Muratsan
Անդրեաս Երեց
8
Ի
Անցավ հինգ օր և սակայն նահատակի դին դեռ անթաղ ընկած էր ամայի դաշտի վրա։ Հայերի խնդիրն և աղաչանքը մնում էր անուշադիր։ ժողովուրդը հետզհետե հուզվում, գրգռվում էր։ Մելիքները դիմեցին Ամիրգյունեին և խնդրեցին նրան՝ զգուշացնել շահին, որ պատճառ չդառնա անտեղի հուզման, գուցե և կոտորածի, որովհետև ժողովուրդը սաստիկ սրտմտած էր իրեն հասած անարգանքի համար և կարող էր հեշտությամբ անխոհեմ քայլեր անել։ Բայց շահը ոչ միայն անուշադիր թողեց խանի խնդիրը, այլև հայերին ավելի կսկծացնելու համար հրամայեց Շահռուխին հարեմ բերել տեր-Անդրեասի կնոջը:
Թող տեսնենք այժմ թե՝ աղվեսների զայրույթը ի՞նչ վնաս կարող է տալ ահավոր վագրին, որ յուր քաղցը հագեցնելու համար ավերում է նրանց խաղաղ ընտանիքը, ասաց շահը ծիծաղելով։
Բայց Շահռուխն, որ ավելի հեռատես էր, այլև, ծանոթ հայերի գրգռված գրության, հարմար չգտավ անձամբ դիմել քահանայի տունը, կամ այնտեղ ուղարկել յուր մարդկանցից մեկին, որովհետև հավատացած էր, որ այդ նպատակով Խցաձորի թաղը մտնող պարսիկը կենդանի չէր մնալ. գինու զորությամբ տիրուհուն դուրս հանելն էլ անխոհեմություն էր համարում։ Այդ պատճառով նա որոնեց և գտավ մի պառավ թրքուհի, որ մեծ հմտություն ուներ երիտասարդուհիներ կախարդելու, և հայտնելով նրան շահի ցանկությունը, պատվիրեց գնալ քահանայի կնոջ մոտ և ամեն հնար գործ դնել համոզելու նրան՝ գալ շահի կոչին։
Պառավը, որ հույս ուներ մեծ պարգևներ ստանալու, հանձն առավ գործը ուրախությամբ և դիմեց քահանայի տունը։ Նորատի այրիին Նա գտավ միայնակ, ուստի և սկսավ խոսել հետը անմիջապես, բայց ճարտար զգուշությամբ։
Ամենից առաջ նա ցավ հայտնեց տիրուհուն նրան հասած դժբախտության համար, ապա մխիթարական շատ խոսքեր խոսեց և վերջը, երբ այրիին գտավ բավական ամոքված, հայտնեց յուր գալստյան «բարի» նպատակը։
Մանկամարդ տիրուհին, որ դեռ երեցի բանտարկության օրերում չափազանց շատ լացել էր սիրած ամուսնու համար և յուր վիճակը դառնապես ողբացել, քահանա լի նահատակությունից հետ՝ գտնվում էր մի անբնական գրության մեջ։ Նա կարծես այլևս չէր զգում յուր ցավը, չէր լալիս առաջվան պես. արտասուքի աղբյուրները ցամաքել էին նրա աչքերում և ներքին գոհունակության մի զգացում պայծառացրել էր դեմքը։ Նա այլևս չէր մասնակցում սկեսուրի կամ սկեսրայրի ողբերին և չէր ընկերակցում նրանց, երբ վերջիններս լալով դիմում էին իշխաններին՝ սիրեցյալ որդու մարմինը ամփոփելու հրաման հայցելու։ Վարդենին զբաղված էր մի ուրիշ և, յուր կարծիքով, ավելի մեծ գործով...։ Թագավորի անօրեն բռնությունը, ազգին ու եկեղեցուն հասած անարգանքը և այդ ամենի առաջ անմռունչ խոնարհող հայերի փոքրոգությունը հանդուգն միտք էին ծնեցրել մանկամարդ կնոջ մեջ. նա մտածում էր վրեժխնդիր լինել յուր շուրջը կատարվող բռնությանց համար...:
Բայց մի՞թե կարող էր։ Չէ՞ որ դա մի երազ, նյարդերի գրգռումից առաջացած մի ցնորք էր։ Ո՞վ էր կինը, ի՞նչ կարող էր անել նա...։ Մի՞թե բռնության այդ օրերում, երբ ամենից զորավոր բազուկները մնացել էին անշարժ, մի թույլ էակ պիտի հանդգներ վրեժխնդրության համար մտածել։ Հարկավ՝ ոչ։ Բայց և այնպես, Վարդենի տիրուհին զբաղվում էր այդ մտածությամբ։
Այն օրից սկսած որ նա երազում տեսել էր թե՝ Շահռուխ բեկը յուր գլխի զարդը պոկելով փախչում է, նա միշտ երկյուղի ու վարանման մեջ էր լինում, որովհետև գուշակում էր՝ որ այդ մարդն, անշուշտ, մի չարիք պիտի բերե յուր գլխին։ Եվ ահա, երբ այդ գուշակությունը իրականացավ, ծանրագույն վըշտերի հետ միասին՝ ծնունդ առավ նրա սրտում և այս տարօրինակ, կնոջ հոգուն անընտել զգացումը, որն և հետզհետե նրա ամբողջ էությունը գրավեց։ Մանավանդ երբ իմացավ թե շահը հրամայել է անթաղ թողնել նահատակին, թե նա մերժում է ամեն միջնորդություն, է՛լ տկար հոգին ապստամբեցավ բռնության դեմ. կնոջ քիչ մտածող գլուխը և շատ զգացող սիրտը համաձայնության եկան կատարելու մի գործ, որին չէին ժտում ձեռնարկել առնական խոհուն գլուխները, հեռատեսությամբ չափելով իրենց տկարությունը և հակառակորդի զորությունը և, հետևապես, խնայելով այն զոհերը, որ պիտի տային իրենց անխորհուրդ ձեռնարկությամբ։
Բայց մանկամարդ տիրուհին ի՞նչ ուներ կորցնելու։ Չէ՞ որ յուր միակ հարստությունը, միակ երջանկությունը, յուր փառքն ու պարծանքը առել տարել էին և նա այժմ նստած էր յուր տան ավերակների վրա... ավելի լավ չէ՞ր թողնել աշխարհը և գնալ յուր սիրած հոգու հետևից։ Եվ նա, այո, որոշել էր մեռնել. նա չէր կեղծել շահի առաջ ասելով թե՝ «իմ ամուսնու մահից հետ ես չի պիտի կարենամ ապրել»։
Բայց նա ուզում էր նախ հերոսանալ և ապա թե մեռնել։ Նա կամենում էր նախ սատակել այն հրեշին, որ յուր տունը կործանեց և ապա թե բռնել այն ճանապարհը, որ տանում էր սիրելու մոտ...
Այս իսկ պատճառով, երբ պառավ թրքուհին Շահռուխից բերած նորությունը հայտնեց, մանկամարդ այրին յուր սըրտում ուրախացավ. որովհետև նրա առաջարկությունը շահավոր գտավ յուր նպատակի համար։ Բայց նա սկզբում կեղծեց. իբր թե, չէ կարող շահի «երջանկացնող» առաջարկն ընդունել` յուր վշտի մեծության և վերքերի տակավին նոր լինելու պատճառով։ Եվ երբ պառավը յուր քաղցր զրույցներով սկսավ համոզել նրան, թե արքայական առատ շնորհները շուտ կմոռացնեն իրեն յուր վշտերը, թե պետք է փութալ օգուտ քաղել շահի բարեհաճ տրամադրությունից, ապա թե ոչ ընդդիմությունը ոչ միայն նրան բարիքներից կզրկե, այլև, կարող է չարիքներ հասցնել, տիրուհին ասաց.
Չկա ինձ համար ավելի մեծ բախտավորություն, քան մեծափառ շահնշահի շնորհին արժանանալը։ Բայց ես չեմ կարող ելնել այստեղից քո ընկերակցությամբ, որովհետև ազգակիցներս կքարկոծեն ինձ։ Ես կգամ Շահռուխ բեկի մոտ միայնակ, սակայն ոչ իմ հագուստով, այլ ծպտյալ։ Այդ պատճառով խնդրում եմ հայտնել իմ կողմից բեկին, որ նա ինձ համար պատրաստել տա մի ձեռք զինվորական հագուստ և ուղարկի այն քո ձեռքով։ Այդ շորի մեջ ոչ ոք չի ճանաչիլ ինձ (մանավանդ որ հայերը հեռու են պտտում զինվորներից), ուստի և ապահովապես կմտնեմ ես բեկի մոտ։ Այնուհետև թող նա ինքը ներկայացնե ինձ շահին ի՛նչ ձևով որ կկամենա։
Տիրուհին պառավին ավելի հիմարացնելու համար՝ խնդրեց որ նա անձամբ յուր չափը վերցնե, որպեսզի պատրաստվելիք հագուստը մեծ չգա վրան և չմատնե իրեն։ Բացի այդ, նա պատվիրեց խնդրել Շահռուխին որ յուր գալու ժամանակ հեռացնե տան բակից բոլոր զինվորներին, որպեսզի վերջիններս յուր ներս գալը չնկատեն։ Երբ կնոջ հոգեկան աշխարհը մի զորեղ ցնցումից ենթարկվում է հեղաշրջման (բարվո առթիվ լինի այն թե չարի), այլևս նախկին ունակությունները դադարում են նրա սրտի վրա իշխելուց. նոր զգացումներին առաջնորդում է նոր աշխարհայացք և նա հանգիստ խղճով գործում է այն ինչ որ բուռն զգացմունքները թելադրում են իրեն։ Այդ դեպքում հաճախ նա ոտք է կոխում ոչ միայն համեստության, այլև առաքինության վրա. կամ, ընդհակառակն, եթե երկչոտ է, արիություն է զգենում, և այդ բոլոր դեպքերումն էլ խիղճը մնում է խաղաղ, որովհետև զգացումները շշնջում են նրա ականջին թե՝ այժմ է նա միայն «լավագույնը» գործում։
Ահա այսօրինակ հոգեկան հեղաշրջման պետք էր վերագրել և մանկամարդ այրիի վարմունքը։
Երբ պառավը ավետեց Շահռուխին Վարդենի «հանըմի» համաձայնությունը, բեկն ուրախացավ և հիշեց իսկույն շահի՝ կանանց մասին հայտնած կարծիքը: «Իմ տերը չի սխալվում, շշնջաց նա ինքիրեն, կնոջն, արդարև, կարելի է հրապուրել նույնիսկ յուր ամուսնու դագաղի առաջ...»։
Եվ բեկն իսկույն դերձակ կանչել տալով՝ հրամայեց որ մի ավուր մեջ խնդրված հագուստը պատրաստեն։
Հետևյալ առավոտ պառավը տիրուհուն հանձնեք մի կապոց, որի մեջ գտնվում էին թե պատրաստված շորերն, որոնք շահի թիկնապահների տարազն ունեին, և թե արծաթյա մի կամար, գեղեցիկ դաշույն և մի թեթև կաճյա, որով նորատի զինվորականը պիտի ծածկվեր։
Այս ամենը տեսնելով տիրուհին հրճվեցավ. նա, մինչև անգամ, մոռացավ յուր վիշտը, ընդունելով թե՝ վրեժն արդեն լուծված է։
Այնուհետև նա սկսավ յուր կատարելիք գործի համար պատրաստվիլ: Եվ թեպետ յուր կյանքում սուր չէր առել ձեռը և չգիտեր իսկ թե՝ ի՛նչպես պետք է հարվածել՝ մահ պատճառելու համար, այսուամենայնիվ համոզված էր թե պիտի սպանե Շահռուխին, որին յուր դժբախտության միակ պատճառն էր համարում։
Բայց որպեսզի յուր հարվածի մեջ չվրիպե, նա կանչեց յուր մոտ ծերունի ժամհարին (որ եկեղեցու բակի ձյունը սրբելուց հետ՝ պատրաստվում էր մտնել յուր խուցը), որպեսզի նրանից մի քանի բան սովորե: Ծերունուն, իհարկե, նա չի պիտի հայտներ գաղտնիքը. բայց կարող էր նրան խոսեցնելով յուր նպատակին հասնել։
Արի՛, մահտեսի, տաքացի՛ր, ձեռներդ սառած կլինին. հետո բան պիտի հարցնեմ, ասաց տիրուհին, երբ ծերուկը մտավ նրա մոտ։
Այո, շատ աշխատեցա. մեծ ձյուն կար բակում, մինչև որ հավաքեցի, ձեռքերս փետացան... բայց ի՞նչ ժամանակ է տաքանալու մասին խոսել, քո վիշտն այնքան մեծ է, տիրակին, որ ես զարմանում եմ թե ի՞նչպես ես կարողանում ուշադրություն դարձնել ինձ վրա...
Այո՛, մահտեսի, շատ մեծ է. և հենց բոլոր օրը դրա վրա եմ մտածում։ Բայց մի հանգամանք մտատանջություն է պատճառում ինձ. նրա համար եմ քեզ կանչել...
Ի՞նչ հանգամանք, հարցրեց ծերուկը հետաքրքրությամբ։
Ասում են որ լուսահոգին մի քանի ժամ շարունակ կենդանի է մնացել կախաղանի վրա. ի՞նչ է դրա պատճառը. չէ՞ որ դահճապետը պատռած է եղել նրա փորը, ինչո՞ւ նա իսկույն չէ հոգին ավանդել...
Ինչո՞ւ համար ես այդ հարցնում։
Կամենում եմ պատճառն իմանալ. այդ բանը անհանգստացնում է ինձ։
Դու երևի կասկածո՞ւմ ես նահատակի արդար լինելու մասին, բացականչեց ծերուկը հուզվելով։
Քա՜վ լիցի... բայց, ուզում եմ իմանալ, բացատրիր ինձ պատճառը, աղաչում եմ։
Միշտ այդպես է լինում, երբ պատառում են փորի թաղանթը. բայց թե դաշույնը հասած լիներ լյարդին...
Իսկույն կմեռներ, այնպես չէ՞։
Այո՛... իսկ թե հարվածը ուղղեին սրտին...
Ի՞նչ կլիներ այն ժամանակ։ Այո, երանի թե այդպես էլ անեին... հարեց ծերուկը և ձեռքով աչքի արտասուքը սրբեց։
Բայց ի՞նչ կլիներ այն ժամանակ, կրկնեց տիրուհին յուր հարցը։
Մահն իսկույն կհասներ և խեղճը չէր տանջվիլ:
Ի՞նչպես. որտե՞ղ է լինում սիրտը, հարցրեց տիրուհին հետաքրքրությամբ։
Այստեղ, ձախ ծծի տակ, ցույց տվավ ծերունին. բավական է որ դաշույնը հինգ մատնաչափ խրվի այստեղ, և մարդ իսկույն կանշնչանա։
Իսկո՞ւյն։
Այո՛. մինչև անգամ ձայն արձակել չի կարող։
Տիրուհին հասել էր նպատակին։ Նա շուտով զրույցը վերջացրեց։ Եվ երբ ծերունին մարմինը տաքացնելով՝ դուրս գնաց սենյակից, ինքը սկսավ հագնվիլ:
Մի քանի ժամից ետ ս. Հովհաննու բակից դուրս եկավ մի մանկահասակ զինվոր, կաճյայով ծածկված և մորթե գլխարկը աչքերին քաշած։ Առանց անցորդների պատահելու նա ուղղվեց դեպի փողատան և արագ քայլերով Շահռուխ բեկի տան ճանապարհը բռնեց։
Բեկը գործ էր դրել ամեն զգուշություն, որպեսզի ծպտյալ թիկնապահին ոչ ոք չպատահի։ Նա հեռացրել էր բակից նաև զինվորներին, որոնց սրատես աչքից չէր կարող թաքչել «կինը», թեկուզ նա հագված լիներ զինվորական տարազով։ Իսկ ինքը նստած պատուհանի առաջ՝ անհամբերությամբ սպասում էր «նրան»։
Սակայն այդ սպասելը յուր մեջ ուներ նաև մի անհանգստություն, որից, մինչև անգամ, բաբախում էր բեկի սիրտը... նա սպասում էր «նրան» այնպես, ինչպես յուր կյանքում չէր սպասել ոչ ոքի։ Բազմшխnրտիկ ճաշը, որ նա վայելել էր համեմած հայկական շարաբով, գրգռել էին նրա հեշտասիրական զգացումները։ Նա պատկերացնում էր յուր երևակայության մեջ այն վայրկյանը, երբ ներս պիտի մտներ տենչալի գեղեցկուհին, այն րոպեն երբ ինքը պիտի գրկեր նրան և շահին ներկայացնելուց առաջ՝ հագեցներ վաղուց հետև ունեցած յուր տենչանքը...:
Եվ ահա, վերջապես, տան բակը մտավ սպասված հյուրը և թեթև քայլերով մոտեցավ մուտքին։ Շահռուխը դիմավորեց նրան ժպտերես։
«Մանկահասակ թիկնապահն», որ մինչև բեկի տունը հասնիլը ծանր տագնապներ էր անցուցել, մերթ արիացել, մերթ վհատվել էր, մերթ հուզմունքից քրտնել, մերթ երկյուղից դողացել էր. տան բակը մտնելուն պես քաջացավ. աներևույթ մի ուժ կարծես զորացրեց նրան, «արագ և հաստատուն բազկով», շշնջաց, ասես, մինը նրա ականջում. և նա ներսն ընկավ իբրև մի մարմնացյալ սրտմտություն։
Բեկը, որ զմայլված էր տիրուհու կերպարանքին, ըստ որում այրական հագուստի մեջ նա ավելի էր գեղեցկացել, նրա դեմքի այլայլությունը վերագրեց նրա ամոթխածության, և այդ հանգամանքը ավելի ևս գրգռեց յուր հեշտասիրությունը։
Ով Ալ–Ջեննաթի փերի, վերջապես դու ինձ մոտ ես, բացականչեց նա հափշտակությամբ և այնինչ պադշոտ հայացքը այրիի աչքերին ուղած՝ տարածել էր թևերը նրան գրկելու համար, երիտասարդուհին արագությամբ բարձրացրեց դաշույնը, որ մերկացրած պահած էր կաճյայի տակ, ու ամենայն ումով խրեց բեկի կուրծքը։ Անակնկալ հարվածը իջավ ուղիղ սրտին: Կարծես ծերունու խոսքն էր, որ ներշնչաբար դաշույնը ուղղեց հարմար տեղի վրա։ Բեկը, որ ետ քաշվելու միջոց չունեցավ, հազիվ մի հառաչ արձակեց և ճարպոտ դեմքը ծամածռելով՝ գլորվեցավ հաստակի վրա։
Վարդենին, որ մինչ այդ արիությունը չէր կորցրել, դուրս քաշեց դաշույնը բեկի պարարտ կրծքից և դնելով այն պատյանի մեջ, մի վերջին, վրիժառու հայացք ձգեց մեռնողի վրա և արագ քայլերով դուրս գնաց այդտեղից։
Բակում նրան պատահեց սպասավորներից մինը, որը, սակայն, ուշադիր չեղավ իրեն։ Ուստի և այրին խույս տվավ անարգել։ԻԱ
Հանդուգն սպանության լուրը հասավ շահին և սարսափեցրեց նրան։ Ո՞վ կարող էր, արդյոք, ձեռք բարձրացնել արքայի սենեկապետի վրա. այս էր առաջին հարցը որ նա արավ, երբ ավագանին շրջապատեց իրեն։ Եվ սակայն ստացած պատասխանները չգոհացրին նրան։ Միակ ճշմարտոթյունը, որ բոլորը միաբերան հաստատեցին, այն էր՝ որ ասում էին թե՝ Շահռուխի բնակարանից շտապով հեռացողը եղել է արքայի թիկնապահներից մեկը։
Այդ պատճառով ինքը Շահաբասը անձամբ հարցաքննեց յուր բոլոր թիկնապահներին, մահու սպառնալիք կարդալով նրանց, եթե կհանդգնեին ճշմարտությունը ծածկել։ Բայց և այնպես նրանցից ոչ ոքի հանցավոր չգտավ։
Այն ժամանակ շահը պահանջեց Ամիրգյունեից, իբրև երկրի գլխավոր կառավարիչ՝ քսանևչորս ժամվա ընթացքում գտնել հանցավորին:
Խանի դրությունը ծանր էր: Նա համոզված էր որ այդ սպանությունը կատարել են հայերը, բայց թե ովքե՞ր իսկապես, չէր կարողանում գուշակել: Վերադառնալով տուն, նա պատրաստվում էր հրավիրել հայոց գլխավորներին, որպեսզի նրանցից ճշմարտությունը իմանա, երբ նրան հայտնեցին թե՝ մի հայուհի կամենում է տեսնել իրեն:
Թույլ տվեք գա, հրամայեց խանը: Եվ նրան ներկայացավ Վարդենի տիրուհին, ձեոքին բռնած շորերի մի կապոց, որը և դրավ խանի առաջ։
Ո՞վ ես դու, և ի՞նչ է այս, հարցրեց խանը անփույթ եղանակով:
Ես Անդրեաս երեցի կինն եմ և Շահռուխ բեկի սպանողը, շշնջաց տիրուհին:
Ինչպե՞ս... դո՞ւ, անկարելի է, բացականչեց խանը, աչքերը հառելով այրիի վրա:
Վերջինս նայեց յուր շուրջը և տեսնելով որ սենյակում իրենցից զատ ոչ ոք չկա, բարձր ու հաստատուն ձայնով ասաց Այո՛, խան, ես սպանեցի այն հրեշին, և ահա ապացույցը։
Այս ասելով Վարդենին բացավ կապոցը և ցույց տալով խանին բեկի կողմից իրեն ղրկված հագուստը, կամարը և արյունոտ դաշույնը, սկսավ մի առ մի պատմել եղելությունը։
Խանը ոչ միայն չբարկացավ այրիի անկեղծ խոստովանությունը լսելով, այլև հիացավ նրա քաջության վրա և գովեց իբրև ամուսնասեր կնոջ։
Դու մի բարի գործ ես կատարել, ասաց նա, որովհետև չարերին պատժելը նույնպս բարիք է։ Բայց ինչո՞ւ, աղջիկս, դու եկար քեզ մատնելու: Չէ՞ որ ճշմարտությունն իմանալուց ետ ես չեմ կարող ծածկել այն իմ արքայից։
Ես գիտեի որ իմ գործած սպանության համար հալածանք պիտի հարուցաներ շահը իմ ազգակիցների դեմ. այդ պատճառով եկա ճշմարտությունը հայտնելու, որպեսզի պատիժը կրեմ միայն ես: Եթե իմ հոգելույս ամուսինը չգործած հանցանքը յուր վրա առավ՝ շատերի փոխարեն մեռնելու համար, ի՞նչպես կարող եմ ես չհետևել նրան և թույլ տալ որ անմեղները պատժվին իմ փոխարեն։
Դու մի ազնիվ ու արդար կին ես. դու չես սպանել Շահռուխին, այլ աստված քո ձեռքով պատժել է նրան... դու ուրեմն պիտի ապրես, ես կաշխատեմ ազատել քեզ։
Կյանքը այսուհետև արժեք չունի ինձ համար, ասաց տիրուհին։
Ընդհակառակն, աղջիկս, նա այժմ կքաղցրանա, որովհետև ամուսնուդ արյան վրեժը լուծեցիր։ Հեռացիր այստեղից և թաքնվիր։ Ես քո մասին կխոսեմ շահի հետ։
Իմ հաշիվը, խա՛ն, ես վերջացրել եմ աշխարհի հետ մի՛ նեղացնիր քեզ իմ պատճառով։
Չէ, աղջիկս, դու դեռ պարտք ունիս կատարելու. դու պիտի ապրես քո ամուսնու ծնողներին ծառայելու համար։
Խանի վերջին խոսքը կարծես սթափեցրեց մանկամարդ այրիին. նա հիշեց զառամյալ սկեսուրին ու սկեսրայրին և կյանքը, ասես թե, հարգելի դարձավ յուր աչքում. «նրա արդար հոգին կնայե երկնից և կհրճվե տեսնելով՝ որ ես ապրում եմ յուր խեղճ ծնողներին ծառայելու համար...» մտածեց Վարդենին այդ րոպեին և համոզվեցավ թև, արդարև պարտավոր է դեռ ապրել։
Միայն իմ այդ պարտքը կատարելու համար կկամենամ որ դու ազատես ինձ, խան, ասաց տիրուհին։
Կազատեմ, գնա՛ և իմ կողմից ասա՛ խոջա֊Անձրևի կնոջը, որ քեզ տանե Ցղնա և մի առժամանակ պատսպարե յուր տանը: Կարող է պատահել որ շահը պտրե քեզ. բայց ես չեմ ցանկանում որ նրա խուզարկուները գտնեն քեզ այստեղ։ Վարդենին զգացված շնորհակալություն արավ խանին և դուրս գնաց։ Իսկ վերջինս շտապեց Շահաբասի մոտ։
Մարդասպանը գտա, տեր իմ, ասաց Ամիրգյունեն, գլուխ տալով թագավորին։
Հայերից մինն է, այնպես չէ՞, հարցրեց թագավորը շտապավ։
Հայուհիներից մինը, տեր իմ, հարեց խանը։
Հայուհիներից մի՞նը, այդ անկարելի է, բացականչեց շահը։
Այո՛, տեր իմ, այն էլ խիստ մանկամարդ հայուհիներից...
Մանկամա՞րդ... պատմի՛ր, պատմի՛ր, այդ շատ հետաքրքրական է։
Եվ Ամիրգյունեն սկսավ մի առ մի պատմել թագավորին Վարդենի տիրուհուց լսածները։
Վաղ առավոտ, ուրեմն, կախեցեք միևնույն կախաղանից այդ հանդուգն կնոջը, ասաց թագավորը։
Ոչ, տեր իմ, նա պիտի ապրի, ես այդ խոստացա նրան. ասաց Ամիրգյունեն։
Խ՛ան, դու հիվանդ չե՞ս. զայրացած և զարմացած հարցրեց թագավորը։
Կամենում ես ասել թե՝ գուցե խելագարվել եմ ծերությանս օրերում։
Հապա ի՞նչ պատասխան է այդ, որ դու տալիս ես ինձ:
Ես, տեր իմ, խոստացա այն կնոջը ապրեցնել, հուսալով քո մեծանձնության վրա։ Բացի այդ, ես թանկ եմ գնահատում քո հանգստությունը, ուստի կամենում եմ որ դու արքայական ներողամտությամբ վախճան դնես այն անարգանքներին, որ մեր կողմից հասնում է այս տիրասեր ժողովրդին։ Որքան էլ մենք նրանց չնչին արարածներ համարենք, այսուամենայնիվ, պիտի խոստովանենք, որ նրանք էլ մեզ նման զգայուն մարդիկ են, նրանք էլ մսից ու արյունից են կազմված և մեզ պես էլ ունին պատվո զգուշացումները։ Մրջյունները որքան էլ փոքր են ու չնչին, այսուամենայնիվ, կարող են տապալել կաղամախը, եթե շարունակ նրա արմատը փորեն... Դու առ ոչինչ գրեցիր սկզբում իմ զգուցումները, բայց ահա դեպքն ինքն է վկայում թե՝ ես իրավունք ունեի զգուշացնելու։ Եթե մի տկար հայուհի կարողանում է հաղթանդամ Շահռուխին ոչնչացնել, ապա շատ զորավոր հայեր կարող են ուրիշ շատ բաներ անել։ Չպետք է ուրեմն մենք նրանց համբերությունը սպառենք։ Ժողովրդի հուսահատությունից առաջանում է հեղեղ, որ տապալում է ամենազորավոր ամբարտակներն անգամ...։
Այս եղանակով երկար խոսելով՝ խանը վերջապես համոզեց շահին ոչ միայն ներել մանկամարդ տիրուհուն, այլև հրաման տալ ամփոփել նահատակի մարմինը, որպեսզի ժողովրդի հուզումը դադարի։
Ինչ վերաբերում է Շահռուխի սպանության, թող ամենքն իմանան, թե այդ բանն արել է քո թիկնապահներից մինը, որը և, իբր թե, փախել է արդեն, ասաց խանը շահին, որովհետև ամոթ է հռչակել թե՝ այդ հաստամարմին պարսիկը սպանվել է մի մանկամարդ հայուհուց:
Թագավորը բանավոր գտավ նախարարի խորհուրդը և հրամայեց դադարեցնել սկսված քննությունը։
Երբ նահատակի մարմինն ամփոփելու հրամանը հայտարարվեց, հայերը լցվեցան ուրախությամբ։ Ագուլիսն ու Դաշտը նորեն իրար անցան և ժողովուրդը գունդագունդ դիմավորեց սուրբի մարմնին, որը Սիսականի բազմախումբ հոգևորականությունը զարդարուն դագաղի մեջ բերում էր դեպի քաղաք:
Նահատակի մարմինը, որ ձյունով ծածկված լինելուն պատճառով մնացել էր անապական, օծեցին անուշահոտ յուղերով և դրին Խցաձորի սուրբ Հովհաննես եկեղեցում: Մի քանի օր շարունակ թե՛ Ագուլիսից ու Դաշտից և թե Սիսականի հեռավոր կողմերից գունդագունդ գալիս էր բազմամբոխ ժողովուրդ՝ նահատակ երեցի նշխարներն համբուրելու։ Եվ այդ բոլոր ժամանակ մատուցվում էր հանդիսավոր պատարագ և զենվում էին զոհեր։
Որոշված օրը փառահեղ հանդիսավորությամբ ամփոփեցին անզուգական երեցի նշխարները ս. Հովհաննես եկեղեցու ս. Ստեփաննոս կոչված խորանի տակ, ձախակողմյան ավանդատանը։ Եվ սուրբ շիրիմը ծածկեցին մի պարզ տապանաքարով, որի վրա չփորագրվեցան ոչ ներբող, ոչ հիշելիք և ոչ իսկ սուրբի անունը, այլ միայն զույգ խաչազարդ, իբրև նշան անզուգական անձնվիրության...:
- ↑ Հայր Ալիշանը յուր «Սյունիք»-ում հին Նախճվանի նկարագրի մեջ, այդ դեպքը մեջ բերելով վկայում է, որ հիսուսյաններին հետամտող և մասունքները ետ խլող եղել են պարսից զինվորները Շահաբասի սաստիկ հրամանով:
- ↑ Սա մի գարշելի հարկի տեսակն էր պարսիկ տիրապետներից սահմանված։ Նրանք իրենց հպատակներից դրամով ու թանկագին իրերով հարկ ժողովելուց զատ՝ խլում էին նրանցից և գեղեցիկ աղջիկներ ու մանկահասակ ու սիրունատես տղաներին և ուղարկում իրենց հարեմները: Այդ ծառայության համար նշանակվում են հոգով և սրտով ապականված մարդիկ, որոնք հաճելի որսեր հավաքելուց և շահի հարեմը հասցնելուց հետո ստանում էին հարուստ վարձատրություն, այդպիսի պաշտոնատարներից մեկն էր շահի Փիշ-խաման Շահռուխ-բեկը:
- ↑ Բուրկա, յափունջի:
- ↑ Արքունական, այսինքն՝ հարկերից ազատ։
- ↑ Հարկից ազատել:
- ↑ «Խաս» էին կոչվում այն գյուղերն ու ավանները, որոնք արտոնություն ունեին հարկը ժողովել իրենց մեջ և տալ ուղղակի կառավարությունը, առանց հարկահանների կամայականության ենթարկվելու:
- ↑ Արժան էր և իրավ, որ հին ագուլեցվոց գեթ այժմյան սերունդը հոգար վայեյուչ մի հուշարձան կանգնեցնել այդ իսկական հայրենասեր նահատակի վրա, որի շիրիմն այսօր իսկ ծածկում է նույն անշուք տապանը՝ չունենալով յուր վրա ո՜չ երեցի անունը, ոչ կատարման թվականը: Թեպետև հայ ժողովուրդը աննման հովվի նահատակության օրից մինչև այսօր արժանավոր հարգանք է մատուցել նրա դամբանին և պիտի մատուցանե երկար, այսուամենայնիվ, պատշաճ իսկ է ծածկել այդ սուրբ գերեզմանը վայելչազարդ մարմարիոնով և վրան քանդակել այսօրինակ մի տապանագիր.
«Հայրենասեր նահատակ Անդրեաս երեց.
Կատարյալ Ագուլիս հառանույն Շահաբասա
Դ 18-ն նոյեմբերի 1617 ամի»: