Раффи

Ղարիբ մշեցին

Ե, Զ
Ե

Օհանը դիմեց ուղղակի տիկնոջ տունը, որտեղ հանձնեցին նրան եղեռնական ավանդը։ Նա չգիտեր, որ հանցավորների համար ուրիշ տեղեր կան, նա գիտեր միայն մի բան, այն է, որ չարագործների հետ պետք է վարվել յուր առողջ բռունցքներով։ Ճանապարհին արդեն կազմել էր յուր գլխում մի ամբողջ ծրագիր, թե ո՛րպես պետք է բռնե այն «անզգամ ջադուկի» մազերից, ո՛րpես պետք է ջարդուփշուր անե նրա ոսկորները։ Նա հասավ ցանկացած տանն այն ժամանակ, երբ գիշերից բավական անցել էր։ Սկսեց դուռը սաստիկ բախել։ Երկար զարկում էր, բայց ներսից ամենևին ձայն չէր լսվում։ «Կկոտրե՜մ, եթե չբացեք», աղաղակում էր նա և նրա ձայնը տարածվում էր փողոցի դատարկության մեջ։ Դարձյալ բաց անող չկար։

Վերջապես, տան վերի հարկից բացվեցավ մի լուսամուտ, hայտնվեցավ մի գլուխ, որ հարցրեց.

Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում։

Այն տիկնոջը, պատասխանեց զայրացած Օհանը։

Ո՞ր տիկնոջը։

Այն սև հագնված տիկնոջը, որ պարանոցին սև խաչ ուներ կապած։

Վերևի գլուխը հասկացավ, թե ո՛ւմ մասին էին հարցնում, պատասխանեց.

Նրանք գնացին, այստեղ չեն։

Ո՞ւր գնացին։

Աստված ոչ գիտե, թե ուր գնացին:

Դու ինձ խաբում ես։

Ի՞նչ շահ ունեմ քեզ խաբելուց, պատասխանեց վերևի ձայնը ծիծաղելով, որ մի մանկահասակ կնոջ ձայնի էր նմանում։ Նրանք թեև մի տարով էին վարձել ամբողջ ներքին հարկը, և փողի կեսը սկզբից վճարել էին, բայց երկու ամսից ավելի չմնացին, այսօր երեկոյան իրանց վերջին իրեղենները դուրս տարան և գնացին։

Դո՜ւռը, դուռը բա՛ց արա, որ իմ աչքով տեսնեմ, պահանջում էր կատաղած Օհանը։

Ես այստեղ միայնակ եմ, մարդս տանը չէ, առավոտյան ե՛կ, կտեսնես, ասաց մանկահասակ կինը և գլուխը ներս քաշեց, հեռացավ լուսամուտից։

Հիմա՛, հիմա՛, գոչեց Օհանը, եթե ոչ, կկոտրեմ դուռը։

Նա խանձարուրը մի կողմ դրեց, սկսեց մատներով պոկել փողոցի հատակի խճերը և զարկել դռանը, որ նրա կատաղի հարվածների ներքո փշրվելու մոտ էր։

Գի՜ժ է, ի՜նչ է այդ մարդը, դարձյալ լսելի եղավ վերևի ձայնը։ Ինչո՞ւ ես դուռը կոտրում, դու տեսնում ես, որ մենք վերևի հարկումն ենք բնակվում, ուրեմն դռան բանալին չէ կարող մեզ մոտ լինել։ Իսկ ներքի հարկի դռնապանը, ինչպես երևում է, այս գիշեր տանը չէ, շատ կարելի է, ուրիշ տեղ է գնացել։

Ամենքը գնացե՛լ են... ամենքը կորե՛լ են.. խոսեց Օհանը ինքն իրան։ Մնացել է այդ բայղուշը (բու) միայն...

Մանկահասակ կինն սկսեց երդումներով հավատացնել, որ սև հագնված տիկինը տեղափոխվել է այդ տնից, իսկ դռնապանի որտեղ լինելն ինքը չգիտե։

Օհանը հավատում էր երդումներին։ Նա համոզվեցավ, որ «չարագործ ջադուկը» իրան խաբել է, և յուր խորհրդավոր ավանդը նրան հանձնելուց հետո, իսկույն թողել է տունը, վախենալով միգուցե միամիտ չոփչին մի դիպվածով հասկանա գաղտնիքը և կրկին վերադառնալով երեխայի հետ՝ մի այլ փորձանք ևս բերե յուր գլխին։

Բայց դու ի՞նչ գործ ունես այն տիկնոջ հետ, հարցրեց վերևի ձայնը։

Շա՛տ գործ ունեմ... եթե ձեռքս ընկնի՜... մռնչեյով պատասխանեց Օհանը։ Դու ինձ ասա՛, ճանաչո՞ւմ ես այն տիկնոջը։

Ես քեզ ասացի, որ այստեղ երկար չմնացին, և ոչ ոքի հետ հաղորդակցություն չունեին։

Դռնապանը ճանաչո՞ւմ է։

Չգիտեմ։ Դռնապանը նոր էր վարձված, «խամ», մարդ էր։

Օհանը տրամադրված էր դեռևս շատ այսպիսի հարցմունքներ անել, բայց լուսամուտի փեղկերը փակվեցան, և նա մնաց առանց պատասխանի։

Մինչև այժմ Օհանի բոլոր կատաղությունը բորբոքում էր այն միտքը, թե ինչպես պետք է ջարդե սև խաչը կրող տիկնոջ ոսկորները։ Բայց այդ բաղձանքը մնաց անկատար։ Յուր «ջադուկին» գտնել չկարողացավ նա, և գուցե բնավ չի պիտի կարողանար գտնել։ Երբ նրա վրդովմունքները փոքր-ինչ սառեցան, նրա մեջ ծագեք մի նոր միտք. «Ի՞նչ անեմ այս մանուկին...»:

Այդ մի ամենադժվար հարց էր, մանավանդ մի պանդուխտ պատանու համար, որ յուր գլուխը դնելու տեղ չուներ, որ ինքը կարոտ էր օրական հացի։

Օհանը, որպես բնության պարզ զավակ, զարմանալի բնազդում ուներ: Յուր գրկած խանձարուրի մեջ գտնում էր նա մի խորին գաղտնիք։ Այդ խանձարուրը նրան հանձնող տիկինն աննշան ոք չէր երևում։ Եվ մի այդպիսի անձն խառնված էր եղեռնական գործի մեջ։ Նրան, որպես մի միամիտ չոփչիի, տվեցին տանել ծովը նետել մարդկանց անբարոյականության կեղտը։ Բայց ի՛նչ հանցանք ուներ այդ անմեղ մանուկը։

Լուսամուտից խոսող կնոջ հաղորդած տեղեկությունները Օհանին բոլորովին հավանական երևացին։ «Այսօր երեկոյան իրանց վերջին իրեղենները դուրս տարան և գնացին», ասաց նա։ Կնշանակե, հենց առաջուց նրանք տունը դատարկել էին, պատրաստված էին տեղափոխվելու, մնում էր միայն խորհրդավոր ավանդը, որի համար սարքված էին այդ բոլոր պատրաստությունները։ Տան ամբողջ ներքին հարկը մի տարի ժամանակով վարձելը, փողի կեսը կանխիկ վճարելը, բայց երկու ամսից ավելի չմնալը և վերջապես դռնապանի նոր վարձված լինելը և նրանց հետ անհայտանալը, այդ բոլորը գործին ավելի և ավելի կասկածավոր կերպարանք էին տալիս։ Բայց ո՞վ կարող էր գտնել նրանց բազմամբոխ, խառնաշփոթ Ստամբոլում։

Օհանն այժմ դրա վրա չէր մտածում, նա մտածում էր միայն մանուկի մասին։ Նա դեռ շվարված կերպով կանգնած էր աղետալի տան հանդեպ, չգիտեր ո՛ւր գնալ։ Քամին դեռ փչում էր և գիշերային զովությունը բավական զգալի էր դարձել։ Նա փաթաթեց տղայի խանձարուրը յուր «անթարիի» երկար դրոշակների մեջ, որ չմրսե, թեև նրա հագուստը նույնքան թաց էր, որքան տղայի խանձարուրը։

Այդ տունը գտնվում էր մի անձուկ «սոխախում», որ ծռվելով բաժանվում էր մեծ փողոցից և իջնելով դեպի ձորի զառիվայրը, կորչում էր անհամար մանր տների մեջ։

Այսպիսի տեղերում ցերեկով անգամ չէ թափանցում արևի լույսը, իսկ գիշերը նեղ «սոխախները» ներկայացնում են ողորմելի տնակների մի անապատ, ուր տիրում է մշտական խավարը՝ խորին, գերեզմանական մեռելության հետ։

Օհանը դեռ սպասում էր և անհամբերությամբ աչք էր ածում յուր չորեքկողմը։ Ոչ ոք չէր երևում, ոչ մի ձայն չէր լսվում, բացի քամու ձայնից, որի մեջ երբեմն խլանում էր մի այլ ձայն։ Դա էր լացի ձայնը անտեր մանուկի, որ նշտարի նման ծակում էր պատանու սիրտը։ Ոչինչ ձայն այնքան դառն չի լինում, որպես անմայր մանուկի լալու ձայնը։ Այդ զգում էր Օհանը։

Այժմ ավելի սկսեց տանջել նրան այն միտքը, թե ո՛ւր տանե տղային: Նա ոչ մի բնակարան չուներ, ապրում էր երկնքի թռչունների նման։ Դեռ ամառ լինելով, եղանակն այնքան տաք էր, որ մինչև այնօր չէր մտածել յուր համար մի որևէ պատսպարան գտնելու։ Ցերեկը, կթոցը շալակին, անցուցանում էր փողոցներում, իսկ գիշերը պառկում էր, ուր և պատահում էր։ Այդ մեծ քաղաքը շատ բացօթյա խորշեր ուներ անպատսպարան մշակների համար։ Շատ անգամ պառկում էր յուր «մուշտարիների» բակերում և իբրև վարձ նրանց բակը ավելում էր և աղբը ձրիապես դեն էր ածում։

«Ո՞ւր գնամ, որտե՞ղ տանեմ»... շարունակում էր մտածել։

Նրան հեշտ էր մի պատի տակ, յուր ցավալի գյուտը կրծքին սեղմած, անցկացնել ամբողջ գիշերը։ Նա ամեն զոհողության պատրաստ էր։ Բայց մանուկը պահանջում էր մի բան, որ անկարող էր տալ նրան։ Դա էր մայրական ստինքը։

Նեղ դրությունը մարդուն սրամիտ է անում։ Հանկարծ նրա գլխում ծագեց մի միտք և, առանց երկար խորհելու, դուրս եկավ անձուկ «սոխախից» և սկսեց դիմել դեպի քաղաքի մի ավելի հետ ընկած կողմը։

Նա անցավ ցանցատեսակ «սոխախների» մի ընդարձակ բավիղ, որի մեջ սատանան անգամ կարող էր լույս-ցերեկով մոլորվել, եթե առաջնորդ չունենար։ Տախտակյա փոքրիկ տնակները, մեղրաճանճի փեթակների նման, դրած էին միմյանց վրա և բարձրանում էին, որպես անհավասար և անկարգ սանդուղքներ։ Եթե հրդեհն այնքան բարի չլիներ և ժամանակ առ ժամանակ չլափեր այդ ամեն ապականություններով լի «սոխախները», տարակույս չկար, որ աշխարհիս բոլոր հիվանդություններն այդ բավիղից պիտի ծագեին։

Առավոտյան լույսը դեռ նոր էր սկսել բացվել, երբ Օհանը գտնվում էր քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում։ Այստեղ սփռված էին բազմաթիվ ողորմելի խրճիթներ, իսկ նրանց կարգում՝ հոյակապ քարաշեն տներ, որ հպարտ կերպով նայում էին դեպի սքանչելի Բոսֆորը։ Այդ կիսա-ասիական և նվազ-եվրոպական քաղաքում՝ տգեղը խառն է գեղեցկի հետ, իսկ լավը՝ վատի հետ...

Օհանը մոտեցավ խրճիթներից մեկին, ոտքով խփեց, դուռը ճռնչալով ետ գնաց։ Նա միանգամից հայտնվեցավ ամբողջ տան մեջ, որ միայն մեկ սենյակից էր բաղկացած։

Դռան շառաչման հետ մթության միջից լսելի եղավ մի մաշված ձայն։

Այդ ո՞վ է, տեր աստվա՜ծ...

Վե՛ր կաց, մա՛րե, քեզ համար մի տղա եմ բերել, գոչեց Օհանը բարձր ձայնով։

Քնաթաթախ «մարեն», չհասկանալով, թե ինչ ասաց Օհանը, դարձյալ հարցրեց.

Դո՞ւ ես, Օհան, ի՞նչ կա այս ժամանակը...

Քեզ համար մի տղա եմ բերել, կրկնեց Օհանը:

Տղա՛․․․ խենթացե՞լ ես, ի՞նչ է, ասաց զարմացած պառավը։

Մշու սուլթան սուրբ Կարապետը վկա, սուտ չեմ ասում, երդվեցավ Օհանը և մոտենալով պատին, նրա միջից դուրս քաշեց մի քրքրված շորի փաթոթ, որ մի ժամանակ վերմակի տեղ էր ծառայում։ Փաթոթի տեղից բացվեցավ մի լայն ծակ, որ խրճթի միակ լուսամուտն էր։

Տիրող մութը փոքր-ինչ պարզվեցավ։ Դրսում արեգակն արդեն ծագել էր։

Պառավը, մրթմրթալով և յուր առավոտյան աղոթքը կարդալով, անկողնումը նստած, հագնվում էր։ Երբ վերջացրեց, Օհանը դրեց նրա բարձերի մոտ յուր բերած խանձարուրը։

Ճշմարիտ որ տղա է եղել, ասաց պառավը բարեսիրտ ժպիտով։ Սատանորդի՛, այդ որտեղի՞ց գտար։

Օհանը նստեց պառավի անկողնի մոտ և սկսեց պատմել յուր հետ պատահած արկածները։ Նրա սրտագին պատմության ժամանակ զարմացած պառավը երբեմն բարկանում էր, երբեմն անիծում էր, երբեմն խորին հառաչանքներ էր արձակում և երբեմն յուր շիջած աչքերը բարձրացնում էր դեպի վեր, գոհություն էր մատուցանում, որ խեղճ տղան ազատվել է։

Վերջացնելով յուր պատմությունը, Օհանն ասաց.

Դու պետք է պահես այս տղային, մարե։ Դա իմ ապաշխարանքն է։ Ո՞վ գիտե, ի՛նչ մեղք էի գործել, և աստված ինձ ապաշխարանք տվեց։ Ես կգնամ, կաշխատեմ, կվաստակեմ և կբերեմ կտամ քեզ, մարե։ Ես քաղցած կմնամ և դրան կկերակրեմ, կմեծացնեմ, մարե։ Մենք երկու եղբայրներ ենք, դա էլ թող մեր երրորդ եղբայրը լինի։ Դու պետք է պահես այդ տղային։ Քո հոգու համար ևս վարձք է։

Պառավը փոքր-ինչ մոլեռանդ էր։

Ո՞վ գիտե, հարցրեց նա, կարելի է թուրքի կամ ջհուդի տղա լինի։

Օհանը փարատեց նրա կասկածանքը, ասելով թե հանձնող տիկինը պարանոցին խաչ ուներ կրած։

Թո՛ղ այն խաչը նրան կուրացնի՛, բացականչեց պառավը յուր երեսը ևս խաչակնքելով։ Նրա սիրտը քա՞ր էր, ի՞նչ էր, որ այդպիսի բան արեց։ Ես այդ տղային իմ աչքի լույսի պես կպահեմ։ Մի այծ կառնեմ և նրա կաթովը կկերակրեմ։ Քո փողը թող քեզ մնա, Օհան, դու աղքատ տղա ես և աղքատ մայր ունես։ Բայց ես պառավել եմ, ոչ ոք չունեմ, մեկ ոտս այս աշխարհումն է դրած, մյուս ոտս՝ գերեզմանի դռանը։ Կպահեմ դրան, թո՛ղ իմ հոգուն էլ վարձք լինի...

Պառավը միայնակ չէր յուր խրճիթում։ Մեկը, փոքր-ինչ հեռու, վերմակի տակից հառաչում էր։ Վերմակը, որ այնքան փոքր էլ չէր, ծածկում էր նրա գլուխը, մեջքը, մինչև ծնկները։ Երկար ոտները ձգված էին մինչև խրճթի դուռը։ Այդ ոտներից մեկը նա երբեմն հոգոց հանելով քաշում էր, երբեմն մեկնում էր։ Երեք օր առաջ այդ ոտքը կոտրեց նա խաներից (պանդոկ) մեկի սանդուղքներից մի ծանր հակ բարձրացնելու ժամանակ։

Պառավը, որի պահպանությանը հանձնեց Օհանը յուր բերած մանուկին, նույնպես մշեցի էր։ Բոլոր մշեցի պանդուխտները նրան «մարե» էին կոչում։ Եվ իրավ, այդ բարեսիրտ կինը մի տեսակ մայր էր, պանդուխտների համար։ Տասն տարուց ավելի կլիներ, որ նա ապրում էր Կ. Պոլսում, և նրա խրճթի դուռը ամեն մշեցու առջև բաց էր։ Կարիքը, «փարայի» պահանջը, կառավարության հարկը և պարտատիրոջ պարտքերը վերջին ժամանակներում ձգեցին սուլթանի մայրաքաղաքում, ի թիվս բազմաթիվ մշեցի պանդուխտների, և՛ մշեցի կանանցը։ Դրանցից մեկն էր «մարեն»։ Նա լվանում էր յուր հայրենակից մշակների լվացքը, կարում էր, կարկատում էր նրանց հագուստները և խնամք էր տանում հիվանդներին։

Օհանը երկար չմնաց պառավի մոտ, երբ ամեն պայման վերջացրեց նրա հետ, կրկին դիմեց դեպի սև խաչ կրող տիկնոջ բնակարանը։

Զ

Մի գիշեր, նույն բնակարանում, որտեղ հանձնեցին Օհանին խորհրդավոր ավանդը, սենյակներից մեկն աղոտ կերպով լուսավորված էր, լուսամուտները ծածկված էին անթափանցիկ վարագույրներով, և տաճկական ճաշակով զարդարած թախտի վրա պառկած էր մի մանկահասակ կին։ Կանաչագույն լուսարգելով սքողած ղամբարի թույլ շառավիղները հազիվ երևան էին հանում նրա գունաթափ երեսի տխուր գծերը, որ պատկերացնում էին մի սգավոր հրեշտակի գեղեցիկ դեմք։ Նրա թաց աչքերում արտասուքը դեռ չէր ցամաքել։ Նա անդադար միևնույն հարցերով դառնում էր դեպի սև խաչը կրող տիկինը, որ նստած էր նրա թախտի մոտ, և, ինչպես երևում էր, նրա վշտալի սիրտը չէր հանգստանում ստացած պատասխաններով, որ ամենայն պատրաստականությամբ տալիս էր խաչակիր տիկինը նրան մխիթարելու համար։

Ելենա՛, այսպես էր խաչակիր տիկնոջ անունը, լավ փաթաթեցի՞ր. հիմա գիշերը ցուրտ է լինում, կարող էր մրսել...

Այդ ի՞նչ հարցնելու բան է, հարգելի տիկին. Ելենան երեխա չէ, նա գիտե թե ինչպես պետք է խնամել մանուկներին... Ես ձեր տված պարսկական շալը բավական չտեսա և նրա վրա ավելացրի մի փափուկ բրդեղեն վերմակ։

Թեթև՞ էր վերմակը։

Թեթև էր, շատ թեթև, ինչպես փետուր։

Կառապանին պատվիրեցի՞ր, որ հանդարտ քշեր և երեխայի քունը չի խանգարեր։ Նա սիրում էր քնել, շա՜տ էր քնում...

Ես բավական տեղ գնացի կառքի հետ։ Կառքն այնպես էր շարժվում, որ գետինն էլ չէր զգում։ Օրորոցի պես հանգիստ էր։

Ե՞րբ կհասնեն...

Կես ժամից հետո կառքը կհասնի ծովեզրը։ Այնտեղ սպասում է մի ապահով նավակ։ Էգուց առավոտյան նույն նավակով կհասնեն Բուրգաս կղզին։

Մանկահասակ կինը լռեց։ Բայց արտասուքը նրա կամքին չէր հնազանդվում, նա բխում էր մայրական սրտից, մի տառապյալ մոր, որի նորածին մանուկը իրանից հեռացրած էր, և որին որդի կոչելու իրավունքից զուրկ էր դժբախտ մայրը...

Նա կրկին շարունակեց յուր հարցուփորձը.

Ելենա՛, քեզ երդում եմ տալիս այն խաչին, որ դուք՝ քրիստոնյաներդ պաշտում եք, ճշմարիտն ասա՛, այն կինը լա՞վ կը պահե տղայիս։

Ելենան ձեռքը տարավ դեպի պարանոցի սև խաչը և ուղղեց նրան, կարծես թե լուռ երդվում էր, հետո մի աոանձին համոզիչ ձայնով պատասխանեց.

Այդ մասին կարող եք բոլորովին անհոգ լինել. հարգելի տիկին։ Ես մի այնպիսի բարեխնամ ձեռքում հանձնեցի ձեր զավակին, որ հարազատ մոր ձեռքր միայն կարող է նրան փոխարինել։ Ես այն կնոջը ճանաչում եմ, շատ վաղուց ճանաչում եմ։ Նա չափազանց սեր ունի դեպի մանուկները, և մանավանդ կունենա դեպի ձեր զավակը։

Ես նրան առատությամբ կվարձատրեմ, իմ խոստացածից ավելի կվարձատրեմ։

Ես, առանց ձեզանից թույլտվություն ստանալու, այդ խոստմունքն արդեն արել եմ նրան, ասաց Ելենան, դարձյալ ուղղելով պարանոցի սև խաչը։ Ես նրան խոստացա ամսական տասն ոսկի, և վեց ամսականը կանխիկ վճարեցի. բացի դրանից, նա կստանա մեզանից և այն ծախքերը, որ պիտի անե յուր զավակի պահպանության համար։

Ինչպե՞ս։

Չէ՞ որ նա էլ, կրծքի նորածին երեխա ունի։ Ձեր զավակն ընդունելով, իրանն ստիպվեցավ տալ ուրիշ կնոջ պահելու։ Բացի դրանից, նա առանձին ծախքեր կունենա քաղաքից հեռու ապրելով։ Դուք այդպես պահանջեցիք, որ քաղաքում չմնա։

Ի սեր աստուծո, Ելենա, ծախքերի մասին մի՛ խոսեք, ասաց մանկահասակ կինը, երեսը շուռ տալով. այդ ոչ ես կխնայեմ և ոչ «բեյը»...

«Բեյ»-ի անունը տալով, հարցրեց.

Բայց ինչո՞ւ ուշացավ նա...

Ելենան նայեց պատի ժամացույցին և ապա պատասխանեց.

Չէ ուշացել. նա խոստացել է ուղիղ երկու ժամին այստեղ լինել, բայց դեռ երկուսը չկա։

Մանկահասակ կինը դարձյալ լռեց և յուր թախծալի աչքերն ուղղեց դեպի ժամացույցը, երկար նրանից չէր հեռացնում։ Ելենան նույնպես լուռ, նստած էր նրա թախտի մոտ, աթոռի վրա, անհամբերությամբ սպասում էր «բեյ»-ի գալուն։ Սենյակում ուրիշ ոչ ոք չը կար, բացի մոխրագույն մեծ թութակից, որ երբեմն յուր կնճռոտ թաթը տանում էր դեպի գլուխը, քորում էր, և մի առանձին հեգնությամբ նայում էր այդ երկու կնոջ վրա։

Սենյակը բավական լավ կահավորված էր. պատերի վրա երևում էին պատկերներ, որոնք ներկայացնում էին զանազան տեսարաններ սուրբ գրքից, երևում էին զանազան սուրբերի փոքրիկ սնդրիներ, որոնք դրած էին պատուհաններում, մի խաչելություն, սև փայտից շինված։ Ամբողջ սենյակը շնչում էր հույնի կամ կաթոլիկի կրոնական ջերմեռանդությամբ, որ լրացնում էր տան տիկինը յուր բարեպաշտական անձնավորությամբ։ Նրա սև հագուստը, երեսի մեղմ գծերը, փափուկ ձայնը և այն հեզ ու խոնարհ գիրքը, որով նստած էր աթոռի վրա, այդ բոլորն այնպիսի տպավորություն էին գործում, որ կարծես ինքը այն պատկերներից մեկը լիներ։

Մեկը, ոտքերի մատների վրա, երբեմն մտնում էր մութ նախասենյակը, կանգնում էր դռան մոտ, ականջ էր դնում և դարձյալ հուշիկ քայլերով հեռանում էր։ Դուրս գալով բակը մոտենում էր նա դրսի դռանը և, գիշերապահ շան նման, կուչ էր գալիս նրա հետևում, ականջները լարում էր դեպի փողոցը։ Դա ներքևի հարկի դռնապանն էր։ Եթե մեկը ցերեկով տեսնելու լիներ այդ մարդուն, նրա առջև կներակայանար մի այսպիսի կերպարանք, միջահասակ էր նա, մեջքը փոքր-ինչ կռացած դեպի ցած։ Մազերի մեջ դեռ նոր էին սկսել ճերմակներ երևալ։ Երեսի կաշին թուխ էր։ Ավելի թուխ գույն ունեին մեծ ականջները, որ չղջիկի լայն թևերի նման դուրս էին ցցվել կեղտոտ, լերդագույն ֆեսի տակից։ Շրթունքները կարճ էին, և ատամների երկու խոշոր շարքեր, հաճախ ծխելուց սաստիկ սևացած, մնում էին միշտ բաց, մանավանդ երբ նա ծիծաղում էր։ Կարճ էր և դուրս ցցված քիթը, որ թավ հոնքերի հետ մի սուր անկյուն էր կազմում։ Աչքերից մեկը միշտ խփած էր. երբ ձախը բաց էր անում, աջն էր խփվում, երբ աջը բաց էր անում, ձախն էր խփվում։ Հագուստը մի ծիծաղելի խառնուրդ էր ասիականից և եվրոպականից։ Ձախ ձեռքի երեք մատները կտրած էին։

Բակում տիրում էր խորին մթություն, միայն ստորերկրյա նկուղներից մեկի նեղ լուսամուտից նշմարվում էր լույսի մի բարակ շերտ, որ վերևից ուղղակի կերպով ձգվում էր դեպի ցած։ Երևում էր, որ հետևի տախտակապատը լավ չէին փակել։ Այդ լուսամուտից երբեմն քսվում էին ծիծաղի խուլ ձայներ, որ ամենևին չէին համապտասխանում այդ տխուր բնակարանի ընդհանուր լռությանը։

Մեծ փողոցի խճահատակը դղրդաց անցնող կառքի անիվներից և մի քանի րոպեից հետո դարձյալ լռեց։ Կառքը կանգ առեց, բայց կանգ առեք բավական հեռավորության վրա: Մեկի շտապ քայլերն սկսեցին մոտենալ միևնույն դռանը, որի հետևում կուչ էր եկած վերևում նկարագրած մարդը։ Նա վեր կացավ, պատրաստվում էր դուռը բաց անել, երբ նրա աչքին ընկավ նկուղի լուսամուտից փայլող բարակ շերտը։ Նա մոտեցավ և դրսից խորհրդավոր կերպով բախեց լուսամուտը։ Շերտն անհայտացավ և ծիծաղի ձայները լռեցին։

Նույնպիսի խորհրդավոր զարկ լսելի եղավ բակի դռան հետևից։ Դռնապանը կամաց բաց արեց, հայտնվեցավ մի բարձրահասակ անձն, ոտքից ցգլուխ փաթաթված լայն վերարկվի մեջ։ Նա, առանց մի բան ասելու դռնապանին, լուռ անցավ բակի միջով և դիմեց դեպի այն սենյակը, որտեղ գտնվում էր տանտիկինը դժբախտ մոր հետ:

Խավարի մեջ կանգնած դռնապանը, աջ ձեռքի բթամատի ծայրը դնելով յուր քթի սուր ծայրի վրա, բոլոր մատները հեգնական կերպով բաց արեց նրա հետևից։ Եթե տիրող մթությունն արգելք չլիներ, շատ հետաքրքրական էր տեսնել այն գարշելի ծիծաղը, որ հայտնվեցավ այդ մարդու նենգավոր դեմքի վրա։

Մտնելով սենյակը, նա յուր լայն վերարկուն և փոքրիկ գլխարկը, որ քաշել էր աչքերի վրա, մի կողմ ձգեց, և շտապով մոտեցավ թախտի վրա պառկած կնոջը, գրկեց նրան, ասելով.

Նիրի՛ր ինձ, սիրելի Ջահրա, ես ուշացա... շատ ուշացա... եթե գիտենայիր դու, թե ի՞նչեր պատահեցին ինձ հետ, չէիր մեղադրի ինձ։

Այո՛, ուշացար... ասաց մանկահասակ կինը տխուր ձայնով, և նրա ձայնը խեղդվեցավ կրծքի մեջ։

Տարա՞ն... հարցրեց երիտասարդը, զգացված կերպով։

Տարա՜ն... պատասխանեց մանկահասակ կինը և ալքերը ծածկեց ձեռքի թաշկինակով։

Երիտասարդը նստեց նրա մոտ և երկար մխիթարում էր նրան ջերմ, սրտագին խոսքերով։ Բայց տառապյալ մոր խուլ հեկեկանքը միայն լինում էր նրա սփոփիչ խոսքերի պատասխանը։

Փոքր-ինչ հեռու, ոտքի վրա, կանգնած էր Ելենան։ Այդ սրտաշարժ վայրկյանում նա մի այնպիսի երկյուղած դեմք էր ընդունել, կարծես թե աղոթելիս լիներ։ Երիտասարդը նոր նկատեց նրան, մոտեցավ և, ձեռքը մեկնելով, ասաց.

Ես բառեր չեմ գտնում իմ շնորհակալությունը հայտնելու քեզ, հարգելի Ելենա, այն անթիվ բարությունների համար, որ դու հանձն առար թե՛ Զահրայի վերաբերությամբ և թե հատկապես ի՛մ վերաբերությամբ։ Հուսով եմ, որ մեր մանուկի պահպանությունն այնպիսի ապահով վիճակի մեջ դրած կլինես, որ Զահրան ավելի առիթներ կունենա քեզանից գոհ լինելու, իսկ ես՝ նրա երախտագիտության պարտքը քեզ լիապես վճարելու։

Շնորհակալ եմ, բեյ, պատասխանեց Ելենան բարեսիրտ ժպիտով, այդքանը ևս ինձ համար մեծ վարձատրություն է, որ դուք ինձ արժանացնում եք՝ իմ ձեռքը սեղմելու։ Իսկ ձեր զավակի մասին կարող եք բոլորովին ապահով լինել։ Ելենան փորձված կին է, նա գիտե, թե որպես պետք է խնամել մանուկներին։

Բեյը հայ ամիրաների այն ազնվատոհմ զավակներից մեկն էր, որ յուր պատանեկության հասակից Փարիզում տաշվել, կոկվել էր համաշխարհական մայրաքաղաքի կենցաղավարության բոլոր նրբություններով։ Նրա կախարդիչ կերպարանքը, որ ամեն կնոջ սիրտը կարող էր դղրդել, նրա վայելչակազմ հասակը, յուր բոլոր ճկունությամբ, ավելի փայլ էին տալիս այդ նրբություններին։ Երեսուն տարեկան հազիվ կլիներ նա, բայց բոլորովին թարմ մնացած դեմքը մի դեռահաս պատանու տպավորություն էր գործում։

Նա մի քանի անգամ անցավ սենյակի միջով, նայեց ժամացույցին, և ապա դիմեց մանկահասակ կնոջը, ասելով.

Մենք ուշանում ենք, սիրելի Զահրա։

Մանկահասակ կինն իսկույն չպատասխանեց։

Ելենան, ինչ-որ մտածելով, հեռացավ սենյակից։

Ես հույս ունեմ, որ դու այնքան լավ ես զգում քեզ, կրկնեց երիտասարդը, բռնելով նրա ձեռքից, որ կարող ենք, առանց ժամանակ կորցնելու, թողնել այդ տունը։

Առողջությունս վատ չէ, պատասխանեց նա նվաղած ձայնով, բայց չգիտեմ՝ ինչո՞ւ այս գիշեր այդքան թույլ եմ զգում ինձ։

Բոլորը կանցնի, նազելի Զահրա. դրսի օդը կկազդուրե քեզ, պատրաստվի՛ր, գնանք:

Գնանք, ասաց նա ցած իջնելով թախտի վրայից և հենվելով երիտասարդի թևքի վրա։

Այդպես չէ կարելի, սիրելի Զահրա, դու պետք է փոխես այս հագուստդ, նկատեց երիտասարդը։

Ինչո՞ւ:

Դու պետք է քո սովորական տաճկական հագուստով մտնես քո հոր տունը։

Տիկինը նոր մտաբերեց, որ քրիստոնյայի զգեստ ուներ հագած և կրկին նստեց թախտի վրա:

Երիտասարդը դուրս գնաց կանչելու Ելենային, որ օգնե նրան հագուստը փոխելու: Նա գտավ նրան նախասենյակում, մի աթոռի վրա նստած և գլուխը դեպի ցած խոնարհեցրած, որպես թե նիրհում էր: Բայց նրա արթուն ականջները լարված էին դեպի ներսի խոսակցությունը։ Երիտասարդը, ներողություն խնդրելով, զարթեցրեց նրան:

Այդ երրորդ գիշերն է, որ չեմ քնել, բեյ, ասաց նա աչքերը բաց անելով, անցյալ գիշեր Զահրան փոքր-ինչ վատ էր զգում իրան, և ես, նրա անկողնի մոտ նստած, մինչև լույս աղոթում էի։

Երիտասարդը խնդրելով նրան փոխել Զահրայի հագուստը, ինքը դուրս եկավ բակը: Մի քանի անգամ անցավ նեղ բակի միջով, հետո հանեց ծխախոտի գեղեցիկ ամանի միջից մի գլանակ, լուցկի էր որոնում, որ ծխե: Այդ միջոցին, ինչպես մի ուրվական, հայտնվեցավ նրա մոտ դռնապանը: Խավարի միջից նա արդեն գուշակել էր երիտասարդի ցանկությունը, լուցկին շտապով շփեց յուր հագուստի կեղտից կոշտացած փեշերին և բռնեց երիտասարդի առջև: Երիտասարդը շնորհակալությամբ ընդունեց այդ ծառայությունը, հարցնելով.

Ի՞նչ ազգից ես։

Դռնապանն աջ աչքը խփեց, ձախը բաց արեց, ձախը խփեց, աջը բաց արեց և վերջապես կակազելով պատասխանեց.

Նրանցից եմ... մեծապատիվ էֆենդի:

Որոնցի՞ց: Հրեա՞ ես։

Այո՛, մեծապատիվ էֆենդի։

Էլ ինչո՞ւ ես ծածկում: Ինչո՞վ է վատ հրեան:

Ախր մեզ վրա ուրիշ կերպ են նայում... մեծապատիվ էֆենդի:

Իզուր։

Նկատելով բեյի համակրությունը, նա վստահություն ունեցավ ավելի մտերմական լինելու։

Ամենքը, մեծապատիվ էֆենդի, խո ձեզ նման բարեսիրտ չեն, որ մտնեն թշվառների դրության մեջ...

Բեյը մի ոսկի դրեց նրա ափի մեջ: Հրեան նրա հագուստի դրոշակները սեղմեց յուր շրթունքին և տասն անգամ գլուխ տալով հեռացավ: Բարեբախտաբար մութն էր, բեյը նրա զզվելի կապկությունները չնկատեց:

Երբ բեյը կրկին մտավ սենյակը, Զահրան արդեն հագուստը փոխած, պատրաստ էր։

Մնաս բարյավ, Ելենա, ասաց երիտասարդը բռնելով նրա ձեռքը և տալով նրան մի թանկագին մատանի. այդ նշանը ով որ բերելու լինի ինձ մոտ, կստանա այն գումարը, որ նշանակված է ամեն ամիս քեզ վճարելու համար։ Իսկ առայժմ ընդունի՛ր, խնդրեմ, այդ փոքրիկ նվերը։

Ելենան մեծ դժվարությամբ ընդունեց ընծաները, զանազան դարձվածներով կրկնելով միևնույն խոսքերը, թե ինքը նյութական ակնկալություններ չունի, այլ յուր համար թանկ է բեյի բարի ուշադրությունը, և թե ինքը, ավելի կրոնական զգացմունքներից դրդված, յուր հոգաբարձության ներքո է առնում նրանց «սիրո առաջին պտուղը» և այլն։

Ոչ սակավ սրտաշարժ եղավ Զահրայի բաժանվիլը յուր խնամակալից. մի քանի անգամ համբուրեց նրա ձեռքը, երկար՝ արտասուքն աչքերում աղաչում էր, պաղատում էր յուր զավակի պահպանության համար, խնդրում էր, որ երբեմն նրան բերել տա յուր տունը, որպեսզի ինքը գա տեսնելու, պատվիրում էր, որ նրա առողջության մասին շուտ-շուտ տեղեկություններ տա իրան, և յուր սրտի բոլոր զեղմունքին հագուցիչ պատասխաններ էր ստանում։

Երբ ամեն ինչ վերջացած էր, երիտասարդը կրկին փաթաթվեցավ յուր լայն վերարկվի մեջ, քաշեց աչքերի վրա փոքրիկ գլխարկը և առավ Զահրայի թևքը, որ նույնպես փաթաթված էր մի տաճկական թեթև շալի մեջ և երեսը սքողած ուներ անթափանցիկ շղարշով։

Ելենան ճանապարհ դրեց նրանց մինչև բակի դուռը։

Մտնելով փողոցում սպասող ծածկված կառքի մեջ, երիտասարդը հրամայեց.

Դեպի ծովեզրը...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ղարիբ մշեցին"

Ятук Музыка
Самария
Элен Йолчян

Самария

Свадьба в Муше
Свадьба в Муше
Играть онлайн