Muratsan

Լուսավորության կենտրոնը

11

Ե

Մի ուրիշ դասակարգ

Հետևյալ առավոտ Վահանը սաստիկ հուսահատության մեջ էր։ Նրան թվում էր, թե մեծ հանցանք կամ ոճիր է գործել՝ մասնակցելով անբարոյական երիտասարդների ընթրիքին։ Նա իրեն նախատում ու անիծում էր՝ չկարողանալով զգայուն խիղճը հանգստացնել։ Որքան էլ այնուհետև հեռու պահեր իրեն այս տեսակ շրջաններից, այնուամենայնիվ, այս միակ դեպքը բավական էր արդեն, որ նա այլևս չկարողանար ազատ ճակատով պարծենալ թե՝ ինքը երբեք չէ մտել անպատիվ շրջաններ, կամ չէ ընկերացել անբարոյական մարդկանց։ Այս միտքը տանջում էր ազնվասիրտ երիտասարդին, մանավանդ, երբ հիշում էր յուր անմեղ ու անարատ Աշխենին, որին սիրում էր այնքան ջերմությամբ և որին պարտավոր էր նվիրվել անբիծ ու առաքինի կյանքով։ Նա զգում էր, որ այլևս արժանի չէ անմեղ ժողովրդի սիրույն, որովհետև ինքը դավաճանել է արդեն այդ սերը՝ խանդավառ հայացք ձգելով հաճության մի աղջկա աչքերին... Իսկ Սիրո Վարդապետը ինքն էր որոշել թե՝ այդ հայացքը արդեն բավական է, որ մարդ շնացող համարվի...

Բացի ներքին աշխարհի հետ ունեցած կռիվը։ Վահանը արտաքին աշխարհին էլ հաշիվ ուներ տալու։ Նա մտածում էր, որ այս դեպքը գաղտնի չի մնալ Թորոսյանից, որ այնտեղ գտնվող երիտասարդներից մեկը անշուշտ կհաղորդե նրան գիշերային զվարճության մանրամասնությունները և այդ նորությունը բավական կշինի արդեն, որ Թորոսյանը նայե յուր վրա իբրև մի փչացած մարդու վրա, կամ առաջարկե նրան հեռանալ յուր գործից։

Իսկ թե ոչ ոք այդ մասին չխոսի նրա հետ, այսուամենայնիվ, ինքը, կրկնակի հանցանք գործած չլինելու համար պարտավոր է հայտնել Թորոսյանին եղելությունը ե հասկացնել նրան, թե այն մարդը, որին դու միամտաբար վստահացել ես քո գանձը և պատիվը և որին ամենից ազնիվ և առաքինի մարդն ես համարում, ոչ այլ ինչ է, եթե ոչ անբարոյական, հոգով և մարմնով ապականված և շռայլող ու վատնող մի սրիկա։

Սակայն այսպես վարվելով էլ նա կդառնար մատնիչ, կամ ընկերոջ դավաճան։ Ի՞նչ անել ուրեմն:

Նրան մնում էր դեռ լռել և համբերել։

Երթ առաջին անգամ երիտասարդը գրասենյակի շեմքը կսիրեք՝ նրան թվաց թե բոլորը այդ րոպեին կարդացին յուր դեմքի վրա գիշերային զվարճության պատմությունը։ Առանց գլուխը վեր բռնել կարողանալու, նա ներս մտավ և յուր տեղը նստեց։ Գանձապահին գրասենյակում չտեսնելով, վախեցավ, թե չլինի մի դժբախտություն է պատահել նրա հետ, որը հայտնվելուց, հարկավ, յուր գաղտնիքն էլ պիտի բացվեր: Բայց հենց այդ միջոցին ներս մտավ նրա ծառան և հանձնեց Թորոսյանին մի տոմսակ, որի մեջ պարոն գանձապահը հայտնում էր թե՝ հանկարծ հիվանդանալու պատճառով չի պիտի կարողանա ծառայության գալ, ուստի ներողություն էր խնդրում պարոն Թորոսյանից, որ այդ օրը ակամա պիտի բացակայե գործից։

Խեղճ տղա, ասաց Թորոսյանը տոմսակը կարդալով, երևի գրասենյակում երկար նստելը վնասում է նրա առողջությանը։ Պետք է աշխատենք գործն այնպես հարմարեցնել, որ նա մի կամ երկու ժամով առաջ թողնե յուր պարապմունքը։ Չե՞նք կարող այդպես անել, հարցրեց նա հաշվապահին։

Ինչո՞ւ չէ. եթե ինքներդ հանձն կառնեք ամեն օր դրամարկղը ստուգել, կարելի է. այդ աշխատությունը պարոն Թաղարյանից առնվազն երկու ժամ ժամանակ է խլում, պատասխանեց հաշվապահը։

Այդ մի փոքր դժվար է. ամեն օր միևնույն Ժամին ես գրասենյակում գտնվել չեմ կարող, նկատեց Թորոսյանը, բայց և այնպես, ավելացրեց նա, ես կմտածեմ այդ մասին. կարելի է այնպես կարգադրել, որ նա առավոտները երկու ժամով ուշ գա ծառայության:

Թորոսյանի այս աստիճան հոգածությամբ Թաղարյանի մասին մտածելը տեսնելով, Վահանը մի րոպե որոշեց հայտնել նրան գանձապահի հիվանդության պատճառը, որովհետև նրա հոգին վրդովվում էր, տեսնելով թե այդ սրիկան որպիսի՞ անխղճությամբ է խաբում այդ պատվավոր և հավատացող մարդուն։ Սակայն մտածելով, որ ավելի լավ է մի հոգի փրկել քան կորցնել, որոշեց լռել առժամանակ և գործ դնել յուր բոլոր ուժը և շնորհքը երիտասարդ գանձապահին կորստյան ճանապարհից հեռացնելու։ Այս որոշումը հանգստացրեց Վահանին և, մինչև անգամ, սեփական հանցանքի ծանրությունն էլ թեթևացրեց յուր աչքում։ Որովհետև, նա մտածում էր, որ եթե ինքը այդ երեկո ընկերացած չլիներ Թաղարյանին, չէր կարող երբեք նա գաղտնիքներին ծանոթանալ և, հետևապես, առիթ էլ չէր ունենալ մոլության ճանապարհից նրան հեռացնելու մասին մտածել։

Հետևյալ օրը, երբ Վահանը գանձապահին հանդիպեց, վերջինս այնպիսի անհոգ ու ուրախ դեմքով ողջունեց նրան, որ երիտասարդը մի րոպե շվարած մնաց։ Նա կարծում էր թե գանձապահը կհիշե յռւր արած հիմարությունները, անհաշիվ փողեր վատնելը, ամբողջ գիշերը անպատիվ հասարակության հետ անցնելը և այլն, և կամաչե իրենից։ Բայց գանձապահը ոչ միայն չամաչեց, այլև առաջին խոսքը, որ ուղղեց իրեն, այն էր թե՝ հիմար, ինչո՞ւ խայտառակեցիր ինձ։

Դու դեռ չե՞ս զգաստացել, հարցրեց նրան Սարյանը։

Ես միշտ էլ զգաստ եմ եղել, պատասխանեց գանձապահը ծիծաղելով, բայց դու, ինչպես երևում է, միշտ էլ հիմար կմնաս. ինչո՞ւ այն երեկո ծածուկ փախար մեզանից։

  Կնշանակե դեռ չե՞ս զղջացել գործածներիդ համար։

Զղջացե՞լ, ինչո՞ւ պիտի զղջամ, դու զղջացի՞ր, հիմար, որ մադմուազել Ռոզի արհամարհանքին արժանացար։ Երթ դու ծածուկ հեռացար նրանից, գիտե՞ս ինչ ասաց ինձ։

Չեմ հետաքրքրվում գիտենալ։

Չէ, չէ լսիր. հետաքրքիր է. ասում է քո այս բարեկամը, անշուշտ իդիոտ է. կերպարանքին նայողը կարծում է թե՝ հոգի և սիրտ ունի, բայց ինքն, իսկապես, անզգա արձան է, լավ կլինի, որ նրան զմռսեք և մուզեյում դնեք։

Շատ չեմ մտածում, թե մի փողոցի աղջիկ ինչ կարծիք ունի իմ մասին, նկատեց Վահանը արհամարհանքով։ Բայց պետք է մտածես. Ռոզան ուշադրության արժանի աղջիկ է։

Ես մտածում եմ ավելի ուշադրության արժանի անձի վրա:

Ո՞րը նրանից ավելի գեղեցիկ է։

Ո՛չ. կնոջ մասին չէ խոսքս։

Հապա ո՞ւմ մասին:

Քո:

Ի՞մ. խեր լինի ի՞նչ կա։

Դու կորստյան անդունդի վրա ես կանգնած, գիտե՞ս, թե՞ ոչ:

Ի՞նչ է պատահել, զարմացած հարցրեց գանձապահը:

Ի՞նչ պիտի պատահեր։ Ա՛յն դրությունը, որի մեջ տեսա քեզ անցյալ երեկո, դեպի կատարյալ կորուստ է տանում քեզ։ Պետք է աշխատես ետ դառնալ այդ ճանապարհից։ Հա՛, հա՛, հա՛, խելքդ սիրեմ, ա՛յ Վահան, ի՞նչ միամիտն ես. քեֆ անելը մե՞ղք է։

Մեղք չէ, եթե մարդավարի անես, բայց այն քեֆը, որ դու էիր անում, ոչ թե մեղք, այլ չարագործություն է։

Իստակ մղդսի ես ա՛յ. ինչո՞ւ Մուղնու եկեղեցում պաշտոն չես պտրտում. հաշվապահությունը քո ի՞նչ գործն է:

Կատակը մի՜ կողմ դիր. ես կամենում եմ փրկել քեզ ապագա վտանգներից։ Թե ինձ չլսես, իմացիր, որ կթշվառանաս։

Չեմ լսիլ. ես միայն Մարիա Իվանովնային կլսեմ մեկ էլ մադմուազել...

Եթե այսօրվանից չես երդվիլ, որ վերջին անգամ ես այդ կանանց անունը տալիս, թե չես խոստանալ, որ այսուհետև անառակ կյանք չես վարիլ, այսօր ևեթ կհայտնեմ պարոն Թորոսյանին այն բոլորը, ինչ որ այն երեկո այգու ճաշարանում տեսա և լսեցի, սպառնաց Վահանը։

Օ՜, հո՜. ուրեմն դուք մատնություն անել էլ գիտեք. երևի «Փնջիկ»-ի խմբագրատանն եք սովորել այդ արհեստը, նկատեց գանձապահը հոգնակի խոսելով և դեմքը խոժոռելով։ Մի՛ վիրավորիր ինձ, ես քեզ չարաթյուն անելու մտքով չասացի այս խոսքերը։

Գիտեմ, ոչ էլ ձեզ բարիք անելու մտքով ասացիք...որովհետև Թորոսյանը ինձ արտաքսելուց ետ դրամարկղի բանալին ձեզ չպիտի հանձնի:

Վահանը հասկացավ պաշտոնակցի հեգնության նշանակությունը և խորը վիրավորվեց, զղջալով միևնույն ժամանակ, որ իզուր տեղը խառնվեցավ օտարի հաշիվներում։

Իբրև, բարեկամ, կամեցա մի բարի խորհուրդ տալ ձեզ, ասաց նա գանձապահին վշտացած սրտով, ինձ համար, արդարև, ցավալի է տեսնել ձեղ նման երիտասարդին ընկած անառակության և անպատվության ճանապարհի վրա։ Ցավալի է նույնպես տեսնել Թորոսյանին այդ աստիճան քեզանից խաբված։ Իմ աչքում դուք մի չարագործ հանցավոր եք. անկեղծությամբ եմ ասում, սակայն ես հույս ունեի, թե կարող եմ օգնել ձեզ, որ դադարիք այդպիսին լինելուց։ Այժմ տեսնում եմ, որ չեք կամենում իմ խորհուրդներից օգտվել։ Ես էլ, իհարկե, խորհուրդներ չեմ տալ, ոչ էլ Թորոսյանի հետ ձեր մասին կխոսեմ։

Բայց մի անգամ արդեն ձեր տգեղ գաղտնիքներին ծանոթ լինելով, չեմ կարող Թորոսյանի մոտ ծառայել և նրա կարողության և պատվին սպառնացող վտանգը նրանից ծածկել։ Այդ պատճառով, որքան էլ ինձ համար ծանր լինի, այսուամենայնիվ, ես ստիպված կլինեմ թողնել պաշտոնս, որպեսզի ոչ ընկերոջ մատնիչ լինեմ և ոչ տիրոջ դավաճան։

Գանձապահը, որ, ըստ երևույթին, գորովվեցավ Վահանի վերջին խոսքերով, բռնեց նրա ձեռքը, մտերմաբար սեղմեց և ասաց.

Շնորհակալ եմ քո իմ վերաբերմամբ ունեցած հոգածության համար։ Դու մի ազնիվ երիտասարդ ես. թույլ չեմ տալ, որ իմ պատճառով պաշտոնդ թողնես: Որովհետև բարեկամական խորհուրդ ես տալիս ինձ, քո խորհուրդը կընդունեմ և կաշխատեմ այսուհետև հեռու մնալ իմ հին բարեկամներից։

Վահանը սևեռեց յուր հայացքը գանձապահի աչքերին, կամենալով կարծես կարդալ նրանց մեջ նրա խոսքերի ճշմարտությունը։ Բայց այդ աչքերն այն տեսակից էին, որ լավ հոգեբանին անգամ կմոլորեցնեին: Նրանց մեջ այդ րոպեին փայլում էր և՛ բարություն, և՛ անկեղծություն, և՛ զղջման արտասուք:

Չգիտեմ թե որպիսի՞ վստահության են արժանի քո խոսքերը, ասաց Վահանը երիտասարդին: Բայց ես հավատում եմ՝ նրանք անկեղծ են. այդ պատճառով առայժմ միայն շնորհակալություն կարող եմ անել քեզ իմ բարեկամական խորհուրդը չմերժելու համար:

Անկեղծ, կատարյալ անկեղծ են իմ խսսքերը, և դու դրանց ապացույցը կտեսնես, ասաց գանձապահը լրջությամբ:

Եվ այն օրից ետ նա այլևս քեֆերի կամ բարեկամուհիների մասին չխոսեց Վահանի հետ։ Ընդհակառակը, նա սկսեց հետաքրքրվել Վահանի սիրած ազգային նորություններով և հավատացնում էր, որ այժմ կարծես թե նոր մարդ է դարձել։ Մի քանի օրից ետ գանձապահը ծանոթացրեց Վահանին դրացի գրասենյակում ծառայող Տիրան Նադիրյանցի հետ:

Սա էլ քեզ պես ազգասեր մարդ է, միմյանց շատ կսիրեք, ասաց գանձապահը Վահանին և ապա սրա առավեությունները դրվատեց նադիյանի առաջ:

Վերջինը մի պատվական երիտասարդ էր, որ նույնպես հաշվապահի պաշտոն էր վարում: Ծանոթանալով Վահանի անձի և գաղափարների հետ, շատ սիրեց նրան և շնորհակալություն արավ Թաղարյանին, որ իրեն այդպիսի բարեկամ հանդիպեցրեց:

Առևտրական աշխարհում կա ծառայողների մի որոշ դասակարգ, որը, առհասարակ, նույն պաշտոններն է վարում, ինչ որ մյուս ընդհանուր ծառայողները, բայց զանազանվում է նրանցից նրանով, որ բացի յուր ծառայությունը, հետաքրքըրվում է նաև հասարակական խնդիրներով՝լրագրությամբ, գրականությամբ և եռանդուն մասնակցություն է ունենում ազգային ընկերական կամ եկեղեցական գործերում:

Այդ դասակարգի երիտասարդները, որոնց առհասարակ քեֆերի սիրահար ընկերները ազգասեր ծաղրական անունով են կանչում, առևտրական աշխարհի ամենաընտիր հայերն են:

Դժբախտաբար նրանք ամեն դեպքում զրկանքների են Ենթարկված թե՛ տերերի և թե՛ ընկերների կողմից։ Պատճառն այն է, որ նրանք սիրում են ա՛յն, ինչ որ իրենց տերերը կամ ընկերները ատում են և ընդհակառակն, ատում ու արհամարհում են ա՛յն, ինչ որ սիրում են վերջինները։ Դրանք մի տեսակ օտար սերմեր են, որոնց բախտի հողմը ցրել է առևտրական հողի վրա։ Այդտեղ նրանք բուսնում, մեծանում են, բայց տված պտուղները առևտրական աշխարհի համար օտար լինելով, այդ աշխարհի մարդկանցից անարգվում են։

Նույնիսկ իրենք, այդ երիտասարդները, առևտրական հողի վրա աճել և արմատ բռնել չեն կարողանում, որովհետև ա՛յն ինչ որ առևտրականի համար միս և արյուն է դարձած, նրանց համար անհասկանալի է։ Հասարակական խնդիրներում կամ ազգայինների բախտով հետաքրքրվելու կամ դրանց համար գործել կամենալու բուռն ցանկությունն արգելում է նրանց շատ անգամ ստանձնած պաշտոնը անթերի կատարելու։ Նրանք տերերից և ընկերներից ծածուկ՝ գիրք կամ լրագիր կարդալու, հոդվածներ շարադրելու, ազգային կարևոր գործերի համար այս կամ այն բարեկամին նամակներ գրելու վրա գործ են դնում այն ժամանակը, որը նշանակված է պաշտոնավարության համար։ Այդ շատ անգամ առիթ է տալիս, որ գործի տերը ծանր նկատողություններ անե ազգասեր ծառայողին։ Մի անգամ արդեն այդ տեսակ նկատողություններ անելուն սովորելով, գործի տերը նախատում է ծառայողին և այն ժամանակ, երբ խեղճը յուր բոլոր գործը ավարտած պարապ նստած է և ժամանակն անօգուտ չանցնելու համար գիրք կամ լրագիր է կարդում:

Առևտրականներից շատերին ավելի սիրելի է տեսնել յուր գործակատարը պարապ նստած, կամ անգործ ընկերների հետ շաղակրատելիս, քան տեսնել նրա առաջ մի բաց լրագիր, որի տեսքն անգամ վրդովում է յուր հոգին։ Դրա պատճառն այն է, որ ներքին բնազդումը և ոչ թե փորձառու խելքն ասում է նրանց թե՝ այն մարդը, որ պաշտոնից դուրս գործելով էլ է հետաքրքրվում, չի կարող բոլորանվեր կերպով ծառայել ձեր գործին։

իսկ առևտրականի համար հարկավոր է, որ երեսուն ռուբլի ռոճիկ ստանող երիտասարդը մարմնական աշխատության հետ միասին՝ սիրտն ու հոգին դնե յուր գործի մեջ։

Փչացած, անհավատարիմ և Վատնող գործակատարները՝ օգտվելով գործատերերի այդ տրամադրությունից և արտաքուստ նրանց սիրած շավղով ընթանալով, ոչ միայն սիրելի են դառնում նրանց, այլև շատ անգամ գրավում են գործատիրոջ վստահությունը ա՛յն աստիճան, որ մյուս ընկերների բախտի կառավարն էլ իրենք են հանդիսանում: Ահա՛ այստեղից սկսվում են ազգասեր ծառայողների և վատնող գործակատարների ներքին հակառակությունները, որոնք շատ անգամ վերջանում են խեղճ ազգասերների պարտությամբ:

Տիրան Նադիրյանը այս դասակարգի արժանավոր ներկայացուցիչներից մինն էր։ Յուր ուսումը ավարտել էր ռեալական դպրոցում, իսկ հայերեն սովորել էր յուր ծառայության միջոցին՝ շարունակ հայերեն գրքեր կամ լրագիրներ կարդալով, որի համար և շատ նախատինքներ ու զրկանքներ էր կրել։ Բայց հաստատուն բնավորության տեր և միևնույն ժամանակ ընտիր հաշվապահ լինելով, նա վերջիվերջո իրավունք էր ձեռք բերել յուր գաղափարները ազատ պաշտելու։ Նրա պարոնը «ձվածեղի համար թավի կոթը կպաչեն» ասելով հաշտվել էր նրա ազգասիրության հետ՝ հմուտ հաշվապահից չզրկվելու համար։

Նադիրյանին ճանաչում էին բոլոր առևտրականները և հարգում էին արտաքուստ։ Շատերը մինչև անգամ վախենում էին նրանից, որովհետև մի-մի անգամ իրենց բարի գործերի մասին լրագիրներին լուր էր հաղորդում և դրանով սրտնեղթյուն պատճառում իրենց։ Պարոն Թորոսյանը նույնպես անուշադիր չէր դեպի այդ երիտասարդը։ Պատահած ժամանակ ոչ միայն հարգանքով ողջունում էր նրան, այլև սիրում էր երկար Ժամերով խոսել նրա հետ և վիճել զանազան խնդիրների մասին։ Բայց և այնպես նա չէր ցանկանում, որ յուր ծառայողներից մեկը խոսե կամ մտերմանա Նագիրյանի հետ, որովհետև, հավատացած էր, որ անպատճառ մի վատ բան կսովորեցնե նրան։

Սարյանն այդ բանը չգիտեր, ուստի ազատ հարաբերություն սկսեց նրա հետ։ Նադիրյանի մեջ նա գտավ յուր ցանկացած բարեկամին, ազնիվ մարդուն և անկեղծ հայրենասերին, այդ պատճառով էլ սրտանց սիրեց նրան։ Երկու երիտասարդներր հաճախ իրար հետ տեսակցում և խոսում էին երկուսին միատեսակ հետաքրքրող նորությունների և միատեսակ վշտացնող ցավերի վրա։ Շուտով նրանց բարեկամությունր փոխվեցավ մտերմության, որի հետևանքը եղավ այն, որ Սարյանը փոխադրվեցավ Նադիրյանի բնակարանը՝ նրա ընտանիքում ապրելու համար։

Երբ պարոն Թորոսյանը իմացավ, որ Վահանը Նադիրյանի հետ բարեկամանալու վտանգին է ենթարկվել (նա, առհասարակ, առևտրական մարդու բարեկամությունը գրական աշխարհին մոտ եղող անձանց հետ վտանգավոր բան էր համարում), շատ վշտացավ և յուր ծառայողների ներկայությամբ հայտնեց նրան յուր դժգոհությունը, պահանջելով միևնույն ժամանակ, որ Վահանը հեռանա այդ պարոնից։

Ես այդ երիտասարդի մեջ ոչ մի վատ կողմ չեմ նկատել, ընդհակառակը, նա մեր շրջանի տղերանց մեջ ամենից խելոքն ու ազնիվն է, նկատեց Վահանը համեստությամբ ժպտալով։

Խելքի և ազնվության մասին թող որ ինձ նման փորձառու մարդը դատե, խոսեց Թորոսյանը լրջությամբ, դու իմ ազգականն ես և ստորադրյալը, քեզ համար ես չար բան չեմ ցանկանալ, հետևապես, ինչ խորհուրդ որ տալիս եմ քեզ, պետք է ընդունես և հետևես նրան։

Բայց, թույլ տվեք, որ ես էլ սեփական կամք ու ցանկություն ունենամ. ես էլ խելքի հասած մարդ եմ և իրավունք ունիմ բարեկամ ընտրելու և թշնամի ճանաչելու։ Նադիրյանի հետ բարեկամացել եմ, որովհետև նրան արժանավոր երիտասարդ եմ ճանաչել։ Այժմ ի՞նչ հարգելի պատճառ ունիմ, որից ստիպված նրանից հեռանամ։

Հարգելի պատճառն այն է, որ այդ բանը ես եմ պահանջում։

Դո՞ւք եք պահանջում.. հարցրեց Վահանը զարմացած։

Այո՛, պահանջում եմ, և դուք պարտավոր եք այդ պահանջը կատարել։ Վահանը մեծ բացավ աչքերը և ապշած նայում էր Թորոսյանի վրա, չկարողանալով հասկանար թե ինչու՞ այդ մարդը, որ իրեն խելոք ու փորձառու է անվանում, այդ տեսակ անմիտ և անիրավ պահանջ է անում իրենից։ Նա, արդարև, շատ տարօրինակ պատմություններ է լսել հայ վաճառականների կյանքից. շատ հետաքրքիր բաներ էր իմացել նրանց մտածելու և գործելու եղանակների մասին, բայց այն, ինչ որ այժմ էր լսում, գերազանցում էր բոլորին։

Ձեր պահանջը, կարծեմ, իրավացի չէ. Նադիրյանի հետ բարեկամ եմ թե թշնամի այդ իմ պաշտոնին, հետևապես, և ձեզ չէ վերաբերում, նկատեց Վահանը համեստությամբ: Շատ մոռացկոտ ես, ա՛յ, չէ որ քեզ ա՛յն պայմանով ընդունեցի պաշտոնի մեջ, որ հեռու մնաս գրական շրջաններին մոտ եղող անձերից, աչքերը երիտասարդի վրա սևեռլով հարցրեց Թորոսյանը:

Վահանը նոր հիշեց յուր խոստումը և պարտաճանաչ մարդու ամոթխածությամբ գլուխը խոնարհեց։

Այժմ, կարծեմ, իրավացի է իմ պահանջը, այնպես չէ՞, հարցրեց Թորոսյանը կրկին։

Իրավացի է, բայց ի՞նչ վնաս կարող է հասնել ձեզ իմ այս բարեկամությունից:

Այդ ուրիշ հարց է. և ես դրա մասին կարևոր չեմ համարում խոսել։ Առևտրական աշխարհում փիլիսոփայություններ չեն անում, այլ ասում են երկու անգամ երկու կլինի չորս։ Գիտե՛ս ինչ կնշանակե այդ։

Ոչ։

Շատ վատ է, որ՛ չգիտես։ Այդ կնշանակե թե՝ պա՞րտք ունիս՝ պիտի վճարես, պահանջ ունիս պիտի ստանաս, պայման ես դրել՝ պիտի կատարես։

Հասկանում եմ։

Շատ լավ. ուրեմն քո դրած պայմանը պիտի կատարես. այդ տեսակ մարդկանցից պիտի հեռանաս։

Բայց ես, ընդհակառակը, փոխվել եմ Նադիրյանի բնակարանը, նրա հետ միասին եմ ապրում:

Ինչպե՞ս. դու Նադիրյանի հե՛տ ես ապրում, այդ անպատիվ, այդ անբարոյական երիտասարդի հետ... բացականչեց հանկարծ Թորոսյանր և տեղից վեր կենալով մի կողմ ձգեց աթոռը և մոտենալով գանձապահին բարկացած ձայնով հարցրեց.

Ի՞նչ ես շինում դու այստեղ, չէի՞ր կարող հասկացնել սրան, որ նադիրյանի նման փչացած մարդկանց հետ բարեկամացող մարդուն ես չեմ կարող իմ գործի մեջ պահել։

Ներեցեք. ես չգիտեի թե Վահանը բարեկամացել է նրա հետ, հայտարարեց գանձապահը։

Տեսնո՞ւմ եք. դուք մինչև անգամ խորհուրդ չեք հարցրել սրանից, դարձավ Թորոսյանը Վահանին. իսկ ես ձեզ առաջուց ասել էի, որ մշտական ընկեր ու բարեկամ ընտրեք իմ գանձապահին, այդ կնշանակեր թե ուրիշ մարդու հետ ծանոթանալու համար էլ պետք է սրանից խորհուրդ հարցնեիք։

Ընդհակառակը, դա ինձանից հեռու է փախչում. երևի իմ բարեկամությունը դուր չի գալիս իրեն, ասաց գանձապահը ցինիկական լրջությամբ և ապա երեսը մյուս կողմը շրջելով ակնարկեց Վահանին և քթի տակ ծիծաղեց։

Տե՛ս, եթե իմ գանձապահը այդպիսի մի ցանցառութուն արած լիներ, կարտաքսեի նրան, չնայելով որ շատ գոհ եմ նրա ծառայությունից, շարունակեց Թորոսյանը, բայց դու իմ ազգականն ես և ես չեմ կամենում առաջին սխալմունքիդ համար պատժել քեզ։ Հեռացի՛ր Նադիրյանից և մոռացիր նրան. հակառակ դեպքում ստիպված կլինեմ մեր պայմանի համաձայն վարվել քեզ հետ։

Սարյանը գրեթե ապշած նայում էր մերթ գանձապահի և մերթ Թորոսյանի վրա, չկարողանալով խելամտել, թե ի՞նչ կատակերգություն է այս, որ կատարվում է յուր առաջ։ Չէ՞ որ գանձապահը ինքն էր ծանոթացրել իրեն Նադիրյանի հետ։ Ինչո՞ւ համար էր ծածկում այդ բանը Թորոսյանից։ Եվ եթե նա առաջուց գիտեր, որ այդ ծանոթությունը կարող է անհաճո լինել յուր տիրոջը, ինչո՞ւ համար էր ծանոթացնում, Արդյոք դա մի սխալմո՞ւնք էր, որ նա գործել էր անգիտակցաբար, թե՞ մտածած չարություն։ Վահանը չէր կարողանում որոշել։ Բայց մի բան պարզ էր։ նա տեսնում էր, որ գանձապահը անամոթաբար հարստահարում էր յուր տիրոջ հավատը և որ վերջինս կուրորեն անձնատուր է եղել այդ սրիկային։ Նրա մեջ զարթնում էր ցանկություն մի կողմ թողնել ազնվությունն ու մեծանձնությունր և հայտնել Թորոսյանին ամեն բան:

Բայց տեսնելով, որ գանձապահը այնպիսի մեծ վստահություն ունի յուր խորհրդապահության վրա, որ մինչև անգամ յուր ներկայությամբ չարախոսում է իրենից Թորոսյանի առաջ, հավատացած լինելով, որ նույնիսկ այդ դեպքում ինքը չի հայտնիլ նրա գաղտնիքը, նա լռում էր։

Մյուս կողմից էլ Սարյանը զայրանում էր տեսնելով, որ այդ փողի ու հաշվի երկրպագուներն այդքան նեղսրտությամբ ու նախապաշարմունքով են նայում հասարակական գործերով հետաքրքրվող անձի վրա, այդքան կասկածով ու ատելությամբ են վերաբերվում դեպի այն ամենը, ինչ որ մարդուն, գեթ մի փոքր, բարձրացնում է ստորաքարշ կյանքի մակերևույթից... մինչդեռ դեպի փողն ու հաշիվը այնքան հավատ ու ջերմեռանդություն ունին, որ ոչ միայն նրանց հարգողին, այլև հարգել կեղծողին սեփական գույքն ու պատիվն են վստահանում։

Այս հանգամանքը սրտմտեցնում էր երիտասարդին և նրա սրտի մեջ վրեժխնդրություն բորբոքում։

«Պիտի ծածկեմ այն բոլորը, ինչ որ գիտեմ. թող այդ մարդիկը պատժվին իրենց կուրության համար։ Պիտի լռեմ, մինչև որ ազնիվ ու հավատարիմ ճանաչված մարդկանց դիմակը ինքն իրեն պատռվի և ամոթի գունով շառագունե ինչպես վստահացողի, նույնպես և վստահացյալի երեսը... այդպիսի փաստը միայն կարող է խելքի բերել այս նյութապաշտ արարածներին, երբ նրանք խելքի կգան, այն ժամանակ, ես կխոսեմ իմ իրավունքների մասին...», մտածում էր երիտասարդ Սարյանը և ինքն իրեն այդ մտքերով մխիթարում:

Բայց ինչո՞ւ համար էր գանձապահը ծանոթացրել Վահանին Նադիրյանի հետ։ Դա յուր խորհրդավոր պատճառն ուներ, որը, սակայն, Վահանը գուշակել չէր կարող։

Գանձապահը սկզբում մտերմանալով Սարյանի հետ, ցանկացավ յուր թաքուն քաջագործություններին մասնակցող մի մշտական ընկեր պատրաստել նրանից։ Թեպետև նա այդպիսի ընկերների պակասություն չէր զգում, բայց Վահանի ընկերությունը ուրիշ նշանակություն ուներ նրա համար։ Այդ այն էր, որ Վահանը ծառայում էր Թորոսյանի գրասենյակում հաշվապահի օգնականի պաշտոնով։ Իսկ երբ մի առևտրական տան մեջ գանձապահն ու հաշվապահի օգնականը մտերիմ և խորհրդակից են միմյանց, այդ արդեն հաստատուն գրավական է նրանց երկուսի երջանկության (գանձապահի սիրած խոսքն էր այս)։

Հաշվապահի օգնականի պաշտոնը միշտ զբաղեցրել էր պարոն Թաղարյանին, որովհետև այդ պաշտոնի մեջ եղող անձի կամքից էր կախված զվարճությունների համար մեծ կամ փոքր գումարներով փողեր վերցնելու հնարավորությունը: Փողը, իհարկե, միշտ գանձապահի ձեռին էր լինում, նա կարող էր վերցնել նրանից որքան և երբ կամենար։ Բայց դրանով գործը չէր վերջանում. պետք է հաշվապահի օգնականն էլ այդ վերցրած փողերը կանոնավոր ձևով հաշիվների մեջ արձանագրեր և հանձներ հաշվապահին, որպեսզի նա էլ յուր կողմից գլխավոր գրքերի մեջ փոխադրելով սխալն ու ուղիղը հաշիվների ծովի մեջ անհետացներ...

Այն երիտասարդը, որ Սարյանից առաջ միևնույն պաշտոնի մեջ էր գտնվում, մտերիմ և հավատարիմ էր Թաղարյանին։ Բայց ի բնե զգույշ և հեռատես լինելով, մի երկու տարի գանձապահի հետ քեֆեր անելուց և առանձին յուր համար փոքրիկ ապահովություն կազմելուց ետ, որոշեց թողնել պաշտոնը, որպեսզի վտանգավոր գաղտնիքը հայտնված ժամանակ (որը, նրա կարծիքով, շատ չի պիտի ուշանար) ինքը պաշտոնի մեջ չգտնվեր և գանձապահի հանցանքներին մասնակից չճանաչվեր։ Այդ երիտասարդը յուր հեռանալու հայտարարությունն արդեն արել էր, երբ Սարյանը Թորոսյանի մոտ պաշտոն խնդրելու եկավ, և բարեհաջող հանգամանքի շնորհիվ էլ հաշվապահի օգնականի պաշտոն ստացավ։

Պարզ է, որ պաշտոնակից բարեկամի հեռանալուց ետ գանձապահը պիտի աշխատեր նրա հաջորդի հետ բարեկամություն հաստատելու, որպեսզի յուր երջանկությունը հարատև լիներ։ Այս նպատակով էլ, ինչպես տեսանք, նա մտերմացավ Սարյանի հետ և, մինչև անգամ, կարողացավ մասնակից անել նրան յուր սովորական զվարճություններից մեկին։ Բայց երբ տեսավ, որ Վահանը յուր ճանաչած փայտից չէ տաշված և նրա մի քանի նկատողություններից արդեն հասկացավ, որ նոր պաշտոնակիցը յուր մտերիմն ու հավատարիմը լինել չէ կարող, զղջաց յուր սխալմունքի վրա, բայց արդեն ուշ էր, Նրան մնում էր կամ բոլորովին ետ կանգնել մոլորության ճանապարհից, կամ աշխատել հեռացնել պաշտոնից Սարյանին և նրա տեղ մի ուրիշը նշանակել տալ։ Այս վերջին միջոցը նա բանավոր համարեց։ Այդ նպատակին հասնելու համար, նա այնպես ձևացրեց, որպես թե, Սարյանի՛ նկատողություններն ուշադրության առնելով հեռանում է մոլորության ճանապարհից և զբաղվում է նրա սիրած գործերով։

Այդ գործերից մինն այն էր, որ նա ծանոթացրեց Սարյանին ազգասեր Նադիրյանի հետ։ Իսկ այդ արավ այն նպատակով, որպեսզի Վահանը բարեկամանալով նրա հետ գրգռե Թորոսյանի դժգոհությունն ու զայրույթը: Այդպիսով խախտելով Թորոսյանի՝ դեպի յուր ազգակիցն ունեցած հավատը, նա հեշտությամբ կարող էր նաև զանազան հանցանքների մեջ զրպարտել նրան և գրգռել Թորոսյանին՝ հեռացնել պաշտոնից այդ «ազգային» և «գրական» ցավերով ախտացած երիտասարդին։

Գանձապահը կիսով չափ հասել էր յուր նպատակին. մնում էր մի փոքր ևս աշխատել, որպեսզի գործը կատարելապես հաջողվեր։

Երբ Թորոսյանը դուրս գնաց գրասենյակից, գանձապահը մոտեցավ Սարյանին, որը տխուր և ձեռքը ծնոտին հենած նստած էր սեղանի առաջ և մտերմաբար խոսեց նրա հետ։

Սիրելիս, պիտի ներես ինձ, որ այդ գազանից վախենալուս համար ոչ միայն սուտ խոսեցի, այլև չարախոսեցի քո մասին։ Հավատացիր, որ թե քո կողմը բռնեի, նա իսկույն կարտաքսեր ինձ։ Տեսա՞ր, ինքն անգամ ասաց թե՝ «եթե իմ գանձապահը այդպիսի ցանցառություն աներ, կարտաքսեի նրան»։ Բայց քեզ խնայեց, որովհետև յուր ազգականն ես։ Այսուամենայնիվ, մի գաղտնիք ասեմ քեզ օգուտ քաղիր նրանից։ Թորոսյանի սիրտը յուր լեզվի նման չար չէ։ Նրա բարկանալուն կամ սպառնալուն մի՛ նայիր։ Դու շարունակիր քո բարեկամությունը Նադիրյանի կամ նրա ընկերների հետ, որպեսզի այդպիսով ինձ էլ օգնես այս ստոր դրությունից դուրս գալու։ Ես հիմար էի, սկզբում գլուխս խոնարհեցի սրա անիրավ պահանջների առաջ և այդպես էլ խոնարհած մնացի մինչև վերջը: Դրա հետևանքը եղավ այն, որ սկսեցի թաքուն զվարճությունների ետևից գնալ և վատ ընկերները փչացրին ինձ։ Նադիրյանը, ընդհակառակը, սկզբից իսկ ընդդիմացավ յուր պարոնին և շարունակ հակառակելով նրան՝ քո սիոած ճանապարհներովն առաջ գնաց։ Այսօր նա բանը այնտեղ է հասցրել, որ յուր պարոնի հետ միասին մյուս վաճառականներն էլ սկսել են քաշվել նրանից։ Եթե դու էլ միևնույն քաջությամբ գործդ շարունակես, Թորոսյանը կխոնարհվի քո հաստատուն կամքի առաջ։ Մենք և մեզանից առաջ այստեղ ծառայողները վատ ենք սովորեցրել նրան։ Շարունակ հնազանդվելով, շարունակ խոնարհվելով՝ կատարյալ բռնակալ ենք շինել նրան։ Այժմ եթե դու կամենաս, մեր բոլոր սխալները կուղղես։ Թորոսյանի նման քանի՜-քանի՜ անգութներ կան մեր այս առևտրական պարոնների մեջ և ինձ նման քանի՜֊քանի՜ ստրուկ գործակատարներ, որոնք անպիտան ընկերների ձեռք ընկնելով փչանում են։ Եթե դու և նադիրյանը հաստատապես դնեք ձեր մտքում, կարող եք միանգամից կերպարանափոխել այս բռնակալներին և մեզ էլ ազատել այս ստոր դրությունից։

Մի՞թե, կարծում ես, ես կամ իմ ընկերները, չենք հետաքրքրվում այն բաներով, ինչով որ դուք եք հետաքրքրվում։ Մի՞թե մենք չենք կամենում թատրոն հաճախել, լրագիր կարդալ, ընկերությունների մեջ անդամ գրվել, իբրև հայ՝ երևալ այս կամ այն ժողովներում, խոսք լսել, խելք սովորել և այլն, և այլն։ Բայց չենք կարողանում անել, որովհետև միանգամից ստրկացրել են մեզ։ Բայց եթե դուք ձեր սկսածը քաջությամբ շարունակեք, մենք էլ սիրտ կառնենք և ձեր ետևից կգնանք։ Այդպիսով դու և Նադիրյանը կդառնաք մեր այս սորուկ գործակատարների փրկիչը. իսկ Թորոսյանն այդ բանի համար քեզ ոչ մի զրկանք չի պատճառել, որովհետև ամոթ է մի առևտրականի համար զրկել յուր ազգակցին այդպիսի դատարկ բաների պատճառով։

Երիտասարդ Սարյանին խիստ բանավոր երևեցավ գանձապահի այս ճառը, որի մեջ թաքնված էր Թորոսյանի աչքում իրեն ավելի ատելի դարձնելու գաղտնի նպատակը։ Միամիտ երիտասարդը չկասկածեց բնավ, թե գանձապահի այդ հորդորի մեջ կարող էր լինել որևէ գաղտնի դիտավորություն՝ ուղղված յուր նյութական և բարոյական շահերի դեմ։ Նա ազնվաբար հավատաց նրան և ձեռքը բռնելով՝ մտերմաբար սեղմեց և զգացված բացականչեց.

Երդվում եմ պատվովս, որ ես ձեր բոլորի իրավունքի պաշտպան և ձեր վիճակի բարելավության պատճառ պիտի դառնամ։ Թո՛ղ ինչ ուզում է պատահի, ես առաջ կերթամ իմ ընտրած ճանապարհով, և, հույս ունիմ, որ բախտն ինձ չի դավաճանիր մնում է միայն, որ դուք հետևեք ինձ, որպեսզի կռվի դաշտում միայնակ չմնամ։

Գանձապահը հավատացրեց երիտասարդին, որ բոլոր գործակատարները կաջակցեն իրեն, հենց որ նա կռվի դրոշակը կպարզե։

Զ

Գանձապահի խոսածները Սարյանը հաղորդեց նադիրյանին։ Վերջինս ոչ միայն համակրեց առաջարկված խնդրին, այլև հայտնեց, որ ինքը սիրով կաջակցե նրան։

«Գործակատարների ճնշված դրությունը և նրանց ստրկական վիճակը վաղուց գրավել են իմ ուշադրությունը, ասաց նա, վաղուց ես մտածում էին կազմել մի ուժ կամ ընկերություն, որ կարողանար կռվել հայ վաճառականի՝ հին դարերից ժառանգած այն բռնապետական օրենքների դեմ, որոնցով նա, առհասարակ, չափում է յուր ստորադրյալների պարտքի և իրավունքի սահմանը, անարգելով հաճախ նրանց մարդկային արժանապատվությունը և զրկելով այն բարոյական բարիքներից, որոնցից յուրաքանչյուր մարդ արարած օգտվելու իրավունք ունի։ Բայց որովհետև մինչև այսօր միայնակ էի, ուստի հազիվ սեփական իրավունքներս պաշտպանելու միջոց ունեցա, հետևապես ընդհանուր գործակատարների վիճակը բարվոքելու մասին ոչինչ չկարողացա գործել։ Բայց այժմ, քանի որ դու կաս, և գործակատարների մեջ էլ ինքնապաշտպանության զգացումը զարթնում է, ես կարող եմ միանալ քեզ հետ և միացնել գործակատարներին։ Այսպիսի հավաքական ուժով մենք փառավոր գործ կկատարենք։

Նադիրյանի խոսքերը եռանդ ներշնչեցին երիտասարդ Սարյանի մեջ, նա սկսեց ծրագիրներ կազմել մոտիկ ապագայում սկսելիք գործի համար։ Եվ որպեսզի այդ գործը հաստատուն հիմքերի վրա դնե, նա որոշեց ուշադրությամբ ուսումնասիրել գործակատարների գրությունը և փաստեր ժողովել ապագա պաշտպանության գործը օրինավոր կացուցանելու համար։

Այդ բանի մեջ Նադիրյանից զատ օգնում էր նրան նաև գանձապահը (որը, իբրև թե, արդեն, օրինավոր մարդ էր դարձել) և մի քանի ուրիշ գործակատարներ, որոնք ազգասերների կարգին էին պատկանում։

Հենց այս պատրաստությունների ժամանակ Վահանը ստացավ հորից մի նամակ, որ նրա աշխույժն ու եռանդը սառեցրեց։ Փորձառու հայրը, ի միջի այլոց, գրում էր որդուն հետևյալը:

«Քանի ժամանակ առաջ շնորհավորեցի նոր պաշտոնդ, թայց չգիտեի, թե աշխատության այդ նոր ասպարեզը ընտրելուդ համար կարո՞ղ եմ ուրախանալ, թե՞ ոչ։ Որովհետև «Փնջիկ»-ի խմբագրության մեջ պաշտոն ստանձնած ժամանակ էլ հիացմունքով էիր խոսում քո հաջողության մասին. բայց հազիվ մի քանի շաբաթ անցավ և դու հուսահատված պաշտոնդ թողեցիր։ Վերջին նամակներիդ մեջ միակ մխիթարականը ինձ համար այն էր, որ դու խոստովանում էիր քո անփորձությունը և դատապարտում երիտասարդական սխալանքներդ։ Այդ ինձ ուրախացնում էր ո՛չ թե նրա համար, որ ես էլ դատապարտում էի այդ սխալները, ո՛չ, սխալվիլը ամենից ավելի երիտասարդությանն է հատուկ. այլ նրա համար, որ տեսնում էի, թե քո անհաջողությունները սովորեցրել են քեզ ճանաչել փորձառության և խոհեմության արժեքը։ Այժմ ուրախ եմ, որ ամիսներ անցնելուց ետ հուսահատական ոչինչ չիս գրում, ընդհակառակը, հույս ես տածում թե, օրըստօրե վիճակդ պիտի բարելավվի և թե ակներև հաջողություն պիտի ունենաս:

Բայց որովհետև անցյալ անհաջողություններից առած դասերը միշտ մոռացվում են հաջողության ժամանակ և շատ խելոք մարդիկ հենց այդ մոռացության շնորհիվ միևնույն սխալը կրկնել են իրենց կյանքում մի քանի անգամ, ուստի ավելորդ չեմ համարում զգուշացնել քեզ, որ դու չվստահանաս քո հիշողության վրա և մեծ բան չկարծես այն փորձառությունը, որ ձեռք ես բերել քո առաջին անհաջողությամբ։ Իմացի՛ր, որ գործունեությանդ նույնիսկ այժմյան ասպարեզում դեռ շատ փորձանքներ են սպասում քեզ։ Զգույշ կաց, որ առիթ չունենաս նորից քո անփորձության վրա գանգատվելու։ Պաշտոնիդ ու պարտավորությանդ հավատարիմ լինելուց զատ, դու պարտավոր ես, նաև, հնազանդ լինել պարոն Թորոսյանին, ինչպես քո հորը և պատվավոր ազգակցին։ Նրա խորհուրդներից շատերը կարող են քո հասկացողության և գաղափարներին հակառակ լինել, բայց իմացիր, որ դու ավելի օգուտ կունենաս այդ խորհուրդներին հետևելով, քան նրանց հակառակելով։ Երիտասարդների ընկերությունը գրավիչ է և սիրելի, բայց նրա տված խորհուրդները լիեն սխալանքներով։ Աշխատիր, որ այդ ընկերություններին սիրելի լինես, բայց ոչ հլու, հպատակ։ Նրանց տված տասը խորհուրդներից մեկին հետևիր, այն էլ քո անցյալ անհաջողությունների պատմությունը հիշողությանդ մեջ նորոգելուց ետ»։

Հոր նամակի այս տողերը կարծես սթափեցրին երիտասարդին մի արբեցողությունից, որի մեջ ընկել էր նա գանձապահի և Նադիրյանի հորդորները լսելով։ Մի քանի անգամ կարդաց նա այդ տողերը և ինքն իրեն մտածեց.

«Արդյոք սա բախտի ազդարար ձայնը չէ՞, որ հասնում է ինձ ի դեպ և զգուշացնում է վտանգավոր ճանապարհի վրա ոտք կոխելուց, արդյոք չի՞ պիտի հարդեմ այս ձայնը և ետ կանգնեմ իմ դիտավորությունից։ Մի քանի անգամ արդեն ես պատժվել եմ իմ հոր փորձառու խրատները չլսելով։ Ի՞նչ պատճառաբանությամբ կարող եմ արդարացնել ինձ, եթե կրկին անգամ փորձանքի ենթարկվեմ։ Մի՞թե այնուհետև իմ սխալները խոստովանելով, կամ արածիս վրա զղջալով, կարող եմ հանգստություն գտնել։ Մի՞թե այնուհետև իրավունք կունենամ ես հորս աչքին երևալու կամ նրա երեսին ուղիղ նայելու։ Ավելի լավ չի՞ լինիլ եթե այսուհետև գոնե խոհեմությունը լինի իմ առաջնորդը և համբերությունը՝ իմ խորհրդականը, որպեսզի նորեն առիթ չունենամ հուսահատվելու»։

Այս խորհրդածությունից ետ անցան մի քանի օրեր։ Նադիրյանը շարունակում էր խոսել Վահանի հետ գործակատարների վիճակը բարվոքող խնդիրների մասին։ Երբեմն առաջարկում էր նոր ծրագիրներ, երբեմն հաղորդում էր նրան մեր գրականության մեջ հայտնի անձանց սույն խնդրի մասին հայտնած կարծիքները, որոնց նա լսում էր «Մանգաղ» լրագրի խմբագրատանը. երբեմն ազգասեր գործակատարների բարոյական տանջանքների նկարագիրն էր անում, հորդորելով Վահանին շուտով գործ սկսել և այլն։

Բայց վերջինս փոխանակ առաջվա նման այդ խնդրով գրավելու և Նադիրյանի հորդորներով ոգևորվելու, կամ լռում էր, երբ նա խոսում էր, և կամ գործի հաջողությունը կասկածելի էր կացուցանում՝ Նադիրյանի կարծիքներին հակառակելով։

Նադիրյանը, վերջապես, նկատեց Վահանի հոգեկան աշխարհում տեղի ունեցած փոփոխությունը և մի երեկո, երբ միասին նստած էին, պատճառը հարցրեց։

Երիտասարդը չծածկեց նրանից յուր որոշումը, որ էր՝ ետ կանգնել մտադրյալ գործից, և, մինչև անգամ, կարդաց նրան յուր հոր նամակը, որ պատճառ էր դարձել այդ որոշման։

Կորա՜ծ մարդիք ենք, կորա՜ծ, բացականչեց նադիրյանը, ի՞նչ իրավունք ունինք մեզ երիտասարդ անվանելու, կամ երիտասարդական իդեալներով ոգևորվելու։ Դեռ պատանեկան հասակներս չառած արդեն ծերունիներ ենք, և այն, ոչ թե խելքով ու փորձառությամբ, այլ ժառանգական անշարժությամբ և երկչոտությամբ։ Վա՜յ այն ազգին, որի հառաջադիմության կարապետները մենք պիտի լինինք... Այս ասելով նա վեր կացավ տեղից և սկսեց սենյակում ետ ու առաջ գնալ։

Ձեր ակնարկությունը ի՞նձ է վերաբերում, հարցրեց Սարյանը ժպտալով: Ոչ միայն ձեզ, այլև ինձ, այլև իմ մյուս ընկերներին, վշտացած պատասխանեց Նադիրյանը։ Մի՞թե կարծում եք թե մենք այսքան ստորացած և ստրկացած կլինեինք, եթե մեզանից յուրաքանչյուրը յուր կարողության չափով մաքառած լիներ հին օրենքների ու սովորությունների դեմ` նույնիսկ ծառայության մտնելու օրից սկսած։

Այսքան ստորացած չէինք լինիլ, արդարև, եթե յուրաքանչյուրը յուր կարողության չափով մաքառած լիներ, բայց ոչ ոք այդ չէ արել մինչև այսօր։

Ուրեմն մենք պիտի անենք. լավ է ուշ, քան երբեք։

Երկու հոգի կարո՞ղ են կռվել ամբողջ դասակարգի դեմ։

Մենք միայնակ չենք լինիլ. մեզ կաջակցեն բոլոր գործակատարները:

Իսկ դրանց բոլորի ուժը բավակա՞ն կլինի արդյոք դարերով հաստատված բռնությունը միանգամից խորտակելու:

Ի՞նչ հարկավոր է միանգամից խորտակել։ Հզոր հարձակման դեմ հզոր էլ պաշտպանություն կլինի։ Մենք աստիճանաբար կգործենք։

Աստիճանաբար և հեռատեսությամբ... դրա դեմ ես ոչինչ չունիմ։

Հեռատեսությամբ բառը ես չասացի։

Ի՞նչ վնաս, եթե գործելու ժամանակ հեռատեսություն էլ ունենանք։

Այն՝ որ հեռատեսությունը հառաջադիմության թշնամին է։ Հեռատեսությամբ մտածողը մեծ գործ կատարել չի կարող։ Հեռատեսությունը պահանջում է փախչել վտանգներից ու վնասից, իսկ մենք, ընդհակառակը, ամեն վտանգ ու վնաս աչքի առաջ պիտի ունենանք, եթե, իսկապես, կամենում ենք գործել։

Տեսնո՞ւմ եք. անփորձ երիտասարդի խելքով եք դատում։ Ինչպե՞ս կարելի է գործելու ժամանակ չմտածել գալիք վտանգի ու վնասի մասին։ Ի՞նչ արժեք կարող է ունենալ այն փոքրիկ օգուտը, որ ձեռք պիտի բերվի ամենամեծ վնասով։ Ահա՛, այդ տեսակ խորհուրդներին հետևելուց է զգուշացնում ինձ իմ հայրը, և արդյոք նա իրավունք չունի՞։

Ձեր հոր նամակը կարող եք կախել մուզեյումում իբրև հնություն։ Իսկ ձեզ ես խորհուրդ կտամ մի փոքր ավելի երիտասարդանալ։ Այն օրից ի վեր, որ ծանոթացա ձեզ հետ, դուք շատ եք ծերացել։ Այդ սիրուն հասակին, այդ շենք ու շնորհքին չէ վայել այն հոգին, որ կրում եք ձեր մեջ։ Երկչոտությունը կանանց և տկար ծերերի բաժինն է, իսկ դուք, հավատացած եմ, չեք կամենալ պատկանել ոչ առաջինների և ոչ վերջինների կարգին։

Նադիրյանի այս նկատողությունը ազդեցություն արավ Վահանի վրա, նա լռեց և գլուխը կախելով ընկավ մտածության մեջ։

Այնուհետև, մի քանի օր շարունակ նրանք այլևս չխոսեցին այս խնդրի վրա, մինչև որ մի անակնկալ առիթ կրկին անգամ հուզեց Սարյանին։ Այդ առիթը օրիորդ Աշխենի մի նամակն էր։

Այն օրից ի վեր, որ Վահանը հայտնել էր օրիորդին «Փնջիկ» թերթի խմբագրությունից յուր հեռանալու և առևտրական գործի մտնելու նորությունը, վերջինից այլևս ընդարձակ գրություններ չէր ստանում։ Յուր նամակներին նա պատասխանում էր համառոտ և մինչև անգամ մի տեսակ պաշտոնական ոճով։ Օրիորդի այս վարմունքը մտածել էր տալիս Վահանին։ Նա աշխատում էր պատճառը գուշակել, բայց չէր կարողանում. զանազան ենթադրություններ էր անում և, սակայն, այդ ենթադրությունները ինքն էլ հերքում էր։ Յուր սիրտը հանգստացնելու համար նա վերջապես որոշեց բացատրություն խնդրել օրիորդից։ Վերջինս, իբրև պատասխան, հետևյալն էր գրում յուր ուսուցչին:

«Սրանից առաջ, քանի որ դուք հասարակական գործի պաշտոնյա էիք, ձեր նամակները նվիրված էին լինում հասարակական հարցերին, բնականաբար, ես ևս, ինչպես կարդում, նույնպես և գրում էի այդ հարցերի մասին։ Այդ ժամանակ ես շատ բաներ էի ունենում ձեզ հաղորդելու կամ ձեզնից հարցնելու ու տեղեկանալու։ Արդեն ձեր հոդվածները որոնք հաճախ լույս էին տեսնում «Փնջիկ» թերթի մեջ, և սրոնց ես այնքան սիրով nւ հիացմունքով կարդում էի, բավական էին իմ գրությանը անսպառ նյութ մատակարարելու։ Իսկ այժմ, քանի որ դուք առևտրական աշխարհին եք ծառայում և ձեր նամակներում գլխավորապես տեղեկություններ եք հաղորդում առևտրական դասակարգի, նրա աշխարհայեցողության, դավանած սկզբունքների, ձեր նոր արհեստի և այլ այս տեսակ նյութերի մասին, որոնց վրա ես ամենևին գաղափար չունիմ, իմ պատասխանները համառոտ և անբովանդակ են լինում, որովհետև չգիտեմ թե ի՞նչ կարելի է գրել առևտրական մարդուն, ի՞նչ բաներով կարելի է հետաքրքրել նրան։ Ինձ թվում է թե դուք, որ գաղափարական աշխարհում ճշմարտություն ու ազնվություն որոնելով չգիտիք նրան և տխուր հիասթափության գալով՝ առևտրական աշխարհի պաշտպանության ապավինեցիք, այլևս չեք հետաքրքրվում այն մտքերով և իդեալներով, որոնց պաշտում էիք առաջ և որոնց ինձ ևս սովորեցրիք երկրպագել... Որովհետև եթե այդպես չլիներ, գեթ մի անգամ կհիշեիք թե՝ դեռ հուսահատված չեք և թե մի օր նախկին գործունեության ասպարեզը պիտի իջնեք, ուր դուք այնքա՜ն հաջողությամբ փայլում էիք, պատճառելով ձեր բարեկամներին հաճույք և ուրախություն... Այս պատճառով ես զգուշանում էի հասարակական հարցերի մասին գրելուց, որովհետև կարծում էի, թե դրանով կարող եմ վրդովել ձեր հոգեկան հանգիստը, որը այնքան շատ վրդովվել է ձեր ծանոթ ազգային գործիչների խարդավանքներից։ Ես չէի գրում ձեզ նույնիսկ ուսուցչական ասպարեզում ունեցած իմ հաջողությունների մասին, որոնք այժմ զբաղեցնում են ինձ, գոնե այն չափով, որ փոխարինում են այն բարիքները, որոնցից զրկված եմ այժմ...

Սակայն, ի՞նչ մեղքս թաքցնեմ, հենց իմ այդ լռությունն ու զգուշությունը տանջում է ինձ։ Վշտանում եմ, որ ձեր ընդարձակ և բազմաբովանդակ նամակներին պատասխանում եմ այդքան համառոտ և, ինչպես դուք ասում եք, պաշտոնական ոճով, և այդ նրա համար, որ չեմ կարողանում խոսել իմ սրտին ու հոգուն օտար խնդիրների մասին։ Բայց որովհետև դուք ինձ իրավունք եք տվել ամեն մի տարակուսանքի ժամանակ ձեր խորհուրդներին դիմել, ուստի այս անգամ օգուտ քաղելով իմ իրավունքից, կամենում են մի անկեղծ խոստովանություն անել ձեզ. Ձեր այժմյան սահմանափակ գործունեությունը, հարգելի բարեկամ, վհատեցնում է ինձ։ Ասացե՛ք, մի՞թե, արդարև, դուք այլևս այն եռանդոտ, գործունյա և հոգով ու սրտով ազգային շահերին նվիրված երիտասարդը չեք, որ ամենքին հորդորում, քաջալերում էիք գործել, աշխատել, արգելքները խորտակել և առաջ գնալ... Այժմ ի՞նչ է պատահել ձեզ. առաջին արգելքներից իսկ նկուն եղած՝ քաշվել եք դուք ասպարեզից և լուռումունջ նստած ոմն Թորոսյանի շահերն եք խնամում։ Մի՞թե, արդարև, առաջին արգելքներն այդքան զորավոր են լինում, և երկաթի ճանաչված կամքը այդպես շուտ խորտակվում, փշրվում է նրանց առաջ... Եթե այդպես է, ապա ուրեմն հայտնեցեք ինձ, որ ես ևս դադարեմ իդեալներով ոգևորվելուց, ես էլ վախենամ հասարակական գործունեության նվիրվելուց, որովհետև եթե այդ արգելքները իմ քաջ ուսուցչին այդպես ճնշեցին, ինչպե՞ս չեն ճնշիլ նրա տկար աշակերտուհուն...»։

Այս խոսքերը, որոնց մեջ թաքնված էին սիրող աղջկա վշտերն ու ցանկությունները, որոնք պարունակում էին իրենց մեջ և՛ հանդիմանություն և՛ խրախույս, խորը խոցեցին երիտասարդ Վահանի սիրտը, նա զգաց, որ, արդարև, յուր հպարտ գլուխը խոնարհել է արդեն հանգամանքների առաջ, որ վաղուց մոռացել է յուր ուխտը, ապա ուրեմն արժանի է յուր աշակերտուհու հանդիմանության։

Ինչպե՜ս հեշտ է քարոզել և որքան դժվար կատարել... շշնջում էր ինքն իրեն երիտասարդը, մի օր հորս առաջ կանգնած որոտում էի թե՝ «եթե մեր երիտասարդական ուժն ու կորովը դրամ վաստակելու աշխատության մեջ վատնենք, էլ այնուհետև ի՞նչը պետք է նվիրենք մեր ազգին, մի թե մեր անկարող ծերությունը», և այս խոսքերն ասող երիտասարդը, արդարև, չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ թե՝ կարող է երբևիցե նյութական ապահովության համար յուր ձեռքերն ու ուղեղը աշխատեցնել։ Իսկ այժմ, ի՞նչ եմ անում ես. ո՞ւր մնացին իմ ուխտը, իմ ոգևորությունը, իմ ծրագիրները... Այդ բոլորը հիշում է իմ աշակերտուհին, իսկ ես մոռացել եմ... ամո՜թ ինձ, հազար անգամ ամոթ... Այս խորհրդածությունները կենդանացրին նրա հիշողության մեջ մոտիկ անցյալը, նրա առաջ պատկերացավ Երեմյանների տունը, այն խաղաղության սիրելի օթևանը, ուր ինքը շատ անգամ, առօրյա հոգսերից ու վշտերից հանգիստ և մխիթարություն էր գտել, ուր այնքան շատ խոսել ու պատմել էր հայտնի ցավերի և նրանց հնարավոր դարմանների մասին և ուր գեղեցիկ Աշխենի անուշ հայացքը, անմեղ ժպիտը և հայրենասիրական ձգտումները ծնեցրել էին նրա մեջ սիրո, զգացմունքների հետ միասին նաև դյուցազնական առաքինություններ, որոնք և ոգևորել էին իրեն նվիրման ուխտ դնելու խոստումներ անելու... Այժմ այդ ուխտը և խոստումներն անկատար էին մնացել, այդ միտքը տխրեցնում էր Վահանին. նա, արդարև, ամաչում ու շառագունում էր աներևույթ սիրուհու աներևույթ պատկերի առաջ։ Բայց մի՞թե ամեն հույս կորած էր, մի՞թե ինքը դեռ երիտասարդ չէր, և յուր ուժն ու կորովը առաջվա նման անսպառ ու զորավոր չէին:

Այս միտքը նորեն աշխույժ ու եռանդ ներշնչեց Վահանին, նա ինքն իրեն քաջալերելով, որոշեց անուշադիր թողնել հոր նամակը, որը սառեցնում էր երիտասարդական սրտի խանդն ու ավյունը և դյուցազնասիրտ մարդուց մի երկչոտ ու փոքրոգի արարած էր շինում իրեն։ Այդ որոշման հետ միասին նա ուխտեց եռանդով ձեռք զարկել գործի և առաջին անգամ գործակատարների պաշտպանության խնդրից սկսել, որովհետև, յուր կարծիքով, դա էլ հասարակական կյանքի ուշագրավ խնդիրներից մինն էր։

Սարյանը հայտնեց Նադիրյանին յուր վերջին որոշումը, որով և կրկին ուրախություն պատճառեց նրան։ Ապա երկուսը միասին կազմեցին մի ծրագիր, որի համաձայն պետք է սկսեին առաջ տանել գործակատարների իրավունքը պաշտպանող «նշանավոր գործը»։

Այդ ծրագրով նրանք որոշում էին նախ՝ հրապարակ հանել գործակատարների աննախանձելի դրությունը, պարբերաբար հոդվածներ գրելով այդ մասին լրագրության մեջ և հասարակության ուշադրությունը այդ խնդրի վրա դարձնելով։

Երկրորդ կազմել գործակատարներից մի ընդհանուր միություն, և, ներշնչելով նրա մեջ ինքնօգնության ու ինքնապաշտպանության գաղափարը, պարտավորեցնել միության անդամներից յուրաքանչյուրին՝ կռվել առևտրական տերերի բռնապետական ոտնձգությունների դեմ, չխոնարհել նրանց անարդար պահանջների առաջ և ամեն դեպքում պաշտպանել սեփական իրավունքն ու արժանապատվությունը։

Վերջին կետի, այն է՝ գործակատարների միության համար, նրանք խմբագրեցին մի ընդարձակ հրահանգ, որպես գործունեության ուղեցույց, որից բազմաթիվ օրինակներ արտագրել տալով, պետք է ցրեին գործակատարների մեջ։

Իսկ ինչ հարցը հրապարակ հանելուն է վերաբերում, այդ պաշտոնը ամբողջապես յուր վրա առավ Սարյանը իբրև լրագրական գործին ավելի լավ ծանոթ անձն և իբրև լավ հայերեն գրող։

Առաջին հոդվածի մեջ, որի վերնագիրն էր՝ «Մի մոռացված դասակարգ», Սարյանը, ծանոթացնելով ընթերցողներին գործակատարների դասակարգի հետ, նկարագրում էր նրանց մտավոր, բարոյական և նույնիսկ նյութական վիճակը խիստ տխուր գույներով, թվում էր այն զրկանքները, տառապանքները և բարոյական հարստահարությունները, որոնց ենթարկրվում էին նրանք գործատերերի կողմից, խիստ լեզվով հարձակվում էր վերջինների անարդարության և անգթության վրա և գործակատարների բարոյական անկումը վերագրում էր այն բռնապետական հնավանդ օրենքներին, որոնցով վարվում էին դրանք խեղճ գործակատարների հետ։ Ի վերջո Սարյանը հրավիրում էր հասարակության զարգացած դասակարգի ուշադրությունը այս «մոռացված դասակարգի» թշվառ վիճակի վրա և նրա օգնությունն էր խնդրում։

Հոդվածը գրված էր խիստ գեղեցիկ, ազդու և սրտաշարժ լեզվով, այնպես որ լրագրի մեջ լույս տեսնելուց հետո մեծ տպավորություն պիտի աներ ընթերցողի վրա։

Այժմ մնում էր որոշել, թե հայոց թերթերից որի՞ն պետք էր հանձնել այդ հոդվածը։ «Փնջիկ»-ից զատ, որի անունը Սարյանը այլևս չէր կամենում լսել, կային դեռ ուրիշ երեք թերթեր էլ «Մանգաղ», «Փայլածու» և «Փեթակ», որոնք թե՛ հռչակով, թե՛ արժանավորությամբ և թե՛ ընթերցողների բազմությամբ գերազանցում էին «Փնջիկ»-ին: Նադիրյանը ցանկանում էր, որ հոդվածը «Մանգաղին» հանձնվի, ասելով, որ այդ թերթը հարվածող ուղղություն ունի և մյուսներից ավելի շատ ընթերցողներ, հետևապես այդպիսի շնորհքով դրված մի հոդված ավելի արժեք կստանար, եթե այդ թերթում հրատարակվեր։

Սարյանը, ընդհակառակը, չէր կամենում «Մանգաղին» հանձնել, որովհետև դեպի այդ թերթի ուղղությունը մի ներքին հակակրություն էր տածում, թեպետև այդ հակակրությունը անցողականի տեսակիցն էր։ Որովհետև նրա խմբագրի և աշխատակիցների հետ ի մոտո ծանոթ չլինելով, ծանոթ չէր նաև նրանց անձնական համոզմունքների և հայացքների հետ։ Իսկ երիտասարդ ընթերցողների մեջ քիչ չեն պատահում այնպիսիները, որոնք այս կամ այն թերթին համակրում կամ հակակրում են անցողական տպավորություններից առաջնորդված, և սակայն հակառակ համոզմունքի են գալիս հենց որ ծանոթանում են թերթի խմբագրի կամ աշխատակիցների հետ և որոշ հարցերի վերաբերմամբ լսում են նրանց բացատրությունները: Այդպես կարող էր պատահել և Սարյանի հետ։ Դա ապագայի հարց էր։ Բայց այդ միջոցին նրա համակրությունը «Փեթակ»-ի կողմն էր, որովհետև հիշում էր, որ իրենց տեսուչն էլ, որի հիշատակը մինչև այդ րոպեն իսկ սիրելի էր իրեն, «Փեթակի» ուղղությանն էր համակրում, ասելով, որ այդ ուղղությունը թե շինող չէ, քանդող էլ չէ։

Այս առթիվ երկար վիճաբանություն բացվեցավ Սարյանի և Նադիրյանի մեջ։ Սակայն վերջինս այնպիսի համառությամբ պաշտպանն «Մանգաղ»-ի ուղղությունը, գաղափարները և հայացքները, որ Սարյանը ստիպվեցավ վերջապես զիջանել նրա ցանկությանը, մանավանդ որ, ինչպես ասացինք, ինքը դեռ հաստատ գաղափար չուներ ոչ մեկի և ոչ մյուսի ուղղության վրա։

Այժմ մնում էր Սարյանին որոշել թե՝ հոդվածը անստորագի՞ր հրապարակե, թե՞ յուր սեփական ստորագրությամբ։ Ինքը, իսկապես, անստորագիր հրատարակելու կողմն էր, որովհետև այդպիսով նա ազատ կմնար Թորոսյանի և նրա նմանների զայրույթը գրգռելու վտանգից։ Նադիրյանը, ընդհակառակը, պնդում էր, թե ստորագրությունն անհրաժեշտ է, որովհետև ստորագրություն չկրող հոդվածի վրա կասկածով ու թերահավատությամբ են նայում։ Զեր առաջ բերած փաստերը, ասում էր նա, կարող են ինքնահնար զրպարտոություն համարել և առևտրականները ուշադրություն չեն դարձնիլ այդ հոդվածի վրա, եթե տեսնեն, որ իրենց դեմ հարձակվողը երկչոտությամբ ծածկում է յուր անունը։ Մեզ համար անհրաժեշտ է դուրս գալ կռվի դաշտը աներկյուղ սրտով և բաց ճակատով, որպեսզի եթե այդ կռվի մեջ ընկնելու էլ լինինք, աշխարհը իմանա, որ ազնիվ գործ պաշտպանելու համար ընկանք, իսկ եթե հաղթենք և մեր սկսածը հաջողությամբ պսակենք, հաղթության դափնին միայն մերը կլինի։

Նադիրյանի պատճառաբանությունը Սարյանը բանավոր էր գտնում։ թացի այդ, մի գաղտնի պատճառ էլ կար, որ ստիպում էր նրան համակերպել Նադիրյանի առաջարկության. այդ այն էր, որ Վահանը ցանկանում էր կողմնակի ճանապարհով հասկացնել օրիորդ Աշխենին, որ ինքը դեռ չէ դադարել ազնիվ մտքերով և իդեալներով ոգևորվելուց, որ ինքը դեռ գործում է հասարակության համար և հավատարիմ է յուր ուխտին։ Օրիորդը տեսնելով նրա ստորագրությունը այն գեղեցիկ և համարձակախոս հոդվածի տակ, որը լույս տեսած կլինի «Մանգաղ» հանրածանոթ թերթում, թե' կուրախանա՝ տեսնելով, որ յուր սիրած երիտասարդը այդպիսի լուրջ նշանավոր խնդիր է հրապարակ հանում և թե' կհամոզվի, որ իզուր է յուր խորհրդավոր ակնարկություններով հանդիմանել նրան։

Այսպես դատելով, Վահանը ստորագրեց յուր հոդվածը և տվավ Նադիրյանին: Վերջինս առանց ուշանալու ներկայացավ «Մանգաղ»-ի պարոն խմբագրին և հանձներ նրան այդ հոդվածը, ծանոթացնելով նրան նաև ծրագրի հետ, որը կազմել էին իրենք` գործակատարների աննախանձելի դրությունը բարվոքելու համար։

Պարոն խմբագիրը հոդվածը կարդաց, հավանեց, համակրեց հարուցանելի խնդրին և խոստացավ հոդվածը հրատարակված համարում նաև մի առաջնորդող նվիրել այդ հարցին։

Երկու երիտասարդներն անհամբերությամբ սպասում էին այն օրվան, երբ լույս պիտի տեսներ հոդվածը։ Նրանք երևակայում էին թե ի՜նչ աղմուկ, ի՛նչ իրարանցում պիտի հարուցաներ նա առևտրական դասակարգի մեջ, ինչպես շատերը պիտի զայրանային իրենց դեմ. ի՜նչ անարգ խոսքեր, ի՜նչ հայհոյանքներ պիտի տեղային իրենց հասցեին։ Սարյանը մեկ վախենում, դողդողում էր այդ հոդվածի պատճառով իրեն հասանելի վտանգները գուշակելով. մերթ արիանում, հպարտանում էր՝ մտածելով, որ այդպիսի կարևոր և ուշադրության արժանի խնդիրը առաջին անգամ ինքն է հրապարակ հանում, որ գործակատարների բռնաբարված իրավունքների պաշտպանը ինքն է հանդիսանում։

Երբ Վահանը յուր հոդվածը տպագրության տալու մասին հայտնեց Թորոսյանի գանձապահին, վերջինս ուրախությամբ բացականչեց, այժմ ուրեմն փրկված ենք մենք։ Գործակատարները այսուհետև քեզ իբրև բարերար կճանաչեն, իսկ Թորոսյանը, ես հավատացած եմ, յուր ստորադրյալներին պատահելուց, այսուհետև առաջին անգամ ինքը գլխարկը կհանե։

Այս խոսքերը, ճշմարիտ է, չգգվեցին Վահանի ինքնասիրությունը, որովհետև նա գանձապահի գովություններին նշանակություն չէր տալիս, բայց փարատեցին այն երկյուղը, որը նա կրում էր Թորոսյանից։

Վերջապես մի գեղեցիկ օր լույս տեսավ «Մանգաղ» օրաթերթում «Մի մոռացված դասակարգ» վերնագրով Վահան Սարյանի գեղեցիկ հոդվածը։ Այդ առթիվ «Մանգաղ»֊ի խըմբագիրը, նույնպես, համաձայն յուր խոստման, գրել էր մի առաջնորդող, դնելով նրա ճակատին միևնույն վերնագիրը, և կրկնելով նրա մեջ միևնույն մտքերը, կարծիքները և փաստերը, որոնք շարահարված էին Սարյանի հոդվածում, առանց, սակայն, յուր կողմից մի խելոք խոսք ասելու, մի նոր միտք հայտնելու, և կամ ազդու եզրակացություն անելու։ Պարոն խմբագրի առաջնորդողի գլխավոր արժանիքն այն էր, որ նա խիստ և անքաղաքավարի լեզվով հարձակվում էր առևտրական դասակարգի վրա՝ անվանելով նրանց գողեր, հափշտակողներ, վաշխառուներ, բռնակալներ և այլն։

Նադիրյանը վաղ առավոտից ստանալով թերթը, հիացմունքով կարդաց թե՛ առաջնորդողը և թե՛ Վահանի հոդվածը և ապա մտնելով վերջինի սենյակը, ավետեց նրան հոդվածի հրատարակվիլն։

Վահանը շտապով աչք անցրեց յուր հոդվածի վրա, տեսնելու համար թե նրա մեջ տպագրական սխալներ չկա՞ն։ Որովհետև «Փնջիկ»-ի խմբագրության մեջ արդեն սովորել էր նա վախենալ այդ սխալներից, որոնք շատ անգամ հեղինակի բառերը և խոսքերը փոխելով՝ այլանդակում են, նաև, արտահայտած միտքը և ընթերցողների առաջ (որոնցից շատ քչերն են գրաշարների և սրբագրչի սխրագործություններին ծանոթ), ծիծաղելի են դարձնում խեղճ հեղինակին։ Հոդվածը, փառք աստուծո, տպագրված էր անսխալ։ Այդ լավ տպավորություն արավ Վահանի վրա։ Բայց երբ նա խմբագրի առաջնորդողը կարդաց, յուր ամբողջ մարմնով մի անհաճո դող անցավ։

Օ՜հ, այս առաջնորդողը ամեն բան պիտի փչացնե, բացականչեց նա, ճակատին խփելով. ինչ որ մենք մտածել ենք շինել, սա անպատճառ կքանդե․ ես իզուր չէի այս թերթից վախենում...

Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել, զարմացած հարցրեց Նադիրյանը:

Ի՞նչ պիտի պատահեր. մի՞թե այս լեզվով կարելի է խոսել լրագրի մեջ։ Չէ՞ որ ընթերցողները բանական մարդիկ են և ոչ վայրենիներ։

Այդ առաջնորդողը ուրեմն չե՞ք հավանում։

Ոչ միայն չեմ հավանում, այլև շատ ցավում ու վրշտանում եմ, որ իմ հոդվածի առիթով է գրված, որովհետև դա խմբագրական առաջնորդող չէ, այլ հայհոյանքների մի ժողովածու։

Զարմանում եմ, մի՞թե կարծում եք թե ուրիշ լեզվով կարելի է խոսել առևտրականների հետ։

Ամեն մարդու հետ էլ պետք է մարդավարի խոսել։ Հայհոյանքը ոչ ոքին չի համոզիլ, բայց ամենքին կզայրացնե։ Իսկ մեր նպատակը ոչ թե մարդկանց զայրացնել այլ նրանց սիրտը ամոքել, մտքի և հոգու վրա ազդել և այդ ազդեցությունից որոշ օգուտ ձեռք բերելն է։

Ձեր հոդվածը, ընդհակառակը, շատ մեղմ լեզվով է գրված, նա մեր սպասած ազդեցությունը չէր անիլ ընթերցողի Եթե այս հարուցված խնդիրը հաջողություն չունենա, որի մասին կասկած չունիմ, այդ հաջողությունը պետք է վերագրել «Մանգաղ»֊ի այս օրվա առաջնորդողին:

Իսկ ես կարծում եմ, որ եթե անհաջողության հանդիպի, դրա պատճառը այդ առաջնորդողը պիտի լինի։

Կտեսնեք։

Այս վերջաբանով բաժանվեցան երկու բարեկամները, և նրանցից յուրաքանչյուրը ուղղվեցավ դեպի յուր պաշտոնատեղին։

Սարյանը Թորոսյանի գրասենյակում գտավ միայն հաշվապահին, որը գլխակոր յուր հաշիվներն էր գրում։ Թորոսյանը դեռ չէր եկել, նա շատ անգամ էր ուշանում, բայց գանձապահ Թաղարյանի բացակայությունը երիտասարդի ուշադրությունը գրավեց, որովհետև նա ավելի ճշտապահ էր և ամեն օր միևնույն ժամին նստած էր լինում դեղնագույն փայտե սեղանի և երկաթե մոխրագույն սնդուկի աոաջ՝ ի բացառյալ այն օրերը, երբ հիվանդ էր լինում... շատ քեֆ անելուց։

Չլինի՞ թե նա դարձյալ հիվանդացավ, մտածում էր Վահանը,- չլինի՞ ճանապարհը մտաբերեց. բայց վերջին ժամանակ նա օրինավոր էր պահում իրեն, թե հիվանդացած էլ լինի, անշուշտ քեֆ անելուց չլինիլ այդ։

Եվ երիտասարդը րոպե առ րոպե սպասում էր նրա գալստյան, կամ գոնե այն ծառային, որը նրա հիվանդ լինելու լուրը պիտի բերեր։

Բայց ինչո՞ւ նա այսօր այդքան տենչանոք սպասում էր գանձապահին, մի՞թե, արդարև, նրա անձնավորությունը կամ առողջ ու հիվանդ դրությունը հետաքրքրում էր իրեն․ բնա՛վ:

Նա շտապում էր լսել նրա կարծիքը յուր հոդվածի և խմբագրական առաջնորդողի մասին։ Նրա սիրտը պաշարել էր մի գաղտնի երկյուղ, նա կարծում էր թե՝ Թորոսյանը անպատճառ պիտի զայրանար յուր դեմ, և, ո՞վ գիտե, ինչ վնասավոր որոշում պիտի անե յուր համար։ Ուստի ցանկանում էր ժամ առաջ լսել գանձապահի կարծիքը։ Չէ՞ որ նա տասը երկար տարիներ էր, ինչ ծառայում էր Թորոսյանին և նրա բնավորությունը քաջ ուսումնասիրած էր։ Հետևապես այս դեպքում կարող էր ուղիղ գուշակություն անել թե՝ արդյոք Թորոսյանը պիտի՞ զայրանա յուր դեմ, թե՞ լռության պիտի տա այդ օրվա հրատարակությունը, անվանելով նրան «լրագրական վայրախոսություն», ինչպես սովոր էր անվանել բոլոր ա՛յն լրագրական հարձակումները, որոնք երբեմնապես ուղղվում էին առևտրական աշխարհի զանազան գործիչների դեմ:

Սակայն ո՛չ գանձապահը և ո՜չ նրա ծառան չէին երևում։

Ինչո՞վ էր ուրեմն զբաղված պարոն Թաղարյանը։ Չէ՞ որ նրան էլ խիստ հետաքրքրում էր Վահանի հոդվածը. նա էլ անշուշտ կարդացած պիտի լիներ նրան և, հավանական է, որ շտապեր յուր շնորհակալությունը Վահանին հայտնելու։

  Ինչպե՞ս չէ, կարդացել էր, և ա՛յն՝ «Մանգաղ»-ի բոլոր բաժանորդներից վաղ։ Եվ հենց այդ րոպեին էլ նա զբաղված էր Վահան Սարյանին՝ իրենց դասակարգի դատը պաշտպանելու համար՝ գեղեցիկ հատուցումն անելով։ Այդ հատուցումը հետևյալն էր։ 

Նա գիտեր, որ Թորոսյանը առավոտները թերթ չէր կարդում, թեպետ ստանում էր։ Ուստի «Մանգաղ»-ի այդ օրվա համարը ծոցը դնելով շտապեց նրա մոտ, աշխատելով տանը պատահել նրան։

Թորոսյանը յուր փառավոր սեղանատանը նստած թեյ էր վայելում։ Նրա տրամադրությունը, հայտնի չէ ինչո՞ւ, խիստ լավ էր այդ առավոտ: Այդպես մի֊մի անգամ պատահում էր նրա հետ. մանավանդ, երբ հանկարծ մտածում էր, որ գործերը հաջող են գնում և աշխարհում վիշտ ու ցավ չունի։ Այս պատճառով խիստ սիրալիր կերպով ընդունեց գանձապահի ողջույնը, միևնույն ժամանակ զարմանք հայտնելով, որ նա այդ րոպեին յուր տանն էր գտնվում և ոչ գրասենյակում։


Զարմանալու իրավունք ունիք, ասաց գանձապահը ժպտալով, որովհետև ես էլ հենց եկել եմ զարմանալի նորություն հայտնելու։

Զարմանալի լինի, միայն թե ցավալի չլինի, նկատեց Թորոսյանը և աթոռը առաջ քաշելով, պատրաստվեց գանձապահի նորությունը լսելու:

Թաղարյանը, որ գիտեր թե ի՞նչ մեծ նշանակություն ունի Թորոսյանի համար ոչ միայն յուր խոսքը, այլև դեմքի խաղը, ժպիտը, կամ խորհրդավոր հայացքը. աթոռը սեղանի մոտ քաշելով նստեց և ձեռքը ծնոտին տալով մի քանի րոպե շարունակ մնաց լուռ, որպես թե բերած նորությունը դժվարանում էր հայտնել։

Է , ի՞նչ պատահեց, պատմի՛ր, է. անհամբերությամբ խոսեց Թորոսյանը։

Ի՞նչ պատմեմ, մնացել եմ շվարած. ո՞վ կարող էր կարծել, թե նա այսպես սխալմունք կարող էր անել. խեղճ տղա, ափս՜ոս տղա.

Ի՞նչ սխալմունք. ի՞նչ տղա, ո՞վ է ինչ արել, ասա՛ , է՜ ։

Մեր Վահանը:

Նա ի՞նչ է արել. կռվե՞լ է, գողությո՞ւն է արել, բռնե՞լ են...

Երանի չէ՞ր լինիլ թե կռված կամ գողություն արած լիներ:

Ուրեմն ի՞նչ, մա՞րդ է սպանել, ասա՜ է՜, համբերությունը կորցնելով գոռաց Թորոսյանը։

Սա էլ մարդ սպանելու նման բան է, է՜լի, այս ասելով նա հանեց ծոցից «Մանդաղ»-ի համարը և դրեց սեղանի վրա:

Ի՞նչ լրագիր է այդ. ինչո՞ւ համար ես բերել, հարցրեց Թորոսյանը աչքը թերթի վրա ձգելով։

Դուք այն պայմանով չվարձեցի՞ք Վահանին, որ նա լրագրական շրջաններից հեռու պահե իրեն և, մինչև անգամ, պահանջեցիք, որ Նադիրյանից հեռանա՞ ։

Այո՛. ի՞նչ է պատահել, մի՞թե նա էլի Նադիրյանի մոտ է բնակվում։

Ինչպես չէ. նրանք միասին են բնակվում։ Բայց դեռ այդ ոչինչ։ Դուք տեսեք, թե մեկը մյուսի խորհրդով ի՞նչ խայտառակ գործեր են ուզում կատարել։

Ի՞նչ խայտառակ գործեր։

Գանձապահը մի առ մի պատմեց Թորոսյանին այն բոլորը, ինչ որ Նադիրյանն ու Սարյանը մտածել էին գործակատարների համար անելու, ավելացնելով յուր կողմից նաև այնպիսի պատմություններ, որոնք Թորոյանի զայրույթը վառեցին։ Բայց վերջինս, որովհետև խնդիրը յուր ազգակցի մասին էր, աշխատում էր խաղաղ բռնել իրեն և այնպես էր ձևացնում, որպես թե դժվարանում է հավատալ գանձապահի պատմածներին։

Դուք գիտեք, որ ես երբեք սուտ չեմ խոսացել, և այժմ էլ պատմածներս զուտ ճշմարտություններ են, թեպետ կցանկանայի, որ սուտ լինեին, որովհետև Վահանին ես սիրում եմ սրտանց և չէի ցանկանալ, որ նա այս գործերի մեջ խառնված լիներ: Բայց որպեսզի խոսածներս լոկ ենթադրություններ չհամարեք, ահավասիկ ապացույցը։ Այս ասելով նա հանեց ծոցից այն ծրագրի օրինակը, որը Սարյանն ու Նադիրյանը կազմել էին գործակատարներին բաժանելու համար, և որից մի օրինակ Վահանը տվել էր գանձապահին։

Ի՞նչ բան է սա, կարդա՜ տեսնեմ, հրամայեց Թորոսյանը։

Գանձապահը բարձր ձայնով և պարզ առոգանությամբ կարդաց ծրագիրը, որ կազմված էր մի քանի հոդվածներից, որոնք գլխավորապես սովորեցնում էին «գործակատարների միության» մեջ մտնող անդամներին՝ պաշտպանել իրենց իրավունքները և անհաշտ կռիվ մղել առևտրականների' պապերից ժառանգած՝ բռնապետական սովորությունների և կարգերի դեմ։

Քանի գանձապահը կարդում էր ծրագիրը, այնքան Թորոսյանի դեմքը մթնում և զայրույթ էր արտահայտում: Նրա ճաղատ ճակատի վրա կուտակվում էին կնճիռները․ թավամազ հոնքերը խոժոռելով ծածկում էին յուր սուր և թափանցող աչքերը, որոնք հետզհետե վառվում էին մի տեսակ վայրենի կրակով։ Իսկ ռնգունքները լայնանալով աշխատում էին ազատ ճանապարհ տալ ներքին հուզմունքին, որը, կարծես, գոլորշիացնելով արտաշնչում էր Թորոսյանը։

Երբ գանձապահը ծրագրի ընթերցումը ավարտեց, Թորոսյանը վերցրեց գրվածքը և սկսեց ուշադրությամբ դիտել։

Այս ձեռագիրը Վահանինը չէ, բարկությունը զսպելով խոսեց Թորոսյանը. սա ուրիշ մարդու շարադրություն է. երևի մեր այդ տղան մի թշնամի ունի, որն այս ճանապարհով ուզում է ատելի անել նրան մեր աչքում։ Ով՞ տվավ քեզ այս թուղթը։

Այս խոսքերով Թորոսյանը կամենում էր թե՛ արդարացնել Վահանին (որը վերջին ժամանակները հետզհետե գրավել էր յուր համակրությունը) և թե՛ ցանկանում էր իսկությամբ հասու լինել գործին։

Այդ թուղթը, դժբախտաբար, ինքը՝ Վահանը տվավ ինձ, ժպտալով պատասխանեց գանձապահը, և հայտնեց, որ յուր պատրաստածն է։

Կատակ կլինի արած։

Չէ, շատ լրջությամբ ասաց։

Հապա ինչո՞ւ համար պիտի տար քեզ, մի՞թե չգիտեր, որ դու հավատարիմ ես ինձ և այսպիսի մի գրվածք չէիր ծածկիլ ինձանի՞ց։

Այս թղթերից նա բոլոր գործակատարներին է բաժանել. ինձ էլ տվավ իբրև մի գործակատարի։ Ես, իհարկե, դրանց «միության» անդամ չէի դառնալու, բայց ի՞նչ մեղքս թաքցնեմ, այս թուղթը մտադիր չէի ձեզ հանձնելու, որովհետև աշխատում էի հեռացնել Վահանին այս տեսակ անկարգ գործերից։ Բայց երբ այսօր նրա հոդվածը կարդացի «Մանգաղ»֊ի մեջ...

Ի՞նչ, հոդվա՞ծ, նա հոդվա՞ծ է գրել... տեղից վեր թռչելով հարցրեց Թորոսյանը։

Ահա՛, այստեղ, այսօրվա համարումն է, այս ասելով գանձապահը բացավ թերթը և ցույց տվավ նրան թե՛ խմբագրի առաջնորդողը և թե՛ Վահանի հոդվածը։

Թորոսյանը խլեց գանձապահի ձեռքից լրագրի համարը, շտապ-շտապ հանեց ծոցից յուր ոսկե կողերով ակնոցը և անհանգստությունից գողացող ձեռքով հարմարեցնելով քթի վրա, սկսեց կարդալ։ Բայց հազիվ թե կարդաց մի քանի տող, նորեն դեն ձգեց լրագիրը, ակնոցը վերցրեց և սև երիզը վրան փաթաթելով ու ծոցը դնելով՝ ասաց գանձապահին։

Չեմ կարողանում կարդալ, աչքերս ցավում են. հապա, ինքդ կարդա տեսնեմ ի՞նչ է գրել այդ հիմարը։

Գանձապահը վերցրեց լրագիրը և սկսեց կարդալ նախ առաջնորդողը։ Երբ հասավ այն տեղը, ուր խմբագիրը վաճառականներին անվանում էր գողեր, հափշտակողներ, վաշխառուներ և այլն, Թորոսյանը վեր թռչելով տեղից, բացագանչեց.

Այդ խոսքերը Վահա՞նն է մեզ ասում... Ո՛չ, «Մանգաղ»-ի խմբագիրը։

Հա՛ «Մանգաղ»֊ի խմբագիրը, ուրեմն շարունակիր․ նա մարդավարի խոսել չի կարող․ նրա գրվածքների համն ու հոտը յուր հայհոյանքներն են, այդ բանին մեր ականջները վաղուց են սովորել, բայց ասած է. «շունը կհաչի, քարվանը կքոչի», շարունակիր։

Գանձապահը շարունակեց։ Երբ առաջնորդողը վերջացավ, այժմ Վահանի հոդվածն եմ կարդում, հայտարարեց նա և սկսեց «Մի մոռացված դասակարգ» խորագրով հոդվածը կարդալ։

Թորոսյանը աչքերը չորս բացած և ականջները սրած լսում էր։ Երիտասարդ գրողի ամեն մի խոսքը, նկատողությունը, բերած փաստերը, մերկացումները, կարծես սուր սլաքի պես ծակում, խոցոտում էին հին վաճառականի հիվանդոտ վերքերը։ Նա զայրանում, կատաղում էր, աչքերը լցվում էին արյունով և դեմքը պատում էր կատաղության կարմրությունը։

Մինչև այդ օրը քանի՜֊քանի՜ այդպիսի հարձակումներ էր կարդացել նա «Մանգաղ»֊ի մեջ բոլոր վաճառականների հասցեին ուղղած, բայց դրանցից և ոչ մեկը նրան այնպես չէր վրդովել, չէր զայրացրել, նա մինչև անգամ խմբագրի առաջնորդողի ընթերցումը մի քանի րոպե առաջ արհամարհանքով լսեց, ինչպես որ արհամարհանքով կարդացել էր նրա շատ այդպիսի առաջնորդողները, բայց Վահանի այդ հոդվածը նրա հոգին վրդովում, ալեկոծում էր, որովհետև նա գրում էր այն, ինչ որ կար իսկապես, մերկացնում էր այն, ինչ որ տարիների ընթացքում ծածկվել, անտեսանելի էին մնացել լուսամիտ մարդկանց աչքերից, ինչ որ կարող էր վրդովել ազնվասիրտ մարդուն և ինչ որ աղմուկ ու բողոք պիտի հարուցաներ ամբողջ լրագրության մեջ... եթե իսկապես լրագրության կառավարների սրտին մոտ լիներ այդ պատվո և իրավունքի պաշտպանության խնդիրը։

Ահա՞ թե ինչ կնշանակե անարժան մարդուն տան մեջ ընդունել, հավատարիմ ճանաչել և գաղտնիքները հայտնել... գլուխը շարժելով և մորուքը ձգելով խոսեց Թորոսյանը, երբ գանձապահը յուր ընթերցումն ավարտեց։ Երբ նա աոաջին անգամ հայտնեց ինձ թե՝ ծառայել է խմբագրության մեջ, թե ծանոթություն ունի լրագիր մրոտողների հետ, իսկույն պետք է արտաքսեի նրան իմ գրասենյակից։ Բայց թույլ գտնվեցա. ազգականս է ասելով՝ օձը ծոցս առա տաքացնելու, իհարկե Նա վերջի վերջո պիտի շանթեր յուր բարերարին...

Ափսո՜ս, պատվական երիտասարդ էր, շատ պիտանի կարող էր լինել մեզ. երևի Նադիրյանը մոլորեցրեց նրան, ցավակցաբար հարեց գանձապահը։

Կարող էր պիտանի լինել թե ոչ, այլևս ուշ է դրա մասին խոսել։ Հենց որ կերթաս գրասենյակ, հաշվապահին կասես, որ նրա հաշիվը տեսնե. իսկ դու, ինչ որ հասնելի է նրան յուր ռոճկից՝ կվճարես և կասես, որ իսկույն մեր գրասենյակը թողնե. ես չեմ կամենում այլևս տեսնել նրան այնտեղ։

Օ՜, ձեր վճիռը շատ խիստ է, մի փոքր մեղմացրեք․ նա կարող է փոխվել, անփորձ երիտասարդ է. այդպես խիստ մի՛ պատժեք խեղճին, սկսեց բարեխոսել գանձապահը, ցույց տալու համար, որ շատ է ցավում պաշտոնակցի վերաբերմամբ այդպիսի վճիռ լսելով։

Ես քեզանից ավելի եմ ցավում նրա համար, որովհետև թե՛ ազգական է և թե՛ պատվական մարդու որդի է. կկամենայի, որ մնար ինձ մոտ. մարդ դառնար և մի կտոր հացի տիրանար, բայց ասած է՝ «սևին սապոնն ի՞Նչ անե»։ Այդ տղան, որ մի անգամ մոլորվել է, էլ չի փրկվիր այդ մասին մտածելն ավելորդ է, գնա՛ և արա այն, ինչ որ պատվիրեցի։

Գանձապահը վեր կացավ տեղից և խոնարհությամբ գլուխ տալով Թորոսյանին, դուրս գնաց սենյակից։ Բայց մի րոպեից ետ կրկին վերադառնալով խնդրեց նրան, որ ազատե իրեն այդ վճիռը գործադրելուց։

Ինչ մեծ հանցանք էլ որ Վահանը գործած լինի, այնուամենայնիվ այսքան ժամանակ նա ինձ պաշտոնակից է եղել, ես չեմ կարող ձեր վճիռը հայտնել նրան. ասաց նա կեղծ բարեսրտության ժպիտով։

Լա՛վ․ ինքս կգամ և կարտաքսեմ նրան, թող այդ քարոզներ գրողն իմանա, թե ում հետ ունի գործ, ասաց նա սպառնական եղանակով գլուխը շարժելով։

Բայց ես կկամենայի...

Ի՞նչ, զայրացած ընդհատեց նրան Թորոսյանը: Որ դուք ներեիք նրան. նա կարող է ուղղվել․ նա դեռ երիտասարդ է...

Անկարելի է. իմ վճիռը վճիռ է. գնացեք ձեր գործին: Գանձապահը հեռացավ արտաքին դժգոհությամբ և ներքին գոհունակությամբ։

Երբ նա գրասենյակը մտավ, Վահանը դիմավորեց նրան և ներքին անհանգստությամբ հարցրեց, թե արդյոք չէ՞ կարդացել «Մանգաղ»֊ի այդ օրվա հոդվածը։

Ինչպե՞ս չէ, կարդացի, պատասխանեց նա, մեծ ուշադրությամբ կարդացի։

Ինչպե՞ս գտաք։

Հիանալի, հրաշալի։

Ի՞նչ եք կարծում, Թորոսյանը նույնպես կարդացած չի՞ լինիլ։

Չգիտեմ. չեմ կարծում։

Իսկ եթե կարդա, ինչպե՞ս կվերաբերվի դեպի ինձ։

Ես կարծում եմ, շատ հասարակ ձևով, նա լրագրական հոդվածների վրա ուշադրություն չէ դարձնում։

Ուրեմն ինձ վրա չի՞ բարկանալ։

Չեմ կարծում. ինչո՞ւ պիտի բարկանա. լրագրում տպված հոդվածները մի՞թե յուր գործին են վերաբերում։

Վահանը մի փոքր հանգստացավ, բայց դարձյալ կամենում էր նոր հարցեր անել, որովհետև չէր կարողանում գործով զբաղվել։ Իսկ գանձապահը, որպեսզի ստիպված չլինի նրա հարցերին սուտ պատասխաններ տալու, իսկույն ձեռն առավ դրամ արկղի տետրակը և սկսեց նախընթաց օրվա ել ու մտի գումարները ստուգել, թեպետ նախընթաց երեկոյան արդեն ստուգած և համագումարը մյուս երեսն էր փոխադրած։

Վահանը դարձյալ մնաց միայնակ յուր մտածմունքների հետ։ Բայց ինչո՞ւ նա այդքան անհանգստանում ու տանջվում էր։ Մի՞թե նա արդեն զղջացել էր յուր արարմունքի վրա, մի՞թե նա գիտակցաբար և խոր համոզմունքով չէր ձեռնարկել այդ գործին։

Ինչպես չէ. նա գիտակցաբար և համոզմունքով էր ձեռնարկել գործին և չէր էլ զղջում յուր արածի վրա. բայց որովհետև սկսել էր արդեն ճանաչել այն աշխարհը, որի մեջ

Be the first who will comment on this

Other parts of "Լուսավորության կենտրոնը"

Yatuk Music
Rhapsody
Edward Baghdasaryan

Rhapsody

Lord Byron's visit to Saint Lazarus Island
Lord Byron's visit to Saint Lazarus Island
Play Online