Нар-Дос

Պայքար

4
8

Պարտեզի հրապարակում Վահանը որոնում էր քրոջը, երբ Մանեն դուրս եկավ մութ ճեմելիքից և մոտեցավ նրան։ Վահանը կանգ առավ ակամա և զարմացած նայեց նրա հուզված դեմքին։

Եկ գնանք, շշնջաց Մանեն գրեթե շնչառպառ և, բռնելով եղբոր ձեռքից, կամեցավ առաջ տանել նրան իր հետ։

Ո՞ւր։

Տուն։

Դարձյա՞լ տուն։ Ներկայացումը վերջանա, է՛։

Չեմ ուզում։ Եկ գնանք։

Վահանը պահեց քրոջը և փորձող հայացքով նայեց նրա տարօրինակորեն փայլող աչքերին։

Սպասիր։ Ի՞նչ է պատահել։

Ոչինչ չի պատահել։ Ես ուզում եմ, որ այս րոպեիս ինձ տուն տանես։

Չլինի՞ թե նեղացել ես, որ քեզ մենակ թողեցի։

Ա՜խ... Գնանք տուն ասում եմ, ջղայնորեն արտասանեց Մանեն և նորից փորձեց եղբորը շարժել տեղից։

Աստվածդ սիրես, Մանե, սպասիր տեսնենք ինչ է պատահել։ Դու այնքան հուզված ես, որ... Կարծես լաց ես եղել... Չլինի՞ թե Նասիբյանը...

Ո՛չ, ո՛չ... Արի գնանք։

Մանե, աղաչում եմ, ասա ճշմարիտը։ Եթե նա քեզ որևէ անախորժ բան է ասել իմ ջիգրը հանելու համար, այս րոպեիս կփշրեմ նրա ոսկորները։

Ա՜խ, ի՜նչ անտանելի մարդ ես... Ես Նասիբյանին չեմ էլ տեսել։

Բաս ո՞վ է նեղացրել քեզ։ Ո՞ւմ հետ էիր։

Բադամյանի հետ. ասաց Մանեն արդեն ճարահատյալ:

Ա՜...

Մանեն սկզբում վախեցավ, հետո հանկարծ զսպեց իրեն և սուր-սուր նայեց եղբոր աչքերին։

Ի՞նչ է նշանակում այդ «ա-ն», հարցրեց նա խուլ ձայնով։

Ոչինչ․․․ Այ, Բադամյանը գալիս է։

Ես գնում եմ տուն, գրեթե աղաղակեց Մանեն և շտապով դիմեց դեպի պարտեզի մուտքը։

Բադամյանը, հենց որ հեռվից տեսավ Մանեին ու Վահանին իրար հետ, ետ դարձավ և կորավ ճեմելիքի մթության մեջ։

Վահանն իր ծանր ու լայն քայլերով հետևեց քրոջը։

Մի հինգ րոպե հետո քույր ու եղբայր, կառք նստած, տուն էին դառնում։ Մանեն կուչ էր եկել կառքի անկյունը և լեզուն փորն էր գցել։ Իսկ Վահանը բավական զարմացած քրոջ տարօրինակ դրության վրա, վախենում էր բան հարցնել։ Սակայն նա երկար չկարողացավ դիմանալ և հարցրեց.

Նա քեզ վիրավորե՞ց...

Քույրը ոչինչ չպատասխանեց։

Վահանը խոստովանության նշան համարեց նրա լռությունը և ասաց այս անգամ կես-խրատական, կես-անտարբեր, բայց լուրջ եղանակով.

Ես գիտեմ, որ նա մաքուր մարդ չէ... և, առհասարակ, լավ կլինի, որ զգույշ կենաս նրանից։

Մանեն հանկարծ մի խիստ շարժում գործեց, ուզեց խոսել, բայց էլի բան չասաց և էլի կուչ եկավ կառքի անկյանը:

Տուն որ հասան, Վահանը չիջավ կառքից։

Ինչո՞ւ չես իջնում, հարցրեց քույրը։

Ես պետք է վերադառնամ թատրոն։ Բարի գիշեր։

Մանեն վախեցած վրա ընկավ նրա ձեռքին։

Վահա՛ն, ի՞նչ ես ուզում անել։

Վահանը սկզբում զարմացավ քրոջ այդ բացականչության վրա, հետո, երբ կառքի լապտերի լույսի տակ տեսավ քրոջ վախեցած դեմքը, ծիծաղեց։

Մի վախենար, քույրիկ ջան, ես նրան ոչինչ չեմ անիլ, ուզում եմ վերադառնալ թատրոն միայն նրա՛ համար, որ․․․ չեմ ուզում տված փողս կորչի։

Ա՛խ, դարձյա՜լ փողը...

Վահանը նորից ծիծաղեց:

Լսիր, Վահան, իջիր։ Աղաչում եմ, իջիր: Բան ունեմ ասելու։

Դե ասա է՛լի:

Չէ՛, ներս արի։

Վահանն իջավ, կառքը ճանապարհ դրեց և քրոջ հետևից ներս մտավ տուն։

Կապրիզներ եմ ասում, է՜, ասաց նա սանդուղքով բարձրանալիս, որի ժամանակ աստիճանները ճռճռում էին նրա ահագին ծանրության տակ։

Մի քանի րոպե հետո քույր ու եղբայր նստած էին հյուրասենյակում իրար դեմ։

Վահանը ճրագի լույսի տակ լավ նայեց քրոջ դեմքին։

Երեսիդ գույն չկա, նկատեց նա։ Սկեսուրդ որ տեսնի, սիրտը խո կճաքի։

Սկեսուրս այժմ քնած է։ Նա միշտ վաղ է քնում, մեբենայաբար պատասխանեց Մանեն։

Կարճ ժամանակ լռություն տիրեց։ Վահանը հետաքրքրությամբ դիտում էր քրոջը և, արմունկով ծնկանը հենված, ծխում էր հանգիստ։

Դե ասա տեսնենք ինչ ես ասում, ասաց նա։

Մանեն կամ չէր վստահանում, կամ չէր իմանում ինչպես սկսեր։ Այժմ խիստ տարօրինակ անհանգստություն էր տիրել նրան. նա չէր նայում եղբորը, նրա տենդային հայացքը թափառում էր մի առարկայից մյուսը. նա զգում էր, որ դեմքը մերթ այրվում է սաստիկ, կարծես բոցերի ալիք է դիպչում հանկարծ, մերթ սառում և ճակատին սառն քրտնքի կաթիլներ են դուրս ցայտում։

Դու Բադամյանի մասին ես ուզում խոսել, չէ՞, հարցրեց Վահանը, երկար սպասելուց հետո։

Այո, շշնջաց Մանեն, աշխատելով այնպիսի դիրք տալ իրեն, որ Վահանը չտեսնի իր դեմքը։ Հետո հանկարծ վեր կացավ, մոտեցավ լուսամուտներից մեկին և բաց արեց, կարծես նեղվելով օդի պակասությունից։

Վահանը, առանց դիրքը փոխելու, ծուռ հայացքով հետևեց նրան, հետո նայեց սիգարի ծայրին և, տեսնելով, որ մոխիրը վայր ընկնելու վրա է, սիգարը զգուշորեն մոտեցրեց մոխրամանին, ճկույթով խփեց և մոխիրը վայր ընկավ մոխրամանի մեջ։

Սիրո խոստովանությո՞ւն, հարցրեց նա։

Նրա ականջին դիպավ մի խուլ «այո»։

Չնայելով, որ Վահանը հենց սկզբից այդ պատասխանին էր սպասում, բայց և այնպես կարծես թե ապշեց, որ այդ պատասխանը լսեց և ոչ թե ուրիշ պատասխան։ Բայց այդ ապշությունը շատ շուտով անցավ։ Նա սիգարը դրեց բերանը, վեր կացավ, ձեռքերով շոշափեց իր հաստ փորը և ժիլետի տակից վեր քաշեց անդրավարտիքը։

Թե որ այդ էր ասելիքդ, իզուր ինձ ներս կանչեցիր, ասաց նա առաջվա անտարբեր ձայնով և աչքերը ման ածեց չորս կողմը: Որտե՞ղ դրի գլխարկս։

Մանեն արագորեն ետ քաշվեց լուսամուտից և նայեց եղբորը միաժամանակ թե՛ վախեցած, թե՛ զարմացած։

Վահանը գտավ գլխարկը և ծածկեց։

Բարի գիշեր։

Մանեն առաջ վազեց և հուսահատական անզորությամբ կախ ընկավ նրա ուսերից։

Վահան... դու գնո՞ւմ ես։

Բաս ի՞նչ անեմ։

Եվ այդ եղբա՞յրս է ասում։

Եղբայրդ ի՞նչ գործ ունի այստեղ։ Այդ դու, այն էլ Բադամյանը։

Վահա՛ն... Վահա՛ն ջան... սպասիր... Մի՞թե չես ուզում ինձ այստեղ ևեթ սպանել...

Որպեսզի հետո աքսո՞ր գնամ։ Շատ շնորհակալ եմ:

Մանեն այս անգամ չոքեց եղբոր առաջ և պինդ գրկեց նրա ոտները։

Վահա՛ն, Վահա՛ն, աղաղակեց նա հուսահատական աղերսանքով, ես մենակ եմ, ես անդունդն եմ գլորվում, ազատի՛ր ինձ... Մի՞թե եղբայրս չես, մի՞թե չես սիրում ինձ։ Մի՞թե կուզես, որ քույրդ արատավորի իր ընտանիքը, թշվառացնի իր ամուսնուն, անառակ կնոջ անուն հանի։ Մի՞թե առաջինը դո՛ւ չպիտի լինես ինձ հանդիմանողը, ինձ անարգողը, երեսիս թքողը։ Մի՞թե իմ պատիվը քո պատիվը չէ, իմ անունը՝ քո անունը։ Տեսնո՞ւմ ես, ես չոքած եմ քո առաջ, ես աղերսում եմ, պաշտում եմ քեզ իբրև իմ միակ ազատչին, ազատի՛ր ինձ, ազատի՛ր այս անտանելի տանջանքներից։ Մինչև այժմ ես կարևեր ուժ եմ գործ դրել մաքառեու և մաքառել եմ, որքան կարողացել եմ. բայց այժմ արդեն զգում եմ, որ ուժերս թուլանում են, և անդունդը, սոսկալի անդունդը պատրաստ է ինձ կլանելու... Վահա՛ն, լսո՞ւմ ես, ես կործանվելու վրա եմ... և կկործանվեմ, անպատճառ կկործանվեմ , եթե չփրկես ինձ... Ես ոչինչ չեմ ուզում քեզնից, միայն խորհուրդ տուր՝ ի՞նչ անեմ, ինչպե՞ս դուրս գամ այս անտանելի դրությունից...

Նախ վեր կաց. դա բանի նման չէ, ասաց Վահանը։ Ոտներս այնպես հուպ ես տալիս, որ քիչ է մնում վայր գցես և տրաքոցս վեր հանես։ Եվ այդ ի՞նչ անբնական լեզվով ես խոսում, բեմի վրա՞ ես, ինչ է։ Իսկ խորհուրդս ահավասիկ. դիմիր ամուսնուդ. եթե թույլ կտա, որ սիրես Բադամյանին սիրիր, իսկ եթե ոչ, հանգիստ նստիր քեզ համար տանը և... «Դոն Կարլոսը» կարդա... չէ՛, ավելի լավ է այդպիսի գրքեր ամենևին չկարդաս։ Վեր կաց։

Մանեի գլխին կարծես սառը ջուր մաղեցին։ Նա կամաց թողեց եղբոր ոտները, որոնց մի րոպե առաջ սեղմում էր ձեռքերի մեջ խեղդվողի պես, վերին աստիճանի կոտրված, ամոթահար հայացքով նայեց ներքևից վերև՝ եղբոր միշտ հեգնող, սակայն այս անգամ տարօրինակ սառն ու լուրջ աչքերին և վեր կացավ։ Նրա դեմքն այժմ այնպես սառած, այնպես գունատ էր, որ կարծես մահամերձ հիվանդ լիներ։ Նա այլևս ոչ մի խոսք չարտասանեց, երեսը դարձրեց եղբորից և հեռացավ այնպիսի բութ զգացման տակ, որ կարծես թե հանկարծ դագանակի ծանր մի հարված էին իջեցրել գլխին և շշմեցրել։

Վահանը նայեց ժամացույցին։

Բարի գիշե՛ր. ես վերադառնում եմ թատրոն, ասաց նա և դուրս գնաց։

Մանեն նստեց։ Այնպիսի մի թմրության էր զգում ամբողջ մարմնի մեջ, որ կարծես թե երկարատև ճանապարհորդություն էր կատարել սայլով, որից նոր իջել էր և ուժ չուներ ոտի վրա կանգնելու։ Նա խոնարհվեց ծնկների վրա և երեսն առավ ձեռքերի մեջ: Ամոթի նման ծանր ու սպանիչ մի զգացում վայրկյան առ վայրկյան արյունը նետում էր նրա գլուխը, շամփրում ուղեղը և բոցի պես այրում այտերը: Հանկարծ նա ցնցվեց և շտկվեց, նայեց դռանը։

Վահանը նորից ներս մտավ սիգարը բերանին, գլխարկը դրեց աթոռի վրա և նստեց իր առաջվա տեղը։

Մանեն նայեց նրան այնպիսի զարմացական-հարցական հայացքով, որ կարծես թե մի նոր մարդ է տեսնում իր առաջ, բոլորովին նոր ու անծանոթ մի մարդ, որ անսպասելի կերպով ներս մտավ և նստեց իր առաջ։

Դու ախր ինձ իսկապես ոչինչ չասացիր, ասաց Վահանը այնպիսի մի եղանակով, որից պարզ երևում էր, որ ուզում է մեղմել իր վարմունքի թողած ծանր տպավորությունը։ Թեպետ սիրո պատմությունը մեկ է, բայց և այնպես հետաքրքրական է իմանալ, թե ինչպես է եղել այդ. ինչպե՞ս են ձեր հարաբերությունները և այլն։ Պատմիր տեսնենք։

Ինչո՞ւ համար, հարցրեց Մանեն։

Որպեսզի իմանամ, թե ինչ խորհուրդ կարելի է տալ։

Խորհուրդդ տվիր վերջացավ, էլ ի՞նչ նոր խորհուրդ։

Այն կատակ էր, իսկ այժմ ուզում եմ լուրջ խոսել։

Իսկ ես այլևս չեմ ուզում խոսել և շատ զղջում եմ, որ սիրտս բաց արի քո առաջ։

Ճի՞շտ։

Այո։

Ուրեմն գնա՞մ։

Ես քեզ չխնդրեցի, որ ետ դառնաս։

Վահանը զարմացած նայեց քրոջը, հետո ծիծաղեց։

Բավական խռովկան ես եղել, ա՛յ։ Լավ, ի՞նչ ասացի, որ այդպես նեղացել ես։

Ոչինչ, միայն խնդրում եմ ազատիր ինձ քո խորհուրդներից։

Բաս մի քիչ առաջ ինքդ էիր խնդրում, որ խորհուրդ տամ։

Մանեն վեր կացավ տեղից։

Ի սեր աստծո, վերադարձիր թատրոն, ասաց նա, զգալով, որ ջղայնությունը նորից բռնում է իրեն։

Վահանը նորից ծիծաղեց և վեր կացավ։

Այսինքն ուզում ես ասել՝ կորիր գլխիցս: Շատ բարի։ Բայց ուրիշ անգամ որ գամ, էլ խո... թատրոն չե՞ս ղրկիլ:

Մանեն երեսը դարձրեց և ոչինչ չպատասխանեց։ Զգում էր, որ զզվելու չափ ատում է եղբոր չաղությունը, ձայնը, ծիծաղը, մանավանդ սիգարը, որ հոտում էր անտանելի կերպով։ Վահանի հեոանալուց հետո, նա քաշվեց իր ննջարանը, նստեց անկողնակալի վրա և զգաց, որ ինչ-որ ծանր, անտանելի ծանր մի բան ճնշում է կուրծքը և հետզհետե բարձրանամ է դեպի կոկորդը։ Նա երեսը թաղեց բարձի մեջ և այլևս չկարողացավ զսպել հուսախաբության, դառնության, վիրավորանքի և ինքնանվաստացման հեկեկանքը։ Ինքնանվաստացման զգացումը մանավանդ տանջում էր նրան խենթացնելու չափ, և նա ջղաձգական գալարումների մեջ կծոտում էր իր ձեռքերը այդ անտանելի տանջանքը մոռանալու համար։

9

«Երեկ գիշերվա դեպքից հետո ես ավելի, քան երբեք, տեսա, որ մեր դրությունն անտանելի լինելու չափ անորոշ է և այսպես շարունակել այլևս անկարելի է։ Պետք է մի անգամ առ միշտ վերջ դնել այս դժոխքին։ Ուստի հատկապես խնդրում եմ հայտնեք ինձ, թե ո՛ր օրը, ո՛ր ժամին և ո՛րտեղ կարող եմ տեսնել ձեզ։ Աղաչում եմ, մի մերժեք. այդ տեսակցությունը թերևս վերջինը լինի, որի ժամանակ վերջնականապես և անպատճառ կորոշվի, թե իմ և թե ձեր վիճակը, մանավանդ իմը...»:

Այս նամակը գրելով Մանեին, Բադամյանն այն զգուշությունն էր բանեցրել, որ ոչ գրել էր, թե ում է ուղղում նամակը և ոչ էլ իր ստորագրությունն էր դրել. ծառային էլ պատվիրել էր, որ նամակն անձամբ հանձնի Մանեի ձեռքը և սպասի պատասխանին։

Մանեն կարդաց, մի քիչ մտածեց և հետևյալ պատասխանը գրեց նամակի մյուս երեսին.

«Վաղր չէ, մյուս օրը, ժամը մեկին, մեր տանը։ Սկեսուրս մեռելի վրա կլինի։ Ես էլ կգնամ, բայց այդ ժամին կվերադառնամ և կսպասեմ»։

Նշանակված օրը և նշանակված ժամին Բադամյանն եկավ։ Դուռը բաց արեց ինքը Մանեն։ նա չպատասխանեց Բադամյանի բարևին և լուռ ետ քաշվեց, որ մտնի։ Այնուհետև դուռը փակեց և նույն լռությամբ առաջնորդեց նրան ընդունարան։

Բադամյանը նստեց և նայում էր Մանեին ապշած։ Վերին աստիճանի տարօրինակ էր թվում նրան Մանեի սառնության չափ հանգիստ ընդունելությունը և մանավանդ խորհրդավոր լռությունը։ Մանեն վարվում էր այնպես, որ կարծես թե Բադամյանը չէր, որ խնդրել էր այդ տեսակցությունն՝ իր որոշումը հայտնելու նրան, այլ Մանեն էր պահանջել նրանից, որ գա լսելու ա՛յն, ինչ որ ինքը կասի նրան։ Այդ պատճառով Բադամյանը նստած էր լուռ և սպասում էր, թե ինչ էր ասելու նա։

Մանեն նստեց Բադամյանի դիմաց և առաջին անգամ իր հանգիստ հայացքով նայեց նրան։ Նա սև էր հագած, և այդ սև հագուստի մեջ խիստ որոշակի աչքի էին ընկնում նրա սպիտակ ձեռքերն իրենց երկայն մատներով ու վարդագույն եղունգներով և ավելի ևս սպիտակ ու լղար վիզը, որի վրա ակոսում էին կապույտ երակները։

Ես ձեր նամակին չէի պատասխանիլ, խոսեց նա վերջապես, եթե ստորագծված բառերը չլինեին և եթե նամակն ինքն այնքան վճռական տոն չունենար։ Բացի դրանից, ես ինքս ուզում էի մի անգամ առ միշտ վերջ տալ այս դրությանը։ Իսկապես որ անկարելի է այլևս շարունակել այսպես։ Ես այս բանը միշտ ասել եմ ձեզ և այժմ ուրախ եմ, որ դուք ևս նույն համոզմանն եք եկել վերջապես։ Պետք է վերջ տալ այս դրությանը, պե՛տք է անպատճառ։ Մենք մենակ ենք. ոչ ոք չի խանգարիլ մեզ։ Հույս ունիմ, առաջվա պես չենք գրգռվիլ, չենք կռվիլ, չենք վիրավորիլ իրար, կխոսենք հանգիստ և կխորհրդակցենք միասին, թե ո՛րն է ամենալավ միջոցը, որով կարող կլինինք ճնշել այս հանցավոր կիրքը և վերստանալ մեր նախկին անդորրությունը։ Չէ՞ որ մենք մարդ ենք, խոհական արարած, և միայն բնազդը չէ, որ ղեկավարում է մեր զգացումները։ Մենք ամեն բան կարող ենք անել, եթե միայն կամենանք և հաստատ վճռենք։ Այս բանն ասում եմ ոչ այնքան իմ, որքան ձեզ համար։ Ես պարզորեն պիտի խոստովանեմ ձեզ. ձեր նամակի տոնը վախեցրեց ինձ, որովհետև ես ձեզ... սիրում եմ և ցանկանում, որ ապրեք և երջանիկ լինիք։

Բադամյանը, որ մինչև այժմ լսում էր Մանեին պարզապես ապշած, նրա վերջին խոսքերի վրա չկարողացավ զսպել իր դառն ժպիտը։

Աղքատը ձեռքը դեմ է անում հարուստին։ «Աղա, ողորմություն արա»։ Հարուստը պատասխանում է. «Ես կարեկցում եմ քո վիճակին և ցանկանում, որ փորդ կուշտ լինի»։ Ու փոխանակ հաց տալու, որ քաղցից չմեռնի, խրատ է տալիս, թե՝ եթե կամենա և հաստատ վճռի, կարող է առանց հաց ուտելու էլ ապրել։

Ի՞նչ եք ուզում դրանով ասել, հարցրեց Մանեն։

Այն եմ ուզում ասել, որ դուք շարունակում եք ինձ կերակրել բառերով։ Ինչի՞ս է պետք, որ ասում եք, թե սիրում եք ինձ։ Ինչի՞ս է պետք առվակի կարկաչը, երբ ես շղթայված եմ այդ առվակի ափին և չեմ կարող ծարավս հագեցնել։ Ավելի լավ չէ՞, որ խլանամ և չլսեմ այդ ձայնը, այդ դատարկ ձայնը, որ ընդունակ է միայն ավելի ևս գրգռելու ծարավս, ավելի ևս սաստկացնելու տանջանքս։

Ա՜խ, ինչո՞ւ դուք ինձ չեք հասկանում, Բադամյան, ասաց Մանեն մեղմ հանդիմանությամբ։

Բադամյանն այլևս չկարողացավ զսպել իրեն և վեր թռավ տեղից։

Որովհետև ձեզ անկարելի է հասկանալ, բացականչեց նա հուզված։ Ես ձեզ ոչ թե միայն չեմ հասկանում, այլև... խնդրում եմ չնեղանաք երեկվա պես... այլև չեմ հավատում ձեր անկեղծությանը, ինչպես որ չէր կարող հավատալ իմ ասած աղքատն իրեն կարեկցություն հայտնող հարստի անկեղծությանը։ Դուք ինձ համար երջանկություն եք ցանկանում և շատ լավ էլ գիտեք, որ իմ երջանկությունը կախված է միմիայն ձեզնից, մինչդեռ, այդ էլ տեսնում եք ձեր աչքերով, բացի տանջանքից ուրիշ բան չեք տալիս ինձ։

Մանեն նայեց նրան առաջվա պես հանգիստ, բայց այս անգամ խիստ տխրալի հայացքով։

Ես ձեզ չեմ կարող ստիպել, որ հավատաք իմ անկեղծությանը, Բադամյան, բայց որ չեք հասկանում ինձ, այդ մի փոքր զարմացնում է ինձ, որովհետև նոր չէ, որ ճանաչում եք ինձ, և նոր չէ, որ խոսում ենք այս մասին։ Այո, ես տեսնում եմ, շատ լավ եմ տեսնում, որ դուք տանջվում եք, բայց մի՞թե չգիտեք, որ կան տանջանքներ, որոնք ավելի բարձր են, ավելի ազնիվ ու քաղցր, քան ա՛յն, ինչ որ դուք երջանկություն եք անվանում:

Ո՛չ, այդպիսի բան ես չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ, նկատեց Բադամյանը ջղայնոտությամբ։ Տանջանքը տանջանք է, ուրիշ անուն չունի։ Եվ ես միստիկ չեմ, որ տանջանքի մեջ քաղցրություն զգամ, այլապես կգնայի և ճգնավոր կդառնայի։ Ես մարդ եմ, արյունս գորտի արյուն չէ։ Ես դրական երջանկություն եմ պահանջում։ Չեք ուզում տալ, այդպես էլ ասեք ուղղակի և պարզ։ Այլապես կրկնում եմ, ես ձեզ չեմ հասկանում և երբեք էլ չեմ կարող հասկանալ։ Բռնությունը գարշելի է ամեն բանում, բայց որ մարդ բռնություն գործի ինքն իր վրա, իր սեփական զգացումների վրա, այդ, ներեցեք, եթե խելագարություն չէ, ապա այնպիսի մի բան է, որի անունը ես չգիտեմ։ Հա՛, իհարկե, մարդ, եթե կամենա և վճռի, կարող է ամեն բան անել, նույնիսկ թռչել երկինք և խլել հրեշտակների առաքինությունը։ Դուք այդ արել եք և ստիպում եք, որ ես էլ նույնն անեմ։ Ո՛չ, ես չեմ կարող անել այդպիսի բան, որովհետև անկարելի է անել ա՛յն, ինչ որ անկարելի է: Փախչել այն բանից, որը քո մեջն է, որը շրջում է բոլոր երակներիդ մեջ արյանդ յուրաքանչյուր բջջի հետ, այդ բանը կարելի է միայն նրանով, որ վերցնես և գանգդ ջարդես պատի վրա կամ ածելիով կտրես կոկորդդ։ Ահա այն միակ միջոցը, որը գտնելու համար ուզում եք ինձ հետ խորհրդակցել։ Խորհրդակցե՜լ... Միամտությո՞ւն է այդ, թե ծաղր։ Եթե միամտություն է, դուք միամիտ չեք. եթե ծաղր, դուք կին եք և չեք կարող այդքան անխիղճ լինել: Սերը հրդեհ է դառել, լափում է ամբողջ էությունս, և ես քիչ է մնում, որ գժվեմ հուսահատությունից, իսկ դուք ինձ առաջարկում եք, որ նստեմ և հանգիստ խորհրդակցեմ ձեզ հետ, թե ինչպես անենք, որ... Օ՛հ, ո՛չ, ո՛չ, բավակա՛ն է։ Ես իսկապես որ կգժվե՜մ,կգժվե՜մ,կգժվե՜մ...


Բաղամյանը, չափազանց հուզված, նորից նստեց և գլուխն առավ ձեռքերի մեջ։ Ճակատն այրվում էր և ձեռքերի ափերի վրա զգում էր քունքերի երակների ուժգին զարկը։

Մանեն նստած էր արտաքուստ բոլորովին հանգիստ և, ձեռքերը կրծքին ծալած, վշտահար կարեկցությամբ նայում էր նրա երկայն գանգուր մազերին։

Բադամյան, մի՛ դատապարտեք ինձ, շշնջաց նա կամաց, հանգստացնող ձայնով։ Ինձնից մի՛ պահանջեք այն, ինչ որ չեմ կարող անել, ինչ որ չպե՛տք է անեմ։ Մի րոպե մոռացեք այդ կիրքը, մտեք իմ դրությունը...

Ո՛չ, ես ո՛չ մի դրություն չեմ ուզում ճանաչել, բացականչեց Բադամյանը նոր հուզումով և նորից վեր թռավ տեղից։ Բավական է, որքան տանջվեցի, այլևս ուժ չկա դիմանալու։ Այս տրագիկոմեդիան պետք է վերջացնենք:

Նա հաստատուն քայլերով մոտեցավ Մանեին, կանգ առավ նրա առաջ և նայեց նրա աչքերին վերին աստիճանի վճռական հայացքրվ։

Լսեցեք, Մանե։ Հարցն ես տալիս եմ կտրուկ կերպով և խնդրում եմ, որ պատասխանն էլ կտրական լինի։ Թողնո՞ւմ եք ձեր ամուսնուն և գալի՞ս եք ինձ հետ, թե ոչ։

Մանեն նախ ծանր-ծանր շարժեց գլուխը բացասաբար, հետո ուժեղ շեշտով պատասխանեց.

Ո՛չ:

Ո՛չ, ասում եք։

Ո՛չ։

Բադամյանը կարճ ժամանակ լռեց, շարունակելով անթարթ նայել Մանեի աչքերին։ Երևում էր, որ նա ահագին ջանք է գործ դնում հանգիստ մնալու։

Լա՛վ մտածեցեք։ Մանե։ Երրորդ անգամն եմ հարցնում։ Ո՞չ։

Մանեն հանկարծ վեր կացավ տեղից։

Դա ի՞նչ ինկվիզիցիա է, չեմ հասկանում, արտասանեց նա, չկարողանալով զսպել իր զայրույթը։ Ես, կարծեմ, երեխա չեմ և հասկանում եմ, թե ինչ եմ պատասխանում։

Բադամյանը գունատվեց և, կարծես միանգամից զրկվեց խոսելու ընդունակությունից։ Նրանք կանգնած էին իրար դեմ առ դեմ և նայում էին իրար աչքերի, Մանեն՝ անսասան հաստատակամությամբ և վիրավորված, Բադամյանը՝ զարմացած, շփոթված և վախեցած։ Այնուհետև, Բադամյանը կամաց դարձավ, անհաստատ քայլերով հեռացավ, որ գլխարկն առնի ու գնա, բայց զգաց, որ այդքան քաջություն չունի։ Ծնկները ծալվում էին, մի բան խեղդում էր նրա բուկը, և նա անդիմադրելի մի ցանկություն էր զգում վայր ընկնելու ուղղակի հատակի վրա և լաց լինելու երեխայի պես։ Նա նստեց, գլուխը նորից առավ ձեռքերի մեջ և զգաց, որ ճակատն այս անգամ սառն է սառցի պես, և քունքերի վրա երակներն այլևս չեն զարկում կարծես։ «Այդ ի՞նչ է, մեռնո՞ւմ եմ», մտածեց նա, ձիգ տալով մազերը, և զարմացավ, որ ցավ չզգաց։ Նա ինքն իրեն ցնցեց, նստեց ուղիղ, և նրա հայացքն ընկավ Մանեի վրա։

Մանեն կանգնած էր բաց լուսամուտի առաջ, բարձր ու բարեկազմ, և նայում էր դեպի դուրս։ Դրսից ներս թափանցող արևի շողերի տակ փայլում և, կարծես, մանրիկ կայծեր էր ցայտեցնում նրա սև ատլասի հագուստն ուսերի վրա, իսկ ականջի օղի մեջ վառվում, հուրհրատում էր խոշոր ադամանդը ծիածանի բոլոր երանգներով։

«Տե՛ր աստված, որքա՜ն գեղեցիկ է, որքա՜ն սիրում եմ», մտածեց Բադամյանը, աչքերը չկարողանալով հեռացնել նրանից։ Նրան թվում էր, թե Մանեն առաջ երբեք այդքան գեղեցիկ չի եղել, և ինքն երբեք այդպես կաթոգին չի սիրել այդ կնոջը։ Իր վճռական հարցի վճռական պատասխանը ստանալուց հետո այնպիսի մի վհատություն էր տիրել նրան, որ կարծես հանկարծ կորցրել էր թանկագին, չափազանց թանկագին մի բան, որի ահագին արժեքը նոր էր հասկանում, և կորուստն անդառնալի էր։ Մանեի մոտ գալիս նա կշռադատել էր իր անելիքն ու ասելիքը. կանխատեսել էր Մանեից ստանալիք պատասխանը, հենց այն պատասխանը, ինչ որ լսեց. բայց ամենևին չէր կարծել, թե ինքն այդ աստիճան թուլամորթ կարող էր լինել։ Նա նստած էր անզոր և հուսահատ, շփում էր ճակատը և, տանջվելով, աշխատում էր հիշել մի բան, որ Մանեի մոտ գալիս վճռել էր գործադրել իբրև վերջին միջոց այդ զարմանալի, այդ անհասկանալի կնոջ համառությունը կոտրելու համար։ Հանկարծ հիշեց, ձեռքն արագորեն տարավ ծոցի գրպանը, շոշափեց այնտեղ ինչ-որ մի թուղթ և վեր թռավ տեղից։

Իսկ եթե ես ասեմ, որ նա արժանի չէ՞ ձեր զոհաբերությանը, բացականչեց նա։

Մանեն կամաց դարձավ և նայեց նրան զարմացած։

Ո՞վ նա։

Ձեր ամուսինը։

Մանեն մեջքով հենվեց պատին, աչքերը փակեց և պատասխանեց շատ հանգիստ ձայնով.

Ես ոչ մի զոհաբերություն չեմ անում։ Ես միայն իմ պարտքս եմ կատարում։

Մանե, աղաչում եմ, մի՛ խոսեք այդպես... ես գժվում եմ... Ի՞նչ պարտք, ո՞վ է պարտավորեցրել ձեզ։ Եկեղեցի՞ն, քահանա՞ն, խա՞չը, ավետարա՞նը...

Ոչ, ոչ: Իմ խիղճը

Բադամյանը դարձյալ պապանձվեց։ Ատամները պինդ սեղմած իրար, նայում էր Մանեի փակ աչքերին և զգում էր, որ հոգու խորքում կատաղի ատելության պես մի բան է զարթնում դեպի նա։ Նրան ծայրահեղորեն գրգռում էր Մանեի բռնած արձանային դիրքը պատի մոտ իր հրաշալի իրանով, սպիտակ երկայն վզով, խաղաղ, կարծես մարմարից կերտած դեմքով և փակ աչքերով։ Եվ նրան թվում էր, որ եթե անձնատուր լինի այդ զգացմանը, անկարող կլինի այլևս զսպել իրեն, առաջ կվազի դեպի Մանեն և մի վատ, շատ վատ բան կանի, և ապա ինքն իրեն կնետի լուսամուտից և գլուխը կջախջախի փողոցի սալահատակի վրա։

Դուք ճանաչո՞ւմ եք ձեր ամուսնուն, հանկարծ հարցրեց նա։

Մանեն բաց արեց աչքերը և նայեց նրան զարմացած։

Դա ի՞նչ խոսք է։

Իսկ ես ձեզ կասեմ, որ չեք ճանաչում... այո՛, չեք ճանաչում... և, եթե ճանաչեիք, ինքներդ կփախչեիք նրանից, իբրև անբարոյական և հրեշ մի մարդուց...

Մանեն անգիտակցաբար առաջ նետվեց և հանկարծ կանգ առավ։

Բադամյան, ես համոզված էի, որ դուք օրինավոր մարդ եք, շշնջաց նա գունատվելով։

Եվ դարձյալ համոզված եղեք, որ ես օրինավոր մարդ եմ եղել, որովհետև մինչև այժմ չեմ հայտնել ձեզ ա՛յն, ինչ որ վաղուց գիտեի ձեր ամուսնու մասին։ Չեմ հայտնել, որովհետև չեմ կամեցել ձեզ վրա ազդել որևէ կողմնակի միջոցով, որովհետև համոզված եմ եղել, թե սերն ինքն արդեն բավարար հիմունք և դրդիչ պատճառ պիտի լինի ձեզ համար ձեր անելիքը որոշելու: Բայց այժմ դուք ինքներդ եք ստիպում ինձ դիմելու ծայրահեղության։ Եվ ես ասում եմ ձեզ, որ ձեր ամուսինն անբարոյական և հրեշ մարդ է... ասում եմ ո՛չ թե նրա համար, որ դրանով ստիպեմ ձեզ թողնելու նրան և գալու ինձ հետ, ո՛չ, ես արդեն հույսս կտրել եմ ձեզնից, և ոչ թե փոքրոգի վրեժխնդրությունից, ես չափազանց հպարտ եմ այդ աստիճան ստորանալու համար, այլ ասում եմ նրա՛ համար, որ բաց անեմ ձեր աչքերը, ցույց տամ ձեզ, թե ո՛ւմ համար եք կատարում ձեր ամուսնական պարտքը ձեր խղճի առաջ և ո՛րքան խաբված եք եղել դուք...

Մանեն լսում էր Բադամյանի խոսքերի տարափն ավելի ու ավելի ապշելով։ Մինչև այժմ Բադամյանի բերանից ոչ մի վատ խոսք չէր լսել իր ամուսնու մասին, և Բադամյանը միշտ խուսափել էր վերջինիս մասին խոսելուց, իսկ այժմ...

Բադամյան, ասաց նա հանգիստ և խիստ լրջորեն, դուք ինձ շատ ծանր դրության մեջ եք դնում։ Մի՞թե չգիտեք, որ ձեր այդ խոսքերից հետո ես ապացույց կարող եմ պահանջել ձեզնից։

Եվ ես կտամ ձեզ այդ ապացույցը։

Մանեն ցնցվեց և մի վայրկյան մնաց կարկամած։ Հետո հանկարծ շտկվեց և խստորեն մեկնեց ձեռքը։

Տվե՛ք, հրամայեց նա։

Բադամյանն իսկույն ծոցից հանեց մի նամակ, բաց արեց և տվեց նրան։

Կարդացեք այստեղից։

Մանեն սկսեց կարդալ.

«... Սրանից մի քանի տարի առաջ մեր գյուղացիները զայավկա էին տվել գյուղիս հողերի սահմաններում գտնված երկաթի հանքերի համար։ Երկար չարչարվելուց և ահագին փողեր ծախսելուց հետո մեկ էլ տեսան, որ իրենց գտած հանքերին տեր է կանգնել ինժեներ ոմն Գ. Ս. (խմբագրության համար Գրիգոր Սանթրոսյան)։ Թե որտեղից, ինչպես և ինչ իրավունքով էր այդ հարուստ ինժեները տեր դառել գյուղական մի հասարակության պատկանող բնական հարստությանը, այդ բանը հայտնի է միայն իր համալսարանական խղճին և մեկ էլ իր տռզած գրպանին... Էլ խնդրագրեր, էլ բողոքագրեր, էլ դատարան, էլ նոր ծախսեր ոչինչ չօգնեց, և խղճուկ գյուղացիները վերջիվերջո ստիպված էին իրենց եփած փլավի համը չառած՝ ետ նստել և, ինչպես ասում են, բերներիցը ծլուլը թափելով դիտել, թե ինչպես ուրիշն անուշ է անում այդ համեղ փլավը։ Ի՞նչ անուն կտաք դիպլոմավոր մեր պարոնի այս վարմունքին։

Բայց այլ առակ լուարուք։ Այս բանից արդեն փլավի հոտ չի փչում, այլ շատ գարշելի մի հոտ։

«Մեր ասած ինժեների մոտ աղախնի պաշտոն էր կատարում այրի մի կին իր 13 տարեկան աղջկա հետ։ Այս օրերս այդ աղջկան գտան հանքերից երեք վերստ հեռավորության վրա մի ձորակի մեջ խեղդամահ։ Բժշկական քննությունը բացահայտեց, որ խեղճ աղջիկը, չարաչար մահից առաջ, բռնաբարված է եղել... Թեև դժվար չէր լինիլ իմանալ (թերևս և իմացան), թե ով է եղել այս քստմնելի ոճրագործության հեղինակը, բայց ամենակարող մամոնան այս գործում ևս տեսավ իր բանը, և գործը քնեց...»։

Մանեն կարդում էր, ըստ երևույթին, բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար, դեմքի ոչ մի մկանունքը չէր շարժվում. նամակի թուղթը միայն դողում էր նրա ձեռքում։

Բադամյանը նայում էր նրա ահագին թերթերունքներին, մերթ գունատ շրթունքներին, լսում էր, և նամակի խոսքերը, չնայելով որ անգիր գիտեր, Մանեի բերանից հնչում էին նրա ականջին այնքան անհավատալի, այնքան ահռելի կերպով, որ սկզբում զարմացավ, թե ինչպես իրեն թույլ տվեց այդպիսի մի նամակ հանձնելու նրան, հետո այնքան սարսափեց, որ քիչ մնաց նամակը խլեր նրա ձեռքից, պատառ-պատառ աներ և ասեր ուղղակի, որ ինքն ևս չի հավատում այդ բանին, որ դա սուտ է, անխիղճ զրպարտություն և հերյուրված է անպատճառ անձնական թշնամությունից։ Բայց նա կանգնած էր անշարժ և սարսափահար, իբրև մի մարդ, որ ծայրահեղ կատաղության րոպեին անգիտակցաբար հարված է իջեցնում հակառակորդի գլխին և, հանկարծ ուշքի գալով, կաշկանդվում, կարկամում է, երբ տեսնում է, որ հարվածը մահացու է եղել։

Բադամյանը կանգնած էր այդ դրության մեջ, կաշկանդված և կարկամած, երբ Մանեն վերջացրեց ընթերցումը, նամակը վերադարձրեց, առանց նրան նայելու, և լուռ հեռացավ։ Մի վսեմ հանգստություն էր նկատվում նրա բոլոր շարժումների մեջ, և այդ րոպեին չափազանց գեղեցիկ էր նա իր բարեկազմ հասակով, իր գունատ դեմքով, իր խոշոր աչքերի վերին աստիճանի լուրջ ու կենտրոնացած հայացքով։ Բադամյանը դիտում էր նրան գաղտնի երկյուղով. նրան թվում էր, թե ահա, որտեղ որ է, ինչ-որ արտաքո կարգի մի բան պիտի պայթի իր գլխին, սարսափելի մի բան, որից նրա ճակատը մերթ սառում, մերթ տաքանում էր առաջուց։

Ո՞վ է տվել ձեզ այդ նամակը, հարցրեց Մանեն տարօրինակ սառած ձայնով, որի մեջ, սակայն, ինչ-որ սպառնալից մի շեշտ կար։

Այս նամակն ուղարկված է, ինչպես ինքներդ տեսաք, մեր խմբագրությանը լրագրի մեջ տպելու համար։

Հետո՞։ Տպեցի՞ք։

Ոչ։

Ինչո՞ւ։

Կարծեմ, ինքներդ հասկանալիս պիտի լինեք, թե ինչու։

Ոչ, ես չեմ հասկանում։ Այդպիսի հրեշավոր մի բան հրապարակ չհանել, համայնական մի սեփականություն հափշտակողի, մատաղ մի աղջկա լլկողի և ապա գազանաբար սպանողի՝ հասարակաց դատաստանին չհանձնել այդ ես չեմ կարող հասկանալ, որովհետև մամուլի մասին ես միշտ լավ գաղափար եմ ունեցել և մամուլն եմ համարել միակ պաշտպանը ճշմարտության և հալածվածների։

Մամուլը մեղք չունի այստեղ։ Եթե այս բանում մեկը կա մեղավոր, այդ ես եմ, որովհետև ես խնդրեցի, որ նամակը չտպվի։

Դո՞ւք․․․ ինչո՞ւ։

Մանե, ինչո՞ւ դուք տալիս եք ինձ այդ հարցը, նկատեց Բադամյանը մեղմ կշտամբանքով։

Ոչ, խնդրում եմ բացատրեցեք. ինձո՞ւ դուք խնդրել եք, որ այդ նամակը չտպվի:

Տեր իմ աստված, մի՞թե այդ բանը բացատրելու կարիք կա։

Երևի կա, որ պահանջում եմ, վրա բերեց Մանեն անողոք խստությամբ։

Բադամյանն աղերսալի հայացքով մոտեցավ նրան ու ուզում էր առնել նրա ձեռքերը, բայց Մանեն խստորեն ետ ու ետ քաշվեց։

Մանե, նամակը թույլ չտվի տպել ձեր պատվի ու հանգստության համար, ասաց նա գրեթե չարագին։

Մի՞թե, բացականչեց Մանեն, և ինչ-որ խիստ մի ժպիտ ծամածռեց նրա գեղեցիկ դեմքը։

Երգվում եմ արևովս, Մանե, միմիայն ձեր պատվի և հանգստության համար, որովհետև չէ՞ որ դուք նրա կինն եք, և ձեր անունն այսպես, թե այնպես կապված է նրա անվան հետ։ Մի ուրիշ պատճառ էլ կար. ես նրան իմ ախոյանն էի նկատում և չէի կամենալ նրա արարքների մերկացումը տեսնել այն լրագրի մեջ, որի ղեկավարներից մեկն էլ ես եմ: Դա շատ տգեղ վարմունք կլիներ իմ կողմից։

Օ՜, անշուշտ, բացականչեց Մանեն, և հանկարծ ծիծաղի նման մի բան դուրս թռավ նրա բերանից. դա այնքան տգեղ վարմունք կլիներ ձեր կողմից, որ մինչև անգամ կարելի էր կարծել, թե նամակը... դուք եք հորինել:

Բադամյանը մեկ առաջ ընկավ ու հանկարծ կանգ առավ ապշած։

Ինչ ասացի՞ք, հարցրեց նա։

Ասացի այն, ինչ որ լսեցիք, ասաց Մանեն սպանիչ հանգստությամբ։

Ուրեմն...

Ուրեմն ի՞նչ։ Շատ պարզ է. այդ նամակը մի ֆանտազիա է, որի հեղինակը դուք եք։

Մանե, գրեթե ճչաց Բադամյանը կարծես ֆիզիկական մի սուր ցավից և այլևս ոչ մի խոսք չկարողացավ արտասանել։ Մանեի մեղադրանքը շշմեցրեց նրան կայծակի հարվածի պես, որովհետև ամեն բան կանխատեսել էր, բայց այդպիսի մի մեղադրանք ամենևին։ Նա չէր իմանում ինչ է պատահում իրեն, միայն պարզորոշ զգում էր, որ ինչ-որ մի բան, բողոքի զգացմունքի պես զորեղ մի բան, արագաբար բարձրանում, ուռչում է իր կրծքի մեջ և ուզում է պայթեցնել իր ամբողջ ներքինը հրախբի լավայի պես։ Եվ նախքան նա ուշքի կգար ազատություն տալու համար իր բողոքի զգացմանը, ուրիշ, առաջվանից ավելի անակնկալ ու սոսկալի մի հարված կարկամեցրեց նրան միանգամայն։

Բավակա՛ն է։ Հեռացեք։ Ես ձեզ խղճում եմ...

Բադամյանն այլևս ոչինչ չլսեց. միայն, կարծես երազի մեջ, տեսավ Մանեի հուզումնալից աչքերը, ցնցվող շրթունքները, հետո նրա ստվերը, որ արագորեն չքացավ դռների մեջ...

10

Բաղամյանը նոր էր հեռացել, որ Վահանը մտավ քրոջ մոտ սիգարը բերանին։

Խիստ հուզված, Մանեն անցուդարձ էր անում սենյակում արագ քայլերով, և մի ջիղ նրա վզի վրա, մերթ ընդ մերթ ցնցվելով, ներքև էր քաշում նրա ծնոտը։

Վահանը կարճ ժամանակ նայեց նրան զարմացած, հետո անփույթ ու ծանրորեն նստեց աթոռի վրա։

Այս րոպեիս տեսա բարեկամիդ, ասաց նա։ Հեռվից որ տեսավ ինձ, ճանապարհը ծռեց, կարծես պիտի բռնեի յախից և հարցնեի` ո՞րտեղից ես գալիս։

Նա բերնից բաց թողեց ծուխն ուսի վրա և ծուռ նայեց քրոջը։

Էլի վիրավորե՞ց, հարցրեց կամաց։

Մանեն հանկարծ դադարեց քայլելուց և արագորեն դարձավ եղբոր կողմը։ Նրա աչքերը կարծես կայծեր էին ցայտեցնում։

Ինչո՞ւ ես եկել, հարցրեց նա այնքան խստորեն, որ այդ խոսքերը կարծես դուրս խլեց սրտի խորքից։

Վահանը ետ ընկավ աթոռի մեջքին, ծունկը ծնկան վրա` դրեց և ժպտաց։

Որովհետև անցած գիշեր պատվիրեցիր, որ այլևս չգամ:

Մանեի ծնոտի տակ ջիղն սկսեց ցնցվել ավելի ուժգին: Նա նայում էր եղբոր ժպտուն ճարպալի աչքերին, և երկար ժամանակ հոգեկան խորին վրդովմունքը թույլ չէր տալիս նրան խոսելու։

Վահա՛ն, վերջապես արտասանեց նա հազիվհազ, որ իմանաս որքա՜ն ատում եմ քեզ այս րոպեիս...

Վնաս չունի, քույրիկ ջան, հետո էլի կսիրես, նկատեց Վահանը ծիծաղելով։ Հիմա ատում ես, որովհետև անցած գիշեր անզգուշություն ունեցա մի քիչ վատ խոսելու բարեկամիդ մասին։ Նա որ լավ մարդ լիներ, հարյուր ֆրանկս չէր մոռանալ:

Մանեն զզվանքով դարձրեց երեսը և ավելի լավ համարեց դուրս գնալ, քան մնալ եղբոր մոտ, որի հանգստությունը, ձայնը, ժպիտը, հեգնությունները տակնուվրա էին անում նրա ամբողջ ներքինը։

Ի՞նչ խոսեմ քեզ հետ, քանի որ քեզ համար հարյուր ֆրանկն ավելի մեծ արժեք ունի, քան թե... ասաց նա տարօրինակ հանգիստ ձայնով և, խոսքը չվերջացրած, դիմեց դեպի դուռը։

Քան թե... քրոջս պատի՞վը, կանչեց նրա հետևից Վահանը։

Արյունը խփեց Մանեի գլխին, կարծես աներևույթ ձեռքերը հանկարծ բռնեցին նրա ուսերից և ուժգին թափով դարձրին նրան դեպի Վահանը։

Լռի՛ր, օձ, աղաղակեց նա անզուսպ կատաղությամբ։ Դու իրավունք չունես խոսելու իմ պատվի մասին: Անցած օրը ոտներդ էի ընկել, որ ինձ մի ճանապարհ ցույց տաս այս դժոխային դրությունից դուրս գալու համար. ես աղաչում, պաղատում էի, որ մինչև անգամ սպանես ինձ: Բայց դու ի՞նչ արիր։ Այդ ատելի սիգարը բերանիդ, զզվելի սովորությանդ համաձայն, միայն ծաղրեցիր, հեգնեցիր և խույս տվիր անտարբերությամբ։ Դու այդպես ես եղել միշտ և այդպես ես նույնիսկ այս կրիտիկական վայրկյանին, երբ ես պատրաստ եմ պարզապես անձնասպանություն գործելու։ Եվ դու համարձակվում ես խոսել իմ պատվի՜ մասին։ Աշխարհիս երեսին բացի քեզնից ուրիշ ոչ մի սրտակից չունեի, որի առաջ կարողանայի բանալ սիրտս, որի հետ կարողանայի խոսել մտերմորեն, որի ցավակցության, հոգացողության վրա կարողանայի վստահանալ: Եվ երբ իմացա, որ դու եկել ես և եկար ինձ մոտ, կարծեցի, թե փրկիչս է եկել։ Բայց դու ի՞նչ արիր, ի՞նչ։ Դու ա՛յն արիր, որ ես այժմ այնքան զզվում և ատում եմ քեզ, որ չեմ ուզում տեսնել երեսդ, չեմ ուզում, չեմ ուզում։ Հեռացիր՛, գնա՛, հանգիստ թող ինձ...

Եվ Մանեն հեծկլտալով դուրս գնաց ու դուռը պինդ շրխկացրեց իր հետևից։

Վահանն ականջ դրեց և լսեց, որ մի ուրիշ դուռ էլ նույնպիսի սաստկությամբ շրխկաց այնտեղ։ Նա վեր կացավ, սիգարը գցեց մոխրամանի մեջ, երկու ձեռքով վեր քաշեց անդրավարտիքը փորի վրա և գնաց քրոջ հետևից։ Երկրորդ դռան շրխկոցից իմացավ, որ Մանեն մտել էր ննջարանը: Նա բռնեց ննջարանի դռան փականքը, առաջ հրեց, բայց դուռը չբացվեց։ Ներսից փակված էր։

Մանե, բաց արա։

Հեռացի՛ր, լսվեց ներսից Մանեի ջղային կատաղի աղաղակը։

Խելագարվե՞լ ես, ինչ է։

Այո, խելագարվել եմ, հեռացի՛ր։

Բաց արա, ասում եմ։

Չեմ բանալ, հեռացի՛ր։

Բան եմ ուզում ասել։

Չեմ ուզում, հեռացի՛ր։

Դե, հիմարություն մի անիր, բաց արա։

Ա՛խ, չեմ ուզում քեզ տեսնել, լսո՞ւմ ես, չե՛մ ուզում, չե՛մ ուզում, չե՛մ ուզում...

Խո չե՞ս ուզում դուռը կոտրեմ։

Ես կսպանեմ ինձ, եթե մտնես։

Վահանն իր ուժեղ ձեռքով բռնեց դռան փականքը, ահագին ոտը բարձրացրեց, որ հարված տա դռանը, բայց այդ բանն արեց կարծես ձևի համար և ոտը նորից իջեցրեց:

Դու հիմարացել ես և ստիպում ես, որ ես էլ հիմարանամ, ասաց նա շրթունքները մոտեցրած դռան փեղկերի միացման արանքին։ Մանե, բաց արա խնդրում եմ։

Ներսից այլևս ոչ մի ձայն չլսվեց։

Մանե, լսո՞ւմ ես։ Դու գժվել ես և տե՛ս, որ չզղջաս։ Մանե՞։

Դարձյալ ոչ մի ձայն։

Լսիր, կանչեց Վահանը, մի քիչ սպասելուց հետո։ Էլի լռություն։

Չես լսո՞ւմ։

Ներսն այնպես խաղաղ էր, որ կարծես մարդ չկար այնտեղ։

Մա՛նե, քեզ հետ եմ։

Ա՜խ, տե՛ր իմ աստված, սա ի՜նչ պատիժ է, վերջապես լսվեց Մանեի հուսահատական հառաչանքը։

Այս երեկո գնում եմ գյուղը։ Մի՞թե չես ուզում հրաժեշտ տալ։

Աստված բարի ճանապարհ տա, գնա՛։

Վահանը մի րոպե կանգնած մնաց դռան առաջ մտախոհ դրության մեջ, հետո շրթունքները նորից մոտեցրեց երկու փեղկի արանքին և, որպեսզի ասածը պարզ լսվի ներսը, հատ-հատ արտասանեց.

Ուրեմն մնաս բարյավ։ Մի մոռանար, որ եղբորդ դուրս ես անում, և այս բանից հետո ինձ մնում է միայն, որ այլևս երբեք ոտք չկոխեմ այս տունը։ Քո ցանկությամբ մենք այսուհետև մեռած ենք իրար համար։ Բայց վկա է աստված, լսո՞ւմ ես, Մանե, ես լուրջ եմ ասում, վկա է աստված, երդվում եմ մեր ծնողների գերեզմանով, որ եղբայրդ, ինչ էլ որ կարծես նրա մասին, միշտ սիրել է քեզ և միշտ էլ քո բարին ցանկացել։ Այժմ էլ ի սրտե ցանկանում եմ քեզ բարիք և... Մնաս բարյավ։

Վահանը հեռացավ դռան մոտից և դուրս գալու վրա էր, երբ հանկարծ բանալին շրխկաց ննջարանի դռան կողպեքի մեջ, դուռն ուժգնորեն բացվեց և այնտեղից դուրս վազեց Մանեն։

Կա՛ց, աղաղակեց նա ծայրահեղ հուսահատությամբ և, ըստ երևույթին, ուզեց խոսել, բայց այլևս ոչինչ չկարողացավ արտասանել։ Նա ընկավ հենց այնտեղ՝ դռան մոտ դրված աթոռի վրա, երեսը ծածկեց ձեռքերով և հեկեկաց դառնագին։

Քրոջ այդ նոր տարօրինակ վարմունքն եղբայրն ընդունեց բավական սառնասրտորեն։ Առանց տեղից շարժվելու, Վահանը դիտում էր լուռ, թե ինչպես ցնցվում են Մանեի նիհար ուսերն ուժգին հեկեկանքից, և սպասում էր, թե ինչով է վերջանալու այդ նոր տեսարանը։

Լսիր... Բադամյանն այստեղ էր, այո, վերջապես արտասանեց Մանեն հեկեկանքի միջից, բայց ես... դուրս արի նրան, որովհետև...

Մանեն հանկարծ դադարեց հեկեկալուց, վեր թռավ և սաստիկ արագախոսությամբ, շնչասպառ լինելով, շարունակեց.

Նա ինձ ցույց տվեց մի նամակ, որի մեջ գրում են, որ ամուսինս մի գազան, մի հրեշ, մի, մի... չգիտեմ ինչ է։ Գրում են, որ հանքերը նրանը չեն, գյուղացիներինն են, և նա, չգիտեմ ինչ միջոցով, զավթել է այդ հանքերը։ Բայց այդ չէ սարսափելին։ Սարսափելին այն է, որ նա բռնաբարել է մի խեղճ, մի այրի կնոջ տասներեք տարեկան աղջիկը և, բռնաբարելուց հետո, սպանել ու դիակը գցել մի ձորակ, իր հանցանքի հետքերը ծածկելու համար երևի... Ես ասացի նրան, որ նամակը ինքն է հորինել և... վռնդեցի նրան։ Ասա՛, մի՞թե ճիշտ չեմ ասել. մի՞թե ամուսինս ընդունակ է այդպիսի բաներ անելու... ամուսինս չէ, այլ թեկուզ ամենագազան մի մարդ։ Ասա՛, եթե ընդունակ է, ես հենց այս րոպեից կհեռանամ այս տնից և կգամ քեզ հետ գյուղը, որպեսզի այլևս երբեք չտեսնեմ նրա երեսը, երբեք, երբե՛ք...

Նա լռեց, որովհետև բուռն հուզմունքից այլևս բան չկարողացավ արտասանել։ Շնչում էր ծանր, խիստ ծանր և նայում էր եղբորն այնպիսի սպասողական-աղերսական հայացքով, որ կարծես նրա պատասխանից էր կախված իր փրկությունը։

Վահանը մինչև անգամ արհեստական անտարբերությամբ մի սիգար հանեց, դրեց բերանը, ծանր ու բարակ վառեց, լուցկին հանգցրեց, դուրս շպրտեց լուսամուտից և ապա թե խոսեց հանգիստ ու լուրջ։

Քո այդ պարոն վիպասանը երևի կարծել է, թե վեպ է գրում։ Չէ՞ որ վեպերի մեջ միայն կարելի է ամեն բան հնարել անպատիժ կերպով։ Խելքին փչեց, թե արի այսպիսի մի բան գրեմ, ու կգրի, է՛լի ո՞վ է ձեռքը բռնողը: Կյանքի մեջ էլ, ինչպես երևում է, ուզում է վարվել իր հնարած վերջին ռոմանի շաբլոնով. սիրուհին դու ես, սիրահարն ինքն է. մնում է ամուսինդ, որին, իհարկե, պետք է գազանի կերպարանք տալ կոնտրաստը շեշտելու համար։ Տարբերությունն այն է միայն, որ ինքն, իբրև սիրահար, այնքան հեռու է իր վեպի իդեալիստ հերոսից, որքան նրան տված իմ հարյուր ֆրանկն իմ գրպանից։

Վահա՛ն, Վահա՛ն... գոնե ա՛յժմ կատակ մի անիր, աղերսեց Մանեն հուսահատության արցունքն աչքերին։ Մի՞թե չես տեսնում ինչ դրության մեջ եմ ես։

Ինչպե՜ս չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ հուսահատության մեջ ես և... զղջում ես, թե ինչո՛ւ ես նրան վիրավորել ու վռնդել։ Իսկ ես կարծում էի, թե իմ վերջին խոսքերն էին քեզ ազդողը, որ, վերջապես, դուրս եկար քո անառիկ բերդից և սկսեցիր լալ։ Դու զղջում ես, թե ինչո՞ւ ես նրան միստիֆիկատոր անվանել, որովհետև կասկածում ես, թե մի գուցե ճիշտ է այն նամակը, և, ինչպես տեսնում եմ, սրտիդ խորքում ցանկանում էլ ես, որ ճիշտ լինի, որպեսզի...

Օ՛հ, քեզ հետ երբեք չի կարելի խոսել, բացականչեց Մանեն ծայրահեղ հուսահատությամբ։

Սպասիր, մի տաքանար։ Օրինակ առ ինձնից և լսիր ինչ եմ ասում։ Եթե չես կասկածում, եթե համոզված ես և, իհարկե, համոզված ես, որ այն նամակը նա է հորինել, էլ ինչո՞ւ ես ինձ հարցնում, թե մի՞թե ճիշտ չես ասել, մի՞թե ամուսինդ ընդունակ է այդպիսի բաներ անելու և ո՛չ թե միայն ամուսինդ, ավելացնում ես դու, այլ թեկուզ հենց ամենագազան մարդը։ Եվ եթե ասեմ թե` այո, ընդունակ է, այն ժամանակ դու պատրաստ ես հենց այս րոպեիս հեռանալու, քո ասելով` ինձ մոտ գյուղը, բայց իմ հասկանալով Բադամյանի մոտ։ Ահա` քո դրությունը կամ, ավելի ճիշտը, քո դրության հոգեբանությունը։

Մանեն ձեռքերը ջարդեց։

Օ՜հ, ինչո՞ւ դուրս եկա, ինչո՞ւ խոսեցի քեզ հետ, հառաչեց նա։

Եթե ճիշտ չեմ ասում, է՛լի դուրս արա։

Բայց Մանեն այլևս ոչ սիրտ, ոչ ուժ ուներ խոսելու։ Խիստ հոգնած մարդու նման, նա կամաց նստեց և, թուլացած ձեռքերը ծնկներին դրած, գլուխը կախեց կրծքին։

Ինչ վերաբերում է ամուսնուդ, շարունակեց Վահանը նույն հանգստությամբ, ես թեպետ լավ չեմ ճանաչում նրան և նույնիսկ պատրաստ եմ ընդունելու, որ նա բարոյական մի հրեշ է, բայց և այնպես, իմ կարծիքով, նա ավելի լավ մարդ է, քան թե քո այդ վիպասանը։ Թե ինչու չեմ կարող ասել:

Որովհետև մոռացել է հարյուր ֆրանկդ, ահա՛ թե ինչու, նկատեց Մանեն կծու հանգստությամբ։

Շատ կարելի է, այդ էլ է պատճառը, որովհետև մարդ մարդու դատում է շատ անգամ մանր հաշիվներից դրդված։ Չեմ վիճում։ Բայց այս դեպքում չեմ կարծում, թե պատճառը միայն այդ լինի։ Իսկ թե ուրիշ ինչ պատճառներ կան, որ ես Բադամյանի մասին լավ կարծիք չունիմ, չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ։ Գուցե նրա քիթը դուր չի գալիս ինձ կամ գուցե նրա մազերը որ տեսնում եմ, սիրտս ասում է` մկրատն առնեմ և տակից կտրեմ, ո՞վ գիտե։ Բայց, կրկնում եմ, ամուսինդ ինչ էլ որ լինի, չի կարող նրանից վատ լինել։ Այս բանն ասում եմ նրա՛ համար, որ իմ կարծիքը հարցրիր, թե չէ` ոչ մի խոսք էլ չէի ասիլ այս մասին, որովհետև իմ ի՞նչ գործն է դատավոր լինելու, թե ով է լավ, ով է վատ։ Այդ դու ինձնից ավելի լավ պիտի իմանաս։ Ես միայն ցավում եմ, որ դու այդքան տանուլ ես տվել քեզ, և... զարմանում եմ։ Որովհետև ո՞վ է մեր ժամանակում այդպես գլուխը կորցնում սիրուց։ Ես մինչև անգամ կասկածում եմ, թե այն, ինչ որ քեզ այդքան գերել է, սեր լինի։ Դա մի պարզ հիվանդություն է անշուշտ, որ առաջացել է այն բանից, որ մենակ ես, մարդ չկա մոտդ, ձանձրանում ես, զբաղմունք չունիս, զավակ էլ չունիս։ Բայց այս ամառ որ գաս գյուղը տանեմ քեզ, այնպես ձեռաց կբժշկվես, որ էլ ինչ ասեմ։ Կգա՞ս։

Ոչ։

Դու գիտես։ Իսկ ես այս երեկո, ինչպես ասացի, գնում եմ։ Ուրեմն...

Վահանը մոտեցավ քրոջը։

Լսիր, Մանե, ասաց նա լրջորեն։ Հավատա, ես վատ եղբայր չեմ և, որ ուզենաս, կարող եմ շատ պիտանի լինել քեզ: Արի գնանք գյուղ։

Մանեն վեր թռավ տեղից։

Ո՛չ, ո՛չ, կրկնեց նա։

Լավ, էլ ի՞նչ ես փախչում. զոռով խո չե՞մ տանելու։ Ես քեզ համար եմ ասում, թե չէ... քո կամքն է։ Դե՛հ, մնաս բարյավ։ Ձեռք էլ չես տա՞լ։

Մանեն ձեռքն ակամա պարզեց եղբորը դեմքի այնպիսի արտահայտությամբ, որ կարծես գորտ պիտի դնեին ձեռքի մեջ։

Սկեսուրդ ո՞ւր է, տանը չէ՞։

Չէ։

Ուրեմն այլևս չեմ տեսնիլ նրան։ Բարև կհիշես։ Դե՛հ, դարձյալ մնաս բարյավ։

Մանեն մինչև անգամ չնայեց եղբորը և, երբ Վահանը դուրս գնաց, կամաց նստեց և ատամներով կծեց ներքին շրթունքը հեկեկանքը զսպելու համար։ Երբեք նա այնպես մենակ, այնպես անօգնական ու որբացած չէր զգացել իրեն, ինչպես այժմ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Պայքար"

Ятук Музыка
Ноктюрн
Эдуард Багдасарян

Ноктюрн

До рассвета. 1971 год
До рассвета. 1971 год
Играть онлайн