Егише Чаренц

Դանթեական առասպել

IV

Եվ ահա մի օր մենք մտանք մի գյուղ,
Որ գտնվում էր ծովակի ափին։
Հրդեհված էր նա։ Այստեղ ու այնտեղ
Մի քանի տներ դեռ մխում էին։
Իսկ ծովի կապույտ ջրերը հնչեղ
Դեռ երգում էին իրենց երգը հին։

Կարկաչուն, հնչուն մանուկների պես,
Դեմքերին ժպիտ ու փրփուր փռած՝
Ալիքներն, անհոգ ու ժպտուն այնպես,
Վետվետում էին ու թռչում առաջ։
Անուշ ճիչերով պատմում էին մեզ
Հազար մանկական զրույց ու երազ։

Իսկ ավեր դարձած գյուղակն ալևոր,
Ծեր, խորհրդավոր, որպես մեռած հայր,
Ննջում էր անվերջ իր սև նինջը խոր,
Մեռելաստանի իր նինջը մռայլ։
Եվ չէ՛ր հասկանում այդ ժիր, բախտավոր,
Չար ալիքների զրույցները չար։

Իսկ այգիների շուրջպարը կանաչ
Ձգվում էր անծա՜յր ու անծա՜յր հեռու։
Բնությունը, գիրգ ստինքները բաց,

Ցոփ կնոջ նման հեթանոս, հլու
Պատրաստ էր ամե՛ն անցորդի առաջ
Իր աշնանային տռփանքը տալու։

Երկու ընկերով ներս մտանք այգին
Եվ տեսանք մեր դեմ խաղողի մի ծով։
Անձնատուր եղած բախտի քմայքին՝
Սնվել էր անմահ արևի բոցով։
Հովերը նրան օրորել էին
Կարկաչուն ծովի հեռո՜ւ զնգոցով։

Մոռացած մի պահ հոգնությունը մեր
Խոնջացած սրտի, փոշոտ ոտքերի
Մոռացած ամեն քանդում ու ավեր,
Բնության անճառ հմայքին գերի՝
Չորացած, ծարավ շրթունքները մեր
Վայելում էին բերքը տունկերի

Երբ տունկերի մեջ… տեսանք մի դիակ։
Խեղդամահ արված՝ ընկած էր մի ծեր։
Ընկած էր արնոտ խաղողների տակ՝
Նրանց ստվերին ընկեր էր դարձել…
Ու չռվել էին աչքերն այլանդակ՝
Զարհուրանքալի մեզ տալով հարցեր։

Ընկերս ճչաց ու ընկավ գետին։
«Ջո՜ւր», շշնջացին շրթերը նրա։
Մռայլ մոտեցա այգու ջրհորին,
Ամբողջ մարմընով կախվեցի վրա՝
Ուզեցի նայել հատակի ջրին
Ոչինչ չերևաց։ Պարան կար։ Առա,

Եվ կախ տվեցի անտակ հորի մեջ։
Լսեցի հեռու ճղփոցը ջրի։
Ու վեր քաշեցի ձիգ պարանը ես։
Դույլը մի վայրկյան զարնվեց քարի.

Էլի՜ մի վայրկյան… Եվ հանկարծ ասես
Իմ դեմ ոգինե՜ր ելան շուրջպարի…

Չռած աչքերով նայում էի ես
Դույլում օրորվող ջինջ, հստակ ջրին,
Որի մեջ մարմնի կիսանեխ մասեր
Հանդարտ, դանդաղկոտ օրորվում էին։
Ճիչը իմ կրծքում զսպելով հազիվ՝
Ջրհորի մոտից հեռացա լռին։

Հարբածի երեր, տարտամ քայլերով,
Որպես հալածված երկու ուրուներ՝
Մենք դուրս վազեցինք դեմքերով խռով,
Եվ սարսափահար հայացքները մեր
Ո՛չ այգի էին էլ տեսնում, ո՛չ ծով,
Ուր Մահն էր արդեն իր թույնը քամել…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Դանթեական առասպել"

Ятук Музыка
Концерт для скрипки ре минор
Арам Хачатрян

Концерт для скрипки ре минор

Семья-поколения
Семья-поколения
Играть онлайн