Ghevond Alishan

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Վերջաբան

Մի վերջին անգամ հայացք գցելով մեր երկրի դիրքին և այն չորս կողմից պատած այլալեզու և այլակրոն ազգերին՝ տեսնում ենք, որ զարմանք չի պատճառում Հայաստանի լեզուների ու կրոնների մի բնական խառնարան լինելը, և հայ ազգի բարքի ու բերմունքի քննությունն էլ ցույց է տալիս, որ գրեթե հարկ է, որ այդպես լիներ։ Եվ եթե բավական նյութեղեն հիշատակարաններ չկան կամ չեն երևում, և ոչ իսկ՝ ազգային գրավոր ավանդություններ, կարող ենք քիչ չհամարվել օտարների, մանավանդ հույների արած հիշատակումները։ Մեր կողմից էլ կա ազգային լեզվի ընդարձակ ասպարեզը կամ բովը, որ դեռ անսպառ է և ոչ բավականաչափ կամ ոչ արվեստագիտական հմտությամբ է փորված։

Այս ամենից հետո հարկ է հիշել, թե այսքան այլևայլ ծագումով կրոններն ընդունող և պահող ազգը, որ և իր կարծիքում համառություն ունի օտարներին հեշտորեն հարելով հանդերձ, ինչպես թողեց այս ամենը, անհետ արեց ու ոչ մի կամ գրեթե ոչ մի գրավոր կամ նյութական մնացորդ չթողեց իր հեթանոսական գրվածքներից և քանդակներից, կուռքերից, սպասքից և այլն։ Վերջիններիս վերաբերյալ կարող ենք ասել, թե երկրի ծոցը դեռ բավական հետազոտված չէ, գրվածքների վերաբերյալ էլ՝ թե շատ չէին և կամովին էլ ջնջվել են։ Միաժամանակ հին հավատքի և կրոնի հետ կատարվածի մասին էլ (մի կողմ թողնելով աղթարականից մնացած հետքը) հարկավոր ենք համարում խոստովանել, որ հրաշալի կերպով է եղել այս բանը, առանց որի՝ բազմամիլիոն մի ազգի համար առհասարակ անհնար կլիներ թողնել իր նախնիների պաշտամունքն ու պաշտելիներին և ընդունել քրիստոնեությունը։ Եվ արդեն իսկ մշտնջենավոր հրաշք է, որ արիական կոչված (հայ) ազգը իր ցեղակիցների մեջ մեն֊մենակն է բոլորովին քրիստոնյա, մինչդեռ մյուսները կամ պահել են իրենց հին դիցաբանությունը և դեռ իրենց կրակն են վառում ու պատվի արժանացնում, կամ ընդունել են իսլամը։

Շատ ազգերի մեջ քրիստոնեւոթյունը մտել է փոքր առ փոքր, նույնը և հայերիս մեջ՝ առաքյալների և առաքեալաշավիղ հայերի քարոզության սկզբում։ Եվ միշտ մնացել են Բարդուղիմեոսի ու Թադեոսի սերմանած հատիկը և վառած լույսը, բայց նվաղ, սակավ և ծածուկ, ինչպես վկայում են նրանց աշակերտների նահատակությունները Գողթնում ու Սյունիքում (Ոսկյանց, Սուքիասեանց, Սանդուխտի, Թեոդորոս Սալահունու, Արարատյան վկաների, հայոց եպիսկոպոս կամ եպիսկոպոսապետ Մերուժանի և այլոց)։ Բայց սրանք, եթե կարելի է այդպես ասել, աստվածային ընդհանրական սքանչելիքներ էին, ինչպես որ այլ ազգերի մեջ, իսկ Տրդատի՝ հայոց այն գոռ ու գոռոզ և ամեն առումով հսկա տիրակալի ժամանակ մարդկանց միտքն էլ կարծես պահանջում էր, որ Աստված էլ գերագույն զորությունը հայտնի դարձներ ու նրանով նախ նվաճեր այդ սեգ թագավորին, «որ այնչափ երեւելի եղեալ քաջութեամբք առաւելոյր ի մարտս պատերազմացն․ նա եւ յուղումպիադսն Յունաց՝ հսկազօր երեւեալ․․․ որ սիգալովն աւերեաց զթումբս գետոց, ցամաքեցոյց իսկ ի սիգալ իւրում զյորձանս ծովուց», և ապա Տրդատի հզոր բազկով ու կենդանահրաշ Լուսավորիչի փափուկ ձեռքերի առակցությամբ՝ նրա բիրտ ու հնապաշտ հպատակների բազմությանը։

Երկու բարք ու բռնություն միախառն կատարեցին հայոց դարձը հին հեթանոսական հավատքից Քրիստոսի նոր և բուն և ճշմարիտ հավատքին, որը շուտափույթ ընդունելու հարկ և առիթ եղան այն սքանչելիքները, որոնք պատմում է Ագաթանգեղոսը, և որոնք, ինչպես էլ քննության ենթարկվեն, ամփոփվեն ու մենկաբանվեն, չեն կարող առանց հրաշքի սոսկ երևալ ու խախտել հայերի 1600 տարվա հաստատուն ու եռանդուն ավանդությունը, ինչը այնքա՜ն այլակրոնների և հալածանքների մեջ (բացառությամբ մի քանի ուրացող վատերի) սիրով և պարծանքով պահեցին և պահում են և, հույս ունեմ, պիտի պահեն՝ շնորհիվ առհասարակ մարդկության համար հավիտենական լույս ծագեցնող ամենափրկիչ Քրիստոսի և հատկապես հայոց Լուսավորիչ ս․ Գրիգորի աղոթքով։ Սրան՝ սեր և պատիվ, Նրան՝ փառք և գոհություն, և ինձ՝ ուրախություն, որ այսպիսի հիշատակով քավում եմ գրչիս՝ այսպիսի խափանված ու խափանելի նյութի մասին գրելը։

Ուրա՜խ եղիր, հոգի՛ քրիստոնեության, քանզի խավարը մերժվեց, և օրը բացվեց։ Եվ միշտ և հանապազ թող լուսատու լինի քեզ Քրիստոսը, որին մյուս անգամ, բյուր անգամ և միշտ՝ փառք, այժմ և հավիտյան։

Be the first who will comment on this

Other parts of "Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց"

Yatuk Music
Expromt
Arno Babajanyan

Expromt

Birth of Thoros Roslin
Birth of Thoros Roslin
Play Online