Muratsan
Անդրեաս Երեց
2
Ա
1617 թվականի աշունն էր։ Օքուզ-Ահմեդ փաշան հուսահատվել էր արդեն երկար և ապարդյուն պաշարումից։ Մոտ երեք ամիս էր ինչ նա յուր բազմաթիվ զորքերով գտնվում էր Երևանա բերդի առաջ և սակայն նրա գնդերը դեռ չէին կարողացել նույնիսկ մի փոքր խրամատ բանալ սրա պարիսպների տակ: Շահաբասի զորքը, որ պաշտպանում էր բերդը, ոչ միայն քաջությամբ ետ էր մղում օսմանցիների հարձակումը, այլև պարսպից ու աշտարակներից կարկուտի նման տեղացող գնդակներով ու նետերով և, մանավանդ, դյուրավառ նյութերի հրահոսանով մեծ կոտորած էր անում նրանց մեջ։ Վերջապես վրա հասան և աշնանավերջի ցուրտ ու բքաբեր օրերը։ Օսմանցիք տանջվում էին որքան Արարատյան դաշտի դաժան ցրտերից, նույնչափ և վերահաս սովից։ Օքուզ-Ահմեդը որոշեց վերցնել պաշարումը և հեռանալ Կարին, գոնե յուր զորքերը սովից ազատելու համար, որովհետև նման հանգամանքներում հաջողության ոչ մի հույս չէր մնում նրան։
Երբ օսմանյան գնդերը Շիրակը անցան, Շահաբասը նույնպես պատրաստվեց հեռանալ Երևանից։ Բայց Պարսկաստան գնալուց առաջ, նա կամենում էր մի երկու շաբաթ անցցնել Նախիջևանում, հայերի հյուրասիրությունը վայելելու համար:
Ամիրգունա նախարարը, որին Շահաբասը դեռ 12 տարի առաջ ընդհանուր կառավարիչ էր նշանակել Պարսկական Հայասաանի վրա, և որը հայ ազգի հաշվին խիստ հաճոյական ծառայություններ էր անում շահին, օր առաջ արդեն սուրհանդակներ ղրկեց ամեն կողմ՝ որպեսզի նահանգի մեծամեծներն ու հարուստները ժողովվին Նախիջևան և, ըստ սովորության, փառավոր ընդունելություն անեն շահին։
Այդ ընդունելությունը կայանում էր նրանում, որ բացի հանդիսավոր թափորով, եկեղեցական ու գուսանական երդերով և աշխարհախումբ ժողովրդյան օվսաննաներով նրան դիմավորելը, պետք է, նաև, երկրի հարուստ ու կարող անձինք առատ պարգևներ ու ընծաներ բերեին շահին։
Այս պատճառով Ջուղայից, Որտուատից, Ագուլիսից, Ցղնայից և ուրիշ փոքր ի շատե նշանավոր ավաններից ու գյուղերից աճապարում էին Նախիջևան՝ հարուստ վաճառականներ, խոջաներ, ազնվականներ ու մելիքներ՝ յուրաքանչյուրն իրեն վայել ընծաներով։ Ոչ ոք դրանցից խույս տալ չէր կարող, որովհետև Ամիրգունայի գործակալները հականե անվանե ճանաչում էին բոլորին, իսկ Շահաբասը նույնպես պակաս տեղեկություններ չուներ դրանց մասին. ըստ որում մոտ տասնևհինգ տարի էր ինչ նա շարունակ հարստահարում ու կեղեքում էր բոլոր կարող անձանց։
Բայց ահա անակնկալ հրաման դուրս եկավ թե՝ Շահը յուր նշանակած երկու շաբաթը պիտի անցցնե ոչ թե Նախիջևանում, այլ Ագուլիսում։ Հետևապես Սիսականի ժողովուրդը այդտեղ պիտի սպասե արեգակնափայլ շահին։
Ամիրգունան ստիպված էր նոր սուրհանդակներ ղրկել Նախիջևան և Սիսականի ուրիշ հեռավոր կողմերը։ Այդ, իհարկե, մի ծանր գործ չէր։ Բայց նրան մեծ զարմանք պատճառեց շահի նոր կարդա գրությունը, որովհետև Ագուլիսը, իբրև մի հասարակ ավան, ոչ մի գրավիչ հանգամանք չուներ, որով արժանացած լիներ յուր վեհապետի բարձր ուշադրության։
Ի՞նչ նպատակ ուներ ուրեմն շահը՝ որ որոշել էր երկու շաբաթ անցցնել Ագուլիսի նման չոր և մերկ սարերով պատած մի ձորակում:
Այս մասին, իհարկե, նախարարը չէր համարձակիլ բացատրություն խնդրել շահից։
Բայց նա հանդիպելով Շահռուխ-բեկին, որ շահի առաջին իշխանը և փիշ-խտմատն (սենեկապանն) էր, հարցրեց նրանից այդ կարգադրության պատճառը։
Շահռուխ-բեկը, որ մի հաստամարմին, ճարպալից, ածիլած դեմքով, սև ներկած բեղերով և վավաշոտ աչքերով պարսիկ էր, ծիծաղեց նախարարի հետաքրքրության վրա։
Ծիծաղելուդ պատճառը չեմ կարողանում գուշակել, ասաց Ամիրգունան. շատ գոհ կլինեի, եթե բեկը մասնակից աներ ինձ յուր ուրախ տրամադրության։
Շահին ինքս խորհուրդ տվի Ագուլիս գնալու, հայտնեց Շահռուխ-բեկը, և նորից ծիծաղեց։
Անպատճառ նորին վեհափառությանը նորագույն հաճույք պատճառելու նպատակով, այնպես չէ՞, հարցրեց Ամիրգունան։
Այո։ Ես տեսնում եմ, որ Ամիրգունա-խանը շատ քիչ է հոգում այդ մասին։
Սիսականում ավելի գեղեցիկ տեղեր կան, ուր ես կարող էի առաջնորդել շահին, բայց նա այդպիսի ցանկություն չէ հայտնել ինձ, նկատեց Ամիրգունան։
Այո, Սիսականում կան հրաշալի տեղեր, բայց միմիայն Ագուլիսումն են գեղեցիկ տղաներն ու աղջիկները...։
Նախարարը հասկացավ բեկի ակնարկությունը և ոչինչ չպատասխանեց։
Իսկ դու, խան, երբեք չես մտածում շահի զվարճության համար. Ագուլիսում մինչև անգամ, «մանկաժողով» չէ եղած մինչև այսօր, հարեց Շահռուխ-բեկը այնպիսի լրջությամբ, որ կարծես մի շատ օրինական խնդրի մասին էր խոսում:
Արեգակնափայլ շահը մեզանից յուրաքանչյուրին իրեն արժանի պաշտոնն է տվել, նկատեց նախարարը և հեռացավ, արհամարհական հայացք ձգելով խոսակցի վրա:
Շահռուխ-բեկը խորը խոցվեցավ խանի այդ ակնարկությունից, բայց չպատասխանեց, որովհետև գիտեր, որ շահը համարում ունի նրա վրա: Այդ հանգամանքը թեպետ կապեց յուր լեզուն, բայց և այնպես նա որոշեց անվճար չթողնել այդ պարտքը:
Բ
Նոյեմբերի սկիզբն էր, Տամբրի ու Պլլուն սարերը, որոնք բարձրանում էին Ցղնա ավանի երկու կողմերից, ծածկվել էին մառախուղով, ձյունը անընդհատ փոթորկում էր և քամին շառաչում Ցղնայի ձորակի մեջ։ Խոջա-Անձրևի տան առաջ պատրաստ կանգնած էր նրա ձին։ Հետևորդ ծառան գոտեպրնդված և սանձը ձեռին սպասում էր տիրոջը։
Խոջա-Անձրևը դուրս եկավ պատշգամբ. նայեց դեպի ձորակի տարածությունը և հարցրեց ծառային.
Ձյունը չի՞ դադարում։
Ոչ, տեր իմ, և երևի շուտ էլ չի դադարիլ, պատասխանեց ծառան և յուր այծենակաճիփեշով սկսավ ձիու թամբի վրա իջած ձյունը սրբել։
Խոջա-Անձրևը, որ միջահասակ, գիրուկ մարմնով, բարեդեմ և թեպետ ալևոր, բայց դեռ ուժեղ և եռանդոտ մի մարդ էր, նորից կամենում էր մտնել տուն, երբ տեսավ Ցղնայի քահանային, որ շտապ քայլերով դիմում էր դեպ իրենց դարբասը: Դեհ, որդի, էլ ուշանալու ժամանակ չէ, շուտ հեծիր ձիդ և ճանապարհվիր, ասաց քահանան տան սանդուղքներից բարձրանալով և մի ծալծլած թուղթ խոջային ուղղելով։ Տես, խեղճ մարդը ածուխով է գրել, բանտի մեջ ո՞վ կտար նրան մելան ու գրիչ. բայց կարողացել է ժամանակին հասցնել։
Ո՞վ բերավ այս նամակը, հարցրեց խոջան և թուղթը շտապավ առավ քահանայից։
Իմ սարկավագը. ուղիղ կաթողիկոսի մոտից է գալիս։
Ի՞նչ է ասում, դեռ կապվա՞ծ է նա։
Այո՜, մեր մեղքից. այն էլ ծանր շղթաներով։ Նախարարը միջնորդել է որ գոնե այդ շղթաներից ազատեն վեհին, բայց շահը մերժել է։ Եվ այդ դրության մեջ էլ, ասում են, պիտի տանե Պարսկաստան, եթե չկարողանանք պարտքերի համար մի բան հոգալ։
Օ՛, ի՛նչ սև օրերի հասանք և արդյոք մեր ո՞ր մեղքերի համար, բացականչեց խոջան և ապա սկսեց կարդալ նամակը, որ բաղկացած էր հետևյալ տողերից.
«Բարեպաշտ որդիք.
Երկու օր առաջ իմ տանջանքները թեթևացրին, այսինքն, ոտքերս գելարանից հանելով՝ շղթաների մեջ դրին. ֆարրաշբաշին ասաց թե՝ շահը որոշել է գալ Ագուլիս, այդ պատճառով էլ հրամայել է շղթայել ինձ հետիոտն այդտեղ բերելու համար։ Ինձ չի վշտացնում այս անարգանքը, որ կրում եմ Աթոռի վրա բարձած անիրավ պարտքերի համար։ Գուցե ես ունեմ նաև հանցանքներ, որոնց համար պատժում է ինձ աստված. թող ուրեմն իմ բերանը տրտունջ չարտասանե նրա սուրբ կամքի դեմ։ Բայց վշտանում եմ սաստիկ, որ շահի գալուստը նոր թշվառություն պիտի բերե ձեր գլխին։ Նախարարը յուր հավատարիմի ձեռքով գաղտնի ինձ հայտնեց թե՝ շահը Ագուլիս հասնելուց «մանկաժողով» պիտի անե... Ուրեմն շտապեցեք չարիքի առաջն առնել, քանի ավերող ոտքը չէ կոխել ձեր հողը։
Աշխատեցեք մանավանդ հեռացնել «փրանկներին»։ Շատ բան նրանք են թելադրում։ Օգուտ են քաղում մեր նեղ դրությունից, կարծես Մահմեդի սուրը բավական չէ՝ նրանք էլ մի կողմից են զենք տալիս բարբարոսների ձեռքը... Աշխատեցեք, ի սեր աստուծո, փառավոր ընդունելություն անել. գուցե նախախնամությունը մեղմացնե շահի սիրտը։
Խոջա-Անձրևը ընթերցումը վերջացնելով, գլուխը շարժեց և նամակը ծալելով ծոցը դրավ։
Պատրաստվիր, էլ սպասելու ժամանակ չէ, հրամայեց նա ծառային և ներս մտավ։
Ծառան կապեց իսկույն պայուսակը ձիու գավակին, մաքրեց նորից տիրոջ ձիու թամբը և պատրաստ կեցավ։
Խոջան դուրս եկավ տանից շալե վերարկուն հագած և երկար արծաթապատ հրացանը ձեռին։ Դա ժամանակվա նորահնար և խիստ հարգի զենքն էր և հայերից միայն ընտրյալներն ունեին իրավունք կրելու, այսինքն նրանք, որոնք արժանավոր ծառայություն էին արել շահին կամ նախարարին, կամ որոնց վերջինս իբրև առանձին շնորհ՝ կթույլատրեր կրելու։
Խոջայի հետ դուրս եկավ նաև նրա ամուսին Սառա-խաթունը, որ թեպետ տարիքն առած, բայց տակավին գրավիչ, քաղցրահայաց, բարեսիրտ և կարի ժրագլուխ մի կին էր։ Նա հայտնի էր ոչ միայն Գողթան գավառին, այլև նույնիսկ Շահաբասին։ Վերջինս նրան տեսել էր առաջին անգամ Ջուղայում և այնքան հավանել՝ իբրև ընտիր մոր և տանտիկնոջ, որ նրան լուր «մայր» էր անվանել։
Ասա որ տղաներին ու հասակավոր աղջկերանց օր առաջ գյուղերը ցրեն, պատվիրում էր ամուսնուն Սառա-խաթունը։ Այստեղ ես կարող եմ հիսուն հոգու տեղ պատրաստել. յուրաքանչյուր երկու հոգուն կզետեղեմ մի ընտանիքում. բայց մյուս գյուղերը թող քսան-քսան հոգուց ավելի չուղարկեն և ամեն ընտանիքի չվստահանան. ամեն տեղ առաջուց մարդիկ ղրկեցեք, ամենքին զգուշացրեք։
Անպատճառ, անպատճառ, ասաց խոջան և արագ արագ սանդուղքներից իջնելով ուսն առավ հրացանը, հեծավ նժույգը և դուրս եկավ բակից:
Ծառան հետևեց տիրոջը:
Սառա-խաթանը և տեր-հայրը «բարի ճանապարհ» մաղթեցին նրանց:
Հեծյալները իջան դեպի Ցղնայի-ջուրը և նրա ուղղությամբ ձիավարելով, շուտով ծածկվեցան աչքից։
Գ
Վերին Ագուլիսի Խցաձոր անվանյալ թաղի վերջում, ուր գրեթե սպառվում էին բնակությունները, գտնվում էր սուրբ Հովհաննես անունով եկեղեցին։ Նա կառուցած էր լեռան ստորոտում, նեղ ձորալանջի վրա և արևելյան ու հյուսիսային կողմերից փակված էր պարտեզներով: Ամառային ամիսներում, երբ կանաչում էր լեռնալանջը և ծառերը ծածկվում էին տերևով, այդ մենավոր եկեղեցու շուրջը տիրում էր կենդանություն։ Ավանի զբոսասեր ժողովուրդը խռնվում էր պարտեզների մեջ և զվարճացողների երգն ու պարը գրավում էին նույնիսկ Խցաձորի մենակյացներին։
Բայց այժմ, երբ ձյունը ծածկել էր լեռնալանջը և պարտեզները զրկվել էին կանաչից, ս. Հովհաննու շուրջը տիրում էր ամայություն: Նրա բարձր պարիսպները ծածկում էին եկեղեցին անցորդի աչքից և միայն սրածայր գմբեթն էր նրա գոյությունը հայտնում: Նույնիսկ եկեղեցու բակում շարժում չէր երևում և տիրող լռությունը ընդհատում էր միայն վճիտ աղբյուրակը, որ մերձակա ձորալանջից ելնելով՝ փողրակների միջով գալիս, մտնում էր եկեղեցվո բակը և կարկաչելով թափվում քարաշեն ավազանի մեջ, որ պատած էր արդեն սառույցով։
Ամպամած երկինքը բացվեցավ։ Արևը, որ դեպի մուտն էր խոնարհում, յուր անզոր ճառագայթները սփռեց ձյունապատ շրջակաների վրա՝ կամենալով, կարծես, մեղմել ցրտի խստությունը։ Նրա շողերից մի քանիսը խաղում էին դեռ ս. Հովհաննու գմբեթի վրա, երբ ծերունի ժամհարը դուրս գալով յուր խցից՝ բարձրացավ դեպի եկեղեցու կտուրը և սկսավ հնչեցնել այդտեղ կախած փայտե կոչնակը։
Այդ կոր ու բարակ և մաքուր հղկված տախտակի ձայնը, որ թեպետ խուլ, բայց հաճելի մեղմությամբ հնչում էր թաղի մենավոր հեռավորության մեջ, հասավ Խցաձորի բարեպաշտ ժողովրդի ականջին։ Շուտով ձյունապատ ճանապարհի վրա երևացին մարդկանց ու կանանց խմբակներ, որոնք շտապում էին դեպի աղոթարանը։ Բայց դրանցից առաջ եկեղեցու սրահը լցվել էր արդեն մանուկ ժողովրդով։ Դրանք ժամի բակում գտնվող դպրոցի սաներն էին, որոնք իրենց պարապմունքն ավարտելով՝ խռնվել էին այդտեղ երեկոյան ժամերգության մասնակցելու և ապա իրենց տները ցրվելու:
Աշակերտներից նրանք, որոնք դպիրներ կամ երգեցողներ էին, փութացին ավանդատունը ժամաշապիկ հագնելու, իսկ մնացյալները եկան եկեղեցու դասերում կարգով շարվեցան։
Դրանց հետևից ներս մտան երկու քահանաներ, մինը տեր-Սարգիսը, որ միջահասակ, նիհար մարմնով, փոքրադեմ և խորամանկ աչքերով, սուր քթով և հազիվ քառասունը անցած մարդ էր. մյուսը՝ տեր-Հովսեփը, որ ներկայացնում էր առաջինի հակապատկերը, այն է՝ բարձրահասակ, հաստամարմին, սպիտակամորուս և բարի դեմքով ծերունի։
Վերջինս անցնելով աշակերտների մոտով՝ սիրով ողջունեց նրանց և կանգնեց յուր տեղը՝ աջակողմյան դասում. Մինչդեռ տեր-Սարգիսը այդքանով չգոհացավ, նա մոտեցավ ձախակողմյան դասի աշակերտներին, նայեց նրանց վրա խոժոռ աչքերով և չհանդուրժելով, կարծես, որ տղաների խումբը՝ առանց որևէ վերակացուի կարգապահության, կանգնած էր այդտեղ հանգիստ կարգով, կոշտ ձայնով հարցրեց.
Ո՞ւր է ձեր վարժապետը։
Դպրոցումն է, պատասխանեցին մի քանի ձայներ։
Ժամ օրհնելու ժամանակ է, ի՞նչ է շինում նա դպրոցում:
Խոսում է փրանկների կարգապետի հետ։
Հայր երազմոսի՞..., հարցրեց տեր-Սարգիսը՝ աչքերը մեծ բանալով։
Այո, նա եկել էր մեր դպրոցը տեսնելու։ Հըմ... հասկանում եմ, հարեց տեր-հայրը և գլուխը խորհրդավոր կերպով շարժելով մոտեցավ տեր-Հովսեփին։
Տեսնո՞ւմ ես, ժամ օրհնելու ժամանակ է և մեր «պատվելին» դեռ չկա. ասում են տեր-Մատթեոս Երազմոսի հետ զրույց է անում... Ի՞նչ ես կարծում, այդ փրանկը ի՞նչ ունի տեր-Անդրեասի հետ։
Աստծուն է հայտնի... անհոգ կերպով պատասխանեց տեր Հովսեփը։
Այո, աստծուն է հայտնի, բայց ինձանից էլ ծածուկ չէ։ Քեզ արդեն ասել եմ, և կտեսնես, որ իմ գուշակությունը կկատարվի. նա այս աշակերտներին փրանկ է դարձնելու։
Էհ, տեր-Սարգիս, դու էլ խիստ չար մտքեր ես անում։
Հաստատ բան եմ ասում, կտեսնես։
«Օրհնյալ տեր մեր Հիսուս Քրիստոս. ամեն։ Հայր մեր որ երկինս...» երեսը խաչ հանելով տեր-Հովսեփը սկսավ ժամն օրհնել՝ առանց տեր-Սարգսի խոսքերին պատասխանելու։
Վերջինս դժգոհությամբ հեռացավ յուր դասը:
Մի քանի վայրկյանից եկեղեցին ժողովրդով լցվեցավ: Բայց ժամերգությունն արդեն կիսած էին, երբ ներս մտավ տեր-Անդրեասը և դրան մոտ գտնված դարակից յուր սև փիլոնը հանելով՝ ձգեց ուսերին և եկավ կանգնեց տեր-Հովսեփի մոտ։
Սա տակավին երիտասարդ, նրբակազմ, բայց վայելուչ հասակով, գրավիչ դեմքով և խելոք աչքերով մի քահանա էր։ Նրա համեստ շրթունքների վրա ծաղկում էր մի ժպիտ, որ ցոլացնում էր յուր մեջ սրտի բարությունը, իսկ աղու հայացքը արտահայտում էր սեր, խանդ ու գորով։ Հարուստ, խարտիշագեղ մազերը, որոնք երկար գանգուրներով գալիս, փռվում էին նրա ուսերի վրա, նուրբ, մետաքսանման մորուքը, որ կարծես բուսել էր նրա ծնոտին՝ դեմքի չքնաղ գեղեցկությունը չար աչքերից ծածկելու համար, և սև զգեստի արտաքին տխրությունը, որին համակերպում էր նրա խաժակն աչքերի անուշ հայացքը, այդ երիտասարդ հոգևորականին տալիս էին նախնի դարերի հրեշտակակրոն մի սուրբի կերպարանք։
Երբ նա առաջացավ դեպի բեմը՝ հավուր պատշաճի քարոզը կարդալու, կարծես աղոթող ժողովրդի աչքերը գերեց յուր հետևից: Ամենքը սկսան նայել նրա վրա, ամենքի դեմքերը պայծառացան, իսկ կանանց սրտերը, ինչպես միշտ, սկսան նրա շուրջը թևապարել:
Այդ եկեղեցում, ինչպես տեսանք, տեր-Անդրեասից զատ կային և ուրիշ երկու քահանաներ, բայց ժողովուրդը խռնվում էր եկեղեցի, ասես թե առաջնի պատճառով, կամենում էր տեսնել միայն նրան. լսել միայն նրա ձայնը, աղոթել նրա հետ։ Երբ նա յուր սաների ձայնակցությամբ սկսում էր երգել, ամենքը զմայլվում, հոգիանում էին. ամենքի մեջ էլ զարթնում էր ջերմեռանդություն, և այդ ոչ թե նրա համար որ նա երգում էր ավելի անուշ ու ախորժ ձայնով, այլ նրա համար, որ ժողովուրդը գիտեր, ճանաչում էր նրան, ճանաչում էր նրա սիրտը, հոգին, գործերը... այդ պատճառով նրա աղոթքն ու երգը շարժում էր ժողովրդի սիրտը։ հափշտակում էր հոգին։
Մի մարդ միայն չէր կարողանում տանել այդ ամենքից սիրված անձին, չէր կարողանում տեսնել նրան առանց ներքին տհաճության. դա տեր-Սարգիսն էր։ Երիտասարդ քահանայի հաջողությունները, որոնք կայանում էին նրա օրըստօրե ժողովրդին սիրելի դառնալու մեջ, հանգիստ չէին տալիս իրեն։ Տեր-Անդրեասի բոլոր գործերի մեջ նա տեսնում էր միայն չարիք ու վնաս. նրա պարկեշտ վարքը, նրա առաքինությունը նա համարում էր ստության և կեղծավորության դիմակ. նա չէր հավատում նրա սրտի սրբության, և այդ պատճառով էլ աշխատում էր որ ժողովուրդը նույնպես չհավատա, չխաբվի։
Երբ ժամերգությունը վերջացավ և ժողովուրդը դուրս եկավ եկեղեցուց, տեր-Անդրեասը նույնպես հավաքեց աշակերտները և դուրս գնաց։ Բայց բակում դեռ կանգնած էր բավական ժողովուրդ և սպասում էր յուր սիրելի քահանային: Նա կամենում էր կրկին անգամ տեսնել նրան և լսել նրանից մի քանի խելոք կամ մխիթարական խոսքեր։ Չէ՞ որ այդ ժողովուրդը ապրում էր չար ժամանակում և ամեն օր ունենում էր նոր ցավ, նոր վիշտ։
Ամեն անգամ երբ տեր-Սարգիսը տեսնում էր յուր պաշտոնակցին ժամավորներով շրջապատած, նախանձի կիրքը վառվում էր յուր սրտում և դեմքը զայրույթից գրեթե այլագունում էր։ Որովհետև տեսնում էր որ յուրմով այլևս զբաղվող չկա, և այն օրից որ այդ երիտասարդ քահանան մուտ էր գործել ս. Հովհաննու եկեղեցին, ժողովուրդը կարծես էլ չի ճանաչում իրեն։ Երբեմն տեր-Սարգիսը դիտմամբ ուշանում էր եկեղեցում, որպեսզի ժողովուրդը հեռանա և ինքը չտեսնե նրան՝ յուր ատելի պաշտոնակցի հետ սիրախոսելիս։ Բայց շատ անգամ էլ ինքն էր առաջինը դուրս գալիս եկեղեցուց, որ չհանդիպե ատելի տեսարանին։
Այսօր դիպվածով ժողովուրդը հառաջեց և ինքը ստիպված էր դուրս գալ ամենից վերջ։ Եվ ահա նա տեսավ կրկին նույն տեսարանը։ Ժամավորները դարձյալ շրջապատել էին տեր-Անդրեասին։ Դժբախտաբար ս. Հովհաննես եկեղեցու երկու դռներն էլ հյուսիսային կողմի վրա էին և ժողովուրդը բակի այդ կողմն էր հավաքված։ Ի՞նչ աներ տեր-Սարգիսը, ո՞ր տեղով խույս տար։ Նրա բարկությունը մանավանդ սաստկացավ՝ երբ տեսավ ծերունի տեր-Հովսեփին, որ ժամավորների հետ կանգնած՝ ինքն էլ ժպտադեմ լսում էր երիտասարդ քահանային։
Ապուշ. այսքան տարի ապրել է աշխարհում և դեռ յուր չարն ու բարին չի կարողանում ճանաչել, շշնջաց տեր-Սարգիսը և մոտենալով ծերունուն քաշեց նրա թևից։
Հա, ի՞նչ կա, տեր-Սարգիս, հարցրեց տեր-Հովսեփը:
Տեր հայր, ինչո՞ւ չես ճանաչում քո բարեկամն ու թշնամին, խոսեց տեր-Սարգիսը, գրեթե շշնջալով։
Ո՞վ է իմ թշնամին, տեր-Սարգիս. այսքան տարի է ապրում եմ աշխարհում և թշնամի չեմ ունեցել. մի թե ծերությանս օրերում լույս ընկավ նա, հարցրեց տեր-Հովսեփը մեղմությամբ և, միևնույն ժամանակ, շարունակեց ճանապարհը։
Այդ սատանան թե քո և թե իմ թշնամիէն է։ Ո՞ր սատանան, հարցրեց ծերունին զարմանալով։ Տեր-Անդրեասը։ Ինչո՞ւ։ Ի՞նչպես թե ինչու, չե՞ս տեսնում որ այն օրից, ինչ դա քահանա դարձավ և մեր թուլությամբ մուտ գործեց այս եկեղեցին, էլ ժողովուրդը չէ ճանաչում մեզ։ Պատի՞վ է՝ նրան են տալիս, խորհո՞ւրդ է՝ նրան են հարցնում, հացկերույթներին՝ նրան են հրավիրում... մինչդեռ մենք, այսքան տարվա քահանաներ, մնացել ենք մի կողմ քաշված։ Էլ ո՞վ է առաջվա նման մեզ հարգում։ Ամենքին դա գրավել, կախարդել է, շարունակ մեզ վատաբանելով և ինքը սուտ ճգնավոր ձևանալով՝ հիմարացրել է ժողովրդին... բայց մինչև ե՞րբ, չէ՞ որ պետք է չարիքի առաջն առնել։
Տեր-Հոսեփը, որ լսում էր ընկերին հանգիստ սրտով, հանգստությամբ էլ պատասխանեց.
Տեր հայր, լավ քահանային ամենքը կսիրեն։ Տեր- Անդրեասը ո՜չ սատանա է, ո՛չ չարախոս է, ո՛չ սուտ ճգնավոր է. այլ բարի և յուր պարտքը ճանաչող մի քահանա է:
Եթե կամենում ես որ ժողովուրդը քեզ էլ այնպես պատվի ինչպես տեր-Անդրեասին, եղիր նրա նման։ Ժողովրդի սիրտը գրավելու միակ միջոցը այդ է. ընկերոջդ զրպարտելով, կամ նրա մասին չարախոսելով բնավ չես շահվիլ:
Ինչպես երևում է նա քեզ էլ խելքահան է արել. մարդիկ քանի ծերանում՝ իմաստունանում են, իսկ դո՜ւ, ընդհակառակն... խոսեց տեր- Սարգիսը հանդգնորեն։
Վատ լեզու ունիս, եղբայր, այդ լեզվով ու սրտով աշխարհում ապրել չի կարելի, մեղմով նկատեց տեր-Հովսեփը:
Հապա ի՞նչ անեմ, որ այդպես չխոսեմ: Ասենք թե ես անարժան եմ և ժողովուրդը ինձ չի հարգում. դու հո, փառք աստուծո, արժանավորներից մինն ես. աստուծո տան այսքան տարվա սպասավոր ես, ծերացած, ալևորած, ք՞եզ ինչու չի պատվում այնպես՝ ինչպես այդ «նորելուկին»։
Որովհետև ես էլ նրա արժանիքը չունեմ, անկեղծորեն պատասխանեց ծերունին. ես արդարև, բարյացակամ եմ ամենքին. կուզեմ որ ժողովուրդը հանգիստ ապրե, հաջողակ լինի, ցավից ու չոռից ազատվի. բայց ինքս դրա համար չեմ հոգալ, չեմ աշխատիլ. և եթե ուզենամ էլ՝ չեմ կարող, որովհետև աստված զրկել է ինձ այդ շնորհքից։ Մինչդեռ հայր Անդրեասը. ինչպես տեսնում ես, ամեն բան անում է, ամենքի կարիքին հասնում է։ Ոչինչ էլ չէ անում, այլ երևեցնում է։ Նա ունիթորների գործակատարն է, ուրիշ ոչինչ։ Տեսնո՞ւմ ես, Մատթեոս Երազմոսը գաղտնի այցելություններ է անում նրան․ իսկ մեզ, մինչև անգամ, չի բարևում. ի՞նչ գաղտնիք է սա. ինչո՞ւ չես խելամտում ...:
Տեր-Սարգիս, ես ոչ կռվելու, ոչ հակառակելու ախորժակ ունիմ. գնա ուրիշին պատմիր այդ նորությունները. ցուրտ է, ես շտապում եմ տուն. մնաս բարով, աստված խաղաղություն տա սրտիդ... ասաց տեր-Հովսեփը և կամացուկ քայլերով խոտորեց դեպի յուր տան ճանապարհը։
«Ողորմելի արարած...», շշնջաց տեր-Սարգիսը ծերունու հետևից և ինքն էլ ուղղվեցավ դեպի յուր տունը։
Բայց մենք թողնենք սրանց իրենց ճանապարհի վրա և տեր-Անդրեասին՝ ս. Հովհաննես եկեղեցու բակում և մի քանի տարով դեպի անցյալը վերադառնանք։