Ghevond Alishan

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Հրեշներ

Վիշապ, վիրագ, վիշապաքաղ, եղջերվաքաղ, առլեզ, համբարու, շահապետներ, շվոտ, շավազ, պայեր, պարիկներ, հուշկապարիկներ, ճիվաղներ

Մեր լեզվով հրեշ են կոչվում հատկապես կենդանական արարածները, որոնք իրենց մեծությամբ կամ փոքրությամբ, անդամների յալաձևությամբ ծանոթ բնականից դուրս կերպարանք ունեն կամ տարբեր տեսակի կենդանիների խառնուրդ են կամ էլ կիսով չափ ոչ բանական են, կիսով չափ բանական կենդանակերպ։ Եթե որևէ պատճառով է ծագել կենդանիների պաշտամունքը, մարդկանց երևակայությունը այդ պատճառները ավելացրել է այդ կենդանիների վրա։ Եվ քանի որ երևակայությանը չափ ու կանոն չկա, դյուրին էր և է մտքի մեջ հրեշներ ստեղծելը, մանավանդ այնտեղ, որտեղ տեսնվում է բնության սովորական չափից ու ձևից դուրս մի կենդանի, կամ օտար երկրի անծանոթ մի բան է լսվում։

Հեթանոսներից շատերի մեջ կար կենդանիներին ու հրեշներին պաշտելու մեկ այլ պատճառ ևս՝ հոգեփոխության հավատքը։ Իբրև թե մահից հետո մարդկանց հոգիները դառնում են ոչ միայն յալ մարդու, այլև կենդանիների հոգի կամ, որ նույնն է, փոխվում են կենդանու։ Այս աղանդը մեր ազգի մեջ չի հիշվում, թեև պես֊պես հրեշների հավատք երևացել է նաև քրիստոնեությունից հետո ու դեռ նշմարվում է։ Կան ոչ միայն երևակայված ձև ունեցող հրեշներ, այլև այնպիսիները, որոնց մարդկային երևակայությունը չի կարողացել տալ որոշակի կերպարանք, և մտքով են ըմբռնվում իբրև ոգիներ, զորություններ ու անտեսանելի ազդողներ։

Ամենայն սնոտի հավատների մի գլխավոր պատճառը, ինչպես տեսանք սկզբում, վախն էր, որը առավելագույնս է ազդել հրեշներին վերաբերող հավատալիքի վրա։ Այսինքն՝ հրեշներն ընդհանրապես ահարկու և վնասակար բաներ են․ միայն մարդակերպների մեջ կան բարերար և բարեբարո կարծվածներ, որոնց կհիշենք պարզ, ոչ բանական հրեշների մաիսն խոսելուց հետո։

Ինչպես պաշտելի կենդանիների մեջ նախ հիշվեց օձը, այդպես էլ հրեշների կարգում օձն ու վիշապն են առաջնություն ցույց տալիս։ Մի՞թե պատճառը դրախտի օձի, սատանայի և Եվայի մասին հեռավոր հիշատակումներն են, որոնք կան ազգերից շատերի հնագույն ավանդությունների մեջ։ Գուցե այս թեթև կարծիքին թեթև մի կշիռ էլ տա վիրագ֊ը, որ սովորաբար նշանակում է «կատաղի ու անճոռնի (գազան)»։ Բայց երբեմն գոյականաբար էլ մի գազանակերպ էակ է կարծել տալիս։ Եթե անունը լիներ զուտ հայկական, կկարողանայինք քննել, թե վիշ֊ապ֊ի պես վիր֊ագ֊ն էլ մի բարդություն չէ՞ր լինի՝ վիր֊ը համարելով վիհ, քանզի սա գրվում է նաև վիրհ։ Բայց օտար լեզուներից հների մեջ ևս կա այսպիսի անուն ու մերձավոր իմաստ։ Ինչպես մեր, այնպես էլ հնդիկների լեզվում ուրակ նշանակում է «մեծ, անճոռնի օձ»։ Հռոմեացիները ուրագ (Uragus) էին կոչում իրենց դժոխքի չաստված Պլուտոնին՝ թերևս այրել (urere) բառի իմաստով։ Դարձյալ՝ վիրագ (Virago) էին կոչում վիթխարի այրասիրտ կնոջը, իսկ կույսին, ընդհակառակը՝ վիրգո (Virgo)։ Ըստ հնդիկների էլ՝ վիրաճա նշանակում է թե՛ կույս, թե՛ առաջին կույսը (Եվա)։ Նրանք իրենց դյուցազնական ու մեծ զորությունն էլ կոչում են վիրա։ Ըստ այժմյան լեզվագետների՝ մեր նախնի հայոց և հնդիկների լեզուները քույրեր են, կրոնական շատ իմաստներ էլ՝ իրար համաձայն, ուստի ընդունում ենք, որ վիրագ նշանակում է «վիշապ»։

Այս մեծ սողունին հիշեցինք պաշտված բնական կենդանիների կարգում։ Առավել ևս պաշտելի կամ խորշելի էր հրեշ վիշապը, որ սնահավատ հայերի մտքում ու աչքում, ըստ Եզնիկի, թվում էր «կեղծս ի կեղծս լինել», այսինքն՝ երբեմն մարդկակերպ էր հայտնվում, երբեմն՝ օձաձև։ Երբեմն հայտնվում էր երկրի վրա, երբեմն էլ թևավորվելով բարձրանում էր օդ և թերևս այն մրրկելով՝ առաջ էր բերում վերոհիշյալ վիշապ հանելը։ Ցամաքի վրա էլ էր մեծ վնաս հասցնում՝ հափշտակելով արտերի բերքն ու հունձքը և իր պես թվացյալ գրաստներին շալակել տալով՝ աներևութացնում էր։ Վախկոտ մշակներն էլ նրանց վախեցնելու համար գոռնում էին՝ բռնի՛ր, որոնց ծաղրելով՝ Եզնիկը ասում է․ «Վիշապն՝ որ ինքն գրաստ է, այնու զի անասուն և անխպսուն է, զիա՞րդ որ ինքն գրաստ է՝ զայլ գրաստ վարիցէ․․․ ի զուր է Կա՛լ, կա՛լ ասել ումեք ի կալս, և ոչ Ա՛ռ, ա՛ռ»։

Բայց թվում է, թե վիշապները երբեմն էլ, այլ գրաստ չգտնելով, իրենք էին փոխակերպվում ջորու և ուղտի։ Այս այլանդակ կարծիքը հայերիս մեջ կար ոչ միայն 5-րդ դարում․ 13-րդ դարում Վահրամ վարդապետը Հեթում թագավորին գրում էր նման ձևով, միայն թե արտերի բերքի փոխարեն վիշապները կպչում էին կովերին ու նրանց կաթն էին ծծում։ Նույնպես էլ լսել էր, թե «յոլով մարդիկ տեսեալ են զի վիշապ վերանայր յերկրէ յերկինս»։ Թերևս այս օդերևույթը հիշյալ ձկամբն է, որի նման մութ ձևով դարձյալ գրում է մեր Եզնիկը․ «Եւս, եթէ բառնայցի ի վեր՝ այնպիսի Վիշապն, ոչ եթէ Եզամբք ինչ անուանելովք, այլ ծածուկ զօրութեամբ իւիք յԱստուծոյ հրամանէ․ զի մի՛ շոգին՝ մարդոյ կամ անասնոյ մեղանչիցէ»։ Արդյոք հիշյալ գրաստնե՞րն են այս եզրները, թե՞ այլ առասպել է։

Այլ ազգերի մեջ էլ կան բերքերի ու ամբարների այսպիսի գող հրեշների հիշատակումներ, ինչպիսին է հին գերմանացիների Erntebok երևակայելին, որ նշանակում է «հնձաքաղ», այսինքն հունձքը գողացող քաղ կամ նոխազ (այլ ոչ հունձքը քաղող)։ Որպես այսպիսին կարող է ճանաչվել նաև մեր վիշապաքաղ բաղադրյալ հրեշը, որի պաշտամունքը հնդիկներից է եկել հայերիս մեջ և, ըստ Ագաթանգեղոսի, մեր յոթ գլխավոր չաստվածների պաշտամունքից հետո․ «ՈՒթերորդ պաշտօնն հռչակեալ անուանեալն Վիշապաքաղն Վահագնի ի Յաշտից տեղիս թագաւորացն Հայոց Մեծաց, ի սնարս լերինն Քարքեայ», որը ջնջեց ս․ Լուսավորիչը։ Թեև սովորաբար այս անվան քաղ֊ը նշանակում է «քաղել, ժողովել», այսինքն՝ օձերին ջնջել կամ վիշապին սպանել, ինչպես արել է հույների Վահագնը՝ Հերակլեսը։ Ագաթանգեղոսի հունարեն պատմության մեջ այս բառը գրվել է ДсбчпнфпрнЯчфпт, որից՝ լատիներեն Draconum suffocator, որ նշանակում է «վիշապահեղձիչ»։

Թեև այստեղ Վահագնն էր վիշապաքաղը, սակայն քաղ կենդանին շատ տեղերում է առասպելված երևում, թվում է՝ իր բուռն ու անհանգիստ բնավորության համար՝ զուգված ոչ մայն վիշապի, այլև այնպիսի կենդանիների հետ, որպիսիք են եղջերվաքաղը և վիշապառյուծը քաղը։ Վերջինս, թվում է, բաղադրված է երեք տեսակից․ գլուխը քաղի է, մարմինը և ճիրանները՝ առյուծի է, մարմինը՝ քաղի, և պոչը՝ վիշապի, և կամ ըստ հույների քիմեռի՝ գլուխը առյուծի է, մարմինը՝ քաղի, և պոչը՝ վիշապի։ Ս․ Ոսկեբերանը այս հունական անունով է գրում Պողոս առաքյալի «Թուղթ առ կողոսացիս»֊ի մեկնության մեջ (էջ 602), ինչը մեր նախնիները թարգմանել են այսպես․ «ԶՁիացուլսն՝ ի քմաց ստեղծանեն և զՔիմառսն, այսինքն՝ որ զՎիշապառիւծ Քաղսն համբաւեն, և զայլսն նոյնպիսիս՝ Վիշապոտունս․ և զոր Սկիւղսն անուանեն՝ որ թարգմանի Ապուռք»/ այստեղ մեր թարգմանիչը ավելացնում է․ «Որպէս և Հայք Ծովացուլս իմն և Վիշապս մարդակերպս և Պայս և Առլեզս համբաւեն»։ Մի քանի տող հետո դարձյալ հիշում են ձիացուլերը, ապուռները, վիշապնառյուծ քաղերը, որով հաստատվում է, թե հայերի երևակայածը փոքր֊ինչ տարբեր է քիմեռից, և ավելի տարբեր են մյուսները, որոնց պիտի հիշենք հետո։

Մեր օրացույցի մեջ դեկտեմբեր ամսվա կենանակերպը ամեն տարի մեզ մի ձևով ներկայացնում է այս վիշապաքաղին կամ վիշապառյուծ քաղին։

Վիշապներից հեռանալու պահին հիշենք մեկ֊երկու ծանոթ ու անծանոթ հրեշախառն կենդանիների ևս, որոնց մասին գրված է Հովսիմիոսի առասպելյալ պատմության մեջ՝ իբրև ամայի տեղերում գտնվող «օձք և վիշապք և պիծակք․․․ հանդիպի քեզ ձորն խեխմորթին, և սինկողին և հիդրայն և շունք երեքգլխեանք»։

Թեպետև ըստ եղած կարծիքի՝ վիշապաքաղը հզորագույնն է երևում, բայց առավել հաճախ կամ ընդհանուրին ծանոթ է թվում եղջերվաքաղը, որ համարվում էր «կենդանի որ յեղջերուէ և ի քաղէ է, կամ կէսն եղջերուի և կէս քաղի» կամ քոշի, ինչպես գրում է «Սահմանաց գրքի» մեկնիչը և ավելացնում․ «Բայց ոչ է»։ Խոսքում այս բառը սովորաբար նշանակում է չեղած և չլինելու, անհեթեթ երևակայական մի բան, որի փոխարեն արևմտյանները ասում են քիմեռ, քիմեռական (Chimere, Chimerique), բայց իրենց լեզվով նույն մեր բառն էլ ունեն՝ հունարեն ФсбгЭлбцпт, Tragelaphus, միայն թե կենդանիների անունները հակաշար են։ Այս անունը նրանք Ս․ գրքի մեջ (Երկրորդ Օրինաց, ԺԴ, 5) գրում են այնտեղ, որտեղ մեր թարգմանության մեջ մեկ֊երկու ավելի անուն կա, և հավանաբար այս եղջերվաքաղ֊ի փոխարեն մերոնց դրածն է խարբուզ֊ը, որը, ըստ պարսկերեն բառի, թարգմանվում է «իշայծյամ»։ Չգիտեմ ինչ ավանդությամբ մեր մի նոր բանասեր եղջերվաքաղերին համարում է հայկական դիցուհիներին հետևող ու սպասավոր, ինչպես նաժիշտները։

Հրեշացած քաղի վերաբերյալ կարծիքը այնքան էր արմատացել մեզանում, որ գուցե դեռ խլված չէ մեր մտքից։ Գոնե անցյալ դարի մի վարդապետ մեր տատերի համար գրում էր․ «Համբաւ հանեն, եթէ տանն Դիւաց Քօչ է վայր եկել․ մեծամեծ ղօնղայ(՞) (ուտելիք―Ղ․Ա․) զատ շինեն, տներումն դնեն, որ դեւքն ուտեն․ տանտէրն երթեալ ասէ․ Բարեաւ եկայք, զինչ կամիք արարէք, մեզ մի՛ տաք վնաս»։

Քաղից հետո հիշվում են ցլախառնուրդ հրեշները, ինչպես Ոսկեբբերանի թարգմանության մեջ տեսածներս՝ ձիացուլ֊ը և ծովացուլը֊ը։ Կան նաև իշացուլ և եզնախոյ, սակայն թարգմանության մեջ գտնվելով՝ այս անունները օտարածին են թվում։ Հայ թարգմանիչը միայն ծովացուլ֊ն է հայոց մտքի ծնունդ համարում։ Իսկ Եզնիկը ասում է․ «Ծովացուլն՝ զոր ի Կովէ ելեալ ասեն»։ Ավելի հարմար է թվում կարդալ «ի ծովէ», այլ ոչ «ի կովէ», բայց դարձյալ ասում է․ «Մին ասէ, թէ ի մերում գեօղ Ծովացուլ զԿով գործեաց, և զգոչիւնն հանապազ մեք ամենեքեան լսեմք»։ Առաջինի համեմատ՝ պետք էր ասել, թե կովը ձիացուլ ծնեց, թեպետ որքան մեկն է սուտ, նույնքան էլ մյուսը, եթե դրանք չլինեն հայոց երկրի լճերի միջի մեծամեծ ձկները։

Վերոհիշյալ թարգմանիչի, Եզնիկի, Խորենացու և շատ ուրիշների հիշատակած հայոց ամենից ավելի նշանավոր հրեշ կենդանին առլեզն է կամ հարալեզը՝ արալեզը, որի անունը գրված է քիչ֊շատ տարբերությամբ, բայց յուրաքանչյուրի գրածի համեմատ մեկնաբանված է։ Առլեզը իբր առնող է և լիզր, հարալեզը՝ իբր հար (միշտ) լիզող, արալեզը՝ Արային լիզող, քանի որ նախ հիշատակվում է մեր Արա Գեղեցիկ նահապետին վերաբերող ավանդության մեջ, թե երբ նա զոհվեց իր չսիրված սիրող Շամիրամի դեմ պատերազմում, սա, հայերի վրեժխնդրությունից վախենալով, համբավեց՝ իբր իր շունբերան չաստվածները, Արայի վերքերը լիզելով, նրան ողջացրին, և ի հիշատակ դրա՝ «կանգնէ և նոր իմն պատկեր դիւաց, և և մեծապէս զոհիւք պատուէ, ցուցանելով ամենեցուն, իբր թէ այս զօրութիւն աստուածոց կենդանացուցին զԱրայ»։

Հետո ի՞նչճ եղավ նա, ո՜վ աղճատյալ։ «Սահմանք»֊ի մեկնության հեղինակը, ավելի պարզելով, գրում է․ «Ստաբանեաց այսպէս ասելով, թէ աստուածքն շնորհեցին մեզ Կենդանիս ոմանս, որք լիզեալ զԱրա կենդանացուցին, լցուցանելով զփափագ մեր․ անդուստ սկսեալ ասեն գոլ կենդանի Յարալէզ»։

Ավելի հարմար էայսպես լիզողից ծագած համարել հրեշի անունը, քանի լիզվողից։ Ստույգ, թե անստույգ՝ Արայի անունը կարծիք ներս իրեն է ձգում։ Շամիրամին շնորհված կենդանիները իրեն ոչ անպատշաճ շներ են, որոնց լիզող լինելը հայտնի է բոլորին։ Հներն էլ ասում էին, թե առլեզները ձևանում էին շնորից կամ շնակերպ էին ու շնախառն։ Վանական վարդապետը հարալեզ է կոչում և համարում մեր մեկ այլ նորագույն առասպելավանդ թագավորի՝ Արտավազդի երկու շները․ «Սեաւ և Սպիտակ, որ յար լեզուն զկապանս նորա»։ Ինչ կերպարանք էլ ունենար, առլեզի գործը այն էր, որ «յորժամ վիրաւոր ոք անկեալ ի պատերազմի դնիցի, լիզիցէ և ողջացուցանիցէ»։ Եթե Բուզանդի պատմածը ստույգ է (Ե, ԼԶ), նաև 4֊րդ դարում՝ քրիստոնեության օրոք, երբ քաջն Մուշեղ Մամիկոնյանը սպանվեց, «ոչ հաւատային ընտանիք նորա մահու նորա․․․ կէսք յառնելոյ նմա ակն ունէին․ մինչեւ զգլուխն անդէն ի կոճեղն կարեալ՝ կցեցին, և հանին եդին տանիսն աշտարակի միոյ․ ասէին, զի վասն զի այր քաջ էր՝ Առլէզք իջանեն և յարուցանեն զնա»։

Մեկ դար անց հայոց պարզամիտ ռամիկը հավատում էր, թե իր նախնիների օրոք առլեզներն իսկապես եղել են, բայց նրանց հավատքի հետ էլ անհետացել են։ Բայց այս հայկական ավանդությունը մասնակի այլափոխությամբ պատվավոր կերպով պահել ու պատվի է արժանացել աշխարհի ամենախոհական ու վայելչագիր հեղինակի՝ Պլատոնի մոտ, ինչը կտեսնենք ստորև։

Վահրամ վարդապետը իր հարց ու պատասխանի մեջ հուշկապարիկին նույնացնում է համբարուի հետ՝ ասելով, թե երկուսն էլ միայն անուն են․ «է կենդանի մի, որ յար լեզու զմեռնեալսն և կենդանանան, և կոչի Յարալէզ»։

Այժմ հիշենք հայերի այդ երկրորդ նշանավոր հրեշին՝ համբարուին, որի կերպարանքը անծանոթ է։ Ս․ գրքի հիշտակումից իմացվում է, որ անապատ, ամայի տեղերում գտնվող կամ կարծված կենդանու նման էր։ Բայց առավել երևակայված էր, քան բնական, և ոչ էլ բոլորի կարծիքով, ինչը տեսնում ենք Ս․ գրքի այլևայլ թարգմանությունների մեջ այլևայլ նմանողություններով։ Մեր մեկնիչները՝ Մխիթար Գոշը Մեր մեկնիչները՝ Մխիթար Գոշը (Մեկնություն Երեմիայի, ԺԳ, 21) և Գևորգ Սկևառցին (Մեկնություն Եսայու, ԼԴ, 13), ս․ Ոսկեբերանի հետ ասում են, թե համբարուները սոսկ անուն են և իրոք չկան, և անցնում են։ Հոբի հին մեկնիչ Յուսիքիոսը, ըստ հայերեն թարգմանության, ասում է․ «ԶՀամբարու՝ այք Յուշկապարիկ թարգմանեցին․ և համբաւ է վասն սորա՝ թէ ծովային կենդանի է, ի միջոյն ի վայր ձուկն, և ի վեր՝ կնոջ կերպարան․ և այնքան քաղցրաձայն՝ զի պակնուն լսողքն» և այլն։ Այս հարմար է Sirene կոչված հրեշներին։ Բայց իրեն հոբի եղբայր համարող համբարուն, Եսայու հիշատակածը (ԼԴ, 13) «գազանք անապատի, Համբարուք և Դստեր Ջայլամանց», ցույց են տալիս ոչ թե ծովային այլ ցամաքային էակ՝ կերպարանքով և սեռով իգական, որովհետև ինչպես այստեղ Եսային է հիշում ջայլամների դուստրերին, այնպես էլ այլ մարգարեներ (Մեքիա, Ա, 18, Երեմիա, Ծ, 39)․ սրանցից առաջինը վիշապիկն էլ համբարուների հետ մեկտեղ է հիշատակում․ «Արասցէ կոծ իբրեւ զՎիշապաց, և սուգ իբրեւ զդստերաց Համբարեաց»։ Անապատում ողբաձայն ճչացող թռչունների ու լալկան կանանց ձայնը միանգամայն խառնում են այսպիսի խոսքերը, որով և խառնում են լալկանների կերպարանքը։ Հույնը մեր համբարու֊ն գրում է սիրենես (Уейсзнет): Լատիներեն թարգմանության մեջ համբարու֊ի փոխարեն միշտ գրվում է ջայլամ (Struthion), նրանից ծագած նոր լեզուներում՝ նույնպես, երբեմն էլ գրում են բու, կարապ կամ, առանց որոշակիության, ճչաձայն և դաժան թռչուն (Oiseaux lugubres կամ sinistres)։ Անգլիացի թարգմանիչները համարում են, թե լիլիթ և քիպպոզ եբրայերեն բառերը նշանակում են բուի տեսակներ։ Մարգարեների մեր հնագույն մեկնիչ Դավիթ քահանան (12֊րդ դար), ըստ կարծիքների, նրանց համարում «դեւս հերաւորս, խոզանեալք և աշտանակամազք․ և թէ գազանք ինչ և թռչունք են յանապատի, սակաւուց տեսեալ և անծանօթ յոլովից»։ Սա էլ է այդ դիվակերպ հրեշներին խռից և ցցված մազերով կնոջ կերպարանք տալիս։ Իսկ մեր հանգույն հիշատակող հեղինակը՝ Եզնիկը, համարում է իրական կենդանի, քանզի ասում է․ «Համբարուաց ծնունդք գոն և մեռանին»։ Մեկ ուրիշ անանուն գրող ու հին բառագիրք այն նմանեցնում են մողեսաձև կենդանու՝ ասելով․ «Համբարու Քարաթոծն է․ ի նմանէ ծնեալն եթէ ի ցամաքի ծնանի Քարթոշ կոչի, և եթէ ի ջուրս ծնանի՝ Կոկորդիլոս կոչի»։

Հայտնի է, որ այս անճոռնի երկկենցաղ կենդանին էլ, ըստ բնագետների, մողեսների ցեղից է (հրաշալի՜ զույգ կամ քույր ու եղբայր՝ ջայլամներ ու մողեսներ՝ կոկորդիլոսներ), որոնց փոխարեն՝ մեր վերոհիշյալ գրողը (Դավիթը) մի տեղում էլ սոսկ ասում է․ «Համբարուս և Դստերս Վայրենեաց»։

Ինչ էլ սրանք լինեն, մեր հին հայերի ճանաչած համբարուին հայտնի չեն դարձնում, ինչը հարկ էր ճշտել ըստ նրա անվան։ այդ անել չեմ կարող, որովհետև հավանական չէ համբար բառից ծագումը՝ ըստ ներկայումս գործածվող իմաստի, որովհետև հներից ոչ ոք չի հիշատակել, թե Վիշապաքաղի պես սա էլ է ամբարներ թալանել կամ, ընդհակառակը, պահպանել (ինչպես կարծում է Ջրպետը) մանավանդ ապրելով ամայության մեջ, այլ ոչ արտերում, ինչպես նա։ Այլ ծագում ունի նաև անունը կամ բառը, որին հատկանշական է ու իգակերպ կակուղ վերջավորությունը։ Հիշենք նաև հոլովումը, որ համբարուաց գրվելու փոխարեն համբարեաց է գրվում։ Արդյո՞ք համարբուի մի շոշորդ էլ կա այդ անվան մեջ։ Մեկ այլ ձևով է գրել բավականին հին համարվող անծանոթ մի հեղինակ, որ հարցնում է․ «Զի՞չ են Համբարուկք և Յուշկապարիկք և Ծովացուլք» և այլ յոթ այսպիսիները, որոնց կոչում է «սոսկ անուանք»։ Եվ պատասխանում է, թե հրեշտակներից ու մարդկանցից զատ՝ գործող այլ արարած չկա՝ բացի «ի Դիւաց․ որք ապատամբեալ միշտ չարք են․ և առ ի մոլորեցուցանել զմարդիկ, և անուամբ կերպս ի կերպս լինելով, զի որսասցեն զմեզ ի կորուստ․ և անիմաստք ի մարդկանէ կարծեն՝ թէ են ինչ, այլ նոքա են դեւք անմարմինք, ոչ ծննդեան(՞) ըստ որում կերպի երեւին և անուանեն զնոյն»։

Հայոց հավատքում կիսով չափ կամ երբեմն կենդանակերպ ու երբեմն մարդակերպ հրեշներից գլխավորներից էին վայրերի շահապետներ կոչվածները, որոնք երկրի այլևայլ մասերի՝ անտառների, ձորերի, անապատ տեղերի և գերեզմանների բնակիչներ էին կամ պահապաններ։ Նաև վիշապաքաղի նման ագարակներին ու արտերին մոտեցող էին, բայց ըստ իրենց անվան՝ չգիտեմ՝ դրանց ավելի շահ էին տալիս, թե վնաս։ Եվ ըստ այդմ՝ իմանալի են ոչ «շահերի պետ», այլ «շահապ (իշխող, հոգացող)» իմաստով, մանավանդ որ շատ անգամ օձակերպ էին համարվում, և դժոխքի տիրակալներն էլ էին կոչվում շահապետ։ Թվում է, որ մեր երկրում այս շահապետները երբեմն երևում էին «հեծեալք իբրեւ զմարդիկ» (ըստ Եզնիկի) և որսորդական ճարտարությամբ ու գործիքներով ընկնում էին վայրի կենդանիների հետևից՝ նրանց բռնելու համար։ Ոմանք ասում են, թե մինչև հիմա ինչպես վերոհիշյալ հրեշներին, շահապետներին հավատացողներ էլ են գտնվում՝ սրանց կոչելով շվազ, համարելովվարուցանքի ու բերքի խնամողներ, որոնք մարդկանց հայտնվում են տարին մեկ անգամ՝ գարնանը։

Թերևս այս անվան փոփոխությունից է առաջացել շվոտ անունը, որը այժմ լսվում է շատ տեղերում։ Շվոտը ավել իվնասակար է համարվում։ Մարտ ամսվա նախընթաց օրը մշակները լաշի ծառի ճյուղերով, կաշվով, փայտով զրակում են իրենց տան և գոմերի պատերին՝ կանչելով․ «Շուոտն ի դուրս, Մարտն ի ներս»։ Եվ այս գործողությունը կոչվում է շվոտահան։ Նաև փոքրերին վախեցնելու համար սպառնում են շվոտին կանչելով։ Այսպիսի կարծեցյալ էակներով վախեցնելու կամ վախենալու երևույթը կար նաև այլ ազգերի մեջ։

Այս անվանումներին շատմոտիկ է շուտիկ֊ը, ինչը ոմանք կարծում են գրողի պես մի բան՝ ոչ այնքան ահավոր, բայց ըստ բժշկարանների նշանակում է «տարաժամ մահ»․ «Թէ անկանի Շուտիկ ի տեղ մի, որ է մահն, գրեն, և դու անդ պատահիս․․․ ի մէջն մնաս», և այլն․ «Աւագ թիրեաքով» դե՛ղ պատվիրիր։

Այս հիշյալ հրեշ էակներից առավել նշանավոր և մեր հեթանոս հայերին ծանոթ են եղել պայեր ու պարիկներ անվանվածները (ըստ հին պարսիկների՝ փարիք, ըստ նորերի՝ փարի), որոնք նրանց սեփականն են, թեև օտար ազգերի նմանների հետ նույնն են համարվել, կան նրանց անվանումների փոխարեն սրանք են դրվել։ Պայերը գուշակվում են որպես մարդակերպ, ինչպես հայտննում է Եզնիկը․ «ԶՊայն ի մարդկանէ ելեալ ասեն», բայց կարծում եմ՝ ոչ անխառն և կենդանիների մասերից, թերևս՝ նաև որպես նոխազոտուններ կամ մարդաքաղեր, ինչպես հույների Պանը (Pan) և սատիրները (Satyres), հռոմեացիների ֆավնը (Faunes) և սյուլվանուսը (Sylvanus), որ անտառաբնակ են ու լեռնաբնակ։ Թարգմանություններից մեկում գրվել է նաև Վարդապայն Քաղեայ, որ հիշեցնում է հունաերն և լատիներեն այդ մարդաքաղ կոչվածը, որովհետև ունեին մարդու մարմին, բայց այծի եղջյուր ու սրունք, ըստ որի՝ մեր բառն էլ կարելի է կարդալ մարդապայ։ Բայց մեր մի հնդկաբնակ ազգակից ասում էր, թե հնդկերեն ձայնարկության մի բառ է վարտապա՜յ կանչելը չգիտեմ ինչ նշանակությամբ։

Թվում է, թե պարիկները իգակերպ պայերն են և ըստ անունի՝ բնության գեղեցիկ տեսարանների մեջ պարողներ ու պարայծեր են։ Մանավանդ հուշկապարիկ հատուկ տեակը, որ ավելի հաճախ է հիշատակվում և ըստ բարդված հուշիկ բառի՝ ենթադրել է տալիս հանդարտ և նազով պարող, ինչը, անշուշտ, հեռու չէ հավերժահարսերից։ Բայց գրված կա նաև «վշկապարի», որը Ս․ գրքում հիշատակվում է համբարուների և ամայի վայրերի հրեշների հետ, ինչպես Եսայու մոտ (ԺԳ, 21-22, ԼԳ, 11-14)․ «Անգ հանգիցեն Համբարուք․․․ և Յուշկապարիկք բնակեսցեն ի նմա»․ «Եղիցի բնակութիւն Համբարեաց և հանգիստ Ջայլամանց․ և պատահեսցեն դեւք Յուշկապարկաց, և տայցեն ձայն միմեանց։ Անդ հագիցեն Յուշկապարիկք, զի գտին իւրեանց հանգիստ»։ Նաև սա հիշելով Եզնիկը գրում է․ «Ս․ գրոց՝ ըստ մարդկան կարծեացն եկեալ՝ առ ի նշանակելոյ զսաստկութիւն աւերածին աշխարհին,Յուշկապարկաց ասեն բնակել յաւերակն, զոր յոյն լեզու Իշացուլս ասէ»։ Նույնն է վկայում նաև Վահրամ վարդապետը․ «Ի Ցլոյ և յԻշոյ զՅուշկապարիկն, ասեն, և թէ անունին լոկ ի մէջ մարդկան, և ոչ են»։ Հայերեն անվան հնչումը մտաբերելով՝ մեկը գրել է․ «Գարշապարս Յուշկապարաց կանգնելոյ անգամ կարօտի»։ Թվում է, թե ուզում է ասել․ «Յուշկապարիկի նման իսկ չեմ կարող գարշապարս մի թեթև շարժել»։ Իսկ ամայի տեղում նրա բնակվելու մասին մի գուսան երգում է․
«Յերերդ ես հասեր՝ հոգվարի պէս․
Մէն ես մէնիկ Յուշկապարի պէս»։

Սրբաստիճան ու մեծ գուսան Թլկուրանցին էլ մի նոր հատկություն է վերագրում սրան՝ նմանների հետհիշելով․
«Արալէզ և Եղջերուաքաղն, Յուշկապարն պղնձաբերան,
Ոմանք ասեն է և չէ, որ գիտեն թէ կան կամ չըկան»։

Ծովային հրեշներ֊ի փոխարեն երբեմն ասվել է նաև հուշկապարիկ, որի պատճառով կարող են լինել նաև ծովի դուստրեր (տե՛ս էջ 39)։ Փիլոնի գրվածքների մեկնիչը պարիկների (Syrenes) երգը այսպես է բացատրում․ «Յուշկապարիկն է, որ մինչեւ ի պորտն կնոջ պատկեր է, և անհնարին քաղցր ձայն ունի, և պարտրէ զլսողսն»։ Մեկ ուրիշը գրում է․ «Յուշկապարիկ՝ Համբարու է․ կէս անձինն կնոջ է և կէսն թռչնոց, և յոյժ քաղցրաձայն է, և ի ծովու բնակէ․ ոմանք ասեն՝ հաւ է քաղցրաձայն անապատասէր, կամ դեւ մարդատեսիլ․ ոմանք Յուշկապար, պորտի վերն մարդոյ է, անդի վայրն՝ իշոյ»։ Եպիփանոս բարոյախոսն էլ ասում է․ «Վասն Յուշկապարկաց, թե մահաբերք են, և ի ծովու են, և երգեն երգս քաղցրաձայնս, և կերպարանք նոցա, և այլն։ Նոյնպես և Իշացուլն, մի կողմն արու մարդոյ է, և վայր կողմն իշոյ»։

Այս ամենից պարզ է դառնում, որ հուշկապարը հայերին ծանոթ է ու բնիկ։ Եվ եթե օտար լեզուներում հանդիպում էին քիչ թե շատ նման մի ճիվաղի անվան, նրան կոչում էին իրենց ծանոթի անունով։

Վերոհիշյալ բոլոր հրեշներին կարող ենք կոչել վերջին՝ ճիվաղ կամ, որ նույնն է, ճևեղիկ բառով՝ որպես ընդհանրական անունով, որը ռամկական խոսքում նշանակում է մեկը մյուսի հետ խառնակ այլանդակ կենդանի կամ երևույթ, նաև ոգեղեն մի էակ, որը թողնում ենք՝ հիշելու նմանների հետ։ Բայց մարմանվոր ճիվաղ լինելը կամ ենթադրվելն էլ վկայվում է Երեմիայի մարգարեության մեջ․ «Ճիւաղք բնակեսցեն ի կղզիսն․ և բնակեսցեն ի նմա դստերք Համբարեաց»։ Սրանց փոխարեն հունարենն ասում է աչքին երևացածներ (ЙндЬлмбфб) և սիրենների դուստրեր (ИхгбфЭсут УейсЮнщн)։ Լատիներեն թարգմանությունն է՝ վիշապ, ջայլամ և թզակեր ֆավներ։ 9-րդ դարի հեղինակ Մեծնունյաց Միսայել եպիսկոպոսը ճիվաղին ներկայացնում է որպես ծովային հրեշ (Խաչի ճառի մեջ)․ «Ծով աշխարհիս՝ յորում որջացեալ գազանք մեամեծք և մանունք, Ճեւեղիկք և այլք, ընդ Այսս չարութեան»։

Be the first who will comment on this

Other parts of "Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց"

Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby

Birth of Thoros Roslin
Birth of Thoros Roslin
Play Online