Ghevond Alishan

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ոգեղեններ
  1. Ոգիներ․ քաջքեր, ուրվականներ, ուրհիկներ
  2. Բարի ոգիներ․ հրեշտակներ, եզանից աղեկներ, աղեկ մանուկ, հավերժահարսեր
  3. Չար ոգիներ․ չար, սատանա, դևեր, վատեր, այսեր, սուռնափա, թուխեր, խաժեր, շիդար, թպղա, ալեր, անբնակ տեղեր, առնակ, գրող, խպլիկ, հանդիան, նեռ

Հրեշներն և ճիվաղները, որքան էլ սնահավատների մեջ առաջացրել են կրոնական զգացումներ, միշտ ճանաչվել են որպես վայրի ու կենդանական կամ կիսով չափ բանական, կիսով չափ ոչ բանական։ Բոլոր ազգերի հին կրոններում հիշատակվում են նաև սրանցից վեր էակներ՝ իբրև բանական և հոգեղեն, շատերը՝ որպես պարզ ոգի, ոմանք՝ նաև մարմնավոր։ Ըստ հեթանոսների սովորական տկարամտության, դրանցից շատերը ավելի չար, քան թե բարի ոգիներ են, որոնք, ըստ քրիստոենական մտքի, կարող են վերաբերել երկու ծանոթ դասակների՝ հրեշտակներին ու դևերին, որոնք Աստծու կամ աստվածների և մարդկանց միջև միջնորդներ ու պաշտոնատարներ են, և գեթ ոմանք նաև աստվածազուններ են կամ աստվածների մերձավորներ։ Կան նաև այնպիսիները, որոնք միջակա են թվում, և դրանց չարն ու բարին որոշելը դժվար է։ Կարծում եմ՝ այդպիսին են հայոց քաջքերն ու ուրվականները։ Նախ անդրադառնանք դրանց։

Հայոց սեփական գլխավոր կրոնական էակներից մեկը քաջն է, որի անունը սովորաբար ասվում է հոգնակի՝ քաջք։ Քաջքերի զորությունը համապատասխանում է արաբների ջին կամ չին կոչվածին, որին անունով իսկ նման են հռոմեացիների և նորերի Genius, Gйnie ոգիները՝ իբրև բնության տեղանքների և էակների, նաև մարդկանց համար հոգացողներ՝ որոշ չափով նման մեր պահապան հրեշտակներին։ Թվում է՝ արևմտյանների մոտ սրանք բարերար ոգիներ են, իսկ մեր և արևելցիների մոտ՝ առավելապես անաչառ․ կամ պատժող, թեև ոչ չար, ինչպես վկայում է մեր մեծ փիլիսոփա Դավիթը․ «Քաջ է ոգի բացարձակ ի հողեղէն մարմնոյ (այսինքն՝ անմարմին), ըստ ինքեան գոլով բարի»։

Հայտնի է, որ մեր հայերեն բառի պարզ իմաստը «զորավոր, կտրիճ» նշանակելն է, և ըստ այսմ է քաջքերի՝ իբրև արդարության ու պատուհասների պաշտոնատարների գործը, և այդ իսկ պատճառով ավելի ահարկու են եղել, քան գգվելի։ Մեր բոլոր ազգակիցներին ծանոթ է իրենց Արտավազդ թագավորի հետ պատահածը, որին նրա հայրը (Արտաշեսը) անիծեց, որ քաջքերը բռնեն նրան ու տանեն, Մասիսի խավար խոռոչների մեջ կապեն ու պահեն։ Մեր հին վիպասանների երգերից ու պատմիչներից առնվածը և տոնական «Հայսմավուրք»֊ում գրվածը շատ անգամ է հիշվել (նավասարդի հիշատակով), և մենք էլ ակնարկեցինք (էջ 26)՝ ըստ մեր հեթանոս հայերի կարծիքի․ Արտավազդին հավատարիմ երկու որսի շները լիզելով այնպես էին մաշում նրա շղթաները, որ տարվա վերջին այն դառնում էր մազի հաստության, ինչը քանդելով՝ նա պիտի ելներ և աշխարհը տակնուվար աներ, ավերեր։ Բայց դարբինների կռանների և այլ նյութերի հարվածների ձայնից շղթաները իսկույն հաստանում էին, և կապվածը դեռ մնում էր այնպես, ինչպես էր։ Սա մերոնցից նախ հիշում է Եզնիկը և քաջք֊ի փոխարեն դև է անվանում, իսկ Խորենացին և այլք գրում են ավելի պատմական ոճով և քաջ կոչելով։

Արտավազդից ոչ շատ առաջ հայերս ունեինք մի բռնակալ թագավոր (Երվանդ, որի անունը նշանակում է «օձ կամ վիշապ»), և ասում են, թե քաջքերը սրան էլ բռնեցին ու քաշեցին «ի գետս ի վեր մռայլս»։ Թվում է, թե իրենք՝ քաջքերն էլ այդպիսի տեղերում էին թափառում, և հավանորեն նրանց հիշատակով են տրվել աշխարհագրական մի շարք անուններ, ինչպես՝ Քաջավազ դաշտ, Քաջաբուրգ գյուղ՝ Վանդանում, Քաջունիք, Քաջաքար լեռ՝ Խաղտյաց կողմերում, որի վերաբերյալ մերձաբնակները մինչև հըիմա էլ այդպես են վկայում։ Գրիգոր Տաթևացին քաջքերին բնությագրում է հատկապես որպես քարերին տիրող․ «Որք ի վէմս իշխեն՝ Քաջք կոչեցան»։ մի սիրերգակ գուսան էլ, իր շատ երգեցողությամբ պարծենալով, ասում է․
«Հանչաք ես հայրէն (երգ―Ղ․Ա․) ասի՝
Որ զՔաջերն ի քարն ուսուցի»։

Մեր այդ շատերգ գուսանից առաջ էլ քաջքերը գիտեին երգել, ինչպես վկայում է Հեթում թագավորը կամ նրա անունից հարցնող֊պատասխանող Վահրամ վարդապետը՝ դրանց դասելով դևերի կարգը․ «Ընդէ՞ր ոմանք ի նոցանէ․․․ երգս և եղանակս երգեն, որք և բազումք զձայնն լուեալ են, և Քաջ են զնոսա մադրիկ»։ Վահրամը պարզապես նշում է նրանց անմարմին լինելը․ «Եւ զամենայն ինչ առ երեւոյթս առնեն»։ Նա հիշատակում է նաև քաջքերի այլ քաջությունը ևս․ «Ապա զիա՞րդ է, որ զի բազումք ասեն, թէ Քաջք զպատերազմունս մղեն, և զորս երէոց որսան, և զարմտիս կալոցն կրեն, և զգինիս հնձանաց առնուն, և վիշապք զտոհմականս անդէոցն ծծեն»։ և այլն։

Այս խոսքերը քաջքերին նմանեցնում են շահապետներին ու վիշապաքաղերին։ Վարդապետը հանդիսանում է այդ ասողներին և համարում է քրիստոնյա ու խելացի կոչվելու ոչ արժանի և եզրափակում է․ «Ոչ Քաջ լեալ է, և ոչ Վիշապ․․․ որ ինչ երկրի մեծ լինի՝ վիշապ ասեն․․․ որպէս մարդ մեծ՝ անձնեայ և յաղթանդամ ասի․ և թէ ուղիղ է զոր ասեն՝ ցորեն և գինի առեալ դիւացն, սակայն ոչ ուտեն և ոչ ըմպեն, և ոչ ի տեղոյն շարժեն զիրսն, այլ երեւոյթ իմն տան․․․ ― Իսկ ընդէ՞ր որ ապա ասեն տեսեալոմանց Քաջաց և վիշապաց տաճարս ի Լերինս բարձունս և բնակութիւնս, ուր և զԱղեքսանդր կապեալ ունին ի Հռոմ, և զԱրտուաւազդ Հայոց թագաւոր ի Մասիս, և զԵրուանդ ի գետս և ի մռայլս․․․ Մոլորութիւնն դիւաց խաբեաց զկռապաշտսն Հայոց ի ձեռն քրմացն, որք ասէին թէ զԱրտաւազդ ոմն վիշապք արգելեալ են կենդանի՝ ի Մասիս լեառն․․․ և ոմն մի յանմտաց՝ որ ունէր զիշխանութիւն Հայոց, զարհուրեալ հարցնաէր զղջումս(՞) դիւացն և զկախարդսն, թէ ե՞րբ լինի Արտաւազդայ ելանել ի կապանացն․ և նոքա ասացեալ, թե ոչ կամիս զելանելն նորա ի կապանացն, հրաման տուր ընդ ամենայն աշխարհիս դարբնացն, որ ի Նաւասարդի օրն ամենայն դարբին կռանաւն դոփէ ի վերայ Սալի իւրոյ․ և երկաթքն Արտաւազդայ անդրէն հաստատին։ Զնոյն հրաման կատարեն այժմ․ ամենայն դարբին ի Նաւասարդոջ՝ կռանաւն զսալն հարկանէ․․․ Նոյնպէս և ինքեանք Դեւքն՝ ջորիք և էշք երեւեալ ի կալ, կրել զցորեան և զգինի, և արագ արագ վազս առնեն երեւութիւն ի դաշտի, իբր թէ որսան․ որ և սուտք ամենեքեան»։ Այս վարդապետը քաջքերի մասին մեկ այլ հիշատակություն էլ է անում, որում քաջությունը ավելի պատշաճ է համարում կախարդներին, որոնց մասին այն ժամանակի դյուրահավատները, մանավանդ թյուրահավատները ասել են․ «Հեծեալ ի կարաս՝ երթան ի ճանապարհ հեռի, և ի վերայ ջրոց քայլեալ վաղվաղակի յօտար աշխարհ ելանեն, Քաջաց սեղանս դնեն, և ի նոցանէ բանս լսեն և առնեն»։

Վերջին զրույցը հաստատում է Եզնիկի և այլոց ասածը, որ շատ դեպքերում քաջքեր֊ը ու դևեր֊ը նույնանիշ են, և գուցե դև անունից առաջ հին հայերը գիտեին միայն քաջ֊ը։ Դարձյալ և կախարդությամբ հայտնված կամ լսված բաները համարվում էին քաջքերի ներգործությամբ արված։ Ըստ այսմ՝ վրաց պատմիչը մեր վերոհիշյալ Երվանդ թագավորի մասին ասում է, թե նա կառուցում է իրենց «Ծունգայ քաղաքն (Ախալքալայի մոտ―Ղ․Ա․) բնակեցուցանէ ի նմա մարդ դիւախօս, և կոչէ զայն Քաջատուն»։ Ուրեմն քաջքերը նաև պատգամախոս էին, և այն վայրերն էլ՝ պատգամատներ։

Այս ամենայն ճարտարությունների հետ երբեմն էլ չարաճճի դևերի նման՝ մարդկանց վրա վնասակար ազդեցություն էին թողնում․ ցնորեցնում էին, լլկում, քաշքաշում, ծեծում, մի խոսքով՝ դիվահար էին անում։ Այդպիսիներին քրիստոնեական դարերում ևս անվանում էին քաջկալ՝ «քաջքերից բռնված», ինչպես ասում է «Կանոնագիրքը»֊ը, անշուշտ, հեթանոսությունից մնացած ավանդությամբ։ Այդպիսիներին հարմար է կոչել նաև քաջունակ, այսինքն՝ քաջքին կամ դևին բռնող, ինչպես երգում է հարբեցողության դեմ գրող մեկը․
«Ոնց խըմեցին՝ նայ հարբեցան։
Զէտ կատաղած ուղտ փրփրեցան․
Զակռանին կու կըրճըտեն,
Զէտ Քաջունակ յիրար դիպան»։

Ուրվականներ

Այս անվունով էակների կամ ոգիների ինչ համարվելը դժվար է թվում իմանալ թե բառի պես֊պես և անհաստատ իմաստների և թե քաջքերի նման մի որոշակի գաղափար մեզ ավանդված չլինելու պատճառով։ Շատ անգամ հիմա էլ է այս բառը գործածվում իբրև ընդհանրապես երևակայական, առերույթ, ցնորական, երազական մի բան կամ մի բանի մտավոր առաջին անկատար կերպարանք կամ տարերք և կամ, ինչպես հիմա էլ ասվում է, իբրև նախագիծ։

Մեր քննելիքը այս չէ, այլ կրոնականը, որ, ըստ քրիստոնեական դատողության, նշանակում էր դյուցազնական բան կամ անձ։ Եվ ըստ այսմ՝ Թովմա Արծրունին Ներբրովթի մասին ասում է․ «Քան զառաջինն Ուրուականաց լինել», մեկ այլ տեղ՝ «առաջնոցն ուրուականք»։ Բայց շատ անգամ իմացվում է ոչ այնքան մարմնավոր էակ, հսկա կամ դյուցազն, որքան անձի կամ էակի անմարմին պատկերը՝ նման հին պարսիկների ու երևելցիների ֆերուհերին, որ աստվածների, դյուցազունների և թագավորների ոգու նախատիպ էր կամ պահապանը։ Եվ եթե այս բառի հետ առնչություն չունի, հարկ է, որ արմատը լինի ուրու֊ն, ինչպես մեր մի գանձասացն է գրում․ «Հեթանոսք յարգին ― Ի ձեռն Ուրուին»։ Ագաթանգեղոսի մոտ էլ հեթանոսական պաշտամունքի դեմ գրված է․ «Ուրուապաշտ թերութիւնք անզգամութեանց»։ Ուրեմն ուրուն մեր նախնիկների համար կամ աստվածային մի էակ էր կամ ի այդպիսի երևույթ էր մարդկանց համար, մանավանդ երազում, որի նաև անվանը (բառին) մերձավոր է, և «Կանոնագրքում» էլ Նեստորի մասին գրվել է․ «Ուրուազեալ ի սատանայէ», այսինքն՝ ցնորված կամ դրդված, քանզի հին բառագիրքն էլ այս բառը մեկնաբանում է «զորանալ»։

Ինձ հավանական է թվում, որ ուրուն հայկազունների կիսաստվածային արու էակ էր, իսկ էգը կոչվում էր ուրհի կամ ուհի, ինչը առանձին գրված չեմ հիշում գրվածքներում, բայց բառաբարդումները ծանոթ են բոլորին՝ աստվածուհի, իսկուհի, սրբուի, թագուհի և այլն․ ուհի֊ն հատուկ անուններում էլ նշանակում էր ազնվականների դուստրեր ու քույրեր (Զարուհի, Ավագուհի, Սմբատուհի և այլն), ինչպես դուխտ բառը, որ «դուստր» է նշանակում ոչ միայն պարսկերենում, այլև գերմանական լեզուներում։ Կարծում եմ, թե ուրհի բառից է ծագել օրիորդ անվանումը՝ «արքայազուն դուստր» կամ «ազնվական դուստր» իմաստով, որ հին ձեռագրերում գրվում է նաև ուրւորդ, ինչպես կոչվում է մեծն Տրդատի քույր Խոսրովիդուխտը (ինչպես ֆրանսիական արքունիքի Mademoiselle֊ը)։ Այս բառաբարդված ուրհի֊ների մեջ մեր լեզվի համար ամենանշանակալին և սեփականը (որին հավասարը, կարծում եմ, օտարները չունեն) Իսկուհի֊ն է՝ մի մեծ դիցուհու արժանավայել, մեզանում գերազանցապես նաև այժմ պատշաճված ամենաարժանավոր անձին՝ Աստվածածին Կույսին։ Արդյոք ինչպես իմաստով է մեկ կամ մոտ, իրոք, նո՞ւյն անունն է, ինչ որ արաբական հյուրիվ կամ հուր անունը, որ արևելցիների հավերժահարսն է (ըստ թուրքերի՝ հյուրիվ գզլար)։ Ըստ իմաստի՝ ուրվականները մոտ են հռոմեացիների ու էտրուսկների Manes, Larves, Lemures անվանվածներին, որոնք երազում հայտնված մեռյալների ոգիներն են կամ ընտանիքի հատուկ պահապանները և այլն։

Ուրհի անվան իմաստից հեռու չէ նաև անույշ֊ը, որ նմանապես բարդված է կրոնական (ինչպես՝ Դիցանույշ, Քրմանույշ) և ազնվական անուններում, ինչպես և անձերի հատուկ անուններում (ինչպես՝ Խոսրովանույշ, Սահականույշ և այլն)։ Մոգերի կորոնւմ էլ Աստծուն նվիրված անուններից մեկը Աուշակ֊ն էր։ Անհավականան չէ, որ հայերս էլ ենք ունեցել այսպիսի դիցուհի, մանավանդ Անույշ էր կոչվում մեր երանելի վայրը կամ արքայությունը, որը հետո պիտի հիշվի։ Թողնում ենք նաև օտար լեզուների ուրու֊անման աստվածային անունների քննությունը (Urus՝ Արամազդ, Horus՝ Բաքոս, Հոր՝ ըստ եգիպտացիների, և այլն)։

Մեր Առակաց գրքում հիշտակավում է անվամբ մերձավոր, սեռով տարբեր (արական), ինչությամբ ու ծագումով ինձ անհայտ ճուհի֊ն կամ ջուհի֊ն, որն ունի կին ու որդի։ Սա մի օր «գտաւ դահեկան ի կարմիր, և ձայնեաց մեծաձայն՝ թէ ես փող մի գտայ», և այլն։ Հեղինակը բարոյախոսելով՝ ասում է․ «Ճուհին Սատանայ է, և դեկանն՝ առիթ խաբէութեան»։

Բարի ոգիներ

Կան ոգեղեն էակներ, որ ճշմարտությամբ ավելի բարձր են, քան մարդիկ, և (անհամեմատ) ավելի ցածր, քան Աստված, և ճանաչված են գրեթե բոլոր կրոններում․ հրեաների և քրիստոնեակներին դրանք ծանոթ են հրեշտակ ամվամբ, կարծիքների ինչ֊ինչ այլայլությամբ՝ նաև մահմեդականներին, այլ միաստվածայինների, նաև որոշ բազմաստվածայինների։ Մեր սուրբ կրոնը հրեշտակներին ճանաչելի է դարձնում որպես աննյութ հոգիներ, Աստծու և մարդկանց միջև միջնորդներ, Աստծու պաշտոնատարներ, որոնք նրա կամք ու հրամաններն են կատարել տալիս երկրում՝ հանուն մարդկանց, նրանց պաշտպանում են չար ոգիներից և վտանգներից և երբեմն երկուսին էլ պատժում են։ Ինչպես նրանց էության, այնպես էլ զորության ու գործերի վերաբերյալ հեթանոսներն ունեն այլևայլ և օտարոտի կարծքիներ ու զրույցներ։ Մեր քննլիքը մեր ազգի վերաբերյալ է, բայց հայտնի ծանոթություն չունենք, թե հին հայերը այսպիսի հոգիների նկատմամբ ինչ ու ինչչափ հավատք ունեին, ինչպես էին զանազանում ուրիշ տեսակ կարծված բարի ոգիներից, թե՞ միայն սրանք էին նրանց համար հրեշտակ համարելի։ Ինչ էլ լինի, քննելի և նշանակալի է հրեշտակ անունն իսկ, ինչը և ստուգաբանվւմ է «թևարձակ» (փերհիշթե) և հարմար է սովորաբար նրանց ընդհանրական գաղափարին, այսինքն՝ միշտ թևավոր նկարակերպելուն։ Մեր հրեշտակ բառի մեջ նշանավոր է նաև նվազական կամ գգվական վերջավորությունը։ Եվ ինչպես որ երկու ազգերն էլ (հայոց և պարսից) ունեն շատ ընդհանուր բառեր, և չենք կարող ասել և որոշել, թե որն է մյուսից առել, պիտի որ երկուսն էլ շատ հնուց գործածած լինեն, գուցե և ավելի վաղ, քան զանդիկ աղանդը, քանի որ սրա մեջ այդ անունը չկա։

Մեր հին ձեռագրերում ունենք նաև հրեշտակ ձևը, որը, եթե հայոց լեզվի համար սեփական համարվեր, հրաշքի գաղափարը կձգեր մտքի մեջ, նաև հրի գաղափարը, որովհետև նրան հրեղեն համարելն ու կոչելն էլ եղել է քրիստոնեությունից առաջ։ Այսպիսի հայկական ենթադրությամբ հրեշտակ բառը կարելի էր ստուգաբանել նաև ըստ հուր և եշտ բառերի, որոնցից վերջինը, թեև առանձին չի գտնվում, բայց քննության մի կետ է տալիս զավեշտ բառի հնչմամբ ու նաև իմաստով, որին մերձավոր է մեր մեջ սովորական դարձած հրեշտակ կոչումը։ Առաջինի (հրեղենի) մասին Ս․ գիրքն ասում է (սաղմոսներում)․ «Ո արար զՀրեշտակս իւր հոգիս, և զՊաշտօնեայս իւր ի բոց հրոյ»․ այդ իսկ պատճառով մեզանում նրանք անվանվում են նաև բոցեղեններ։ Երկրորդի համար Շնորհալին ասում է․ «Զուարթուն կոչին Հրեշտակք, որ են անքուն ակամբ և լուրջ երեսօք»։ Ըստ այսմ՝ անվանում են նաև հսկող։ Սաղմոսի վկայությունը նշանակալից է նաև պաշտոնատար կոչմամբ, քանի որ ըստ մարդկանց ծանոթության ու անհրաժեշտության՝ դա է նրանց գլխավոր գործը։ Եվ հրեշտակ կոչումն արդեն իսկ մեզանում նշանակում է նաև «պատգամավոր» կամ «դեսպան»։

Քրիստոնեության մխիթարական հավատալիքների մի կետն էլ վերաբերում է երկրի ու մարդկանց նկատմամբ հրեշտակների խնամքին կամ պահպանությանը։ Եվ ենթադրվում է, որ ինչպես անհատները, այնպես էլ մարդկանց ու արարածների խմբերը պետք է ունենան հատուկ պահպանող հրեշտակ։ Ասվածի հիման վրա են աղթարքները մատնանշում ու որոշում երկրի այլևայլ մասերի պահապաններին ու իշխաններին, ինչպես՝ Ռափայել՝ ջերմության, Սարաքինել՝ ծնունդների, Մազանայել՝ մայրիների, Հովիել՝ քնի, Աթանաել՝ մանուկների, Մեղվոս՝ ջրերի, Կռետիոս՝ արեգակի ու լուսնի։ Կան նաև ուրիշ խորթ անուններով հրեշտակներ էլ, որոնցից 15 գլխավորները, ըստ գրողի, «են շուրջ զաթոռովն Աստուծոյ, ամենեքեան զօրագլուխ Հրեշտակք են, և ի ձեռին ունին զհուրն․ գոհանան և կապեն զամենայն պեղծ և զչար դեւսն»։

Թեև սրանք նոր գյուտ են և քրիստոնեական գաղափարով են, բայց մեզ դեռ անահվանական չի թվում, որ քրիստոնեությունից առաջ հայերի մեջ եղել են հրեշտակների անուններ ու նրանց մասին կարծիքներ։ Թեև հրեշտակներ չեն մնացել, ենթադրում եմ բարի ու չար ոգիների՝ մեկ սկզբից առաջ գնալու (ինչպես հրեշտակների ու դևերի) ճանաչված լինելը։ Վերջիններս հույների դեմոն (ДбЯмщн) կոչվածների նման համարվում էին պահապան կամ ազդարար հրեշտակներ՝ թերևս ավելի ստորակարգ, քան հրեշտակներից ոմանք։ Թվում է՝ սրանց տեսակից են առ այսօր ռամիկների մեջ հեթանոս հայրերից մնացած ավանդությամբ հիշված «Մեզնէ աղէկները»․ նրանք, իբր շողոքորթելով, այդպես էին կոչում այդ ոգիներին, որ իրենց վնաս չհասցնեն։ Եթե քաջքեր չեն, սրանց նման պիտի լինեն Աղեկ մանուկ կոչվածները։ Մի թեթևամիտ բարոյախոսական պատմության մեջ մի կախարդ, մեկին գթալով, ասում է․ «Ո՜վ որդեակ, դա որ նեղէ զքեզ՝ չէ դեւ, այլ Հողմ դիպաւ քեզ», և կեմ «Աղէկ մանուկ եհար զքեզ նախանձով»։ Մի բժշկարան էլ, խելագարի զգացածը բացատրելով, ասում է, որ կարծում են, թե «կու բռնեն զիս Աղէկ Մանկտիք»։ Աղթարական մի գրվածք էլ չարակնին խոստովանել է տալիս․ «ԶԱղէկ մանուկն հալեմ․ զտղայն ի մօր գիրկն չարչարեմ»։ Այս վկայությամբ հայտնի է դառնում, որ թեև այս մանուկ ոգիները անունով Աղեկ են, բայց շատ անգամ՝ նաև չարաճճի։

Լավագույն ոգիները լավագույն և գեղեցիկ են նաև անունով, նույնպես և տգեղությունների մեջ հեթանոս հայկազունների մտքի գեղեցիկ ծնունդ են հավերժահարսերը կամ հավերժական հարսերը, որ թերևս ամենացանկալին են օտար ազգերի բոլոր դիցականներից, նաև հունական նիմֆաներից, որոնք թարգմանաբար այսպես (հավերժահարս) են կոչվում, սակայն ըստ եղած կարծիքի՝ նույնանման չեն նրանց։ Նրանց սեռը հայտնի է դառնում անունից, որը նրանց որպես հրեշտակուհի է ներկայացնում։ Բնակության ու շրջելու տեղերը բնության զվարթուն կողմերն են՝ մարգեր, մայրի ծառաստաններ, գետեզերքներ։ Կարողությամբ, ինչպես բացատրում են հին մեկնիչները, մուսաների նման գիտուններ են, «բնութեամբ ունին, ասեն, զգիտութիւն և ոչ ուսանելով»։ Հասարակ ժողորվի կարծիք է, թե հավերժահարսերը հատուկ խնամող են իրենց սեռի նամկահասակներին՝ սկսած հարսանիքից մինչև երկունքն ու մանկան ծնվելը, ինչպես և նրանց պչրանքի ու լվացման ժամանակ։ Այս հիշատակելով՝ նոր բանասերներից ոմանք ասում են, թե հիմա էլ ինչ֊ինչ տեղերում կանայք տարին երկու անգամ (գարնանը ու աշնանը) բաղնիքում կատարում են ուրախության հանդես։ Ենթադրողներ կան, որ երբեմն հավերժահարսերի հետ շրջում են նաև արժենավոր փեսաներ՝ երիտասարդներ, բայց երկուսն էլ դառնում են մահկանացու։ Այսպես է համարում նաև Գրիգոր Տաթևացին․ «Այլ եւս գոն բանաւոր և մահկանացուք, որպէս Յաւերժահարսունք․ զորս ոմանք ասեն, այլ ոչ են հանճարոյ ընդունակք»։ Նաև մեղադրում է նրանց, որ դևերի պես «միշտ պատրեն զմարդիկ՝ ուրախութեամբ»։ Նրանից ավելի հին մեկն էլ աղոթելով խնդրում է «Մի՛ ի Ճիւաղեացն իշխել, կամ Յաւերժահարսանցն զօրել»։ Քիչ֊քիչ հավերժահարսերն էլ դասվեցին խաբեբաների ու չարքերի շարքը։ Մի հին քարոզագիր հայտնապես ասում է․ «Ազգ են դիւաց»։ Հիշյալ Տաթևացու քեռորդին՝ Սյունյաց Առաքել եպիսկոպոսը, Դավիթ Անհաղթի «Սահմանք»֊ի մեկնության մեջ, առանց անունը տալու, հավերժահարսերի մասին մի այսպիսի նորալուր է ավանդում․ «Ոմանք ասեն՝ թէ Քաջք են․ և այսպէս դուստր Աստղիկ անուն․ և յորժամ Աստուած եհարց զՆոյ՝ թէ այլ որդի կամ դուստր ունի՞ս․ և նա ամաչեցաւ, և ասաց՝ թէ ոչ․ յայնժամ երկու դուստրն և որդին՝ Քաջք դարձան, և աներեւոյթք եղեն․ և վասն այն մահկանացւո ասեն զնոսա՝ որ ծնանին և մեռանին․ և ով որ կու տեսնէ զնոսա՝ հանապազ հարսանիք և դափ և գուսան տեսանեն․ և բնական ունին զգիտութիւն։ Այլ այս ոչ է ճշմարիտ բան»։

Մեկ այլ տեում էլ գրում է․ «Յաւերժահարսունք՝ ոչ են ընդունակ հանճարոյ, զի շունչ ոչ ունին՝ որ ենթակայ լինի իմաստից․ և տես, զի գիտութիւն ունին, և զոր ինչ գիտեն՝ անմոռանալի գիտեն, բայց այլ ինչ ուսանել ոչ կարեն»։

Բնածին գաղափարի մի վարդապետությո՞ւն է։ Մի քանի տեղերում դարձյալ գրում է․ «Գոն աներեւոյթ արարածք կենդանիք, բնութեամբ գիտունք անմոռանալիք․ զի ոչ այլ ուսանել կարեն, և ոչ զոր գիտեն՝ մոռանալ կարեն․ են աներեւոյթք և մահկանացուք, զոր Յաւերժահարսունք կոչեն»․ «Յաւերժահարսունքն և անբան կենդանիք բնութեամբ ունի զգիտութիւն, և ոչ զայն մոռանալ կարեն և ոչ այլ նոր ուսանել»։

Հոյների նիմֆաներն էլ անհամ չէին, բայց շատ երկարակյաց էին։ Իսկ գիտությունը, թվում է, թողել էին մուսաներին, և իրենց երկնքում, երկրում և ծովում, սրանց յուրաքանչյուրի մասի վրա դասդասությամբ զատված, իշխելով ու պահելով, ինչպես նաև դժոխքում, զվարճությամբ ապրում էին։ Հայերի հավերժահարսը միաժամանակ մուսա և նիմֆա էր։

Չար ոգիներ

Հեթանոսական ամենամեծ վնասը Աստծու հանդեպ սեր չունենալն էր և է։ Դրա տեղը բռնել էր վախը և գերում էր միտքն ու սիրտը։ Տեսանք նրանցից ճանաչված կերպ֊կերպ պաշտելի նյութեր և էակներ, որոնցից ավելի և հատուկ են կարծեցյալ ոգեղեն կամ խառը էակները, դրանցից բարիներին նույնպես տեսանք՝ չարությունից ոչ անխառն։ Իսկ բուն չար կոչվածներն ավելի շատ են․ արժանի պատուհաս աստվածուրաց կամ աստվածանգետ մարդկանց, որոնք իրենց մոլության ու անառակության պատիժը իրենց խոտորնակ խղճով են ծնել ու սնուցել։

Չարիքի նախասկզբի խնդիրը թողնելով փիլիսոփաներին ու աստվածաբաններին՝ նախ ասենք, որ չար կոչումը ոչ միայն վատի նշանակ է՝ իբրև ածական, այլև իբրև գոյական ու էական՝ մեր լեզվով չար են կոչում բորիին հակառակ ոգիները, որոնցից գլխավորը և շատ չարիքների առիթն ու գրգռիչն է սատանան։ հայտնի է, որ այս բառը հրեերեն է և հին հայերին հավանորեն անծանոթ։ Բայց եթե ոչ անունից, ապա իմաստից հավանական է, որ եթե պարսիկների պես հարաման կամ ահրեման կամ մեկ այլ կերպ չէին կոչում, թվում է, թե հատկապես չար էին կոչում՝ իբրև սկզբնապատճառ ամենայն չարիքի, ինչպես հիմա էլ է կոչվում քրիստոնեական հին և նոր գրվածքներում։ Վերոհիշյալ աղոթքի մեջ ճիվաղների ու դրանց նմանների հետ գրված է նաև հոգնակի՝ չարք, աղոթողն ասում է․ «Որք ներաբնակ ունին յինքեանս զմուտ չարութեան»։

Մեր լեզվում չարերի առավել հատուկ և հանրածանոթ անունը դև֊ն է, որ թեև խոսքում նույն է համարվում, ինչ սատանան, բայց սա նրանց՝ իբրև իր պաշտոնատարների գլխավորն է ու կոչվում է դևերի իշխան։ Մեր Քրիստոս Տերն էլ որոշարկելով ասաց․ «Սատանայի և հրեշտակաց նորա», որինհրեաները կոչում էին Բեհեղզեբուղ՝ փղշտացիների չաստվածի անունով՝ իբրև աղտեղությունների տեր։ Աղթարքները գրում են Բիեղզեբուղան։ Մենք Ս․ գրքից գիտենք, թե սատանան ու դևերը ինչ են և որտեղից, իսկ մեր հին հայրերը գործածո՞ւմ էին այս վերջին բառը և որտեղից էին կարծում դևերի ծագումը՝ չգիտենք։ Հայտնին այս է, որ մեզանում և ծանոթ ազգերի մեջ էլ այդ չար ոգիների անունների սկզբնատառը նույնն է՝ դ, д, ж, Demon, Diabolus, Diabble, գերմաներեն՝ Teufel, պարսկերեն՝ տիվ, Ավեստայի լեզվում՝ դաիվա՝ նման մեզանում եղած անվանը, որով գուշակվում է նաև նույն հավատը։ Զարմանալին այն է, որ միևնույն անունը շատ ազգերի մեջ «բոլորովին հակառակ» նշանակությունն է ունեցել՝ իբրև «երկու դիմադեմ խմբի բաժանված, իրար ատող»։ Մեր և պարսիկների մեջ դև կոչվածը հնդիկների, հույների, հռոմեացիների գերագույն աստվածն է՝ Տևաս, Զևս, Թեոս, Deus կոչմամբ։ Գուցե սրան հակառակ՝ պարսից Ահուրա գերագույն անունն էլ, հնդիկների մոտ Ասուրահ֊ի փոխվելով, նշանակում է «այս», որ օդեղեն կամ քամու դև է։ Մեր հեթանոսները Ս․ գրքի և քրիստոնեության ցուցադրած նախասկզբին մոտենում են՝ հրեշտակին ու դևին համարելով էությամբ նման, երբ երկուսի մասին էլ ասում են՝ բարի և չար։ Պարսից աղանդում հիշտակավում են դևերի այլևայլ անուններ։ Հավանաբար մեր ունեցածի մեջ էլ կար զանազանություն, և ամեն մեկը մի տեսակ չարիքի պատճառ էր համարվում, ընդ որում ոչ միայն մեծ պատահարների, ցավերի ու վնասների, այլև մինչև իսկ հորանջելու, ճմլկոտելու և հոգոց հանելու, ինչպես ասում է Եզնիկը։ Տարրապաշտության մեջ հիշեցինք Պաշատի և Նղրկու դևերին, բայց համարեցինք, որ վերջինս, ըստ մեր սրբազան Թլկուրանցի գուսանի՝
«Ի՞նչ ընտալ(՞) կու տաս՝ Թուրկուրանցի խեւ․
Խելացդ ես թեթեւ քան զՂղըրկու թեւ»,
թռչելու թև պիտի լիներ, այլ ոչ թե մի չար ոգի։ Մեր մատյաններում չարն ու դևը, իրար միացած, կոչվել են նաև չարադև, ինչպես Եղիշեն է ասում․ «Իբրեւ զՉարադեւ մի ոչ դադարէր յուզել և շարժել զբուք ձմերայնոյ»։ Նա նման է ասում նաև մեր քաղցրախոս Շնորհալին․ «Ասատեա և իմ Չարադեւին, որպէս եւ յայնժամ ըզնոսին»։ Մեր ժամասերները հիշում են նրա երկու տողն էլ Ճաշի (6֊րդ ժամի) աղոթքի մեջ․ «Հերքեա ի մէնջ ըզծանրութիւն շրջող դիւին միջօրէի»։ Հետևելով իր և մեր հնագույն հայրերի՝ նույն (6֊րդ)ժամի աղոթքին, այդ ժամի քարոզը խնդրում է ազատություն «յամենայն հրեղէն նետից սատանայի՝ որ թռչի ի տուէ»՝ աղոթողն էլ մաղթում է ազատվել «ի գայթակղութենէ դիւին ի հասարակ աւուր»։ Ամենքն էլ թելադրված են նույն ժամի համար սահմանված (Խ) սաղմոսից․ «Ոչ երկիցես դու յերկիւղէ գիշերի, և ոչ ի Նետէ որ թռչի ի տուէ»։ Ըստ այդմ՝ ենթադրվում է, թե կար մի հատուկ դև, որ, կեսօրին շրջելով և թռչելով, փորձում էր մարդկանց և նույն ժամի տաքւոյթան համեմատ՝ հրեղեն նետերով խոցում։ Այսպիսի նետահարությունը օտար չէր և պարառու դևին, որին հիշատակում է վերոհիշյալ Վանական վարդապետը, և նրա հետ նույնն է համարում բահաղը և մողոքը, մովաբացիների հռեմփան և ակկարոնի ճանճիկը կամ ճանճկուլը՝ այլևայլ կերպարանքներով։ Աղթարքների մեջ հիշշատակվում են մի քանի անուններով դևեր, բայց հի՞ն ավանդություն է, թե՞ գրողներն են հնարել՝ հայտնի չէ։ Դրանք են՝ Վշտիկ՝ դահիճ դև, որին Սողոմոնը 50 օր բռնել֊կապել է, «Սիրադեւ, որ նստի ի տակ անկեալ», «Գիշերակի դեւ, որ լինիս ի կերպս ճանճից և նստիս ի վերայ բդանցն և դարձուացնես սեւ»։ Այլ պահպանակների մեջ էլ հիշատակվում են ավելի օտար անուններով՝ կենդար, նոփիազ, իդասեդ և այլն։

Մեր լեզվում չար բառի համանիշն է վատ բառը, որ գոյական իմաստով ևս նշանակում է մի տեսակ չար ոգի, որի անունը առանձին գրված է վերոհիշյալ աղոթքի մեջ։ Վատ֊ը կամ Կուվատ֊ը պարսից դենի մեջ հատուկ անունն է մի դևի, նաև մի հրեշտակի, որը ամիսների մեկ օրվա պահապանն է։ Երկուսն էլ քամիներին իշխող են․ մեկը՝ բարուն, մյուսը՝ չարին։ Նույն չարը պարզպաես քամու անվամբ մեզանում էլ է ճանաչվել, ինչպես վերոհիշյալ սուտ պատմության մեջ ասվածը․ «Չէ դեւ, այլ Հողմն դիպաւ քեզ»։ Ըստ գրքերի՝ այդ հողմը և նրա չար փչողը կոչվում են այս, իսկ հողմից զարկվողն էլ՝ այսհար, որ գրեթե նույնն է, ինչ դիվահար֊ը, ինչպես վկայում է Եզնիկը․ «Ի մեր լեզու Այսհար ասեմք, որպէս ի խտրանաց հարցն մերոց առաջնոց՝ ըստ սովորութեան ի մեզ կարգելոյ․ այլ գիտեմք՝ եթէ Այսն հողմ է, հողմն՝ ոգի․․․ յորժամ ասեմք թէ սիք շնչէ, Ասորնեայք ասեն՝ թէ Այս շնչէ»։

Մեկ այլ տեղում էլ, հիշելով ռամիկների սնոտի կարծիքները, ասում է․ «Փնչելն և լեզուին կծել, և ունկանն հարկանել, և ըմբանին կծել, ոչ եթէ յԱյսոյ իմեքէ լինի, այլ ի բնական ազդեցութենէ անտի՝ զոր տնկեալ է Արարչին յանդամասն»։ Ըստ անվան ու իմաստի՝ այսերը համապատասխանում են հնդիկների ասուրաս կոչվածներին, որոնք արեգակին հակառակ օդեղեն ու շոգեղեն այսեր են։ Բարի հողմերը նրանք կոչում են մարուտ, որը մոտ է մեր մրրիկ բառին։

Դևին ու սատանային հարմարեցված բանսարկու, բելիար և այլ անունները համարելով քրիստոնեական գաղափարների արգասիք՝ բաց ենք թողնում։ Հիշենք միայն մի նորանշան անուն, որով Վանական վարդապետն ու նրա աշակերտ Վարդանը և Հովհաննես Երզնակցին կոչում են սատանային։ Այդ անունն է սուռնափա, որ թուրքերենում նշանակում է ընձուղտ։ Ինչ և որ ազգի ու լեզվի ավանդույթներից առաջ եկած լինելը ինձ հայտնի չէ, և մեր մատենագիրների մոտ գտնելով՝ ենթադրելով կարող ենք համարել եթե ոչ ազգային, ապա մեր ազգակիցների կողմից ընդունված և սպասում ենք գիտուններից տեղեկանալուն։ Միայն ավելի վաղ հիշածներիս, այսինքն՝ դևերի կերպկերպ երևալուն անհարիր չէ, որ այս մեծ և անճոռնի կենդանու կերպարանքով էլ հայտնված կարծվի այդ չարադևը կամ դևերի գլխավորը։

Այժմ քննենք սրանց ըստ իրենց պես֊պես անունների ու տեսքի։

Թուխեր և խաժեր

Առաջինը, թվում է, զրադաշտական կրոնում հիշատակված բազմաթիվ դևերից մեկն է կամ մի տեսակը, որ կոչվում է տուխս։ Հայերեն անունը, մյուսի հետ հիշվելով, գույներով զանազանվող տեսակներ է կարծել տալիս և ոչ միայն խոր խավարի բնակիչ, այլև լույսից բոլորովին զրկված կամ կույր։ Սրա նման է և երկրորդը, ինչը ենթադրում ենք շատ անգամ հիշված աղոթքի խոսքերից․ «Ակն Խաժիցն ճաքեսցին (ճաթեն ― Ղ․Ա․), և ոչ տեսողաց Թխիցն՝ պատառեսցին, և սոցունց համաքատակ Չարացն սիրտ և կամք՝ սուզեալ բեւեռմամբ՝ յանդունդս ընկճեսցի, ընդ սկզբնաչար Չարին Բելիարայ»։ Խաժակն (կապուտաչ) դևին տեսնող համարելով՝ խնդրում է, որ աչքը ճաքի, իսկ մյուսին չտեսնող է համարում, բայց և այնպես ուզում է, որ կույր աչքն էլ պատռվի։

Դրուժներ

Պարսից կամ մոգերի կրոնում հիշատակվում են դրուխսը և տերուճը։ Մեր լեզվում դրուժ֊ը և դրուժան֊ը հասարակ բառեր են, բայց սրանք կարգվել են դևերի դասում։ Հին բառգիրքը դրուժ֊ը մեկնաբանում է «Դեւ Վնասին»․ մեկ այլ գրվածքի մեջ էլ ասված է․ «Ո՜վ Չարադեւ Դրուժան այր, թշնամի արդարութեան»։ Հայտնի է, որ դրժել, դրժանք նշանակում են «խաբեություն ու մատնություն» որով և դրուժ֊ը համանիշ է դևերի կամ սատանայի խաբեբա կոչմանը։ Թերևս այդ անունը բարդված է դիր և ույժ արմատներից։ Վերջինիս իմաստը հայտնի է, իսկ առաջին անվամբ ա (դիր) մի դև հիշատակվում է պարսից աղանդում։ Մեր լեզվում ևս տիր֊ը նշանակում է «մեծ ուժ և բռնություն»։ Քերականի հին մեկնիչը թարգմանում է «վնասակար»։ Օտար լեզուներում այս հնչմանը զուգորդվում են նաև իմաստները․ լատիներեն Dirus, ֆրանսերեն Dur՝ «դժնյա, խիստ», Tirannus՝ «բռնակալ», տրե֊ն, ըստ տիբեթցիների, նշանակում է չար ոգի։

Դևերի երկու անուններն էլ (խաժեր և դրուժներ) կարող են այլ արմատից համարվել՝ սովորաբար անկարգ բանի և մարդկանց մասին ասվող խուժ֊ից և դուժ֊ից, որոնցից էլ մյուս հասարակ բառերն են (խուժան, դրուժան, դժնե, դժնիկ, դժնդակ և այլն)։ Այս բառերը և խաժ և թուխ չարաչք դևերի մասին նախորդիվ ասվածները հիշեցնում են Երվանդ բռնակալ թագավորի մասին վիպասանների հմայական զրույցը, որը Խորենացին այսպես է ամփոփում (Բ․ ԽԲ․)․ «Ասեն զԵրուանդայ՝ ըստ հմայից դժնեայ գոլով ական հայեցուածով․ վասն որոյ ընդ այգանալ աչալրջացն՝ սովորութիւն ունել սպասաւորացն արքունի՝ վէմս որձաքարեայս ունել դնդդէմ Երուանդայ, և ի հայեցուածոցն դժնեութենէ ասեն պայթել որձաքար վիմացն։ Բայց այս կամ եղիցի սուտ և առասպել, և կամ դիւական ինչ առ իւր ունել զօրութիւնս, զի այսպէս հայեցուածոցն անուամբ(՞) վնասեսցէ զորս կամի»։

Այս խոսքերը կարող են պարզել մեր աղոթողի խնդիրքը ևս։

Շիդարներ

Սրանք ոչ աչքերը, այլ միտքը կուրացնող դևեր էին, այսինքն՝ խելագարեցնող, խենթացնող էին, ինչպես հիշատակեցինք Արտավազդի վերաբերյալ։ Խելագարն էլ այս անունով կոչվում է շիդար, ինչպես այդ թագավորի մասին ասում է Վանական վարդապետը Խորենացու վերոհիշյալ պատմածի փոխարեն․ «Ի մանկութենէ բախած, զոր Շիդար կոչէին»։ Շիդարը «Հայսմավուք»֊ի մեջ դարձել է հատուկ անուն։ Գրիգոր Մագիստրոսը, նկատի ունենալով ափեղցփեղ մտածողի, խոսողի ու գործողի, բառախաղությամբ ասում է․ «Շուայտական Շիդարացն շարս Շամանդաղեալ՝ շոհանեն ի վերայ մեր»։

Ճիվաղներ

Սրանց հիշատակեցինք հրեշների կարգում։ Հիշատակեցինք նաև, որ այս անունով կոչվում են նաև ոգեղեն էակներ կամ դևերի մի դաս, որոնք երազում կամ արթնության մեջ այլանդակ կերպարանքներով վախեցնողներ էին։ Այս իմաստով՝ հասարակ խոսքում ճիվաղ են անվանում վայրի կենդանիներին ու վայրենի մարդակնց, նաև անպիտաններին ու անարգներին։ Այս պես֊պես իմաստներով գրել են տարբեր հեղինակներ։ Գրիգոր Մագիստրոսը գրում է․ «Որպես Ճուաղանցն է ճարակ ճռուողել ի գիշերի յանկողինսն»։ Սարգիս վարդապետը գրում է («Մեկնութիւն Հակոբայ», Ե)․ «Դիւացն ճիւաղաց ճարակողաց զիս ախտիւք»․ մեկ այլ տեղում էլ՝ «Ճիւաղ, փցուն, շահասէր վաճառական»։ Նիհար, տկար անձը ռամկորեն կոչվում է ճվճվեղ։ Հիշատակեցինք նաև մեր աղթողի խնդիրքը․ «Մաղթեմք ի քէն բանականքս, մի՛ ի Ճիւաղեացն իշխել»։ Սրանց մեջ նշանակալի է Գրիգոր Մագիստրոսի ասածը, որ երազային երևույթ է հայտնում, և մեկ այլ տեղում ասում է ավելի պարզ․ «Որ առ երազօքն է Ճուաղանցն»։ Հին բառագիրքը ճիվաղ֊ը բացատրում է որպես «դև նյութական»։

Թղպա կամ թեպղա կամ թեպղ

Նորալուր և հայ ականջի համար խորթ անուն է (եթե այսպիսի դիվական և դյութական հնարքների մեջ ամեն բան էլ խորթ չէ)։ Թեև չեմ կարծում, թե նույն ծագումն ունի, բայց տառադարձությամբ նման է հույների иупвпхлз անվանը, որ, ըստ բառի իմաստի, նշանակում է «աստվածակամք», իսկ ըստ առասպելի՝ հեթեստոսի սիրելին էր և Մյուրտիլոսի մայրը։ Մեր աղթարական գրվածքների մեջ թպղան հիշատակվում է միայն հաջորդ չար և ահարկու ոգու հետ, որ Ալը կամ Ալքն է։

Ալ կամ Ալք

Որպես հասարակ բառ՝ ալք֊ը նշանակում է «անդունդների նման խոր տեղեր» և հնչմամբ նման է գոթերի, գերմանացիների ու նրանց համալեզուների Hell բառին, որ նշանակում է «դժոխք»։Հյուսիսցիների դժոխքի դիցուհին էլ էր կոչվում Հել՝ համապատասխան ալերի բնակության վայրերին․ ալերը ապրում էին խոնավ տեղերում և առավելապես վնասում էին կանանց ծննդաբերությանը ու զավակներին՝ կարծես դառնալով վերջիններիս բարեկամ հավերժահարսերի հակառակորդները։ Գրիգոր Տաթևացին բարոյախառն ոճով ասում է, թե այնպիսի ոգիներ են, «որք ի ջուրդ և ի ծնունդ կանանցն՝ Ալք կոչեցան․ զի գէջ ախտիւն՝ զհոգիս կորուսանեն, և ի ծնունդս՝ զմարմինս և զհոգիս»։

Այսպիսի մեծ վնասի դեմ աղթարքները գրել են այլևայլ հմայական ու պահպանական աղոթքներ և այն նկարագրել են հետևյալ կերպ․ «Սուրբն Սիսիանոս գայր ի լեռնէ ի վայր, և տեսաւ Պեղծ մի չար․ և ունէր աչք հրեղէն, և ի ձեռին երկաթի կտրոց, և հանդիպեցաւ ի տեղի աւազոյ․ ասէ Ս․ Սիսիանոս․ Ո՞ւր երթաս, նզոված պեղծ․ ― պատասխանի ետ նմա և ասէ․ Երթամ զմանկունս կանանցն թառամեցուցանեմ, զկաթն պակասեցուցանեմ, զաչսն խաւարեցուցանեմ․ զըղեղն ծծեմ, և համր առնեմ, և առնեմ զտղայն անժամանակ յորովայնին» և այլն։ Մեկ ուրիշն էլ, «Ալն չար և Դժնիկ կենդանին» կոչելով, սրա բերանով ասում է․ «Ես եմ Ալն չար, որ կորուսանեմ զմանուկն ի յորովայնի մօրն»։ Մեկ ուրիշը պատմում է ավելին․ «Առին զձայն երեխային․ գնացին և տեսին զԱլն ի չարութեան․ բռնեցին կալան և կապեցին զԱլն ի յԱլին վէմն(՞)․ եկեալ մայրն Ալին և ասէ․ Այս ի՞նչ իցէ, այս ինչ։ Ասեն․ այս է որ մտանէք ի մօրն յորովայնի․ զերեխային զմիսն ուտէք, զարիւնն խմէք, զլոյս աչացն խաւար դարձուցանեք։ Ասէ մայրն Ալին․ թողէք զանդրանիկ որդին իմ․ յոր տուն որ ձեր անուանքն լինի՝ անդ ոչ մերձանամք ի ծառայն Աստուծոյ» և այլն։ Մեկ ուրիշը նկարագրում է ալին․ «Այր մի նստեալ ի վերայ աւազու, և մազն նորա իբրեւ զօձի, և ըղունկն նորա պղնձի, և ատամունքն նորա երկաթի, և ժանիքն նորա որպէս վարազ խոզի․ (որ և ասում է―Ղ․Ա․)․ Նստիմ ի վերայ տղացկանի, զականջն խորովեցուցանեմ, զղասապն (լյարդը―Ղ․Ա․) քարշեմ, և խեղդեմ զմայր և զմանուկն․ մեր կերակուրքն մօրն տղայոցն միս է և տղացկանի ղասապն, և եօթն ամսոյ մանուկն գողանամք ի մօրէն, խուլ և մունճ տանիմք առ թագաւորն մեր յանդունդս։ Եւ մեր բնակութիւն յանկիւնս տանն է և յախոռունս անասնոց․․․ Եւ Սուրբքն հանին զհրեղէն սուրն և կամեցան սպանենել զՊեղծն», բայց նրա աղաչանքներին անսալով՝ խնայեցին՝ երդվեցնելով, որ այն տներում, ուր իրենց անուոնվ կաղոթեն, որևէ մեկին չեն վնասի։ Վերը գրվածի մեջ նշանակալի է ալի՝ մայր և իրեն պաշտպան ունենալը։ Տաթևացու քեռորդին՝ Սյունյաց Առաքել եպիսկոպոսը, ալը պարզապես դևերի դաս է համարում․
Զզանազան դէմք նոցա յայտնին,
Որպէս առ մեզ այժմ անուանին՝
Դեւք, Սատանայ, Քաջք և Ալին․
Որոնց յահէն հոգիք հալին»։
Ալի մասին մի ավանդություն ունեն գերմանացիները, որոնք կարծում են, թե իրենց հին Հոլտա դիցուհին հափշտակում է անկնունք մեռած երեխաներին, և երբ ամյրերը լսում են ցուրտ գիշերվա քամու ձայնը, կարծում են՝ իրենց զավակների ճիչն է, և խանդաղատում են։

Մոգերի աղանդը ևս պիղծ ու պժգալի էր համարում բնական ալքերը, այսինքն՝ երկրի վրայի ծակոտիները, վիհերը, իբրև թե դրանք դժոխքի ու դևերի ելքերն ու մոտւքերն էին։ Սրանց նման է թվում մեր հեթանոս ու թերահավատ ազգակիցների անբնակ տեղեր կոչվածը ևս՝ ոչ իբրև սոսկ բնական տեղեր, այլ որպես անձնավոր կամ դիվաբնակ և չարաբուխ։ Այս է հայտնում մյուս ոգիներից վախեցող աղոթականը․ «Եւ կամ յԱնբնակ տեղոցն ցաւոցն՝ մտանել նեղել կամ զկծել մի՛ իշխեսցէ»։

Հայկական ալք֊ը այսպիսի հոգնակի հնչմամբ ծանոթ է նաև քրդերին՝ կանանց զավակներին վնասելու նույն ավանդությամբ։ Այնպես որ, երբ քուրդը բարկանում է և անիծում որէ կնոջ, ասում է․ «Ալքն աղիքդ կրծի՛»։

Գրող, առնակ

Մինչ հիմա նաև քրիստոնյաների մեջ ընդհանուր հավատք է, թե մահվան մի հրեշտակ առնում է օրհասի մեջ գտնվողների հոգիները։ Եվ այս ցանկալի է անգամ բարեպաշտներին, ընդ որում և մեր Շնորհալի հայրապետն է խնդրում Աստծուն, որ բարի հրեշտակները առնեն իր հոգին․ այսպես և այլք։ Բայց սրանք բարի հրեշտակին են ճանաչում և խնդրում, իսկ թերահավատներն ու սնահավատները գիտեին չար հրեշտակներին և նրանից էին վախենում, և այժմ նրան են գրող կոչում։ Սա իբր հոգու գործերը արձանագրող է, ինչը պիտի ընթերցվի Աստծու դատաստանի ժամանակ։ Ըստ այլոց՝ հոգիները կրող ու տանող է։ Գրիգոր Աստվածաբանի ճառերի մի մեկնիչ ասում է․ «Սովորութիւն է ախտացելոց, որ ամբաստանեն զմահն, զՀրեշտակն որ Գրող ասեն․ Անիրաւ է դատաստանդ․ բռնութեամբ տանիք»։ Եվ երբ հիվանդը զառանցելով բարբաջում է, կարծում են, թե խոսում է այդ գրողի կամ հրեշտակի հետ։ Աղթարքներն էլ պատվիրում են․ «Ով որ զԳրօղն տեսէ՝ որ զիր հոգին առնուլ լինի, և ինքն ի հոգեվարք լինի ի յերազին, յայնժամ մեղայ ասել պիտի»։ Այսպիսի հիշատակումները գրողին ներկայացնում են որպես բարի և Աստծու պաշտոնատար․ այդ իսկ պատճառով մեղք են համարում, «որ հայհոյէ զԳրօղն և զԱստուած»։ Իսկ անիծողները, «կրողը քեզ տանի» ասելով, չար կարծիք են հայտնում։ Լսվում է նաև «Շնորհւորն տանի» անեծքը։ Բայց դա ավելի շատ հասկանում են որպես ժանտախտ, քան ոգի։ Ո՞ր տեսակն էր գուսանի ասածը՝ իր սիրելիին․ «Այն քաղաքն ուր դու մտնուս՝ Գրօղի ձայն չըհասնի»։

Վախկոտ ռամիկը կարծում է, որ ոչ միայն օրհասի մեջ գտնվողի ճարն է հատնում, այլև նրանց, ում վրա կոխում է հոգեպահանջ հրեշտակը կամ գրողը, և այդպիսիները անվանում են հրեշտակակոխներ։

Որքան էլ այսպիսի բաները նոր և ներկա ժամանակի հավատք են, անտարակույս է, որ առկա է նաև հեթանոսության մատն ու մնացորդը։ Այն հին ժամանակներում, բացի քաջքերից ու նրանց նմաններից, հավանորեն կար նաև առնակ կոչված հոգեհան մի ոգի։ Այս անունը լսվում է Պրոքորոնի գրվածքի մեջ, որը Հովհաննես ավետարանչիչ առասպելական պատմությունն է, որում Կինոպաս կախարդն ասում է․ «Առաքեմ Առնակ չար ի տուն՝ յորում է, և պահանջեմ զհոգի նորա ի նմանէ»։ Քիչ հետո, դևի բերանով նույնը կրկնելով, ասվում է․ «Առաքեմ Հրեշտակ չար, և պահանջեմ զոգի նորա ի նմանէ»։ Եթե այս անունը, որ լսվում է նաև հին հայկազուն նապահետների մեջ, այլ ավանդությունից չի ծագել, կրող֊ի պես նշանակում է «առնող»։ Եվ նույնը կդառնան առնակն ու կրողը կամ գրողն ու չար հրեշտակը։

Խպլիկ կամ խիպիլիկ

Խոսքում այս անունը ծանոթ է պես֊պես իմաստներով, և սովորաբար հասկացվում է ֆրանսիացիների cauchemar ասածը, որ ավելի շուտ պետք է դրվի հիվանդությունների կարդում, որովհետև քնած ժամանակ կրծքի վրա կարճատև նեղություն է կամ ճնշում, որի հետևանքով արթնանալուց հետո դեռ կիսաքուն մարդը երազախառն կարծում է, թե վրան ծանրություն կա, կամ ավլեի երազելով ու վախենալով կարծում է, թե իրեն ճնշողը իր անձը չէ, այլ մեկ ուրիշը։ Եվ սա սովորաբար կոչվում է մղձավանջ։ Մինչ այս կետը կրոնական ոչինչ չկա, սակայն թե խպիլիկ անունը (որի բուն իմաստը հայտնի չէ) և թե ինչ֊ինչ գրավոր հիշատակումներ հայտնի են դարձնում, որ հները դրանց համարել են վերոհիշյալ մի քանի չոր ոգեղենների նման մի բան։ Թերևս այդպես է նաև հիմա, որովհետև շատ անգամ հիշատակված աղոթքի մեջ հիշվում է պահպանությունը «ի ծանրութենէ Խիպիլկաց»։ Մեր բժշկարանները սա այլ հիվանդություններին հավասար են հիշում և պարզապես գրում են, ինչպես դրանցից մեկն է գրում․ «Քեապուս․ որ է Խպլիկն, որ գիշերն ի քնուն մէջն լինի մարդոյ», և պատճառը լինում է տաքից ու պաղից․ «Նշան, որ տաքէ լինի՝ այն է, որ երեսին գոյնն կարմիր լինի և շատ քուն լինայ, և գիտենայ թէ մէկ ծանր իրք֊մն ի վերան ընկել է և կամ ծանր իրք֊մն ի վերան ծածկված է․․․ Ցեղ֊մն (էլ ― Ղ․Ա․) Խպլիկ լինի, որ ի պիղծ խլտէ և պուխարէ լինի․ և այն շուտ ողջանայ» և այլն։ Թե՛ տաքի և թե՛ պաղի պատճառած խպիլիկի դեղերն էլ գրելուց հետո ավելացնում է․ «Եւ Աստուած պահէ զքեզ ի Խպլիկ ցաւուն, եղբայր․ ամէն»։

Հադին

Այս անունն էլ մի տեղ հիշատակվում է խիպլիկ֊ի, պայ֊ի, պարիկ֊ի, շիդար֊ի հետ, բայց ինչ լինելը կամ կարծվելը բացատրված չէ, և այլ տեղում էլ չեմ լսել կամ գտել։ Անվան ստուգաբանությունն էլ է տարակուսանք առաջացնում, քանի որ մյուս հայկական անուններին չի նմանվում։

Նեռ

Այս բոլոր չար ոգիներից հետո չեմ ուզում դուրս թողնել մի զարմանալի էակի կամ դեռ էանալի մի բանի, որը նմանը չունեցող մեկն է, և քրիստոնեության մեջ մեզանում հիշված նրա անունը Նեռն է։ Հավատացյալներին հայտնի է, որ սա նշանակում է «դերաքրիստոս»։ Սա ոչ թե դև է, այլ դիվաշունչ մի անձ, որ պիտի գա նախքան աշխարհի վախճանը՝ խաբելու մարդկանց և իրեն ներկայացնելու իբրև Քրիստոս, ինչպես արդեն եկել էն այդպիսի խաբեբա Նեռեր՝ Հովհաննես ավետարանիչի ասածի համաձայն, որի գրքում է միայն հիշվում սա, և ոմանք անվան մերձավորությունից կարծեցին, թե Ներոն կայսրն է։ Բայց Նեռի խնդիրը այս իմաստով մեր գործին չի վերաբերում, այլ այն ենթադրությամբ միայն, թե հին ժամանակներում՝ հայերիս մեջ ճանաչված պիտի լինի այդ անունը կորղ մի չար ոգի, և մեր թարգմանիչները այդ անունով են կոչել դերաքրիստոսին, ինչպես կոչել են նրան այլ ազգերն ու լեզուները, որ մերինման անուն չունեն։ Չար ոգու նշանակությունը գուշակվւմ է նաև միջին դարերի մի վարդապետի՝ չարագործ մարդկանց մասին նենագործ ասելուց։ Օտարների մեջ այս անվան նմանը գտնում ենք հյուսիսային գերմանացիների լեզվում՝ Նոռն (Nornes) ձևով, որով նկատի ունեին առանձին հատուկ անուններ ունեցող երեք վհուկների, որոնք կանգնած էին երկրի կենտրոնում՝ հացենու արմատի տակ, և հույների Պարկաների պես գրում էին մարդկանց բախտը․ մեկը՝ ներկան, մյուսը՝ անցյալը, երրորդն էլ՝ ապագան․ հեռավոր մի նմանություն առնակի անվանն ու գործին։ Բևեռագրերի նոր հետաքննողները համարում են, թե կարդում են մի Նեռ անուն, որ, թվում է, վերաբերում է դժոխային մի չաստվածի։ Բայց վերոհիշյալը բավարար չենք համարում մեր Նեռն անունը ստուգաբանելու համար։

Be the first who will comment on this

Other parts of "Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց"

Yatuk Music
Lullaby
Alexander Spendiaryan

Lullaby

Birth of Thoros Roslin
Birth of Thoros Roslin
Play Online