Muratsan

Լուսավորության կենտրոնը

2

Բ

Գավառական կարծիքը

Վահան Սարյանի բազմաթիվ բարեկամների շրջանում միայն մի ընտանիք կար, որին երիտասարդը սրտանց սիրում և հարգում էր և որի հետ բաժանում էր նա հասարակական նորությունների առթիվ զգացած յուր ուրախությունն ու տխրությունը։

Դա այրի տիկին Գոհար Երեմյանի ընտանիքն էր, որի հետ ծանոթացել էր, տիկնոջ դստեր համար իբրև ուսուցիչ հրավիրված ժամանակ։ Այդ ծանոթության առաջին օրից սկսած տիկին Երեմյանի տունը երիտասարդ Սարյանի աչքում երևեցավ իբրև ամայի անապատում գտնվող մի օազիս, որ պասքյալ ու վաստակաբեկ ուղևորին զովարար ջուր ու հանգիստ է մատակարարում, երբ նա մոլորված ու անհույս թափառում է ավազուտում։

Եվ, արդարև, այդ ետ ընկած, տգիտության մեջ խարխափող և ազնիվ ու վեհ գաղափարների անծանոթ գավառական քաղաքում տիկ. Երեմյանի ընտանիքը միակն էր, որ հետաքրքրվում էր ազգային և աշխարհի նորություններով, հետևապես և այդ աշխարհին պատկանող ու նրա բախտով հետաքրքրվող այցելուին կարողանում էր գոհություն պատճառել թե՛ ընտիր կարծիքների փոխանակությամբ և թե՛ այն սրտագին հետաքրքրությամբ, որով վերաբերվում էր նա դեպի յուր ազգայինների հեղհեղուկ բախտն ու վիճակը։

Տիկին Գոհարը, որ դեռ մանկության հասակից յուր ողջամիտ ծնողաց շնորհիվ ընտիր կրթություն էր ստացել, ամուսնական կյանքում անհաջող բախտի հանդիպելով և երիտասարդ հասակում այրիանալով յուր միակ ուրախությունն ու սփոփանքը գտավ յուր դեռահաս աղջկա խնամատարության և նրան կրթելու քաղցր պարտավորության մեջ։ Նյութական անզոր վիճակը, որ շատ անգամ արժանավոր և առաքինի անձինքները թողնում է անհայտության ու մոռացության մեջ, տիկին Գոհարին, հասարակության աչքից չկարողացավ ծածկել: Նա յուր անբիծ և առաքինի վարքով, խնայասեր տանտիկնությամբ և որդեսեր գորովով արժնավոր հայ կնոջ կատարելատիպն էր ներկայացնում. իսկ ուսումնասեր բնավորությամբ, զավակը կրթելու ու լուսավորելու մասին ունեցած բուռն տենչով նմանում էր զարգացած երկրներում ապրող ընտիր կանանց։ Այրի տիկնոջ այս առավելություններր հարգելի դարձրին նրան շատերի աչքում, թեպետ շատ նախանձոտ կանանց էլ թշնամությունը գրգռեցին։

Այսուամենայնիվ, եթե առաջինների համակրությունը խրախուսում էր նրան՝ վերջինների թշնամությունը չէր թուլացնում յուր հաստատամտությունը, որի շնորհիվ նա առաջին կինը հանդիսացավ այդ գավառական քաղաքում, որ յուր աղջկանը տվավ օրինակելի կրթություն՝ ներշնչված ազգասիրական զգացմունքներով և հայրենասիրական հոգվով։

Երիտասարդ Սարյանը, որ օրիորդ Աշխենի հայոց լեզվի և պատմության ուսուցիչն էր, քիչ երախտի՛ք չուներ օրիորդի զարգացման գործում։ Այն օրից սկսած, երբ նա ծանոթացել էր տիկին Գոհարի հայրենասիրական ձգտումներին, նա ամեն ջանք գործ էր դրել, որ յուր աշակերտուհին կրթվի ու զարգանա մոր հազվագույտ ցանկությունների համաձայն. այսինքն որ նա արժանավոր հայ աղջկա մի կատարելատիպ հանդիսանա։

Տիկին Գոհարի համար այս աշխատասեր երիտասարդ ուսուցիչը հետզհետե մի եղբոր և որդու չափ սիրելի դարձավ, ինչպես և ինքը երիտասարդի համար՝ մի հարազատ մոր համահավասար պաշտելի։ Նրանց երկուսի ունեցած կարծիքների, համոզմունքների և հայացքների նմանողությունը մի քաղցր և հարգելի մտերմություն էր ծնեցրել նրանց բարեկամության մեջ։ Երիտասարդ Սարյանը հաճախ այցելում էր այդ ընտանիքին երբեմն նրան ազգային ուրախություններ հայտնելու, երբեմն յուր ցավերը պատմելու և շատ անգամ՝ ծանոթ շրջանների կողմից՝ այրի տիկնոջ կրած բարոյական զրկանքների պատմությունը լսելու։ Վերջին դեպքերում, մանավանդ, նրանք միմյանց խրախուսում և մխիթարում էին և վշտերի փոխադարձ բաժանումը շատ անգամ մոռացնել էր տալիս նրանց նույնիսկ վշտերի գոյությունը։

Այսպիսի բարեկամական հարաբերությանց մեջ, ինչպես որ բնական է, փոքրիշատե ծանրակշիռ մի գործ սկսելու ժամանակ նրանք միմյացից խորհուրդ էին հարցնում և միմյանց տված այդ խորհուրդներով օգտվում։ Այդ պատճառով էլ Վահան Սարյանը Թիֆլիս ուղևորվելու մասին նախագծած յուր որոշումը իրագործելուց առաջ շտապեց այդ մասին նաև յուր բարեկամներին հայտնել և նրանց խորհուրդը հարցնել։

Ամառային գեղեցիկ երեկո էր։ Լուսինը յուր աղոտ շողերը սփռել էր փոքրիկ, սիզավետ պարտեզի վրա, ուր երեկոյի զովարար հովը մեղմով ծառերի ճյուղերը շարժելով խորհրդավոր և ախորժելի շրշյուն էր հանում նրանց մեջ։ Ծերունի տանձենու տակ փռած գորգի վրա նստած հյուսում էր տիկին Գոհարը, և խոսակցում էր յուր դստեր հետ իրենց ներկա և ապագա վիճակի մասին։ Մանկամարդ աղջիկը գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին հենած նստած էր մոր հանդեպ, փոքրիկ աթոռակի վրա։ Նա թե՛ պատասխանում էր մոր խոսքերին և թե՛ լուսնի ընթացքը. դիտում, որը կարծես յուրմով լուսավորված ամպերի մեջ լողում ու զվարճանում էր։

Ինչպե՜ս գեղեցիկ է այս երեկո լուսինը մայրիկ, բացականչեց հանկարծ օրիորդը, մոր խոսակցությունն ընդհատելով. ինչպե՜ս կուզեի ես նրա տեղը լինել...

Լուսինը միշտ գեղեցիկ է լինում, սիրելիս, նկատեց մայրը, մենք ենք, որ չենք կարողանում նրան միշտ գեղեցիկ տեսնել, որովհետև վատ տրամադրության Ժամանակ ամեն ինչ մեր շուրջը տխուր և տգեղ է երևում։ Բայց դու ինչո՜ւ համար ես կամենում լուսնի տեղը լինել։

Ա՜խ, մայրիկ, չէ՞ որ նա շատ երջանիկ է։

Երջանի՜կ, ինչ կնշանակե այդ, հարցրեց մայրը հետաքրքրությամբ։

Այո՛, մայրիկ, նա երջանիկ է, որովհետև գտնվում է այսպիսի բարձրության վրա։ Ապրում է մաքուր, տարածության մեջ, միայնակ, ազատ և ինքնիշխան: Աշխարհի անախորժ աղմուկը չէ անհանգստացնում նրան, և ոչ էլ չարասեր հոգիների բարբաջանքը խոժոռում է նրա պայծառ ճակատը...

Սխալվում ես, որդի, ժպտալով նկատեց մայրը, նույնիսկ լուսինն յուր այդ բարձրության վրա, այդ անսահման մաքուր տարածության մեջ ազատ չէ չարասեր ոգիների պատճառած նեղություններից։ Նայի՛ր, տես. չէ՞ որ այս սև ու գորշագույն ամպերը շարունակ հետևում են նրան, որպեսզի խեղճի պայծառ պատկերը ծածկեն, չէ՞ որ շատ անգամ կատաղի մրրիկները խանգարում են նրա հանգստությունը և ո՞վ գիտե, դեռ ուրիշ ի՞նչ ցավեր ունի նա, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք և չենք էլ կարող գիտենալ։

Օրիորդը մոր նկատողությունն իրավացի գտավ և խորասուզվեց մտածության մեջ։

Ա՞յժմ ինչի վրա ես մտածում, Աշխե՛ն, հարցրեց մայրը։

Նրա վրա, որ ամբողջ տիեզերքում, ուրեմն, ո՛չ հանգստություն կա և ո՛չ երջանկություն։

Հանգստությունն էլ, երջանկությունն էլ գտնվում են անընդհատ գործելու և անընդհատ աշխատելու մեջ, հանդիսավոր եղանակով հարեց երիտասարդ Սարյանը, որ այդ միջոցին մորից ու աղջկանից աննկատ մտել էր պարտեզ։

Համաձայն եմ ձեզ հետ. ծիծաղելով վրա բերավ տիկին Գոհարը և սեղմեց յուր բարեկամի ձեռը։

Օրիորդ Աշխենը թեթև շառագունելով բարձրացավ տեղից և ողջունելով երիտասարդին՝ յուր աթոռակն առաջարկեց նրան։

Ո՛չ, հին հայկական եղանակով նստելն ավելի լավ է, ասաց նա ծիծաղելով և ապա ծառի տակ փռած գորգի վրա ծալապատիկ նստելով ավելացրեց.

Այսօր եկա ձեզ մի կարևոր նորություն հայտնելու։

Ի՞նչ նորություն, հետաքրքրությամբ հարցրին մայր ու աղջիկ։

Երկու օրից ետ հեռանում եմ այստեղից, հայտարարեց երիտասարդը։ Երկու. օրից ե՞տ, և ո՞ւր, զարմացած հարցրեց տիկին: Գոհարը։

Թիֆլիս։

Թիսլի՞ս. դա արդարև մեզ համար նորություն է։

Այո՛, Թիֆլիս, կրկնեց երիտասարդը։

Եվ ինչո՞ւ համար։

Գնում եմ, որ հանգստություն և երջանկություն ձեռք բերեմ այնտեղ։

Թիֆլիսո՞ւմ... խորհրդավոր եղանակով հարցրեց օրիորդ Աշխենը։

Այո՛, օրիորդ․ ես կարծում եմ, որ այդ երկու բարիքը կարելի է ձեռք բերել միայն այնտեղ։

Շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ անպատճառ այնտեղ, նկատեց օրիորդը։

Որովհետև այնտեղ միայն կարելի է անընդհատ գործել և անընդհատ աշխատել։

Այո՛, մոռացա, որ փոքր առաջ դուք նկատեցիք, թե հանգստությունն ու երջանկությունն անընդհատ գործելու և աշխատելու մեջն են գտնվում, խոսեց օրիորդը։

Այո՛, այժմ էլ նույնն եմ ասում, հարեց երիտասարդը։

Իսկ ես կարծում եմ, որ գործելու և աշխատելու մեջ հանգիստ ու երջանկություն որոնողը պետք չունի անպատճառ Թիֆլիս դիմելու, ծանրությամբ նկատեց տիկին Գոհարը, որովհետև մեր երկրում էլ կարելի է նույն չափ եռանդով ու տոկունությամբ աշխատել, որքան և օտարության մեջ։

Օ՜, ոչ, սխալվում եք, տիկին, չարաչար սխալվում եք, եռանդով խոսեց երիտասարդ Սարյանը, ցանկացած ծաղիկն ամեն հողում չես կարող տնկել և աճեցնել։

Դուք կարծում եք, որ մեր երկրի հողը ոչինչ սնունդ չի՞ կարող տալ յուր մեջ տնկած ծաղկին,- ժպտալով հարցրեց տիկինը։

Մեր երկրի հո՞ղը, ո՛չ, տիկին, հազար անգամ ո՛չ, մեր երկրի հողը թույն է պարունակում յուր մեջ, նա չի կարող ծաղիկներ բուսցնել, նա չի կարող պտուղներ հասցնել. շատ-շատ գուցե միայն մոլեխինդ ու տատասկ աճեցնե... դառնացած խոսեց երիտասարդը, հիշելով այն բոլոր նեղությունները, որ նա յուր ընկերների հետ միասին կրել էր հայրենի քաղաքում։

Եվ որովհետև տիկին Գոհարը ծանոթ էր այդ պատմություններին և լավ հասկանում էր, որ երիտասարդի այլաբանական ակնարկությունները վերաբերում են հայրենի քաղաքում կրած յուր անհաջողություններին, ուստի հարցրեց․

Ի՞նչ ապացույցներ ունիք, որ Թիֆլիսի հողն ավելի պարարտ և պտղաբեր է, քան մեր երկրինը. ինչո՞ւ համար եք կարծում, որ ձեր գործունեությունն այնտեղ էլ նույն անհաջողություններին չի պիտի հանդիպի, ինչին որ հանդիպեց այստեղ։ Չէ՞ որ այնտեղ էլ նույն հայերն են ապրում, չէ՞ որ այնտեղ էլ ձեր գործունեությունը նույն հայերի շահերին պիտի նվիրված լինի։

Ապացույցների մասի՞ն եք հարցնում, տիկին․ իսկույն ես ապացույցները բերեմ․ խոսել սկսեց երիտասարդը, նախ ասացեք ինձ, ո՞ր հողի մասին մենք կարող ենք ասել թե պարարտ և պտղաբեր է, ա՛յն, որ միայն փուշ ու տատասկ է բուսցնում, թե՞ այն, որ ծաղիկներ է պճնում, թփեր ու ծառեր է բուսցնում, անտառներ է աճեցնում, այգիներ ու արտորաներ է հասցնում․․․

Իհարկե վերջինը․ ի՞նչ խոսք կա դրան։

Դե, ուրեմն, թվեցեք դուք ինքներդ, ի՞նչ լավ բան ունի մեր այս խեղճ քաղաքը։

Այսինքն, ի՞նչ կկամենայիք որ ունենար։

Շատ բան չեմ ուզում․ հենց գոնե մի բարեգործական հաստատություն, մի հիվաանդանոց, մի աղքատանոց, մի խեղճ լրագիր, մի խրճթանման թատրոն։

Է՜հ, բարեկամ․ դուք արդեն շատ եք պահանջում, մի գավառական ետ եկած քաղաքի համար, ժպտալով նկատեց տիկին Գոհարը:

Հավատացեք, տիկին, շատ չեմ պահանջում, մինչև անգամ, որ նա իմ հիշած արենպաստ հաստատությունները մինչև այժմ ունենար, որովհետև, քանի որ հիմնարկող ուժեր չեն եղած, հիմնարկություններն իրենք իրենց չէին կարող բուսնել, բայց չէ՞ որ մենք կամեցանք աշխատել հիմնել, ստեղծել, և մեզ խանգարեցին, մեր ձգտումներն ու ցանկություները նույնիսկ երկունքի մեջ խեղդեցին․ ախր սա երկիր չէ, սա դժոխք է․․․ վրդովված խոսեց երիտասարդ Սարյանը և թաշկինակը հանելով սրբեց ճակատը, որ րոպեական հուզմունքից քրտնել էր։

Իսկ Թիֆլիսի մասին ի՞նչ էիք կամենում ասել,-մեջ մտավ օրիորդ Աշխենը, չկամենալով, կարծես, որ երիտասարդը խոսելուց դադարի։

Հա, Թիֆլիսի՞․․․ Օ՜, նրա մասին շատ բան կարելի է խոսել։ Երևակայեցեք ձեզ, մի քաղաք, որ հարյուր հազար և ավելի բնակիչ ունի և, դրանց մեջ ձեր ազգակիցները տհագին մեծամասնություն են կազմում։ Բայց ի՞նչ մեծամասնություն․ խելոք, ընտիր լուսավորված։ Արդեն այդպիսի մարդկանց հետ լինել, նրանց կյանքով ապրելը, նրանց հասարակական գործունեության մասնակցելը՝ կես երջանկություն է։ Ինձ համար գոնե այդպես է։ Այնուհետև երևակայեցեք, որ այդտեղ մարդիկը բնավ չեն նմանում մեզ մոտ եղող խրթվիլակներին․ այլ որ դրանք իսկապես մարդիկ են, որոնք խոսածդ ըմբռնում են, զգացմունքներդ հարգում են, անկեղծությանդ հավատում են, ձեռք են մեկնում քեզ՝ երբ նրանց «եղբայր» ես անվանում, խրախուսում են քեզ՝ երբ դու դեպի բարին, գեղեցիկը և վսեմն ես ձգտում․․․

Գործել այդպիսի ժողովրդի մեջ, աշխատել թեկուզ գիշեր և ցերեկ և հավատալ, որ այդ աշխատության համար թափվող քրտինքը ընկնում է մի հողի վրա, որ մեկի փոխարեն տասնապատիկ պիտի պտղաբերե դա արդեն մի կատարյալ երջանկություն է։

Եվ դուք կարծում եք թե՝ այդ քաղաքում ամեն ինչ ձեր երևակայած չափ գեղեցիկ ու վարդագո՞ւյն է,-հարցրեց տիկին Գոհարը ժպտալով։

Ես ոչ թե կարծում, այլ հաստատապես հավատում եմ․ և դրա համար անհերքելի փաստեր ունիմ։

Օրինա՞կ։ Օրինակ, ա՛յն բարենպատակ հաստատությունները, որպիսիք են հիվանդանոցը, աղքատանոցը, որբանոցը...

Դրանք արդեն քաղաքի ընդհանուր բնակիչներին վերաբերյալ բաներ են, ընդհատեց տիկին Գորհարը երիտասարդին, դուք ձեր ազգակից հայերի մասին խոսեցիք: Թեպետ ես համոզված եմ նույնիսկ այդ հաստատություններն իրենց գոյությամբ պարտական են գլխավորապես իմ ազգակիցներին, որովհետև բնակիչների մեծամասնությունը նրանք են կազմում. այսուամենայնիվ, եթե նույնիսկ այդ ժխտենք, դարձյալ նրանք առանձին իրենց համար այնքան լավ գործեր ունեն կատարած, այնքան բարենպատակ հաստատություններ ունեին հիմնած, որոնք թվելն արդեն բավական է թիֆլիսեցի հայի մեծագործությունն ապացուցելու համար:

Հապա, ասացեք, մեր հայաբնակ կենտրոններից ո՞րն ունի Թիֆլիսի չափ ծաղկած դպրոցներ: Միմիայն նրա Ներսիսյան թեմական դպրանոցը տարեկան վաթսուն հազար ռուբլի ծաղք է անում և գրեթե ամբողջ նահանգի արժանավոր քահանաները և ուսուցիչներ է մատակարարում: Գայանյան և Հովնանյան միջնակարգ դպրոցները նույն չափով վարժուհիներ են տալիս ացգին: Դրանց հետ միասին զույգ Մարիամյան-Շուշանիկյան, Զրկինենց, Ջգրաշենի, Շամքոռեցվոց, Էջմիածնեցվոց, Աստվածածին և այլն բազմաթիվ թո՛ տղայոց և թո՛ օրիորդոց դպրոցները, որոնց անունները չեմ հիշում, բայց որոնց մասին միշտ կարդում եմ լրագիրներում և որոնք հազարավոր հայ մանուկներ են կրթում ու դաստիրակում, դրանք բոլորը չէ՞ որ թիֆլիսեցի հայի լուսավոր մեծագործության սահմանն են որոշում:

Իսկ նարնց հռչակավոր Կովկասյան Բարեգործական, Կանանց Բարեգործական, Գրքերի հրատարակության և այն ընկերությունները. դրանց մասին արդեն չեմ խոսում, բայց գիտե՞ք, թե ի՜նչ հաստատություններ են դրանք. ի՜նչ մեծ գործեր են կատարում... Ինչպիսի՜ բարեգործություններ են անում. որքա՜ն դպրոցներ են պահում, որքա՜ն ուսանողների են օգնում... Եվ, վերջապես, դուք մի երևակայեցեք դրանց ժողովները, այդ ժողովների ճառախոսները, նրանց վիճաբանությունները.., օ՛հ, չէ՞ որ կատարյալ երջանկություն է այդ կյանքով ու կրակով լի աշխարհում ապրելը...

Ա՜խ, պարոն Սարյան, դուք այնպիսի լավ գույներով եք նկարագրում այդ բոլորը, որ ես փափագում եմ թևեր ունենալ և թռչել դեպի այդ երանելի երկիրը, խորը զգացված խոսեց օրիորդ Աշխենը, որը մինչև այն լուռ ու հետաքրքրությամբ լսում էր երիտասարդին։

Ես դեռ բոլորը չասացի, հարեց իսկույն Սարյանը, դեռ ոչինչ չհիշեցի այդտեղ հրատարակվող հայոց լրագիրների մասին։ Չէ՞ որ բուն լուսավոր, զարգացած և իմաստուն գլուխներն այդ լրագիրների շուրջն են խմբված։ Երևակայեցեք մի վայրկյան, որ դուք մի բախտավոր առիթով ծանոթանում եք այս ինչ թերթի խմբագրի հետ և կարողանում եք մտնել նրա խմբագրությունը։ Այդտեղ նստած են գիտնական և լուսամիտ մարդիկ. խոսում ու դատում են զանազան խնդիրների վրա։ Դուք լսում եք նրանց. ծանոթանում եք նոր խնդիրների, նոր մտքերի, նոր հայացքների հետ. որոշ գաղափարներ եք կազմում ձեզ ծանոթ այս և այն հարցի մասին։ Ծանոթանում եք գրական աշխարհի և նրա գործողների հետ, սովորում եք նրանցից գսրծարել ձեր ուժերը, ձեր աստվածատուր շնորհը այնպես, որ աշխարհը ձեզ տեսնե, ճանաչե, գնահատե... միով բանիվ ապրում եք ճշմարտապես աստուծո պատկերը կրող մարդկանց շրջանում և սովորում եք նրանց նմանել...

Օ՜հ, պարոն Սարյան, գնացե՛ք, ի սեր աստուծո, գնացե՛ք, մի՛ մնաք այս խավար, այս անիծված երկրում, հուզված բացականչեց օրիորդ Աշխենը, թողեք, որ մենք մնանք այստեղ, մենք ողորմելի կանայքս, որ ստեղծված ենք միմիայն անհայտության մեջ ապրելու և մեռնելու համար...

Սխալվում ես, սիրելիս, սխալվում ես. կինն անհայտության մեջ ապրելու ու մեռնելու համար չի ստեղծված, նկատեց աղջկան տիկին Գոհարը. կինն էլ կարող է գործել, կինն էլ կարող է պիտանի լինել հասարակությանը, ինչպես և տղամարդը, միայն թե աստծուց իրեն ուժերի չափով:

Այո՛, օրիորդ, տիկնոջ նկատողությունը իրավացի է, հարեց երիտասարդը. ձեզ ապացույց Թիֆլիսի կանայք. չէ՞ որ նրանք էլ ունեին փառավոր ընկերություն, նրանք էլ գործում են նույնչափ հաջողությամբ, ինչպես այնտեղի տղամարդիկ։

Այո՛, Թիֆլիսի կանայք և ո՛չ թե մենք, այո անհայտ անկյունում ապրողներս, դառնությամբ նկատեց օրիորդը։

Մի օր էլ դուք կարող եք գնալ, եթե տիկինը կամենա, ասաց երիտասարդը։

Ես ձեր գնալուն էլ հակառակ եմ, ո՞ւր մնաց թե մենք գայինք, ծանրությամբ նկատեց տիկինը։

Ինչո՞ւ։

Շատ պարզ պատճառով, եթե յուրաքանչյուր գավառական քաղաքից յուր հասունացած ուժերը հետզհետե դեպի մայրաքաղաք հեռանան և նրանց տեղը տգետ գյուղացիները բռնեն, էլ գավառական քաղաքը ինչպե՞ս կարող է լուսավորվել։ Գործելու ուժ ու եռանդ թե ունիք, ինչպես փոքր առաջ էլ ասացի, գործ դրեք ձեր հայրենի քաղաքում, որն ավելի կարիք ունի ձեր օգնության, քան թե Թիֆլիսը, ուր ձեզանից լավերը բազմաթիվ են։

Փոքր առաջ ես էլ ասացի ձեզ, տիկին, որ մենք ամենից առաջ այստեղ սկսեցինք գործել, որովհետև մեր նպատակն ամենից առաջ մեր հայրենի քաղաքին ծառայելն էր: Բայց հայրենի քաղաքը մեզ չկամեցավ ճանաչել և մեր հույսերը կործանեց...

Ո՛չ այնքան հայրենի քաղաքը, որքան ձեր անփորձությունը, նկատեց տիկին Գոհարը ժպտալով։

Իրավունք ունիք. ես էլ ձեր կարծիքի եմ։ Ուրեմն այո դեպքում իմ հեռանալն ավելի ևս անհրաժեշտ է։ Որովհետև այստեղ մնալով չեմ կարող ո՛չ փորձառություն ձեռք բերել և ո՛չ ունեցածս մտավոր պաշարը հարստացնել՝ մինչդեռ ինձանից ավելի խելոք ու փորձված մարդկանց մոտ գնալով՝ թե՛ խելք կսովորեմ նրանցից և թե՛ պատշաճավոր ձևով գործելու եդանակը։ Ես կարծում եմ, որ միայն այսպիսի պատրաստությամբ վերադառնալուց ետ կարող եմ պիտանի լինել իմ հայրենակիցներին:

Այդ պայմանով միայն ձեր Թիֆլիս գնալն անհրաժեշտ է, ասաց տիկին Գոհարը:

Այդ պայմանով էլ մենք կարող ենք գնալ, մայրիկ, այնպես չէ՞, ժպտալով հարցրեց Աշխենը։

Ո՞վ գիտե, գուցե բախտը մի օր հաջողի, պատասխանեց մայրը։

Եվ աստուծով կհաջողի. հարկավոր է միայն կամենալ և աշխատել, հարեց երիտասարդ Սարյանը և տեղից բարձրացավ։

Լուսինը բավական բարձրացել էր, և երեկոյի հովը տեղի էր տալիս գիշերային ցրտության:

Երիտասարդն յուր բարեկամուհիների հետ միասին դուրս գալով պարտեզից՝ բա՛րի գիշեր մաղթեց նրանց և հեռացավ:

Իսկ տիկինն ու աղջիկը լուռ ու մտախոհ քաշվեցան տուն:

Գ

ԳԱՂՏՆԻ ԶԳԱՑՄՈԻՆՔՆԵՐ

Բարեկամներից բաժանվելուց ետ երիտասարդի սիրտն սկսեց ճնշել մի ինչ որ նոր, կարծես օտար, բայց հետզհետե ընտանի դարձող մի զգացմունք։

Հազիվ հասել էր փողոցի այն տեղը, ուր Երեմյանների պարտեզն էր վերջանում. նա կանգ առավ, մոտեցավ ցանկապատին և նայեց այն կողմը, ուր մի քանի րոպե առաջ նստած էին իրենք։

Լուսինը դարձյալ լուսավորում էր, և այս անգամ ավելի պայծառ. գիշերային հովը դարձյալ օրորում էր պարտեզի ծառերը, և մեղմ շրշյունը դարձյալ լսվում էր ինչպես մենավոր ճգնարանի հեզաձայն մեղեդի։

Երիտասարդի ոտքերը գամվեցան գետնի վրա. նա չէր կարողանում տեղից շարժվել և ինքն էլ, գուցե, չգիտեր թե ինչո՞ւ շարունակ նայում էր պարտեզին։ Այն միտքը, թե նա հեռանում է այդտեղից, թե նա այլևս չպիտի տեսնե յուր բարեկամներին, չպիտի ունենա մեկը, որին յուր ցավերն ու վշտերը պատմել կարողանա ամեն ինչ նորեն քաղցրացնում էր յուր աչքում։

Նա հավատում էր, որ այն քաղաքում, ուր ինքը պիտի պանդխտեր, Երեմյանների ընտանիք չի կարող լինել։ Իհարկե, կգտնվեին տիկին Գոհարի պես խելոք, առաքինի, ծանրաբարո և զգաստասեր կանայք, կգտնվեին օրիորդ Աշխենի նման քնքուշ, պարկեշտ, բարեսիրտ և ազնիվ զգացմունքներով ոգևորվող աղջիկներ, բայց որ ինքը չէր կարող նրանց մոտենալ, որ նրանք յուր հետ չէին մտերմանալ այն աստիճան, որ այստեղի բարեկամուհիներին փոխանակեին այդ հաստատ էր։ Եվ ահա այդ պատճառով նա կամենում էր մի փոքր ավելի վայելել ա՛յն բոլորը, ինչ որ մինչև այն յուր համար, թեպետ քաղցր, բայց սովորական էր եղած, իսկ այժմ նրանցից հեռանալու պատճառով, դառնում է քաղցրագույն և հազվագույտ։

Այս մտածմունքների մեջ երիտասարդի աչքն ընկավ պարտեզի վարդենիներով պատած փոքրիկ ծաղկածուին, ուր շահոքրամի, նարնջածաղկի և նարգիզի թփերի վրա կարծես իշխանաբար ծածանում էին նորաբաց և ձյունափայլ շուշանները, որոնք լուսնի խորհրդավոր լույսի առաջ մի տեսակ գրավիչ և կախարդող տեսք էին ստացել։ Հանկարծ նա հիշեց օրիորդի մի քանի օր առաջ իրեն ասած խոսքը թե՝ «Որովհետև դուք բոլոր ծաղիկներից ավելի սպիտակ շուշաններն եք սիրում, ուստի ես նրանց տնկել եմ ծաղկածուի առաջին կարդում, որպեսզի պարտեզ մտնելուն պես ամենից առաջ նրանց նայեք...»։

Ո՞վ գիտե, որքա՜ն անկեղծությամբ, որքա՜ն պարզությամբ էին ասվել այս խոսքերը, չէ՞ որ մի երախտավոր ուսուցչի համար միշտ երախտագետ սիրտ է ունենում աշակերտուհին։ Բայց երիտասարդ ուսուցիչը, որ մի քանի օր առաջ մանկամարդ աղջկա այդ խոսքերը իբրև քաղաքավար հաճոյախոսություն էր ընդունել, այժմ խորհրդավոր բացատրությունների առարկա էր դարձնում նրանց։ Նա կամենում էր հավատալ, թե օրիորդի սրտի խորշերը սպրդել էին թաքուն զգացմունքներ և թե նրա այդ խոսքերը նույնիսկ այդ զգացմունքների գոյությունն էին ապացուցանում։

Մինչև այդ րոպեն նա գիտեր միայն, որ օրիորդ Աշխենը պարկեշտ, բարեսիրտ և ազնիվ աղջիկ է. այժմ նա պատկերացնում է յուր առաջ նաև նրա սիրուն հասակը, գեղեցիկ գլուխը, թիկունքի վրա ծածանող հարուստ մազերը, կյանքով ու կրքով լի աչքերը, վարդի պես գեղանի դեմքը, միշտ ժպտող շրթունքները... հիշում է նրա մուզիկայի նմանող ձայնը, նրա արծաթահնչյուն ծիծաղը, նրա թրթռուն շարժվածքը, մտաբերում է նրա երբեմն ուրախ կատակները և հաճախ խելոք և նրբամիտ զրույցները... և զգում է թե ինչպե՜ս ծանր և ինչպե՜ս դժվար է այսպես շուտ հեռանալը նրանից։

Իսկ եթե դուք գաղտնապահ լինեք, ես ձեզ կասեմ, որ նա նոր չէր օրիորդի այդ առավելությունները տեսնում, վաղուց այդ սիրուն աղջիկը երիտասարդի մտքերը զբաղեցնում և սիրտը հուզում էր։ Շատ անգամ էր նա կամեցել սևեռել յուր հայացքն օրիորդի կրակոտ աչքերին և լռիկ նայվածքով ասել ու պատմել նրան այն բոլորը, ինչ որ կատարվում էր յուր հոգեկան աշխարհում, յուր սրտի թաքուն խորշերում... Բայց նա ուսուցիչ էր. հա՛յ ուսուցիչ, և այն՝ հայի պարկեշտ ընտանիքում։ Նա պարտավոր էր լինել համեստ, ազնիվ և առաքինի, եթե սերը մինչև անգամ դժոխք վառեր յուր սրտում, նա պարտավոր էր նրա բոցերը սառնամանիքով պատել։ Այդպես էր հասկանում երիտասարդ Սարյանն ուսուցչի կոչման նշանակությունը։ Եվ այդ էր պատճառը, որ տիկին Գոհարն անպայման հավատում էր նրան իբրև յուր հարազատ եղբոր։

Իսկ այժմ, երբ արդեն որոշված է, որ նա հեռանում է այստեղից, երիտասարդը կարծես իրավունք է տալիս վաղուց ճնշված յուր զգացմունքներին նորից շարժվել, կենդանանալ և մինչև անգամ յուր սիրտն ու հոգին ալեկոծել։

Երկար պարտեզի վրա նայելուց և մոտիկ անցյալի զանազան հիշատակներ յուր հիշողության մեջ նորոգելուց նա սկսեց դիտել Երեմյանների տունը և այն սենյակը, ուր սովորաբար պարապում էր օրիորդը և որն այդ րոպեին լուսավորված էր։

«Նա երևի կարդում է և, իհարկե, ինձ վրա չէ մտածում..., շշնջաց ինքն իրեն երիտասարդը և ապա աչք ածեց տան նեղ և երկար պատշգամի վրա, որը նույնպես լուսավորված էր լուսնի կաթնագույն լույսով։

Հանկարծ մի սպիտակ շրջազգեստ երևաց պատշգամում. դա ինքն օրիորդն էր, օր համր քայլերով առաջանալով եկավ կանգնեց լուսնի հանդեպ և պատշգամբի սյունի վրա կռթնելով՝ սկսեց դեպի պարտեզը նայել։ Այդ անշարժ դիրքի մեջ նա նմանվում էր մի մարմարիոնե արձանի, որով բանաստեղծության սիրահար հարուստ իշխանները երբեմն իրենց պալատների սարավույթներն են զարդարում։

Երիտասարդը հիացմունքով և անթարթ աչքերով դիտում էր այդ գիշերային խորհրդավոր երևույթը, նրա սիրտը հետզհետե հուզվում և անհանգիստ տրոփում էր։ Կարծես սիրո բարերար ոգիներից մինն էր, որ այդ րոպեին բերավ և կանգնեցրեց նրա առաջ յուր գաղտնի սիրո առարկան: Երիտասարդը երկար նայեց նրա վրա, հիացավ, զմայլվեցավ և ապա ձեռքերն օդի մեջ տարածելով հոգեկան հափշտակության մեջ շշնջաց.

«Սիրում եմ, սիրում եմ...». հետո կարծես վախենալով, որ յուր աշակերտուհին կարող է լսել կամ ցանկապատի մոտ նշմարել իրեն նա կամացուկ հեռացավ այդտեղից և նեղ ու մութ փողոցի մեջ անհայտացավ:

Իսկ ինքն օրիորդն ինչո՞ւ այդ րոպեին դուրս էր եկել պատշգամբ ինչո՞ւ շարունակ դեպի պարտեզն էր նայում, ո՞ւմն էր պտրտում այնտեղ։

Այդ դժվար էր գուշակել։

Երիտասարդ, բայց խորագետ աղջկա սիրտը ծովի նման խոր և գիշերի պես անթափանցելի է։

Իզո՞ւր հոգեբանը նրա հայացքը քննում, ժպիտը չափում և շառագունելուց ենթադրություններ է անում։ Միայն թեթևամտությունը և հիմարության հասցրած պարզամտությունն է, որ յուր տիրոջ զգացմունքները մատնում է։ Աշխենն այդ աղջիկներից չէր. աղավնու սիրելի միամտության հետ միասին նա օձի անհրաժեշտ խորագիտություն էլ ուներ. նրա ժպիտն ու հայացքն ա՛յն ժամանակ միայն կարող էին յուր սրտի թարգմանը լինել, երբ ինքը կամենար, որովհետև յուր զգացմունքների կառավարը խելքն էր և ոչ թե սիրտը:

Երբ մայրն աղջկա ուշանալը տեսնելով դուրս եկավ պատշգամ, Աշխենը դեռ անշարժ կանգնած էր սյունի մոտ։ Յուր ետևում ոտնաձայն լսելով նա աչքերը պարտեզի վրայով հեռացնելով ուղղեց լուսնի վրա։

Ի՞նչ ես շինում այդտեղ, Աշխեն, չէ որ զով քամի է փչում, հարցրեց մայրը, կարծես թափանցելով աղջկա սրտի անհայտ գաղտնիքների մեջ։

Դիտում եմ լուսնի ընթացքը, գիշերվա լռությունը... անփույթ եղանակով պատասխանեց աղջիկը։

Ցուրտ է, կմրսես, ներս գնանք։

Գնա՛նք, մայրիկ. բայց ինչպե՜ս սիրուն գիշեր է. ափսոս որ ամառը վերջանում է...

Ինչ որ սկսվել է, պիտի վերջանա, որդի, ի՞նչ կա ափսոսալու։

Կյանքն էլ սկսվում ու վերջանում է, մայրիկ, բայց մի՞թե կգտնվի մարդ, որ յուր վերջացող կյանքը չափսոսե։

Ինչո՞ւ չէ. չի ափսոսիլ նա, որի կյանքն անօգուտ և աննպատակ է անցնում։

Սխալվում ես, մայրիկ, հենց այդ տեսակներն են որոնք իրենց կյանքը շատ թանկ են գնահատում։

Ուրեմն չեն ափսոսում նրանք, ո՛րոնք ինքնակամ զոհվում են կամ մի մեծ գործի, կամ հայրենիքի համար։

Այդպիսիների կյանքն էլ մենք ենք ափսոսում։

Ուրե՞մն։

Ուրեմն չկա մի վերջացող կյանք, որ յուր ափսոսողները չունենա։

ճիշտ է, որդի, գնանք. համաձայնվեց տ. Գոհարը և աղջկա հետ միասին մտավ տուն։ Ընթրիքի ժամանակ մայր և աղջիկ լուռ էին. երկուսի լեզուներն էլ կարծես կապել կաշկանդել էր միևնույն հոգսը մայրն աղջկանն էր սպասում, որ լռությունը խլե, իսկ աղջիկը՝ մորը։

Վերջապես տիկին Գոհարը աոաջինը խոսեց.

Ես կարծում էի, թե աշխարհում մենք իրավունք չունինք մի բարեկամից ավել ունենալու, այժմ տեսնում եմ, որ այդ մեկն ունենալու իրավունքից էլ զուրկ ենք։

Ինչպե՞ս, մայրիկ, հետաքրքրությամբ հարցրեց օրիորդը։

Իհարկե, որդի, մի հատ բարեկամ ունեինք, որ մեր միայնությունը սփոփում էր, նա էլ այժմ հեռանում է։

Այդ էլ մի սկսված բան է, որ վերջանում է, չէ՞, ի՞նչ կա ափսոսալու, ժպտալով նկատեց Աշխենը։

Դու չե՞ս ափսոսում։

Իհարկե ոչ. լավ կաներ, եթե մնար, բայց գնում է, ավելի լավ է անում։

Այդ ի՞նչ է նշանակում։

Այդ նշանակում է այն, որ եթե պ. Սարյանը մնար այստեղ, մեզ համար լավ կլիներ, որովհետև մենք մի ընտիր բարեկամ կունենայինք։ Բայց, որ գնում է ավելի լավ է անում, որովհետև Թիֆլիսի նման լուսավորված քաղաքում նա կարող է առաջ գնալ, ավելի զարգանալ, հասունանալ և մի ընտանիքի փոխարեն՝ շատ ընտանիքների օգտավետ լինել։

Այսուամենայնիվ, դու հո կցանկանայի՞ր, որ նա վերջ ի վերջո գար այստեղ։

Ե՛ս, ինչո՞ւ համար անպատճառ ես, մորը չհասկանալ կեղծելով հարցրեց Աշխենը։

Այսինքն... այսինքն նրա համար, որ դու երևի կրցանկանայիր, որ նա ավելի մեր քաղաքին պիտանի լիներ։

Ա՛խ, այդ միևնույն է. Թիֆլիսի հայը նույնչափ սիրելի է ինձ համար, որչափ և իմ այստեղի հարևան հայը։ Բոլորի համար էլ ես հավասար բախտ և հավասար երջանկություն եմ ցանկանում։

Տիկին Գոհարը լռեց։ Վաղուց նա յուր սրտում փայփայում էր ապագային վերաբերող մի սիրելի միտք, որի իրագործման, կարծում էր, յուր աղջիկն անշուշտ փափագող է։ Այս երեկո, դեպքից օգուտ քաղելով, նա կամեցավ հավաստիանալ: թե որքա՞ն ճիշտ էին յուր ենթադրությունները դստեր վերաբերմամբ։ Նա անհանգստանում էր մինչև անգամ, թե չլինի երիտասարդ Սարյանի հեռանալը գաղտնի վիշտ պաաճառե յուր սիրելի աղջկան. մանավանդ որ նա ինքն էլ Թեֆլիս գնալու փափագ հայտնեց այդ երեկո։ Սակայն Աշխենի՝ յուր մոր խորհրդավոր հարցերին տված սաորն և անտարբեր պատասխանները համոզեցին նրան, որ աղջիկն այդ. տեսակ սիրելի մտքեր չունի, որ նրա սերն ու հարգանքը դեպի Սարյանը լոկ աշակերտական է եղել։ Հետևապես նա հանգիստ սրտով քաշվեց չոր ննջարանը, հավատացած լինելով, որ աղջիկն էլ իսկույն պիտի քնե յուր սովորական հանգիստ քնով։

Բայց սովորական քունը շատ ուշ մոտեցավ նորատի օրիորդի աչքերին։ ճշմարիտ է, նա յուր խոսքերով հանգստացրեց մորը. բայց հետո միայնակ մնալով՝ շատ երկար զբաղվեց իրեն միայն հայտնի սիրելի մտքերով:

Be the first who will comment on this

Other parts of "Լուսավորության կենտրոնը"

Yatuk Music
Symphonic Panel "Armenia"
Ghazaros Saryan

Symphonic Panel "Armenia"

Lord Byron's visit to Saint Lazarus Island
Lord Byron's visit to Saint Lazarus Island
Play Online