Нар-Дос

Պայքար

8

19

Գիշերվա ժամը երեքին մոտ էր։

Սանթրոսյանը դեռևս նստած էր մենակ իր առանձնասենյակում և իզուր աշխատում էր խելքը գլուխը ժողովել։ Նա լավ չէր հիշում, թե ինչ պատահեց կնոջ խոստովանությունից հետո. կարծես հանկարծ շշմեցրել էին նրան գլխին իջեցրած դագանակի այնպիսի մի զորեղ հարվածով, որից մինչև այժմ էլ չէր կարողանում ուշքի գալ։ Մութ կերպով միայն հիշում էր, որ Վահանը քրոջը ներս տարավ ննջարան, որը գտնվում էր հենց առանձնասենյակին կից, հետո դուրս եկավ այնտեղից և ինչ-որ բաներ էր ասում, իսկ ինքը կանգնած էր ապուշի պես և ոչինչ չէր հասկանում նրա ասածներից։ Հետո մտավ մայրը գիշերվա զգեստով և քնաթաթախ և նույնպես ինչ-որ բաներ ասաց, որից նույնպես ոչինչ չհասկացավ։ Վերջը տեսավ, որ մենակ է, և շուրջն այնպիսի անդորրություն է տիրում, որ կարծես աշխարհը քարացել էր։ Ոչ մի ձայն, ոչ մի շշուկ չէր լսվում նույնիսկ դրսից։ Լսվում էր միայն ծղրիդի մի խիստ համառ ճռինչ, որի մեջ գիշերվա անդորրությունն ավելի ևս քարացած էր թվում։

Սանթրոսյանին թվում էր, թե հանկարծ, մոգական մի, գավազանի զորեղությամբ, ինքն ենթարկվել է հոգեփոխության, որ ինքն այլևս առաջվա մարդը չէ, այլ մի բոլորովին այլ արարած, որի մեջ ամեն ինչ օտար է, անծանոթ, զարմանալի և սարսափելի։ Նույն օտարը, նույն անծանոթը, նույն զարմանալին ու սարսափելին նա տեսավ և զգաց Մանեի մեջ, որի չափազանց լուրջ, գունատ դեմքն իր վայր թողած աչքերով երևաց նրա առաջ և չքացավ ննջարանի դռան հետևը գերեզմանից ելած ուրվականի պես...

Սանթրոսյանը նստած էր արմունկները հենած ծնկներին և գլուխն առած ձեռքերի մեջ։ Կնոջ ուրվականը չէր հեռանում նրա աչքի առջևից, և նա չէր իմանում ինչ է մտածում, ինչ է զգում. մտքերն ու զգացումները մի սարսափելի քաոս էին կազմում նրա մեջ։ Նա նեղվում էր ծանր, տաք օդից, գիշերվա անդորրությունից ու մենակությունից և զգում էր, որ եթե պատուհանից մի քիչ հով փչեր, եթե ցերեկ լիներ, ինքն այդպես չէր նեղվիլ: Ծղրիդի ճռինչը մանավանդ ֆիզիկական ցավ զգացնելու չափ գրգռում էր նրա ջղերը, և նա չէր իմանում ո՛ւր փախչի, որ ազատվի այդ անտանելի համառ ճռինչը լսելուց։

Նա վեր կացավ, որ դուրս գնա պատշգամբ։ Մութ հյուրասենյակով անցնելիս հարևան ճաշասենյակից խրոխտ հազի ձայներ լսվեցին։ Նա ցնցվեց, կանգ առավ և ականջ դրեց։ Վահանն էր հազողը։ «Մի՞թե այստեղ է մնացել», մտածեց Սանթրոսյանը և դուրս գնաց պատշգամբ։

Գիշերը զարմանալի խաղաղ էր։ Բաց երկնքի տակ օդի մեջ թեև փոքր-ինչ զով թարմություն էր զգացվում, բայց և այնպես Սանթրոսյանը դարձյալ նեղվում էր, և այստեղ ևս լսվում էր ծղրիդի ճռինչը՝ քաղցած մանկան լացի պես համառ և լսողի ջղերը քայքայող։ Որքան նա աշխատում էր չլսելուն տալ, այնքան այդ ճռինչը հրամայաբար տիրում էր նրա ուշադրությանը։ Վերջը տեսավ, որ այլևս ոչ մի բանի մասին չի մտածում. մտածում է միայն այն մասին, թե որտեղից է գալիս այդ ճռինչը աջի՞ց, թե ձախից, վերևի՞ց, թե ներքևից, դրսի՞ց, թե ներսից, ինչպե՞ս չի հոգնում և ի՞նչ է ուզում ասել այդ փոքրիկ, աներևույթ միջատը գիշերվա անդորրությունն այդքան աղմկելով։

Բայց ահա կնոջ ուրվականը նորից եկավ կանգնեց նրա առաջ իր մեռելատիպ դեմքով։ Այդ ուրվականը ինչ-որ բան ասաց շատ խորհրդավոր և շատ զարմանալի մի բան և անցավ չքացավ ննջարանի դռան հետևը...

Պատշգամբի կողքին երկրորդ թե երրորդ բաց պատուհանից նորից լսվեց Վահանի հազի ձայնը։ «Մի՞թե այստեղ է մնացել», նորից մտածեց Սանթրոսյանը և ականջը լարեց դեպի այդ պատուհանը։ Հազի ձայնը կրկնվեց։ Սանթրոսյանը կամաց ներս գնաց, մթության մեջ խարխափելով անցավ հյուրասենյակով, շոշափելով գտավ ճաշասենյակի դուռը, զգուշորեն բաց արեց և կանգ առավ շեմքում։ Ճաշասենյակում ևս ճրագ չկար վառված։

Նույն րոպեին ինչ-որ ճռճռաց, և լսվեց բոբիկ ոտների մի դրմփոց հատակի վրա։

Ո՞վ է, կանչեց Վահանը իր բամբ ձայնով։

Դուք քնած չե՞ք, կամաց հարցրեց Սանթրոսյանը։

Փեսա՞։

Ես եմ։

Չէ, քնած չեմ։

Կարո՞ղ եմ ձեզ մի փոքր անհանգստացնել։

Կարող եք։

Սանթրոսյանը ներս մտավ և նույն զգուշությամբ դուռը փակեց իր հետևից։

Սենյակում այնքան մութն էր, որ կատարելապես ոչինչ չէր երևում. երևում էր միայն պատուհաններից մեկը, որի փեղկերը բաց էին, և այդ պատուհանից դուրս դիմացի տան պատը, որ լուսավորված էր փողոցի լապտերի աղոտ լույսով։ Նա կամաց առաջ անցավ՝ ձեռքերը տարածած իր առջև, որ մթության մեջ մի աթոռ գտնի, և հանկարծ դիպավ ճաշասեղանին։

Սպասեցեք, ճրագ վառեմ, ասաց Վահանը։

ՉԷ՛, չէ՛, արագ վրա բերեց Սանթրոսյանը շշունջով։ Ես աթոռ եմ որոնում... Ահա, գտա... Ճրագ հարկավոր չէ, չվառեք։

Աթոռը տարավ դրեց բաց պատուհանի առաջ և նստեց։

Կարծում էի, թե գնացել եք, ասաց նա։

Ուզում էի գնալ, բայց մայրիկը չթողեց։

Տիրեց երկարատև լռություն։

Դուք դեռ չե՞ք պառկել, հարցրեց Վահանը։

Պառկեցի, բայց քնել չկարողացա, շատ հանգիստ կերպով պատասխանեց Սանթրոսյանը։ Ամբողջ կյանքիս մեջ այս առաջին անգամն է, որ այսքան անհանգիստ գիշեր եմ անցկացնում, ավելացրեց նա կարճ լռությունից հետո։ Չգիտեմ, իսկապե՞ս տոթ է, թե ես եմ, որ շնչելու օդ չեմ գտնում։ Իսկ այն ծղրիդն էլ... լսո՞ւմ եք։

Ի՞նչ ծղրիդ։

Չե՞ք լսում։

Հա։ Ի՞նչ է որ։

Եթե չեմ սխալվում, ծղրիդներն երևում են օգոստոսին, իսկ այժմ մենք դեռևս հունիս ամսումն ենք։ Այնքան վատ է ազդում ինձ այդ ձայնը, որ կարծես քերթում են ջղերս բութ դանակով։

Սանթրոսյանը նորից լռեց մի կարճ ժամանակ, և ապա սենյակի մթության մեջ նորից լսվեց նրա հանգիստ ձայնը.

Հարավային Ռուսաստանում եղած ժամանակս մի անգամ մի շատ սուր ընդհարում ունեցա պաշտոնակիցներիցս մեկի հետ։ Խնդիրը վերաբերում էր անձնական պատվի, և ինձ հասցրած վիրավորանքը պիտի սրբվեր արյունով միայն, հետևյալ օրը կամ ես պիտի սպանեի ինձ վիրավորողին, կամ՝ նա ինձ։ Եվ այնուամենայնիվ այդ օրվա նախընթաց գիշերն անգամ ես այսքան անհանգիստ չէի... Ի՛նչ է պատահում ինձ այս գիշեր չեմ հասկանում։ Խոհականությունս չեմ կորցրել, սառնասրտությունս նույնպես, բայց և այնպես... ինձ թվում է թե... ամեն բան կորցրել եմ... ամե՜ն բան, ամե՜ն բան...

Նրա ձայնը նկատելի կերպով դողաց, և նա իսկույն լռեց։

Վահանը, անկողնակալի վրա նստած, տեսնում էր Սանթրոսյանի մութ ուրվագիծը պատուհանի քառանկյունի ֆոնի վրա և ուշիուշով ականջ էր դնում նրան։

Իսկ Մանեն... քնա՞ծ է, հարցրեց նա։

Երևի... Չգիտեմ... Ես նրա մոտ չեմ մտել։

Ինչպե՞ս թե...

Մի՞թե ես այլևս իրավունք ունեմ նրա մոտ մտնելու...

Վահանը պարզ որոշել չկարողացավ, թե Սանթրոսյանն այդ խոսքերն արտասանեց մինչև հոգու խորքը վիրավորված մարդու հեգնությա՞մբ, արդյոք, թե ներքին խիստ զսպած կատաղությամբ։

Մեր միջև հանկարծ այնպիսի՜ մի վիհ է բացվել, որը... ավելացրեց Սանթրոսյանը և դարձյալ լռեց։

Վահանի շատախոս լեզուն կարծես փորն էր ընկել։ Նա չէր իմանում ինչ ասի, ինչպես հանգստացնի իր քրոջ մարդուն։ Սանթրոսյանի երերուն ձայնից, արտասանած կցկտուր խոսքերից նա հասկանում էր, թե որքան տանջվում էր հոգեպես այդ մարդը, և նրան թվում էր, թե ինքն էլ մասնակից է իր քրոջ հանցանքին այդ դժբախտ մարդու առաջ, որ այդպես չարաչար տանջվում էր բոլորովին անարդար կերպով։

Վիհ, ահավո՜ր մի վիհ, կրկնեց Սանթրոսյանը, կարծես ինքն իրեն։ Մինչդեռ երեկ էր, այսօր էր, սրանից մի-երկու ժամ առաջ էր, որ ես ոչինչ չգիտեի, ոչինչ չէի կասկածում, ոչի՜նչ... Եվ հոգիս այնքա՜ն խաղաղ էր... Իսկ այժմ... Իսկ ա՜յժմ։ Ինձ թվում է, թե երազումս եմ, մի սարսափելի երազի մեջ, որից ուզում եմ դուրս գալ չեմ կարողանում... Մանեն և... եթե ինձ ասեին, թե գառը հանկարծ գայլ է դարձել, աղավնին՝ օձ, հրեշտակը՝ սատանա, եթե ինձ ասեին, թե երկինքը պիտի փուլ գա, աշխարհս պիտի կործանվի այս րոպեին, կհավատայի։ Բայց այս բանին... բայց այն բանին, ինչ որ նա ասաց... այդ բանին չեմ ուզում հավատալ չե՛մ ուզում, որովհետև հավատալու բան չէ և չի՛ կարող լինել... Մանեն և... Երկուսից մեկը. կամ ես մինչև այս հասակս միամիտ եմ եղել երեխայի պես և կամ թե մեր ժամանակումն իսկ կարող են այսպիսի հրաշքներ կատարվել։ Մի՞թե դուք ևս հրաշք չեք համարում այս բանը, հրաշք, ամենազարմանալի հրաշքն աշխարհիս երեսին։ Ահա մի ժամ է, երկու ժամ է, չգիտեմ որքան ժամանակ, կարծես թե աշխարհ գալուցս օրից ի վեր, մտածում եմ, մտածում եմ... ի՛նչ եմ մտածում չգիտեմ։ Ինձ թվում է, թե ուղեղս ցնդում է... զգում եմ, թե մեջս հետզհետե զարթնում է մի բան, սոսկալի մի բան, որ կարծես թե բռնում է ինձ պինդ, երկաթի ճանկերով և ստիպում է անել մի բան, զարհուրելի, աներևակայելի մի բան, որի մասին մտածելիս քարանում է ուղեղս, արյունս սառում է երակներիս մեջ... Եվ ինձ թվում է երբեմն, թե արդեն կատարել եմ այդ բանը, և քիչ է մնում ճչամ խելագար զարհուրանքով... ես հասկանում եմ, թե ինչ է այս և զսպում եմ ինձ, կարեվեր ջանք եմ գործ դնում զսպելու ինձ. ես ուզում եմ փախչել ինքս ինձնից, իմ մտածմունքներից, որոնք մրջյունների պես ղժվժում են ուղեղիս մեջ, բայց... այս գիշերը, այս մութ գիշերը, այն ծղրիդը... Օ՜հ, ե՛րբ պիտի լուսանա վերջապես...

Սանթրոսյանին ուշքի բերեց մի ճթոց և ֆոսֆորային մի լույս, որ վառվեց և հանգավ Վահանի անկողնակալի վրա։

Ի՞նչ եք անում, հարցրեց նա։

Ուզում եմ ծխել։

Մի ուրիշ լուցկի ճթաց և վառվեց։

Լուցկու կարճատև լույսի տակ Սանթրոսյանը տեսավ Վահանին ներքնաշորով անկողնակալի վրա նստած, մերկ ոտները կախ արած և հաստ սիգարն ատամների մեջ բռնած։

Լուցկին հանգավ, և այժմ սենյակի մթության մեջ լուսատտիկի պես առկայծում էր սիգարի կարմրավուն կրակը, վայրկենաբար լուսավորելով Վահանի մազազուրկ դեմքը։ Սանթրոսյանի քթին դիպավ իրեն անսովոր և անախորժ ծխախոտի ծանր հոտը։ Հեռու-մոտիկ հարևանի բակից լսվեց աքաղաղի քնաթաթախ մի կանչ, որն այնուհետև մոտ հինգ րոպե կրկնվում էր ընդմիջումներով, սկզբում խռպոտ, հետո հետզհետե զլվելով։

Կկանչի, կկանչի և նորից կքնի հանգիստ, ասաց Սանթրոսյանը։ Իսկ ես...

Նա լռեց և խոնարհվեց ծնկների վրա։

Պատի ժամացույցի լեզվակը, հարատև շարժուն, հնչեցնում էր մութ սենյակի լռության մեջ իր չափաբերական զարկերը խորհրդավոր անտարբերոլթյամբ։

Զարմանալի բան, խոսեց Սանթրոսյանը երկար լռությունից հետո. մարդ սկսում է խորը մտածել և խորը զգալ ա՛յն ժամանակ միայն, երբ հանկարծ դժբախտության մեջ է ընկնում։ Ասում են, թե ուսումը, կրթությունը մարդուս կամքի ուժ և իրավունքի գիտակցություն են ներշնչում. բայց այս գիշերվա դեպքն ինձ բոլորովին հակառակն է համոզում։ Ես տգետ մարդ չեմ, նույնիսկ մի ժամանակ պատրաստվում էի գիտական ասպարեզի համար, բայց և հազիվ թե որևէ մարդ այնպես թույլ և իրավազուրկ զգա իրեն, որքան ես եմ զգում ինձ այժմ։ Ժողովրդի հասարակ մարդը, մի գռեհիկ գյուղացի, մի տգետ արհեստավոր, մի բիրտ բանվոր, եթե իմ տեղս լիներ այս րոպեին, կգիտենար, թե ինչ պիտի անի, և կաներ առանց տատանվելու, առանց երկմտելու, կաներ իսկույն, անձնատուր իր ամբողջ էությունը լափող անմիջական զգացմանը. իսկ ես... Ահավասիկ ես նստած եմ ձեր առաջ թույլ, կամազուրկ, տատանվող, անվճռական, նույնիսկ վախկոտ, ինչպես մի Համլետ, որ ընդունակ է միայն մտածելու, մտածելու և սարսափելու իր մտածմունքներից։ Ինչքան էլ որ խնդիրը շուռ եմ տալիս դեսուդեն, ինչ տեսակետից էլ որ մոտենում եմ նրան, իրավական թե բարոյական, փիլիսոփայական թե առօրյա կենցաղավարական, այնուամենայնիվ վերջ ի վերջո գալիս կանգ եմ առնում դարձյալ այն անողոք, անջնջելի կետի վրա, որ կինս, այսպես թե այնպես, իմս չէ այլևս, որովհետև սի՛րտն իմս չէ։ Սա այնքան պարզ է, այնքան տրամաբանական, որ ավելորդ է անգամ այս մասին խոսել։ Եվ այստեղ է, ահա, որ կտրվում են թևերս, և ես այնքան թույլ եմ զգում ինձ, այնքան իրավազուրկ, որքան նորածին մի մանուկ։ Ի՞նչ կարող եմ անել։ Իրավո՞ւնք ունիմ որևէ բան ասելու, նույնիսկ հանդիմանական մի թեթև խոսք ասելու։ Իբրև մարդ, նա ազատ է, նա անձեռնմխելի է։ Նա իրավունք ունի, իսկ ես չունիմ։ Այդպես է պահանջում լոգիկան։ Եվ երբ մի քիչ էլ առաջ եմ անցնում, տեսնում եմ, որ նույնիսկ ներելու իրավունք չունիմ, այո՛, նույնիսկ ներելու իրավունք, որովհետև ներելու իրավունք ունի միայն նա՛, ով ամենից առաջ պատմելու իրավունք ունի, իսկ ես հենց պատմելու իրավունքից է, որ զրկված եմ համարում ինձ։ Ահա՛ թե մինչև ո՛ւր կարող է տանել այս անողոք, այս պողպատյա լոգիկան։ Շատ-շատ, ես իրավունք ունիմ միայն ասելու «մնաս բարև» և գնալու իմ ճանապարհով, բայց... հետո՞... Ահա՛ թե որտեղ է թաքնված Համլետը... Ապշելու բան է, թե ինչպես ձեռաց կարելի է փշրել մարդու ապագան, նրա ամբողջ կյանքը, այն բոլորը. ինչի համար նա երկար տարիներ տքնել, չարչարվել, տանջվել է... Ա՜խ, Մանե, Մանե, այս ի՞նչ արիր դու, այս ի՞նչ արիր...

Նրա հանգիստ ձայնը նորից դողաց, և նա ավելի կախեց գլուխը ծնկների վրա։

Աքաղաղը լռել էր, և մութ գիշերն առաջվա պես ննջում էր անդորր։ Վահանի սիգարը մերթ վառվում էր, մերթ հանգչում, նրա անմազ դեմքը լուսավորելով իր վայրկենական անփայլ կրակով։

Հանկարծ ինչ-որ տարօրինակ խուլ ձայներ, քթի փսսփստոցի նման, դիպան Վահանի ականջին։ «Լա՞ց է լինում», մտածեց նա, նայելով Սանթրոսյանի կողմը։ Սակայն այդ ձայներն իսկույն լռեցին։

Ես նրան սիրում էի, չափազանց սիրում, շարունակեց Սանթրոսյանը երերուն ձայնով, որից սակայն երևում էր, որ նա աշխատում է սրտապնդել իրեն։ Սիրում էի այն աստիճան, որ ամեն անգամ, երբ երկարատև բացակայություններիցս հետո գալիս էի տուն, նայում էի նրա աչքերին, գրկում էի նրան, ինձ թվում էր, թե պիտի մեռնեմ երջանկությունից... Եվ այս բոլորն այլևս չկա, չքացավ հանկարծ, մի անգամից, միրաժի պես, անդարձ... Ի՞նչը ստիպեց նրան իր խոստովանությունն անելու ինձ և այդ էլ ա՛յն ժամանակ, երբ ինքն իր աչքով տեսել և համոզվել էր, որ նա, ում որ սիրում է, մեռնում է։ Չէ՞ որ ես երբե՛ք, երբեք չեմ կասկածել, չէի կասկածում և մինչև մահս էլ չէի կասկածիլ նրա հավատարմության և առաքինության մասին։ Ուրեմն ինչո՞ւ արավ այդ բանը, ինչո՞ւ։ Մի՞թե ինձ պատմելու համար... մի՞թե նրա համար, որ սրտիս մեջ գցեր այս թունավոր կասկածը, մի կասկած, որ վերաբերում է ոչ այնքան իրեն և նրան, ում որ սիրում է եղել, որքան ինձ, այո՛, ինձ, որովհետև ես այժմ մտածում եմ և այս մտածմունքն ուղղակի մահ է ինձ համար թե այն ժամանակ, երբ ես գրկում էի նրան և իմ ամուսնական իրավունքները բանեցնում, դրանով թերևս վայրենի մի բռնություն էի գործ դնում նրա զգացումների վրա, և նա չէր բողոքում այդ բանի դեմ կամ վախենալով ինձնից, կամ խղճահարվելով ինձ վրա... Եվ ես այժմ չգիտեմ, թե ո՛րն ավելի անտանելի, ավելի հուսահատական է ինձ համար ա՞յն գիտակցությունն արդյոք, որ նա այլևս իմս չէ, թե՞ այն կասկածը, որ նա իմս չէ եղել երբե՛ք, հենց սկզբից․․․ Բայց մի ուրիշ բան կա, թե մի գուցե ես եմ պատճառը։ Ապահով իմ ընտանեկան երջանկության վրա, վերին աստիճանի եսասեր և անհեռատես. կնոջս վրա նայելով իբրև մի առարկայի վրա, որով մարդիկ զվարճանում են հոգնատանջ աշխատանքից հետո, ես ընկել եմ մամոնայի հետևից, ամբողջ ամիսներ բացակայել եմ տնից, և մեկ տարի չէ, երկու տարի չէ... իսկ նա դեռատի կին տաք արյունով, եռուն զգացումներով, գգվանքների կարոտ... մենակ... մոռացած կամ գրեթե մոռացված... Հետո, իմ այս հասակը... Չէ՞ որ ես մեծ եմ նրանից, կրկնակի մեծ... իսկ նա... այն պարոնը...

Սանթրոսյանը հանկարծ ոտի կանգնեց, և Վահանը տեսավ նրա մութ ուրվագիծը պատուհանի կիսախավարի ֆոնի վրա ձեռքերը տարօրինակորեն շարժելիս։

Ո՛չ, ո՛չ, զզվելի, քստմնելի, զարհուրելի միտք է այս, շշնջաց Սանթրոսյանն ատամները պինդ սեղմած իրար։ Այս ե՛ս չեմ մտածում այսպես. սա նախանձի դևն է, որ մտել է գանգս և շամփրում է ուղեղս։ Չեմ հավատում, չեմ ուզում հավատալ, չպետք է հավատամ դևի ներշնչումներին, այլապես իմ ֆլեգմատիկ բնավորությունն անգամ ընդունակ է կրակ դառնալու և լափելու մեկին էլ, մյուսին էլ և ինձ էլ նրանց հետ միասին...

Նա մի րոպե լռեց, ինչ-որ տարօրինակ հևոցներ արձակելով, կարծես խեղդվելով օդի պակասությունից, հետո արագորեն առաջացավ դեպի այն կողմը, որտեղ երևում էր սիգարի կրակը, և կանգ առավ կիսաճանապարհին։

Խոսեցե՛ք, խոսեցե՛ք, ի սեր աստծո, գրեթե ճչաց նա, բայց հանկարծ, կարծես ինքն իր ձայնից վախենալով, ձայնը խեղդեց կոկորդի մեջ։ Խոսեցեք, մի բան ասացեք, հանգստացրեք ինձ։ Մի՛ լռեք, մի՛ խղճաք ինձ։ Ասացեք ամեն բան, ինչ որ ճշմարիտ է։ Փարատեցեք կասկածներս, միմիայն կասկածներս, և երդվում եմ, որ ես ձեր քրոջ մի մազին անգամ չեմ դիպչիլ...

Վահանը ձեռքով շոշափեց, գտավ կողքին աթոռի վրա դրած հագուստը, ձեռաց հագնվեց, վառեց ճաշասեղանի վրա առաստաղից կախված լամպը, սիգարը պատուհանից շպրտեց փողոց և գնաց կանգնեց ուղղակի Սանթրոսյանի առաջ։

Սանթրոսյանը կանգնած էր սաստիկ գունատ, հոգեկան սուր տանջանքից ծամածռված դեմքով։

Լսեցեք, փեսա, ասաց Վահանը շատ լրջորեն։ Եթե դուք կարծում եք, թե ես լռում եմ նրա համար, որ ոչինչ չունիմ ասելու կամ, այլ խոսքերով, հանցավոր եմ համարում քրոջս և չեմ ուզում ճշմարտությունն ասել ձեզ, որպեսզի դուք ձեռք չբարձրացնեք քրոջս վրա, շատ սխալվում եք: Ես լռում եմ նրա համար միայն, որ միջամտությունովս ցավին դարման չեմ անիլ: Եվ, վերջապես, չէ՞ որ դուք ինքներդ ասացիք, թե մի անգամ որ նրա սիրտը ձերը չէ, ուրեմն ավելորդ է այս մասին խոսել։ Այստեղ էլ պետք է վերջակետ դնեիք և մտածեիք միայն այն մասին, թե այսուհետև ինչ պիտի անեք։ Բայց դուք դեռևս ուզում եք իմանալ ինչ-որ ճշմարտություն։ Ես հասկանում եմ ձեր հոգեբանությունը։ Որքան էլ դուք սառն դատողությամբ խնդիրը պարզ և վերջացած եք համարում հենց միայն այն իրողությամբ, որ ձեր կնոջ սիրտը, ուրեմն և ինքը ձեզ չի պատկանում, այլ պատկանում է նրան, որին սիրում է, այնուամենայնիվ ձեր մեջ նստած կենդանաբանական արուն իր բողոքի ձայնն է բարձրացնում ձեր սառն դատողության դեմ և իր հրամայական պահանջներն է դնում ձեր առաջ ձեր էգի վերաբերմամբ, որին տիրելու բոլոր իրավունքները միմիայն ձեզ են տվել պետական և եկեղեցական օրենքները, ավանդական սովորություններն ու հասարակաց կարծիքը։ Այդպե՞ս է, թե ոչ։

Այդպե՞ս է արդյոք, շշնջաց Սանթրոսյանը տարակուսանքով։

Այդպե՛ս է, այդպե՛ս։ Երբ որ փոքր-ինչ հանգստանաք և լավ մտածեք, կտեսնեք, որ ես ճշմարիտ եմ ասում։ Այլապես ի՞նչն է դրդում ձեզ այդպես հուզվելու։ Ինչո՞ւ ես, որ նրա եղբայրն եմ միայն, ձեր չափ չեմ հուզվում, կամ մի օտար մարդ, որի համար ողջ մեկ կլինի՝ ձեր կինը ձե՞զ է սիրում, թե մի ուրիշի։ Ինչ վերաբերում է ձեր ցանկացած ճշմարտությանը, ես կարող եմ հավատացնել ձեզ, որ քույրս հավատարիմ է մնացել իր ամուսնական ուխտին և չարաչար կռիվ է մղել ինքն իր դեմ և նրա դեմ, որ մեռնում է այնտեղ, եթե արդեն չի մեռել... Հավատո՞ւմ եք։

Ուզում եմ հավատալ... Ա՜խ, որ իմանաք ինչպե՜ս ուզում եմ հավատալ, հառաչեց Սանթրոսյանը։ Կյանքիս կեսը կտայի, եթե այդ ճիշտ լիներ...

Ես գիտեի, ախր, որ չեք հավատալ, դրա համար չէի ուզում խոսել, նկատեց Վահանը սառնությամբ և ուզում էր հեռանալ, բայց Սանթրոսյանը հանկարծ բռնեց նրա ձեռքից:

Սպասեցեք։ Մի նեղանաք։ Խնդրում եմ, պարոն Վահան, մի նեղանաք, եթե ես դժվարանում եմ ձեզ հավատալ, որովհետև չէ՞ որ դուք նրա եղբայրն եք... չէ՞ որ այսպիսի բաներում առհասարակ ճշմարտությունը չեն ասում... և, վերջապես, չէ՞ որ դուք ինքներդ կարող եք ոչինչ չիմանալ...

Դե որ այդպես է, էլ ի՞նչ ճշմարտություն եք ուզում ինձնից։ Այդպիսի դեպքում ավելի լավ չէ՞, ինձ դիմելու փոխարեն, դիմեիք ուղղակի Մանեին և փարատեք ձեր կասկածները։ Եթե նա այնքան ազնիվ գտնվեց, որ չծածկեց ձեզնից ճշմարտության մի մասը, ես կարծում եմ՝ չի ծածկիլ և մյուս մասը, որ ձեզ այդքան մտատանջում է։ Ուզում եք, հենց այս րոպեին գնացեք նրա մոտ։

Նրա մո՞տ... այս րոպեի՞ն... ի՞նչ եք ասում, շշնջաց Սանթրոսյանը և մեքենայաբար ետուետ գնաց։

Ի՞նչ կա որ, զարմացավ Վահանը։ Ավելի լավ չէ՞ ամեն բան վերջացնեք իսկույն։

Հետո՞։

Հետո ի՞նչ, դուք էլ, նա էլ միանգամից կհանգստանաք։ Եթե չհանգստանաք էլ, գոնե կիմանաք ձեր անելիքը։ Թե չէ, ինչի՞ նման է, որ դուք այս կեսգիշերին, քունը կտրած, թափառում եք սենյակներում, տանջում եք ձեզ կասկածներով և չեք իմանում, թե ինչ կբերի ձեզ վաղվան օրը։ Երբ որ փտած ատամը ցավում է, պետք է հանել դեն շպրտել իսկույն, թե չէ պահել և այսօր վաղը գցել կնշանակի ավելորդ տեղը տանջվել։ Գնացեք, գնացեք խոսեցեք իսկույն, ես ձեզ խորհուրդ եմ տալիս։

Ոչ, ոչ... Ես, ճիշտ է, անհանգիստ եմ, քնել չկարողացա... և ձեզ էլ անհանգստացրի, որի համար ներողություն եմ խնդրում, բայց... ի՞նչ հարկ կա շտապելու... գիշերը խո հավիտյան չի տևելու... կլուսանա, չէ՞...

Վահանը կանգնած էր Սանթրոսյանի առաջ, նայում էր նրա շփոթված աչքերին և մնացել էր զարմացած, թե մի՞թե դա այն մարդն էր, որ մի րոպե առաջ սպառնում էր կրակ դառնալ և լափել իր դժբախտության պատճառ եղողներին և իրեն էլ նրանց հետ միասին։

Դուք խոսում եք այնպես, որ կարծես թե... վախենում եք։ Հա՞, վախենո՞ւմ եք, հարցրեց նա։

Սանթրոսյանն իր հերթին նայեց նրան զարմացած։

Վախենո՞ւմ։ Ինչի՞ց։ Ի՞նչ բանի համար։

Հապա ինչո՞վ բացատրեմ ձեր այդ վարանումը։

Ինչպե՞ս ասեմ, որ ինձ հասկանաք, ասաց Սանթրոսյանն արագորեն տիրապետելով իրեն։ Ձեզ ասացի, թե ինչ հայացքով եմ նայում այս խնդրի վրա։ Ես չեմ կարող և բարոյական ոչ մի իրավունք չունիմ դատավորի դեր ստանձնելու, հարցուփորձ անելու, ստիպելու, սպառնալու։ Դա դեմ է իմ խղճին, իմ համոզմունքին, իմ հասկացողությանը։ Հենց միայն այն գիտակցությունը, որ տեսակցությունն ինձ հետ վերին աստիճանի ծանր պետք է լինի նրա համար, այս գիտակցությունն արդեն բավական է, որ ես միանգամայն խուսափեմ նրա հետ երես առ երես հանդիպելուց։ Ես չեմ կարող տեսնել, թե ինչպես նա ճնշվում է իմ ներկայությունից, տանջվում է, չի ուզում պատասխանել և, այնուամենայնիվ, ստիպված է պատասխանել։

Բայց չէ՞ որ դուք կոպիտ միջոցների չեք դիմելու։ Չեք դիմելու, չէ՞։

Այդ ավելի վատ։

Ուրեմն ի՞նչ պիտի անեք, ձեր կարծիքով։ Հիմա չեք ուզում նրա հետ երես առ երես հանդիպել, որպեսզի ձեր ներկայությամբ ճնշում չպատճառեք նրան, վաղն էլ, երևի, չեք ուզիլ, մյուս օրն էլ, երևի... բայց մինչև ե՞րբ։ Չէ՞ որ մի օր, ուզեք-չուզեք, պետք է վերջ տաք այդ անորոշ դրությանը։ Եվ, վերջապես, ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս պիտի անեք, որ, մարդ ու կին երես առ երես չհանդիպեք իրար երբեք։ Հնարավոր բա՞ն է այդ։

Դուք ճշմարիտ եք ասում, ասաց Սանթրոսյանը Վահանի խելացի նկատողություններից ընկճված։ Իհարկե, այս բանը, այսպես թե այնպես, պետք է վերջացնել մի օր, բայց... Դուք ասացեք, ի՞նչ անեմ և ինչպե՞ս անեմ, քանի որ...

Նա չվերջացրեց և, նորից շփոթված հայացքը, լի հոգեկան տանջանքի արտահայտությամբ, ման ածելով չորս կողմը, ձեռքերի մատները շփեց իրար այնքան ամուր, որ լսվեց խաղերի ճրթճրթոցը։

Եկեք այսպես անենք, ասաց Վահանը։ Գնանք նրա մոտ միասին։ Ես կարծում եմ, որ թե դուք և թե նա այնքան չեք ճնշվիլ իրարից մի երրորդ անձի ներկայությամբ, որքան՝ եթե մեն-մենակ հանդիպեք իրար։ Համաձա՞յն եք։

Այս բանը, ըստ երևույթին, նստեց Սանթրոսյանի խելքում։ Կարճ ժամանակ նա լայն բացած մտառու աչքերով նայում էր Վահանի աչքերին, հետո նրա դեմքը փոքր-ինչ պայծառացավ, և նա շշնջաց գրեթե ուրախացած.

Այդ լավ ասացիք... Այո՛, այո՛, շատ լավ ասացիք: Այդպես անենք, այդպես ավելի լավ կլինի։ Ոչ ես կճնշվեմ, ոչ նա։ Ես այդ եմ ուզում միայն, ուրիշ ոչինչ։ Հիանալի միտք է, հիանալի։

Դե որ այդպես է, եկեք։

Վահանը առաջ ընկավ, Սանթրոսյանը հետևեց նրան։ Նրանք անցան մութ հյուրասենյակով, որտեղ լուսո մի շերտ էր ընկնում առանձնասենյակի կիսաբաց դռնից։ Առանձնասենյակից լսվում էր ծղրիդի ճռինչը, որը, սակայն, իսկույն լռեց, երբ նրանք ներս մտան այնտեղ։

Առանձնասենյակում Սանթրոսյանը կանգ առավ։

Ես կմնամ այստեղ. երբ կանչեք, կգամ, շշնջաց նա, զգալով, որ վարանումը նորից բռնում է իրեն ավելի ուժգին, քան մինչև այժմ։

Շատ բարի, ասաց Վահանը։ Ես դուռը բաց կթողնեմ։

Սանթրոսյանը նստեց աթոռի վրա և թաշկինակը մեքենայաբար տարավ դեպի ճակատը, որի վրա հանկարծ ինչ-որ սառն թացություն զգաց. իսկ Վահանը մոտեցավ ննջարանի դռանը։

Մտնելուց առաջ նա կամաց ծեծեց դուռը մատով և ականջ դրեց։ Ներսից ոչ մի ձայն չլսվեց։ Հետո նա զգուշորեն բաց արավ դուռը և ներս մտավ։

Ննջարանը լուսավորված էր արդուզարդի սեղանի վրա վառվող երկու մոմով, որոնց լույսերն անդրադառնում էին հայելու մեջ: Այդ լույսերը մերթ դողդողում, երկարում էին, կարծես տքնում էին բարձրանալ ավելի ու ավելի վեր, մերթ իջնում էին և անշարժանում։ Մոմերը պարզ լուսավորում էին միայն իրենց շուրջը, իսկ սենյակի պատերի մոտ և անկյուններում, ուր նրանց լույսն անկարող էր փարատել կիսախավարը, կարծես թե ծուխ էր կանգնած:

Մանեն պառկած էր իր մահճակալի վրա շորերը հագին։ Պառկած էր երեսն ի վեր, պառկած էր տարօրինակ կերպով. գլուխը բարձերի վրա չէր, այլ ընկած էր ներքև սաստիկ երկարացած վզով, կարծես պառկած տեղից ինչ-որ բան էր դիտում հետևը. մի ոտը ծալված՝ գտնվում էր մահճի վրա և խճճվել էր շրջազգեստի փեշերի մեջ, մյուսը ձգված էր հատակի վրա, երևան հանելով նրա սև փայլուն կիսակոշիկը բարձր կրունկով և երկայն սև գուլպան մինչև սրունքը։ Մոմերը լուսավորում էին նրան ոտների կողմից, և նրա դեմքը գտնվում էր կրծքից թռած ստվերի մեջ:

Վահանը կամաց խոնարհվեց նրա դեմքի վրա, հետո հանկարծ ավելի կռացավ և սկսեց լավ դիտել այդ դեմքը։ Մանեի մի աչքը կիսաբաց էր, մյուսը՝ խուփ. ծնոտը ծռված էր, բերանը բացված էր լայն և նրա մեջ երևում էին փղոսկրի պես սպիտակ երկշար ատամները և ինչ-որ ուրիշ սպիտակ մի բան, փրփուրի նման... Այդ բոլորը այնպիսի արտահայտություն էին տվել նրա դեմքին, որ Վահանին սկզբում թվաց, թե նա լուռ ծիծաղում է։ Մի ձեռքը կախ էր ընկած մահճակալից, մյուսով բաց էր արել կրծքի կոճակները և պոկել էր շապիկի նուրբ անկվածից մի կտոր. այդ կտորը տեղ-տեղ փաթաթվել էր նրա երկայն մատներին, որոնց վրա երկու մատանի, մեկը պարզ՝ նշանի, մյուսը թանկագին շողակնյա, պլպլում էին մոմերի լույսերից։

Մանե՛, կանչեց Վահանը և նրան թվաց, թե այդ իր ձայնը չէր, այլ ուրիշի ձայն, ոչ-մարդկային մի ձայն, որից ինքն էլ սարսափեց։

Մանեն պառկած էր նույն դրության մեջ, անշարժ, և նրա ահարկու դեմքը ծիծաղում էր առաջվա պես լուռ ու քարացած։

Մանե՛, կրկնեց Վահանը, մեքենայաբար առնելով քրոջ կախ ընկած ձեռքը։

Այդ ձեռքը թույլ էր փալասի պես։

Այնուհետև, այլևս չիմանալով, թե ինչ է անում, Վահանը երկու ձեռքով վրա ընկավ քրոջ ուսերին և բարձրացրեց նրան։ Մանեի գլուխն իր ծիծաղող դեմքով ետ ընկավ թուլացած և կախ ընկավ, ավելի ևս երկարացնելով նրա սպիտակ նիհար վիզը։

Վահանը դիակը բաց թողեց թուլացած ձեռքերից։ Դիակը վայր ընկավ, և գլուխը քարի ծանրությամբ խրվեց փափուկ բարձի մեջ, կզակը դեմ տալով կրծքին։

Մի րոպե Վահանին թվաց, թե սենյակը հանկարծ մթնեց, և հատակը փախչում է ոտների տակից։ Նա պինդ բռնեց մահճակալի գլխից, որ վայր չընկնի։

Նույն րոպեին, կարծես երազի մեջ, տեսավ Սանթրոսյանի դեմքը դիակի վրա խոնարհված, և այդ դեմքի վրա երկու ահագին աչքեր, որոնք կարծես դուրս էին պրծել խոռոչներից և խոշորացած բիբերով նայում էին խելագար զարհուրանքով... Հետո նրա ականջին դիպավ վայրենի մի ճիչ և ապա մի խուլ ձայն, կարծես ինչ-որ ծանր ու փափուկ մի մարմին վայր ընկավ գորգի վրա...

------

Իսկ ծղրիդն այնտեղ շարունակում էր իր անվերջ միապաղաղ ճռինչը՝ միանգամայն անտարբեր դեպի մարդկային կյանքը, որ, անզոր ու անօդ, կարծես հավիտենական մի անեծքով, փոթորկում էր ցավատանջ գալարումներով և կործանվում կրքերի ողբերգական պայքարի մեջ...

1898

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Պայքար"

Ятук Музыка
Карс
Тигран Амасян

Карс

До рассвета. 1971 год
До рассвета. 1971 год
Играть онлайн