Ghevond Alishan

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Բնապաշտություն

1. Լեռներ և քարեր
2. Կրակ
3. Ջուր
4. Օդեղեն նյութեր և երևույթներ
5. Բուսեղեններ և ծառապաշտություն

Ճշմարտության ուղիղ ճանապարհից խոտորվողը կարող է այլևայլ կողմեր գնալ ու գնում է և դիմացը ինչ հանդիպի, դրա համեմատ էլ կշարժվի։ Ավելորդ է, ուրեմն, հարցնել, թե այս կամ այն ազգը, շիտակ ճանապարհը թողած, նապ որ ծուռ ճանապարհով է գնացել։ Սակայն թե՛ հին և թե՛ դեռ մնացող բարբարոսների մեջ երևում է, որ անձնավոր էակից և իրենց նմաններից կամ ոչ նմաններից առաջ անկենդան բնության մասերին են ընածյել հավատք ու պաշտամունք։ Թեև դա թանձրամտության բերմունք է, է՛լ ավելի ցավալի զարմանք է, որ գրեթե բնապաշտ կամ նյութահավատ են նաև մեր լուսավոր ժամանակի ոչ քիչ հանրագիտուններ ու կարծեցյալ իմաստուններ, երբ աշխարհիս ու մարդու ստեղծումը չեն ընդունում ըստ Ս․ գրքի ավանդության։ Եվ որքան էլ խորշեն այսպիսի անունից, թեև ոչ կրոնով ու ոչ պաշտամունքով, սակայն ինչ֊որ ձևով հավատք են մատուցում բնությանը՝ այն տարբերությամբ, որ սրանք իբր բնությունը տարրալուծելով են հասնում դրա նոսր հանգամանքներին, մինչդեռ հները բնության մեծությունը միայն թանձրությամբ էին ըմբռնում։ Եվ պե՛տք է այսպես լիներ, որովհետև բնության գաղտնիքները քիչ էին ճանաչված, և աստվածապաշտությունը, այսինքն՝ պաշտամունքը, մասամբ կատարվում էր բնության մեջ, երբ ոչ տաճարներ կային, ոչ բագիններ, և ոչ էլ հնարվել էին պաշտամունքի այլևայլ գործիքները։ Այդ ժամանակ երկրի որևէ մասը դառնում էր պաշտամունքի ու աղոթքի վայր, երկինքը՝ նրա համապարփակ ձեղունը, ճյուղատարած մի ծառ՝ հովանի, կոշտ մի ժայռ՝ սեղանը, բույսերն ու երբեմն էլ կենդանիները՝ նվեր ու զոհ։ Այն ժամանակ այդ անչափելի ձեղունի արեգակնափայլ պայծառությունը կամ աստղազարդ ցոլցոլմունքը, երկրի բյուրակերպ տեսարանները՝ իրենց բարձրությամբ (լեռներ), խորությամբ (ձորեր) և հարթությամբ (դաշտեր), սրանց ծաղկածիծաղ ու կանաչազարդ երեսը, բույսերի ու տնկիների տված զվարթությունն ու վայելքը, գետնի վրա հաղթահասակ ծառերի աշտարակաձև բարձրանալը, նրանցից անհամեմատ բարձր լեռների կոնաձև կամ խոժոռ երևույթը, մանավանդ այն ժամանակ վերջիններիս ներքին հնոցը դեռ վառ լինելու պատճառով հրաբխային ժայթմունքը՝ որոտմունքով ու սաստիկ սասանմունքով, և տեղ֊տեղ ջրերի ծովածավայլ տարածմունքը, տեղ֊տեղ հանդարտ ընթացքը, տեղ֊տեղ էլ անընդհատ ու անհատնում շփոթեցնող շառաչյունով, բրդանման փրփուրներով վիժելը, սահել֊թավալելը՝ սրանք և այսպիսիները ողջախոհ մարդկանց միտքն էլ, սիրտն էլ զմայլումով, ապշությամբ, վախով ու պատկառանքով բարձրացնում էին առ Աստված՝ ճանաչելով որպես տիեզերքի և իրենց ստեղծող և տնօրեն։ Եվ ձայնակցում էին բնության անխոս լեզվին՝ նրան օրհնելու, նրան պաշտելու համար։

Իսկ երբ նրանց կիրքը, ախտերը, հակառակությունը, բռնությունը ապականեցին բարքերը, ծուլությամբ ու անփությությամբ հանդերձ մթագնեցին միտքը, պաղեցրին սիրտը, մարդը, որ մի ժամանակ իրրենից վեր միայն Աստված էր ճանաչում և իրեն էլ բնությունից վեր գիտեր, իջավ ավելի, քան բնությունը։ Բնությունից աստվածազդեցիկ գեղեցկություն, վեհություն, ջերմություն զգալու փոխարեն մարդը սկսեց մի կողմից՝ երկյուղ զգալ, մյուս կողմից՝ իր կյանքի ապրուստը այնտեղից հայթայթելու պատճառով ավելի շատ պատկառել, պատվել ու պաշտել այն, ինչը իրեն օգուտ, վախ կամ զարմանք էր ներշնչում։ Եվ իր հավատքը միայն Աստծուն վերընծայելու փոխարեն, կրքերի այլայլությամբ կրոնը ևս այլայլելով, այդ արարածներին համարեց նախ Աստծու տեսանելի պատկերներ, հետո՝ աստվածային և ապա՝ մինչև իսկ աստված։ Եվ այսպես՝ խանգարված սիրտն ու տխմար միտքը ներառան կամ ընդունեցին բնապաշտությունը, որ անվանում է նաև նյութապաշտություն և տարրապաշտություն։

Իմացությունից հայտնի է, որ կրոնի շարժառիթը երկու գլխավոր կրքերն են՝ սերը և վախը, ինչպես և հիմա ճշմարիտ կրոնին հետևողներին կոչում ենք աստվածասեր և աստվածավախ կամ երկյուղած։ Ճշմարիտ կրոնի առաջին տարրը է և պետք է լինի սերը։ Մոլորության նախադաս է երևում վախը։ Եվ ինչպես փոքրերի մեջ, որոնք վախենում են որևէ այլանդակ կամ մեծ բանից, վելի զորավոր է երևում ա՛յս կիրքը, այդպես էլ փոքրամիտ մարդկանց համար նրանց շրջապատի բնության մեծամեծ և զորեղ մասերն են վախ ազդելով դառնում պատկառելի ու պաշտելի։

Առանց հեռու գնալու՝ պատկերացնենք մեր հին հայկազուններին Երասխի դաշտում՝ դեպի արևելք դարձած, ձախ կողմից 1000, աջ կողմից 13000 ոտնաչափ բարձրությամբ (իրական ծովի մակերևույթից 16000 ոտնաչափ բարձր) լեռներին հանդիման, որոնցից մեկը նրանց նահապետները կոչեցին Արագած, մյուսը՝ Մասիս։ Տափարակ գետնից վերջինս այնքան անասելի և անհամեմատ գեղեցկությամբ, քան մնացած լեռները, վեր համբառնալը առ այսօր ամենքին է հիացնում՝ թե՛ տգետին և թե՛ գիտունին, եվրոպացուն էլ, ասիացուն էլ, ո՛ր կրոնի հետևորդ էլ նա լինի։ Ի՜նչ պիտի զգար, ի՜նչ պիտի աներ Հայկից մի քանի սերունդ հետնածին այդ հայկազունը՝ երկու լեռների միջև կանգնած։ Մանավանդ երբ (ինչպես ենթադրվում է) 3000-4000 տարի առաջ նրանց գագաթները անշարժ ու ճերմակ չէին, այլ վերևից ու կողքերից շարժուն կարմիր էլ էր երևում ու փայլփլում գոնե ծխի կամ ընդհատ բոցի ձևով և երբեմն հրեղեն շնչով որոտում ու հառաչում էր։ Մի՞թե հնագույն նահապետների ժամանակ ավելի ստեպ և սաստիկ չէին այս հրաբուխների ներգործությունը և երևույթը։ Այո՛, բայց նրանք Աստծուն ճանաչում էին՝ որպես բնության միջոցով ներգործողի, այսինքն՝ դա բնության ներգործումն էր։ Կամ առանց առաջին պատճառը քննելու սրան էին ընծայում իրենց վախն էլ, պատկառանքն էլ։ Եվ այսպես բնապաշտ ու մասնավորապես լեռնապաշտ էին դառնում, ինչը տարածուն է գրեթե բոլորհին ազգերի մեջ, և մինչև հիմա եթե ոչ պաշտամունքի, եթե ոչ հավատքի, ապա գոնե պատկառանքի զգացողություն էր ունենում մարդը այսպիսի երկրանյութ հսկաների առջև։

Շատերի համար դժվար է ըմբռնել, թե ինչպես և երբ միաստվածապաշտ ողջամիտ հայը դարձավ մոլարաղանդ։ Եվ ոչ թե անաստված՝ ըստ բառի բուն իմաստի, այլ թյուրաստված։ Այս ցավալի ու ամաչելի երևույթում դյուրությամբ կհամոզվենք աստվածընտիր հերական ազգի՝ Ս․ գրքի անտարակուսելի պատմությամբ։ Եգիպտոսից ելնելուց մինչև նրանց գերությունը և ինքնավարությունը կորցնելը՝ 1000 և ավելի տարիների ընթացքում, նրանց հաճախ ենք տեսնում մեկ կռապաշտությանը և մեկ Աստծուն դառնալիս, հետո՝ դարձյալ ու շուտով իրենց շրջապատող ազգերի անշնորհք պաշտամունքներին հարելիս։

Չզարմանանք, եթե մեր նախնիներն էլ, որ ոչ միայն շրջապատված էին այլևայլ ազգերով ու կորններով, այլև իրենց վաճառականության ոգով ելումուտ ունեին մոտ ու հեռավոր ազգերի մեջ, ընդունել են նաև այլազան կրոնների պաշտամունքները ևս, թեև ոչ ամենքը և ոչ երկրի բոլոր կողմերում։

Սկզբի համար հարկ համարեցինք այս խորհրդածությունները անել, որպեսզի հետո հիշատակելի այլևայլ հավատքների պատճառն ու մուտքը հարկ չլինի մանրամասն քննել կամ կրկնել։

Հիմա դառնանք այնտեղ, որտեղ թողեցինք մեր հին, բնապաշտ հային՝ իր լեռների առջև։ Բայց այն էլ հիշենք, որ թեև այս կամ այն հավատքը և պաշտամունքը միևնույն անունով են կոչվում, սակայն ամեն ազգ նույն կերպով ու պարագաներով չէր հավատում։ Եվ ինչպես հիմա թե՛ քրիստոնեության ու թե՛ օտար կրոնների մեջ կան զանազան աղանդներ, դավանանքներ, ծեսեր, այդպես էլ հին ազգերի մեջ էր։

Լեռներ ու քարեր

Եվ քանզի նախ լեռներին եկավ մեր խոսքը, այն առաջ տանելով՝ հիշենք նաև հետևյալը։ Հայի հոգին վերուվարում էր ոչ միայն Մասիսի ու Արագածի, այլև իր երկրի, եթե կարելի է ասել, անթիվ լեռների տեսքից, որոնց վրա նորագույն քննությունները հայտնաբերեցին բազում շիջյալ ու ոչ իսպառ շիջյալ հրաբուխներ մանավանդ վերոհիշյալ երկու լեռների երկու կողմերի (հյուսիս և հարավ) երկու մեծ լճերի կամ ծովակների եզերքում։ Գեղամա (Սևանա) ծովը գրեթե բոլոր կողմերից պատված է այդպիսի ցամաքած հրաբաժակ լեռներով։ Բզնունյաց կամ Աղթամար (Վանա) ծովն իր մոտ և քիչ հեռու ունի Գրգուռն ու Ներբրովթը (Նամրուտ), մեծագույն և դեռ անհանդարտ Թոնդրակը (Բայազետի Թանտուրիկը), ինչպես նաև ծովեզերքի հյուսիսարևմտյան կողմին գրեթե կից բարձրագագաթ երկրորդ Մասիքը (Սիփան կամ Սուպհան լեռը)։ Վերոհիշյալ պատճառներից զատ կամ ավելի՝ Արարատյան բարձր Մասիսը ոչ միայն բարձրությամբ է գերազանց հայոց բոլոր լեռներից, այլև գերազանցում է թերևս երկրագնդի բոլոր լեռներին ջրհեղեղի, նոյյան տապանի ու նրա հետևանքների հիշատակով։ Այս կարծիքը որքան էլ ավելի կամ պակաս հավանական է և ոչ իսկ ստույգ, ոչ միայն հին ժամանակներում, այլև այժմ այն ջնջելն ու մոռանալը նույնքան հնարավոր է, որքան հնարավոր է Մասիսի ձյունեղեն գագաթը վար առնել կամ ձգել իր ահեղորեն պատռված կողի մեջ։ Եթե լոկ ավանդություն լինի ս․ Հակոբ հայրապետի փորձը ելնելու Արարատ լեռան գագաթ՝ փնտրելու տապանի մնացորդները, կամ Տրդատի՝ լեռան կողմից ութ վիթխարի քարեր շալակելը և բերել֊դնելը իր աննման կվակից կույսի (Հռիփսիմեի) հաղթական տաճարի հիմքում, ապա անտարակույս է ոչ միայն տեղաբնիկ, այլև օտար ու հեռու աշխարհների քրիստոնյաների ուխտագնացությունը Մասիս։ Ուրեմն ինչո՞ւ զարմանանք, որ Մասիսը Ազատ անունով պատվական և սրբազան ճանաչվեց հին հայերի կողմից և առասպելվեց մեր Արտաշես Բ թագավորի շատ անգամ հիշատակված անեծքում՝ ուղղված իր առաջնեկին (Արտավազդին)․


«Դու յորս Հեծցիս յԱզատ ի վեր ի Մասիս․
Զքեզ կալցին Քաջք, տարցին յԱզատ ի վեր ի Մասիս,
Անդ կացցես, և զլոյս մի տեսցես»։

Ազգային պատմությունը ուսումնասիրողներին հայտնի է անեծքի (կարծեցյալ) հետևանքը։ Արտավազդը ձիով որսի է գնում Մասիսն ի վեր և հանկարծ զարհուրելով՝ ձիով, որսորդության պարագաներով ու շներով ընկնում է անդնդախոր վիհի մեջ, որտեղ քաջքերի կողմից կապվում է երկաթե շղթաներով, որոնք զուր լինզելով ու լզվրտելով՝ տիրասեր շները ջանում են մաշել, կոտրել և ազատել առանց մեռնելու մշտատանջության դատապարտված թագավորին, որը սպառնում է, թե ելնելով ամբողջ աշխարհը ավերելու է։ Սակայն մարդասեր դարբինները, ամեն տարվա վերջին սալերին բախելով, նորից ու նորից ամրացնում, հաստացնում եմ շղթաները։

Մասիսը, ազատ և բարձր հատկանշող անուններից զատ, ունի նաև մթին կոչումը, ինչը նույնպես համարում եմ հին առասպելական ավանդությունից մնացած։ Մեկ այլ տեղ հիշվում է, որ Պլուտարքոս պատմիչը հիշատակում է Երասխին մերձակա դիցական մի լեռ՝ Տիորփոս անվամբ, որ հունարեն նշանակում է «մթաթափանց», եթե անունն էլ չի ծագել հայկական տարփ կամ տարափ բառերից։ Հավանական է թվում, որ Մասիսին ընծայվել էր հատուկ պաշտամունք կամ պատիվ, կամ Մասիսը որևէ կերպով սրբացվել և դյուցազնացվել էր հայկազունների կողմից։ Մանավանդ եթե ստույգ են ամսվա օրերի անունները, որոնցից յուրաքանչյուրը, ըստ պարսից և այլ ազգերի, նվիրվել է մեկական դյուցազնի կամ դիքի ու նրա պաշտպանությանը։ Այդ անունների մեջ կան և հայոց լեռների անունները՝ Մասիս, Արագած, Վարագ, Կորդիս, Գրգուռ, Պարախ, Նպատ, Մանի (որը ավելի լավ է կոչել Սեպուհ)։ Եթե Մեծ Հայքում լինեին նորագույն ժամանակներում հայացված Կիլիկիայի Կոնկռնատ, Պարզկա, Պրիտ և մյուս լեռները, գուցե գրվեին այն սրբացվածների կարգում։

Ինչպես ստույգ աստվածային կարգով Սինա լեռը, հուր ու ծխով վառված, Մովսեսի միջնորդությամբ ազդեց հրեաների վրա նրանց օրենք ու պատվիրաններ տալու ժամանակ, այնպես էլ մեզ վրա կարող էր ազդել որևէ հրաբուխ լեռ, մանավանդ ի սկզբանե, երբ կրկաի նվազումից հետո մնում էին առաջին հիշատակները։ Առավել ևս, որ հրաբուծի ցնցումների ներգործությունը լեռների վրա թողնում է հիրավի ահարկու և տխուր կերպարանք՝ վիհերով, պատռվածքներով, մեծ֊մեծ քարերի կոշկոռներով և նրանց խորքից ու ներսից հոսած պես֊պես և գույն֊գույն նյութերով, ինչը առ այսօր երևում է այն վայրերում, ուր կան նման լեռներ։ Ահը և սոսկումը առավել կլինեին, եթե բնության ներգործությանը խառնվեին նաև խաբեբաները, սուտ պաշտամունքը, գուցեև դիվական հնարքը։

Այսպիսի խառը, բնական և անբնական երևույթներ և զգացումներ է գուշակել տալիս Վանա երկրի հարավարևմտյան կողմերում՝ Անձևացյաց գավառում (որ արդեն իսկ նշանակում է դարուփոր երկիր), քրիստոնեության դարասկզբում՝ ս․ Բարդուղիմեոսի առաքելության ժամանակ, հիշատակված Կանգվար և Ագռավի քար կոչված լեռների միջև առկա տարածքը, որտեղ կա մի հատուկ քար կամ քարայր, ու ըստ ավանդողի՝ «Դեւք բազում (ասենք և դիւախաբները―Ղ․Ա․) բնակեալ էին ի Քարն յայն, և պատրէին զմարդիկ տեղւոյն, տուեալ յայնմ տեղւոջէ դեղս ախտականս․․․ կռանձայնս դարբնաց, ահաւոր հրաշիւք և զարհուրանօք գործէին․ յորս՝ մարդիկ աշխարհին սովորեալք՝ անդ առ Քարայրին (կամ Քուրային―Ղ․Ա․) դեգերէին․․․ անունեալ զանուն տեղւոյն այնորիկ Դարբնաց֊քար։Հասեալ Ս․ Առաքեալն՝ հալածեաց զդարբինսն՝ զգործօնեայս չարին, և զկուռսն փշրեաց որ յանուն Անահատայ էր»։ Անահիտը որոշ ժամանակ անց էր խաբեբաների կողմից այստեղ հրավիրվել։ Բուն պաշտելին կամ սարսափելին եղել են խարդախ դարբինների կռանաձայնությունը և այն քարայրը կամ քուրան, որ նշանակում է նաև դարբինների հալոցքատեղ, հանքերի ու քարերի խորը տեղ, խորքից հանած նյութեր։ Սրան շատ նման էր նաև քիչ հեռու գտնվող Բութ կոչված լեռնակողը, ուր պաշտում էին թե՛ կրակ, թե՛ ջուր, թե՛ կուռք, ու կային վիշապաբնակ քարայրեր, որտեղից դևերից խաբվածները ու դիվահարները «Ահագին իմն և տեսիլս և փայլիւնս, ձայնս և թնդմունս և ճայթմունս գործէին», ինչը ևս լեռցրեց սուրբ առաքյալը և դրանց տեղում, ըստ ազգիս հին ավանդության, դրեց Տիրամոր անձեռագործ պատկերը և նոր հավատացյալ կույսեր կարգեց ի պահպանություն այդ տեղի, ինչը կրկին հաստատեց ս․ Լուսավորիչը։ Եվ եղավ վանքը մեծ ուխտատեղի ու թեև բավական անշուք՝ այդպիսին է առ այսօր։

Հիշատակներից հայտնապես գուշակելի է, որ լեռներից մասնակի պաշտամունք կամ պատկառանք էր տարածվել քարայրերի և քարերի նկատմամբ վերջիններիս մեծության կամ այլանդակ ձևերի պատճառով։ Այս երևույթը այլ ազգերի մեջ էլ էր երևում՝ մեկտեղելով ոչ միայն նրբամիտ հույներին՝ իրենց պատգամախոս փոսերով ու վիհերով ու երկնից ընկած քարերով, այլև կելտերին, բրետոնցիներին և սաքսերին՝ Դոլմեն (Dolmen), Մենհիր (Menhir), Իրմենսուլ կամ Հերմենսուլ (Hermensul) քարերով ու քարաստվածներով, նաև աստվածընտիր երբայեցի նահապետների մեջ, որոնք նույնիսկ պարզ հիշատակի համար կանգնեցնում էին մեծ քար կամ քարեր, ինչպես իրենց դաշինքի վկայության համար դրեցին Հակոբը և Լաբանը։ Սակայն նման տեղերը կոչվեցին բեթ֊էլ, որ նշանակում էր «Աստծու տուն», որոնց տեղում հետո տաճարներ կառուցվեցին և այդպես կոչվեցին։

Ս․ Լուսավորիչը նորադարձ հայերին վարդապետելիս, ըստ Ագաթանգեղոսի պատմության, նրանց հայրերին կոչում էր քարապաշտ, կարծում ենք, թե՛ վերոհիշյալ պաշտամունքի և թե՛ քարերից շինված պատկերների կամ կուռքերի պատճառով։ Նորից վերհիշենք Վանի ոլորտը, որ Հայոց երկրի դիցաբանական գլխավոր կենտրոններից մեկն է։ Այն ևս ունի նույնպիսի քարեր, ինչպես Ակռբին և այլն։ Ըստ հին ավանդության՝ Շամիրամը դրանց մոտերքում գործեց իր զարմանալիքը և դրանց մոտերքում սպանվեց։ Եվ ինչ եղավ նրա մահից հետո՝ հիշել է մեր պատմահայրը (Խորենացին)՝ ասելով (թե կուզես հավատալ)․ «Եւ Շամիրամ՝ Քար առաջին քան զՆիբոէ»։

Կրակ

Ինչպիսին էլ լինի պատճառը, կրակի պաշտամունքը քիչ֊շատ տարածուն է գրեթե բոլոր հեթանոսների մեջ։ Ոմանց համար այն հատուկ և գլխավոր հավատքն էր, ինչպես է մեր պատմության մեջ քաջ ծանոթ Սասանյանների ժամանակաշրջանի պարսիկների մոտ, որոնք հայերիս՝ քրիստոնեությամբ լուսավորվելուց հետո իսկ ջանում էին այն խափանել և վերստին մտցնել կրակի պաշտամունքը։ ՈՄանց համար էլ այն բազում չաստվածներից ու պաշտելիսներից մեկն էր։ Հայերիս մոտ կրակի պաշտամունքը այդ վերջին ձևով էր առկա, այսինքն՝ առավելապես տեղական, մասնավոր տարածքների պաշտամունք էր, քան ընդհանուր, որի կենտրոնն ու սկիզբը հարկ է փնտրել նախահիշյալ հրաբխատեր գավառների ու լեռների մեջ և վրա։ Եվ ինչպես նախորդիվ ասացինք, հրաբուխները ոչ միայն սրանց (լեռների) պաշտամունքի պատճառներից մեկն էին, այլև, թվում է, գլխավոր պատճառը, որով կրակի պաշտամունքը նախորդում է նրան խորքերում ծածուկ պահողի և հանկարծ որևէ տեղից դուրս հանողի պաշտամունքին։ Կրակի այրող բնույթին կից՝ պաշտամունքի դրդող և, իհարկե, մեծ դրդող էր լուսափայլությունը։ Եթե հրաբուխը իր հզոր ներգործությամբ մերթաբնակներին պահում էր ահուդողի մեջ և դրանով իսկ մղում պատկառանքի ու պաշտամունքի, ապա պակաս վախով և ավելի հանդարտ զարմացումով հրաբուխը նույնն էր ներշնչում հեռաբնակներին, ովքեր իրենց անծանոթ լեռների գագաթներին գիշերը տեսնում էին վառված մեծ և ցոլցլուն ջահեր և լամպեր՝ գերագույն, քան բոլոր մոգական լապտերները։ Երբեմն էլ բնության դադրած և լռիկ ժամերին գետնի տակից լսվում էին սողացող որոտմունքներ։ Եվ եթե հուրը մոտեցողին վախեցնում էր, ապա նրա լույսը հեռվից տեսնողին զվարճացնում էր ու երկնքի լուսատուների հետ աղոտ ազգակցություն էր ներկայացնում։ Եթե որոշ ազգերի մեջ սրանց պաշտամունքը ավելի վաղ է եղել և լույսը երկնքից իջեցրել է երկիր, թերևս կարող ենք ենթադրել, որ այդ պաշտամունքը հայերի երկրից են հանել երկինք։

Ասվածը հավանական է դարձնում, որ հայերի մեջ կրակի պաշտամունքը շատ ավելի հին է, քան զրադաշտական կրոնը և Վռամական կոչված հուրը։ Եվ իրարից տարբեր սկզբունքով ու իմացմունքով են դարձել կրակապաշտ քանանացիներն ու սեմանակ ազգերը, տարբեր՝ պարսիկներն ու մարերը, ինչպես նաև ավելի նրբամիտ ազգերը՝ հույներն ու հռոմեացիները։ Մեր հին հայրերի պատկերացումը կամ զգացումը ի հայտ է գալիս վերոհիշյալից, և քանզի հայերիս մեջ եղած կրակի պաշտամունքը անվանվեց տեղաբնիկ, մնում է խոսել այդ վայրերի մասին։

Դրանցից գլխավորը, ըստ Հայաստանում քրիստոնեկան կրոնի առաջին քարոզության ավանդողների, եղել է Աղթամարի ծովատաշտի բոլորտիքը, մանավանդ հարավային կողմը, ուր Անձևացյաց գավառում տեսանք Դարբնաց քարն ու Բութը։ Թեպետ առաջինի մեջ կրակի նյութ կամ բխում չի հիշատակվում, այդուհանդերձ դարբինների կռնահարությունը գւոշակել է տալիս, թե գոնե առաջ այդ էլ էր երևում ու լսվում։ Եվ երբ հրաբուխը դադարում էր, տեղի խաբեբա պաշտամունքավարներն ու մոգերը իերնց քուրաներով, սալերով ու կռանով ստեղծում էին եթե ոչ հրաբուխ, ապա հրացայտ կրակատեղ։ Իսկ Բութ լեռը քրիստոնեության դարասկզբին դեռ լռիվ չէր մարել, թեև հրաբխաբաժակը հանգած էր ու սյունաձև վեր չէր ծխում, բայց մի կողի վրա ուներ մի պատռվածք կամ բաժակ (ինչը երկրագետի աչքով զննողը կտեսնի նաև այսօր), և ըստ պատմիչի՝ հրաշագործ պատկերի (Անձևացյայց կամ Հոգվոց վանքի) «տուն կրակի, անյագ հրոյ, անդադար այրման աստուածոցն», որ նշանակում է, թե այն ի բնե միշտ վառ էր։ Բայց թվում է, որ կրակի աստվածությանը կամ պաշտելիի անհագությանը հագուրդ տալու համար դրսից էլ էին նյութ ավելացնում։ Եվ այսպիսով՝ հայտնի է դառնում, որ այդ վայրին լոկ պատկառանք չէ, որ ընծայվում էր, այլ նաև աստվածային լինելու կարծիք ու հավատ, ինչը տարբերվում էր պարսից Օման կամ Աման կոչվածից (որի պաշտամունքը վկայում է Կապադովկիայում այն տեսած Ստրաբոնը․ XV, 3) և պելասգյանների կամ այլոց պաշտածից, քանզի պամիչն ասում է․ «Վառէին զԿրակն՝ Քոյրն, և զԱղբիւրն՝ Եղբայրն»։ Այս խոսքը և վերոհիշյալ Աստված կոչելը հայտնի են դարձնում, նախ, որ պաշտում էին ոչ միայն բոցը կամ կրակի նյութը, այլև նրա մարդակերպ մի պատկերը, և ապա, որ այս պատկերը իգական էր և պարկեշտորեն անվանված քույր, նաև փիլիսոփայորեն՝ ջրի քույր, թեև գիտենք, որ այս երկու տարերքները իրար հակառակ են, ու թե ուզեն իրար համբույր տալ, պայծառափայլ քույրը ցրտաշոշափ եղբոր շուրթերի մեջ կմարի։ Թվում է, թե կրակի հզոր բնությանը կվայելեր արական կերպարանք ունենալ, ինչպես պարսից Միհր աստվածը։ Բայց հայերը կրակի զգալի զորությունից ավելի նրա մեջ տեսել են գեղեցկության ծածուկ ու հաղթող զորությունը։ Դրանք սաստիկ տարփածուի նման իրարից անբաժան են կյանքով ու մահվամբ, քանի որ եթե եղբորը գրկելու պատճառով քույրը մեռներ, իրենից մանցածն անգամ պաշտելի էր, որովհետև մոխիրը ոչ թե քամուն էին տալիս կամ պարսիկների նման ամբարում էին մոխրանոցում, այլ «աստուածացուցեալ գոլով ի Սեաւ Քարին՝ հոսէին յակն յորդաբուղխ Աղբերն՝ որ բղխէ յոտս լերանցն, որ է յառաջ խորավիմին․․․ Եւ զի ասէին զԿրակն Քոյր, և զԱղբիւրն՝ Եղբայր, յերկիր ոչ արկանէին զմոխրին, այլ արտասուօք եղբօրն ջնջէին»։ Գեղեցիկ և բանաստեղծական զրույց, որ գուցե մի կրակապաշտ մոգի կամ քուրմի հին քերթողական կամ վիպասանական երգի հիշատակ է, որպիսին կարող էր լինել պաշտամունքավայրի քրմապետը՝ Բութը, ում անվամբ էլ, ըստ պատմության, կոչվում էր լեռը։

Այսպիսի մանրամասն կամ ընդանուր պաշտամունքի համար մեր քրիստոնյա գրիչները (ինչպես Ագաթանգեղոսը) իրենց բարբարոս հայրերին կրակապաշտի կամ հրապաշտի փոխարեն հարմարորդն կոչում էին մոխրապաշտ, ինչպես և պերճախոս վարդապետ անանինան խաչի ներբողում ասում է՝ մոխրապաշտութիւն նախնեաց մերոց՝ թե՛ միացնելով և թե՛ որոշակիորեն զատելով մեր հրապաշտությունը օտարներից, «Կործանիչ կռապաշտ տաճարացն, Մոխրապաշտ և մոխրալից ատրուշանանց սովորութեանց, զանց առնելով զՈրմզդական և զՎռամական հրապաշտությանցն հոգեկորուստ տոչորմանցն հրակիզութեանց, զոր ի մերում Հայաստանեայց ազինս»։ Չեմ ուզում այս վերջին զրադաշտական ավանդությունների մասին այստեղ խոսել, որովհետև այն ուրիշ հավատք էր, ինչպես նախորդ արդեն հիշեցինք և հետո ավելին պիտի հիշենք։

Թե կրակը եղբոր ինչ տեսակի պաշտամունքի ու հանդեսների էին արժանացնում և ինչ նվերներ էին ընծայում, հավաստված չէ։ Սակայն փոքր֊ինչ գուշակելի են նախ՝ պաշտամունքավարների խարդախությունները, ովքեր, կրակի վառարանների, բագինների ու պատկերների մոտերքում թաքնված, «ահագին իմն տալիս և փայլիւնս, ձայնս և թնդմունս և կայթմունս գործէին», և ապա՝ այս ահարկու սարսափը հավելելու համար վախի մեջ ձգող այլ պաշտելիսներ էլ էին բերում ու դնում այնտեղ, ինչպես՝ օձեր ու վիշապներ, ինչի վերաբերյալ դեռ կխոսվի։ Գործում էին նաև ավելի մեծ չարիք․ իրենց շահին համար նվերներից զատ, անել էին տալիս ամենաանընդունելին, այքինքն՝ մարդազոհը, և իրենք, ինչպես Դարբնաց քար տեղի դևերի ու դիվահարների մասին է ասվել, զվարճանում էին՝ տեսնելով խաբվողների խեղճությունը, վախը և մահը։

Վերոհիշյալ Անանիա վարդապետը իր ճառի մեջ ասում է նաև «զոր ի մերում Հայաստանեայց ազինս՝ Հուր֊բակ անունեալ բագնաւ», որով երկրորդ բառը (բագին) զատում է առաջինից։ Բագին֊ը հավանաբար Հայկի որդիների ժամանակներից հետո է մտել հայերի մեջ, իսկ Հուր ֊ բակ֊ը՝ նրանց կրակապաշտության օրոք։ Եվ ինչպես ասվում է լուսնի բակ և արեգակի բակ, այդպես, թվում է, պաշտելի կրակի պատկերն էլ գուցե ուներ մի բակ, այսինք՝ գլխի շուրջբոլորը տարածվող գուցե ճառագայթավոր պսակ, ինչպես կերպարանում էին Արեգակին ու Միհրին։

Հայկազունների հրապաշտության միջավայրը Դարբնաց քարի և Բութի հետ ուներ նաև երկրոդ (մեզ ծանոթ)։ Այն գտնվում է Բութի հյուսիսարևմտյան կողմում և կոչվում է Պաղատ լեռ կամ, ինչպես ավելի ճիշտ է թվում գրված, Պաշատ և ավելի սև նշանաձայն՝ Պաշատույզ, «ուր էլ սաստիկ յոյժ բազմութիւն դիւաց, զոր ասէին Տուն Արամազդայ և Աստղական, մեհեանք երկու, յանուն յաճախ պաշտամանցն տօն (կամ տուն―Ղ․Ա․) կարդային, որ է Պաշատ․ զոր և այժմ մարդիկ աշխարհին՝ վիճեալ ասեն․ Թուիս ի Պաշատայ դիւացն գալ, անլուր և անիմաց»։ ։

Ս․ Հռիփսիմյանների գալստյան պատմության հեղինակը նրանց մասին ասում է, որ փախչելիս, անսովոր ճամփաների ու լեռների մեջ թափառելով, հասան այս վայրերը և տեսնելով սույն պժգալի պաշտամունքը, «աղօթիւք և արտասուօք ի յերկինս հայեցեալ, առեալ զսուրբ Նշանն, ի վերայ կացեալ Աղբերն․ և փախստական եղեալ դիւացն՝ ի բագինն անկանէին, վա՜յ զվայիւ աղաղակեալ․ և ի լեռնէ ի լեառն ոչ այլ ինչ լսիւր՝ բայց վա՜յ զվայիւ ճչեալ․ և ի բագնացն փախուցեալք դեւքն անկանէին յերկիրն Մարաց։ Եվ զպատկերսն փշրեալ զօրութեամբ Ս․ Խաչին․ զոր տեսեալ բնակիչք գեղջն՝ հաւատացին ի Քրիստոս, և մկրտեցան ի ձեռն սուրբ երիցանց նոցա»։ Ավանդությունը ավելացնում է․ «Եւ տեղիս այս էր Անակայ՝ հօր Սրբոյն Գրիգորի»։ Եթե Հռիփսիմյաններից հետո ինչ֊որ բան հեթանոսությունից դեռ մնացել էր, այն էլնա ջնջեց։ Բայց կարծում եմ, թե այդքան խոր և արմատավորված աղանդը դեռ թողել է այլակերպ մի հիշատակ, ինչը դեռ հայտնի է այդ և Մոկաց գավառների միջև։ Բարձր լեռներում կա Բութկի Ս․ Գևորգ անվամբ մի ուխտատեղի, որտեղ, ասում են, աքաղաղները ձայնելով կամ լռելով են հայտնում, թե ճամփորդները կարող են արդյոք ձյան միջով անվտանգ անցնել։

Հարևանցի հիշենք, որ այս տեղանքին մոտ լեռների մեջ էր Կճավ պաշտամունքավայրը, որտեղ թեև կրակը չի հիշվում, բայց «դիւաց լցեալ պաշտամամբ զայրագնեալ՝ դիմէին ի վերայ, խեղէին ծռէին պնչատէին զպաշտօնեայս իւրեանց․ որ և անդ առաքելանշան քահանայքն հալածեալ զնոսա և քանդեալ զպաշտամունս նոցա, բժիշկէին զխեղեալսն․ վասն որոյ տեղին կոչեցաւ Կճաւ կամ Կրճատ, թե յայսմ տեղւոջ կճատէին կրճատէին դեւքն զմարդիկն․ յորում թողու զԽաչն իւր Ս․ Գայիանէ՝ ախոյան դիւաց, որ էր Աւազակին, որ և զտեղին յետոյ հաստատէ վանս՝ Սուրբ Գրիգոր»։

Հրապաշտության այս հատուկ կենտրոնից շատ հեռու կար և այժմ էլ կա Կրակի մեծ կենտրոն։ Այն ծանոթ է բոլորին, մանավանդ՝ վերջին տարիներին։ Դա Բաքվի նավթի հորերն ու հուրերն են, որ մի ժամանակ Փայտակարան աշխարհի մի առանձին գավառն էր՝ Հայոց տերության մի մասը, և կոչվում էր Յոթ փորակյան բագիններ։ Հավանորեն կար նավթ վառելու և պաշտելու յոթ գլխավոր փորածո ու բագին, որոնցից մեկը հատուկ կոչվում էր Վռամական հուր՝ Ազեր Պեհրամ՝ ըստ պարսիկների, ովքեր նույն թվով կրակի ատրուշաններ ունեին այլ կողմերում։ Իսկ բուն Արարատյան աշխարհում՝ Բագրևանդ գավառում՝ Բագավանում, որ հայերի գլխավոր պաշտամունքի մի վայրն էր, կային Հռոմի Ամենադից (Պանթեոն) տաճարի պես այլևայլ կրոնների պաշտելիքներ, տաճարներ ու բագիններ․ բագիններից մեկն էլ կրակինն էր։ Երբ ս․ Տրդատի հոր՝ Խոսրովի սպանությունից հետո Արտաշիր Սասանյանը (Պարսկաստանում կրակապաշտությունը նորոգողը և աճեցնողը) մի քանի տարի տիրեց Հայաստանին, իրեն բախտավոր կարծես, որ այստեղ գտավ այն, ու հրամայեց մշտավառ պահել «զհուրն Որմզդական՝ որ ի վերայ բագնին որ ի Բագաւան» (Խորենացի, Բ․ ՀԷ)։ Հավանաբար այս ու այն կողմերում ուրիշ ատրուշաններ էլ վառել տվեց, բայց մի քանի տարի հետո Տրդատը և ս․ Գրիգորը մյուս սնոտի պաշտամունքների հետ կրակարաններն էլ ջնջեցին։

Մոտավորապես մեկ ու կես դար անց, երբ հայոց Արշակունյաց թագավորությունը ընկավ, և պարսիկները նորից տիրեցին մեր երկրին, Հազկերտի առաջին հոգսը, իր մոգերից դրդված, Հայաստանում կրակապաշտությունը տարածելն էր։ Սակայն այդ ժամանակ քրիստոնեությունը ծավալվել ու արմատավորվել էր մեր երկրում, թեև գտնվեցին վատեր և ուրացողներ, որ հանդգնեցին Լուսավորիչի բերած լույսը Զրադաշտի ծխով ծածկել, բայց նրա հետին շառավիղը՝ մեծն Սահակը, դեռ նոր էր հանգել, և ողջ էին նրա հոգեկիր աշակերտները։ Այս վերջիններից Եղիշեն և ապա Ղազար Փարպեցին մանրամասն պատմել են, և բոլորին է ծանոթ, թե ինչ արեցին հայերը եկեղեցական, աշխարհական, պատերազմական գրով, սրով ու հոգով։ Վարդան սպարապետի և Ղևոնդ երեցի սրբափայլ սրտի կրակները կործանեցին և՛ բագինները, և՛ ատրուշանները։ Եվ այս մեծասիրտ երեցի գործակից Ռշտունյաց եպիսկոպոս ս․ Սահակը համարձակորեն Դենշապուհին պատմեց իր թեմի մեջ իր արածը․ նույնիսկ մոգերին «սակաւիկ մի չարչարելով գանիւ (ծեծով―Ղ․Ա․) նոցին իսկ ետու զԿրակն ի ջուրն ընկենուլ․ և ասացի այսպէս․ Աստուածք որ զերկինս և զերկիր ոչ արարին, կորիցեն ի ներքոյ երկնից»։

Եվ եթե որևիցե վայրում դեռ կար Որմիզդից մնացած մի կայծ ու մի մոխիր, Ղևոնդյանների քրիստոսանվեր արյունն իսպառ մարեց այն՝ մոգերի մաեն ջանքերով ու մտմտուքով հանդրեձ, ինչը հետագայում «Ընդդեմ քեշին Պարսից» գեղեցիկ գրվածքում խայտառակեց Ղևոնդյանների ընկեր ու քաջ գրիչ Եզնիկը։ Չաստվածացյալ կրկաի փոխարեն մեր եկեղեցին մանկացյալ Աստծու տաճար գալու հիշատակին (Տյառնընդառաջի տոնին) իր սուրբ տաճարի և սրահի մեջ ճշմարիտ հավատացյալներին ցույց է տալիս կրակե բոց՝ իբրև սուրբ սրո նշույլ։ Գուցե դեռ մեր երկրում հին տաճարների մնացորնդրի հետ կգտնվեն նաև Կրակի բագիններ, ինչպես որ ոչ շատ տարիներ առաջ Երևանի կողմերում փոսաձև մի խարիսխ այդպիսին կարծվեց։

Նույն ժամանակներում Մարաց Ատրպատականի կողմերում (Սուլեյմանիե) գտնվեց պահլեվերեն մի արձանագիր, որ կարդացին «Հիրպետ Նամրի Արմինի» և թարգմանեցին «սահմանակից Հայոց՝ Հրապետ Նամրի»։

Զրադաշտական կրոնի պաշտամունքավարների մեջ ևս Հերպետ անունը ծանոթ է։ Բայց շատ համարելով այս հրեղեն քրոջ արդեն բավական ծանոթ սնահավատ հիշատակը՝ ակնարկենք իր աղբյուրը եղբորը՝ անցողիկ նշելով այս երկու այլանիշ անունների համաձայնությունը ևս (աղբյուր և եղբայր կամ աղբար

Ջուր

Առօրյա տնտեսվարության մեջ ջուրը առավել կարևոր է, քան կրակը, և նյութապաշտների համար այն գոնե պակաս պաշտելի կամ պատվելի պիտի չլիներ։ Եվ այդպես է այլևայլ ազգերի մեջ, որոնք ծովերը, գետերը և աղբյուրները ճանաչել են որպես աստված կամ աստվածային։

Կրկաի վերաբերյալ ասածներիցս երևում է, որ հայերը, լինելով ցամաքային երկրի բնակիչներ (և այնպիսի մի երկրի, որը հին Ասիայի ամենագլխավոր տերություններին ջուր է մատակարարել իր բազմաթիվ գետերով, մանավանդ Եփրատով ու Տիգրիսով), գետերի ակունքները կամ աղբյուրները սրբազանացրել էին և, ինչպես տեսանք, նրանց էին տալիս քրոջ (կրակի) մոխիրը։ Եվ եթե պատվի էին արժանացրել անգամ այն հիշյալ լեռնոտ կողմերի մանր գետակները, ապա առավել մեծ պիտի լիներ մեծերի պաշտամունքը, մանավանդ Հայ երկրի բնագետ Երասխինը։ Սրանց վերաբերող ազգային ավանդությունները այժմ մոռացվել են։ Մովսես Խորենացին, առանց պատճառը հիշելու, ընդամենը ասում է (Ա․ ԺԲ), թե գետը այսպես կոչվեց Հայկի թոռան թոռի անունով։ Բայց Պլուտարքոսը «Գետի մասին» գրքում պատճառներից մեկ֊երկուսը հիշատակում է։ Նախ՝ Արաքս (ինչպես օտարներն են գետը կոչում, Araxes) է անվանում Պյուլոսի որդուն, որ իշխանության համար իր պապի՝ Արբելի, հետ կռվեց, նետահարույթյամբ սպանեց, հետո զղջալով կամ պատժվելով մոլեգնեց ու իրեն ձգեց գետը, որ առաջ կրում էր Բակտրոս (Բագ ֊ Տիր) անունը։ Արդյոք այս ավանդությունը հեռավոր կերպով չի՞ հիշեցնում Բելի և նրա թոռան՝ Արբելի անունները։ Երկրորդ պատճառը ևս գուցե ավելի հեռու չէ։ Արաքսը պատերազմում է սահմանակից պարսիկների հետ, և պատգամախոսները նրան հաղթանակ են գուշակում, եթե զոհաբերի երկու ազնվական աղջիկ։ Արաքսը, իր զավակներին խնայելով, վերցնում ու զոհաբերում է Մնիսալկ անունով ազնվականի դուստրերին։ Վրեժխնդիր հայրը հափշտակում է Արաքսի դուստրերին, սպանում ու փախչում է Սկյութիա։ Իսկ սրտի ցավից հուսահատված Արաքսը իրեն նետում է Ալմոս կամ Ալմոն գետը, որը կոչվում է Երասխ։ Այս անունները արդյոք Արմեն֊ի կամ Մանավազ֊ի նման չե՞ն հնչում հազարավոր տարիների անցյալից։ Երասխի եզերքի լեռների, քարերի, բուսականության մասին նույն Պլուտարքոսի գրածները ասվածի հետ հիշելիս աներկբա է թվում Երասխի պաշտելիությունն ու սրբազանությունը։ Ըստ մեկ այլ հին պատմիչի ակնարկության՝ Եփրատ գետը ևս, որ Հայոց երկրից է բխում, մեզ համար սրբազան էր ու պատվելի։

Բայց հայերս ունենք այս լույծ տարերքի՝ աղբյուներից և գետերից և մեծն օվկիանոսից իսկ (ըստ հույների առասպելի՝ երկնքի ու երկրի որդուց և բոլոր գետերի հորից) ավելի մեծ մի հիշատակ՝ ջրհեղեղը, ինչը, թվում է, այլևայլ կերպով կա բոլոր հին ազգերի ավանդությունների մեջ, սակայն քիչ կլինի կամ հազիվ թե լինի ազգ, որ բավարար կամ չափավոր հավանականության փաստերով կարող է ասել, թե այն աշխարհակուլ ջրերից մարդկանց սերունդ ապրեցնող տապանը ի՛ր երկրի մի լեռան վրա է դադար առել։ Մեր խնդիրն այստեղ դա չէ։ Մեզ համար շատ են նաև Ս․ գրքի և հին ազգերի պատմությունը և թարգմանիչների ու մեկնիչների վկայությունները Արարատյան և Կորդվաց լեռների վերաբերյալ, որոնց ստորոտում բնակվողները այդ հիշատակը մինչև այսօր ընդունում են իբրև անուրալիորեն հավատալի։ Այլ խնդիր է այն, որ հին ժամանակներում այդ լեռների բնակիչները է՛լ ավելի հաստատությամբ էին ընդունում վերոհիշյալ ու նաև լեռներին ու այնտեղ գտնված կամ ենթադրված տապանին մատուցում էին հարգանք՝ պես֊պես կերպով կատարելով ջրհեղեի հիշատակը։ Այդ տոներից և պաշտամունքներից, ինչպես այլ բաներից, մի նշմար էլ անցել է մեր ազգային նոր ու սուրբ կրոնին՝ Վարդավառի հրաշափառ տոնին ջրի ցողմունք ու ցրմունք և խաղեր անելով, ինչը հանրածանոթ է, և կրկնելը՝ ավելորդ։ Ավելորդ է նաև տապանն ընդունող լեռների մասին մեր ազգակիցների ասածները կրկնելը։ Ասենք, որ ջրի նվազելուն զուգընթաց տապանը հանգստի հարամար դիրքի փնտրտուքով տատանվելով հածել է լեռից լեռ և գալով շատ անգամ հիշատակված Աղթամարա ծովի կողմերը՝ հասել է ներկայումս ծանոթ մի լեռան ու ասել․ «Գրգո՜ւռ, ընկալ զիս»։ Եվ լսել է պատասխանը․ «Գընա՛ ի Մասիս, զի բարձր է քան զիս»։ Բացահայտ է սրա՝ բանաստեղծական գյուտ լինելը, ու թվում է՝ թեև ոչ շատ հին, բայց ավելի հին է, քան վերոհիշյալ Հռիփսիմյանների (այս նոր տապանի նորատեսակ աղավնիների) թափառումների ժամանակ Սողոփ կամ Սաղուփ կոչված լեռան մոտ հանգստանալու մասին պատմածը։ Հիշյալ լեռը բերկրացիների կամ բագրացիների գավառում է (որ ոչ թե Վանին մերձակա ծանոթ գավառն է, այլ Կորդվաց Պոհդանի կողմերը, որտեղ և ծանոթ են հիմա Պիրքե անունով վայրը ու Սուլիվա լեռը, որի անվամբ էլ գավառներից մեկը կոչվում էր Սոլոփիա)․ «Վանա այսր լերին ասի յԱսորւոց, թե ի նուազել ջուրցն հեղեղաց՝ եհաս տապանն ի գլուխ լերինն՝ որ է Սարարադայ․ և ընդ մէջ անցեալ Սղոցաձուկն՝ արգելու զնաւն․ և ասաց Նոյ՝ որդւոցն իւրոց, Ո՜, Սաղուփ․ այսինքն թէ՝ Սղոցաձուկն դիպեցաւ նաւիս․ և զնոյնս հաստատեցին ի մուտս լերինն զանունն Սարարադ, և զանուն քաղաքագեղջն Թմենի (կամ Թեմնի, Թըմնիս ― Ղ․Ա․)․ այսինքն թէ յայսմ տեղւոջ ութ ոգիք ելին ի տապանէն»։ Պատմիչը ավելացնում է․ «Եւ այսոքիկ թէ արդարք կամ սուտք՝ ինձ ոչ է փոյթ․ բայց միայն զի հաճեցուցից զմանկագունի քո մտացդ զտարփանս․ վասն այսորիկ գրեմ քեզ զբնաւն»։ Նույնը կրկնում եմ նաև ես Խորենացու հետ, որի ոճը զգացվում է այս գրվածքում։

Սակայն թողնելով հին ասորիների ավանդությունների նմանությունը այլ սեմական ավանդություններին, ինչը իր ժամանակագրության մեջ հիշում է Եվսեբիոսը, որից օգտվել են Խորենացին և ուրիշները, կարծում եմ՝ հայոց վիպասանների մատն էլ է դիպել այս պատմությանը, ըստ որի՝ նրանց երգած մեծ դյուցազնը՝ Արտաշես Բ֊ի սպարապետ Այրաքաջ կոչված Սմբատ Բագրատունին, այն կողմերից Ալիկա անունով մի ասորի աղջիկ է առնում կնության և հանուն նրա սիրո ու հիշատակի գեղեցկադիր գետեզերքին՝ «ի ծառաւէտ ընկուզուտ տեղիս», կառուցում է մի ավան, որ «ի կողմանս Տմորեաց»՝ մշկաբեր մի լեռան ու գետի կամուրջների մոտ էր։ Այս նկարագրելու արժանի և դյուցազնական վայրերն էլ սրբեցին հրաշագեղ կույսերը, որոնք Սողոփի ստորոտում բնակված ժամանակ աչքացավի հիվանդություն ունեցան «և․ կացեալ յաղօթս՝ երկու Աղբերք բղխեցան, որ է ժանգ ջրոյն կարմիր և սպիտակ․ և մինչեւ ցայսօր օգնէ աչացաւաց յանուն Սրբուհեացն»։ Եթե առասպելախառն ջրեր հիշելը պատմական անհրաժեշտություն էր, ապա այսպիսի անձերի կողմից իրենց վայել վարդագուն ու բյուրեղանման ջրերի բխեցնելու հիշատակումը հոգեկան մի անհրաժեշտություն էր համարվում։ Փոխանակ այդ գույնզգույն ջրերի՝ քրիստոնյա հայերը ներկայումս յուրատեսակ հարգանք են մատուցում լուսաղբյուրներին, որտեղ կա սրբազան հիշատակ, կամ որոնք սրբերի շնորհիվ համարվում են բժշկարար։

Թեև մեր շարադրանքի հերթակարգը դեռ վերաբերում է տարիքների, այլ ոչ կենդանիների պաշտամունքին, նորից ջրերին չանրադառնալու համար այստեղ հիշենք և այն, ինչ հայերի մեջ ավանդվում է ջրաբնակ պաշտելիների մասին, ինչը երևակայությունը մտցրել է ալիքների մեջ՝ քիչ֊քիչ հեռանալով նահապետական պարզ հարգանքից, որ ընծայում էին դրանց կամ բնության մյուս մեծամեծ երևույթներին կամ այնպիսի եզակի պատմական հիշատակին, որպիսին ջրհեղեղն է։

Մեր երկիրը, ծովեզրյա չլինելով, չէր կարող հնարել նաև ծովային հավատալիք կամ պաշտելիք, և մեզնում այդպիսի բան նշանակող բառերը առնված են օտար լեզուներից՝ թարգմանության համար։ Սակայն տեսանք, որ շատ գետեր և լճեր ունենք, և երբ մոլար կարծիքները զորացան, ծնվեցին նաև ջրային հրաշալիքներ կամ հրեշներ, որոնցից ամենաազգայինն ու սեփականն է թվում Ընգղա հատուկ բառով անվանվածը, որը եթե ընկղմվել բառից չի ծագում, ուրեմն ծագումն անհայտ է։ Բառի իմաստը առավելապես «ծովահրեշ» է նշանակում, ինչպես հույների Ներեիդները (Nereides), սակայն ավելի ահավոր ու վնասակար։ Այդ է պատճառը, որ թարգմանության մեջ (Ոսկեբերան, Մեկնություն Մատթեոսի), փոխանակն հույների կատաղած էրինիների, դրած է Ընգղա։ Եվ քանի որ կին էր, հույները նրան տալիս էին կնոջ կերպարանք։ Հույների առասպելների մեջ նշանավոր և հանրածանոթ են նաև Սիցիլիական նեղուցի հորձանուտի և քարափների միջև կարծված կիսով չափ մարդ, կիսով չափ շուն երկու կենդանիները։ Մեկը Սկյուլլան է՝ երբեմնի գեղեցիկ հավերժահարսը, մյուսը՝ Քարիբդիսը (Scylla, Carybde)՝ երբեմնի կով գողացող կինը, որոնք նավորդներին պատճառումեմ մեծամեծ վնասներ ու սարսափ։ Առաջինի հունարեն անունը հիշում է Բարսեղ վ․ Մաշկևորցին Մարկոսի ավետարանի մեկնության մեջ՝ նրա ագահությունը նմանեցնելով «գազանադէմ և շընդռունգն երեսաց կնոջ, և Սիկիլն, որ Շուն երեքգլխանի ասեն (վեցգլխի է ըստ Յունաց), Հիդրէն՝ (բազմագլուխ վիշապն) զոր այլք պատմեն»։ Դրանց և Ընգղայի նման մի բան էլ երևակայել են հայերը, որոնք թարգմանույթյան մեջ Սկյուլլային ու Քարիբդիսին միաժամանակ կոչել են Ապուռք։ Անունից գուշակելի է, որ սա պետք է լինի հուականաի նման մագիլով ու ճանկոտ մի հրեշ գազան, բայց հայոց որ ջրերում, որ խորխորատներում էին դրանք բնակվում չեմ կարող գուշակել․ գուցե բառը հնարողի մտքի՞ մեջ։

Որքան այս հրեշները չար էին ու վնասող, նույնքան էլ չարագույժ էին իրենց խաբուսիկ գեղեցկությամբ ու ձայնով, ինչը մեր ոչ շատ հին վարդապետներից մեկը այսպես է նկարագրում․ «Ասեն իմաստունք, թէ է կենդանի ինչ ի ծովն, որ ի միջոյն ի վեր ունի զկերապարանս գեղեցիկ կնոջ, և ի վայր կոյս՝ զճանկ արծւոյ, և ունի քաղցր ձայն․ զի յորժամ լսեն նաւավարքն՝ ի քաղցրութենէն ննջեն․ և յորժամ իմանայ գազանն՝ թե ի քուն են, գայ և յափշտակէ զմարդն ի նաւէն, և տանի պատառէ և ուտէ․ իսկ իմաստունքն խնուն զականջս իւրեանց, և կապեն զինքեանս ի գերան արմիոնին (կայմի), և այնպէս փրկին»։ Այդպես վարվեց Ոդիսևսը, երբ նավարկելով անցնում էր Կապրի կղզու և Իտալիայի ափերի միջև։ Ու թեև Սիրեն (Sirenes) քույրերի անուշիկ ձայները նրա կանջների մեղրամոմն էլ հալեցին, սակայն չկարողացան քանդել նրա ձեռքերի ու ոտքերի կապերը, որոնցով խորամանկ դյուցազնը իրեն ամրապինդ կապել էր տվել կայմին, որ չլինի թե, այն կախարդական երգերից զմայլված, գնա նրանց մոտ և ուրիշների պես չուտելով ու չխմելով՝ մաշվի ու մեռնի։ Պարտությունից ամոթահար՝ սիրենները նետվեցին ծովը ու դարձան քար և պատկերվում են կես կնոջ, կես ձկան կերպարանքով։

Մեզանում ծանոթ է նաև Նհանգ կամ Նահանկ անունը, որով հայտնի են ջրաբնակ և մանավանդ գետաբնակ հրեշներն ու գազանները։ Խորենացուն վերագրվող «Աշխարհագրության» մի օրինակում գրված է․ «Ասեն, թէ Նհանգ կայ յԱրածանի (Բագրևանդի և Տարոնի գետը՝ Մուրատ չայ֊ Ղ․Ա․), որպէս յԵփրատ․ զոր՝ հավաստի գիտեմք կենդանի Քարքաշամ(՞) զուգեալ, զարիընն ծծեալ և թողեալ․ զոր ոմանք ասեն՝ թե գազան է և չէ դեւ, այլ գազան․ զոր Յովհան վասն դստերն Հերոդիադայ ասէ, թէ քան զՆհանգսն ծովայինս արիընարբու էր»։ Սրանց մասին ևս ասում էին, թե Սիրենների կերպարանք ունեին և լողորդների ոտքերին փաթաթվելով՝ խեղդում էին։ Մեր թարգմանություններում Նհանգ֊ը տեղ֊տեղ նշանակում է «գետաձի» կամ «կոկորդիլոս» և ստուգորեն վերջինն է՝ ըստ պարսից լեզվի նահանգ բառի։ Ըստ տեղացիների վկայության՝ մեր վերոհիշյալ գետերի մեջ առ այսօր գտնվում են մարդաչափ մեծամեծ ձկներ։ Նհանգը, որին պատկերում էին եղեգներով պսակված և մի սափորի վրա ճկված, ըստ ժողովրդական խոսքի նշանակում էր հույների Նայադ (Naides) կոչված ջրային հավերժահարսը։ Ըստ նրանց ավանդության՝ Նայադները Դիոսի դուստրերն էին։ Իսկ մենք կարո՞ղ ենք այրդյոք առանց մեծ հանդգնության ասել, թե նրանք եղել եմ հայկական մի չաստվածի դուստրերը կամ թոռները, քանի որ մեր լեզվում կա նայ արմատական բառը, որ նշանակում է «խոնավ, թաց», և կա նայ տեղեր արտահայտությունը (բժշկարանում)․ «Նայական շոգւով խոնաւութիւն» (Ոսկեբերան, Մեկնութիւն թղթոց, էջ 803)։

Միջին կամ ավելի մոտ դարերի ազգային մի գուսան, իր սիրելիին Սիրենների հետ բաղդատելով, վերջիններիս մեկ այլ անունով է հիշում․


«Չըկայ թռչուն ի յօդըս՝ քեզ նըմանակ,
Եվ ոչ Ծովուն դստերքըն քեզ օրինակ»։

Օդեղեն երևույթներ

Արդ, կակուղ տարրը թողնելու ժամանակ հիշենք առավել կակուղ, թեթև և անշոշափելի տարրը ևս, որը նրա հետ հիշատակված է մեր գրքում։ Ազգային մտքի ծնունդ է, թե օտար՝ հայտնի չէ, բայց բառերը հայահունչ են։ Այս նրբագույն կամ թեթև տարրը օդն է (աւվ) և հողմը, որի վերաբերյալ գրվածքներում (հավանաբար թարգմանված) ասվում է․ «Շտեմարան իմն ջուրս, յորմէ օդք ելանեն ի դուրս, Հռասափն, Քառասափն, Սարսափն, Մազատն կամ Նազատն․ ելք սոցա ի ծովէ են և գնացք սոցա յերկինս»։ Եթե ոչ ստույգ, ապա գեղեցիկ համարվելը զրույց է։ Որոշակի նաև ոչ միայն հողմերի՝ ջրերից լինելը, այլև ջուր համարվելը․ «Հողմն․ ջուր է լայնանիստ շտեմարանափակ, օդք անհանգիստք․ ելք նոցա յարտաքին ծովէ, և գնացք նոցա ի ներքին ջուրց․․․ ընդ մէջ ջուրց և երկնի՝ Օդք են, և բազում անգամ յօգուտ յաղբերաց և յերակս ջրոց յաճախեն, և են այսոքիկ, Յասոմն, Սուրհապ, անագումն, Նեսփա․ այսքիկ են, որ շարժմունս առնեն, և երկինք հաստատ լինեն վասն երկրի»։

Այս անունները հեռանում են հայերենից և մոտենում են հունարենին ու արաբերենին։ Հունարենի մեջ հայտնի են հողմերի պաշտամունքը, նրանց հայր և չաստված է Էոլոսը։ Կան նաև անուններ, որոնց մի մասը այժմ գործածվում է որպես զանազան հողմերի սոսկական որոշիչ ու նշանակ։

Թե մեր հին հայրերը ունեի՞ն հողմերի հատուկ անուններ և պատվի՞ էին արժանացնում դրանց, հայտնի չէ, բայց շատ հավանական է թե՛ վերոհիշյալ օդեղեններից, թե՛ հուրի, տրի ու քարերի հիշատակումների պատճառով։ Գրվածքներում գործածված հողմերի անունները հունական են, մի քանիսն էլ՝ արաբական, և այս ամենի մասին հիշելը մեր նպատակից դուրս է։

Բայց այս օդեղեն երևույթներից մեկը և հզորագույնը ի ցույց է դնում մի ազգային առասպել և հավատք։ Այն ներկայումս Թաթառ կոչվածն է (Ս․ գրքի Եղիայի պատմության մեջ թաթ առն «մարդու ափ» ասվածը սխալ կարդալով), որ ֆրանսերեն Trombe marine կամ terrestre կոչվածն է։ Մեր նախնիկները վերիջնիս տվել են վիշապ անունը, և ո՞վ գիտի՝ ինչ ավանդություններով։ Միջին դարերի հիշտակարարանների մեջ այն կոչվել է ձկնամբ։ Գուցե հնում էլ է այսպես ասվել, գուցե ոչ․ երևակայությամբ լավ են հարմարեցրել, որովհետև հաճախակի է ծովի վրա իջնում սև սյունաձև ամպատեսակն ու ձկան պես գալարվելով֊շարժվելով վեր է քաշում ջուր, ձուկ և այլ բաներ ու թափում է ցամաքի վրա։ Սրա ավելի թեթև տեսակն է փոթորիկը, և բառի նվազական մասնիկը ցույց է տալիս առասպելի նշան։ Հողմերի վերաբերյալ վերոհիշյալ գրողը տալիս է հետևյալ բացատրությունը․ «Հատուած է պտուտեալ ներքուստ ի վեր փողելով»

Կարող ենք ենթադրել, որ մրրիկը ևս պետք է ունեցած լինի իր ավանդությունը, ինչ նույն հեղինակը բացատրում է առավել բնագիտորեն․ «Մրրիկդ հալ և հում հողմ արտադրեալ , հանդերձ ամպով շրջաբերել յընդդիմահարութենէ խիստ մարմնոց»։ Նույն կողմից վհակն է կոչվել հրաբուխի ուժով ելած օդը, «որ ի դուրս քար ընկենու կամ հող կամ կաւ», իսկ կրակ հանողը կոչվել է «Լիպարեան, որ հուր հնչէ ի Սանդարամետէ»։ Հայտնի է, որ սա առնվել է հույներից, ըստ որոնց՝ եղբայրներից հալածված Լիպարոսը գնաց այս անունով կոչված Էոլյան կղզիներից մեկը, ուր թագավորում էր հողմերի չաստվածը։

Հրապուրիչ է շամանդաղ անունը ևս՝ ըստ այս հեղինակի՝ «աւելորդութիւն ամպոց զառ ի ջուր փոփոխմանց», և հիշեցնում է մեր Արտաշես Բ֊ի մերձիմահ փափագը․ «Բաղձայր մըղոյ մրրկեալ ծխոյ՝ շամանդաղեալ ի վերայ շինից և քաղաքաց․ Ո՞ տայր ինձ զծուխ ծխանի, ասէր, և զառաւօտն Նաւասարդի․ զվազելն եղանց և զվազելն եղջերուաց․ Մենք փող հարուաք և թմբկի հարկանէաք»։

Ավա՜ղ իրեն։

Բուսեղեներ և ծառապաշտություն

Լեռներից հետո երկրի վրա առկա բնության ամենամեծ և ամենավսեմ բաղադրիչը ծառերն են, որ երբեմն ահարկու ան այնտեղ, ուր թանձր անտառ են գոյացնում։ Մեր մեկնիչ վարդապետներից մեկը ասում է․ «Կարծէին հեթանոսք, թէ ի ներոքյ անտառախիտ ծառոց են աստուածք, կամ ի Խորափորս»։ Ծառերը թյուրահավատ մարդկանց մտքի վրա հզոր տպավորություն են գործել ու գործում են ոչ միայն մեծությամբ, այլև գեղեցկությամբ ու պես֊պես օգուտներով և ավելի, քան ոչ գործունակ ու անշարժ արարածները (լեռներ, քարեր)։ Այդպես է, քանզի նախորդները ունեն ոչ միայն արտաքին ու տեսանելի մասեր՝ այլազան կազմությամբ, գույներով և հատկություններով, այլև ներքին՝ թեկուզև պարզ գործարաններ, որոնցով երևան են գալիս, աճում են, սնվում են իրենց հատուկ բուսական կյանքով և ըստ դրա՝ ցամաքելով ու չորանալով մեռնում են։ Բայց դիակներն անգամ (փայտը) շատ բանի են պիտանի, մանավանդ տների ու տաճարների շինության և նրանց կահ ու կահույքի համար։ Ուրեմն զարմանալի չէ, որ ծառերը ինչ֊ինչ կերպով շատ ազգերի մեջ են սրբազանացվել, ու ի հայտ է եկել ծառապաշտությունը։ Մանավանդ, ինչպես բոլորը գիտեն, ծառերը իրենք էին յուրահատկորեն մարդկանց հրավիրում պաշտամունքի, քանզի քարերի ու լեռների պես անշարժ չէին մնում, այլ հողմերի հետ դաշնակցելով ըստ նրանց զորության կամ ավելի ու պակաս ուժեղ փչելուն՝ անուշ կամ ահավոր ձայներ էին արձակում։ Եվ քիչ ավելին իմացողների միտքը (ինչպես շատ ուրիշ բաների կապակցությամբ) դիմում է հույների առասպելներին և նրանց հռչակավոր պատգամախոս կաղնիներին, որոնցից գլխավորը Դոդոնի անտառն էր Եպյուտոսում։

Կաղնին իր մեծությամբ, սփռվածությամբ, հնությամբ, այսինք՝ դարեր դիմանալով, տերևների ու պտուղների ձևով սրբազան էր ոչ միայն հույների, այլև հատկապես կելտերի համար։ Վերջիններս իրենց թավ կաղնուտների մեջ ունեին պատգամախոս դրուիդներ ու դրուհիդուհիներ։ Ս․ գրքի նահապետական պատմության մեջ ևս հիշվում են ոչ միայն Մամբրեի կաղնին, այլև ուրիշ ծառեր՝ սաբեկը և բևեկնը, տանձենին և մորենին, նաև Լիբանանի մայրին, որոնք գետ պատվելի հիշատակարանների տեղիք էին ոչ միայն թյուրահավատների, այլև տեղ֊տեղ նաև աստվածապաշտների համար, մանավանդ որ Աստված շատ անգամ այդպիսի տեղանք էր ցույց տալիս նահապետներին ու մարգարեներին իր հայտնվելու համար՝ որպես աստվածային ժամադրության վայր։ Եվ երբ Դավիթը հարցնում էր Աստծուն, թե երբ ելնի թշնամու դեմ պատերազմելու, նրան ներշնչվում էր, թե տանձենիների կամ Լալոնից անտառի շշնկոցը լսելուց հետո։

Հայկազունների ականջն էլ խուլ չէր այդպիսի տերևաշարժ քնարներին։ Թեև մեր բնավայրը չուներ հունական կամ գալլական հսկա կաղնիները, ուներ, սակայն, հսկայագույն սոսիներ, որոնց մի մասը դեռ կա մինչ այսօր և մնում է այլևայլ կողմերում (ինչպես՝ Գողքնի Օրդվատը, Գանձակի Վադաշենը)։ Սրանց մեծությունը կամ հաստությունը իրենց բոլոր ազգակիցներին գերազանցում է՝ թերևս ոչ թե ոտնաչափով, այլ գրկաչափով չափելով։

Հին հայոց Դոդոնը Արմավիրում էր՝ ըստ ավանդության՝ կառուցված Հայկի թոռների կողմից, իսկ մերձակա ծառերը նրա անդրանիկի՝ Արմենակի ձեռնատունկն էին։ Եվ նրա ցեղի վերջին պայազատը՝ Անուշավանը, նույն ծառերի անվամբ կոչվեց Սոս, ինչպես պատմիչն է ասում (Խորենացի, Ա․Ի․) «Քանզի ձօնեալ էր ի Սօսիսն Արամենակայ՝ որ յԱրմաւիր․ զորոց զսաղարթուցն սօսաւիւն, ըստ հանդարտ և կամ սաստիկ շնչելոյ օդոյն՝ ոստոց եւեթ շարժումն, սովորեցան ի հմայս յաշխարհիս Հայկազանց․ և այս՝ ցբազում ժամանկս»։

Գրչագրերի տարբերությամբ Անուշավանի համար ասածը հետևյալն է․ «Սօս անունիւր կամ Սօսանուէր», ինչպես կարդացել է և Գրիգոր Մագիստրոսը․ «Սօսին յԱրմաւիր՝ առ դրան ապարանիցն արքունի, զոր Անուշաւանն պատուէր՝ Արայեանն մանուկ, վասն որոյ Սօսանուէրն կոչիւր»։

Ընթերցողները, անշուշտ, խորհում են, որ այս ծառին պիտի տրված լինի ընդհանուր սաղարթավոր ծառերի ձայնի սոսյուն, սոսավյուն կամ սոսափյուն անվանումը։ Վերջինս առավել սաստիկ և միաժամանակ ահարկու ձայնի նշանակ է։

Հռոմեացիները այս ծառերը նվիրաբերում էին պահապան ոգիներին և իրենց ծննդյան օրվա հիշատակին նրանց էին նվիրաբերում սոսու ճյուղերից պսակներ։ Հայերը իրենք էին իրենց նվիրաբերում սոսիների անտառին։ Երևի թե նրանք սոսիների սոսափյունի մեջ լսում էին իրենց նախնիների հոգիների ձայները ու ավելի կամ պակաս չափով պաշտամունք էին մատուցում։ Չաստվածների և նրանց նմանների կուռքերը և պատկերները փշրվեցին, կործանվեցին, անհետացան։ Մինչդեռ սոսին դեռ մնում է դալար ու կենդանի և իր պես հազարամյա սերունդներ է արձակում, որոնցով մարդկանց մտքի հիշատակներն էլ են մնում չջնջված։ Մեր որոշ թերամիտ ազգակիցների վերաբերյալ անցյալ դարի ջուղայեցի մի վարդապետ գրում է․ «Մեծամեծ ծառոցն համբուրեն, եթէ Սուրբ կայ ի վերայ»։ Ասում են նաև, որ մինչ այժմ էլ այդ մեծամեծ ծառերի գտնված վայրերում կան նաև դրանց չափից ավելի պատվի արժանացնողներ։

Միայն սոսին չէ, որ հայերի մեջ պատվելի էր ու պաշտված։ Կային, անշուշտ, ուրիշ ծառեր, որոնց մեջ նշանավորներից էր (նաև քրիստոնեության հաստատումից շատ դարեր հետո) բարդին, որին առանձնահատուկ էին պատվում արևորդի կոչվածները՝ թերի կրոնի հետևորդները մինչև 12֊րդ դար ու դրանից էլ հետո։ Այդ աղանդավորները գոյություն ունեն առ այսօր ու թեև հայ չեն ճանաչվում, բայց մեր ս․ Շնորհալին նրանց հայրերին կամ հորեղբայրներին այդպիսին էր ճանաչում․ նրանց մասին գրում ու վկայում էր․ «Այդ ծառ՝ որ Բարտի անուանի՝ ի կռապաշտութեան ժամանակն ի պաշտօն առեալ էր, յորս՝ և Դեւք մտանէին, և ի մարդկանէ երկրպագուիւն ընդունէին»։ Ինչո՞ւ էին հները այն պաշտում։ Հավանորեն նրա գեղեցիկ, սուլուլիկ և երկնաձիգ ձևի համար, իսկ արևորդիները՝ համարելով, թե Քրիստոսի խաչը եղել է բարդու փայտից, ինչի համար Շնորհալին զգուշացնելով ասում է․ «Զբարտի ծառն՝ մի՛ աւելի պատուէք քան զուռին և զկաղամախին և զայլս ի ծառոց, և մի՛ կարծէք թե փայտ խաչին Քրիստոսի՝ բարտի էր»։

Այս ծառերի պաշտամունքի վերաբերյալ հավելյալ վկայություն չենք գտնում նաև մեր վերջին դարերի գրվածքներում։ Բայց մի քանի տեսակ փոքր բույսերի և ծաղիկների մասին շատ բան է գրված բժշկարաններում, երազահաններում, աղթարքներում և գրապանակներում, որոնք դեռ ունեն իրենց փնտրողներն ու հավատացողները։ Թեպետ այսպիսի սնոտի հավատք ու կարծիքներ գտնվել և դեռ գտնվում են այլ ազգերի, նույնիսկ խոհուն գերմանացիների մեջ, սակայն հայերիս մեջ առանձնահատուկ պնդությամբ է պատվի արժանացվել և արժանացվում լոշտակ հանրածանոթ բույսը (ըստ հռոմեացիների՝ Bryonia Alba, ըստ ֆրանսիացիների՝ Bryone commune կամ Vigne blanche) իր երկճյուղ արմատով մարդու ազդրին ու սրունքին նման լինելու պատճառով։ Խաբեբաները, արմատը տաշելով ու կոկելով (ինչպես անում են նաև Գերմանիայում), եղած նմանությանը հավելում են նորերը, և այդ իսկ պատճառով այն անվանում են մարդատակ, մարդախոտ, մարդածաղիկ և այլն։ Մերազնյա հեղինակների շատ թյուր և դյուրահավատ գրվածքները թողնելով՝ հիշենք պտուղների մասին նրանց ասածները։ Դրանք սև են ու կարմիր, և երեքը, չորսը կամ վեցը միատեղ են՝ մեկ ճյուղի վրա։ Աղթարքները գրում են․ «Թէ մարդ գտնու յիրմէտ, չորս հատ՝ ոչ աւել և ոչ պակաս, և ի նոր կտաւ ծրարէ, և ի սարսափոտին (հիվանդի―Ղ․Ա․) վրայ կենայ՝ միտք, որ կարէ գիտել զերկնային և զերկրային յատկութիւնք»։ Եվ պատվիրում են արմատը քաղել մայիս ամսին՝ սահմանված աղոթքով՝ նրան կոչելով ամենայն խոտերի թագավոր․ «Զի Աստուած ետ քեզ զամենայն խոտից խասիաթն»։ Եվ դարձյալ ավելացնում են․ «Ասացել են թէ այս խոտս Սողոմոնի մատանած առնէ․ և ասկից ամենայն գազանք և սողունք՝ ի հրաման կենան․ և Աղեքսանդր թագաւորն այս խոտովս շատ բան և թագաւորութիւն վարէր»։

Մանրագորի հետ լոշտակի ունեցած կամ ենթադրական առնչությունը թողնում ենք բուսաբանների և բանասերների քննությանը։

Լոշտակից ավելի թերևս անվանի է փենունան (Paeonia կամ Betonica Orientalis), որը իր բազում արժանիքների համար կրում է նաև տասնյակներով հաշվվող այլ անուններ, որոնցից են խաչափայտ֊ը, քահանայուկ֊ը կամ քահանայատակ֊ը։ «Զի երբ կտրես,― ասում են վերոհիշյալ գրիչները,― մէջն զէջ խաչ է»։ Նրա տված բազում հրաշագործ օգուտների պատճառով փենունա հանելու պահի համար սահմանված են աղոթք և ավետարանի ընթերցում․ «Յորժամ ծխես դեւն փախչի․ թէ զարմատն տերեւովն ծխես, ոչ դեւ և ոչ չար չմերձենայ ի քեզ և ոչ ի տուն քո», և այլն։ Եվ եթե «յիրք մի շարեն զայն սեւ հունտն՝ և տղոցն ի վիզն կախեն, օգտէ ըխտաւորին (լուսնոտի―Ղ․Ա․)․․․ և այնոց՝ որ յանվայր վայրիքն շուրջ գան՝ ի վիզն կախեն, շատ օգտէ»։ Ըստ հին ավանդույթների՝ 12֊րդ դարի մեր գիտնական֊առակախոս Մխիթար Գոշ վարդապետը ևս հայտնում է․ «Փեննա զանձն սրբասէր ասէր լինել»։ Իսկ հաջորդ դարի բժշկարանները և աղթարքները ըստ «Մաշտոց»֊ի կատարված ծեսերի և աղոթքների նման մի կանոն գրեցին փենունա հանելու եղանակի վերաբերյալ՝ խաչով, ավետարանով, խունկով, մոմով և այլն։ Աղոթասացության մեջ սկսում են հիշել «զմարդն առաջին, զոր նախանձեալ չարն՝ խաբեաց զծաղրամիտ կինն՝ ճաշակմամբ պտղոյն․ և ելեալ ի դրախտէն՝ անկաւ յերկիր անիծից և ցաւոց․ և աղաղակեցին առ քեզ, Տէր, և ցուցեր նոցա ծաղիկս և պտուղս, խոտս և արմատս, ի բժշկութիւն մարդկան․ ետուր և զզօրութիւն շնորհի քո ի Փենունայս յայս, ի ձեռն ծառայի քո մեծին Մովսիս»։

Ստույգ է բույսերի բուժական զորությունը, ինչը մարդիկ գտան դիպվածով կամ փորձով։ Սակայն այդ ստուգության վրա նանրահավատները որչա՜փ անստույգ ու սուտումուտ բաներ են ավելացրել։ Եվ եթե հայերս գրել ենք ծիսական մի կարգ կամ կանոն, արևմտյան ազգերի մեջ իրենց սույն Բետոնիկայի (Betonica) վերաբերյալ ամբողջ գիրք կա գրված։

Իրավ է, որ շատ անգամ սուտը գնում է ճշմարիտի հետևից, տգիտությունը՝ գիտության՝ իբրև նրա ստվերը, և ստվերի պես էլ ավելի մեծ և երկար է երևում։ Եվ արժեքն էլ ստվերից ավելին չէ։

Լոշտակի ու փենունայի հետ հայերսունեցել ենք նաև երրորդ զարմանալի ու սրբազան ծաղիկը, որ քաջածանոթ չէ, բայց թվում է բնիկ հայկական․ դա համասփյուռ կամ համասպրամ կոչվածն է։ Ըստ վերոհիշյալ վարդապետի և ըստ նրա անվանակից ու գրեթե ժամանակակից մեծ բժիշկ Մխիթար Հերացու՝ համասփյուռը «մի արմատ ունի և արձակէ բազուկս 12, և ունի ամէն մէկ գոյն մի ծաղիկ այլեւայլ, կապուտ և ծիրանի, շուշան, և այլ ամէն գունից զարդարեալ է»։ Համասփյուռը ծաղկում է ամռանը, բայց գտնելու համար «պարտ է խնդրել զծաղիկն ի գիշեր, զի ի գիշերն պայծառագոյն երեւի ի յաչս խնդրողաց»։ Բուսաբանությանն ենք թողնում նկարագրել ծաղիկի գույներն ու այլ հատկությունները, գտնել տեղանքն ու ինչ ցեղի բույս լինելը, որ հավանորեն Lychnis և հատկապես Lych․ Orientalis կոչվածներից է, ինչը անցյալ դարի սկզբին տեսավ և նկարագրեցհռչակավոր ֆրանսիացի բուսաբան Տուռնֆորը (Tournefort)։

Իհարկե, այս երեքից զատ, ինչպես մյուս ազգերը, այնպես էլ հայերս ունենք քիչ կամ շատ զարմանալի հատկություններ ունեցող այլ բույսեր ևս, որոնք ավելորդ եմ համարում քննել ու դրանց մասին գրել։ Թող բավարար համարվի միայն երնջան և երնջանիտակ տեսակները հիշելը, որոնց անունը, ըստ իս, ավելի զարմանալի է, քանի որ զուտ հայերեն է հնչում, և սակայն լատիներենը ևս կոչվում է Eringium, որից ֆրանսերեն Erynge և Panicaut։ Արդ, մեր աղթարաբանները գրում են նաև յաս ծաղիկի մասին․ «Ով զիր տակն ի հետ պահէ՝ ամենեւին դիւական չար չմերձենայ յինքն․ թէ ուզես որ իմանաս զզօրութիւն սորա՝ գի՛տ չար դիւահար մի, և տար ի սորա տակ՝ն, և մերկիկ ի վերայ սրտին դիր․ ասել տայ դիւին թէ ուստի է կամ է՞ր է մտել․ փախչի ի խաւարն արտաքին»։ Թող այնտեղ էլ մնա։

Ըստ մեզ այս վերջին անունից և այլ հիշատակումներից, ինչպես և ընդհանրապես բույսերի բազմաթիվ ու խորհրդանշանական անվանումներից հետևում է, որ հայերիս մեջ շատ հնուց է մտել ծանոթությունը բույսերի բնույթին, որի հետ նաև ավելորդ և սնոտի կարծիքներ ու հավատք։ Գուցե օտարամուտից ավելի ինքներս ենք օտարներին մատուցել իրավ ու սուտ ծանոթություններ, մանավանդ եթե ստույգ է ամենահին բուսաբանական կամ երկարգործական գրքի մեջ եղած արաբ հեղինակի մի ավանդությունը, ըստ որի՝ հայկազունների և բաբելացիների կամ ասորեստանցիների ժամանակ Համբուշատ անունով մի հայ կարող էր գրած լիներ այս գիտությունների վերաբերյալ։ Եթե ոչ վերոհիշյալից, ապա հույն և հետո՝ հռոմեացի հեղինակների գործերի մեջ ևս կան բուսաշխարհին վերաբերող ոչ սակավ տեղեկություններ՝ նաև առասպելախառն, որ որևէ եղանակով առնվել են հայերից, ինչպես Պլուտարքոսի հիշատակած Երասխի ափերին գտնված ու գետի անունով կոչված արասա բույսը, որի անունը տեղացիների լեզվով թարգմանվում է «կուսահալած»․ իբր երբ նարն կույս է մոտենում, ծաղիկը, արյուն ցայտելով, թառամում է ու չորանում

Հռոմեացիների մեծ բնագետ Պլինիուս Ավագը հիշատակում է ադամանտ (Adamantis) անունով կախարդական զորությամբ բույսը, որ կար Հայաստանում և Կապադովկիայում։ Եթե ադամանտը մոտեցվի առյուծին, գազանը, երախը բաց, կտապալվի։ ։

Նույն Պլուտարքոսը նույն Երասխի կողմերում հիշում է իրենից հին Կտեսիփոն անունով պատմիչից ու բուսաբանից առածը․ ասում է, թե իբր արդեն հիշատակված Դիորփոս լեռան մոտերքում եղել է նռան պես, բայց խաղողահամ պտուղների համանուն ծառ, որից եթե մեկը մի հատ առնի ձեռքը, կեղևի ու «Արե՜ս» կանչի (թերևս հայոց Արան կամ արևը), պտուղի գույնը միանգամից կփոխվի և կդառնա կանաչ։

Ավելորդ եմ համարում հիշատակել այլ բույսերի ու ծաղիկների այսպիսի սնոտի հատկությունները, մանավանդ որ մեր հեթանոս հայրերի համար չեն հիշվում, այլ հետին ժամանակների ու քրիստոնեական դարերի հիշատակություններ են։

Be the first who will comment on this

Other parts of "Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց"

Yatuk Music
Cello Concerto
Arno Babajanyan

Cello Concerto

Birth of Thoros Roslin
Birth of Thoros Roslin
Play Online