' քան երբեք։
Սարյանը լռեց մի քանի րոպե և ձեռքը դեպի ճակատը տանելով սկսեց շփել նրան, ցանկանալով կարծես որոշել թե՝ ո՞ր հարցից սկսե առաջ։
Թույլ տվեք ինձ, պ. Մոմճյան անկեղծ լինել ձեզ հետ այնքան, որքան եմ իսկապես, ասաց երիտասարդը, հակառակ դեպքում ես լռելը գերադասում եմ:
Խնդրեմ, խնդրեմ, ես ձեզ սիրում ու հարգում եմ գլխավորապես ձեր անկեղծության համար, և այդ է պատճառը, որ ես ձեզ մտերիմ բարեկամի տեղ եմ ընդունում:
Շնորհակալ եմ. ուրեմն անկեղծությամբ էլ կխոսեմ։ Այն օրից ի վեր, պ. Մոմճյան, որ ձեզ հետ ծանոթացա, շատ հավանեցի ձեզ և դեպի ձեր անձը մեծ հարգանք ու համակրություն սկսեցի տածել: Անցան օրեր, և այդ հարգանքն՝ ու համակրությունը աճեցին։ Ես ձեզմով հիանում և ոգևորվում էի. և այդ բանի համար ուրախ էի շատ, որովհետև կարիք ունեի, որ ձեզ նման մեկը իբրև կենդանի օրինակ՝ կանգնած լիներ իմ առաջ և խրախուսեր ինձ՝ առանց վհատելու դիմել դեպի այն նպատակը, որին ձգտում էի։ Ես ուրեմն բախտավոր էի, որովհետև այդ օրինակը ունեի, այդ մասին մինչև անդամ գրեցի հորս ու բարեկամներիս, կամենալով նրանց ուրախացնել։ Բայց... այո՛, իմ ուրախությունը երկար չտևեց։ Նրան հաջորդեցին հոգսեր, մտատանջություններ...
Եվ ե՞ս էի այդ հոգսերի ու մտատանջությունների պատճառը։
Այո՛ դուք էիք։
Զեզ չեմ հասկանում։
Գուցե մի փոքր հետո հասկանաք։ Ես ձեզ ազնվասիրտ և ազնվնահոգի երիտասարդ էի ճանաչում, ես կարծում էի դուք անկեղծ և անձնվեր հայրենասերի մի կատարելատիպն եք..
Եվ այժմ ձեր կարծիքը փոխեցի՞ք իմ մասին։
Ինչպե՞ս ասեմ... այո՛ և ոչ։
Ավելի դրական և բնական կլիներ, եթե ասեիք այո՛ որովհետև հայերի մեջ առհասարակ հազվագյուտ են հաստատուն համոզմունք ունեցող մարդիկ և ես չեմ զարմանալ, եթե դուք ձեր երեկվա ազնիվ ճանաչված մարդուն այսօր անազնիվ անվանեք։
Բայց եթե ես երեկ սխալված լինեմ և այսօր իմ սխալմունքը ճանաչե՝մ։
Իսկ թե հենց այսօ՛ր լինիք սխալվո՞ւմ։
Երանի՜ թե այդպես լիներ։ Միթե կա՞ աշխարհում մարդ, որ յուր հավատը սասանված տեսնելուց ուրախանա։
Ինչո՞ւ համար եք ձեր հավատը սասանում։
Ես չեմ սասանողը, այլ դեպքերը, հանգամանքները, որոնց առաջ աչքերս փակել չեմ կարող։
Ձեզ չեմ հասկանում, ավելի պարզ խոսեցեք։
Ավելի պա՞րզ խոսեմ։
Այո՛։
Լավ. ուրեմն, ասացեք այժմ ինձ, պ. Մոմճյան, ո՞վ եք դուք և ինչ եք դուք,- հարցրեց Սարյանը ջերմությամբ և աչքերը սևեռեց Մոմճյանի վրա:
ՎԵրջինս կարծես ընկճվեց նրա հայացքի առաջ, բայց վարժված լինելով թե՛ հաջող և թե՛ անհաջող դեպքում միատեսակ ժպտալու, այդ ժպիտով էլ յուր ներքին հուզմունքը վարագուրեց։
Տարօրինակ մարդ եք և տարօրինակ հարց եք առաջարկում, ասաց նա, այսքան ժամանակ միասին ենք և նո՞ր եք կամենում ծանոթանալ ինձ հետ։
Ես կարծում եմ ավելի հեշտ է տիեզերքի անսահման տարածությունը չափել, քան մարդկային սրտի խորքերը։ Ինչ մեծ զարմանք է ուրեմն, որ ես այսքան ժամանակ ձեզ հետ լինելով կարողացած չլինիմ ձեզ ճանաչել։
Ես ա՛յն եմ, ինչ որ էի մեր ծանոթության առաջին օրը, և ինչ որ ընդունել էիք մինչև այսօր։
Ես ձեզ ազնիվ մարդ եմ ընդունել։
ԵՎ չեք սխալվել։
Ուրեմն բացատրեցեք, ի՛նչ բան էր Ձորաբաշի եկեղեցում կատարված ընտրությունը։
Նա մի երեցփոխանի ընտրություն էր։
Գիտեմ, բայց այդ ընտրության ժամանակ զեղծումներ և խարդախություններ գործ դրվեցան. մի խեղճ ծերունի բողոքեց այդ բաների դեմ, իսկ դուք, ընդհակառակը, պաշտպանեցիք։
Այո՛, և այդ նրա համար, որ մեր ցանկացած մարդը երեցփոխ ընտրվի։
Ուրեմն այդ զեղծումների և խարդախությունների հեղինակն էլ դուք էիք։
Ոչ, իմ մարդիկը։
Այդ միևնույն է, թե դուք չեք սպանել, այլ սպանողներ եք վարձել։
Բայց ի՞նչ եք ուզում ասել դրանով։
Ուզում եմ ասել, որ այդ տեսակ գործեր անող մարդը իրավունք չունի իրեն ազնիվ անվանելու։
Ես ձեզ վրա չեմ բարկանալ, ինչ խոսքերով էլ որ չվիրավորեք ինձ. չեմ բարկանալ մինչև այն օրը, երբ դուք, վերջապե, կկարողանաք ճանաչել և գնահատել ինձ: Բայց այժմեն իսկ մի խորհուրդ կտամ ձեզ. մի՛ շտապեք վճիռներ արձակել և մի՛ դատապարտեք մարդկանց դեռևս նրանց լավ չճանաչած։ Չէ՞ որ հենց այս րոպեին ասացիք թե՝ ավելի հեշտ է տիեզերքի անսահման տարածությունը չափել, քան մարդկային սրտի խորքերը։
Օգնեցեք ինձ ուրեմն ճանաչել ձեզ. հասկանալ ձեր գործերը և գնահատել։ Ձեր վերաբերմամբ ես թարթափում եմ մի մութ ու խավար մթնոլորտի մեջ. իմ աչքի առաջ զանազան երևույթներ են պատկերանում, ես ձեռքս պարզում եմ նրանց բռնելու և շոշափելու համար, սակայն նրանք անհետանում են անդարձ։
Մոմճյանը ժպտաց։
Դուք գուցե ծիծաղում եք իմ միամտության վրա, շարունակեց երիտասարդը, բայց հավատացեք, որ ես ի սրտե վշտանում եմ, երբ ազնիվ ու բարի ճանաչածս մարդու անազնիվ ու չար լինելն եմ տեսնում։
Գիտե՛ք, բարեկամ, իզուր են Լոյոլային վերագրում այն նշանավոր խոսքը թե' «նպատակը սրբում է միջոցը»։ Աշխարհի ստեղծմանից մինչև այսօր բոլոր ազգերը, տերությունները, իշխանները, ժողովրդի պետերն ու առաջնորդները մեծամեծ գործեր կատարելու, մեծամեծ նպատակների հասնելու համար միևնույն մտքովն են առաջնորդվել, միևնույն ծրագրով են գործել։ Եթե պատմությունը թերթենք, հազարավոր օրինակներ կգտնենք, որոնք այս ճշմարտությունը կհաստատեն։
«Այս այսպես լինելուց ետ, շատ բնական է, որ մեզ նման աննշան մարդիկն էլ, որոնք կոչումն ունին մի ընկած ազգի հառաջադիմության համար գործելու և աշխատելու, միևնույն խոսքն ունենան իրենց նշանաբանը թե՝ «նպատակը սրբում է միջոցը»:
«Ի՞նչ է մեր նպատակը՝ զարգանալ, հառաջադիմել, բարօրության հասնել։ Կարո՞ղ է ժողովուրդը ինքն իրեն հառաջադիմել. ո՛չ. նրան հարկավոր են առաջնորդներ։ Բայց կարո՞ղ են այդ առաջնորդները գործել, օգտակար լինել ժողովըրդին ա՛յն պայմանների և հանգամանքների մեջ, որոնցով շրջապատված է այն դարերից ի վեր. ո՛չ. այդ պայմաններն ու հանգամանքները պետք է կերպարանափոխվել կամ ոչնչացել:Բայց հնարավո՞ր է այդ միանգամից անել, ո՛չ, պետք է աստիճանաբար անել, կասեք դուք։ Բայց նոր ժամանակի ոգին հնությունները կերպարանափոխելու դեպքում աստիճանաբար գործելը քնացնող, թմրացնող և կազմալուծող միջոց է համարում։ Նոր Ժամանակի ոգին չի կամենում, որ մեզ նման երիտասարդ ուժերը անգործ ու անօգուտ նստեն` թմրած ժողովրդի արթնանալուն սպասելով: Ահա՛ այս պատճառով է, որ մենք գործում ենք «նպատակը սրբում է միջոցը» նշանաբանի համաձայն:
«Դուք, երևի զարմացաք, որ Ձորաբաշի եկեղեցում հիսուներեք հոգի միաձայն Սոսոյի տղա Ծղալոբին ձայն տվին. այսինքն զարմացաք և գուցե զայրացաք, որ մենք այդ մարդկանց պատրաստել էինք այդ ձևով գործելու։ Դուք պատրաստության այդ ձևը, իհարկե, անվանում եք անազնվություն, խարդախություն և այլն, բայց նոր ժամանակի ոգին այդպես չէ հասկանում։ Նա ասում է՝ մեզ հարկավոր էր, որ Սոսոյի տղա Ծղալոբը Ձորաբաշի եկեղեցում երեցփոխ ընտրվի։ Մինչև որ մենք աստիճանաբար գործելով՝ կհասկացնենք նրա ընտրողներին մեր հեռավոր նպատակների զորությունը և գիտակցաբար գործել կսովորեցնեինք նրանց, տասնյակ տարիներ կանցնեին, Սոսոյի տղան կմեռներ, իսկ ընտրողները կթաղեին նրան։ Բայց նոր ժամանակի հոգվով գործելով՝ մենք ընտրողներին գրավեցինք, ինչ միջոցով և ճանապարհով որ հնարավոր գտանք, նրանց մեր ձեռքի գործիքը դարձրինք և կատարել տվինք ա՛յն, ինչ որ մենք բարի և օգտակար էինք համարում։ Դրա համար հարկավոր չեղան ո՛չ ժամանակի կորուստ, ո՛չ մեծ աշխատություններ, ոչ զոհաբերություններ։
Բայց մի՞թե մի տգետ, մի ապուշ արհեստավոր երեցփոխ ընտրելով դուք բարի գործ կատարեցիք։
Եթե հարցը արժանավոր երեցփոխ ընտրելուն է վերաբերում, ո՛չ. արժանավոր երեցփոխ չընտրեցինք, բայց ախար մեզ, նոր ժամանակի գործողներիս, երեցփոխի արժանավոր կամ անարժան լինելը չէ հետաքրքրում. մենք գլուխ չենք ցավեցնում այն բանի համար թե՝ եկեղեցին պայծառ են պահում: պահում, թև՞ խավար. թե ջահերը փայլո՞ւմ են, թե՞ ոչ. թե ժողովուրդը հաճախո՞ւմ է եկեղեցի, թե՞ սառել է նրանից և այլն։ Մեզ հետաքրքրողը երեցփոխանի պաշտոնն է, որ կա և որին ոչնչացնել չի կարելի, այդ երեցփոխանը այս և այն հասարակական գործին միջամտում է, ազդեցություն ունի քահանաների և թաղական ժողովրդի վրա. հետևապես ցանկալի է, որ մեր կուսակիցը և բարեկամը լինի։
Թող այդպես լինի. հենց այդ տեսակետից էլ նայեցեք գործի վրա. բայը արժանավոր, խելք ունեցող և գործել իմացող մարդ ընտրեցեք, որ թե ձեզ համար լինի օգտակար և թե եկեղեցու համար։
Սխալվում եք, բարեկամ՝ խելք ունեցողը մեր մարդը չի լինիլ, այլ յուր անձի մարդը, նա մեր ցույց տված ճանապարհով չի գործիլ, այլ յուր կամեցածով։ Միևնույն ժամանակ եկեղեցուն օգտակար մարդը մեզ չի կարող օգտակար լինել որովհետև շատ դեպքերում մեր և եկեղեցու շահերն ընդհարվում են միմյանց։ Մեզ հարկավոր էր մի Սոսոյի տղա և ահա՜ նրան էլ ընտրեցինք։
Սարյանը լուռ լսում էր Մոմճյանի բացատրությունները, բայց կարծես ոչինչ չէր հասկանում։ Երբ վերջինս յուր խոսքն ավարտեց, Սարյանը դեռ ակնապիշ նայում էր նրան՝ սպասելով ուրիշ բացատրությունների:
Մոմճյանը, ընդհակառակը, կարծելով որ ամեն ինչ տեղն ու տեղը հասկացրեց և հավատալով, որ երիտասարդի լռությունը յուր համոզվելու նշանն է, ժպտալով հարցրեց։
Այժմ արդեն գոհ եք իմ բացատրություններից, այնպես չէ՞։
Ձեր բացատրությունների՞ց. ոչ. ես դեռ ոչինչ չեմ հասկացել, պատասխանեց Սարյանը։
Ոչինչ չե՞ք հասկացել, զարմացած բացականչեց Մոմճյանը։
Այո', ոչինչ։
Այդ շատ զարմանալի է. պետք է կարծել ուրեմն, որ աշակերտ եղած ժամանակ շատ նեղություններ եք պատճառել: ձեր վարյապետերին, հեգնական ժպիտով նկատեց Մոմճյանը:
Իմ վարժապետի՞ն. օ՜հ, ոչ: Իմ վարժապետին ես ոչ մի նեղություն չեմ պատճառել, ջերմությամբ հարեց Սարյանը, որովհետև նրա խոսքերը, նրա բացատրությունները միշտ իմ սրտին սիրելի, իմ հոգուն ընտանի են եղել։Որքան էլ նա խրթին բառերով, այլաբանական ձևերով և վարագուրված ակնարկություններով արտահայտեր յուր միտքը, այսուամենայնիվ ես կհասկանայի, որովհետև, ինչպես ասացի. նա իմ սրտի և հոգու հետ էր խոսում։
Իսկ ե՜ս, իսկ իմ խոսքե՞րը...
Օ՜յ, ձեր խոսքերը... թույլ տվեք ասել, պարոն, որ ձեր խոսքերը ինձ համար խորթ, օտար և անհարազատ մտքեր են պարունակում իրենց մեջ. ես նրանց հասկանալ չեմ կարող։
Շատ բնական է, որովհետև գավառացի եք և հայոց թեմական դպրոցի աշակերտ։ Ձեր վարժապետը, անշուշտ, խավար ժամանակի ծնունդներից է, մանավանդ, սխոլաստիկական փտած շկոլայի ստրուկներից մեկն է եղել։ Նա չէր կարող ծանոթացնել ձեզ նոր ժամանակի ոգու և լուսավորության հետ. չէր կարող վարժեցնել ձեզ չփտած մտքեր լսելու և ըմբռնելու և, մանավանդ, հառաջադիմական ուղղության խորհուրդը հասկանալու։ Բնությունը ձեզ շնորհք և ընդունակություն է տվել, բայց խավարի որդիքը արգելել են ձեզ այդ շնորհքից և ընդունակությունից օգտվելու, որովհետև ձեր ուղեղը լցրել են հին ու մաշված մտքերով, նախապաշարմունքներով։ Ես սրտանց ցավում եմ ձեզ համար։
Շնորհակալ եմ ձեր ցավակցության համար, մեղմով ժպտալով պատասխանեց Սարյանը, եթե, արդարև, իմ վարժապետը նկարագրածդ մարդն է եղել և յուր խավարամտությամբ արգելք է դարձել իմ մտքերի զարգանալուն, այդ իհարկե, ցավալի է։ Բայց ես դեռ երիտասարդ եմ և կարող եմ շատ բան սովորել։ «Լավ է ուշ, քան երբեք», ասում է առածը։ Հետևապես ձեզ նման լուսամիտ երիտասարդների բարեկամությունից և խորհուրդներից ես դեռ կարող եմ օգտվել։ Ասացեք ինձ ուրեմն, որո՞նք են նոր ժամանակի ոգին, լուսավորությունը, ազատ մտքերը, հառաշադիմական ուղղությունը, որոնց ես չեմ կարողանում ըմբռնել:
Արդեն բացատրեցի ձեզ։
Բացատրեցի՞ք։ Լավ: Կնշանակե նոր ժամանակի ոգի, լուսավորություն, ազատ մտքեր և հառաջադիմություն ասելով մենք պիտի հասկանանք մտածելու և գործելու այնպիսի եղանակ, որով մարդիկ որոշ նպատակների հասնելու համար բռնաբարում են ժոդովրդի և աննատի կամքը, խիղճը, ազատությունը և արժանապատվությունը. խախտում են նրա հավատը դեպի աստված և մարդիկ, ապականում են նրա բարքը, վարքը և բարոյական սովորությունները...
Ես այդպիսի բան չասացի։
Դուք այդպիսի բան չասացիք, բայց այդպես գործեցիք և ձեր այդպիսի գործը նոր ժամանակի ոգու և լուսավորության արդյունք անվանեցիք:
Տարօրինակ եզրակացության եք եկել:
Ձեր գործը տեսնողը և բացատրությունները լսողը ուրիշ եզրակացության գալ չէր կարող:
Բայց ինչո՞վ ենք մենք ժողովրդի խիղճը և ազատությունը բռնաբարում, ինչո՞վ ենք նրա հավատը խախտում կամ բարքը ապականում։
Նրանով, որ օգուտ քաղելով ամբոխի տգիտությունից՝ պաշարում եք նրա միտքը սուտ և սխալ տեղեկություններով, ծածկում եք նրա աչքերից ճշմարտությունն ու արժանիքը, սիրելի եք դարձնում նրան անպիտանն ու վնասակարը և այդպիսով գործել և ընդունել եք տալիս նրան այն, ինչ որ ինքը չգիտե. չէ հասկանում, չէ ճանաչում։ Այսպես վարվիլը արդյոք Ժողովրդի խիղճը և ազատությունը բռնաբարել չի՞ նշանակում։
«Այնուհետև այդ միևնույն ժողովրդին դուք սովորեցնում եք մտնել աստուծո տունը, այնտեղ, ուր նա սովոր էր մտնել ուղիղ սրտով, հավատով, երկյուղածությամբ, և կատարել եկեղեցու բարեկարգության վերաբերյալ մի գործ։ Բայց ձեր ցանկության և պատվիրանի համաձայն նա այդ գործը կատարում է խարդախությամբ, ստելով, խաբելով, ուրանալով... Այդ հանցանքները ժողովրդի մարդը գործում է աստուծո տան մեջ ազատ֊համարձակ, առանց նույնիսկ աստծուց վախենալու և մարդկանցից ամաչելու։ Եվ այս երևույթը , որ բարեպաշտ ու բարոյական մարդկանց վրդովեցնում է, ձեզ, ընդհակառակը, զվարճություն է պատճառում։
«Արդ, այս օրինակ վարմունքը ժողովըդի հավատը կործանել, կամ նրա վարքն ու բարքը ապականել չի նշանակում»։ Մոմճյանը մի քանի րոպե աչքերը սեղանին սևեռած մնաց լուռ, ապա գլուխը բարձրացնելով, ճակատը շփելով և անտարբեր եղանակով աթոռի վրա ձգվելով պատասխանեց.
Եթե ձեր տեսակետից նայենք գործի վրա, մենք հանցավորներ ենք։ Բայց վաղուց ձեր տեսակետն ու հայացքները հնացել են։ Նոր ժամանակի ոգին ժողովրդի դրական բարօրության մասին է մտածում. հետևապես անօգուտ բարոյականը նշանակություն չունի նրա համար։ Մենք էլ, նոր ժամանակի գործողներս, պարտավոր ենք նոր ժամանակի ոգուն հետևելու։ Հին դարերում ժողովրդի բարոյականը պահպանում էին գերբնական հոգիների մասին ունեցած հավատալիքների զորությամբ, իսկ նոր դարում աշխատում են պահպանել դեպի եղբայրն ու ընկերն ունենալիք փոխադարձ սիրո և հարգանքի զորությամբ։ Ո՞ր կրոնն է ավելի հարգելի. հի՞նը, թե՞ նորը։ Գ՝ուցե հինը սուրբ է ձեզ համար, բայց մենք նորին ենք հետևում։ Երկու ճանապարհներն էլ դեպի Հռոմ են տանում։ Զանազանությունն այն է, որ հին ճանապարհը շատ երկար է և ոլոր֊մոլոր ուղղությամբ է առաջանում, մինչդեռ նորը՝ կարճ է և ուղիղ։ Ամենահասարակ խելք ունեցողն էլ կասե, որ ավելի լավ է նոր ճանապարհով գնալ, քան հին։
Այո՛ , ամենահասարակ խելք ունեցողը, որը պատրաստ խոսքերն ու մտքերն ընդունում է իբրև պատգամներ, առանց նրանց լավն ու վատը քննել կարողանալու։ Բայց ընտիր խելք ունեցողը, զարգացած և ողջամիտ գլուխը կծիծաղե ձեր այդ վարդապետության վրա։ Դեպի եղբայրն ու ընկերը սեր և հարգանք ունենալը հին կրոնի գլխավոր և ընտիր հավատալիքներից մեկն է։
«Սիրեսցես զընկեր քո, իբրև զանձն քո», ասում է տասնաբանյա պատվիրանը։
«Այս է պատվէր իմ, ղի սիրեսջիք զմիմեանս», Յայսմ զիտասին ամենեքեան, թէ աշակերտ իմ էք, եթէ սիրեսցէք զմիմեանս», «Եւ որպէս կամէք թէ արասցէն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք և դուք նոցա»: Այս և սրա նման շատ պատվերներ էլ տալիս է մեզ եկեղեցու հիմնադիրը։ Ուրեմն ձեր նոր ժամանակի ոգին նոր գյուտ չէ արել. նա կրկնում է հինը։ Իսկ դուք, նոր ժամանակի գործողներդ՝ ժողովրդի տգիտությունից օգուտ քաղելով' հինը ծախում եք նրան իբրև նոր ապրանք։
Այդ մոլորեցնելու և հիմարացնելու մի ձև է, որին, ինչպես երևում է, այնքան եք վարժվել, որ ինձ նման մարդուն էլ կամենում եք սխալեցնել. չմտածելով թե՝ ախար մեր դպրանոցում թե ազատ մտքերի և հառաջադիմական ուղղության հետ ծանոթացրած չլինեին մեզ, գոնե ճշմարիտ քրիստոնեության հետ ծանոթացրած կլինեին։ Ուրեմն ի՞նչ միտք ուներ կրոնի կամ բարոյականի անունով վարագուրել իմ առաջ ձեր վարմունքը։
Ա՛յն, որ ձեր աշխարհայեցողությունը շարունակ ոայդ հին առանցքի շուրջն է պտտվում։
Հասկանում եմ։ Ուրեմն ես որ ասում էի թե՝ ձեր խոսքերը ինձ համար խորթ, օտար և անհարազատ մտքեր են պարունակում իրենց մեջ, ի նկատի ունեի հենց ձեր այդ մոլար, այլանդակ և անկերպարան վարդապետությունը, որով աշխատում եք գայթակղեցնել ամեն մի պատահողին։ Բայց խնդրում եմ, մի՛ խոսեք, ինձ հետ այլևս կրոնի և բարոյականի մասին. մի՛ աշխատեք շփոթել իմ միտքը այդ բառերով: Ես արդեն հասկացել եմ ձեզ։ Ձորաբաշի ընտրությունը, որին ականատես եղա, կուսակցություն կազմելու մասին ձեր խըմբադգրած հրահանգը, որը մի ժամ առաջ կարդացիք՝ արդեն համոզել են ինձ, որ դուք կրոնի և բարոյականի մասին մտածող ու հոգացող մարդ չեք։ Անկեղծ եղեք ուրեմն և խոստովանեցեք ինձ. ի՞նչ է ձեր նպատակը, կամ դեպի ու՞ր եք դիմում դուք։
Ես արդեն ասացի ձեզ։ Մեր նպատակը զարգանալ, հառաջադիմել և բարօրության հասնելն է։ Այս նպատակին ձգտելով մենք դիմում ենք դեպի ցանկալի ապագան։
Բայց ինչո՞ւ գործելու այս եղանակն եք ընտրել։ Ինչո՞ւ Ժողովուրդը մոլորեցնելով, նրա բարքն ու վարքը ապականելով եք առաջ գնում։
Որպեսզի այդ բարքի ու վարքի հետ միասին քանդենք, ավերենք և այն թումբերն ու պատվարները, որոնք արգելք են լինում ժողովրդի հառաջադիմության։
Բայց Հին սերունդը ձեր երազած հառաջադիմությանը հասնել չէ կարող, նրա կյանքը կարճ է, ինչու՞ է իզուր տեղը խախտում եք նրա հավատը, հույսը, որոնք նրա կյանքի միակ լուսատու ճրագներն են եղած, որոնցմով նա ապրել, մխիթարվել է, որոնք նրա կյանքի դառնությունները քաղցրացրել են և ձգում եք նրան խավարի և անհայտության մեջ։
Եթե մենք ներկայումս ապրող հին սերնդի վախճանին սպասենք, նոր սերունդը կսկսի հնանալ, երկրորդ սերունդին սպասելով երրորդը կհնանա և այսպես մինչև վերջը: Բայց որպեսզի շուտով ցանկալի նպատակին հասնենք, մի սերունդի կրոնը, բարոյականը և ավանդական սովորությունները պիտի զոհենք ապագային։
Բայց մի՞թե դրանք արգելք են լինում իրագործելու ձեր այն նպատակները, որոնց դուք ազատ, լուսավոր կամ առաջադիմական եք անվանում։
Եթե հին խելքով և նախապաշարմունքով դատենք՝ ոչ. թե աղատ ուղեղով և նոր ժամանակի հասկացությամբ դատենք՝ այո՛ ։
Սարյանը լոեց և էլ հարցեր չէր առաջարկում։ Մենտոր֊Մոմճյանը այժմ նրա աչքում երևում էր իբրև մի անխիղճ հերետիկոս, որից ժամ առաջ փախչելը նա անհրաժեշտ պարտավորություն էր համարում։ Երիտասարդը մինչև անգամ մտածում էր հայտնել Մոմճյանին, որ ինքը հոգով, սրտով, հակառակ լինելով նրա գաղափարներին և գործելու եղանակին, այդ օրվանից իսկ հրաժարվում է իրեն գործակցելուց և թե «Փնջիկ»-ին աշխատակցելուց: Ոայց իբրև հեռատես հայ, մտածելով, որ այդ հայտնությունը նյութականի կողմից ծանր կացության մեջ պիտի դնե իրեն (ըստ որում օտար քաղաքում գտնվելով և ունեցածը արդեն սպառած լինելով, ապրում էր խմբագրության հաշվով), որոշեց մի աո ժամանակ լռել և համբերությամբ հնազանդվել յուր ճակատագրին, մինչև որ մի որևէ հաջող հանգամանք օգներ իրեն ազատվելու այդ ատելի շրջանից, ուր ձգել էր իրեն յուր արդար միամտությունը։
Վերջին միտքը այնքան էր նախապաշարել Սարյանին, որ երբ Մոմճյանը նրա մտախոհ լռությունը տեսնելով հարցրեց թե՝ այժմ ի՞նչ կարծիք ունիք իմ հայացքների մասին, համաձայնու՞մ եք ինձ հետ, թե՞ ոչ, երիտասարդը մեքենայաբար պատասխանեց.
Համաձայնվում եմ: Մոմճյանը ուրախությունից վեր թռավ աթոռից և բարեկամաբար նրա ձեռքը բռնելով բացականչեց.
Շնորհակալ եմ. իմ հույսերը արդարացրիք: Ձեզ հետ միասին ես այսուհետև սարեր կշարժեմ։
Սարյանը գիտակցության եկավ, յուր սխալը հասկացավ, բայց չկամեցավ Մոմճյանի ուրախությունը խանգարել:
Վերջինս աթոռը առաջ քաշելով նստեց Աարյանի կողքին և մի տեսակ գգվող ու փաղաքշող ձայնով յուր խոսքը շարունակեց.
Այժմ, սիրելիս, մեր խմբագրական խորհուրդը ավարտելու համար մնում է բացատրել երկու կետ. առաջին այն՝ թե ինչու ժողովի ժամանակ, երբ դուք խոսել սկսեցիք, ես դիտմամբ ընդհատեցի ձեզ և երկրորդ թե ո՞րն էր իմ խմբագրած հրահանգի 10֊րդ հոդվածը, որը ես խմբագրական Ժողովի առաջ չկարդացի։
եվ իրավ, 10-րդ հոդվածը խոստացաք ինձ հետ կարդալ կարծեմ, քնից արթնացած խոսեց Սարյանը։
Այո՛ , իսկույն, իսկույն։
Բայց նախ առաջին կետի մասին խոսենք։
Ձեզ ընդհատելուս պատճառը, բարեկամ, այն էր, որ ես դեռ չէի ծանոթացրել ձեզ մեր ժողովի անդամների հետ այնպես, ինչպես որ վայել էր։ Ամեն անգամ, որ նրանցից մեկը կամ մյուսը խոսում էր, ես տեսնում էի, թե ինչպես ծաղրական Ժպիտները խաղում էին ձեր շրթունքների վրա։ Զեգ հետ միասին ծիծաղում էի և ես, բայց խոսելու և բացատրություններ տալու տեղը չէր։ Այժմ ձեզ պիտի խոստովանեմ, որ այդ միամիտ, տդետ և անփորձ երեխաներին ես դիտմամբ եմ հահավաքում այստեղ։ Պատճառը հարգելի է։ Նրանցից ամեն մինը յուր տգիտության համահավասար փառասիրություն ունի: Ես նրանց «Փնջիկ»-ի աշխատակիցներ եմ անվանում, թեպետ նրանցից և ոչ մեկը երկու տող բան գրել չէ կարող. բայց աշխատակից անունը գգվում է նրանց անմիտ փառասիրությունը. և նրանք թերթի համար խելագարի պես աշխատում են: Նրանցից յուրաքանչյուրը ունի ազգականների ու բարեկամների ահագին շրջան, որոնց միջից շարունակ բաժանորդներ են որոնում մեզ համար։ Նրանք ունին և ընկերներ ու ընկերուհիներ, որոնց հետզհետե գրավում են դեպի մեզ և նրանց էլ նույն ծառայությունն են անել տալիս։ Դրանք մեր ներքին կառավարության մեջ ձրիաբար գործակատարի պաշտոն են կատարում և միակ ռոճիկը, որ ստանում են, այդ աշխատակից անունն է, որ ես տալիս եմ նրանց։
Սարյանը ծիծաղեց:
Հապա, այդ էր պատճառը, որ ես չկամեցա նրանց ներկայությամբ վեճի բռնվել ձեզ հետ։ Ախար նրանք մեր խելոք մտքերի արժեքը չէին կարող հասկանալ. մեջտեղ այն վնասը կունենայինք, որ նրանց համարումը կպակասեր դեպի ինձ կամ դեպի ձեզ։ Այժմ որ այս գաղտնիքը բացատրեցի ձեզ, հարկավ, էլ զգուշանալու կարիք չեմ ունենալ։
«Ինչ մեր հրահանգի 10-րդ հոդվածին է վերաբերում, այդ այն է, բարեկամ, որ թե՛ «Փնջիկ» թերթը և թե՛ նրա կուսակցություն ունին միայն մի աոաջնորդ և մի դրոշակիր: Դրանց անպայման պիտի հատևեն և հնազանդն թե՛ թերթը յուր աշխատակիցներով և թե՛ կուսակցական մարմինը յուր բազմաթիվ ու բազմազան անդամներով։
Ո՞վ է առաջնորդը և ո՞վ դրոշակիրը, Հարցրեց Սարյանը։
Առաջնորդը ես եմ, իսկ դրոշակիրը՝ դուք...
Մոմճյանը վերջին խոսքը հանդիսավոր եղանակով արտասանելուց ետ, հարցրեց՝ համաձա՞յն եք։
Համաձայն եմ... ասաց Սարյանը այնդպիսի մի ձայնով, որ կարծես ատած փեսացուի հետ պսակվող հարսն էր խոսողը։ Մոմճյանը մտերմաբար բռնեց յուր դրոշակրի ձեռը և ջերմությամբ սեղմելով բացականչեց։
Ապրենք և գործենք միասին, ներկան թող մերը լինի, ապագան մեր հաջորդներինը։
Այս հանդիսավոր բացականչությունից հետո աոաջնորդ Մոմճյանը ողջունեց յուր նորընծա դրոշակրին և հեռացավ։
ԺԶ
ԱՆԼՈԻԾԵԼԻ ՀԱՆԳՈԻՅՑԸ ԼՈԻԾՎՈԻՄ է
Անցան մի քանի օրեր։ Վահանը առաջվա պես աշխատում էր «Փնջիկ»֊ի խմբագրատանը, բայց միշտ տխուր և մտախոհ։ Տիկին Մարթայի գուրգուրանքը և օրիորդ Շուշանի սիրապատար ծառայություններն անգամ անկարող էին լինում ցրել ա՛յն վիշտը, որը պատճառել էր նրա քնքուշ սրտին վերջին օրերի հիասթափությունը։ Այն միտքը թե՝ յուր նյութական անապահով վիճակը ստիպում է իրեն դեռ երկար աշխատել յուր չսիրած շրջանում, ավելի ևս տանջում էր նրան։
Այժմ միայն նա խոստովանեց, որ յուր հայրը իրավունք ուներ խորհուրդ տալու իրեն նախ ծառայության մտնել՝ ասելով որ «կարոտությունը ամեն երկրում էլ ճնշում է մարդկանց և նրանց առաջ գնալու ճանապարհները փակում...»։ Թեպետ դեռ ուշ չէր և այժմ էլ նա կարող էր ծառայության մտնել, բայց հորը գրած յուր այն նամակը, որի մեջ պարծենում էր թե՝ «գոհ եմ, որ իմ երիտասարդական անփորձությունը տեղի չտվավ ձեր խոհական փորձառության, հակառակ դեպքում ես տասնյակ տարիներով ետ կմնայի և գործելու գեղեցիկ ասպարեզը փակ կմնար իմ առաջ...», այն խոսքերը թե՝ «ես չսխալվեցա, Թիֆլիս մտնելու երրորդ օրն արդեն իմ առաջ բացվեցավ գործելու ասպարեզ և ընդնմին առաջարկվեց ինձ արդյունավոր պաշտոն և այլն», ստիպում էին Վահանին կրել և համբերել: Ներքին ինքնասիրությունը թույլ չէր տալիս նրան գործով խոստովանել յուր անփորձությունը և այն զղջումը, որին ենթարկվել էր այդքան կարճ միջոցում։ Մի օր այս մտքերի մեջ խորասուզված նստած էր Վահանը յուր սենյակում, երբ օրիորդ Շուշանը ներս մտավ ձեռքին մի ծրար։
Ձեզ մի նամակ եմ բերում, ասաց նա, որը անշուշտ կնոջ կամ աղջկա գրած է, եթե ձեր քույրը չլինի գրած, պետք է չարաչար... օրիորդը չկարողացավ խոսքը ավարտել:
Ո՞ւր է, տվեք տեսնեմ, տեղից վեր թռչելով ասաց Վահանը և նամակը գրեթե խլեց օրիորդի ձեռքից:
Կամաց. ի՞նչ եք շտապում. նամակ ստանալու մեջ է՞լ եռանդ է հարկավոր:
Եռանդ ամեն բանի մեջ է հարկավոր. բայց այս նամակը... օ՜հ, շնորհակալ եմ, ինչպե՜ս անհամբերությամբ սպասում էի... ասաց երիտասարդը և գրեթե դողացող ձեռքերով սկսեց ծրարը բանել:
Ձեր քրոջից չէ՞, հետաքրքրությամբ հարցրեց Շուշանը։
Որտեղի՞ց գիտեք, որ աղջկա գրած է, հարցրեց Վահանը աչքերը նամակի վրայից չհեռացնելով։
Ծրարի վրա գրածից ճանաչեցի. աղջկա գրած տառերը հատ֊հատ և նիհար են լինում։
Այո՛, աղջկա գրած է, բայց իմ քրոջից չէ, ժպտալով պատասխանեց Վահանը և շարունակեց նամակը կարդալ:
Աղջկա գրած է, բայց ձեր քրոջից չէ՞... հարցրեց կրկին օրիորդը և մի քայլ առաջանալով սկսեց նախանձոտ աչքերով դիտել նամակը, աշխատելով իմանալ, թե ո՞վ է այն աղջիկը, որ յուր փեսացուին նամակ է գրում։
Փակագծերի մեջ պիտի ասենք, որ վերջին օրերը օրիորդը կատարելապես համոզվել էր, որ Վահանը արդեն յուր սեփականությունն է, թեպետ երիտասարդը քնքուշ ու քաղաքավար հարաբերությունից զատ ուրիշ բանով առիթ չէր տվել օրիորդին այդ սիրելի համոզմունքին գալու։
Այո՛, աղջկա գրած է... մեքենայաբար կրկնեց երիտասարդը և շարունակեց ընթերցումը։
Բայց ո՞վ է այդ աղջիկը, ձեր ազգակա՞նն է։
Երիտասարադը չպատասխանեց. նա զբաղված էր հետաքրքիր ընթերցանությամբ, որից յուր դեմքի գույնը զանազան փոփոխություններ էր ստանում. մերթ պարզվում, պայծառանում էր, մերթ մթագնում կամ թեթև շառագունում:
Ուրեմն ինձ չե՞ք կարող ասել, թե ո՞վ է աղջիկը, հարցրեց կրկին Շուշանը:
Այս ազջի՞կը... մեքենայաբար շշնջաց Վահանը՝ ընթերցումը շարունակելով։
Այո՛, այդ աղջիկը։
Երիտասարդը լուռ էր։
Հապա ասացեք, ո՞վ է այդ աղջիկը։
Իսկույն։
Օրիորդը համբերությունից դուրս էր գալիս, բայց չէր համարձակվում ավելի թախանձել։
Վերջապես Վահանը նամակը ավարտեց և ուրախ ու ժպտադեմ ծալելով նրան ծոցը դրավ։
Այժմ հո կարո՞ղ եք ասել, թե ով է այդ աղջիկը։
Այո՛, այո՛, կարող եմ ասել, բայց դուք ինչո՞ւ այդքան հետաքրքրվում եք։
Հետաքրքրվում եմ նրա համար, որ եթե... բայց ինչպե՞ս ասեմ, առաջ հայտնեցեք տեսնեմ, թե ո՞վ է այդ աղջիկը։
Ենթադրենք թե անունը ասացի. դուք հո նրան չեք կարող ճանաչել։
Բայց նա ձեր ազգակա՞նն է, թե օտար է։
Ա՞յդ ինչու հարկավոր է ձեզ իմանալ։
Եթե ձեր ազգականը չլինի...
Ի՞նչ։
Չարաչար կնախանձեմ... արագ արտասանեց Շուշանը։
Կնախանձե՞ք... զարմացած, բայց լուրջ եղանակով հարցրեց երիտասարդը։
Այո՛, կնախանձեմ. մի՞թե չգիտեք որ...
Ի՞նչ։
Որ ես..
Դուք ի՞նչ։
Բայց մի՞թե իրավունք կտաք ասելու։
Խնդրեմ, խնդրեմ, խոսեցեք ազատ, ինչ կամենում եք։ Որ էս սիրում եմ ձեզ... արտասանեց օրիորդը աչքերը գետին խոնարհելով և մինչև ականջները ջառագունելով:
Վահանը մնաց ապշած և աչքերը օրիորդի վրա հառած' չգիտեր ինչ պատասխանել։ Շուշանը նույնպես լուռ էր. նա սեղանի կողքին հենված մեքենայաբար քերում էր եղունգներով նրա երեսը կամ մահուդի վրա մատերով շրջանակներ էր նկարում։ Երկար լռությունից հետո վերջապես Վահանը նկատեց։
Ձեր հայտնությունը, օրիորդ, անսպաս նորություն էր ինձ համար։
Նորությո՞ւն, հարցրեց վերջինս աչքերը սեղանից չհեռացնելով։
Այո, կատարյալ նորություն։
Ցավում եմ. բայց ես կարծում էի, որ դուք այդ արդեն գիտեք։
Ոչ, օրիորդ, եթե գիտենայի, անկեղծորեն կխնդրեի ձեզ, որ այդպիսի զգացմունքներ չտածեք ինձ համար։
Ինչո՞ւ։
Որովհետև ես արժանի չեմ ձեր այդ օրինակ մտերմությանը։
Թե որքան արժանի եք, այդ ինձ թողեք դատելու։ Դուք բուն պատճառը հայտնեցեք, կեղծելը ձեզ չի սազում։
Բուն պատճառը։
Այո՛,
Բուն պատճառը, օրիորդ, այն է, որ եթե դուք մինչև անգամ խելագարված սիրելու լինիք ինձ, դարձյալ ես չեմ կարող ձեր զգացմունքները բաժանել...
Այ, հիմա անկեղծ եք խոսում։ Արդարև, ձեզ կարող էր գրավել մի շատ գեղեցիկ, հարուստ, զարգացած և ամեն բանով երևելի աղջիկ, բայց ե՞ս... իհարկե, ինձ նման խեղճ աղջիկը ո՞ւմ կարող է գրավել... այս խոսքերի հետ օրիորդի աչքերը արտասուքով լցվեցան և նա երեսը շուռ տվավ դեպի պատուհանը, որպեսզի երիտասարդը յուր արտասուքը չտեսնե։
Սխալվում եք, օրիորդ, շատ եք սխալվում. դուք մի ազնիվ աղջիկ եք, և շատերը կարող են ձեզ սիրել։ Ամենալավ երիտասարդի համար դուք արժանավոր հարսնացու եք: Ես ևս ինձ բախտավոր կհամարեի, եթե ձեզ սիրելու իրավունք ունենայի...
Իրավո՞ւնք...
Այո՛։
Ո՞վ է այդ իրավունքը խլում ձեզանից հարցրեց օրիորդը աչքերը երիտասարդի վրա սևեռելով։
Նա, ով այս նամակը գրել է ինձ, պատասխանեց Վահանը ձեռքով ցույց տալով ծոցը, ուր գտնվում էր նամակը։
Դուք ուրեմն նշանվա՞ծ եք։
Ոչ. բայց եթե աստված կամենա, կնշանվենք։
Ո՞վ է այդ աղջիկը,
Մի ազնիվ հոգի, որ մի օր իմ աշակերտուհին էր։
Դուք ուրեմն սիրում եք նրան։
Ես նրան պաշտում եմ. նա իմ սրտի թագուհին է, եռանդով պատասխանեց երիտասարդը։
Օհ, մի՛ ասեք այդ բանը, գոնե մի տանջեք ինձ, վշտահար նկատեց օրիորդը և երեսը շուռ տվավ նրանից։
Վահանը զգաց յուր սխալը, բայց էլ ուղղել չէր կարող։
Ներեցեք ինձ, օրիորդ, ես ակամա ձեր քնքուշ սիրտը վշտացրի, ասաց նա:
Շուշանը չպատասխանեց։ Մի քանի րոպե մնաց անխոս և ապա հանկարծ դեպի երիտասարդը դառնալով ասաց.
Գիտեի՞ք, ես ձեզ չեմ հավատում և կարծում եմ, որ սուտ պատճառաբանությամբ փախուստ եք տալիս ինձանից։ Եթե անկեղծ մարդ եք, հապա, կարդացեք ինձ մոտ այդ նամակը, ձեր հարսնացուն հո այնպիսի գաղտնիքներ չի լինիլ գրած, որը դուք ձեզ սիրող մի աղջկա չկարողանաք հայտնել։
Ես իմ կյանքում միշտ ատել եմ ստությունը, և այժմ էլ զուտ ճշմարտություն էր խոսածս։ Բայց եթե դուք կասկածում եք, ես կկարդամ այս նամակը, նրա մեջ ծածկելու գաղտնիք չկա. լսեցեք։ Այո ասելով Վահանը ձեոքը ծոցը տարավ և նամակը հանելով սկսեց կարդալ։ «Ազնիվ բարեկամ.
«Ձեր առաջին նամակին մայրս պատասխանեց, երկրորդին ես եմ պատասխանում, ըստ որում նա ինձ հանձնեց այժմ այդ պաշտոնը, առարկելով, որ աչքերի տկարությունը չի ներում իրեն գրությամբ զբաղվել։ Թեպետ ցավ է ինձ համար տեսնել, որ մայրս դեռ առույգ հասակում տեսության տկարություն ունի, այսուամենայնիվ առանձին սիրով պիտի վարեմ այսուհետև ստանձնաձս պաշտոնը, հուսալով, որ դրանով առիթ կունենամ ստիպել Ձեզ հաճախ մեզ հիշելու և նամակ գրելու։
Մայրս յուր նամակում չկամեցավ նկարագրել Ձեզ միայնության այն ծանր տխրությունը, որ պատճառեցիք մեզ Ձեր հեռանալով։ «Չպետք է վատացնել նրա քնքուշ սիրտը», ասում էր նա։ Բայց ևս կարծում եմ, որ Ձեզ համար հետաքրքրական կլիներ իմանալ, թե ի՞նչ չափով, արդյոք, զգալի դարձավ մեզ Ձեր բացակայությունը։ Դժբախտաբար մարդկային լեզուն անկարող է լինում շատ անգամ զգացմունքների չափը սահմանելու, և եթե երբեմն կարողանում է, այսուամենայնիվ, չէ վստահանում գրչին հանձնելու։ Ես ևս ավելին չասելու համար այսքանը միայն կնկատեմ, որ Ձեր անջատումը ամեն զրկանքներից ավելի ցավ պատճառեց մեր սրտին։ Ի՞նչ է զգում հարուստը, երբ հանկարծ աղքատանում է, կամ ընկերասեր մարդը, որին փակում են մենավոր խուցում։ Ահա՛, այդ զգացմունքն էր պաշարել և մեզ Ձեր հեռանալուց ետ։ Անձամբ փորձեցինք, թե որքան դժվար է աշխարհում միայնակ մնալ։ Ընկերներ, բարեկամներ, իհարկե, ամեն տեղ կան, բայց սրտի և հոգվո ընկեր, մտքի և գաղափարի բարեկամ որոնել այս քաղաքում՝ փշից խաղող սպասել կնշանակե։ Այդ էր պատճառը, որ դժվարաթյամբ էինք հաշտվում մեր միայնության հետ։
Առանձին հաճությամբ կարդում ենք Ձեր բարեկամ Մոմճյանի մասին գրածներդ, որին սիրում եք Ձեր Մենտորն անվանել։ Երանի՜ Ձեզ, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, ուր աոաջին քայլափոխում Մոմճյանի նման ազնիվ, լուսամիտ և հայրենասեր երիտասարդին եք հանդիպում. այնպիսի հասարակության, ուր Մոմճյանի նմանները բազմաթիվ են «և յուրաքանչյուր ցանկացող՝ մինին յուր համար Մենտոր, մյուսին՝ առաջնորդ կարող է ընտրել։ Մենք, դժբախտաբար, մի հատ ունեինք այդպիսին՝ նրանից էլ զրկեցիք մեզ։
Բայց «Չիք չարիք՝ առանց բարեաց», ասում է առածը։ Ձեր անջատումը մի այնպիսի հանգամանք առաջ բերավ, որը թե՛ մեր մենավոր կյանքի մեջ հետաքրքրական փոփոխություն մտցրեց և թե իմ անձնական հառաջադիմությանը որոշ օգուտ պիտի բերե։ Այդ ա՛յն է, որ ես, վերջապես, ընդունեցի տեղվույս օրիորդական դպրոցի հոգաբարձության հրավերը, նույն դպրոցում հայոց լեզու դասախոսելու։ Ինչպես գիտեք, այդ հրավերը մի քանի անգամ արդեն արել էին ինձ, բայց ամեն անգամ էլ դժվարացել էի ընդունելու՝ վստահ չլինելով իմ ուժերի վրա։ Չնայելով, որ Դուք իրավացի կերպով նախատում էիք իմ երկչոտությունը և ստիպում ինձ աշխատել հեռացնել ինձանից այս անվստահության հոգին, ասելով, որ նա ապագայում շատ կարող է վնասել ինձ, այսուամենայնիվ, ես սիրտ չէի անում։ Բայց հենց որ Դուք հեռացաք, հենց որ միայնությունը պաշարեց ինձ, ես այդ հրավերը ընդունեցի։ Այս համարձակ քայլը անել տվավ ինձ Ձեր առաջին նամակը։ Երբ իմացա, որ Դուք արդեն «Փնջիկ»-ի խմբագրության մեջ գլխավոր աշխատակցի և քարտուղարի պաշտոն եք ստանձնել՝ «ես ինչո՞ւ չգործեմ, ես ինչո՞ւ ուժերս չփորձեմ» մտածեցի ինքս ինձ և ոգի առի։ Երկու օրից ետ արդեն վարժուհու պաշտոնում էի։
Այս նոր պարապմունքս հոգեկան զվարճություն և սրտի անդորրություն է պատճառում ինձ։ Մանավանդ երբ տեսնում եմ, որ ուժերս բավականանում են ոչ միայն ստանձնածս պաշտոնը արժանավորապես վարելուն, այլև պաշտոնակիցներիս օգնելուն։ Մայրս նույնպես ուրախ է, որ ես վարժուհի եմ արդեն, որովհետև իմ այդ կոչումը՝ յուր մայրական ազնիվ փառասիրությունը գգվելուց զատ, այն օգուտն էլ ունի, որ շատ անգամ դպրոցից նորանոր տեղեկություններ եմ բերում իրեն, ուսուցչական կամ հոգաբարձուական նորությունների պատմություններն եմ անում և այդպիսով յուր մենավոր կյանքի տխրությունը մասամբ փարատում եմ։ Վերջին հանգամանքը մանավանդ ինձ ներքին գոհունակություն է պատճառում։
Հույս ունիմ, Դուք ևս հաճությամբ պիտի կարդաք Ձեզ հաղորդածս այս նորությունը, ըստ որում իմ վարժուհի լինելը ՁեՐ էլ ցանկությունն էր»։
Նամակի վերջում օրիորդ Աշխենը ողջունում էր Վահանին յուր և մոր կողմից և ավելացնում մի քանի տեղեկություններ իրենց ընտանեկան գործերի վերաբերմամբ։
Երբ Վահանը նամակի ընթերցումն ավարտեց, Շուշանը հարցրեց։
Ա՞յդ է բոլորը:
Այո՛, օրիորդ, այս է բոլորը։
Տեսա՞ք. ուրեմն ես իրավունք ունեի կասկածելու ձեր ճշմարտախոսության վրա, բացականչեց օրիորդը։
Ինչպե՞ս. զարմացած հարցրեց երիտասարդը։
Դուք ասում էիք, որ այդ աղջիկը ձեր հարսնացուն է, որ դուք նրան սիրում եք և այլն։ Բայց ո՞ւր է: Այդ ահագին նամակի մեջ սիրո մի խոսք անգամ չկա։
Այս նամակի՞ մեջ. այո՜. սիրո խոսքեր չկան և չէին կարող լինել:
Ինչո՞ւ. եթե այդ աղջիկը սիրում լիներ Ձեզ, ինչպե՞ս կարող էր յուր նամակի մեջ գոնե մի քանի սիրահարական խոսքեր չգրել:
Այս օրիորդը Ձեր ճանաչած օրիորդներից չէ: Նա եթե խելագարվելու չափ էլ սիրահարված լիներ ինձ վրա, դարձյալ թույլ չէր տալ իրեն՝ սիրահարական զրույցներ գրելու յուր նամակում։
Եթե խոսքով այդ զրույցներն անում է, ի՞նչ կա, որ նամակով էլ անե. մի՞թե սիրելը հանցանք է։
Սիրելը հանցանք չէ. բայց այս օրիորդը նույնիսկ խոսքով չի արտահայտել ինձ յուր սերը։
Հապա ինչպե՞ս իմացաք, որ նա սիրում է Ձեզ։
Ես չասացի, թե նա սիրում է ինձ. այլ թե՝ ե՛ս եմ նրան սիրում։
Ի՞նչ դուրս եկավ դրանից։ Այն, որ եթե իմ սիրտը նվիրված է նրան, ապա ուրեմն ուրիշին սիրել չէ կարող։
Ի՞մ մասին է Ձեր խոսքը։
Այո՛, օրիորդ։
Եվ այդ Ձեր վերջի՞ն խոսքն է։
Այո։ Բայց խնդրում եմ, մի՛ նեղանաք ինձանից։ Դուք մինչև անգամ շնորհակալ պիտի լինիք, որ ես ամեն ինչ անկեղծությամբ խոստովանում եմ Ձեզ։ Մի ուրիշը, գուցե, ի չարը գործ դներ Ձեր մտերմական խոսակցությունը։ Բայց ես այդ մարդիկներից չեմ։ Ինչպես առաջ, նույնպես և այսուհետև ես պատիվ կհամարեմ ինձ լինել Ձեր անձնվեր եղբայրը, հարազատը: Սակայն փեսացու լինել անկարող եմ։ Պատճառը Ձեզ հայտնեցի, և Դուք, հույս ունիմ, կհամաձայնվիք ինձ հետ։
Շուշանը լուռ և գլխակոր լսում էր երիտասարդին։ Երբ նա ավարտեց, սա աչքերը վեր առավ, նայեց Սարյանի վրա մի այնպիսի հայացքով, որով կարծես կամենում էր ասել թե՝ ինչո՞ւ այդքան անգութ եք։ Վերջը տխուր ձայնով խոսեց.
Ուրիշ ի՞նչ կարող եմ անել՝ եթե չհամաձայնվեմ։ Ես մի դժբախտ աղջիկ եմ և սիրելու էլ իրավունք չունիմ։ Միայն թե խնդրում եմ, որ իբրև ազնիվ մարդ, պատվո խոսք տաք ինձ չհայտնել ոչ ոքի այն խոստովանությունը, որն արի Ձեզ, իբրև իմ սիրած երիտասարդին։
Խոսք եմ տալիս, որ ձեր խոստովանությունը ինձ հետ միասին գերեզման տանեմ, եռանդով պատասխանեց Սարյանը:
Հավատում եմ ձեզ... շնորհակալ եմ. ասաց օրիորդը նվաղած ձայնով և գլխակոր ու մոլար քայլերով դուրս գնաց երիտասարդի սենյակից։
Սարյանը մի քանի րոպե մնաց անշարժ և աչքը դռան վրա սևեռած։ Ապա զարմացական եղանակով գլուխը շարժելով ինքն իրեն սկսեց մտածել թե՝ ի՞նչ տարօրինակ նորություն էր այս, որ այդ աղջիկը հաղորդեց իրեն։ Նա երբեք չէր կարող երևակայել թե՝ Շուշանի նման համեստ ու լռակյաց աղջիկը, որի հետ հազիվ մի ամիս էր ինչ ծանոթացել էր, և որին ինքը ոչնչով առիթ չէր տվել իրեն մոտենալու կամ մտերմանալու, հանկարծ սիրո խոստովանություն կաներ իրեն։ Երիտասարդը զարմանում էր և ոչնչով չէր կարողանում արդարացնել նրա վարմունքը։ Երկար մտածելուց ետ վերջը եկավ այն եզրակացության թե՝ երևի Թիֆլիսում, իբրև լուսավորված երկրում, այս տեսակ խոստովանություններ անելը ընդունված բան է։ Եվ, ահա՝ հենց այս առիթով, նա նորից հիշեց օրիորդ Աշխենին, հիշեց, որ ինքը այնքան ժամանակ նրա հետ մոտիկ, մտերիմ էր եղած, բայց երբեք նրա շրթունքների վրա մի անտեղի կամ անհամեստ ժպիտ չէր նշմարած, երբեք այդ շրթունքներից մի անզգույշ խոսք չէր լսած։ Հիշեց մի առ մի նրա կատարելությունները և համեմատեց նրան, այն գավառացի աղջկան՝ լուսավորված երկրում ապրող այս օրիորդի հետ... Աշխենը նրա աչքում երևաց իբրև մի հոյակապ հրաշակերտ, իսկ սա մի ողորմելի ոչնչություն, որի վրա մտածելն անգամ արժեք չուներ։ Այս էր պատճառը, երևի, որ երիտասարդը նորից հանեց սիրած աղջկա նամակը, երկրորդ անգամ կարդաց և շրթունքների վրա սեղմելով կրկին և կրկին անգամ համբուրեց...
Հենց այն միջոցին, որ Սայանի սենյակում օրիորդ Շուշանը յուր անհաջող սիրո խոստովանությունն էր անում, տիկին Մարթան յուր առանձնարանի թախտի վրա՝ ձեռքը մութաքին հենած՝ ձգված էր և զանազան ծրագիրներ էր կազմում յուր աղջկա ամուսնության գործը շտապեցնելու համար։ «Երիտասարդներ են, մտածում էր նա ինքն իրեն, լավ չէ որ երկար ժամանակ սիրահարված մնան։ Ո՞վ գիտի, ի՞նչ կարող է պատահել, ժողովրդի խոսելու առիթ չդառնանք, թշնամիներին չուրախացնենք, կարող է պատահել, որ մինչև անգամ Վահանին մեր ձեռքից խլեն, մոցիքուլները ամեն տեղ մտնում, ամեն տեղից հոտ են առնում։ Ուրեմն, քանի տղան մեր ձեռքումն է, գլուխը կապենք, վերջացնենք...»։
Դարձյալ փակագծի մեջ պիտի ասեմ, որ տիկին Մարթան նույնպես համոզված էր, որ Վահանը յուր աղջկա սիրով այրվում, տոչորվում է։
Թիֆլիսում արդեն այն սովորությունը կա, որ թե մի պսակվող երիտասարդ (գլխավորապես գավառացի), անզգուշություն է ունենում մի որևէ հարսնացուի մասին մեկից մի տեղեկություն հարցնելու և այդ լուրը հասնում է աղջկա ծնողների կտմ ազգականների ականջին, իսկույն նրանք տակն ու վրա են լինում, այստեղ են վազում, այնտեղ են վազում, հարցնող երիտասարդի մասին մանրամասն տեղեկություններ են հավաքում, հրատարակում են թե՝ այո ինչ տղան մեր աղջիկն ուզում է. միջնորդներ են ղրկում փեսացուի մոտ հարցնելու համար, թե ի՞նչ ձևով է ուզում, որ պսակը կատարվի. արդյոք խնջույքը ի՞նքն է սարքում, թե՞ կամենում է, որ իրենք՝ աղջկա տերերը սարքեն և այլն և այլն:
Տեղեկություններ հարցնող երիտասարդը, մանավանդ եթե գավառացի է, մնում է ապշած, զարմացած և ինքն իրեն հարցնում է թե՝ արդյոք ե՞րբ է այս աղջկա ծնողներին առաջարկություն արել, երբ են նրանք իրենց համաձայնությունը հայտնել, ե՞րբ է ինքը նշանվել, որ այժմ էլ պսակվելու կամ խնջույք սարքելու հանգամանքներն են կամենում որոշել։ Երկար մտածելուց ետ խեղճը երբեմն գալիս է այն եզրակացության թե՝ երևի այդ բոլորը կատարվել է, բայց ինքը մոռացության հիվանդություն ունի և չէ հիշում։ Թիֆլիցի փորձված երիտասարդները, իհարկե, այդպես չեն մտածում, նրանք կամ միջնորդների հետ առևտուր են անում, կամ նրանց ուղղակի դուրս են վռնդում տանից։
Եթե մի երկրում անմեղ տեղեկություն հարցնող երիտասարդին արդեն նշանված են ընդունում, մի՞թե տիկին Մարթան իրավունք չուներ Սարյանին յուր աղջկա սիրահարն ու նրա անբռնաբարելի փեսացուն համարելու, քանի որ այդ երիտասարդն ամբողջ ամիս էր ինչ ապրում էր իրենց տանը, ուտում, խմում էր, քաղցր զրույցներ էր անում յուր աղջկա հետ, իսկ այս բոլոր զվարճությունների համար նա դեռ կոպեկ չէր վճարել, որովհետև տիկին Մարթան նրան յուր փեսացու հաշվելով՝ հարմար չէր գտել, որ մինչև պսակվելը բնակարանի կամ ուտեստի վարձ պահանջե նրանից։
Տիկինը դեռ այո մտածմունքով էր զբաղված, երբ Շուշանը հանկարծ սենյակի դուռը բանալով ներս ընկավ և յուր ետևից դուռը շրխկացնելով փակեց։
Ի՞նչ է պատահել, տեղից վեր թռչելով հարցրեց մայրը։
Ի՞նչ չի կարող պատահել քո տան, այս քուչի ասա։
Շուշանը լուռ էր։
Քեզ չե՞մ հարցնում, կրկնեց մայրը։
Ի՞նչ ես հարցնում։
Հարցնում եմ, թե ի՞նչ է պատահել։
Այն է պատահել, որ քո Մոմճյանը ավազակի մեկն է։
Մոմճյանի հե՞տ ինչ ունիս։
Նա չէ՞ր ասում, թե ինձ համար Հարուստ ու գեղեցիկ փեսացու է գտել։
Հա՛, ի՞նչ կա որ...
Ա՛յն կա որ, անամոթաբար խաբել է թե՛ քեզ և թե՛ ինձ։
Ինչպե՞ս։
Այնպես է՛լի. խաբեց, որ Մովսիսյանին դուրս անենք այստեղից։
Ինչե՞ր ես խոսում. հապա Վահանին նրա տեղ չբերե՞ց։
Բերեց. ո՞վ է ուրանում. բայց Վահանը քո աղջկա վրան իսկի չէ էլ թքում։
Ի՞նչ ես ասում։
Ի՞նչ պիտի ասեմ։ Նա արդեն սիրում է ուրիշ աղջկա և նրա վրան էլ պիտի նշանվի։
Ո՜րտեղից գիտես։
Հենց կես ժամ առաջ նրա մոտ էի. ինքս տարա այդ աղջկա գրած նամակը, բացավ, կարդաց, և ինչ որ հարկավոր էր, ինձ իմացրեց։
Ինչպե՞ս կարող է համարձակվել... Ո՞վ բաց կթողնի նրան, զայրացած բացականչեց տիկին Մարթան. ինձ Սերոբենց Մարթա կասեն. դատարան քարշ կտամ նրան, բանտ կնստացնեմ...
Կամաց,կամաց մի գոռար, դու նրան ոչինչ էլ չես կարող անել:
Ոնց թե չեմ կարող անել։
Իհարկե չես կարող և իրավունք էլ չունես:
Ինչպե՞ս թե իրավունք չունեմ։
Այնպես էլի՛, իրավունք չունես. նա հո քեզ չէ ասել, թե աղջիկդ պիտի ուզեմ. նա հո քեզ ստորագրություն չէ՞ տվել։
Մոմճյանը մեռե՞լ է, նրան չէ՞ միջնորդ ղրկել ինձ մոտ, նա՞ չէր որ ամբողջ ժամերով այստեղ նստած յուր գովասանքներն էր անո՞ւմ... Նա չէ՞ր, որ ասում էր թե՝ Սարյանը Մովսիսյանից տասն անգամ ավելի գեղեցիկ, ավելի ուսումնական, ավելի հարուստ է՞... ինչո՞ւ համար էր նա այս խոսքերը ինձ ասում։
Նրա համար, որ քեզ գլխից հանե։
Բայց ի՞նչ նպատակով։
Այն, որ Մովոիսյանին հեռացնես։
Սխալվում ես, աղջիկս, սխալվում ես. մինչև որ այդ տղան Մոմճյանին խնդրած, աղաչած չլիներ, նա չէր գալ և ինձ չէր ստիպիլ, որ ես Մովսիսյանին հեռացնեմ և դրան բերեմ այստեղ։
Իսկ ես քեզ ասում եմ, որ Սարյանը իմ մասին ո՛չ Մոմճյանին խնդրել է, ոչ առաջարկություն է արել և ո՛չ էլ մինչև անգամ իմ վերաբերմամբ խոսել է նրա հետ։
Սխալվում ես. երիտասարդների խորամանկությունը ինձ է հայտնի։ Երևի մի հարուստ տեղից առաջարկություն են արել նրան։
Քեզ ասում եմ, որ նրա նշանածի նամակը ե՛ս կարդացի։
Այդ նամակը կարող էր սարքած լինել, նա ինձ խաբել չի կարող։ Սպասի՛ր, ինքս կգնամ և կիմանամ։ Այս ասելով տիկին Մարթան պատրաստվեց երիտասարդի մոտ գնալու, բայց Շուշանը նրա առաջը բռնեց։
Ո՞ւր ես գնում. նրա հետ խոսելու ի նչ ունիս. քեզ ասում եմ, որ այդ տղան այս գործում մեղ չունի։ Այդ իմ գիտենալու բանն է, թո՛ղ։
Ախար ի՞նչ հարկավոր է բանը խայտառակության հասցնել։ Նա ի՞նչ մեղավոր է, որ Մոմճյանի պես խարդախ մարդը նրա մասին գովասանքներ է խոսել, խոստումներ է արել։
Այդ էլ իմ գիտենալու բանն է, թո՛ղ։
Չեմ թողնիլ:
Թո՛ղ ասում եմ, անզգամ, երևի մի խաղ ունի խաղացած, որ արգելում ես ինձ, բացականչեց տիկին Մարթան բարկությամբ և մի կողմ հրելով աղջկանը՝ դուրս գնաց սենյակից։
Գնա՛, գնա՛. Սարյանին զոռով փեսա կշինես... դառն հեգնությամբ նկատեց Շուշանը մոր ետևից։
Կշինեմ և դու էլ կտեսնես... սպառնաց տիկինը և արագ քայլերով դիմեց դեպի Սարյանի կացարանը։