Сергей Довлатов

Կոմպրոմիսներ

Կոմպրոմիս երկրորդ

(«Սովետսկայա Էստոնիա»։ Հունիս։ 1974 թ․)

«ՔԱՄՈՒ ԱԽՈՅԱՆՆԵՐԸ (Տալլինի ձիարշավարանը 50 տարեկան է)։ Հանրահայտ ժոկեյները, հանդիսատեսի կուռքերը նախեւառաջ գիտակ անասնաբույծներ են, որ համառ հետեւողականությամբ կատարելագործում են նժույգի ցեղը, զարգացնում են իրենց «հովանավորյալների» ժառանգական հատկանիշները։ Նրանք նաեւ բարձր որակավորում ունեցող մարզիկներ են եւ ամեն շաբաթ հաշվետու են Տալլինի խստապահանջ հանդիսատեսին։ Հիսուն տարվա ընթացքում մարզիկները բազմաթիվ մրցանակներ ու դիպլոմներ են նվաճել, իսկ 1965 թվականին վարպետ֊ձիավար Անտոն Դուկալսկին Տալնիկ հովատակով նվաճել է համամիութենական մեծ մրցանակը։ Տալլինի ձիարշավարանի աստղերից առանձնանում են հմուտ վարպետներ Լ․ Յուրգենսը, Է․ Իլվեսը, Խ․ Հիմմիստեն։ Մեծ հույսեր է ներշնչում երիտասարդ մարզիկ Ա․ Իվանովը։

Ի նշանավորումն հոբելյանի՝ օգոստոսի 1֊ին ձիարշավարանում տեղի կունենա տոնակատարություն»։

Տալլինի ձիարշավարանը իրենից բավականին խղճուկ տեսարան է ներկայացնում։ Աղբածածկ մրցադաշտ, կիսաքանդ տրիբունաներ։ Ամենուր օգտագործված տոմսերի կտորտանք է։ Գրգռված, բարձրախոս ամբոխը հետուառաջ է շարժվում բարի ու բազրիքի միջեւ։

Ձիարշավարանը միակ տեղն է, ուր տարլցովի էժանագին պորտվեյն են վաճառում։ Դրամարկղը վաճառում է երկու տեսակի տոմսեր՝ էքսպրեսներ եւ զույգեր։ Էքսպրես տոմս պատվիրելիս հարկավոր է առաջատարներին գուշակել այն հերթականությամբ, որով նրանք հատում են վերջնագիծը։ Զույգերի դեպքում գուշակում եք եզրափակիչ դուրս եկած երկու ուժեղագույններին՝ ցանկացած հերթականությամբ։ Զույգ տոմսի շահույթը համապատասխանաբար ավելի փոքր է։ Ֆավորիտների համար էլ քիչ են տալիս։ Նրանց օգտին են խաղագումարներ դնում բոլոր նորեկները։ Նշանակալի գումար են բերում պատահաբար առաջ ընկած վատ ձիերը։ Ֆավորիտին գուշակելը դժվար չէ։ Դժվարը անսպասելին կանխատեսելն է՝ քոսոտ մի ձիու հաղթանակը կանխատեսելը։ Վարպետ ձիավարները մեծ փողերի դիմաց ետ են պահում ֆավորիտներին։ Հմտորեն ետ մնալը նույնպես արվեստ է։ Դա ավելի դժվար է, քան հաղթելը։ Առջեւում հայտնվում են միջակ ձիերը։ Շահումները երբեմն հասնում են հարյուր հիսուն ռուբլու։ Լավ ձիավարները, սակայն, հազիվ թե ձեզ հետ գործ բռնեն։ Նրանց հաճախորդները պատկառելի մարդիկ են։ Ավելի հեշտ է պայմանավորվել երրորդ կարգի ժոկեյներից մեկի հետ։ Նրան արգելված է խաղագումարներ դնել։ Նրանք խաղում են դրածո մարդկանց միջոցով։ Վերցնում են հաջորդ օրվա ծրագիրը եւ նշումներ են անում ձեզ համար՝ նշում են յուրաքանչյուր փուլում ուժեղագույն ձիերին։ Դուք, արդեն ցուցումների համաձայն, նրա համար էլ եք տոմսեր գնում։

Որոշել էի հոբելյանական նյութ գրել ձիարշավարանի մասին։ Զրուցեցի տնօրեն Ա․ Մելդերի հետ։ Նա կանչեց Տոլյա Իվանովին։

Խնդրեմ, ասաց, երիտասարդ տաղանդ է։

Իվանովի հետ իջանք բուֆետ։ Ես ասացի․

Ավելորդ փող կա մոտս՝ մի ութսուն ռուբլի։ Ի՞նչ խորհուրդ կտաք։

Ի՞նչ առումով։

Մրցավազքը նկատի ունեմ։

Իվանովը վախեցած նայեց ինձ։

Մի վախեցիր, ասացի, սադրիչ չեմ, թեեւ լրագրող եմ։

Ես չեմ վախենում։

Վերջը «բացվեց»․

Դուկելը (այսինքն՝ Դուկալսկին) խաղում է եկվոր լատիշների միջոցով։ Շատ լուրջ խաղ է։ Տանում են մրցափուլն ամբողջությամբ, մինչեւ վերջին կոպեկը։ Բայց դա արդեն վերջում, երբ խաղագումարները բարձր են։ Իսկ առաջին երեք մրցափուլերում կարելի է շահել։

Գրպանիցս հանեցի հաջորդ օրվա ծրագիրը։ Տոլյան վերցրեց մատիտը…

Երրորդ մրցափուլից հետո ես ստացա վաթսուն ռուբլի։ Հետագայում պարբերաբար շահում էինք երեսունից ութսուն ռուբլի։ Ցավոք ձիարշավարանը շաբաթական միայն մեկ օր էր խաղագումարներ ընդունում։

Ամռանը Տոլյան կոտրեց ոտքն ու զույգ անրակոսկրերը։ Հարբած դուրս էր ընկել տաքսուց։

Ձիարշավարանը նրա համար վերջացավ։ Արդեն մի քանի տարի է «քամու ախոյանը» բարապան է Մյուդիում։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Կոմպրոմիսներ"

Ятук Музыка
Aл Айлуг
Комитас

Aл Айлуг

Водопад 1943
Водопад 1943
Играть онлайн