Muratsan

Անդրեաս Երեց

7

ԺԷ

Կալանավոր երեցի հաստատակամությունը տեսնելով՝ շահն յուր համբերությունը կորցրել էր արդեն: Ուստի երբ Շահռուխը խորհուրդ տվավ նրան արձակել յուր վերջին վճիռը, այն է՝ կամ բռնի մահմեդականացնել, կամ գլխատել քահանային, նա սիրով ընդունեց այդ խորհուրդը և հրաման տվավ բեկին՝ մունետիկ շրջեցնել քաղաքում և հայտնեք բոլորին թե՝ հանցապարտ երեցին երկու օր ժամանակ է տրվում իսլամի ուղղափառ հավատն ընդունելու և թլփատվելու. հակառակ դեպքում նա պիտի գլխատվի։

Երբ մունետիկները արքայի հրամանը հայտարարեցին, հայերը երկյուղից սարսափեցան։ Բայց հայուհիները, որոնք Սառա–խաթունի հրավերը ընդունել էին սիրով, հույս տածեցին թե՝ պիտի հաջողին Շահարասի ներողամտությունը վաստակելու։ Ուստի նույն օրն ևեթ, ահագին բազմությամբ դիմեցին շահի ապարանքը, առաջնորդ ունենալով իրենց խոջա–Անձրևի՝ շահից հարգված կնոջը։

Թագավորն, որ փենջարեի առաջ նստած խոսում էր յուր իշխանների հետ և, ընդ նմին, ավանի ձորալանջերը դիտում, զարմացավ երբ հանկարծ ապարանքի բակը կանանցով լցված տեսավ։

Այս ի՞նչ է, ովքե՞ր են. ի՞նչ են ուզում, հարցրեց նա իրար հետևից, առանց սակայն յուր աչքերը բակը խռնվող կանանցից հեռացնելու։

Իշխաններից մինը դուրս թռավ իսկույն պատճառն իմանալու և վերադառնալով՝ հայտնեց թագավորին հայուհիների գալստյան նպատակը։

Հայտնիր նրանց թե՝ իմ վերջին հրամանը հայտարարված է արդեն. թող ոչ ոք չհանդգնի հանցավորի մասին իմ առաջ խոսելու, հրամայեց թագավորը։

Բայց հազիվ բանբերը շուռ եկավ դուրս գնալու շահը կանգնեցրեց նրան։

Չէ, խնդրարկու կանանց չպետք է այդ ձևով վերադարձնել իմ շեմքից. նրանք իրավունք ունին նույնիսկ այս դահլիճը խուժելու, հավատալով որ այր մարդիկ չի պիտի վռնդեն նրանց... Ինքդ դուրս գնա, խան, դարձավ շահն Ամիրգյունեին, և հասկացրու նրանց քաղցրությամբ որ ես իմ վերջին ու անդարձ հրամանը արձակել եմ արդեն:

Ամիրգյունեն իսկույն տեղից ելնելով՝ իջավ խնդրարկուների մոտ, սկսավ խոսել և համոզել նրանց, բայց կանայք այդտեղից հեռանալ չկամեցան։

Բարի խանի հովանին թող անպակաս լինի մեր գլխից, դարձավ Սառան Ամիրգյունեին. շահի հրամանը հայտնի է մեզ. բայց մենք ցանկանում ենք որ մեր խնդիրը ևս հայտնի լինի նրան։ Հայտնիր շահին թե՝ նրան կամենում է տեսնել յուր մայրը... ասա որ ոչ մի որդի յուր դռան շեմքից չի հեռացնիլ մորը, առանց նրա խնդիրը լսելու։

Ամիրգյունեն կանգ առավ մի վայրկյան. և որովհետև ինքը ևս ցանկանում էր որ շահն ընդունե խնդրարկուներին, ուստի յուր հորդորը չշարունակեց. այլ վերադառնալով թագավորի մոտ՝ հաղորդեց նրան խոջա֊Անձրևի կնոջ խոսքերը։

Իմ մա՞յրը.. ո՞վ է իմ մայրը, խան. ես նրան վաղուց եմ թաղել. մի գուցե զառանցում ես դու, հարցրեց շահը զարմանալով։

Ոչ, տեր իմ. այդտեղ մի կին քեզ յուր որդին է անվանում և պահանջում է որ դու չհեռացնես նրան քո տան շեմքից առանց յուր խնդիրը լսելու, ասաց խանը, ձևացնելով՝ իբր թե, չէ ճանաչում Անձրևի կնոջը։

Կանչիր նրան այստեղ. հրամայեց շահը շաթիրին և վերջինս դուրս վազեց։

Մի քանի վայրկյանից հետո ներս մտավ Սառան, հետն ունենալով մի խումբ ավսարդ (տարիքավոր) կանայք և մի նորատի գեղեցկուհի. նրանք ամենքն էլ հագած էին հարուստ զգեստներ և ազատ էին քողերիցն, ըստ որում Շահը չէր սիրում որ կանայք յուր դեմը ելնեն են քողարկված։

Սառա-խաթու՞նը... այդպես էլ գուշակում էի... իսկ դու, խան, մի՞թե չճանաչեցիր նրան, հարցրեց թագավորը։

Վաղուց է չէի տեսել, շշնջաց Ամիրգյունեն։

Քանի վեհափառ շահը հյուր է մեր երկրում, խանի աչքերը չեն կարող հասարակ մարդկանց նշմարել. շահնշահի փառքը ստվերի մեջ է թողնում նրա ծառաներին ու աղախիններին, Հարեց իսկույն Սառան՝ առաջանալով դեպի թագավորը և երկրպագելով նրան։ Բայց խանի աչքերը պիտի նշմարեին մորը, նկատեց թագավորը ժպտալով։

Եթե խանը հավաստի լիներ թե շահը չի մոռացել այդ մորը... վրա բերավ Սառան։

Մոռանա՞լ, երբեք. շահը չի մոռանում արժանիք ունեցողներին։ Ես լավ հիշում եմ թե՝ ո՛րպիսի հոգածությամբ էիր հսկում դու Ջուղայում ինձ համար պատրաստվող խրախությանց վրա: Թե ինչպե՛ս էիր հոգում որ քո եղբոր, խոջա-Խաչիկի տանը ամեն ինչ իմ աչքերը տեսնեն քաղցր և հաճոյական։ Ես չեմ մոռացել թե՝ ի՛նչպես քո մի խելոք ու ազդու խոսքով դու զրկանք պատճառեցիր ինձ... և սակայն այդ զրկանքը փոխանակ ատելի անելու՝ սիրելի դարձրեց քեզ իմ աչքում... Ո՞վ է ձեզանից այդ դեպքը հիշում, դարձավ Շահն իշխաններին։

Ես չեմ մոռացել, տեր իմ. հառաջեց Ամիրգյունեն։

Պատմիր։ Թող իշխաններին լսեն, ասաց թագավորը ժպտալով։

Երբ ես ու Զիլֆըգար խանը առաջին անգամ մտանք Ջուղա՝ որպեսզի այդտեղ ընդունելություն պատրաստենք քեզ համար, տեսանք որ տեղացի հայերը ամեն ինչ պատրաստել էին մեր ցանկացածից ավելի։ Բայց երբ ուշադրությամբ դիտում էինք այդ պատրաստությունները՝ տեսնելու համար թե՝ չկա՞ արդյոք դրանց մեջ արքայիդ անհաճո մի թերություն, Զիլֆըգար խանը նկատեց.

Այս շքեղ պատրաստություններին պակասում են մի քանի հատ գեղեցկուհիներ, որոնց հայ ժողովուրդը նվեր պիտի բերե շահին...։

Հայոց համար, ըստ երևույթին, ծանր ու անսովոր ընծայաբերություն էր այդ: Այնուամենայնիվ, նրանք մեր պահանջը մերժելու փորձ անգամ չարին։ Ամենալավ ընտանիքներից ընտրվեցան յոթ գեղանի օրիորդներ, որոնց և, ինչպես կհիշես, ներկայացրին արքայիդ խոջա-Խաչիկի ապարանքում...։

Այժմ ես կշարունակեմ, ընդհատեց Թագավորը. բոլոր ընծաներից ավելի թանկագինն այդ գեղցկուհիներին Էին։ Բայց երկու զորավոր խաների պատրաստածը այս տկար կինը ետ խլեց մի խոսքով։ Աղջիկները ներկայացել էին ինձ քողերով։ Երբ ես հրամայեցի բանալ դեմքերը, իսկ նրանք դժվարանում էին, Սառա֊խաթունը բացականչեց. «Բացեք երեսներդ. ձեզ հրամայում է թագավորը և ձեր եղբայրը»։ Երևակայիր, խան, այդ եղբայրբառը զինաթափ արավ ինձ. սիրտս այդ ժամանակ քնքուշ էր և դյուրազգաց։ Երբ աղջիկներն իրենց քողերը բացին, տեսա որ չքնաղ են հյուրիների չափ։ Բայց ես որոշեցի չժառանգել ոչ մեկին։ Եմ հյուրընկալ տիրուհին նրանց ինձ «քույրեր» անվանեց, ի՞նչպես կարող էի իսլամի համար նվիրական այդ անուններն անարգել...

Այո, խաթուն, դրանք իմ քույրերն են, իսկ դու այսօրվանից կկոչվես ինձ մայր, ասացի ես հանդիսաբար, և այդ օրից, ահա, այս հայուհին իմ մայրն է։

Ավաղ, տեր իմ. եթե իմ վարմունքով զրկանք եմ պատճառել քեզ, ապա ուրեմն իզուր եմ պարծենում թե քո մայրն եմ ես, ասաց Սառան։

Զրկա՞նք. ո՞չ. լավ է յոթ քույր ունենալ քան յոթ կին։ Յոթ քույրերից սիրվելը երջանկություն է, իսկ յոթ կանանց գգվանքը՝ դժոխք։ Քույրն յուր սիրո համար վարձ չի պահանջում, մինչդեռ կինը կթունավորե սիրտդ, եթե անվարձ թողնես յուր մի ավելորդ գգվանքը։

Եթե այդպես է, ապա քո մայրն աղաչում է քեզ ծնկաչոք... ։

Այս ասելով Սառան ծնկան իջավ թագավորի առաջ. նույնն արին և յուր հետևորդները։

Եթե հանցավորի համար է խնդիրդ, չի պիտի լսեմ, ընդհատեց հանկարծ թագավորը։

Քեզ խնդրում են այժմ հազարավոր մայրեր. քեզ պաղատում են հազարավոր քույրեր, լսիր նրանց, տեր իմ, նայիր նրանց արտասուքներին, բացականչեց Սառան՝ ձեռքերը կողկողագին դեպի թագավորը տարածելով։

Լսիր, կին դու. խոսել սկսավ շահը մեղմով, անցյալ հիշատակները ինձ մի փոքր զբաղեցրին և ես մոռացա թե ինչու համար ես դու այստեղ։ Ես քեզ հարգում եմ, իբրև մի կնոջ, որին մի անգամ «մայր» անունն եմ տվել, ուստի և չեմ կամենում խոսել քեզ հետ խստությամբ։ Բայց գիտցիր որ ևս չէի խնայիլ նույնիսկ իմ հարազատ մորը, եթե նա Ժտեր ներումն խնդրել ինձանից մի ապիրատի համար, որ յուր թագավոր որդուն անարգել է հրապարակավ...

Աստված, որ թագավորների թագավորն է և համայն տիեզերքի արարիչը, ներում է հանցավորին երբ նա զղջում է և քավում յուր մեղքերը։ Կալանավոր քահանան վաղուց զղջացել է յուր արածի համար, իսկ նրա կրած չարչարանքները քավել են արդեն նրա հանցանքը։ Ես համարձակվում եմ ներումն խնդրել, որոհետև հավատում եմ թե՝ իմ թագավոր որդին կցանկանա հետևել յուր արարիչ աստծուն։

Շահը մի վայրկյան լռեց և աչքերը շուրջ հածելով՝ կարծես, կամենում էր իշխանների ցանկությունը գուշակել։ Հանկարծ Շահռուխն առաջ գալով՝ կեղծ կարեկցությամբ ասաց.

Որքա՜ն ցավալի է, տեր իմ, որ հարգարժան խաթունը յուր խնդիրն առաջարկում է քո երդումից հետո։ Եթե նա վաղ ներկայանար...։

Օ՜, անհնարին է, մայր իմ, բացականչեց շահը, կարծես քնից վեր թռչելով. անհնարին է. ես երդվել եմ աստծո և իմ իշխանների առաջ։ Ես չեմ ներիլ հանցավորին, մինչև որ նա յուր հավատը չուրանա։

Աստված կներե երդմանդ՝ բարի գործ կատարելուդ համար, ասաց խաթունը։

Անհնարին է, ես երդվել եմ իմ գլխով։

Հազարավոր բերաններ կօրհնեն քեզ սրտագին և քո մեծափառ գլուխը ազատ կմնա չարիքից։

Ես վերջին խոսքն ասացի. հանցավորը կամ պիտի յուր հավատն ուրանա և կամ նշանակված օրը գլխատվի:

Գթացիր, տեր իմ, գեթ այս թշվառին, որի մահն ու կյանքը գտնվում է քո ձեռքում...այս ասելով խաթունը բարձրացավ տեղից և առաջ քաշեց պառավների ետևը կծկված գեղեցկուհուն։

Վերջինս ծունկ չոքեց թագավորի առաջ և աղաչավոր հայացքը ձգեց գահի պատվանդանին։

Ո՞վ է սա, հարցրեց թագավորը՝ հետաքրքրությամբ դիտելով երիտասարդ կնոջը որի գեղեցկությունը կրկնապատկվել էր դեմքի վրա ունեցած անուշ տխրության և աչքերում փայլող արտասուքի պատճառով:

-Սա ամուսինն է այն դժբախտ քահանայի, որին մեծափառ շահը կամենում է գլխատել, -պատասխանեց Սառան։

-Սա այն աղջիկն է, որ սահմանված էր Կրբլեյը-Ալե-մի ազիզ հարեմի համար և որին, սակայն, իմ ձեռքից խլեց հանցավոր քահանան, հարեց Շահռուխը, գրեթե շշնջալով։

Թագավորն սկսավ ավելի ևս ուշադրությամբ նայել գեղեցկուհուն և մի վայրկյան լռությունից հետո ասաց.

-Սրտանց ցավում եմ որ ահավոր երդումն արի. ապա թե ոչ այս հանըմի արցունքների համար կներեի նրա ամուսնուն։

Այս ասելով թագավորը վեր կացավ տեղից և կամենում էր հեռանալ, ոչ ոք պատճառը գուշակել չկարողացավ։

-Լսիր վերջին խնդիրս, տեր իմ, բացականչեց Սառան։

-Ես հեռանում եմ, որովհետև չեմ կամենում հրամայել` որ դու հեռանաս... հեռանում եմ, ոչինչ այլևս չլսելու համար,-ասաց շահը։ Եվ այս խոսքերն արտասանվեցան այնպիսի եղանակով, որ Սառա-խաթունը ետ քաշվեց երկյուղից»: Բայց նրա փոխարեն գոչեց դեպի շահը երիտասարդ տիրուհին. Մեծափառ արքա, գեթ ինձ լսիր մի վայրկյան։

                                                                                                                     Դու էլ ես կամենում խոսել,  դարձավ թագավորը դեպի նորատի կինը։                                                 
                                                                                                                   

Հրամայիր, տեր, որ իմ ամուսնու հետ միասին ինձ ևս գլխատեն, որովհետև նրա մահից հետո ես չեմ կարող ապրել:

                                                                                                          Թագավորը հառեց աչքերը երիտասարդուհու վրա և դիտեց նրան մի վայրկյան, ապա ժպտալով ասաց.                                                    
                                                                                                                     Դու պատվի ես արժանի և ոչ գլխատման. ես քո վիճակը կկարգադրեմ և դու գոհ կլինես ինձանից...։                                       
                                                                                                                 

Այս ասելով թագավորը դուրս ելավ իսկույն. Շահռուխր հետևեց նրան։ 205 Երբ նրանք մտան առանձնարանը, շահը դարձավ Շահռուխին։

Այս ինչ հրաշալի գեղեցկուհուց ես զրկել ինձ, բեկ։

Ոչ թե ես, այլ Ամիրգյունե խանը, տեր. եթե նա հանած չլիներ ինձ պաշտոնից՝ այս աղջիկը վաղուց Սպահանում կլիներ. պատասխանեց Շահռուխը, ուրախանալով որ դեպքը հաջողում է իրեն չարախոսել Ամիրգյունեից։

Բայց շահը, կարծես, չլսեց բեկի պատասխանը, նա ուրիշ մտքով էր զբաղված։ Գեղեցկուհու արտասովոր աչքերը նրա գութը շարժելու փոխարեն՝ ցանկական կրքերն էին վառել։

Ով անմիտ երիտասարդություն... բացականչեց նա հանկարծ. ինչպես հեշտությամբ կարողանում էի այն ժամանակ զրկանքներ պատճառել ինձ. որպիսի ունայն պարկեշտությամբ հեռացրի Ջուղայեցի գեղեցկուհիներին, և այն՝ այս պառավի մի խոսքով... մի՞թե իրավունք ունեի այդքան անմտաբար վերաբերվիլ դեպի կյանքը, որ այնքան կարճ է և որն ստացել ենք աստծուց լիուլի վայելելու համար... Այժմ միայն, երբ արդեն անցնում են առնական տարիքս, ես մտաբերում եմ իմ գործած սխալները և հազիվ կյանքի հաճույքները գնահատում... ուշ է. այո. բայց և այնպես, դեռ մահը շուտ չի հասնիլ. վայելենք կյանքը, որքան կարող ենք, վայելենք, քանի հրապուրիչ է նա մեզ համար...։

Անշուշտ, տեր իմ, վրա բերավ Շահռուխը. այդ իսկ պատճառով խորհուրդ տվի քեզ գալ Ագուլիս։ Բայց ափսոս անզգամ քահանան ծածկել է գեղեցիկների մեծագույն մասը և այն՝ այնպիսի ճարպիկությամբ որ իմ հետազոտություններն իսկ ապարդյուն անցան։

Եվ սակայն, յուր չար բախտից, նա չէ կարողացել սեփական գեղեցկուհուն թաքցնել, նկատեց թագավորը: Շահռուխը հասկացավ շահի միտքը և շտապեց հեռացնել նրա ուշադրությունը գեղեցիկ տիրուհուց, որին ինքը յուր սեփականությունն էր համարում:

Այդ գեղեցկուհին, տեր իմ, անցցրել է արդեն տարիքը. նա արժանի չէ շահնշահի բարեհաճ ուշադրության, ասաց նա հոգածու եղանակով: Շահն յուր սեփական աչքերն ունի, բեկ, մի՜ գուցե այդ հարսը քեզ էլ է գրավել, նկատեց թագավորը ժպտալով:

Քավ լից, տեր իմ. ես միայն քո հաճույքի խոնարհ ծառան եմ, պատասխանեց Շահռուխը նույնպես ժպտալով:

Գիտեմ քո գաղտնիքները: Բայց դու անհոգ կաց. ես չեմ զրկիլ քեզ: Այդ գեղեցկուհին միայն մի շաբաթ կվայելե իմ շնորհը, իսկ այնուհետև ինքդ կարող ես խնամել նրան ինչպես որ կցանկանաս։ Միայն թե քահանան շուտ պիտի գլխատվի։ Քանի նա այսպիսի գեղեցիկ կին ունի, հարկ չկա այլևս պատիժը հետաձգել:

Բայց եթե այդ կինը տհաճություն պատճառե քեզ յուր տխրությամբ...

Որքան միամիտ ես. կա՞ միթե աշխարհում ավելի քաղցր հաճույք քան այն՝ որ մարդ վայելում է արտասվող կնոջն յուր գրկում սեղմելով... բացի այդ, բեկ, ես դեռ չեմ պատահել մի կնոջ, որ ավելի ջերմությամբ չլիներ գրկած ինձ հենց այն պատճառով, որ ես խլել եմ նրան յուր ամուսնուց:

Կինը, որ ուժի երկրպագուն է, ավելի սիրում է զինքը բռնաբարողին քան յուր հաճությունը մուրացողին...

Եթե այդպես է, ուրեմն մենք այդ հարսին ժամանակ կտանք միայն մի տասն օր։

Ամուսնու մահը սգալո՞ւ, հարցրեց թագավորը:

Այո:

Հինգ օրն էլ բավական է. որքան քիչ լա նա, այնքան գոհ կլինի մեզանից: Դու այժմ շտապիր մունետիկ շրջեցրու քաղաքում: Վաղը մինչ կեսօր ամեն ինչ պիտի վերջանա:

Իսկ եթե քահանան հոժարվի ընդունել մեր հավա՞տը:

Այն ժամանակ թող նա տեր լինի յուր կնոջը, որի փոխարեն, անշուշտ, հյուրիներ կտան մեզ ջեննաթում։ Շահռուխը գլուխը խոնարհեց շահին և դուրս գնաց։

ԺԸ

Մունետիկի ձայնը լսվեցավ նաև այն թաղում, ուր ապրում էին հայր Մատթեոս Երազմոսը և պապի նվիրակ՝ հայր Պողոս Չիտտագինին: Մունետիկի հայտարարությունը Անդրեաս երեցի գլխատման մասին, արդարև, առաջին անգամ դող հանեց նրանց սիրտը։ Գերապայծառ հայրերը խորհեցին և զգացին իբրև կարեկից քրիստոնյաներ. բայց այդ առ ժամանակ միայն։ Որովհետև քիչ հետո հայր Մատթեոսն ասաց.

Մենք իսկապես ցավելու իրավունք էլ չունինք. զի լավ է այր մի մեռանիցի ի վերայ Ժողովրդյանս և մի՛ ամենայն ազգս կորիցէ»։

Ընդհակառակը, պետք է որ ցավենք, որովհետև այդ երեցի մեռնելով է որ ազգը կորչում է, նկատեց Չիտտագինին։

Դու ուրեմն չհասկացար ինձ։ Ես այս ազգի հոգևոր և ոչ թե մարմնավոր կորստայան մասին եմ խոսում։ Չէ՞ որ այս քահանան էր մեր գործունեության խոչընդոտը։ Բայց ահա նա այժմ բարձվում է մեջտեղից և գործելու ասպարեզը մնում է ազատ...

Այդպես էլ հասկացա ես, ուստի և նկատեցի թե՝ հենց այժմ է կորչում ազգը։

Ի՞նչպես. մի՞թե նա կկորչի, եթե մեր փարախը մտնե. հարցրեց Երազմոսը։

Հենց այդ է ցավը որ մեր փարախը չի մտնիր։ Որովհետև եթե այդ քահանան հայրենի հավատի վրա նահատակվի, նա այնուհետև հայոց համար կդառնա մի պաշտելի սուրբ, մի աննման հերոս, որ յուր անձը զոհել է ժողովրդի փրկության։ Եվ ահա, այնուհետև նրա խոսածներն ու քարոզածները կդառնան հայոց համար երկնային պատգամներ... դու այլևս չես կարող ազատ շրջել քո թեմում կամ քարոզել հայ ժողովրդին դառնալ քո փարախը, որից տեր֊Անդրեասը սովորեցրել է նրան հեռանալ։ Այդ քահանայի նահատակությունը հայ եկեղեցու հաղթանակն է. պետք է աշխատել արգելք լինել այդ բանին..․

Հայր Երազմոսը սկսավ մտածել։ Չիտտագինիի դիտողությունը իրավացի էր։ Պետք էր ուրեմն աշխատել արգելման ճանապարհը գտնել։ Եվ ահա մի փոքր լռությունից ետ նա ասաց.

Եթե այդպես է, գերապայծառ հայր, քեզ վրա ծանրանում է մի օրինական պարտք, դու պիտի աշխատես կատարել այն փութով։ Այսի՞նքն։

Այս անգամ ևս դու պիտի հանդես գաս սրբազան պապի փառավորյալ անունով։ Պետք է մի անգամ ևս ցույց տաս հայ ժողովրդին տիեզերական քահանայի զորությունը։

Ի՞նչ պիտի անեմ, հարցրեց Չիտտագինին՝ հայացքը սևեռելով հայր Երազմոսի վրա։

Շահին ներկայացել են բազմաթիվ խնդրարկուներ՝ կալանավոր քահանայի մասին բարեխոսելու։ Ներկայացել են հայոց մեծամեծները, առաջնորդն ու քահանաները. Ամիրգյունե խանը, շահի ավագանին և, մինչև անգամ, ագուլեցվոց կանայքը։ Բայց թագավորը մերժել է ամենքին։ Մնում է այժմ որ դու հանդես գաս սրբազան պապի և Ֆրանզի ու Սպանիո թագավորների կողմից, (որոնց օրինական նվիրակն ես դու), և խնդրես Շահաբասից տեր-Անդրեասի ազատությունը։ Շահը, հավատացած եմ, մի հասարակ քահանայի պատճառով չի մերժիլ աշխարհի ամենազոր պետերի լիազոր նվիրակին: Դու կազատես կախաղանից նրան, որին ազատել չկարողացան բոլոր հայերն ու պարսից ավագանին։ Այդ հաղթանակը կբարձրացնե հայ ժողովրդի աչքում երիցս երանյալ քահանայապետի անունը նրա ծառաների, այն է՝ նվաստներիս վարկի նշանակությունը։

Հայր Չիտտագինին, որ ուշադրությամբ լսում էր կարգապետին, բանավոր գտավ նրա առաջարկությունը։

Արդարև, մեր միջամտելու ժամանակ է, ասաց նա. շահը չի մերժիլ իմ խնդիրը, որովհետև նա ինքն է առիթներ որոնում՝ բարեկամության ապացույցներ ներկայացնելու սրբազան պապին։ Մեր հաղթանակն ապահովված է, գիտեմ, մենք կազատենք քահանային. բայց այդ բարիքը թեթևագնի չի պիտի վաճառենք։ Դու նախ պիտի տեսնվիս մեղապարտի հետ և խոսք առնես նրանից՝ որ յուր ազատությունը ստանալուց ետ՝ նա ոչ միայն մեզ դեմ գործելուց դադարե, այլև ինքն անձամբ մտնե ունիթորների կարգը և ծառայե մեզ հավատարմությամբ։ Այս պայմանով միայն ես կներկայանամ շահին և կազատեմ այդ երեցին կախաղանից։

Իսկ եթե նա այդ առաջարկությունը չընդունե՞։

Անկարելի է որ դիմադրե։ Նա այնքան շատ է տանջվել այս յոթյակում, որ սրտանց կփափագե ազատվել բանտից և, նամանավանդ, անարգ կախաղանից: Աշխարհից բաժանվիլը այնքան էլ հեշտ չէ, մանավանդ, երիտասարդ մարդու համար, որ հույսեր, ակնկալություններ ունի, որ կարող է կյանքի բարիքները վայելել...

Իցև թե այդ ամենը առ ոչինչ գրեց նա։

Այն ժամանակ...

Հայր Չիտտագինին սկսավ մտածել և չգիտեր ինչպես որոշել։ Մի քանի վայրկյան լուռ խորհելուց հետո՝ վերջապես ասաց. այսուամենայնիվ, մենք պետք է ազատենք երեցին։ Դա այնպիսի մի առիթ է, որից չշահվիլը կլինի անմտություն։ Երեցին ազատելով մենք կկատարենք մի գործ, ձեռք կբերենք մի հաղթանակ, որով թե սրբազան պապի անունը կհռչակվի և թե՛ մեր վարկը հայոց աչքում կբարձրանա։ Այդ հաղթանակը կծառայե մեզ նաև իբրև զենք, որով մեր ամենից համառ հակառակորդներն իսկ կընկճվեն։

Եթե այդպես է, ուրեմն ես մի ժամից կայցելեմ տեր֊Անդրեին և հարկ եղածը կխոսեմ նրա հետ, ասաց հայր Երազմոսը։

Այո՛, պիտի այցելես և խոսե՛ս. պիտի աշխատես համոզել... իսկ ես կերթամ շահի դուռը՝ մեծամեծների հետ տեսնվելու։ Անշուշտ վաղ առավոտ կներկայացնեն ինձ շահին, հարեց Չիտտագինին։

Քիչ Ժամանակից հետ դուրս եկան տանից երկու հայրերը։ Նրանցից մինը դեպի բանտն ուղղվեցավ, իսկ մյուսը՝ դեպի Դուռը։

ԺԹ

Օրհասական առավոտը լուսացավ։ Երկինքը պարզ էր և անամպ։ Արևը, որ ծագում էր Ալանգեոզի ետևից, յուր պայծառ ճառագայթներով ողողել էր արդեն Ագուլյաց ձորի ձյունապատ լանջերը և ավանի բոլոր բարձրադիր բնակությունները։ Ջորի խորքը միայն և Դաշտ ավանը մասամբ՝ ծածկված էին դեռ մշուշով, որ վաղորդյան շողերի առաջ դեղին՝ իսկ ստվերապատ վայրերում կապույտ գույն առնելով՝ դարձել Էր անթափանցիկ։ Ագուլիսում, սակայն, ամենքը ոտքի վրա էին, այդ ժամանակ։ Ավանի մեջ տիրում էր անսովոր կենդանություն. փողոցները լցվել էին անցորդներով և մարդիկ ու կանայք՝ ծերեր թե երիտասարդներ, խումբ խումբ ժողովված դիմում էին դեպի բանտը։ նրանցից ոմանք գնում էին ծանրաքայլ, ուրիշներն՝ շտապով, բայց ամենքն, առհասարակ, տխուր և հուսահատ, շատերն էլ ցասկոտ դեմքով, որովհետև գնում էին հայ եկեղեցուն ու անվանը հասանելիք անարգանքն իրենց աչքով տեսնելու։

Բանտի առաջ տարածվող տափարակի վրա կանգնած էր բարձր կախաղանը, որի վրա տակավին բանում էին հյուսները, ըստ որում գործը նախընթաց երեկոյից սկսելով՝ դեռևս չէին ավարտել։ Սարվազները խարազանով ցրվում էին ամբոխը, որ հետզհետե ստվարանալով՝ խառնվում էր կախաղանի շուրջը և դեպի հյուսներն ուղղած լուտանքներով արգելք լինում նրանց աշխատության։

Անամոթնե՛ր, անիծյալնե՛ր, ո՞ւմ համար եք այդ կախաղանը շինում... ինչո՞ւ եք պղծում ձեր արհեստը. ավելի լավ չէ՞ այդ ուրագներով ձեր գլուխը ջարդեք՝ քան թե դրանցով դևերին ծառայեք։ Չգիտե՞ք որ վարձերնիդ դժոխքում պիտի ստանաք, որ ազգ ու ազգատոհմով գեհենը պիտի թափվիք...։

Այս և նման լուտանքներ շարունակ ամբոխը տեղում էր դեպի հայ հյուսները. իսկ վերջինները և՛ բանում, և՛ արդարացնում էին իրենց.

Ա՛յ բարի մարդիկ, ա՛յ քրիստոնյաներ, ինչո՞ւ եք մեզ հայհոյում. մենք հո մեր կամքով չե՞նք եկել այստեղ, մեզ զոռով են դուրս հանել տանից և զոռով էլ քարշ տվել այստեղ։ Աստուծո սիրուն համար՝ մի՛ անիծեք մեզ, խեղճ բանվորն ի՞նչ անի ֆարրաշբաշու հրամանի դեմ. ամեն մեկիս մեջքերին մտրակի տասնյակ հարվածներ են իջել. մեր ցավն արդեն բավական է, դո՞ւք ինչու եք մեզ տանջում...

Չնայելով այս միջանկյալ արգելքներին՝ այսուամենայնիվ, կախաղանի գործը վերջացավ։ Շուտով եկան մի քանի խումբ զինվորներ, որոնք փայտակերտը շրջապատեցին, որպեսզի պատժի գործադրության ժամանակ՝ ամբոխի շարժման առաջն առնեն։ Բայց վերջինը շարունակ ստվարանում էր և ընդարձակ տափարակը հետզհետե գրավում: Ագուլիսն ու Ղաշտը գրեթե դատարկվել էին. ամեն ոք ցանկացել էր վերջին անգամ տեսնել անզուգական հովվին, կամ ներկա լինել նրա հերոսական մահվան։ Եվ այդտեղ խռնվել էին ոչ միայն հասարակ մարդիկ, այլև բոլոր նշանավոր հայերն՝ իշխաններ, մելիքներ, դատավորներ, ամբողջ հայ հոգեվորականությունը, և, մինչև անգամ, կուսանոցի միանձնուհիք՝ շրջապատված կանանց բազմաթիվ խումբերով։

Այստեղ էին նաև, տեր-Անդրեի ծնողներն և նրա երիտասարդ ամուսինը, երեքն էլ վշտահար, ընկճված և դալկադեմ։ նրանց շրջապատել էին Ագուլիսի ընտիր և անվանի ընտանիքները, որոնք և մխիթարում ու սիրտ էին տալիս նրանց, որովհետև պառավն ու հարսը շարունակ լալիս և կոծում էին իրենց։ Ծերունին միայն անխռով էր։ Եվ թեպետ նրա զառամյալ դեմքի վրա ևս գլորվում էին արցունքներ, սակայն նա խրատում էր կնոջն ու հարսին՝ բնավ չվհատվել և տրտունջ չհայտնել։

Մի՛ լաք, ասում էր նա, այլ աղոթեցեք աստծուն, որ ուժ տա մեր որդուն՝ քաջությամբ փորձության այս բաժակը ըմպելու. աղոթեցեք, որ նա արիացնե Անդրեին անտրտունջ նահատակվելու և մեր եկեղեցու անունը աշխարհի առաջ փառավորելու։ Մեր որդին, այո , կարող էր այսուհետև հիսուն տարի ևս ապրել. բայց նա կմեռներ առանց յուր համար պարծանաց մի հիշատակ թողնելու. մինչդեռ այսօր մահ ընդունելով՝ նա դառնում է մարտիրոս և դասվում սուրբերի կարգը... մի՞թե սրանից ավելի մեծ մխիթարություն կարող է լինել մի ծնողի համար, որ ցանկանում է ունենալ բարեհիշատակ զավակ...

Այս խոսքերն, արդարև, ազդեցություն արին պառավի և հարսի վրա. նրանք լալուց դադարեցին։

Բայց հանկարծ բացվեցան բանտի դռները և երևաց դահիճների կարմրազգեստ խումբը, որ յուր մեջ առած բերում էր երեցին։ Պառավն ու հարսը նշմարեցին նրանց. զարհուրեցնող պատկերը կանացի սրտերը խորտակեց. երկուսն էլ միանվագ ճիչ արձակեցին և նվաղելով ընկան շրջապատող կանանց ձեռքերի վրա։ Այնուհետև ամեն կողմ տիրեց խուլ շշուկ, «բերում են» խոսքը հնչեց իբր թնդյուն և ժողովուրդը հուզված՝ ծովի ալիքների պես, հորդան տվավ առաջ։

Բայց զինյալ վաշտերը անհոգ չէին այդ միջոցին, նրանք խռնվողներին ետ մղեցին իսկույն, որովհետև սկսան անխտիր հարվածել։ Խիզախողները, հարկավ, ետ փախան տագնապով և կախաղանի հրապարակը մաքրվեցավ ամբոխից։

Եվ ահա այդ ժամանակ դահիճները եկան կանգնեցին կախաղանի առաջ: Դահճապետը տեր-Անդրեասի թևից բռնելով՝ հանեց նրան փոքրիկ հողակույտի վրա, ամենքին տեսանեչի կացուցանելու համար։

Բյուրավոր աչքեր ուղղվեցան այդ վայրկենին դեպի անձնվեր երեցը, բյուրավոր սրտեր հառաչանք արձակեցին, տեսնելով նրան նիհար, դալկադեմ և դահիճներով շրջապատ։ Բայց հոգվո արիությունը չէր ընկճված նրա մեջ և այդ ցոլանում էր յուր դեմքի վրա։ Նա ողջունեց ժողովրդին քաղցր ժպիտով և ուրախացավ՝ լսելով նրա բերանից օրհնության մրմունջներ, որոնք ուղղվում էին յուր սիրելի անվանը։

Շուտով առաջ եկավ պատժարար վերակացուն, որ նստած էր աշխույժ նժույգի վրա և հանելով ծոցից շահի հրամանագիրը, բարձր ձայնով կարդաց։

Այդ հրամանագրի մեջ թված էին երեցի այն հանցանքները, որոց հետ պատմությանս ընթացքում ծանոթացանք, ապա որոշված էր այն անարգ պատիժը, որ կրում են այդ տեսակ հանցավորները: Դրա հետ միասին հիշատակված էր նաև շահի կողմից սպասվելիք ներումն ու վարձատրությունը եթե երեցը հանձն առներ քրիստոնեությունը թողնել և ընդունել մահմեդականություն։

Երբ հրամանագրի ընթերցումն ավարտվեց, առաջ եկավ պարսիկ կրոնապետը, որ մինչ այն կանգնած էր մեկուսի և սկսավ խոսել երեցի հետ։

Քեշիշ. դու երիտասարդ ես և դեռ կարող ես երկար ապրել։ Կյանքը ամենամեծ շնորհն է, որ աստված է տվել մարդուն։ Անմիտ է նա, ով չէ կամենում օգտվել այդ շնորհից։ Լսիր դու ինձ, քեզանից ավելի տարիքով և փորձված ծերունուս. ընդունիր իմ խորհուրդը, որ բարի է և իմաստուն։ Այստեղ քեզ սպասում են երկու տեսակ վարձատրություն. մինը կախաղանն է, որին արժանանում են գողերը, մարդասպանները և ամենից անարգ հանցագործները. մյուսը՝ արքայական ողորմածությունը, որին պիտի հետևին փառք, պատիվ, հարստություն և երջանկություն։ Առաջինը պիտի ընդունես՝ քրիստոնյա մնալով, երկրորդին պիտի արժանանաս՝ իսլամը դավանելով։ Խելոք եղիր, ուրեմն, և խնայիր քեզ, պարզե ձեռքդ դեպի ա՛յն վարձատրությունը, որ պատվավոր է և որը պիտի տա քեզ Մահմեդի սուրբ օրենքը...։

Իզուր է հորդորդ, ո՛վ մարդ, ընդհատեց երեցը կրոնապետին. եթե մինչև այսօր կրածս տանջանքները չեն քաղցրացրել իմ աչքում կյանքն ու նրա բարիքները, ապա կախաղանը չի պիտի անե ավելին։ Նա, ընդհակառակն, վերջ կտա իմ տանջանքներին, որն հավետ ցանկալի է ինձ։ Ձեր կրոնը սովորեցնում է ձեզ՛ վայելել բարիքներն այս անցավոր աշխարհում, մերը սովորեցնում է՝ վայելել նույնը այն կյանքում, ուր ամեն ինչ անանց, ամեն ինչ հավիտենական է։ Ես պիտի հետևեմ իմ կրոնի ուսման. որովհետև նա է բարին և ճշմարիտը։ Միակ շնորհը, որ դու կարող ես անել, այդ այն է, որ խորհուրդ տաս քո կրոնի պարծանք եղող այս դահիճներին՝ վայրկյան առաջ կատարել իրենց վրա դրված պարտքը...։

Այս մարդը չի դադարում հայհոյելուց. հրամայի՛ր կախել նրան, դարձավ կրոնապետը վերակացուին։

Բայց վերջինս, որ խնայում էր քահանային ոչ միայն նրա երիտասարդության և արտաքին գեղեցկության պատճառով, այլև նրա համար, որ գաղտնի հրաման ուներ՝ ստիպել նրան ամեն կերպ՝ հավատն ուրանալու, մոտեցավ քահանային և սկսավ հորդորել նրան՝ կատարել արքայի ցանկությունը։

Շահն առանձնապես պատվիրել է ինձ հայտնել քեզ, որ խոստացված վարձատրության տասնապատիկը պիտի ստանաս, եթե յուր ցանկությունը կատարես։ Արի՛, մի՛ համառիր, խնայիր քեզ, քո ծնողներին և ամուսնուն, և պաշտիր ընդհանուր աստվածը ոչ թե քո, այլ մեր հավատով։ Դրանով դու ոչինչ չես կորցնիլ, բայց կշահես կարի շատ...։

Այս և նման խոսքերով նա երկար հորդորում էր երեցին բայց տեսնելով որ սա անհողդողդ է, դիմեց շրջապատող հայերին.

Ձեր բոլորի մեջ չկա այսպիսի մի տղամարդ, ինչո՞ւ գոնե դուք չեք խնայում նրան, ինչո՞ւ չեք գալիս և չեք հորդորում որ թողնե աս յուր մոլորությունը։ Մի՞թե պատվով ապրելը գերազանց չէ անպատիվ մահից:

Թեպետ վերակացուն խոսում էր իբրև կենցաղասեր պարսիկ, այսուամենայնիվ, գտնվեցան և հայեր, որոնք նրա հրավերն ընդունեցին և մոտենալով քահանային՝ խորհուրդ տվին նրան՝ ուրանալ հավատը, գոնե առերես, որպեսզի ազատվի կախաղանից։

Մի՞թե այդպես չարին և հայ նախարարները, երբ Հազկերտը նրանց բանտարկեց Տիզբոնում, շշնջաց երեցի ականջին գրագետ մելիքներից մինը:

Այո՛, մելիք, այդպես արին հայոց նախարարները, պատասխանեց տեր-Անդրեն՝ տխուր ժպտալով, սակայն նրանք մի ամբողջ հայրենիք ունեին ազատելու, ուստի և ուրացան։ Բայց իմ ազատելիքը մի թշվառ մարմին է, որն այսօր կա և վաղը չի լինի: Արժե՞ արդյոք որ ես դրա համար իմ հավատն ուրանամ և, իբր չար օրինակ, կենդանի շրջեմ իմ ժողովրդի առաջ...։

Առերես ասացի, տեր հայր, միայն առերես. շշնջաց մելիքը։

Եվ ոչ իսկ առերես։ Մի՞թե չես հիշում Քրիստոսի պատվերը, «որ ուրասցի զիս առաջի մարդկան, ուրացայց և ես զնա առաջի հոր իմո, որ հերկինս է». ասաց նա յուր աշակերտներին։

Մելիքը կախեց գլուխը և հեռացավ։ Հեռացան նրա հետ և ուրիշներ։

Վերակացուն տեսնելով որ ոչ մի հորդոր չէ ազդում քահանայի վրա, հրամայեց իջեցնել կախաղանի կարթերը և ապա երեցին փայտակերտ պատվանդանի վրա հանելով՝ կանչել տվավ այդտեղ նրա ծնողներին և ասաց նրանց.

Ահա մի քանի վայրկենից ձեր աչքով պիտի տեսնեք թե՝ ի՛նչպես այս կարթերը խրվում են ձեր որդու փափուկ մարմնի մեջ, թե ի՛նչպես այս օղակը սեղմում է նրա սպիտակ տակ պարանոցը և մարմինը քաշելով տանում դեպի վեր և անշնչացնելով` օրորում օղի մեջ... պիտի տեսնեք թե` ի՛նչպես արյունը ժայթքում է նրա սիրուն բերանից և գեղեցիկ ղեմքը այլակերպվելով՝ սարսուռ է ազդում յուր վրա նայողին..։ Խղճացեք ուրեմն ձեր որդուն, խրատեցեք նրան ձեր ծնողական իշխանությամբ, գուցե նա թողնե յուր համառությունը։

Պառավը, որ հազիվ էր ոտքի վրա կանգնում, տեսնելով որդուն կախաղանի առաջ և շրջապատված դահիճներով, որոնցից ոմանք սրերն էին շողացնում, ոմանք՝ կարթերն ու խեղդանը պատրաստում, չկարողացավ այլևս ոտքի վրա մնալ. «Անդրե, սիրելի զավակ, մի՞թե ես քեզ դրա համար ծնեցի...» մրմնջաց նա աղիողորմ ձայնով և թուլանալով ընկավ գետնի վրա։

Երեցը հրաման առնելով՝ իջավ փայտակերտից և ծնկան գալով մոր առաջ՝ գիրկն առավ նրան։

Մի՛ տխրիր, մա՛յր իմ, որ սրա համար ծնեցիր ինձ, ասաց նա արտասվագին, այլ ուրախացիր, որովհետև որդիդ մեռնում է՝ միայն ապրելու համար... Երբ ես քո առաջ կարդում էի Շամունեի պատմությունը, դու հիանում էիր նրա քաջությամբ և երանում նրան այն պատճառովի որ յուր յոթ որդիներին հորդորեց նահատակվիլ հայրենի հավատո համար... ահա հասավ ժամանակը, մայր իմ, որ դու նմանվիս Շամունեին... օ՛ն, ուրեմն, քաջացիր և օրհնիր իմ ճանապարհը. թող հայ մայրերը օրինակ առնեն քեզնից, թող ամենքը սովորեն սուրբ գործի համար զոհել...


Երեցի խոսքերը ազդեցին մոր վրա. նա գրկեց որդուն, սեղմեց կրձքին և լսելով ասաց.

Օրհնում եմ քո ճանապարհը, Անդրե. գնա մեռիր... եթե աստված մահ է սահմանել քեզ համար, ապա լավ է որ մեռնես մեր սուրբ հավատի համար, գնա, ես չեմ տխրում...։

Երեցը համբուրեց մորը ջերմագին և խլվելով նրա գրկից դիմեց ծերունուն։

Դու ևս, հայր իմ, անշուշտ չես տխրում. ասաց և գրկախառնվեց։

Տխրի՞լ, քավ լիցի. ուրախության օր է այսօր, Անդրե. մի՞թե հայրը կտխրի յուր որդու անմահության համար... օրհնում եմ աստծուն, որ արժանի արավ ինձ քեզ հայր լինելու, օրհնում եմ այն օրը երբ դու ծնվեցար. օրհնում եմ այն ժամը, երբ դու շունչ առիր։ Դու, այո, պատիվ բերիր քո հորը և փառք՝ քո ազգին, թող օրհնեն քեզ, ուրեմն, բոլոր հայ բերանները. և նրանց օրհնությունը ամրացնե քո սիրտը, արիացնե հոգիդ աներկյուղ մահվան առաջ դիմելու։ Մի օր ծնվել ես, մի օր պիտի մեռնեիր. այս կախաղանը չի պիտի զարհուրեցնե քեզ. դիմիր դեպի նրան քաջությամբ և մեռիր անտրտունջ, որպեսզի փառավորես քո ազգի և եկեղեցվո անունը և դասակից լինիս այն սուրբերին, որոց պատմությունը հաճախ կարդում էիր մեր առաջ...։

Անպիտան ծերուկ, դու դեպի բարին հորդորելու փոխարեն, հակառա՞կն ես գործում. գոռաց հանկարծ վերակացուն, որին հասկացրել էին ծերունու խոսածները, և դառնալով դահճապետին՝ հրամայեց իսկույն բաժանել հորն ու որդուն, որոնք գրկախառնված՝ հրաժեշտի համբույր էին տալիս միմյանց։

Դահճապետը կատարեց վերակացուի հրամանը և երեցին նորից հանեց փայտակերտի վրա։

Այժմ արդեն պատրաստ եմ, արե՛ք ինձ հետ ինչ որ հրամայված է ձեզ, գոչեց երեցն հանդիսավոր և գոտին լուծելով՝ սկսավ մերկանալ։

Մի վայրկյան ևս, և մահը կմոտենա քեզ. խելոք եղիր և ապրիր... այս խոսքերով նորեն առաջացավ կրոնապետը և սկսավ հորդոր կարդալ երեցին։

Վերջինս չէր պատասխանում։

Առայժմ մեծ գործ չունիս կատարելու, շարունակեց կրոնապետը, բարձր ձայնով ասա. «լա իլլահ յուլ ալլահ, Մուհամմեդ ռեսուլ ալլահ...» և ամեն ինչ կվերջանա։

Երեցը լուռ էր։

Կրկնիր այս խոսքը երեք անգամ, բայց կրկնիր անկեղծորեն և դու կապրես, պնդեց կրոնապետը։

Երեցը դարձուց երեսը կրոնապետից և ձեռքերը երկինք ամբառնալով՝ սկսավ բարձրաձայն սուրբ հանգանակը կարդալ. «Հավատամք ի մի աստված, արարիչն երկնի և երկրի, երևելյաց և աներևութից...»։

Հազարավոր ժողովուրդը յուր միավորված ձեռքերն ամբառնալով՝ սկսավ երեցի հետ նույն «Հավատամքը» մրմնջալ։

Երբ կրոնապետն իմացավ որ քահանան յուր եկեղեցվո դավանությունն է կարդում, բարկացած գոչեց.

Աղա՛ վեքիլ. այս մարդը փեյղամբարին ու նրա քարոզած կրոնն է հայհոյում, ինչո՞ւ չես հրամայում լռեցնել սրան։

Վերակացուի ակնարկելով՝ դահճապետը վազեց դեպի քահանան և սուրը շողացնելով նրա գլխին՝ գոչեց.

Լռի՛ր, թշվառական, ապա թե ոչ՝ գլուխդ թռցնում եմ իսկույն։

Դահճապետի սրի հետ միասին մի քանի ուրիշ սրեր ևս շողացին քահանայի շուրջը, բայց նա անքթիթ և բարձրաբարբառ շարունակում էր «հանգանակը»։

Եվ որովհետև հրամայված էր կախել երեցին, ուստի ոչ ոք սրի հարված չտվավ նրան, սրերը շողացնում էին միայն վախեցնելու համար։ Բայց երեցն անհողդողդ էր։

Մոտեցրեք կարթերը և խրեցեք դրա կողերի մեջ, իջեցրեք խեղդանը և պարանոցն անցցբեք. թող այս համառ քրիստոնյան յուր աղոթքի մյուս կեսը կարդա օդի մեջ... հրամայեց վերջապես վերակացուն և դահիճները դժոխային եռանդով գործի դիմեցին։

Բայց ահա, հենց այդ վայրկենին, երևաց հեծյալների մի խումբ որ սպիտակ դրոշը ծածանելով արշավասույր դեպի պատժարանն էր դիմում։

Երբ այդ մասին հայտնեցին վերակացուին, նա հրամայեց դահճապետին սպասել մի վայրկյան, որովհետև իմացավ որ եկողները շահի կողմիցն են։

Երբ հեծյալները մոտեցան հրապարակին, դրոշակիրը բարձր ձայնով գոչեց.

«Կըբլեյը-Ալեմից ներումն հանցագործին»։

Այս խոսքերը դաշտի մեջ հնչեցին իբրև ավետաբեր հրեշտակի ձայն. հրճվանք ու ցնծություն տիրեց բոլորին և ժողովուրդը ոգևորված աղաղակեց՝ «Ապրի թագավորը, ապրի շահը...»։

Բայց երեցի դեմքը, որ մինչև այն ժպտուն էր և պայծառ, հանկարծ մռայլվեցավ. ներման լուրը, կարծես թե, հարված տվավ նրան: Եվ ոչ ոք չգիտեր թե ինչու տխրեց նա։

Սակայն պատճառը կարի մեծակշիռ էր։ Նա տեսավ որ հեծյալներին առաջնորդում են հայր Երազմոսը և հայր Չիտտագինին։ Նա գուշակեց որ արքայական ներումը ստացվել է նրանց շնորհիվ, ուստի և տխրեց, ինչպես քաջամարտիկ մի հաղթական, որի ձեռքից հանկարծ խլում են հաղթության շքադիր դափնին...

Դրոշակիրը առաջ գալով՝ ներման հրովարտակը հանձնեց վերակացուին։ Վերջինս համբուրելով այն՝ բացավ և սկսեց կարդալ.

«Բարձրյալ է աստված, որին պատկանում է երկնային թագավորությունը և որի հզոր աջը հովանի է անմահների մեջ բնակող «իմ արդար հոր Խուդավենդիի վրա»։

«Ես մեծ և հզոր Աբաս, թագավոր Իրանի և Փարսիստանի, արքա էրմենիստանի և Գյուրջիստանի, տեր և հրամայող բոլոր այն երկրների, որոնք աստուծո ամենակարող օգնությամբ պիտի խոնարհին իմ սուրի առաջ։

«Հայտնում եմ իմ սիրելի հպատակներին՝

որ զիջանելով խալիֆաների խալիֆ և կաթողիկոսների կաթողիկոս մեծ և բարձրապատիվ Հռովմա պապի, այլև Ֆռանգի և Սպանիո հզոր թագավորների արժանահարգ վեքիլ խալիֆ-Պողոս Մարիա-Չիտտագինիի խնդիրքին և աղաչանքին, ներում եմ Անդրեաս կոչված հայ քեշիշի գործած մեծ հանցանքը և, ի շնորհս իմ հոր, անմահ Խուդավենդիի, ազատում եմ նրան կախաղանից, հրամայելով որ այսուհետև նա լինի հնազանդ արժանահարգ վեքիլ խալիֆ Պողոսին և նրա ընկեր՝ պատվարժան խալիֆ Մատթեոս կարգապետին, այլ և լինի նրանց խրատների լսող կատարող, որովհետև իմ առաջ այդ երկու խալիֆները երաշխավոր են կանգնել յուր համար։

Գրվեցավ Ագուլիսում, իմ թագավորության 31-րդ տարում, Ջեմազի-յուլ-էվալ ամսո 20-ին Հիջրի 1034 թվին»։ Հրամանի վրա դրոշմված էր արքայական կնիքը:

Երբ վերակացուն ընթերցումն ավարտեց, պարզեց հրովարտակը տեր֊Անդրեասին՝ համբուրելու համար։

Երեցն առավ այն և առանց փայտակերտից իջնելու՝ հրաման խնդրեց վերակացուից մի քանի խոսք ասելու։

Վերջինս կարծելով՝ թե երեցը կամենում է յուր շնորհակալիքը հայտնել մարդասեր շահին, իրավունք տվավ նրան խոսելու։

Ժողովուրդ հայոց, բարձրաձայն, անշուշտ ուրախացաք որ արեգակնափայլ շահը ներեց ինձ իմ հանցանքը. և այդ՝ շնորհիվ «խալիֆների խալիֆ և կաթողիկոսների կաթողիկոս» Հռովմա պապի նվիրակ Չիտտագինիի։ Անշուշտ ձեզանից յուրաքանչյուրը շնորհակալ եղավ յուր սրտում գերապատիվ հորը յուր մարդասեր արարքի համար։

Այժմ ինձ լսեցեք։

Երեկ երեկո այցելեց ինձ բանտում ունիթորների կարգապետ հայր Մատթեոս Երազմոսը և առաջարկեց ինձ՝ թողնել իմ հարազատ հայադավան եկեղեցին և մտնելով ունիթորների կարգը, ընդունել կաթոլիկություն, հպատակել պապին և նրա նվիրակ եպիսկոպոսի միջնորդությամբ ստանալ իմ ազատությունը։

Ուրեմն, նա ինձ առաջարկում էր այն, ինչ որ ինքը, մեծափառ շահը։ Մինը պահանջում էր՝ թողնել քրիստոնեությունը և լինել մահմեդական, մյուսը առաջարկում էր՝ թողնել հայությունը և լինել կաթոլիկ... Արդյոք այս երկու առաջարկներն էլ միևնույն կշիռը չունի՞ն, երկուսն էլ միաժամանակ չէի՞ն պահանջում որ ես դավաճանեմ իմ ազգին, իմ հայրենական եկեղեցո՞ւն։ Հարկավ այդպես է։ Ուստի ես բացե ի բաց մերժեցի հայր Երազմոսին և նախատեցի նրան՝ յուր անարգ առաջարկի համար։ Բայց ահա, ինչպես տեսնում եք, պապի իմաստուն ծառաները չեն գոհացել իմ մերժմամբ. նրանք խնդրել և ստացել են շահից իմ ազատության հրամանը, որպեսզի կարողանան ձեզ ասել թե՝ «տեսեք, հայեր, որքան հզոր և կարող է պապը, որքան մեծ ու անսահման է նրա իրավունքը. այն մահապարտը, որին ազատել չկարողացան բոլոր հայերը ու պարսից ավագանին, ազատեց մի Չիտտագինի, լոկ Հռովմա պապի անունով... Եկեք, ուրեմն, հայեր, խոնարհեցեք այդ զորության առաջ, թողեցեք ձեր ազգությունը, ձեր եկեղեցին, ձեր լույս հավատը, սուրբ էջմիածինը և դարձեք ծառա Հռովմա գահին...»։ Օ՜ն և о՜ն, հայոց ժողովուրդ. մի՛ ուրախանաք այս նենգամիտ շնորհով, որն այսօր մի հոգի փրկելով՝ վաղը հարյուրը պիտի կորցնե. այսօր մի տեր-Անդրեաս ապրեցնելով վաղը նման տասին պիտի մեռցնե, չեմ ասում սրով, այլ հոգվով ու սրտով...։ Մի՛ ընդունեք ուրեմն այս շնորհը, մի՛ գոհանաք այս մարդկանց ձեզ արած ծառայությամբ։ Զոհեր տվեք աներկյուղ, եթե այդ պահանջում է ձեր եկեղեցվո ազատությունը. թողեք որ տեր-Անդրեասները մեռնին, եթե անհրաժեշտ է որ նրանց ժողովուրդը ապրի։ Եթե մեր հոյակապ նախարարները, աշխարհային գանձերով ճոխացած իշխանները զոհում էին իրանց անձը եկեղեցվո և ժողովրդի փրկության համար, ապա ո՞վ է տեր-Անդրեասը, որ փախուստ տա այդ պարտքից... Եթե հայոց եկեղեցին խաչվում է ամեն օր, եթե հայոց կաթողիկոսը կապված է շղթաներով, ինչո՞ւ նրա սպասավորը ազատ պիտի շրջի, աստուծո լույսն ու արևը ազատ վայելե... Այո, ես կմեռնեմ, և իմ մահը թող անեծք լինի այն հայի համար, որ յուր ազգն ու եկեղեցին դավաճանելու գնով կցանկանա ապրել...

Իսկ դուք, ո՛վ պատվելի հարք, տեր-Մատթեոս Երազմոս և տեր Մարիա-Չիտտագինի, որ առաքված եք այստեղ հայոց եկեղեցին քանդելու և նրա ավերակների վրա Հռովմա դրոշը բարձրացնելու, գիտացեք՝ որ ոչ միայն անարգ գործ եք կատարում, այլև վաստակում եք իզուր։ Զի հայոց եկեղեցին զորավոր է և նա յուր հիմքը փորող բազուկները կջախջախե: Նա զորավոր է ոչ թե աշխարհակալ արքաների պաշտպանությամբ, այլ յուր անձնվեր որդվոց նահատակությամբ, և նա չի ընկճվիլ, չի հաղթահարվիլ, թեկուզ Հռովմա պապը և Ֆռանգի թագավորները քրիստոնեության թշնամի Շահ աբասի հետ միացած աշխատեն նրան կործանելու համար: Կգա ժամանակ, երբ մեր այս Սյունիքում, ուր դուք այսօր հաստատվել և ամեն կողմ ցանցեր եք սփռել, ձեր հետքն անգամ չի երևալ, և հայոց հայրենական եկեղեցին կլինի միակ հովանավորողը չուր հարազատ զավակների: Օ՛ն, ուրեմն, ե՛տ վերցրեք ձեր բերած հրովարտակը. դժպհի են ինձ ձեր շնորհն ու բարիքը. խարդախյալ փրկությունից ավելի՝ ես մահն եմ գերադասում...»։

Այս ասելով երեցը պատառոտեց արքայական հրամանագիրը և պատառները ցրվեց օդի մեջ։

Մի հանկարծական աղաղակ բրդեց չորս կողմը: Հայերը սարսափեցան, պարսիկները կատաղեցին և կրոնավորներն սկսան հայհոյանք տեղալ մեղապարտի վրա։

Դահճապետը, որ մինչ այն անուշադիր էր դեպի երեցի խոսածները, որովհետև հայերեն չէր հասկանում, տեսնելով հրովարտակի պատառոտվիլը, հանեց իսկույն դաշույնը և խոյացավ քահանայի վրա։

Այդ ի՞նչ հանդգնություն է, գարշելի արարած, գոչեց նա զայրագին և դաշույնը թափով երեցի փորը խրեց։

Քահանայի աղիքը դուրս թափվեցան իսկույն։ Երեցը, որ տակավին կանգնած էր անհողդողդ, սկսավ ձախ ձեռքով արյունաշաղախ ընդերքը ժողովել փորի մեջ, իսկ աջով խաչակնքել երեսը և աղոթել։

Դահիճներն անընդհատ հարվածներ էին տալիս խաչակնքող ձեռքին և աղոթող բերանին. բայց նա անշարժ էր։ Թվում էր թե մարմինը, որի վրա հարվածներ էին տեղում, այլևս իրենը չէր, թե հոգին անզգա էր մարմնո տանջանքներին։

Վերջապես մոտեցավ պատժարար վերակացուն և հրամայեց կախաղան հանել նրան։

Այո՛, կախեցեք, բայց ոչ իբրև հասարակ հանցավորի, այլ իբրև մեծ ոճրագործի. կախեցեք գլխավայր որպեսզի տանջանքը ժամերով տևի, հրամայեց նա։

Դահիճներն իսկույն գետին գլորեցին երեցին և սրերով պատառեցին նրա սրունքների ջիղերը, ապա երկաթե կարթերը նրանց մեջ անցցնելով քաշեցին դեպի կախաղանը։

Այսպիսով թշվառ զոհը գլխիվայր կախված՝ ճոճում էր օդի մեջ. իսկ փորոտիքը թափվելով՝ ծածկել էին կուրծը, որով նա նմանվում էր սպանդանոցում կախված մորթազերծ ոչխարի. միայն այն զանազանությամբ՝ որ վերջինս անշնչացած լինելով չէր զգալ յուր ցավերը, մինչդեռ կախված երեցը հեծում էր սոսկալի տանջանքների ներքո։ Եվ նրա հեծության ձայնակցում էր ժողովուրդը լալագին հառաչելով։ Այն իսկ պատճառով վերակացուն հրամայեց ցրել ամբոխը, որպեսզի գրգռում չառաջանա։ Զինյալ վաշտերը կատարեցին տված հրամանը։ Իսկ զրահավորների մի ուրիշ խումբ կախաղանը շրջապատեց՝ երեցի մահվան սպասելով։

Սակայն այդ մահը շուտ չհասավ։ Արի նահատակը ծանր ու սոսկալի տանջանքներ կրեց. բայց կրեց անտրտունջ և յուր հեծության մեջ անգամ՝ աստուծո անունն օրհնելով։

Արևը մայր մտնելու մոտ նա յուր արդար հոգին ավանդեց:

Երբ շահն այս բոլոր եղելությունն իմացավ, կատաղեց ինչպես վիրավոր գազան և յուր հրովարտակի անարգանաց վրեժը հրամայեց առնել նահատակի դիակից։

Գցեցեք նրան շինություններից դուրս, բաց դաշտի վրա. ոչ ոք թող չհամարձակի ամփոփել այդ դիակը, մինչև որ շներն ու գիշերային գազանները չցրվեն նրան ամբողջապես, հրամայեց շահը և այդ հրամանը կատարվեցավ իսկույն։

Նահատակի մարմինը վերցնելով կախաղանից՝ ձգեցին հեռու, ամայի դաշտը։

Բայց հայերն անմիջապես պահապաններ կարգեցին, որպեսզի նրանք գիշեր ու ցերեկ հսկեն դիակի վրա, մինչև որ մեծամեծները հաջողեն հրաման առնել շահից սուրբի մարմինն ամփոփելու համար։

Be the first who will comment on this

Other parts of "Անդրեաս Երեց"

Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

Pears, peaches and pitcher
Pears, peaches and pitcher
Play Online