Мурацан

Ինչ լայնեղ է

4
  Ձեր իշխանուհի՞ն, ո՞վ է նա և ինչու՞ այդպես վաղ,  զարմացմամբ հարցրեց տիկինը. 
բայց Բաբոն ավելորդ համարեց նրան պատասխանել, այլ իսկույն դուրս եկավ և հայտնեց
յուր տիրուհուն, որ իշխանը տանն է։

Ամալիան իջավ կառքից և ներս մտավ։ Նա պատրաստվել էր միմիայն մի դաժան հայացքով խորտակել յուր ազնիվ սիրահարին, ա՛յն մարդուն, որ իրեն ստիպել էր մինչև այս ստորաքարշ արարածների բնակավայրը գալու… Բայց պատահելով նախասենյակում հիշյալ կնոջը, նա շփոթված կանգ առավ նրա առաջ։

Տիկինը տեսնելով գեղանի իշխանուհուն, խորին ակնածությամբ ողջունեց նրան և քաղաքավարությամբ հրավիրեց յուր հյուրասենյակը։

Ո՛չ, ես միայն իշխան Պլատոնին եմ ցանկանում տեսնել, ո՞ւր է նա, հարցրեց Ամալիան։

Նա հագնվում է, բարեհաճեցեք մի քանի րոպե հանգստանալ մեզ մոտ, եթե դուք կամենում եք անպատճառ տեսնվիլ նրա հետ։

Ամալիան անխոս հետևեց տան տիկնոջը։ Երբ նրանք միայնակ մնացին, Ամալիան հարցրեց։

Իշխանը ձեզ մոտ վարձո՞վ է մնում։

Մենք միասին ենք ապրում, պատասխանեց տիկինը։

Միասի՞ն, զարմացմամբ հարցրեց Ամալիան։

Այո՛, միասին։

Դուք ուրեմն նրա ազգականուհի՞ն եք։

Ո՛չ, ես նրա կինն եմ։

Նրա կի՞նը, անկարելի է, նա ամուսնացած չէ։

Այդ միևնույն է, ես նրա սիրուհին եմ։

Ամալիան մնաց քարացած։ Նա ամեն բան մտածել էր Պլատոնի համար, բայց նրա այդ աստիճան հրեշ լինելու վերա չէր մտածել։

Շա՞տ ժամանակ է, տիկին, որ դուք ճանաչում եք միմյանց, հարցրեց կրկին Ամալիան։

Երեք տարի է։

Եվ այդ բոլոր ժամանակ դուք միասի՞ն էիք ապրում։

Երկու տարի մենք միասին ապրեցինք, տիկին, այնուհետև նա հեռացավ այստեղից. մի տարի բացակայությունից հետո, ահա՛ մի քանի օր է, ինչ որ կրկին վերադարձել է։

Ո՞րտեղ էր գտնվում նա այս մի տարին։

Չգիտեմ, արտասահմանում։

Ի՞նչ էր շինում նա այնտեղ, գիտե՞ք արդյոք։

Գրեթե ո՛չ, տիկին, ինքն ասում է, որ յուր սեփական գործերի համար է գնացել, իսկ ուրիշները պատմում էին, որ նա մի անառակ աղջկա ետևից ընկած թափառելիս է եղել զանազան երկրներ…

Ամալիան ամբողջ մարմնով դողաց, աոաջին անգամ նա յուր ականջով լսեց յուր դատապարտությունը` հասարակաց կնոջ բերանից…

Էլ ի՞նչ հարկավոր էր այնուհետև ապագայի մասին գուշակություններ անել, անկումն արդեն մոտենում էր։

Բայց շուտով Պլատոնի ձայնը լսվեցավ նախասենյակում, որ կանչում էր յուր մետրեսին։

Տիկի՛ն, կանչեցեք իշխանին այստեղ և մեզ մի քանի րոպե մենակ թողեցեք, աղաչում եմ, խնդրեց Ամալիան տան տիկնոջը և վերջինս հնազանդվելով դուրս գնաց։

Իշխան Ջոմարջիձեն զարմացավ լսելով հանկարծ, որ մի իշխանուհի եկել է իրեն տեսնելու։ Նա չէր կամենում հավատալ, թե այս անհայտ անկյունում Ամալիան կարող է նրան գտնել։ Այնուամենայնիվ նա մի րոպե կանգ առավ նախասենյակում. նախազգացմունքը պաշարեց նրան. նա չէր համարձակվում դեպի հյուրասենյակը առաջանալու։ Եվ արդարեն ի՞նչ երեսով կարող էր նա մտնել այնտեղ, եթե իրեն այդ սենյակում սպասողը Ամալիան ինքն էր. ա՜յն աղջիկը, որ հոգվով ու մարմնով նվիրվել էր իրեն, բայց որին ինքը տրմարդությամբ թողել հեռացել էր… Երիտասարդ իշխանը որքան էլ սրտոտ արկածախնդիր էր, այսուամենայնիվ յուր այս սիրուհու այցելությունը նրան ճնշում էր. նա գիտեր, որ Ամալիան իրենից բացատրություն պիտի պահանջե, իսկ ինքը բացատրություններ տալու ճանապարհ չուներ։

Բայց երկչոտությունը շատ անգամ հանդգնություն է ծնեցնում. «Թող սա էլ մյուսների շարքն անցնե, երբ պարտապանը փող չի ունենում յուր պարտատերերին վճարելու, նա չէ մեռնում, այլ սնանկանում է. թող ուրեմն ես էլ բարոյապես սնանկ ճանաչվիմ», վճռեց ազնվատոհմ իշխանը և պատրաստվեցավ հյուրասենյակը մտնելու։

Ամալիան կանգնած էր դռան հանդեպ, սրտմտությամբ լի, անողոք դեմքով և բարկացայտ աչքերով, րոպե առ րոպե նա սպասում էր տեսնել, թե ի՞նչ երեսով կհամարձակվեր երևալ յուր աչքին ա՛յն անձը, որ քանի օր առաջ ամենաազիվ մարդն էր հռչակում իրեն' խոսքերով, իսկ այսօր ստորներից սորագույնը՝ յուր գործով։

Պլատոնը մտավ. Ամալիան մի քայլ ետ կանգնեց, և յուր կրակոտ աչքերը սևեռեց նրա վերա. մի քանի րոպե նրանք անթարթ աչքերով սկսան դիտել իրար առանց մի բառ արտասանելու, ինչպես երկու քաջ մենամարտողներ, որոնք կռվից առաջ զգուշավոր աչքերով և սուսերամերկ կշռում են միմյանց շարժումը։

  Դու այստե՞ղ, Ամալիա,  առաջին անգամ ընդհատեց լռությունը Ջոմարջիձեն։ 

Այո՜, պարոն. ես այստեղ եմ, իսկ դո՞ւք, դո՞ւք էլ այստեղ եք, այնպես չէ՞։

Ինչպես տեսնում եք։

Այս տո՞ւնն է, ուրեմն, Գորիի մոտ գտնված ձեր երկու գյուղերը, որոնց բնակիչներին դուք եկել եք խաղաղացնելու, դառն հեգնությամբ հարցրեց Ամալիան, կամենալով հիշեցնել նրան այն սուտ պատճառը, որ Պլատոնն առաջ էր բերել յուր բացակայության առթիվ գրած նամակում:

Պլատոնը ժպտաց։

Դուք մա՞րդ եք, թե՞ հրեշ, բարկացած հարցրեց Ամալիան զայրանալով նրա անտարբերության վերա։

Նայելով, թե ո՞վ ինչպես է ընդունում ինձ։

Բայց ես կամենում եմ ձեր բերանից լսել ձեր անունը։

Հրեշ, եթե ցանկանում եք. բայց ես ինձ մարդ եմ ճանաչում։

Այո՜, մի մարդ, որ յուր գոյությամբ ներկայացնում է մարդկության մարմնացյալ ստորությունը…

Օրիորդ, դուք տաքանում եք։

Ուրեմն սովորեցրեք ինձ ձեզ նման սառնասրտությամբ անպատվությունը տանելու։

Դրա համար հարկավոր է, որ ամեն մի աննշան վիրավորանքի վերա ուշադրություն չդարձնեք։

Աննշա՞ն եք համարում ուրեմն ձեր ինձ հասցրած վիրավորանքը։

Ես չեմ հիշում, թե երբևիցե վիրավորել եմ ձեզ։ Օհ, անզգամություն, ո՛րքան զզվելի ես դու… Բայց դուք, պարոն, գոնե հիշո՞ւմ եք, որ մի օր իմ առաջ ծունկ չոքած բոցավառ խոսքերով խոստովանում էիք, որ ինձ սիրում ու պաշտում եք։

Հիշում եմ. բայց ես սուտ չէի խոսում, ես այն ժամանակ արդարև ձեզ սիրում ու պաշտում էի։

Եվ դուք խոստանում էիք հավիտյան սիրել…

Եվ ես չէի խաբում, ես հավիտյան սիրում եմ։

Դուք հավիտյան սիրո՞ւմ եք… о՜հ, գոնե լռեցեք, լռեցեք, որ հավատամ թե արդարև մի վայրկյան ամաչում եք դուք ձեր անազնվությունից, ձեր ստորությունից և վերջապես ձեր անպատկառ ստախոսությունից…

Օրիորդ, դուք ինձ զրպարտում եք։

Հրե՛շ, ուրեմն չեք ստախոսում, երբ ասում եք, թե հավիտյան սիրում եք ինձ, մինչդեռ այս րոպեին, այս միևնույն տան մեջ սիրուհիներ եք պահում։

Դուք հաստատում եք իմ խոսքը, ես չասացի թե հավիտյան սիրում եմ ձեզ, այլ թե հավիտյան սիրում եմ, այդ կնշանակե, որ այսօր իմ սերը ձեզ եմ նվիրում, իսկ վաղը մի ուրիշին, այսուամենայնիվ միշտ և ամեն օր սիրում եմ. և ահա՛ հենց այդ փոփոխության մեջ էլ կայանում է սիրո հավիտենականությունը, ցինիկական ժպիտով նկատեց Պլատոնը։

Պարոն, պարոն, անամոթությունը միայն ձեր պատկերով կարող է շրջել մարդիկների մեջ… վրդովված բացականչեց Ամալիան։ Եթե դուք այդ կարծիք ունեիք սիրո հավիտենականության վերա, ինչու՞ համար մոտեցաք ինձ, ինչու՞ ինձ սեր խոստացաք, ինչու՞ ինձ հետ ամուսնանալու երդում արիք և իմ միակ հարստությունը՝ իմ պատիվը խլելով, տմարդությամբ ինձ անպատվության ճանապարհի վերա թողիք… ինչ չարիք էի ես ձեզ հասցրել, ե՛ս մի թույլ, մի թշվառ աղջիկ, չէ՞ որ իմ միակ հանցանքը ձեզ հավատալը և սիրելն էր…

Օրիո՛րդ, հավատացեք, որ ինձ համար շատ ծանր է տեսնել ձեզ այդ աստիճան վրդովված. ես ինքս խոստովանում եմ, որ ձեր վիճակը նախանձելի չէ. ճշմարիտ է, որ դուք ինձանից մի փոքր ավելի եք զոհել, բայց ի՞նչ արած, կյանքը որի համար մարդիկ այնքան շատ կռվում են, ուրիշ ոչինչ չէ, բայց եթե իմ և ձեր վիճակը։ Եթե ես ձեզ խաբել եմ, ես մեղավոր չեմ. դուք գեղեցիկ էիք ինչպես մի աստվածուհի և ես ձեզ սիրեցի ինչպես հողեղեն մարդ. բայց իհարկե, սիրելը բավական չէր. պետք էր և ձեզ ժառանգել, իսկ դրա համար ես չունեի հարկավոր ուժը, որին հարստություն են անվանում. ուրեմն պետք էր խորամանկություն գործ դնել։ Իմ ձեզ հետ ունեցած շատ խոսակցությունների ժամանակ ես ուսումնասիրեցի ձեր բնավորությունը, դուք մեծ նշանակություն էիք տալիս ազնվատոհմությանը և հարստությանը. ես ազնվատոհմ էի, բայց հարուստ չէի. պետք էր ուրեմն, հավատացնել ձեզ, որ հարուստ էլ եմ։ Եթե ես ճշմարտությամբ ներկայացնեի ձեզ իմ արդի դրությունը, հարկավ դուք իմ երեսին չէիք նայիլ. բայց ես խաբեցի ձեզ և դուք կապվեցաք ինձ հետ։ Հետևապես, որքան ես հանցավոր եմ ձեզ խաբելու մեջ, նույնչափ էլ հանցավոր եք դուք խաբվելու մեջ, այսպիսով հավասարվում են մեր հաշիվները։

Իսկ ձեր պատի՞ժը, դավաճան, պատիժը ձեր չարագործության համար, զայրույթից դողացող ձայնով բացականչեց Ամալիան։

Պատի՞ժը, այդ հայտնի է, օրիորդ, դուք օրենքով կստիպեք ինձ ամուսնանալ ձեզ հետ, իսկ այդ դեպքում դարձյալ պատժվողը դուք կլինեք, որովհետև ես մի հրեշտակի հետ կընկերանամ, իսկ դուք՝ մի սատանայի, սառնասրտությամբ պատասխանեց Պլատոնը։

Օ՜հ, թշվառական, գոնե թողեք իմ սրտում մի անկյուն առանց սրբապղծելու, թողեցեք, որ ես հավատամ, թե դուք գոնե մի վայրկյան կարող եք հրեշ չլինել…

Այդ անօգուտ կլիներ նույնիսկ ձեզ համար, օրիորդ, ավելի լավ է մոլության մեջ կատարյալ լինել, քան թե առաքինության մեջ պակասավոր. ամեն բանից մի քիչ ունենալ կնշանակե ոչինչ չունենալ. այդքան չարաչար խաբվելուց ետ ինչու՞ համար եք ցանկանում նորից խաբվել…

Գարշելի՛ արարած, դժոխքն անգամ անկարող է հաղթահարել քեզ… սրտմտությամբ բացականչեց Ամալիան և զայրույթից գրեթե խելագարված դուրս գնաց յուր փեսացուի բնակարանից։

Բաբոն չափից դուրս անհանգստացավ յուր տիրուհուն վրդովված դրության մեջ տեսնելով. նա օգնեց նրան կառքը բարձրանալու, բայց չկարողացավ հարցնել նրա այլայլության պատճառը, այլ բավականացավ միայն հրամայելով կառապանին մտրակել ձիաները։

ԺԴ

Մի փոքր առաջ, երբ Ամալիան Պլատոնի մոտ գնալու էր պատրաստվում, նա ամեն զգուշություն ի գործ դրավ յուր բացակայությունը մորից ծածկելու. բայց այժմ, երբ վերադառնում էր այնտեղից, նա այդ զգուշության համար մտածելն ավելորդ համարեց։ Դեռևս տուն չհասած, Բաբոն հարցրեց նրանից, թե արդյոք չէ՞ր հրամայիլ կառքը իրենց տանից մի փոքր հեռու կանգնեցնել։

Ոչ, ուղղակի մեր տան դուռը քշել տուր, հրամայեց Ամալիան և երկու վայրկյանից ետ ահագին դղրդյունով կառքը կանգնեց Ագապյան տան աոաջ։

Դեռ Ամալիան նոր էր մտնում նախասենյակը, երբ մայրը դիմավորեց նրան բոլորովին անտեղյակ դստեր բացակայության:

Ամալիա, այդ դո՞ւ կառքով եկար, հարցրեց իշխանուհին զարմացմամբ։

Այո՛, ես եկա, հակիրճ պատասխանեց Ամալիան և շտապավ ներս գնաց դեպի յուր առանձնարանը։

Իշխանուհին չնկատեց յուր դստեր այլայլությունը, բայց շատ հետաքրքրվեցավ իմանալու, թե այդպես վաղ ո՞րտեղից էր վերադառնում նա։

Երբ նրանք ներս մտան առանձնարանը, մայրը հարցրեց կասկածավոր եղանակով.

Ամալիա, ո՞րտեղ էիր դու այսպես վաղ։

Այնտեղ, որտեղ դու ինձ ուղարկել էիր, պատասխանեց Ամալիան շղարշը դեն ձգելով և վրդովմունքից հոգնած բազկաթոռի վերա ընկնելով։

Այդ խոսքը ի՞նչ է նշանակում, ես քեզ ոչ մի տեղ չեմ ուղարկել։

Ինչպե՞ս չէ, մոռանո՞ւմ ես, դառնությամբ նկատեց Ամալիան, ես Պլատոնի մոտ էի։

Պլատոնի մո՞տ, մի՞թե նա արդեն վերադարձել է։

Նա ոչ մի տեղ էլ չէր գնացել։

Ի՞նչպես չէ, դու չէի՞ր, որ կարդացիր ինձ նրա նամակը։

Այո', կարդացի, բայց այդ նամակով նա մեզ խաբել էր և փախչելով մեզանից՝ ապավինել մի անառակ կնոջ տանը…

Ի՜նչ եմ լսում, Ամալիա, դու ինձ սարսափեցնում ես, դողալով խոսեց իշխանուհին։

Մի տարի առաջ պետք է սարսափեիր, հիմա արդեն ուշ է…

Ի՞նչ ես կամենում գուժել ինձ, աղջիկս, խոսի՛ր տեսնեմ։

Այն, որ Պլատոն Ջոմարջիձեն քո աղջկանն անպատվելուց ետ, թողնում է նրան։

Ի՞նչպես կարող է նա հանդգնել. աշխարհում օրենք կա. ես նրան դատարան քարշ կտամ, մինիստրին կդիմեմ, թագավորին կբողոքեմ… այլայլված որոտաց իշխանուհին։

Բոլորովին իզուր, որովհետև նրանից էլ քեզ շահ չի լինել։

Ի՞նչ ես խոսում, ինչպես թե շահ չի լինիլ. մի՞թե ես նրան այդպես հեշտ իմ ձեռքից բաց կթողնեմ։

Եթե չթողնես, ի՞նչ կարող ես անել։

Ես քեզ կամուսնացնեմ նրա հետ։

Ավելի վատ. դու քու աղջիկը կկապես մի անառակ և մի ամենաաղքատ սրիկայի հետ. մի մարդու, որ սրտում ոչ խիղճ ունի և ոչ երեսում' ամոթ, որի համար չկա աշխարհում և ոչ մի սրբություն…

Թշվառական, և դու այդ դեռ այսօ՞ր իմացար։

Այո՛, միայն այսօր։ Ուրեմն ինչու՞ այնքան շուտ և այնքան թուլությամբ անձնատուր եղար մի մարդու, որին դեռ այսօր պիտի ճանաչեիր:

Ես նրան անձնատուր չեղա. դո՛ւ ինձ մատնեցիր նրան:

Ամալիա, այդ ի՞նչ սոսկալի զրպարտություն ես անում…

Զրպարտությո՞ւն, բնավ. ես խոսում եմ ճշմարտությունը, դու ինքդ ինձ նրա ձեռը մատնեցիր. դու ինքդ կործանեցիր իմ ապագան։

Ամալիա, ես կխելագարվեմ. մի՛ տանջիր ինձ այդքան անողորմ. ինչո՞վ եմ ես մեղավոր քո անպատվության գործում։

Եվ դեռ հարցնո՞ւմ ես, թշվառ դու։

Ասա՛, ասա՛, ես կամենում եմ, որ դու հաստատապես համոզես, թե արդարև ես եմ քեզ անպատվողը և ոչ թե դու։

Շատ լավ. ուրեմն պատասխանիր ինձ, դո՞ւ չէիր իմ մայրը, դո՞ւ չէիր ավելի հասակավորը, դո՞ւ չպետք է լինեիր ավելի փորձվածը, ավելի աշխարհ ճանաչողը։

Իհարկե։

Ի՞նչ մտածեցիր, ուրեմն, երբ ինձ նման մի տասնութամյա, աշխարհին անծանոթ, չարին ու բարվոյն անտեղյակ և ըստ ամենայնի անփորձ աղջկան հանձնեցիր մի երիտասարդ, փորձառու, լեզվագար, արկածախնդիր և բոլորովին քեզ անծանոթ մարդու խնամատարության. ի՞նչ իրավունք ունեիր ուրեմն սպասել մեզանից ավելին, քան այն, ինչ որ մենք այժմ տալիս ենք քեզ…

Իսկ դու՞, Ամալիա, դու, ուրեմն, մի ոչնչություն էիր. դու որ տասնութամյա, զարգացած, կրթված մի աղջիկ էիր, ուրեմն այնքան ուժ չպետք է ունենայիր, որ մի տարի գոնե կարողանայիր ծնողական խնամատարության անկարոտ ապրել…

Ամենից առաջ գիացիր, թե դու ի՞նչպես ես մեծացրել ինձ մինչև իմ տասներկու տարին և այնուհետև թե դու ո՞րտեղ ես տվել ինձ ուսանելու… Դու խոսում ես իմ զարգացման և կրթության մասին, բայց դու նեղությո՛ւն ես կրել գոնե մի անգամ իմանալու համար, թե արդյոք ինձ կրթո՞ւմ ու զարգացնո՞ւմ էին, թե միայն աշխարհում թեթև ապրելու եղանակն էին սովորեցնում… Օ՜, դու մայր չես եղել ինձ համար և ո՛չ գոնե մի հասարակ խնամակալ. դու իմ թշնամին և դահիճն ես եղել…

Ամալիա, Ամալիա, դու խոցոտում ես իմ սիրտը, դու վիրավորում ես իմ հոգին…

Դրանք դատարկ խոսքեր են, մայր իմ, ճշմարտությունն այն է, որ դու ինձ կործանեցիր, որ դու իմ անդարձ կորստյան պատճառ դարձար… Այսուհետև ապարդյուն է նույնիսկ քո զղջումը, ամեն մի իմ անցյալը հիշելով, ամեն մի իմ դժբախտ ներկան տեսնելով ես պիտի անիծեմ քեզ և պիտի անիծեմ անողորմաբար…

Ամալիա, դու անգութ ես. մտածիր գոնե մի անգամ, որ ես մայր եմ, որ ես չէի ցանկանալ տեսնել իմ աղջկանը, իմ աչքի լույս Ամալիային այսպիսի անարգ դժբախտության մեջ…

Այո, դու մայր ես, դու չէիր ցանկանալ տեսնել ինձ դժբախտ, ես հավատում եմ, բայց ի՞նչ ես պատասխանում նրան, որ տեսնում ես թե ես արդեն դժբախտ եմ…

Բայց ես հանցավոր չեմ, Ամալիա…

Օ՜հ, միշտ իրենց եսը. թող մեռնի աղջիկը, թող ոչնչանա նա, միայն մոր համար չասեն, թե նա հանցավոր է… Օ՜հ, դեն գցեք ձեր վերայից գոնե մայր անունը, գոնե մի՝ պարծենաք դրանով, դուք չեք սիրում ձեր որդիներին. չէ, այդ մայրերը գուցե մի օր եղել են, բայց այժմ չկան… Աշխարհը կերպարանափոխվել է, մայրական գորովի տեղ այժմ բուսյել է մայրենի ինքնասիրությունը. դուք կամենում եք ձեր որդիներին բախտավոր տեսնել միմիայն ձեը հանգստության համար, խելոք, զարգացած, հարուստ միմիայն ձեր փառքի համար։ Այն օրը, որ նրանք կընկնին, այն օրը, որ նրանք կաղքատանան, դուք նրանց թշնամիների կողմը կանցնեք, և այդ կանեք հանգիստ սրտով, առանց վրդովվելու, որովհետև հասարակությունը ինքը անբարոյականացնում է ձեզ, սովորեցնելով գլուխ ծռել միայն կանգնած մարդու, միմիայն հարուստ մարդու առաջ…

-Իսկ այն սիրտը, որ միայն որդու սիրո համար է բաբախում, ա՛յն սիրտը, որ միայն նրա համար է ապրում, Ամալիա…

Նրան պետք է որոնել մուզեումներում և գյուղացու խրճիթների մեջ, դառնացած ընդհատեց մորը Ամալիան և վրդովված դուրս գնաց առանձնարանից։

Իշխանուհին մնաց քարացած։

«Ամալիան իրավունք ունի, մտածեց նա ինքն իրեն, ես եմ նրա դժբախտության պատճառը. և նա դեռ ամեն բան չգիտե… Եթե ես լավ մայր լինեի, չմտածեի իմ հարստության ու փառքի վերա, եթե ես չաշխատեի նրա ապագան իմ բարեկեցության հարմարեցնելու, եթե ես նրան չսովորեցննի յուր ազնվատոհմությամբ պարծենալու և վերջապես, եթե ես առաջինը չլինեի Մաշտոցյանի նման հարուստ ու պատվավոր երիտասարդի առաջարկության մերժողը, հարկավ նա այժմ մի պատվավոր ընտանիքի հարսը կլիներ, բախտավոր յուր դրությամբ, գոհ յուր վիճակից. բայց իմ հիմարությունը երկուսիս էլ բախտից զրկեց… Եվ ի՞նչ, մի՞թե ես այդ հարվածը զգացի և նրա վնասով բավականացա՞, ոչ, իմ իշխանազուն աղջկա գեղեցկությունն ինձ կուրացրել էր. ես կամենում էի, որ բոլոր աշխարհը ճանաչեր նրան. ես նորանոր ծանոթությունների ետևից ընկա և իմ տունը զվարճասեր երիտասարդության ժողովարան դարձրի։ Խելքս այն ժամանակ գլուխս եկավ, երբ արդեն բոլոր քաղաքը բամբասում էր խեղճ Ամալիայիս և նա ինքը ոչինչ չգիտեր… Բայց ի՞նչ, աչքը շինելու տեղը հոնքն էլ պատառեցի, մի սխալմունքս ուղղելու համար գլորվեցա ուրիշ ավելի խայտառակ սխալմունքի մեջ։ Կամենալով ազատել աղջիկս անվանարկությունից և տունս՝ իմ ձեռքով հավաքած սրիկաներից, հանձնեցի խեղճ Ամալիայիս մի օտար, մի անծանոթ մարդու, ազատություն տալով նրան տանել իմ սիրած ու գուրգուրած աղջկան ո՞վ գիտե ո՞ւր… Օ՜հ, հիմարություն. մի անգամ ինքս ինձ չհարցրի, թե՝ ա՜յ տխմար, դո՛ւ հեռացնում ես աղջկանդ՝ դրան բամբասանքից ազատելու համար. ախար չէ՞ որ ընտրած միջոցդ ավելի վատթար բամբասանքի տակ պիտի ձգե նրան։ Եթե յուր հոր տան մեջ, յուր մոր հսկողության տակ բամբասում են նրան, ի՞նչ պիտի ասեն ուրեմն, եթե օտար աշխարհում մի օտար երիտասարդի հետ ապրե նա, թեկուզ ամենաանարատ և ամենասուրբ կյանքով։ Եթե այս գարշելի արարածները չեն խղճահարվում իրենց անսիրտ բամբասանքներով եղբոր և քրոջ միությունը սրբապղծել, ի՞նչ չէին խոսիլ, ուրեմն, Ագապյանի աղջկա և Ջոմարջիձեի վերա։ Բայց թողնենք բամբասանքը մի կողմ. ի՞նչ խելքով ես իմ անփորձ աղջկան հանձնեցի այն անծանոթ սրիկային. ի՞նչ իրավունքով ես հավատացի նրա ազնվությանը… Օ՜հ, Ամալիա, Ամալիա, անիծի՛ր ինձ, անիծի՛ր քո մորը, նա է քո դժբախտութան պատճառը…»։ Եվ այս ասելով թշվառ կինը ծեծում էր յուր գլուխը և դառնապես արտասվում։

Բայց Ամալիան մոռացել էր յուր մորը. նա մտախոհ անցուդարձ էր անում դահլիճի մեջ, յուր բոլոր անցյալը նա այդ րոպեին պատկերացնում էր յուր աչքերի առաջ, և տեսնելով նրան կատարյալ ոչնչությամբ լի, դառնացած սրտով բացականչում էր. «Անարժան ծնողների անարժան որդիք. այդ մենք ենք. արարածներ, որ ապրում ենք աշխարհում մեր ողորմելի գոյությունն ապացուցանելու համար միայն։ Բայց չենք ճանաչում աշխարհում ոչինչ, ինչ որ մարդկային ազնվության և պատվասիրությանն է վերաբերում… կրթություն, դաստիարակություն. սրանք մի-մի բառեր են, բայց որքա՜ն մեծ, որքա՜ն բազմիմաստ, քանի՜-քանի՜ անգամ մենք պատահել ենք այդ բառերին, քանի՜-քանի՜ անգամ մենք արտասանել ենք նրանց, բայց և ոչ մի անգամ չենք ըմբռնել նրանց իմաստը, նրանց նշանակությունը… Ահա՛ թե ինչո՞ւ խեղճ ամալիաների պատիվը վաճառվել է փողոցում… Երբ ես մանուկ էի, իհարկե, ինձ կզվարճացնեին խաղալիքներով. երբ ման գալ սկսա, ես հիշում եմ, որ ինձ պճնում էին հարուստ շորերով, իմ ընկերուհիների մեջ ես առաջինն էի։ Լեզուս բացվեցավ թե չէ, ինձ համար վարժուհի վարձեցին, որ ինձ օտար լեզվով գրել-կարդալ սովորեցուց, մուզիկ և պարի դասեր տվավ։ Ես մեծացա առանց իմ ի՞նչ ազգից լինելը գիտնալու, առանց իմ մայրենի լեզվից մի բառ հասկանալու. թեպետ նրանից շատ առաջ իմ ազնվուհի լինելս գիտեի և տղա ժամանակից սովորեցնում էին ինձ պահանջել ծառաներից, որ ինձ իշխանուհի անվանեն... Վերջապես ինձ վարժարան տվին, ուր եվրոպական լեզուների հետ ծանոթացա. աշխարհագրություն, թվաբանություն, երկրաչափություն և այլ շատ ություններ սովորեցի, դաշնակ զարնելուն վարժվեցա, երաժշտություն սիրեցի: Շուտով իմ վարժապետները վկայեցին, որ ես ավարտել եմ, ինձ վկայական տվին և ես նրան ծոցս դրած վերադարձա տուն։

«Ահա այս է իմ կրթության վերաբերյալ համառոտ պատմությունը. ա՛յս է լինում և մեր բոլոր հայ ազնվուհիների կրթության չափն ու սահմանը...

«Բայը ի՞նչ ենք բոլորս միասին վեր առած, ոչնչություններ, անպարունակ դատարկություն...

«Մենք վերադառնում ենք տուն. մեզ շրջապատում են մեր հայ ազգականները. նրանք մեզ հետ խոսում են իրենց լեզվով, իրենց վարք ու բարքից, իրենց սովորություններից։ Մենք չենք հասկանում նրանց, բայց այդ չէ վշտացնում մեզ և ոչ էլ մեր ծնողաց մենք արդեն ուսումնավարտ ենք...

«Հասարակ կամ միջին դասի շրջանն ենք մտնում. այստեղ խոսում են ձեռագործի վերա, տնտեսության վերա, մայրական պարտավորությանց վերա. և առօրյա կյանքին պիտանի ուրիշ շատ առարկաներից։ Մենք այդ բաների վերա գաղափար անգամ չունենք, բայց ի՞նչ հոգ. մենք գեղեցիկ պարում, երգում և դաշնամուրի վերա խաղում ենք... իսկ հետո՞, մենք դուրս ենք գալիս փողոց: Հեռու կացեք, հայ իշխանուհիները գալիս են, ահա՛ նրանք։ Շքեղ շրջազգեստ, հարուստ վերարկու, վերջին տարազով գլխարկ, թանկագին սոլեր... Նրանք նայում են շատ բարձրից, ժպտում են շատ անուշ, ճեմում են կոտրատվելով... Նրանք խոսում են ֆրանսերեն, գերմաներեն և, վերջապես անգլերեն, եթե պահանջեք... Նրանց խոսակցության նյութը' թատրոն, մուզիկ, պարահանդեսներ, վիզիտներ... Բայց ի՞նչ բաներ են նրանք իսկապես. տիկնիկներ, խաղալիքներ, որոնք մեծ ճշտությամբ օրինակում են լուսավոր և քաղաքակիրթ կնոջ բոլոր արտաքինը, առանց սեփականելու նրա ներքին արժանավորությունները, հաստատուն բնավորությունը, ազնիվ ձգտումները…

«Եվ ինչու՞ համար է այս այսպես. որովհետև ոչ ոք չէ մտածել մեզ կրթելու, դաստիարակելու բառի բուն նշանակությամբ։ Մանկությունից սովորելով պճնասիրության, մեծամտության, դատարկ և սնոտի զվարճություններին, մենք զուրկ ենք մնացել նույնիսկ մեր հասարակ դասի գեղեցիկ հատկություններից. մենք չունենք ո՛չ նրա աշխատասիրությունը, ո՛չ նրա չափավորությունը, ո՛չ նրա խնայողությունը և ո՛չ էլ մինչև անգամ նրա համեստությունը… Եվ այսպես օտարանալով մեր ունեցածից, իսկ օտարից գեղեցիկը սեփականել չկարողանալով՝ մենք դարձել ենք միայն ընդունարան մեր և այլոց պակասությունների… մեր ծնողները չեն մտածել ապրեցնել մեզ ինչպես մարդ, ճանաչեցնել մեզ մեր կոչումը, հարգել տալ մեզ մեր արժանապատվությունը… Նույնիսկ դաստիարակության ամենատարրական պահանջը մայրենի լեզվի ուսումը, նրանք անտես են արել և մենք նրանցից սովորել ենք միայն արհամարհել ինչ որ մերն է, ինչ որ հայինն է… Բայց ես իմ ճանապարհորդության ժամանակ պատահում էի իտալացիների, շվեյցարացիների, հունգարացիների, հույների և այլն, դրանցից ամեն մեկը զանազանվում են մյուսից յուր սեփական լեզվով, յուր ազգային առանձնահատկությամբ, յուր որոշ բնավորությամբ։ Ճանապարհորդող մարդն անգամ առաջին հայացքից և առաջին խոսքից իսկ կարող է ճանաչել, թե յուր դիմաց կանգնողը իտալացի՞ է, թե շվեյցարացի, հունգարացի՞ է, թե հույն։ Յուրաքանչյուրը դրանցից անպատվություն է համարում յուր համար մայրենի լեզուն չխոսել, յուր բնավորությամբ չշարժվել, յուր ծագումով չպարծենալ… Բայց եթե այդ մարդկանցից մեկը մոտենա մեզ՝ հայ ազնվուհիներիս և ցանկանա մեր ինչ ազգության պատկանիլը ճանաչել, տեր աստված, ինչ գաղափար կարող է նա կազմել մեզ համար։ Հա՞յ ենք մենք, հայ չենք։ Ռո՞ւս ենք ռուս չենք, գերմանացի՞ այն էլ չենք։ Ֆրանսիացի՞ նույնպես չենք։ Ուրեմն ի՞նչ ենք. ամեն բան և ոչինչ. ահա՛ մեր սկիզբը և վախճանը։

«Եվ ա՛յս բնավորությունր, ա՛յս խելքր, ա՛յս սիրտը, ա՛յս հոգին ունենալուց ես, մենք համարձակվում ենք նեղանալ ջոմարջիձեներից, որ նրանք խաբում և հափշտակում են մեզ և ապա անպատվելով թողնում ճանապարհի վերա… Թողնեի՜ք, որ ես ճանաչեի մի անգամ իմ արժանավորությունը, սովորեցնեի՜ք ինձ պատկառ մնալ իմ կոչմանը, հեռացնեի՜ք ինձ սնոտի զվարճություններից և վերջապես խնամեի՜ք իմ մանկությունը մարդկության արժանավայել դաստիարակությամբ, ա՛յն ժամանակ քաջ կասեի նրան, ով կհամարձակվեր գայթակղեցնել ինձ…

«Այո, այս բոլորը ես գիտեմ, հասկանում եմ. տխուր փորձը, մանավանդ, ավելի է զգալի անում ինձ համար այս բոլորի ճշմարտությունը. բայց… արդեն ուշ է, ես էլ վերադառնալ չեմ կարող։ Որքան էլ որ ցանկանամ նորից սովորեցնել ինձ պարզության, պարկեշտության, աշխատասիրության և ուրիշ շատ արժանավայել բնավորությունների, որքան էլ ցանկանամ նորից հայանալ, հայ լեզու սիրել, հայ կյանքով ապրել, այսուամենայնիվ անկարող եմ. այժմ ինձ պակասում է կամքի ուժ, ինձ պակասում է բնավորության հաստատություն. իմ քայլերս մանկությունից արդեն շեղվել են ուղիղ ճանապարհից. իմ ոտքերի տակ հաստատուն հող չկա… Այս կյանքը, որին ես վարժվել եմ, այս թերությունները, որոնք ինձ ստորացնում են, այս րոպեն իսկ, ավելի մոտիկ, ավելի սիրելի են իմ սրտին, որովհետև նրանք ինձ համար միս և արյուն են դարձել, քան այն բոլոր արժանավորությունները, որոնց ես կկամենայի ունենալ, ճշմարտությունն այս է… Բայց, իհարկե, այս կյանքով, այս թերություններով ապրել, կնշանակե, որ օր-օրի վերա փոքրանալ, ոչնչանալ և վերջ ի վերջո գլորվել անպատվության և անվանարկության անդունդը: Այս էլ գիտեմ, հասկանում եմ։

«Բայց, ասացի, ես նոր կյանքի վերադառնալ չեմ կարող, ուրեմն ի՞նչ անեմ հավիտենական անվանարկությունից ազատվելու համար։

«Խեղդվե՞լ ջրի մեջ. դա շատ ողորմելի միջոց է. ես չեմ կամենում մեռնել, ես պետք է ապրեմ։ Կուսանո՜ց գնալ այդ էլ հիմարություն է։ Ինչո՞ւ համար կենդանի թաղվել գերեզմանի մեջ. ինչու՞ համար տեսնել արևը, որ ծագում է, բնությունը, որ կենդանի է թռչունները, որ երգում են, գետերը, որ խոխոջում են, մարդիկ, որ ապրում և զվարճանում են և ինքդ քեզ դատապարտել անշարժության, անզգայության և վերջապես մեռելության…

«Ո՛չ, ես դեռ երիտասարդ եմ, ես դեռ գեղեցիկ եմ, ես կամենում եմ ապրել, ուրախանալ, զվարճանալ, ես կամենում եմ վայելել կյանքը, զգալ նրա քաղցրությունները, զմայլիլ նրա հրապույրներով, և վերջապես, ես դեռ պիտի փորձեմ սիրել, և պիտի սիրեմ այնպես, ինչպես սիրել են ինձ… ինձ վերա պարտք կա վրեժ լուծել մարդիկներից…»:

Եվ իշխանուհի Ամալիան գնաց բուլվար…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ինչ լայնեղ է"

Ятук Музыка
Концерт-рапсодия для виолончели
Арам Хачатрян

Концерт-рапсодия для виолончели

Материнство
Материнство
Играть онлайн