Раффи
Ղարիբ մշեցին
Է, Ը
Է
Յուր հյուրերին ճանապարհ դնելուց հետո, երբ բակի դռները կրկին փակվեցան, Ելենան նկատեց հրեային, որ փորը բռնած, երբեմն կուչ էր գալիս, կծիկ էր դառնում, երբեմն ձգվում էր և միևնույն ժամանակ լրբաբար ծիծաղում:
Սո՜ւս, նզովյալ, ի՞նչ ես այդպես հռհռում, սաստեց նրան տիկինը, կորի՛ր քո տեղը։
Ի՜նչ անեմ, հարգելի տիկին, չեմ կարողանում ծիծաղս պահել, աստված վկա, չեմ կարողանում... պատասխանեց նա, ձեռքերը չհեռացնելով յուր կլորիկ, դուրս ընկած փորից։
Սո՜ւս, ասում են քեզ, կրկնեց տիկինը բարկացած ձայնով, ծիծաղելու ժամանա՞կ ես գտել:
Հրեան մրթմրթալով մոտեցավ, անհետացավ դռան հետևում։
Առանց հարցնելու, ոչ ոքի համար դուռը չես բաց անի, հասկացա՞ր, պատվիրեց տիկինը։
Հասկացա, հարգելի տիկին... ինչպես չհասկացա, ասաց նա յուր սովորական խորամանկ ձայնով։
Ելենան լուռ անցավ բակի միջով, մոտեցավ ներքնատան նկուղի լուսամուտին, որտեղից մի ժամ առաջ նշմարվում էր լուսեղեն բարակ շերտը, և երեք անգամ բախեց լուսամուտը։ Հետո մտավ սենյակը, հոգնած վաստակած մարդու նման, պառկեց այն թախտի վրա, որտեղ մի քանի րոպե առաջ պառկած էր Զահրան։ Եվ իրավ, նա հոգնած էր։ Ոչինչ այնքան չէ հոգնեցնում, որպես մտավոր և հոգեկան սաստիկ լարված դրությունը։ Այս գիշեր այդ դրության մեջ էր Ելենան՝ յուր հյուրերի ներկայության ամբողջ ժամանակը։ Բայց նա հանգստանալ չկարողացավ. նա սկսեց ինքն իրան հաշիվ տալ այն բոլորի մասին, ինչ որ կատարել էր, և մտածել այն բոլորի մասին, ինչ որ նրան նորից ներկայանում էր կատարելու...
Ելենան ազգով հույն մի այրի էր։ Յուր ամուսնուց ունեցած զավակները բոլորը մեռան, և այնուհետև կրկին չամուսնացավ նա, թեև ամուսնանալու համար դեռ բավական թարմություն ուներ։ Պարապում էր նա մի տեսակ վաճառականությամբ, որ ավելի կանանց հատուկ է։ Նա տնային «թելլալ» (միջնորդ) էր։ Տաճիկների թե՛ բարձր դասի և թե միջին դասի կանանոցների դռները բաց էին նրա առջև։ Ամեն օր յուր մթերքների ծանր արկղը դնում էր նա իրանից անբաժան հրեայի շալակը և սկսում էր տները պտտել։ Ցերեկը հրեան նրա համար բեռնակրություն կաներ, իսկ գիշերը դռնապանություն։ Այդ արկղի մեջ կային կանանց համար զանազան պաճուճանքներ, թանկագին շալեր և արծաթյա կամ ոսկեղեն զարդարանքներ։ Այդ մահմեդական քաղաքում վաճառական կինը միայն կարող էր մուտք գործել կանանոցներում, այդ պատճառով Ելենայի առևտուրը բավական հաջող էր գնում։ Նա ոչ միայն վաճառում էր յուր մթերքները, այլ պատահած ժամանակ գնում էր տաճիկ կանանցից, երբ նրանք մի ավելորդ բան ունեին վաճառելու։ Շատ անգամ յուր ունեցած նորը փոխում էր հնի հետ և վրադիր փող էր ստանում։
Նրա առևտրական ձեռնարկությունների հետ կապված էին և այլ գործողություններ։ Պատահում էր, որ այս կամ այն աստիճանավորի կինը փողի կարոտություն ուներ, նա յուր պատվին անվայել էր համարում անձամբ այս կամ այն վաշխառվին դիմելու։ Ելենան այդ տեսակ կարոտյալների համար մի պատրաստի դրամարկղ էր։ Նա վեր էր առնում թանկագին գրավականներ և նրանց պարտք էր տալիս ծանր տոկոսներով։ Եվ եթե ինքը պատրաստի փող չէր ունենում, նույն իրեղենները գրավ էր դնում մի սեղանավորի մոտ և փող էր գտնում։
Այդ առիթներով մուտք գործելով կանանոցների խորշերում և ծանոթանալով այնտեղ փակված արարածների հետ, սակավ չէր պատահում, որ Ելենան կամ վկա և կամ միջնորդ էր դառնում հարեմական զանազան բանսարկությունների (ինտրիգ)։ Դրսից անմատչելի կանանոցներում ամեն տեսակ ապսպարանքներ տանելու համար, և ներսից դեպի դուրս ամեն տեսակ հանձնարարություններ կատարելու համար, Ելենան մի ամենահարմար միջնորդ էր։ Այդ պատճառով սակավ չէր պատահում, որ նա դեր էր խաղում զանազան սիրահարական հարաբերությունների մեջ, և յուր դերը կատարում էր բավական ընդունակ կերպով։
Այժմ կարծեմ հասկանալի է, թե ի՛նչ առիթով ծանոթացավ նա բեյի և Զահրայի հետ։
Ելենայի բախման ձայնը դուրս կոչեց ներքնատան նկուղից մի տղամարդ մի կնոջ հետ։ Վերջինը գրկում ուներ երկու երեխա, որոնք կարծես երկվորյակներ լինեին։ Երբ նրանք մտան սենյակ, Ելենան չշարժվեցավ յուր տեղից։ Երկուսն էլ մտերմաբար բոլորեցին նրա թախտի շուրջը, ասելով միաձայն.
Բավական երկար տևեցին ձեր հյուրերի զրույցները...
Բեյը սիրում է խոսել, պատասխանեց Ելենան թեթև ժպիտով, իսկ Զահրան ստիպված էր խոսել, որովհետև սիրտը լցված էր...
Մանկահասակ կինը, որին կոչում էին Ալպինիա, թուխ դեմքով, թուխ աչքերով, նիհար ծնոտով, սև, գանգուր մազերով, որ ծածկում էին նրա փոքրիկ ճակատը, և մուգ-կարմիր շրթունքներով մի գեղեցկուհի էր, որի նմանները կարելի է տեսնել բոշաների տաղավարներում միայն։ Ամեն անգամ երբ կրակոտ աչքերը բացուխուփ էր անում, երկար թերթերունքները մթին ալիքներով ծփում էին և ամբողջ դեմքը խաղում էր, որպես հավերժական կենդանություն։ Այդ մշտածիծաղ խաղն արտահայտում էր մի ուրախ, աշխույժ բնավորություն, որ այնպիսի տպավորություն էր գործում, որ ոչ միայն ազատ էր նա կյանքի հոգսերից, այլ ոչինչ բան նրան հոգս պատճառել չէր կարող։
Տղամարդը, որին նա յուր ամուսին էր կոչում, և որի հետ ամուսնացած չէր, ընդհակառակն, ներկայացնում էր յուր հարազվարթ կնոջ մռայլ հակապատկերը։ Յուր մելամաղձոտ, մուգ-դեղնադույն դեմքով արտահայտում էր նա մի մթին բնավորություն։ Նա չէր խոսում, այլ խուլ կերպով մռնչում էր։ Նրա միտքը կարելի է հասկանալ ձայնի դղրդյունից, ինչպես խոսում են գազանները։ Աչքերի մեջ վառվում էր վայրենի կրակ։
Այդ երկու ամուսինները, այլ խոսքով, սիրողը և սիրուհին, Ելենայի անբաժան դրացիներն էին։ Ուր և տուն վարձեր նա, ուր և տեղափոխեր նա յուր բնակարանը, ներքնատան նկուղների մեջ նրանց համար միշտ պատրաստի տեղ կար։ Նրանք այդ մթին խորշերում ապրում էին բուերի նման. ցերեկով թաքնվում էին, իսկ գիշերը դուրս էին գալիս...
Ալպինիան նստած էր նույն բազկաթոռի վրա, ուր մի քանի րոպե առաջ նստած էր Ելենան։ Նրա երկու ծնկների վրա հանգչում էին երկու երեխաները, որպես երկու անմեղ հրեշտակներ։ Դրանցից մեկը յուր հարազատն էր, իսկ մյուսը նույն երեխան էր, որի պահպանության համար այնքան արտասունքներ թափվեցան, այնքան խոստմունքներ եղան...
Այն վայրկյանում, երբ Ելենան խոսում էր տառապյալ մոր հետ, թե ո՛րպիսի հոգածությամբ ճանապարհ դրեց երեխային դեպի Բուրգաս կղզին, նույն վայրկյանում երեխան գտնվում էր ներքնատան նկուղի մեջ...
Մեր բաժի՜նը ավարից... ասաց տղամարդը խռպոտ ձայնով։
Ելենան բաց արավ քսակը, որ ստացել էր բեյից, և մի բուռն ոսկի, առանց համբարելու, տվեց նրան։
Այսքա՞նը միայն, հարցրեց նա կոպիտ կերպով։
Քեզ համար միևնույն է, սիրելի Էլիաս, թե շատ լինի, թե սակավ, պատասխանեց նրան Ելենան մեղմ ձայնով, որի մեջ հնչվում էր խորին հանդիմանություն. որքան էլ և լինի, էգուց կամ մի գինետնում կվատնես, կամ կխաղաս և տանուլ կտաս։
Վատնելու և տանուլ տալու համար ևս, հարգելի տիկին, որքան շատ լինի, այնքան ավելի ախորժելի է, ասաց նա, ոսկիները յուր քսակի մեջ ածելով։ Դու գիտես, որ ես ամեն բանի մեջ սիրում եմ ծայրահեղություն...
Ես այդ զվարճությունից չեմ զրկի քեզ, սիրելի Էլիաս, ասաց Ելենան թեթև ժպիտով։ Դու ևս այն գիտես, որ եթե քեզ ավելի փող հարկավոր լինի, ես չեմ խնայի։
Էլիասը լռեց և սկսեց լցնել յուր ծխաքարշը, որի «ծովափրփուրից» շինված գլուխը ներկայացնում էր մի հրեշ, ահագին քթով և դուրս ընկած այտերով։
Իսկ ի՞նձ... խոսեց Ալպինիան և՛ ծիծաղելով, և՛ ամաչելով։
Ելենան դրեց նրա առջև երկու պարսկական թանկագին շալեր, ասելով.
Ո՞րը կամենում ես, ընտրի՛ր, սիրելի Ալպինիա։
Գեղեցիկ շալերը, որ ամեն կնոջ կարող էին խելքից հանել, ընդհակառակն, Ալպինիայի մեջ զարթեցրին խիստ տխուր զգացմունքներ։ Նա մի առանձին թախծությամբ նայում էր նրանց վրա և կարծես վախենում էր ձեռքը մեկնել, որ մատները չայրվեին։
Խե՜ղճ մայր, ասաց նա զգացված ձայնով. այդ շալերով պատվիրեց նա փաթաթել յուր մանուկին, որ ճանապարհին չմրսի... Իսկ ա՞յժմ...
Այժմ դու պետք է այդ շալերից մեկը վեր առնես և զարդարես քո սիրուն թիկունքը, ընդմիջեց Էլիասը, բաց թողնելով բերանից ծխային թանձր մառախուղը, որ ծածկեց նրա վայրենի դեմքը:
Ալպինիան այն աստիճան այլայլված էր, որ չլսեց ամուսնու ասածը և շարունակեց, որպես թե ինքն իրան խոսելով.
Հիմա էլ իմ աչքի առջևն է խեղճ կնոջ մաշված, գունաթափված դեմքը... Երբ հանձնեց նա ինձ յուր մանուկին, այդ յուր հոգին էր, որ բաժանեց իրանից և դրեց իմ գիրկը... Ո՜րքան աղաչում էր նա, ո՜րքան արտասուք էր թափում, որ լավ պահպանեմ յուր երեխային... Ես խոստացա... ևս շատ բաներ խոստացա... և նրա մանուկն առնելով դուրս եկա... փոխանակ դեպի փողոցում սպասող երևակայական կառքը դիմելու, որ պիտի տաներ մեզ դեպի Բուրգաս կղզին, ես թաքնվեցա ներքնատան նկուղի մեջ... և նրա մանուկը թաքցրի այնտեղ...
Թե Էլիասին և թե Ելենային այնպես էր թվում, որ նա զառանցության մեջ է խոսում։ Երկուսն էլ զարմացած նայում էին նրա վրա:
Ալպինիա՜, ձայն տվեց ամուսինը, կամենալով զգաստացնել նրան յուր ցնորքներից. այդ ի՞նչ ես դուրս տալիս...
Ալպինիա՜, ասաց Ելենան դողալով, ի՞նչ պատահեց քեզ հետ։
Ոչինչ...- պատասխանեց նա արտասվալի ձայնով։ Ես այդ զարդարանքներից հրաժարվում եմ, ինձ պետք չեն...
Նա ձեռքով մի կողմ հրեց շալերը։
Ալպինիայի հետ շատ էին պատահում տարօրինակ փոփոխություններ. հանկարծ՝ արտասուքից դեպի ծիծաղ, ծիծաղից դեպի արտասուք, կամ ուրախ, անհոգ խոսակցությունից հետո ընկղմվիլ խորին, մելամաղձական թախծության մեջ։ Բայց նրա այժմյան վարմունքը ոչ միայն տարօրինակ երևաց Էլիասին, այլ սաստիկ վիրավորեց նրան։ Արհամարհանքով մի կողմ հրելով շալերը, նա այդ շալերը, կարծես, յուր ամուսնու գլխին խփեց։
Ալպինիա՛, գոչեց նա կատաղի ձայնով, ասում են քեզ՝ վեր ա՛ռ, ինչ որ տալիս են...
Ամուսնու սպառնալիքը, որ սովորաբար ծեծով էր վերջանում, այս անգամ չվախեցրեց Ալպինիային։ Նա ձեռքը մեկնեց դեպի շալերից մեկը, ասելով.
Ես այդ կվերառնեմ, բայց ոչ թե ինձ համար, այլ դարձյալ այս երեխայի համար։
Նրա պատասխանն ավելի վիրավորեց Էլիասին։
Այդ երեխային դու չի պիտի պահես...
Կպահեմ։
Իսկ քո լակոտին ի՞նչ կանես։
Նրան էլ կպահեմ։ Իմ կրծքի մեջ երկուսի համար ևս սնունդ կա։
Կամ սա՛... կամ նա՛...
Ոչ, և՛ սա, և՛ նա...
Ալպինիա՜... դարձյալ գոռաց գազանը։
Ալպինիան ավելի համառեցավ։
Այդ քո գործը չէ, ասաց նա արտասուքը սրբելով, մայրերը միայն գիտեն, թե ի՞նչ է երեխան... ես եղել եմ նույնպիսի դժբախտ մայր, որպես այն խեղճ օրիորդը... ես գիտեմ ինչ է մոր սիրտը... Գազաններն անգամ սիրում են իրենց կորյուններին... Իսկ ե՛ս, որքան էլ փչացած կին լինեմ, գազանից վատ չեմ... արտասուքը խեղդեց նրան, թույլ չտվեց, որ շարունակե:
Դու սկսում ես դարձյալ քո հին երգերը երգել... Կամ սա՛, կամ նա՛... կրկնում եմ քեզ։ Եթե դրան պահելու լինես, էգուց քո լակոտին ծովը կուղարկեմ...
Ինչպես մի քանիսին ուղարկել ես...
Այո՛։ Ոչինչ ինձ այնքան ատելի չէ, որքան երեխայի ձայնը։ Ես շատ ուրախ կլինեի, եթե բոլոր կանայք ջորիների նման ամուլ լինեին...
Ելենան լուռ հանդիսատես էր լինում այդ վիճաբանություններին։ Նրան չէր զարմացնում Էլիասի անգութ վայրագությունը, նրան զարմացնում էր Ալպինիայի ընդդիմադրությունը։ Նա այնքան եղեռնական գործողությունների ականատես էր եղել, որ նրա մեջ ամեն փափուկ զգացմունքներ քարացել էին։ Բայց Ալպինիան, ինչպես ինքը խոստովանվեցավ, թեև փչացած կին էր, բայց նրա մեջ դեռ պահպանվել էին հանգած սրտի մի քանի կենդանի կայծեր...
Ելենան այնքան խոհեմություն ուներ, որ երկուսի զայրացած րոպեներում՝ չկամեցավ ոչ Ալպինիայի և ոչ Էլիասի կողմը բռնել, թեև նա հակված էր ավելի դեպի վերջինը։ Նա յուր միջամտությունը թողեց ավելի հարմար ժամանակի։ Երկուսն էլ նրա համար պիտանի անձնավորություններ էին. պետք էր հաշտեցնել նրանց։
Խնդրեմ, թողեք այդ կռիվը, ասաց նա, դրա ժամանակը չէ, մենք ուրիշ, ավելի կարևոր խոսելիքներ շատ ունենք...
Էլիասը չսպասեց նրա կարևոր խոսելիքներին, վեր առավ յուր ծխաքարշը և մրթմրթալով դուրս գնաց։ Նրա բացակայության միջոցին՝ Ելենան դարձավ դեպի վշտացած կինը այս խոսքերով.
Սիրելի Ալպինիա, ինչո՞ւ ես բարկացնում նրան. դու խո գիտես նրա կամակորությունը, նրա անտանելի համառությունը, ինչ որ ասաց, նրա վրա էլ կմնա։
Ես չեմ հասկանում, նա ի՞նչ է ուզում ինձանից:
Ելենան սովորություն ուներ յուր ամենասրտագին ցանկությունները կատակի ձևով արտահայտել։
Նա ուզում է, պատասխանեց նա խորամանկ ժպիտով, որ դու քո զավակին սնուցանես, և ամեն ամիս ստանաս այն վճարը, խոստացել է բեյը, որպես թե նրա զավակին ես սնուցանում...
Իսկ բեյի զավակն ի՞նչ անեմ։
Այդ քո ամուսնու գործը կլինի...
Իսկ երբ մի օր հայտնվի բեյը և յուր զավակին պահանջե ինձանից:
Այն ժամանակ քոնը կտաս նրա զավակի փոխարեն։
Ես չեմ կարող հոգիս կորցնել։ Աշխարհի բոլոր հարստությունների հետ չեմ փոխի իմ զավակին։ Իմ երեխան ինձ համար ամեն բանից ավելի թանկ է։
Բայց քո ամուսնու աչքում մի սոխի գլխի չափ գին չունի։ Եթե նա յուր բոլոր երեխաները, որ ծնել են նրա համար կանայք, պահելու լիներ, մի բանակ կկազմեին։
Այդ ես գիտեմ... ասաց Ալպինիան դառնացած կերպով։ Ես այս անգամ վճռել եմ՝ ամեն բանի պատրաստ լինել և թույլ չտալ, որ նա յուր կամքը կատարե...
Խոսակցությունն ընդհատվեցավ։ Դուռն աննկատելի կերպով բացվեցավ, ստվերի մեջ հայտնվեցավ հրեան և ձեռքերը տրորելով մի քանի անգամ հազաց, աջ աչքը խփեց ձախը՝ բաց արավ, ձախը խփեց, աջը՝ բաց արավ և վերջապես հարցրեց.
Պարո՜նը... բա՞ց անեմ...
Ի՞նչը, այդ անիծված աչքե՞րդ, հարցրեց Ելենան բարկանալով։
Ոչ, հարգելի տիկին, դուռը...
Այդ ի՞նչ հարցնելու բան է, ի՞նչու չբացարիր։
Դու հրամայեցիր, որ մինչև քեզ չհայտնեմ, բաց չանեմ։
Հիմար, դու պետք է հասկանայիր, որ «պարոնի» համար չէր կարող լինել իմ հրամանը։
Այդ ես չմտածեցի, հարգելի տիկին, մրթմրթաց հրեան և շարունակելով ձեռքերը տրորել, հեռացավ, թեև նա շատ լավ գիտեր, որ «պարոնը» յուր տիկնոջ բոլոր հաճախորդների մեջ մի առանձին բացառություն էր կազմում, որ վայելում էր անսահման ազատություն։
Ներս մտավ մի բավական լավ հագնված պարոն, որ, դեռ նախասենյակը չմտած, դրսից սկսեց խոսել.
Փոքր էր մնում, որ այդ նզովյալ հրեան ինձ փողոցումը թողներ... բայց նա էլ իրավունք ուներ... ես ուշացա... շատ ուշացա... բայց եթե գիտենայիք` ի՛նչ տեղեր եմ եղել... որտեղ չեմ եղել... այսօր ամբողջ քաղաքը չափել եմ...
Վերջին խոսքերն արտասանեց նա, երբ արդեն գտնվում էր սենյակի մեջտեղում և ձեռնոցներից մեկը դուրս էր բերել։ Շնորհալի կերպով մոտեցավ նա, նախ ձեռքը մեկնեց տան տիկնոջը և ապա Ալպինիային, հետո մոտ քաշեց բազկաթոռներից մեկը, անփույթ կերպով ձգվեցավ նրա վրա և սկսեց հանել մյուս ձեռքի ձեռնոցը։
Լավ է, որ ոտներս լեզու չունեն, եթե ոչ, սաստիկ կբողոքեին իմ դեմ... Ո՜րքան տանջել եմ նրանց այսօր... բայց ոչինչ չհաջողվեցավ... բոլո՜րը ապարդյուն... բոլո՜րը իզուր...
Այդ պարոնը շատ անգամ հայտնվում էր Ելենայի տանը, և այն միշտ գիշերով, ու միշտ էլ արտահայտում էր միևնույն մաշված սրախոսությունը, թե զարմանում է, որ յուր ոտները չեն բողոքում և այլն։ Իրավ, նա շատ էր թափառում։ Կ. Պոլսի համարյա բոլոր ետ ընկած ակումբների և սրճանոցների նշանավոր հերոսներից մեկն էր նա։
Հասակն առած մարդ էր պարոնը, մոտ հիսուն տարեկան, բայց դեռ բավականին թարմ էր մնացած։ Նրա դեմքն այն անհամատասխան դեմքերից էր, որ ճերմակ մազերի հետ կրում է կարմիր այտեր այն զանազանությամբ միայն, որ այդ կարմրության մեջ նշմարվում էր բարակ երակների մի ամբողջ ցանց, որ լերդի գույն ուներ։ Կարմրությունը տարածվում էր և՛ պարանոցի վրա թե առջևի կողմից և թե հետևի կողմից։ Միջահասակ էր նա և մսուտ։ Երևում էր, որ յուր վրա առանձին ուշադրություն դարձնել գիտեր։ Թե զգեստավորության և թե սանրվածքի մեջ մի ամենափոքր սխալ չէր կարելի նկատել։ Ամբողջ մարմնով բուրում էր մուշկի խիստ նուրբ անուշահոտությամբ։ Ելենան սիրում էր այդ հոտը, և նա այցելելու ժամանակ միշտ այդ հոտը յուր հետ էր բերում։ Հարուստ ժառանգություն ստանալու բախտն ունեցավ նա և շուտով վատնելու դժբախտությունը։ Ամեն ինչ կորցրեց նա, մնացին միայն երիտասարդական սովորությունների մի քանի բեկորներ, որ ամենևին չէին պատշաճում նրա զառամյալ ծերությանը։
Ներս մտավ Էլիասը և ծուռը կերպով նայելով պարոնի վրա, գնաց, նստեց յուր տեղը, առանց ողջունելու։
Պարոնն իսկույն նկատեց, որ Ելենայի ուրախ հասարակության մեջ այս գիշեր ինչ-որ յուր կարգումը չէր։ Յուր լռությամբ ավելի ուշադրություն էր դարձնում յուր վրա մշտածիծաղ Ալպինիան։ Դու այս գիշեր տխուր ես, Ալպինիա, հարցրեց նրանից, և երբ պատասխանն ուշացավ, ինքն իրան պատասխանեց.
Երբ Ալպինիան կամենում է ինձ պատժել, միշտ իրան տխուր է ձևացնում։
Էլիասի աչքերը վառվեցան։
Իսկ դո՛ւ, երբ կամենում ես մարդկանց պատմել, շատ ես խոսում, ասաց նրան։
Պարոնը լեզուն քաշեց։
Ելենայի վիճակը շատ նախանձելի չէր։ Նա չգիտեր, թե ի՛նչով կվերջանար յուր արբանյակների լարված դրությունը, որ նրան խիստ տարօրինակ էր թվում։ Պարոնի անակնկալ այցելությունը նրան ավելի շփոթեցրեց։ Նա չէր ցանկանա, որ այս գիշեր նա հանդիսատես լիներ Էլիասի և Ալպինիայի մեջ տեղի ունեցած կռիվներին, որ թեև դադարած էին, բայց ամեն րոպե կարող էին նորից բորբոքվել։
Այս ի՜նչ է, խոսքը փոխեց պարոնը, կարծես, սուգի տուն լինի։ Գոնե մի բան տվեք խմելու, ես ծարավ եմ, սաստիկ ծարավ եմ։
Ելենան վեր կացավ ըմպելիք և ճաշելիք պատրաստելու:
Պարոնը կրկին դիմեց Ալպինիային, հարցնելով.
Էլիասը բարկացած է երևում, բաչց այդ ինձ չի զարմացնում. գազանները միշտ բարկացկոտ են լինում։ Իսկ դո՛ւ, իմ ուրախ թռչնի՛կ, և՛ բարկացած ես, և՛ տխուր ես. այդ ինձ շատ է զարմացնում: Ասա՛, ի՞նչն է քեզ այդպես վրդովեցրել, անմե՜ղ հրեշտակ։
Ես էլ չեմ իմանում, պատասխանեց նա, առանց գլուխը բարձրացնելու:
Խե՜ղճ կին, ի՞նչն էր ձգել նրան այդ կասկածավոր հասարակության մեջ, ի՞նչն էր կապել նրան մի կատաղի տղամարդի հետ, նա այդ չգիտեր և ինքն իրան հաշիվ տալ չէր կարող։ Նա զգում էր մի բան միայն, որ ինքը դժբախտ է և որ այդ դժբախտությունից ազատվելու ամենևին հնար չունի... Քանի՜-քանի՜ անգամ փորձել էր նա հեռանալ այդ գազանից. քանի՜-քանի՜ անգամ. վերջին հուսահատության մեջ, վճռել էր անձնասպանությամբ վերջ տալ յուր տառապանքներին, բայց միշտ մի մթին, անբացատրելի զգացմունք զսպել էր դժբախտին։ Նա մնում էր սիրելու, և սիրելով տանջվելու համար։ Սիրելու այն տղամարդին, որից սարսափում էր, սիրելու յուր դահճին, որ ամեն րոպե պատրաստ էր նրան մորթելու...
Ելենան սեղանի վրա դրեց երեք շիշ գինի և զանազան ճաշելիքներ։
Ալպինիան չմոտեցավ սեղանին, գրկեց երկու մանուկներին և լուռ դիմեց դեպի ներքնատան նկուղը։
Էլիասը տեսնելով նրա գնալը, մոտեցավ սեղանին և ոտքի վրա մի քանի բաժակներ միմյանց հետևից խմելով, ինքը ևս հետևեց կնոջը։
Սենյակում մնացին Ելենան և պարոնը։ Վերջինն արդեն նստած էր սեղանի մոտ, իսկ Ելենան շվարված կերպով մնացել էր ոտքի վրա, չգիտեր նստել, թե գնալ նրանց հետևից։ Պարոնի վրա ևս խիստ ծանր տպավորություն գործեց երկու ամուսինների հեռանալը։
Այդ ի՞նչ է պատահել, հարցրեց Ելենայից։
Հետո կպատմեմ, պատասխանեց նա, և իսկույն դուրս գնաց, յուր մտքումն ասելով. «Հիմա խեղճ կնոջ գլխին մի փորձանք կբերե...»:
Մինչ Ելենայի տան մեջ հանդիսանում էին նախընթաց տեսարանները, կառքը հանդարտ կերպով շարժվում էր դեպի ծովեզրը։ Զահրան ընկողմանած էր մի անկյունում, ամենևին չէր խոսում։ Չէր խոսում և բեյը։ Երկուսի մեջ ևս տիրում էր այն ծանր լռությունը, որ տեղի է ունենում հոգեկան խորին վրդովմունքներից հետո։
Զահրան վերադառնում էր յուր հոր տունը, որտեղից արդեն երկու ամիս բացակա էր։ Նա բացակա էր այնտեղից յուր նախատինքը ծածկելու համար։ Եվ այդ նախատինքի մեջ էին թաքնված նրա անցյալ հիշողությունների ամենաքաղցր զգացմունքները։ Առանց ամուսին լինելու, նա այժմ մայր էր։ Առանց պսակված լինելու, գտնվում էր յուր ամուսնու կողքին։
Անցյալը նրա մտքում մռայլ գույներով էր ներկայանում: Ներկան անորոշ էր։ Գոնե ապագան մի որևէ հույս խոստանա՜ր...
Նրա և յուր սիրած էակի մեջ մի խորին վիհ կար։ Այդ անդունդը, որ ոչինչով չէր կարելի լցնել, լցրել էր սերը։ Բայց նրա վրայից թռիչք գործել և մյուս կողմն անցնել, չէր համարձակվում ոչ Զահրան և ոչ բեյը։
Այդ կրոնի բացած անդունդն էր, որ բաժանում էր երկուսին: Զահրան մահմեդական էր, իսկ բեյը քրիստոնյա։ Երկուսի ամուսնությունը, մի մահմեդական երկրում, հնարավոր կարող էր լինել այն ժամանակ միայն, երբ քրիստոնյան և՛ յուր կրոնը, և՛ յուր ազգությունը կզիջաներ մահմեդականին։ Բեյը մի այդպիսի զոհ չէր կարող բերել։ Նրա մեջ ամուր էին թե՛ կրոնի և թե ազգության զգացմունքները։
Մի այդպիսի զոհ, որքան ևս ցանկանար, չէր կարող բերել և Զահրան։ Կրոնը կքարկոծեր նրան։ Հոր դիրքը, տոհմային հպարտությունն ավելի սանձահարում էին նրան: Մի ելք միայն կարող էր նրան դուրս բերել այդ ամենադժվարին դրությունից, այն է, յուր սիրած տղամարդի հետ գնալ, հեռանալ մի ավելի ազատ երկիր։ Բայց յուր փախուստով չէր ցանկանում նա մուր քսել յուր տոհմի պատվի վրա, թեև մյուս կողմից յուր սիրո մեջ այնքան հեռու էր գնացել նա, որ ետ դառնալը՝ արդեն անկարելի էր դարձել նրա համար։
Զահրան դեռ օրիորդ էր, մի նշանավոր փաշայի աղջիկ։ Նրա հայրը, մի տարի կլիներ, որ տերության պաշտոնով գնացել էր Եգիպտոս։ Մայրը վաղուց վախճանված էր։ Հոր բացակայությունն ավելի ազատություն տվեց նրա կրքերին: Իսկ մայր չունենալը ավելի ընդարձակեց այդ ազատությունը։ Նրա հոր մյուս կանայքը, որոնց թիվը փոքր չէր, թշնամաբար էին վարվում նրա հետ, որպես սովորաբար վարվում են խորթ մայրերը։ Նրանց վարմունքը նպաստեց օրիորդին մի կողմից, որքան կարելի է, յուր հարաբերությունները խզել նրանց հետ, մյուս կողմից, յուր համար առանձին, անջատված կացություն ստեղծել հոր տան մեջ։ Բարեսիրտ հայրը չզրկեց յուր դստերը այդ բավականությունից, և Զահրան ժառանգեց մոր բնակարանը, որովհետև նրա միակ զավակն էր։
Մահմեդական բարձր շրջանների ընտանիքներում յուրաքանչյուր կին յուր առանձին բնակարանն ունի, յուր աղախիններով, սպասավորներով և որոշյալ հասույթներով։ Զահրայի մորն էր պատկանում փաշայի ծովեզրյա ապարանքը, որ յուր կացության համար ստացավ Զահրան, և հատկացրած էր նրան, իբրև օժիտ։
Ամառային ամիսներում, երբ Զահրայի մայրը տակավին կենդանի էր, փաշան բնակվում էր հիշյալ ապարանքում։ Զահրայի մոր մոտ, որ յուր բոլոր կանանցից ավելի սիրելի էր նրան։ Այդ ժամանակ բեյը պաշտոնով գտնվում էր նրա հոր մոտ ծառայության մեջ։ Նրա հարաբերությունները յուր մեծավորի հետ ավելի բարեկամական էին, քան թե պաշտոնական, և այդ էր պատճառը, որ երիտասարդ բեյը սովորություն ուներ խիստ հաճախ այցելել այդ ապարանքը, որի արևելյան շքեղ կացության մեջ մեծ բավականություն էր գտնում։ Ծերունի փաշան սիրում էր խոսել Եվրոպայի վրա, քաղաքականության վրա, Տաճկաստանի վերանորոգության վրա, իսկ այդ տեսակ խոսակցությունների համար երիտասարդը մեծ պաշար ուներ։ Այստեղ նա ծանոթացավ Զահրայի հետ։ Բայց ծանոթացավ այն աստիճան, որքան կարելի է ծանոթանալ մահմեդական կանանոցում փակված մի օրիորդի հետ։ Երբեմն անցնելու միջոցին լուսամուտի հետևից տեսնում էր նրա գլուխը, երբեմն տեսնում էր նրա երեսը, մի քանի անգամ ևս լսեց թեթև զարկ ապակու վրա, այդքանը միայն։ Բայց այդ ևս բավական էր, երբ հաճախ էր կրկնվում, և մանավանդ որ բեյը դուրս գնալու ժամանակ միշտ նկատում էր միևնույն գլուխը, միևնույն ապակիների հետևում։
Բեյը թողեց յուր ծառայությունը, որ կատարում էր հիշյալ փաշայի մոտ, և թողեց գլխավորապես այն պատճառով, որ ապակիների հետևում հայտնվող գեղեցիկ գլուխը նրան փորձանքի մեջ չձգեր։ Իսկ նա թեև անձամբ հեռացավ յուր մեծավորի ապարանքից, բայց սիրտը մնաց այնտեղ...
Այնուհետև մտավ նա ծովային ծառայության մեջ օսմանյան նավատորմիղում, որի համար մասնագիտաբար պատրաստված էր։
Ծովը մի լայնածավալ մուտք է ծովեզրյա տների համար։ Լուսնկա գիշերների խաղաղ լռության ժամանակ ոչ սակավ անգամ բեյի մակույկն անցնում էր այն ապարանքի մոտով, որտեղ բնակվում էր նրա սիրելին։ Այժմ կանանոցի փակված ապակիների հետևից նայող գլուխը՝ յուր ամբողջությամբ հայտնվում էր պատշգամբի վրա, որ նայում էր դեպի ծովը և բոլորովին կախված էր նրա վրա։ Բեյի մակույկը մոտենում էր այդ պատշգամբին, կանգնում էր նրա ներքև։ Վերևից դեպի ցած, ցածից դեպի վեր, լինում էին խոսքերի փոխաբերություններ։ Երբեմն պատշգամբից քարշ էր ընկնում մի բարակ թել և յուր ծայրին տանում էր մի ծրար, սիրաբորբոք զգացմունքների ծրարը։ Երբեմն քարշ էր ընկնում մի պարանավոր սանդուղք և նրա հետ, մամուկի արագությամբ, ցած էր իջնում նավակի մեջ պատշգամբի գեղեցկուհին...
Զահրայի մոր մահը, հոր պաշտոնով Եգիպտոս գնալը ավելի դյուրություն տվին այդ գիշերային տեսակցություններին ծովի վրա։
Մահմեդական կանանոցը, յուր բոլոր խստություններով հանդերձ, շատ դյուրություններ ունի յուր դատապարտյալների ցանկություններին բավականություն տալու։ Շատ անգամ նույն ներքինիները, որ կարգված են այնտեղ որպես արթուն պահապաններ, շատ անգամ հենց նրանք են լինում առաջնորդները` դրսից մարդիկ ներս թողնելու կամ ներսից կանայք դուրս թողնելու։ Այդ դեպքում խիստ հաջող գործ է կատարում ոսկին։ Իսկ բեյը ոսկիներ շատ ուներ։
Կառքը հասավ Բոսփորի ափին։ Բեյը գրկեց Զահրային, ցած բերեց, հետո կառապանին արձակեց։
Հենված սիրած տղամարդի թևքի վրա, նրանք անցան բավական տարածություն։ Ամայի եզերքը լուսավորված էին լուսնի գունաթափ լուսով, որ խիստ թախծալի տպավորություն էր գործում: Մեղմ ալիքների դանդաղ ընդհարումներն աղմկում էին գիշերային տիրող լռությունը: Չհեռանալով ափերից, նրանք հասան մի տեղ, ուր ցցից կապած էր մի մակույկ։ Մի մարդ պառկած էր ավազների վրա, ցցի մոտ: Բեյը մոտեցավ, զարթեցրեց նրան։
Պատրա՞ստ է մակույկը, հարցրեց նրանից։
Պատրաստ է, էֆենդի, պատասխանեց դեռ ոչ բոլորովին արթնացած նավաստին։
Բեյը մոտեցավ Զահրային, որ կանգնած էր փոքր-ինչ հեռու: Նա ավելի ցած քաշեց երեսի թանձր քողը։ Հետո գրկեց նրան, տարավ ափի մոտ կազմված տախտակամածի վրա, և այնտեղից զգշությամբ դրեց մակույկի մեջ, ինքն ևս ցատկեց նրա մոտ։
Բա՛ց արա, հրամայեց նա։
Նավաստին բաց արավ ցցից կապած պարանը, հարցնելով.
Իսկ ե՞ս...
Դու կմնաս այդտեղ և առավոտյան լուսաբացին կստանաս քո մակույկը։
Երևում էր, որ նավաստիի համար այդ առաջին անգամը չէր, որ յուր գեղեցիկ մակույկը հանձնում էր բեյի կամքին։ Բոսֆորի վրա՝ գիշերային զբոսանքներ կատարելու համար նա շատ անգամ վարձել էր այդ մակույկը, որ հատկապես զբոսանքների համարը էր շինված։ Փափուկ օթոցների վրա տարածված էր մի նախշուն գորգ, այս կողմ և այն կողմ դրած էին սիրուն բարձեր, պատած կարմիր թավիշով։ Զահրան տեղավորվեցավ գորգի վրա և թիկն տվեց բարձերին։
Մակույկը հեռացավ ափից, սկսեց լողալ դեպի առաջ։ Այդ միջոցին Զահրան ետ քաշեց երեսի քողը։
Գիշերային լուսնյակի ներքո Բոսֆորի խաղաղ մակերևույթը ներկայացնում էր որպես մթին հայելի, որի մեջ ցոլանալով երկնքի թագուհին, տալիս էր նրան մի խորհրդավոր, կախարդական փայլ։ Բեյը հմուտ ձեռքով երբեմն շարժում էր թիակները և թեթև մակույկը լողում էր, հազիվհազ օրորվելով։ Զահրան սեղմված էր յուր սիրելիի կողքին, գեղեցիկ գլուխը դրած ուներ նրա գրկում։ Նա լուռ էր, միայն արտասուքով լցված աչքերը հառած էին դեպի պարզ երկինքը և մտքով հափշտակված էր դեպի անցյալը, դեպի մոտավոր անցյալը։ Լինում էին գիշերներ, դարձյալ այդ մակույկի մեջ, գլուխը յուր սիրելիի կրծքին սեղմած, խոսում էր նա, խոսում էր, և խոսելուց չէր հագենում։ Սիրած տղամարդի քնքուշ փայփայանքները լինում էին նրա ջերմ խոսքերի պատասխանը։ Ցանկանում էին, որ այդ բախտավոր գիշերներն անվերջ լինեին, հավիտենականության չափ անվերջ լինեին, որ իրանք լիամասն կերպով վայելեին սիրո անվախճան բերկրանքը։ Արշալույսի վարդագույն շառավիղները, որ բոլոր արարածներին այնքան ուրախություն են պատճառում, ընդհակառակն, նրանց տխրեցնում էին, որովհետև լույսը կծագեր, խավարի վարագույրը կբարձրացներ, և գիշերվա ուրախությունը կխլեր իրանցից։ Իսկ այդ գիշեր լուռ էր Զահրան, լո՜ւռ, որպես ծածկամիտ Բոսֆորը։ Ապագան ներկայանում էր նրան որպես մի առեղծվածային անհայտություն, նույնքան մթին, նույնքան խորին, որպես անհատակ Բոսֆորը...
Լուռ էր և բեյը։ Զահրայի այժմյան տրտմությունն ավելի տանջում էր նրան։ Նա մտաբերում էր այն թանկագին ժամերը, երբ այդ ջրերի վրա, այդ մակույկի մեջ, զվարճանում էր Զահրան։ Այն ժամանակ օրիորդ էր Զահրան մի զվարթ, անհոգ, սիրաբորբոք օրիորդ։ Իսկ այժմ մի տառապյալ մայր...
Բեյի սիրտն ավելի խոցվեցավ, երբ Զահրան ընդհատելով տիրող լռությունը, ասաց նրան.
Դա՜ռն եղավ մեր սիրո պտուղը.. շա՛տ դառն...
Բեյը, փայփայելով նրա սիրուն գլուխը պատասխանեց.
Սերը զոհեր է պահանջում, Զահրա, և դրա մեջն է նրա անսահման քաղցրությունը։
Ես շատ զոհեցի, ասաց նա վշտալի ձայնով, զոհեցի այնքան, որքան կարող էր զոհ բերել մի օրիորդ սիրած տղամարդին... Բայց վե՛րջը... ի՞նչ կլինի մեր վերջը...
Վերջին խոսքերը, որ արտասանեց նա այնքան սրտագին զգացմունքներով, բեյի համար շատ նշանավոր էին։ Նա մի քանի վայրկյան լուռ մնաց և ապա պատասխանեց.
Իրավ է, սիրելի Զահրա, դու շատ զոհեցիր։ Իսկ ես այդ զոհը կփոխարինեմ ամեն բանով` ինչ որ ունեմ և ինչ որ կարող եմ ունենալ: Իմ կյանքը, իմ սիրտը, իմ բոլոր էությունը քեզ է նվիրված և քեզանով միայն գոյություն պիտի ունենա։ Դու հարցնում ես, թե ի՞նչ կլինի մեր վերջը։ Դա մեր սիրո ամենածանր հարցն է, որ որքան վաղ վճռվի մեր մեջ, այնքան ավելի երջանիկ կլինենք մենք։ Լսի՛ր, ինչ որ կարողացել եմ մտածել ես։ Ես արդեն որոշել եմ թողնել ծառայությունս, թողնել և Պոլիսը։ Դու իհարկե չես մոռացել քո խոստմունքը, թե ուր որ գնալու լինեմ ես, դու կհետևես ինձ։ Այդ` թեև կլինի քեզ համար վերջին և ամենածանր զոհաբերությունը. բայց եթե մի այլ հնար լիներ, ես երբեք չէի ցանկանա խլել քեզ քո ընտանիքի և քո հայրենիքի գրկից։ Առանց դրան բախտավոր լինել մենք չենք կարող։ Կգնանք միասին Եվրոպա, կընտրենք մի քաղաք մեր բնակության համար, իսկ ապրելու համար, և լա՛վ ապրելու համար, ես բավական միջոցներ ունեմ։ Այնտեղ մահմեդական կրոնը մեզ չի հալածի, դու կարող կլինես ազատ կերպով պսակվել ինձ հետ։ Այնտեղ դու ազատ կլինես և ծնողների հալածանքներից և հասարակության դատապարտությունից։ Ասա՛, համաձա՞յն ես։
Բայց երեխա՞ս... ի՞նչպես թողնեմ երեխաս...
Կտանենք մեզ հետ:
Նա դեռ այնքան փո՜քր է... նա դեռ այնքան անզոր է...
Կսպասենք, մինչև փոքր-ինչ զորանա։
Զահրան դարձյալ լռեց։ Բացի յուր զավակից, որ հափշտակել էր նրա մայրական բոլոր զգացմունքները, նրա մեջ վառ էր և յուր կրոնի զգացմունքները։ Այդ էր պատճառը, որ նա հարցրեց.
Ես այնտեղ պետք է քրիստոնյա՞ դառնամ։
Ոչ, սիրելի Զահրա, դու քրիստոնյա չես դառնա, դու կմնաս բոլորովին ազատ քո կրոնական հավատալիքների մեջ, պատասխանեց բեյը, հանգստացնելով նրան։ Բայց այնտեղ դու նոր կմտնես կյանքի մեջ։ Այստեղ կանանոցի չորս պատերն են եղել քո աշխարհը, դու խիստ սակավ բան ես տեսել և շատ փոքր բան ես սովորել։ Իսկ այնտեղ կյանքն ընդարձակ է և կինն ազատ։ Ամեն մի առարկա քեզ մի նոր բան կսովորեցնե և ամեն մի օր քեզ մի նոր միտք կտա։ Դու կկարդաս, կզարգանաս, և այն ժամանակ կրոնը, սիրելի Զահրա, կմնա քեզ համար որպես խաղաղացած, հանգստացած խղճի քաղցր հիշողություն...
Զահրան ոչինչ չպատասխանեց։ Վերջին խոսքերը նրան այնքան հասկանալի չէին։ Նա հասկանում էր մի բան միայն, որ, ո՛ր աշխարհում ևս լինի, ո՛ր երկիր ևս գնալու լինի, սիրած տղամորդի հետ նրա սիրտն ուրախ կլինի և օրերը լավ կանցնեն։
Լուսինը վաղուց արդեն մայր էր մտել և նրա թողած մթությունը հետզհետե պարզվում էր ծագող լույսի կապտագույն շառավիղներով։ Առավոտյան աստղը յուր բոլոր պայծառությամբ դեռ շողշողում էր հորիզոնի վրա։ Արշալույսը, մի ամոթխած կույսի թշերի նման, սկսել էր շառագունիլ։ Ծովային թռչունները սրաձայն աղմուկով ողջունում էին Բոսֆորի սքանչելի առավոտը։ Մակույկը հանդարտ կերպով լողում էր դեպի ափը, որի ժայռոտ ամրության վրա կանգնած էր փառավոր ապարանքը։ Բարձր սյունազարդ «քյոշք»-երը, որ մրցում էին ամպերի հետ, կամարակապ պատշգամբները, հյուսված կենդանի պատատուկներով, ասիական քառանկյունի լուսամուտները գույնզգույն ապակիներով, տալիս էին նրան մի դյութական արտահայտություն, որ շնչում էր և՛ զեղխության, և՛ փափկության, և՛ խորին իշխանական փառասիրության ոգով, որ ամեն ինչ կլանում է, սպառում է, միայն ինքն ապրելու, և շքեղ ապրելու համար...
Մակույկը մոտեցավ ապառաժներին, որոնց վրա կանգնած էր ապարանքը։ Զահրայի աչքերը լցված էին արտասուքով։ Նա կրկին ցած քաշեց երեսի քողը և ծածկեց արտասուքը։ Նախքան հայրենական տան շեմքի վրա ոտք դնելը, մի անբացատրելի, անորոշ զգացմունք կրակի նման այրում էր նրա սիրտը։ Գտնվելով յուր սիրելիի ներշնչած քաղցր արբեցության մեջ, նա դեռ չէր հասկանում, թե ինչ է, որ այնպես սաստիկ տանջում է իրան: Այդ զարթած ամոթի զգալի խայթն է...
Մակույկի մոտենալը նկատելով, ափի վրա, մռայլի միջից հայտնվեցավ մի մռայլ կերպարանք։ Նրա դեմքի սև մակերևույթի վրա փայլում էին երկու խոշոր սպիտակ կետեր։ Դրանք նրա երկու աչքերն էին։ Իսկ նրանց ներքև` երբեմն փայլում էին երկու շարք սպիտակ ատամներ, որ ծիծաղ և ուրախություն էին արտահայտում։ Ուրիշ ոչինչ չէր երևում։
Ապարանքն ուներ յուր փոքրիկ նավամատույցը, որ շինված էր իշխանական նավակների կացության համար: Երբ մակույկը բոլորովին մոտեցավ տախտակամածին, բեյը բռնեց Զահրայի ձեռքից, կանգնեցրեց նրան, հետո գրկելով դրեց տախտակամածի վրա: Այդ միջոցին մռայլ կերպարանքը մոտեցավ։
Դու այստե՞ղ ես, Ֆե՛յրուզ, հարցրեց բեյը։
Այո, տեր իմ, պատասխանեց սևամորթ աֆրիկացին, սպիտակ ատամները կրկին ցույց տալով։
Ահա՛ քո տիրուհին, դարձյալ ողջ և առողջ քեզ եմ հանձնում, ասաց բեյը ժպտալով։
Ֆեյրուզը Զահրայի արծաթագին ստրուկն էր և նրա ամենահավատարիմ սպասավորներից մեկը։
Թո՛ղ իմ հոգին իմ տիրուհու ոտքի հողերին մատաղ լինի, պատասխանեց պարզամիտ աֆրիկացին։
Ի՞նչպես պետք է տանես...
Երևի դռների բանալիները ինձ մոտ են. այնպես կտանեմ, որ սատանան էլ յուր քառասուն և մեկ աչքերով չի կարող տեսնել...
Դու ուշանում ես, ձայն տվեց Զահրան, և նրա ձայնը խեղդվեցավ սրտի սաստիկ խռովության մեջ։
Բայց սեղմեց յուր շրթունքներին նրա երկու ձեռքերը և բաժանվեցավ։ Ցատկելով մակույկի մեջ, խորին տխրությամբ սկսեց հեռանալ այն ապարանքից, որի հետ կապված էին նրա հոգու ամենաքաղցր հիշողությունները...