Раффи
Ոսկի աքաղաղ
9
Նունեն դեռ չէր հեռացել իր հայրենական տնից, այժմ նա գյուղից բերել էր տվել իր երկու զավակներին բերել էր տվել իր երկու զավակներին, փոքրիկ Նարգիզին և Ռոստոմին: Այդ փոքրիկների թվում ավելացել էին երկու ուրիշ երեխաներ ևս՝ Մարգարիտը և Ավետիսը, որոնք Միքայելի հորեղբոր՝ Ավետ ապոր զավակներն էին: Նրանց հայրը վաղուց մեռած էր, իսկ մայրը գյուղացի կնիկների սովորության համեմատ ուրիշ մարդու էր գնացել: Միքայելը վեր էր առել իր մոտ որբերին պահելու և խնամելու համար, որպես նրանց հայրը իրեն պահել և մեծացրել էր, երբ ինքը ծնողներից որբ մնաց:
Տասն տարի կլիներ, որ Մասիսյանի տունը երեխա չէր տեսել, այժմ կրկին կենդանացավ նա անմեղ մանուկների ուրախ ճլվլոցով: Տունը առանց երեխաների ամայի անապատի նման է, որ զուրկ է լինում նոր աճող և թարմ բույսերից:
Մի անձն միայն պակաս էր, որ կլրացներ ընտանեկան երջանկությունը, և դա էր Ստեփանը: Վերջին նամակներից երևում էր, որ նա տակավին չէ կարող գալ, այլ երկար կմնա արտասահմանում: Հանգուցյալ աղայի ավերված գործերը համարյա կարգի էին դրված, որքան հնարավոր էր և որքան կարելի էր։ Միքայելը բոլորովին թողեց այն բոլորը, ինչ որ արդեն գողացվել էր, ինչ որ հափշտակվել էր...«Գերեզմանից մեռելը ետ չես բերի», ասում էր նա և միանգամայն ապարդյուն էր համարում կորածի ետևից ման գալը։ Նա մտածում էր, թե վաճառականության մեջ ինքը ավելի կարող էր վաստակել, քան թե այն գումարը, որ սուդերում կյանք մաշելով և ժամանակ կորցնելով կարելի էր ետ խլել հափշտակողներից։ Միայն նա աշխատեց ազատել կեղծ պարտատերերի ձեռքից Մասիսյանների տունը, այգին և մի քանի անշարժ կալվածքներ, մասամբ ապացուցանելով պարտատերերի ձեռքում գտնված թղթերի անվավերականությունը, և մասամբ վճարելով նրանց պահանջը։ Միքայելի մոտ հանգուցյալի կայքից առաջուց մնացել էր մի գումար Մոսկվայի առևտրական հաշիվներից, և այդ գումարով նա թափեց նրանց անշարժ կալվածքները։ Այժմ անբախտացած ընտանիքի ապրուստը ապահոված էր չափավոր եկամուտով, որով կարող էր նա վարել բավական հանգիստ և համեստ կյանք։
Մինչև այն օրը Միքայելը իրան մոռացել էր, նա իրան չէր տեսնում, որպես մի մարդ, որ հափշտակված մի ընդհանուր գաղափարով, գործում է միայն հասարակական ջահերի համար, առանց մտածելու իր անձի վրա ևս, թե ինքն էլ մի փոքրիկ աշխարհ է, թե ինքն էլ իր առանձին պետքերը ու կարիքները ունի։ Նա իր վիճակը այն աստիճան կապված էր տեսնում Մասիսյանների ընտանիքի ճակատագրի հետ, որ շատ բնական էր համարում իր անձնազոհությունը։ «Ես պետք է բաժանորդ լինեմ այս ընտանիքի անբախտությանը, մտածում էր նա, մինչև ինձ կհաջողվի բոլորովին վերականգնել նրա բախտավորությունը»։ Այդ բոլորի մեջ նրան առաջնորդում էր պարտականության մի սուրբ զգացմունք, թե ինքը այն տան տղան է եղել, նրա օդը շնչել է, նրա հոգով սնվել է, թեև այն մի կտոր հացը տվել էին նրան դառն տանջանքների գնով... Բայց ո՞վ էր տանջողը. մի մարդ, որ այժմ չկար... բացի նրանից, բոլոր մյուսները միշտ խնամել և միշտ սիրել են նրան, իսկ նույն սերը այժմ վառվեցավ ավելի ջերմությամբ և մոռանալ տվեց սև անցյալը...
Բայց կար և մի ուրիշ բան, որ Միքայելին կապում էր այն ընտանիքի հետ. նա վերջին ժամանակներում ավելի և ավելի սաստիկ կերպով զգում էր, թե սիրում է Հռիփսիմեին, թե առանց նրան ապրել չէ կարող, և թե նա կբախտավորացնե իրան։ Եվ միևնույն սերը նկատում էր նա մանուկ օրիորդի կողմից: Բայց մինչև այն որ նրանց մեջ ոչ մի բերանացի խոստովանություն չէր եղել, թե սիրում են միմյանց, միայն եղել էին խոսակցության մեջ մթին ակնարկություններ, լուռ և իմաստալից ժպիտներ, աչքերի թափանցող հայացքներ, հոնքերի խորհրդավոր շարժումներ, որոնցով Հայաստանի աղջիկը ավելի որոշ կերպով կարողանում է հայտնել իր սրտի կրքերը, քան թե լեզվով։ Միքայելը որքան էլ կրթված լիներ, դարձյալ նրա մեջ մնացել էր շատ բան, որ թույլ չէին տալիս նրան շեղվել ընդունված նախապաշարմունքներից և տեղական սովորություններին հակառակ ընթացք բռնել։ Իսկ Հռիփսիմեն բոլորովին համոզված էր, թե իր ձեռքի և սրտի մասին պետք էր խոսել իր մոր հետ։
Մի առավոտ նրա մոտ ներս մտավ Հռիփսիմեն, դրսի ցրտի ազդեցությունից նրա թշերը կարմիր վարդի քնքուշ գույն էին ստացել:
Դու ասում էիր, որ շապիկներիցդ մի քանիսի կոճակներր կտրված են. եկա, որ տանեմ, կարեմ, խոսեց նա, կանգնելով սենյակի դռան մոտ։
Ա՜խ, որքան անքաղաքավարի ես դու, Հռիփսիմե, ասաց Միքայելը մոտենալով նրան, առավոտյան, երբ մարդի մոտ են մտնում, առաջ բարևում են, հետո մոտենում են, ձեռք են բռնում, հետո քեֆն են հարցնում, հետո մի քանի լավ֊լավ խոսքեր են ասում, ժպտում են, ծիծաղում են, վերջը հայտնում են, թե ինչու համար են եկել։
Ես դրանք չեմ իմանում, ես եկա շապիկները տանելու, պատասխանեց օրիորդը, ավելի կարմրելով։
Հանաք եմ անում, Հռիփսիմե, այսպես ավելի լավ է, ավելի պարզ և համեստ է. ես սիրում եմ պարզությունը, խոսեց Միքայելը, բռնելով նրա երկու ձեռքից։ Բայց ո՛րքան հոգատար ես դու, Հռիփսիմե. ես գիշերը ասեցի, թե շապիկներիս կոճակները կտրված են, կարծում էի կմոռանաս մինչև առավոտ։
Ես մոռացկոտ չեմ...
Միքայելը դուրս բերելով շապիկներր և տալով օրիորդին, ասաց.
Ես կուզեի, որ նստեիր այստեղ, իմ սենյակումը կարեիր։
Ինչո՞ւ, կարծում ես, որ կսխալվեի՞ կարի մեջ և կոճակները իրանց տեղումը չէի՞ն լինի, և դո՞ւ պիտի ցույց տաս ինձ, թե որպես պետք է կարել։ Չէ, ես գիտեմ, որ դու շնորհալի աղջիկ ես, միայն ցանկանում եմ, որ այստեղ, իմ աչքերի առջև նստած, այնպես կարես։
Օրիորդը առեց կարը և չուռ նստեց լուսամուտի մոտ։
Բայց կխնդրեմ, որ չխանգարես ինձ, ասաց նա, սկսելով իր գործը։
Չեմ խանգարի, միայն կպատմեմ զանազան բաներ, որպեսզի չձանձրանաս։
Երևի դարձյա՞լ քո ճանապարհորդություններից։
Այդ հաճելի չէ՞ քեզ։
Հաճելի է, բայց...
Բայց ի՞նչ։
Այնքան չէ գրավում։
Միքայելը մտածության մեջ ընկավ։
Ապա ի՞նչ կուզես, հարցրեց նա, ուզում ես, որ հեքիա՞թ ասեմ։
Հեքիաթը պառավ կնիկներն են ասում։
Կպատմեմ, թե ինչպես Եվրոպայում աղջիկները մարդի են գնում։ Կամենո՞ւմ ես։
Պատմի՛ր։
Այնտեղ աղջիկները այստեղացոց նման ամաչկոտ չեն, որ տղամարդերից փախչեն, և օրին սիրում են, իրանց սիրտը նրա առջև չբաց անեն։ Այնտեղ աղջիկը ազատ է. սիրած տղի հետ խոսում է, ման է գալիս, պարում է և զանազան զվարճության տեղեր է գնում։
Հետո նրանց մայրերը ի՜նչ են ասում, չե՞ն արգելում, ընդհատեց օրիորդը Միքայելի պատմությունը։
Չեն արգելում, որովհետև գիտեն, որ իրանց աղջիկները այնքան լավ կրթված են, որ մի վատ բան չեն անի, և թող են տալիս, որ աղջիկները իրանք տղին ճանաչեն, նրա բնավորությունը ուսումնասիրեն, նրա սովորությունները, խելքը, բարքը, վարքը, գիտությունը, պարապմունքը, մի խոսքով՝ նրան վերաբերյալ ամեն բան գիտենան, որ չսխալվեն իրանց ընտրության մեջ, արդյո՞ք նա կարող է լինել արժանավոր ամուսին, թե ո՜չ։ Եվ երբ ամեն ինչ իրանց պահանջին համապատասխան են գտնում, այն ժամանակ միայն հայտնում են իրանց սերը, որովհետև ամուսնությունը խիստ ծանր լուծ է, երբ կինը խաբվում է, հետո շատ և շատ անբախտ է լինում...
Երևի միևնույն քննությունը անում են տղամարդիկ աղջիկների վերաբերությամբ, հարցրեց Հռիփսիմեն խորհրդավոր կերպով:
Իհարկե անում են։
Այդ լավ է...
Ես իմ պատմությունը վերջացրի, Հռիփսիմե, հիմա դու պատմի՛ր, այստեղ աղջիկները ի՜նչպես են փեսա ընտրում:
Դու խո իմանում ես...
Մոռացել եմ, լավ չեմ իմանում։
Մանկահասակ օրիորդը սաստիկ ներքին դժվարությամր պատասխանեց.
Այստեղ աղջկան տղի մոտ չեն թողնում. եթե պատահում է, որ նա մեկին սիրում է, պետք է իր սերը թաքցնի իր սրտում, ոչ ոքի հայտնելու իրավունք չունի... և մինչև անգամ նույն տղին, որին սիրում է...
Ինչպես դու... ասաց Միքայելը, առնելով օրիորդի դողդոջուն ձեռները իր ափերի մեջ։
Նա ոչինչ չպատասխանեց, և նրա գեղեցիկ աչքերում երևացին արտասուքի խոշոր կաթիլները։
Տա՛ր, ինձ էլ տա՛ր այն երկիրը, ուր աղջիկները ազատ են... ասաց նա, զսպելով իր խորին վրդովմունքը։
Կտանեմ, Հռիփսիմե, երբ դու իմ կինը կլինես, պատասխանեց Միքայելը ոչ սակավ այլայլությամբ։ Ասա՛, համաձա՞յն ես։
Այո... պատասխանեց օրիորդը խուլ ձայնով։
Միքայելը կամեցավ գրկել նրան, բայց նա թողեց չվերջացրած կարը և շտապով դուրս վազեց նրա սենյակից:
Միքայելը կանգնած մնաց, որպես սառած և քար կտրած։
Սարսափելի՛ աղջիկ, ձայն արձակեց նա երկար ապշությունից հետո, ամեն մի դեպքում երևում է նախապաշարմունք... մի գրկախառնություն, մի համբույր, մի գգվանք անգամ նա մեղք է համարում, քանի որ տերտերը դեռ չէր կարդացել նրա գլխին պսակի ծիսական խոսքերը։
Նույն ավուր երեկոյան պահուն, երբ դեռ նոր մայր էր մտել արեգակը, երբ սկսել էր դրսում ցուրտը սաստկանալ, Միքայելը փակված իր սենյակում և տխուր, մտահույզ կերպով, մեկ-մեկ բերանն էր դնում ընչացքի նորաբույս մազերը և ատամներով կտրատում էր նրանց ծայրերը, կարծես նրանք արգելում էին նրան խոսել և իր սրտի ցավը արտահայտել։ Իսկ սենյակի մյուս կողմում Նունեն ուղղում էր վառարանի մեջ դրած փայտերը, որ վատ էին վառվում և թացությունից ծխրտում էին և սուլելով արձակում էին մի տեսակ մելամաղձական ձայն։
Կրակը հառաչում է... խոսեց Նունեն սնահավատությամբ, դա վատ նշան է...
Ինչո՞ւ, հարցրեց Միքայելը, կարծես զարթնելով իր մտահուզությունից։
Չեմ իմանում, այսպես ասում են, երբ կրակը տխուր ձայն է արձակում. ասում են՝ լաց է լինում պատասխանեց մանկահասակ կինը, չհեռանալով վառարանի մոտից։
Ամեն մի թարմ նյութ, որի մեջ մնացել էին կյանքի նշույլները, այսպես տխուր ձայն է հանում, երբ մոտեցնում ես կրակին... նկատեց Միքայելը։
Ինչպես քո սիրտը... ասաց Նունեն խորհրդական ժպիտով։
Եվ ինչպես քո քրոջ՝ Հռիփսիմեի սիրտը... կրկնեց Միքայելը։
Հանաքը մի կողմը կենա, ինչո՞ւ կռվեցաք մորս հետ, հարցրեց Նունեն, մոտենալով և նստելով Միքայելի մոտ։
Չկռվեցանք, բայց բավական տաք կերպով վիճեցինք։ Մի՞թե մայրդ ինձանից վիրավորվել է։
Չի վիրավորվել... բայց սիրտը մի փոքր կոտրված է երևում...
Դու ինքդ դատի՛ր, Նունե, մի՞թե կարելի է այս աստիճան նախապաշարված լինել։ Մեր վիճաբանությունը այստեղից սկսվեց, ես հայտնեցի իմ սերը, համբուրեցի մորդ աջը և խնդրեցի Հռիփսիմեի ձեռքը։ Նա ուրախացավ, շատ ուրախացավ, համբուրեց իմ ճակատը և օրհնեց մեզ։ Հետո, երբ խոսք եղավ պսակի մասին, նա ասաց, թե ես պետք է մի քանի ամիս ևս սպասեմ, մինչև աղայի մահվան օրից մի տարի անց կենա, որովհետև մարդիկ կբամբասեն մեզ, եթե, սգավոր տարին չլրացած, մենք հարսանիք կանեինք։ Դրա վրա մենք վիճեցինք։
Ինչո՞ւ ես շտապում։
Դու էլ քո մոր խելքին ես, Նունե, դու չես իմ անում իմ նպատակները. ես պետք է կրկին վերադառնամ Մոսկվա. եթե մի քանի ամիս ես այստեղ ուշանամ, ես անպատճառ կկորցնեմ իմ կլիենտները, որոնց համար զանազան վաճառականական գործեր էի կատարում, և ես կզրկվեմ իմ շահերից, իմանում ե՞ս։ Բացի դրանից, ես Հռիփսիմեին պետք է ինձ հետ վեր առնեմ. նրան պետք է աշխարհ մտցնել, որ մի փոքր կրթվի, բան սովորի։ Նա շատ լավ աղջիկ է, շատ խելք ունի, բայց դեռ շատ բան պակասում է նրան օրինավոր կին լինելու համար։
Այս բոլորը չհայտնեցի՞ր մորս։
Ի՞նչպես չհայտնեցի, նա էլի իր ասածն է ասում՝ «աղջիկս եթե ինձանից հեռացնես, ես ցավից կմեռնեմ», և ուրիշ այսպիսի խոսքեր։ Ես չեմ հասկանում, մի՞թե լավ կլինի, որ պսակվեմ, թողնեմ ու գնամ տարիներով մնամ օտարության մեջ, որպես անում են այդ մեր հայ վաճառականները։ Ես կցանկանայի գիտենալ, թե Հռիփսիմեն ի՞նչ է մտածում, առավոտից նրան չեմ տեսել։
Նա այսօր սպանվածի պես է, այս և այն անկյունն է մտնում և լուռ լաց է լինում։
Խե՜ղճ աղջիկ։
Միքայելի խոսքերը, կարծես, բաց արեցին Նունեի հին վերքերը, և նա բավական զգալի ձայնով պատասխանեց.
Այսպես, սիրելի Միքայել, ծնողների նախապաշարմունքը շատ անգամ պատճառ է դառնում զավակների անբախտությանը: Մեր գերդաստանի վրա, կարծես մի անեծք կա, որ նրա որդիները երբեք բախտավոր լինել կարող չեն։ Մեծ քույրս ինքն իրան խեղդեց... ա՜խ, որքան բարի, որքան սիրուն աղջիկ էր նա. նրա մահվան մեջ մի այնպիսի գաղտնիք կա, որ անկարելի է առանց սարսափելու լսել... Իսկ իմ պատմությունը քեզ հայտնի է. ես ինչո՞վ եմ մեղավոր, որ այժմ աշխարհը ինձ դատապարտում է որպես վատ կին։ Իմ մայրը իսկապես լավ կին է. բայց ի՞նչ անես, նա անում է այն, ինչ որ տեսել, ինչ որ սովորել է...
Խեղճ կինը իր սրտի հետ դուրս էր թափում դառն վշտերը. նա իր կյանքում այնքան տանջվել էր սև նախապաշարմունքներից, որ նրա բոլոր ճնշող զորությունը իր անձի վրա էր փորձել: Երբ ամեն ինչ ասաց, նա դարձավ դեպի Միքայելը այս խոսքերով.
Դու անհոգ կաց, սիրելի Միքայել, ես կգնամ մորս մոտ և ամեն ինչ կվերջացնեմ, որպես դու ցանկանում ես։ Մենք, բոլոր քույրերս անբախտ եղանք, գոնե թող Հռիփսիմեն բախտավորվի...
Մի շաբաթից հետո Ե... քաղաքի եկեղեցիներից մեկի մեջ կատարվում էր պսակի խորհուրդ։ Հռիփսիմեն և Միքայելը ուրախ դեմքերով կանգնած էին սեղանի առջև։ Մարդերի շատ փոքր բազմություն ներկա էր հանդիսին։ Պսակը վերջացավ, և հանդիսականները մեկ֊մեկ մոտեցան ու շնորհավորեցին հարսին և փեսային։ Հետո փոքրիկ բազմությունը, ժամի դռանը սպասող կառքերի մեջ նստած, դիմեցին դեպի Մասիսյանների տունը։
Նույն գիշեր Միքայելը ստացավ Ստեփանից մի այսպիսի հեռագիր. «Շնորհավորում եմ քո բախտավորությունը. իմ հոր քանդված տունը քեզանով կրկին կյանք ստացավ. այսուհետև դու կլինես այդ ընտանիքի իսկական «ոսկի աքաղաղը»...