Егише Чаренц
Դանթեական առասպել
VIII
…Երեկ առավոտ բարձրացա կանուխ
Եվ լուռ կանգնեցի բլուրի վրա։
Հեռուն՝ զնգալով իջնում էր մի ուղխ1,
Լսում էի ես կարկաչը նրա։
Կապույտ երկնքում ո՛չ ամպ կար, ո՛չ ծուխ։
Եվ ես մոռացա՜ տաժանքն առօրյա…
Ա՜խ, գյուղակների շուրջպարը կանաչ՝
Դաշտերի ոսկի՜ հեռաստաններում,
Ուր մի անսահման թախիծ կա փռած
Եվ մի հոգեթով տխրության հեռու,
Ուր հավերժության ցնորքը անհաս
Ճախրում է կարծես ոսկի՜ դաշտերում…
Ամեն ինչ այնպես անդորր է ու կույս,
Որ չեմ հավատում կարմիր երազին։
Միրաժի նման փարվում է հոգուս
Անէ աշխարհի քնքշությունը հին։
Բայց չէ՞ որ այստեղ ապրել են անհույս
Եվ չե՛ն էլ լսել քնքշության մասին…
Օ՜, խորհուրդների հավերժական մա՛յր,
Որ տառապանքի ու տարփանքի մեջ
Հղանում ես միշտ կյանքեր անհամար
Հազար գույներով՝ հազար ելևէջ,
Որ հղանում ես աշխարհի համար
Հավիտենական կշռույթների վեճ…
Օ՜, դո՛ւ, բարբարո՜ս, խելագա՜ր, ցավո՜տ,
Երբեմն իմաստուն, երբեմն գազան,
Աշխարհներ այրող կախարդական խո՜տ,
Աշխարհներ շինող բախտի գավազա՜ն,
Դիվային ոգի՝ ճահիճների մոտ,
Ոչնչի՜ մասին աղո՜թք սրբազան…
…Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած,
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել ու վառել աստղերը մարած,
Որ տիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի՜ երբեք ու մնա երազ…
1915-1916, Տաճկաստան-Պարսկաստան ռազմաճակատ