Muratsan
Լուսավորության կենտրոնը
12
Է
ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԻ ՎԱՃԻՌԸ
Սարյանի հոդվածը գրգռել էր նաև ուրիշ վաճառականներին։ Նրանցից գլխավորները հավաքվելով առևտրականներից մեկի մոտ՝ խորհուրդ էին անում, թե ի՞նչ ձևով պատժեն հոդվածագիր գործակատարին, կամ ի՞նչ պատասխան գրենիրենց դեմ հրատարակած անբաստանության:
Այդ ժողովին հրավիրվեցավ նաև պարոն Թոոոսյանը՝ յուր գրասենյակը գնալուց առաջ։ Վերջինս, չնայելով յուր հուզված տրամադրության, մտավ ժողով արտաքին հանգստությամբ և սովորական ժպիտով ողջունեց յուր դասակիցներին։
Այս ի՞նչ արշավանք եք սկսել մեր դեմ. ինչո՞վ ենք ձեր առաջ մեղավոր, ժպտալով հարցրեց Թորոսյանին առողջակազմ և հաստամարմին առևտրականներից մեկը, որ եղածների մեջ ամենից հարուստն էր և որը, երևի այդ պատճառով, նախագահի դեր էր կամենում կատարել։
Ի՞նչ է պատահել, ինչի մասին է ձեր խոսքը, նույնպես ժպտալով հարցրեց Թորոսյանը և աթոռը վերցնելով նստեց նախագահի կողքին։
Ինչո՞ւ այդ ձևով եք խոսում․ պարոն Թորոսյանը հո չէ՞ հոդված գրողը, դարձավ նախագահին մի ուրիշ վաճառական, որ եղածների մեջ ամենից նիհարն էր և ընթացիկ հաշվով փող էր պարտ Թորոսյանին։ Մարտին Յակուլիչը գիտե թե ի՞նչ է հարցնում, դու ի՞նչ ես մեջը խառնվում, նկատեց նիհար վաճառականին մի կարճահասակ, կարմրերես, տակառաձև կազմվածքով պարոն, որ ամեն մի դեպքում առիթ էր որոնում Մարտին Յակուլիչին մի հաճոյախոսություն անելու։
Հարցը ինչի՞ վրա է, առաջ այն ասացեք, ընդհատեց Թորոսյանը տակառաձև պարոնին։
Այ, սրա վրան։ Այս ասելով նախագահը «Մանգաղ»֊ի համարը բացավ և դրավ Թորոսյանի առաջ, մատով ցույց տալով նրան թե՛ առաջնորդողը և թե՛ յուր գործակատարի հոդվածը, որոնք չորս կողմից գծված էին կարմիր մատիտով։
Թորոսյանը ցույց տալու համար, թե ոչինչ տեղեկություն չունե, հանեց ոսկե կողերով ակնոցը և խնամքով քթի վրա ամրացնելով այն, սկսեց կարդալ առաջարկված հոդվածները։
Մինչդեռ սա ընթերցանությամբ էր զբաղված, երկու ուրիշ վաճառականներ, որոնցից մինը խիստ ճաշակով հագնվել գիտենալուն համար՝ ինքն իրեն ինտիլիգենտ էր համարում (և այդ պատճառով վաճառականներին՝ Միջին փողոցում կամ քարվանսարայում պատահած ժամանակ՝ հարգանքով բարեվում էր, իսկ Դվորցովի փողոցում կամ Պրոսպեկտի վրա հանդիպելիս աշխատում էր չտեսնել նրանց), և մյուսը, որ տասը տարի շարունակ միևնույն սյուրտուկով Նիժնայի տոնավաճառը գնալու համար հաստատամիտ մարդու հռչակ էր վայելում, սկսան շարունակել իրենց վիճաբանությունը, որ ընդհատվել էր Թորոսյանի ներս մտնելովն։
Հա՛, ես այն էի ասում թե՝ երբ առևտրականների շրջանում ծառայող մարդը առևտրականների վրա չարախոսում կամ նրանց վատաբանում է, ասում էր ինտելիգենտ պարոնը, պետք է միանգամից արտաքսել նրան այդ շրջանից, որովհետև մի հատ փտած խնձորը հարյուր առողջ խնձորներ է փտեցնում։ Ուզում եմ ասել թե՝ չպետք է սպասել, որ մի փչացած գործակատար մյուս լավերին էլ փչացնե. իմ այս խոսքի մեջ դուք ի՞նչ սխալ եք գտնում:
Այն, որ փտած խնձորն ու փչացած երիտասարդը միևնույն բաները չեն։ Փտած խնձորը առողջացնել անկարելի է, նրան պետք է դեն գցել, դրա դեմ խոսք չունեմ։ Բայց փչացած երիտասարդին կարելի է ուղղել, ճանապարհ բերել։
Մենք խո վարժապետներ չե՞նք, մեր գրասենյակները դպրոցներ չե՞ն. ի՞նչ պարտավորություն ունենք փչացած մարդկանց ուղղելու վրա մտածելու, ով որ լավ է, պարկեշտ է, ազնիվ է, մենք նրան կպահենք, նկատեց նախագահը։
Իհարկե, ի՞նչ պարտավորություն ունենք, հարեց տակառաձև վաճառականը և ժպտադեմ նայեց նախագահի աչքերին։
Այն պարտավորությունը, որ մենք ավելի հասակավոր և ավելի փորձված ենք. մեզանից փոքրերին մենք պարտավոր ենք սովորեցնել այն, ինչ որ նրանք չգիտեն։ Մեզանից ո՞րը չէ սխալներ արել յուր երիտասարդության ժամանակ։
Սխալներ արել ենք, ո՞վ է ուրանում, խոսեց նախագահը, սուտ ենք խոսել, գողություն ենք արել, թուղթ ենք խաղացել, անառակ կանանց ետևից ենք ընկել, միով բանիվ, ջահելություններ ենք արել, բայց մեզանից ո՞րն է այսպիսի անամոթ գործ կատարել, ո՞վ է համարձակվել լրագիրներում ամբողջ վաճառականության անունը խայտառակել։
Ախր մեր ժամանակ լրագիրներ չկային, խմբագիրներ չկային․ ինչե՞ր եք խոսում․ այս անպիտան լրագիրները մեր օրով լինեին, մենք էլ հիմիկվա տղերանց պես կգժվեինք, նկատեց հաստատամիտ վաճառականը և աչքերը շցջեցրեց ժողովականների վրա, կամենալով նրանց կարծիքն իմանալ։
Ես հո դեռ երիտասարդ եմ, «Մանգաղ»-ը իմ աչքի առաջ է սկսել հրատարակվել, ապա ե՞րբ եմ ես այդ լրագ՛րում մի տող բան գրել, պարծենալով խոսեց ինտելիգենտ պարոնը. ես, մինչև անգամ, ոչ մի հայերեն լրագիր չեմ կարդում։
«Փեթակ»–ն էլ իմ օրով է լույս տեսել, բայց մինչև օրս նրա ո՛չ մի համարը չեմ կարդացել, մինչև անգամ չեմ էլ հետաքրքրվել իմանալու, թե ո՞վ է նրա խմբագիրը, խոսեց նիհար վաճառականը։ Տասնուհինգ տարի սրանից առաջ, իսկի չեմ մոռանում, գնացել էի Էնֆիաջյանցի մոտ մի քանի սնտուկ ծխտխոտ գնելու։ Նա, հո գիտեք, մեկ գլուխ ազգային գործերով է զբաղված։ Ինձ բռնեց, թե պետք է մի օրինակ «Փեթակ» ստանաս. չեմ կարող ասացի. չէ՛, պիտի ստանաս. չեմ ստանալ. չէ՛, պիտի ստանաս. չեմ ստանալ ու չեմ ստանալ, ասացի և գիժ կովի պես դուրս պրծա խանութից։ Այն օրից ի վեր էլ ես նրա մոտ ծխախոտ չեմ գնել։
Ա՜յ վաճառականի վայել վարմունք, գովեց նիհար առևտրականին պարոն նախագահը. այգպիսով դու էնֆիաջյանցին զրկել ես մի քանի հարյուր ռուբլու օգուտից, որը այս տասնևհինգ տարվա ընթացքում կարող էր ստանալ քեզանից և շատ լավ էլ արել ես։ Մի՞թե առևտրականին կվայելե վատնել յուր թանկ րոպեները՝ լրագրի կամ այլ այդ տեսակ բաների մասին մտածելով։
Փառք աստուծո, որ էնֆիաջյանցը միակն է մեր առևտրականների մեջ, ապա թե ոչ, մի տասը նրա նմանները լինեին, բաներնիս բուրդ կլիներ, էլ ո՜չ խելքը գլխին վաճառական կմնար, ո՜չ յուր պարտքը ճանաչող գործակատար, տրամաբանեց տակառաձև առևտրականը։
Այս միջոցին Թորոսյանը յուր ընթերցումը վերջացնելով «Մանգաղա»-ի համարը դրավ սեղանի վրա և ոսկե կողերով ակնոցը քթի վրայից վերցնելով՝ սկսեց դարձյալ սև երիզովը փաթաթել նրան՝ առանց ժողովականներին նայելու։
Հա՛, ինչպե՞ս գտաք ձեր գործաակտարի հոդվածը, Ժպտալով հարցրեց նախագահը։
Շատ լավ. շնորհքով է գրել, պատասխանեց Թորոսյանը՝ կրկին յուր ակնոցով զբաղվելով։
Ասում են, որ ձեր խորհրդովն է գրել, հեգնաբանեց նախագահը։
Սուտ չեն ասում։
Ի՞նչ վարձատրություն եք կամենում նշանակել դրա համար այդ երիտասարդին։
Ինչ որ դուք հրամայեք։
Կատակը մի կողմը․ ի՞նչ տպավորություն արավ ձեզ վրա այն բոլորը, ինչ որ կարդացիք։
Ինչո՞ւ համար եք ինձանից հարցնում․ դուք էլ մի վաճառական եք։
Ինչպես ինձ, նույնպես մեր այս բարեկամների վրա շատ տգեղ տպավորություն է արել։ Ինձ վրա՝ դեռ մի քանի աստիճան էլ ավելի։
Շատ բնական է, որովհետև գրողը ձեր գործակատարն է։
Այդ միևնույն է. եթե ձեր գործակատարը լիներ, դարձյալ նույն տպավորությունը կաներ։
Իհարկե․ պարոն Թորոսյանը հո այդ տղայի հայրը կամ խնամակալը չէ՞․ ինչպես մեզ, նույնպես էլ նրա համար նա մի օտար է, խոսեց նիհար վաճառականը և աչքերը ուղղեց Թորոսյանի վրա, ցանկանալով կարծես, ասել նրան «ես ձեր խոնարհ ծառան եմ, հրամայեցեք ինձ կատարել ինչ կամենում եք, միայն թե ընթացիկ հաշվի պարտքս մի հիշեք»։
Այսպես թե այնպես, մեր պատիվը «Մանգաղ»-ի մեջ շոշափված է. իբրև անուն ու կշիռ ունեցող վաճառականներ, մենք պարտավոր ենք մեր պատիվը պաշտպանել, խոսե նախագահը։
Ոչ թե պաշտպանել, այլ վերականգնել. հարեց ինտելիգենտը։
Ի՞նչ ճանապարհով եք կամենում պաշտպանել կամ վերականգնել, հարցրեց Թորոսյանը։
Ամենից առաջ ձեզ պետք է խնդրենք, որ գործակատարը արձակեք, ասաց նախագահը։
Հետո՞։
Հետո մի օրինավոր հերքում կգրենք «Մանգաղ»֊ի առաջնորդողի դեմ և կղրկենք հենց իրեն, պարոն Պոչյանին, և կխնդրենք, որ հրատարակե յուր թերթում։
Ո՛չ, չենք խնդրիլ, այլ կպահանջենք, հարեց ինտելիգենտը։
Պոչյանը ձեր հոդվածը չի տպիլ, եթե նրա մեջ «պահանջել» բառը դնեք։ Ես նրան ճանաչում եմ. նա կոշտ ու կոպիտ մարդ է և միայն այդ բառի համար այնպես կգժվի,որ հոդվածը մինչև անգամ տանողի երեսին կխփե։ Իսկ այնուհետև էլ չեք պրծնիլ նրա ձեռքից․ նա կսկսե ավելի խայտառակ բաներ գրել մեզ վրա, զգուշացրեց ժողովականներին հաստատամիտ վաճառականը։
Ուրեմն խոնարհաբար կխնդրենք, հարեց նիհար պարոնը։ Պարոն նախագահն էլ հենց այդպես էր ասում, հաստատեց տակառաձևը:
Իսկ եթե ինձ հարցնեք «Մանգաղ»-ին ու նրա խմբագրին մենք հանգիստ կթողնենք, խոսեց լռակյաց ժողովականներից մեկը, որին գործակատարների թշնամի էին անվանում. վաճառականին ինչ վայել է խմբագիրների հետ ընկնել, հոդվածներ գրել, հերքումներ հրատարակել։ Եթե մի ագամ մեր օձիքը Պոչյանի ձեռքին դնենք, հավատացեք, որ էլ նրանից չենք ազատվիլ: Այդ մարդը չարաճճի երեխայի նման պատճառներ է պտրտում սրա ու նրա հետ կռվելու, ընկերին շանթելու, հարևանին հայհոյելու: Մենք ինչպե՞ս կարող ենք ընկերանալ նրան, կամ նրա ՞որ մեկ հայհոյանքին պետք է պատասխանենք․ չէ՞ որ բոլոր տարին նա մեկ գլուխ հայհոյում է թե մեզ և թե մեզանից ու իրենից շատ բարձր մարդկանց։
Ուրեմն ի՞նչ պետք է անենք, ընդհատեց նախագահը գործակատարների թշնամուն։
Մենք պետք է մեր կեղտերը մաքրենք։
Ինչպե՞ս, մենք ուրեմն կեղտե՞ր ունինք, դո՛ւք էլ Պոչյանի լեզվով եք խոսո՜ւմ, զարմացած բացականչեց նախագահը:
Այդ ի՞նչ է. դուք էլ ե՞ք գժվել, ձայնակցեց նախագահին տակառաձևը:
Ոչ, ես ո՜չ գժվել եմ, ոչ էլ Պոչյանի լեզվով եմ խոսում։ Մեր կեղտերը մեր գործակատարներն են, նրանցից պետք է ազատվենք, բացատրեց գործակատարների թշնամին։
Հա՜, այդ ուրիշ խոսք է, շարունակիր, ասաց նախագահը, կարծես հանգստանալով, որ ճառախոսը իրենց չէ մեղադրում ։
Ի՞նչ եք կարծում, մի՞թե Պոչյանը առիթ կունենար մեզ անպատվելու, եթե պարոն Թորոսյանի գործակատարը այդպիսի հոդված չտար նրան հրատարակելու։
Հանցանքը միայն իմ գործակատարինը չէ, նրան էլ ուրիշներն են փչացրել, գրգռված նկատեց Թորոսյանը։
Ովքե՞ր, ովքե՞ր, հարցրին այս ու այն կողմից։ Մեկը հենց պարոն Սոլարյանի հաշվապահը. Նադիրյա՞ն է, ի՞նչ ցավ է։
Իմ հաշվապա՜հը, չէ՛ , չէ՛ , մեղք եք անում, նա այդպես բաների չի խառնվում, անհանգստանալով խոսեց տասնևչորս տարի միևնույն սյուրտուկով Նիժնի գնացողը։
Այո՛, այո՛, սրանից առաջ էլ, նա էր լրագիրներին լուրեր հաղորդում, հաստատեց նիհար առևտրականը։
Ի սեր աստուծո, ինձ ու իմ գործակատարին ձեր բաներում մի՛ խառնեք, ա՛յ, ես գնում եմ, ինչ ուզում եք արեք, այս ասելով հաստատամիտ Սոլարյանը պատրաստվեցավ ժողովից դուրս գնալու, վախենալով, թե չլինի՞ իրենից պահանջեն, որ յուր միակ հաշվապահին հեռացնե պաշտոնից, բայց Նրան արգելեցին։
Այստեղից հեռանալով ոչինչ լավ բան չեք առաջացնիլ ձեզ համար, սպառնալու եղանակով նկատեց նախագահը. անպատվությունը բոլոր վաճառականներին է վերաբերում. ուրեմն մեր պատիվը վերականգնելու համար բոլորս միասին պիտի աշխատենք։ Եթե բանը ջոկ֊ջոկ գործելուն գա, ես այնպես գործ կբռնեմ, որ բոլորիդ էլ դժգոհություն կպատճառե։
Ամենից հարուստ ու զորավոր վաճառականի այս սպառնալիքը ժողովականներին զգաստացրեց, նրանք, առանց դժգոհության, նորեն ուշադրությունները լարեցին դեպի գործակատարների թշնամին, որը սկսել էր խոսել։
Ասացի, որ մենք խմբագիրների հետ գլուխ չի պիտի դնենք և, կարծում եմ, վատ բան չեմ ասում, շարունակեց ճառախոսը, որովհետև ինչպես որ դատարանին դիմողը դատարանից չի ազատվում, մինչև որ վերջին կոպեկները փաստաբաններին չէ բաժանում, այնպես էլ լրագիրներիր միջոցով անուն ու պատիվ վերականգնել ուզողը մրոտողների ձեռքից չի պրծնիլ, մինչև որ նրանց ձեռքով մինչև յոթը պորտը չխայտառակվի։Որպեսզի ընդմիշտ ազատ մնանք անվանարկությունից, պետք է դուրս հանենք մեր միջից այն ծառայողներին, որոնք որևէ հարաբեոություն ունին լրագիր մրոտողների հետ, որովհետև դրանք են, իսկապես, մեր գաղտնիքները հրապարակ հանում, մեր թերությունները մերկացնում, մեզ զրպարտում և անվանարկում, ապա թե ոչ՝ խմբագիրները մեր ինչի՞ն են ծանոթ, որ ինչ կարողանան գրել մեր մասին։ Այդ տեսակ ծառայողները վաճառականության համար միշտ ցեցեր են եղել և ցեցեր էլ կմնան: Նրանց չեք կարող գոհացնեի ո՛չ սիրելով, ո՛չ նվերներ տալով, ո՛չ մեծ ռոճիկներ հատկացանելով, որովհետև ուսումնարանից արդեն սովորեցրել են իրենց ատել մեր արհեստը, չնայելով, որ թե եկեղեցի, թե՜ ուսուՆարան և թե՝ ազգ ու ազգանդան պահողը մենք ենք։
Ուրեմն ի՞նչ ձևով սկսենք գործելհարցրեց նախագահը։
Ձև, բան հարկավոր չէ. ուղղակի պետք է վռնդել պաշտոնից նրանց, որոնց տեսնում ենք, որ արդեն հարաբերումթյուն ունին խմբագիրների հետ. հետո նրանց, որոնք առաջինների օրինակին կհետևեն. այսպես՝ երրորդին, չորրորդին, մինչև որ բոլոր ցեցերը մեկ֊մեկ դուրս կգնան, և մեր շուրջը կմաքրվի հիշածս կեղտերից։ Այս բանը որքան շուտ կատարվի, այնքան օգուտ է մեզ, որովհետև մեր լավ ծառայողները, գոնե, չեն վարակվիլ վատերից։
Ես իմ հաշվապահին չեմ հեռացնիլ, թեկուզ Պոչյանը ամեն օր իմ մասին զրպարտություններ գրե, խոսեց հաստատամիտ Սարյանը և նստած աթոռից վեր կենալով նստեց մի ուրիշի վրա, աշխատելով խույս տալ նախագահի հայացքից:
Այդպես էլ ես կարող եմ խոսել. այն ժամանակ ո՞ւր կմնա պատվի վերականգնումը, նկատեց Թորոսյանը։
Ի՞նչ անեմ. իմ հաշվապահը ոչնչում խառը չէ։ Դուք այդ չեք կարող հաստատել։
Կհաստատեմ։ Չեք հաստատիլ:
Ասում եմ կհաստատեմ. ուզո՞ւմ եք երդվեմ։
Ի սեր աստուծո, Օսիֆ Յակուլիչ, մի՛ երդվեք. ես կհաստատեմ, որ խառն է, մեջ մտավ «ինտելիգենտ» վաճառականը, որը խիստ վիրավորվել էր հագուստ փոխելու մասին Սոլարյանի արած նկատողությունից, իմ գործակատարին նա տվել է կարդալու մի գրվածք, որը սա չկարողանալով պահել յուր մոտ, հանձնել է կնոջս։ Այդ գրվածքից երևում է, որ նրանք մի ինչ- որ սարսափելի բան են պատրաստում բոլոր վաճառականների դեմ:
Ի՞նչ, ի՞նչ, հետաքրքրությամբ հարցրեց նախագահը։
Կամենում են բոլոր գործակատարներին գրգռել և վերկացնել մեր դեմ։
Ի՞նչ եք ասում...
Մի՞թե...
Ա՛յ անօրեններ... սկսեցին բացականչել այս ու այն կողմից:
Ո՞ւր է այժմ այդ թուղթը, Թորոսյանը՝ կամենալով՝ հավաստիանալ, թե որքան ճիշտ էին յուր գանձապահի տված տեղեկությունները:
Ահա՛, այստեղ. այս ասելով «ինտելիգենտը» հանեց Նադիրյանի և Սարյանի կազմած ծրագրի մի օրինակը և տվավ Թորոսյանին։
Վերջինս դիտեց ծրագիրը, համոզվեց, որ մի քանի ժամ առաջ գանձապահի բերած թղթի օրինակն է. մի գաղտնի հոգոց հանեց, որին հաջորդեց ներքին վրդովմունքը և ապա ծրագիրը հանձնեց նախագահին։
Բոլորը հետաքրքրությամբ վրա թափվեցան տեսնելու համար, թե ի՞նչ թուղթ է այդ, որով գործակատարները «սարսափելի բան» պետք է պատրաստեին վաճառականների դեմ։
Որպեսզի գրվածքի բովանդակությունը բոլորին հասկանալի լիներ, նախագահը հանձնեք ծրագիրը «գործակատարների թշնամուն»՝ խնդրելով կարդալ ի լուր ամենի։ Վերջինս կարդաց ծայրե ի ծայր. մութ կետերը բացատրեց և իրենից էլ մի քանի լուսաբանություններ ավելացնելով՝ ամենքի վրա երկյուղ ու սարսափ ազդեց։
Աղմուկն ու շշուկն ընկավ ժողովականների մեջ։ Նախագահը սպառնալիքներ էր որոտում. «տակառաձևը» ձայնակցում էր նրան. Թորոսյանը երդվում էր, որ երկու րոպեից ետ պիտի վռնդե Սարյանին․ «նիհար» առևտրականը աշխատում էր սփոփել նրան. «ինտելիգենտը» ձեռքերը շփում էր՝ խոստանալով, որ դեռ ուրիշ գաղտնի թղթեր էլ պիտի գտնե. «գործակատարների թշնամին» խորհուրդ էր տալիս գտնել գաղտնի ընկերության անդամների ցուցակը և նրանց բոլորին միանգամից արձակել պաշտոններից. խոսել ու դատել չիմացող վաճառականները բերանները բացած, ապուշ-ապուշ նայում էին նրանց, որոնք ավելի բարձր էին գոռում, իսկ «հաստատամիտ» Սոլարյանը, գլուխը կորցրած, գույնը նհտած և ամբողջապես զարմացական նշան դարձած, նայում էր այս ու այն կողմը' առանց մեկի կամ մյուսի հետ խոսել կարողանալու։
Վերջապես նախագահի աչքն ընկավ նրա վրա։
Հա՛, հիմա ի՞նչ ունիք ասելու, բացականչեց նա. Թորոսյանը յուր գործակատարին արձակում է. դուք էլ ձեր Նադիրյանին արձակո՞ւմ եք, թե՞ ոչ։
Ե՞ս... ի՞նչ ասեմ. դե որ ասում եք, պետք է փոխեմ էլի, տասնուչորս տարի է, որ հագնում եմ... շփոթված խոսեց Սոլարյանը։
Ձեր սյուրտուկի մասին չէ խոսքը, ա՛յ մարդ, ինչե՞ր ես խոսում, սրտանց ծիծաղելով նկատեց «ինտելիգենտը»։
Հա՛, ներողություն, սխալվեցա։ ի՞նչ անեմ, խոսողներն այնքան շատ են, որ մարդ գլուխը կորցնում է։
Ուրեմն կարձակե՞ք ձեր հաշվապահին, նորեն հարցրեց նախագահը՝ աչքերը անողոք կերպով խեղճ «հաստատամիտի» վրա ուղղելով։
Որ ասում եք, կարձակեմ, ի՞նչ անեմ, երևի դուք ինձ համար հաշվապահ կգտնեք։
Ինքս կգտնեմ ձեզ համար, միայն թե այդ ապականության սերմը հեռացնեք այս փողոցից, մեջ մտնելով խոսեց Թորոսյանը, որի ամենամեծ ցանկությունն էր հեռացնել Նադիրյանին յուր դրացությունից։
Սոլարյանը վերջնականապես խոստացավ։ Վաճառականները գործակատարների ապստամբության գործը ճնշելու համար մի քանի կարևոր խորհուրդներ անելուց ետ ցրվեցան։
Երբ Թորոսյանը մտավ յուր գրասենյակը, Սարյանը գլխակոր գրում էր։ Մյուսների հետ միասին նա էլ վեր կացավ տեղից ընդունելու յուր տիրոջ ողջույնը, որը նա այսօր խիստ կոշտ ձայնով արտահայտեց։
Հասնելով յուր սեղանին, Թորոսյանը կանգ առավ նրա մոտ և ձեռքը աթոռի թիկնատեղի վրա կռթնելով, հանգիստվոը դիրք բռնեց:
Այն հոդվածը դո՞ւք եք գրել «Մանգաղ»-ի մեջ, հարցրեց նա Սարյանին այնպիսի մի ձայնով, որ խեղճ երիտասարդի մարմնով սարսուռ անցավ։
Այո՛, շփոթվելով և կակազելով արտասանեց Սարյանը:
Շատ լավ եք գրել, ապրիք, աստված է՛լ ավելի շնորհք տա, ասաց Թորոսյանը և մի վայրկյան լռեց։ Սարյանր կարծելով, թե նա անկեղծությամբ է խոսում, պատրաստվեցավ, կարծես, ուրախանալ, և ժպիտը խաղաց նրա շրթունքների վրա:
Հա’, որովհետև այդպես լավ բաներ եք գրում, արժան չէ, որ դուք այս խավար տեղը նստեք, ձեր ժամանակը անօգուտ վատնեք, շարունակեց Թորոսյանը. գնացեք «Մանգաղ»-ի խմբագրատունը և ծառայեցեք այնտեղ պարոն Պոչյանին ձեր գրական աշխատություններով:
Ինչպե՞ս. չեմ հասկանում, շփոթված շշնջաց Սարյանը:
Չե՞ք հասկանում. ուրեմն վաճառականի կոպիտ լեզվով ասեմ, որ հասկանաք, դո՛ւրս գնացեք իմ գրասենյակից, ես ձեզ չեմ կամենում պահել ինձ մոտ: Հաշվեցեք այս պարոնի մնացորդ ռոճիկը և տվեք իրեն, դարձավ նա հաշվապահին:
Կոպիտ ձայնով արտասանված այս հայտարարությունը կայծակի հարված իջեցրեց խեղճ Սարյանի գլխին: Ամենածանր հանդիմանության նա կարող է սպասել, բայց այնպիսի անպատվություն, որ արտաքսեին իրեն պաշտոնից, երբեք։ Պատվասիրության զգացումը, ամոթը և զայրույթը, կարծես միախառնված, մի խուլ փոթորիկ հարուցին երիտասարդի հոգու մեջ։ Վարդագույնը պատեց նրա ամոթխած դեմքը, և ազնիվ ճակատը քրտինքի ցողով ծածկվեցավ։ նա աշխատեց խոսել, սակայն լեզուն չհնազանդվեց իրեն. մի ինչ-որ գաղտնի զորություն, կարծես, փակում էր յուր բերանը։
Բայց երբ հաշվապահի հայտնելով գանձապահը բերավ հանձնելու նրան յուր մնացորդ ռոճիկը, Սարյանը նայեց վերջինի աչքերին և նրանց մեջ նշմարելով, կարծես, մի գաղտնի ուրախություն, որը, սակայն, նա աշխատում էր ծածկել հոնքերը խոժոռելով, գուշակեց, որ ինքը չարաչար խաբված է այդ սուտ ճգնավորից։ Բայց էլ ի՞նչ կարող էր անել․ կամուրջը յուր ետևից քանդված էր արդեն։
Նա դարձավ դեպի Թորոսյանը և աչքերը սևեռելով նրա վրա, ասաց.
Ինձ արտաքսում եք նրա համար, որ մի քանի ճշմարտություններ եմ գրել լրագրում, որ բարի խորհուրդներ եմ տվել ձեզ և ձեր դասակիցներին։ Շնորհակալ եմ։ Դուք դրանով ապացուցանում եք, որ արդարև, ես անկարող եմ ապրել այն մթնոլորտում, ուր դուք այնքան բախտավոր ու երջանիկ եք զգում ձեզ՝ նույնիսկ անմեղ մարդկանց զրկանք ու դժբաղտություն պատճառած ժամանակ: Արդարև, ես արժանի չեմ ձեզ, բայց դուք արժանի եք Թաղարյաններին. վայելեցեք նրանց հավատարմության ու անձնվիրության պտուղները, մինչև որ կգա այն օրը, երբ կհիշեք ինձ... Իսկ ձեզ, դարձավ նա գանձապահին, խորհուրդ կտամ օգուտ քաղել այն հավատից ու վստահությունից, որ այս մարդիկը ունին ձեզ վրա։ Աշխարհը ուզում է խաբվիլ, խաբեցեք նրան և հավատացեք, որ ոչ ոք չի մեղադրիչ ձեզ…
Այս ասելով Սարյանը վերցրեց գլխարկը և դուրս գնաց։
Հետևյալ օրը հեռացրին պաշտոնից նաև Նադիրյանին։
(Կշարունակվի)
Երկրորդ մասի վերջ