Muratsan

Անդրեաս Երեց

3

Դ

Ո՞վ էր տեր-Անդրեասը։

Աղքատ, բայց առաքինի և բարեպաշտ ծնողաց զավակ էր։ 1605 թվին, երբ Շահաբասը Հայաստանի շատ նահանգներ դատարկելով ժողվուրդը քշեց դեպի Պարսկաստան, ի միջի այլոց դատարկեց նաև Նախիջևան քաղաքը։ Ինչպես մյուս տեղերից, նույնպես և Նախիջևանից՝ փախչող ու թաքչողներ շատ եղան։ Նախիջևանցի փախստյալների մեջ կային նաև տեր-Անդրեասի ծնողքը, որոնք գերավարության արհավիրները անցնելուց հետո ելան իրենց թաքստից և Ագուլիս գյուղը գալով՝ բնակություն հաստատեցին այդտեղ։

Որովհետև այդ ժամանակ Սյունյաց վարդապետարանը կամ Հարանց անապատը, որ գտնվում էր Ծղուկ գավառում, հետզհետե ծաղկում և հոչակ էր ստանում, պատանի Անդրեասի ծնողները տվին նրան այդտեղ ուսանելու։ Այդ անապատում նա աշակերտեց հայրենավեր և առաքինազարդ Մովսես վարդապետ Սյունեցուն, որ ժամանակի ուսման հետ միասին՝ ներշնչեց այդ ուշիմ և աշխատասեր պատանուն նաև յուր ՛հոգին, որ սովորեցրեց նրան աստծուն և հայրենիքին ճշմարտությամբ ծառայելու դժվարին արհեստը, որ ծանոթացրեց նրան Սյունյաց անապատի ամենագլխավոր վարդապետության, այն է՝ անձնվիրության ազնվագույն գաղափարի հետ։


Եվ որովհետև այդ ժամանակ հայ ազգը կորցրել էր ամեն ինչ, և՛ թագ, և՛ գահ, և իշխանապետություն և զրկված էր ոչ միայն զենքից, այլև սրտի կորովից, և յուր թշվառ գոյությունը պահպանելու համար՝ կրում էր գերության և ստրկության անարգ լուծը, ուստի հայրենասեր գործիչներին մնում էր միայն հագնել հոգևորականի սքեմ, ստանձնել քարոզչի և ուսուցանողի պաշտոն և մտնելով ժողովրդի մեջ՝ գաղտուկ դարմանել այն ցավերը, որոնց անկարելի էր սպեղանի դնել հայտնապես։ Վասնզի ժամանակակից բռնությունը, որ չէր պատկառում ոչ մի սրբությունից, գոնե կրոնական սքեմին չէր խանգարում ուսուցանել..։ Եվ ահա այդ պատճառով Սյունյաց անապատը յուր բոլոր առաքյալներին, յուր անձնվեր մշակներին զինում էր այդ սքեմով և այնպես ուղարկում նրանց «ի հունձս Հայաստանյայց»։

Երիտասարդ Անդրեասին էլ Մովսես վարդապետը կամեցավ կուսակրոն դարձնելուց հետո շրջուն քարոզչի պաշտոն հանձնել և ուղարկել հեռավոր հոտերի մեջ։

Բայց որովհետև նրա ծնողները ցանկացան որ իրենց «միակ» և «աչքի լույս» որդին գործե իրենց մոտ որպեսզի ազատ ժամերին մխիթարե նաև իրենց ծերությունը, ուստի Մովսես վարդապետը դպրոց հիմնեց Ագուլիսում նման այն դպրոցներին, որ նա հիմնել էր Աստապատ և Շոռոթ գյուղերում և ուսուցիչ ու վերակացու կարգեց երիտասարդին այդ դպրոցի մեջ։

Թեպետ Սյունյաց ուխտի և յուր վարդապետի ցանկությամբ Անդրեասր մտադիր էր կուսակրոնություն ընդունեի բայց որովհետև յուր ուսուցչության օրերում նա մի տարօրինակ դիպվածով սիրահարվեց յուր դրացու դստեր՝ չքնաղ Վարդենիի վրա (որպիսի դիպվածի պատմությունը պիաի ունենք հետո), ուստի նա ամուսնացավ այդ աղջկա հետ։ Բացը որպեսզի դարձյալ հավատարիմ մնա յուր ուխտին և առավել հաջողությամբ կարողանա ուսուցանել թե՜ մանուկ սերնդին և թե՝ հասակավոր ազգակցացր, նա ամուսնանալուց հետո քահանա ձեռնադրվեց և կարգվեց հովիվ Խցաձորի ս. Հովհաննես եկեղեցում։

Ի՞նչ էր անում այնուհետև տեր-Անդրեասը, ի՞նչպես էր արդյունավորում Սյունյաց անապատի ներշնչած գաղափարները. այդ կտեսնենք:

Նրա առաջին գործը դպրոցն էր, որի մեջ՝ ուսման հետ միասին՝ ջամբում էր հայ մանուկներին առաքինության և հայրենասիրության անարատ կաթը։ Նա գիտեր որ ինքը, յուր ընկերները և ուսուցիչները բավական չէին դեռ ժամանակակից թշվառությունները բառնալու, հայրենիքի խոպանացած դաշտերը հերկելու և մշակելու համար, թե հարկավոր էր միշտ և շարունակ նոր մարդիկ ու նոր մշակներ հանել այդ դաշտերը... նա գիտեր, միևնույն ժամանակ, որ յուր խնամքին հանձնված մանուկներից պիտի հառաջանային ապագա մշակներն ու գործիչները, ուստի և անընդհատ տնքում, աշխատում էր ոչ միայն ավանդել նրանց ժամանակին հարմար ուսումը, այլև ներշնչել նրանց այն հոգին, որ ստացել էր ինքը Սյունյաց վարդապետարանից, ներշնչել բարվո, ճշմարտի և մանավանդ թե՝ անձնվիրության գեղեցիկ զգացումները, պատրաստել նրանցից և՜ առաքինության քարոզիչներ, և՛ հավատո զինվորներ, և՜ գաղափարի նահատակներ... Չէ՞ որ այդ բոլորին կարիք ուներ հայրենիքը, որ ճնշվում էր այդ ժամանակ բռնության անիրավ լծի տակ...

Ահա դրա համար էր աշխատում տեր-Անդրեասը Ագուլյաց դպրոցի մեջ։

Իսկ դպրոցից դուրս նա քահանայություն էր անում, բայց իհարկե, ոչ այնպես, ինչպես որ անում էին մյուս քահանաները, այսինքն, աստվածային պաշտոնը նյութական եկամտի աղբյուր դարձնողները, ո՜չ, նա քահանայություն էր անում բառի իսկական և ազնվագույն նշանակությամբ, այսինքն այնպես, ինչպես հասկանում էին այդ պաշտոնը նախնի սուրբ հայրերը՝ «լինել քահանա աստուծո բարձելո» և կամ «փոխանորդ աստուծո երկրի»։ Որքա՞ն մեծ և վսեմ կոչում, բայց որքան ստորացած ժամանակակից տգիտության շնորհիվ...: Սակայն այդ տգիտությունից ազատ էր տեր-Անդրեասը, ուստի և կատարում էր յուր պաշտոնը սրբությամբ: Նա չէր բավականանում եկեղեցուն սպասավորելով, կամ տաճարի մեջ քարոզներ խոսելով, այլ քահանայություն էր անում նաև տներում: Նա գիտեր թե որքա՜ն մեծ է թշվառների թիվը աշխարհում և, հետևապես, այն ժողովրդի մեջ, ուր ինքը քահանայագործում էր, ուստի և ազատ ժամերը գործ էր դնում այդ թշվառների կամ օգնության կարոտ անձանց նեղությունները բառնալու կամ թեթևացնելու համար: Եվ այդ դեպքում նա ոչ թե սպասում էր որ կարիք ունեցողը գար և խնդրեր իրեն, այլ ինքն էր գնում և պտրտում նրանց: Այսպես նա մտնում էր աղքատի խրճիթը, հիվանդի խուցը, որբերով շրջապատված այրիի տնակը և ամեն մեկի կարիքն իմանալով՝ շտապում էր նրան օգնության հասնել՝ աղքատին ապրուստ հայթայթելով, հիվանդին՝ սպեղանի մատուցանելով, այրիին՝ ապավեն ու խնամակալ գտնելով և հալածվածին՝ պաշտպան հանդիսանալով. Նա մտնում էր հարուստի կամ հզորի տունը, բայց ոչ յուր համար շահ որոնելու, այլ միշտ մի տկար անձի կամ ընտանիքի կարիքը հոգալու, նրա համար շնորհ կամ պաշտպանություն հայցելու:

Բացի նյութապես նպաստելը՝ նա օգնում էր ժողովրդին նաև բարոյապես: Եթե երկու բարեկամների մեջ խռովություն էր ծագում, տեր-Անդրեասը իսկույն հայտնվում էր նրանց մեջ: Յուր քաղցր խոսքերով, շահավետ խորհուրդներով նա դադարեցնում էր կրքերը, դադարեցնում խռովությունը և հաշտության ստիպում հակառակորդներին: Եթե ամուսինների մեջ գժտություն էր պատահում, սիրո կամ սրբության ոգին հալածվում նրանց տնից և դրան փոխարինում չարության ճիվաղը, տեր-Անդրեասը դարձյալ երևում էր նրանց մեջ: Նա հետաքննում էր նախ գժտության պատճառները և ապա մեղմ խրատներով, սրտագրավ հորդորներով ջերմացնում նրանց սառած սրտերը, զարթեցնում նորեն ընտանի զգացումները, կյանք տալիս նրանց կենազուրկ հոգուն և այդիպսով շինում կործանվող տունը։

Եթե հանկարծ վախճանվում էր մեկի սիրելին, որի համար նա մնում էր անմխիթար, տեր-Անդրեասը չէր բավականանում մեռածը թաղելով կամ թե նրա համար «հոգվոց» ասելով, անպատճառ արծաթ պահանջելով, այլ հաճախ այցելում էր սգավորին, հարուստ լիներ նա թե աղքատ, և յուր անուշ խոսքերով, հոգեպարար զրույցներով մխիթարում էր նրա սիրտը, կազդուրում հավատը և հաշտեցնում դժբախտին աշխարհի ծանր վշտի հետ։

Եթե մի կամ մի քանի ընտանիքների հանդիպում էր հանկարծ մի անակնկալ դժբախտություն, բնության մի հարված, տեր-հայրը դիմում էր իսկույն այդ հարվածից ազատ կամ կարող անձանց և սրանց միասնական օգնությունը ձեռք բերում՝ դժբախտների վնասը զարմանելու համար։

Այդ բավական չէր. նա խառնվում էր շատ անգամ այնպիսի գործերի, որոնցից ավելի զորավոր մարդիկ փախուստ էին տալիս։ Այսինքն, պատահում էր հաճախ, որ բռնվող կառավարության անողորմ հարկահանները կամ կեղեքիչները թափվում. էին անպաշտպան մի ընտանիքի վրա երբեմն ծեծելու, երբեմն տուգանելու և շատ անդամ կողոպտելու կամ առևանգելու նպատակով։ Տեր-Անդրեասը իսկույն հասնում էր օգնության։ Բարբարոսներին հաղթահարելու համար նա գործ էր դնում բազմազան զենքեր, մերթ խնդիր և աղաչանք, մերթ համոզկեր խոսքեր, երբեմն սպառնալիք, որ գործադրում էր նա իրեն հավատարիմ երիտասարդների ձեռքով, իսկ երբ այդ միջոցները անկարող էին լինում բռնաբարումն արգելել, այն ժամանակ նա անձամբ դիմում էր Երևան և Ամիրգունա նախարարին բողոքում, կամ եթե բողոքելու տեղը չէր լինում. նրա ոտքերն ընկնում, խնդրում ու աղերսում, մինչև որ վերջապես ձեռք էր բերում անհրաժեշտ օգնությունը։

Այսպիսով տեր-Անդրեասը Ագուլսի և նրա շրջակաների համար դարձել էր մի անզուգական խնամակալ, հաշտության մի միջնորդ, փրկության մի հրեշտակ։ Ժողովուրդը նրան ընդունում էր ոչ իբրև լոկ քահանա, այլև հարազատ հայր, եղբայր, մտերիմ և բարերար։ Ով կարիք ուներ, տեր-Անդրեասին էր դիմում, ով մի վիշտ ուներ, նրան էր հայտնում, ով խորհրդի պետք ուներ, նրան էր հարցնում։ Չնայելով յուր երիտասարդության և մատաղ հասակին, նրա խորհրդին հետևում էին նույնիսկ ծերերը և փորձառու մարդիկ։ Միով բանիվ, տեր-Անդրեասը դարձել էր յուր ժողովրդի սուրբն ու պատգամախոսը։

Եվ այս իսկ պատճառով, եթե յուր կարգակիցների մեջ կային շատերը, որոնք անկեղծորեն սիրում էին նրան, որպիսին էր օրինակ, ծերունի տեր-Հովսեփը, այսուամենայնիվ, պակաս չէին և այնպիսիք, որոնք ատում և արհամարհում էին, որովհետև չէին կարողանում տեսնել ժողովրդի դեպի նրան տածած մեծ համարումը և չնախանձել նրան, ինչպես, օրինակ, տեր-Սարգիսը:

Բայց նա ամենքին պատվում, հավասարապես սիրում և նույնիսկ յուր չարակամներին բարի էր ցանկանում, վասնզի ճանաչում էր յուր պաշտոնը, հարգում էր յուր կոչումը, և գիտեր որ իբրև քրիստոնյա և Քրիստոսի օրինաց ուսուցիչ պարտավոր էր ներել յուր եղբորը, եթե նա մեղանչեր յուր դեմ «մինչև յոթանասուն և յոթն անգամ...»։

Չէր մոռանում Քրիստոսի այն խոսքը, թե՝ «Այժմ գիտասցեն ամենքեան եթե իմ աշակերտ էք թե սիրեցեք զմիմեանս»։

Բայց նա խիստ էր դեպի անուղղա չարերը և անբարոյականները. նա հալածում էր նրանց, որքան յուր ուժերը ներում էին իրեն, որովհետև այդպիսիները վնասում էին ժողովրդին թե՛ նյութապես և թե բարոյապես, դառնում էին գայթակղության քար, մոլորեցնում էին անփորձներին և խանգարում հասարակական անդորրությունը։

Այդպիսիների կարգն էր դասում տեր-Անդրեասը նաև միաբանող կամ ունիթոր կոչված պապականներին, որոնց ժողովուրդը «ֆռանկ» անունով էր ճանաչում։ Այդ քարոզիչները, ինչպես նախադության մեջ հիշեցինք, պապի ստրուկների թիվը բազմացնելու նպատակով, ամեն միջոց գործ էին դնում հայադավաններին մոլորեցնելու և իրենց եկեղեցու ծոցից հեռացնելու համար։ Այդպիսով նրանք ժողովրդի մեջ սերմանում էին գժտություն և խռովություն, իսկ ընտանիքների մեջ մտցնում բաժանման ոգի։ Այդպիսի վարմունքը տեր-Անդրեասը համարում էր ազգակործան, և հակաքրիստոնեական վարմունք. այդ պատճառով էլ զինվում էր ունիթորների դեմ յուր բոլոր զորությամբ։ Նա նրանց ավելի վնասակար տարր էր համարում, քան կեղեքիչ պարսիկներին, ըստ որում պարսկի տված վնասը նյութական էր և ժամանակավոր, մինչդեռ սրանցը տևական էր և հոգևոր։ Պարսկի հարվածը շուտով կմոռացվեր, իսկ սրանց տվածը դարերի ընթացքումք ազգի մարմնի մեջ վերք ու թարախ, կսկիծ և վիշտ պիտի գոյացներ...։ Եվ ո՞վ գիտե թե մի օր, հենց հայրենիքի փրկության գործը դարբնելու ժամին, դարերով առաջ սերմանած այդ գժտությունը՝ արգելք չպիտի լիներ Սուրբ ու Մեծ գործին՝ ծնելով դրանց միջից սադրողներ ու դավաճաններ...:

Այս նկատմամբ, ահա, հայրենասեր երեցը ոչ միայն չէր ներում «փրանկների» վարմունքը, որոնք Ավետարանը դարձրել էին մարդորսության ուռկան, այլև հզորապես մարտնչում էր նրանց դեմ թե հրապարակական քարոզությամբ և թե յուր հոտի յուրաքանչյուր անդամին առանձնապես այդ մարդորսներից զգուշացնելով և կամ մոլորյալներին նորեն հարազատ մոր գիրկը դարձնելով։ Այդ դեպքում ունիթորները տեր-Անդրեասին ընդունում էին իբրև հզոր հակառակորդ և աշխատում էին զանազան միջոցներով արգելք լինել նրա գործունեության, որը, սակայն, օրըստօրե ավելի լայն ծավալ էր ստանում։

Ահա այս մարդն էր Անդրեաս երեցը, որին թողեցինք մենք ս. Հովհաննես եկեղեցու գավթում, ժամավորների բազմության հետ խոսելիս։

Այժմ նորեն դառնանք նրա մոտ։

Ե

Այդ երեկո ժամավորները շրջապատել էին տեր-Անդրեասին՝ սովորական խնդիրներից դուրս մի ուրիշ նորության մասին խոսելու։ Եվ որովհետև զրույցը կարող էր երկարել, իսկ դրսում ցուրտը սաստկանում էր, ուստի տեր-հայրը հրամայեց ժամկոչին կրակ վառել դպրոցատանը։

Երբ ծերունին յուր գործն ավարտեց, երեցը հրավիրեց ժամավորներին դպրոցատան սրահը։

Դա երկար ու ընդարձակ մի ներքնատուն էր, նեղ ու բարձրադիր պատուհաններով և քարյա կամարակապ առաստաղով: Նա կառուցած էր դեռ այն ժամանակ, երբ ս. Հովհաննու եկեղեցին ուներ մշտական միաբանություն, իսկ նրա շուրջը գտնվող ձորակներում ապրում էին բազմաթիվ մենակյացներ (որոնց խցերի անունով ձորն ու թաղը կոչվեցան «Խցաձոր»)։ Այդ կամարակապ ներքնատունը այն ժամանակ ծառայում էր ս. Հովհաննու միաբանության և նրա շուրջը ապրող մենակյացների համար իբր սեղանատուն։ Այդ պատճառով նրա մեջտեղում, սկսած մի ծայրից մինչև մյուսը՝ ձգվում էր սրբատաշ քարերից շինած սեղան, իսկ դրա շուրջը՝ նույնպես քարյա, նստարաններ, նման հայոց մեծ վանքերում եղածին։

Եվ որովհետև այն ժամանակ, երբ Մովսես վարդապետը դպրոցներ էր հիմնում Սյունիքում, ս. Հովհաննու միաբանությունը ցրված և հետևապես, սեղանատունը գոցված էր, ուստի վարդապետը օգուտ քաղելով պատրաստի բնակարանից՝ Ագուլիսի դպրոցը զետեղեց այդ ներքնատան մեջ, որ յուր ընդարձակության պատճառով՝ կարի համապատասխան էր ժամանակակից դպրոցի պահանջներին։ Ներքնատան վերնահարկում, որ բաղկացած էր մի քանի խցերից, ապրում էր ինքը տեր-Անդրեասը, յուր նորատի կնոջ և ծնողների հետ միասին։

Երբ ժամավորները հավաքվեցան դպրոցատուն, որի մեջ բացի ծխանի կրակը, վառվում էին նաև երկու կանթեղներ, տեր-հայրը անցավ սեղանի մի կողմը և բազմելով այդտեղ՝ հրավիրեց ժողովրդին յուր շուրջը նստել։

Խոսեցեք այժմ ձեր նորության մասին, դարձավ նա յուր հանդեպ նստած երկու ժամավորներին։

Մեր նորությունն այն է, տեր-հայր, ինչ-որ հայտնեցինք քեզ, պատասխանեց նրանցից մինը. ասում են թե շահը գալիս է Ագուլիս։ Եթե այդ ճիշտ է, պետք է ուրեմն պատրաստվենք նրան ընդունելու։

Ո՞վ հաղորդեց ձեզ այդ լուրը, հարցրեց երեցը։

Շուկայում լսեցինք։

Իսկ շուկա՞ն ով բերավ։

Փրանկների առաջնորդի ծառան. Նա եկել էր մեր խանութից իրեր գնելու, պատասխանեց լրատուներից մինը։ Հա... Երազմոսի ծառա՞ն։... հասկանում եմ... Ուրեմն ճիշտ է. խոսե՛ց տեր-հայրը և գլուխը կախելով ընկավ մտածության մեջ։

Ինչո՞ւ տխրեցիր, տեր-հայր, հարցրեց ժողովականներից մինը։

Չտխրեցի... այլ մտածում եմ։

Բայց ինչո՞ւ Երազմոսի ծառայի հաղորգածը անպատճառ ճիշտ պիտի լինի, հարցրեց մի ուրիշը։

Որովհետև միևնույն նորությունը հաղորդել է ինձ ինքը կարգապետը։ Իսկ նա այսօր է Նախիջևանից եկել։

Ունիթորների կարգապե՞տը... հարցրեց մի կասկածավոր ձայն։

Այո. նա ասում էր թե՝ Ամիրգունայի սուրհանդակը արդեն հասել է Նախիջևան և այդ լուրը հաղորդել տեղացիներին. անշուշտ վաղն էլ Ագուլիս կմտնե։

Բայց ի՞նչ ուներ այստեղ կարգապետը..., հարցրեց նույն ձայնը։

Եկել էր, իբրև թե, մեր դպրոցն ու աշակերտները տեսնելու, պատասխանեց երեցը, բայց ո՞վ գիտե, ուրիշ ի՞նչ գաղտնի նպատակ ուներ այդ այցելությունը ։

Եվ քեզ ոչինչ չհայտն՞եց։

Ոչինչ, պատասխանեց քահանան։

Իսկ ինձ հայտնել է, հարեց խոսողը, որ Խցաձորի հայտնի հարուստներից մինն էր, և որի տանը իջևանել էր կարգապետը։

Ի՞նչ... ի՞նչ է հայտնել, հարցրին Ժողովականները այս ու այն կողմից։

Ասում էր թե՝ ես եկա Ագուլիս այն նպատակով, որ շահի կողմից այստեղի հայերին վտանգ սպառնացած դեպքում պաշտպան եմ նրանց։

Եվ ի՞նչ վարձատրություն է պահանջում դրա համար, դառը ժպիտով հարցրեց տեր-Անդրեասը։

Ոչինչ միայն թե ասում է, այդպիսի դեպքում հայերը պետք է շահին հայտնեն թե՝ իմ ժողովուրդն են իրենք։

Օ՜... ի՜նչ անմեղն է. և այդ քիչ, շատ քիչ վարձատրություն է, այնպես չէ՞... Բայց ի՞նչ կկորցնենք եթե որևէ վտանգի ժամանակ շահին հայտնենք թե՝ մենք Երազմոսի ժողովուրդն ենք, Հարցրեց ժողովականներից մինը:

Այն, որ մի անգամ արդեն շահի ներկայությամբ այդպիսի վկայություն տալուց հետ՝ այլևս իրավունք չեք ունենալ ունիթոր չհամարվել կամ Երազմոսի ժողովուրդը չլինել։ Մի՜ կարծեք թե պապական վարդապետը լոկ ձեզ բարիք անելու նպատակով պիտի միջնորդն շահին։ Երբեք: Նա գիտե որ այնուհետև ձեզ կարող է պապական շինել ֆարրաշների մտրակով։

Ի՞նչ ես ասում, տեր-հայր, մի՞թե այդպիսի բան կարող է լինել:

Ավելի վատթարը կլինի: Միայն թե դուք զգույշ կացեք և հայր Երազմոսին պատահած ժամանակ, եթե նորեն այդպիսի առաջարկություն լսեք նրանից, ասացեք թե պապից և պապականներից առավել հզոր պաշտպան ունիք դուք և բնավ կարոտ չեք նրանց խնամակալության:

Բայց ո՞վ է մեր պաշտպանը, տեր-հայր, հարցրեց մի ծերուկ։

Նա, որի աջը կառավարում է տիեզերքը, նա, որի ձեռքումն է թագավորների սիրտը... Հանդիսացար պատասխանեց երեցը և ձեռքը բարձրացրեց դեպի երկինք։ Այդ խոսքերը ասվեցան այնպիսի ուժով, որ երկյուղած բարեպաշտներից մի քանիսը երեսները խաչակնքեցինք:

Այդ միջոցին բակում լսվեցավ ձիաների ոտնատրոփ և ամենքը իրենց ուշադրությունը լարեցին։

Ո՞վ է այս, հարցրեց տեր–Անդրեասը ժամկոչին, որ կանգնած էր դպրոցատան մուտքի առաջ։

Տեսնեմ, ասաց ծերուկը և դուրս վազեց:

Բայց մինչև նրա վերադառնալը ներս մտավ ինքը նորեկը, այծենակաճի մեջ փաթաթված, մորթե գդակը մինչև աչքերը քաշած և երկար, արծաթապատ հրացանը ձեռին:

Օրհնյա տեր, ասաց նորեկը և առաջ անցավ։

Աստված օրհնեսցե, պատասխանեց երեցը և տեսությունը լարեց՝ իմանալու համար, թե ո՝վ է եկողը, որովհետև կանթեղի տկար լույսը չէր оգնում իրեն լավ տեսնելու։ Բարի երեկո, սիրելի ագուլեցիք, կրկնեց նորեկը և մոտենալով մորթե գլխարկը հանեց։

Խոջա-Անձրև, այդ դո՞ւ ևս, բացականչեց քահանան և վեր կացավ տեղից։

Այո, տեր-հայր, խոնարհ ծառադ եմ, պատասխանեց խոջան և շտապեց, համբուրեց տեր-հոր աջը: Ապա դառնալով ժողովականներին՝ ողջունեց նրանց։

Այս ո՞ր խաչից... հանկարծ Ագուլիսում... մեր տանը:

Ջեզ հյուր եկա, տեր-հայր. մի՞թե չեք ընդունում։

Աստծո հյուրն ես, բարեկամ, տեղ ունիս գլխիս վրա. միայն թե բարի լինի գալստյանդ պատճառը։

Դուք փառավոր կրակ ունիք. թույլ տվեք դեռ մի փոքր տաքանամ. բուքն ու քամին մարմինս սառեցրել են... ասաց խոջան՝ չկամենալով հայտնել իսկույն գալստյան պատճառը։ Ապա մոտենալով կրակարանին, սկսավ տաքանալ։

Տաքացիր, տաքացիր, հետո կխոսես, ասաց քահանան և մոտ եկավ խոջային։

Արդյոք օտար մարդ չկա՞ այստեղ, հարցրեց վերջինս շշնջալով։

Ոչ, բոլորն էլ մերոնք են, պատասխանեց տեր-հայրը։

Բայց ինչո՞ւ են հավաքվել։

Ասում են շահը պիտի գա. հավաքվել են խորհուրդ անելու թե՝ ի՞նչ ձևով ընդունեն նրան։

Այդ լավ է. ուրեմն հարմար ժամանակին հասա, ասաց խոջան և քահանայի հետ միասին հառաջացավ դեպի ժողովականների սեղանը և նստեց երեցի մոտ։

Մի փոքր առաջ, տեր-հայր, կամեցար իմանալ թե արդյոք բարի՞ է գալստյանս պատճառը, խոսել սկսավ խոջան ի լուր ժողովականների. այժմ կհայտնեմ թե՛ ձեզ և թե մեր ագուլեցի եղբայրներին։ Գալստյանս պատճառը բարի չէ, բայց մենք պիտի աշխատենք բարի դարձնել...

Ի՞նչ, ի՞նչ է պատահել, . հարցրին այս ու այն կողմից:

Շահը գալիս է այստեղ...

Այդ գիտենք. ընդհատեցին մի քանի ձայներ։ Այո. բայց գլխավորը չգիտեք :

Ասա, սիրելի Անձրև, գլխավորն ի՞նչ է, հարցրեց տեր–Անդրեասը։

Խոջան պատասխանելու փոխարեն՝ հանեց ծոցից կաթողիկոսի նամակը և տալով քահանային՝ ասաց. սա կոթողիկոսի նամակն է, կարդա և ամեն բան կհասկանաս:

Տեր-հայրը սկսավ կարդալ ինքն իրեն և երբ վերջացրեց, տեսան որ տխրությունից նրա դեմքը այլայլվեց։

Ի՞նչ է պատահել, տեր–հայր, բարձր կարդա որ մենք էլ լսենք. կաթողիկոսի նամակը ծածուկ չի լինիլ յուր որդիներից, խոսեց ժողովականներից մինը:

Ծածկելու բան չէ, սիրելիներս, ընդհակառակն, ամենքդ պիտի իմանաք, ասաց քահանան և սկսավ կարդալ նամակը, որի բովանդակությանը ծանոթ ենք արդեն։

Երբ նա հասավ այն կետին, ուր կաթողիկոսը ասում էր թե՝ Ամիրգունան հայտնել է իրեն՝ որ շահն Ագուլիսում «մանկաժողով» պիտի անե, ամենքը սարսափեցին։

Ի՞նչ, «մանկաժողո՞վ»...

Ոչ. այդ չի կարող լինել...

Այո անկարելի է․ Ագուլիսը «խաս»* է․․․ բացականչեցին այս ու այն կողմից։

Պարսից շահի համար անկարելի ոչինչ չկա․ նկատեց խոջանը․ ինչպես տեսնում եք, նախարարը ինքն է կաթողիկոսին հայտնել․ իսկ նա վեհափառի բարեկամն է և սխալ լուր չէր հաղորդիլ նրան։

Ուրեմն ի՞նչ պիտի անենք, հարցեց մի ժողովական։

Այ, հենց դրա համար էլ Ծղնայից շտապել եմ այստեղ որ տեսնեմ թե ի՛նչ ենք անում․․․, պատասխանեց խոջան։

Ի՞նչ պիտի անենք, տեր հայր, հարցրին քահանային։

Տեր-Անդրեասը, որ մինչև այն խորասուզվել էր մտածության մեջ և, անգամ, չէր լսում թե ի՛նչ են խոսում յուր շրջապատողները, գլուխը բարձրացրեց և նայեց ժողովականներին։

Ի՞նչ պիտի անենք, տեր-հայր, կրկնեցին վերջինները։

Այն, ինչ որ այդպիսի դեպքերում անում են ուրիշները, մեղմով պատասխանեց երեցը։

Այսի՞նքն։

Պիտի աշխատենք թաքցնել գեղեցիկներին։

Բայց ո՞րտեղ։

Մոտիկ գյուղերում։

Օրինա՞կ։

Վաղավեր, Վանանդ, Տեռնիս, Փառակերտ, Քաղաքիկ, Ցղնա... մի՞թե քիչ տեղեր ունինք, նկատեց տեր-Անդրեասը։

Ցղնա կարող եք հիսուն հոգի ուղարկել. խաթունս խոստացավ այդքան հոգի տեղավորել այնտեղ, խոսեց խոջա-Անձրևը։

Օրհնյալ լինի Սառա-խսթունը, որ ամեն դեպքում օգնության է հասնում մեզ, ասաց տեր-Անդրեասը. եթե մեր բոլոր կանայք նրա պես ժրագլուխ լինեին, որքան գործեր կարող էինք առաջ տանել...։

Էհ, ի՞նչ կարող էինք անել բռնավորի ձեռքի տակ, նկատեց ծերուկ ժամավորը։

Հայրիկ, մի՞թե բռնավորը մարդ չէ, մսից ու արյունից չէ շինված․ ինչո՞ւ նա կարող է սպանել, իսկ մենք՝ ոչ։ Մի՞թե նա սուրը ձեռին է ծնվել, իսկ մենք շղթայակապ... զանազանությունը մեր և նրա մեջ այն է, որ նա շարունակ բռնաբարում ու կեղեքում է, իսկ մենք հնազանդում ենք։ Բայց եթե մի անգամ սովորեինք մահից չվախենալ, եթե որոշեինք քիչ քիչ մեռնելու փոխարեն՝ միանգամից մեռնել, այն Ժամանակ շատ բան միանգամից կփոխվեր։

Ի՞նչ կփոխվեր, օրինակ, հարցրեց ծերուկը։

Այն, որ ես և դու կզոհվեինք, բայց մեր որդիքը կապրեին. մի քանի հազար հայ կմեռնեին, բայց հայությունը կկենդանանար։ Այս բնության օրենքն է. մեռնող մի հատիկը պտղաբերում. է յուր նման հարյուրը. Քրիստոսն ինքն է ասում՝ «եթե ոչ հատն ցորենո անկյալ հերկիր մեռանիցի, ինքն միայն կա, ապա եթե մեռանիցի, բազում արդյունս առնե...»: Ուրեմն մինչև որ չզոհենք, արդյունաբերել չենք կարող:

Ի՞նչ անենք ուրեմն, վեր կենանք վաղն ևեթ կռի՞վ տանք հզոր Շահաբասի հետ։

Ես չեմ ասում վաղն ևեթ... անխոհեմություն կլիներ փոքր ուժով մեծի դեմ խիզախել... ի՞նչ օգուտ՝ թաղել ցորենը հողում այնպիսի ժամանակ՝ երբ կատաղի հեղեղը ողողում է երկիրը և ցանքսերը քշում...։ Ես միայն ցանկանում եմ որ արթուն լինինք. աշնան խաղաղ օրերում գետինը հերկենք, իսկ գարնան հալոցին՝ սերմերը ցանենք։ Այնուհետև կհասնե ամառը և արտերը կծածկվին հասկերով...։ Եթե մեր հայրերը ցանած լինեին, այսօր մենք կհնձեինք։ Չդանդաղենք ուրեմն նրանց պես, որպեսզի մեր որդվոց ու թոռաց անեծքին չարժանանանք։

Ժողովականները, որոնք շատ էին լսել տեր-Անդրեասին, ըմբռնում էին նրա այլաբանությունները, ուստի բացատրություններ չպահանջեցին։ Բայց խոջա-Անձրևը ընդհատեց նրան.

Այդ ամենը, տեր հայր, ապագայի խնդիր է. մեզանից շատերը ծերացել են արդեն, ուստի թե՛ հերկելու և թե՛ սերմանելու գործը մնում է երիտասարդներիդ վրա. թող աստված ուժ և կարողություն տա ձեզ՝ սկսածներդ շարունակելու... այժմ միայն այն ասա թե ի՞նչպես ազատվենք վերահաս վտանգից. որովհետև շահը մի երկու օրից այստեղ կլինի։

Դրա համար երկար մտածելիք չունիք։ Դուք գնացեք գյուղաքաղաքի մեծամեծների հետ խոսեցեք, թե ի՛նչ պատրաստություն պիտի տեսնեք շահին ընդունելու համար։ Այդ բանում ձեզ կօգնե անշուշտ նաև գյուղի վերակացուն, որ հարկավ հրահանգներ կստանա նախարարից. իսկ «մանկաժողովն» արգելելու գործը թողեք ինձ վրա։

Ի՞նչ ես մտադիր անել, տեր֊հայր, հարցրեց խոջան։

Թե՛ ագուլեցվոց և թե' գաշտեցվոց ընտանիքների և նրանց ունեցած երեխայոց թիվն հայտնի է ինձ, պատասխանեց երեցը. գիտեմ նույնպես թե ով ունի այնպիսի տղա կամ աղջիկ, որ կարող է գրավել շահին։ Ուրեմն հենց այս գիշեր ես կկազմեմ դրանց ցուցակը և կորոշեմ թե որո՛նց ո՛ր գյուղ պիտի ուղարկենք, կամ ի՛նչ ընտանիքների պիտի հանձնենք։ Այնուհետև կմնա՝ որ յուրաքանչյուր հայր կամ եղբայր ուղեկցե յուր տան երեխային. իսկ ով ուղեկից չի ունենալ, ինքս նրան ուղեկից կտամ։ Վաղը երեկոյան ամենքն արդեն ցրված պիտի լինին գյուղերը։

Էհ, ուրեմն այդ մասին հոգում ես դու, մենք էլ ընդունելության մասին մտածենք, խոսեց ազդեցիկ ագուլեցիներից մինը։

Այո, բայց ընդունելությունից զատ մի ուրիշ բանի վրա էլ պիտի մտածեք, ավելացրեց տեր-հայրը։

Ի՞նչ բանի... հարցրին մի քանի ձայներ:

Կաթողիկոսի ազատության, պատասխանեց երեցը:

Կաթողիկոսի ազատությա՞ն. ինչո՞վ կարող ենք օգնել նրան, հարցրեց հարուստներից մինը։

Գիտե՞ք որ նա կապված է ոչ թե յուր հանցանքի, այլ Աթոռի վրա անիրավաբար բարձած պարտքերի համար, հարցրեց երեցը։

Գիտենք, պատասխանեցին նրան։

Էհ, Աթոռը կաթողիկոսի՞ն է պատկանում թե՞ ընդհանուր ազգին։

Իհարկե ընդհանուր ազգին։

Ուրեմն ազգն էլ պիտի դարմանե Աթոռի ցավերը, հարեց քահանան։

Բայց Մելիքսեթ կաթողիկոսը... կամեցավ չարախոսել ժողովականներից մինը։

Աշխարհում ոչ ոք կատարյալ չէ... ընդհատեց նրան երեցը. բացի այդ խնդիրն այն չէ թե՝ ո՛ր կաթողիկոսին ենք օգնում, այլ այն, որ հայոց կաթողիկոսը կապված, Լուսավորչի ժառանգը կալանավորված է, պետք է ուրեմն նրան ազատել... կալանավորության անարգանքը հասնում է ոչ թե Մելիքսեթին՝ այլ կաթողիկոսական գահին և մեզ ամենիս իբրև հայ ազգի անդամների, պետք է ուրեմն այդ գահը ազատենք անպատվությունից, սպառնացող վտանգից...։ Այսպես պետք է մտածե ամեն մի հայ, երբ տեսնե որ օտար պարսկի ձեռը մոտենում է լուսավորչավանդ Աթոռին։

Այդ ճիշտ է. բայց ի՞նչ կարող ենք անել մենք, հարցրին մի քանի ձայներ։

Աղքատները և չունևորները՝ ոչինչ․ բայց հարուստները, խոջաները, մելիքները և մյուս ազնվականները, որոնք պարտավորված մեծագին ընծաներ կամ դրամական նվերներ պիտի տանեն շահին, թող իրենց այդ ընծաները բաժանեն երկու մասի, մինը ներկայացնեն իբրև նվեր շահին, մյուսը՝ իբրև վճար աթոռական պարտուց։ Եթե կանխավ միանաք, ամեն ինչ որոշեք և տանելիքներդ հաշվեք, կտեսնեք որ հեշտությամբ Աթոռի պարտքը կվճարվի և կաթողիկոսն էլ կազատավի կապանքից։

Ժողովականները մի քիչ ժամանակ թեր և դեմ խոսելուց հետո համաձայնվեցան տեր-Անդրեասի հետ և ցրվեցան իրենց տները։

Ջ

Քիչ ժամանակից հետ տեր-Անդրեասը նստած յուր առանձնարանում քրքրում էր հին ու նոր ցուցակներ, որոնց նա կազմել էր զանազան ժամանակներում և զանազան պետքերի համար։ Այդ ցուցակներից նա հանում էր Ագուլիսում և նրա Դաշտ կոչված գյուղամասում ապրող զանազան ընտանյաց և նրանց երեխայոց անունները, յուրաքանչյուրի առաջ նշանակելով տղայոց տարիքը և այլ որպիսությունները։

Ճրագուի մոմը, որ հազիվ էր փոքրիկ սենյակը լուսավորում, յուր աղոտ լույսը սփռելով երիտասարդ քահանայի վրա՝ երևան էր հանում նրա լայն ճակատը, որ այդ վայրկյանին ծածկվել էր կնճիռներով, խաժակն աչքերը, որոնք արտահայտում էին լուրջ մտահոգություն, և գեղեցիկ դեմքը, որ համակված էր անուշ տխրությամբ: Նա երբեմն դադարում էր գրելուց և գլուխը ափի մեջ առնելով՝ սկսում էր մտածել։ Եվ այդ ժամանակ նա հոգվով սլանում էր հեռու, թևապարում այն ընտանիքների շուրջը, որոնք ունեին զավակներ, մատղաշ աղջկունք, կայտառ տղաներ, և որոնց, գուցե, շուտով պիտի վիճակվեր կորցնել այդ սիրելիներից մի քանիսին, կորցնել հոգվով ու մարմնով... ի՞նչ պիտի լիներ այնուհետև այդ ծնողների վիճակը, ինչո՞վ կարելի էր մխիթարել նրանց: Մեռնողի համար սովորական էր ասել թե՝ «գնաց հավիտենական կյանքը ժառանգելու», իսկ այդպիսիների համար ի՞նչ կարելի էր ասել: Ահա այս մասին էր մտածում տեր-Անդրեասը։

Խուցի դուռը հուշիկ բացվեցավ և կիսամութի մեջ երևաց մի նորատի կնոջ պատկեր։ Դա Վարդենի տիրուհին էր։ Մի վայրկյան նա մնաց լուռ և նայում էր քահանայի մտազբաղ պարապմունքին։ Ապա նուրբ, ախորժալուր ձայնով հարցրեց.

Դեռ երկա՞ր պիտի պարապես։

Երեցը գլուխը բարձրացրեց և նայելով նորատի կնոջը՝ քաղցր ժպտաց։ Այդ ժպիտը նման էր արևի այն շողերին, որոնք ձմեռվա սառնամանիքի ժամանակ, թանձր ամպերը ճեղքելով՝ լուսավորում են մռայլ ժայռի դեմքը մի քանի վայրկյան։ Սիրուն կնոջ ձայնն ու ներկայությունը ցրեցին արդարև երիտասարդ քահանայի թախիծը, բայց այդ՝ քիչ միջոցի համար միայն։ Որովհետև, հենց որ սիրելի պատկերը հեռանար, նա դարձյալ պիտի խորասուզվեր յուր տխրության մեջ։

Շատ գործ չէ մնում, ասաց քահանան, եթե ընթրիքը պատրաստ է, ես իսկույն կգամ։

Մի՛ շտապիր, վերջացրու, մենք կարող ենք սպասել, ասաց նորատի կինը քնքշությամբ և մոտենալով քահանային՝ սկսավ դիտել նրա աշխատանքը։

Ճրագի լույսը ընկավ տիկնոջ վրա և երևան հանեց նրա պատկերի բոլոր գեղեցկությունը։ Դա հազիվ տասնևութը անցրած, նրբակազմ ու գեղահասակ մի կին էր: Ագուլեցվոց հին տարազը, որով նա հագնված էր, քիչ բան էր պակասեցնում նրա գեղեցկությունից։ Չնայելով որ նրա գլուխը ծրարում էին զանազան պաստառներ և գույնզգույն շղարշներ, ճակատի վրա ծանրանում մի քանի կարգ ոսկեգրամ և պարանոցը պատում արծաթյա ծանր ճարմանդներ, այսուամենայնիվ, դեմքի այն բաժինը, որ ազատ էր ոսկեկար ճակտակապից, արծաթեզր երեսնոցից և սպիտակ քիթկալից, ամփոփում էր յուր մեջ նրա գեղեցկության էական մասերը. նուրբ, մարակապ հոնքերի տակ շողում էին նրա սևորակ աչերը՝ իբրև զույգ հրավառ աստղեր, կյանքով ու կրակով լի և կարող՝ գրավելու ամենաանտարբեր սրտերը։ քնքուշ այտերի վրա տակավին շիկնում էր վարդը, որ նշան էր նրա հոգեկան ու մարմնական քաջողջության. իսկ նռան կարմիր շուրթերից կաթում էր շնորհք ու ժպիտ` հայտարար նրա պարկեշտության։ Նա հագած էր կերպասե երկար շապիկ, որ իջնում էր մինչև ոտքերը, ապա կարճ բաճկոնակ՝ անջատ փեշերով և կոճկած թևերով. նույնանման մինթան, որ կարած էր թավշից և ուներ երկար ու կախ թևեր՝ եզերված արծաթյա բազմաթիվ կոճակներով։ Այդ ամենի վրայից՝ նրա փափուկ իրանը սեղմում էր արծաթյա ծակոտկեն կամար, որ առհասարակ կապում էին երիտասարդուհիները, ըստ որում ավելի տարիքով կանայք դրա փոխարեն գործ էին ածում երկար, ասվյա գոտի։

Տիրուհին լուռ և ժպտադեմ կանգ առավ ամուսնու առաջ, որ ծալապատիկ նստած էր օթոցի վրա և դեպի փոքրիկ սեղանակը կորացած՝ մերթ գրում և մերթ թերթում էր ցուցակները։

Շուտով երեցը ավարտեց գործը և վեր կացավ տեղից։

Ի՞նչ ժողով էր դպրոցատանը, ինչո՞ւ էր խոջա-Անձրևը եկել, հարցրեց տիրուհին, երբ երեցը կամեցավ ընկերանալ իրեն։

Ոչինչ... շահը պիտի գա Ագուլիս. խոսում էինք թե՝ ի՛նչ ընդունելություն պատրաստենք նրա համար։

Այդքա՞ն միայն։

Այո, ուրիշ էլ ի՞նչ պիտի լիներ։

Ի՞նչ գիտեմ. չէ՞ որ ամեն օր մի տխուր նորություն է հայտնվում։

Չէ, ուրիշ նորություն չկա, ապահովեցրեց տիրուհուն երեցը, չկամենալով անհանգստացնել նրա քնքուշ սիրտը։

Երևի շահի հետ այն հրեշն էլ կգա, այնպես չէ՞, հարցրեց տիրուհին երկյուղով։

Ո՞ր հրեշը։

Շահռուխ-բեկը։ Այս անունը արտասանելուց տիրուհու շրթունքները դողացին:

Տեր-Անդրեասը նույնպես խռովվեցավ, բայց նա աշխատեց թաքցնել յուր հուզմունքը։

Թող գա, մեզ ի՞նչ փույթ. Շահռուխ-բեկի պես շատերը կլինեն նրա հետ։

Տիրուհին ոչինչ չպատասխանեց, կարծես ինքն էլ յուր կողմից խնայելով ամուսնուն, և ճանապարհ տվավ որ վերջինս հառաջե: Մյուս սենյակի մեջ երեցի ծնողները սպասում էին որդուն ու հարսին: Երբ սրանք եկան, իրենք սեղան նստան։

Տեր-հայրը սեղանն օրհնեց և ընտանիքի չորս անդամները սկսան լուռ ու մունջ իրենց ընթրիքը վայելել։

Հետևյալ առավոտ հազիվ տախտակե կոչնակը հնչեց, տեր-Անդրեասը վեր թռավ տեղից և սկսավ հագնվել։ Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը՝ երբ տեսավ թե՝ տիրուհին իրենից առաջ հագնված շտապում է արդեն եկեղեցի։

Ի՞նչ է պատահել, Վարդենի, ինչո՞ւ այսպես վաղ ես պատրաստվել, հարցրեց նա ամուսնուն։

Վատ երազ տեսա, տեր-տեր, շտապում եմ մոմ վառելու, պատասխանեց տիրուհին։

Ի՞նչ ես տեսել, հարցրեց քահանան։

Ժամից հետո կասեմ, հիմա չեմ կարող... ասաց տիրուհին և սպիտակ շղարշը վրան առնելով՝ դիմեց դեպի եկեղեցի։

Մտնելով տաճարը, որ տակավին մի կանթեղով էր լուսավորված, նա ծունկ խոնարհեց մերկ հատակի վրա, ս. Աստվածածնի պատկերի առաջ և սկսավ ջերմեռանդությամբ աղոթել։ Նա աղաչում էր Միածնի Մորը և յուր երազը ի բարին կատարե, և հեռացնե յուր տան վրայից՝ սպառնացող չարիքը։ Նրա սրտաբուխ աղոթքներին միանում էին և արտասվաց կայլակներ լուսալիր աչքերից։

Աղոթքն ավարտելուց հետո նա գնաց, վերցրեց ժամկոչից երկու հատ դեղնամոմ և մոտենալով ձիթալիր կանթեղին, լույս առավ նրանից. ապա երկու մոմերն էլ վառելով՝ բերավ ու տնկեց ս. Աստվածածնի պատկերի առաջ։ Երբ ժամկոչը սկսավ եկեղեցին լուսավորել, ներս մտավ տեր-Անդրեասը: Նրան հետևեցին տեր-Սարգիսն ու տեր-Հովսեփը։ Վերջինս սկսավ ժամն օրհնել, իսկ մյուսները սկիզբն արին ժամերգության։ Ժողովուրդը հետզհետե խռնվելով լցրեց եկեղեցին։

Այդ Ժամանակ արդեն տեր-Անդրեասը մոռացել էր տիրուհու երազը։ Երբ ժամերգությունն ավարտեցին՝ նա դուրս եկավ եկեղեցուց՝ ուղղակի գեղամեջ գնալու համար... որովհետև այդ օրը շատ գործ ուներ կատարելու։ Բայց որովհետև պատրաստած թղթերը թողել էր տանը, ուստի ներս մտավ վերցնելու։

Յուր խուցի մեջ նա տեսավ Վարդենուն՝ կանգնած լուռ ու մտամոլոր։ Իսկույն հիշեց նրա երազը և ժպտալով հարցրեց.

Հա. դու էլի քո երազի՞ մասին ես մտածում:

Այո, պատասխանեց տիրուհին։

Դեհ, պատմիր այժմ ինձ. ի՞նչ ես տեսել։

Օ՜, սարսափելի բան, երկյուղից սիրտս պատռվում է։

Է՜, լավ, պատմիր որ իմանանք։

Վախենում եմ... շատ եմ վախենում, իմ երազները կատարվում են միշտ... հիշո՞ւմ ես, մի անգամ էլ այսպիսի երազ տեսա և կատարվեց։

Ե՞րբ:

Մի՞թե մոռացել ես։ Չէ՞ որ մի օր երազումս տեսա որ Շահխուռ֊բեկը հափշտակում էր ինձ և դու ազատում էիր... այդպես էլ հո եղա՞վ... ։

Այո. այդ դեպքը անկարելի է մոռանալ. բայց այժմ ի՞նչ ես տեսել։

Ա՞յժմ... Ախ, սուրբ Աստվածածին, դու չարը խափանես և բարին առաջնորդես ․․․ բացականչեց Վարդենին՝ գեղեցիկ աչերը դեպի երկինք ուղղելով։

Պատմիր, աստուծով ամեն ինչ լավ կանցնի, սիրտ տվավ երեցը։

Ո՛ւր էր թե աստված քո արդար խոսքը լսեր... Երազումս տեսնում էի, սկսավ պատմել տիրուհին, որ Շահաբասը եկել հասել է Ագուլիս և ժողովուրդը դիմավորում է նրան, դու էլ, եկեղեցական դասի հետ, առաջնորդում էիր ժողովրդին։ Ես մնացել էի տանը՝ Նանի հետ։ Հանկարծ ժամկոչը սկսավ կոչնակը զարկել և գոռալ «փախեք, Շահռուխ-բեկը գալիս է»։ Ես շտապեցի Նանին ծածկել, ապա ինքս էլ փախչում էի մի պահարան մտնելու։ Հանկարծ ներս մտավ Շահռուխը և հետևիցս վազելով գոչեց. «Ու՞ր ես փախչում, Վարդենի, Անդրեասն այն ժամանակ խլեց քեզ ինձանից, բայց այժմ չէ կարող...»։ Այս ասելով՝ նա վրա է հասնում, բռնում ինձ և գլխիս ոսկե սարքը պոկելով՝ փախչում է... Ես դուրս եմ գալիս աղաղակելու, օգնություն կանչելու, բայց տեսնում եմ որ մարդ չկա բակում, միայն դռան առաջ կանգնած էր ֆրանկների կարգապետ Մատթեոս Երազմոսը, որ ծիծաղում էր ինձ հասած այս դժբախտության վրա...։

Ա՞յդ է բոլորը, հարցրեց երեցը ժպտալով։

Այո, մի՞թե այս քիչ է։

Էհ, այդ կնշանակե թե Շահռուխ-բեկը մի քիչ դրամ է կորզելու մեզանից, գլուխը քար. թող տանե, ինչ ուզում է. մի՞թե դրա համար արժե տխրել։

Չէ, տեր-տեր, սխալվում ես, կնոջ գլխի զարդը յուր ամուսինն է... նա իմ գլխի զարդը պոկեց... ես վախենում եմ, ասաց տիրուհին և նրա շրթունքները կրելին դողացին։

Անհոգ եղիր, իմ սիրուն Վարդենի, այդպիսի բան չի պատահիլ. և վերջապես նրանք ի՞նչ ունեն ինձ հետ. մի՞թե իմ անձը նվեր պիտի տանեն շահին, հանգստացրեց երեցը տիրուհուն և յուր թղթերը առնելով՝ դուրս գնաց տնից:

Է

Ո՞վ էր Շահռուխ-բեկը և ի՞նչ ուներ տեր-Անդրեասի անարատ ընտանիքի հետ:

Այս հարցին պատասխանելու համար մենք մի քանի տարով դեպի անցյալը պիտի դառնանք։

Երբ երիտասարդ Անդրեասը Սյունյաց անապատում յուր դպրությունն ավարտելով՝ ուսուցիչ կարգվեցավ Ագուլյաց դպրոցում, այդ ժամանակ Շահռոլխ-բեկը, որ բնիկ ագուլեցի էր. վերակացու էր նշանակված հայրենի գյուղաքաղաքի վրա: Իբրև զտարյուն պարսիկ, նա ոչ միայն շահամոլ, այլև վավաշոտ մարդ էր. այդ պատճառով և կեղեքում էր տեղացի հայերին ոչ միայն նյութապես, այլև բարոյապես: Վերջին տեսակի ամբարշտությունը նա երբեմն հասցնում էր մինչև այնտեղ, որ հափշտակում էր հայոց ընտանիքներից գեղեցկուհիներ, պատճառ բերելով թե՝ հրաման ունի Սպահանից կանայք հայթայթելու շահի հարեմի համար։ Այդ հափշտակությունները թեպետ միշտ չէին հաջողվում, որովհետև զորավոր պաշտպան ունեցողները դիմադրում էին նրան, բայց և այնպես շատ անպաշտպաններ էլ զոհ էին դառնում հրեշ վերակացուի կրքերին։

Ահա այսպիսի մի դեպքի առթիվ էր որ Անդրեասը ընդհարումն ունեցավ Շահռուխի հետ մի քանի տարի առաջ։

Հազիվ մի երկու ամիս էր ինչ երիտասարդ սարկավագը Ագուլիս գալով՝ ստանձնել էր ուսուցչական պաշտոնը։ Մի օր նա դիպվածով տեսավ Խցաձորի եկեղեցու հանդեպ ապրող մի այրիի աղջկան, որ պարտիզում նստած ասեղնագործում էր։ Դա մի նորատի և չքնաղ գեղեցկուհի էր, որ առաջին վայրկյանից իսկ երիտասարդի ուշադրությունը գրավեց։ Նուրբ շղարշի տակից գողունի նայող նրա աչքերը, որոնք փայլում էին հեռվից ինչպես զույգ աստղեր, տղայի սիրտը, կարծես, շղթայեցին ցանկապատի վրա։ Երիտասարդը որքան էլ պարկեշտ ու սրբասուն, այսուամենայնիվ անկարող եղավ իրեն ուղղված հրեշտակային հայացքը ձգել ու անցնել։ Չէ՞ որ բնությունը ունի գաղտնի ուժեր, որոնք հաղթահարում են հաճախ մարդկային օրինաց խստությունները։ Սարկավագը կանգ առավ այդտեղ մի քանի վայրկյան և սկսավ դիտել այդ հազիվ տասնևհինգ գարուն անցուցած գեղեցկուհուն։ Եվ ահա այդ վայրկյաններն էլ բավական եղան որ սիրո թաքուն հուրը բոցավառվեր նրա սրտում։ Երբ երիտասարդը հեռացավ ցանկապատից, սիրո նետն արդեն մեխվել էր տղի սրտում: Այնուհետև սարկավագը հաճախ անցնում էր պարտիզի մոտով՝ որպեսզի հեռվից գոնե տեսնե գեղանի դրացուհուն, որ յուր հոգեկան աշխարհի մեջ այնպիսի մի անծանոթ, բայց կարի հաճոյական հեղաշրջումն էր առաջ բերել։ Մանկամարգ աղջիկը նույնպես անտարբեր չէր. նա ավելի վաղ էր գրավվել գեղեցիկ երիտասարդով։ Բայց այդ հանգամանքը անհայտ էր Անդրեասին, ինչպես և այրի մորը, որ անքուն աչքերով հսկում էր յուր աղջկա վրա և հավատացած էր թե՝ նրա սիրտը երբեք չի գրավվիլ առանց յուր հրամանին...։

Մի օր, երբ սարկավագը, ըստ սովորականին, անցնում էր դրացու տան մոտով, տեսավ որ նրա բակում կանգնած են զրահավորված ֆարրաշներ։ Իսկույն մի կասկած պաշարեց նրա սիրտը և նա շտապով տան բակը մտավ՝ իմանալու համար թե՝ ի՞նչ ունին դրանք այդտեղ։

Հազիվ երիտասարդը հասավ զինվորներին և ահա տան միջից լսեց կանացի ճիչ ու աղաղակ: Առանց այլևս ֆարրաշների վրա ուշ դարձնելու, նա վազելով ներս ընկավ տուն։

Որքա՞ն մեծ եղավ երիտասարդի զարմանքն ու սարսափը, երբ նա տեսավ այդտեղ Շահռուխ-բեկին, որ երկու ֆարրաշների հետ միասին այրիի տունը մտած՝ կամենում էր նրա գեղանի դուստրը հափշտակել։

Սենյակի մի անկյունում օրիորդը կծկված՝ դողդողում էր երկյուղից։ Նրա վարդ գույնը թռել և շրթունքները դալկացել էին։ Գեղանի աչքերը, որոնք յուր սրտի խաղաղ ժամանակ կրակ էին ցայտում, այժմ մթագնել, սառել էին. նրա հայացքն արտահայտում էր անհուն սարսափ։ Իսկ խեղճ մայրը ձեռքերն աջ ու ձախ պարզելով, շարունակ ճչալով և օգնություն գոչելով՝ պաշտպանում էր աղջկան՝ ինչպես մի անզոր բազե, որ թևատարած ու սպառնալից աչքերով պատսպարում էր յուր ձագը դաժան արծվի մագիլներից...

− Ի՞նչ է պատահել այստեղ, գոչեց սարկավագը, որ յուր առաջ բացված տեսարանից ամեն ինչ գուշակել էր։

− Ամա՜ն, վարժապետ, աղջիկս ազատիր... Վարդենիս փրկիր, աղիողորմ ձայնով գոչեց այրին ձեռքերը դեպի սարկավագը տարածելով։ Ի՞նչ են կամենում սրանք ձեզանից, հարցրեց երիտասարդը, ապա սպառնալից աչքերը չորս կողմը հածելով:

Վարդենիս... Վարդենիս կամենում են խլել, մրմնջաց այրին։

Ոչ ոք չի համարձակվիլ, գոչեց երիտասարդը այնպիսի մի ձայնով, որ արտահայտում էր թե՜ զայրույթ և թե՜ կատաղություն. ապա դառնալով Շահռուխ–բեկին, որ նայում էր իրեն վայրենի հայացքով, հարցրեց. ի՞նչ ես կամենում այս կնոջից, բեկ:

Քեզ ի՞նչ, ո՞վ ես դու. ի՞նչպես ես համարձակվում մտնել այստեղ և խառնվել տերունական գործերին, գոռաց բեկը զայրագին։

Տերության անունը մի՜ հիշիր. դրանով չես վախեցնիլ ինձ. այլ ասա ուղղակի՝ ի՞նչ պահանջ ունիս այս կնոջից։

Դուրս հանեցեք այդ թշվառականին, գոռաց բեկը դեպի ֆարրաշները։

Նրանք մոտեցան սարկավագին։

Վերջինս, որ մտել էր այնտեղ բոլորվին անզեն, նայեց յուր շուրջը՝ տեսնելու համար թե՝ ի՞նչ կարող է ձեռք ձգել իրեն պաշտպանելու համար։ Սենյակում ոչինչ չկար։ Միայն նրա մի անկյունում կանգնած էր փոքրիկ ոստայն, որի վրա գտնվում էր կիսագործ գորգ։ Երիտասարդը վազեց դեպի ոստայնը և անսպասելի մի ուժով, որ կարծես այդ րոպեին ստացավ, խլեց ոստայնի սեպերը և ամրացած ձողը հանելով և նրանով զինված՝ ահավոր ձայնով որոտաց.

Օ՜ն ուրեմն, մոտեցեք ձեր ուժը փորձելու համար։

Ֆարրաշները սրերը մերկացնելով՝ դիմեցին դեպի երիտասարդը:

Սարկավագը, որ Սյունյաց անապատում հոգևոր զինվորության վարժվելով հանդերձ՝ չէր մոռացել նաև մարմնական զենքով կռվելու արհեստը, այդ վայրկենին այնպիսի մի զորություն ստացավ, որ նրան թվաց թե՝ չի պիտի հաղթահարվի՝ եթե ֆարրաշների հետ միասին դրսի զինվորներն էլ հարձակվեն յուր դեմ: Այն միտքը, թե սիրած աղջկա ազատության են սպառնում պարսիկները, նրա սիրտը լցրեց քաջությամբ և բազուկները դարձրեց անպարտելի։

Նա մոլեգնորեն կատաղությամբ հարձակվեցավ յուր դեմ խիզախող ֆարրաշների վրա և շեշտակի մի հարվածով դուրս թռցրեց նրանցից մեկի ձեռքից սուրը և խոյացավ երկրորդի վրա։

Վերջինս սարկավագի արյունռուշտ աչքերը տեսնելով՝ մի քայլ ետ քաշվեցավ և սպասում էր բեկի նոր հրամանին։ Բայց սուսերազուրկ զինվորը դուրս թռավ բակը՝ այդտեղ սպասող զինվորներին օգնության կանչելու։

Սակայն Շահռուխը, որ չէր կամենում բռնաբարման ձև տալ յուր գազանային վարմունքին, թույլ չտվավ նորեկներին հարձակվել երիտասարդի վրա. միայն զայրացած ասաց.

Այս աղջկա համար վաղուց գրված է շահին և սա պիտի նրա հարեմը գնա։ Ես մտել եմ այստեղ շահի հրամանով և դու, որ խանգարում ես ինձ, գիտցիր որ դիմադրում ես շահին իրեն։ Խելքդ գլուխդ ժողովիր և դուրս գնա, ապա թե ոչ կհրամայեմ որ հենց այս րոպեին գլուխդ թռցնեն։

Իմ գլուխը չի թռչիլ մինչև որ քոնը իմ ոտքերի տակ չլինի, գոռաց երիտասարդը համարձակորեն. Շահաբասը արդար թագավոր է. նա չի ընկերանալ հափշտակիչներին ու առևանգողներին. դադարի՛ր նրա անունով խոսելուց և դուրս գնա այստեղից քանի սեփական ոտքերով կարող ես քայլել։ Սարկավագի անժույժ սպառնալիքը ծանր հարված պիտի բերեր յուր գլխին, եթե այդ վայրկենին ներս չխուժեին Խցաձորի բնակիչները։

Վարդենիի մայրը, որ մի վայրկյան սարկավագի պաշտպանության հանձնելով դուստրը' խույս էր տվել սենյակից և դուրս գալով փողոց՝ սկսել էր աղաղակել և օգնություն կանչել, բոլոր թաղը համարյա ոտի հանեց մի րոպեում։ Այրիի մոտ վազեցին թաղի երիտասարդները, առաջավոր մարդիկ, հասակավոր կանայք և, մինչև անգամ, Խցաձորի քահանաները։ Տուն մտնելով՝ նրանք հուզված ու վրդովված շրջապատեցին առևանգողներին:

Ինչո՞ւ եք հավաքվել, ի՞նչ եք կամենում, հարցրեց բեկը զայրագին և հրամայեց զինվորներին դուրս հանել ամբոխը:

Բայց սարկավագը, որ վերջինի ներս խուժելուց ավելի էր սիրտ առել, նորեն սկսավ խոսել.

Այս մարդիկ, բեկ, ներս են մտել իրենց հավատակցի և բարեկամի տունը և այս առաջին անգամը չէ. նրանք սովոր են այստեղ հաճախել: Բայց դո՞ւ ինչ ունես այս տան մեջ... այն ասա մեզ։

Ես քեզ արդեն ասացի, թշվառական, ընդհատեց Շահռուխը։

Ասացիր, այո՛. բայց կամենում եմ որ նույնը կրկնես նաև այս ժողովրդի առաջ. կամենում եմ որ նրանք էլ լսեն քո բերանից թե՝ Շահռուխ–բեկը, Ամիրգյունե խանից Ագուլիսի վրա կարգված վեքիլը, որ պետք է հովանավոր ու պաշտպան հանդիսանա յուր խնամքին հանձնված Ժողովրդին, հարձակվել է այս տան վրա, իբրև ավազակ, նրա միակ հարստությունը հափշտակելու համար...։


Գարշելի անհավատ... դու համարձակվում ես ավազակ անվանել ի՞նձ... գոռաց Շահռուխ–բեկը և սուրը հանելով՝ խոյացավ դեպի սարկավագը։ Բայց մի քանի հուժկու բազուկներ բռնեցին նրան իսկույն և ամբոխի զայրացած գոչյունը ամբողջ տունը թնդացրեց։

Դո՛ւրս, դո՛ւրս հանեցեք այդ ավազակներին, այդ անհավատ շներին... մի՛ վախենաք, տղերք, խփեցե՛ք, ջարդեցե՛ք... գոռում, գոչում էին ամբոխի մարդիկ և բռունցքներն ու դագանակները շարժում օդի մեջ։

Շահռուխ–բեկը, որ բարկությունից գրեթե կատաղել էր, հրաման արավ յուր մարդկանց՝ գնալ, սարվազներ կանչել՝ հանդուգն հայերին կոտորելու համար։

Բայց ծերունի տեր–Հովսեփը, որ ներս մտնող քահանաներից մինն էր, մոտեցավ բեկին և խաղաղ ու ամոքիչ խոսքերով խնդրեց նրան հեռանալ, որպեսզի ամբոխն ավելի ևս չգրգռվի։

Ժողովուրդը, բեկ, նման է ծովի, որի խաղաղ ժամանակ կարող ես վրան նավարկել, որքան կամենաս, բայց երբ նա հուզվեց ու խռովվեցավ, ամենից զորեղ նավերն էլ կարող է խորտակել... զգույշ նավապետը չպետք է յուր նավը ալիքներին մատնե, այդ օգուտ չի բերիլ իրեն, ասաց տեր-Հովսեփը և Շահռուխի ձեռքից բռնելով առաջնորդեց նրան դեպի տան դուռը։

Բեկը, որ արդեն չափել էր հակառակորդների ուժը, ավելի չդիմադրեց։ Իբրև խորամանկ պարսիկ, նա օգուտ քաղեց քահանայի միջամտությունից՝ պատվով նահանջ տալու համար։

− Քեշիշ, ես պատիվ եմ անում քո սպիտակ մորուքին և հեռանում. բայց որ շահի հրամանը անկատար չի մնալ։ Այդ աղջիկը ես սարվազներով դուրս կհանեմ այս տանից և տասն օր չանցած նա Սպահանում կլինի... սպառնաց Շահռուխ-բեկը և յուր մարդիկներով դուրս գնաց այրիի տանից։

Կտեսնենք, կտեսնենք, գոռացին բեկի հետևից անժույժ երիտասարդները և սարկավագին իրենց գլուխ ունենալով՝ սկսան սիրտ տալ ու խրախուսել հուսահատ այրիին և ահաբեկ աղջկանը։

«Մենք պետք է մեռած լինինք որ այդ շները կարողանան Վարդենիի մի մազը պոկել», ասում էին նրանք։

Եվ այդ խոսքերը անկեղծ էին։ Բայց եթե Շահռուխ-բեկը գործին ա՛յն կերպարանքը տար, որ իբր թե՝ ինքը կամենում է եղել այդ աղջկան վերցնել շահի համար և իրեն խանգարել են, և եթե. նա՝ դեպքից օգտվելով՝ մի քանի բարուրանքներ էլ բարդեր ագուլեցիների, կամ նույնիսկ սարկավագի վրա, թե իբր դրանք իրենց վարմունքով կամեցել են ոչ թե աղջկան ազատել, այլ միայն շահին անպատվել, հարկավ, գործը ծանր կերպարանք կառներ և աղետալի հետևանքներ կունենար։

Անդրեաս սարկավագը, որ հեռատես ու շրջահայաց էր, այրիի դստեր ազատությունը ձեռք բերելուց հետո մտածեց նաև այդ դեպքից առաջ գալիք հետևանքների վրա և շտապեց վտանգի առաջն առնել։

Նա մի խումբ երիտասարդների հանձնեց՝ հսկել այրիի տան ու նրա դստեր պահպանությանը գիշեր և ցերեկ, վախենալով թե՝ միգուցե Շահռուխ–բեկը հանկարծ հարձակվեով՝ դարձյալ հափշտակե օրիորդին, իսկ ինքը առնելով յուր հետ ծերունի տեր–Հովսեփին, դիմեց Երևան՝ Ամիրգյունե նախարարի օգնությունը հայցելու։

Ամիրգյունեն, որ լուրջ ու արդարասեր մարդ էր և բարեկամ լինելով Մելիքսեդեկ կաթողիկոսին՝ սիրում էր նաև նրա հոգևորականներին, հաճությամբ լսեց սարկավագի և նրան ընկերացող քահանայի բողոքը, զայրույթ արտահայտեց Շահռուխ–բեկի անիրավ վարմունքի դեմ և օրիորդին ապագա հետապնդությունից ազատելու համար հետևյալն ասաց.

Այս երկրում անիրավ բռնաբարությունից ազատ չէ ոչ ոք։ Նույնիսկ ես, Ամիրգյունե–խանս, որ անկախ կառավարիչ եմ ամբողջ էրմենիստանի և Գյուրջիստանի, դարձյալ ստիպված եմ դավաճան մարդկանց զայրույթը չգրգռել, որովհետև նրանցից ամեն մինը հեշտությամբ կարող է մուտ գործել շահի արքունիքը, եթե ինձ մատնելու և դրանով շահին որևէ օգուտ ընձեռելու առիթ ունենա ձեռին... Այդ պատճառով իսկ խորհուրդ եմ տալիս ձեզ վերադառնալ Ագուլիս և անմիջապես ամուսնացնել այդ աղջկան մի որևէ երիտասարդի հետ։ Մեր մեջ ընդունված օրենքով՝ անկարելի է հափշտակել մի կին, որ օրինավոր ամուսին ունի։ Հետևապես, ամուսնացնելով այդ աղջկան, դուք կապահովեք նրան նույնիսկ ապագա հետապնդությանց դեմ։ Իսկ ինչ վերաբերում է Շահռուխ–բեկին, ես նրան արժանավոր հատուցումն կանեմ։ Այս քանիերո՞րդ անգամն է որ նա նմանօրինակ անիրավությամբ բռնանում է խեղճ Ժողովրդի վրա։ Պետք է վերջապես հասկացնել նրան թե՝ հոտի պահապան շունը իրավունք չունի պատառելու յուր պահպանության հանձնված ոչխարները...

Տեր–Հովսեփն ու սարկավագը սրտագին շնորհակալություն արին արդարասեր Ամիրգյունեին և ուրախությամբ վերադառնալով Ագուլիս, կատարեցին խանի պատվերը ճշտությամբ, որովհետև փեսացուն արդեն պատրաստ էր:

Երկու օրից հետո Խցաձորի սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվեցավ օրիորդ Վարդենիի և սարկավագ Անդրեասի պսակը: Իսկ դրանից մի օր հետո՝ հրաման հասավ Ամիրգյունե խանից, որով Շահռուխ-բեկը պաշտոնանկ էր լինում և նրա տեղը կարգվում էր վերակացու խանի մի ուրիշ հավատարիմը:

Այդպիսով Անդրևաս սարկավագի հաղթությունը կրկնակի էր դառնում. մին՝ որ ազատելով սիրած աղջկան՝ ամուսնանում էր հետը և մյուս՝ որ Ագուլիսից հեռացնում էր բռնավոր կառավարչին։

Սակայն վերջինս, իբրև քինախնդիր պարսիկ, չմոռացավ իրեն հասած անարգանքը։ Նա թողեց իսկույն Ագուլիսը և հեռացավ դեպի Սպահան։ Ամիրգյունեի հովանավորյալին պատժելու և այդպիսով իրենից խլված թե՛ պաշտոնը և թե՛ գեղեցկուհու վրեժը լուծելու տենչը ձեռներեցության կորով ներշնչեց նրան։ Շահռուխը մուտ գործեց շահի արքունիքը իբրև հեռավոր էրմենիստանի գործերին և նրա Ժողովրդի ներքին կյանքին քաջածանոթ մարդ։

Եվ որովհետև շահը սովորություն ուներ շրջապատել իրեն յուր ընդարձակ երկրի այս ու այն կողմերը քաջ ճանաչող մարդիկներով, լինեին նրանք սրիկաներ թե ավազակներ՝ միևնույն է, նրանք հարկավորվում էին նրան ամեն ժամանակ, ուստի Շահռուխին էլ տեղ տվավ արքունիքում ։ Բայց հետո տեսնելով նրա մեջ նաև յուր թաքուն նպատակներին ծառայելու արտակարգ ընդունակություն, շնորհեց նրան սենեկապանի պաշտոն և շրջեցնում էր հետն ամեն տեղ։

Շահռուխ-բեկը հասել էր ուրեմն յուր նպատակին։ Ամիրգյունեի խլած պաշտոնի փոխարեն, նա այժմ ստացել էր սենեկապանություն։ Այդքանն, ըստ երևույթին, պիտի գոհացներ նրան։ Բայց իրոք այդպես չեղավ։ Քինախնդիր պարսիկը չէր մոռանում գեղանի հայուհուն, որին խլել էր իրենից Ագուլյաց դպրոցի ուսուցիչը, և այն Ամիրգյունեի օգնությամբ։ Պետք էր ուրեմն դեռ աշխատել՝ այդ զրկանքի վրեժը ևս լուծել։

Եվ ահա այս պատճառով, երբ երկու տարուց հետո Շահաբասը եկավ Հայաստան օսմանցիների հետ կռվելու, Շահռուխը որոշեց օգուտ քաղել հանգամանքից և իրագործել վաղուց ի վեր փայփայած յուր միտքը, եթե միայն թագավորը հաջողությամբ պսակեր յուր արշավանքը: Այդպես էլ եղավ։ Օսմանցիք խույս տվին Շահաբասի երեսից: Վերջինս այնուհետև պիտի վերադառնար Պարսկաստան։ Բայց որովհետև, ինչպես պատմությանս առաջին գլխում ասացինք, նա յուր երկիրը դառնալուց առաջ կամենում էր, ըստ սովորության, մի երկու շաբաթ անցընել բարելից Նախիջևանում, ուստի Ամիրգյունե խանը հարկ եղած կարգադրություններն արավ, որպեսզի հայերը արժանավոր ընդունելություն անեն շահին:

Սակայն Շահռուխ–բեկը փոխեց թագավորի միտքը։

Հայոց իսկական գանձերն ամբարված են Ագուլիսում, ասաց նա շահին. այդ գյուղաքաղաքը, որ կարավանի ճանապարհից հեռու գտնվելով՝ ծածկված է լեռնաձորում, ծառայում է հայերին իբր թաքստյան անկյուն։ Այդտեղ են ապրում թե՛ հարուստ խոջաները, որոնց տները լիքն են ոսկով ու արծաթով և թե՛ հայոց գեղեցիկները, որոնք էրմենիստանի փառքն են համարվում ։ Եթե շահը հաճի յուր հանգստյան օրերը անցընել այդ քաղաքում, նա կտեսնե թե՝ որքան բարիքներ կան այդ խորշում ծածկված և թե հայերը, որոնք, իբր թե միշտ արժանավոր ընծաներով են դիմավորում արեգակնափայլ շահին, դեռ որքան շատ բան են թաքցնում նրա հզոր աչքերից:

Այսքանը բավական էր որ ագահ և ցանկասեր շահի հետաքրքրությունը գրգռվեր։ Նա հրաման արավ իսկույն օթևան պատրաստել յուր համար Ագուլիսում։ Եվ Ամիրգյունեն, ինչպես հիշեցինք, սուրհանդակներ ուղարկեց Սիսականի ամեն կողմերը՝ Շահի այդ նոր հրամանը հայոց երևելիներին հայտնելու համար։

Այժմ դառնանք մեր պատմությանը։

Be the first who will comment on this

Other parts of "Անդրեաս Երեց"

Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy

Pears, peaches and pitcher
Pears, peaches and pitcher
Play Online