Сергей Довлатов

Մերոնք

6

ԳԼՈՒԽ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ

― Մեր աշխարհն անհեթեթ է, ― ասում եմ կնոջս, ― ու մարդուս թշնամիներն իր տնեցիներն են։

Կինս բարկանում է, թեև կատակով եմ ասում։ Ի պատասխան լսում եմ.

― Քո թշնամիները էժանագին պորտվեյնն ու շիկահեր լրբերն են։

― Ուրեմն, ― ասում եմ, ― ճշմարիտ քրիստոնյա եմ։ Քանզի Քրիստոսն ասել է՝ սիրիր թշնամիներիդ...

Այս խոսակցությունները շարունակվում են քսան տարի։ Արդեն քսան տարի...

Ամերիկա եկել էի բաժանվելու երազանքով։ Բաժանվելուս միակ պատճառը կնոջս ծայրաստիճան անխռովությունն էր։ Նրա հանգստությունը անսահման էր։

Ապշեցուցիչ է՝ ինչպես կարող են մեկ մարդու մեջ գոյակցել անխռովությունն ու հակակրանքը...

Ծանոթացել ենք վաթսուներեք թվականին։ Այսպես եղավ։

Ես առանձին մուտքով սենյակ ունեի։ Լուսամուտները նայում էին աղբանոցին։ Գրեթե ամեն երեկո հյուրեր էի ունենում։

Մի անգամ արթնացա գիշերվա կեսին։ Հայացքով անցա ընկած բազկաթոռի ու սեղանին մնացած կեղտող ամանեղենի վրայով։ Հիշեցի, որ երեք անգամ գնացել էինք օղու։ Հյուրերիցս մեկն արտահայտվեց այսպես.

«Գնանք Ելիսեսսկի։ Երեք հարյուր մետր մինչև այնտեղ, ետդարձը՝ գրեթե նույնքան»...

Սկսեցի մտածել թափթփված սենյակում նախաճաշելու մասին։

Հանկարծ զգացի, որ մենակ չեմ։ Աառնարանի ու ռադիոլայի միջև դրված բազմոցին մեկը քնած է։ Շրշյուն է լսվում, հոգոցներ։ Հարցրի.

― Դուք ո՞վ եք։

― Ենթադրենք՝ Լենան, ― կանացի ձայնն անակնկալ խաղաղ էր։

Փորձեցի մտաբերել։ Լենա անունը այնքան էլ հաճախ չի պատահում։ Մեր ծանոթների մեջ գերակշռում էին Տամարաներն ու Լարիսաները։ Հարցրի.

― Իսկ ինչպիսի՞ն է ձեր կարգավիճակը, Լենա։ Պարզ ասած՝ ձեր սոցիումի էռ ակտումը։

Լռություն տիրեց։ Հետո անխռով կանացչի ձայնն ասաց․

― Ինձ մոռացել է Գուրեւիչը․․․

Գուրեւիչը գրքի շուկայի իմ ծանոթներից էր։ Երկու տարի անց նրան նստեցրին։

― Ինչպե՞ս թե մոռացել է։

― Գուրեւիչը հարբեց ու տաքսի կանչեց․․․

Սկսեցի աստիճանաբար մտաբերել։

― Դուք դարչնագույն զգեստո՞վ էիք։

― Թերեւս, այո։ Զգեստս կանաչ է։ Գուրեւիչը պատռեց։ Քնել եմ ինչ֊որ մեկի զինվորական վերնաշապիկով։

― Դա իմ զինվորական վերնաշապիկն է։ Բանակից մնացած մասունք։ Գնալիս կհանեք։

― Այստեղ ինչ֊որ շքանշան կա․․․

― Դա, ― ասում եմ, ― սպորտային կրծքանշան է։

― Ծակծկում էր․․․ Չէր թողնում քնեմ․․․

― Նրան, ― ասում եմ, ― կարելի է հասկանալ․․․

Վերջապես հիշեցի այդ կնոջը։ Նիհար, գունատ, մոնղոլական աչքերով։

Արդեն լուսացել էր։

― Շրջվեք, ― խնդրեց Լենան։

Քիթմռութս ծածկեցի լրագրով։ Ակուստիկան անմիջապես փոխվեց։ Օրիորդը գնաց դռան կողմը։ Դատելով քստքստոցից՝ իմ վելվետե հողաթափերով։

Վերմակի տակից դուրս եկա։ Օրն արտառոց ու խորհրդավոր մենկարկ էր առել։

Երկուսս՝ իմ նեղ միջանցքում։ Բավական պարարտ ազդրերից փաթաթած սրբիչը։ Նրա ծնկներին չհասնող զինվորական վերնաշապիկը․․․

Անցանք գրեթե իրար հպվելով։ Ես մտա լոգարան։ Ցնցուղից հետո իմ կյանքում հարաբերական հստակություն է ուրվագծվում։

Դուրս եկա երեք րոպեից․ սեղանին սուրճ է, թխվածքաբլիթներ, ջեմ․․ դոնդողածածկ ձուկ․․․

Լենան արդեն հագնվել էր։ Օձիքի անտիկ բաղվածքը՝ Ֆիմա Գուրեւիչի անսանձ զգացմունքայնության հետքը, սազում էր նրան։

― Իրոք, ― ասում եմ, ― կանաչ է․․․

Նախաճաշի ընթացքում զրուցեցինք դեսից֊դենից։ Մթնոլորտն անկաշկանդ էր ու անգամ հաճելի։ Եթե ընդունեի, որ աշխարհը փոքր-ինչ շեղվել է սովոր հունից...

Լենան հավաքեց իրերը, հագավ կոշիկներն ու ասաց.

― Ես գնացի։

― Շնորհակալ եմ հաճելի զրույցի համար։

Ու հանկարծ.

― Կգամ վեցից հետո։

― Լավ, ― ասացի...

Հիշեցի այս դեպքը։ Ընկերոջս հետ վերադառնում էինք բաղնիքից։ Մի միլիցիոներ կանգնեցրեց։ Լարված հարցրինք.

― Ի՞նչ է պատահել։

Իսկ նա թե.

― Չե՞ք հիշում, թե երբ է հրատարակվել Ախմատովայի «Վարդարանը»։

― Հազար ինը հարյուր տասնչորս թվականին։ «Գիպերբորեյ» հրատարակչություն, Սանկտ Պետերբուրգ։

― Շնորհակալություն։ Կարող եք գնալ։

― Ո՞ւր։

― Ուր ուզում եք, ― պատասխանեց, ― ազատ եք։

Այն ժամանակ ինձ ապշեցրել էր առօրեականության ու ցնորքի նման խառնուրդը։ Հիմա էլ մոտավորապես նույն զգացողությունն ունեցա։

― Կգամ, ― ասում է, ― վեցից հետո...

Իսկ ես ժամադրված էի հինգն անց կեսին։ Ընդ որում, ոչ թե կնոջ, այլ Բրոդսկու հետ։ Իսկ հետո պիտի գնայինք ինչ-որ մեկի թեկնածուականի բանկետին։

Զանգում, խափանում եմ ժամադրությունը։ Բանկետն արհամարհում եմ։ Տաքսիով սլանում եմ տուն։ Հարկավոր է, մտածում եմ, երկրորդ բանալին պատվիրել։

Սպասում եմ։ Գալիս է վեցի մոտերքը։ Պայուսակից հանում է պահածո, ձու, մինտայ։

― Դուք, ― ասում է, ― առայժմ ձեր գործերով զբաղվեք։ Իսկ ես ընթրիք կպատրաստեմ։

Մի վայրենի միտք անցավ գլխովս։ Իսկ գուցե ինձ շփոթո՞ւմ է ինչ-որ մեկի հետ։ Իր համար թանկ ու սիրելի մեկի հետ։ Գուցե աշխարհն արդեն այդտե՞ղ է հասել իր խելագարության մեջ...

Ընթրեցինք։ Ես նստեցի աշխատելու։ Լենան լվաց ամանեղենը։ Միացրեց հեռուստացույցը։

Հեռուստացույցս չէր աշխատում արդեն երկու տարի։ Իսկ այդ ժամանակ աշխատեց նորից պես․․․

Սկսեցի փոփոխություններ նկատել։ Լվացարանի մոտ հայտնվեց արտասահմանյան սրվակներ։ Պահարանումս տեղ գրավեց զամշե վերարկուն։ Սառնարանի կողքին հայտնվեցին դարչնագույն երկարաճիտ կոշիկներ։ Բնակարանի շունչն անգամ փոխվեց․․․

Արդեն ուշ երեկո էր։ Լենան ասաց․

― Թե՞յ, թե՞ սուրճ։

― Թեյ։

Թեյը խմեցինք ինչ֊որ պրյանիկներով։ Մի երեսուն տարի պրյանիկ չէի կերել․․․

Տեսնեմ՝ ժամը մեկն է։ Կարծես թե պառկելու ժամանակն է։ Լենան ասաց․

― Խոհանոցում մի քիչ սպասեք։

Սպասում, ծխում եմ։ Կարդացի անցած երեքշաբթի օրվա լրագիրը։ Վերադարձա սենյակ՝ քնած է։ Նույն բազմոցին։ Միայն զինվորական վերնաշապիկի փոխարեն վարդագույն գիշերանոց է հագին։

Պառկեցի։ Լսողությունս լարեցի՝ ոչ մի ձայն։ Գոնե կոկետությունից գեթ մի շարժում աներ․․․

Մի տասը րոպե սպասցի ու քնեցի։

Առավոտը նախորդի կրկնությունն էր։ Երկուսի համար նեղ միջանցք, ցնցուղ ու կաթով սուրճ․․․․

― Այսօր, ― ասում է, ― կուշանամ։ Կգամ տասնմեկից հետո։ Այնպես որ՝ չանհանգստանաք․․․

Գնացի խմբագրություն։ Այնտեղից ժուռնալիստների միության բար։ Մի շվեդուհու հետ ծանոթացա, ինձ հյուրանոց էր կանչում։ Անվերջ կրկնում էր․

― Կազակ, ինձ ռուսական օղի լցրու․․․

Ընկերներս ընդհատակյա համերգի էին գնում։ Ինչ֊որ ավանգարդիստի լսելու։ Ավանգարդիստն էլ, եթե կարելի է այդպես արտահայտվել՝ բավական արտասովոր մեկն էր։ Թավջութակը պառկած էր նվագում․․․ Մի խոսքով՝ գաղթակղությունները բազում էին։ Իսկ ես շտապում էի տուն։ Ժամ առաջ ուզում էի հասնել գժանոցս։

Երբ տասնմեկից հետո եկավ, ասացի․

― Լենա, եկեք խոսենք։ Դրա կարիքը, ինձ թվում է, կա։ Անհասկանալի բաներ են կատարվում։ Ես մի քանի նուրբ հարց ունեմ։ Կարելի՞ է առանց այլեւայլի։

― Լսում եմ ձեզ։

Իսկ դեմքը հանդարտ է, ինչպես ամբարտակը։ Հարցնում եմ.

― Գուցե դուք ապրելու տեղ չունե՞ք։

Օրիորդը նեղացավ։ Ավելի ճիշտ՝ կարծես թե զարմացավ։

― Ո՞վ ասաց։ Ես Դաչնոյեում բնակարան ունեմ։ Իսկ ի՞նչ։

― Ըստ էության, ոչինչ... Ինձ թվաց... Ես կարծեցի... Այդ դեպքում մի հարց էլ։ Զուտ ընկերական... Հազար ներողություն... Գուցե հավանո՞ւմ եք ինձ։

Ճնշող լռություն տիրեց։ Զգացի, որ կարմրում եմ։ Վերջապես ասաց.

― Ձեր նկատմամբ բողոք չունեմ։

Այդպես էլ ասաց՝ բողոք չունեմ։

Տիրած լռությունն էլ ավելի ճնշող էր։ Ինձ համար։ Լենան հանդարտության մարմնացում էր։ Հայացքը սառն ու կոշտ, ինչպես հնաոճ ճամպրուկի մետաղե անկյունը։

Մտածեցի՝ գուցե նրա անխռովությունը վե՞ր է սեռական տարբերություններից։ Վեր՝ տղամարդու հանդեպ կենսաբանական նախատրամադրվածությունից։ Վեր մշտական բնակավայրի բուն գաղափարից։

― Եվ վերջին հարցը։ Միայն չբարկանաք։ Ու եթե սխալվում եմ՝ անմիջապես մոռացեք... Մի խոսքով, այսպիսի մի ենթադրություն ունեմ... Դուք, պատահաբար, Պետական անվտանգության կոմիտեի աշխատակից չե՞ք։

Մտածում էի՝ չի բացառվում։ Ի վերջո, նկատելի անձնավորություն էի։ Անզուսպ։ Բավական շատ էի խմում։ Ավելորդ բաներ էի խոսում։ Անունս հիշատակել էր «Նեմեցկայա վոլնա»֊ն։ Գուցե այս ֆանտաստիկ կնոջը կցել էին սկսնակ այլախոհի՞ս։

Այ հիմա, մտածում եմ, ափերից դուրս կգա։ Իսկ եթե ճիշտ եմ՝ առավել ևս...

― Ոչ, ― լսում եմ, ― ես վարսավիրանոցում եմ աշխատում...

Քիչ անց.

― Եթե ուրիշ հարցեր չունեք, եկեք թեյ խմենք։


Այսպես էլ սկսվեց։ Ցերեկը վազվզում էի պատահական վաստակի հույսով։ Վերադառնում էի անտրամադիր, ստորացված ու չարացած։ Լենան հարցնում էր.

― Թե՞յ, թե՞ սուրճ։

Չէինք զրուցում։ Սոսկ միմյանց հաղորդում էինք հակիրճ գործնական տեղեկություններ։ Նա, ասենք, փոխանցում էր.

― Ձեզ զանգել է ոմն Բեսկին․․․

Կամ․

― Լվացքի փոշին որտե՞ղ է․․․

Իմ գործերով չէր հետաքրքրվում։ Ես էլ նրան հարցեր չէի տալիս։ Խելագարությունը ամենօրյա, սովորական ուրվագծեր էր ձեռք բերում։

Որոշակի փոփոխություններ էր կրել օրվա ռեժիմը։ Ծանոթ կանայք ավելի ու ավելի հազվադեպ էին զանգում։ Անիմաստ է զանգել, երբ անխռով կանացի ձայն է պատասխանում։

Շարունակում էինք միմյանց միանգամայն անծանոթ մնալ։

Լենան աներեւակայելիորեն լռակյաց էր ու հանգիստ։ Դա փչացած բարձրախոսի ճնշող լռությունը չէր։ Եվ ոչ էլ հակատանկային ականի ահեղ լռությունը։ Դա տերեւների անցողիկ շրշյունին անվրդով ականջ դնող արմատների լուռ հանգստություն էր․․․

Անցավ մեկ շաբաթ։ Կիրակի առավոտյան չդիմացա։ Ասացի․․․ Ոչ՝ գոռացի․

― Լենա։ Լսեք ինձ։ Թույլ տվեք մինչեւ վերջ անկեղծ լինել։ Մենք ամուսնական կյանքով ենք ապրում․․․ Բայց՝ առանց ամուսնական կյանքի գլխավոր տարրի․․․ Համատեղ տնտեսություն ենք վարում․․․ Դուք լվացք եք անում․․․ Կարո՞ղ եք բացատրել ինձ․․․ Ես խելագարության շեմին եմ․․․

Լենան ինձ նայեց խաղաղ, բարեհամբույր հայացքով․

― Ես ձեզ խանգարո՞ւմ եմ։ Ուզում եք, որ գնա՞մ։

― Ես չգիտեմ, ինչ եմ ուզում։ Ես հասկանալ եմ ուզում․․․ Սերը հասկանում եմ։ Այլասերություն՝ հասկանում եմ։ Ամեն ինչ հասկանում եմ․․․ Ամեն ինչ, բացի այս կանոնակարգված խելագարությունից․․․ Եթե պետանվտանգության գործակալ լինեիք՝ լավ․․․ Ես նույնիսկ կուրախանայի․․․ Ինչ֊որ տրամաբանություն կլիներ․․․ Իսկ այսպես․․․

Մի փոքր լռեց ու ասաց․

― Եթե պետք է, որ գնամ՝ ասեք։

Ու՝ հատակին ուղղելով նեղ մոնղոլական աչքերը․

― Եթե ուզում եք ԴԱ՝ խնդրեմ։

― Ի՞նչ ասել է՝ ԴԱ։

Թերթերունքներն ավելի ցած իջան։ Ձայնն ավելի անխռով դարձավ․

― Նկատի ունեմ ինտիմ հարաբերությունները։

― Ոչ, ― ասում եմ, ― ինչի՞ համար։

Մի՞թե կհամարձակվեմ, մտածում եմ, այդքան կոպիտ կերպով խախտել այդ հանգստությունը։

Երկու շաբաթ էլ անցավ։ Ինձ փրկեց օղին։ Խմել էի մի առաջադեմ խմբագրությունում։ Տուն հասա մեկի մոտերքը։ Եվ, այսպես ասած, մոռացության մեջ... հանդգնեցի... Գնացի ապագա կալանավոր Գուրևիչի սխալ ճանապարհով...

Գցածս քարը պառկած մնաց օվկիանոսի հատակին...

Դա սեր չէր։ Ոչ էլ, առավել ևս՝ րոպեական թուլություն։ Դա քաոսից պաշտպանվելու փորձ էր։

Նույնիսկ «դու»–ի չանցանք։

Իսկ մեկ տարի անց ծնվեց Կատյան։ Այդպես էլ ծանոթացանք...

Որպես ամուսին խիստ կասկածելի ձեռքբերում էի։ Տարիներով մշտական աշխատանք չունեի։ Որակազրկված ցլամարտիկի խղճահարույց արտաքին ունեի։

Պատմվածքներս չէին տպագրում։ Գնալով ավելի չար ու պակաս զգույշ էի դառնում։ Յոթանասուն թվականի ամռանը առաջին պատմվածքներս հասան Արևմուտք։

Սկսեցի շփվել արտասահմանցիների հետ։ Նստում էինք մինչև ուշ գիշեր։ Օղի էինք խմում՝ էժանագին երշիկով։

Կոմունալ հարևան Տիխոմիրովը սպառնալի փնթփնթում էր.

― Այս ի՞նչ ծանոթներ ունեք։ Սինյավսկու և Դանիելի տիպի...

Նույն թվականի աշնանը անունս հիշատակեցին արևմտյան ռադիոկայանները։

Լենային պատմվածքներս չէին հետաքրքրում։ Գործունեությունը որպես այդպիսին նրան առհասարակ չէր հետաքրքրում։ Նրա սահմանափակությունն, ըստ իս, մաս էր կազմում իր անսահման հանգստության։

Կյանքս, այսպիսով, երկու հակամարտ տարերքների ազդեցության տակ էր անցնում։ Ձախից փոթորկվում էր կազմավորվող նոնկոմֆորմիզմը։ Աջից տարածվում էր քաղքենիական բարեկեցության անխռով օվկիանոսը։

Այդպես էլ, սայթաքելով, քայլում էի այդ երկու օվկիանոսների միջև ընկած նեղ արահետով։

Լենան այդ ընթացքում ազատվեց վարսավիրանոցից։ Աշխատանքի տեղավորվեց «Սովետսկի պիսատել» հրատարակչությունում՝ որպես սրբագրիչ։ Ինչը անակնկալ էր ինձ համար։ Ես չգիտեի, որ նա այդ աստիճան գրագետ է։ Հետագայում պարզվեց, որ շատ բան չգիտեի։ Ու չգիտեմ մինչև օրս...


Մեկ տարի անց Լենան բախվեց իշխանությունների հետ։ Այսպես պատահեց։

Հրատարակչությունում լույս էր տեսել Ախմատովայի ժողովածուն։ Աշխատակիցներին սահմանափակ թվով օրինակներ էին տրամադրել։ Որոշ մարդիկ ցուցակից դուրս էին մնացել։ Այդ թվում՝ կինս։

Լենան գնացել էր հրատարակչության տնօրենի մոտ։ Արտահայտել էր իր դժգոհությունը։ Կոնդրաշովն ի պատասխան ասել էր՝ իջեցնելով ձայնը․

― Դուք չեք ըմբռնում քաղաքական բարդ կոնտեքստը։ Տպաքանի մեծ մասը ուղարկվել է արտասահման։ Մենք պարտավոր ենք փակել բուրժուական պրոպագանդայի բերանը։

― Իմը փակեք, ― խնդրել էր Լենան․․․

Մեր միջեւ առաջացավ որոշակի այլախոհական փոխըմբռնում․․․

Տարիներն անցնում էին։ Մեր դուստրը մեծանում էր։ Ճապոնական ռադիոընդունիչիս մասին ասում էր․

― Ես քո «բիբիսի»֊ն լուսամուտի մոտ եմ դրել։

Ապրում էինք աղքատ, հաճախ էինք կռվում։ Ես ափերիցս դուրս էի գալիս, կինս լռում էր։

Լռությունը զորեղ ուժ է։ Այն արգելել է պետք՝ որպես բակտերիալոգիական զենք․․․

Ես անդադար բողոքում էի հեռանկարի բացակայությունից։ Լենան ասում էր․

― Գրիր երկու հազար պատմվածք։ Մեկնումեկը կտպեն․․․

Այս ի՜նչ է ասում, մտածում էի։ Մեկ պատմվածքը ի՞նչ է փոխելու։

Նույնսիկ վիրավորվում էի։

Իզուր․․․

Մեր մասշտաբներն ու համամասնություններն էին տարբեր։ Ես շեշտը դնում էի միավորի վրա։ Լենան՝ բազմության․․․

Ճիշտը ինքն էր։ Հաղթել կարելի է բացառապես բազմությամբ։ Ամբողջ համաշխարհային պատմությունը դրա ապացույցն է․․․

Ես այնքան քիչ գիտեի կնոջս մասին, որ միշտ զարմանում էի։ Ինձ զարմացնում էր նրա հանգստության ցանկացած խախտում։

Մի անգամ լաց եղավ, որովհետեւ նրան ստորացրել էին տնային կառավարչությունում։ Անկեղծ ասած՝ նույնիսկ ուրախացա։ Ուրեմն, նրա մեջ կրքեր, այնուամենայնիվ, հնարավոր է արթնացնել...

Դա, սակայն, խիստ հազվադեպ էր պատահում։ Նա գրեթե միշտ հանգիստ էր ու անխռով...

Յոթանասունական թվականներին սկսվեց արտագաղթը։ Մեկնում էին ամենամոտ ընկերներս։ Բոլոր խոսակցություններն այդ մասին էին։ Իսկ ես ասում էի.

― Ի՞նչ եմ անելու այնտեղ։ Անհեթեթ է սեփական տնից փախչելը։ Եթե գրականությունը դատապարտելի զբաղմունք է մեր տեղը բանտն է...

Լենան լռում էր։ Թերևս ավելի լռակյաց էր դարձել։ Օրերն անցնում էին անվերջ հրաժեշտի սեղանների շուրջ... Լավ հիշում եմ փետրվարյան այդ օրը։ Լենան աշխատանքից տուն եկավ ու ասաց.

― Վերջ... մեկնում ենք... Զզվել եմ...

Առարկելու երկչոտ փորձ արեցի։ Խոսեցի հայրենիքի, Աստծո, սոցիալական ճնշման առավելությունների, լեզվական ու կոլորիստական ամբողջականության մասին։ Նույնիսկ կեչիները հիշատակեցի, ինչը երբեք չեմ ների ինձ...

Լենան, սակայն, արդեն զանգում էր ինչ-որ մեկին...

Բարկացա ու մեկ ամսով մեկնեցի Պուշկինյան արգելոց։ Վերադարձիս Լենան մի կապ փաստաթուղթ տվեց՝ ստորագրելու։

― Արդե՞ն, ― հարցրի։

― Այո, ― ասաց, ― Վճռված է։ Փաստաթղթերն արդեն ձեռքիս են։ Մեզ, համոզված եմ, կթողնեն։ Դա կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում։

Ես շփոթվեցի։ Չէի կարծում, թե այդքան արագ կլինի։ Ավելի ճիշտ՝ կարծում էի, թե Լենան սկսելու էր համոզել ինձ։

Չէ՞ որ ե՛ս էի ատում խորհրդային ռեժիմը։ Ի՛մ պատմվածքները չէին տպագրում։ Ե՛ս էի գրեթե այլախոհ համարվում...

Եկավ մեկնելու օրը։ Օդանավակայանում մի ամբողջ ամբոխ էր հավաքվել։ Հիմնականում խմիչքի սիրահար ընկերներս։

Հրաժեշտ տվինք միմյանց։ Լենան միանգամայն անխռով էր։ Ազգականներիցս մեկը նրան սև աղվեսի մորթի էր նվիրել։ Հետո երկար ժամանակ երազում տեսնում էի աղվեսի բաց երախը...

Դուստրս անճոռնի հայրենական կոշիկներով էր։ Տեսքը շփոթված էր։ Այդ տարի բոլորովին տգեղ էր։

Հետո նրանք ավտոբուս նստեցին։

Սպասեցինք, որ ինքնաթիռը օդ բարձրանա։ Սակայն մեկնող ինքնաթիռները շատ էին։ Դժվար էր հասկանալ, թե որն է մերը․․․

Կարոտել սկսեցի արդեն օդանավակայանից վերադառնալիս։ Տաքսիում խմում էի ուղղակի շշից։ Վարորդն ասում էր․

― Կռացեք։

― Կռացած չի խմվում, ― պատասխանում էի։

Կյանքս այդ օրվանից փոխվեց։ Շատ անհանգիստ դարձա։ Մտածել կարողանում էի միայն մեկնելու մասին։ Խմում ու մտածում էի։

Լենան մեզ բացիկներ էր ուղարկում։ Դրանք ծածկագրված զեկուցագրերի էին նման։

«Հռոմը գեղեցիկ, մեծ քաղաք է։ Ցերեկներն այստեղ շոգ է։ Երեկոները երաժշտություն է հնչում։ Կատյան առողջ է։ Գները համեմատաբար ցածր են»․․․

Այդ բացիկները լի էին հանգստությամբ։ Մայրս անդադար վերընթերցում էր դրանք։ Փորձում էր զգացմունքի որեւէ նշույլ գտնել։ Ես հո գիտեի, որ անիմաստ է․․․

Հետագա իրադարձությունները շարադրում եմ շատ հակիրճ։

Պորտաբուծության մեղադրանք․․․ Քաղաքից չբացակայելու ստորագրություն․․․ Քննիչ Միխայլովը․․․ Անհասկանալի ծեծ միլիցիայում․․․ «Նեմեցկայա վոլնա»֊ի հաղորդաշարը․․․ Ձերբակալություն ու դատ Տոլմաչովի փողոցում․․․ Ինը օր Կալյաեւյան բանտում․․․ Անսպասելի ազատ արձակում․․․ ՕՎԻՌ․․․

ՕՎԻՌ֊ի գնդապետը քաղաքավարի էր ու բարեհամբույր․

― Դուք պետք է մեկնեք։ Ձեր կինը արդեն մեկնել է, եւ դուք էլ պետք է մեկնեք․․․

Հակառակվելու համար ասացի․

― Մենք գրանցված չենք։

― Դա ձեւականություն է, ― լայն ժպիտով ասաց գնդապետը, ― իսկ մենք ձեւապաշտ չենք։ Չէ՞ որ դուք նրանց սիրում եք։

― Նրանց ո՞ւմ։

― Ձեր կնոջն ու դստերը․․․ Դե, իհարկե, սիրում եք․․․

Այսպես փաստ դարձավ կնոջս ու դստերս հանդեպ սերը։ Եվ փաստողը ՆԳՆ գնդապետ էր․․․

Ես փորձում էի կողմնորոշվել։ Աշխարհում երկու իրական բեւեռ կար։ Հստակ, հարազատ, հեղձուցիչ ԱՅՍՏԵՂ֊ը եւ անիմաստ, կիսաֆանտաստիկ ԱՅՆՏԵՂ֊ը։ Տանջալի կյանքի անծայրածիր հորիզոններ բարեկամների ու թշնամիների շրջապատում՝ այստեղ, եւ ընդամենը կինս, անխռով հանգստությամ իր փոքրիկ կղզյակը՝ այնտեղ։

Բոլոր հույսերն այնտեղ էին։ Չգիտեմ ինչու էի ՕՎԻՌ-ի գնդապետի գլուխը տանում...

Վեց շաբաթ հետո Ակստրիայում էինք։ Վիեննան ասես Լենինգրադի թաղամասերից մեկը լիներ։ Ֆոնտանկայի ու Սադոկայայի միջև։

Քաղաքային բնապատկերի միակ նշանակալի տարրը գետն էր։ Գետը, որ, ինչպես պարզվեց երրորդ թե չորրորդ օրը, Դանուբն էր։

Գորշ փողոցներում աչքի էին զարնում պոռնիկները։ Նրանք նման էին արտասահմանյան կինոկատակերգությունների հերոսուհիների։

Ապրում էինք «Ադմիրալ» հյուրանոցում։ Մայրս առավոտից գիշեր Սոլժենիցին էր կարդում։ Ես գրում էի էմիգրանտական թերթերի ու հանդեսների համար։ Հիմնականում նկարագրում էի մտացածին այլախոհական սխրանքներս։

Լենան արդեն Ամերիկայում էր։ Նրա նամակներն ավելի հակիրճ էին դարձել.

«Աշխատում եմ որպես մեքենագրուհի։ Կատյան դպրոց է գնում։ Թաղամասը համեմատաբար անվտանգ է։ Տանտերը հաճելի, տարեց ամերիկացի է։ Անունը Էնդրյու Կովալենկո»...

Ավստրիայում ապրեցինք մինչև ամառ։ Վիեննան միջանկյալ կետ էր Լենինգրադի ու Ամերիկայի միջև։ Այդպիսի հեռավորությունը, հավանաբար, կարելի է կտրել միայն երկու ոստյունով։

Վերջապես ստացանք ամերիկյան փաստաթղթերը։ Օվկիանոսի վրա անցկացրած յոթը ժամը հավերժություն թվաց։ Տարածությունը որպես այդպիսին որևէ հետաքրքրություն չի պարունակում։

Ինքնաթիռը ամերիկյան տարածք էր։ Ուղեկցորդուհիների պահվածքն անկախ էր։

Քենեդիի անվան օդանավակայանում մեզ դիմավորեցին մեր ծանոթները։ Հանրահայտ լուսանկարիչ Կուլակովը՝ կնոջ ու որդու հետ։ Ողջույնի խոսքերից անմիջապես հետո սկսեցին հայհոյել Ամերիկան։

― «Տոյոտա» կառնես, ծերուկ, ― ասում էր Կուլակովը, ― ավելի լավ է՝ «Ֆոլքսվագեն»։ Ամերիկյան մեքենաները զիբիլ են...

― Իսկ որտե՞ղ են Լենան ու Կատյան, ― հարցրի։ Կուլակովը մեկնեց քառածալ գրությունը.

«Տեղավորվեք։ Մենք Առողջության ակումբում ենք։ Կգանք ութից հետո։ Ուտելիքը սառնարանում է։ Լենա»։

Շարժվեցինք դեպի տուն, դեպի Ֆլեշինգ։ Շրջապատող բնապատկերը հիշեցնում էր Լենինգրադի արվարձաննները։ Երկնաքերները բացակայում էին։

Մայրս դուրս նայելով ասաց․

― Փողոցը լրիվ դատարկ է․․․

― Սա փողոց չէ, ― առարկեց Կուլակովը, ― հայվեյ է։

― Ի՞նչ է նշանակում հայվեյ, ― հարցրեց մայրս։

― Մայրուղի, ― ասացի։

Լենան զբաղեցնում էր ոչ մեծ աղյուսաշեն տան առաջին հարկը։ Կուլակովը օգնեց ներս բերել ճամպրուկը։ Հետո ասաց․

― Հանգստացեք։ Եվրոպայում արդեն գիշեր է։ Վաղը կզանգեմ․․․

Ու հեռացավ։

Ես, իհարկե, չէի ակնկալում, թե ինձ դիմավորելու են ամերիկյան գրողների պատվիրակությունը։ Բայց Լենան, իմ կարծիքով, կարող էր գալ օդանավակայան․․․

Մնացինք դատարկ բնակարանում։ Երկու սենյակներում ուղղակի հատակին ներքնակներ էին դրված։ Հագուստեղենը ընկած էր ամենուր։

Մայրս բացեց սառնարանն ու ասաց․

― Պանիր համարյա նույնն է, ինչ մեզ մոտ․․․

Հանկարծ անասելի հոգնածություն զգացի։ Պառկեցի ներքնակին ու ծխեցի։ Իրականության ուրվագծերը աղոտացան։

Ո՞վ եմ ու որտեղի՞ց եմ եկել։ Ի՞նչ է գալիս գլխներիս։ Եվ վերջն ի՞նչ է լինելու․․․

Նոր կյանքը չափազանց առօրեականության էր նշանակալի փոփոխությունների համար։

Մտածեցի նաեւ․

«Ինչպե՞ս է առաջանում մարդկային մտերմությունը։ Ի՞նչ է հարկավոր մարդկանց միջեւ հարազատության զգացմունքի համար»․․․

Արթնացա վաղ առավոտյան։ Քամուց օրորվող ճյուղը դիպչում էր պատուհանի ապակուն։ Զգացի, որ մենակ չեմ։

― Ո՞վ կա, ― հարցրի։

― Լենան, ― պատասխանեց հանգիստ կանացի ձայնը։

Քիչ անց․

― Շատ ես գիրացել։ Հարկավոր է առավոտները վազել։

― Էլ ո՞ւր վազեմ, ― ասում եմ, ― վազքս, գործնականում, վերջացավ... Կուզենայի մնալ այստեղ։ Հուսով եմ, հնարավո՞ր է...

― Իհարկե։ Եթե սիրում ես մեզ...

― Գնդապետն ասաց, որ սիրում եմ։

― Եթե սիրում ես՝ մնա։ Մենք դեմ չենք...

― Սերն այստեղ կապ չունի, ― ասացի։

Եվ ավելացրի.

― Սերը դեռահասների համար է... Իսկ այստեղ արդեն սեր չէ՝ ճակատագիր է... Իսկ ո՞ւր է Կատյան։

― Խսիրի վրա՝ տատիկի հետ...

Հետո Լենան ասաց.

― Շրջվիր։

Դեմքս ծածկեցի ամերիկյան լրագրով։

Լենան վեր կացավ, հագավ խալաթն ու հարցրեց.

― Թե՞յ, թե՞ սուրճ։

Այստեղ հայտնվեց Կատյան։ Բայց դա արդեն ուրիշ թեմա է...

ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ

Մի ժամանակ նա ընդհանրապես չկար։ Թեեւ չեմ կարողանում պատկերացնել դա։ Առհասարակ, կարելի՞ է պատկերացնել այն, ինչ չի եղել։ Հետո նրան տուն բերեցինք։ Վարդագույն, անսպասելիորեն թեթեւ ժանյակավոր փաթեթեում։

Ուշագրավ է՝ Կատյայի մանկությունը ավելի վատ եմ հիշում, քան իմը։

Հիշում եմ, լուրջ հիվանդ էր։ Եթե չեմ սխալվում՝ թոքերի բորբոքում էր։ Տարան հիվանդանոց։ Մորն ու տատին ներս չէին թողնում։ Վտանգավոր իրավիճակ էր։ Չգիտեինք ինչ անել։

Ի վերջո, գլխավոր բժիշկը կանչես մեզ։ Փնթի ու նույնիսկ խմած մարդ էր։ Ասաց․

― Ձեր մորն ու կնոջը մենակ չթողեք։ Նրանց կողքին եղեք․․․

― Ի՞նչ եք ուզում դրանով ասել․․․

― Հնարավոր ամեն բան կանենք, ― ասաց բժիշկը։

― Կնոջս ներս թողեք։

― Չի կարելի, ― ասաց նա։

Ահավոր օրեր էին։ Անցնում էի հեռախոսի մոտ։ Թվում էր, թե դժբախտության հիմնական մեղավորը այդ սեւ ապարատն էր։ Անըդհատ զանգում էին օտար, ուրախ մարդկիկ։ Մայրս հաճախ դուրս է գալիս աստիճանահարթակ՝ լացելու։

Մի անգամ աստիճաններով բարձրանալիս է լինում մորս հին ծանոթներից մեկը։ Դերասան Մերկուրեւը։ Ժամանակին միասին աշխատել էին։ Մայրս պատմում է մեր դարդերը։ Մերկուրեւը գրպանները փորփրում, երկու կոպեկանոց է գտնում։ Ավտոմատից զանգում է․

― Մերկուրեւն է խոսում։ Նորկային թույլ տվեք մտնել հիվանդանոց․․․

Անմիջապես թույլ տվեցին։ Իսկ հետո կնոջս էլ թույլատրեցին հերթապահել գիշերները։ Այնպես որ խորհրդային պետության դեմ պայքարելու միակ զենքը անհեթեթությունն է․․․

Մի խոսքով, դուստրս մեծանում էր։ Գնում էր մանկապարտեզ։ Երբեմն ես էի տուն բերում։ Հիշում եմ սպիտակ փայտե նստարանը։ Եվ մանկական հագուստի կույտը․ մեծահասկաների հագուստի կտորներն այդքան շատ չեն․․․ Հիշում եմ փոքրիկ կոշիկի հետեւի ծալված մասը․․․

Հետո քայլում էինք փողոցով։ Հիշողությանս մեջ մնացել է ափումս փոքրիկ, շարժուն ափի զգացողությունը։ Անգամ ձեռնոցի միջից զգամ էր իր ջերմությունը։

Ինձ ապշեցնում էր իր անօգնականությունը։ Իր խոցելիությունը տրանսպորտի, քամու հանդեպ... Իր կախվածությունը իմ որոշումներից, գործողություններից, խոսքերից...

Մտածում էի դեռ քանի՞ տարի է այսպես շարունակվելու։ Ու ինքս ինձ պատասխանում՝ մինչև վերջ...

Հիշում եմ մի զրույց գնացքում։ Պատահական ուղեկիցս այսում էր.

«... Տղա էի ուզում։ Սկզբում տխրեցի։ Հետո տեսա, որ աղջիկն էլ ոչինչ։ Եթե տղա ունենայի՝ հանձնվելու էի։ Դատելու էի այսպես, ինքս կյանքում քիչ բանի եմ հասել։ Որդիս ավելիին կհասնի։ Ես կփոխանցեմ նրան իմ անհաջողությունների փորձը։ Նա կդառնա առնական ու նպատակամղված տղամարդ։ Ու ես կապրեմ որդուս մեջ։ Այսինքն՝ կմեռնեմ...

Դստեր դեպքում միանգամայն այլ է։ Ես նրան պետք եմ ու պետք եմ լինելու մինչև վերջ։ Նա թույլ չի տա, որ մոռանամ իրեն»...

Դուստրս մեծանում էր։ Արդեն երևում էր աթոռի հետևից։

Հիշում եմ, մանկապարտեզից վերադարձավ։ Առանց հանվելու, հարցրեց.

― Դու Բրեժնևին սիրո՞ւմ ես։

Մինչ այդ նրա դաստիարակությամբ չէի զբաղվել։ Ընկալում էի նրան որպես թանկարժեք անշունչ առարկա։ Եվ ահա՝ ինչ-որ բաներ պիտի ասեի, բացատրեի...

Ես ասացի.

― Սիրել կարելի է նրանց, ում լավ ճանաչում ես։ Օրինակ՝ մայրիկին, տատիկին։ Ծայրահեղ դեպքում՝ ինձ։ Բրեժնևին մենք չենք ճանաչում, թեև դիմանկարները հաճախ ենք տեսնում։ Հնարավոր է, որ լավ մարդ է։ Հնարավոր է՝ ոչ։ Ինչպե՞ս կարելի է սիրել անծանոթ մարդուն...

― Իսկ մեր դաստիարակները նրան սիրում են, ― ասաց դուստրս։

― Երևի ավելի լավ են ճանաչում։

― Ոչ, ― ասաց Կատյան։ ― Որովհետև նրանք դաստիարակներ են, իսկ դու ընդամենը սովորական հայրիկ...

Հետո սկսեց շատ արագ մեծանալ։ Դժվար հարցեր էր տալիս։ Թերևս հասկացել էր, որ ձախողակ եմ։ Երբեմն հարցնում էր.

― Ինչո՞ւ քո պատմվածքները չեն տպում։

― Չեն ուզում։

― Իսկ դու շան մասին պատմվածք գրիր։

Աղջկաս երեւի թվում էր, որ շան մասին հանճարեց կգրեմ։

Այդ ժամանակ հեքիաթ հորինեցի․

«Լինում է, չի լինում մի նկարիչ է լինում։ Կանչում է նրան թագավորն ու ասում․

― Ինձ համար մի նկար նկարիր։ Եթե հավանեմ, քաշովդ մեկ ոսկի կտամ։

― Իսկ ի՞նչ նկարեմ, ― հարցնում է նկարիչը։

― Ինչ ուզում ես, ― ասում է թագավորը, ― բացի գորշ բզեզից։

― Մնացած ամեն ինչ կարելի՞ է, ― ապշում է նկարիչը։

― Իհարկե։ Ամեն ինչ, բացի գործ բզեզից։

Նկարիչը գնում է տուն։

Մեկ տարի է անցնում։ Երկու տարի։ Երեք տարի։ Թագավորն անհանգստանում է։ Հրամայում է գտնել ու իր մոտ բերել նկարչին։

― Ի՞նչ եղավ խոստացածդ նկարը, ― հարցնում է։

Նկարիչը լուռ խոնարհում է գլուխը։

― Պատասխանիր, ― հրամայում է թագավորը։

― Չեմ կարողանում նկարել։

― Ինչո՞ւ։

Երկար լռությունից հետո նկարիչն ասում է․

― Մտածում եմ միայն գորշ բզեզի մասին»․․․

― Հասկացա՞ր, թե ինչու պատմեցի։

― Այո։

― Ի՞նչ հասկացար։

― Երեւի նրան լավ չէր ճանաչում։

― Ո՞ւմ։

― Բզեզին։

Հետո մեր դուստրը դպրոցական դարձավ։ Բավական լավ էր սովորում։ Թեեւ վառ ունակություններ չէր դրսեւորում։

Սկզբում տխրեցի։ Իսկ հետո հանգստացա։ Տաղանդավոր մարդկանց կյանքը դժբախտությունների անվերջ շարան է․․․

Կատյայի կյանքն ընթանում էր առանց շոշափելի դրամաների։ Դպրոցում նրան չէին նեղացնում։ Ես նրա տարիքում շատ ավելի ամոթխած էի։ Նա, այնուամենայնիվ, ե՛ւ մայր ուներ, ե՛ւ հայր։ Դեռ՝ տատիկ ու շուն էլ։

Ինձ դուստրս լավ էր վերաբերում։ Մի քիչ կարեկցանք, մի քիչ քամահրանք։ (Ես, ախր, էլեկտրականությունից ոչինչ չէի հասկանում։ Նաև՝ քիչ էի վաստակում...)։

Լենինգրադի բոլոր դպրոցականների պես նա բավական զարգացած էր։ Գիտեր իշխանությունների հանդեպ վերաբերմունքիս մասին։ Եթե հեռուստատեսությամբ Բրեժնևի ելույթն էին հաղորդում, Կատյան ուշադրությամբ նայում էր ինձ...

Ինձ ասում էր.

― Ինչո՞ւ չես հագնվում։

Երևի ֆիզիկապես տհաճ էի իրեն։ Գուցե այդպես էլ պետք է լինի։ Երեխաներին բնորոշ է նման հակակրանքը։ (Ծնողներին՝ երբեք)։ Բնավորությունը սկսեց վատանալ։ Նրան կակտուս նվիրեցի։ Այսպիսի բանաստեղծություն գրեցի.

Որքան է մեր դստրիկը

Հիշեցնում այս ծաղիկը.

«Սիրեմ թե չսիրեմ,

Միևնույն է կծակեմ»...

Յոթանասունութ թվականին արտագաղթեցինք։ Նախ մեկնեցին կինս ու դուստրս։ Դա ապահարզան էր։ Թեև պաշտոնապես բաժանվել էինք դեռ մի քանի տարի առաջ։ Բաժանվել, բայց շարունակում էինք տանջել միմյանց։ Ու վերջը չէր երևում։

Կատյան նրա հետ մեկնեց։ Ու դա բնական էր։ Իսկ ես մնացի մորս ու Գլաշայի հետ։

Ես չէի ուզում մեկնել։ Ավելի ճիշտ՝ գիտեի, որ դեռ վաղ է։ Հարկավոր էր նախապատրաստել ձեռագրերս։ Սպառել ինչ-որ հնարավորություններ։ Կամ գուցե՝ հասնել վերջին կետին։ Այն շեմին, որից այն կողմ խելագարությունն է։

Ու մնացի։ Մայրս հետս մնաց։ Դա նույնպես բնական էր։

Կնոջս ու դստերս մեկնելուց հետո իրադարձությունները արագացված զարգացում ունեցան։ Ինչպես շնչակտուր վերջին էջերը գրող սկսնակ հեղինակի վեպում։

Ինձ ամեն տեղից վռնդել էին։ Զրկել էին վաստակելու վերջին հնարավորություններից։ Ավելի ու ավելի շատ էի խմում։

Հետո՝ անհասկալի ծեծերը միլիցիայամ։ (Դրանք մետաֆիզիկապես կընկալեի, եթե երկու անգամ կրկնված չլինեին։) Մեկ շաբաթ Կալյաևյան բանտում։ Եվ վերջապես՝ ՕՎԻՌ, մաքսատուն, վիեննական նրբերշիկ...

Չորրորդ տարին է ապրում եմ Ամերիկայում։ Կրկին միասին ենք։ Թեեւ պաշտոնապես դեռ բաժանված ենք։

Դստերս հետ հարաբերությունները նույնն են։ Ինչպես եւ նախկինում, զուրկ եմ այն ամենից, ինչն ընդունակ է նրան նվաճել։

Ամերիկյան երգիչ հազիվ թե դառնամ։ Կամ կինոդերասան։ Կամ թմրավաճառ։ Հազիվ թե այնքան հարստանամ, որ կարողանամ ապահովել նրա անհոգ կյանքը։

Բացի դրանից, մեքենա առաջվա պես չեմ վարում։ Ռոք երաժշտությամբ չեմ հետաքրքրվում։ Իսկ ամենակարեւորը՝ անգլերեն վատ եմ խոսում։

Վերջերս Կատյան ասաց․․․ Ավելի ճիշտ՝ արտաբերեց․․․ Չեմ կարողանում ճշգրիտ ձեւակերպել․․․ Մի խոսքով լսեցի․

― Քեզ, ահա, սկսել են տպագրել։ Իսկ ի՞նչ է փոխվել։

― Ոչինչ, ասացի, ― ոչինչ․․․

ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ․ ՎԵՐՋԱԲԱՆ

Ձեր առջև ընտանիքիս պատմությունն է։ Հուսով եմ՝ նման է բազմաթիվ այլ ընտանիքների պատմություններին։ Մնացել է ավելացնել սոսկ մի քանի բառ։ 1981 թվականի դեկտեմբերի 23-ին Նյու Յորքում ծնվեց որդիս։ Նա ամերիկացի է, Միացյալ Նահանգների քաղաքացի։ Անունը, պատկերացրեք, միստեր Նիկոլաս Դոուլի է։

Ահա թե ինչի հասավ իմ ընտանիքն ու մեր հայրենիքը։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Մերոնք"

Ятук Музыка
Серенада
Лазарос Сарьян

Серенада

Старый Тбилиси
Старый Тбилиси
Играть онлайн